Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Էրդողանը և Ալիևը երեկ քննարկել են նաև Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունը |azatutyun.am|

Էրդողանը և Ալիևը երեկ քննարկել են նաև Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունը |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահն ադրբեջանցի պաշտոնակցի հետ քննարկել է նաև Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունը։ Ռեջեփ Էրդողանն այս մասին հայտարարել է Ադրբեջանից վերադարձի ճանապարհին՝ պատասխանելով լրագրողների հարցերին։  Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թուրքիայի առաջնորդը մասնավորապես ասել է, որ Ադրբեջանի նախագահը վճռական դիրքորոշում է դրսևորում և այդ հարցում զիջումների չի գնում։ «Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իրենք Իսրայելի հարցում որևէ փոփոխություն չունեն, և հավելել է, որ Ադրբեջանը կարող է քայլեր ձեռնարկել Իսրայելի հետ առևտրի շրջանակներում։ Նա նշել է նաև, որ Ադրբեջանն Իսրայելի հետ ունի նույն հարաբերությունները, ինչպիսին մյուս երկրների հետ, և այդպես կլինի նաև հետագայում», - Իլհամ Ալիևի խոսքերն է փոխանցել Ռեջեփ Էրդողանը։ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ «եթե Իրանը ողջախոհություն դրսևորի, ապա Իրանի և Ադրբեջանի միջև որևէ խնդիր չի առաջանա»։
14:28 - 27 հոկտեմբերի, 2021
Էրդողանը նշել է Հայաստանի հետ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման պայմանը |factor.am|

Էրդողանը նշել է Հայաստանի հետ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման պայմանը |factor.am|

factor.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու և հարաբերությունների՝ երկար սպասված կարգավորման համար մթնոլորտն ավելի բարենպաստ է, քան երբևէ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ Արցախի գրավյալ Կովսականի Աղաձոր գյուղում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, գրում է «Անադոլու» գործակալությունը։ Նա նշել է, որ եթե Հայաստանն անկեղծ կամք դրսևորի Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում, ոչ մի խոչընդոտ չի լինի նաև Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար։ «Անհրաժեշտ է, որ սահմանները որոշվեն ու փոխադարձ ճանաչվեն։ Այդ ըմբռնումը կազմում է բարիդրացիական հարաբերությունների հիմքը»,- ասել է Էրդողանը։ Թուրքիայի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ «կգա օրը, երբ կկարողանան Զանգեզուրից Ստամբուլ մեկնել, իսկ տարածաշրջանի դիրքերը՝ որպես տարանցիկ լոգիստիկ կենտրոն, կամրապնդվեն»:
22:10 - 26 հոկտեմբերի, 2021
Էրդողանի օդանավը վայրէջք է կատարել  Վարանդայում․ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները բացել են տեղի օդանավակայանը |factor.am|

Էրդողանի օդանավը վայրէջք է կատարել Վարանդայում․ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները բացել են տեղի օդանավակայանը |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աշխատանքային այցով ժամանել է Արցախի գրավված Վարանդա (Ֆիզուլի) շրջան։ Թուրքիայի նախագահի օդանավը վայրէջք է կատարել Վարանդայի նորակառույց օդանավակայանում, որտեղ Էրդողանին դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Երկու երկրների նախագահները կտրել են կարմիր ժապավենն ու պաշտոնապես բացել օդանավակայանը։ Նրանք նաև ծանոթացել են այնտեղ ստեղծված պայմաններին։ Էրդողանը, ի դեպ, բավական ներկայացուցչական կազմով է ժամանել․ նրան ուղեկցում են Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրատ Քուրումը, տրասպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն։
14:25 - 26 հոկտեմբերի, 2021
Սահմանագծումը պետք է տեղի ունենա փոխզիջման արդյունքում․Վլադիմիր Պուտին |factor.am|

Սահմանագծումը պետք է տեղի ունենա փոխզիջման արդյունքում․Վլադիմիր Պուտին |factor.am|

factor.am: «Վալդայ» միջազգային բանավեճային ակումբում ունեցած ելույթում Վլադիմիր Պուտինը ասել է, որ խաղաղ համակեցությունը կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար։  «Ադրբեջանի համար դա կարևոր է այն առումով, որ կկարողանա կապ հաստատել Նախիջևանի հետ։ Հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարևոր է նաև Հայաստանի համար․ թե՛ Ադրբեջանի, թե՛ Թուրքիայի հետ՝ պետք է հարևանների հետ հարաբերություններին տալ ժամանակակից բնույթ, ինչը նախապայմաններ կստեղծի այդ երկրների հետ խաղաղ համակեցության և երկրի տնտեսական զարգացման համար։ Հնարավո՞ր է դա անել․ հնարավո՛ր է»,- կարծիք է հայտնել ՌԴ նախագահը։ Նա նշել է, որ Ռուսաստանն ամեն ինչ արել է՝ արյունահեղությունը դադարեցնելու համար․ «Մեր խաղաղապահների շնորհիվ մոտ 50 հազար տեղահանվածներ ի վիճակի են եղել վերադառնալ հայրենիք»։ Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին՝ Պուտինը նշել է, որ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների համար բավարար է երկու կողմերի և ՌԴ-ի մասնակցությունը։ «Այս պահին կարևորը հայ-ադրբեջանական սահմանը հստակ որոշելն է, որի համար, բացի երկու կողմերից և Ռուսաստանից ոչ ոք պետք չէ։ Պետք է պրագմատիկ լինել։ Ինչո՞ւ․․․ որովհետև քարտեզները ՌԴ բանակի Գլխավոր շտաբում են, որոնք ցույց են տալիս, թե խորհրդային տարիներին ինչպես էր անցնում սահմանը երկու երկրների միջև։ Ահա այս փաստաթղթերով պետք է սահմանագծում անել։ Դա պետք է տեղի ունենա փոխզիջման արդյունքում, հնարավոր է՝ որոշակի փոփոխություններով, որոնք, սակայն, ընդունելի կլինեն երկու կողմերի համար»,- հայտարարել է Վլադիմիր Պուտինը։
23:21 - 21 հոկտեմբերի, 2021
Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները. Վլադիմիր Պուտին

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները. Վլադիմիր Պուտին

tert.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» քննարկման ակումբի հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակին՝ նշելով, որ Բաքուն և Երևանը կարողացան դադարեցնել արյունահեղությունը Ղարաբաղում ՝ հրաժարվելով վայրկենական շահերից և այժմ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար:«Ի վերջո նախագահ Ալիևին և վարչապետ Փաշինյանին հաջողվեց դադարեցնել արյունահեղությունը։ Բայց բանը միայն սրանում չէ, թեև մարդկային կյանքեր փրկելուց ավելի կարևոր բան չի կարող լինել։ Այդուհանդերձ, դեռևս կան կարևոր ասպեկտներ, այն է՝ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել ընդհանուր տարածաշրջանում երկարաժամկետ կարգավորման համար։ Այս պայմանները կարող են ստեղծվել միայն այն դեպքում, եթե երկու կողմերն էլ ընդունեն ձեռք բերված պայմանավորվածությունները երկարաժամկետ հեռանկարում, և երկու կողմերն էլ գնահատեն խաղաղ գոյակցության առավելությունները, ուզում եմ ընդգծել սա։ Եվ սա բոլորի շահերից է բխում», - ասել է Պուտինը:Նա մանրամասնել է, որ այս դեպքում հնարավոր կլինի ապաշրջափակել տրանսպորտային ուղիներն ու տնտեսական կապերը տարածաշրջանում, ինչը պայմաններ կստեղծի երկու երկրների անվտանգության համար։ 
23:04 - 21 հոկտեմբերի, 2021
Ադրբեջանը Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորել է ռազմա-քաղաքական եղանակով, պատրաստ ենք նաև բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ. Ալիև |tert.am|

Ադրբեջանը Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորել է ռազմա-քաղաքական եղանակով, պատրաստ ենք նաև բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ. Ալիև |tert.am|

tert.am: Ելույթ ունենալով ԱՊՀ երկրների ղեկավարների նիստին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ անցյալ տարվա նոյեմբերի 9-ին ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միւև ձեռք բերված համաձայնությամբ վերջ է դրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:«Հետհակմարտային ժամանակաշրջանն, ընդհանուր առմամբ, հանգիստ է անցնում: Հետհակամարտային եմ ասում, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անցյալում է մնացել: Ադրբեջանը վերականգնել է իր տարածքային մաբողջականությունը, կատարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը պահանջում էր հայկական ուժերի անհապաղ դուրսբերումը Ադրբեջանի տարածքից: Ադրբեջանը Հայաստանի հետ հակամարտությունը կարգավորել է ռազմա-քաղաքական եղանակով»,- ասել է Ալիևը:Ալիևը շեշտել է, որ համաձայնագրի կնքումից հետո հայկական ուժերը դուրս են եկել Ակնայի, Քաշաթաղի և Քարվաճառի շրջաններից, իսկ մինչ այդ «ադրբեջանական զինված ուժերը ավելի քան 300 գյուղ ու քաղաք են ազատագրել մարտի դաշտում»:«Պատերազնմից հետո Ադրբեջանի ավելի քան 150 քաղաքացի է զոհվել կամ վիրավորվել ականի պայթյունների հետևանքով»,- ասել է ադրբեջանցի նախագահը՝ հավելելով, Հայաստանը «հրաժարվում է տրամադրել ականապատման բոլոր քարտեզները»: Նրա խոսքով՝ մինչ այս տրամադրված քարտեզների ճշտությունը 25 տոկոս է կազմում:«Անցած տարվա ընթացքում՝ այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնել է վերահսկողությունը Իրանի հետ պետական սահմանաի 130 կմ-անոց ճանապարահատվածի նկատմամբ, կանգենցրել է թմրանյութի շրջանառությունն Իրանից Ջաբրայիլի (Ջրական) շրջանով դեպի Հայաստան և Եվրոպա»,- հավելել է Ալիևը՝ Հայաստանին և Իրանին մեղադրելով դեպի Եվրոպա թմրանյութեր տեղափոխելու համար: Ավելին՝ tert.am-ում
13:46 - 15 հոկտեմբերի, 2021
Ալիևն ընդհանուր առմամբ գոհ է ռուս խաղաղապահներից |hetq.am|

Ալիևն ընդհանուր առմամբ գոհ է ռուս խաղաղապահներից |hetq.am|

hetq.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ գոհ է Արցախում ռուս խաղաղապահների գործունեությունից։ Ըստ նրա՝ բացառությամբ փոքր դեպքերի, տարածաշրջանում իրավիճակը կայուն է։ Այդ մասին Ալիևը հայտարարել է իտալական La Repubblica պարբերականին տված հարցազրույցում։  «Արդեն մոտ մեկ տարի է, ինչ ավարտվել է պատերազմը և ռուս խաղաղապահները տեղակայվել են Ադրբեջանում, Ղարաբաղյան շրջանում։ Այս ժամանակահատվածում, եթե հաշվի չառնենք մանր պատահարները, իրավիճակը կայուն է, և ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք»,- հայտարարել է Ալիևը։  Վերջինիս խոսքով՝ կան որոշ հարցեր, որոնք «իրենց լուծմանն են սպասում»։ Ալիևն առաձնացրել է Արցախ այցելող արտասահմանցիների հարցը, որոնք, ըստ նրա, պետք է ստանան ադրբեջանական կողմի թույլտվությունը, իսկ գործընթացը պետք է կարգավորվի ռուս խաղաղապահների կողմից։ «Այդ հարցը ներկայացվել է Ռուսաստանի պատկան մարմիններին, պաշտպանության նախարարությանը, որպեսզի դրան վերջ դրվի»,- եզրափակել է Ալիևը։
23:13 - 13 հոկտեմբերի, 2021
Ալիևը հայտարարում է` Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացումն արդեն սկսվել է |azatutyun.am|

Ալիևը հայտարարում է` Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացումն արդեն սկսվել է |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացումն արդեն սկսվել է, այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընդունելով Եվրամիության նորանշանակ դեսպանին։ «Այժմ ամենակարևոր հարցը տարածաշրջանում հետպատերազմյան փուլն է և խաղաղության ապահովումը։ Մենք ուզում ենք շրջել այդ էջը, դա է մեր քաղաքականությունը, ուզում ենք հարաբերություններ հաստատել մեր հարևանի՝ Հայաստանի հետ»,- ասել է Ալիևը, հավելելով՝ Բաքուն պատրաստ է բանակցություններ սկսել Երևանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, հաղորդակցության ուղիների բացման շուրջ։ Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, սահմանագծմանն ու սահմանազատմանը՝ Ալիևն ասել է, թե հնարավոր է համարում Եվրամիության ակտիվ մասնակցությունն այս գործընթացում։ «Հատկապես, որ ես տեսնում եմ այդպիսի ցանկություն, դա կարող է մեզ օգնել շատ ոլորտներում»,- ասել է Ադրբեջանի առաջնորդը Եվրամիության նորանշանակ դեսպանին։
16:59 - 06 հոկտեմբերի, 2021
Ադրբեջանի ղեկավարը իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես․ Սերժ Սարգսյանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին

Ադրբեջանի ղեկավարը իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես․ Սերժ Սարգսյանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին

Ադրբեջանի ղեկավարը իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես, որ ժամանակին ծեծ ուտելուց հետո վազել է հորը օգնության կանչելու և նրա հետևում կանգնած մեծ-մեծ խոսում ու հոխորտում է: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակը։ «Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէի՞ր հրավիրում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ: Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետևում քեզ ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը: Զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, սա ստանձնել է կապիտուլյանտի փաստաբանի դերը, պաշտպնության տակ առել նրան և միասին, ձեռք ձեռքի տված տևական ժամանակ թիրախավորում են ինձ, իմ մարտական ընկերներին, որոնց մեծ մասը Արցախի հերոսներ են: «Դեզերտի՞ր»՝ ասում ես: Ով խոսի դեզերտիրությունից, դու լռի՛ր: Բոլորը գիտեն, թե Արցախյան առաջին պատերազմում որտեղ էի ես, և որտեղ էիր դու, երբ քո հայրենակիցները զոհվում էին հայոց քաջազունների հետ պայքարում, որ հայ ժողովուրդը մղում էր իր հնագույն օրրանում ինքնապաշտպանության և Արցախի ազատագրման համար: Տարիքդ այնպիսին էր, որ կարող էիր և պարտավոր էիր լինել մարտի դաշտում: Որտե՞ղ էիր, ես գիտեմ: Ասա, թող ուրիշներն էլ իմանան: Դու Հայաստանում հիմա լավ գործընկեր ունես, հրավիրի՛ր նրան, քանի ժամանակ ունես, իսկ երբ նա այլևս գործընկերդ չի լինի, ա՛յ այդ ժամանակ ես կգամ և՛ Մատաղիս, և՛ Ացախի Հանրապետության ցանկացած այլ տարածք»,-նշել է նա հայտարարության մեջ: Նշենք, որ Իլհամ Ալիևը այս պահին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Մատաղիսում հայտարարել էր, թե «եթե Սերժիկի տղամարդկությունը հերիքում է, թող գա այստեղ»։ Ալիևը նշել էր, թե ինքը Մատաղիսում է (Սուգովուշան), Շուշիում է (Շուշա), Մարտունիում է (Խոջավենդ), «ամեն տեղ է»։ «Դո՞ւք որտեղ եք։ Դժոխքում եք, գերեզման դարձած կարգավիճակի հետ մի տեղում»,- ասել էր նա։ Ալիևը իր խոսքում նաև նշել էր, թե իրենք «հաղթել են Սերժիկին, ծնկի են բերել, մեջքը կոտրել են։ «Նա ծնկի է եկել մեր առաջ, նրա կառուցած բանակը ծնկի է եկել մեր առաջ»,- հայտարարել է նա։ Հավելենք, որ Իլհամ Ալիևը պատասխանել էր Սերժ Սարգսյանի այն հայտարարություններին, որում վերջինս ասել էր․ «Բոլորդ գիտեք, որ Կովկասում իրեն տղամարդ համարող անձը իր հակառակորդի հետևից չի խոսում, բամբասում, աքլորանում։ Իսկ թե ինչպես էր ժամանակին իրեն պահում Իլհամ Ալիևը իմ ներկայությամբ, ոչ միայն ես եմ դա շատ լավ հիշում, այլև Մինսկի խմբի համանախագահները և նրանց երկրների ղեկավարներն են հիշում։ Եթե ինչ-ինչ ուժեր քեզ սկուտեղի վրա նվեր են մատուցել, ապա հիշեր՝ և դու, և հայրդ պարտվել եք Հայաստանի նախորդ երեք նախագահներին՝ թե ռազմի դաշտում, թե դիվանագիտության դաշտում։ Դու բոլորից լավ գիտես, որ եթե չլիներ 2018-ի՝ դրսի ուժերի մեծ օժանդակությամբ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը, ապա դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին և Հադրութը»։
11:16 - 05 հոկտեմբերի, 2021
Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջան «հաղթանակով կավարտի նաև խաղաղ շրջանը» |azatutyun.am|

Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջան «հաղթանակով կավարտի նաև խաղաղ շրջանը» |azatutyun.am|

azatutyun.am: «Մենք հաղթական ավարտեցինք պատերազմը։ Հաղթանակով սկսել ենք, հաղթանակով էլ կավարտենք նաև խաղաղ շրջանը», - երեկ հայտարարել է Ադրբեջանի նախագահը։ «Նայեք՝ ինչ գեղեցիկ, լայն ճանապարհ է կառուցվում դեպի Ջաբրայիլ։ Ժամանակին Հայաստանի ղեկավարությունը ցանկանում էր ճանապարհ կառուցել այստեղ։ Նրանց այդ երազանքը, ինչպես և մյուս բոլորը, չիրականացված մնաց։ Այսօր մենք ենք ճանապարհ կառուցում դեպի Ջաբրայիլ։ Այդ ճանապարհը կօգտագործվի նաև Զանգեզուրի միջանցքում», - APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Իլհամ Ալիևը Ջաբրայիլի շրջանի հասարակայնության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։ «Ձեզ՝ ջաբրայիլցիներիդ, ներկայացվելու է Ջաբրայիլ քաղաքի գլխավոր հատակագիծը։ Միասին կդիտարկենք այն։ Եթե համաձայնեք, կհաստատենք այն», - նշել է Ադրբեջանի նախագահը։
10:16 - 05 հոկտեմբերի, 2021
Ինչ պետք է իմանալ Ալիևների մասին «Պանդորայի փաստաթղթեր»-ից |hetq.am|

Ինչ պետք է իմանալ Ալիևների մասին «Պանդորայի փաստաթղթեր»-ից |hetq.am|

Կոլաժը՝ James O’Brien/OCCRP hetq.am: Արդեն երկրորդ օրն է, ինչ ողջ աշխարհը խոսում է փաստաթղթերի հերթական արտահոսքի մասին, որն այս անգամ ստացել է «Պանդորայի փաստաթղթեր» անվանումը։ Խոսքն աշխարհի տարբեր երկրների շուրջ 30 000 օֆշորային կազմակերպություններից արտահոսած փաստաթղթերի մասին է, որոնք առնչվում են ոչ միայն պետությունների առաջնորդների, այլև գործարարների, հոլիվուդյան աստղերի և մարզիկների։ Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը (ICIJ) ներկայացնող 117 երկրներից շուրջ 600 լրագրողներ ուսումնասիրել են ավելի քան 12 մլն փաստաթուղթ։ «Հետք»-ը ևս մասնակցել է այդ միջազգային նախագծին և հրապարակել առաջին հետաքննությունը։  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անունը հաճախ է շրջանառվում արտահոսած փաստաթղթերում։ Ընդ որում՝ ոչ միայն Ալիևի, այլև նրա մերձավորների, ընտանիքի անդամների։ Հակիրճ ներկայացնում ենք OCCRP-ի հետաքննությունը Լոնդոնում Ալիևներին պատկանող անշարժ գույքի մասին։  Ալիևների ընտանիքը և նրանց հետ փոխկապակցված անձինք Լոնդոնում գրեթե 700 մլն դոլար արժողությամբ անշարժ գույք են ձեռք բերել։ Ալիևի երեք զավակները և փոխկապակցված երկու անձինք, օգտագործելով գաղտնի օֆշորային կազմակերպություններ, ձեռք են բերել շքեղ պենտհաուսներ (բարձրահարկ շենքերի վերին հարկում գտնվող շքեղ բնակարան), կոմերցիոն գրասենյակային տարածքներ և նույնիսկ պանդոկ Լոնդոնի կենտրոնում։ Ալիևի երկու դուստրերին, որդուն, աներոջը և ընտանիքի մտերիմ երկու գործընկերների՝ Լոնդոնում ունեցած անշարժ գույքը գնահատվել է 429 մլն ֆունտ ստերլինգ կամ 694 մլն դոլար։ Ընդ որում, հետաքննությունից պարզ է դարձել, որ դրանց մեծ մասը ձեռք է բերվել կանխիկ։ Ալիևներին պատկանող գույքը տարիներ շարունակ թաքցվել է օֆշորային ընկերությունների հետևում, որոնց թվում են Sheldrake Six-ը և Fliptag Investments-ը։ Հետաքննությամբ հայտնաբերվել են նախկինում անհայտ 84 օֆշորային կազմակերպություններ, որոնք գրանցված են եղել Բրիտանական Վիրջինյան կղզիներում և 2006 թվականից պատկանել են Ալիևներին և նրանց հետ փոխկապակցված անձանց։ Այդ ընկերությունները միմյանց հետ փոխկապակցված են եղել, իսկ միևնույն մարդը տարբեր պաշտոններ է զբաղեցրել այդ ընկերություններում։  Հետաքննությունից պարզ է դառնում, որ Իլհամ Ալիևի որդին՝ Հեյդար Ալիևը, իր առաջին օֆշորային ընկերությունը ստեղծել է 11 տարեկանում, երբ դեռ դպրոցական էր, իսկ դուստրերից մեկը՝ Արզուն, որը Լոնդոնում հոգեբանություն է սովորել, իր առաջին ընկերության հիմնադրման ժամանակ 19 տարեկան էր։ Չնայած այդ ընկերությունների մի մասը վերջին տարիներին փակվել է, իսկ անշարժ գույքի մի մասը՝ վաճառվել, 2017 թվականին Ալիևները 191 մլն դոլարի անշարժ գույք են փոխանցել մի հիմնադրամի, որը ստեղծվել և վերահսկվում է Իլհամ Ալիևի աներոջ կողմից։ 2003 թվականին՝ Իլհամ Ալիևի նախագահ դառնալուց հետո, նրա դուստրը՝ այդ ժամանակ 19-ամյա Արզուն, դարձել է Strahan Holding and Finance ընկերության բաժնետեր, որը շվեյցարական հաշիվ ունեցող օֆշորային կազմակերպություն է։ Վերջինս Լոնդոնի Նայթսբրիջ թաղամասում ձեռք էր բերել ընդհանուր առմամբ 9,7 մլն դոլար արժողությամբ երեք բնակարան։  Տարիներ ի վեր լրագրողներն ուսումնասիրում են Ալիևների ընտանիքի կապն այն օլիգարխների հետ, որոնք իրենց կարողությունը մեծացրել են Իլհամ Ալիևի կառավարման տարիներին։ Շրջանառվում է երկու հիմնական անուն, որոնք երկուսն էլ եղել են Ադրբեջանի հարկային ծառայության պաշտոնյաներ։ Ֆազիլ Մամադովը և Աշրաֆ Քամիլովը Ադրբեջանի առաջին ընտանիքի հետ կապված են AtaHolding բիզնես հոլդինգի միջոցով։ Այն ներառում է բանկային, շինարարական, ապահովագրական և այլ տեսակի ծառայություններ մատուցող ընկերություններ։ Դեռ «Պանամայի փաստաթղթեր»-ի արտահոսքի ժամանակ պարզ էր դարձել, թե ինչպես է Մամադովը Ալիևների ընտանիքին հրավիրել միանալ ընկերության աշխատանքներին՝ ստեղծելով «հզոր բիզնես-քաղաքական գործընկերություն» համակարգը։  Շարունակությունը՝ hetq.am-ում
10:03 - 05 հոկտեմբերի, 2021
Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամկետի և տեղի սահմանափակում չկա․ Նիկոլ Փաշինյան

Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամկետի և տեղի սահմանափակում չկա․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի կառավարության ղեկավար Ինգրիդա Շիմոնիտեն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ստորև ներկայացվում են երկու վարչապետների հայտարարություններն ու հարցուպատասխանը: Լիտվայի Հանրապետության վարչապետ Ինգրիդա Շիմոնիտե - Շատ հաճելի է Լիտվայում ողջունել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով առաջին պաշտոնական այցով գտնվում է Լիտվայում: Մեր երկրները վաղուց ունեն բարեկամական հարաբերություններ և կարծում եմ, որ կկարողանանք Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ միասին շատ բան անել, որպեսզի մեր հարաբերություններն ավելի սերտանան: Համոզված եմ, որ դա անելու ուղիները կգտնենք: Այս տարի տոնում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման տարեդարձը նշում ենք մի շարք պետությունների հետ, սակայն միայն մի քանի պետությունների ներկայացուցիչների հետ ենք հասցրել հանդիպել: Եվ շատ ուրախ եմ, որ այս հանդիպումը տեղի է ունենում: Շուտով մեր մայրաքաղաքները կկապակցվեն ուղիղ թռիչքով, և դա մեր ժողովուրդներին թույլ կտա միմյանց պետություններն ավելի լավ ճանաչել և շարունակել խորացնել հարաբերությունները: Անշուշտ, մենք այս հանդիպմանը չէինք կարող չքննարկել մարտահրավերները, որոնք ծառացած են պետությունների առջև: Կորոնավիրուսի համավարակը դեմ, մասնավորապես, համագործակցության շատ հաջող փորձ ունենք՝ մեր բուժաշխատողներն աջակցություն են ցուցաբերում Հայաստանին: Մեր կառավարությունը երկու որոշում է կայացրել Հայաստանի ժողովրդին պատվաստանյութ նվիրաբերելու մասին: Ես հուսով եմ՝ կկարողանանք այս խնդրի հաղթահարման գործում աջակցել, մենք կօգնենք կառավարությանն այս հարցի հետ կապված երկու երկրների Առողջապահության նախարարությունների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում: Երախտապարտ եմ Հայաստանի կառավարությանը, որ արձագանքում է, անդրադառնում է անօրինական միգրացիայի խնդիրներին: Հրատապ կարիքներից մեկը թարգմանիչների ապահովման անհրաժշետությունն է: Թարգմանիչներ են անհրաժեշտ ապօրինի սահմանը հատած անձանց հետ հաղորդակցվելու համար, և Հայաստանը մեզ օգնեց՝ տրամադրելով թարգմանիչներ: Մենք շատ բարձր ենք գնահատում այդ աջակցությունը:Ինչպես տեսանք, Հայաստանում վերջերս տեղի ունեցած ընտրությունների արդյունքում ժողովրդավարության աջակցությունը շատ ուժեղ է: Վարչապետը և նրա քաղաքական ուժը վիթխարի աջակցություն ստացան: Բարեփոխումները և ժողովրդավարական փոփոխությունները վիթխարի աջակցություն ստացան: Ես կարծում եմ, որ ընտրությունների լավագույն փորձի փոխանակումը, սխալներից քաղված դասերը և այլընտրանքների մասին տեղեկությունների փոխանակումը կարող են օգտակար լինել: Մենք երկար ուղի ենք անցել, հարուստ փորձ ենք կուտակել և այդ փորձը փոխանակել ենք ու ավելի ինտենսիվ դեռ ապագայում փոխանակելու ենք: Այս այցի ընթացքում Հայաստանի Հանրապետության վարչապետը կլինի Լիտվայի որոշ պետական մարմիններում, որոնք մասնակցություն կունենան փորձի փոխանակման գործում, մասնավորապես՝ թափոնների վերամշակման և այլ բնագավառներում: Եվրամիության շրջանակում մենք սատարում ենք տարածաշրջանային մարտահրավերների հաղթահարմանը: Ընդամենը վերջերս Եվրամության և Հայաստանի միջև ստորագրվեց Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, և այդ համաձայնագրի հիման վրա մի շարք բարեփոխումներ են իրականացվելու: Մենք հավատացած ենք, որ եվրոպական կառուցներն իրենց աջակցությամբ, մասնակցությամբ շատ կարևոր դեր պետք է ունենան: Խաղաղության վերահաստատման և պահպանման մեխանիզմներն էլ են շատ կարևոր: Մենք պատրաստ ենք Հայաստանի բարեկամը լինել նաև ապագայում: Շատ շնորհակալություն: Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մեծարգո տիկին վարչապետ, զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, տիկնայք և պարոնայք, Ելույթիս սկզբում ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Լիտվայի վարչապետ տիկին Ինգրիդա Շիմոնիտեին Լիտվա պաշտոնական այց կատարելու հրավերի, ինչպես նաև ինձ և պատվիրակության անդամներին ցուցաբերված ջերմ հյուրընկալության համար: Լիտվան Եվրոպական միությունում մեր առանցքային գործընկերներից է, և ես բարձր եմ գնահատում այս հնարավորությունը՝ հանդիպելու Լիտվայի վարչապետի, նախագահի և խորհրդարանի նախագահի հետ՝ մեր երկկողմ օրակարգը քննարկելու, ինչպես նաև ԵՄ հետ Հայաստանի համագործակցության վերաբերյալ և տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին տեսակետներ փոխանակելու համար: Հայաստանն ու Լիտվան կապված են բազմաթիվ թելերով: Ժողովրդավարական արժեքները և մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող ավանդական բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են ստեղծել երկկողմ համագործակցության համար՝ ամենատարբեր ոլորտներում: Այսօր մենք ունենք չօգտագործված ներուժ՝ մեր համագործակցությունն ընդլայնելու զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, սննդի վերամշակման և արդյունաբերության ոլորտներում: Հայաստանը դինամիկ հարաբերություններ ունի Եվրոպական միության հետ: Իսկ Լիտվան, որպես բարեկամ պետություն և Արևելյան գործընկերության աջակից, կարող է կարևոր դերակատարում ունենալ ԵՄ հետ Հայաստանի երկխոսության և համագործակցության խթանման հարցում: Հանդիպմանը ես իմ գործընկերոջը տեղեկացրեցի մեր տարածաշրջանում տիրող իրավիճակի և վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած զարգացումների մասին: Մասնավորապես, շեշտեցի, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական համապարփակ և կայուն կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը վայելող հայտնի սկզբունքների հիման վրա: Մենք բարձր ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ Լիտվայի որդեգրած հավասարակշռված և կառուցողական դիրքորոշումը: Մենք նաև բարձր ենք գնահատում ձեր կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական օգնությունը՝ դիմակայելու այն մարտահրավերներին, որոնց բախվել է մեր ժողովուրդը վերջին մեկ տարվա ընթացքում: Այս առումով, կցանկանայի նաև երախտագիտությամբ հիշատակել Հայաստանին 50 հազար չափաբաժին պատվաստանյութ տրամադրելու Ձեր որոշումը, տիկին վարչապետ: Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որոնց արդյունքներով հնարավոր եղավ հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը և հանրային հուզումների մթնոլորտը Հայաստաի Հանրապետությունում: Դրանք Հայաստանում տեղի ունեցած երկրորդ անընդմեջ ընտրություններն էին, որոնք միջազգային դիտորդների կողմից որակվել էին որպես ազատ, արդար և մրցունակ: Ընտրությունների արդյունքում մեր կառավարությունը մանդատ ստացավ` աշխատելու մեր ժողովրդի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ուղղությամբ. մի ռազմավարական նպատակ, որն արձանագրված է մեր կառավարության գործունեության ծրագրում: Այս առանցքային նպատակին մենք մտադիր ենք հասնել երկխոսության և մեր տարածաշրջանում թշնամանքի մթնոլորտի հաղթահարման միջոցով: Մենք վճռական ենք անցնելու այս ճանապարհը: Սակայն, ափսոսանքով պետք է նշել, որ հրադադարի ռեժիմի մշտական խախտումները, ռազմագերիների պատանդների, այլ պահվող անձանց վերադարձի խնդիրը, եռակողմ համատեղ հայտարարության, ես նկատի ունեմ նոյեմբերի 9-ի հայտարարությունը, կամայական մեկնաբանությունները և ագրեսիվ հռետորաբանությունը շարունակում են սրել իրավիճակը՝ խոչընդոտելով տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար այդքան անհրաժեշտ ամուր և հարատև խաղաղության հաստատմանը: Բայց ուզում եմ նաև ընդգծել, որ անկախ այս հանգամանքներից մենք շարունակաբար, հետևողական, անհոգնել հետևելու ենք տարածաշրջանում խաղաղության հաստատման օրակարգին և շատ ուրախ եմ, որ մեր միջազգային գործընկերների ընկալումը մեր այս օրակարգի նկատմամբ շարունակաբար մեծանում է: Մեկ անգամ ևս ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Շիմոնիտեին հյուրընկալության և ջերմ ընդունելության համար: Օգտվելով առիթից ցանկանում եմ նրան պաշտոնական այցով հրավիրել Հայաստանի Հանրապետություն: Հարց- Հայաստանի հանրային հեռուստաընկերություն - Հարցս վերաբերում է երկուս վարչապետերին: Պարոն վարչապետ, երեկ էլ, այսօր էլ վերահաստատեցիք, որ չնայած արտաքին միջավայրում նկատված խնդիրներին՝ մենք որդեգրել ենք մեր տարածաշրջանի համար խաղաղ դարաշրջան բացելու քաղաքականությունը: Ինչպե՞ս եք դա հնարավոր համարում, եթե տարածաշրջանի երկրներից մեկը՝ Ադրբեջանը, շարունակում է սադրանքի դիմել սահմանին, առաջ քաշել նախապայմաններ, նաև չկատարել նոյեմբերի 9-ի հայտարարությունը՝ շարունակելով պատանդառության և գերության մեջ պահել հայերին: Եվ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման, տևական խաղաղության հաստատման համար ինչպիսի՞ն է Եվրամիության անդամ երկրի՝ Լիտվայի դիրքորոշումը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ: Ես իմ խոսքում անդրադարձա Ձեր բարձրացրած բոլոր հարցերին և կարծում եմ, որ ինչպես արդեն նշեցի՝ մենք պետք է հետևողական լինենք մեր հռչակած և որդեգրած օրակարգում, նաև մանրամասնենք մեր պատկերացումները բոլոր հարցերի լուծման վերաբերյալ: Ուզում եմ ընդգծել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների, հաղորդակցության ուղիների բացումն այս առումով շատ կարևոր է: Պիտի ընդգծեմ, որ նախկինում էլ առիթ եմ ունեցել ասել, որ հաղորդակցության ուղիների ապաշրջափակման և կոմունիկացիաների բացման այնպիսի սցենարներ պիտի որդեգրվեն, որոնք ոչ թե պետք է խորացնեն մեկուսացումը տարածաշրջանի երկրների և ժողովուրդներին միմյանցից, այլ հակառակը, նրանց խաղաղ գոյակցության համար պայմաններ ստեղծեն: Ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ըստ էության սկսել է ակտիվացնել իր գործունեությունը: Պիտի արձանագրեմ, որ դրական եմ համարում Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել՝ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացը, որն իմ կարծիքով, պիտի մեկնարկի դրա համար անհրաժեշտ պայմանների ստեղծմամբ: Իհարկե, գերիների, պատանդների և այլ պահվող անձանց օր առաջ վերադարձը շատ կարևոր խնդիր է: Ես երեկ էլ մեր համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ առիթ ունեցա ասելու, որ ինչպես նախկինում եմ հայտարարել՝ պատրաստ եմ հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո: Ադրբեջանը բարձրացնում է հումանիտար սպառնալիք ներկայացնող ականապատ դաշտերի քարտեզների հարցը: Մենք քարտեզների մի մասը փոխանցել ենք և ինչպես երեկ ասացի՝ այդ պոտենցիալ հանդիպմանն ընդառաջ ես պատրաստ եմ վերցնել բոլոր այդօրինակ քարտեզները, որոնք հումանիտար սպառնալիք են ներկայացնում և անվտանգային գործառույթ չունեն մեզ համար: Հույս ունեմ, որ Ադրբեջանի նախագահն էլ իր հերթին իր հետ կբերի, պայմանական կամ ուղիղ իմաստով Ադրբեջանում պահվող գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց: Ընդորում, տվյալ դեպքում պետք է նկատի ունենալ ոչ միայն նրանց, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես, այլ այն մեր քաղաքացիներին, որոնք մեր տեղեկություններով գտնվում են Ադրբեջանում, բայց նրանց գերեվարված լինելու փաստը հաստատված չէ: Հեշտ չէ խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգն իրականացնելը, բայց մյուս կողմից կարծում եմ, որ խաղաղությունն այլընտրանք չունի և մենք քայլ առ քայլ, հետևողականորեն պիտի իրականություն դարձնենք այդ օրակարգը: Շնորհակալ եմ: Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտե – Շնորհակալություն, ես ավելացնելու շատ բան չունեմ: Կարծում եմ, որ բոլորը, այդ թվում՝ մենք, հույս ենք փայփայում, որ հնարավոր կլինի վերադառնալ հակամարտության քաղաքական կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Հաճելի է լսել, որ եղել են որոշ դրական փոփոխություններ: Վարչապետը նշեց նախարարների հանդիպումը: Կարծում եմ, որ դա միակ դրական իրադարձությունը չէ: Եվրամիության մակարդակով մենք մի շարք քաղաքական առաջնորդներ ունենք, ովքեր ավելի սերտ և անկեղծորեն մտածում են տարածաշրջանում անվտանգության և խաղաղության մասին: Ես հավատացած եմ և համոզված, որ Եվրոպական միությունը բավարար ուշադրություն կդարձնի այս խնդրին և նաև պրակտիկ խորհուրդներով ու լուծումներով կօգնի հակամարտության գործնական կարգավորմանը: Հարց- լիտվական ԶԼՄ ներկայացուցիչ - Ադրբեջանի նախագահը ցանկություն է հայտնել Ձեզ հետ հնարավորինս շուտ հանդիպելու, Դուք էլ եք ասում, որ իր հետ պատրաստ եք հանդիպել: Ե՞րբ եք ակնկալում, որ նման հանդիպում հնարավոր է տեղի ունենա և ո՞րտեղ եք ակնկալում, որ այն տեղի կունենա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Կարծում եմ՝ ժամկետի և տեղի սահմանափակում չունենք, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նման հանդիպումներ կազմակերպելու պրակտիկա ունեն: Թերևս միակ տրամաբանական սահմանափակումն այն է, որ այդ հանդիպումները տեղի են ունենում երրորդ երկրների տարածքում: Իրականում իմ պատրաստակամությունը նոր չէ, որովհետև ես արդեն վերջին ամիսներին մի քանի անգամ ողջունել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները, որոնք վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից սեղանին դրված սկզբունքների և տարրերի հիման վրա:Այդ հանդիպմանը մենք պատրաստ ենք եղել, այսինքն՝ դրա մասին առաջին անգամ չէ, որ հայտարարում ենք և ես հույս ունեմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո հնարավոր կլինի ակտիվացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը: Իհարկե, ուզում եմ ընդգծել, որ մենք նաև հիմա համագործակցում ենք, ունենք եռակողմ աշխատանքային խումբ՝ Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ, որը ձևավորվել է հունվարի 11-ի եռակողմ հայտարարության հիման վրա: Այդ հայտարարությունը, հիշեցնեմ, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների բացման մասին է, որն էլ հերթին բխում է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետից, որի առանցքը հետևյալն է, որ տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքային, տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները բացվում են: Ցավոք, մինչև այս պահը դրանք բացված չեն, որովհետև նաև խնդիր կա. երբեմն արվում են մեկնաբանություններ, որոնք դուրս են հայտարարության այս տրամաբանությունից: Տրամաբանորեն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհները, որոնք գոյություն ունեն՝ պիտի բացված լինեին կամ գտնվեին բացման շեմին: Հույս ունեմ, որ այս հարցում էլ մեզ հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել, բայց այս ամենի կոնտեքստում ուզում եմ ընդգծել՝ հումանիտար հարցը կրկին նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հստակ ձևակերպված է, որ ռազմագերիները, պատանդները, այլ պահվող անձինք պետք է վերադարձված լինեին մինչև այս պահը, բայց ցավոք վերադարձված չեն: Կարծում եմ, որ ռազմագերիների, պատանդների, այլ պահվող անձանց վերադարձը կապահովի որոշակի պոզիտիվ ֆոնի ստեղծում, որի ֆոնին և՛ սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի, և՛ տարածաշրջանային կոմունիկացիաների, և՛ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու քաղաքական կարգավորման շուրջ տարվող բանակցություններն ավելի արդյունավետ լինելու հնարավորություն կունենան: Շնորհակալ եմ:
14:19 - 04 հոկտեմբերի, 2021
«Պանդորայի փաստաթղթեր»․ Ալիեւների ընտանիքը Մեծ Բրիտանիայում մասնակցել է անշարժ գույքի գործարքներին, որոնց գումարը գերազանցել է 400 միլիոն ֆունտ ստերլինգը |mediamax.am|

«Պանդորայի փաստաթղթեր»․ Ալիեւների ընտանիքը Մեծ Բրիտանիայում մասնակցել է անշարժ գույքի գործարքներին, որոնց գումարը գերազանցել է 400 միլիոն ֆունտ ստերլինգը |mediamax.am|

mediamax.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը 35 գործող եւ նախկին նախագահների թվում է, որոնք հիշատակվում են հոկտեմբերի 3-ին հրապարակված «Պանդորայի փաստաթղթերում»։ Ավելի քան 650 լրագրողներ տարբեր երկրներից մասնակցել են Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) կազմակերպած հետաքննությանը։ BBC-ն՝ Guardian-ի եւ այլ գործընկերների հետ համատեղ ուսումնասիրել է օֆշորային ընկերությունների 12 միլիոն փաստաթղթեր։ Հետաքննության մասին պատմող BBC-ի հրապարակման մեջ, մասնավորապես, ասվում է, որ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ նրա ընտանիքը, որոնց մեղադրում են սեփական երկիրը թալանելու համար, գաղտնի կերպով Մեծ Բրիտանիայում մասնակցել են անշարժ գույքի գործարքներին, որոնց գումարը գերազանցել է 400 միլիոն ֆունտ ստերլինգը»։ «Այս բացահայտումները կարող են գլխացավանք դառնալ բրիտանական կառավարության համար, որովհետեւ Ալիեւները, ըստ երեւույթին, 31 միլիոն ֆունտ ստերլինգի շահույթ են ստացել՝ Լոնդոնի իրենց գույքերից մեկը վաճառելով Crown Estate ընկերությանը, որը պատկանում է թագավորական ընտանիքին եւ տնօրինվում է Մեծ Բրիտանիայի Գանձապետարանի կողմից», - ասված է հրապարակման մեջ։
10:13 - 04 հոկտեմբերի, 2021