ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Լավրովը ԼՂ հարցով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել |armenpress.am|

Լավրովը ԼՂ հարցով ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել` Լեռնային Ղարաբաղի խնդրում չլուծված քաղաքական հարցերի քննարկման համար: Այս մասին Լավրովը հայտնել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: «Ինչ վերաբերում է մինչ այժմ չլուծված քաղաքական հարցերի քննարկմանը, կարող եմ վերահաստատել մեր պատրաստակամությունը ինչպես ազգային, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գծով` աջակցելու այդպիսի հանդիպումների կազմակերպմանը, երբ կողմերը պատրաստ լինեն դրան»,- ասել է Լավրովը: ՌԴ արտգործնախարարը նշել է, որ այժմ օրակարգում են կրակի դադարեցման ռեժիմի ցանկացած խախտում թույլ չտալը, ինչպես նաև տեղանքի մաքրումը պայթյունավտանգ առարկաներից, ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակումը, փախստականների և ներքին տեղահանվածների վերադարձի անվտանգության ապահովումը, հումանիտար սուր հարցերի լուծումը, պատմական հուշարձանների պահպանումը՝ անկախ նրանց կրոնական պատկանելությունից, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը: «Այս բոլոր ուղղություններով որոշակի դրական բան կա, բայց առաջանում են նաև խնդիրներ, որոնք անխուսափելի են՝ հաշվի առնելով իրավիճակի արտառոց լինելը»,- նշել է Սերգեյ Լավրովը:
13:04 - 30 դեկտեմբերի, 2020
Ղարաբաղում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրանքներ չեն եղել. Լավրով |1lurer.am|

Ղարաբաղում ռուս խաղաղապահների նկատմամբ սադրանքներ չեն եղել. Լավրով |1lurer.am|

1lurer.am:  ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նշել է, թե Արցախում հրադադարի հաստատման պայմանագրի ստորագրումից ի վեր միակ խախտումը գրանցվել է դեկտեմբերի 13-ին, այն վայրում, որտեղ ռուս խաղաղապահներ տեղակայված չեն եղել: «Ադրբեջանցի և հայ գործընկերների հետ մեր խաղաղապահ զորախմբի նախաձեռնած ակտիվ քայլերը թույլ տվեցին կանխել միջադեպի հետագա զարգացումը: Հետագայում նույնպես կներդնենք բոլոր ջանքերը՝ հրադադարի խափանումը թույլ չտալու համար»,- նշել է ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը: Նրա խոսքով՝ Մոսկվան իր խաղաղապահներ հանդեպ սադրանքի որևէ դրսևորում մինչև այժմ չի նկատել:  «ԼՂ հակամարտության գոտում իրավիճակը կարգավորման միտում ունի: Գոհունակությամբ նշում ենք, որ Բաքուն և Երևանը տրամադրված են իրականացնել ստանձնած պարտավորությունները և քայլեր անել դեպի իրավիճակի ընդհանուր կարգավորումը: Ցանկանում եմ շեշտել առաջացող խնդիրների լուծման հարցում կողմերի միջև հաստատված համագործակցության բարձր մակարդակը: Ռուսաստանն էլ, իր հերթին շարունակում է պատասխանատու և արդյունավետ իրականացնել հրադադարի երաշխավորի իր գործառույթը»,- ասել է Սերգեյ Լավրովը:  
12:23 - 30 դեկտեմբերի, 2020
ՌԴ-ում Նավալնիի նկատմամբ խարդախության հոդվածով քրեական գործ է հարուցվել |tert.am|

ՌԴ-ում Նավալնիի նկատմամբ խարդախության հոդվածով քրեական գործ է հարուցվել |tert.am|

tert.am: Ռուսաստանի քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել բլոգեր Ալեքսեյ Նավալնիի դեմ խոշոր չափերի խարդախության գործով: Այս մասին տեղեկացնում է EAdaily լրատվականը` հղում տալով ՌԴ քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյին:«Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունը հավաքել է բավարար տվյալներ, որոնց հիման վրա հարուցվել է քրեական գործ Ալեքսեյ Նավալնիի և այլ անձանց դեմ ՝ ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով նախատեսված հանցագործության համար (առանձնապես խոշոր չափերի խարդախություն)»,-ասել է Պետրենկոն:Հետաքննության տվյալների համաձայն` ոչ առևտրային կազմակերպությունների` այդ թվում «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի», «Տարվա 5-րդ եղանակ» ԶԼՄ-ների աջակցության հիմնադրամի, «Քաղաքացիների իրավունքների պաշտպանության կազմակերպման և համակարգման հիմնադրամի», «Քաղաքացիների իրավական ապահովման հիմնադրամի» «ՇՏԱԲ» քաղաքացիների իրավունքների պաշտպանության հիմնադրամի կարիքների համար ֆիզիկական անձանցից որպես նվիրատվություն հավաքվել է ավելի քան 588 միլիոն ռուբլի գումար, որոնք նախատեսված էին բացառապես հիմնադրամների կարիքների համար:
11:56 - 30 դեկտեմբերի, 2020
Կիևը քաղաքական նկատառումներով դադարեցնում է Հայաստանից, ՌԴ-ից և Բելառուսից գրողների գրքերի հրատարակումը |tert.am|

Կիևը քաղաքական նկատառումներով դադարեցնում է Հայաստանից, ՌԴ-ից և Բելառուսից գրողների գրքերի հրատարակումը |tert.am|

tert.am: Ուկրաինայի գրողների ազգային միությունը որոշել է դադարեցնել այն երկրներից հեղինակների ստեղծագործությունների հրատարակումը, որոնք ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում քվեարկությամբ «դեմ են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը». խոսքը նաև Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Սերբիայի և Չինաստանի մասին է: Միության համապատասխան որոշումը հրապարակել է «Ուկրաինական գրական թերթը», փոխանցում է ria.ru-ն։«Ուկրաինայի գրողների ազգային միության քարտուղարության նիստում որոշում է ընդունվել դադարեցնել այն երկրների գրողների ստեղծագործությունների հրատարակումները, որոնք ՄԱԿ-ում և այլ միջազգային կազմակերպություններում քվեարկությամբ հանդես են գալիս Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ, այդ թվում են՝ Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Վենեսուելան, Հայաստանը, Զիմբաբվեն, Իրանը, Կամբոջան, Ղրղզստանը, Չինաստանը, ԿԺԴՀ-ն, Կուբան, Լաոսը, Մյանման, Նիկարագուան, Սերբիան, Սիրիան, Սուդանը»,- ասված է տեքստում:Ընդգծվում է, որ բացառություն կարող են կազմել «մահացած դասականների, ինչպես նաև այն ժամանակակից գրողների ստեղծագործությունները, որոնք հրապարակայնորեն պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և դատապարտում են Ռուսաստանի Դաշնության ագրեսիան»:
10:09 - 30 դեկտեմբերի, 2020
Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 333.6 հա տարածք
 |1lurer.am|

Արցախում չպայթած զինամթերքից մաքրվել է 333.6 հա տարածք |1lurer.am|

1lurer.am: Օրվա ընթացքում ռուս խաղաղապահներն ապահովել են Հայաստանի տարածքից 273 տեղահանվածի անվտանգ վերադարձն Արցախ: Ընդհանուր առմամբ 2020-ի նոյեմբերի 14-ից մինչ օրս Արցախի իրենց նախկին բնակավայր է վերադարձել 46196 մարդ: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Պն կայքից: Ռուսական խաղաղապահ զորախմբի մասնագետները շարունակում են Արցախի տարածքի ականազերծման աշխատանքները: Արցախում ականազերծման ժամանակ նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 333.6 հա տարածք, 127.7 կմ ճանապարհ, 540 բնակելի շենք, այդ թվում՝ 15 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 13519 պայթյունավտանգ առարկա: Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, համագործակցելով ԿԽՄԿ-ի և Արցախի ԱԻՆ ներկայացուցիչների հետ, շարունակում է ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների մարմինների որոնումն ու փոխանցումը: Աշխատանքի սկզբից ի վեր Անհայտ կորածների մասին տեղեկություն հավաքելու համար գործող թեժ գծին ստացվել է 550 հեռախոսազանգ: Բոլոր դիմումները փոխանցվել են կողմերի հաշտեցման կենտրոնի որոնողական խմբերին:  
21:56 - 29 դեկտեմբերի, 2020
Արցախում ռուս զինծառայողները սկսել են մարտական պատրաստության հիմնական առարկաների դասընթացները
 |1lurer.am|

Արցախում ռուս զինծառայողները սկսել են մարտական պատրաստության հիմնական առարկաների դասընթացները |1lurer.am|

1lurer.am: Արցախում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների զինծառայողները սարքավորումներով հագեցած «Ստեփանակերտ» և «Մարտակերտ» զինավարժարաններում սկսել են մարտական ​​պատրաստության պլանային ուսումնավարժանքները: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից: Կրակային պատրաստության ընթացքում զինծառայողները կրակել են տարբեր տեսակի թիրախների վրա՝ ինքնաձիգներից և գնդացիրներից, դիպուկահար հրացաններից, ձեռքի հակատանկային նռնականետներից, ինչպես նաև БТР-82А զրահափոխադրիչների սպառազինությունից: Բացի այդ, ռուս խաղաղապահները վարժանքներ են կատարել՝ մարտական ​​ձեռքի բեկորային նռնակներ նետելով: Զինծառայողները նռնակներ են նետել 25 մ հեռավորության վրա գտնվող թիրախների՝ երեք ֆիգուրների վրա, որոնք տեղակայված են ինչպես լեռան վրա, այնպես էլ լեռան տակ: Չնայած դիտակետերում ռուս խաղաղապահների շուրջօրյա հերթապահությանը՝ Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարությունը նախատեսել է դասընթացներ մարտական ​​պատրաստության հիմնական տեսակների, այդ թվում՝ մարտավարական, հատուկ-մարտավարական, կրակային, ինչպես նաև մարտական ​​մեքենաների և այլ հատուկ ավտոմեքենաների վարման համար: Ընդհանուր առմամբ, մարտական ​​պատրաստության մեջ ներգրավված են մոտ 200 ռուս զինծառայող, ավելի քան 20 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա:
21:08 - 29 դեկտեմբերի, 2020
Համոզված եմ, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի համագործակցությունը 2021-ին կշարունակի ամրապնդվել. Միշուստինը՝ Փաշինյանին

Համոզված եմ, որ ՀՀ-ի ու ՌԴ-ի համագործակցությունը 2021-ին կշարունակի ամրապնդվել. Միշուստինը՝ Փաշինյանին

Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում ասված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Անցնող տարում հայ-ռուսաստանյան հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության, գործընկերության և դաշնակցային սկզբունքների վրա, դինամիկ զարգացում են ապրել: Առաջընթաց է գրանցվել համատեղ խոշոր ծրագրերում: Ամրապնդվել է ինտեգրացիոն փոխգործակցությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակում: Համոզված եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի բազմաբնույթ համագործակցությունը 2021 թվականի ընթացքում կշարունակի ամրապնդվել: Կարևոր եմ համարում Լեռնային Ղարաբաղի հետկոնֆլիկտային վերականգնման հարցերում արդյունավետ համագործակցություն ապահովումը: Մաղթում եմ Ձեզ, հարգելի Նիկոլ Վովայի, քաջառողջություն և բարեկեցություն, իսկ եղբայրական Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ խաղաղություն և բարգավաճում»:  
19:35 - 29 դեկտեմբերի, 2020
Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ գալիք տոների կապակցությամբ

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ գալիք տոների կապակցությամբ

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Ուղերձում նշված է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք ամանորյա և սուրբծննդյան անկեղծ շնորհավորանքներս։ Անցնող տարին ամենևին էլ դյուրին չէր, և ցանկանում եմ հուսալ, որ նրա բերած փորձությունները կմնան անցյալում։ Կարևոր է, որ մենք լիովին համոզվեցինք մեր երկրների միջև բարեկամական, դաշնակցային հարաբերությունների նշանակալի լինելու մեջ։ Վստահ եմ, որ հայ-ռուսաստանյան բազմաբնույթ կապերի հետագա զարգացումը համահունչ է մեր եղբայրական ժողովուրդների հիմնարար շահերին և ընթանում է Անդրկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովման ոգով։ Մաղթում եմ Ձեզ, Ձեր հարազատներին և մտերիմներին քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ երջանկություն և բարգավաճում»։
18:22 - 29 դեկտեմբերի, 2020
Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստ հրավիրելու առաջարկը դեռևս ուժի մեջ է |tert.am|

Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՌԴ-ՆԱՏՕ խորհրդի նիստ հրավիրելու առաջարկը դեռևս ուժի մեջ է |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պնդել է, որ Մոսկվան դեռևս չի արձագանքել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստն անցկացնելու Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ուժի մեջ գտնվող առաջարկին: Այս մասին նա հայտարարել է DPA գործակալությանը տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «2020 թվականի սկզբին մենք Ռուսաստանին հրավիրել էինք Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպմանը։ Նրանք չեն արձագանքել, բայց մեր հրավերը դեռ ուժի մեջ է։ Ես խորապես հավատում եմ երկխոսությանը և Ռուսաստանին կոչ եմ անում ընդունել այն», -ասել է Ստոլտենբերգը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքով՝ «երկխոսությունը կնպաստի միջադեպերի, դժբախտ պատահարների և սխալ հաշվարկների ռիսկի նվազեցմանը, և որ այն կարող է նպաստել հարաբերությունների բարելավմանը»։ Դեկտեմբերի սկզբին հրապարակվել է «ՆԱՏՕ-2030» դաշինքի բարեփոխման մասին զեկույցը, որում ասվում է, որ կազմակերպությունը Ռուսաստանին համարում է իր անվտանգության գլխավոր ռազմական սպառնալիքը առնվազն մինչև 2030 թվականը: Դրա հետ մեկտեղ փաստաթղթում նշվում է, որ ՆԱՏՕ-ն անհրաժեշտ է համարում պահպանել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդը՝ որպես ՌԴ-ի հետ խաղաղ գոյակցության մասին քաղաքական երկխոսության գործիք, սակայն այդ երկխոսությունը դաշինքը մտադիր է վարել «ուժի և Ատլանտյան միասնության դիրքերից»։
14:32 - 29 դեկտեմբերի, 2020