ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Ղարաբաղի հարցում ՌԴ ունեցած դիրքորոշումը վերջին 4,5 տարվա ընթացքում ոչ մի փոփոխություն չի կրել․ Նիկոլ Փաշինյան

Ղարաբաղի հարցում ՌԴ ունեցած դիրքորոշումը վերջին 4,5 տարվա ընթացքում ոչ մի փոփոխություն չի կրել․ Նիկոլ Փաշինյան

Ղարաբաղի հարցում ՌԴ ունեցած դիրքորոշումը վերջին 4,5 տարվա ընթացքում ոչ մի փոփոխություն չի կրել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօրվա իրողություններում, թերեւս, կան նաեւ այդ պատկերացումներին համապատասխան իրողություններ, մասնավորապես ռուսաստանցի խաղաղապահների ներկայությունը։ Մենք չենք խոսում Հայաստանի եւ Ռուսաստանի իշխանության միջեւ հարաբերությունների մասին, մենք խոսում ենք ԼՂ հարցում ՌԴ-ի ունեցած դիրքորոշումների մասին։ Այս պարագայում դրանք միանշանակ չեն կապակցվում»,- նշել է նա։Վարչապետի խոսքերով՝ ՀՀ եւ ՌԴ իշխանությունների միջեւ կան, եղել են եւ կլինեն նորմալ աշխատանքային հարաբերություններ։ «Այս պահին մեր հարաբերությունները ՌԴ նախագահի հետ աշխատանքային են, շատ լավ»,- վստահեցրել է Նիկոլ Փաշինյանը։  Նա շեշտել է՝ Շուշին, այո՛, ընկել է, և ընկնելուց հետո Շուշին հետ ազատագրելու փորձեր են եղել՝ ավելացնելով․ «Առաջին փորձն ընդհանրապես չի ստացվել, երկրորդ փորձի ընթացքում մի խմբի հաջողվել է մուտք գործել Շուշի եւ դիրքավորվել այնտեղ։ Բայց այդ խմբին չի հաջողվել զարգացնել հաջողությունը, եւ, ըստ էության, Շուշին շարունակել է մնալ ընկած»։ Փաշինյանի խոսքերով՝ շատ միֆեր կան Շուշիի հետ կապված։ «Օրինակ, երբ մենք գիտեինք, որ Շուշին ընկել է, ինձ էդ օրերին լուր տվեցին, թե հիսուն հոգանոց խումբ կա այնտեղ։ Ես ինֆորմացիան տվողից կոնտակտ խնդրեցի այնտեղ գտնվողներից, փոխանցեցի զինվորականներին։ Հետագայում պարզվեց, որ այդ անձն իրականում Ստեփանակերտում է։ Տեղեկություններ էին տարածվում, որոնք հետագա ճշգրտումների ընթացքում ուղղակի հերքում էին»,- ասել է նա։  Անդրադառնալով հարցին՝ ինչո՞ւ հանրությանը շուտ չհայտնեց ծանր իրավիճակի մասին, վարչապետը նշել է․ «Պետք է դիտարկենք երկու հանգամանք․ առաջինը՝ կա՞ արդյոք որեւէ հեռանկար՝ իրավիճակը փոխելու, երկրորդը՝ ո՞րն է գինը՝ կանգնեցնելու պատերազմը։ Հիմա ինչքան ցավոտ ենք բոլորս ընդունում, որ երեք տարածք պետք է վերադարձվի։ Իսկ ինչքան ցավոտ կլիներ այն իրավիճակում, երբ թե՛ ԳՇ-ի, թե՛ Արցախի քաղաքական ղեկավարության գնահատականի համաձայն՝ այդ տարածքները պահելն այլեւս հնարավոր չէ, բայց Արցախի ամբողջ տարածքը միանշանակ կորսվելու է։ Այդ որոշումը կայացվել է այն պահին, երբ ակնհայտ է եղել, որ պայքարն այլեւս իմաստ չունի։ Դրանից առաջ չի եղել էդպիսի իրավիճակ, որ պայքարն իմաստ չունի։ Եւ մեր բանակը, մեր ԶՈՒ-երը, ԳՇ-ն, ՊԲ-ն, կռվել են մինչեւ վերջին վայրկյանը»։Փաշինյանն ընդգծել է, որ այդ օրերին իրեն ասել են՝ պետք է հրատապ կանգնեցնել պատերազմը, դրանից առաջ էլ պոտենցիալի հետ կապված խնդիրներ են եղել, բայց փորձել են մատակարարումների, ՀՕՊ-ի, եւ այլնի խնդիրը ինչ-որ ձեւով լուծել։ «Դուք պիտի ճիշտ ընկալեք մեր քաղաքական խնդիրը․ երբ ռազմաճակատում սկսել են անհաջողությունները, քաղաքական խնդիրը, որ ձեւակերպել ենք՝ բեկում մտցնել տրամաբանության մեջ։ Եւ սրա համար արել ենք ամեն ինչ, ինչ հնարավոր էր։ Էս որոշումը կայացվել է էն ժամանակ, երբ անիմաստ է նման խնդիր ձեւակերպել, մենք դա արձանագրել ենք Շուշիի անկումով»,- ասել է նա։  Վարչապետը նշել է, որ բոլորս շատ ծանր ժամանակներ ենք ապրում, սա մեր բեռն է՝ անկախ նրանից՝ ով ինչ դերակատարում է ունեցել այս պատմության մեջ․ «Մենք պետք է էդ բեռն ազգովի կրենք, բայց մյուս կողմից էլ պիտի մտածենք մեր ապագայի մասին։ Շատ կարեւոր է, որ այս փուլում մեր, ԼՂ-ի ապագայի տեսլականը տեսնենք։ Մենք էսօր շատ հստակ ուղերձներ պիտի հղենք, որ ԼՂ հայերը պիտի վերադառնան իրենց տները՝ ապրելու, որովհետեւ Ղարաբաղի համար պայքարը սրանով չի ավարտվել»։ Անդրադառնալով ռուս խաղաղապահների ներկայությանը, Փաշինյանն ասել է, որ դա տարածաշրջանում դառնում է ամենակաևւոր գործոններից մեկը, որ առնվազն իրենց ներկայությամբ պատերազմ չի սկսվի կամ համենայն դեպս ծավալ չի ստանա։ «Եւ նրանց ներկայության իմաստն արցախցիների կեցության անվտանգությունն ապահովելն է։ Սա է այն միջավայրը, որում պիտի վերածնվի Արցախը»,- նշել է ՀՀ վարչապետը։
23:23 - 13 նոյեմբերի, 2020
Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Նոյեմբերի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:  Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարության դրույթների գործնական իրականացման հարցերի և տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ: Նախարար Մնացականյանն ընդգծեց արցախահայության համապարփակ անվտանգության երաշխավորման առաջնահերթությունը:  Զրուցակիցները քննարկեցին նաև Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից տեղում ձեռնարկվելիք քայլերը:  Արտգործնախարարներն անդրադարձան նաև հայ-ռուսական օրակարգի մի շարք հարցերի: 
20:32 - 13 նոյեմբերի, 2020
Ռուսաստանը ԱՄՆ-ին և Ֆրանսիային տեղեկացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իր ջանքերի մասին |armenpress.am|

Ռուսաստանը ԱՄՆ-ին և Ֆրանսիային տեղեկացրել է ԼՂ հակամարտության կարգավորման իր ջանքերի մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը տեղեկացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող մյուս երկրներին` ԱՄՆ-ին եւ Ֆրանսիային, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման իր ջանքերի մասին: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Լեռնային Ղարաբաղում հումանիտար հարցերի լուծման վերաբերյալ խորհրդակցության ժամանակ: «Մենք մեր գործընկերներին մանրամասն տեղեկացրել ենք, նախ և առաջ Ֆրանսիային և ԱՄՆ-ին ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների: Ես խոսել եմ Ֆրանսիայի արտգործնախարարի հետ, մանրամասն ներկայացրել իրավիճակը և այն ջանքերը, որոնք մենք ձեռնարկել ենք: Մենք խոսել ենք նաև ամերիկացի գործընկերների հետ: Նյու Յորքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լիովին տեղեկացված է եղել այն ջանքերի մասին, որոնք ձեռնարկվել են Ռուսաստանի կողմից և թույլ են տվել համաձայնության գալ նոյեմբերի 9-ին», - նշել է Լավրովը:
20:03 - 13 նոյեմբերի, 2020
Մոսկվան պարզաբանել է՝ ինչու է ընդունել Ադրբեջանի ներողությունը ռուսական ուղղաթիռի խոցումից հետո |factor.am|

Մոսկվան պարզաբանել է՝ ինչու է ընդունել Ադրբեջանի ներողությունը ռուսական ուղղաթիռի խոցումից հետո |factor.am|

factor.am: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը բացատրել է, որ Մոսկվան ընդունել է Ադրբեջանի ներողությունը ռուսական ուղղաթիռ խոցումից հետո, քանի որ այն շատ արագ է հնչել։ «Սա իսկապես աղետ է, ողբերգություն, մեր երկու զինծառայողները զոհվել են։ Սա, իհարկե, ցավ է մեր բոլոր ռազմական ղեկավարների և զինված ուժերում ծառայող մեր բոլոր զինվորականների ու բոլոր քաղաքացիների համար»,- հայտարարել է Կրեմլի խոսնակը RT  հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ խոսելով Հայաստանի երկնքում ադրբեջանական ուժերի կողմից խոցված ռուսական ուղղաթիռի մասին: «Ադրբեջանցիների ակնթարթային արձագանքը, Ադրբեջանի նախագահի ակնթարթային արձագանքը և հանգամանքների անկողմնակալ հետաքննություն անցկացնելու և պատասխանատուներին պատժելու պատրաստակամության մասին Ադրբեջանի հայտարարությունները հնարավորություն տվեցին ընդունել այդ ներողությունները»,- ասել է Պեսկովը։
12:47 - 13 նոյեմբերի, 2020
ՌԴ ՊՆ կայքում «Ռուսական խաղաղապահ զորախումբը Արցախում» վերտառությամբ հատուկ բաժին է բացվել |lratvakan.am|

ՌԴ ՊՆ կայքում «Ռուսական խաղաղապահ զորախումբը Արցախում» վերտառությամբ հատուկ բաժին է բացվել |lratvakan.am|

lratvakan.am: ՌԴ պաշտպանության նախարարության կայքում «Ռուսական խաղաղապահ զորախումբը Արցախում» վերտառությամբ հատուկ բաժին է բացվել, ТАСС-ի փոխանցմամբ` հայտնում է ՌԴ ՊՆ-ն: «Նոր բաժնում հրապարակվելու են արդիական նորություններ, մուլտիմեդիոն նյութեր, ինֆոգրաֆիկաներ, ինչպես նաև` ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչների ճեպազրույցները խաղաղապահ առաքելության իրականացման վերաբերյալ»,- ասված է ՌԴ պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում: Կայքի այցելուները հնարավորություն կունենան հրապարակված քարտեզներում տեսնել Լաչինի միջանցքում տեղակայված ռուսական դիտորդական տեղամասերի բաշխվածությունը, տեղեկատվություն ստանալ Արցախում ընթացիկ իրավիճակի վերաբերյալ: Հրապարակվելիք ողջ տեղեկատվությունը թարգմանվելու է նաև օտար լեզուներով, իսկ բաժինն արդիականացվում է, որպեսզի հասանելի լինի նաև բջջային հեռախոսների համար:
10:20 - 13 նոյեմբերի, 2020
Եթե Ռուսաստանն առաջնորդվեր այդ սկզբունքով, պատասխանը ջախջախիչ կլիներ. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դեսպանի հայտարարությանը

 |armenpress.am|

Եթե Ռուսաստանն առաջնորդվեր այդ սկզբունքով, պատասխանը ջախջախիչ կլիներ. ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դեսպանի հայտարարությանը |armenpress.am|

armenpress.am: Մոսկվայում «մեծ սխալ» են որակել Հայաստանի օդային տարածքում Ադրբեջանի կողմից ռուսական ուղղաթիռի խոցման վերաբերյալ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի հայտարարությունը, թե «պատերազմում, ինչպես պատերազմում, ամեն ինչ կարող է լինել»: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին լրագրողներին ասել են ՌԴ ԱԳՆ-ից:   «Դա մեծ սխալ է: Եթե Ռուսաստանն առաջնորդվեր «պատերազմում, ինչպես պատերազմում» սկզբունքով, ապա պատասխանը ջախջախիչ կլիներ: Մոսկվայում ընդունել են Բաքվի խոսքերը մեղավորությունն ընդունելու և ներողությունների վերաբերյալ»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ում: ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Մոսկվան սպասում է հետաքննություն անցկացնելու և մեղավորներին պատժելու վերաբերյալ նախագահ Ալիևի հայտարարությունների շուտափույթ իրականացմանը: «Ելնում ենք նրանից, որ ադրբեջանական կողմն այլևս իրեն թույլ չի տա երկիմաստ հայտարարություններ՝ կապված ողբերգական միջադեպի հետ»,- հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:
22:07 - 12 նոյեմբերի, 2020
Մոսկվան չի բացառում Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն անդամակցությունը դադարեցնելու հնարավորությունը |factor.am|

Մոսկվան չի բացառում Քիմիական զենքի արգելման կազմակերպությանն անդամակցությունը դադարեցնելու հնարավորությունը |factor.am|

factor.am: Ռուսաստանը «կարող է մտածել» Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը (ՔԶԱԿ) անդամակցությունը դադարեցնելու մասին, հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: «Պատկերացրեք՝ մենք դուրս ենք գալիս ՔԶԱԿ-ից, և նրանք մեզ կասեն. «Սա այն էր, ինչ և պահանջվում էր ապացուցել»։ Սակայն եթե այն ամբողջությամբ կորցնի իր ողջ ազդեցությունն ու դառնա պարզապես մի վայր, որտեղ անցանկալի վարչակազմերի հանդեպ որոշումներ են կնքվում, ամենայն հավանականությամբ, այդ մասին կարելի կլինի մտածել»,- ասել է Նեբեզնյան։ Դիվանագետը կարծում է, որ «որոշ հայտնի արևմտյան երկրներ» և ՔԶԱԿ քարտուղարությունը, որը գտնվում է «նրանց գրպանում», «օգտագործում են այս կազմակերպությունը, դրա հեղինակությունը, անունը, որպեսզի ամոթանքի պատին գամեն այն երկրները, որոնք իրենց դուր չեն գալիս: Այս փուլի հիմնական նպատակը Սիրիան է: Այն նրանց համար գլխավոր կասկածյալն է: Այժմ մենք նույնպես այս համաստեղության մաս ենք կազմում»,- ավելացրել է Նեբենզյան:
17:04 - 12 նոյեմբերի, 2020
Սերգեյ Լավրովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին |armenpress.am|

Սերգեյ Լավրովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպես է լուծվելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Նոյեմբերի 12-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը  կորոշվի այդ տարածաշրջանի բոլոր բնակիչների իրավունքների ճշգրտումից հետո: «Մենք ելել ենք նրանից, որ այդ կարգավիճակը կորոշվի կախված նրանից, թե ինչ քայլեր մենք բոլորս պետք է ձեռնարկենք, որպեսզի օգնենք վերականգնել էթնոկոնֆեսիոնալ համաձայնությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես դա եղել է երկար տարիներ, քանի դեռ այնտեղ չէր սկսվել պատերազմ, որն ավարտվել է շատ ողբերգական հետևանքներով: Կարգավիճակը որոշել կարելի է միայն այն բանից հետո, երբ հասկանալի կլինի, ինչ իրավունքներ են ունենալու բոլոր նրանք, ովքեր ապրել են Լեռնային Ղարաբաղում և իրավունք ունեն այնտեղ վերադառնալ, և, իհարկե, նրանք, ովքեր շարունակել են ամբողջ ժամանակահատվածում լինել այդ տարածքում»,- ասել է Լավրովը: Նրա խոսքով՝ հարկավոր է վերականգնել վստահությունը, վերականգնել միջէթնիկական և միջկոնֆենսիոնալ խաղաղությունը:  Դրա համար հարկավոր է վերականգնել տաճարները և մզկիթները և նորմալ կյանք կազմակերպել, այնպիսին, ինչպիսին այն եղել է, երբ կողք կողքի ապրել են բոլոր ազգությունների, բոլոր կրոնների ներկայացուցիչներ: Միևնույն ժամանակ, Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ դա անելը շատ բարդ է:
16:58 - 12 նոյեմբերի, 2020
ԼՂ-ում ռուս խաղաղապահները տարեկան առնվազն երկու անգամ հերթափոխ կիրականացնեն |armenpress.am|

ԼՂ-ում ռուս խաղաղապահները տարեկան առնվազն երկու անգամ հերթափոխ կիրականացնեն |armenpress.am|

armenpress.am: Լեռնային Ղարաբաղում տարեկան առնվազն երկու անգամ կիրականացվի ռուս խաղաղապահների հերթափոխ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին նշված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված հրամանագրում, որում հստակեցվում են խաղաղության ապահովման մի շարք դրույթներ: Հրամանագրով ՌԴ պաշտպանության նախարարությանը հանձնարարվում է տարեկան առնվազն երկու անգամ փոխարինել խաղաղապահ զորակազմի անձնակազմը, նաև ռազմական տեխնիկան՝ ըստ անհրաժեշտության: Հրամանագրով սահմանվում է նաև խաղաղապահ գործունեության ֆինանսավորումը՝ ապահովելու նյութական սահմանված ծախսերը, որոնք կապված են զինծառայողների ապահովման հետ՝  ներառյալ դրամական նպաստների, լրացուցիչ երաշխիքների, փոխհատուցումների տրամադրումը, այդ թվում՝  նրանց ընտանիքի անդամներին՝ ՌԴ օրենսդրությանը համապատասխան:
16:21 - 12 նոյեմբերի, 2020
ԱՄՆ և Ֆրանսիայի ներկայացուցիչներն առաջիկայում կժամանեն Մոսկվա՝ քննարկելու Ղարաբաղի հարցով համաձայնությունը |azatutyun.am|

ԱՄՆ և Ֆրանսիայի ներկայացուցիչներն առաջիկայում կժամանեն Մոսկվա՝ քննարկելու Ղարաբաղի հարցով համաձայնությունը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչներն առաջիկայում Մոսկվա կժամանեն՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված եռակողմ համաձայնությունը: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքով՝ Մոսկվան որևէ կերպ չի ցանկանում հեռանալ այդ հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերներից՝ ամերիկացիներից և ֆրանսիացիներից: Ավելի վաղ Մոսկվան խոստովանել է՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ միջնորդական առաքելության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երեք երկրներից երկուսը՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան չեն մասնակցել փաստաթղթի շուրջ քննարկումներին: Նախօրեին պաշտոնական Փարիզը, ողջունելով հակամարտության գոտում կրակը դադարեցնելու մասին որոշումը, անդրադարձել էր Փաշինյան-Ալիև-Պուտին պայմանավորվածության տեքստում տեղ չգտած կետերին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին։ «Երկու կողմերի միջև քննարկումները պետք է անհապաղ վերսկսվեն։ Մասնավորապես, նրանք պետք է լուծեն վերջին շաբաթներին հակամարտության հետևանքով տեղահանված մարդկանց վերադարձը և որոշեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը», - հայտարարել է Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանը:
16:08 - 12 նոյեմբերի, 2020
Բոլոր կողմերը շահած դուրս կգան, եթե ԼՂ-ում պատերազմը դադարեցնելու պայմանավորվածությունները իրականացվեն. Լավրով |armenpress.am|

Բոլոր կողմերը շահած դուրս կգան, եթե ԼՂ-ում պատերազմը դադարեցնելու պայմանավորվածությունները իրականացվեն. Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ բոլոր կողմերը շահած դուրս կգան, եթե իրականացվեն պայմանավորվածությունները, որոնք ներառված են Լեռնային Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու հայտարարության մեջ: Սերգեյ Լավրովը նման կարծիք հայտնեց նոյեմբերի 12-ին կայացած ասուլիսի ընթացքում: ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ բոլոր տրանսպորտային և տնտեսական հաղորդակցությունների ապաարգելափակումը պետք է հսկայական դրական դերակատարում ունենա տարածաշրջանի վերածննդի, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության զարգացման համար, որն ամենաշատն է տուժել Ադրբեջանի և Թուրքիայի ուղղություններով տրանսպորտային և առևտրական կապերից զրկվելու հետևանքով: «Հիմա, այս պայմանավորվածության համաձայն, որն ուժի մեջ է մտել, այդ բոլոր կապերը վերականգնվում են, տնտեսությունը պետք է ազատ շնչի: Եթե մենք կյանքի կոչենք այն ամենը, ինչի մասին պայմանավորվել ենք, իսկ առայժմ ես չեմ տեսնում նախանշաններ, որ ինչ-որ մեկը փորձում է խափանել այդ պայմանավորվածությունները, ես համոզված եմ, որ կշահեն բոլորը, բոլորը շահած դուրս կգան»,- ասաց ՌԴ ԱԳ նախարարը: Նա հավելել է, որ նոյեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շփվել է ՀՀ  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ինքն  այսօր առավոտյան խոսել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ. «Ես համոզված եմ, որ Հայաստանի կառավարությունը հասկանում է իր պատասխանատվությունը, հասկանում է, որ ստորագրել է այդ պայմանավորվածությունները՝ ելնելով իր ժողովրդի բարձր շահերից: Եվ ես համոզված եմ, որ այս համաձայնության լիարժեքությունը կպահպանվի և այն կիրականացվի»,- ասաց Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը հավելեց, որ տեսնում է բազմաթիվ քաղաքական ուժեր Հայաստանում, որոնք հասկանում են տեղի ունեցողը և դրանից ճիշտ եզրահանգումներ են անում:
15:49 - 12 նոյեմբերի, 2020