ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

ՄԻՊ գրասենյակում անցկացվել է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկում

ՄԻՊ գրասենյակում անցկացվել է Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկում

ՀՀ ՄԻՊ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ հունիսի 27-ին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի է ունեցել Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվան նվիրված քննարկում: Քննարկմանը մասնակցել են պետական կառավարման մարմինների, տարբեր գերատեսչությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը և շնորհակալություն հայտնելով ներկաներին՝ նշել, որ քննարկման առաջին մասում առաջարկում է կենտրոնանալ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո հայ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց խոշտանգման դեպքերին, դրանց միջազգային իրավական գործընթացներին և կարևորապես խոշտանգում վերապրած անձանց ու նրանց ընտանիքներին պետության կողմից տրամադրվող աջակցության հարցերին։ Պաշտպանը շեշտել է, որ խոշտանգման զոհերին ու նրանց ընտանիքի անդամներին տրվող պետական աջակցությունը հիմնականում արձագանքող ու ինտուտիվ է՝ հիմնված չէ յուրաքանչյուրի խնդիրների ու կարիքների օբյեկտիվ ու մասնագիտական գնահատման վրա։ Նշված թեմայի շրջանակներում զեկույցով հանդես է եկել ՀՀ ՄԻՊ քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը, որը ներկայացրել է 2020 թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի թույլ տրված խոշտանգումների և պատերազմական հանցագործությունների վերաբերյալ Պաշտպանի աշխատակազմում մոնիթորինգի, փաստահավաք աշխատանքի արդյունքում արձանագրված դեպքերը և հետևությունները։ Ներկայացվել են նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ իրականացված ու շարունակվող խոշտանգումների, նվաստացումների, էթնիկ ու կրոնական հիմքով ատելությամբ պայմանավորված վատ վերաբերմունքի մասին հավաքագրված տվյալները։ Ներկայացվել են միջազգային հարթակներում Պաշտպանի աշխատակազմի կողմից կատարվող աշխատանքի ընթացքն ու խնդիրները։ Զեկույցով հանդես են եկել նաև միջազգային իրավական հարցերով ՀՀ Կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մանրամասնել են իրենց կազմակերպությունների կողմից կատարվող և կատարված աշխատանքները։ Քննարկվել է նաև գերությունից վերադարձող զինծառայողներին առանց հիմնավոր մասնագիտական գնահատականների ծառայության ներգրավման, ինչպես նաև որոշ անձանց դեպքում կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու խնդիրը։ Քննարկման երկրորդ փուլում թեման վերաբերել է ՀՀ-ում խոշտանգման և վատ վերաբերմունքի դեպքերի քննության և զոհերի աջակցության հետ կապված խնդիրներին: Այս թեմայով մանրամասն զեկույցով հանդես է եկել ՀՀ ՄԻՊ կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող-խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանը, որը ներկայացրել է ՄԻՊ հաստատության հետևությունները, որոնք հիմնված են մշտադիտարկման արդյունքների վրա։ Առանձին զեկույցով հանդես են եկել ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Հայկ Մովսիսյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և Խոշտանգում վերապրած անձանց հայկական վերականգնողական կենտրոնի ծրագրի ղեկավար Իզաբել Լևոնյանը: Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը ներկայացրել է հոգեբուժական հաստատություններում արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքները և Պաշտպանի աշխատակազմի մասնագիտական վարչության հետ համագործակցության առաջարկ ներկայացրել։ Մասնակիցներն ընդունել են, որ ներպետական մակարդակում խոշտանգման զոհերի աջակցության իրականացումը պետության դրական պարտավորությունն է, և որ ներկայում անկատար են ինստիտուցիոնալ արձագանքման մեխանիզմները։ Ամփոփելով՝ տարբեր պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և Պաշտպանի աշխատակազմի միջև համատեղ գործողությունների վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
17:35 - 27 հունիսի, 2022
Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ

Մարդու իրավունքների պաշտպանի ուղերձը խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ

Ուղերձում մասնավորապես ասված է.     «Հունիսի 26-ին մարդկությունը նշում է խոշտանգման զոհերի աջակցության միջազգային օրը։ Միջազգային իրավունքով արգելված ու որևէ հանգամանքներում արդարացում չունեցող այս հանցագործության տեսակը շարունակում է մարտահրավեր մնալ մարդկության դեմ հանցագործությունները կանխարգելելուն և պատժելուն ուղղված միջազգային իրավակարգի ու պետությունների կոլեկտիվ պայքարի համար։ Անմարդկային այս հանցագործության զոհերին, վերապրածներին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներին անհրաժեշտ աջակցության տրամադրումը պետք է լինի այն պետությունների ուղղակի պարտավորությունը, որոնք ստանձնել են խոշտանգման, անմարդկային ու արժանապատվությունն այլ կերպ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի բացարձակ արգելք նախատեսող միջազգային պարտավորություններ։ Չնայած բավականին զարգացած միջազգային ու ազգային իրավական կարգավորումներին ու ինստիտուցիոնալ համակարգերի առկայությանը՝ ժամանակակից կոնֆլիկտներն ու պատերազմական գործողություններն էլ ավելի մեծ ու առայժմ չհասցեագրված ռիսկեր են ստեղծում խոշտանգման ու վատ վերաբերմունքի հանցագործությունների համար, և կոնկրետ Արցախյան 44-օրյա պատերազմի օրինակով փաստագրված են բազմաթիվ օրինակներ, երբ ադրբեջանական զինված ուժերի կողմից խոշտանգումների, արտադատական սպանությունների ու անմարդկային վերաբերմունքի այլ ձևերի են արժանացել բազմաթիվ մեր հայրենակիցներ։Ադրբեջանական իշխանության ներկայացուցիչները խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի են ենթարկել ու ենթարկում նաև միջազգային պարտավորությունների խախտմամբ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։ Այս առումով միջազգային իրավակարգի կողմից ուշացած գնահատականը կամ դրա իսպառ բացակայությունը կրում է այլ կոնֆլիկտների շրջանակներում նման հանցանքները նորմալիզացնելու լրջագույն ռիսկ։ Ցավոք, ուշացած հետևությունները արժենում են մարդկային կյանքեր ու խեղված ճակատագրեր։ Լինելով խոշտանգումների ու վատ վերաբերմունքի բոլոր ձևերի կանխարգելման ազգային մեխանիզմ՝ Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես բարձրաձայնել և տարեկան ու արտահերթ զեկույցներով ու հայտարարություններով փաստարկված ներկայացրել է նաև ոլորտի ներպետական քաղաքականության ու պրակտիկայի խնդիրները։ Խոշտանգման ու վատ վերաբերմունքի բոլոր ձևերի բացարձակ արգելքի պահանջը ներառում է ազատությունից զրկման վայրերում անձանց բոլոր կարիքները, ինչպես օրինակ՝ քրեակատարողական հիմնարկներում պահման անբավարար պայմանները, բժշկական օգնության և սպասարկման թերությունները, ազատազրկման վայրերում ու պատժի կրումից հետո վերականգնողական ու վերասոցիալականացման ծառայությունների զրոյական արդյունավետությունը, ինչպես նաև հոգեբուժական կազմակերպություններում անօրինական զսպման միջոցների կիրառումը:   Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի ինչպես խոշտանգման դեպքերին արագ ու համարժեք արձագանքելու, արդյունավետ քննության արդյունքում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու, այնպես էլ երկրում խոշտանգումների արդյունավետ կանխարգելման ուղղությամբ՝ ներառյալ խոշտանգումներ վերապրածներին և նրանց ընտանիքներին անհատական հոգեբանական և սոցիալ-վերականգնողական ծառայությունների տրամադրման միջոցով:Այս առումով մեր երկրում շարունակում են անկատար մնալ խոշտանգման ու այլ անմարդկային վերաբերմունքի չենթարկվելու բացարձակ իրավունքի խախտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման մեխանիզմները։ Այսօրը ևս մեկ առիթ է այս խնդիրները քննարկելու և ինստիտուցիոնալ լուծումների հետևից գնալու համար՝ համագործակցելով ոլորտում տարիներ ի վեր գործունեություն ծավալած քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ»։ Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
12:56 - 26 հունիսի, 2022
ՀՀ ՄԻՊ-ը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Արտադատական, առանց դատի կամ կամայական մահապատիժների հարցերով Հատուկ զեկուցողի հետ քննարկմանը

ՀՀ ՄԻՊ-ը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Արտադատական, առանց դատի կամ կամայական մահապատիժների հարցերով Հատուկ զեկուցողի հետ քննարկմանը

Հունիսի 22-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանի (ս․թ․ հունիսի 13 – հուլիսի 8 ) շրջանակներում անցկացվող ՄԱԿ-ի Արտադատական, առանց դատի կամ կամայական մահապատիժների հարցերով Հատուկ զեկուցողի հետ քննարկմանը. տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից։ «Իր ուղերձում Պաշտպանը բարձր է գնահատել Հատուկ զեկուցողի՝ արտադատական, ամփոփ կամ կամայական մահապատիժների ուղղությամբ կատարած աշխատանքը՝ ընդգծելով զեկուցողի մանդատն ամրապնդելու և ավելի շատ ռեսուրսներ տրամադրելու անհրաժեշտությունը: Պաշտպանը անդրադարձ է կատարել 2020թ. Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո ադրբեջանական զինուժի կողմից հայ խաղաղ բնակչության, այդ թվում՝ ծերերի և ռազմագերիների նկատմամբ իրականացված խոշտանգումների, արտադատական​​ և ամփոփ մահապատիժների վերաբերյալ արձագանքին և նշել, որ համացանցով անգամ տարածվող նման ծայրահեղ դաժան արարքներին միջազգային արձագանքը եղել է մեղմ ասած անհամաչափ ու անբավարար՝ դրանով իսկ նախադրյալներ ստեղծելով այլ ընթացիկ հակամարտություններում արտադատական ​​և կամայական մահապատիժների գործելակերպերրի համար:  Եզրափակելով ելույթը՝ Պաշտպանն ընդգծել է Հատուկ զեկուցողի կողմից տարածաշրջան ավելի շատ այցեր կատարելու հրամայականը՝ շեշտելով տեղում իրավիճակին ծանոթանալու անհրաժեշտությունը՝ որպես մանդատի արդյունավետ իրականացման երաշխիք։ Կարևորելով մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտների դերը տեղում իրավիճակի օբյեկտիվ գնահատման համար՝ Քրիստիննե Գրիգորյանը հայտնել է Հատուկ զեկուցողի հետ գործընկերության իր պատրաստակամության մասին»,- ասված է հաղորդագրությունում։ 
18:37 - 23 հունիսի, 2022
Ընդհանուր առմամբ, հավաքների, խոսքի ազատության իրավունքները հարգվել են և երաշխավորվել է բարենպաստ միջավայր. ՀՀ ՄԻՊ

Ընդհանուր առմամբ, հավաքների, խոսքի ազատության իրավունքները հարգվել են և երաշխավորվել է բարենպաստ միջավայր. ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը տեսաուղերձով է հանդես եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նստաշրջանի շրջանակներում անցկացվող Խաղաղ հավաքների հարցերով հատուկ զեկուցողի հետ քննարկմանը: ՀՀ ՄԻՊ-ը տեղեկացնում է, որ իր ուղերձում պաշտպան Գրիգորյանն անդրադարձել է COVID-19 համավարակի կանխարգելման միջոցառումների, ներառյալ արտակարգ իրավիճակի ռեժիմի, ինչպես նաև 2020թ. պատերազմի, հայտարարված ռազմական դրության և դրան հաջորդած 2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետևանքով առաջացած իրավունքներին և ազատություններին ուղղված եզակի մարտահրավերներին: Քրիստիննե Գրիգորյանը ընդգծել է, որ չնայած հետպատերազմյան տրավմատիկ մթնոլորտը քաղաքական և ոչ քաղաքական հավաքների համար ստեղծել է հատուկ միջավայր՝ հանրային խոսույթում ատելության խոսքի և բևեռացման ցայտուն գերակայությամբ՝ ընդհանուր առմամբ, հավաքների, ինչպես նաև խոսքի ազատության իրավունքները հարգվել են և երաշխավորվել է բարենպաստ միջավայր։ Ներկայացնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից տարվող աշխատանքները՝ պաշտպանը նշել է, որ աշխատակազմը շարունակում է իրականացնել բոլոր ցույցերի և հավաքների մշտադիտարկում, արագ արձագանքման խմբերը մասնավոր հարցազրույցներ են անցկացնում բերման ենթարկվածների հետ, իրականացվում է զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկում, ինչպես նաև շուրջօրյա՝ 24/7 թեժ գիծը տրամադրում է խորհրդատվություն և աջակցություն։ Աշխատակազմը արձանագրում է խախտումները, բացահայտում իրավապահների վարքագծի բացերը, պահանջում տրամադրել պարզաբանումներ և ներկայացնում է առաջարկություններ։ Եզրափակելով ելույթը՝ պաշտպանն անդրադարձել է արդի մարտահրավերներին, ինչպիսիք են՝ ամբոխի կառավարման համար նախատեսված դասընթացների բացակայությունը, ոստիկանության համար անբավարար ուղղորդումը և ոչ հստակ ստանդարտ օպերատիվ ընթացակարգերը, այդ թվում՝ ուժի համաչափ կիրառման և երկխոսության վերաբերյալ, կին ոստիկանների գրեթե բացակայությունը, հասարակության անդամների կողմից կիրառվող ատելության հռետորաբանությունը, ինչպես նաև  հավաքների կազմակերպիչների մոտ ժողովրդավարական խաղի կանոնների ընկալման բացերը:   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
13:16 - 20 հունիսի, 2022
Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հանդիպումներ է ունեցել Վաշինգտոնում

Հունիսի 16-ին ԱՄՆ Կապիտոլիումի շենքում կայացել է հանդիպում-քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի և Կոնգրեսի հայկական հանձնախմբի մի շարք անդամների միջև։ Պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ` Ֆրենք Փալլոնը, Ջեքի Սփիրը, Դեյվիդ Վալադաոն, Ջուդի Չուն, Լինդա Սանչեսը, Գրեյս Մենգը և Ջոն Սարբեյնսը։ Հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը՝ կենտրոնանալով Պաշտպանի հաստատության առաջնահերթությունների վրա։ Պաշտպանը կոնգրեսականներին է ներկայացրել ՄԻՊ հաստատության կողմից ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց ընտանիքների հետ կատարվող աշխատանքները, ներկայացրել ընտանիքներին հուզող ամենակարևոր՝ Ադրբեջանում պահվող ռազմագերիների ու այլ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը, ինչն Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություն է։ Հումանիտար հարցերի շարքում Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է անհետ կորած անձանց ընտանիքների և տեղահանված անձանց խնդիրները։ Զրուցակիցների հարցերին ի պատասխան Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ընտանեկան բռնության, դրա դեմ պայքարի խնդիրներն ու հաստատության հետևությունները, ինչպես նաև կառավարությանն ու Ազգային ժողովին ներկայացված առաջարկությունները։ Կողմերը քննարկել են նաև հաշմանդամության հիմքով խտրականության դեպքերին առնչվող հարցեր՝ կենտրոնանալով հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների վրա։ Կոնգրեսականները շնորհակալություն են հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին կարևոր հարցերով հետևողական աշխատանքի համար և խնդիրների լուծման ուղղությամբ իրենց ջանքերը շարունակելու պատրաստակամություն հայտնել։ Նույն օրը Մարդու իրավունքների պաշտպանը քննարկում է ունեցել Ատլանտյան Խորհուրդ միջազգային վերլուծական կենտրոնում։ Քննարկման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական քաղաքական ղեկավարության կողմից էթնիկ ու կրոնական հիմքով ատելության խրախուսման ու տարածման քաղաքականությունը, որն ուղղակի հակասում է այդ պետության կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին ու միջազգային իրավունքի նորմերին։ Զրուցակիցները հետաքրքրվել են Հայաստանում տեղի ունեցող հավաքների ընթացքից, որին ի պատասխան Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է Պաշտպանի հաստատության կողմից կատարվող աշխատանքներն ու իրադարձություններին տրված գնահատականները։ Այս համատեքստում Քրիստիննե Գրիգորյանը շեշտել է ոստիկանության ոլորտի նախանշված բարեփոխումների հետևողական իրականացման կարևորությունը՝ որպես ժողովրդավարական իրավակարգը սպասարկող պրոֆեսիոնալ իրավապահ համակարգ ունենալու գրավական։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:16 - 17 հունիսի, 2022
ՄԻՊ-ը մասնակցել է «Հաշմանադամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի անդամ պետությունների նստաշրջանին

ՄԻՊ-ը մասնակցել է «Հաշմանադամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի անդամ պետությունների նստաշրջանին

Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է «Հաշմանադամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ կոնվենցիայի անդամ պետությունների համագումարի 15-րդ նստաշրջանին։ Այս մասին հաղորդում է ՄԻՊ գրասենյակը։ Լիագումար նիստի ընթացքում ելույթով Պաշտպանը ներկայացրել է Կոնվենցիայի պահանջներին համապատասխանության ապահովման հարցում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը և կատարվող աշխատանքները՝ թե՛ իրավիճակի մշտադիտարկման, և թե՛ անհատական դիմում բողոքների քննության արդյունքում։  Գրիգորյանը շեշտել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի կոմիտեին անցյալ տարի Պաշտպանի հաստատության կողմից ներկայացված հատուկ զեկույցի կարևորությունը, որտեղ համակարգային խնդիրները ներկայացնելուց զատ, ընդգրկվել էին կոնկրետ առաջարկություններ լուծումների վերաբերյալ։ Պաշտպանը համագումարի մասնակիցների ուշադրությունը հրավիրել է համավարակի ընթացքում արտակարգ դրության և պատերազմական գործողությունների ժամանակ հայտարարված ռազմական դրության պայմաններում հաշմանդամություն ունեցող անձանց համար առաջացող լրացուցիչ խոչընդոտների ու դրանց հասցեագրման անհրաժեշտության վրա։ Ինչպես նշված է հաղորդագրությունում, կարևորելով պետության կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների երաշխավորման ուղղությամբ Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերը՝ Մարդու իրավունքների պաշտպանը որպես շարունակվող մարտահրավերներ, ի թիվս այլնի նշել է խտրականության դեմ պայքարի մասին համապարփակ օրենսդրության բացակայությունը, որով հաշմանդամություն ունեցող անձանց հատուկ հարմարություններ տրամադրելուց հրաժարումը կսահմանվի որպես խտրականության տեսակ։ Պաշտպան Գրիգորյանը նաև շեշտել է, որ դեռևս հաղթահարված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների ապաինստիտուցիոնալացման, խնամատարության շրջանակների ընդլայնման, հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի ապահովման բավարար պայմանների երաշխավորման ու ապահովման մարտահրավերները, մասնավորապես՝ քաղաքաշինության, տրանսպորտի, տեղեկատվության ու հաղորդակցության, սոցիալական, կրթական, առողջապահական, մշակութային ու սպորտային ծառայությունների բավարար հասանելիությունը։ Պաշտպանը նաև շեշտել է Հայաստանի Հանրապետության կողմից Կոնվենցիայի Կամընտիր արձանագրության վավերացման կարևորությունը։
10:47 - 15 հունիսի, 2022
Կիրառված հատուկ միջոցների օգտագործման անհրաժեշտության վերաբերյալ ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել Ոստիկանությունից

Կիրառված հատուկ միջոցների օգտագործման անհրաժեշտության վերաբերյալ ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել Ոստիկանությունից

03.06.2022թ.-ին երեկոյան Երևան քաղաքի Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման տարածքում տեղի ունեցած գործողությունները գտնվել են Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը։ Նշվում է, որ դեպքի ընթացքում Պաշտպանի արագ արձագանքման խմբերը մեկնել են Ոստիկանության համապատասխան բաժիններ, ինչպես նաև իրականացվել է ԶԼՄ հրապարակումների և տարածված տեսաձայնագրությունների ուսումնասիրություն։ «Այսպիսով, նշված դեպքերի հետ կապված Պաշտպանն արձանագրում է հետևյալը. 1. Ոստիկանության կողմից կիրառվել են առերևույթ ծխաքողարկող և/կամ լուսաձայնային հատուկ միջոցներ։ Կոնկրետ իրավիճակում կիրառված այդ հատուկ միջոցների տեսակների, կիրառման համար թույլատրելի չափանիշներին դրանց համապատասխանության, ինչպես նաև տվյալ իրավիճակում օգտագործման անհրաժեշտության, համաչափության ու պիտանելիության վերաբերյալ Պաշտպանն արդեն իսկ պարզաբանումներ է պահանջել ՀՀ Ոստիկանությունից։ Պաշտպանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ ցանկացած դեպքում Ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումը պետք է ունենա իրավաչափ նպատակ, և այն պետք է լինի խիստ համաչափ։ Հատուկ միջոցների կիրառումը յուրաքանչյուր դեպքում պետք է լինի բացառիկ միջոց՝ դրա կիրառմամբ հետապնդվող նպատակներին հասնելու տեսանկյունից։ Ավելին՝ օրենսդրության համաձայն ՝Ոստիկանության ծառայողը հատուկ միջոցներ գործադրելուց առաջ պարտավոր է նախազգուշացնել դրանք գործադրելու մասին՝ բավարար ժամանակ տրամադրելով օրինական պահանջները կատարելու համար՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դրանց գործադրման հապաղումն անմիջական սպառնալիք է ստեղծում քաղաքացիների կամ ոստիկանության ծառայողի կյանքի ու առողջության համար կամ կարող է առաջացնել այլ ծանր հետևանքներ, կամ երբ այդպիսի նախազգուշացումն անհնար է։  03.06.2022թ. տեղի ունեցած կոնկրետ դեպքում հատուկ միջոցի կիրառումը պետք է մանրամասն և անաչառ քննարկման առարկա դառնա, ինչպես դրա համաչափության, հետապնդած իրավաչափ նպատակի, այնպես էլ այլ միջոցներով ակնկալվող արդյունքին հասնելու անհնարինության տեսանկյունից, պետք է հիմնավորվի հատուկ միջոցի կիրառումից առաջ նախազգուշացնելու կամ դրա անհնարինության մասին։ Պաշտպանը հետևողական է լինելու դեպքը պատշաճ քննության առարկա դարձնելու հարցում։ 2. Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության հայտնած տվյալների՝ նշված դեպքի արդյունքում բժշկական կենտրոններ դիմել են թվով 60 անձինք, որից 39-ը ոստիկանության ծառայողներ։ Պաշտպանը խիստ անթույլատրելի է համարում թե' Ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի կիրառումը և' թե հավաքի մասնակիցների կողմից Ոստիկանության նկատմամբ ուժի կիրառումը։ Պետք է բացառել ինչպես հավաքների ժամանակ հակաօրինական գործողությունների կատարումը, այնպես էլ անհամաչափ ուժի կիրառումը։  3. Պաշտպանի արագ արձագանման խմբերը Ոստիկանության բաժիններում առանձնազրույցներ են ունեցել բերման ենթարկված բոլոր 11 քաղաքացիների հետ։ Բոլոր 11 անձինք բերման են ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքով սահմանված հանցագործություն կատարած լինելու կասկածանքով։ Քաղաքացիներից 5-ը ունեցել են տարբեր տեսակի մարմանական վնասվածքներ, այդ թվում՝ դեմքի, գլխի, ծնոտի և աչքի հատվածում վնասվածքներ։ Առանձնազրույցներում քաղաքացիների հայտնած տեղեկությունների համաձայն՝ մի շարք դեպքերում իրենց մարմանական վնասվածքները հասցվել են արդեն իսկ ոստիկանության ծառայողների կողմից վերջիններիս փաստացի արգելանքի վերցված լինելու պայմաններում, ինչն անընդունելի է, և Պաշտպանը պահանջել է, որ նման յուրաքանչյուր դեպք պատշաճ ժամկետում իրավական գնահատականի արժանանա՝ որպես անթթույլատրելի վարքագծի կանխարգելիչ նշանակության երաշխավորում։ 4. Պաշտպանի աշխատակազմում արձանագրվել են նաև Ոստիկանության ծառայողներին հասցված տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների մասին դեպքերը, այդ թվում՝ կտրող-ծակող գործիքներից, ծանր մետաղական առարկաներից։ Պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում հավաք իրականացնող անձանց և կազմակերպիչներին՝ գործադրելու առավելագույն ջանքերը հավաքի խաղաղ ընթացքն ապահովելու և մասնակիցների հակաօրինական արարքները կանխարգելելու համար՝ ի թիվս այլնի համագործակցելով հավաքի ընթացքը սպասարկող ոստիկանության ծառայողների հետ։ Նախորդիվ օրերի մշտադիտարկումը վկայում է, որ այն դեպքերում, երբ Ոստիկանության ու հավաքի կազմակերպիչների կողմից համագործակցության ջանքեր են գործադրվել, հիմնականում ապահովվել է հավաքի խաղաղ ընթացքը՝ չհանգեցնելով անձանց իրավունքների խախտումների։ 5. Պաշտպանն անթույլատրելի է համարում նաև ատելության ու բևեռացված խոսքի հրահրումն ու արդարացումը հանրային խոսույթում, ինչպես հավաքներ իրականացնողների, դրանց կազմակերպիչների, այնպես էլ դրան մասնակից չհանդիսացող հանրային դերակատարների ու քաղաքացիների կողմից։ Հատկապես հանրային դերակատարում ունեցող գործիչները և անձինք պետք է ձեռնպահ մնան նման կոչերից և խոսքից՝ հանրության շրջանում կրքերի և միջավայրի առավել մեծ լարում թույլ չտալու նպատակով։ Սա կոլեկտիվ պատասխանատվություն է, որը պետք է գիտակցենք բոլորս»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։
19:27 - 04 հունիսի, 2022
Կառավարական շենքի դիմաց երեկ տեղի ունեցած բոլոր դեպքերով ՄԻՊ-ը դիմելու է իրավասու մարմիններին

Կառավարական շենքի դիմաց երեկ տեղի ունեցած բոլոր դեպքերով ՄԻՊ-ը դիմելու է իրավասու մարմիններին

«30.05.2022թ.-ին իրականացված հավաքների ընթացքում տեղի ունեցած միջադեպերը, դրանց արդյունքում անձանց բերման ենթարկելը և ոստիկանության բաժիններում քաղաքացիների իրավունքների երաշխավորումը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման և ուշադրության կենտրոնում։ ՄԻՊ արագ արձագանքման խմբերը 30.05.2022թ. այցեր են իրականացրել Երևան քաղաքում Ոստիկանության թվով 6 բաժիններ և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերել շուրջ 100 անձանց։ Իրականացված արագ արձագանքման և ԶԼՄ հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է հետևյալը. 1. Ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելիս մի շարք դեպքերում կիրառված ֆիզիկական ուժը եղել է ակնհայտ անհամաչափ և անձին արգելանքի վերցնելու անհրաժեշտությամբ չպայմանավորված։ Մեծաթիվ են արձանագրված դեպքերը, երբ անձանց նկատմամբ կիրառվել է կոպիտ ֆիզիկական ուժ այն դեպքում, երբ անձը փաստացի գտնվել է Ոստիկանության ծառայողի ձեռքերում, ընդ որում, նախորդիվ օրերի համեմատությամբ ակնհայտորեն ավելի շատ են եղել այն անձինք, ովքեր արգելանքի վերցնելու ընթացքում ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ՝ կապտուկներից և տարբեր քերծվածքներից սկսած մինչև կոտրվածքներ։ Ոստիկանության բաժիններում քաղաքացիների կողմից համատարած կերպով բարձրացվել է ոստիկանության ծառայողների կողմից գլխին տարբեր ինտենսիվության հարվածներ ստացած լինելու հարցը։ Մարդու իրավունքների Պաշտպանը կրկին զգուշացնում է, որ անթույլատրելի և անընդունելի է որևէ պարագայում Ոստիկանության ծառայողի կողմից բերման ենթարկելու անհրաժեշտությամբ չպայմանավորված ակնհայտ անհամաչափ ուժի կիրառումը։ Ոստիկանության ծառայողները պետք է զերծ մնան ուժ կիրառելուց այն դեպքերում, երբ անձն արդեն իսկ գտնվում է Ոստիկանության հսկողության ներքո։ Ակնհայտ անհամաչափ ֆիզիկական ուժի կիրառման յուրաքանչյուր դեպք պետք է անհապաղ ստանա պատշաճ իրավական գնահատական և մեղավորները ենթարկվեն պատասխանատվության՝ նման դեպքերի շարունակականությունը բացառելու նպատակով։ 2. Միևնույն ժամանակ Պաշտպանն արձանագրել է ոստիկանության ծառայողներին հավաքի մասնակիցների կողմից հասցված տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների դեպքեր, ինչը ևս խստորեն դատապարտելի է և հակաօրինական։ Խաղաղ հավաքի իրականացումն անձի հիմնարար իրավունք է և ժողովրդավարական գործընթաց, որի բոլոր մասնակիցները պետք է ենթարկվեն ժողովրդավարական խաղի կանոններին։ 3. Իրականացված մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են դեպքեր, երբ Ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ է գործադրվել ՀՀ ԱԺ պատգամավորների նկատմամբ, այդ թվում՝ հագուստը վնասելով, հրելով, «խեղդող» հնարքի կիրառմամբ և այլն։ Պաշտպանն անթույլատրելի է համարում նման պարագայում պատգամավորի նկատմամբ ֆիզիկական ուժի կիրառումը հատկապես այն հաշվառմամբ, որ վերջիններիս չեն կարող ձերբակալել կամ ազատությունից զրկել (բացառության հանցագործության կատարման պահին կամ անմիջապես հետո), իսկ այս դեպքում, պատգամավորների նկատմամբ կիրառված ֆիզիկական ուժը նույնիսկ չի կարող հիմնավորվել վերջիններիս բերման ենթարկելու անհրաժեշտ նվազագույն ուժ կիրառելու պատճառաբանությամբ։ Ուստի, Ոստիկանության ծառայողներից պահանջվում է բացառել նման դեպքերը և գործել բացառապես օրենքի սահմաններում։ Ավելին, նախորդիվ օրերի Պաշտպանի դիտարկումները ցույց են տալիս, որ հավաքի մասնակից պատգամավորների հետ ոստիկանության համագործակցությունը հիմնականում ապահովում է հավաքի խաղաղ ընթացքը։ Ուստի, Պաշտպանը կոչ է անում նաև հավաքը ղեկավարող պատգամավորին շարունակել ոստիկանության հետ համագործակցության նախորդ օրերի պրակտիկան։ 4. Ոստիկանության բաժիններ իրականացված արագ արձագանքման այցերի ընթացքում բերման ենթարկված որոշ անձանց կողմից բարձրացվել է հատուկ միջոցի /ձեռնաշղթաների/ կիրառմամբ անձանց բերման ենթարկելու իրավաչափության հարցը։ Այս մասով Պաշտպանը նախ արձանագրում է, որ ոստիկանության ծառայողի կողմից հատուկ միջոցներ կիրառելու ընտրությունը կատարելիս ոստիկանության ծառայողն առաջնորդվում է՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից։ Տվյալ դեպքում, երբ հավաքի խաղաղ ընթացքն էականորեն վտանգված էր՝ նկատի ունենալով հավաքի մասնակիցների կողմից պահպանվող պետական հաստատության շենքը գրոհելու ակնհայտ գործողություններով, ոստիկանության կողմից հատուկ միջոցի (ձեռնաշղթաների) կիրառությունն առերևույթ հիմնավոր էր։ Միևնույն ժամանակ, ոստիկանության ծառայողի կողմից հատուկ միջոցների կիրառումը յուրաքանչյուր դեպքում պետք է հետապնդի իրավաչափ նպատակ՝ ի թիվս այլնի ապահովելու անձի հետագա գործողությունների վերահսկելիությունը, կանխելու փախուստի հնարավոր փորձը առերևույթ իրավախախտում կատարած անձանց կողմից։ 5. Իրականացված արագ արձագանքման այցերի ընթացքում արձանագրվել են դեպքեր, որ փաստացի արգելանքի վերցնելուց հետո մինչև 2 ժամ անց անձանց չեն ներկայացվել իրենց արգելանքի վերցնելու պատճառը, իրավական հիմքը, մի շարք դեպքերում անձինք զրկված են եղել նվազագույն իրավունքներն իրացնելու հնարավորությունից, այդ թվում՝ զանգի իրավունքից, իրենց բերման ենթարկելու հիմքից տեղեկանալու իրավունքից և այլն։ Պաշտպանն արձանագրում է, որ Ոստիկանության ծառայողները պետք է յուրաքանչյուր դեպքում արգելանքի վերցնելիս տեղեկացնեն անձին՝ իրեն արգելանքի վերցնելու պատճառը, ներկայացնեն նրան նվազագույն իրավունքների մասին և երաշխավորեն դրանց անխոչընդոտ իրացումը։ Այս հարցում ցանկացած այլ մոտեցում անընդունելի և անթույլատրելի է։ 6. ԶԼՄ հրապարակումների ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ Ոստիկանության աշխատակիցների կողմից պահպանվող շենքերից մեկում /ենթադրաբար Կառավարական տուն 3-ի նախամուտքի հատվածում հատուկ միջոցի /ձեռնաշղթաների/ կիրառմամբ քաղաքացիներին հատակին պառկեցնելու դեպք։ 7. Պաշտպանը ևս մեկ անգամ կոչ է անում անձանց հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել խաղաղ ձևով, ձեռնպահ մնալ հավաքի խաղաղ ընթացքը վտանգող սադրանքներից։ 8. Արձանագրված բոլոր դեպքերով Մարդու իրավունքների պաշտպանը դիմելու է իրավասու մարմիններին՝ մանրամասն և համակողմանի քննություն իրականացնելու պահանջով, ինչպես նաև հետամուտ է լինելու դրանց ընթացքին»։
12:23 - 31 մայիսի, 2022
ՄԻՊ-ը մասնակցել է Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի 2022թ․ Եվրոպական կոնֆերանսին

ՄԻՊ-ը մասնակցել է Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի 2022թ․ Եվրոպական կոնֆերանսին

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 26-27 առցանց ձևաչափով մասնակցել է Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի 2022թ․ Եվրոպական կոնֆերանսին և Գլխավոր Ասամբլեային (The 2022 European IOI Conference and General Assembly)։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում քննարկվել են Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի (ՄՕԻ)կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը, Եվրոպայում ՄՕԻ հետագա գործունեությոնը, ինչպես նաև ԵՄ ինստիտուտների հետ հարաբերությունների ռազմավարության մշակման և Օմբուդսմենների ու նրանց աշխատակազմի էթիկայի նորմերի ուղեցույցի մշակման համար աշխատանքային խմբերի ձևավորմանը վերաբերող հարցեր։  Օրակարգային հարցերի քննարկման շրջանակներում՝ տիկին Գրիգորյանը կարևորել է Օմբուդսմենների ու նրանց աշխատակազմի էթիկայի նորմերի ուղեցույցի մշակումը ու իր հետաքրքրությունն ու պատրաստակամությունն է հայտնել մասնակցելու ձևավորվելիք մասնագիտական խմբի աշխատանքներին։
17:09 - 27 մայիսի, 2022
Պատերազմից հետո անհետ կորած անձանց ու ապօրինի կերպով Ադրբեջանում պահվող անձանց ընտանիքների համար արդարադատությունը դեռ չի կայացել. ՀՀ ՄԻՊ

Պատերազմից հետո անհետ կորած անձանց ու ապօրինի կերպով Ադրբեջանում պահվող անձանց ընտանիքների համար արդարադատությունը դեռ չի կայացել. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է Freedom House-ի կազմակերպած՝ «Ժողովրդավարության կոնսոլիդացման ու մարդու իրավունքների ջատագովությունը Հայաստանում» խորագրով Ժողովրդավարության հայկական ֆորումին։ Պաշտպանը որպես բանախոս հանդես է եկել  «Ժողովրդավարության կոնսոլիդացման ու մարդու իրավունքների ջատագովությունը Հայաստանում» պանելային քննարկմանը: Իր ելույթի ժամանակ Պաշտպանը մասնավորապես նշել է․ «Ժողովրդավարությունն ընտրություն է, որին պետք է հաջորդի ամենօրյա աշխատանքը՝ ավելի լավ, ավելի հաշվետու, ավելի թափանցիկ կառավարում, իրավունքների առավել լավ պաշտպանվածություն ապահովելու ուղղությամբ։ Հայաստանը կատարել է այդ ընտրությունը վաղուց և առաջ է գնում։ Ժողովրդավարությունը նպատակ չէ, ու այդ գործընթացում ամեն օր նոր մարտահրավերներ կան։   44-օրյա պատերազմից հետո հայ հասարակության շատ լայն շրջանակներ, այդ թվում նաև ինտելեկտուալներ, ակտիվորեն կասկածի տակ էին դնում ժողովրդավարության օգտին մեր երկրի կատարած ընտրությունը։ Այդ մարդիկ ասում էին, որ եթե նման պատերազմի ընթացքում և հետո ժողովրդավարությունն անհամեմատ ավելի բարձր պատասխանատվություն ու ավելի մեծ ռիսկ է ստեղծում ավտորիտար հարևանների հետ գործ ունենալիս, ուրեմն պետք է նորից մտածենք, արդյոք պետք է մեզ այդ ժողովրդավարությունը, որը պատերազմի ժամանակ ու հետո դարձել էր մի ծանր բեռ, որը մեզ որպես հասարակություն թույլ չէր տալիս ավելի արագ վազել այդ կյանքի ու մահվան մարաթոնում։ Անկախ իրավիճակներից ու ժամանակներից, որևէ ժողովրդավարությունում արդարադատության պակասը կամ բացակայությունը դեֆորմացնում ու թուլացնում է ժողովրդավարության իմունային համակարգը։ Պատերազմից հետո անհետ կորած անձանց ու ապօրինի կերպով Ադրբեջանում պահվող անձանց ընտանիքների համար արդարադատությունը դեռ չի կայացել, նրանք պահանջում ու սպասում են։ Վերադարձած ռազմագերիների ու նրանց ընտանիքների վերքերը դեռ պետք է բուժել երկար ժամանակ։ Պատերազմում զոհված մեր հայրենակիցների ընտանիքները սգում են ու փնտրում մխիթարություն։ Իրենց տունն ու նորմալ կյանքը կորցրած բազմաթիվ տեղահանվածներ փնտրում են սոցիալական արդարություն ու սովորում լինել ավելի դիմակայուն՝ ներսում հույս պահելով, որ միգուցե մի օր պիտի վերադառնան իրենց տները։ Այս բոլոր խումբ մարդիկ հասարակության մասն են կազմում, և այդ մարդկանց տրավման դեռ հաղթահարված չէ, ուրեմն մեր հասարակության տրավման ևս հաղթահարված չէ։ Պաշտպանի մանդատի շրջանակներում ես հանդիպում եմ այս մարդկանց գրեթե ամեն օր, նրանց խնդիրները շատ են, բայց ամենամեծ խնդիրը արդարադատության այդ սպասումն է։ Հետպատերազմյան այս տրավման իր հետ բերել է նոր մարտահրավերներ թե՛ ժողովրդավարական գործընթացների, թե՛ մարդու իրավունքների երաշխավորման ու պաշտպանության առումով։ Ծայրահեղ բեևեռացված հանրային խոսույթն ու ատելության խոսքը թերևս կոլեկտիվ այդ տրավմայի ամենավառ դրսևորումն ու հետևանքն են։ Ես գիտեմ, որ ատելության խոսքը մի մարտահրավեր է, որը առկա է շատ երկրներում, որտեղ պատերազմներ չեն եղել, բայց Հայաստանի դեպքում պատերազմն ու դրա հետևանքներն առավել լարված ու «սադրիչ» միջավայր են ստեղծում այդ խոսքի տարածման համար։ Իհարկե, Հայաստանը զերծ չէ նաև գլոբալ հակաժողովրդավարական տենդենցներից, մեզանում ևս իրավապաշտպանները թիրախավորվում են այն խմբերի կողմից, որոնք ժողովրդավարության ընտրության մասին տարբերվող կամ հակադիր հայացքներ ունեն։ Օրինակ՝ մեզանում էլ կան իրավաբաններ, ովքեր կոնկրետ քայլեր են ձեռնարկում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող քաղհասարակության կազմակերպությունների գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ։ Այդ մարդիկ համարում են, որ իրավապաշտպանությունը հենց նման կազմակերպությունների գործունեությունն արգելելն է, և որ իրենք են ազգային ճիշտ արժեքներով իրավապաշտպանները։ Մարդու իրավունքների պաշտպանության հարցերում անգամ Ազգային ժողովում կան որոշում կայացնողներ, ովքեր կարծում են, որ մարդու իրավունքների ունիվերսալության սկզբունքը պետք է հարմարեցնել, այսպես կոչված, «առավել կարևոր» ու «առավել մարգինալ» իրավունքների բաժանմանը։ Բայց ժողովրդավարությունը նաև այն բանի մասին է, որ այս բոլոր խմբերի ձայնը պետք է լսելի լինի, իսկ այդ առումով մեր ամենօրյա աշխատանքը պետք է միտված լինի նրան, որ ժողովրդավարության իմունային համակարգն առողջ պահենք։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ ժողովրդավարական ինստիտուտները՝ պետական կառավարման մարմինները, անկախ հաստատությունները, քաղաքացիական հասարակությունը, անկախ ու պրոֆեսիոնալ մեդիան պետք է պաշտպանված լինեն որևէ անհամաչափ հարձակումներից ու վտանգներից, սա նշանակում է, որ մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները պետք է շարունակենք լավարկել, սա նշանակում է, որ իրավունքի գերակայության սկզբունքը չպետք է ստորադասվի այսպես կոչված «առավել կարևոր հանրային բարիքի»։ Սա նաև նշանակում է, որ բոլոր դժվար հարցերը պետք է սթափ ու բաց քննարկենք, և որ կարևոր հարցերը տասնամյակներով անկյուններում պահելով՝ որևէ լավ տեղ չենք հասնի»: Պանելային քննարկումը ամփոփվեց բանախոսների և մասնակիցների միջև հարցուպատասխանով։
20:12 - 20 մայիսի, 2022
Կոչ ենք անում քաղաքական գործիչներին կանխել և դատապարտել «հայաստանցի» և «արցախցի» կեղծ ու վտանգավոր բաժանումը․ ՀՀ և Արցախի ՄԻՊ-ի հայտարարությունը

Կոչ ենք անում քաղաքական գործիչներին կանխել և դատապարտել «հայաստանցի» և «արցախցի» կեղծ ու վտանգավոր բաժանումը․ ՀՀ և Արցախի ՄԻՊ-ի հայտարարությունը

Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանները համատեղ հայտարարություն են տարածել․ Հայտարարությունը՝ ստորև․  «Մեր երկու հաստատությունների համատեղ մշտադիտարկումը վկայում է, որ վերջին շաբաթների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող քաղաքական գործընթացների համատեքստում լայն տարածում է ստացել Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցների միջև արհեստականորեն բաժանման ու հակադրման տրամադրություններ ստեղծելու և խթանելու դատապարտելի երևույթը։ Ընդ որում, նման երևույթները, առավելապես դրսևորվելով հայաստանյան հանրային տիրույթում, իրենց դրսևորումներն են գտնում նաև Արցախում։ Իրենց տարբեր քաղաքական շահեր սպասարկելու համար քաղաքական դերակատարների կողմից մեր հայրենակիցների արցախցի լինելու հանգամանքի միտումնավոր օգտագործումը բևեռացված հանրային խոսույթում «առիթ» է ստեղծում Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ վիրավորանքների, անընդունելի բառապաշարի և ատելության խոսքի տարածման համար: Խստորեն դատապարտում ենք նման վնասակար, անհեռատես ու ծայրահեղ վտանգավոր բաժանարար գծերի ստեղծմանը միտված կամ որևէ կերպ դրան նպաստող խոսակցությունները, գործողություններն ու անգործությունը՝ այդ դրսևորումների դատապարտման առումով։ Մեր երկրների առջև ծառացած մարտահրավերներով լի այս պատասխանատու ժամանակահատվածում հատկապես կոչ ենք անում Հայաստանի և Արցախի հանրային մեծ լսարան ունեցող բոլոր քաղաքական գործիչներին ու հասարակական դերակատարներին, անկախ քաղաքական նախընտրություններից ու օրակարգերից, սեփական օրինակով կանխելու և դատապարտելու «հայաստանցի» և «արցախցի», իր էությամբ կեղծ ու ծայրահեղ վտանգավոր բաժանումը։ Հորդորում ենք բոլոր քաղաքացիներին՝ Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, տուրք չտալ ու անհանդուրժող լինել Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցներին խմբերի բաժանելու և ներքին երկպառակտություն սերմանելու բոլոր գործողությունների նկատմամբ։ Դրանք ջլատում են մեր դիմադրողականությունը, քայքայում հանրային ու համազգային համերաշխությունը։ Համազգային միասնությունն ու իմաստնությունը մեր պետությունների առջև ծառացած բոլոր մարտահրավերների լուծման կարևորագույն առհավատչյաներից են»:
19:20 - 20 մայիսի, 2022
Գերիների վերադարձի հարցում ՄԻՊ-ն ընդգծել է Ռուսաստանի կարևոր ու պատասխանատու դերակատարումը

Գերիների վերադարձի հարցում ՄԻՊ-ն ընդգծել է Ռուսաստանի կարևոր ու պատասխանատու դերակատարումը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մայիսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպանը շնորհավորել է տիկին Գրիգորյանին պատասխանատու առաքելության ստանձնման առթիվ։ ՌԴ դեսպանը կարևորել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ արդյունավետ համագործակցությունը և ընդգծել այն շարունակելու իր պատրաստակամությունը: Դեսպանը հատուկ շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանի կարևոր դերակատարումը պետության ինստիտուտների զարգացման, ինչպես նաև երկրում տեղի ունեցող իրադարձություններին պատշաճ արձագանքելու տեսանկյունից և գնահատել է Պաշտպանի ջանքերն ուղղված այս օրերին տեղի ունեցող հավաքների ազատության երաշխավորմանը և դրանց ընթացքում մարդու իրավունքների հարգմանը և պաշտպանությանը։ Պաշտպան Գրիգորյանն իր խոսքում անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենիք վերադարձնելու հրատապությանը և ընդգծել Ռուսաստանի Դաշնության կարևոր ու պատասխանատու դերակատարումն այս ուղղությամբ։ Պաշտպանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ընտանիքների, անհայտ կորած անձանց ընտանիքների, ինչպես նաև սահմանամերձ համայնքներում բնակվող անձանց հետ պարբերական հանդիպումների ընթացքում վերհանված անվտանգային, հումանիտար և սոցիալական խնդիրները։ Պաշտպանը հույս է հայտնել, որ ռուսական կողմը կշարունակի իր կարևոր ջանքերը՝ ռազմագերիների ու քաղաքացիական անձանց հայրենադարձման ուղղությամբ։ Կողմերն ընդգծել են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և ՌԴ Մարդու իրավունքների հանձնակատարի հաստատությունների միջև սերտ համագործակցության կարևորությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ֆորմատներով, այդ թվում՝ Օմբուդսմանների Եվրասիական Դաշինքի շրջանակներում։
11:48 - 20 մայիսի, 2022
Ըստ ՄԻՊ-ի՝ երեկ ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ

Ըստ ՄԻՊ-ի՝ երեկ ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ

Երեկ՝ մայիսի 19-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում շարունակվել է իրականացվել Երևան քաղաքում տեղի ունեցող հավաքների մշտադիտարկում, այդ թվում ԶԼՄ հրապարակումների ուսումնասիրության միջոցով, հայտնում են ՄԻՊ-ից։    Մշտադիտարկման արդյունքները ցույց են տվել, որ ի տարբերություն նախորդ օրերի՝ երեկ հավանքների, այլ ակցիաների մասնակիցների և Ոստիկանության փոխգործակցությունը հիմնականում կրել է օրինակելի բնույթ։   Դրանց ընթացքում, հիմնականում միջադեպեր տեղի չեն ունեցել, իսկ եղածները տեղում հարթվել են։ Պաշտպանը արձանագրում է, որ նման արդյունավետ փոխգործակցությունը ողջունելի է թե´ոստիկանության ծառայողների պատշաճ վարքագիծ դրսևորելու, թե´ հավաքի մասնակիցների խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի երաշխավորման և թե´ հավաքին չմասնակցող այլ անձանց իրավունքները երաշխավորելու տեսանկյունից։   Այլ կերպ՝ նման փոխգործակացությունը բխում է բոլորի իրավաչափ շահերից։ Մարդու իրավունքների պաշտպանը շարունակում է հետևել տեղի ունեցող գործընթացին և հետամուտ է լինելու վերհանված խախտումների հասցեագրման հարցում։
11:09 - 20 մայիսի, 2022
ՄԻՊ-ը և Freedom House-ի Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրենը համագործակցությունը խորացնելու նոր հնարավորություններ են նախանշել

ՄԻՊ-ը և Freedom House-ի Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրենը համագործակցությունը խորացնելու նոր հնարավորություններ են նախանշել

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ընդունել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտին։ Քրիստիննե Գրիգորյանը ողջունել է գործընկերոջը ՄԻՊ աշխատակազմում՝ անդրադառնալով թե՛ Պաշտպանի առաքելության մարտահրավերներին և թե՛ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի առաջնահերթություններին։ Մարկ Բեհրենդտն իր հերթին վստահություն է հայտնել, որ Քրիստիննե Գրիգորյանն իր կարևոր նպաստը կբերի Պաշտպանի գրասենյակի ինստիտուցիոնալ զարգացման գործում։ Իր գործունեության նախանշած առաջնահերթությունների շրջանակում Պաշտպան Գրիգորյանը նշել է անվտանգային խնդիրների լուծումներում մարդու իրավունքների պաշտպանության մոտեցումների ընդունումը։ Պաշտպանը ներկայացրել է նաև պատերազմի հումանիտար հետևանքների վերացման հարցերին, հատկապես գերիների ու անհետ կորած անձանց հայրենադարձման ու անհետ կորած անձանց ընտանիքներին օգտակար ու պատասխանատու տեղեկատվության տրամադրման անհրաժեշտությունը։ Գործունեության առաջնահերթությունների շրջանակում Քրիստիննե Գրիգորյանն անդրադարձել է նաև ատելության խոսքի դեմ պայքարի, խտրականության բոլոր ձևերի բացառման և կանանց իրավունքների պաշտպանության իր նպատակադրմանը։ Մարկ Բեհրենդտի հարցմամբ Պաշտպանն անդրադարձել է նաև այս օրերին հավաքների ազատության իրավունքի իրացման ընթացքի խնդիրներին, մարդու իրավունքների խախտումների դեպքերով ՄԻՊ աշխատակազմի լիազորություններին, գործիքակազմին և իրականացվող աշխատանքներին։ Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը Մարդու իրավունքների պաշտպանությանը միտված համագործակցությունը խորացնելու նոր հնարավորություններ են նախանշել։
18:39 - 19 մայիսի, 2022
Արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից 2 անչափահաս անձանց ծեծելու և հայհոյելու դեպք․ ՀՀ ՄԻՊ

Արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից 2 անչափահաս անձանց ծեծելու և հայհոյելու դեպք․ ՀՀ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խմբերը մայիսի 18-ին այց են իրականացրել ոստիկանության Երևանի թվով 7 բաժիններ, ինչպես նաև Մասիսի և Վաղարշապատի ոստիկանության բաժիններ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ «Արձանագրվել են հետևյալ խախտումները. Արձանագրվել է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին բերման ենթարկելու փորձեր, որի շրջանակում վերջինիս Ոստիկանության ծառայողները փորձել են նստեցնել Ոստիկանության տրանսպորտային միջոց։ Ընդ որում, դա ուղեկցվել է վերջինիս քաշքշելով, հրմշտելով։ Հատկապես դատապարտելի է այն, որ Ոստիկանության ծառայողները ճանաչել են անձին, նրան դիմել անունով և դրանով հանդերձ փորձել են ուժի կիրառմամբ բերման ենթարկել։ Պաշտպանը զգուշացնում է, որ ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո։ Պաշտպանը նաև ի գիտություն է ընդունել Ոստիկանությունից ստացված տեղեկությունը ծառայողների նկատմամբ կարգապահական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնում արձանագրվել է ոստիկանության ծառայողների կողմից 2 անչափահաս անձանց ծեծելու և հայհոյելու դեպք։ Ոստիկանության բաժնում ֆիզիկական ուժի կիրառումը, անձին հայհոյելը կամ արժանապատվությունն այլ կերպ նվաստացնելուն ուղղված ցանկացած գործողություն ազատությունից զրկված անձի նկատմամբ քրեորեն հետապնդելի արարք է։ Հատկապես անթույլատրելի է նման արարքի կատարումն ակնհայտ անչափահասի նկատմամբ։ Դեպքի առնչությամբ Պաշտպանը հրատապ կապնվել է Ոստիկանության ղեկավարության հետ, Պաշտպանին հավաստիացվել է, որ գործի հանգամանքները մանրամասն ուսումնասիրվում են պատշաճ գնահատական տալու համար։ Բերման ենթարկված անձանց հետ առանձնազրույցների ընթացքում անձինք նշել են, որ ոստիկանների կողմից իրենց նկատմամբ կիրառվել է ակնհայտ անհամաչափ ֆիզիկական ուժ, ընդ որում, որոշ դեպքերում ուժի կիրառումը դրսևորվել է տարբեր տեսակի հարվածներ հասցնելով, այդ թվում՝ անձանց գլխի հատվածում։ Համատարած բնույթ է կրել քաղաքացիներին մայթերից, ճանապարհին հարող տարածքներից, զբոսայգիներից բերման ենթարկելու դեպքերը։ Որոշ դեպքերում անգամ վարչական ձերբակալման են ենթարկվել ակցիաներին չմասնակցող քաղաքացիները։ Այսինքն՝ բերման ենթարկելը պայմանավորված չի եղել ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հանգամանքով։ Այսօրվա մշտադիտարկումը ևս արձանագրել է հավաքի մասնակիցների կողմից ոստիկանության ծառայողներին վիրավորելու, սպառնալու և սադրիչ այլ գործելակերպեր։ Արձանագրվել են ծառայություն իրականացնող ոստիկանի գործողություններին խոչընդոտելուն, գործողությունների կատարումը խափանելուն միտված դեպքեր։ Առավել մտահոգիչ է, երբ հավաքի ազդեցիկ քաղաքական ղեկավարի կողմից իր մասնագիտական պարտքը կատարող ոստիկանության ծառայողի նկատմամբ շարունակաբար դրսևորվում է հաշվեհարդարի ուղղակի սպառնալիք։ Նման վարքագիծը դատապարտելի է, և որևէ կերպ չի բխում հավաքի խաղաղ բնույթն ապահովելու կազմակերպչի պարտականություններից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
22:29 - 18 մայիսի, 2022