ՏԿԵՆ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին, որը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը տարածքային կառավարման և զարգացման բնագավառում։

ՏԿԵ նախարարն է Սուրեն Պապիկյանը, տեղակալներն են Լիլիա Շուշանյանը, Հակոբ Վարդանյանը, Արմեն Սիմոնյանը, Վաչե Տերտերյանը, Կարեն Իսախանյանը։

Ինչու է Հայաստանը հրաժարվում ատոմակայանի վերազինման ռուսական վարկից․ զրույց փոխնախարարի հետ |civilnet.am|

Ինչու է Հայաստանը հրաժարվում ատոմակայանի վերազինման ռուսական վարկից․ զրույց փոխնախարարի հետ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Մեծամորի ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինման նպատակով ռուսական վարկից և ծրագրում է կիսատ մնացած աշխատանքները շարունակել սեփական միջոցների հաշվին: Թեմայի շուրջ Արշալույս Մղդեսյանը զրուցել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ էներգետիայի ոլորտը համակարգող տեղակալ Հակոբ Վարդանյանի հետ: Հարցազրույցը որոշ խմբագրումներով և կրճատումներով՝ ստորև։ Պարոն Վարդանյան, հունիսի 8-ին նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ Հայաստանը հրաժարվլ է Հայկական ատոմակայանի արդիականացման համար ռուսական վարկից։ Խոսքը 270 մլն դոլար վարկային և մոտ 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների մասին է, որոնք ուղղվելու էին ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի վերազինմանը։ Ինչո՞ւ կայացվեց այս որոշումը։ Ինչո՞ւ Հայաստանի Հանրապետությունը հրաժարվեց հետագայում շարունակելու վարկ վերցնելը։ Նախ ուզում եմ նշել, որ ձեր ասած գումարը՝ ընդհանուր 300 մլն դոլար վարկը և դրամաշնորհը, ունեին օգտագործման ժամկետ, որն ավարտվել է 2019-ի դեկտեմբերի 31-ին։ 2018-ի վերջից և 2019-ի ամբողջ ընթացքում մենք բանակցել ենք վարկի մնացորդային չօգտագործված մասի ժամկետի երկարացման շուրջ։ Այդ ընթացքում քննարկվեցին բոլոր հնարավոր տարբերակները, և ի վերջո վարկի ժամկետը չերկարացնելու որոշում կայացվեց։ Այսինքն` սեփական միջոցներով ենք շարունակելու արդիականացումը, քանի որ կար տարբեր գործոնների ազդեցություն․ վարկի օգտագործման պայմաններն ու ճկունությունը, մեր հետագա աշխատանքների գրաֆիկներում որոշակի անհամապատասխանությունները։   Եթե հիշում եք, դեկտեմբերին կառավարությունը վարկի մնացորդային մասի երկարացմանը հավանություն էր տվել, սակայն մեր ռուս գործընկերներն արդեն իսկ այդ մնացորդային մասի ժամկետի երկարացման համար առաջարկեցին պայմաններ, ինչն ուղղակի աշխատանքների անհամապատասխանություն էր առաջացնելու։ Գնահատեցինք իրավիճակը, հասկացանք, որ մեզ պետք են ավելի ճկուն պայմաններով դրամական միջոցներ, ինչը չէր ապահովվում այդ վարկով, և այդ պատճառով նման որոշում կայացվեց։ Այսինքն՝ ի՞նչ էր առաջարկում ռուսական կողմը, որին հայկական կողմը չհամաձայնեց․ որովհետև չէ՞ր համապատասխանում աշխատանքների գրաֆիկին, ինչպես դուք եք նշում։ 2018-ի վերջից սկսած՝ որոշակի աշխատանքներ, որոնց կատարման ժամկետը գերազանցում էր վարկի օգտագործման այն ժամանակվա ժամկետը, այսինքն՝ 2019-ի դեկտեմեբրի 31-ը, խնդիր ունեին: Վարկով նախատեսված պայմանագրերը չէին կնքվում: Վարկային համաձայնագրով այդպես էր նախատեսված, որ վարկից ֆինանսավորվող աշխատանքների ավարտը պետք է նախանշված լինի վարկային համաձայնագրի ավարտի հետ։ Սա բերեց մի վիճակի, երբ մեզ մոտ ունեցանք մեծ մնացորդ, այսինքն՝ պայմանական ասեմ, աշխատանքները, որ կարող էին 90 տոկոսով ավարտված լինել, 90 տոկոսով վճարումները կատարված լինեին մինչև 2019-ի դեկտեմբերի 31-ը, ուղղակի չսկսվեցին:  Աշխատանքների իրականացման գրաֆիկն ու վարկի գրաֆիկն իր պայմաններով սկսեցին միմյանց չհամապատասխանել: Դա ամենամեծ խնդիրն էր, որ մենք փորձում էինք բանակցել: Ասում էինք՝ ենթադրենք՝ գնանք երկարացման,- կամ նույնիսկ եթե չգնայինք երկարացման,- եկեք անենք այնքանը, ինչ կհասցնենք վարկի օգտագործման ժամկետում, դրանից հետո, եթե կմնա չկատարված աշխատանքի որոշակի ծավալ, և վարկը ծայրահեղ դեպքում չի երկարացվի, մենք այդ վճարումները կանենք այլ միջոցների հաշվին: Կներգրավենք այլ վարկ կամ կանենք սեփական միջոցների հաշվին։ Այդ ճկունությունը չունեինք։   Վարկի երկարացման նախագծով ժամկետը նախատեսվում էր ձգել մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ը, սակայն արդեն ապրիլն էր, և մենք դեռ չունեինք երկարացված վարկ։ Պատկերացրե՛ք այն բոլոր աշխատանքները, որոնք, օրինակ, կարող էին տևել մեկուկես-երկու տարուց ավելի, դեռ  չէին սկսվել։ Այսինքն՝ ստորագրելու դեպքում ևս այդ աշխատանքները նորից չսկսելու փաստի առաջ էինք կանգնելու, իսկ այդ ընթացքում վարկի կառավարման, ծրագրի կառավարման համար «Ռոսատոմ Սերվիս» ընկերության վճար գոյություն ուներ։ Վճարում էինք դա, ժամանակն ացնում էր, և չէինք տեսնում այն հանգամանքները, որ սկսեինք, օրինակ՝ ենթակայանի կառուցումը, որը շատ ավելի երկար էր տևելու, քան երկու տարին է։  Եթե մենք համաձայնության եկած լինեինք, օրինակ, 2019-ի սկզբին, միգուցե այդ ժամանակ սկսեինք ենթակայանի կառուցումը, 2021-ի վերջին հնարավոր լիներ ավարտել։ Բայց չէինք եկել համաձայնության, և 2020-ին նոր պետք է կնքեինք վարկի երկարաձգման պայմանագիրը: Ուստի կրկին վարկային պայմանագրի ժամկետում հնարավոր չէր լինի, օրինակ, ենթակայանի, դիզել-գեներատորային կայանի կառուցումը։ Մենք դրա համար փորձում էինք ծրագրի կառավարման վճարը դարձնել տոկոսային, այսինքն՝ ինչքան աշխատանք կատարվի, դրա համապատասխան որոշակի տոկոս կգումարվի։ Մեր գործընկերներն ասում էին, որ իրենց ծախսերը դրանից չեն պակասում, ծառայություն մատուցողը նույն անձնակազմը պահում է՝ անկախ նրանից, թե մենք շատ աշխատանք կանենք, թե չենք անի։ Միգուցե օբյեկտիվ էին ասում, չեմ կարող ասել, և իրենք, այսպես ասած, timebased [ժամանակահեն - խմբ․] պայմանագիր էին մեզ առաջարկում։ Այսինքն՝ կարող էր ստեղծվել իրավիճակ, որ մենք էլի այդ ժամանակում ամբողջական աշխատանքը, նույնիսկ դրա կեսը չանեինք, բայց ծառայության վճարները վճարեինք ամբողջությամբ։ Սա երկրորդ պայմանն էր։ Երրորդը՝ վարկի հետագա օգտագործման համար կա լրացուցիչ պայման, որ վարկի 80 տոկոսով աշխատանքները պետք է իրականացնեին ռուսական ընկերությունները և ռուսական արտադրանքով։ Ու դա վերաբերում էր նրան, որ նույնիսկ եթե ռուսական ընկերությունը մրցույթը շահում է, կատարում է աշխատանքը, և օգտագործում է, դիցուք, այլ երկրի արտադրանք, դա մնացած 20 տոկոսից դուրս էր գալիս։ Եվ մինչև այդ, արդեն իսկ ծախսած գումարի մեջ այդ հարաբերակցությունը որոշակի չափով  չէր պահվել: Ասում էին՝ արդեն իսկ այդ 20 տոկոսի մեծ մասը դուրս է եկել։ Ստացվում է, որ միայն ռուսական ընկերություններն էին կարողանալու մասնակցել մրցույթներին։ Սա բերում էր նաև մի մտահոգության, որ միգուցե այդ նույն ընկերությունները, իմանալով, որ չկա մրցակցություն, հնարավորությունը միայն իրենցն է, կարող է շատ ավելի թանկ առաջարկ անեին։  Եվ այդպես, բավական երկար շատ մանր խնդիրներ քննարկվեցին, և հիմնականը այն էր, որ քանի որ ատոմակայանում էլ աշխատանքները միջպլանային նախազգուշական վերանորոգման փուլում են, այսինքն՝ շատ սեղմ են ժամկետները, պետք է շատ հստակ պլանավորել ամեն բան: Շատ կարևոր նրբերանգներ կան այս գործում: Եթե այդ գործը հինգ օր ուշացավ ինչ-որ պատճառներով, այն մնում է մյուս տարի։ Այսպիսի երևույթներ լինում են։ Հիմա էլ չեն կարող բացառել հարյուր տոկոսով նմանատիպ զարգացումները, այսինքն՝ այս ոչ ճկուն վիճակը ծրագրին մտահոգություն էր տալիս, որ մենք էլի երկու տարի հետո նորից կկանգնենք մի իրավիճակի առաջ, որ չկարողացանք շատ գործ անել։  Հիմա, եթե մենք չունենայինք այդ սահմանափակումները, ատոմակայանի պրոֆեսիոնալ կարծիքով, վարկի մնացորդը ոչ թե կլիներ 107 միլիոն, այլ կարող էր լինել 30, 40, մաքսիմում 50 միլիոն, այսինքն՝ մենք ահագին աշխատանք կարող էինք սկսած լինել։ Չէինք կարողանում սկսել, որովհետև հնարավոր է՝ մի ամիս գերազանցեին վարկի օգտագործման ժամկետը: Հաշվի առնելով այդ հանգամանքները, հաշվի առնելով նաև այն, որ կան աշխատանքներ, որոնք պետք է կատարվեն ռուսական ընկերության միջոցով, առանձնացրեցինք այդ աշխատանքներն ու գործընկերների հետ հասկացանք, որ ավելի ճկուն ֆինանսավորման մեխանիզմներ են պետք: Հենց այդ ճանապարհով էլ շարժվեցինք։ Պարոն Վարդանյան, վարկի մնացորդից հրաժարվելը, այսպես ասած, կոշտ որոշում է: Այսինքն՝ նշանակում է՝ համաձայնությունների չեք եկել։ Ինչո՞ւ ռուսական կողմը չգտնվեց այդքան ճկուն։ Դուք այդ հարցի պատասխանն ունե՞ք։ Ինչո՞ւ նրանք չգնացին ճկուն պայմաններ առաջադրելու ճանապարհով։ Եկեք այսպես նայենք։ Իրենք շատ երկրների են արտահանման նմանատիպ վարկեր տալիս, և կա որոշակի քաղաքականություն, արտահանման վարկի օգտագործման քաղաքականություն: Ռուս գործընկերների մեկնաբանմամբ,- որը, իմ կարծիքով, ընդունելի է,- մեկի հետ պայմանների փոփոխությունը տանելու է մյուսների հետ փոփոխության։ Երևի այս ոլորտում ամենափոքր արտահանման վարկը մենք ենք իրենցից վերցրել, իսկ այլ երկրներինը մի 20 անգամ ավելի մեծ է։  Իրենք ասում էին՝ սա փոփոխելը նշանակում է փոփոխել բոլորի համար։ Մեզ համար ընդունելի էր: Ուստի չէի ասի, որ սա ծայրահեղ քայլ է և հարաբերությունների որոշակի ինչ-որ փոփոխություն։ Ինձ թվում է՝ նույն «Ռոսատոմ»-ի համար էլ էր ավելի հեշտ աշխատել ավելի ճկուն պայմաններով, որովհետև, օրինակ, 20/80 հարաբերակցությունը մեր համաձայնագրում նախկինում չկար, ինչը, «Ռոսատոմ»-ի մեկնաբանմամբ, ժամանակին ուղղակի բացթողում է եղել: Բայց «Ռոսատոմ Սերվիս»-ի և ՌԴ ֆինանսների նախարարության միջև այդպիսի պայմանագիր եղել է, ու հիմա իրենք որոշակի տուգանքներ են վճարում, որ խախտվել է 20/80 հարաբերակցությունը։ Սրանք ընդհանուր դրույթներ են իրենց արտահանման վարկի համար։  Ծրագրային բոլոր վարկերը, լինի դա KFW-ի, Ռուսաաստանի, Համաշխարհային բանկի, ունեն իրենց պահանջները, իրենց աշխատելու կանոնները։ Մենք ուղղակի հասկացանք, որ ծրագրային վարկերը խնդիրներ են առաջացնում այս պարագայում, որովհետև մի քիչ ստանդարտից դուրս պրոցես է։ Ատոմակայանն աշխատանքին զուգահեռ իրականացնում է շահագործման ժամկետի երկարացման աշխատանքներ, որը եզակի է աշխարհում։ Այսինքն՝ դժվար էր այդ երկուսը իրար հետ կառավարելը։ Երբ վերլուծեցինք, հասկացանք, որ շատ բացթողումներ, ուշացումներ նաև եղել են որոշակի ոչ ճկունության պատճառով։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
13:50 - 15 հունիսի, 2020
Առաջարկվում է բացառել հանքավայրերի եւ տեղամասերի մասնատումը, պաշարները տրամադրել ողջ հաշվեկշռային ծավալով․ Պապիկյան |armtimes.com|

Առաջարկվում է բացառել հանքավայրերի եւ տեղամասերի մասնատումը, պաշարները տրամադրել ողջ հաշվեկշռային ծավալով․ Պապիկյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին նախագիծը: Ըստ նախագծի՝ ներկայացվում են ընդերքօգտագործման լայն խումբ հարցեր՝ նշեց նախարարը՝ հավելելով, որ դրանք հիմնականում պատասխանատու ընդերքօգտագործող ունենալու, ընդերքը ռացիոնալ եւ արդյունավետ օգտագործելուն առնչվող հարցեր են: «Առաջարկվում է ընդերքի ռացիոնալ օգտագործման նպատակով հնարավորինս բացառել հանքավայրերի եւ տեղամասերի մասնատումը, պաշարները տրամադրել ողջ հաշվեկշռային ծավալով: Սա մի կարեւոր պատճառ ունի: Նախկինում եղել են դեպքեր, երբ հաստատված պաշարը բաժանվել է մի քանի հատվածների, ինչը հնարավորություն է տալիս ավելի բարձր արդյունավետություն ունեցող հատվածները օգտագործել, իսկ ավելի ցածր տոկոսայնություն ունեցողները՝ թողնել»,- նշեց Պապիկյանը՝ հավելելով, որ նախագիծը կբացառի նման հարցերը: Նախարարը տեղեկացրեց, որ արդյունահանման թույլտվություններ կտրամադրվեն միայն այն հանքավայրերի դեպքում, որտեղ մետաղականի համար վերջին 5 տարվա ընթացքում գնահատվել ու հաստատվել են պաշարներ, իսկ ոչ մետաղականի դեպքում՝ վերջին 10 տարվա ընթացքում: «Սա արվում է նրա համար, որ ցանկացած գործարար, որը ցանկանում է ներդրում կատարել, արդյունավետ շահագործում իրականացնել, նախ իրականացնի համապատասխան ուսումնասիրություն, քանզի Հայաստանում բոլոր ուսումնասիրությունները հիմնականում 50-ականներին են կատարվել»,- նշեց Պապիկյանը: Նախարարը նշեց, որ նախագծով նաեւ իրավունքի տրամադրման 50 տարվա առավելագույն ժամկետը կփոխվի 25 տարվա, իսկ ոչ մետաղականների համար առավելագույն ժամկետը կսահմանվի 15 տարի: Որոշումն ընդունվեց։ 
14:12 - 11 հունիսի, 2020
Շահեկան ենք համարել մեր միջոցներով լուծել խնդիրը. Պապիկյանը՝ ատոմակայանի համար վարկի վերաբերյալ |armenpress.am|

Շահեկան ենք համարել մեր միջոցներով լուծել խնդիրը. Պապիկյանը՝ ատոմակայանի համար վարկի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը հրաժարվել է Հայկական ատոմակայանի համար տրվող ռուսական վարկի մնացորդի օգտագործման ժամկետը երկարաձգել. ՀՀ-ն շահեկան է համարել իր ունեցած ֆինանսական միջոցներից տրամադրել բյուջետային վարկ և լուծել խնդիրը:  Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ միաժամանակ վստահեցնելով, որ դա որևէ աղերս չունի հայ-ռուսական հարաբերութունների հետ:  Հայ-ռուսական հարաբերությունները կայուն, ռազմավարական և գործընկերային են: «Բայց միևնույն ժամանակ մեր երկրում վարկերի արդյունավետ օգտագործման խնդիր կա: Մենք ժառանգել ենք տարբեր վարկային միջոցներ, որոնց ժամկետները կամ սպառման փուլում են եղել, կամ սպառվել են: Եվ այս փուլում մեր երկրի համար ավելի շահեկան համարել ենք, որ մենք կարող ենք մեր ունեցած այլ վարկային միջոցներից կամ մեր ունեցած ֆինանսական միջոցներից տրամադրել բյուջետային վարկ և լուծել մեր առջև ծառացած խնդիրը»,-ասաց Պապիկյանը: Նախարարը նաև նշեց, որ «Ռոսատոմ» ընկերությունը հիմնական իրականացնող ընկերությունն է: Գործընկերների հետ պայմանագրերն առկա են, և ֆինանսական միջոցների տրամադրման արդյունքում շինարարական աշխատանքները շարունակվելու են պատշաճ կարգով: Ավելի վաղ Հայկական ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի արդիականացման աշխատանքների իրականացման համար Ռուսաստանի հետ համաձայնություն էր ձեռք բերվել ներգրավել 270 մլն դոլարի վարկային միջոցներ:  ՌԴ-ն ևս 30 մլն դոլար տրամադրելու էր որպես դրամաշնորհ:  ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը պարզաբանեց, որ 270 մլն դոլար վակային միջոցից ու 30 մլն դրամաշնորհից ընդհանուր մնացել էր 107 մլն-ի մնացորդ, որի օգտագործման ժամկետն ավարտվել էր 2019-ի դեկտեմբերի 31-ին: «Մենք ընդամենն օգտագործման ժամկետն այլևս չենք երկարաձգում: Այսինքն դա, այսպես թե այնպես, ավարտվել էր, մնացել էր մնացորդը, որը մեզ համար հասանելի չէր: Կար տարբերակ երկարաձգելու: Բայց այս պահին ընտրվելու է չերկարեցնելու տարբերակը: Մնացյալ աշխատանքները կշարունակվեն այլ միջոցների հաշվին»,-ասաց փոխնախարարը: 
16:37 - 10 հունիսի, 2020
Ստեղծված են բոլոր նախադրյալները պարենային անվտանգության ապահովման համար. ԱՀ նախագահն ընդունել է ՀՀ ՏԿԵ նախարարին

Ստեղծված են բոլոր նախադրյալները պարենային անվտանգության ապահովման համար. ԱՀ նախագահն ընդունել է ՀՀ ՏԿԵ նախարարին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը և ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ պարենային անվտանգության ընդհանուր խնդիրների լուծման համար առկա են բոլոր նախադրյալները: Նա համոզմունք է հայտնել, որ ՀՀ կառավարության հետ փոխգործակցված և սերտ աշխատանքի միջոցով նախանշված բոլոր ծրագրերն իրականություն կդառնան: «Նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով մեր բազմաթիվ հայրենակիցներ զրկվել են արտագնա աշխատանքից: Կարծում եմ՝ այս փուլում մեր ջանքերը մեծապես նպաստելու են նաև մեր հայրենակիցների համար հայրենիքում կայուն աշխատանք ունենալուն»,- ընդգծել է Ա. Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով նախագահին ջերմ ընդունելության համար՝ Սուրեն Պապիկյանը կարևորել է նախանշված հարցերի քննարկումը և պատրաստակամություն հայտնել այդ խնդիրների համապարփակ լուծման նպատակով օր առաջ քայլերի ձեռնարկման ուղղությամբ: Այնուհետև ԱՀ տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել ոռոգման նպատակով ջրային ռեսուրսների վերաբերյալ պրեզենտացիան, որի իրականացման արդյունքում Արցախում կայուն ոռոգովի կդառնան 50 հազար հեկտար հողատարածք, որից 10.000 հա-ի վրա նախատեսվում է հիմնել նոր այգիներ: Մնացած տարածքներն, ըստ նախարարի, կօգտագործվեն դաշտավարական նպատակով՝ ցանքաշրջանառության կիրառմամբ՝ մշակելով հացահատիկ, յուղատու բույսեր, ընդեղեն և ձավարեղեն՝ էականորեն բարձրացնելով ԱՀ և ՀՀ պարենային անվտանգության մակարդակը:
18:48 - 06 հունիսի, 2020
Հանրապետության տարբեր մարզերում ընթանում են ինտենսիվ ճանապարհաշինական աշխատանքներ

Հանրապետության տարբեր մարզերում ընթանում են ինտենսիվ ճանապարհաշինական աշխատանքներ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը ճանապարհաշինության ոլորտի այլ պատասխանատուների հետ այցելել է հանրապետության մարզեր և հետևել ընթացող ճանապարհաշինական աշխատանքներին։ Փոխնախարարը նախ ծանոթացել է ՀՀ պետական բյուջեով իրականացվող ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում Եղվարդի տրանսպորտային հանգույցի և Աշտարակ-Եղվարդ 12.7 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգմանը‚ ապա եղել է Մ3 միջպետական մայրուղու Սպիտակ քաղաքով անցնող 4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհահատվածում‚ որտեղ կապալառու կազմակերպությունը ներկայացրել է իրականացվող աշխատանքները։ Այս պահին այդ հատվածում կատարվում են խճային հիմքի տեղադրման‚ ասֆալտապատման‚ մայթերի կառուցման և այլ աշխատանքներ։ Մ6‚ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող ընկերության գրասենյակում քննարկվել է Թումանյան-Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածում ընթացող հիմնանորոգման ընթացքը։ Նշենք‚ որ Մ6 միջպետական ճանապարհի տարբեր մասերում կատարվում են ասֆալտապատման‚ ճանապարհի լայնացման‚ հենապատերի‚ կամուրջների, ջրատարների կառուցման և այլ աշխատանքներ։ Հաշվի առնելով‚ որ Մ6-ի հիմնանորոգումն ընթանում է ինտենսիվ երթևեկության պայմաններում‚ փոխնախարարը շեշտել է աշխատանքի ճիշտ կազմակերպումը՝ երթևեկության անվտանգությունն ապահովելու համար։ Կապալառու ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ընդգծվել է ճանապարհաշինության ընթացքում բարձր որակ ապահովելու‚ ինչպես նաև աշխատանքները սահմանված ժամկետներում ավարտելու անհրաժեշտությունը։
10:38 - 06 հունիսի, 2020
Այս տարի կսկսվի Հադրութը Քաշաթաղի հարավային թևով Հայաստանի հետ կապող մայրուղու կառուցումը

Այս տարի կսկսվի Հադրութը Քաշաթաղի հարավային թևով Հայաստանի հետ կապող մայրուղու կառուցումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Արցախ ժամանած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ միասին հունիսի 5-ին այցելել է Քաշաթաղի շրջանի հարավային թև: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, hայկական երկու հանրապետությունների բարձրաստիճան պաշտոնյաները նախ հետևել են գարու բերքահավաքի մեկնարկի աշխատանքներին, ծանոթացել հացահատիկային մշակաբույսերի բերքն անկորուստ հավաքելու նպատակով իրականացվող հակահրդեհային միջոցառումներին: Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը հանդիպել է շրջանի հարավային թևի համայնքների ղեկավարների հետ և հետաքրքրվել բերքահավաքի պատշաճ կազմակերպման առկա խնդիրներով՝ տեղում պատկան մարմինների պատասխանատուներին տալով համապատասխան հանձնարարականներ: Անդրադառնալով տարածաշրջանի հետ կապված առաջիկա ծրագրերին՝ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ, նախընտրական շրջանում տրված խոստման համաձայն, Հադրութ քաղաքը Քաշաթաղի հարավային թևով Մայր հայրենիքի հետ կապող մայրուղու կառուցումը կսկսվի ընթացիկ տարում: «Մայրուղու կառուցմամբ մեկնարկում է Արցախի հարավային հատվածի իրացման նոր փուլը, որտեղ վերաբնակեցման և տնտեսական զարգացման մեծածավալ նոր ծրագրեր կիրականացվեն»,- ասել է նախագահ Հարությունյանը: Նա հավելել է, որ օրերս «Արցախէներգո» ընկերության հետ վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերել, և մինչև 2022թ.-ը կապիտալ աշխատանքների արդյունքում ամբողջովին կվերակառուցվի ենթաշրջանը սնուցող էլեկտրացանցը: Այցի ընթացքում Հանրապետության նախագահը՝ ԱՀ մի խումբ պաշտոնյաների և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ուղեկցությամբ, այցելել է Իշխանաձոր համայնքում «Մասիս Տոբակո» ընկերության հիմնադրած չորանոցային տնտեսություն, ՊԲ Ն զորամաս, ինչպես նաև Հագարի գետի վրա կառուցվո՝ 6,8 ՄՎտ ընդհանուր հզորությամբ փոքր հիդրոէլեկտրակայան:
21:28 - 05 հունիսի, 2020
Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհի տարբեր հատվածներում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ

Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում «Թումանյան» կայարանից մինչև Բագրատաշենի սահմանային անցակետ մոտ 51.7 կմ երկարությամբ հատվածի տարբեր տեղամասերում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։ «Սանահին» կայարանից Հաղպատ հատվածում կապալառու «ԱԱԲ պրոեկտ» կազմակերպությունն արդեն իսկ ասֆալտապատել է մոտ 9 կմ ճանապարհ։ Ընկերության ներկայացուցիչ Դավիթ Ազատյանը նշում է, որ այդ 9 կմ-ում դեռևս պետք է տեղադրեն վերջին՝ 4 սանտիմետր հաստությամբ մանրահատիկ ասֆալտե շերտը։ «Սանահին» կայարանից Հաղպատ ճանապարհի մյուս տեղամասերում շարունակվում են ասֆալտապատման նախապատրաստական, 3 կամուրջների, ջրատարների կառուցման աշխատանքները, լայնացվում են դժվարանցանելի հատվածները և այլն։  ՏԿԵ նախարարությունը նշում է, որ ասֆալտապատումը սկսվել է նաև Մ6-ի Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածում։ Շինարարական աշխատանքներն իրականացնող իտալական «Սուարդի» ընկերությունը գրեթե ամբողջությամբ ասֆալտապատել է Շնող-Քարկոփ ճանապարհը։ Լոռու մարզի Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը նշում է, որ Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումն իր դրական ազդեցությունը կունենա նաև իրենց համայնքի, բնակիչների համար։ Բարեկարգ ավտոմայրուղին կնպաստի հարակից բնակավայրերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, կհեշտացնի գյուղացիների հասանելիությունը շուկաներին։ Համայնքապետը նկատում է, որ ճանապարհաշինական աշխատանքների որակից գոհ են։ Ըստ նրա՝ երկու տարի առաջ նույն կազմակերպությունը՝ «Սուարդին», հիմնանորոգել է նաև Շնողի գյուղամիջյան ճանապարհը, ինչը կատարել են բարեխղճորեն և բարձր որակով։ Մ6-ի հիմնանորոգումը համայնքների համար լուծում է նաև ենթակառուցվածքների հետ կապված մի շարք խնդիրներ. վերականգնվում են տասնամյակներ շարունակ չվերանորոգված կոյուղագծեր, ջրագծեր և այլն։ Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում կատարվում են մեծածավալ աշխատանքներ։ Ճանապարհի հիմնանորոգման արդյունքում կունենանք Հայաստանը Վրաստանի հետ կապող բարեկարգ մայրուղի, որը կկրճատի երթևեկության տևողությունը, կավելացնի երթևեկության ինտենսիվությունը, ճանապարհը կդարձնի առավել անվտանգ։
17:42 - 01 հունիսի, 2020
Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիք կապահովվի բնակարանով․ կառավարությունը 2 մլրդ 169 մլն դրամ հատկացրեց |armtimes.com|

Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիք կապահովվի բնակարանով․ կառավարությունը 2 մլրդ 169 մլն դրամ հատկացրեց |armtimes.com|

armtimes.com: Հարցը զեկուցող Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ բնակարանները կարող են ձեռք բերվել Երեւան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նոր Նորք, Արաբկիր, Դավթաշեն վարչական շրջաններում։ Այդ նպատակով կառավարությունը հատկացրել է ընդհանուր առմամբ 2 մլրդ 169 մլն 750 հազար դրամ:  «Գործընթացի արդյունքում պարզ դարձավ, որ կան անձինք, որոնց ՀՀ քաղաքացիության ձեռքբերումը բավականին երկարատեւ գործընթաց է, հետեւաբար առաջարկում ենք սահմանել, որ բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ) կարող են ձեռք բերել նաեւ այն դեպքում, երբ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման գործընթացը սկսվել է, բայց պայմանով, որ տրամադրված ԲԳՎ-ից կարող են օգտվել միայն վերջնական քաղաքացիության ձեռքբերման դեպքում»,- ասաց Պապիկյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորեց, որ պարտադիր պայման լինի նաեւ այն, որ նոր բնակարան գնելուց հետո շահառուն պետք է հրաժարվի ժամանակավոր կացարանից ու այդ տարածքը վերադարձնի պետությանը:  Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
13:24 - 27 մայիսի, 2020
Խորհրդարանը քննարկեց աճուրդով հողի վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը բարձրացնող նախագիծը |armenpress.am|

Խորհրդարանը քննարկեց աճուրդով հողի վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը բարձրացնող նախագիծը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է բարձրացնել աճուրդով հողի վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմը:  Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նախարարի վստահեցմամբ՝ օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանում ներդրումային գործունեության համար վարչարարական ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտությամբ: «Օրենսգրքի 7-րդ հոդվածի երրորդ կետում սահմանված այն դեպքերը, երբ նպատակային նշանակությունը համարվում է փոխված պարզեցված կարգով, բացակայում է: Խոսքը վերաբերում է հողի պարզեցված կարգի փոփոխությանը՝ սպանդանոցների համար: Առաջարկվում է պարզեցված ընթացակարգով փոփոխել սպանդանոցի համար նախատեսված հողամասի նպատակային նշանակությունը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որը հուլիսի 1-ից ՀՀ-ում անցում ենք կատարելու ամբողջական սպանդանոցային մորթի՝ այս փոփոխությունը շատ կարևոր է և էական: Հաջորդ փոփոխությունը վերաբերում է աճուրդների անցկացման կարգին: Այն պայմանավորված է աճուրդներ անցկացնելու մասով լրացուցիչ գործիքակազմեր ներգրավելու, հողը աճուրդով վաճառելու, մեկնարկային գինը վերանայելու և իրականացման առավել հստակ կարգորոշումներ, աճուրդային և մրցութային հանձնաժողովներ սահմանելու անհրաժեշտությամբ»,- ասաց Պապիկյանը: Առաջարկով կապահովվի աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմի բարձրացումը՝ կադաստրային արժեքի 50 տոկոսի փոխարեն 100 տոկոս:  Այսպիսով, աճուրդով վաճառքի մեկնարկային գինը չի կարող պակաս լինել հողամասի կադաստրային արժեքի 100 տոկոսից, կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային, ծայրամասային բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 50 տոկոսից, իսկ կառավարության սահմանած ցանկում ընդգրկված մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ բնակավայրերում աճուրդով վաճառքի մեկնարկային գինը` հողի կադաստրային արժեքի 30 տոկոսից: Պապիկյանի կարծիքով՝ դրա արդյունքում կավելանան համայնքի սեփական եկամուտները, կապահովվի բաց, դասական եղանակով աճուրդ կազմակերպելու և անցկացնելու հնարավորությունը: Աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հնարավորություն՝ հստակ նախավճար վճարելու, մասնավորապես տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց այդ կապակցությամբ կտրվի մասնակցի վկայական: Ավագանու ինստիտուտի դերը բարձրացնելու նպատակով մրցութային հանձնաժողովներ ստեղծելու իրավասությունը վերապահվելու է ավագանուն:
16:14 - 26 մայիսի, 2020
Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Թումանյանից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է լինելու երթևեկության համար

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մայիսի 26-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 10:00-19:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Այդ ընթացքում վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Մ6-Օձուն-Այգեհատ-Յաղդան-Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար  նախարարությունը հայցում է երթևեկության մասնակիցների ներողամտությունը:
14:10 - 25 մայիսի, 2020