#armVote

2021 թվականի հունիսի 20-ին Հայաստանում կանխատեսվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: 

2021 թվականի մարտի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս որոշումը կայացվել է ՀՀ նախագահի, «Իմ քայլը» խմբակցության, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ քննարկումներից հետո։

ՀՀ Սահմանադրությունը սահմանում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Ազգային ժողովը պետք է արձակվի, դրա համար վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, որից հետո 2 շաբաթում 2 անգամ անընդմեջ չընտրվի նոր վարչապետ, այնուհետեւ ոչ շուտ, քան 30 եւ ոչ ուշ, քան 45 օր հետո նշանակվեն նոր ընտրություններ։

Այս գործընթացի համար վարչապետը հրաժարական է ներկայացրել 2021 թվականի ապրիլի 25-ին, եւ արդեն մեկ անգամ չի ընտրվել։ Վարչապետի ընտրության հարցով հաջորդ նիստը կգումարվի մայիսի 10-ին։

Քաղաքական մի շարք ուժեր կարեւորում են նախքան ընտրությունները Ընտրական օրենսգրքի փոփոխությունների ընդունումը։ Խորհրդարանական մեծամասնությունը հայտարարել էր, որ Օրենսգրքում փոփոխություններ անելու որոշում ունեն, դրանցից որոշներն արդեն ընդունվել են, մասնավորապես, ռեյտինգային ընտրակարգը վերացվել է։ ԸՕ փոփոխությունների մեծ փաթեթը դեռեւս ընդունված չէ։

Կարող եք կատարել նվիրատվություն հետևյալ հղումով՝

Նվիրաբերել
Քաղաքացուն և շտաբի պետին մեղադրանք է առաջադրվել

Քաղաքացուն և շտաբի պետին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2021 թ. հունիսի 20-ին թիվ 29/20 ընտրատեղամասում քաղաքացին քվեարկություն կատարելուց հետո փորձել է ընտրատեղամասից դուրս բերել քվեաթերթիկ, ինչը կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից: Նույն օրը բերման ենթարկված քաղաքացին հայտարարել է, որ ժամը 11:00-ի սահմաններում՝ նշված ընտրատեղամասում ընտրություն կատարելուց հետո, քվեաթերթիկը վերցրել է իր հետ, որպեսզի ԱԺ արտահերթ ընտրությանը մասնակցող կուսակցություններից մեկի շտաբի ղեկավարի հորդորով այն փոխանցի վերջինիս: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քաղաքացուն մեղադրանք է առաջւադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ շտաբի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություններ են ներկայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին: Նախաքննությունը շարունակվում է:
19:36 - 21 հունիսի, 2021
Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր Արարատում. 2 քրգործով որպես կասկածյալ է ներգրավվել 9 անձ

Ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր Արարատում. 2 քրգործով որպես կասկածյալ է ներգրավվել 9 անձ

ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի մի խումբ բնակիչներ, նախնական համաձայնության գալով, 2021թ. հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի, դրա ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու համար, ընտրական ցուցակներում ընդգրկված  մի քանի ընտրողներին  անձամբ և միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 9-ից մինչև հունիսի 19-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել և խոստացել են տրամադրել 20.000-ական ՀՀ դրամ կաշառք: Դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին մասով, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 154.9-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացվող նախաքննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ երկու կամ ավելի անձ ընտրակաշռք տալու կասկածանքով  ձերբակալվել է մեկ անձ: Առերևույթ ընտրակաշառքի երկրորդ դեպքն արձանագրվել է Արարատի մարզի Նորամարգ գյուղում: Մասնավորապես, Ոստիկանության Մասիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել Արարատի մարզի Նորամարգ գյուղում 2021թ. հունիսի 20-ին ՀՀ-ում կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին ընտրակաշառք տալու վերաբերյալ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Նորամարգ գյուղի երկու բնակիչ, նախնական համաձայնության գալով, խմբի կազմում, ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար Նորամարգ գյուղի տարածքում գումարի տեսքով բաժանում են ընտրակաշառք՝ անձամբ բնակիչներին այցելությունների կամ հանդիպումների ժամանակ, ինչպես նաև որոշակի առումով կաշառքի շուրջ համաձայնություններ են ձեռք բերում բջջային հեռախոսակապի միջոցով: Դեպքերի առթիվ ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնում և Արարատի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 154․2-րդ հոդվածի 1-ին մասով և նույն հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով  հարուցվել են  քրեական գործեր:   Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել, որ Ն.Մ.-ն Վ.Հ.-ի հետ բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերել հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրապայքարին մասնակցող դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար մարդկանց «հավաքագրելու» շուրջ, նրանից ստացել մոտ 540.000 ՀՀ դրամ գումար, որը բաժանել են իրենց մտերիմ շուրջ 36 անձի` որպես ընտրակաշառք` դաշինքի օգտին քվերկելու համար՝ յուրաքանչյուր անձին տալով 15.000 ՀՀ դրամ: Կատարել է ստացողների ցուցակագրում, որը տվել է Վ.Հ.-ին: 2021թ. հունիսի 19-ին Վ. Հ.-ն ձերբակալվել է, սակայն ավելի ուշ դատարանի որոշմամբ ձերբակալումը ճանաչվել է ոչ իրավաչափ: Քրեական գործով ենթադրյալ ընտրակաշառք տալու կասկածանքով ներգրավվել է 2, իսկ ստանալու կասկածանքով՝ 6 անձ: Նրանցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Քրեական գործը քննչական ենթակայության կարգով ՀՀ գլխավոր դատախազությունից փոխանցվել է ՀՀ ՀՔԾ-ին՝ նախաքննությունը շարունակելու համար:  Երկու քրեական գործեի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում նաև այլ անձանց ներգրավվածությունը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատականներ տալու համար:  
19:24 - 21 հունիսի, 2021
ՀՀ նախագահի, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի հանդիպմանը կարևորվել է ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը

ՀՀ նախագահի, ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենի և ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղարի հանդիպմանը կարևորվել է ՀՀ-ում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 21-ին ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մատեո Մեկաչիին և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելային, ովքեր դիտորդական առաքելություն են իրականացրել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում: Ինչպես  տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հյուրերը նախագահ Սարգսյանին տեղեկություններ են ներկայացրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի և ԵԽ ԽՎ-ի համատեղ դիտորդական առաքելության ընթացքում կատարված աշխատանքների, ընտրական գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումների մասին, ինչպես նաև փոխանցել պատրաստված զեկույցի ամբողջական տարբերակը: «Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կառույցների ղեկավարներին և հանձինս նրանց՝ դիտորդական առաքելությանը, կատարված աշխատանքների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների ամրապնդման կարևորության, ինչպես նաև Հայաստանի հետ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի համագործակցության մասին: Անդրադարձ է եղել մասնավորապես նախագահական ինստիտուտի հետ փոխգործակցությանը: ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենն ու ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար նշել են, որ իրենց կառույցները տարիներ շարունակ համագործակցում են Հայաստանի հետ և պատրաստակամ են շարունակելու աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների կարողությունների զարգացմանը:  
19:10 - 21 հունիսի, 2021
Ընտրությունները չդարձան քաղաքական գործընթաց․ «Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությունը

Ընտրությունները չդարձան քաղաքական գործընթաց․ «Պատիվ ունեմ» դաշինքի հայտարարությունը

«Պատիվ ունեմ» դաշինքը հայտարարություն է տարածել․   «Հարգելի՛ հայրենակիցներ, Ավարտվեց մեր երկրի համար ճակատագրական մի նոր շրջափուլ։ Ավա՜ղ, ինչպես և կանխատեսում էինք, այս ընտրությունները չդարձան Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման, պետության ինքնիշխանության վերականգնման, կորսված արժանապատվության վերագտնման ընտրություններ։ Այս արդյունքները ոչ թե լույս են թունելի վերջում, այլ, ցավոք՝ խավարի մի նոր թանձրացում։   Ընտրությունները չդարձան քաղաքական գործընթաց, չվերածվեցին Հայաստանը անդունդի եզրից հետ քաշելու ճանապարհային քարտեզի: Փոխարենը մենք ականատես եղանք ուժային մարմինների կողմից ապօրինաբար ընդդիմության դեմ բռնաճնշումների, ընդդիմադիր ակտիվ գործիչների բնակարաններում և ընդդիմության շտաբներում անհիմն խուզարկությունների ու ձերբակալությունների, ակտիվիստների և շտաբի անդամների գաղտնալսումների, այդպիսով՝ նախընտրական փուլում և ընտրությունների օրը ընդդիմության աշխատանքի խոչընդոտման բազմաթիվ աղաղակող դեպքերի, ինչպես նաև իշխանության կողմից վարչական լծակների կիրառմամբ ընտրողներին ակնհայտ ուղղորդման դեպքերի: Այս խայտառակ ընտրություններով ոչ թե լուծվել են մեր ժողովրդի խնդիրները, այլ ստեղծվելու են նոր՝ առավել դժվար հաղթահարելի խոչընդոտներ Հայաստանի և Արցախի անվտանգ, կայուն ու արժանապատիվ ապագայի համար, մեր ազգային շահը կապիտուլյանտ իշխանությունների կողմից շարունակվելու է ստորադասվել այլևայլ շահերի: Հայտարարում ենք, որ ստացված արդյունքները չենք ճանաչում որպես Արցախյան վերջին պատերազմի տարածքային և մարդկային կորուստների լեգիտիմացում, որպես աշխարհաքաղաքական առևտրում Հայաստանի՝ մանրադրամի կարգավիճակի ամրագրում, որպես ազգայինի պարտություն ստահոդ և անբարո իրականությանը։ Միաժամանակ վստահ ենք, որ իրական ընդդիմադիր դաշտը պետք է ընդունի նաև իր սխալներն ու բացթողումները։   Ընտրությունների գնալը հետպատերազմյան շոկային և երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակում սխալ էր, բայց ավելի մեծ սխալ է անհաջողության ողջ բեռը հասարակության վրա բարդելը։ Պայքարը շարունակվելու է։ Մենք իրավունք չունենք մեր պետության ինքնիշխանությունը զիջած և ժողովրդին մոլորեցրած ազգադավներին թողնելու մեր պապերի սրբազան հողն ու մեր զավակների թանկ ապագան այդ հողի վրա: Մեր հետագա որոշումներն ու քայլերը բխեցվելու են այս տրամաբանությունից: Միաժամանակ շնորհակալություն ենք հայտնում մեր դաշինքի օգտին քվեարկած մեր բոլոր պատվարժան հայրենակիցներին։ Ձեր մտահոգ և պատվաբեր ձայները, սպասելիքներն ու հույսերը լինելու են մեր որոշումների հիմքում»:
19:05 - 21 հունիսի, 2021
ԵԱՀԿ և ԵԽԽՎ դիտորդները գնահատել են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրինականությունը |1lurer.am|1lurer.am

ԵԱՀԿ և ԵԽԽՎ դիտորդները գնահատել են Հայաստանում խորհրդարանական ընտրությունների օրինականությունը |1lurer.am|1lurer.am

1lurer.am1lurer.am: ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարող Օուեն Մերֆին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանում կայացած արտահերթ ընտրություններին, նշել է, որ իրենք մեկ ամսից ավելի է՝ Հայաստանում են, հետևել են նաև նախընտրական քարոզարշավին ու դե որոշ ժամանակ մնալու են այստեղ՝ ուսումնասիրելու, թե ինչպես են վերջնական տեսքի բերվում ընտրության արդյունքները, բողոքարկումները։ «Մեզ համար այս ամբողջ ընթացքում խոչընդոտներ չեն առաջացել, իշխանությունները բաց, թափանցիկ կերպով մեզ հետ համագործակցել են, մենք համագործակցել ենք քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, կուսակցությունների ներկայացուցիչների հետ և գրեթե բոլոր ոլորտներում պրոֆեսիոնալ աշխատանքի ենք հանդիպել»,- ասել է Մերֆին։ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) առաքելության ղեկավար Յորգոս Կատրուգալոսն էլ ընդգծել է, որ Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումները չեն ազդի քվեարկության արդյունքների վրա: Կատրուգալոսը, սակայն, այն կարծիքին է, որ բոլոր խախտումները պետք է ուսումնասիրել՝ անկախ դրանց բնույթից:  Նշենք, որ ընդհանուր առմամբ ԵԱՀԿ և ԵԽԽՎ առաքելությունների կազմում ներկայացված են եղել 353 դիտորդ 37 երկրներից, այդ թվում՝ ԺՀՄԻԳ-ի կողմից տեղակայված 249 փորձագետներ, երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդներ, 80 խորհրդարանականներ և աշխատակազմի անդամներ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովից, ինչպես նաև 24 անձ ԵԽԽՎ-ից:
18:45 - 21 հունիսի, 2021
«Հայաստան» դաշինքն օգտագործելու է ընտրության արդյունքները վիճարկելու ողջ գործիքակազմը՝ այդ թվում դիմելու է ՍԴ

«Հայաստան» դաշինքն օգտագործելու է ընտրության արդյունքները վիճարկելու ողջ գործիքակազմը՝ այդ թվում դիմելու է ՍԴ

«Հայաստան դաշինքը» հայտարարություն է տարածել․   ««Հայաստան» դաշինքն իր երախտագիտությունն է հայտնում 2021թ. հունիսի 20-ի ՀՀ Աժ ընտրություններում դաշինքին աջակցած և իր օգտին քվեարկած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: Այն վստահություն է ներշնչում, որ երկրի մասին մտահոգ մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ ոչ միայն տեսան հայ ժողովրդի առջև ծառացած գոյութենական սպառնալիքները, այլ նաև իրենց հավանությունը տվեցին «Հայաստան» դաշինքի կողմից առաջարկած լուծումներին:   «Հայաստան» դաշինքը վերահաստատում է իր մոտեցումը, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում: Մենք ունենք լուրջ հիմքեր, այս ընտրությունները ոչ լեգիտիմ համարելու և հայտարարելու, որ այսպիսի արդյունքներով ԱԺ-ն չի արտացուլում ուժերի իրական հարաբերակցությունը: Մեր դիտարկումները և դաշինքի նախընտրական շտաբերից եկած տեղեկատվությունը փաստում են, որ խախտումները սկսվել են ընտրության օրվանից շատ ավելի վաղ: Իսկ բուն ընտրության օրը բազմաթիվ տեղամասերից մեր վստահված անձանց ահազանգերի նախնական ամփոփումը վկայում է, որ խոսքը գնում է ընտրության արդյունքների համակարգված և նախապես պլանավորված կեղծարարության մասին: Մասնավորապես.   -Ձևավորվեց ոչ մրցակցային ընտրական միջավայր, գործող իշխանության կողմից զանգվածաբար օգտագործվեցին վարչական ռեսուրսները, ձեռնարկվեցին ընտրական ահաբեկման առերևույթ գործողություններ: - Ընտրահաշվարկը սկսելուն պես բազմաթիվ տեղամասերում տեղի ունեցան էլեկտրաէներգիայի անջատումներ: Խոսքը գնում է մարզերի ամբողջական, առանձին համայնքների մասին՝ Արմավիր, Լոռի, Շիրակ, Արագածոտն և այլն: - Բազմաթիվ տեղամասերում արձանագրվեցին այդ բնակավայրերին օտար մեծ թվով քաղաքացիների առկայություն և քվեարկություն, որը հիմք է տալիս ենթադրելու, որ գործել է շրջիկ մոբիլ խմբերի կեղծարարության համակարգ: -Անհերքելի իրողություն է բանակի անթաքույց ուղղորդված քվեարկությունը, որն իշխանության համար ապահովել է մեծաքանակ ձայներ: - Առկա է խորը կասկած, որ գործել է ընտրությունների ծրագրային ապահովման կեղծարարություն, որն ի սկզբանե բացառում է օբյեկտիվ արդյունքների հնարավորությունը: - Առանձին համայնքներում իշխանության կողմից քողարկված ընտրակաշառքի դեպքերի մասին ահազանգեր կան: «Հայաստան» դաշինքն օգտագործելու է ընտրության արդյունքները վիճարկելու ողջ գործիքակազմը՝ այդ թվում դիմելու է Սահնամադրական դատարան: Դաշինքը սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ ընտրություններին մասնակցած այլ ուժերի հետ միասնական ՍԴ դիմելու հնարավորությունը քննարկելու համար»:
18:20 - 21 հունիսի, 2021
ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունները

ԿԸՀ-ն բավարարել է Արմեն Չարչյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունները

Հայաստանի Հարապետության գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի վերաբերյալ դատախազության ներկայացրած միջնորդությունները:  ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը. «2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածու Ա. Չ.-ի կողմից, բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքն օգտագործելով, նրանց պարտադիր կերպով Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելուն, իր ներկայացրած դաշինքի օգտին քվեարկելու և ընտրություններին մասնակցող կոնկրետ կուսակցության օգտին չքվեարկելուն պարտադրելու դեպքի առթիվ 2021 թվականի հունիսի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Վերոնշյալ առերևույթ հանցավոր արարքները կատարելու կասկածանքով բժշկական կենտրոնի ղեկավարը նույն օրը ձերբակալվել էր: Նկատի ունենալով, որ վերջինս հանդիսանում է պատգամավորության թեկնածու՝ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազի կողմից ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով էին ներկայացվել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու  միջնորդություններ: Հունիսի 21-ին ՀՀ ԿԸՀ-ն հրավիրած նիստի արդյունքում դատախազի 2 միջնորդությունն էլ բավարարել է:  Դրանց վերաբերյալ ՀՀ ԿԸՀ որոշումները դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին՝ անհրաժեշտ դատավարական գործողություններ իրականացնելու համար։ Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:   
18:17 - 21 հունիսի, 2021
«Զարթոնք» կուսակցությունը չի ընդունում ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները

«Զարթոնք» կուսակցությունը չի ընդունում ԱԺ ընտրությունների նախնական արդյունքները

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ընտրությունները կազմակերպվել և անցկացվել են Սահմանադրության, ՀՀ ընտրական օրենսգրքի և «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների և ազատությունների չափանիշների մասին» կոնվենցիայի պահանջների խախտումներով, մասնավորապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավն անցկացնում էր ատելության, բռնության և հոգեբանական հարկադրանքի կոչերով, որպիսի փաստերը հաստատված են նաև ՀՀ վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով, Ընտրությունների ժամանակ արձանագրվել են մի շարք խախտումներ (թափանցիկ ծրարներ, այլ անձանց քվեարկությունը բացահայտող գործողություններ, տպվող կտրոնների վրա քաղաքացիների լուսանկարների բացակայություն, ձայների հաշվարկի ժամանակ ընտրական տեղամասերի մասսայական հոսանքազրկում և այլն), քաղաքական ճգնաժամը վերացնելու նպատակով նշանակված ԱԺ արտահերթ ընտրությունները չծառայեցին այդ նպատակին, հայտարարում է՝ Չի ընդունում 2021թ. Ազգային ժողովի ընտրությունների նախնական արդյունքները:
17:50 - 21 հունիսի, 2021
Տեղի ունեցած ընտրությունները համարում ենք անարդար և ոչ ազատ․ ԱԺԲ-ն հայտարարություն է տարածել

Տեղի ունեցած ընտրությունները համարում ենք անարդար և ոչ ազատ․ ԱԺԲ-ն հայտարարություն է տարածել

Կիսագաղութային ռեժիմի տիրապետության պայմաններում տեղի ունեցած հերթական ընտրությունները որևէ էական չափանիշով չտարբերվեցին նախորդներից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը։  «Ժողովուրդը դեռևս չէր ապաքինել Հայաստանի ներկա և նախկին վարչախմբերի սպասարկմամբ կազմակերպված ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորված պատերազմի աղետալի վերքերը, երբ նույն դերակատարներն իրենց համախումբ և ծրագրավորված ջանքերով նրան կանգնեցրեցին վատի և վատթարի միջև պարտադրված ընտրության առջև։ Ըստ այդմ, ինչպես նաև հաշվի առնելով բազմաթիվ փաստեր, հայտարարում ենք, որ. 1) տեղի ունեցած ընտրությունները համարում ենք անարդար և ոչ ազատ, իսկ դրանց արդյունքները՝ որպես հայոց պետականության ինքնիշխան նպատակներին հակասող, ուստի նաև՝ անընդունելի, 2) այս ընտրությունների արդյունքների հիման վրա ձևավորվելիք իշխանությանը և Հայաստանի Հանրապետության անունից կատարած և կատարելիք նրա գործողությունները, այդ թվում՝ հավանականորեն կնքելիք միջազգային պայմանագրերը, եթե դրանք վերաբերվում են 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը (բացառությամբ հրադադարի և հումանիտար հարցերի վերաբերյալ դրույթներից) կամ բխում են նրանից, համարում ենք ի սկզբանե ոչ լեգիտիմ և ապագա ազգային իշխանության կողմից չեղարկման ենթակա»
17:44 - 21 հունիսի, 2021
Ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունը

Ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունը

«Անկախ դիտորդ» դիտորդական կազմակերպությունը, որը մոտ 700-հոգանոց անձնակազմով դիտորդական առաքելություն է իրականացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, հայտարարություն է տարածել ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ: Հիշենենք, որ առաքելության մեջ ընդգրկված էր յոթ կազմակերպություն՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Իրազեկ քաղաքացիների միավորում», «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ, «Կանանց իրավունքների տուն» ՀԿ, «Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ։ Դիտորդական առաքելության եզրահանգմամբ՝ ընտրություններն «անցել են մրցակցային պայմաններում: Չնայած թե՛ քվեարկությանը նախորդող օրերին, թե՛ քվեարկության օրը ընտրակաշառքների մասին ահազանգերին, որոնց մի մասի հիմքով հարուցվել են քրեական գործեր, ընտրողները մեծամասամբ ազատ էին իրենց ընտրական կամքն արտահայտելու առումով»։ Ըստ հայտարարության՝ չնայած նախընտրական քարոզչության ընթացքում ատելության խոսքի լայնածավալ կիրառմանը, ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների սկզբունքներին հակասող խոսույթի կիրառմանը, այնուամենայնիվ, քվեարկության ընթացքում դրանք անմիջական դրսևորումներ, որպես կանոն, չունեցան, բացառությամբ առանձին տեղամասերում ընդհարումների և առավոտյան ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի նկատմամբ արձակված հրազենային կրակոցի փաստի։ «Ընտրությունների թե՛ նախընտրական ժամանակահատվածում, թե՛ քվեարկության օրն արձանագրված խախտումներն էական ազդեցություն չեն թողել ընտրությունների արդյունքների վրա»,- ասված է հայտարարության մեջ:
17:30 - 21 հունիսի, 2021
Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է ՀՀ-ում ընտրություններին արդյունքին |tert.am|

Ադրբեջանի ԱԳ նախարարն անդրադարձել է ՀՀ-ում ընտրություններին արդյունքին |tert.am|

tert.am: Կարծում ենք, որ Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը ճիշտ կգնահատի և կհասկանա այս ճգնաժամի իրական հետևանքները և ճիշտ եզրակացություններ կանի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը` մեկնաբանելով ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքը, գրում է minval.az-ը:Նրա խոսքով` «Հայաստանում շատերն այս ճգնաժամի հիմնական արդյունքը համարում են Հայաստանի ծանր պարտությունը 44-օրյա պատերազմում, բայց դրա արմատները շատ ավելի խորն են, դրանք հասնում են անցյալ»:«Կարծում ենք, որ որքան շուտ անվիճելի լինի տարածաշրջանում երկրների բնականոն զարգացման սկզբունքը` միջազգային նորմերին և սկզբունքներին համապատասխանության շրջանակներում հարաբերությունների կարգավորման միջոցով, այնքան շուտ Ադրբեջանն ու Հայաստանը, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրները, կկարողանան տեսնել արդյունքները»,-ասել է Բայրամովը: Նա հավելել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է, Բաքուն այդ ուղղությամբ առաջարկ է արել Երևանին: «Մեր դիրքորոշումը հայտնի է այս հարցում, այն մնում է անփոփոխ: Դա բազմիցս արտահայտվել է մեր պետության ղեկավարի կողմից: Ադրբեջանը, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հարգանքի վրա, հարաբերությունների կարգավորման ջատագով է (Հայաստանի հետ - խմբ.): Այս ուղղությամբ առաջարկ է արվել»,-այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Բայրամովը: Նրա խոսքով ՝ Բաքուն կարծում է, որ տարածաշրջանում համագործակցությունն այլընտրանք չունի:
17:06 - 21 հունիսի, 2021
«Դեռևս պարզ չէ. սպասենք կառավարության ձևավորմանը». Լավրովը` Արցախում իրավիճակի վրա ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքների ազդեցության մասին |tert.am|

«Դեռևս պարզ չէ. սպասենք կառավարության ձևավորմանը». Լավրովը` Արցախում իրավիճակի վրա ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքների ազդեցության մասին |tert.am|

tert.am: Հայաստանում նոր են տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններ, դեռ վաղ է խոսել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի վրա դրանց արդյունքների ազդեցության մասին: Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, այս մասին երկուշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:«Ընտրությունները նոր են տեղի ունեցել: Դեռ պարզ չէ, թե ինչպես են այս արդյունքներն ազդելու նոր պայմաններում քաղաքական կյանքի ձևավորման վրա: Սպասենք, մինչ այնտեղ կառավարությունն կլինի», - ասել է Լավրովը՝  պատասխանելով այն հարցին, թե Հայաստանում ընտրությունների արդյունքներն ինչպե՞ս կանդրադառնան տարածաշրջանում իրավիճակի կայունության վրա :«Մենք, համենայն դեպս, ելնում ենք այն ենթադրությունից, որ պատերազմը դադարեցրած եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաև երկրորդ եռակողմ համաձայնագիրը, որոնք գործարկել են տնտեսական գործունեության բացման, շրջափակման վերացման հատուկ ձևերի համաձայնեցման գործընթացը, աշխատում են ու համապատասխանում ներգրավված բոլոր կողմերի շահերին», - հավելել է Լավրովը:
16:47 - 21 հունիսի, 2021
Միջազգային դիտորդական առաքելությունները դրական գնահատական տվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններին |hetq.am|

Միջազգային դիտորդական առաքելությունները դրական գնահատական տվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններին |hetq.am|

hetq.am: Երևանի Մարիոթ հյուրանոցում միջազգային դիտորդները ներկայացրին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների իրենց գնահատականը։ ՀՀ-ում դիտորդական առաքելություն իրականացրել է երեք եվրոպական կառույց՝ ԵԱՀԿ պատվիրակությունը, ԵԽԽՎ պատվիրակությունը և ԵԱՀԿ ԺՄԻԳ պատվիրակությունը։ ԵԱՀԿ ղեկավար Կարին Հենդրիկսենը նշեց, որ Հայաստանում ընտրությունների անցկացման օրը աշխատել է 73 դիտորդ 24 տարբեր երկրներից։ Չնայած քարոզարշավի ընթացքում հնչած ագրեսիվ հռետորաբանությանը, ընդհանուր առմամբ ծայրահեղ քաղաքական բևեռվածությանը և ընտրարշավի խիստ անձնավորված բնույթ ունենալուն, բուն ընտրությունները հիմնականում անցել են խաղաղ պայմաններում և եղել են ժողովրդավարական։ Հենդրիկսենի խոսքով՝ հարգվել են ընտրողների հիմնական ազատությունները։ Իշխանությունները իրականացրել են թափանցիկ վարչարարություն։ Չնայած սուղ ժամկետներին՝ կարողացել են ընդունել Ընտրական օրենսգրքում դրական փոփոխություններ և սահուն կազմակերպել ընտրությունները։ ԵԽԽՎ պատվիրակության ղեկավար, ազգությամբ հույն Ջորջ Կատրոկալոսը իր ելույթը սկսեց Հայաստանին համերաշխության խոսքով, ասաց, որ «հույն ժողովուրդը Հայաստանի կողքին է»։ Նա նույնպես դրական գնահատեց ընտրությունները։ Կատրոկալոսի խոսքով, ընտրությունները կազմակերպվել են առանց որևէ կերպ խափանելու դրանց ժողովրդավարական բնույթը։ Եթե մի կողմ դնենք նախընտրական ծայրահեղ բևեռվածությունը, ընդհանուր առմամբ խախտումները չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Շարունակությունը՝ hetq.am-ում
16:31 - 21 հունիսի, 2021