ԵԱՀԿ

ԵԱՀԿ-ն (Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպություն) 1973-ին հիմնված տարածաշրջանի անվտանգության խոշորագույն կազմակերպություն է, որը ներառում է 57 պետություններ Եվրոպայից, Կենտրոնական Ասիայից եւ Հյուսիսային Ամերիկայից։ Կազմակերպության գլխամասը գտնվում է Վիեննայում, ունի 550 աշխատակից։ ԵԱՀԿ-ը կոչված է կանխելու ծագող հակամարտությունները տարածաշրջանում։

Հայաստանը ԵԱՀԿ անդամ պետություն է 1992 թվականի հունվարի 30-ից։

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցն է․ ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցն է․ ԱՀ ԱԳՆ

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը․«Ողջունում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ջանքերը` ուղղված Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը, որոնք սպառնում են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը: Այս կապակցությամբ հարկ է նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունը, որտեղ վճռականորեն դատապարտվում է հակամարտության գոտում բռնության աննախադեպ և վտանգավոր սրացումը:Վերստին ընդգծում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կենտրոնական դերը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող միակ համաձայնեցված ձևաչափ: Միաժամանակ, հերթական անգամ հաստատուն կերպով հայտարարում ենք Արցախի Հանրապետության սկզբունքային դիրքորոշումը` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում միջազգային միջնորդական ջանքերում ցանկացած ձևով Թուրքիայի մասնակցության անթույլատրելիության վերաբերյալ: Արցախի Հանրապետության դեմ զինված ագրեսիայի հրամանատարությունն իրականացնող և ղեկավարող, պատերազմ վարելու նպատակով Ադրբեջանին զենք մատակարարող և ռազմական գործողություններին մասնակցելու համար Մերձավոր Արևելքից ահաբեկչական կազմակերպությունների զինյալներ հավաքագրող Թուրքիայի հանցավոր գործողություններն անհնար են դարձնում նրա հետագա անդամակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին:Արցախի Հանրապետությունը բազմիցս նշել է, որ միջնորդական ջանքերի արդյունավետությունն ուղղակիորեն կախված է կարգավորման գործընթացի անշրջելիությունն ապահովելու և ռազմական գործողությունների վերսկսման կանխարգելմանն ուղղված արդյունավետ մեխանիզմներ ներդնելու ունակությունից: Վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ երկու լայնամասշտաբ զինված հարձակումներն ակնառու կերպով ցույց են տալիս, որ միջնորդների նախկին մշակումներն անզոր էին Ադրբեջանի կողմից ոչ միայն իր միջազգային պարտավորությունների, այլև միջազգային իրավունքի նորմերի կոպտագույն ոտնահարումների դեմ, և զրոյացվեցին Բաքվի միջազգային հակաիրավական արարքներով:Ստեղծված պայմաններում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման ամենաարդյունավետ միջոցն է, որն ամուր հիմքեր կերաշխավորի բանակցությունների միջոցով հակամարտությունը կարգավորելու համար»:
23:53 - 06 հոկտեմբերի, 2020
Լեհաստանն աջակցում է ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելու ԵԱՀԿ ՄԽ ջանքերին |armenpress.am|

Լեհաստանն աջակցում է ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելու ԵԱՀԿ ՄԽ ջանքերին |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանի Արտաքին գործերի նախարարությունը լիովին կիսում է միջազգային հանրության մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում շարունակվող ռազմական գործողությունների վերաբերյալ, որոնք հանգեցրել են զոհերի թվի ավելացմանը, այդ թվում ՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին ասված է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում: «Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին։ Կոչ ենք անում ամբողջովին պահպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և զինված հակամարտությունում քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորությունը: Համոզված ենք, որ զինված բռնությունը չի հանգեցնի հակամարտության կարգավորմանը»,- ասված է հայտարարությունում: Լեհաստանի ԱԳՆ-ն նշում է, որ ռազմական գործողությունները նաև սպառնում են տարածաշրջանի կայունությանը: «Այս համատեքստում մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ջանքերին` համոզելու կողմերին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, ապաէսկալացնել իրավիճակը և նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ: ԵԱՀԿ-ն համապատասխան հարթակ է տարածաշրջանային երկխոսության համար և ունի լարվածության թուլացմանն աջակցելու գործիքները»,- նշված է ԱԳՆ հայտարարությունում:
20:01 - 06 հոկտեմբերի, 2020
ԵԱՀԿ ԽՎ նախագահն աջակցում է ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելու կոչերին |armenpress.am|

ԵԱՀԿ ԽՎ նախագահն աջակցում է ԼՂ հակամարտության գոտում կրակը դադարեցնելու կոչերին |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին կոչ է արել դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և դրանից դուրս շարունակվող արյունահեղությունը: Այս մասին ասված է ԵԱՀԿ ԽՎ տարածած հաղորդագրության մեջ: Ծերեթելին կրկին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն` ի շահ քաղաքացիական բնակչության: Նախորդ շաբաթվա ընթացքում նա ուղիղ կապի մեջ է եղել Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների հետ, ընդգծել ԵԱՀԿ ԽՎ դիրքորոշումը ու կոչ արել երկու կողմերին` վերսկսել բանակցային գործընթացը: «Մենք, ինչպես նախկինում, լրջորեն մտահոգված ենք հակամարտության գոտում զոհերի թվի ավելացման մասին հաղորդագրություններով, մասնավորապես տեղի բնակչության վրա ունեցած հետևանքներով, որոնք, չնայած քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պարտավորություններին, շարունակում են տառապել շարունակվող ռազմական գործողություններից»,- հայտարարել է Ծերեթելին: Գեորգի Ծերեթելին ընդգծել է, որ լիովին աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի, ինչպես նաև այդ երկրների նախագահների ու Արտաքին գործերի նախարարությունների կոչերին՝ դադարեցնել կրակը։ ԵԱՀԿ ԽՎ նախագահը նաև մտահոգություն է հայտնել արգելված կասետային ռումբերի կիրառման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ՝ նշելով, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը 2008թ. ընդունել է բանաձև, որում կոչ է արել ԵԱՀԿ բոլոր անդամ պետություններին արգելել կասետային զենքերի կիրառումը, արտադրությունը, ձեռքբերումը, պահպանումը կամ փոխանցումը: Ծերեթելին բոլոր կողմերին կոչ է արել ձեռնպահ մնալ այդ զենքի կիրառումից և ամբողջովին պահպանել քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանության միջազգային իրավունքի պահանջները։ «Միանգամայն անընդունելի է, որ տարածաշրջանում կան կարևոր ենթակառուցվածքների ոչնչացման սպառնալիքներ, որոնք կարող են հանգեցնել հումանիտար աղետների։ Ուժի շարունակական կիրառումը չի նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Մենք շարունակելու ենք մեր բոլոր ջանքերը ներդնել՝ նպաստելու հաշտեցման քաղաքական կամքի ձևավորմանը»,- նշել է ԵԱՀԿ ԽՎ նախագահը: ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների հարթակ տրամադրել կողմերի խորհրդարանականներին:
19:36 - 06 հոկտեմբերի, 2020
Անհրաժեշտ է մտածել Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու հստակ քայլեր․ Լավրով |azatutyun.am|

Անհրաժեշտ է մտածել Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու հստակ քայլեր․ Լավրով |azatutyun.am|

azatutyun.am:  Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե անհրաժեշտ է մտածել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանխելու հստակ քայլեր։ Լավրովի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները համատեղ հայտարարություն են նախապատրաստում ղարաբաղյան հակամարտության հարցով: Ռուսաստանի արտգործնախարարը տեղեկացրել է, որ խնդրի շուրջ կապի մեջ է նաև Թուրքիայի և Իրանի հետ: Լեռնային Ղարաբաղում վերսկսված ռազմական գործողությունները դադարեցնելու մասին անցած շաբաթ համատեղ հայտարարությամբ էին հանդես եկել Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանյուել Մակրոնը: «Մենք կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ և բարեխղճորեն կատարել ստանձնած պարտավորությունները և առանց նախապայմաններ ներկայացնելու վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասվում է Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ղեկավարների համատեղ հայտարարությունում:
17:06 - 05 հոկտեմբերի, 2020
Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատանքը՝ պահպանելով չեզոքությունը. Ալիև |civilnet.am|

Մինսկի խումբը պետք է շարունակի աշխատանքը՝ պահպանելով չեզոքությունը. Ալիև |civilnet.am|

civilnet.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ալ Ջազիրայի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը կտրականապես դեմ է, որ ղարաբաղյան ճգնաժամը վերաճի տարածաշրջանային հակամարտության։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» ձևաչափը պետք է պահպանվի, բայց դրա մեջ մտնող երկրների չեզոքության պահպանման պայմանով»,- ասել է նա։ «Մենք կարծում ենք, որ երեք երկրները (Ռուսաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) պետք է շարունակեն աշխատել միասին, եթե նրանք բոլորը պահպանեն չեզոքությունը։ Դա կարևոր է»,- ասել է Ադրբեջանի նախագահը հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում։ Ալիևը նշել է, որ ադրբեջանական կողմի մոտ անհանգստություն են առաջացնում վերջին օրերին արված հայտարարությունները, որոնք «չեզոք դիրքորոշման մեջ որոշակի փոփոխություններ են ցուցադրում»: «Յուրաքանչյուր երկիր կարող է ունենալ իր դիրքորոշումը, դա նորմալ է։ Բայց եթե դուք միջնորդ եք նման զգայուն հարցում, ապա պետք է հանդես գաք նման [չեզոք] դիրքորոշմամբ։ Եթե դուք ուզում եք հանդես գալ ձեր ազգային դիրքորոշմամբ, ապա պետք է դուրս գաք Մինսկի խմբի համանախագահությունից։ Եթե դուք միջնորդ եք, ապա պետք է չեզոք լինեք»,- կարծում է Ալիևը։ «Մենք կտրականապես դեմ ենք, որ այդ [ղարաբաղյան] հակամարտությունը վերաճի տարածաշրջանային հակամարտության»,- ասել է Ալիևը: Նա վստահություն է հայտնել, որ տարածաշրջանի երկրները՝ Թուրքիան, Ռուսաստանն ու Իրանը, «երբեք թույլ չեն տա դա»: «Որովհետև մեր տարածաշրջանում անվտանգությունը ծառայում է բոլոր երկրների շահերին», - ասել Է Ալիևը:
13:04 - 03 հոկտեմբերի, 2020
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում չթիրախավորել քաղաքացիական բնակչությանը

 |armenpress.am|

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են անում չթիրախավորել քաղաքացիական բնակչությանը |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության միջազգային պարտավորությունները: Այս մասին ասված է հոկտեմբերի 2-ին համանախագահների տարածած հաղորդագրության մեջ: Համանախագահները խստորեն դատապարտում են շարունակվող բռնությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքում շփման գծից հեռու գտնվող օբյեկտների դեմ, և իրենց անհանգստությունն են հայտնում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի ավելացման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ: «Քաղաքացիական անձանց վրա հարձակումները կամ սպառնալիքներն անթույլատրելի են որևէ պարագայում»,- ասված է հայտարարության մեջ: Համանախագահները կողմերին կոչ են անում լիովին պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության իրենց միջազգային պարտավորությունները։ Համանախագահները նաև ընդգծում են, որ բռնության էսկալացիային արտաքին կողմերի մասնակցությունը խարխլում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերը։ Վկայակոչելով երեք համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը՝ համանախագահները կրկին կոչ են անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել առարկայական բանակցություններն առանց նախապայմանների: Համանախագահները նաև կոչ են անում անհապաղ հումանիտար հրադադարի հասնել, որպեսզի ապահովվի զոհված զինծառայողների աճյունների վերադարձը ԵԱՀԿ և ԿԽՄԿ հետ համատեղ:
22:30 - 02 հոկտեմբերի, 2020
ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը |factor.am|

ԵԱՀԿ Մինսկի խումբը մտադիր է հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանը |factor.am|

factor.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են հասնել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցմանն ու առանց նախապայմանների բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ Լը Դրիանի՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցներից հետո տարածած հայտարարությունում։ «Հոկտեմբերի 1-ի ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների երկու հայտարարություններում էլ ես ընդգծել եմ, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, վճռական է և իր անաչառ դերակատարությունը կունենա ռազմական գործողությունների դադարեցման ու առանց նախապայմանների ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցությունների վերսկսման համար»,- նշված  է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարությունում։ Գերատեսչությունում նշել են, որ Լը Դրիանն իր զրույցներում կրկին կոչ է արել կողմերին՝ առանց նախապայմանների ու հապաղման վերսկսել բանակցությունները։
17:22 - 02 հոկտեմբերի, 2020
Մակրոնը ՆԱՏՕ-ին հորդորել է առերեսվել Թուրքիայի վարքագծին |1lurer.am|

Մակրոնը ՆԱՏՕ-ին հորդորել է առերեսվել Թուրքիայի վարքագծին |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստներ թուրքական Գազիանթեփեով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի` Ադրբեջանի զինուժի կողմից ներգրավվելով ռազմական գործողություններում։ Նա ընդգծել է, որ Ֆրանսիան սերտ կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների ղեկավարների հետ ու համատեղ խաղաղ նախաձեռնություններ է պատրաստում: Մակրոնը Թուրքիայի պահվածքի վերաբերյալ հրավիրել է նաև ՆԱՏՕ-ի ուշադրությունը: Նա Թուրքիայից պահանջել է բացատրել ջիհադական գրոհայինների ժամանումը Ադրբեջան և ՆԱՏՕ-ին հորդորել է առերեսվել իր դաշնակցի գործողություններին: «Կարմիր գիծը հատվել է, ինչն անընդունելի է: Ես ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերներին հորդորում եմ առերեսվել ՆԱՏՕ-ի անդամի վարքագծին»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
11:30 - 02 հոկտեմբերի, 2020
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների կողմից արված համատեղ կոչի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների կողմից արված համատեղ կոչի վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների կողմից արված համատեղ կոչի վերաբերյալ․ «Մենք ողջունում ենք այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներն առաջնորդների մակարդակով խստորեն դատապարտել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ուժի կիրառումը: Հայաստանը շարունակաբար մերժել և դատապարտել Է Ադրբեջանի կողմից ուժի կիրառումը կամ ուժի կիրառման սպառնալիքը և Թուրքիայի անմիջական ներգրավումը Հայաստանի և Արցախի դեմ մարտական գործողություններում: Ադրբեջանի և Թուրքիայի միասնական ագրեսիվ գործողությունները և օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը խաթարում են տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը՝ նշանակալիորեն բարձրացնելով լայնածավալ պատերազմի վտանգը: Արցախի դեմ այս ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի: Հայաստանը շարունակում է հանձնառու լինել Լեռնային Ղարաբաղի համակարտության խաղաղ կարգավորմանը: Մենք շարունակելու ենք վճռականորեն հակադարձել Արցախի դեմ այս ագրեսիային` միաժամանակ պատրաստ լինելով աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ՝ 1994-1995թթ. համաձայնագրերի վրա հիմնված հրադադարի ռեժիմի վերականգնման ուղղությամբ»:
11:17 - 02 հոկտեմբերի, 2020
Մենք կասկած չունենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես ահաբեկչական խմբավորումների տեղակայման վայր․ ՀՀ ԱԳ խոսնակ

Մենք կասկած չունենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես ահաբեկչական խմբավորումների տեղակայման վայր․ ՀՀ ԱԳ խոսնակ

Այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձավ նրան, որ թուրք-ադրբեջանական թիրախում հայտնվել են օտարերկրյա լրագրողներ։ Ըստ նրա՝ դա եղել է այն բանից հետո, երբ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է , թե որքան մեծ արձագանք կա միջազգային լրատվամիջոցների կողմից լուսաբանելու հակամարտությունը։ Խոսնակը փոխանցեց՝ Հավատարմագրվել էին ավելի քան 50 միջազգային առաջատար լրատվամիջոցների թիմեր՝ մոտ 200 լրագրողներ, որոնց մեծամասնությունը` 100-ից ավելի լրագրողներ, արդեն աշխատում էին Արցախում։ «Ադրբեջանը պարզապես հանդես է գալիս որպես Թուրքիայի քաղաքականությանը ծառայելու միջոց, և մենք կասկած չունենք, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանի տարածքը կօգտագործվի որպես ահաբեկչական խմբավորումների տեղակայման վայր, անգամ ավելին՝ այդ ահաբեկիչների ներկայությունն Ադրբեջանն ու տարածաշրջանը կվերածի արյունահեղությունների հերթական դաշտի»,- հայտնեց Աննա Նաղդալյանը։ ԱԳՆ խոսնակը տեղեկացրեց, որ այսօր տեղի է ունեցել ԱԳ նախարարի հեռախոսազրույցը ֆրանսիացի գործընկերոջ հետ, իսկ ասուլիսի պահին տեղի էր ունենում նախարարի և նրա Հունաստանի գործընկերոջ տեսակոնֆերանսը։ Աննա Նաղդալյանը նաև հայտնեց, որ նախարարությունը տարբեր մակարդակներով մշտական կապի մեջ է Իրանի գործընկերների հետ։ «Ափսոսանքի է արժանի այն, որ Ադրբեջանը տարածաշրջանի խաղաղությունն ու անվտանգությունը վտանգելու համար օգտագործում է այլ երկրների տարածքներ, որպեսզի մարտական գործողություններ ու ագրեսիա իրականացնի Արցախի դեմ։ Իրանի գործընկերների հետ մեր երկխոսությունը համապարփակ է և ներառում է հարցերի լայն շրջանակ»,- նշեց նա։ Անդրադառնալով այսօր ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների նախագահների մակարդակով արված հայտարարությանը՝ խոսնակը հայտնեց, որ դրա վերաբերյալ Հայաստանի կողմի դիրքորոշումը ներկայացվելու է մի փոքր ավելի ուշ և ոչ իմ կողմից։ 
21:50 - 01 հոկտեմբերի, 2020
Անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները. ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունը |armenpress.am|

Անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները. ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ղեկավարների հայտարարությունը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել հայտարարությամբ՝ ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի շուրջ: Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությունում ասվում է. «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնն, ովքեր ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, ամենավճռական ձևով դատապարտում են բռնության էսկալացիան, որն առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում: Մենք սգում ենք զոհերի համար և ցավակցություններ ենք հայտնում սպանվածների ու վիրավորների ընտանիքներին: Մենք կոչ ենք անում անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները մասնակից կողմերի զինված ուժերի միջև: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ անհապաղ իրենց վրա վերցնել կարգավորման շուրջ ըստ էության բանակցությունները բարեխղճորեն ու առանց նախապայմանների վերսկսելու պարտավորություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ»:  
16:26 - 01 հոկտեմբերի, 2020
ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում վերահաստատվել է կրակի անհապաղ դադարեցման կարևորությունը |armenpress.am|

ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում վերահաստատվել է կրակի անհապաղ դադարեցման կարևորությունը |armenpress.am|

armenpress.am: ԵԱՀԿ Մշտական խորհուրդը հատուկ նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը և դրա զարգացումը` կառույցում 2020թ. Ալբանիայի նախագահության համատեքստում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է ԵԱՀԿ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ: Նիստի սկզբում, Մշտական խորհուրդը նախագահող դեսպան Իգլի Հասանին կրկին հայտարարել է ԵԱՀԿ նախագահողի տագնապի մասին, որը կապված է տեղում իրավիճակի վատթարացման և շարունակվող բախումների հետ: Մտահոգված լինելով զոհերի թվի աճով, նա կրկնել է ԵԱՀԿ նախագահության կոչը` անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը և ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Ճեպազրույցի ընթացքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հայտարարել է, որ ինքը տեղեկատվություն է ստանում անմիջապես տեղից և տեղի զրուցակիցներից` ամենաբարձր մակարդակով: Դեսպան Կասպշիկն ասել է, որ մշտական կապի մեջ է կողմերի հետ, և նշել, որ իր թիմը պատրաստ է վերսկսել դաշտային մոնիտորինգը, երբ իրավիճակը թույլ կտա: Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայացուցիչները կրկնել են համանախագահների կոչն ուղղված բոլոր կողմերին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները` հակամարտության կայուն կարգավորում գտնելու համար: ԵԱՀԿ-ում Ալբանիայի նախագահությունը կրկին հայտարարել է բանակցային լուծման կարևորության և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և դեսպան Կասպշիկի աշխատանքներին աջակցության մասին` տեղում իրավիճակի կայունացմանն ուղղված իրենց ջանքերում:
23:12 - 29 սեպտեմբերի, 2020