Արդարադատության նախարարություն

ՀՀ արդարադատության նախարարությունը գործադիր իշխանության պետական մարմին է։ Նախարարության կազմի մեջ է մտնում 14 կառուցվածքային ստորաբաժանում, 7 առանձնացված ստորաբաժանում, ինչպես նաև ՀՀ ԱՆ-ն ունի տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 7 իրավաբանական անձ։

ՀՀ արդարադատության նախարարն է Ռուստամ Բադասյանը։

Բարեվարքության ստուգումը կամ վեթթինգը վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին. նախարար

 |armenpress.am|

Բարեվարքության ստուգումը կամ վեթթինգը վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին. նախարար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարատության նախարար Ռուստամ Բադասյանը նկատում է, որ դատական օրենսգրքով նախատեսված մեխանիզմներով՝ դատավորների բարեվարքության ստուգումը կամ այլ կերպ ասած՝ վեթթինգի գործընթացը վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին, նվազագույնի է հասցված գործադիր իշխանության դերը: Այս մասին նա ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը։ Բադասյանը  նախ նշեց, որ Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններով հիմնականում երեք մեխանիզմ է ֆիքսվել, որոնցից առաջինը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջոցով դատավորի գույքային դրության ստուգում: «Երկրորդ մեխանիզմը դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի գործունեությունն է լինելու: Հանձնաժողովը բաղկացած է լինելու 5 անդամից, որոնք պետք է ընտրվեն Դատավորների ընդհանուր ժողովի կողմից: Նրանցից 3-ը դատավոր են, 2-ը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: Սա միտումնավոր է արվում, որ գործընթացը լինի հնարավորինս թափանցիկ»,-ասաց նախարարը: Գնահատման հանձնաժողովի հիմնական առաքելությունը բացարձակապես կարգապահական վարույթ հարուցելը չէ, սակայն դա էլ է հնարավոր: Այն հետևելու է, թե դատավորի կողմից որքանով են ողջամիտ ժամկետը պահպանվում, արդյոք դատական ակտերը համապատասխանում են հիմնավորվածության չափանիշներին, արդյոք դատավորի կողմից պահպանվում են էթիկայի նորմերը, վարքագծի կանոնները: Դրա հիման վրա վարվելու է դատավորների առաջխաղացման ցուցակը, որոշվելու են վերապատրաստման դասերը: Փաշինյանը հետաքրքվեց, եթե դրա հիման վրա ֆիքսվի, որ դատավորն իր նախկին դատավճիտներում խախտումներ է արել, ապա ինչպե՞ս է լինելու: Նախարարը պատասխանեց, որ եթե չեն անցել վաղեմության ժամկետները, ապա դատավորն իրավունք ունի դիմելու Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին, որն էլ երրորդ գործիքն է: Հանձնաժողովն էլ իրավունքի ունի կարգապահական վարույթ հարուցել և դրանով միջնորդություն ներկայացնել ԲԴԽ: Էթիկայի և կարգապահական հանձնաժողովը բաղկացած է լինելու 8 անդամից: 6 դատավորները ներառական ընտրված են լինելու տարբեր ատյաններից և տարբեր մասնագիտացումներից և 2 դատավորներ լինելու են քաղհասարակության ներկայացուցիչներ: «Եթե նայենք դատական օրենսգրքի պատկերը, մեկ բառով ամբողջ դատական համակարգի, ինչ բառ ուզում է օգտագործենք՝ բարեվարքության ստուգումը կամ վեթթինգը, վերապահված է հենց դատավորներից բաղկացած մարմիններին: Եվ սա կարծում եմ, որ լավագույն ստանդարտն է:  Վենետիկի հանձնաժողովը նշում է իր կարծիքում, որ հենց դատական համակարգը, երաշխավորելով իր համակարգի անկախությունը, զբաղվի նմանատիպ հարցերով և գործադիր իշխանության դերը հասցվի նվազագույնի»,-ասաց Բադասյանը: «Դա մեր քաղաքական կամքն է»,-ասաց վարչապետն ու նկատեց, որ քաղաքացիների մոտ հարց կառաջանա՝ պարզ չէ՞, որ դատական համակարգն ինքն իրեն կպաշտպանի, և ինքնամաքրման գործընթաց չի անցնի: Նա հարցրեց, թե ինչու՞ է դատական համակարգը շահագրգռված լինելու, որ այդ ինքնամաքրումը լինի: Բադասյանը նշեց՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինքնավար մարմին է, դա մի երաշխիք, որ կաշխատի: Մյուս երկու հանձնաժողովներում դատավորներից բացի այլ անդամներ ևս կան: Նախարարը կարծում է նաև, որ  դատական համակարգում կան այն մարդիկ, որոնք ևս իրենց համակարգի մասին մտածում են, իրենց համակարգի բարեփոխման, հեղինակության համար իրենք էլ են մտահոգված:
21:50 - 11 մայիսի, 2020
Առանց Սահմանադրությունը փոփոխելու հնարավոր չէ համատարած վեթթինգ իրականացնել. Բադասյան

 |armenpress.am|

Առանց Սահմանադրությունը փոփոխելու հնարավոր չէ համատարած վեթթինգ իրականացնել. Բադասյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի կարծիքով՝ ներկայումս Դատական օրենսգրքում դրված մեխանիզմները թույլ են տալիս դատական համակարգում իրականացնել առողջացում՝ աստիճանական, իսկ համատարած վեթթինգը կարող է բացասական հետևանքներ ունենալ, ավելին՝ այն հնարավոր չէ առանց Սահմանդրությունը փոխելու: Այս մասին նախարարն ասաց Նիկոլ Փաշինյանի հետ վեթթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը: «Ինչպե՞ս ենք անելու, որ վատ դատավորները գնան համակարգից, որը մենք հասկանում ենք վեթթինգ անվան ներքո»,-հետաքրքրվեց վարչապետը: Բադասյանն անդրադարձավ այդ առումով Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններին: «Առաջինը դատավորների հայտարարագրերի վերլուծությունն է: Դատավորները բավականին վաղուց ներկայացնում են իրենց գույքի, եկամուտների հայտարարագիր: Նախկինում ներկայացնում էին Էթիկայի հանձնաժողով, հիմա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Ի՞նչն է փոխվել. առաջին անգամ դատական օրենսգրքում հայտարարագիր ներկայացնելը և դրա վերլուծության արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գույքի ավելացման կամ պարտավորությունների նվազեցման դեպքում պատշաճ նյութեր և բացատրություններ չներկայացնելը ֆիքսվել է որպես վարքագծի կանոն»,-ասաց նախարարը: Նա պարզաբանեց՝ օրինակ, եթե դատավորի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում, սակայն դա անձի այդ տարում ստացած եկամուտներով չի հիմնավորվում, դա վարքագծի կանոն է: Եվ դրա վերաբերյալ պատշաճ բացատրություն չներկայացնելը կամ հայտարարագրում տեղեկություն թաքցնելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության կամ կարգապահական պատասխանատվության: Փաշինյանը հետաքրքրվեց. «Կարգապահական վարույթ կարող է արդյոք հարուցվել 2012-ի համար: Դատավորը չի կարող բացատրություն տալ օրինակ 2013-ին ձեռք բերած գույքի համար»: Նախարարը նշեց՝ այստեղ է հիմնական քննադատության առարկան: «Նշում են, որ հետադարձ ուժը չի կիրառվում: Բայց պետք է նշել, որ, եթե մենք ուզում ենք այդ ճանապարհով գնալ, դա նշանակում է ամբողջ դատական համակարգի դատավորներին ստուգել միանգամից, համատարած՝ մի կարճ ժամանակահատվածի ընթացքում: Սա կարող է բերել բացասական հետևանքների: Բայց դա մոռանանք, կենտրոնանանք իրավական հնարավորությունների վրա: Սա անելու համար միանշանակ պետք են Սահմանադրական փոփոխություններ: Այսինքն, առանց Սահմանադրությունը փոփոխելու հնարավոր չէ իրականացնել նման տեսակի վեթթինգ, պայմանական անվանենք համատարած վեթթինգ»: Նա ներկայացրեց Ալբանիայի փորձը, որտեղ ստեղծվել է հատուկ մարմին, որի կարգավիճակը Սահմանադրությամբ հավասարեցված է եղել դատական ատյանին: Եվ ստեղծվել է մեկ այլ մարմին, որտեղ վերաքննության կարգով քննարկվել են դատավորների վեթթինգի հետ կապված վեճերը: « Ի՞նչն է այդ համակարգի թերությունը, և ի՞նչը պետք է փոխվի: Սահմանադրությամբ պետք է սահմանվեն այդպիսի հատուկ մարմիններ, լիազորությունների շրջանակ: Իրականում մեզ ոչինչ չի խանագարում, որպեսզի նաև հաշվի առնելով վատ փորձը, ճիշտ մոդելով համատարած վեթթինգի հարցին անդրադառնանք՝ սահմանադրական փոփոխություններով: Սակայն կարծում եմ, որ դատական օրենսգրքի այն մեխանիզմները, որոնք դրված են, թույլ են տալիս դատական համակարգում իրականացնել առողջացում՝ աստիճանական»,-ասաց նախարարը: Վարչապետը նկատեց՝ միանգամից և ամբողջական վեթթինգը կարող է 4-5 տարի տևել ու հետաքրքրվեց, թե Ալբանիայում քանի տարի է եղել: Բադասյանը պատասխանեց՝ Ալբանիայում սկզբում նախատեսել են 5 տարի, հետո երկարաձգելու անհրաժեշտություն է առաջացել:
21:23 - 11 մայիսի, 2020
Դատավորների թվի ավելացում, ծանրաբեռնվածության նվազեցում. Բադասյանը ներկայացրեց բարեփոխումները

 |armenpress.am|

Դատավորների թվի ավելացում, ծանրաբեռնվածության նվազեցում. Բադասյանը ներկայացրեց բարեփոխումները |armenpress.am|

armenpress.am: Պետությունը արդեն կատարել և դեռ նախատեսում է որոշ գործառույթների թվայնացման միջոցով դատավորների ծանրաբեռնվածության նվազում, դատավորների թվի ավելացում: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ Նիկոլ Փաշինյանի հետ վեթթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը: Բադասյանը նշեց՝ թվայնացման գործընթացն արագացվում է, ավելի ճիշտ՝ սկսվում է 0-ից: «Էլեկտրոնային եղանակով հայցի ներկայացումը, քննարկումը, վերջնական դատական ակտի կայացումը և դատական ակտը  համակարգից դուրս հանելը թվայնացված չէ: Արդեն առաջին քայլն արված է, վճարման կարգադրությունների գործընթացն ամբողջությամբ թվայնացված է»,-ասաց նախարարը: Վարչապետ հետաքրքրվեց, թե դա մարդու կյանքում ինչ է փոխում: Բադասյանն արձագանքեց՝ դա մարդու կյանքում անուղղակի փոփոխություն  է մտցնում: Նա նկատեց՝ հաճախ անձն իր իրավունքների համար դիմում է դատարան, սակայն դատավորն իր վարույթում կարող է ունենալ 2000-3000 գործ, թղթաբանությունն է շատ լինում: Նախարարը նշեց՝ վճարման կարգադրությունները հիմնված են անվիճելի վճարային պարտավորությունների վրա, այսինքն այդտեղ, որպես այդպիսին, վեճ չկա: «Եթե դատավորը կրճատի իր ժամանակը  այդ գործիքների  վրա, կկարողանա ուշադրություն դարձնել այն վեճերին, որտեղ իրավունքների  խախտում կա: Սրանով թեթևացնում ենք դատավորի բեռը, որպեսզի դատավորը կարողանա իրական վեճ պարունակող գործերով ավելի մեծ ուշադրություն դարձնել»,-ասաց նա ու նշեց՝ այս պահին Աջափնյակի դատարանում դա կիրառվում է, նախատեսում են կիրառել Երևանի բոլոր դատարաններում: Վարապետի համապատասխան որոշմամբ աշխատանքային խումբ է աշխատում քրեական դատավորության ողջ գործընթացը թվայնացնելու, տեխնիկական պահանջները մշակելու ուղղությամբ:  Նախարարը տեղեկացրեց նաև, որ ԲԴԽ-ն առաջարկել է նաև 6-ով ավելացնել Վարչական, Վերաքննիչ դատարանի դատավորների թիվը, 6-ով՝ Առաջին ատյանում քաղաքացիական գործեր քննող դատավորների թիվը, որը ևս կբերի ծանրաբեռնվածության նվազեցման: Վստահ լինելու համար, որ արժանի դատավորներն են համալրելու բարեփոխված դատական համակարգը, նախարարությունը նաև ներդրել է երկու գործիք Դատական օրենսգրքում: «Դա համարում ենք թեկնածուների բարեվարքության ստուգում: Առաջինը՝ հոգեբանական թեստավորումն է, այն հիմա էլ է իրականացվում է, սակայն դա, կարելի է ասել, որ ձևական բնույթ է կրում: Ցանկացած թեկնածու անցնելու է լուրջ ծրագրով, լավագույն միջազգային փորձով հոգեբանական թեստավորում,  և ԲԴԽ-ն թեկնածության քննարկման ժամանակ ունենալու է խորհրդատվական եզրակացություն: Բարեվարքության ստուգումը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր թեկնածու լրացնում է հարցաթերթիկ, որտեղ տեղեկություններ են պարունակվում անձի նախորդ գործունեությունների, կարգապահական պատասխանատվության մասին, իր և ընտանիքի գույքային դրության մասին, օրինակ, թե իր օրինական եկամուտներով հիմնավորվում է գույքը, թե ոչ»,-ասաց նախարարը: Փաշինյանը հարցրեց. «Իսկ այդ գույքային վիճակի հայտարարագիրը և իրականությունը համեմատելու ռեալ գործուն մեխանիզմներ ունե՞նք»: Բադասյանը պատասխանեց՝ այո, քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն ունի հասանելիություն, ֆինանսական տվյալներին մատչելիություն:
20:51 - 11 մայիսի, 2020
Նախատեսվում է դատավորների աշխատավարձի բարձրացում. վարչապետը և նախարարը քննարկեցին բարեփոխումները

 |armenpress.am|

Նախատեսվում է դատավորների աշխատավարձի բարձրացում. վարչապետը և նախարարը քննարկեցին բարեփոխումները |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարդատության նախարար Ռուստամ Բադասյան վեթթինգի գործընթացում առավել կարևորում է ոչ թե այն, թե ով է լքելու համակարգը, այլ թե ով է համալրելու. այդ նպատակով դատական համակարգը գրավիչ է դարձվում լավ դատավորների համար: Բադասյանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթթինգի իրականացման գործընթացի եւ ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ քննարկմանը: Վարչապետը նշեց՝ կառավարության գործունեության զեկույցի քննարկման ժամանակ էլ զգացել է, որ իշխանությունը բավարար մասշտաբով չի  լուսաբանել դատական օրենսգրքում տեղի ունեցած և արդեն ուժի մեջ մտած փոփոխությունները: Նա նկատեց՝ շատերն ասում են, թե կառավարությունը վեթթինգ է խոստացել, սակայն մոռացել խոսումը: «Ես կուզենայի, որ զրույցի ընթացքում մանրամասնեինք, թե ինչ փոփոխություններ են ենթադրվում դատական համակարգում Դատական օրենսգրքի փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո»,-ասաց նա: Փաշինյանն ընդգծեց նաև, որ աշխարհում եղել են վեթթինգի փորձեր, որոնց իմաստը եղել է ամբողջ դատական համակարգը դնել մի կողմ, եղել է իրավիճակ, որ երկրում վակուում է առաջացել, երկրում ընդհանրապես դատարան չի եղել, արդյունքում 10 անարդարների հետ 10 արդարների էլ են դուրս մղել համակարգից: Բադասյանն արձագանքեց. «Իմ կարծիքով ավելի կարևոր է, թե ոչ թե ով է լքելու դատական համակարգը, այլ, թե ով է համալրելու դատական համակարգը»: Նա հնչեցրեց մի քանի թիվ, բարեփոխում, որով դատական համակարգի գրավչությունը բարձրացնելու են և վստահ են լինելու, որ կարող են ունենալ պատասխանը հարցի, թե ով է համալրելու դատական համակարգը: «Մենք ունենք 244 դատավոր, որոնցից 183-ը Առաջին ատյանի դատարանում, 44-ը Վերաքննիչում, 17-ը՝ Վճռաբեկ դատարանում: Ի՞նչը պետք է փոխվի, որ դատական համակարգը գրավիչ լինի մասնագետների համար: Ընդ որում, իմ հնչեցրած թվերից ունենք 7 թափուր հաստիք: Վերջին 2 տարվա ընթացքում այն հավակնորդների թիվը, որոնք հաղթահարել են թեստավորման փուլը և ուսումնառություն են անցնում Արդարադատության ակադեմիայում, 30  է: Այսինքն, վերջին 2 տարում ունենք 30 հավականորդ, ընդ որում մի մասը դեռ չի ավարտել ուսումնառությունը»,-ասաց նախարարը: Վարչապետը հետաքրքրվեց, թե այդ թիվն ինչի մասին է խոսում: Բադասյանը արձագանքեց՝ դա շատ ցածր թիվ է: Դա ևս մեկ վկայություն է, որ դատական համակարգը մեծ թվով լավ մասնագետների համար գրավիչ չէ: «Մասնակցության ցածր մակարդակ կա, ինչն առաջին ազդակն է, որ լուրջ փոփոխությունների պետք է գնանք: Կարծում եմ ՝ առաջին պայմանը արժանի աշխատավարձն է, վարձատրությունն է: Արդեն ունենք կոնկրետ ձևակերպված փաստաթուղթ: Դատական դեպարտամենտը նաև մեր հորդորով ներկայացրել է միջնաժամկետ ծախսային ծրագրերով դատավորների վարձատրության ավելացման աստիճանական համակարգ: Դա ենթադրում է, որ եթե կառավարության կողմից ընդունվի, 2020 թվականին դատավորների աշխատավարձը կբարձրանա 50 տոկոսով, 2021-ին՝ 60 տոկոսով և 2022-ին 70 տոկոսով»,-ասաց Բադասյանը: Այժմ Առաջին ատյանի դատավորի աշխատավարձը կազմում է շուրջ 661 հազար դրամ, Վերաքննիչ դատարանի դատավորինը՝ 727 հազար դրամ, Վճռաբեկինը՝ 760 հազար: Եթե 2020-ին աշխատավարձի բարձրացումը տեղի ունենա, ապա աշխատավարձը կկազմի արդեն 991 հազար դրամ, 2021-ին՝ 1 մլն 57 հազար, 2022-ին ՝ 1 մլն 123 հազար դրամ: Փաշինյանը նկատեց՝ դատավորների աշխատավարձերի բարձրացումն արվում է ոչ թե դատավորների համար, այլ այն բազմահազարանոց քաղաքացիների համար, որոնք վարչապետին, նախարարին դիմում են գրում, ասում, թե դատարանը անարդար լուծում է տվել որևէ հարցի: «Պարզ է, որ դա արվում է նաև դատավորի համար, սակայն դա արվում է նրա համար, որ դատավորի աշխատանքն այնքան գրավիչ լինի, որ գան ներգրավվեն ամենաբարձր մակարդակի մասնագետները: Սա արվում է նրա համար, որ դատական համակարգի որոշումներից բավարարված լինեք և վստահ լինեք, որ դա արդար, օրինական որոշում է»,-ասաց վարչապետը:
20:16 - 11 մայիսի, 2020
Գեւորգ Պետրոսյանի նախագիծը հետադարձ ուժ չունի․ գործադիրի դիրքորոշումը ունի իրավական բնույթ, այլ ոչ՝ քաղաքական

Գեւորգ Պետրոսյանի նախագիծը հետադարձ ուժ չունի․ գործադիրի դիրքորոշումը ունի իրավական բնույթ, այլ ոչ՝ քաղաքական

Մայիսի 6-ին Politik.am կայքը հրապարակել է «Փաշինյանը վախենում է դատապարտվելուց․ օրինագծի տապալումը իրեն չի փրկի» վերտառությամբ նյութ, որտեղ ասվում է, թե ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ սահմանադրական կարգի տապալման դեպքում վաղեմության ժամկետ չկիրառելու մասին նախագծի մերժումը վարչապես Նիկոլ Փաշինյանին ապահովագրելու համար է։ Կայքը, մասնավորապես, հետաքրքրական է համարել, որ նախագծին բացասական եզրակացություն է տրվել գործադիրի կողմից։ Նյութի հեղինակի պնդմամբ՝ կառավարության ներկայացրած հիմնավորումները երերուն են, սակայն դրանց մեկնաբանությունը հոդվածագիրը թողել է իրավաբաններին։  Հեղինակը ներկայացրել է, իր խոսքով, հարցի քաղաքական կողմը՝ գրելով, որ անձամբ Փաշինյանի համար այս հարցը կենսական կարեւորություն պետք է ունենար․ «Հենց սահմանադրական կարգի տապալման հոդվածն է նա շահարկում քաղաքական հաշվեհարդարներ տեսնելու համար նրանց հանդեպ, որոնք նրա քինախնդրության թիրախում են հայտնվել։ Հարց է առաջանում, թե ինչու է Փաշինյանի կաբինետը բացասական եզրակացություն տվել։ Արդյոք Փաշինյանը չունի մտավախություն, որ այդ հոդվածը եթե ընդունվեր, ապա վաղը մյուս օրը հենց ինքն էլ կարող էր դատվել։ Ստացվում է, որ Փաշինյանը գուցե ներքուստ համոզված է, որ մի օր սահմանադրական կարգի տապալման ուղտն իր դռանն է չոքելու եւ էս գլխից է ուզում իրեն ապահովագրած լինել»,- ասված է նյութում։ Զերծ մնալով կառավարության հիմնավորումների վերաբերյալ իրավական գնահատականներից՝ ստորեւ ներկայացնում ենք օրենսդիրի նպատակը, նախագծի քննարկման ընթացքն ու այն լիագումար նիստերի օրակարգ չընդգրկելու փաստարկները։ Ապրիլի 30-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը ներկայացրեց իր հեղինակած «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» վերը հիշատակված նախագիծը։ Ինչպես արդեն նշեցինք՝ դրանով Պետրոսյանն առաջարկում էր քրեական օրենսգրքով սահմանված վաղեմության ժամկետ չկիրառել սահմանադրական կարգի տապալման դեպքում: Ներկայացված առաջարկը վերաբերում է վաղեմության ժամկետի հիմքով թե՛ քրեական պատասխանատվության ենթարկելուն, թե՛ պատժից ազատելուն։ Պատգամավորը նախագիծը ներկայացնելիս հիշեցրել է, որ ՀՀ Քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ինստիտուտ, այսինքն՝ եթե այս կամ այն արարքի կատարումից անցել է կոնկրետ ժամանակահատված, ապա այլեւս հնարավոր չէ անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելն ու նրան պատասխանատվության ենթարկելը։ Բայց, հաշվի առնելով առանձին հանցագործությունների առավել վտանգավոր լինելու հանգամանքը, այն թիրախները, որոնց դեմ ուղղված են այդ հանցագործությունները, եւ դրանց արդյունքում մարդկությանը պատճառվելիք վնասի բնույթն ու ծանությունը՝ ՔՕ-ն բացառություններ է նախատեսել առանձին հոդվածների մասով։ Օրինակ՝ ցեղասպանությունը, որպես առանձին հանցատեսակ, երբ էլ կատարված լինի, ժամանակը հիմք չէ դրանում մեղադրվող անձին քրեական պատասխանատվության չենթարկելու համար։ Պետրոսյանի խորին համոզմամբ՝ վաղեմություն չճանաչող արարքների մեջ պետք է ներառել նաեւ սահմանադրական կարգի տապալման հոդվածը, քանի որ սա, ըստ նրա, այն հոդվածն է, որում մեղավոր անձին պատասխանատվության ենթարկելու համար պետությունը չպիտի ճանաչի ժամկետներ։ Այսպիսով՝ պատգամավորը համաձայն չէ նախագծին բացասական եզրակացություն տված կառավարության հիմնավորումների հետ։ Իսկ կառավարությունն առաջարկել է անփոփոխ թողնել ՔՕ համապատասխան հոդվածները՝ ընդգծելով, որ քրեական օրենսդրությամբ վաղեմության ժամկետները որպես քրեական պատասխանատվությունից ազատման իրավական հիմք նախատեսելն ինքնանպատակ չէ։ Գործադիրի պնդամբ՝ հանցագործության կատարման պահից երկար ժամանակ անցնելու դեպքում օբյեկտիվ պատճառներով չեն կարողանում արդյունավետ քննություն իրականացնել, քանի որ ժամանակի հետ հանցագործությունների բացահայտումը դժվարանում է, ապացույցները ոչնչանում են կամ կորցնում են իրենց ապացուցողական նշանակությունը, մոռացվում կամ աղավաղվում է վկաներին հայտնի տեղեկատվությունը։ Կառավարությունն իր առաջարկության մեջ նշել է նաեւ, որ արտասահմանյան երկրներում հանցագործությունների այն շրջանակը, որոնց նկատմամբ վաղեմության ժամկետներ չեն կիրառվում, գրեթե նույնական է, եւ այդ ցանկում ներառված չէ սահմանադրական կարգի տապալման հոդվածը։ Այդպիսի քրեական օրենսդրություններ ունեցող երկրներն են, օրինակ, Իսպանիան, Խորվաթիան, Գերմանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Էստոնիան, Չեխիան, Դանիան, Լիվան, Լատվիան, Հունգարիան, Վրաստանը, եւ այլն։  Գործադիրը նաեւ ներկայացրել է ՄԱԿ-ի՝ 1968 թվականի նոյեմբերի 26-ի  «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» կոնվենցիան, որով մասնակից պետությունները պարտավորություն են ստանձնել՝ անկախ կատարման ժամանակից՝ վաղեմության ժամկետներ չսահմանել Կոնվենցիայով սահմանված հանցագործությունների նկատմամբ, որոնց թվում չեն սահմանադրական կարգի դեմ ուղղղված հանցագործությունները։  Գեւորգ Պետրոսյանը կառավարության այս փաստարկին հակադարձել է պնդմամբ, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է եւ Կոնվենցիայով որոշված արարքների շրջանակը չի արգելում պետություններին՝ իրենց ներքին օրենսդրութամբ ընդարձակել այն արարքների ցանկը, որոնք լուրջ սպառնալիք են ներկայացնում տվյալ պետության ներքին եւ արտաքին անվտանգության համար․ պատգամավորի համոզմամբ՝ սահմանադրական կարգի տապալումը լրջագույն սպառնալիք է երկրի անվտանգությանը․ «Ցանկացած երկրի ներքին եւ արտաքին անվտանգությունն արդյունավետ ապահովելու կարեւորագույն նախադրյալ է տվյալ պետության սահմանադրական կարգի խստագույնս պահպանումը: Որեւէ պաշտոնյա չպետք է հնարավորություն ունենա որեւէ պատճառաբանությամբ թույլ տալ կամ հանդուրժել սահմանադրական կարգի դեմ որեւէ գործողություն: Առավելեւս, արտաքին մարտահրավերներով լեցուն պետություններում այս պահանջի պահպանումը խիստ կարեւոր է»,- նշել է Պետրոսյանը։ Հանձնաժողովում քննարկումն ընթացել է ոչ թե Պետրոսյանի առաջարկի ընդհանրապես մերժելու տրամադրությամբ, այլ այն առաջարկի կոնտեքստում, որ գուցե պետք է գնալ ընդհանուր վաղեմության ժամկետները վերանայելու ճանապարհով, ոչ թե կոնկրետ հանցագործության դեպքում այն ուղղակի վերացնելու։ Նախագծի ընդդիմախոսները կարծիք են հայտնել, որ նման սոցիալական անհրաժեշտություն չկա միայն մեկ հոդվածի եւ, առհասարակ, այն հոդվածների համար, որոնք մարդկության խաղաղության դեմ չեն ոտնձգում եւ վերաբերելի չեն խոշտանգման դեպքերին։ Այդուհետեւ, հանձնաժողովը եւս բացասական եզրակացություն է տվել նախագծին՝ արձանագրելով այն փաստը, որ ներպետական օրենսդրական կարգավորումներում առկա են իրավական խնդիրներ՝ վաղեմության ժամկետների կիրառելիության հետ կապված։ Հիմնավորվել է, որ նախագծով նախատեսված փոփոխությունները չեն բխում ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր տրամաբանությունից, և հակասում են ՀՀ Սահմանադրությամբ հռչակված սկզբունքներին․ «Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցավոր արարքի նկատմամբ վաղեմության ժամկետներ չկիրառելու վերաբերյալ նորմը պետք է գիտականորեն հիմնավորված լինի՝ մատնանշելով թե արարքի և անձի վտանգավորության անփոփոխությունը, և թե նույնիսկ շատ երկար ժամանակի հոսելու դեպքում՝ դրա բացահայտման իրական հնարավորությունը, այն պետք է բխի ինչպես տվյալ պետության ստանձնած միջազգային պարտավորություններից, այնպես էլ ներպետական օրենսդրության ընդհանուր տրամաբանությունից, ինչը վերոնշյալ նախագծի դեպքում այդպես չէ»,- ասված է Հանձնաժողովի բացասական եզրակացության հիմնավորման մեջ: Պետաիրավական հանձնաժողովի այս եզրակացության հիմք հանդիսացող փորձաքննության մեջ էլ նշված է, որ նախագծով առաջարկվող փոփոխությունները չեն համապատասխանում  համաչափության սահմանադրական սկզբունքին:  Հանձնաժողովում բացասական եզրակացություն ստանալուց հետո մայիսի 5-ին՝ Ազգային ժողովի նիստի ժամանակ նախագիծը չի ընդգրկվել լիագումար նիստերի օրակարգ։ Այսպիսով, վերադառնալով Politik.am կայքի հրապարակման բովանդակությանը՝ հարկ է ընդգծել, որ նյութից տպավորություն է ստեղծվում, թե կառավարությունը միտումնավոր մերժել է նախագիծը, այնինչ, ինչպես պարզ է դառնում ԱԺ հանձնաժողովի նիստից, կառավարության ներկայացուցիչը՝ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը, նախագծին կտրականապես դեմ չի արտահայտվել, նույնը նաեւ խորհրդարանական մեծամասնության պատգամավորները։ Ընդ որում՝ վերջիններից ոմանք նույնիսկ ձեռնպահ են քվեարկել նախագծին, եւ ոչ թե՝ դեմ։  Բանն այն է, որ կտրականապես դեմ չլինելու պարագայում էլ կառավարությունը ոչ թե առաջարկել է վերանայել առհասարակ վաղեմության ժամկետները, այլ քննարկվող հոդվածներն ընդհանրապես թողնել անփոփոխ։  Ինչ վերաբերում է նյութի այն հարցադրմանը, թե արդյոք Փաշինյանը չունի՞ մտավախություն, որ այդ հոդվածի ընդունման դեպքում գուցե ինքն էլ կարող էր դատվել, «հատկապես, որ իր իշխանության գալը, արդեն այսօր շատ մասնագետներ որակում են որպես իշխանության զավթում շանտաժի միջոցով եւ սահմանադրական կարգի տապալում», նշենք, որ օրենքը հետադարձ ուժ չունի, այն չի կարող վերաբերել մինչեւ դրա ուժի մեջ մտնելը եղած իրադարձություններին ու անձանց, ինչի մասին հայտարարել է նաեւ ինքը՝ Գեւորգ Պետրոսյանը։ Հետեւաբար, կայքի այս ակնարկը եթե անտեղյակության արդյունք չէ, ապա առնվազն մանիպուլյացիա է։  Հայարփի Բաղդասարյան
14:14 - 08 մայիսի, 2020
Ամառվա ընթացքում բոլոր ՔԿՀ-ները կանցնեն սննդի մատակարարման նոր համակարգի |hetq.am|

Ամառվա ընթացքում բոլոր ՔԿՀ-ները կանցնեն սննդի մատակարարման նոր համակարգի |hetq.am|

hetq.am: Ամառվա ընթացքում Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկները կանցնեն սննդի մատակարարման նոր համակարգի: Այս մասին խորհրդարանում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հարցադրման, թե որ ՔԿՀ-ներն են անցել սննդի մատակարարման նոր համակարգի: Բադասյանի խոսքով` այժմ մասնավոր ընկերությունների հետ համագործակցում է 9 ՔԿՀ, դրանք են` «Արմավիր», «Աբովյան», «Նուբարաշեն», «Գորիս», «Դատապարտյալների հիվանդանոց», «Վարդաշեն», «Երևան-Կենտրոն», «Հրազդան» և «Սևան»: Ակնկալվում է, որ  հունիսից այդ համակարգին անցում կկատարեն նաև «Կոշ», «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ները։ Ինչ վերաբերում է  «Դատապարտյալների հիվանդանոց» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ների փակման և նոր ՔԿՀ կառուցելուն, նախարարն ասաց, որ այն ներկայացված է նախարարության միջնաժամկետ ծախսային ծրագրում, քննարկվում է կառավարությունում: Բադասյանի խոսքով` արվում է առավելագույնը, որ այդ երկու ՔԿՀ-ների փոխարեն կառուցվի ժամանակակից պայմաններով ՔԿՀ: Հիշեցնենք, որ խորհրդարանում շարունակվում է Կառավարության 2019 թվականի գործունեության հաշվետվության քննարկումը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն էլ հետաքրքրվեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի` ուժի մեջ մտնելու ժամկետներից, ասելով, որ քաղաքացիները մեղադրում են իշխող ուժին արագ չարձագանքելու համար: Պատգամավորը նաև ահազանգեր էր ստացել, որ օրենքի ընդունումից հետո որոշ անձինք իրենց ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի ձեռքբերումը փորձում են ինչ-որ կերպ օրինականացնել: «Նրանք, ովքեր կեղծ պայմանագրեր են կնքում, մեր աշխատանքը հեշտացնելու են, որովհետև բավական լավ ապացույցներ են հավաքվում ապօրինի գույքի մասին: Ինչ վերաբերում է գույքի` բարեխիղճ ձեռքբերողին, ոչ մի պատշաճ գույք ձեռք բերող առանց տարրական անհրաժեշտ փաստաթղթերի գույք ձեռք չի բերի, նման ռիսկի չի գնա, բայց որոշակի աշխատանքներ տարվում են, ձեռնարկ է պատրաստվում, թե որ դեպքերում պետք է էդ ազդակները ճիշտ մարմիններին ուղղորդվեն, որ նման ռիսկերը չեզոքացվեն»,-ասաց Ռուստամ Բադասյանը: Նախարարը նաև մանրամասնեց`օրենքի ստորագրման և ուժի մեջ մտնելու դեպքում որոշակի ժամկետ կա և մոտ երեք-չորս ամսվա աշխատանք՝  մինչև օրենքն ամբողջ ծավալով գործի: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հետաքրքրվեց սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքային քննարկումներից: Արդարադատության նախարարն արձագանքեց` աշխատանքներ են տարվում հայեցակարգի մշակման ուղղությամբ, որը պետք է նախնական տեսքով պատրաստ լինի մինչև սեպետմբեր, այնուհետև ներկայացվի հանրային քննարկման: «Հիմա համավարակի պատճառով ֆիզիկապես չենք իրականացնում նիստերը, տեսակապով ենք քննարկում, բայց ամեն շաբաթ նիստ ենք անում»,-եզրափակեց նա:
13:04 - 07 մայիսի, 2020
Ապօրինի գույքի բռնագանձման օրենք, հակակառուպցիոն ռազավարություն. նախարարի զեկույցը |armenpress.am|

Ապօրինի գույքի բռնագանձման օրենք, հակակառուպցիոն ռազավարություն. նախարարի զեկույցը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կոռուպցիայի դեմ ինստիտուցիոնալ պայքարի համար 2019-ին ձեռնարկվել են մի խումբ միջոցառումներ, որոնք շարունակվում են նաև 2020-ին, դրանցից են ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքի մշակումն ու ընդունումը, իրական սեփականատերերի հայտարարագրման ինստիտուտի ներդրումը և այլն: Այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուսատամ Բադասյանը՝ ԱԺ-ում կառավարության 2019 թվականին ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս: «2019-ի հոկտեմբերին լայնամասշտաբ հանրային քննարկումներից, ներառական քննարկումներից և միջազգային փորձաքննություններից հետո կառավարությունը հաստատել է հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագիրը: Կառավարության այս ռազմավարությամբ հիմնական խնդիրը, որ լուծվել է, ինստիտուցիոնալ հակակոռուպցիոն մարմինների շրջանակի ստեղծման նախատեսումն է և այդ առումով գործողությունների հաջորդականությունը»,-ասաց Բադասյանը: Նա հիշեցրեց՝ արդեն ստեղծվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Դեռ նախատեսվում է 2021-ին ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե, որը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության գործառույթ պետք է ունենա, Գլխավոր դատախազության կազմում հակակոռուպցիոն հատուկ ստորաբաժանում և հակակոռուպցիոն դատարան: Հաջորդ խումբ միջոցառումներն ուղղված են եղել կոռուպցիայի կանխարգելման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը, մասնավորապես, հանրային պաշտոն զբաղեցնող անձանց գործունեության նկատմամբ իրական հանրային վերահսկողության իրականացման նպատակով ներդրվել են համարժեք թափանցիկության և հաշվետվողականության մեխանիզմներ: Ներդրվել է շահերի բախման հայտարարագրի ինստիտուտը: Նախարարը հիշեցրեց նաև իրական սեփականատերերի հայտարարագրման ինստիտուտի ներդրման մասին: Կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության հաջորդ ուղղությունը եղել է կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագրավմանն ուղղված գործիքակազմերի ստեղծումը, մշակվել է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի նախագիծը, և ընդունվել  ԱԺ-ի կողմից: Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործում ազդարարների ինստիուտի դերը կարևորելով՝ 2019 թվականին մայիսի 21-ին գործարկվել է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը: Բադասյանը նշեց նաև, որ «Transparency international»  կոռուպցիայի ընկալման համաթիվ 2019 թվականի զեկույցով արձանագրվել է, որ Հայաստանն իր դիրքերը նախորդ տարվա համեմատությամբ բարելավել է միանգամից 28 հորիզոնականով, ընդ որում կոռուպցիայի ընկալման համաթվի միավորը 1 տարվա ընթացքում բարձրացվել է 7-ով: Սա Հայաստանի պատմության մեջ բացառիկ ցուցանիշ է:
12:26 - 07 մայիսի, 2020
Պատգամավոր Անի Սամսոնյանի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում. Արդարադատության նախարարություն

Պատգամավոր Անի Սամսոնյանի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում. Արդարադատության նախարարություն

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նախօրեին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին, անդրադառնալով արտակարգ դրության ռեժիմով պայմանավորված քրեակատարողական հիմնարկներ հանձնուքների ընդունման և տեսակցությունների տրամադրման արգելքին, հերթական անգամ մի շարք պնդումներ է արել, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Առնվազն բաց աղբյուրներից օգտվելով՝ տիկին Սամսոնյանը կարող էր Ազգային ժողովի պատասխանատու ամբիոնն օգտագործելով՝ չներկայացնել չճշտված տեղեկություն՝ պնդելով, թե Հայաստանի 12 քրեակատարողական հիմնարկներից ներկայում միայն երկուսում է ներդրված սննդի մատակարարման նոր համակարգը, այն դեպքում, երբ արդեն ինը ՔԿՀ-ներում սննդի մատակարարման գործառույթը պատվիրակված է բաց մրցույթով հաղթող ճանաչված մասնավոր ընկերությանը, որի տրամադրած սննդի բարձր որակի և բազմազանության մասին բազմիցս բարձրաձայնել են թե՛ քրեակատարողական հիմնարկներում պահվող անձինք, թե նրանց հարազատները, թե՛ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը, և թե՛ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։   Ինչ վերաբերում է այն ենթադրությանը, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում քրեակատարողական հիմնարկներում հանձնուքների, ծանրոցների և փաթեթների ընդունման արգելքը միտված է հիմնարկին կից գործող խանութների առևտուրը խթանելուն, ապա այն ևս իրականության հետ որևէ աղերս չունի:  Ազատությունից զրկված անձանց մերձավոր ազգականների կողմից հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ հիմնարկ բերելն արգելելը բխում է բացառապես ազատությունից զրկված անձանց և նրանց մերձավոր ազգականների առողջության պահպանման անհրաժեշտությունից: Պետք է նկատի ունենալ, որ խնդիրը լոկ հանձնուքն ընդունելը չէ, այլ նաև այն, որ պետք է առավելագույնս նվազեցվեն հիմնարկ վարակի ներթափանցման հնարավոր դեպքերը: Հիմնարկ մուտք ունեցող անձանց շրջանակի ընդլայնումը կարող է բարձրացնել վարակման ռիսկը, ինչը Նախարարության համար ընդունելի չէ: Առողջության պահպանման իրավունքի ապահովման ուղղությամբ պետության ձեռնարկած քայլերը պետք է գերակա լինեն, այն էլ այն պայմաններում, երբ հանձնուքներ, ծանրոցներ և փաթեթներ ստանալու իրավունքը սահմանափակվել է միայն ժամանակավորապես՝ պայմանավորելով արտակարգ դրության հայտարարմամբ: Հիմնարկներին կից գործող խանութներից առևտուր անելու դեպքում շաբաթական կտրվածքով, որպես կանոն, մեկ անգամ են ընդունվում հայտերը, հայտերն ընդունվելու դեպքում պահպանվում են սանիտարական բոլոր կանոնները, ընդունված հայտերի արդյունքում ձեռք բերված ապրանքները պահվում են առնվազն մեկ օր, ապա նոր միայն փոխանցվում հասցեատերերին, որպեսզի վարակի փոխանցման հավանականությունը հասցվի նվազագույնի: Մերձավոր ազգականների դեպքում, ինչպես նշվեց, առկա են՝ 1) հիմնարկ մուտք գործող անձանց շրջանակի ընդլայնման ռիսկեր, 2) հիմնարկ մուտք գործելու հնարավոր դեպքերի թվի ավելացման ռիսկեր՝ հաշվի առնելով այն, որ ազատությունից զրկված անձը կարող է անսահմանափակ թվով հանձնուքներ ստանալ (միայն կալանավորված անձանց դեպքում է, որ գործում է մինչև 70 կգ հանձնուք ստանալու հնարավորություն): Ի վերջո, եթե թույլատրվի հանձնուքի ընդունումը, ապա պետք է գիտակցել, որ այդ դեպքում հիմնարկներ կարող են այցելել շուրջ 2140 անձ (ընդ որում՝ դա այն դեպքում, երբ հանձնուքը հիմնարկ բերի միայն 1 անձ): Օբյեկտիվորեն հիմնարկ 2140 անձի մուտքը կարող է հանգեցնել վարակի ներթափանման ռիսկայության բարձրացմանը, որի դեպքում հետևանքներն աղետալի կլինեն:
09:47 - 06 մայիսի, 2020
Լրատվական գործունեություն իրականացնողների համար Պետռեգիստրի տվյալներն այսօրվանից հասանելի են անվճար հիմունքով. հայտի լրացման ձևը հաստատվել է

Լրատվական գործունեություն իրականացնողների համար Պետռեգիստրի տվյալներն այսօրվանից հասանելի են անվճար հիմունքով. հայտի լրացման ձևը հաստատվել է

Լրատվական գործունեություն իրականացնողների համար Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության գրանցամատյանում առկա տեղեկություններն այսուհետ հասանելի կլինեն անվճար հիմունքով: Նշենք, որ նախկինում յուրաքանչյուր իրավաբանական անձի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար ԶԼՄ-ները վճարում էին պետական տուրք: Այսօրվանից ուժի մեջ է մտել նախօրեին հրապարակված ՀՀ արդարադատության նախարարի «Լրատվական գործունեություն իրականացնողների՝ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում առկա տեղեկություններին հասանելիություն տրամադրելու հայտերի ձևերը հաստատելու մասին» հրամանը: Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերն այսօրվանից կարող են լրացված հայտերը՝ կից փաստաթղթերով ներկայացնել ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության այս պահին գործող տարածքային սպասարկման գրասենյակներ: Միաժամանակ, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարված լինելը և Հանրապետության տարածքում տեղաշարժման իրավունքի առկա սահմանափակումները՝ տեղեկացնում ենք, որ մինչև արտակարգ դրության ավարտը նշված հայտերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ հայտը և կից փաստաթղթերն ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: Հայտի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն հայտը մուտքագրվելուց հետո՝ եռօրյա ժամկետում: Լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերի համար նման հնարավորության նախատեսումը կամրապնդի հետաքննող լրագրության և մամուլի ազատության երաշխիքները, կնպաստի նրանց կողմից հանրությանն առավել ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն տրամադրելուն: Հիշեցնենք, որ այդ բարեփոխումը բխում է Կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, իսկ դրան ուղղված օրենսդրական փաթեթն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2020 թվականի մատի 6-ին և ուժի մեջ մտել ապրիլի 11-ին:
10:40 - 30 ապրիլի, 2020
Արդարադատության նախարարության Վերահսկողական ծառայության պետի ընտրության գործընթացում նախարար Բադասյանի մասնակցությունը կանոնակարգված է օրենքով․ ԱՆ խոսնակ

Արդարադատության նախարարության Վերահսկողական ծառայության պետի ընտրության գործընթացում նախարար Բադասյանի մասնակցությունը կանոնակարգված է օրենքով․ ԱՆ խոսնակ

ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը, անդրադառնալով լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններին, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Արդարադատության նախարարության Վերահսկողական ծառայության պետի ընտրության գործընթացում նախարար Բադասյանի մասնակցությունը կանոնակարգված է օրենքով։ Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև։ «Սիրելի՛ գործընկերներ, ի պատասխան լրատվամիջոցներով տարածվող տեղեկության, նշեմ, որ Արդարադատության նախարարության Վերահսկողական ծառայության պետի ընտրության գործընթացում նախարար Բադասյանի մասնակցությունը կանոնակարգված է օրենքով, իսկ գլխավոր քարտուղարի դեպքում՝ նախարարն առհասարակ մասնակցություն չունի: Երկու թափուր հաստիքների համար տարբեր ժամանակներում նախապես մրցույթներ են հայտարարված եղել, որոնց մասնակցելու համար առանձին-առանձին հայտ են ներկայացրել հինգից ավելի անձինք: Բոլոր հայտատուներն անցել են թեստավորման, իսկ այդ փուլը հաղթահարելուց հետո նաև հարցազրույցի փուլերը: Մրցույթն անցկացրել են մրցութային հանձնաժողովները: Հաղթող ճանաչված անձանց գործունեությունը որևէ օրենսդրական կարգավորմամբ արգելված չէ, առկա չէ շահերի բախման իրավիճակ»:
18:59 - 26 ապրիլի, 2020
Հայաստանի ՔԿՀ–ներում պահվում է ռիսկային խմբում գտնվող 13 կալանավորված. ԱՆ |news.am|

Հայաստանի ՔԿՀ–ներում պահվում է ռիսկային խմբում գտնվող 13 կալանավորված. ԱՆ |news.am|

news.am: Հայաստանի ՔԿՀ–ներում ներկայումս պահվում է ռիսկային խմբում՝ 60 տարեկանից բարձր տարիք և համակցված հիվանդություններ ունեցող 13 կալանավորված անձ։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարությունից։ ԱՆ–ից նաև հայտնեցին, որ ՔԿՀ–ներում կալանավորված անձանց շրջանում 60 տարեկանից բարձր տարիք ունեցող անձանց ընդհանուր թիվը 32 է, դատապարտյալներինը՝ 59։ Նշենք, որ ռիսկային խմբում է գտնվում նաև Մարտի 1-ի գործով ամբաստանյալ՝ 65–ամյա Ռոբերտ Քոչարյանը։ Նրա փաստաբանները բազմիցս ահազանգել են այն մասին, որ կորոնավիրուսի համավարակի պայմաններում Քոչարյանի՝ ՔԿՀ–ում գտնվելը վտանգ է ներկայացնում նրա առողջության համար, և նրա խափանման միջոց կալանքը պետք է փոխվի։ Այս հարցով նրանք երեք անգամ դիմել են ՄԻՊ–ին, որը երկու գրություններն ուղարկել է ԲԴԽ՝ պաշտոնական դիրքորոշում ստանալու համար։ Մյուս կողմից՝ Քոչարյանի գործով դատական նիստերը մեկ ամսից ավելի է՝ չեն կայանում, քանի որ դատավոր Աննա Դանիբեկյանն արդեն երկրորդ անգամ անաշխատունակության թերթիկ է վերցրել՝ առողջական խնդիրների հիմքով։ Քոչարյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը նաև հայցադիմում է ներկայացրել Քրեակատարողական ծառայության դեմ, որը նախօրեին վարույթ է ընդունվել։  Հայցվոր կողմը պահանջում է կանխել Քոչարյանի իրավունքները խախտող գործողությունները, մասնավորապես, անմարդկային վերաբերմունքը եւ խոշտանգումները Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ:  Պաշտպանները վկայակոչում են միջազգային կառուցների՝ ՄԱԿ-ի եւ ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարների, ինչպես նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայտարարությունները, որ պետությունները պետք է քայլեր ձեռնարկեն այլընտրանքային խափանման միջոցներ կիրառելու ուղղությամբ։ 
16:55 - 25 ապրիլի, 2020
Անբացատրելի է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կողմից մի շարք հասարակական կազմակերպությունների և իրավապաշտպանների անունից տարածված հայտարարությունը

Անբացատրելի է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կողմից մի շարք հասարակական կազմակերպությունների և իրավապաշտպանների անունից տարածված հայտարարությունը

Արդարադատության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Անբացատրելի է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կողմից մի շարք հասարակական կազմակերպությունների և իրավապաշտպանների անունից տարածված հայտարարությունը։ Այն, ինչ անում ենք, նախատեսված է եղել Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ, որն արժանացել է թե՛ միջազգային հանրության, թե՛ քաղաքացիական հասարակության, այդ թվում՝ հայտարարությունում նշված ՀԿ-ների դրական արձագանքին։ Ավելին, Դատական օրենսգրքի կարգավորումները ևս երկար ժամանակ հանրային քննարկում են անցել և նման դիրքորոշում չենք ստացել, հետևաբար այս փուլում նման հայտարարությամբ հանդես գալը չենք կարող բացատրել, թե ինչով է պայմանավորված։Հ․Գ․1. Հիշեցնեմ, որ որոշ հարցեր օրեր առաջ արդեն իսկ պարզաբանել էինք՝ http://moj.am/article/2703 :Հ․Գ․ 2. Բազմիցս նշել ենք, որ որոշ առաջարկվող կարգավորումներ հնարավոր են բացառապես սահմանադրական բարեփոխումների արդյունքում»։  
15:24 - 21 ապրիլի, 2020