Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Ադրբեջանական ԶՈՒ-երը երեկ հարվածային ԱԹՍ են կիրառել. Լուսինե Ավանեսյան |news.am|

Ադրբեջանական ԶՈՒ-երը երեկ հարվածային ԱԹՍ են կիրառել. Լուսինե Ավանեսյան |news.am|

news.am: Ադրբեջանական զինված ուժերը երեկ՝ հոկտեմբերի 14-ին, հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային ԱԹՍ են կիրառել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ասաց ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։ Նա նշեց, որ ԱԹՍ-ի հարվածի հետեւանքով է եղել 6 զինծառայողի վիրավորումը։ Խորհրդականն ասաց, որ դեպքի առնչությամբ նշանակվել է հետաքննություն։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ-երը կրակ են բացել Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող: Սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է, եւ հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:
14:35 - 15 հոկտեմբերի, 2021
ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտումը

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի կոպիտ խախտումը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը:  «Խստորեն դատապարտում ենք հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը, որի հետևանքով Արցախի Նորշեն գյուղի մերձակայքում վիրավորվել է Արցախի պաշտպանության բանակի 6 զինծառայող։ Ադրբեջանական կողմը շարունակել է հրադադարի խախտումները նաև այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Արցախի հյուսիսարևելյան ուղղությամբ՝ գնդակոծելով Պաշտպանության բանակի սանիտարական մեքենան: Արձանագրում ենք, որ ադրբեջանական կողմից մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման երկրորդ լուրջ միջադեպն է, որի արդյունքում տուժում են քաղաքացիական և զինվորական անձինք: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու ժամանակ դիպուկահար կրակոցից սպանվել էր քաղաքացիական անձ Արամ Տեփնանցը․ ՀՀ ԱԳՆ համապատասխան հայտարարության մեջ հստակ նշված էր այդ հանցագործությունը պատշաճ կերպով հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը։ Կարևորում ենք ՌԴ խաղաղապահ ուժերի միջնորդությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը՝ հրադադարի ռեժիմի անվերապահ պահպանման և հետագայում նման միջադեպերի կանխման նպատակով»։  
13:28 - 15 հոկտեմբերի, 2021
Հայկական դիրքից ընդամենը 400 մետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից․ ԱՀ դատախազությունը մանրամասներ է հայտնում

Հայկական դիրքից ընդամենը 400 մետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից․ ԱՀ դատախազությունը մանրամասներ է հայտնում

Արցախի Հանրապետության դատախազությունից հայտնում են, որ ԱՀ գլխավոր դատախազն ու գլխավոր դատախազի տեղակալը երեկ ուշ երեկոյան մեկնել են Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Նոր շեն համայնքում տեղի ունեցած դեպքի վայր, հանդիպել համայնքի ղեկավար Գևորգ Հարությունյանի և զինվորականների հետ։ Տեղում ծավալված քննարկումների արդյունքում պարզվել է, որ հայկական դիրքից ընդամենը 400 մետր հեռավորությամբ տեղակայված ադրբեջանական հենակետում սադրիչ գործողությունները սկսվել են դեռևս հոկտեմբերի 13-ից։ Դեպքի օրը տևական ժամանակ բացահայտ կերպով ուղիղ թիրախավորվել են մեր մարտական դիրքերը ` ակնհայտ վտանգելով քաղաքացիական բնակավայրի անվտանգությունն ապահովող հայկական դիրքում ծառայություն իրականացնող անձանց կյանքն ու առողջությունը: Հոկտեմբերի 14-ին ադրբեջանական կողմը արդեն թիրախավորել է հայ զինծառայողների վրանը ավելի մեծ տրամաչափի զինատեսակով, որի արդյունքում ունեցանք 6 վիրավոր, որոնցից երկուսի վիճակը բժիշկների կողմից գնահատվել է ծանր: Վիրավորների կյանքը հնարավոր եղավ փրկել Նոր շենի համայնքի ղեկավարի ու զինվորականների աննախադեպ օպերատիվ աշխատանքի շնորհիվ: Իրավապահ մարմինների կողմից ձեռնարկվում են քրեադատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մանր տրամաչափի զինատեսակներից կրակոցների տեսքով սադրիչ գործողություններ կատարվել են նաև Մարտունու շրջանի Հարավ և Մյուրիշեն համայնքների մոտակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերից: Դեպքից անմիջապես հետո ռուս խաղաղապահները մեկնել են լարվածության օջախներ, որից հետո կրակոցները դադարել են: Վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները վկայում են, որ ադրբեջանական կողմը արցախա-ադրբեջանական շփման տարբեր հատվածներում փորձում է սադրիչ գործողություններով խուճապային տրամադրություններ  ձևավորել խաղաղ բնակչության մոտ, որի իրագործման նպատակով սպանվեց նաև Մարտակերտի քաղաքային համայնքի տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Արամ Տեփնանցը:
13:10 - 15 հոկտեմբերի, 2021
Առավոտյան իրավիճակը դիրքերում հանգիստ է. Արցախի օմբուդսմեն |azatutyun.am|

Առավոտյան իրավիճակը դիրքերում հանգիստ է. Արցախի օմբուդսմեն |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր առավոտյան Արցախի Պաշտպանության բանակի դիրքերում իրավիճակը հանգիստ է: «Միջադեպը գրանցվելուց հետո մի քանի ուղղություններով կրակոցներ լինելուց հետո իրավիճակը հանդարտվել է, այդ մասին նաև Պաշտպանության բանակն է հաղորդագրություն տվել: Այսօր էլ որևէ լուր չկա սրման կամ էսկալացիայի մասին», - փոխանցեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: Վիրավորների վերաբերյալ Ստեփանյանն ասաց. - «Հստակ 6 հոգու մասին է խոսքը, ամենասկզբից էլ խոսքը 6 հոգու մասին էր՝ հոսպիտալում էի գտնվում հենց էն ժամանակ, երբ տղաներին վիրավոր բերում էին հոսպիտալ: Վստահ կարող ենք ասել, որ որևէ զոհ և ավել վիրավորի մասին խոսք չկա»: Արցախի օմբուդսմենի վկայությամբ՝ 6 զինծառայողներից 3-ի վիրավորումը շատ թեթև էր, «3-ը վիրահատություն են տարել, 3-ից 2-ը ծանր իրավիճակում են, բայց փառք Աստծո, որ 3-ի վիրահատություններն էլ շատ բարեհաջող են անցել»: Արցախի պաշտպանության նախարարությունը գիշերը հաղորդեց, որ ադրբեջանական զինված ուժերը երեկ երեկոյան կրակ են բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված Պաշտպանության բանակի մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող: Կեսգիշերից քիչ անց հաղորդվեց, որ իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով կայունացել է, հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:
11:24 - 15 հոկտեմբերի, 2021
Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային այցով Երևանում է

Արցախի ԱԺ նախագահն աշխատանքային այցով Երևանում է

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հոկտեմբերի 14-ին այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ: Խորհրդարանի ղեկավարը ծանոթացել է շտաբի աշխատանքների ընթացքին և իրականացվող ծրագրերին: Շտաբի պետի տեղեկացմամբ՝ 30 և 68 հազարականների տրամադրման ծրագիրն այլևս չի գործում, սակայն ՀՀ կառավարության կողմից քննարկվում է 50 և 25 հազարականների տրամադրման ծրագրի գործարկման հնարավորությունը: ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ, ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանը նշել է, որ հիմք ընդունելով բնակիչների հետ հանդիպումները, լսելով  նրանց բողոքները՝ առաջարկել է բռնի տեղահանված յուրաքանչյուր անձին  պետության կողմից կշռված  միջինով  տրամադրել ֆինանսական օժանդակություն այն հաշվով, որ նրանք կարողանան հատուցել կումանալ, այդ թվում նաև՝ բանկվարձի և սննդի ծախսերը: ԱԺ նախագահ  Արթուր Թովմասյանը  հավանություն է տվել Միքայել Վիրաբյանի տեսակետներին և պատրաստակամություն հայտնել համակողմանի օժանդակել այդ խնդիրների լուծմանը:
18:38 - 14 հոկտեմբերի, 2021
Ադրբեջանը չի գնահատում անգամ իր մշակույթը. Արցախի ԿԳՄՍ նախարար |armenpress.am|

Ադրբեջանը չի գնահատում անգամ իր մշակույթը. Արցախի ԿԳՄՍ նախարար |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը չի գնահատում անգամ իր մշակույթը, այդ երկիրը չի համաձայնել բարտերի՝ ստանալու Արցախյան առաջին պատերազմից հայկական կողմի մոտ մնացած՝ ադրբեջանցի նկարիչների նկարները և ետ վերադարձնելու հայկական մշակութային արժեքները, որոնք մնացել են օկուպացված տարածքներում: Այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը ՀՀ ԱԺ-ում «Արցախի Հանրապետության՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված շրջաններում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության պահպանություն» թեմայով աշխատանքային քննարկմանը: «Շատ ցավում եմ, որ մենք այսօր ունենք 2 000 հուշարձան օկուպացված տարածքներում, 122 եկեղեցի, 13 վանական համալիր, 52 ամրոց, 536 խաչքար: Ադրբեջանցիների մոտ է մնացել ընդհանուրը 20 հազար 885 ցուցանմուշ, 617 հազար գիրք, այլ գրականություն»,- ասաց նախարարը: Նա շեշտեց՝ դրանք միայն հայկական պատմաճարտարապետական և պատմամշակութային հուշարձաններ չեն, դրանք մարդկության ժառանգությունն են, օկուպացվել է քաղաքակրթական ժառանգություն. Ազոխի քարանձավը, Տիգրանակերտը և ընդհանրապես Արցախը քաղաքակրթության ժառանգության տարածք են:  «Մենք ռուս խաղաղապահների հետ ինտենսիվ ամենօրյա աշխատանքով փորձել ենք նոյեմբերի 17-ից անմիջապես հետո  ռմբապաստարաններում թաքցրած գույքը ետ բերել, փորձել ենք նաև փոխանակման մեխանիզմը, առաջին պատերազմից ունենք ադրբեջանցի նկարիչների գործեր, որոնք պահում ենք: Բայց մարդիկ չեն գնահատում իրենց մշակույթը, նրանք չեն համաձայնել այդ բարտերին, ադրբեջանցի նկարիչների գործերը շարունակում են մնալ մեզ մոտ: Այսինքն՝ չի աշխատել նաև բարտերի մեխանիզմը»,- ասաց Ղարախանյանը: Նա շեշտեց՝ հայկական կողմը գործ ունի չափազանց ագրեսիվ հարևանների հետ, որոնց հետ հաղորդակցվելը չափազանց դժվար է:
12:43 - 14 հոկտեմբերի, 2021
Ալիևն ընդհանուր առմամբ գոհ է ռուս խաղաղապահներից |hetq.am|

Ալիևն ընդհանուր առմամբ գոհ է ռուս խաղաղապահներից |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ գոհ է Արցախում ռուս խաղաղապահների գործունեությունից։ Ըստ նրա՝ բացառությամբ փոքր դեպքերի, տարածաշրջանում իրավիճակը կայուն է։ Այդ մասին Ալիևը հայտարարել է իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում։  «Արդեն մոտ մեկ տարի է, ինչ ավարտվել է պատերազմը և ռուս խաղաղապահները տեղակայվել են Ադրբեջանում, Ղարաբաղյան շրջանում։ Այս ժամանակահատվածում, եթե հաշվի չառնենք մանր պատահարները, իրավիճակը կայուն է, և ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք»,- հայտարարել է Ալիևը։  Վերջինիս խոսքով՝ կան որոշ հարցեր, որոնք «իրենց լուծմանն են սպասում»։ Ալիևն առաձնացրել է Արցախ այցելող արտասահմանցիների հարցը, որոնք, ըստ նրա, պետք է ստանան ադրբեջանական կողմի թույլտվությունը, իսկ գործընթացը պետք է կարգավորվի ռուս խաղաղապահների կողմից։ «Այդ հարցը ներկայացվել է Ռուսաստանի պատկան մարմիններին, պաշտպանության նախարարությանը, որպեսզի դրան վերջ դրվի»,- եզրափակել է Ալիևը։
23:13 - 13 հոկտեմբերի, 2021
Ալիևն ու Էրդողանը նոյեմբերի 8-ին կմասնակցեն Վարանդայի օդանավակայանի բացման արարողությանը |hetq.am|

Ալիևն ու Էրդողանը նոյեմբերի 8-ին կմասնակցեն Վարանդայի օդանավակայանի բացման արարողությանը |hetq.am|

hetq.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոյեմբերի 8-ին մեկօրյա այցով կժամանի Ադրբեջան, որտեղ Իլհամ Ալիևի հետ Վարանդայում (Ֆիզուլի) կմասնակցի օդանավակայանի բացման արարողությանը։ Այդ մասին հայտնում է թուրքական Haberturk հեռուստաընկերությունը։ Բաքվից այդ օդանավակայան առաջին թռիչքն իրականացվել է 2021 թվականի սեպտեմբերի 5-ին։ Արդեն իսկ շահագործման է հանձնվել 3000 մետր երկարություն և 60 մետր լայնություն ունեցող թռիչքուղին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ առաջիկայում Էրդողանը նախատեսում է այցելել Ադրբեջան։ Նման հայտարարությամբ նա հոկտեմբերի 1-ին հանդես էր եկել Թուրքիայի 27-րդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանին իր ելույթի ժամանակ։ Ելույթի ընթացքում Թուրքիայի նախագահը խոսել էր նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի մասին՝ նշելով, որ իրենք կիսել են ադրբեջանցիների հետ ուրախությունը։
19:54 - 13 հոկտեմբերի, 2021