Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Վրաստանի ոստիկանները ենթադրում են, որ ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Բակիխանովն անձնասպան է եղել |azatutyun.am|

Վրաստանի ոստիկանները ենթադրում են, որ ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Բակիխանովն անձնասպան է եղել |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի իրավապահները հետաքննում են ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր Հուսեյն Բակիխանովի մահվան հանգամանքները: Բակիխանովը մահացել է հուլիսի 14-ին, սակայն այդ լուրը տարածվելկ է միայն հուլիսի 29-ին: Ըստ քննիչների, Թբիլիսիում «Ստամբա» հյուրանոցում բնակվող Բակիխանովը վայր է ընկել բարձրահարկ շենքի տանիքից: Թբիլիսիի ոստիկանության փոխանցմամբ, ամենայն հավանականությամբ, Բակիխանովն ինքնասպանություն է գործել: Հյուրանոցի փաստաբան Կախա Ծերեթելիի փոխանցմամբ, Բակիխանովին ցույց են տվել շենքը և երբ հասել են տանիք, նա այնտեղից ցած է նետվել: Ողբերգությունից երկու օր առաջ Բախկիխանովը YouTube-ում տեղադրել է հոլովակ, որով հանրությանը տեղեկացրել է Թբիլիսիում հարձակման ենթարկվելու մասին: Նա ասել է, որ չի կարող միանշանակ պնդել, բայց չի կարող նաև բացառել, որ հարձակումը կազմակերպվել է Ադրբեջանի իշխանության պատվերով: Ըստ «Վրաստանի իրավունքներ» հասարակական կազմակերպության, Բակիխանովը Վրաստանի իշխանությունների հետ շփումների մեջ էր, նա ապաստան ստանալու և երրորդ երկիր տեղափոխվելու դիմում էր ներկայացրել: Բակիխանովին Բաքվում ձերբակալել են այս տարվա մայիսի 7-ին՝ բողոքի ցույցի ընթացքում: Նա դատապարտվել է 15 օրվա ազատազրկման: Նա պնդել է, որ բանտում ծեծի և կտտանքների է ենթարկվել: Դուրս գալով բանտից, նա տեղափոխվել է Վրաստան, որտեղև ապաստանի դիմում է ներկայացրել: Freedom House իրավապաշտպան կազմակերպության փոխանցմամբ, Ադրբեջանն աշխարհում ամենախիստ երկրներից մեկն է լրագրողների միջավայրի սահմանափակման առումով: Ադրբեջանում իշխանությունները շատ ագրեսիվ եղանակով հետապնդում են ընդդիմադիր քաղաքական գործիչներին և լրագրողներին, նրանց ծեծի են ենթարկում, հալածում, են, ձերբակալում են և արտաքսում են:
14:21 - 31 հուլիսի, 2021
ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը |armenpress.am|

ԱՄՆ կոնգրեսականը հորդորել է Ադրբեջանին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքից և դադարեցնել բռնությունը |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Քեթրին Քլարկը կոչ է անում Ադրբեջանի զինված ուժերին անմիջապես հետ քաշվել Հայաստանի տարածքից: Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում: «Ադրբեջանի զինված ուժերը պետք է անմիջապես հետ քաշվեն Հայաստանի տարածքից և դադարեցնեն բռնությունը, որն արդեն բազմաթիվ մարդկային կյանքեր է խլել»,- նշել է ԱՄՆ կոնգրեսականը: Նա հպարտությամբ է փաստել, որ կողմ է քվեարկել կոնգրեսական Ֆրենկ Փալոնի առաջարկած օրենսդրական փոփոխությանը, որը սահմանափակում է ԱՄՆ կողմից ռազմական օգնության տրամադրումը Ադրբեջանին: Փաստաթուղթը, որին միացել էին թե՛ դեմոկրատ, թե՛ հանրապետական օրենսդիրներ,արձանագրում է, որ Ադրբեջանին հաջորդ տարի չի կարող գումար հատկացվել Միջազգային ռազմական կրթության ու վերապատրաստման, Արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրերով: Այս երկու հոդվածներով նախորդ տարի Ադրբեջանը Վաշինգտոնից 1 մլն 600 հազար դոլար էր ստացել:
12:47 - 31 հուլիսի, 2021
Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայումն ուղիղ ճանապարհ է դեպի տապալված պետություն․ Արեգ Քոչինյան

Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ռուս սահմանապահների տեղակայումն ուղիղ ճանապարհ է դեպի տապալված պետություն․ Արեգ Քոչինյան

Թե օրվա կառավարությունն ինչպես է եկել եզրահանգման, որ հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայման հարցն իմաստ ունի դիտարկել, անհասկանալի է, քանի որ երկարաժամկետ առումով դա ուղիղ ճանապարհ է դեպի տապալված պետություն, երբ քո բոլոր սահմաններն, ըստ էության, ինչ-որ ուժային կենտրոն է վերահսկում, ոչ թե դու, երբ դու այդ աստիճան կախված ես լինում մեկ ուժային կենտրոնից։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը։ Հայ-ադրբեջանական սահմանին ռուս սահմանապահների տեղակայման հարցը դիտարկելու մասին երեկ խոսել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստի ժամանակ։ Նա կարծիք էր հայտնել, որ դա հնարավորություն կտա սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքներն իրականացնել առանց ռազմական բախումների ռիսկի։  Արեք Քոչինյանի դիտարկմամբ՝ սահմանապահներ կարող են կանգնել հստակ ճշտված սահմանի երկայնքով, այսինքն՝ այն պահից սկսած, երբ որեւէ գծով կանգնեն ռուս սահմանապահները, դա հետագայում դառնալու է դեմարկացիայի, դելիմիտացիայի գիծը, իսկ Ադրբեջանն, ինչպես նկատեց մեր զրուցակիցը, այս փուլում հետ չի քաշվելու այն հատվածներից, որտեղ խորացել է․ խոսքը ոչ միայն Գեղարքունիքի ու Սյունիքի սահմանային հատվածների մասին է, այլ նաեւ այլ տարածքների, որտեղ հակառակորդն առաջ է եկել դեռ 90-ականներին․ «Եթե հիմա այդ երկայնքով կանգնեն ռուս սահմանապահները, դա դառնալու է դեմարկացիայի, դելիմիտացիայի գիծը»,- ընդգծեց փորձագետը։ Փաշինյանի հայտարարությունից հետո ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ Ռուսաստանը շարունակում է շփումները Երեւանի եւ Բաքվի հետ՝ եռակողմ համաձայնագրերի լիարժեք իրականացումն ապահովելու համար։ Նա, ըստ էության, չէր արձագանքել սահմանապահների տեղակայման վերաբերյալ Փաշինյանի դիտարկմանը։ Չէր արձագանքել նաեւ Հայաստանի ղեկավարի այն հայտարարությանը, ըստ որի՝ ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կարող է լինել Ադրբեջանի եւ մեր փոխադարձ մեղադրանքների իսկությունը պարզելու հարցում հնարավոր լուծումներից մեկը, իսկ նման առաքելությունը իրականացնելու անհնարինության պայմաններում, Փաշինյանի խոսքով, կարող են լինել միջազգային այլ ընդունելի ֆորմատներ՝ ներառյալ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը։ ՌԴ-ից այս ելույթներին չարձագանքելն, ըստ Արեգ Քոչինյանի, նշանակում է, որ այդ սահմանապահների տեղակայումը գին ունի, որը ՌԴ-ն ակնկալում է մեզնից եւ դեռ չի ստացել երաշխիքներ, որ մենք պատրաստ ենք այն վճարել։ Անդրադառնալով ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության հնարավոր տեղակայմանը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, մեր զրուցակիցն ասաց․ «Բանն այն է, որ երբ ասում ենք ՀԱՊԿ, նկատի ունենք Ռուսաստան, որովհետեւ անգամ այդ մոնիթորինգային խմբավորման մասին խոսելիս մի քիչ դժվար է պատկերացնել, որ, օրինակ, Ղազախստանից, Ղրղզստանից կամ Բելառուսից այստեղ ինչ-որ կոնտինգենտ է բացազատվելու մոնիթորինգ անելու համար։ Դա լավագույն դեպքում կարող է լինել ռուսական մոնիթորինգային խումբ՝ գուցե ՀԱՊԿ-ի դրոշի ներքո։ Նաեւ էական է վարչապետի ասածի շարունակությունը, որ եթե նման առաքելություն իրականացնելու անհնարինություն լինի, կարող են դիտարկվել նաեւ միջազգային այլ ընդունելի ֆորմատներ»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ սա, ըստ էության, մեր՝ ՀԱՊԿ-ի առջեւ ունեցած պարտավորությունների վերջնական արձանագրումն է եւ դրանց իրականացումը․ «Այսինքն՝ մենք առաջինը դիմում ենք ՀԱՊԿ-ին, ու եթե անգամ այս հարցում որեւէ աջակցություն չենք ստանում, դա արդեն իսկ նշանակում է, որ այդ պահից սկսած ազատ ենք ՀԱՊԿ-ից դուրս որեւէ աջակցություն փնտրելու գործում»։ Թե ինչ հնարավոր աջակցության մասին կարող է խոսք լինել, Քոչինյանի գնահատմամբ, փոքր ինչ բարդ հարց է, որովհետեւ դրան պատասխանելու համար անհրաժեշտ է տիրապետել դիվանագիտական այն խողովակներին ու քննարկումներին, որոնք, ինչպես հույս է հայտնում փորձագետը, այս ընթացքում եղել են․ «Այդ բանակցություններն, առաջին հերթին, պետք է որ ընթանային Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ, այսինքն՝ ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, ընդ որում՝ գոյություն ունեցող երաշխիքներին, որ տվել է ռուսական կողմը, երբ այստեղ բացազատվել է, իրականում ի վիճակի է փոխարինել բացառապես Միացյալ Նահանգները։ Քանի որ երբ ասում ենք փոխարինել, նկատի ունենք, օրինակ, դա անել ժամերի ընթացքում։ Հիմա ԱՄՆ-ն այն երկիրն է, որն իրեն կարող է նման բան թույլ տալ թե՛ տեխնիկապես, թե՛ ֆինանսապես, թե՛ քաղաքականորեն։ Իսկ, օրինակ, Ֆրանսիայի դեպքում մի փոքր կասկածելի է, մի տարվա ընթացքում դա իրականացնելը պատկերացնելի է, բայց մենք չունենք այդ մեկ տարվա հնարավորությունը։ Եթե այդ երաշխիքները տրվում են մեզ, ապա դրանք պետք է իրականանալի լինեն ժամերի ընթացքում»։ Իսկ եթե դիտարկում ենք Մինսկի խմբի համանախագահությունից զատ, ապա, մեր զրուցակցի խոսքով, հնարավոր տարբերակ է նաեւ Չինաստանի աջակցությամբ Իրանը․ «Բայց այստեղ շատ ավելի լուրջ աշխատանք պետք է կատարված լինի մինչեւ այս պահը եւ շատ ավելի լուրջ աշխատանք պետք է շարունակել անել, որովհետեւ այդ գաղափարն այս պահին շատ հում է»։ Արեգ Քոչինյանը համակարծիք է, որ մեր ունեցած ժամանակը քիչ է, իսկ Ադրբեջանը, բնականաբար, շարունակելու է սադրանքները՝ իր նպատակներին հասնելու համար․ «Ասեմ ավելին, Ադրբեջանն իր խնդիրները լուծելու համար ոչ միայն սադրանքների է պատրաստ, այլ, չեմ բացառում, պատրաստ է նաեւ պատերազմի։ Իսկ սադրանքները միայն ավելանալու են ու ուժեղանալու։ Իսկ ինչ է ուզում Ադրբեջանը․ Ադրբեջանն ուզում է 44-օրյա պատերազմում իր գրանցած արդյունքների լեգիտիմիզացիա, ուզում է թուղթ, ուզում է՝ հայկական կողմը ստորագրի այդ թուղթը, որը պետք է պարունակի մինիմում դելիմիտացիա, դեմարկացիա եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում՝ Արցախն էլ հետը, իսկ մաքսիմում՝ անկլավները, միջանցքը եւ այլն»,- ասաց փորձագետը՝ նկատելով՝ մենք սրան դեռեւս դիմադրում ենք։ Նրա համոզմամբ՝ խնդիրն այն չէ, որ Ադրբեջանը սա ուզում է, խնդիրն այն է, որ սրանում Ադրբեջանին աջակցում է Թուրքիան, եւ որ առնվազն կա թողտվություն Ռուսաստանից, եթե ոչ աջակցություն։ Իսկ ի՞նչը պետք է լինի մեր անելիքը․ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ այս փուլում մեր անելիքը պետք է լինի իրավիճակի սառեցումը, այսինքն՝ մենք պետք է հասնենք նրան, որ ոչինչ չստորագրենք․ «Իսկ այս եռակողմ բանակցությունների ֆորմատը՝ Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան, պետք է վերացվի։ Մենք պետք է վերադառնանք Մինսկի խմբի համանախագահության ֆորմատին ու մեր արեւմտյան գործընկերներից մեր առաջնային ակնկալիքը, որն իրականում շատ իրատեսական է, բավականաչափ քաղաքական, նաեւ տնտեսական ճնշումն է Ադրբեջանի, եթե պետք է՝ նաեւ Ռուսաստանի վրա, որպեսզի վերսկսվեն բանակցությունները ՄԽ համանախագահության բանաձեւով։ Եթե աջակցության այդ ձեւն այս պահին այնքան էլ իրատեսական չէ, ապա գոնե ՄԽ համանախագահության բանաձեւի վերականգնումը բավարար ճնշման պարագայում լրիվ իրատեսական է»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս փուլում դա կտա այն սառեցումը, որը մեզ պետք է եւ որը ժամանակ կտա մեզ՝ այլ ձեւաչափերում անվտանգային նոր երաշխիքներ ստանալու ֆորմատների վրա աշխատելու։ Վերադառնալով դեմարկացիային եւ դելիմիտացիային՝ Քոչինյանն ասաց, որ այդ գործընթացն անելու համար պետք է հասկանալ, թե մենք ինչի վրա ենք հենվում․ եթե հենվում ենք խորհրդային այս կամ այն տարվա որոշակի պատկան մարմինների որոշումների վրա, ապա կան որոշումներ, որոնք մեզ են շահեկան, որոշումներ, որոնք հակառակորդին են շահեկան․ «Այստեղ, ըստ էության, ամենաարդարացի լուծումը երկու կողմերի համար կարող է լինել միջազգային դիտորդական կամ մոնիթորինգային, կամ, այսպես ասած, իրավարար վճիռ տալու ունակ որեւէ մարմնի ստեղծումը, որի մասնակցությամբ փոխզիջումային տարբերակով տեղի կունենան դեմարկացիան ու դելիմիտացիան։ Երկրորդը՝ այդ գործընթացները որեւէ կապ չպիտի ունենան Արցախի հիմնահարցի հետ եւ Արցախի ու Լաչինի կարգավիճակին դրանք որեւէ կերպ չպիտի անդրադառնան, այսինքն՝ այդ գործընթացը վերաբերելի պիտի լինի բացառապես ՀՀ եւ Ադրբեջանի պետական սահմանների ճշգրտմանը, եւ երրորդը՝ դեմարկացիան եւ դելիմիտացիան պետք է արվեն ավելի ուշ, որովհետեւ, երբ պատերազմում պարտված կողմ ես, ընդ որոււմ՝ պարտված այնպես, որ քեզ ուղղակի մեջքի վրա պառկեցրել են, բնական է, որ դու զիջելու ես, զիջելու ես այնքան, ինչքան դիմացինն ուզի, դրա համար մեզ պետք է ժամանակ ձգել, մեր ԶՈՒ-երը կարգի բերել, նոր խոսել այդ գործընթացների մասին»,- ասաց փորձագետը՝ շեշտելով՝ դրանք պիտի լինեն շատ լուրջ միջազգային ատյանի վերահսկողության ներքո, պետք է բացառվի ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը, պետք է տեղի ունենա դեէսկալացիա, տեխնիկան պետք է հետ քաշվի սահմաններից, գործընթացը լինի հանգիստ․ «Հիմա զենքի սպառնալիքի տակ արված դեմարկացիան ու դելիմիտացիան մեզ համար պատուհաս են, որովհետեւ որեւէ կերպ չեն կարող բխել մեր շահերից»։ Անդրադառնալով գլոբալ փոխահարբերություններին՝ փորձագետը նկատեց՝ տեղի է ունենում ռուս-թուրքական պայմանավորվածություն՝ տարածաշրջանի վերաբաժանման վերաբերյալ։ Վերաբաժանում, որը տարածաշրջանը բերելու է Ռուսաստանի եւ Թուրքիայի քաղաքական շրջանակների միջեւ բաժանման եւ այստեղից դուրս է մղելու արեւմուտքը․ «Բնական է, որ արեւմուտքը դրա հետ չի կարող համակերպվել, բայց այստեղ մի քանի հարց կա․ արդյոք այս տարածաշրջանն այնքան կարեւո՞ր է արեւմուտքի համար, որ վերջինը հանուն այս տարածաշրջանի գնա այնպիսի լուրջ քայլերի, ինչպիսին այստեղ կոնտինգենտի բացազատումն ու երաշխքիների տրամադրումն է, թե՞, օրինակ, դիվանագիտական ճնշման մակարդակի կարեւորություն ունի։ Ըստ իս՝ երկրորդն է, բայց դա էլ այն ոլորտն է, որտեղ ժամանակ է պետք»,- ասաց մեր զրուցակիցն ու ամփոփելով նշեց՝ մեզ պետք է ամեն ինչ անել՝ ժամանակ ձգելու համար, թույլ չտալու, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, իսկ զուգահեռ վարել ակտիվ բանակցություններ, ակտիվ աշխատել մեր արեւմտյան գործընկերների հետ, որպեսզի բանակցությունները հնարավորինս շուտ սկսվեն եւ սկսվեն ՄԽ համանախագահության վերագործարկմամբ ու այդ մարմնի շրջանակներում։ Հայարփի Բաղդասարյան
20:27 - 30 հուլիսի, 2021
Հայաստանի օդային տարածքը թուրքական և ադրբեջանական ավիաընկերությունների համար փակ չէ և չի եղել

Հայաստանի օդային տարածքը թուրքական և ադրբեջանական ավիաընկերությունների համար փակ չէ և չի եղել

Երեկ Times.am լրատվական կայքը հրապարակել է «Ստամբուլից Բաքու մեկնող ինքնաթիռը Երևանի երկնքում» վերտառությամբ հոդված, որում նշվում է, որ Երևանի երկնքով բավական քիչ բարձրության վրա ինքնաթիռ է անցել, որը Ստամբուլից ուղևորվում էր Բաքու։ Հոդվածի հեղինակը եզրակացրել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան արդեն ստացել են օդային միջանցք։ Սակայն նյութում առկա պնդումները մանիպուլյատիվ են։ Ուսումնասիրելով Ստամբուլից Բաքու և հակառակ ուղղությամբ իրականացվող քաղաքացիական չվերթները՝ Flightradar համակարգից տեղեկացանք, որ նման չվերթներ իրոք տեղի ունեցել են և ոչ մեկ կամ երկու անգամ։ Այսպես, համաձայն Flightradar համակագի վերջին մեկ տարվա տվյալների՝ թուրքական ավիաընկերությունը Հայաստանի օդային տարածքով ավիաչվերթներ սկսել է իրականացնել միայն վերջին ամիսներին։  Ստամբուլից Բաքու TK332 չվերթային կոդով թռիչքներ իրականացնող Turkish Airline թուրքական ավիաընկերության թռիչքուղին սովորաբար եղել է Վրաստանի օդային տարածքով՝ շրջանցելով Հայաստանի օդային տարածքը, սակայն 2021 թվականի մայիսի 5-ին Վրաստանի օդային տարածքով Բաքու գնալու փոխարեն, թուրքական ավիաընկերության ինքնաթիռը Բաքու մեկնել է Հայաստանի օդային տարածքով։ Նման երթուղով չվերթներ եղել են նաև մայիսի 23-ին, հունիսի 8-ին, 10-ին, 28-ին, հուլիսի 4-ին, 6-ին, 9-ին, 20-ին և 29-ին։ Նույն ուղղությամբ թռիչքներ իրականացվել են նաև TK 334 և TK 338 չվերթային կոդերով։ Այս դեպքում նույնպես պարբերաբար դեպի Բաքու թռիչք իրականացնելիս օգտագործվել է Հայաստանի օդային սահմանը։ Մայիսի 1-ին, 20-ին, 23-ին, 26-ին, 27-ին, 29-ին, հունիսի 2-ին, 3-ին երկու անգամ, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 10-ին երկու անգամ, 11-ին, 12-ին 13-ին, 17-ին, 18-ին, 19-ին, 21-ին, 22-ին երկու անգամ, 24-ին, 25-ին, 26-ին, 27-ին, 28-ին, 29-ին, հուլիսի 1-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին, 14-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 22-ին, 23-ին, 24-ին երկու անգամ, 25-ին, 27-ին, 28-ին և 29-ին երկու անգամ։ Ընդհանուր առմամբ, մեկ տարվա կտրվածքով Ստամբուլից Բաքու իրականացվող թռիչքների ժամանակ թուրքական ավիաընկերությունը Հայաստանի օդային տարածքով դեպի Բաքու իրականացրել է 58 չվերթ։ Բաքվից Ստամբուլ չվերթներ Հայաստանի օդային տարածքով նույնպես եղել են։ Հայաստանի օդային տարածքով դեպի Ստամբուլ չվերթները եղել են 35-ը։ Առաջին չվերթն իրականացվել է ապրիլի 11-ին, վերջինը՝ հուլիսի 29-ին։ Ինչ վերաբերում է վերոնշյալ հոդվածում հնչած այն պնդմանը, որ ինքնաթիռը Երևանի երկնքով անցել է բավական քիչ բարձրությամբ, իրականությանը չի համապատասխանում։ Հուլիսի 29-ին, Հայաստանի օդային տարածքով անցել են  թուրքական ավիաընկերության 4 ինքնաթիռներ, որոնցից երկուսի թռիչքուղին եղել է Բաքվից Ստամբուլ, մյուս երկուսինը՝ Ստամբուլից Բաքու։ Այս ինքնաթիռները Հայաստանի օդային տարածքով անցնելիս եղել են 10-11 կմ բարձրության վրա։ Մյուս պնդման՝ Ադրբեջանի ու Թուրքիայի օդային միջանցք ունենալու վերաբերյալ կապ հաստատեցինք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի Օդանավակայանների սերտիֆիկացման և օդային երթևեկության կազմակերպման վարչության պետ Դավիթ Սարուխանյանի հետ։ Մեզ հետ զրույցում վերջինս ասաց, որ Հայաստանը որևէ երկրի նկատմամբ օդային տարածքի սահմանափակում չունի և չի ունեցել՝ բացառությամբ 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառված ժամանակավոր սահմանափակման․ «Քաղաքացիական ավիացիայի մասին Չիկագոյի կոնվենցիան («Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիա,- հեղինակ ) ասում է՝ եթե դու ինչ-որ սահմանափակումներ ես հրապարակում, խտրականություն չես կարող անել, այսինքն՝ չես կարող մի ավիաընկերության համար օդային սահմանը փակել, մյուսի համար բացել։ Եթե ինչ-ինչ պատճառներից ելնելով փակում ես, դա պետք է լինի հավասարազոր բոլորի համար։ Մենք չենք կարող թուրքական ավիաընկերության համար փակել, մեկ այլ ընկերության համար բացել։ Մենք առաջնորդվում ենք Չիկագոյի կոնվենցիայի դրույթներով և մոտեցումը դա է»,- զրույցի ընթացքում ասաց Սարուխանյանը։ Ինչ վերաբերում է Հայաստանի օդային տարածքով անցնելուն, ապա Սարուխանյանը նշեց, որ թույլատրության խնդիր չկա, պարզապես պետք է օդային տարածքով անցնել ցանկացող ավիաընկերությունը ներկայացնի թռիչքային ծրագիրը, որտեղ նշված կլինի, թե որ ժամին են մուտք գործելու Հայաստանի օդային տարածք, որ ուղղությամբ են շարժվելու և որ ժամին են դուրս գալու։ Հետևաբար առանց հայկական կողմի իմացության թուրքական ավիաընկերությունը չէր կարող հատել Հայաստանի օդային սահմանները։ Մեր զրուցակիցն իր խոսքում նշում է «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 9-րդ հոդվածի ա և բ կետերը, համաձայն որոնց՝ յուրաքանչյուր պետություն ռազմական անհրաժեշտության կամ հասարակական անվտանգության նկատառումներով կարող է սահմանափակել կամ ամբողջովին արգելել այլ պետությունների օդանավերին թռիչքներ կատարել իր տարածքի որոշակի գոտիների վրա` պայմանով, որ այս առնչությամբ ոչ մի տարբերակում չի սահմանվի արգելվող պետության և մյուս պետությունների օդանավերի միջև։ Իսկ արտակարգ իրավիճակներում պետությունները կարող են արգելք դնել, եթե արգելքը կկիրառվի բոլոր այլ պետությունների օդանավերի նկատմամբ` անկախ դրանց ազգային պատկանելությունից: Այսպիսով, կարող ենք փաստել, որ Հայաստանի օդային սահմանները փակ չեն եղել Թուրքիայի և Ադրբեջանի օդանավերի համար, այլ հարց է, որ նախկինում թուրքական ավիաընկերությունը Հայաստանի օդային տարածքով չվերթներ չէր իրականացնում։ Նարեկ Մարտիրոսյան
18:51 - 30 հուլիսի, 2021
Եվրոպական խորհրդարանի զեկուցողները դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները |armenpress.am|

Եվրոպական խորհրդարանի զեկուցողները դատապարտել են Ադրբեջանի սադրիչ գործողությունները |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ԵԽ Հայաստանի հարցով հիմնական զեկուցող Անդրեյ Կովաչևը և ԵԽ Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող Զելյանա Զովկոն համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած մահացու բախումների վերաբերյալ՝ ցավ հայտնելով ադրբեջանական զինուժի սադրանքների հետևանքով զոհված հայ զինծառայողների մահվան կապակցությամբ և դատապարտելով ադրբեջանական կողմի բորբոքիչ և անպատասխանատու հայտարարությունները ՀՀ տարածքների վերաբերյալ:   Այս մասին հայտնում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը: «Մենք սգում ենք հուլիսի 28-ին Գեղարքունիքի մարզի սահմանին ադրբեջանական զինուժի հետ բախումների հետևանքով զոհված երեք հայ զինծառայողի մահը, որն, ըստ հաղորդագրությունների, տեղի է ունեցել վաղ առավոտից սկսած հայկական դիրքերի և որոշ հայկական գյուղերի վրա կրակ բացելուց հետո, և մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին: Դժբախտաբար, սա ընդամենը մեկն է վերջին ամիսներին միջադեպերի կամ սադրանքների այն շարքից՝ ներառյալ միջպետական սահմանին տեղի ունեցած բռնությունները, որոնք սկսվեցին ադրբեջանական զորքերի՝ մայիսի 12-ին Հայաստանի տարածք ներխուժելուց հետո: Վերջին փոխհրաձգությունը, որ տեղի ունեցավ Նախիջևանի սահմանին, որտեղ մեկ այլ հայ զինվոր սպանվեց, ոչ պակաս անհանգստացնող է: Մենք կոչ ենք անում երկու կողմերին խստորեն հետևել հրադադարին և խուսափել ցանկացած սադրանքից: Սահմանի վերաբերյալ ցանկացած հնարավոր տարաձայնություն պետք է լուծվի սահմանագծման և սահմանազատման շուրջ բանակցությունների և ոչ թե ուժի կիրառման և միակողմանի գործողությունների միջոցով: Բոլոր զորքերը պետք է հետ քաշվեն մինչև մայիսի 12-ը զբաղեցրած դիրքերը՝ հրադադարի մասին Եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան», - նշել են ԵԽ պատգամավորները: Եվրախորհրդարանի պատվիրակությունը շեշտել է, որ իրադրության կայունացման և լարվածության թուլացման համար ծայրաստիճան կարևոր է, որ անմիջապես դադարեցվի «բորբոքիչ հռետորաբանությունը»: Այս համատեքստում Կալյուրանդը, Կովաչևը և Զովկոն դատապարտում են Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հայտարարությունները այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուրի» վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության տարածքները իբրև ադրբեջանցիների «նախնիների հողեր» ներկայացնելը: «Նման հայտարարությունները խիստ անպատասխանատու են և կարող են էլ ավելի խարխլել տարածաշրջանային անվտանգությունը: Մենք հիշեցնում ենք Եվրոպական միության հանձնառությունը աջակցելու վստահություն կառուցող միջոցառումներին և բոլոր խնդիրները բանակցությունների սեղանի շուրջ լուծելուն՝ ներառյալ տևական հակամարտության կարգավորման և Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի շուրջ բանակցությունների վերսկսումը», - ասված է ԵԽ Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության հայտարարության մեջ:
15:57 - 30 հուլիսի, 2021
ԵԽԽՎ զեկուցողը կոչ է արել հարգել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերից հետո |armenpress.am|

ԵԽԽՎ զեկուցողը կոչ է արել հարգել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերից հետո |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հումանիտար հետևանքները» թեմայով զեկուցող Փոլ Գավանը (Իռլանդիա, «Եվրոպական միավորված ձախեր» խմբակցություն) կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին թուլացնել լարվածությունը և հարգել հրադադարը սահմանային գոտում վերջերս տեղի ունեցած միջադեպերից հետո, որոնց հետևանքով հայկական կողմից զոհվեց երեք զինծառայող, իսկ ադրբեջանական կողմից՝ մեկը: Այս մասին հայտնում է ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքը: «Դժբախտաբար, միջադեպերի քանակը այս տարվա մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում կայուն կերպով աճել է, և այս միջադեպերը լարվածությունը հասցրել են նոր մակարդակի՝ ցավալի վիրավորումներով և մարդկային կորուստներով, ինչն ինձ շատ է անհանգստացնում», - ասել է իռլանդացի պատվիրակը՝ տեղեկացնելով, որ ինքը կապի մեջ է եղել երկու կողմի հետ և հասկացել, որ երկուսն էլ ուզում են խուսափել իրադրության վատթարացումից: Փոլ Գավանը շեշտել է՝ հումանիտար այն հիմնախնդիրները, որոնք ազդում են անհատների կյանքի վրա սահմանի երկու կողմերում, չեն կարող լուծվել, քանի դեռ բռնությունը չի դադարեցվել: «Բոլոր նրանց, ովքեր անհանգստացած են այս վիճակով, ես կոչ եմ անում ցույց տալ իրենց պատասխանատվությունը խաղաղություն և հաշտեցում կառուցելու նպատակով: Հետևաբար, ես հույս ունեմ, որ երկու երկրներն էլ հետ կկանգնեն այնպիսի քայլերից, որոնք կարող են վատթարացնել իրավիճակը: Մենք պետք է խոսափենք հակամարտության այս շարունակական շրջապտույտից», - հայտարարել է Փոլ Գավանը:
13:51 - 30 հուլիսի, 2021
Բայրամովը Կլաարին վստահեցրել է, թե «Ադրբեջանը շահագրգռված չէ սահմանին լարվածությամբ» |azatutyun.am|

Բայրամովը Կլաարին վստահեցրել է, թե «Ադրբեջանը շահագրգռված չէ սահմանին լարվածությամբ» |azatutyun.am|

azatutyun.am: Հայ - ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակն են քննարկել Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երեկ կայացած հեռախոսազրույցում: «Կողմերը մտքեր փոխանակեցին եռակողմ հայտարարությունների և տարածաշրջանում առկա իրավիճակին վերաբերող հարցերի շուրջ: ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտահոգություն հայտնեց երկու պետությունների սահմանին լարվածության վերաբերյալ», - ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում: Բայրամովը զրուցակցին վստահեցրել է, թե ադրբեջանական բանակը պատասխանում է հայկական կողմի «ռազմական սադրանքներին, Ադրբեջանը պաշտպանում է իր միջազգային սահմանները»: «Ընդգծվեց, որ Հայաստանը պետք է վերջ տա նման անպատասխանատու վարքագծին և կատարի իր պարտավորությունները: Նախարարը նշեց, որ Ադրբեջանը շահագրգռված չէ սահմանին լարվածությամբ և այդ խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու կողմնակից է», - ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում:
11:44 - 30 հուլիսի, 2021
ՀՀ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական «Aerostar» տիպի ԱԹՍ․ ՊՆ լուսանկարները է հրապարակել

ՀՀ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են ադրբեջանական «Aerostar» տիպի ԱԹՍ․ ՊՆ լուսանկարները է հրապարակել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հուլիսի 29-ին, ժամը 23։00-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։ Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից։ «ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։ Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։ Հայաստանյան ԶԼՄ-ներին և սոցիալական ցանցերի օգտատերերին ևս մեկ անգամ կոչ ենք անում չտարածել չճշտված, առավել ևս` ակնհայտ խեղաթյուրված և խուճապ առաջացնող տեղեկություններ և առաջնորդվել պաշտպանական գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններով:  ՀՀ զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները»,- նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։  
10:32 - 30 հուլիսի, 2021
Փոխվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը |tert.am|

Փոխվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը |tert.am|

tert.am: Իգոր Պոպովի փոխարեն Ռուսաստանի Դաշնությունից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է դարձել Իգոր Խովաևը: Սա հետևում է ԵԱՀԿ Մինսկի խմբի կայքում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հուլիսի 29-ին հրապարակված համանախագահների հայտարարությունից. այն տրվել է Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Իգոր Խովաևի (Ռուսաստան) անունից: Այս թեմայի շուրջ Մոսկվայից պաշտոնական մեկնաբանություն դեռ չկա: Իգոր Պոպովը զբաղեցնում էր Ռուսաստանից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը 2010 թվականից: Բաց աղբյուրների համաձայն՝ 2015 թվականի մարտի 2-ին Իգոր Խովաևը նշանակվել է Ռուսաստանի դեսպան Ֆիլիպինների Հանրապետությունում և միաժամանակ Պալաուի Հանրապետությունում և Միկրոնեզիայի Դաշնային Նահանգներում, իսկ նույն տարվա մայիսի 5-ից ՝ Մարշալյան կղզիներում` համատեղության կարգով: Այս բոլոր պաշտոններից նա ազատվել է անցյալ տարվա սեպտեմբերի 21-ին:
09:40 - 30 հուլիսի, 2021
Մինչեւ չհասկանանք՝ ինչի դեմ ենք պատերազմում եւ ինչի համար, մնալու ենք թույլ, միշտ խոցելի․ Հրաչյա Արզումանյան

Մինչեւ չհասկանանք՝ ինչի դեմ ենք պատերազմում եւ ինչի համար, մնալու ենք թույլ, միշտ խոցելի․ Հրաչյա Արզումանյան

Ադրբեջանի այս ագրեսիվությունը, հարձակումները այն մարտավարության եւ ռազմավարության շրջանակում են, որը նրանք օգտագործում են, այսպես կոչված, հիբրիդային պատերազմներում, ուստի սա պատերազմի շարունակություն է՝ այլ մեթոդներով, ոչ այլ ինչ։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը՝ խոսելով վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումների մասին։ Երեկ առավոտյան հայտնի դարձավ, որ հուլիսի 28-ի գիշերը ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի եւ խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարեւելյան հատվածում՝ Վերին Շորժայից Սոթք ընկած հատվածում: Մարտերի հետեւանքով հայկական կողմը հուլիսի 28-ին ուներ երեք զոհ, հինգ վիրավոր։ Եւ չնայած երեկ պաշտոնական խողովակներով խոսվեց հրադադարի պայմանավորվածության մասին, հակառակորդն այսօր դարձյալ խախտել է այն, ինչի հետեւանքով մենք եւս մեկ վիրավոր ունենք։ Հրաչյա Արզումանյանն այն կարծիքին է, որ այս առումով նոր բան չկա․ Ադրբեջանի դիրքորոշումը նույնն է, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւը բավականին հստակ ու բաց հայտարարել է իր մտադրությունների մասին, թե՝ Սյունիքը նույնպես ադրբեջանական հող է, թե Երեւանը նույնպես ադրբեջանական ժառանգություն է, եւ այլն։  Ըստ տարբեր վերլուծաբանների՝ Ադրբեջանն այս սադրիչ քայլերով փորձում է երեք խնդիր լուծել՝ Նախիջեւանին կապող իր ցանկացած միջանքը, Արցախի վերաբերյալ որեւէ պահանջից Հայաստանի հրաժարումը, եւ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիան ու դելիմիտացիան՝ սահմանագծումն ու սահմանազատումը, բնականաբար, Ադրբեջանին շահեկան պայմաններով։ Այս իրավիճակում, սակայն, ըստ մեր զրուցակցի, դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին խոսելը ճիշտ չէ, քանի որ սա էլ է պատերազմի՝ տեղեկատվական պատերազմի տարր։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը, Թուրքիան ու Ադրբեջանը պարտադրում են խնդրի քննարկում, որը իրականության հետ ոչ մի կապ չունի․ «Մենք գործ ունենք ռազմական գործողությունների, գործ ունենք պատերազմի շարունակության հետ։ Եւ պատերազմի պայմաններում խոսել դեմարկացիայի մասին՝ կոռեկտ չէ։ Դեմարկացիա չկա, կա ռազմական գործողությունների շարունակություն։ Կան լայնածավալ ռազմական գործողություններ, եւ կան նաեւ այլ մեթոդներ։ Եվ երկրորդ՝ դուք խոսում եք Ադրբեջանի քայլերի եւ մտադրությունների մասին, որոնք պայմանականորեն կարելի էր անվանել մարտավարական․ դրանք Ադրբեջանի քաղաքականության եւ ռազմավարության տարրեր են։ Ի վերջո՝ խնդիրը, բնականաբար, չի հանգում միայն միջանցք ստանալուն․ դա, այո՛, ռազմավարական խնդիր է, բայց, վերջին հաշվով, խնդիր է դրվում չեզոքացնելու եւ, հնարավոր է, նաեւ ոչնչացնելու հայկական պետությունը։ Նպատակը հայ ժողովրդի, հայկական պետության գործոնը քաղաքական քարտեզից հեռացնելն է, հայկական հարցի վերացումը, 21-րդ դարում հայկական հարցի ձեւակերպումը թույլ չտալը»,- մեկնաբանեց Հրաչյա Արզումանյանն ու նկատեց՝ հիմա հակառակորդը մեզ կրկին բաց ասում է իր նպատակներին մասին․  «Երբ օգոստոսին՝ պատերազմից առաջ, Էրդողանն ասում էր, որ անհրաժեշտ է ավարտել այն, ինչ սկսել են իրենց պապերը, իսկ հետո ռազմական շքերթում հիշվեց Էնվեր փաշան, մեզ բաց հաղորդագրություններ ուղարկվեցին, թե ինչպիսին են Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի գաղափարական, ռազմավարական նպատակները։ Եվ հարցն այն է, որ մենք չենք ցանկանում դա ընդունել։ Այսինքն՝ հիմնական խնդիրը թուրքական կողմում չէ, եւ խնդիրը միայն միջանցքը չէ․ եթե հայկական կողմը գնա միջանցքը բացելուն, չի նշանակում, որ խաղաղություն կլինի, ո՛չ, պատերազմը կշարունակվի այլ մեթոդներով, այլ ասպարեզներում։ Կառաջանան այլ խնդիրներ։ Եվ, իմ կարծիքով, խնդիրները կվերջանան այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը համաձայնի հրաժարվել պետականությունից»։  Իսկ Հայաստանն, ըստ քաղաքական գիտությունների դոկտորի, չի պատկերացնում՝ ինչ խնդիրների, սպառնալիքների առաջ է կանգնած։ Նրա կարծիքով՝ եթե ի վիճակի չես ձեւակերպել սպառնալիքը, եթե ի վիճակի չես ձեւակերպել խնդիրը, չես կարող գտնել լուծում, որովհետեւ անընդհատ լուծում ես սխալ խնդիր․ «Տեխնիկական գիտություններում կա այսպիսի սահմանում՝ խնդրի ճիշտ ձեւակերպումը լուծման կեսն է։ Այսինքն՝ մեր թուլությունը, մեր պարտությունը՝ 2020 թվականի արցախյան 2-րդ պատերազմում, հակառակորդի մտադրություններն ու նպատակները չհասկանալու հետեւանք են։ Հետեւանք են չհասկանալու այն, որ մենք պատերազմելու ենք ոչ թե փոքր Ադրբեջանի հետ, այլ Թուրքիայի, որի դաշնակիցն է Ռուսաստանը՝ մեր ռազմավարական գործընկերը»։ Արզումանյանի համոզմամբ՝ Հայաստանի՝ իրավիճակը եւ իրական սպառնալիքի համատեքստը ճիշտ գնահատելու ունակություն չունենալը մեզ բերեց պարտության։ Ուստի մինչեւ մենք չհասկանանք՝ ինչի դեմ ենք պատերազմում եւ ինչի համար, մնալու ենք թույլ, միշտ խոցելի։ Մեր հարցին, թե ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով ՀՀ-ն կարող է դիմակայել սպառնալիքներին, երբ հակառակորդը, փաստորեն, ինչպես ցույց են տալիս զարգացումները, շարունակելու է իր հռետորաբանությունն ու սադրանքները՝ իր նպատակին ամեն գնով հասնելու համար, Արզումանյանը պատասխանեց․ «Ադրբեջանը, Թուրքիան, Ռուսաստանը, այո՛, ամեն դեպքում շարունակելու են սկսած ռազմավարությունը։ Բայց սկզբի համար մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը եւս դարձել է «արհեստական», որովհետեւ այս պատերազմից հետո, փաստացի, Թուրքիան կլանել է Ադրբեջանը, կարելի է ասել՝ այն Թուրքիայի մարզերից մեկն է դարձել, եւ «երկու պետություն, մեկ ժողովուրդ» կարգախոսից նրանք բավական մոտ են «մեկ պետություն, մեկ ժողովուրդ» մոտեցումն իրագործելուն։ Այս դեպքում մենք դիմակայում ենք ոչ թե Ադրբեջանին, այլ Թուրքիային եւ Ռուսաստանին, եւ այս քայլի գիտակցումը ստիպում է քեզ այլ կերպ նայել առկա քաղաքական, տնտեսական եւ այլ միություններին»,- ասաց Արզումանյանը՝ հավելելով՝ հնարավոր չէ լուծել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ պատերազմի խնդիրը՝ առանց Ռուսաստանի հետ հարաբերությունները նորովի ձեւակերպելու։ Ըստ քաղաքական գիտությունների դոկտորի՝ այն հարաբերությունները, որոնք մենք ձեւավորել ենք հետխորհրդային շրջանում, հետխորհրդային Հայաստանի շրջանակներում, սխալ դուրս եկան, եւ, հետեւաբար, որպես ժողովուրդ, որպես պետություն՝ պետք է վերաձեւակերպել՝ ինչ ես ուզում, հետո՝ վերանայել քո դաշինքները, որովհետեւ դրանք բերեցին պատերազմի, պարտության․ «Նշանակում է՝ պիտի վերանայես՝ որն է Ռուսաստանի դերը, արդյոք քեզ պե՞տք է Ռուսաստանի ռազմական ներկայությունը, եթե պետք է, ապա ի՞նչ պայմաններով, ի՞նչ խնդիր է լուծում Հայաստանում Ռուսաստանի ներկայությունը եւ այլն։ Հնարավոր է՝ քեզ անհրաժեշտ է այլ ուժերի ներկայություն, հնարավոր է՝ դու պետք է չեզոք դիրք ունենաս։ Այդ պատճառով շարունակվող որոշումների շրջանակներում, որոնք քեզ հասցրին աղետի Արցախում, այդ նույն ճանապարհով շարունակելով՝ դու չես կարող լուծումներ գտնել, լուծումներ չեն լինի։ Անհրաժեշտ է կանգ առնել, հասկանալ՝ որտեղ ես, որոնք են Հայաստանի խնդիրները 21-րդ դարում, եւ դրանից հետո սկսել փնտրել դաշնակիցներ»։ Իսկ կարծիքները, թե եթե ՀՀ-ն վերանայի ՌԴ-ի հետ իր հարաբերությունները եւ փորձի դաշնակիցներ փնտրել, օրինակ, արեւմուտքում, ապա Ռուսաստանն ամեն ինչ կանի Հայաստանի համար ավելի վատ իրավիճակներ ստեղծելու համար, Հրաչյա Արզումանյանը շանտաժ է համարում, շանտաժ, որն արդեն 30 տարի է՝ լսում ենք․ «Դա օգնե՞ց մեզ շրջանցել պատերազմը։ Դա օգնե՞ց մեզ խուսափել պարտությունից։ Հետեւաբար, դու պետք է փնտրես այլ լուծումներ, այս 30 տարիների ընթացքում ընդունված լուծումները չեն աշխատում, դրանք հանգեցրին աղետի։ Եթե շարունակես այդ որոշումները, կստանաս եւս մեկ աղետ եւ հայկական լեռնաշխարհում հայ ժողովրդի, հայկական պետականության ոչնչացում: Այսինքն՝ խնդիրը, որը մեզ բերեց պարտության, եւ պարտությունն ինքնին ստիպում են քեզ սկզունքորեն, խորապես վերանայել պետության հիմքերը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս առումով պետք է խոսել հայկական նոր պետության մասին, կարեւոր չէ՝ ինչպես կկոչվի՝ 4-րդ հանրապետություն եւ այլն, բայց այս պարտությունը բերում է հայոց պատմության հետխորհրդային ժամանակաշրջանի եւ հետխորհրդային հայկական պետականության ավարտին․  «Այստեղից՝ պարտությունից հետո դու արդեն ստիպված ես կառուցել նոր պետություն։ Մինչ այդ դու ունեիր ընտրության հնարավորություն, եթե ավելի շուտ սկսեիր, հնարավոր է՝ չլիներ այս պարտությունը։ Բայց պարտությունը ստիպում ու պարտադրում է քեզ սկսել նոր պետության կառուցումը։ Եթե քո մեջ ուժ ես գտնում այդ ճանապարհով գնալու, ունենում ես նոր հնարավորություններ, եթե դա չես անում, ապա հեռանում ես քաղաքական պատմությունից»։ Ռիսկեր, Արզումանյանի համոզմամբ, միշտ կան․ ամեն դեպքում, երբ քայլեր չես ձեռնարկում հեռանալու համար, չի նշանակում, որ հարված չես ստանա։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանը ստորագրել է նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի կետերից մեկը ռազմական գործողությունների դադարեցումն էր այն դիրքերում, որտեղ կանգնած ենք, ռազմագերիների փոխանակումը, միջանցքի քննարկումը։ Մեր զրուցակիցը հարց է հնչեցնում՝ զորքերը մնացի՞ն իրենց տեղերում․ չմնացին, ռազմագերիների փոխանակում տեղի ունեցա՞վ․ տեղի չունեցավ, այդ դեպքում ինչո՞ւ ենք կարծում, որ փաստաթուղթը ստորագրած կողմերը՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը, ապագայում կկատարեն իրենց պարտավորությունները։ Որտեղի՞ց երաշխիք, որ Ռուսաստանը չի խախտի պայմանավորվածությունները, որ Թուրքիան սահմանը չի անցնի, որ Ռուսաստանը կպաշտպանի Հայաստանին Նախիջեւանով Թուրքիայի ուղիղ հարձակումից․ «Նման երաշխիքներ չկան, պետք չէ հորինել»։  Ինչ վերաբերում է նոր դաշնակիցներին, ապա, Արզումանյանի համոզմամբ, չես կարող խոսել դաշնակիցների մասին, քանի դեռ ներսում չես կողմնորոշվել։ Մինչեւ ինքդ չորոշես՝ ինչ ես սկսում կառուցել, դաշնակիցներ որոնելը ոչինչ չի տա․ «Նախ՝ պետք է հասկանաս՝ ով ես դու, ինչ ես կառուցում, հետո փնտրես դաշնակիցներ։ Կլինեն նրանք արեւմուտքում, կլինեն նրանք Հեռավոր Արեւելքում, կլինեն նրանք Ասիայում, սա արդեն հաջորդ խնդիրն է, սակայն այսօր, քանի դեռ չես գիտակցել, որ պարտվել ես, որովհետեւ ամեն ինչ սխալ էր ու այժմ անհրաժեշտ է սկսել այլ կերպ, դաշնակիցներ փնտրելը իմաստ չունի։ Դաշնակիցներ պետք է փնտրել այն ժամանակ, երբ կողմնորոշվել ես՝ ուր ես գնում, քանի դեռ չես կողմնորոշվել՝ ինչ նպատակ ունես, օգնություն փնտրելն իմաստ չունի»։ 
23:15 - 29 հուլիսի, 2021
Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում․ Զասը՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին |civilnet.am|

Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում․ Զասը՝ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի մասին |civilnet.am|

civilnet.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարը մեկնաբանություն է տվել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ, հաղորդում է ՀԱՊԿ կայքը։ Մեկնաբանությունն ամբողջությամբ ներակայցնում ենք ստորև․ «28-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել մարտական բախումներ, որոնց հետևանքով հայկական զինված ուժերի երեք զինծառայողներ զոհվել են, 4-ը՝ վիրավորվել։ Խորին ցավակցություն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում վիրավորներին: Լուրջ մտահոգություն է առաջացնում տարածաշրջանում լարվածության հետագա էսկալացիայի վտանգը, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ եռակողմ պայմանավորվածությունների կատարման վրա, որոնք ամրագրված են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ: Ուժի կիրառումն անընդունելի ենք համարում։ Հակասությունները կարգավորելու համար պետք է օգտագործվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական մեթոդներ։ Ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»,- ասված է մեկնաբանության մեջ։ *** Հուլիսի 28-ին, ժամը 03։40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակում էին ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Ծավալվել էին տեղային մարտեր: Ադրբեջանական հարձակման հետևանքով հայկական կողմն երեք զոհ, չորս վիրավոր է ունեցել։ «Հակառակորդը, Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ»,- հայտարարել էր ՊՆ-ը։ Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, հետ էին շպրտվել իրենց ելման դիրքեր։ Ռուսաստանի միջնորդությամբ ժամը 10:00-ից հայ-ադրբեջանական սահմանին հաստատվել էր հրադադար։ Հուլիսի 29-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել էր մեկ հայ զինծառայող։
17:32 - 29 հուլիսի, 2021