ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

Դուք պետք է իրերն իրենց անունով կոչեք եւ Թուրքիայի սադրանքները հստակ դատապարտեք․ Բունդեսթագի պատգամավորը՝ Գերմանիայի արտգործնախարարին

Դուք պետք է իրերն իրենց անունով կոչեք եւ Թուրքիայի սադրանքները հստակ դատապարտեք․ Բունդեսթագի պատգամավորը՝ Գերմանիայի արտգործնախարարին

Բունդեսթագի Ձախերի խմբակցության պատգամավոր, արտաքին քաղաքականության հարցերով խմբակցության խոսնակ Գրեգոր Գիզիի բնորոշմամբ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա հակամարտությունը մարդկության պատմության ամենահին հակամարտություններից մեկն է։ Երեկ Բունդեսթագում տեղի ունեցած հրատապ քննարկման ժամանակ, խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին, Գիզին համառոտ ներկայացրել է դրա նախապատմությունը՝ շեշտելով, որ Խորհրդային Միության ժամանակ Ստալինի ղեկավարությամբ ձեւավորված կոմիտեի որոշման համաձայն է Լեռնային Ղարաբաղը՝ որպես ինքնավար միավոր, տրվել Ադրբեջանին, որը պահպանվել է մինչեւ Խորհրդային Միության փլուզումը։ Գերմանացի պատգամավորը նշել է, որ ինչպես Կոսովոյի եւ Ղրիմի, այնպես էլ Ղարաբաղի պարագայում տեղի է ունեցել միջազգային իրավունքի խախտում։ Սակայն, ըստ նրա, միջազգային իրավունքի բոլոր խախտումները պետք է քաղաքական լուծման միջոցով ուղղվեն։ Գիզին նշել է, որ 1994 թվականի զինադադարը երկու կողմերը հետագայում ժամանակ առ ժամանակ խախտել են, սակայն այս անգամ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ ամբողջությամբ խախտել է զինադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը․ «Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, որ այս պատերազմը տանելու են մինչեւ վերջ։ Այսինքն՝ նա ուզում է ուժի միջոցով ողջ տարածքը հետ վերադարձնել՝ դեմ գնալով մադրիդյան սկզբունքներին։ Թուրքիան Ադրբեջանին է ուղարկում ոչ միայն զենքեր, այլ նաեւ զինվորականներ՝ այդ թվում՝ Սիրիայից։ Սա աղետալի է, եւ Գերմանիայի կառավարությունն ու ՆԱՏՕ-ն սա պիտի վերջապես խիստ դատապարտեն»։ Գերմանիայի պատգամավորն ասել է, որ Ադրբեջանն արդեն քիչ է մնում գրավի Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը, եւ եթե դա տեղի ունենա, ըստ Գիզիի՝ Ղարաբաղի բնակչությունը կկանգնի հումանիտար աղետի շեմին։ Նա հիշատակել է նաեւ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը՝ շեշտելով, որ Գերմանիան նույնպես ունի մեղքի իր բաժինը․ «Թուրքիայի նման երկիրը, որն այդպիսի ցեղասպանություն է կատարել, պետք է էթիկայից ելնելով՝ Հայաստանի հետ հակամարտության ժամանակ առնվազն իրեն հեռու պահի եւ այլեւս երբեք հայերին չսպանի»,- ասել է պատգամավորը, ինչին հաջորդել են դահլիճում ներկաների ծափահարությունները։ Անդրադառնալով ՆԱՏՕ-ին՝ Գիզին ընդգծել է, որ Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, ռազմական գործողություններից առաջ չի տեղեկացրել ո՛չ դաշինքի մարմիններին, ո՛չ էլ ՆԱՏՕ-ի անդամ պետություններին։ Պատագամավորը շեշտել է, որ եթե ՆԱՏՕ-ն դրա դեմ վճռորոշ քայլեր չձեռնարկի, ապա ավելորդ է դառնում նրա դերը․ «Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մի անգամ արդեն ասել է, որ դաշինքի «ուղեղը մահացած է»,- ասել է Գիզին՝ հիշատակելով նաեւ տեսանյութը, որտեղ երկու հայ գերիներ շղթայակապ վիճակում գնդակահարվում են՝ որակելով այն պատերազմական ծանր հանցագործություն։ Գիզին ընդգծել է, որ անկախ կազմակերպությունները հաստատել են տեսանյութի իսկությունը։ Այդ հանցագործությունները, նրա պնդմամբ, պետք է հետաքննվեն եւ կանգնեցվեն։ Այս խոսքերից հետո դարձյալ ծափահարություններ են հնչել։ Դիմելով Գերմանիայի կառավարության՝ դահլիճում ներկա ներկայացուցիչ, արտգործնախարար Հայկո Մաասին՝ պատգամավորն ասել է․ «Ո՛չ Կիպրոսի, ո՛չ Հունաստանի, ոչ էլ Ադրբեջանի եւ Թուրքիայի՝ ընդդեմ Հայաստանի հակամարտության դեպքում չեք կարող չեզոք մնալ։ Դուք պետք է իրերն իրենց անունով կոչեք եւ Թուրքիայի սադրանքները հստակ դատապարտեք, անհապաղ դադարեցրե՛ք նաեւ Գերմանիայից դեպի Թուրքիա զենքի մատակարարումը»։ Գիզին նաեւ կոչ է արել Թուրքիային հանել Մինսկի խմբից՝ շեշտելով, որ այդ պետությունն այնտեղ անելիք չունի։  Շահանե Խաչատրյան
13:29 - 30 հոկտեմբերի, 2020
Ստոլտենբերգը չպատասխանեց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի օգնությամբ Ղարաբաղ վարձկաններ փոխադրելուն առնչվող հարցին
 |azatutyun.am|

Ստոլտենբերգը չպատասխանեց ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի օգնությամբ Ղարաբաղ վարձկաններ փոխադրելուն առնչվող հարցին |azatutyun.am|

azatutyun.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր Բրյուսելում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հրաժարվեց պատասխանել այն հարցին, թե որքանով է ընդունելի, որ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ Թուրքիան, ըստ բազմաթիվ հաղորդագրությունների, Սիրիայից մահմեդական գրոհային վարձկաններ է փոխադրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Արձագանքելով այդ հարցին` Ստոլտենբերգն ասել է, թե ՆԱՏՕ-ն խորը մտահոգություն է հայտնում Ղարաբաղի հակամարտության և հատկապես խաղաղ բնակիչների շրջանում զոհերի կապակցությամբ: «Մենք կողմերին հստակ ազդանշան ենք ուղարկում այն մասին, որ ռազմական գործողություններն անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: «ՆԱՏՕ-ն հակամարտության կողմ չէ, մենք սատարում ենք խաղաղ լուծում գտնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, կոչ ենք անում դադարեցնել կրակը, գտնել դիվանագիտական, խաղաղ լուծում»,- ասել է Ստոլտենբերգը:
20:19 - 23 հոկտեմբերի, 2020
«Դադարեցրե'ք ահաբեկչությունը». Ստրասբուրգում հայերն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ՄԻԵԴ-ի դիմաց |armenpress.am|

«Դադարեցրե'ք ահաբեկչությունը». Ստրասբուրգում հայերն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում ՄԻԵԴ-ի դիմաց |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում հազարավոր հայեր բողոքի ակցիա են իրականացնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դիմաց: Նրանք միջազգային հանրությունից պահանջում են համարժեք արձագանք տալ Արցախում թուրք-ադրբեջանաահաբեկչական ագրեսիային: ՄԻԵԴ-ի դիմաց ցույցին մասնակցելու համար հայերը Ստրասբուրգ են ժամանել ինչպես Ֆրանսիայի տարբեր քաղաքներից, այպես էլ եվրոպական տարբեր երկրներից՝ Բելգիայից, Լեհաստանից, Նիդեռլադներից… Մինչև ակցիայի մեկնարկը մասնակիցներից մեկը հավաքվածներին հորդորեց, որ եթե սադրիչներ հայտնվեն, ապա առանց որևէ բառ փոխանակելու հանձնեն նրանց ոստիկաններին: Մեկ այլ մասնակից էլ ասաց, որ եվրոպան պետք է դադարեցնի իր աջակցությունը Թուրքիային և խոսի ճշմարտությունը: «Մենք պահանջում ենք, որպեսզի Թուրքիային հանեն ՆԱՏՕ-ի կազմից: Եվրոպացիները երբեք չեն համագործակցել ահաբեկիչների հետ, այժմ էլ պետք է այդպես լինի»,- նշեց մասնակիցը: Ակտիվիստներից մեկը, որի անունը Ստելլա է, կոչ արեց ծափահարել տեղի ոստիկաններին, ովքեր իրենց կողքին են և պահպանում են մասնակիցների անվտանգությունը: «Բոլորս այսօր շատ ծանր վիճակում ենք, և մենք այստեղանում ենք և կանենք ամեն հնարավորը ձեր կողքին լինելու համար: Մեր քայլերը շատ կարևոր են, սփյուռքը շատ բան կարող է փոխել, ինչպես նաև դրդել ճիշտ որոշումներ կայացնել»,- նշեց Ստելլան և հավելեց, որ իրենք ցանկանում են ապրել խաղաղ ու երջանիկ Արցախում և Հայաստանում: Նա ընդգծեց, որ իրենք պետք է բարձրաձայնեն իրենց պահանջները, իսկ միջազգային հանրությունը պարտավոր է լսել դրանք ու պատշաճ արձագանք տալ: Հավաքվածները նաև մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհվածների հիշատակը, այնուհետև ծափահարեցին այս պահին սահմանին կանգնած և մարտեր մղող զինծառայողների համար: Մասնակիցների ձեռքերում պաստառներ են, որոնց վրա տարբեր գրառումներ են, ինչպես օրինակ՝ «Դադարեցրեք ահաբեկչությունը», «Կանգնեցրեք մարդասպան Էրդողանին», «Ձեր լռությունը հանցանք է», «Մենք խաղաղություն ենք ուզում», «Արթնացեք. ձեր լռությունը սպանում է իմ ժողովրդին», «Զոհվել չկա, տղերք»  և այլն: Նրանք նաև վանկարկում էին «Հա-յաս-տան», «Ար-ցախ», «Էրդողանն ու Ալիևը ահաբեկիչներ են», «Ֆրանսիան հայերի բարեկամն է», «Հայ զինվոր»… Ընթացքում նրանք նաև երգեցին «Հայեր, միացեք», «Զարթնիր, լաո» երգերը: Անգամ հորդառատ անձրևը չի խանգարում նրանց, որպեսզի շարունակեին իրենց բողոքի ակցիան և իրենց ձայնը լսելի դարձնեն միջազգային հանրությանը: Ակցիայի ընթացքում մասնակիցներից մեկը՝ Վիգենը, կոչ արեց չգնալ թուրքական խանութներ, թուրքական ապրանք ոչ մի տեղից չգնել և տարբեր խանութներ մտնել ու հորդորել հանել այդ երկրի արտադրանքն ու այլևս չվաճառել:
14:37 - 23 հոկտեմբերի, 2020
С-400 համակարգերը չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք, այլ կներդրվեն անկախ. Թուրքիայի ՊՆ |tert.am|

С-400 համակարգերը չեն ինտեգրվի ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք, այլ կներդրվեն անկախ. Թուրքիայի ՊՆ |tert.am|

tert.am: Անկարայի կողմից Մոսկվայից ձեռք բերված С-400 զենիթահրթիռային համակարգերը կներդրվեն ՆԱՏՕ-ի համակարգից անկախ, ինչի մասին հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Այս մասին հայտնում ՏԱՍՍ գործակալությունը:Նրա խոսքով՝  ռուսական С-400-ների գնումը բոլորովին չի նշանակում, որ Անկարան «հեռվանում է ՆԱՏՕ-ից»: Պաշտոնյան հայտարարել է, որ Անկարան դեռևս պատրաստ է քննարկել Patriot զենիթահրթիռային համակարգերի գնման հնարավորությունը, եթե Վաշինգտոնը հարմար պայմաններ ներկայացնի:Աքարը նշել է, որ «այս պահին միայն Ռուսաստանն է հավուր պատշաճի պատասխանել Թուրքիայի պահանջներին»:Աքարը մեկնաբանել է նաև երկրի հյուսիսում անցկացված կրակային զորավարժությունները՝ С-400-ի մասնակցությամբ:«Պաշտպանական համակարգերի ձեռք բերման յուրաքանչյուր ծրագրի շրջանակում անցկացվում են փորձարկումներ և համակարգային ստուգումներ: Դա գնումների ծրագրի մի մասն է և պարզապես տեխնիկական գործողություն»,- ընդգծել է նախարարը:
14:11 - 22 հոկտեմբերի, 2020
Եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դադարի լինել ԼՂ հակամարտության կողմ, հնարավոր կլինի հասնել կրակի դադարեցմանը․ՀՀ նախագահը՝ Ստոլտենբերգին |armenpress.am|

Եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դադարի լինել ԼՂ հակամարտության կողմ, հնարավոր կլինի հասնել կրակի դադարեցմանը․ՀՀ նախագահը՝ Ստոլտենբերգին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ ճեպազրույցում նշեց, որ, եթե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դադարի լինել ԼՂ հակամարտության կողմ, ապա հնարավոր կլինի հասնել կրակի դադարեցմանն ու խաղաղ բանակցություններին: «Սա հակամարտություն է ոչ միայն հայկական կողմի ու Ադրբեջանի միջև, կա նաև երրրոդ երկիրը, որն աջակցում է Ադրբեջանին ռազմական և դիվանագիտական ճանապարհով։ Այդ երկիրը Թուրքիան է, որը նաև տարածաշրջան է բերում ահաբեկիչների: Ցավոք, այդ երկիրը հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ: Եթե ՆԱՏՕ-ի անդամը, որպիսին Թուրքիան է, դադարի հակամարտության կողմ լինել, այդ դեպքում, կարծում եմ, կհասնենք կրակի դադարեցմանն ու կկարողանանք նստել բանակցությունների և գտնել այս հակամարտության խաղաղ լուծումը»,- ասաց Սարգսյանը: Արմեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ու եռյակի երկրների նախագահների ջանքերը, ինչպես նաև այն ջանքերը, որոնք կրակի դադարեցման պայմանավորվածությանը հասնելու համար ներդրեցին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Ցավոք, շարունակվում են ռազմական գործողությունները ԼՂ-ում և ԼՂ-ի շուրջ: Ինչպես նշեցիք, անընդունելի են խաղաղ բնակչության թիրախավորումները»,- նշեց Արմեն Սարգսյանը: Հայաստանի նախագահն իր խոսքում անդրադարձավ նաև ՆԱՏՕ-ի ու Հայաստանի հարաբերություններին՝ ընդծելով, որ Հայաստանն այս տարիների ընթացքում իրեն դրսևորել է, որպես ՆԱՏՕ-ի հուսալի գործընկեր:
20:42 - 21 հոկտեմբերի, 2020
ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարն ընդգծում է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման կարևորությունը |armenpress.am|

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարն ընդգծում է ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգն ընգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածության պահպանման կարևորությունը: Այս մասին Ստոլտենբերգը ասաց հոկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ ճեպազրույցի ընթացքում: «ՆԱՏՕ-ն չի հանդիսանում այս հակամարտության կողմ: Մենք խորապես մտահոգված ենք կրակի դադարեցման ռեժիմի խախտումներով, որոնք հանգեցնում են նոր զոհերի: Կարևոր է, որ կողմերը պահպանեն զսպվածություն, հետևեն կրակի դադարեցման ռեժիմին ու նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- ասաց Ստոլտենբերգը: Անդրադառնալով Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը՝ Ստոլտենբերգը նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև առկա գործընկերությունը, ՆԱՏՕ-ի շրջանակներում հայ խաղաղապահների առաքելությունները:
20:27 - 21 հոկտեմբերի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այցի ընթացքում նախատեսվում են նախագահ Սարգսյանի հանդիպումները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Հանդիպումները տեղի են ունենալու նախագահ Սարգսյանի նախաձեռնությամբ: Եվրոպական կառույցների ղեկավարների հետ Հայաստանի նախագահը նախատեսում է քննարկել Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրանում Թուրքիայի բացահայտ ներգրավվածության հետ կապված հարցեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանային բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական կողմից հրետակոծման փաստերը: Ակնկալվում է, որ ՆԱՏՕ-ի և եվրոպական կառույցների ղեկավարության կողմից կարվի հնարավոր ամեն ինչ՝ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունները դադարեցնելու համար, ինչը հնարավորություն կտա կյանքի կոչել հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները: 
10:15 - 21 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկում են Թուրքիային հանել ՆԱՏՕ-ից |armenpress.am|

ԱՄՆ Կոնգրեսում առաջարկում են Թուրքիային հանել ՆԱՏՕ-ից |armenpress.am|

armenpress.am: Կոնգրեսական Թուլսի Գաբարդը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով է ներկայացրել է բանաձև, որով ԱՄՆ նախագահին կոչ է արվում սկսել գործընթաց՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հանելու համար: Բանաձևը խստորեն դատապարտում է Թուրքիայի հարձակումը ԱՄՆ ուժերի, դաշնակիցների և գործընկերների վրա, պահանջում է դադարեցնել Թուրքիայի աջակցությունը ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսիք են օրինակ «Ալ-Քաիդա»-ն,  ISIS-ը և այլ կազմակերպություններ: Բանաձևը կոչ է անում նախագահին աշխատել ՆԱՏՕ-ի հետ՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու համար անհրաժեշտ գործընթաց սկսելու համար: Բանաձևում նշվում է նաև, որ Թուրքիան ներգրավվել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում, նախկինում քաղաքական աջակցություն է հայտնել Ադրբեջանին, այսօր էլ ապահովում է անմիջական ռազմական օգնություն: Նշվում է նաև, որ Թուրքիան փակ է պահում սահմանը Հայաստանի հետ, մի երկրի, որը բարեկամական հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ: Թուրքիան բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ-ի, Լեռնային Ղարաբաղի և աշխարհի տարբեր հատվածներում ապրող հայերի դեմ: Բանաձևում նաև հիշատակվում է այն մասին, որ ըստ հրապարակումների՝ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի դեմ է ուղարկել սիրիացի վարձկանների, որոնցից  շատերը կապված են «Ալ-Քաիդա»-ի և ISIS-ի հետ: Նշվում է նաև մարտերում Թուրքիայի F-16-երի ներգրավվածության մասին, որոնք օգտագործվում են ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության դեմ: Բանաձևվում նաև ասվում է, որ ՆԱՏՕ-ն անհապաղ հրադադարի կոչ է արել, մինչդեռ Թուրքիան հակառակվում է ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը՝ հրապարակավ աջակցելով Ադրբեջանի շարունակական ագրեսիային: Նշված է նաև այն մասին, որ Թուրքիայի կողմից S-400 հակաօդային պաշտպանության համակարգ է օգտագործվել Միացյալ Նահանգների արտադրության F-16 կործանիչների դեմ:
14:39 - 19 հոկտեմբերի, 2020
ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ |armenpress.am|

ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի՝ Հունաստանը ներկայացնող պատգամավոր Էմանուիլ Ֆրանկոսը նամակով դիմել է Եվրոպական խորհրդին՝ առաջարկելով կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ: Ինչպես վկայում է Ֆրանկոսի «Թվիթեր»-ի միկրոբլոգը, ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին հասցեագրված նամակում նշել է, որ Թուրքիան ավտորիտար, ֆաշիստական ռեժիմի պետություն է, որտեղ իշխանությունը կենտրոնացված է բացառապես նախագահ Էրդողանի ձեռքում: Թվարկելով Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունն աշխարհի տարբեր կետերում, այդ թվում՝ Կիպրոսում, Հունաստանում, Լիբիայում, Սիրիայում, ինչպես նաև հայերի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Ադրբեջանին աջակցությունը և ջիհադիստ զինյալների տեղափոխումը հակամարտության գոտի՝ նշել է, որ այս գործողություներից որևէ մեկը համաձայնեցված չի եղել ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ: «Փաստը, որ Թուրքիան բավական երկար ժամանակ այլևս ժողովրդավար պետություն չէ, մեծապես հայտնի է և դրա ագրեսիան բազմիցս դատապարտվել է Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի կողմից»,-նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Թուրքիայի գործողությունները ոտնահարում են ՄԱԿ-ի նկատմամբ դրա հիմնարար պարտավորությունները, հակասում են ՆԱՏՕ-ի գաղափարախոսությանը: Դաշինքի ոգուն ու սկզբունքներին դեմ է նաև Թուրքիայի վերջին ակտիվությունը՝ կապված S-400 հրթիռային համակարգերի գնման հետ:   «Անհրաժեշտ է ընդգծել, որ ՆԱՏՕ դաշինքի անդամ Կանադան կիրառել է ռազմական սարքավորումների մատակարարման էմբարգո Թուրքիայի նկատմամբ, բացի դրանից ԱՄՆ-ը ևս հետաձգել է ռազմական համակարգերի մատակարարումը Թուրքիա: Հաշվի առնելով, որ անդամ երկրները կարող են կանխել ռազմական տեխնոլոգիաների և սարքավորումների մատակարարումը, եթե դրանք պետք է օգտագործվեն ներքին ճնշումների և միջազգային ագրեսիայի նպատակով կամ նպաստեն տարածաշրջանային անկայունությանը՝ ե՞րբ պետք է խորհուրդը կիրառի զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ»,-նշել է ԵԽ պատգամավորն իր նամակում, իսկ սոցիալական ցանցում  նամակը տարածելիս կիրառել է «բոյկոտել Թուրքիային», «սանկցիա կիրառել Թուրքիայի նկատմամբ» հեշթեգեր:
18:03 - 18 հոկտեմբերի, 2020
ՆԱՏՕ-ն Թուրքիային նախազգուշացրել է ռուսական S-400 համակարգերի օգտագործման հետևանքների մասին |armenpress.am|

ՆԱՏՕ-ն Թուրքիային նախազգուշացրել է ռուսական S-400 համակարգերի օգտագործման հետևանքների մասին |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգի փորձարկման կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Deutsche Welle»-ին, հոկտեմբերի 17-ին այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: «Այդ համակարգը կարող է վտանգ հանդիսանալ ՆԱՏՕ-ի դաշնակիցների օդանավերի համար և բացասական ազդեցություն ունենալ դաշինքի գործընկերների միջեւ հարաբերությունների վրա»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Նրա խոսքով ՝ կարևոր է, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, մյուս դաշնակիցների հետ միասին շարունակի այլընտրանքային ուղիների որոնումը: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նշել է, որ այդ որոշումը Թուրքիայի իրավունքն է, սակայն S-400 համակարգը չի կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի հակաօդային եւ հակահրթիռային համակարգերին: «Թուրքիայի կողմից անցկացված S-400 թեստային փորձարկումները, եթե այդ փորձարկումները հաստատվում են, ափսոսանք է առաջացնում», – հայտարարել է ՆԱՏՕ – ի ներկայացուցիչը: Հոկտեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ թուրք զինվորականներն առաջին անգամ S-400 են փորձարկել երկրի հյուսիսում գտնվող Սինոպ քաղաքի շրջանում:
20:30 - 17 հոկտեմբերի, 2020
Ստեփանակերտն այսօր նման է Գերմանիայի քաղաքներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը գերմանական «Բիլդ» պարբերականին

Ստեփանակերտն այսօր նման է Գերմանիայի քաղաքներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը գերմանական «Բիլդ» պարբերականին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույց է տվել գերմանական «Բիլդ» պարբերականին: Հարց - Պարոն նախագահ, մենք քիչ առաջ ենք վերադարձել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից, որն արդեն երկու շաբաթ ռմբակոծության է ենթարկվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Միևնույն ժամանակ, հայկական կողմը ևս թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները, ինչպես օրինակ վերջերս Գյանջայում: Մարդիկ են զոհվում: - Նախ և առաջ, Հայաստանի արտաքին գործերի նախարարն արդեն այս հարցի վերաբերյալ հայտարարություն է արել, և ես հավաստիացումներ ունեմ պաշտպանության և արտգործնախարարներից, որ Հայաստանը նման բան չի արել: Լրագրող -Բայց տեղում եղել են անկախ լրագրողներ, որոնք նկարահանել են ավերածությունները: - Ես ասում եմ, որ Հայաստանը այդ հարվածի հետ որևէ կապ չունի: Ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության մասին, քանի որ Հայաստանի Հանրապետության նախագահն եմ: Դուք գալիս եք Ստեփանակերտից, որը Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության մայրաքաղաքն է: Դուք ականատեսն եք եղել, թե ինչքան այն ծանր հրետակոծվել: Քանի՞ օր եք եղել Ստեփանակերտում: Լրագրող- Գրեթե մեկ շաբաթ: - Շա՞տ հրետակոծություններ եք տեսել, թե՞ միայն մեկը: Հարց- Մենք ամեն գիշեր ապաստարանում էինք: - Դա, ըստ էության, պատասխանում է Ձեր հարցին: Այս պատերազմը սկսել է ադրբեջանական կողմը: Առաջին օրվանից սկսած, բանակցային սեղանի շուրջ հավաքվելու փոխարեն, Ադրբեջանը որոշեց, որ իրավունք ունի պատերազմ սկսել՝ ոչ միայն աջ ու ձախ ռմբակոծելով սպանել երիտասարդ զինվորների առաջնագծում, այլև ռմբակոծելով նաև քաղաքացիական բնակչությանը գյուղերում և Լեռնային Ղարաբաղի շատ քաղաքներում: Եթե նման պատերազմ ես սկսում և ազատորեն հրետակոծում ես քաղաքացիական բնակչությանը, օգտագործում զենքի բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ և օդուժը, Սիրիայից եկած ահաբեկիչներին, թուրքական ռազմական տեխնիկան, դրոնները և այլն, ինչպե՞ս կարող ես ակնկալել, որ հակառակ կողմը քաղաքավարի կերպով ոչինչ չի անելու: Լրագրող- Սակայն, կա տարբերություն ռազմական և քաղաքացիական թիրախների միջև: - Դուք եղել եք Ստեփանակերտում: Այն ռազմակա՞ն, թե՞ քաղաքացիական թիրախ է: Լրագրող- Այո, Ստեփանակերտը հրետակոծվում էր: - Այդ պարագայում ինչո՞ւ միջազգային հանրությունը չի դատապարտում այն, ինչ անում են ադրբեջանական և թուրքական կողմերն ավելի քան երկու շաբաթ՝ հրետակոծելով և սպանելով քաղաքացիական անձանց: Հարց - Կանցլեր Մերկելն ասել էր, որ երկու կողմերն էլ պետք է վերջ տան բռնությանը: Հիասթափվա՞ծ եք գերմանական արձագանքից: - Տվյալ դեպքում միջազգային հանրության, այդ թվում և՝ Գերմանիայի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի կողմից ավելի խիստ արձագանք պետք է լիներ Թուրքիայի նկատմամբ: Ես խորապես համոզված եմ, որ թուրքական ներկայությունն ու գործողությունները Լեռնային Ղարաբաղի պատերազմում կտրուկ փոխել են ողջ պատկերը: Եթե միայն Ադրբեջանը լիներ, ինչպես նախկինում էր, մենք կտեսնեինք մի քանի օրվա կռիվ, այնուհետև այն կդադարեր: Միջազգային հանրությունը հրադադարի կոչ կաներ երկու կողմերին, որը նշանակություն կունենար երկու կողմերի համար: Իսկ միջազգային հանրություն ասելով ես նկատի ունեմ ոչ միայն կանցլեր Մերկելին, նախագահ Մակրոնին կամ Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին... Սակայն այդ հակամարտությունում այսօր կա երրորդ ուժ՝ Թուրքիան, որը հակամարտության մաս չէ: Իհարկե, նրանք արդարացումներ են բերում, նախ ասելով, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են: Կներեք, սակայն թուրքերն էթնիկ եղբայրներ ունեն Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայում, Չինաստանի հյուսիսում: Նրանք, ինչ է, ներգրավվելո՞ւ են այդ երկրներում խնդիրների առաջացման պարագայում: Երկրորդը, նրանք օգտագործում են PKK զինյալների՝ արդեն հնացած խաղաքարտը, ինչը բացարձակ անհեթեթություն է: Երրորդը, ասում են, թե իբր Ադրբեջանում են՝ պաշտպանելու էներգետիկ ռեսուրսները և խողովակաշարը, ինչը ևս անհեթեթություն է: Եթե հայերն ուզեին հարվածել այդ խողովակաշարին, կանեին դա 20 տարի առաջ և թույլ չէին տա Ադրբեջանին միլիարդներ աշխատել: Հարց- Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ կանցլեր Մերկելը երկու կողմերին է կոչ անում: - Իմ գործը չէ մեկնաբանել, թե ինչ է անում կանցլեր Մերկելը, քանի որ նա չի մեկնաբանում իմ ասածները: Հարց - Իսկ ի՞նչ կուզեիք, որ Գերմանիան աներ: - Դա այլ հարց է: Ես կուզեի, որ Գերմանիան գիտակցի, որ իրադրությունը, որն այժմ կա Կովկասում, շատ վտանգավոր է: Այն վտանգավոր է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի/Արցախի բնակչության համար... Երբ առաջին պատերազմի ժամանակ նրանք (արցախցիները) կռվում էին, բոլորն ասում էին, թե ինչպես կարող է այդ փոքր երկիրը հաղթել Ադրբեջանին, որին աջակցում է Թուրքիան: Սակայն նրանք հաղթեցին: Հարց- Ի՞նչ կարող է անել Գերմանիան: - Կարծում եմ՝ խնդիրն այժմ աշխարհաքաղաքական տեսանկյունից շատ ավելի է բարդացել, քանի որ հիմա Թուրքիան Ադրբեջանում է իր զինուժով, դրոններով, օդանավերով և այլն: Որոշ վերլուծաբաններ կարծում են, թե Թուրքիան այնտեղ է մնալու նպատակով: Ընդ որում, ոչ թե պաշտպանելու, այլ իրականում այդ խողովակաշարը վերահսկելու համար: Եթե իսկապես դա է խնդիրը, և մենք խնդրին մոտենանք աշխարհաքաղաքական տեսանկյունից, կտեսնենք շատ անկայուն Կովկաս, որը ձեռնտու չէ ոչ մեկին՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Թուրքիան կվերահսկի էներգետիկ ռեսուրսներն ոչ միայն Ադրբեջանում, այլև՝ Կասպից ծովում և Կենտրոնական Ասիայում: Ինչ-որ առումով Եվրոպան և եվրոպացիները կդառնան Թուրքիայի գերին, քանի որ այդ երկիրը կվերահսկի նավթն ու գազը, որը գալիս է Կասպյան ծովից դեպի Եվրամիություն: Հարց- Ի՞նչ կարող է դա նշանակել Գերմանիայի համար: - Գերմանիան և Եվրամիության մի մասն իրենց նավթն ու գազը ստանում են այստեղից: Եթե գործ ունես մի երկրի հետ, որն արդեն անկայունության կենտրոններ է ստեղծել իր շուրջը... Տեսեք, թե ինչ է տեղի ունենում Լիբիայում, ի՞նչ գործ ունի Թուրքիան այդտեղ: Ավելի վաղ նրանք Եգիպտոսում էին: Երբ թուրքերը խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, այդ դեպքում ինչո՞ւ են հատում Իրաքի կամ Սիրիայի սահմանները: Նրանք հակամարտություններ ունեն Կիպրոսի և Հունաստանի հետ... Հարց- Եկեք ավելի հստակեցնենք, ակնկալո՞ւմ եք ԵՄ-ից կամ ՆԱՏՕ-ից պատժամիջոցների կիրառում Թուրքիայի նկատմամբ: - Ես չեմ ակնկալում Գերմանիայից, ԵՄ-ից կամ ՆԱՏՕ-ից նման քայլի գնալ, բայց ակնկալում եմ, որ նրանք օգտագործեն հնարավոր բոլոր միջոցները՝ ճնշում գործադրելու Թուրքիայի վրա: Հարց- Դուք կնախընտրե՞ք պատժամիջոցները... - Եկեք եթեներով չխոսենք...եթե այս, եթե այն...Ես նախընտրում եմ ցանկացած բան, որ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, Գերմանիան կամ մյուս երկրները հարմար կգտնեն՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը դադարեցնի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հետ այս հակամարտությանը: Հարց- Ինչպե՞ս եք Դուք գնահատում այսպես կոչված հրադադարը, որն ուժի մեջ է մտնել շաբաթ օրվանից: - Նախ և առաջ, հրադադարը մասամբ է պահպանվում, ոչ ամբողջական: Ինչպես Դուք ասացիք, հրադադարից անմիջապես հետո հրետակոծություն սկսվեց ադրբեջանական կողմից: Հարց- Մտավախություններ չունե՞ք, որ այս ամենը կարող է ավելի մեծ պատերազմի վերածվել: -Ես չափազանց անհանգիստ եմ, որ այս հակամարտությունը կարող է անվերահսկելի դառնալ: Մտահոգ եմ առաջին հերթին երրորդ կողմի ներգրավվածության պատճառով: Եթե այս պատերազմում լինեին միայն Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը, ավելի մեծ հույսեր կլինեին, որ իրավիճակը հնարավոր կլիներ զսպել: Սակայն Թուրքիայի ներգրավվածությունը, տարածաշրջանի նկատմամբ նրա ցանկությունները շատ մտահոգիչ են: Կա մեկ այլ գործոն, երբ Թուրքիան բերում է իսլամիստ զինյալներ: Այս ամենն իրավիճակը անկայուն է դարձնում: Այս պատճառով է, որ ես դիմում եմ մեր բոլոր բարեկամներին և նշում, որ միայն կողմերին հորդորելով հրադադար հաստատելը բավարար չէ: Մենք չենք կարող աչք փակել Թուրքիայի ներգրավվածության վրա: Դուք այնտեղ եղել եք և հավանաբար սեփական աչքերով եք տեսել, թե ինչպես են թուրքական արտադրության դրոնները թռչում Ստեփանակերտի և այլ վայրերի վրայով: Հարց- Ինչպե՞ս է հնարավոր կանգնեցնել Էրդողանին: -Կա միայն մեկ ճանապարհ՝ ճնշում գործադրել նրա վրա: Այս խնդրում երրորդ, չորրորդ կողմի ներգրավումը կարող է լարվածության մակարդակն ավելի բարձրացնել: Հայաստանն այս հարցում շատ զգուշավոր և շրջահայց է: Լայնածավալ պատերազմի այս օրերին էլ Հայաստանը չի հայտարարել Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին; Իսկ գիտե՞ք ինչու: Այս բոլոր տարիներին, խաղաղ բանակցությունների ընթացքը չխանգարելու համար, Հայաստանը որոշել է չճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ այդ կերպ հնարավորություն ընձեռելով, որ խաղաղ բանակցությունները ավարտվեն այնպես, որ բոլորի համար ընդունելի լինեն: -Ներկա պահին այնտեղ պատերազմ է: Երբ խոսում եք միջազգային իրավունքի մասին, ապա հայկական կողմը հարցնում է, թե՝ ի՞նչ կասեք այն մարդկանց իրավունքների մասին, ովքեր ապրում են իրենց սեփական հողի վրա: Հայերը Ղարաբաղը չեն բռնազավթել: Նրանք այնտեղ ապրել են հազարավոր տարիներ: Դուք եղել եք Ղարաբաղում և տեսել եք, որ այնտեղ կան եկեղեցիներ, որոնք 4-րդ, 5-րդ դարից են: Այդ ժամանակ որտե՞ղ էր Ադրբեջանը, որտե՞ղ էին թուրքերը: Սա արցախցիների հայրենի հողն է: Նրանք կռվում են իրենց տները, պատմությունը, արժանապատվությունը, կրոնը պաշտպանելու համար: Ասել, որ ադրբեջանցիներն այնտեղ են, որպեսզի ազատագրեն Ղարաբաղը հայերից, նշանակում է ասել էթնիկ զտումներ իրականացնել: Դա տարածքային ամբողջականություն չի կոչվում: Մի մոռացեք, որ միակ ժամանակահատվածը, երբ Ադրբեջանը որևէ իրավասություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, Խորհրդային Միության ժամանակ էր: Եթե մենք դիտարկում ենք Խորհրդային Միության օրենքները... Ընդամենը 65 տարի է Լեռնային Ղարաբաղը տրվել Ադրբեջանին, Ստալինի կողմից: Եթե այն, ինչ Ստալինը առաջացրել կամ ստեղծել է, միջազգային օրենքներին համահունչ է, ապա ասեք ինձ այդ մասին: Երբ խոսում ենք միջազգային օրենքի, ամբողջականության և նույնիսկ մարդու իրավունքների մասին, պետք է հաշվի առնել, որ դրանցում հիմնական արժեքը մարդկանց կամ անհատի իրավունքներն են: Գնացեք Ղարաբաղ և հարցրեք տատիկին կամ երիտասարդ տղային, թե վստահու՞մ են արդյոք նրանք ադրբեջանցիներին: 65 տարի առաջ Լեռնային Ղարաբաղը եղել է Ադրբեջանի ինքնավար շրջան: Նույնիսկ խորհրդային օրենքներով ադրբեջանցիները փորձել են անել ամեն ինչ, որպեսզի էթնիկ զտումներ իրականացնեն, հայերին դուրս քշեն իրենց հողերից: Նրանք վստահու՞մ են ադրբեջանցիներին: Ո՛չ: Կա՞ արդյոք լուծում նրանց անվտանգության ապահովման համար: Կարո՞ղ են նրանք ընդունել ավելի քիչ, քան իրենց անկախությունն է: Պատասխանն է՝ ոչ: Շատ պարզ պատճառով: Նրանք ինքնավարության ամենաբարձր մակարդակ են ունեցել Խորհրդային Միության Խորհրդային Ադրբեջանում: Այդ ինքնավարության երաշխավորը Խորհրդային Միության կառավարությունն էր, սակայն նույնիսկ այդ բարձր անվտանգության երաշխավորի առկայության դեպքում Ադրբեջանը փակել է հայկական դպրոցները, ստիպել է հայերին հեռանալ, և Լեռնային Ղարաբաղի շատ հայեր լքել են երկիրը: Հարց- Ներկայումս զենք, ներառյալ դրոններ, Ադրբեջան մատակարարվում են նաև Իսրայելից: Հույսեր ունե՞ք, որ այս գործընթացները կդադարեցվեն: -Հույսը լավ բան է, և պետք է միշտ ունենալ: Իսրայելի նախագահի հետ խոսել եմ մի քանի օր առաջ: Իսրայելը խորհրդարանական պետություն է, և նախագահը պատասխանատու չէ այդ զենքերի մատակարարումների համար: Պատասխանատուն կառավարությունն է: Ես հստակ նշել եմ, որ երեք կետի մասին եմ ցանկանում խոսել: Առաջինը՝ Իսրայելի և Ադրբեջանի միջև պայմանագիրն ասում է, որ Իսրայելը պատրաստվում է մատակարարել պաշտպանական զինտեխնիկա: Իսկ մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղում դրանք օգտագործվում են գրոհելու համար: Այդպիսով՝ դրանք պաշտպանական համակարգեր չեն: Երկրորդ՝ այդ համակարգերը օգտագործվում են քաղաքացիական բնակչության դեմ: Դա միջազգային օրենքի մեկ այլ խախտում է: Երրորդ՝ յուրաքանչյուր նման պայմանագրում միշտ ներառվում է կետ, որի համաձայն, եթե կա անկառավարելի իրավիճակ, պայմանագիրը պետք է սառեցվի, մինչև խնդիրը լուծվի: Պատերազմ է ընթանում, և այդ պայմաններում զենքի մատակարարումներ իրականացնելը կողմերից մեկին ցանկացած միջազգային օրենքի դեմ է: Ես իմ գործընկերոջ հետ զրույցում այդ մասին պարզ նշել եմ: Նրան ասել եմ, որ իմ հետևյալ երեք հարցերին պատասխանելու անհրաժեշտություն կա. ինչպե՞ս է ստացվում, որ պաշտպանական զենքերն օգտագործվում են գրոհելու համար: Ինչու՞ են այդ զենքերն օգտագործվում քաղաքացիական բնակչության դեմ: Ինչու՞ Իսրայելի կառավարությունը պատերազմի ժամանակ չի դադարեցնում կողմերից մեկին զենք վաճառելը: Նրանք պետք է դադարեցնեն դա անել և շարունակեն իրենց պայմանագիրն իրականացնել պատերազմի ավարտից հետո: Ցավոք սրտի, դեռևս պատասխան չեմ ստացել: Ամբողջ աշխարհում մենք շատ հրեա բարեկամներ ունենք, և նրանցից շատերը դժգոհ են Իսրայելի կառավարության այս գործելաոճից: Իսրայելի կառավարությունը ներկայացնում է մի ազգի, որն անցել է Հոլոքոստի միջով: Իսկ հայերն անցել են ցեղասպանության միջով: Կարծում եմ՝ այդ քայլը բարոյապես ևս անընդունելի է: Նորից. Սա կառավարությունն է, ոչ թե ժողովուրդը: Հարց- Ղարաբաղից փախստականների հոսք կա դեպի Հայաստան: -Չէի ցանկանա խոսել թվերի մասին: Երբ Դուք նշում եք բնակչության կեսի մասին, սա հիմնականում երեխաների, կանանց և ծերերի մասին է: Նրանք Հայաստանում են, և նրանց մասին հոգ են տանում: Նրանք ժամանակավոր են այստեղ և պատրաստվում են վերադառնալ իրենց հայրենիք: Հարց- Միջազգային հանրությունից որևէ աջակցության կարիք ունե՞ք: -Իհարկե ունենք: Առաջին հերթին աջակցության կարիք ունենք, որ դադարեցվի այս արյունալի պատերազմը: Ինչպե՞ս կարող ես թողնել երեխաներին, կանանց, ծերերին Ստեփանակերտում, երբ տեսնում ես, որ թշնամին ռմբակոծում է: Եթե թշնամին ինչ-որ առումով մարդկային լիներ և կռվեր առաջնագծում, այդ դեպքում բոլորը կմնային Ստեփանակերտում: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է լքեին քաղաքը: Նրանք դուրս են եկել իրենց տներից, որովհետև հրետակոծվում է քաղաքացիական բնակչությունը: Խոսքը մեկ կամ երկու ռումբերի մասին չէ: Թշնամին հրետակոծում է ամեն օր: Նայեք Ստեփանակերտին այսօր: Այն նման է Գերմանիայի քաղաքներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ինչպե՞ս է հնարավոր 21-րդ դարում, 2020 թվականին թույլ տալ Թուրքիային, որ Ադրբեջանի հետ միասին այս ոճրագործությունն իրականացնի: Այս բոլոր մարդիկ ետ են վերադառնալու, որովհետև դա իրենց հայրենիքն է: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեպքում հաղթանակն իրենց տունը, հայրենիքը պաշտպանելու մասին է: Նրանք այնտեղ են հաղթելու համար:
15:15 - 14 հոկտեմբերի, 2020
Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ ժողովուրդը պայքարում է տարածաշրջանի անվտանգության համար․ Արմեն Սարգսյանը հանդիպել է եվրոպացի լրագրողների հետ

Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ ժողովուրդը պայքարում է տարածաշրջանի անվտանգության համար․ Արմեն Սարգսյանը հանդիպել է եվրոպացի լրագրողների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է եվրոպացի մի խումբ լրագրողների հետ, որոնք վերջին օրերին գտնվում էին Արցախում: Նախագահը պատասխանել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ նրանց հարցերին: Ի պատասխան այն հարցի, թե, տեսնելով այս ամենը, որպես երկրի նախագահ ի՞նչ զգացողություններ ունի, Արմեն Սարգսյանը նշել է, որ ցավը սարսափելի է: «Սա մեզ համար կրկնակի, եռակի ցավալի է, որովհետև մենք կորցնում ենք երիտասարդ, պայծառ, հայրենասեր երիտասարդների, ովքեր կռվում են հանուն հայրենիքի և ովքեր զոհաբերում են իրենց կյանքը հայրենիքին: Չկան բառեր՝ արտահայտելու այն ցավը, որը զգում ես,-ասել է նա: -Այս պատերազմը նաև անմարդկային է, քանի որ առաջին իսկ օրվանից Ադրբեջանն սկսեց հրթիռակոծել խաղաղ բնակչությանը, բնակավայրերը»: Նախագահը լրագրողներին մանրամասն ներկայացրել է, թե ինչ է նշանակում պատերազմը յուրաքանչյուր կողմի համար: Եթե Ադրբեջանը որպես պատերազմի նպատակ հայտարարում է տարածքների ազատագրումը, այն տարածքների, որտեղ հայերը բնակվում են հազարամյակներ, և որոնք նրանց պատմական հայրենիքն են, ապա, նախագահի խոսքով, դրա համար միջազգային այլ ձևակերպում կա՝ էթնիկ զտում: Նախագահի խոսքով՝ Թուրքիայի նպատակն է Ադրբեջանին ցույց տա, թե իրենք էթնիկ եղբայրներն են, թեև նրանք նման եղբայրներ ունեն շատ այլ երկրներում, իսկ հիմնական նպատակը Կովկասում ավելի գերակա դիրք ունենալն է: Ըստ նախագահի՝ Թուրքիան Ադրբեջանին ցույց է տալիս, որ նա ունի իր կարիքը, և ինքը գալիս է օգնելու Ադրբեջանին: Բայց ոչ միայն օգնելու, այլև, շատ հավանական է, նաև այնտեղ մնալու, միջազգային խողովակաշարերը կառավարելու համար: «Ինչի՞ համար է պայքարում Արցախի ժողովուրդը: Նրանք պայքարում են իրենց կյանքի, իրենց պատվի, իրենց ժառանգության, իրենց հավատքի, իրենց ընտանիքների, իրենց պատմության և իրենց տան համար, -ընդգծել է նախագահը: -Միաժամանակ՝ Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ ժողովուրդը պայքարում է տարածաշրջանի անվտանգության համար, ու նաև՝ Եվրոպայի անվտանգության համար, նկատի ունեմ, օրինակ, էներգետիկ անվտանգությունը: Նրանք պայքարում են Միջին Արևելքի անվտանգության համար, նկատենք, որ Թուրքիան ներգրավված է հակամարտություններում Սիրիայում, Լիբիայում, Իրաքում՝ առանց այդ երկրների տարածքային ամբողջականության մասին մտածելու» Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Թուրքիայի ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը: «Երբ խոսում ենք խաղաղության հասնելու ճանապարհի մասին, դա, վստահաբար, կրակի դադարեցումն է, հրադադարի հաստատումը, վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ աշխատանքը և բանակցությունները վերսկսելը, բայց՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև, ոչ թե Թուրքիայի, որովհետև Թուրքիան չի կարող կողմ կամ միջնորդ լինել,-ասել է նախագահը: -ՆԱՏՕ-ի անդամ երկիրը չի կարող կապ ունենալ ՆԱՏՕ-ի հետ կապ չունեցող հակամարտության հետ՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի կողմից վերապատրաստված զինվորականներին, ժամանակակից տեխնիկան ու տեխնոլոգիաները: Սա մեծ խնդիր է Եվրամիության, ՆԱՏՕ-ի համար: Արդյո՞ք ՆԱՏՕ-ն թույլ է տվել իր անդամին անել այն, ինչ նա անում է հիմա, եթե այո՝ թող ասեն մեզ, եթե ոչ՝ ապա ինչո՞ւ են թույլ տալիս, որ այս ամենը տեղի ունենա»: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ բանակցային գործընթացին վերադառնալու, խաղաղության հաստատման ուղղությամբ գնալու միակ ճանապարհը այս հակամարտությունից Թուրքիայի դուրս գալն է, հակառակ դեպքում իրավիճակը մեծ վտանգ է ներկայացնելու ողջ տարածաշրջանի համար: Պատասխանելով Հայաստանի կողմից Արցախի հնարավոր ճանաչման մասին հարցին՝ նախագահը խոսել է հայկական և ադրբեջանական կողմերի մոտեցումների մի քանի տարբերությունների մասին: «Տարիների ընթացքում Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը պարզ պատճառով՝ որպեսզի հնարավորություն տա, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի բանակցությունների միջոցով: Մենք ցանկացել ենք, որ բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչվի, և հետո միայն Հայաստանը ճանաչի։ Միևնույն ժամանակ, եթե այս պատերազմը շարունակվի, և բանակցությունների վերադառնալու հնարավորություն չլինի, իհարկե, Հայաստանը, ամենայն հավանականությամբ, այլ ընտրություն չի ունենա, քան ճանաչելը։ Սակայն, այս պահին հրադադարի հաստատման ու բանակցություններին վերադառնալու հույս կա: Այդ պատճառով է, որ Հայաստանը նույնիսկ այսօր դա չի անում։ Մեր մոտեցումն այն է, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի,-նշել է նախագահն՝ անդրադառնալով մյուս տարբերությանը:  -Եղե՞լ եք Շուշիում, տեսե՞լ եք եկեղեցին, տեսե՞լ եք մզկիթը: Մզկիթը հայկական կողմի միջոցներով և ջանքերով վերականգնվեց: Վերականգնվեց նաև եկեղեցին: Իսկ ի՞նչ եղավ այս օրերին: Ադրբեջանը հրթիռակոծեց եկեղեցին: Սա ևս ակնհայտ ցույց է տալիս մեր մոտեցումների տարբերությունը: Մյուս տարբերությունը ռազմական միավորումների տեղակայմանն է վերաբերում: Արցախում դրանք բնակավայրերում չեն: Այստեղ փորձում են ռազմական ներկայությունն ու գործողությունները հնարավորինս հեռու տանել քաղաքացիական բնակչությունից: Ադրբեջանում հակառակն է՝ ռազմական օբյեկտները հենց բնակավայրերում են՝ թիրախ դարձնելով բնակչությունը»: Պատասխանելով Ֆրանսիայի ջանքերի մասին լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և կառավարության ակտիվությունն ու ջանքերը. «Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում ներկայացնում է Եվրոպան, բայց մենք ավելի շատ լսում ենք միայն Ֆրանսիայի, քան Եվրոպայի ձայնը: Լսելի չէ ՆԱՏՕ-ի ձայնը, բավականաչափ լսելի չէ Եվրամիության ձայնը: Մենք բարձր ենք գնահատում նաև Ռուսաստանի ջանքերն ու միջնորդական հնարավորությունները»: Նախագահը շնորհակալություն է հայտնել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու ԱԳ նախարար Լավրովին՝ հույս հայտնելով, որ ավելի մեծ ջանքեր կներդրվեն հրադադարի հասնելու ու այն պահպանելու ուղղությամբ: Շնորհակալություն հայտնելով նաև լրագրողներին՝ մարդկային խիզախության և մասնագիտական աշխատանքի համար՝ նախագահ Սարգսյանը ճշմարտությունը հանրությանը հասցնելու տեսանկյունից ընդգծել է լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ տարածաշրջան այցելելու, Արցախում գտնվելու և իրավիճակն օբյեկտիվորեն ներկայացնելու կարևորությունը:
19:23 - 13 հոկտեմբերի, 2020
Նամակներով դիմել եմ ՆԱՏՕ անդամ և ասոցացված պետությունների պատվիրակությունների ղեկավարներին․ Անդրանիկ Քոչարյան

Նամակներով դիմել եմ ՆԱՏՕ անդամ և ասոցացված պետությունների պատվիրակությունների ղեկավարներին․ Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անրդնաիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր նամակներով դիմեցի ՆԱՏՕ ԽՎ նախագահ Աթթիլա Մեսթերհազիին, ՆԱՏՕ անդամ և ասոցացված պետությունների պատվիրակությունների ղեկավարներին: Տեղեկացրեցի, որ Ադրբեջանը, խախտելով հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12:00-ից հայտարարված հումանիտար հրադադարի պահանջները, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները:Ավելին, Թուրքիայի անմիջական աջակցությամբ, փաստորեն շարունակվում է Հայոց ցեղասպանության քաղաքականությունը: Սա Արցախի Հանրապետությունում տիրող ծանր իրավիճակի հետ կապված իմ կողմից Ձեզ ուղղված երրորդ նամակն է:Ինչպես գիտեք հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հանդիպումից հետո, հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12-ից սկսած, Արցախի Հանրապետությունում հայտարարվեց հումանիտար հրադադար:Մինչ Հայաստանը կատարում էր հրադադարից ենթադրվող պայմանները, Ադրբեջանը, խախտելով իր պարտավորությունները, վերսկսեց քաղաքացիական բնակավայրերի անխնա գնդակոծությունները և ծանր հրետանու ու մարտական տանկերի օգտագործմամբ՝ գրոհներ սկսեց առաջնագծի տարբեր ուղղություններով: Միևնույն ժամանակ, խախտելով մեր օդային տարածքը, Ադրբեջանի մարտական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ գործեցին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հարավային շրջանում գտնվող բնակավայրերի վրա, ինչի արդյունքում զոհվեց մեկ և վիրավորվեցին երեք քաղաքացիական անձինք:Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նաև այն փաստի վրա, որ Թուրքիայի միջամտությամբ Մերձավոր Արևելքից հրավիրված վարձկանները և ահաբեկիչները ներկայումս կռվում են Արցախում՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Սա ոչ այլ ինչ է, քան Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության շարունակման քաղաքականություն. ներկայումս, փաստորեն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան աջակցում է հայ ժողովրդի ցեղասպանության իրագործմանը։Խաղաղ ազգաբնակչությունը թիրախավորվում է նաև Իսրայելի և Բելառուսի կողմից մատակարարված զենքերով, որոնք մարդասիրական օգնության քողի տակ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ուղիներով տեղափոխում են Ադրբեջան։ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան F-16 կործանիչներ է տեղակայում Ադրբեջանում, դրանք կառավարում են այն անօդաչու թռչող սարքերը, որոնք օգտագործվում են Արցախի տարածքում գտնվող խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին թիրախավորելու նպատակով:Շնորհակալ կլինեմ, եթե ներկայացնեք Ձեր հստակ գնահատականը Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած գործողությունների և ներկայիս իրավիճակի վերաբերյալ: Լիահույս եմ, որ ապրելու հիմնարար իրավունքը, որը պաշտպանում են արևմտյան ժողովրդավարությունները, արժեք է և ոչ պարզապես խոսքեր:
17:05 - 12 հոկտեմբերի, 2020