ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները պետք է դուրս մղվեն մեր հասարակությունից. ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորել է աղջիկ երեխաների միջազգային օրը

Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները պետք է դուրս մղվեն մեր հասարակությունից. ՀՀ ՄԻՊ-ը շնորհավորել է աղջիկ երեխաների միջազգային օրը

Արդեն 10 տարի հոկտեմբերի 11-ը նշվում է որպես աղջիկ երեխաների միջազգային օր: Օրվա կապակցությամբ ուղերձ է հղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Ուղերձի մեջ, մասնավորապես, ասված է. «Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով ու երջանկությամբ, տալիս են կյանքի դժվարությունները հաղթահարելու անսպառ մոտիվացիա։ Չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի  զոհը, որ մեր կարծրատիպերի պատճառով ձախողվի նրանց կյանքի ճանապարհը: Սա աղջիկ երեխաների այս միջազգային օրվա սկզբունքային նշանավորում է:  Պետք է նրանց համար ստեղծենք հավասար պայմաններ, հնարավորություն տանք աղջիկ երեխաներին մասնակցել իրենց վերաբերող որոշումների կայացմանը: Սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, կրթությունից դուրս մնալը, բռնության ենթարկվելու արատավոր երևույթները պետք է ամբողջությամբ դուրս մղվեն մեր հասարակությունից։ Պետք է գիտակցենք, որ մեզանից յուրաքանչյուրն ունի իր բաժին պատասխանատվությունն այս բոլոր հարցերում»:
14:50 - 11 հոկտեմբերի, 2021
Գազի, ջրի ու լույսի խնդիրներով վերջին 9 ամիսներին ՄԻՊ-ը 154 անձից բողոք է ստացել

Գազի, ջրի ու լույսի խնդիրներով վերջին 9 ամիսներին ՄԻՊ-ը 154 անձից բողոք է ստացել

2021 թվականի 9 ամիսների ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ «Վեոլիա Ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ների վերաբերյալ ստացվել է ընդհանուր 145 գրավոր և բանավոր դիմում-բողոք 152 անձից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՄԻՊ հանրային կապերի բաժինը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վերաբերյալ ստացվել է 20 բողոք (գրավոր և բանավոր)։ Դրանք մեծ մասամբ վերաբերել են գազամատակարարման խողովակի տեղափոխմանը, բնակարանում գազի արտահոսքը կանխելու համար ընկերության անգործությանը, գազի հաշվիչի անսարքությանը և ներկայացված վճարման հաշվի հետ անհամաձայնությանը, նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացնելու համար գումարը վճարելուն, սակայն գործընթացի ձգձգմանը, սպառած գազի դիմաց վճարում իրականացնել չկարողանալուն, պարտքի առկայության հիմքով գազամատակարարումը դադարեցնելուն, ներկայացված վճարման հաշիվները փաստացի սպառած գազի քանակի հետ անհամապատասխանությանը, գազի հաշվիչի տեղադրմանը և այլն։ «ՀԷՑ» ՓԲԸ-ի վերաբերյալ ստացվել է 38 բողոք (գրավոր և բանավոր 42 անձից)։ Դիմումները մեծ մասը վերաբերել են «ՀԷՑ» ՓԲԸ-ի կողմից կատարողական թերթի պահանջները չկատարելուն, ծախսած էլեկտրաէներգիայի համար վճարման հաշվի հետ համամիտ չլինելուն, հաշվիչ սարքը հարևանի սեփական տարածքում տեղադրված և էլեկտրական հաղորդալարերը վնասված լինելուն, «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին տեղափոխման հարցով դիմելուն, սակայն որևէ գործողություն ՀԷՑ-ի կողմից չիրականացվելուն, հոսանքի տատանումների հետևանքով տեխնիկան վնասվելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ դիմելուն, սակայն պատասխան չստանալուն, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի մասնաճյուղի կողմից, առանց նախապես տեղեկացնելու բնակարանը հոսանքազրկելուն, առանց արձանագրություն կազմելու բնակարանի էլեկտրաէներգիայի մատակարարման եռաֆազ և միաֆազ հաշվառման սարքերն աապամոնտաժելուն և այլն։ Դիմումները Պաշտպանի աշխատակազմը փոխանցել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը։ «Վեոլիա Ջուր» ընկերության վերաբերյալ ստացվել է 87բողոք (գրավոր և բանավոր 90 անձից)։ Դիմումները վերաբերել են ջրաչափի անսարքությանն ու ներկայացված ջրամատակարարումը 5 օր շարունակ դադարեցված լինելուն և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի անգործությանը, ներկայացված վճարման հաշվի հետ անհամաձայնությանը, բնակարանի նկուղային հարկում ընդերքից եկող ջրի հոսքի հետևանքով բնակարանի և նկուղի հիմնական պատերն ու հիմքը վթարային դառնալուն, ջրաչափի անսարքության հիմքով նշանակված տուգանքին։ Դիմումները փոխանցվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի քննարկմանը։ Բողոքներ են ստացվել նաև ջրատարի վնասման վերաբերյալ, թեժ գծի հեռախոսահամարը չգործելու, պատշաճ ջրամատակարարում չիրականացնելու, առանց նախապես ծանուցելու պլանային ջրանջատում իրականացնելու, խմելու ջրի որակի վերաբերյալ։ ՀՀ Շիրակի և Արմավիրի մարզերում առաջացած ոռոգման ջրի անբավարարության և Հայաստանի մի քանի տարածքում խմելու ջրի մատակարարման դադարեցման մասին մամուլի հրապարակումների առթիվ սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկում։
11:29 - 11 հոկտեմբերի, 2021
Արման Թաթոյանը Հռոմում միջազգային մի շարք առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների պատմել է Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների և ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների մասին

Արման Թաթոյանը Հռոմում միջազգային մի շարք առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչների պատմել է Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների և ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների մասին

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Հռոմում հանդիպում է ունեցել միջազգային մի շարք հանրահայտ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ․ «Երեկ Հռոմում առանձին հանդիպում եմ ունեցել The Guardian, Times, France 24, DW Germany, Stampa Estera, Rai, Al Ghad TV և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ներկայացնելով ադրբեջանական կողմի խոշտանգումները հայ գերիների նկատմամբ՝ ապացույցներով, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներով։ Հատուկ անդրադարձել եմ անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգին։ Նշել եմ, որ ԵԽԽՎ-ում բանաձևում ևս ներառվել է մեր առաջարկը, քանի որ փաստերով հիմնավորել ենք դրա անհրաժեշտությունը։ Անդրադարձել եմ նաև պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, հանցավոր արարքներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, ոտնահարում է նրանց իրավունքները, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։ Մանրամասն ներկայացրել  եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով: Բացատրել եմ, որ իրավունքների խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի քաղաքականությունն է, որ շարունակվում է և ֆաշիզմի դրսևորումներով է: Ադրբեջանական նման քաղաքականությունը, երբ հայատյացությունն ու հայասպանությունը խրախուսվում են պետական մակարդակով, լրջորեն վտանգում է մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը, երկու ժողովուրդների խաղաղ գոյակցության հեռանկարները: Հատուկ նշել եմ, որ ադրբեջանական խաղաղասիրական կոչերը պարզապես շղարշ են միջազգային հանրության համար։ Փոխանցել եմ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցները և պայմանավորվել ենք համագործակցել հետագայում: Հանդիպման կազմակերպման հարցում հատուկ շնորհակալություն ենք հայտնում Իտալիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանին և դեսպանության աշխատակիցներին»։
11:54 - 08 հոկտեմբերի, 2021
Իտալիայի խորհրդարանում ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների հիմնավոր ապացույցներ

Իտալիայի խորհրդարանում ՀՀ ՄԻՊ-ը ներկայացրել է հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների հիմնավոր ապացույցներ

Իտալիայի խորհրդարանում Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում հոկտեմբերի 6-ին, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ զեկույցներ, հիմնավոր ապացույցներ։  Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից, մանրամասնելով, որ Թաթոյանը ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները, և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։ ՄԻՊ-ն անդրադարձել է պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։ «Իրավունքների խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի քաղաքականությունն է, որ շարունակվում է և ֆաշիզմի դրսևորումներով է»,- ասել է նա:
17:54 - 07 հոկտեմբերի, 2021
Արման Թաթոյանը Հռոմի Պապին զեկույցներ է ներկայացրել Ադրբեջանում հայ գերիների խոշտանգման մասին

Արման Թաթոյանը Հռոմի Պապին զեկույցներ է ներկայացրել Ադրբեջանում հայ գերիների խոշտանգման մասին

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ Հռոմի Պապին երեք զեկույց է փոխանցել Ադրբեջանում հայ գերիների խոշտանգման մասին․ «Այս լուսանկարներում Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապին ներկայացնում եմ հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումները: Հանդիպումից առաջ Սուրբ Աթոռի արձանագրային ծառայությունը տեղեկացրել էր, որ Պապի հետ անհատական ձեքսեղմման ժամանակ երկխոսություն գրեթե չի լինում, հնարավոր է միայն  ողջունել՝ 1-2 րոպե առավելագույնը տևողությամբ: Երբ Սրբազան Քահանայապետը մոտեցավ ինձ, Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրեց ինձ և ասաց, որ ես հատուկ խոսք ունեմ ասելու: Այդ պահին, նախ, երախտագիտությունս հայտնեցի Հռոմի Պապին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմական հարձակումները դադարեցնելու, Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու վերաբերյալ հայտարարությունների համար: Այնուհետև, նշեցի, որ հայ գերիների մի մասը կյանքի սպառնալիքի առաջ անօրինական պահվում է Ադրբեջանում և խոսեցի ՀՀ սահմանային բնակչությա դեմ ադրբեջանական խախտումների մասին: Այդ պահին նաև նշեցի, որ ինձ հետ բերել եմ այդ ամենն ապացուցող զեկույցներս ու հանձնեցի Պապին: Սրբազան Քահանայապետը վերցրեց զեկույցները, բացեց թերթեց և տեսավ նաև դաժանությունների վերաբերյալ նկարները: Շնորհակալություն հայտնեց կարևոր զեկույցների համար ու ասաց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ այս հարցը նույնպես քննարկել են: Հետո օրհնության անհատական ողջույնի ժամանակ նորից հատուկ շնորհակալություն հայտնեց կարևոր աշխատանքի և զեկույցները փոխանցելու համար: Առանձին հանձնարարեց նաև իր օգնականին ուսումնասիրել և իրեն առանձին ներկայացնել դրանք: Հռոմի Պապին երեք զեկույց եմ փոխանցել. առաջինն այսպես կոչված «ռազմավարի պուրակի» մասին, որը մարդկային տառապանքների թանգարան է բաց երկնքի տակ, որի հիմքում հայատյացությունն է: Զեկույցն ապացուցում է, որ «ռազմավարի պուրակը»  ավելի է խրախուսում ատելությունը: Երկրորդ զեկույցն Ադրբեջանի պատասխանատվության մասին է հայ գերիներին խոշտանգելու համար՝ հիմնավոր ապացույցներով, իսկ երրորդը՝  գերիների ցուցմունքները քրեական գործի հիմքում դնելու արգելքի վերաբերյալ է: Զեկույցը հիմնավորում է, որ ադրբեջանական իշխնությունները հայ գերիների նկատմամբ անօրինական քրեական դատավարություններ են հարուցել նրանց այն ցուցմունքների հիման վրա, որոնք ստացել են խոշտանգումներով ու անմարդկային վերաբերմունքով»:
17:48 - 07 հոկտեմբերի, 2021
Հայ ռազմագերիների խոշտանգումների մասին զեկույցն Արման Թաթոյանը ներկայացրել է Իտալիայի խորհրդարանում

Հայ ռազմագերիների խոշտանգումների մասին զեկույցն Արման Թաթոյանը ներկայացրել է Իտալիայի խորհրդարանում

Երեկ Իտալիայի խորհրդարանում՝ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ զեկույցները, հիմնավոր ապացույցներ։  ՄԻՊ հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նա ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ անտեսված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։ Անդրադարձել է պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։ Իրավունքների խախտումների, այդ թվում՝ խոշտանգումների ու անմարդկային վերաբերմունքի հիմքում ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի քաղաքականությունն է, որ շարունակվում է և ֆաշիզմի դրսևորումներով է:
10:09 - 07 հոկտեմբերի, 2021
ՀՀ ՄԻՊ-ը Վատիկանի պետքարտուղարին ներկայացրել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունն ու ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ադրբեջանական հանցավոր արարքներով

ՀՀ ՄԻՊ-ը Վատիկանի պետքարտուղարին ներկայացրել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունն ու ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ադրբեջանական հանցավոր արարքներով

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորած պատվիրակության կազմում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլին հետ հանդիպմանը։ Արման Թաթոյանը Վատիկանի պետքարտուղարին է փոխանցել 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո հայ գերիների նկատմամբ ադրբեջանական խոշտանգումների և դաժան վերաբերմունքի վերաբերյալ իր զեկույցները, հիմնավոր ապացույցներ։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը՝ շեշտելով, որ կոպիտ ոտնահարված են միջազգային պահանջները և նրանք պահվում են ռազմաքաղաքական սակարկությունների նպատակով։ Արման Թաթոյանն անդրադարձել է նաև պատերազմից հետո ադրբեջանական զինծառայողների անօրինական տեղակայումներին ՀՀ համայնքների միջև ճանապարհներին, ինչը վտանգել է մարդկանց կյանքն ու առողջությունը, իսկ Գեղարքունիքում և Սյունիքում ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների պատճառով առավել ևս տեղի են ունենում սահմանային բնակիչների կենդանիների գողություններ, սպառնալիքներ քաղաքացիական անձանց նկատմամբ, կրակոցներ և այլ հանցավոր արարքներ։ Հանդիպմանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսից բացի, մասնակցել են նաև Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Նորին Ամենապատվություն Տեր Սահակ Արքեպիսկոպոս Մաշալյանը, Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։
13:31 - 06 հոկտեմբերի, 2021
Պետք է գնահատել տարեցների արժանապատվությունը և թույլ չտալ, որ նրանք իրենց զգան հասարակության համար ոչ պիտանի․ ՄԻՊ ուղերձը

Պետք է գնահատել տարեցների արժանապատվությունը և թույլ չտալ, որ նրանք իրենց զգան հասարակության համար ոչ պիտանի․ ՄԻՊ ուղերձը

ՄԻՊ Արման Թաթոյանը ուղերձ է հղել տարեցների միջազգային օրվա առթիվ․ «Պետությունը տարեցների համար պետք է ստեղծի բոլոր պայմանները, որպեսզի նրանք իրենց զգան գնահատված ու հասարակությունից չմեկուսացած։ Այս մասին Տարեցների միջազգային օրվա առթիվ կազմակերպված Գերիատրիայի և գերոնտոլոգիայի 3-րդ միջազգային կոնգրեսի ժամանակ ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ ՄԱԿ-ի բնակչության  հիմնադրամի ու Ռուսաստանի Դաշնության Կառավարության աջակցությամբ Տարեցների առողջության ու խնամքի ապահովման ասոցիացիայի, Գերիատրիայի և գերոնտոլոգիայի հայկական ասոցիացիայի կազմակերպած կոնգրեսի բացմանը կարևորվել է այն մոտեցումը, որ կենսաթոշակային տարիքից հետո, կյանքը չի ավարտվում, չեն սահմանափակվում նրանց հնարավորությունները և իրավունքները։ Տարեց մարդկանց ներուժը գնահատելու գործում հարկավոր է ունենալ տարեցների կարիքներին արձագանքող, առողջ երկարակեցությունը խթանող առողջապահական համակարգ։ Արման Թաթոյանը շեշտել է, որ բնակչության ծերացումն ու դրա հետևանքների հաղթահարումը մեծ մարտահրավեր է նաև Հայաստանի համար և վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ակտիվ աշխատանքներ չիրականացնելն այդ ուղղությամբ լրջագույն խնդիրների առաջ է կանգնեցնելու պետությանը տասնամյակներ անց։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև տուն-ինտերնատներում, հոգեբուժական հաստատություններում բնակվող տարեց անձանց հասարակություն ինտեգրելու, նրանց կարողությունները բացահայտելու ու փորձը գնահատելու ուղղությամբ աշխատանքների իրականացման անհրաժեշտությանը։ Արման Թաթոյանի խոսքով՝ տարեց մարդկանց հարուստ կենսափորձը, որը նպաստել է մեր հասարակության զարգացմանը, պետք է օրինակ ծառայի երիտասարդ սերնդի համար: Շատ կարևոր է տարեցների սոցիալական պաշտպանության ապահովումը, նրանց առողջության պահպանումը, կյանքի որակի բարձրացումը և այդպիսով արժանավայել ծերություն ունենալու համար անհրաժեշտ ու բավարար նախադրյալների ստեղծումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ընդգծել է նաև կենսաթոշակի տարիքի հասած նախկին զինվորականների փորձը սերունդներին փոխանցելու համակարգերի մշակման անհրաժեշտությունը»։
16:25 - 01 հոկտեմբերի, 2021
Առողջապահության ոլորտում պետպատվերի վաղաժամ սպառվելը  համակարգային խնդիր է, մարդիկ զրկվում են անհետաձգելի բժշկական օգնությունից․ ՄԻՊ

Առողջապահության ոլորտում պետպատվերի վաղաժամ սպառվելը համակարգային խնդիր է, մարդիկ զրկվում են անհետաձգելի բժշկական օգնությունից․ ՄԻՊ

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են  պետպատվերի սպառման պատճառով անվճար բժշկական օգնության և սպասարկման   հետ կապված խնդիրները: Երեկ ՀՀ կառավարության նիստում ընդգրկված՝ ոլորտային ֆինանսական միջոցների վերաբաշխման առաջարկները կարևոր են, բայց խնդրի կարճաժամկետ լուծում են։ Այնուամենայնիվ,   խնդիրն ունի համակարգային բնույթ։ Հետագայում նման իրավիճակները բացառելու նպատակով անհրաժեշտ են պետության լրացուցիչ քայլերը մարդկանց առողջության պահպանման սահմանադրական իրավունքն իրապես երաշխավորելու ուղղությամբ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դեռևս մեկ շաբաթ առաջ գրություն է հասցեագրել ՀՀ առողջապահության նախարարություն մարդկանց անվճար բուժօգնության տրամադրման համար նախատեսված գումարի սպառման  հարցերով։ Խնդրի կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է նաև մամուլի հրապարակումների մշտադիտարկում: Առանձնազրույցներ են տեղի ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց և հատուկ խմբերում ընդգրկված քաղաքացիներին աջակցություն ցուցաբերող հասարակական կազմակերպությունների հետ: Պաշտպանի աշխատակազմը ստացել է ահազանգեր, որ պետպատվերը սպառված լինելու պատճառով մարդիկ չեն կարողանում իրացնել պետության երաշխավորած անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունն ու սպասարկումը: Արդյունքում խախտվում են մարդկանց իրավունքները։ Օրինակ՝ մի դեպքում  1-ին խմբի զինհաշմանդամություն ունեցող անձը տարել է կաթված և հետազոտությունների, բուժսպասարկման նպատակով շտապ օգնության համար տեղափոխվել տարբեր հիվանդանոցներ: Հիվանդանոցներում հրաժարվել են նրա բուժսպասարկումն իրականացնել պետպատվերի շրջանակներում՝ պատճառաբանելով, որ սպառվել է գումարը, իսկ հիվանդանոցներից մեկում էլ հայտնել են, որ բուժսպասարկումը կիրականացվի վճարովի հիմունքներով: Որոշ ժամանակ անց նույն մարդու առողջական վիճակը վատթարացել է, առաջացել է կրկնակի կաթվածի վտանգ, և բժիշկը տրամադրել է մագնիտառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) ուղեգիր, սակայն պետպատվերի շրջանակում այն իրականացնել այդպես էլ չի հաջողվել: Որոշ դեպքերում մարդիկ բուժհաստատություններում ուղղորդվել են հետազոտությունների կամ բուժօգնության նպատակով հերթագրվել հաջորդ տարվա համար: Այս դեպքում, թեև բժշկի կողմից ցուցված հետազոտությունները չեն որակվել  անհետաձգելի անհրաժեշտության, սակայն ուղղակիորեն կապված են անձի առողջության պահպանման իրավունքի հետ և դրանք հետաձգելը կհանգեցնի անձի առողջության համար անդառնալի հետևանքների: Պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն արտահիվանդանոցային դժվարամատչելի հետազոտություններին, այլ նաև ստացիոնար բուժօգնությանը: Այսպես, դեպքերից մեկով վիրավորում ստացած անձին ցուցված վիրահատություններից առաջինն իրականացվել է պետպատվերի շրջանակներում, իսկ երկրորդը հնարավոր չի եղել անվճար իրականացնել, քանի որ պետության հատկացրած տեղերը սպառվել են:  Եղել են դեպքեր, երբ նեղ մասնագետների կողմից ցուցվել է վիրահատական բուժում՝ ինչպես վերականգնողական, այնպես էլ առողջության հետագա վատթարացումը կանխարգելու նպատակով, տրամադրվել են ուղեգրեր, սակայն պետպատվերի շրջանակում վիրահատությունները չեն իրականացվել անորոշ ժամկետով, ինչը հանգեցնում է առհասարակ առողջության վերականգնման անհնարինության: Մեկ այլ դեպքում՝ հաշմանդամություն ունեցող երեխային տրամադրվել է Երևանում դժվարամատչելի հետազոտության ուղեգիր։ Երեխային հետազոտելու նպատակով մարզից տեղափոխել են Երևան, սակայն չեն կարողացել օգտվել անվճար բուժսպասարկումից՝ պետպատվերի հատկացված քանակը սպառված լինելու պատճառով: Պետպատվերի՝ ժամանակից շուտ սպառման դեպքեր արձանագրվել են նաև նախորդ տարիներին, բայց, որպես կանոն, այդ խնդիրն առաջ է եկել տարեվերջին, ոչ թե մի ամբողջ եռամսյակ առաջ կամ ինչպես ներկայում, այնպես էլ նախկինում իրականացվել են նախատեսված միջոցների վերաբաշխումներ, ինչը չի կարող բացառել հետագայում նման իրավիճակների առաջացումը։ Այս համակարգային խնդիրն էլ ավելի է սրվել նոր կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով: Ուստի, Պաշտպանն արձանագրում է, որ, որպես համակարգային խնդրի լուծում, պետք է դիտարկել բուժման պարտադիր բժշկական ապահովագրության համակարգի ներդրումը, որը կձևավորի նոր սոցիալական ինստիտուտ, ինչպես նաև բժշկական ծառայությունների ֆինանսավորման նոր մոտեցում: Առողջության պարտադիր ապահովագրության ինստիտուտի ներդրմամբ կապահովի բնակչության որոշակի խմբերի համար առողջապահական ծառայությունների հասանելիությունը՝ պետության պարտադիր մասնակցության պայմանով:
11:49 - 01 հոկտեմբերի, 2021
753 անձ երեխաների իրավունքների հարցով բողոք է ներկայացրել ՄԻՊ-ին 9 ամիսների ընթացքում․ մանրամասներ՝ հիմնական բողոքների վերաբերյալ

753 անձ երեխաների իրավունքների հարցով բողոք է ներկայացրել ՄԻՊ-ին 9 ամիսների ընթացքում․ մանրամասներ՝ հիմնական բողոքների վերաբերյալ

2021 թվականի 9 ամիսների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ստացվել երեխաների իրավունքների վերաբերյալ 485 գրավոր և բանավոր դիմում-բողոք 753 անձից: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Դիմում-բողոքները հիմնականում վերաբերել են խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովների գործունեությանը, երեխայի՝ ծնողի հետ շփվելու իրավունքի իրացմանը, երեխայի կրթության իրավունքի իրացման ապահովմանը և այլն: Պաշտպանին են հասցեագրվել ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում  հարուցված կատարողական վարույթների ընթացքում երեխաների լավագույն շահերով չառաջնորդվելու, կատարողական թերթի պահանջների պատշաճ կատարումն չապահովելուն վերաբերող դիմում-բողոքներ: Խնամակալության և հոգաբարձության մարմինների գործունեությանը վերաբերող բողոքներով բարձրացված խնդիրներն ունեն համակարգային բնույթ և տարիներ շարունակ չեն ստանում լուծում: Խնդիրները հիմնականում վերաբերում են ԽՀՀ-ների կողմից անգործություն ցուցաբերելուն, նրանց կողմից իրենց լիազորությունները ոչ պատշաճ իրականացնելուն, տրված եզրակացությունների և կայացված որոշումների իրավաչափությանը, ինչպես նաև վերջիններիս կողմից երեխայի՝ իր ծնողի, տատերի, պապերի և այլ ազգականների հետ շփվելու, ծնողների դաստիարակությունը ստանալու իրավունքների իրացումը չապահովելուն կամ ոչ պատշաճ ապահովելուն: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, օրենքով սահմանված կարգով, պատշաճ ընթացք է տրվել ստացված դիմում-բողոքներին՝ ապահովելու համար դրանցով բարձրացված համակարգային և անհատական բնույթի խնդիրների հնարավոր լուծումը, ինչպես նաև հետագայում նման խնդիրների բացառումը: Դիմում-բողոքների ուսումնասիրության և քննարկման ընթացքում Պաշտպանի աշխատակազմը համագործակցել է պետական և տեղական ինքնակառավարման իրավասու մարմինների հետ: Բացի այդ, Պաշտպանը տվյալ մարմիններից, ըստ անհրաժեշտության, պահանջել է պարզաբանումներ բարձրացված խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև օրենքով սահմանված կոնկրետ միջոցների ձեռնարկում: Աշխատանքի ընթացքում Պաշտպանի աշխատակազմն առանձնահատուկ կարևորել է ցանկացած իրավիճակում երեխայի լավագույն շահերով առաջնորդվելու, յուրաքանչյուր երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության կապակցությամբ ձեռնարկվող քայլերում անհատական մոտեցում ցուցաբերելու անհրաժեշտությունը:
11:11 - 29 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանի իշխանությունները պատասխանատու են այսօր Կութ գյուղի մոտ հայ զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու համար. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի իշխանությունները պատասխանատու են այսօր Կութ գյուղի մոտ հայ զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու համար. ՀՀ ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Ադրբեջանի իշխանությունները պատասխանատվություն են կրում այսօր Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մոտակայքում ՀՀ զինծառայողին հրազենային վիրավորում հասցնելու համար։ Հայտարարությունում ասվում է․«Ադրբեջանական իշխանությունները գործում են միջազգային կանոնների բացահայտ խախտումներով և պատասխանատվություն են կրում Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մոտակայքում այսօր ՀՀ զինծառայողի հրազենային վիրավորում հասցնելու, կյանքի իրավունքը դիտավորությամբ խախտելու փորձի համար։Այս հետևության հիմքում առնվազն այն փաստերն են, որ ադրբեջանական զինված ուժերը՝ 1.     ներխուժել են և անօրինական տեղակայվել ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գեղարքունիքում և Սյունիքում.2.     2020թ. նոյեմբերի 9-ից հետո նշված երկու մարզերում ֆիզիկապես ներկա են այն հողատարածքներում, որոնք օրինական փաստաթղթերով սեփականության իրավունքով պատկանում են ՀՀ բնակիչների կամ համայնքային սեփականություն են.3.    պարբերաբար կրակում են ՀՀ գյուղերի ուղղությամբ և իրական վտանգ ստեղծում քաղաքացիական բնակիչների կյանքի և առողջության համար, վնաս են պատճառում նրանց գույքին և կենդանիներին.4.    զբաղված են քաղաքացիական բնակիչների նկատմամբ անօրինական արարքներով՝ կենդանիների գողություններ, մարդկանց անօրինական ազատությունից զրկելու փորձեր, հրազենով սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, խոչընդոտներ գյուղատնտեսական աշխատանքներին և այլն.5.    Գեղարքունիքի Կութ և մյուս գյուղերի հարևանությամբ հրդեհում են արոտավայրեր ու խոտհարքեր, գյուղերի անմիջական հարևանությամբ և համայնքների միջև ճանապարհների նրանց ներկայության պատճառով սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը, վտանգված է մարդկանց կյանքի իրավունքը։Այս ամենին գումարվում է առավել ևս այն, որ, ինչպես պաշտոնապես հայտարարում են ադրբեջանական իշխանությունները, նրանց զինված հարձակումները, պատերազմի սպառնալիքները խաթարում են մարդկանց խաղաղ կյանքն ու անվտանգությունը»:
18:02 - 28 սեպտեմբերի, 2021
ԵԽԽՎ երեկվա բանաձևում ներառվել է ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկը․ ՄԻՊ

ԵԽԽՎ երեկվա բանաձևում ներառվել է ՀՀ սահմանների շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկը․ ՄԻՊ

Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապառազմականացված գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայեցակարգն ակտիվորեն տարածվում է նաև միջազգային հանրությունում։ Այս առաջարկը ներկայացվել էր ԵԽԽՎ հատուկ զեկուցողին՝ փաստերի հիմնավորումով: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Մասնավորապես, երեկ Ստրասբուրգում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը, որտեղ, այլ հարցերի թվում, երկու երկրներին կոչ է արվում սկսել բանակցություններ դելիմիտացիայի ու դեմարկացիայի վերաբերյալ և ուսումնասիրել ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը խաղաղապահ կամ ռազմական մշտադիտարկման ուժերի ներգրավմամբ։ Վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարաբնույթ հանդիպումներն ու քննարկումները միջազգային տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նպատակ են ունեցել ապացուցել, որ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքները կանխելու միակ արդյունավետ տարբերակն անվտանգության (ապառազմականացված) գոտի ստեղծելն է․ պատերազմից հետո ՀՀ գյուղերի հարևանության և համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումները, այդ թվում՝ դրոշներն ու ցուցանակները,  զուրկ են իրավական որևէ հիմքից, նրանք պետք է հեռացվեն և ստեղծվի անվտանգության (ապառազմականացված) գոտի: Ավելին, Ադրբեջանի հետ միայն դելիմիտացիան ու դեմարկացիան` առանց անվտանգության գոտի ստեղծելու, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ։ Ավարտին են մոտենում անվտանգության գոտու հայեցակարգի աշխատանքները, որտեղ ծավալուն վերլուծությամբ, այդ թվում՝ քարտեզի միջոցով, ցույց ենք տվել դրա անհրաժեշտությունը մարդկանց իրավունքների պաշտպանության համար։
11:42 - 28 սեպտեմբերի, 2021
ՀՀ ՄԻՊ-ը Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանն է ներկայացրել դատական համակարգի խնդիրները

ՀՀ ՄԻՊ-ը Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանն է ներկայացրել դատական համակարգի խնդիրները

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում դատարանների կարողությունների զարգացմանն ուղղված նախատեսվող ծրագրի մանրամասները, որն իրականացվելու է Շվեդիայի դատական համակարգի հետ։   Արման Թաթոյանն անդրադարձել է դատական համակարգում առկա խնդիրներին, շեշտել է, որ կան առանձին դատավորներ, որոնք իրենց պահվածքով վնասում են դատական համակարգի հեղինակությունը: Չնայած սրան, խնդիրների լուծմանը պետք է հասնել իրավական ճանապարհով՝ խրախուսելով օրինապահ ու անկախ դատավորներին։   Պաշտպանն անդրադարձել է նաև դատարաններում քննվող գործերի ձգձգումների անթույլատրելի պրակտիկային: Նա նշել է, որ ստացված բողոքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դատարաններում գտնվող գործերի քննությունը տարիներ է տևում, որի արդյունքում խախտվում է դատարանի կողմից անձանց գործի ողջամիտ ժամկետում քննության սահմանադրական իրավունքը, իսկ նման դեպքերում նրանց խախտված իրավունքի վերականգնման արդյունավետ կառուցակարգեր առկա չեն: Խնդիրը լուծում չի ստացել նաև Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցի հրապարակումից և Սահմանադրական դատարան դիմելուց հետո:   Նա տեղեկացրել է նաև, որ բողոքի ուսումնասիրության կամ քննարկման ընթացքում իր իրավասությունների շրջանակում Պաշտպանը լիազորված է դիմելու դատական իշխանության` դատական պրակտիկայի ամփոփման համար պատասխանատու մարմիններին` դատական պրակտիկայում առաջացող իրավական հարցերի վերաբերյալ խորհրդատվական բնույթի պարզաբանումներ ստանալու նպատակով, ինչպես նաև առաջարկներ ներկայացնելու դատական պրակտիկայի կատարելագործման վերաբերյալ:   Պաշտպանը կարևորել է Բարձրագույն դատական խորհրդի դերը, հատկապես՝ դատարանների հանդեպ ինստիտուցիոնալ վստահության բարձրացման հարցում և ընդգծել ԲԴԽ-ի հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը:   Հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել համագործակցությունը ծրագրի շրջանակում դատական համակարգի կատարելագործման ուղղությամբ։
20:23 - 27 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը ոչ միայն չի նվազել, այլ ստացել է ծայրահեղական, ֆաշիստական նոր դրսևորումներ. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը ոչ միայն չի նվազել, այլ ստացել է ծայրահեղական, ֆաշիստական նոր դրսևորումներ. ՀՀ ՄԻՊ

Արցախի և Հայաստանի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծած լայնամասշտաբ պատերազմն ուղեկցվեց ադրբեջանական աննախադեպ պատերազմական ու մարդկության դեմ ուղղված հանցագործություններով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Գրառման մեջ նաև ասված է. «Հենց առաջին օրը Արցախի Մարտունի քաղաքի հրետակոծությունից իր տան բակում սպանվեց 9-ամյա Վիկտորյա Գևորգյանը: Արցախի խաղաղ բնակիչներ 69-ամյա Գենադի Պետրոսյանը Մադաթաշենից և 82-ամյա Յուրի Ասրյանը Ազոխից դաժանաբար գլխատվեցին. գլխատումների ողջ ընթացքը նկարահանել են հենց ադրբեջանական զինվորականները, որ հետո իրենց բացառիկ ցինիզմը տարածեն և արժանանան «փառքի» խրախճանքի: Պատերազմի ընթացքում ու պատերազմից հետո խոշտանգվեցին ու դաժանությունների ենթարկվեցին քաղաքացիական անձինք ու զինվորականներ՝ ջիհադիստների ու ահաբեկիչների ակտիվ մասնակցությամբ: Նպատակային հարձակումներով, արգելված զինատեսակների օգտագործմամբ ավերվեցին քաղաքացիական բնակավայրեր: Անարգվեցին ու ոչնչացվեցին հայկական եկեղեցիներ: Այս ամենն ուղեկցվում էր սանձարձակ ու ցինիկ պահվածքով հատուկ նկարած տեսանյութերով՝ հայկական սոցիալական ողջ մեդիան դիտավորյալ լցնելով բռնության տեսարաններով: COVID-19-ի պայմաններում ադրբեջանական հարձակումները մարդկության դեմ ուղղված հանցանքներ էին, որոնք շեշտակիորեն ավելացրին մահվան դեպքերը՝ կատվածահար անելով Արցախի ու Հայաստանի առողջապահության համակարգերը: Ողջ նշվածն ուղեկցվում էր հսկայածավալ ատելության ու թշնամանքի քարոզով, որ ադրբեջանական իշխանությունները միայն խրախուսում էին: Տեղի ունեցածը բերում է միանշանակ հետևության. իրականացվել է էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականություն: Չպե՛տք է մոռանանք, որ ադերբեջանական պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն այսօր ոչ միայն չի նվազել, այլ ստացել է ծայրահեղական, ֆաշիստական նոր դրսևորումներ: Մինչ օրս պատերազմական հանցանքի որևէ կատարող չի պատժվել: Եվ քանի դեռ կատարվածի համար մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել, շարունակվելու է ատելության ու թշնամանքի քաղաքականությունը, իրական է լինելու նոր վայրագությունների վտանգը, խաթարված է մնալու մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը»:
12:25 - 27 սեպտեմբերի, 2021
Աշխատանքից ազատվելիս աշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն ամենատարածված խախտումներից է․ ՄԻՊ

Աշխատանքից ազատվելիս աշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն ամենատարածված խախտումներից է․ ՄԻՊ

2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոքներով բարձրացված թերևս ամենատարածված խնդիրն աշխատանքից ազատելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ չկատարելը կամ ոչ ամբողջովին կատարելն է: Այս խնդրին Մարդու իրավունքների պաշտպանը մշտապես անդրադառնում է իր գործունեությունն ամփոփող տարեկան հաղորդումներում: Այսպես, ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողի հետ կատարել լրիվ վերջնահաշվարկ աշխատանքային պայմանագրի լուծման օրը, եթե նույն օրենսգրքով, օրենքով կամ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսված չէ: Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է նշված նորմի վերլուծության արդյունքում ձևավորված դիրքորոշումը, ըստ որի՝ աշխատանքային պայմանագիրը լուծելիս աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելը գործատուների ոչ թե իրավունքն է, այլ պարտականությունը, իսկ գործատուի և աշխատողի համաձայնությամբ վերջնահաշվարկի այլ կարգ նախատեսելու հնարավորությունը վերաբերում է ոչ թե վերջնահաշվարկ կատարելու կամ չկատարելու կողմերի հայեցողությանը, այլ վերջնահաշվարկի կատարման կարգին, օրինակ՝ ժամկետին: Հարկ է հստակ արձանագրել, որ գործատուն որևէ կերպ իրավասու չէ սահմանափակելու աշխատանքից ազատվելուց հետո աշխատողի հետ վերջնահաշվարկ կատարելու իրավունքը: Նշված խնդրի մասնավոր դրսևորումներից է աշխատողին աշխատանքից ազատելիս նրա հետ վերջնահաշվարկ ընդհանրապես չկատարելը, ոչ ամբողջովին կատարելը կամ օրենսդրությամբ սահմանված ժամկետի խախտմամբ կատարելը: 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը դիմած քաղաքացիներից մեկը տեղեկացրել է, որ ցանկացել է լուծել աշխատանքային պայմանագիրը, սակայն գործատուն սպառնացել է սեփական նախաձեռնությամբ պայմանագիրը լուծելու դեպքում վերջնահաշվարկ չկատարել: Խնդրի նման դրսևորման կապակցությամբ հարկ է նշել, որ Աշխատանքային օրենսդրությունն իրավական որևէ հիմք չի տալիս գործատուներին վերջնահաշվարկ կատարելու բացարձակ, իմպերատիվ օրենսդրական պահանջը դարձնել պայմանական, առավել ևս այդպիսով սահմանափակելով աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու՝ աշխատողի իրավունքը: Պաշտպանին հասցեագրված բողոքներից մեկով էլ քաղաքացին տեղեկացրել է, որ կինն իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից: Գործատուն վերջնահաշվարկի մի մասը հրաժարվում է կատարել, մասնավորապես՝ հրաժարվում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար դրամական հատուցում տալ: Խնդիրը կոնկրետ դեպքով Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ ստացել է լուծում: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ եթե այդ պարտավորությունը գործատուից անկախ պատճառներով հնարավոր չէ կատարել, ապա աշխատողի աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները կատարվում են աշխատողի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում: ՀՀ ֆինանսների նախարարի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի սեպտեմբերի 10-ի «Աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը սահմանելու մասին» թիվ 416-Ն համատեղ հրամանի հավելվածով սահմանված է աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ցանկը, որոնց մեջ մտնում է նաև ամենամյա (նվազագույն, երկարացված, լրացուցիչ) չօգտագործված արձակուրդի համար վճարվող հատուցումը: Ինչ վերաբերում է արձակուրդային բոլոր օրերի համար հատուցում տրամադրելուն՝ հարկ է վկայակոչել Վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/3516/02/08 որոշումը, որում Վճռաբեկ դատարանը պարզաբանել է, որ հատուցումը պետք է վճարվի չօգտագործված բոլոր արձակուրդների համար: Վերոգրյալի հաշվառմամբ՝ չօգտագործված արձակուրդների համար դրամական հատուցումը կազմում է վերջնահաշվարկի մաս, ավելին՝ վերջնահաշվարկի մաս կազմում է չօգտագործված բոլոր արձակուրդների համար հատուցումը: Այսպիսով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ անհրաժեշտ է մշտապես պահպանել օրենսդրության պահանջը՝ աշխատանքից ազատվող աշխատողի հետ կատարել վերջնահաշվարկ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
11:00 - 25 սեպտեմբերի, 2021
ՄԻՊ-ը ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանին է ներկայացրել ադրբեջանցի զինծառայողների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը

ՄԻՊ-ը ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպանին է ներկայացրել ադրբեջանցի զինծառայողների կողմից սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է 2001-2004թթ ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Օրդվեյին եւ "Humanitarian Dialogue" միջազգային կազմակերպության եվրասիական ծրագրերի տնօրեն Դավիդ Գորմանին։ Արման Թաթոյանը ներկայացրել է հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը: Նա նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը պետք է դիտարկվեն նաև մարդու իրավունքների տեսանկյունից, որպեսզի դրանք երկրորդական պլան չմղեն, չսահմանափակվեն այդ իրավունքները պաշտպանելու պետության հնարավորությունները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մանրամասնել է, որ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից, որի հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ: Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածում, օրինակ՝ Սև լճում, անվտանգային լրջագույն խնդիրներ է առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ գտնվում են թիրախում, իսկ ադրբեջանական զինվորականները նաև արձակում են կրակոցներ: Դրանից բացի, մարդկանց մասը չի կարողանում զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, իսկ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել արոտավայրերի մոտ առկա անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել առանձին վայրերում. վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզում: Ավելին, մի շարք գյուղեր զրկված են ջրից: Արման Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների, նրանց ցուցանակների ու տեսախցիկների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ: Պաշտպանն առանձին անդրադարձ է կատարել վերջերս հրապարակած իր արտահերթ զեկույցին, որը վերաբերում է Ադրբեջանի պատասխանատվությանը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար։
15:19 - 24 սեպտեմբերի, 2021