ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Իբրահիմ Քալընը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին մեղադրել է Ղարաբաղի հարցով անգործության մեջ |hetq.am|

Իբրահիմ Քալընը ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին մեղադրել է Ղարաբաղի հարցով անգործության մեջ |hetq.am|

hetq.am: ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը (ԵՄ) հանդես չեն եկել կոնկրետ առաջարկություններով՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ, այն դեպքում, երբ Ռուսաստանն ու Թուրքիան կարողացել են հասնել տարածաշրջանում հրադադարի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը։ «ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը հանդես չեն եկել կոնկրետ և իրատեսական առաջարկություններով՝ Լեռնային Ղարաբաղի 30-ամյա հակամարտության կարգավորման ուղղությամբ, այն դեպքում, երբ Ռուսաստանը ու Թուրքիան այս հարցում կարողացան հասնել փոխըմբռնման»,- NTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է Քալընը։ Նա հայտնել է նաև Ռուսաստանի հետ բանակցությունների շարունակման վերաբերյալ, որը կապված է Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման վերահսկողության մոնիթորինգային կենտրոնի ստեղծման և գործունեության հետ։ «Ավարտվել է երկխոսության առաջին փուլը, որին մասնակցում են պաշտպանության, արտաքին գործերի նախարարությունների և հատուկ ծառայությունների ներկայացուցիչները։ Մոսկվան տեղեկացված է Անկարայի դիրքորոշման մասին»,- հավելել է Քալընը։   Շարունակությունը՝ hetq.am-ում։
20:22 - 22 նոյեմբերի, 2020
Ռուսաստանը ինժեներական տեխնիկա և սարքավորումներ է բերում խաղաղապահ գործողության գոտի |armenpress.am|

Ռուսաստանը ինժեներական տեխնիկա և սարքավորումներ է բերում խաղաղապահ գործողության գոտի |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռը մեկնել է Մերձմոսկովյան «Չկալովսկի» օդանավակայանից ՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ինժեներական զորքերի մի խումբ զինծառայողների, ինչպես նաեւ ինժեներական տեխնիկայի և սարքավորումների տեղափոխման համար ՝ խաղաղապահ գործողության անցկացման շրջաններում ընդհանուր օգտագործման ճանապարհների և սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների մաքրման հարցում օգնություն ցուցաբերելու համար: Ինչպես հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայան է տեղափոխել ռազմական ինժեներների, բուլդոզեր և բարձր անցանելիության բեռնատար ' դիտորդական կետերի կահավորման նպատակով խաղաղապահ գործողության անցկացման գոտի տեղափոխելու համար: Ինժեներական տեխնիկան կօգտագործվի ռուս զինծառայողների կողմից բնակավայրերում ճանապարհների և ենթակառուցվածքի օբյեկտների մաքրման, ինչպես նաև խաղաղապահ դիտակետերի ինժեներական սարքավորումներով ապահովման ժամանակ: Ռուսաստանցի խաղաղապահները տեղական իշխանություններին առավելագույն աջակցություն են ցուցաբերում խաղաղ կյանքի վերականգնման գործում։ Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն օգնում են վերականգնել ճանապարհային երթեւեկությունը, սոցիալական օբյեկտների եւ բնակելի տների, էլեկտրա-, ջրա - և ջերմամատակարարումը: Ռուսաստանցի խաղաղապահների պարեկների միջոցով ապահովվել է սննդամթերքի և առաջին անհրաժեշտության իրերի անվտանգ առաքումը հեռավոր բնակավայրեր:
16:05 - 22 նոյեմբերի, 2020
Արցախում կավելանա ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության անձնակզմի թիվը |tert.am|

Արցախում կավելանա ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության անձնակզմի թիվը |tert.am|

tert.am: ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների թիվը Լեռնային Ղարաբաղում կավելանա 75-ով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկացել են ՌԴ նախարարությունից:«Նոգինսկի փրկարարական կենտրոնում անցկացվել է անձնակազմի և սարքավորումների ստուգում, դրանք պատրաստ են ուժեղացնել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության խմբավորումը Լեռնային Ղարաբաղում: Այս պահին 75 մասնագետ և 13 միավոր բարձր շարժունակության տեխնիկա պատրաստ են դուրս գալ Նոգինսկի փրկարարական կենտրոնից: Լրացուցիչ ուժերն ու սարքավորումները շարունակում են ժամանել»,- ասված է հաղորդագրության մեջ:«Խումբը հագեցած է անհրաժեշտ սարքավորումներով և տեխնիկայով, ինչպես նաև ռուս փրկարարների հարմարավետ կացարանն ապահովելու միջոցներով: Մեկնող ամբողջ անձնակազմը կորոնավիրուսի թեստ է հանձնում»,- հավելվում է հաղորդագրության մեջ:Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են  համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին: Հայտարարության համաձայն ՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, շփման գծի երկայնքով և Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ:
15:28 - 22 նոյեմբերի, 2020
Պուտինը ԼՂ հարցով պայմանագիր կնքելիս Ռուսաստանին միջնորդ է անվանել |shantnews.am|

Պուտինը ԼՂ հարցով պայմանագիր կնքելիս Ռուսաստանին միջնորդ է անվանել |shantnews.am|

shantnews.am: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանագրի կնքման ժամանակ Ռուսաստանը կատարել է միայն միջնորդի դեր և ստանձնել է կողմերի խաղաղ տարանջատման պարտավորությունները, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Ռուսաստանը կատարում էր միայն միջնորդի դերը, և այդ փաստաթղթով ստանձնում էր կողմերի խաղաղ տարանջատում իրականացնելու պարտականությունները։ Ինչն էլ հիմա անում ենք», – հայտարարել է Պուտինը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում։ Նա ընդգծել է, որ հայտարարության հեղինակներն են երեք կողմերը ՝ Ռուսաստանը, Հայաստանն ու Ադրբեջանը։ «Ինչ վերաբերում է բուն տեքստին, ապա մենք դա անում էինք երեքով ՝ ես, բնականաբար, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այլ կերպ հնարավոր չէր, որովհետև, ըստ էության, դա երկու կողմերի միջև պայմանավորվածություն էր»,- հստակեցրել է ՌԴ նախագահը։
15:21 - 22 նոյեմբերի, 2020
Ռուսաստանը հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները կմիանան ԼՂ-ում հումանիտար առաջադրանքների լուծմանը |tert.am|

Ռուսաստանը հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները կմիանան ԼՂ-ում հումանիտար առաջադրանքների լուծմանը |tert.am|

tert.am: Ռուսաստանը հույս ունի, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահները կմիանան Լեռնային Ղարաբաղում հումանիտար առաջադրանքների լուծմանը՝ նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ պայամավորվածությունների հիման վրա: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք գնահատում ենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետևողականորեն շեշտում է  տարածաշրջանում հաշտեցման խնդրի իրագործումը, որում, մեր խորին համոզմամբ, կայանում է հետագա աշխատանքների ողջ իմաստը, եթե մտածենք բացառապես միայն մարդկանց մասին, այլ ոչ թե որևէ այլ շահերի»,- ասել է Լավրովն Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը: ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների կարգավորման գործին միջազգային կազմակերպություններին ներգրավելու անհրաժեշտությունը:    «Մենք մեր խաղաղապահների միջոցով ադրբեջանցի գործընկերների հետ, ինչպես նաև հայկական կողմի մասնակցությամբ ակտիվ կերպով համաձայնեցնում ենք հումանիտար առաջադրանքների կարգավորումը՝ ի շահ վերադարձող բնակչության: Դա և՛ քաղաքացիական ենթակառուցվածքների կարգավորումն է, և՛ տրանսպորտային ու տնտեսական ապաշրջափակման համար անհրաժեշտ բոլոր հաղորդակցությունների կազմակերպումը: Եվ անկասկած հույս ունենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք Ռուսաստանի հետ միասին երկար տարիներ ղեկավարում են քաղաքական գործընթացը, կմիանան այդ առաջադրանքների լուծմանը՝ հաշվի առնելով նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունները»,- հավելել է ՌԴ ԱԳ նախարարը:
18:44 - 21 նոյեմբերի, 2020
ՌԴ արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ

ՌԴ արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախ

Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների, քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման նախարարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Արցախի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Պատերազմի ընթացքում տուժած բնակավայրերի և ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով այսօր շինանյութերով բեռնված մեքենաների շարասյունը հասել է Ստեփանակերտ: ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և ՌԴ ԱԻՆ փրկարարական կազմավորումների դեպարտամենտի տնօրեն գեներալ-լեյտենանտ Իգոր Կուտրովսկին ընդունել են օգնության առաջին խմբաքանակը, որպեսզի շինարարները տեղափոխեն շինհրապարակներ և առաջիկայում սկսեն վերականգնման աշխատանքները: ՌԴ-ից ստացված օգնությունը (շինանյութ, ապակի, թիթեղ, փայտանյութ) պահեստավորվել է Արցախի քաղաքաշինության նախարարության պահեստում: Կարեն Սարգսյանը ՌԴ գործընկերներին շնորհակալություն է հայտնել ցուցաբերած աջակցության համար, կարևորել յուրաքանչյուրի օգնությունը՝ հետպատերազմական շրջանում: Ավելի վաղ հայտնել էինք, որ մարդասիրական բեռով բեռնված ՌԴ ԱԻՆ-ի երկրորդ շարասյունը Ռոստովի մարզից շարժվել է դեպի Ստեփանակերտ։
18:20 - 21 նոյեմբերի, 2020
Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը ՀՀ-ում Covid-19-ի ցուցանիշների առումով դրական դինամիկա է նկատում |armenpress.am|

Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը ՀՀ-ում Covid-19-ի ցուցանիշների առումով դրական դինամիկա է նկատում |armenpress.am|

armenpress.am: Սպառողների իրավունքների պաշտպանության  և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության  (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովան Հայաստանում կորոնավիրուսի արձանագրվող դեպքերի առումով տեսնում է և կայունացում, և նվազում: Պոպովան նման տեսակետ հայտնեց Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում շարժական լաբորատորիայի բացման արարողությանը: «Կցանկանայի նշել, որ այսօր անխոս Հայաստանում լավ հաջողություններ կան՝ մեծ աճից հետո: Մենք այսօր տեսնում ենք և կայունացում, և նվազում: Չնայած բոլոր դժվարություններին, որ կա Հայաստանում, դուք՝ սիրելի գործընկերներ, կարող եք հասնել լավ արդյունքների: Դրանք ձեզ մոտ ակնհայտ են այսօր»,-ասաց Պոպովան: Նա շեշտեց սպառնալիքի տակ աշխատող բժիշկների, գիտնականների բարձր պրոֆեսիոնալիզմի մասին, ընդգծեց, որ դա ոչ միայն իր գնահատականն է, այլ նաև այն բոլոր գործընկերների, որոնք հնարավորություն են ունեցել շփվել և աշխատել Հայաստանում բժիշկների հետ: Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը տեղեկացրեց նաև, որ դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում կորոնավիրուսի թեմայով նախատեսված է մեծ կոնֆերանս, հույս հայտնեց, որ կմասնակցեն նաև հայ գործընկերները:
17:28 - 21 նոյեմբերի, 2020
Շոյգուն և Ալիևը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը |tert.am|

Շոյգուն և Ալիևը քննարկել են ԼՂ շուրջ իրավիճակը |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն Բաքվում հանդիպում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ․ կողմերը քննարկել են ԼՂ հարցով հայտարարության կյանքի կոչման մանրամասները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված հայտարարությունից հետո արագ և դինամիկ կերպով առաջ շարժվելու ժամանակն է»,- հայտարարել է Շոյգուն և հավելել, որ հայտարարությունից դեռ երկար ժամանակ չի անցել, սակայն խաղաղապահ ուժերն արդեն նախապես որոշված 23 դիրքերում են։«Շփման գծի երկայնքով անվտանգության ապահովան համար վերահսկողության տակ են վերցված հիմնական մայրուղիները։ Փախստականների վերադարձի գործընթացը մեկնարկել է։ Այսօրվա դրությամբ արված գործերը տալիս են իրենց արդյունքները։ Այս ընթացում կրակի դադարեցման ռեժիմը պահպանվել է, և ես վստահ եմ, որ այդպես էլ շարունակվելու է»,- հայտարարել է նա։Նշենք, որ նախքան Բաքու մեկնելը, Շոյգուն այցելել է Երևան:
17:07 - 21 նոյեմբերի, 2020
Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ փոխվարչապետերի հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ փոխվարչապետերի հանդիպումը

ՀՀ փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Ավինյանն ընդունել են աշխատանքային այցով Երևան ժամանած Ռուսաստանի կառավարական պատվիրակության անդամներին՝ ՌԴ փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի և Ալեքսեյ Նովակի գլխավորությամբ: Հանդիպմանը մասնակցել է նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարությանը հրադադարի հաստատման գործում ներդրված ջանքերի, ինչպես նաև այժմ Արցախում ստեղծված հումանիտար աղետի հետևանքների հակազդմանն ու չեզոքացմանն ուղղված միջոցառումներին ակտիվ մասնակցելու համար: Կողմերը մանրամասն քննարկել են Արցախում բնականոն կենսագործունեության վերականգնման և տեղահանվածների ապահով ու արժանապատիվ վերադարձի կազմակերպման ուղղությամբ անելիքների ծրագիրը: Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև տրանսպորտի, էներգետիկայի և գործարարության ոլորտներին առնչվող մի շարք հարցեր:
16:57 - 21 նոյեմբերի, 2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ողջունելով ՌԴ ԱԳ նախարարի և նրա հետ Հայաստան ժամանած ներկայացուցչական պատվիրակությանը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է. «Հայաստան եք եկել դժվար ժամանակ: Շատ դժվար, կարելի է ասել՝ ճգնաժամային ժամանակահատված է: Մեծ խնդիրներ կան տնտեսական ոլորտում, հետպատերազմյան դժվար իրավիճակ է, մեր խնդիրները նաև հոգեբանական են, ցավոք, նաև կա կորոնավիրուսը և շատ այլ հարցեր։ Ընդհանուր առմամբ, արտաքին քաղաքականության ոլորտում ևս դժվար է»։ Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ արտգործնախարարին՝ առաջին հերթին՝ այն ամենի համար, ինչ նա անում է Հայաստանի, տարածաշրջանի համար այս բոլոր տարիներին։ Հայաստանի նախագահը խնդրել է իր և մեր ժողովրդի շնորհակալությունը փոխանցել ՌԴ նախագահին՝ հատկապես այս դժվարին օրերին ցուցաբերած աջակցության համար:  «Կապ չունի, թե որտեղ են հայերը ապրում, նրանք գիտեն, որ եթե չլինեին Ձեր և Վլադիմիր Վլադիմիրովիչի ջանքերը, այսօր կշարունակեինք երիտասարդ կյանքեր կորցնել,-ասել է նախագահ Սարգսյանը։ -Պատերազմական գործողությունների առաջին օրերին գիտեինք, որ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության, անձամբ նախագահի բոլոր ջանքերն ուղղված էին դրանց դադարեցմանը: Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ իսկական բարեկամությունը երևում է դժվարին ժամանակներում»: Հայաստանի նախագահն ասել է, որ այսօր ունենք երկու խնդիր, որոնք պետք է ոչ միայն լուծել, այլև հետևողական լինել, որ դրանք ավելի մեծ խնդիր չդառնան։ «Առաջինը՝ համատեղ հայտարարության համաձայն՝ պատերազմական գործողությունների դադարեցումը ոչ միայն իրագործվի, այլև շարունակվի հաջորդող տարիներին,-նշել է նախագահը։ -Հայաստանի համար դա շատ կարևոր է, կենսական նշանակություն ունի։ Եվ երկրորդը, որն ինձ շատ անհանգստացնում է, կապված է մեր երկրում կայունության հետ։ Չնայած դժվարություններին, ճգնաժամային իրավիճակին, միշտ հնարավոր է գտնել լուծումներ: Մեր երեխաները, բարեկամները և ոչ բարեկամները հետևելու են, թե ինչպես է Հայաստանը դուրս գալիս այս իրավիճակից։ Եթե նա դուրս գա արժանապատվորեն, միասնական, այդ դեպքում կարող ենք ասել, որ մենք ուժեղ ազգ ենք»։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում մասնավորապես նշել է․ «Բանակցությունները, որոնք այսօր ընթանում են այստեղ, թույլ են տալիս դիտարկել մեր կապերի բոլոր ոլորտները և պայմանավորվել այն հարցի շուրջ, թե ինչպես դրանք խորացնել, ինչպես ավելի արդյունավետ դարձնել նախ և առաջ մեր քաղաքացիների համար։ Երախտապարտ ենք, և նախագահ Պուտինը խնդրել է անձամբ Ձեզ փոխանցել իր շնորհակալությունն այն գնահատանքի համար, որ հայտնել եք Դուք և Հայաստանի քաղաքական գործիչների և հասարակ քաղաքացիների գերակշիռ մեծամասնությունը ՝ կապված նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հետ, որն ընդունվել է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից։ Ինչպես ասացիք, դա թույլ տվեց կանգնեցնել պատերազմը: Հրադադարն առաջին անգամ, այդքան պայմանավորվածություններից հետո, իսկապես գործում է, քանի որ կա կրակի դադարեցման դիտարկման մեխանիզմ. դա Ադրբեջանի ու Հայաստանի համաձայնությունն է, խաղաղապահ գործողությունների իրականացումն է՝ նրանք արդեն կատարում են իրենց գործողությունները՝ ինչպես ապահովելով ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը հումանիտար աջակցություն տրամադրելով։ Պուտինի կարգադրությամբ ստեղծվում է հումանիտար արձագանքման միջգերատեսչական կենտրոն, որն ամենաարագ կերպով օգնելու է լուծել բնակչության հումանիտար հարցերը։ Մենք այս հարցում ակտիվորեն ներգրավում ենք նաև միջազգային կազմակերպություններին՝ վաղուց աշխատում է Կարմիր խաչը, նաև ՄԱԿ-ի կազմակերպությունները»։ Հանրապետության նախագահն ու ՌԴ ԱԳ նախարարն անդրադարձել են նաև հայ-ռուսական համագործակցության օրակարգի այլ հարցերի:
16:41 - 21 նոյեմբերի, 2020
Ե՛վ ՀՀ նախագահը, և՛ վարչապետն ընդգծել են, որ եռակողմ հայտարարությունն օգնել է կարգավորել լրջագույն խնդիրներ․ Սերգեյ Լավրով |1lurer.am|

Ե՛վ ՀՀ նախագահը, և՛ վարչապետն ընդգծել են, որ եռակողմ հայտարարությունն օգնել է կարգավորել լրջագույն խնդիրներ․ Սերգեյ Լավրով |1lurer.am|

1lurer.am: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր Երևանից մեկնելիս օդանավակայանում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է. «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պայմանավորվածության համաձայն՝ Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության այցը Երևան ներառում է մեր երկու երկրների հարաբերությունների ամբողջ սպեկտրը: Պատվիրակության կազմում են ՌԴ երկու փոխվարչապետները՝ Նովակն ու Օվերչուկը, ՌԴ առողջապահության նախարարը, «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարը, «Ռուսաստանի երկաթուղիների» ղեկավարը, ֆինանսների նախարարության ղեկավարության ներկայացուցիչը:  Զուգահեռաբար՝ այս պատվիրակության հետ հանդիպումներ են եղել ՀՀ ղեկավարության, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ ԱԻ նախարար Եվգենի Զինիչևի հետ: Այստեղ ներկայացված բոլոր գերատեսչությունների հետ մենք համապարփակ բանակցություններ ենք ունեցել: Հիմնականում ուշադրություն ենք դարձրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության հստակ ու լիակատար իրականացման ապահովմանն ու քաղաքացիական բնակչությանն օգնելու նպատակով խաղաղապահ գործողությունների իրականացմանն առնչվող խնդիրներին:   Բոլորն այս հայտարարությունը ճանաչել են այլընտրանք չունեցող ճանապարհ՝ իրավիճակի կարգավորման համար, որը մի քանի շաբաթ առաջ առավել սրված բնույթ էր ստացել: Միանշանակ ընդգծվել է, որ այս հայտարարությունը ոչ միայն երկրի ներսում, այլև՝ արտերկրում կասկածի տակ դնելու փորձերն անընդունելի են: Մենք հաստատել ենք ամեն ինչ անելու մեր վճռականությունը, որ այս հայտարարությունը շարունակի աշխատել: Հանդիպել ենք նաև ՀՀ նախագահի հետ: Ե՛վ նախագահը, և՛ ՀՀ վարչապետն ընդգծել են, որ այս հայտարարությունն օգնել է կարգավորել լրջագույն խնդիրներ, օգնել է կյանքեր փրկել: Նրանք կնպաստեն այն ամենին, որպեսզի այս պայմանավորվածությունն այսուհետև իրականացվի: Նրանք բարձր են գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը և արդեն գործունեությունը սկսող մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու վերաբերյալ ՌԴ նախագահի հրամանագիրը:   Խոսել ենք երկկողմ ընթացիկ գործերի մասին՝ այդ թվում նաև (երբ ավարտվեն կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները) առևտրատնտեսական համագործակցության հարցով միջպետական հանձնաժողովի հերթական 20-րդ նիստի անցկացման, Ռուսաստանի ու Հայաստանի շրջանների միջտարածաշրջանային ֆորումի, նաև խորհրդարանի ու առանձին գերատեսչությունների գծով ծրագրերի մասին»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
15:53 - 21 նոյեմբերի, 2020
Հայաստանը Ռուսաստանի կողմից որպես նվիրատվություն ստացավ ևս մեկ շարժական լաբորատորիա |armenpress.am|

Հայաստանը Ռուսաստանի կողմից որպես նվիրատվություն ստացավ ևս մեկ շարժական լաբորատորիա |armenpress.am|

armenpress.am: Սպառողների իրավունքների պաշտպանության և  մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայությունը (Ռոսպոտրեբնադզոր) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերեց շարժական լաբորատորիա, որը նախատեսված է հատուկ վտանգավոր վարակների հարուցիչների հայտնաբերման նպատակով դասական կենսաբանական, ինչպես նաև ՊՇՌ մեթոդներով հետազոտություններ իրականացնելու համար:    Երևանում Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում լաբորատորիայի բացման արարողությանը ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շեշտեց, որ դժվար է թվարկել ռուս գործընկերների կողմից ցուցաբերվող օգնության բազմաթիվ անգնահատելի գործողությունները, որոնք երկար տարիներ ուղղված են եղել Հայաստանում առողջապահության զարգացմանը: «Հատկապես արժեքավոր է այդ օգնությունը այս օրերին, երբ մեր երկիրը գտնվում է դժվարին իրավիճակում. պայքարը միաժամանակ գնում է երկու ուղղությամբ՝ համաճարակի և ԼՂ-ում ռազմական գործողությունների հետևանքով առաջացած խնդիրների»,-ասաց նախարարը: Թորոսյանը նշեց՝ Ռուսաստանը Հայաստանին ցուցաբերել և ցուցաբերում է օգնություն՝ ինչպես վարակիչ, այնպես էլ ոչ վարակիչ հիվանդությունների բուժման գծով: Կորոնավիրուսի դեմ պայքարի առաջին օրերից հենց Ռուսաստանն անգնահատելի օգնություն է ցուցաբերում Հայաստանի առողջապահության համակարգին: «Այսօր մենք երախտագիտությամբ ընդունում ենք հերթական կարևոր օգնությունը մեր ռուս գործընկերներից: Մեզ նվիրաբերվել է ևս մեկ շարժական լաբորատորիա, որը մեզ շատ կօգնի պայքարել վարակիչ հիվանդությունների դեմ և կանխել դրանց տարածումը»,-ասաց նա ու շնորհակալություն հայտնեց ռուս գործընկերներին: Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության ղեկավար Աննա Պոպովան ևս շեշտեց, որ հայ գործընկերների հետ հարաբերությունները երկար տարիների պատմություն ունեն: «Մենք ունենք մեկ համաճարակաբանական դպրոց, որը մեզ թույլ է տալիս պայքարել մեծ թվով վարակիչ հիվանդությունների դեմ: Վերջին 5 տարում մենք իրագործում ենք համատեղ ռուս-հայկական 6 տարբեր ծրագրեր»,-ասաց նա: Այս նոր շարժական լաբորատորիան ավելանում է արդեն գործող 5-ին: «Այն լրացուցիչ հնարավորություն կտա՝ ախտորոշման, կանխարգելման համար՝ ոչ հասարակ հիվանդության համար, որին մենք բոլորս բախվել ենք»,-նշեց Պոպովան:
15:32 - 21 նոյեմբերի, 2020
Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը

Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարների գլխավորած պատվիրակությունների հանդիպումը

Նոյեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը` ընդլայնված կազմով: Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, առաջիկա անելիքները և հայ-ռուսական ռազմական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Կողմերը բարձր են գնահատել Ռուսաստանի Դաշնության դերն ու ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքն ու արդյունավետությունը՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև ս.թ. նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության: ՌԴ պաշտպանության նախարարն իրազեկել է այս ուղղությամբ արդեն իսկ կատարված աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին: Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները կարևորել են զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծված ՌԴ միջգերատեսչական հումանիտար կենտրոնի աշխատանքը, որն ուղղված է փախստականների վերադարձի, քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման, զոհված, գերեվարված և անհայտ կորած անձանց որոնողական աշխատանքների և հումանիտար ոլորտում տարբեր կազմակերպությունների գործունեության համադրման հարցերին: Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ու ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ  Շոյգուն ստորագրել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ:
15:25 - 21 նոյեմբերի, 2020