ԱԱԾ

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է ազգային անվտանգության բնագավառում Հայաստանի կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև ազգային անվտանգության մարմինների կառավարումը։ Այն համարվում է Հայաստանի գլխավոր հատուկ ծառայությունը։ Ազգային անվտանգության ծառայության լիազորություններն ու պարտականությունները սահմանվում են ՀՀ Ազգային անվտանգության մարմինների մասին օրենքով:

2020 թ. նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Արմեն Աբազյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի հրավիրվի ԲԴԽ՝ հարցաքննության. ԲԴԽ-ն մերժեց փաստաբանի միջնորդությունը |armtimes.com|

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը չի հրավիրվի ԲԴԽ՝ հարցաքննության. ԲԴԽ-ն մերժեց փաստաբանի միջնորդությունը |armtimes.com|

armtimes.com: Բարձրագույն դատական խորհրդում Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի կարգապահական պատասխանատվության հարցի քննարկման ժամանակ նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը միջնորդեց դատարան հրավիրել ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին: Ըստ Աթանեսյանի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության լուծման համար դա խիստ էական նշանակություն ունի. «Ցանկանում ենք դատարանում հարցաքննել մեր դեմ վկայող անձին, ճշտել նրա բացասական դիրքորոշման պատճառները, ինքնաբացարկ ներկայացնելու ցուցում քննիչներին տալ-չտալու հանգամանքները եւ դրա նպատակը»,- ասաց նա: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը բացասական դիրքորոշում հայտնեց միջնորդության վերաբերյալ: ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որտեղից կարճ ժամանակ անց վերադառնալով՝ մերժեց միջնորդությունը: Ալեքսանդր Ազարյանը, հիշեցնենք, այն դատավորն է, որը քննել է «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի հարցը. վերջինս մեղադրվում է Մարտի 1-ի գործով կազմակերպված խմբի կողմից տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելու մեջ: Մեղադրանքի առաջադրումից հետո՝ 2019 թվականի դեկտեմբերին, Արմեն Թավադյանը կալանավորվել էր, ինչի դեմ հետագայում պաշտպանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել, որը քննելով՝ Ազարյանը Թավադյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել: Հետագայում, սակայն, պարզ էր դարձել, որ այդ բողոքի քննության ժամանակ նա որոշակի արտահայտություններ է արել Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի հասցեին: Վերջինս, դրանք գնահատելով վիրավորական, հաղորդում էր ներկայացրել Արդարադատության նախարարությանը, որն էլ դրա հիման վրա կարգապահական վարույթ էր հարուցել եւ միջնորդությամբ դիմել ԲԴԽ-ին՝ դատավորին կարգապահական պատասխաանտվության ենթարկելու: Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
17:56 - 25 հունիսի, 2020
ՀՀ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետի և ոստիկանության ևս երեք պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետի և ոստիկանության ևս երեք պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի պետ Մկրտիչ Վարոսյանը, բաժանմունքի պետի տեղակալ Արայիկ Ղազարյանը և նույն ստորաբաժանման քրեական հետախուզության խմբի օպերլիազոր Անդրանիկ Խաչատրյանը, անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, հանցավոր համաձայնության են եկել հափշտակություններ կատարելու համար դատապարտված և պատժի կրումից ազատված Էդգար Գևորգյանի հետ: Մասնավորապես, հիշյալ բաժանմունքի կողմից սպասարկվող վարչական տարածքում հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձրացնելու և պարգևատրումներ ստանալու նպատակով վերջիններս Էդգար Գևորգյանին առաջարկել են չնչին վարձատրության դիմաց կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություններ՝ խոստանալով համոզել տուժողներին հրաժարվել բողոք ներկայացնելուց և այդ հիմքով Է. Գևորգյանին չենթարկել քրեական պատասխանատվության` գողոնը թողնելով նրա տնօրինման ներքո: Արդյունքում, վերը նշված պաշտոնյաների հովանավորության ներքո, Էդգար Գևորգյանը 2019-2020 թվականների ընթացքում Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների տարածքում կայանված ավտոմեքենաներից կատարել է 15 դրվագ գողություն և գողության փորձեր, որոնց վերաբերյալ նյութեր են նախապատրաստվել ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքում: 2020թ. մարտի 19-ին կատարված դեպքերի առթիվ նյութերի նախապատրաստումը հանձնարարվել է ավագ տեսուչ Հակոբ Հակոբյանին: Վերջինս, սակայն, պարտավոր լինելով այդ դեպքերի բացահայտման համար օրենքով սահմանված կարգով ձեռնարկել համապատասխան քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները և ընդառաջել է Արայիկ Ղազարյանի ու Մկրտիչ Վարոսյանի խնդրանքներին, այն է՝ ակնհայտ կեղծ տեղեկություններ պարունակող պաշտոնական փաստաթղթերի կազմմամբ արհեստական հիմքեր է ստեղծել Էդգար Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու համար: Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար` Մկրտիչ Վարոսյանին, Արայիկ Ղազարյանին և Անդրանիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Հակոբ Հակոբյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:16 - 25 հունիսի, 2020
ԱԱԾ-ն բացահայտել է  պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից  հանցագործությունը թաքցնելու դեպքեր

ԱԱԾ-ն բացահայտել է պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից հանցագործությունը թաքցնելու դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ մնալով կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու և դրանք արմատախիլ անելու գործելաոճին, հետևողական կերպով շարունակում է ձեռնարկել գործուն միջոցառումներ պետական կառավարման տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, կոռուպցիոն դրսևորումները բացահայտելու և քրեադատավարական օրենքով նախատեսված սկզբունքներն անշեղորեն կենսագործելու ուղղությամբ: Մասնավորապես՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների շնորհիվ հնարավոր է եղել բացահայտել Արարատի մարզի համայնքապատկան հողամասերը պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց դրդմամբ ապօրինի օտարելու, ձևական աճուրդներ կազմակերպելու, համայնքներին առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, պետական ծառայություն իրականացնող անձանց կողմից  հանցագործությունը թաքցնելու դեպքեր: Դրանցում ներգրավված են եղել ինչպես Արարատի մարզի Մխչյան, Շահումյան համայնքների, Արարատի մարզպետարանի, այնպես էլ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր և ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող անձինք: Պարզվել է, որ Ա. Հ.-ն, զբաղեցնելով  ՀՀ ազգային անվտանգության ծառայության Արարատի մարզային վարչության պետի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր սանիկի՝ Ա.Ա.-ի կողմից նույն համայնքի սեփականությունը հանդիսացող  բնակավայրերի նշանակության 0.9 հա մակերեսով հողամասը համայնքից երկարաժամկետ վարձակալումն առանց խոչընդոտների կազմակերպելու շահադիտական դրդումներից ելնելով, իր ենթակայության տակ գտնվող պետական ծառայություն իրականացնող Գ. Ս.-ի  միջոցով, նույն վարչություն է հրավիրել Մխչյան համայնքի ղեկավար Խ.Պ.-ին և վերջինիս կամքի ու գիտակցության վրա ներազդելով՝ դրդել է չարաշահել իր պաշտոնեական դիրքը, այն է՝ ուղղորդել է առանց խոչնդոտների կազմակերպել և ցածր վարձավճարի դիմաց երկարաժամկետ կարգով հիշյալ հողատարածքը օգտագործման տրամադրել Ա.Ա.-ին կամ ձևական աճուրդի կազմակերպմամբ օտարել այն: Արդյունքում համայնքի ղեկավարը՝ իշխանության ներկայացուցչի գործառույթներով օժտված պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի դրդմամբ, նախնական համաձայնության գալով համայնքի ավագանու անդամների հետ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, հակաօրինական գործողություն կատարելու դիտավորությամբ, Ա.Հ.-ի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ընդհանուր 11.117.800 ՀՀ դրամ կադաստրային արժողությամբ համայնքապատկան հողամասի մեկնարկային գինը սահմանել է զգալիորեն ցածր՝ 5.850.000 ՀՀ դրամ՝ այդ կերպ հնարավորություն տալով Ա.Ա.-ին աճուրդային մեկնարկային գնից մեկ քայլ կատարելու միջոցով ճանաչվել հաղթող: Արդյունքում, կայացված ձևական աճուրդի ընթացքում Ա. Ա.-ն, ընդամենը 250.000 ՀՀ դրամի չափով մեկ քայլ կատարելով, ճանաչվել է մրցույթի հաղթող և 6.100.000 ՀՀ դրամով ձեռք է բերել փաստացի 11.117.800 ՀՀ դրամ կադաստրային արժեքով համայնքապատկան գույքը և դրա նկատմամբ գրանցել սեփականության իր իրավունքը, որի հետևանքով համայնքը զրկվել է իր սեփականություն հանդիսացող գույքի օտարման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 5.017.800 ՀՀ դրամի չափով, եկամուտ ստանալու իրական հնարավորությունից, որն էական վնաս է պատճառել համայնքի օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։ Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք է բերվել նաև բավարար ապացույցների համակցություն առ այն, որ նույն պաշտոնատար անձի դրդմամբ կայացված ձևական աճուրդի արդյունքում օտարվել է նաև Արարատի մարզի Շահումյան համայնքի սեփականությունը հանդիսացող 0.2 հա և մոտ 0.4 հա մակերեսներով բնակավայրերի  ու գյուղատնտեսական նշանակության հողամասերը: Արդյունքում է համայնքապատկան գույքը վաճառվել է ընդամենը 1.705.000 ՀՀ դրամ արժեքով  իսկ համայնքը զրկվել է օրինական վաճառքի արդյունքում բարձր եկամուտներ ստանալու հնարավորությունից։ Նույն գործի շրջանակներում ձեռք է բերվել բավարար ապացույցների համակցություն առ այն, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք, քրեադատավարական օրենքով սահմանված կարգով, «Արտաշատ» ջրօգտագործողների ընկերության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերի յուրացման դեպքին ընթացք չեն տվել, առերևույթ կատարված հանցագործության բացահայտման ուղղությամբ որևէ միջոցներ չեն ձեռնարկել: Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում Արարատի մարզի Մխչյան, Շահումյան համայնքների ղեկավարները ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց մեղադրանք է առաջադրվել համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննական մարմնի՝ որոշմամբ Ա.Հ-ն ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Դատարանի որոշմամբ Ա. Հ.-ն կալանավորվել է: Նույն գործի շրջանակներում կասկածյալի դատավարական կարգավիճակում հարցաքննվել են նաև ՀՀ Արարատի մարզպետարանի հողաշինության բաժնի պետը, ՀՀ ԱԱԾ Արարատի ՄՎ Արտաշատի բաժնի պետը և նույն բաժնի օպեր լիազորը, որոնք տվել են խոստովանական ցուցմունքներ: Ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ՝ պետական ծառայություն իրականացնող անձանց ներգրավմամբ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու և համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ համակարգում ինքնամաքրման գործընթացը կրելու է շարունակական բնույթ և Ծառայությունը ցուցաբերելու է առավել անհանդուրժողական մոտեցում՝ համակարգում առկա արատավոր երևույթները բացառելու և օրենքի առջև հավասարության սկզբունքն անշեղորեն կենսագործելու ուղղությամբ: ՀՀ ԱԱԾ այլ պաշտոնյաների կողմից հնարավոր նմանատիպ գործողություններից տուժած քաղաքացիներին կոչ ենք անում դիմել Ազգային անվտանգության ծառայություն՝ միաժամանակ երաշխավորելով դիմող քաղաքացիների անվտանգությունը և անձի գաղտնիությունը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:20 - 24 հունիսի, 2020
Բացահայտվել է ադրբեջանական քարոզչության անհաջող փորձը

Բացահայտվել է ադրբեջանական քարոզչության անհաջող փորձը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում՝ պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող կեղծ օգտատերերին: Մասնավորապես՝ ս.թ. մայիսի 21-ին «WhatsApp» բջջային հավելվածում գրանցված ուկրաինական +380963496856 հեռախոսահամարի բաժանորդ ոմն «Alex»-ի և «YouTube» սոցիալական կայքում «Armen Tigranian» տվյալներով օգտատիրոջ կողմից տարածվել է տեսանյութ, որում իբրև Ադրբեջանի քաղաքացիներն անարգել շրջում են Երևանում, որտեղ մնացել են կորոնավիրուսի պատճառով, և իրականացնում տեսանկարահանումներ, իսկ Հայաստանի հատուկ ծառայություններն անգործության են մատնված: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ տարածված տեսանյութը մոնտաժման արդյունք է, որին կցվել է նախապես պատրաստված ձայնագրությունը: Պարզվել է նաև, որ նշված տեսագրությունը տարածելու համար ուկրաինական +380963496856 հեռախոսահամարի բաժանորդը «Վոթսափ» հավելվածում գրանցել է խումբ, որում ներառել է մի քանի տասնյակ հայկական հեռախոսահամարներ և միաժամանակ վերջիններիս ուղարկել այդ տեսագրությունը: Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծ և սիրողական մակարդակով բարձրացնել անդունդում գտնվող ադրբեջանական ժողովրդի «մարտական ոգին»: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մեկ անգամ ևս հորդորում ենք բջջային հավելվածներով և սոցիալական կայքերով շփումներում լինել առավել զգոն, ցուցաբերել զգուշավորություն ու շրջահայացություն, չմատնվել խուճապի ու չտարածել նմանօրինակ տեսանյութեր, իսկ այդպիսի տեսանյութերի ստացման դեպքում ուղարկող օգտատերերի մասին տեղեկացնել ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը:
11:03 - 23 հունիսի, 2020
ԱԱԾ-ն համացանցում ԲՀԿ-ին առնչվող քրգործի նյութեր հրապարակելու կապակցությամբ վարույթ չի նախաձեռնել, քանի որ դրանք չեն հանդիսացել հրապարակման ոչ ենթակա տվյալներ

ԱԱԾ-ն համացանցում ԲՀԿ-ին առնչվող քրգործի նյութեր հրապարակելու կապակցությամբ վարույթ չի նախաձեռնել, քանի որ դրանք չեն հանդիսացել հրապարակման ոչ ենթակա տվյալներ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը նախքան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ընտրակաշառք բաժանելու դեպքերի բացահայտման մասին իրենց տարածած հաղորդագրությունը համացանցում քրեական գործի նյութեր հրապարակելու կապակցությամբ վարույթ չի նախաձեռնել, քանի որ դրանք չեն հանդիսացել հրապարակման ոչ ենթակա տվյալներ։ Այս մասին Infocom.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեցին ՀՀ ԱԱԾ-ից։ Սույն թվականի հունիսի 14-ի առավոտյան՝ ժամը 10։44-ին, «Անհերքելի փաստեր» անունով ֆեյսբուքյան էջը հրապարակեց մի փաստաթուղթ, որտեղ ներկայացված էր Գեղարքունիքի մարզի N8 ընտրատարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության բաժանած ընտրակաշառքի մասին հաշվետվություն։ Այդ փաստաթուղթը մեծ արագությամբ տարածվեց սոցիալական ցանցերում ու լրատվամիջոցներում, այն իրենց անձնական էջերում տեղադրեցին նաեւ խորհրդարանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ Նույն օրը՝ ժամը 16։00-ի շրջանակներում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն տարածեց 2017թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու հարյուրավոր եւ համակարգային բնույթ կրող դեպքեր բացահայտելու մասին։ Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված էր, որ բացահայտվել են ԲՀԿ մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաեւ ԲՀԿ օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:  Այս հաղորդագրությանը կից հրապարակվեց նաեւ տեսանյութ, որտեղ իրավապահները ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկություն են իրականացնում։ Տեսանյութում ներառված էին կադրեր նաեւ վերոնշյալ բացահայտումներին վերաբերող փաստական տվյալներ՝ տեղեկանքներ, գրություններ եւ այլն։ Սակայն համացանցում հրապարակված փաստաթուղթը բացակայում էր․ այն չկար ոչ հաղորդագրության տեքստին կից, ոչ էլ տեսանյութում։ Սակայն հաջորդ օրը, երբ խորհրդարանում քննարկվում էր Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդագիրը, վերջինս ԱԺ ամբիոնից պատագամավորներին ներկայացրեց հարուցված քրեական գործի փաստական տվյալների մասին տեղեկություններ՝ այդ թվում ընթերցելով նաեւ վերոհիշյալ փաստաթղթում առկա տվյալները։ Եւ չնայած ԲՀԿ-ական պատգամավորները ակտիվորեն պնդում էին, թե այդ փաստաթուղթը «սաքված է, ֆոտոշոփ է», այդուհանդերձ հանրության շրջանում հարց առաջացավ՝ ինչպես է, ըստ ամենայնի, նախաքննության նյութ հանդիսացող այդ փաստաթուղթը համացանցում հայտնվել՝ նախքան ԱԱԾ պաշտոնական հաղորդագրությունը։ Infocom-ը ԱԱԾ-ից փորձեց պարզել՝ արդյոք այդ հաշվետվությունը համարվո՞ւմ է ԱԱԾ հաղորդագրության մեջ նշված քրեական գործի նյութ, արդյոք այն հրապարակման ենթակա՞ էր, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչո՞ւ ներառված չէր հաղորդագրության մեջ, եթե հրապարակման ենթակա չէր, ապա ինչպե՞ս էր հայտնվել համացանում, եւ ի վերջո եթե հրապարակման ենթակա չէր եւ հայտնվել էր համացանցում, ապա արդյոք նյութեր նախապատրաստվո՞ւմ են կամ նախաքննության նյութեր հրապարակելու համար քրեական գործ հարուցվե՞լ է, թե՞ ոչ։ ԱԱԾ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել են, որ նշված փաստաթղթերի պատճենները, այո, համարվում են հունիսի 14-ին իրենց տարածած հաղորդագրության մեջ նշված քրեական գործին կից նյութեր, սակայն դրանք հաղորդագրության մեջ չեն ներառվել, քանի որ տեղեկության բովանդակությունը եւ ծավալը որոշում է Ծառայությունը։ Իսկ ինչ վերաբերում է տեղեկության հրապարակմանը, ապա, ինչպես նշել են ԱԱԾ-ից, օրենսդիրը նախաքննության որեւէ փուլում չի բացառում հրապարակայնության սկզբունքի կիրառումը, քանի որ հասարակությունը որոշակի պահանջ ունի տեղեկացված լինելու քրեական գործերի քննության ընթացքի մասին՝ հաշվի առնելով այն, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումների ուժով նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործով վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ։ ԱԱԾ-ն անհրաժեշտ է համարել ընդգծել նաեւ, որ նախնական քննության սահմանափակ տվյալների հրապարակումը կարող է հետապնդել նաեւ հասարակության աջակցությունը ստանալու՝ մասնավորապես տեղեկություններ ձեռք բերել կատարված նմանատիպ այլ դեպքերի մասին, ամբողջությամբ բացահայտել կոռուպցիոն մեխանիզմները, պարզել նմանատիպ դեպքերին առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը։  Ուստի, ըստ ԱԱԾ-ի, նախաքննության մարմինը գործել է բացառապես հարուցված քրեական գործի համակողմանի եւ արդյունավետ քննությունն ապահովելու, նախաքննության խնդիրներն արդյունավետ իրագործելու հանրային շահով, որով, Ծառայության պնդմամբ, ակնհայտորեն չի խախտվել նաեւ որեւէ անձի անմեղության կանխավարկածի սկզբունքը։ ԱԱԾ-ն փաստում է, որ համացանցում հրապարակված տվյալները տվյալ փուլում չեն հանդիսացել հրապարակման ոչ ենթակա տվյալներ, ուստի այս կապակցությամբ համապատասխան հիմքերի բացակայության պայմաններում գործով վարույթ չի նախաձեռնվել։ Նշենք, որ ԱԱԾ մեջբերած՝ ՀՀ ՔԴՕ 201-րդ հոդվածի 2-րդ մասով էլ սահմանված է, որ անհրաժեշտ դեպքերում քննիչը, հետաքննության մարմինը վկային, տուժողին, քաղաքացիական հայցվորին եւ քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին, մասնագետներին, փորձագետներին, թարգմանիչներին, ընթերականերին, պաշտպաններին եւ գործին մասնակցող այլ անձանց գրավոր նախազգուշացնում են` նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու պարտականության մասին: Հիշեցնենք, որ Infocom-ն անդրադարձել էր նաեւ ԲՀԿ-ականների այն պնդումներին, թե վերոհիշյալ փաստաթուղթը ֆոտոշոփով է ստացվել։ Մասնավորապես, հունիսի 14-ին ֆեյսբուքյան օգտատեր Արարատ Պետրոսյանը մի հրապարակում արեց, ըստ որի՝ լուսանկարը կեղծ է եւ պատրաստված է photoshop ծրագրի միջոցով: Հասկանալու համար՝ արդյոք հնարավո՞ր է Պետրոսյանի ներկայացրած եղանակով ստուգել փաստաթղթի՝ photoshop ծրագրի միջոցով հավաքված լինելը, մենք ներկայացրել էինք, որ նախ պետք է հասկանանք թե ինչ կայքի միջոցով է կատարվել ստուգումը եւ ինչ է լուսանկարի մետատվյալը: Թեմայի վերաբերյալ նյութը կարող եք կարդալ այստեղ։ Հայարփի Բաղդասարյան
15:25 - 22 հունիսի, 2020
Սիսակ Գաբրիելյանը համամիտ է դատախազության՝ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը բողոքարկելու հետ |armenpress.am|

Սիսակ Գաբրիելյանը համամիտ է դատախազության՝ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը բողոքարկելու հետ |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը համամիտ է դատախազության՝ Ծառուկյանին չկալանավորելու որոշումը բողոքարկելու որոշման հետ, միաժամանակ վստահեցնում է, որ գործը զուտ իրավական գործընթաց է, քաղաքական տարր չկա: Պատգամավորը նման տեսակետ հայտնեց խորհրդարանական ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Գաբրիելյանը նախ չցանկացավ արձագանքել ընթացող գործին՝ նկատելով, որ դատախազությունը բողոքարկելու է, գործը կքննվի նաև Վերաքննիչ դատարանում: «Հետևաբար այս պահին լրացուցիչը կարծիքը գուցե ընկալվի, որ իշխող քաղաքական ուժը փորձում է ինչ-որ ազդեցություն ունենալ դատական գործընթացների վրա»,-ասաց նա: Այնուամենայնիվ լրագրողների տարբեր հարցերից հետո պատգամավորը որոշակիորեն հայտնեց իր վերաբերմունքը. «Ես համամիտ եմ դատախազության որոշմանը, որ պետք է բողոքարկվի»: Գաբրիելյանը հիշեցրեց, որ ինչպես դատախազն էր նշել՝ հիմնական փաստաթղթերից մեկը հայտնաբերվել էր դեռ փետրվարից: «Ինձ համար տարօրինակ չէ, որ այդ փաստաթղթի հայտնաբերումից հետո, երբ հարցաքննվել են որոշ անձինք, տեղի է ունեցել Ծառուկյանի հայտարարությունը (խմբ.-կառավարության կազմը 100 տոկոսով փոխելու մասին)»,-նշեց նա ու շնորհավորեց ԲՀԿ-ին, որովհետև ողջ գործունեության ընթացքում առաջին անգամ է, որ պահանջում են պետության ղեկավարի հրաժարականը, և այդ պահանջից դեռ 10-15 օր հետո դեռ շարունակում են պահանջել:  Պատգամավորի խոսքով՝ նախկինում տարբեր առիթներով ուղիղ հարցադրմանը, թե պահանջու՞մ են արդյոք Սերժ Սարգսյանի հրաժարականը, ԲՀԿ-ի կողմից միշտ եղել է խուսափողական պատասխան:  «Մեկ անգամ հնչել է նմանատիպ արտահայտում, և դրանից շատ կարճ ժամանակ անց քաղաքականության էջ է փակվել»,-նշեց նա: Պատգամավորը նշեց՝ եթե չի սխալվում, ապա հարցաքննվել է մի անձնավորություն, որն առնչություն է ունեցել ԲՀԿ-ի հետ: «Երբ այս ամենը համադրում ենք ժամանակագրությամբ, պարզ է դառնում, որ իրենց հաստատ հասանելի կլիներ այդ ինֆորմացիան»,-ասաց նա: Պատգամավորի կարծիքով՝ նույնիսկ անտրամաբանական կլիներ, որ ԲՀԿ-ն հակառակը չպնդեր և չասեր, որ քաղաքական հետապնդում չկա, և կուսակցության առաջնորդը մեղավոր է և պետք է պատժվի: «Պարզ բան ասեմ, եթե կա քաղաքական հետապնդում, ես չեմ տեսել այնպիսի քաղաքական հետապնդում, որ հետապնդվողը ազատության մեջ լինի»,-նշեց Գաբրիելյանը:
13:11 - 22 հունիսի, 2020
Գագիկ Ծառուկյանի փաստաբանը կբողոքարկի դատարանի որոշումը

Գագիկ Ծառուկյանի փաստաբանը կբողոքարկի դատարանի որոշումը

Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է. «Պնդում եմ, որ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործը ՀՀ ԱԱԾ-ում անօրինական կարգով է քննվում եւ որ այն պետք է քննվի բացառապես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից: Այս հարցի վերաբերյալ շատ ծավալուն վերլուծություն կարելի է կատարել, սակայն դա կանենք վերաքննիչ դատարանում, իսկ այժմ խնդիրը կներկայացնեմ առավել հակիրճ եւ մատչելի: Այսպես, քննչական ենթակայությունը սահմանված է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով, որի 6-րդ մասով սահմանված է, որ. «Նախաքննությունը ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի /…/ 154.2, /…/ հոդվածներով կատարում են հատուկ քննչական ծառայության քննիչները»: Բացի այն, որ Գագիկ Ծառուկյանը ԱԺ պատգամավոր է, նրա վերաբերյալ քրեական գործն էլ հարուցվել եւ քննվում է վերը նշված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով, որի նախաքննությունը կատարում են բացառապես ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից: Ընդ որում, նույն հոդվածի 10-րդ մասով շատ ուղիղ սահմանված է, որ. «Տարբեր պետական մարմինների քննիչներին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ քննիչին ենթակա եւ սույն հոդվածի ութերորդ մասով չնախատեսված հանցագործության բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը: Այս կարգը չի տարածվում սույն հոդվածի 6-րդ եւ 6.1-ին մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի վրա, որոնցից 6-րդ մասով նախատեսված քրեական գործերի նախաքննությունը կատարում են բացառապես Հատուկ քննչական ծառայության քննիչները /…/»: Եթե դատախազն իրավունք ունի ցանկացած քրեական գործ մեկ նախաքննական մարմնից վերցնել եւ հանձնել այլ նախաքննական մարմնի, ապա հարց է ծագում, թե ինչու է օրենսդիրը շատ ուղիղ սահմանել, որ 6-րդ մասում նախատեսված քրեական գործերը քննում են բացառապես հատուկ քննչական ծառայության քննիչները: Նորից եմ հարցնում՝ ինչ նպատակով է նախատեսված այս բացառությունը եւ ում համար, եթե ոչ դատախազի : Այն, որ դատախազությունն այսպիսի անօրինական պրակտիկա է իր համար ձեւավորել, որի համաձայն ՀՔԾ ենթակայության քրեական գործերը հանձնում է ԱԱԾ-ի քննությանը, դա դեռ չի նշանակում, որ դա օրինական է: Այն, որ բազմաթիվ դատավորներՙ լավ հասկանալով, որ դատախազի այդ գործողության անօրինականությունը հաստատելով, անօրինական է դառնալու նաեւ ամբողջ քրեական գործը, ուստի դեռեւս խուսափում են այդ պրակտիկան վերացնելու հարցում առաջինը լինելուց, դա դեռ չի նշանակում, որ այդ պրակտիկան օրինական է: Եթե անգամ այս քրեական գործով եւս դատարաններն այդ խախտումն արձանագրելու համարձակություն չունենան, վստահեցնում եմ, որ մի օր այդ անօրինական պրակտիկան կվերացվի եւ դատախազությունը կվերադառնա օրինականության դաշտ: Իսկ վերջում, որպեսզի այնպես չլինի, թե սա միայն Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմի դիրքորոշումն է, ցանկանում եմ ներկայացնել նաեւ այս խնդրի վերաբերյալ երրորդ՝ գործի ելքով չշահագրգռված կողմի, իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի՝ «Դատախազական անհնազանդություն քննչական ենթակայության նկատմամբ» աշխատությունից մի հատված. «Դատախազի լիազորությունը: ՀՀ Քր.ԴՕ-ի 190-րդ հոդվածում, որպես կանոն, հստակ սահմանված է նախաքննության այն մարմինը, ով իրավասու է տվյալ քրեական գործով նախաքննություն կատարել (քննչական ենթակայության իմպերատիվ կանոններ): Դատախազը միայն օրենքով ուղղակի նախատեսված դեպքերում կարող է փոխել կամ որոշել ենթակայությունը (քննչական ենթակայության որոշման հայեցողություն): Քննչական ենթակայության իմպերատիվ կանոնների առկայության պայմաններում դատախազը չունի հայեցողություն՝ քրեական գործը նախաքննության մեկ մարմնից վերցնել եւ հանձնել մեկ այլ նախաքննության մարմնի: /…/ Գործնականում դատախազությունը, անտեսելով քննչական ենթակայության իմպերատիվ կանոնները, ինքն իրեն լիազորություն է վերապահել ցանկացած քրեական գործ մի նախաքննության մարմնից վերցնել եւ հանձնել նախաքննության այլ մարմնին։ Նման պրակտիկան ոչ այլ ինչ է, քան անհնազանդություն քննչական ենթակայության ինստիտուտի նկատմամբ»: Սա էլ երրորդ՝ անկողմնակալ անձի, գիտնականի օբյեկտիվ դիրքորոշումն այս հարցի կապակցությամբ: Հետեւությունները թողնում եմ ընթերցողին: Իսկ վերջում նշեմ, որ Գագիկ Ծառուկյանի գործով դատարանն այս հարցին չի անդրադարձել՝ նշելով, որ այս փուլում նման իրավասություն չունի: Քանի որ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական թիմը դատարանի որոշման որոշ դրույթների հետ կապված անհամաձայնություն ունի եւ ուստի պատրաստվում է կարճ ժամկետում որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարան, ուստի այս հարցը եւս կլինի բողոքարկման առարկա»:
10:18 - 22 հունիսի, 2020
ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործի առնչությամբ ակնկալում է ստանալ հանրության աջակցությունը

ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական գործի առնչությամբ ակնկալում է ստանալ հանրության աջակցությունը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, կարևորելով հասարակական մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերով հանրությանը թույլատրելի չափով տեղեկատվություն տրամադրելու գործելաոճը և նպատակ ունենալով հանրության շրջանում սույն քրեական գործի ելքով շահագրգիռ կամ ինքնուրույն շահ հետապնդող շրջանակների կողմից ապատեղեկատվության տարածումը կանխարգելել, տեղեկացնում է, որ 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք  ստանալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում  որոշում է կայացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նույն օրը վարույթն իրականացնող մարմինը, հաշվի առնելով քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից մերժվել է: Ընդ որում, Գագիկ Ծառուկյանին մեղսագրվող հանցագործության հիմնավոր կասկածը հաստատված համարելու համար նախաքննական մարմինը Դատարանում  ներկայացրել է ոչ թե մեկ վերաբերելի փաստեր կամ տեղեկատվություն, այլ՝ այդպիսի փաստերի կամ տեղեկատվության համակցություն, որոնք հնարավորություն են տվել Դատարանին հիմնավորված համարելու, որ  մեղադրյալն առնչվում է կատարված դեպքին, քրեական գործի մեղադրանքին, փաստական հանգամանքներին, մեղսագրվող հանցագործությանը: Մասնավորապես, որպես այդպիսի փաստական տվյալներ, Դատարանը վկայակոչել և դիտարկել է գործով ներգրավված 5 կասկածյալների ցուցմունքները, ինչպես նաև «Երևան Շին» ՍՊ ընկերությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերված և առգրավված «ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավորների ընտրությունների 2017 թվականին ներկայացված ընտրողների թիվ և վճարված գումարները» վերտառությամբ հաշվետվությունները, որոնցում առկա են եղել հստակ նշումներ մեկ ձայնի համար վճարված գումարների, ընդհանուր քվեների դիմաց ընտրողներին տված կաշառքի չափի, ակտիվիստներին վճարված գումարների, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այլ անձանց  գումարներ փոխանցելու վերաբերյալ նշումներ, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ չեն կարող տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տալ, ինչը հաստատվել է նաև Դատարանի կողմից: Միևնույն ժամանակ Դատարանը գտել է, որ քրեական գործով վարույթի ընթացքում Գագիկ Ծառուկյանի ոչ պատշաճ վարքագիծը կանխել հնարավոր է ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցի կիրառմամբ: Ուշագրավ է հատկապես այն, որ սույն քրեական գործի հարուցման սկզբնական փուլում կատարվել են շուրջ 80-ից ավելի խուզարկություններ, որոնց ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների կամ ակտիվիստների բնակարաններում հայտնաբերվել  և առգրավվել են նաև 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառքի առարկա գումարները հասցեական կարգով տալու հանգամանքն ուղղակիորեն հաստատող այլ փաստեր, որոնցում արդեն առկա են եղել ընտրողների անհատական տվյալներ, ընտանիքի անդամների թիվը, յուրաքանչյուր անձին տրված համապատասխան 10.000 ՀՀ դրամ գումարի վերաբերյալ նշումներ և կաշառք ստանալու հանգամանքը հավաստող ստորագրություններ: Քրեական գործում առկա փաստական տվյալները, այդ թվում՝ գործով որպես մեղադրյալ ներգրավված մյուս անձանց և մի քանի տասնյակ  վկաների ցուցմունքները, հիմք են տալիս նաև ողջամիտ պնդումներ կատարելու առ այն, որ հիշատակված հաշվետվությունները կազմվել են արդեն այն անձանց կողմից, ովքեր անմիջականորեն զբաղվել են կաշառքի գումարները ընտրողներին հասցեական կարգով տալու հարցով, որից հետո հաշվետվությունները աստիճանակարգության կարգով ներկայացրել են կուսակցության ղեկավար կազմին: Թեև, դեպքից անցել է շուրջ երեք տարուց ավելի ժամանակ, որն անշուշտ որոշակի դժվարություններ է առաջացնում ապացույցների հավաքագրման գործընթացում, սակայն ՀՀ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների, ինչպես նաև դրանց զուգահեռ ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նույնիսկ տարիներ անց հնարավոր է եղել բացահայտել ՀՀ ազգային ժողովի 2017 թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար կազմակերպված խմբի կողմից ընտրողներին կաշառք տալու հանգամանքը հավաստող բազմաթիվ այլ ապացուցողական նյութեր, որոնց բովանդակությունն ակնհայտորեն չի սահմանափակվում միայն Գեղարքունիքի մարզի տարածքում կատարված լինելու հանգամանքով և այդ ուղղությամբ ներկայումս շարունակվում են կատարվել անհրաժեշտ գործողություններ: Նախաքննական մարմնի տրամադրության տակ ներկայումս առկա են նաև այնպիսի նյութեր, որոնց ուսումնասիրությամբ տեսանելի է, որ կուսակցության ղեկավար կազմի կողմից ըստ ծառայության վայրերի, զորանոցների տեղակայման վայրերի, ծառայության ժամկետների վեր են հանվել նաև կոնկրետ զինծառայողների անհատական տվյալները, նախապես կազմվել են կաշառք ստանալու պատրաստակամություն հայտնած անձանց ցուցակներ, դրանք համադրվել և ստուգվել են ինչպես ընտրությունների նախորդող ժամանակահատվածում, այնպես էլ՝ ընտրություններց հետո, ՀՀ-ում գործող առևտրային բանկերից ընտրությունների նախորդող ժամանակահատվածում ստացել են 10.000 ՀՀ դրամներից բաղկացած հարյուրավոր միլիոն դրամներ և նույնաբնույթ բազմաթիվ այլ փաստական տվյալներ, որոնց կապակցությամբ նույնպես իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ: Հաշվի առնելով կատարված հանցագործության ամբողջական պատկերը բացահայտելու հանրային շահը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է ստանալ նաև հանրության աջակցությունը և հորդորում է ՀՀ քաղաքացիներին սույն դեպքի վերաբերյալ որևէ տեղեկություններ տիրապետելու դեպքում անմիջապես  իրազեկել վարույթն իրականացնող մարմնին: Հայաստանի Հանրապետության դատախազությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարան։
09:43 - 22 հունիսի, 2020
Անհարկի շահարկվում է այն պնդումը, որ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին կաշառք տալու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացվելը ապօրինի է․ Գլխավոր դատախազի խորհրդական

Անհարկի շահարկվում է այն պնդումը, որ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին կաշառք տալու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացվելը ապօրինի է․ Գլխավոր դատախազի խորհրդական

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Մի քանի օր շարունակ անհարկի շահարկվում է այն պնդումը, որ 2017թ. ապրիլի 2-ին անցկացված ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին կաշառք տալու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում իրականացվելը ապօրինի է և չի բխում քննչական ենթակայության օրենսդրական իրավակարգավորումներից՝ հաշվի առնելով, որ գործով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ԱԺ պատգամավոր, ով քրեական դատավարության օրենսգրքի իմաստով ՀՀ ՀՔԾ սուբյեկտ է: Նախ՝ պետք է նշեմ, որ չնայած տարատեսակ մեկնաբանություններին, Գ. Ծառուկյանի նկատմամաբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության վերաբերյալ դատական ակտի շրջանակում դատարանն այդ հարցին չի անդրադարձել։ Բայց խնդիրն անգամ դա չէ։ Իրականում, սակայն, քննչական ենթակայության հետ կապված օրենսդրությանը հակասող որևէ իրավիճակ այստեղ չկա և շահարկումներն ի սկզբանե անհիմն էին և անօգուտ: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ դատախազի բացառիկ լիազորությունն է քրեական գործը նույն օրենսգրքի 190 հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնի` բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով:Դատախազի վերը նշված լիազորությունը սահմանող իրավադրույթը նախաքննության մեկ մարմնից մյուսին քրեական գործի փոխանցման համար որևէ նախապայման կամ սահմանափակում չի նախատեսում և դատախազի լիազորության իրականացումը պայմանավորում է բացառապես քրեական դատավարության հանրային շահով, այն է՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելու անհրաժեշտությամբ: ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ուժի մեջ մտնելու պահից իրավակիրառական պրակտիկան անշեղորեն հետևել է վերը մեջբերված իրավանորմի նշված տրամաբանությանը: Դատարանների կողմից այդ իրավադրույթը մշտապես կիրառվել է վերոնշյալ բովանդակությամբ, և քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա նախաքննության մարմնին հանձնարարված բազմաթիվ քրեական գործեր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, կայացվել և օրինական ուժի մեջ են մտել մեղադրական դատավճիռներ: Այս իմաստով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի և նույն օրենսգրքի 190-րդ հոդվածի միջև արհեստական հակասություն «ստեղծելու» փորձերն անհեռանկար են: Նույնիսկ նման ենթադրական հակասության առկայության դեպում, հիմք ընդունելով իրավական ակտերի մասին ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը (եթե նորմատիվ իրավական ակտն ունի ընդհանուր և հատուկ մասեր, ապա այդ մասերի նորմերի միջև կոլիզիայի դեպքում գործում են ընդհանուր մասի նորմերը), կգործի 53-րդ հոդվածի 2-րդ մասը: Չէր խանգարի ծանոթանալ, բոլորովին վերջերս՝ 2020թ. փետրվարի 20-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՇԴ/0001/01/20 գործով կայացված որոշմանը, որի պատճառաբանական մասից մեջբերում եմ ընդամենը մեկ հատված. «...Այսինքն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով սահմանված քրեական գործերի քննչական ենթակայության կանոնները իրենց բնույթով անփոփոխելի չեն, և համապատասխան հանրային մասնակիցների կողմից կարող են փոխվել կոնկրետ գործերով օրենքով սահմանված քննչական ենթակայության կանոնները: Դատարանը գտնում է, որ քննչական ենթակայության կանոնների փոփոխման ճկունությունը պայմանավորված է տարբեր հանգամանքներով, ինչպիսինը կարող են լինել՝ քննչական մարմինների ծանրաբեռնվածությունը, տեխնիկական և կադրային հագեցվածությունը և այլն: Հետևաբար Դատարանը գտնում է, որ հսկող դատախազը, նրա վերադասը կարող են որոշել քրեական գործի ենթակայությունը, բացառությամբ միայն Գլխավոր դատախազի բացառիկ լիազորության մեջ մտնող վերոնշված դեպքի: ....Դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը նշելով «190 հոդվածով սահմանված նախաքննության մի մարմնից հանձնել նախաքննության մեկ այլ մարմնին» ձևակերպումը չի կանխորոշել դրանով իսկ ենթակայության փոփոխության որևէ սահմանափակում, այլ միայն հղում է կատարել այն հոդվածին, որտեղ նշված են Հայաստանի Հանրապետությունում գործող և նախաքննության կատարելու լիազորություն ունեցող քննչական մարմինները և գործերի օրենքով որոշված ենթակայության կանոնները: Բացի այդ Դատարանը կարևոր է համարում նաև այն, որ և΄ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետում, և΄ 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված քննչական ենթակայության փոփոխման նպատակը նույնն է՝ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն ապահովելը: ...» Վերոգրյալի հաշվառմամբ էլ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով ԱԱԾ քննչական դեպարտամենտում սույն թվականի հունիսի 10-ին հարուցված քրեական գործով նախաքննության կատարումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա հանձնարարվել է նախաքննության նույն մարմնին»:
21:42 - 21 հունիսի, 2020
Ծառուկյանի փաստաբանը ուղղակի ապատեղեկացնում և մոլորության մեջ է գցում հանրությանը. Աբրահամյանը՝ հայտարարության մասին

Ծառուկյանի փաստաբանը ուղղակի ապատեղեկացնում և մոլորության մեջ է գցում հանրությանը. Աբրահամյանը՝ հայտարարության մասին

Շատ ցավալի է, որ մանիպուլյացիան որպես գործիք շարունակում է անողոքաբար կիրառվել, բացառապես իրավական հարթության մեջ գտնվող հարցերի կապակցությամբ՝ դատախազության դեմ որոշակի հանրային տրամարություններ գեներացնելու նպատակով: Հերթական նման փորձը երեկ կատարեց մեղադրյալ Գ. Ծառուկյանի փաստաբանը՝ ճեպազրույցում հայտարարելով, թե իբր ՀՀ գլախավոր դատախազի կողմից Ազգային ժողով ներկայացված միջնորդագրերում տեղ է գտել ցուցմունք, որը ստացվել է միջնորդություններն Ազգային ժողովում մուտքագրվելուց հետո: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ փաստաբանը ուղղակի ապատեղեկացնում և մոլորության մեջ է գցում հանրությանը, որովհետև հայտարարության մեջ նշվածը չի համապատասխանում իրականությանը: «2020թ. հունիսի 14-ին՝ ժամը 19:30-ին, սույն քրեական գործով ձերբակալվել է Ռ. Մուրադյանը, ինչի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն: Դրանից անմիջապես հետո՝ նույն օրը՝ ժամը 20:00-ից մինչև 22:00-ն, օրենքով սահմանված կարգի համաձայն՝ վերջինս կասկածյալի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է, և նրա հայտնած տեղեկությունները ներառվել են ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ ԱԺ ներկայացված միջնորդագրերում: Հաջորդ օրը՝ հունիսի 15-ին՝ ժամը 17:40-ից մինչև ժամը 19:00-ն, Ռ. Մուրադյանը պաշտպանի մասնակցությամբ երկրորդ անգամ է հարցաքննվել կասկածյալի դատավարական կարգավիճակով, որի ընթացքում պնդել է նախկինում տված ցուցմունքը՝ հայտնելով լրացուցիչ տվյալներ և հստակեցնելով գործով անցնող անձնանց դերակատարությունը: Երկրորդ ցուցմուքնում Մուրադյանի հայտնած հանգամանքերը չեն ներառվել ՀՀ գլխավոր դատախազի ներկայացրած միջնորդագրերում, սակայն օրենքով նախատեսված կարգով ներկայացվել են դատարան Գ. Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորման միջնորդության քննության ընթացքում: Նշված պայմաններում փաստաբանը, ձեռքի տակ ունենալով վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդությանը կից դատարանին ներկայացված որպես խափանման միջոց կալանավորման համար հիմնավոր կասկածի ամենաբարձր շեմը հաղթահարելու համար անգամ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, սակայն իրավաչափորեն չտիրապետելով քրեական գործում առկա մյուս նյութերին, մասնավորապես՝ Ռ. Մուրադյանի 14.06.2020թ. տված ցուցմունքին, տարածել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Նման ապատեղեկատվություն տարածելը դատավարության մասնակիցներին պրիմիտիվ մակարդակի մանիպուլյատիվ գործընթացների մեջ ներքաշելու փորձ է՝ միտված նաև քրեական գործի շուրջ ավելորդ և անհարկի իրարանցում առաջացնելուն, ինչն անընդունելի վարքագիծ է»,- գրել է Աբրահամյանը:
13:44 - 19 հունիսի, 2020
Բացահայտվել է կեղծ տեղեկատվության տարածման փորձ

Բացահայտվել է կեղծ տեղեկատվության տարածման փորձ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող կեղծ օգտատերերին: Մասնավորապես՝ ս.թ. մայիսի 29-ին «Youtube» համացանցային կայքում «Qizil alma» ադրբեջանցի օգտատերը իր էջում տեղադրել է «Հայ ճարտարապետի ցնցող խոստովանությունը Երևանի մասին. Մերը չէ» խորագրով մեկ ու կես րոպե տևողության մոնտաժված տեսագրություն, որում Ագնեսսա անունով ներկայացող կինը ռուսերեն լեզվով պատասխանում է տեսագրությունը կատարող ոմն տղամարդու հարցերին: Երևանի Հանրապետության հրապարակում գտնվելիս Ագնեսսան նշում է, որ` «Երևանը նախկինում եղել է գյուղանման քաղաք:Այստեղ հայեր գրեթե չեն ապրել և զբաղվել են առևտրով»: Տեսագրության ուսումնասիրությունից դիտվում է, որ այն մոնտաժված է բնօրինակ այլ տեսագրությունից, որից վերցված են առանձին նախադասություններ և միացված իրար, որի արդյունքում խեղաթուրվել է զրույցի իմաստը և բովանդակությունը:Մոնտաժված տեսագրությունը տարածվել է ադրբեջանական ԶԼՄ-ներով` համապատասխան հակահայկական տեքստային մեկնաբանությամբ, ըստ որի հայ կինը «բարձրաձայնում» է, որ Երևանում հայեր չեն բնակվել: Շահարկելով այդ արտահայտությունը` ադրբեջանական կողմը շեշտում է, որ դա ևս մեկ փաստ է, որ «Իրևան»-ը ադրբեջանական հին քաղաք է, որը 1918-ին փոխանցվել է հայերին: Պարզվել է, որ իրական տեսահոլովակը կատարվել է 2020 թ. փետրվարին, այդ ժամանակ ՀՀ այցելած քաղաքների պրոբլեմները բարձրաձայնող ռուսական բլոգեր Իլյա Վառլամովի կողմից, իսկ Ագնեսսան առաջարկել իր օգնությունը` Երևանը ներկայացնելու նպատակով:  Ի.Վառլամովի տեսագրության մեջ խոսքը գնում է 1850-ական թվականներին Երևան քաղաքի այն հատվածի մասին, որտեղ նախկինում գործել է Ղանթարի շուկան` ներկայումս Վ.Սարգսյան փողոցի հարակից հատվածը, որի շրջակայքում հիմնականում բնակվել են պարսիկներ ¥բայց ոչ ադրբեջանցիներ¤ և հայերը այցելել են այդ վայր առևտուր անելու համար: Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծիքների միջոցով «մխրճվել» պատմության մեջ, ինչը սակայն նրանց չի հաջողվել: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մեկ անգամ ևս հորդորում ենք լինել առավել զգոն, ցուցաբերել զգուշավորություն, չմատնվել խուճապի ու չտարածել նմանօրինակ տեսանյութեր, իսկ այդպիսի տեսանյութեր հայտնաբերման դեպքում ուղարկող օգտատերերի մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը»:
10:03 - 19 հունիսի, 2020