ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմում մշակված նախագծերի փաթեթն ուղարկվել է Ազգային ժողով

Զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ՄԻՊ աշխատակազմում մշակված նախագծերի փաթեթն ուղարկվել է Ազգային ժողով

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ զինծառայողներին և նրանց ընտանիքներին արտոնություններ տրամադրելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում մշակված նախագծերի փաթեթն ուղարկվել է Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության նախարարություն: Փաթեթին կցված են նաև նախագծերի ընդունման հիմնավորումները: Նախագծերի փաթեթն ուղարկվել է վերոհիշյալ հաստատություններ՝ հաշվի առնելով, որ նոր են ձևավորված Կառավարությունն և ԱԺ-ի մարմինները։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկած արտոնություններից են, օրինակ՝ • աշխատանքի պահպանման նախապատվության իրավունքը • չվճարվող արձակուրդի տրամադրման պարտադիր կարգը. • ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության արտոնությունը. • զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվելու առաջնահերթության իրավունքը և այլն։ Զինված ուժերի և այլ զորքերի զինծառայողների, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների համար Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշակած արտոնությունների ընդունումը կունենա սոցիալական կարևոր նշանակություն եւ կնպաստի զինվորական ծառայության հեղինակության աճին։  Առաջարկվող արտոնությունները նաև կբարձրացնեն ծառայություն անցնող կամ անցած զինծառայողների կարգավիճակը: Ներկայացվող առաջարկությունների իրական շահառուներ կարող են լինել տարբեր կատեգորիայի զինծառայողներ կամ նրանց ընտանիքների անդամներ, այդ թվում՝ ա) ժամկետային պարտադիր և պայմանագրային զինվորական ծառայություն անցած կամ անցնող շարքային, ենթասպայական, սպայական կազմի զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները, բ) ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցներ, գ) ՀՀ պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ, նրանց և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, դ) ՀՀ կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցած կամ մասնակցող անձինք կամ նրանց ընտանիքների անդամներ և այլն: Նախագծերի փաթեթն առավել կարևոր է դառնում հատկապես հետպատերազմական շրջանում, երբ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների երաշխավորումը, ամրապնդումն ու պաշտպանությունն առաջնահերթ հրամայականն է: Պետք է ամեն կերպ արժևորել զինվորական ծառայությունը, իսկ առաջարկվող արտոնությունները կնպաստեն, որպեսզի բանակում ծառայությունը դառնա ավելի գրավիչ նաև հենց ծառայության մեջ գտնվողների և նրանց ընտանիքների համար: Նշենք, որ նախագծերի հիման վրա 2021 թվականին հրապարակվել է նաև արտահերթ զեկույց՝ հաշվի առնելով համապատասխան միջազգային փորձը։
12:32 - 22 սեպտեմբերի, 2021
Իրավապահների համար անտեսանելի փաստեր՝ նախկին ՄԻՊ-ի մոռացված զեկույցում

Իրավապահների համար անտեսանելի փաստեր՝ նախկին ՄԻՊ-ի մոռացված զեկույցում

Մարդու իրավունքների նախկին պաշտպան, այժմ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ 2013թ. դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների կատարած ենթադրյալ չարաշահումներին առնչվող զեկույցում նշված հանգամանքների առնչությամբ ՀՀ ոստիկանության կատարած լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, այդպիսով լրացուցիչ ստուգման նյութերը թողնվել են անհետեւանք: Այս մասին, Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից։ Ոստիկանությունում զեկույցում նշված տեղեկությունները լրացուցիչ ստուգելու անհրաժեշտություն առաջացել էր այն ժամանակ, երբ Դատախազությունը դիմել էր Քրեական ոստիկանությանը՝ խնդրելով հանձնարարել համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ստուգել մեր հարցման մեջ տեղ գտած հանգամանքները։  Իսկ թե ինչ էր բովանդակում մեր հարցումը, ինչ տեղեկություններ էինք խնդրել տրամադրել եւ թե ինչ պատասխաններ ենք ստացել իրավապահների հետ մեկ տարուց ավելի տեւած գրագրության արդյունքում՝ ստորեւ։ Մեր հարցումներից հետո Դատախազությունը Զեկույցի հրապարակումից 7 տարի անց որոշում է ուսումնասիրության ուղարկել նյութերը Այսպես, 2020 թվականի մայիսի 11-ին գրավոր հարցմամբ դիմում ենք Դատախազություն եւ մայիսի 19-ին ստանում պատասխան, որ Զեկույցում առկա տեղեկությունների վերաբերյալ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։ Նույն տարվա հունիսին հանդես ենք գալիս հրապարակմամբ՝ դատաիրավական բարեփոխումների ու վեթինգի անհրաժեշտության վերաբերյալ քննարկումների շրջանում ներկայացնելով Զեկույցից ուշագրավ հատվածներ, ապա նոյեմբերին դարձյալ հարցում անում Դատախազություն՝ ճշտելու՝ արդյոք լրատվամիջոցի հրապարակումը որեւէ ուսումնասիրության հիմք եղե՞լ է, թե՞ ոչ։ Ստացել էինք նույնաբովանդակ պատասխան՝ նյութեր չեն նախապատրաստվել, քրեական գործ չի հարուցվել։ Այս տարվա հունվարի 13-ին եւս մեկ հարցում ենք անում Դատախազություն՝ այս անգամ խնդրելով պատասխանել՝ եթե դեռեւս չի հարուցվել քրեական գործ, ապա ինչո՞ւ։ Դատախազությունից պատասխանում են, որ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով համապատասխան վարույթ չի նախաձեռնվել՝ նկատի ունենալով, որ բացակայել են հանցագործությունների մասին ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, լրատվության միջոցների՝ հանցագործությունների մասին հաղորդումները եւ իրավասու մարմինների կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի եւ հետեւանքների հայտնաբերումն իրենց լիազորություններն իրականացնելիս: Հունվարի 27-ին Դատախազություն ենք ուղարկում լրատվամիջոցի երկու հրապարակում [1,2]` խնդրելով պատասխանել՝ արդյոք դրանք չե՞ն հանդիսանում հանցագործության մասին լրատվամիջոցների հաղորդումներ, որ այդպես էլ ուշադրության չեն արժանացել, ի պատասխան՝ ստանում ենք գրություն, որ նշված հրապարակումների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանցում ՀՀ ՄԻՊ զեկույցից տեղ գտած հրապարակումները վերացական տեղեկություններ են բովանդակում դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների կողմից ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ Ըստ Դատախազության՝ դրանցում պարունակվող տեղեկությունները նախկին ՄԻՊ-ի գնահատականներն են՝ դատական իշխանության ղեկավար աշխատողների կողմից թույլ տրված ենթադրյալ ապօրինությունների վերաբերյալ, այսինքն՝ այդ հրապարակումներում տեղ չեն գտել այնպիսի հանգամանքներ, որոնք կբովանդակեն կոնկրետ հանցագործության մասին փաստական տվյալներ, ինչն անհրաժեշտ պայման է, որպեսզի ֆիզիակական կամ իրավաբանական անձի ներկայացրած հաղորդումը քննարկվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախատեսված ընթացակարգերով։ Այդուհանդերձ, նկատի ունենալով, որ այդ հրապարակումներում տեղ գտած տեղեկությունները ենթակա են ստուգման՝ օպերատիվ ճանապարհով, Դատախազությունը մեր հրապարակումները փետրվարի 3-ին ուղարկում է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ հանձնարերելով համապատասխան միջոցառումներով ստուգել դրանցում տեղ գտած հանգամանքները։ Փետրվարի 19-ին դիմում ենք Քրեական ոստիկանություն՝ ճշտելու՝ վերոբերյալ հրապարակումների ուսումնասիրության հիման վրա արդյոք նյութեր նախապատրաստվե՞լ են, քրեական գործ հարուցվե՞լ է, եւ եթե չի հարուցվել, ապա ի՞նչ հիմքով է մերժվել քրգործի հարուցումը։ Մարտի 24-ին Ոստիկանությունից պատասխանում են, որ Դատախազության գրության շրջանակներում իրանակացվել են ստուգողական աշխատանքներ, սակայն, հաշվի առնելով, որ ձեռնարկված միջոցառումներով դատավորների կողմից կաշառք ստանալու եւ չարաշահումներ կատարելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել, ուստի ուսումնասիրության նյութերը թողնվել են անհետեւանք։ Դատախազությունը Քրեական ոստիկանությանը խնդրում է ստուգել մեր հերթական հարցմամբ վկայակոչած հանգամանքները Ոստիկանության վերջին պատասխանից հետո՝ այս տարվա հուլիսի 14-ին, մեկ այլ հարցմամբ դարձյալ դիմում ենք Դատախազությանը՝ ներկայացնելով, որ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպանի արտահերթ զեկույցում նշված է, որ «գործի նյութերին ծանոթանալիս փաստաբան Ն. Բաղդասարյանը հայտնաբերել է «ՏԵՂԵԿԱՆՔ» վերտառությամբ փաստաթուղթ, որտեղ կետ առ կետ շարադրված են եղել դեռեւս դատաքննությունը չսկսված գործով կայացվելիք վճռի հիմնավորումները, որոնք հետագայում դրվել են կայացված դատական ակտի հիմքում» (գործը վերաբերում է 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Արման Բաբաջանյանին, որի պաշտպանն է եղել նույն գումարման խորհրդարանի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, իսկ հայցվորը՝ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը)։ Դատախազությանը խնդրում ենք բացատրել՝ վկայակոչված հատվածը՝ փաստաբանի հայտնաբերած փաստաթղթի մասին, արդյոք չի՞ հանդիսանում հանցագործության մասին հաղորդում կամ փաստական տվյալ, որի հիման վրա պետք է հարուցվեր քրեական գործ։ Բացի դրանից՝ խնդրում ենք պատասխանել հետեւյակ հարցին՝ Ն․ Բաղդասարյանը (խոսքը Նիկոլայ Բաղդասարյանի մասին է, որը մեր զրույցում հաստատել էր, որ փաստաթուղթը հայտնաբերել է ինքը), նյութերի ուսումնասիրման ընթացքում կանչվե՞լ է բացատրություն տալու, եւ եթե այո, ապա ի՞նչ հիմքով նշյալ դրվագը չի դարձել փաստական տվյալ՝ նյութերի նախապատրաստման եւ քրեական գործի հարուցման համար։ Ի պատասխան՝ մեզ ուղարկում են գրություն, որ այս հարցումը, ի լրումն Դատախազությունից Ոստիկանություն ուղարկված մեր նախորդ հարցման (փետրվարի 3-ի՝ վերը հիշատակված գրության մասին է խոսքը), դարձյալ ուղարկվում է Քրեական ոստիկանություն՝ խնդրելով ստուգել վերը հիշատակված հանգամանքները եւ արդյունքների մասին հայտնել ոստիկանությանը, ապա պարզաբանում ներկայացնել նաեւ մեզ։ Այս ընթացակարգի ժամանակ պարզվում է, որ էլեկտրոնային փոստով Դատախազությանն ուղարկած մեր հարցումը, որտեղ ակտիվ հղմամբ տեղադրել էինք նաեւ Պաշտպանի Զեկույցը, Ոստիկանություն է ուղարկվել թղթային տարբերակով, եւ միայն մեր հավելյալ պարզաբանումից հետո է Ոստիկանությունը, մեր հրապարակումներից զատ, դիտարկում ամբողջական Զեկույցը։  Ի վերջո, Ոստիկանությունից ստանում են կարճ պատասխան՝ Զեկույցում նշված հանգամանքների առնչությամբ ՀՀ ոստիկանության կատարած լրացուցիչ ուսումնասիրության արդյունքում ենթադրյալ հանցագործություններ կատարելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել։ Այսպիսով, Մարդու իրավունքների նախկին պաշտպան, այժմ՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի՝ 77 էջանի արտահերթ զեկույցի վերաբերյալ, որում կասկածի տակ էր դրվում Վճռաբեկ դատարանի արդար ու վստահելի լինելը, ներկայացվում էին դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմները եւ «զոնալ դատավորների» ինստիտուտը, իրավապահ մարմիններում երկու անգամ դիտարկելուց հետո էլ ենթադրյալ հանցագործությունների առնչությամբ տեղեկություններ չեն ստացվել եւ ուսումնասիրված նյութերն անհետեւանք են թողնվել։ Իսկ հարցը՝ փաստաբան Ն․ Բաղդասարյանը նյութերի ուսումնասիրման ընթացքում կանչվե՞լ է բացատրություն տալու, եթե այո, ապա ի՞նչ հիմքով նշյալ դրվագը չի դարձել փաստական տվյալ նյութերի նախապատրաստման եւ քրեական գործի հարուցման համար, մնացել է անպատասխան։ Զեկույցը տարիներով մոռացության մատնելու հանգամանքներին, դրանում առկա որոշ ուշագրավ դրվագներին եւ դրանց վերաբերյալ Զեկույցը մշակող աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախկին տեղակալ Գենյա Պետրոսյանի կարծիքին կարող եք ծանոթանալ այս հրապարակման մեջ։ Հայարփի Բաղդասարյան
15:32 - 20 սեպտեմբերի, 2021
ԱԱԾ-ն այս պահին միջոցներ է ձեռնարկում՝ Քասախի երկու բնակիչներին վերադարձնելու համար․ՄԻՊ

ԱԱԾ-ն այս պահին միջոցներ է ձեռնարկում՝ Քասախի երկու բնակիչներին վերադարձնելու համար․ՄԻՊ

Գորիս-Որոտան ճանապարհահատվածից Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչների անհետանալու հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խոսել է Ազգային անվտանգության ծառայության հետ: Այս մասին հայտնում է ՄԻՊ Արման Թաթոյանը։ «ԱԱԾ-ն մեզ հաստատել է, որ Քասախից մեր հայրենակիցները շեղվել են ճանապարհից ու հայտնվել այնպիսի հատվածում, որ ներկայում գտնվում է ադրբեջանական վերասկողության ներքո: Կշարունակենք համագործակցել ԱԱԾ մեր գործընկների հետ՝ մեր իրավասության շրջանակում: Կարող եմ հավաստել, որ ԱԱԾ-ն այս պահին ակտիվ միջոցներ է ձեռնարկում՝ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար: Ինքս խոսել եմ անհետացածների ընտանիքների անդամների հետ: Այս քննարկումից էլ է ենթադրվում, որ շեղվել են: Խոսել եմ նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ: Տեղեկացրել եմ խնդրի մասին, փոխանցել մեր ձեռք բերած տվյալները և խնդրել հարցը պահել անմիջական ուշադրության ներքո: Եվս մեկ անգամ շեշտում եմ. մենք ինքներս պետք է ստեղծենք մեր իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ: Մինչև դա չանենք, այսպիսի դեպքերը չեն վերանալու: Միշտ լինելու է անորոշություն: Գրեթե 1 տարի է, ինչ խնդիրների մասին այդքան զգուշացնում եմ կոնկրետ փաստերով»,- գրել է Արման Թաթոյանը։
14:58 - 19 սեպտեմբերի, 2021
ՄԻՊ-ը՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների մասնակցությամբ միջադեպի մասին

ՄԻՊ-ը՝ Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների մասնակցությամբ միջադեպի մասին

Մենք ինքներս պետք է ստեղծենք մեր երեխաների, մեր իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ: Մինչև դա չանենք, ադրբեջանական զինված ծառայողները միշտ էլ գործելու են այսպիսի հանցանքներ, թույլ են տալու սանձարցակ պահվածք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը և կցել տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները կանգնեցրել հայկական ավտոբուսը: «Միշտ լինելու է անորոշություն: Գրեթե 1 տարի է, ինչ խնդիրների մասին այդքան զգուշացնում եմ կոնկրետ փաստերով: Այս տեսանյութում ադրբեջանական զինված ու դիմակավորված ծառայողները կանգնեցրել են երեխաներ տեղափոխող քաղաքացիական ավտոբուս: Երեխաներն Արցախից են, որ երթևեկում են Որոտանի ճանապարհով: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի՝ Գեղամ Ստեփանյանի հետ համատեղ պարզել ենք, որ երեխաները Արցախի ֆուտբոլի երեխաների հավաքականի խաղացողներ են՝ 15-16 տարեկան: Ադրբեջանական ծառայողները՝ զինված ու դիմակավորված, ստուգել են երեխաների հեռախոսները՝ ինչ-որ տեսանյութեր գտնելու պատրվակով: Երեխաների ավտոբուսն այդպես պահել են 10-15 րոպե: Այդ ընթացքում նաև ավտոբուսի վրայից դանակով քերել են Արցախի դրոշը:
22:46 - 17 սեպտեմբերի, 2021
ՄԻՊ-ը բարոնուհի Քոքսին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը

ՄԻՊ-ը բարոնուհի Քոքսին է ներկայացրել Ադրբեջանի ԶՈՒ կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։  ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը: Արման Թաթոյանը նշել է,  որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը սխալ է, քանի որ երկրորդական պլան են մղվում մարդու իրավունքները, սահմանափակվում են այդ իրավունքները պաշտպանելու հնարավորությունները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից, որի հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ: Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածում, օրինակ՝ Սև լճում, անվտանգային լրջագույն խնդիրներ է առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ գտնվում են թիրախում, իսկ ադրբեջանական զինվորականները նաև արձակում են կրակոցներ: Դրանից բացի, մարդկանց մեծ մասը չի կարողանում զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, իսկ Գեղարքունիքի մարզում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել արոտավայրերի մոտ առկա անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել առանձին վայրերում. վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզում: Ավելին, մի շարք գյուղեր զրկված են ջրից: Արման Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների, նրանց ցուցանակների ու տեսախցիկների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ: Պաշտպանն առանձին անդրադարձ է կատարել վերջերս հրապարակած իր արտահերթ զեկույցին, որը վերաբերում է Ադրբեջանի պատասխանատվությանը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար։ Արման Թաթոյանը նշել է, որ  արտահերթ զեկույցում հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու կոնկրետ ապացույցներ, բարձր հավաստիությամբ փաստեր են ներկայացված։ Փաստաթուղթն ուղարկվել է միջազգային կառույցներին, ինչպես ՀՀ պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին։
18:31 - 17 սեպտեմբերի, 2021
ՄԻՊ-ը Քերոլայն Քոքսին ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը

ՄԻՊ-ը Քերոլայն Քոքսին ներկայացրել է ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։ ՄԻՊ գրասենյակը տեղեկացնում է, որ Արման Թաթոյանը ներկայացրել է հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը: Արման Թաթոյանը նշել է,  որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը սխալ է, քանի որ երկրորդական պլան են մղվում մարդու իրավունքները, սահմանափակվում են այդ իրավունքները պաշտպանելու հնարավորությունները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից, որի հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ: Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածում, օրինակ՝ Սև լճում, անվտանգային լրջագույն խնդիրներ է առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ գտնվում են թիրախում, իսկ ադրբեջանական զինվորականները նաև արձակում են կրակոցներ: Դրանից բացի, մարդկանց մասը չի կարողանում զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, իսկ Գեղարքունիքի մարզում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել արոտավայրերի մոտ առկա անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել առանձին վայրերում. վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզում: Ավելին, մի շարք գյուղեր զրկված են ջրից: Արման Թաթոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների, նրանց ցուցանակների ու տեսախցիկների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ: Պաշտպանն առանձին անդրադարձ է կատարել վերջերս հրապարակած իր արտահերթ զեկույցին, որը վերաբերում է Ադրբեջանի պատասխանատվությանը հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու համար։ Արման Թաթոյանը նշել է, որ  արտահերթ զեկույցում հայ գերիներին խոշտանգելու և անմարդկային վերաբերմունքի ենթարկելու կոնկրետ ապացույցներ, բարձր հավաստիությամբ փաստեր են ներկայացված։ Փաստաթուղթն ուղարկվել է միջազգային կառույցներին, ինչպես ՀՀ պետական մարմիններին և հասարակական կազմակերպություններին։
15:58 - 17 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանի զինծառայողների անօրինական գործողությունները ՀՀ ՄԻՊ-ը կներկայացնի միջազգային կառույցներին

Ադրբեջանի զինծառայողների անօրինական գործողությունները ՀՀ ՄԻՊ-ը կներկայացնի միջազգային կառույցներին

Սյունիքի մարզում սեպտեմբերի 14-15-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքները հաստատում են, որ Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհի Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում սեպտեմբերի 11-ին ադրբեջանական ոստիկանական  հենակետ տեղադրելուց հետո ադրբեջանական զինված ծառայողները շարունակական դիտավորյալ արարքներով խախտում են մարդկանց իրավունքները: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Մասնավորապես, փաստերը վկայում են, որ հենակետի զինված ծառայողները շարունակում են առանց իրավական հիմքերի կանգնեցնել օրինական հիմունքներով ՀՀ-ում գտնվող և միջպետական ճանապարհի այդ հատվածով երթևեկող իրանական պետհամարանիշներով բեռնատար ավտոմեքենաներ, տարբեր ստուգումներ իրականացնել: Վարորդներից անօրինական գանձում են գումարներ, ներկայացնում են անօրինական այլ պահանջներ: Մասնավորապես, պահանջում են դիզվառելիք, հայտարարված իբր պետական մուծումներից զատ գանձում են կանգնելու համար վճար, կան ահազանգեր ՀՀ դրամով տարբեր չափի գումարներ գանձելու մասին: Ոստիկանական հենակետի անմիջապես հարևանությամբ՝ ճանապարհի վրա տեղադրված են արգելապատնեշներ: Ադրբեջանական զինված ծառայողների այս անօրինական արարքների պատճառով ճանապարհի Որոտանի հատվածում էականորեն դանդաղել է մարդկանց ու քաղաքացիական մեքենաների տեղաշարժը, այդ պատճառով հաճախակի են դարձել խցանումները: Դրանք գնալով ավելի են ինտենսիվանում: Նույն կերպ խաթարվել է երթևեկությունը Կապան-Տաթև ճանապարհով: Ճանապարհը լրջորեն ծանրաբեռնվել է՝ նման բեռնատարների ու ծավալի երթևեկության համար նախատեսված չլինելու պատճառով: Առկա են վթարների դեպքեր: Խոսքը ինչպես ՀՀ քաղաքացիական բնակչության, այնպես էլ  ՀՀ տարածքում օրինական հիմքով գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների իրավունքների մասին է: Որոտանի հատվածում հերթերի, խցանումների պատճառով երթևեկությունը դարձել է միակողմանի: Լրջորեն բարդացել է ՀՀ քաղաքացիական բնակչության հաղորդակցությունը, այդ թվում՝ հասանելիությունը հրատապ բժշկական ծառայություններին: Նշվածից զատ, խախտվում է նաև Իրանի քաղաքացիների գործարարությամբ զբաղվելու և նրանց աշխատանքային իրավունքները: Մարդիկ կրում են էական նյութական վնասներ: Ճանապարհի Որոտանի հատվածում տեղադրված տեսախցիկների միջոցով ադրբեջանական իշխանությունները շարունակում են ՀՀ քաղաքացիական բնակիչների անձնական տվյալներ բացահայտ հավաքելը՝ առանց իրավական հիմքերի: Տեսախցիկներն ակնհայտ արձանագրում են բոլոր մեքենաների պետհամարանիշները, ուղևորների քանակը, նրանց ու վարորդների դեմքերը՝ հաշվի առնելով, որ հատկապես առանց այն էլ ճանապարհի այդ հատվածում ադրբեջանական զինված ծառայողների տեղադրած արգելապատնեշների պատճառով էականորեն դանդաղել է ավտոմեքենաների արագությունը: Հենակետի զինված ծառայողները, որոնք գրեթե բոլոր դեպքերում դիմակավորված են, դեմքերն ամբողջությամբ փակված է, մշտապես ծառայություն են իրականացնում ինքնաձիգներով ու այլ զինատեսակներով, ինչպես հաստատում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները: Սա բացարձակ անթույլատրելի, բացահայտ ահաբեկող նշանակության հանդերձանք է ու պահվածք՝ հաշվի առնելով, որ խոսքը գնում է ՀՀ համայնքներ իրար միավորող միջպետական նշանակության ճանապարհի մասին ու որ այդ ճանապարհող երթևեկում են գլխավորապես քաղաքացիական անձինք: Ավելին, ադրբեջանական զինված ծառայողների դիմակավորված լինելը կոպտորեն ոտնահարում է մարդու իրավունքների միջազգային կանոնները, բացարձակ բարձրացնում է անօրինական արարքների ռիսկը և ապահովում է անպատժելիության մթնոլորտ: Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանություններն ի սկզբանե հստակ գիտեն, թե ինչ վտանգավոր հետևանքների մարդկանց համար կարող են առաջացնել իրենց այս արարքները և դիտավորությամբ գնացել են դրան: Ուստի, կրում են մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների համար պատասխանատվությունը: Նրանց արարքները չունեն իրավական հիմք: Անհերքելի է, որ ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղակայումը, ինչպես նաև նման գործելաոճը հետապնդում է լարվածություն առաջացնելու, քաղաքացիական բնակչությանն ահաբեկելու նպատակ: Բազմաթիվ բեռնատար մեքենաների հերթերը, խցանումները խաթարել են Գորիսի Որոտան բնակավայրի քաղաքացիական բնակչության բնականոն ու խաղաղ կյանքը, առաջացրել են մարդկանց ֆիզիկական անվտանգությունը վտանգող հետևանքներ: Ստեղծված պայմաններում ադրբեջանական ոստիկանական հենակետը, արգելապատնեշներն ու տեսախցիկները, զինված ծառայողների տեղակայումը բացահայտ անիրավաչափ են: Այս հարցում պետք է ղեկավարվել մարդու իրավունքների գերակայության սկզբունքով՝ հատկապես հաշվի առնելով, որ երկու պետությունների միջև տեղի չի ունեցել պետական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա: Մարդու  իրավունքների պաշտպանը ստեղծված վիճակի մասին կտեղեկացնի մջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ և այլն):
11:38 - 17 սեպտեմբերի, 2021
ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով

ՄԻՊ-ը դիմել է ՍԴ՝ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր դիմել եմ ՍԴ պետական սահմանին լրագրողների տեսալուսանկարահանման արգելքը և այլ սահմանափակումներ վիճարկելու հարցով։ Մասնավորապես, սահմանային շերտի տարածքում տեսալուսանկարահանում իրականացնելու արգելքը խնդիրներ է առաջացրել լրագրողների համար՝ չսահմանելով թույլտվության չափանիշներ կամ կարգ: Այս կարգավորումը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների համար: Դիմումով վիճարկվում են նաև քաղաքացիների համար նախատեսված այլ սահմանափակումներ (սահմանային շերտի տարածքում արածեցնել կենդանիներին, մոտենալ անմիջապես սահմանագծին, շփվել սահմանապահ վերակարգերի հետ և այլն): Դիմումով միջնորդել եմ կասեցնել վիճարկվող սահմանափակումների գործողությունը մինչև Սահմանադրական դատարանում գործի դատաքննության ավարտը, ինչպես նաև առաջնահերթություն տալ գործի քննությանը: Խոսքը վերաբերում է «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի 22.1-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներին, ինչպես նաև վերջերս այդ հոդվածում կատարված փոփոխություններին։ Նշված սահմանափակումները չունեն բացառություն և վերաբերում են սահմանային շերտում սահմանապահ վերակարգերի անձնակազմերի հետ քաղաքացիների շփվելու, սահմանակից պետության սահմանապահ ուժերի ներկայացուցիչների և բնակիչների հետ զրուցելու արգելքին: Օրենքի վերոնշյալ կարգավորումները 2020թ.սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո մարդու իրավունքների տեսանկյունից խնդրահարույց են դարձել։ Բանն այն է, որ պետական սահմանների հետ կապված գործընթացների պատճառով ՀՀ բազմաթիվ բնակավայրեր դարձել են սահամային՝ հայտնվելով սահմանային շերտում: «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքով սահմանային շերտը սահմանային գոտու մի մասն է, որը հարում է պետական սահմանին կամ պետական սահմանը ջրային տարածքով անցնելիս սահմանային ջրերի ափերին` մինչև մեկ կիլոմետր լայնությամբ, իսկ սահամանային գոտին այն տարածքն է, որը ՀՀ պետական սահմանագծից ծավալվում է դեպի ՀՀ տարածքի խորքը` մինչև հինգ կիլոմետր լայնությամբ: Այսինքն՝ օրենքի կարգավորումների հետևանքով ստացվել է այնպես, որ սահմանային շերտում գտնվող բնակավայրերի բնակիչներն իրենց առօրյայում, օրինակ՝ տանը խնջույքի կամ որևէ այլ արարողության ժամանակ ցանկացած տեսակի ոգելից խմիչք օգտագործելու կամ հենց սեփական տանը կամ տան բակում լուսանկարվելու համար կարող են ենթարկվել պատասխանատվության: Մեկ այլ օրինակով՝ սահմանային իրավիճակով պայմանավորված՝ բազմաթիվ են դեպքերը, երբ բնակիչները ստիպված են շփվել իրենց բնակավայրերի անմիջական հարևանությամբ գտնվող ՀՀ սահմանապահ վերակարգերի անձնակազմերի հետ, ինչը գործող կարգավորումներով ևս մարդուն պատասխանատվության ենթարկելու հիմք է: Գործող օրենքով պատասխանատվություն է նախատեսված նաև ադրբեջանական ծառայողների շփումների համար, ինչը նույնպես պատերազմից հետո դարձել է անխուսափելի։ Մեկ այլ խնդիր է այն, որ սահմանափակումների հետևանքով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը չի կարողանում իր մանդատի ամբողջ ծավալով իրականացնել իր աշխատանքը, քանի որ սահմանային շերտում բնակվող քաղաքացիների բողոքների, ահազանգերի հիման վրա փաստահավաք աշխատանքներ իրականացնելիս արգելվում է տեսալուսանկարահանում իրականացնելն առանց համապատասխան թույլտվության, ինչը կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային իրավիճակներում Մարդու իրավունքների պաշտպանի՝ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ միջազգայնորեն երաշխավորված փաստահավաք աշխատանքի հիմքն է կազմում և ազդեցություն է ունենում հավաքագրած փաստերի հավաստիության, օբյեկտիվության, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջազգային ամենաբարձր «A» կարգավիճակի վրա։ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն այս ոլորտում անարգել է: Դրանից բացի, օրենքի կարգավորումները խիստ անհավասար վիճակի մեջ են դնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին միջազգային հարթակներում և, հատկապես, Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատարի հետ համեմատության մեջ, քանի որ վերջինս, ի տարբերություն ՀՀ օմբուդսմանի՝ փաստահավաք աշխատանքներ իրականացնելիս սահմանափակված չէ օրենսդրական որևէ արգելքով: Ընդ որում, երկրում ստեղծված իրավիճակն ակնհայտ վկայում է, որ այս օրենքի  նորմերը չեն կիրառվում կամ կիրառվում են հատվածական՝ անխուսափելիորեն հանգեցնելով խտրականության: Օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան բնակավայրի հատվածում ադրբեջանական զինված ծառայողների գործողություններն անընդհատ նկարահանվում կամ լուսանկարվում են թե՛ քաղաքացիների, թե՛ լրագրողների, թե՛ տարբեր պաշտոնյաների կողմից, բայց ոչ միշտ է նրանց արգելվում կամ կիրառվում պատասխանատվության միջոցներ։  Դա օբյեկտիվորեն էլ հնարավոր չէ ամբողջությամբ ապահովել։ Մյուս կողմից, սահմանային շերտ մուտք գործելու և մասնագիտական աշխատանքի հարցում խտրական է մոտեցումը նաև ՀՀ լրագրողների նկատմամբ, քանի որ հայտնի չէ, թե ինչ չափանիշների դեպքում է հնարավոր ստանալ լուսանկարահանում իրականացնելու թույլտվություն։ Հայաստանյան լրատվամիջոցները հաճախ են բախվում խնդիրների: Արձանագրվել են նաև տարբերակված մոտեցումներ՝ կապված միջազգային լրագրողների հետ: Ընդունելով հանդերձ միջազգային լրագրողների կարևոր դերն ու նշանակությունը ՀՀ պետական սահմանին տիրող իրավիճակի միջազգային լուսաբանման հարցում՝ պետք է, սակայն հստակ արձանագրել, որ միայն միջազգային լրատվամիջոցների լրագրողներին սահմանային շերտ մուտք գործելու թույլտվություն տալը խտրականություն է ՀՀ-ում գործող այն լրատվամիջոցների նկատմամբ։ Առավել ևս, ՀՀ լրատվամիջոցները չունեն հստակ պատկերացում, օրինակ, իրենք ու՞մ պետք է դիմեն, ի՞նչ կարգով ու ինչպե՞ս ստանան թույլտվություն: Բայց չպետք է մոռանալ, որ լրագրողի աշխատանքը կոնֆլիկտային ու հետկոնֆլիկտային իրավիճակներում ունի իրավապաշտպան, խախտումները կանխարգելող նշանակություն։ Դա արդիական է հատկապես հիմա և վերաբերում է նաև ՀՀ պետական սահմանին։ Նշենք նաև, որ սահմանափակումներին վերաբերող օրենսդրական նախագիծը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կարծիքի չի ուղարկվել: Պաշտպանն իր դիրքորոշումը հայտնել է սեփական նախաձեռնությամբ, որը ևս հաշվի չի առնվել։ Սահմանադրական գործառույթներով օժտված սահմանադրական մարմիններին, այդ թվում՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, նախագծերը կարծիքի չուղարկելն ակնհայտորեն նվազեցնում կամ վտանգում է հետագայում ընդունվելիք ակտի սահմանադրականության կամ լեգիտիմության աստիճանը: Ցանկացած պարագայում,  Սահմանադրության և «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Սահմանադրական օրենքի ուժով «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքի կարգավորումները չեն կարող տարածվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի վրա, քանի որ ունեն ավելի բարձր իրավաբանական ուժ։ Մյուս սահմանափակումների մասով էլ հիմնարար է, որ օրենքը պետք է համապատասխանի իրավական որոշակիության և համաչափության սկզբունքներին։ Դիմումում կոնկրետ փաստերով հիմնավորել ենք, որ առկա սահմանափակումները հանգեցնում են անձնական ազատության, ազատ տեղաշարժվելու, կարծիքի արտահայտման ազատության, Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու և Պաշտպանի աջակցությունը ստանալու սահմանադրական իրավունքներին պետության անհամաչափ միջամտության, ինչպես նաև իրավական որոշակիության և համաչափության սահմանադրական սկզբունքների ոտնահարման»:
15:53 - 16 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանական զինծառայողների ներկայության պայմաններում սահմանազատումն առաջ կբերի իրավունքների նոր խախտումներ․ՄԻՊ

Ադրբեջանական զինծառայողների ներկայության պայմաններում սահմանազատումն առաջ կբերի իրավունքների նոր խախտումներ․ՄԻՊ

Ադրբեջանական զինված ծառայողների ներկայության պայմաններում սահմանազատումն առաջ կբերի իրավունքների նոր խախտումներ. Արման Թաթոյանը ադրբեջանական խախտումները կոնկրետ փաստերով ներկայացրել է Եվրամիության հատուկ ներկայացուցչին։ Այս մասին հայտնում է ՄԻՊ-ը։    ՄԻՊ-ը ընդունել է Հարավային Կովկասում և ճգնաժամի հարցերով Վրաստանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորին:    Արման Թաթոյանը ներկայացրել է հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը: Նշել, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը սխալ է, քանի որ երկրորդական պլան են մղվում մարդու իրավունքները, սահմանափակվում են այդ իրավունքները պաշտպանելու հնարավորությունները: Որպես ՀՀ մարդու իրավունքների պաշտպան՝ նշել է, որ ադրբեջանական անօրինական արարքների հետևանքով մարդիկ զրկվել են նույնիսկ դեռ խորհրդային ժամանակներից իրենց պատկանող տներից, հողատարածքներից, խոտհարքերից, որի հետևանքով առաջ են եկել ոչ միայն սոցիալական, այլ նաև անվտանգային լուրջ խնդիրներ: Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը ՀՀ ինքնիշխան տարածում, օրինակ՝ Սև լճում, անվտանգային լրջագույն խնդիրներ է առաջացրել շրջակա բնակավայրերի համար, քանի որ գտնվում են թիրախում, իսկ ադրբեջանական զինվորականները նաև արձակում են կրակոցներ: Դրանից բացի, մարդկանց մասը չի կարողանում զբաղվել անասնապահությամբ, որն իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, իսկ Գեղարքունիքի մարզում խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել արոտավայրերի մոտ առկա անասնագոմերում, ջուր խմեցնել կամ արածեցնել առանձին վայրերում. վտանգված է ջրային պաշարների հասանելիությունը ոչ միայն Սյունիքի, այլ նաև Գեղարքունիքի մարզում: Ավելին, մի շարք գյուղեր զրկված են ջրից: Ներկայացրել եմ Սյունիք կատարած վերջին այցերից մեկի ժամանակ տեղի ունեցած միջադեպերը, որի հետևանքով անձամբ եմ համոզվել, որ ադրբեջանական զինծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին մարդկանց առաջնահերթ կյանքի ու ազատ տեղաշարժման իրավունքների խախտում է․    «Մասնավորապես, Սյունիքից Երևան վերադառնալիս Մ2 միջպետական ճանապարհին փորձնական 1-2 րոպեով կանգնել էինք այն հատվածներում, որտեղ ադրբեջանական զինված ծառայողներ են տեղակայված: Փորձում էինք հասկանալ, թե ինչ տեղի կունենա, եթե ինչ-որ օբյեկտիվ պատճառով, ասենք, մեքենայի անսարքության կամ ուղևորի ինքնազգացողությունը վատանալու պատճառով քաղաքացիական մեքենա կանգնի այդ հատվածում: Կանգնելուն պես ադրբեջանական զինված ծառայողը նկատել էին քաղաքացիական մեքենաները, անմիջապես մտել էի շինություն (տնակ) և ինքնաձիգը ձեռքին դուրս եկել՝ պարզելով մեր ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ։    ՄԻՊ-ը ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միայն սահմանազատումը` առանց անվտանգության գոտի ստեղծելու, առանց ադրբեջանական զինված ծառայողների, նրանց ցուցանակների ու տեսախցիկների հեռացման, ոչ միայն չի ապահովելու ՀՀ քաղաքացիների ու հատկապես ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, այլ կդառնա իրավունքների նոր խախտումների ու նոր լարվածության պատճառ:   Հանդիպման ընթացքում բարձր է գնահատել Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությունը, անձամբ դեսպան Անդրեա Վիկտորինի կարևոր դերը ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման գործում:
23:08 - 14 սեպտեմբերի, 2021
Վիլեն Գաբրիելյանին առնչվող տեղեկություններում, որոնք արձանագրել էր ՄԻՊ-ը, հանցագործության դեպքի բացակայության հիմքով գործ չի հարուցվել

Վիլեն Գաբրիելյանին առնչվող տեղեկություններում, որոնք արձանագրել էր ՄԻՊ-ը, հանցագործության դեպքի բացակայության հիմքով գործ չի հարուցվել

Լուսանկարները՝ խորհրդարանի կայքից եւ ֆեյսբուքյան էջից Այս ամսվա սկզբին քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե այսօր Հայաստանում գործող անարդարադատությունը շարունակում է ապօրինի կերպով կալանքի տակ պահել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանին մի մեղադրանքով, ինչի մեջ ՄԻՊ-ն իր զեկույցում մեղադրել է ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին: Մարգարյանի այս գրառումը տարածել էին մի շարք լրատվական կայքեր։ Խոսքը այս տարվա հունիսի 18-ին հրապարակված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հունիսի 17-ի եւ «Հայաստան» դաշինքի հունիսի 18-ի եզրափակիչ հավաքներին մասնակցության առնչությամբ վարչական ռեսուրսի չարաշահման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման արդյունքները» վերտառությամբ Պաշտպանի հայտարարության մասին է։  ՄԻՊ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է, որ Պաշտպանի աշխատակազմին ներկայացվել են տեղեկություններ այն մասին, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը հավաքին համակարգել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը (այժմ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր,- հեղ․): Համաձայն հայտարարության՝ ըստ ՄԻՊ աշխատակազմի ձեռք բերած տվյալների՝ Վ. Գաբրիելյանը տուն-ինտերնատի տնօրենին տվել է կոնկրետ գործողություններ կատարելու ապօրինի հրահանգներ, համակարգել է նրա աշխատանքները՝ կապված հունիսի 17-ի հավաքին աշխատակիցների մասնակցությունն ապահովելու հետ: Ըստ տեղեկությունների՝ նա նաեւ տնօրենին հրահանգներ է տվել, թե ինչ պատասխանել այլ մարմինների ու լրատվամիջոցների՝ տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցության մասին հրապարակված տեսանյութի առնչությամբ: Պաշտպանի հայտարարության մեջ նշված էր նաեւ, որ հատուկ ուսումնասիրվել են շրջանառված տեսանյութերը, որոնցով պնդումներ են արվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաքին «Սեւան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտների ու աշխատակիցների, ինչպես նաեւ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ: Պաշտպանի հանձնարարությամբ՝ հունիսի 18-ին տեղի են ունեցել չհայտարարված այցեր այդ հոգեբուժական կազմակերպություններ: Եւ պարզվել է, որ Կենտրոնի պացիենտները հավաքին չեն մասնակցել: Փոխարենը՝ պարզվել է, որ տեղի է ունեցել աշխատակիցների կազմակերպված մասնակցություն հավաքին. խոսքը օրվա հերթափոխն ավարտած աշխատակիցների մասին է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հոգեբուժարանի աշխատակիցների հարկադրական մասնակցության դեպքեր չի հայտնաբերել: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ չհայտարարված այցի ընթացքում հունիսի 17-ի հավաքին խնամյալների մասնակցության փաստեր չեն արձանագրվել: Այստեղ, ըստ ՄԻՊ-ի հայտարարության, նույնպես արձանագրվել է, որ տեղի է ունեցել աշխատակիցների կազմակերպված մասնակցություն հավաքին: ՄԻՊ-ի ներկայացրած այս տեղեկությունների համատեքստում քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն իր գրառման մեջ նշել է, որ Վիլեն Գաբրիելյանին որեւէ մեղադրանք չի առաջադրվել, եւ նա ՔՊ խմբակցության կազմում մասնակցում է ԱԺ-ի նիստերին: Մարգարյանը գրել է, որ Հայաստանի գլխավոր դատախազի ուշադրությանն է հանձնում ՄԻՊ-ի զեկույցի այդ հատվածը։ Infocom-ը ՀՀ գլխավոր դատախազությունից գրավոր հարցմամբ տեղեկացավ, որ դեռեւս հունիսին ՄԻՊ հայտնած տեղեկությունները, այդ թվում՝ Վիլեն Գաբրիելյանի ենթադրյալ գործողությունների վերաբերյալ, ուսումնասիրվել են։ Մեր հարցերին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Գեղարքունիքի մարզի դատախազին է ուղարկվել նաեւ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կազմակերպած հանրահավաքին «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների մասնակցությունն առերեւույթ հարկադրաբար ապահովելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցի հաղորդումը՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարություն տալու համար: ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրությունը, որով հայտնվել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի կողմից «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի աշխատակիցների մասնակցությունը հավաքին համակարգելու, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին ու լրատվամիջոցների՝ տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցության մասին հրապարակված տեսանյութի առնչությամբ պատասխան ներկայացնելու վերաբերյալ հրահանգներ տալու փաստը կրկին ուղարկվել է Գեղարքունիքի մարզի դատախազին՝ նախապատրաստվող հիշյալ նյութերի հետ համատեղ ընթացքը լուծելու նպատակով: Նյութերի նախապատրաստմամբ, սակայն, ինչպես հայտնել են Դատախազությունից, վկայակոչված հանգամանքները չեն հաստատվել: Մասնավորապես, «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը եւ աշխատակիցները, ինչպես նաեւ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը տրված բացատրություններով հերքել են դրանցում տեղ գտած հանգամանքները, իսկ դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք չեն տվել: Ուստի 2021թ. հունիսի 29-ին նախապատրաստված նյութերով որոշվել է մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։ Ինչ վերաբերում է 2021թ. հունիսի 17-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին «Սեւան» հոգեկան առողջության կենտրոնի անձնակազմի մասնակցության վերաբերյալ տվյալներին, ապա, ինչպես հայտնել են Դատախազությունից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման արդյունքներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Սեւանի բաժին՝ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ: Կատարված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նշված հանգամանքները չեն հիմնավորվել։ Պաշտպանի արձանագրած մյուս դրվագը վերաբերում է «Հայէկոնոմբանկի» տնօրինության ենթադրյալ հրահանգներին։ Ըստ հայտարարության, հրապարակումներ կան այն մասին, որ բանկի տնօրինության հրահանգների հիման վրա կազմակերպվել է աշխատակիցների կազմակերպված մասնակցությունը հունիսի 17-ի հավաքին: «Հայէկոնոմբանկի» վերաբերյալ 1 ահազանգ է ներկայացվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ առանձին՝ մտավախություն հայտնելով հավաքին չմասնակցելու համար հնարավոր խնդիրների մասին: Դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «Հայէկոնոմբանկի» աշխատակիցներին ստիպողաբար ՔՊ ցույցին տանելու վերաբերյալ սոցիալական ցանցում 17.06.2021թ. հրապարակված տեղեկությունը ՀՀ դատախազությունը նույն օրն ուղարկել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին՝ ստուգման նպատակով: Դրա շրջանակներում հարցման են ենթարկվել բանկի աշխատակիցները, կառավարիչը, որոնք հայտնել են, որ իրենց կամքով են գնացել հանրահավաքի, իրենց որեւէ մեկը չի ստիպել: Բացատրություն է տվել տեղեկությունը հրապարակած անձը, որը, սակայն, ըստ Դատախազության, որեւէ կոնկրետ տվյալ չի տրամադրել: Նկատի առնելով, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկությունը չի հաստատվել՝ այն թողնվել է անհետեւանք։ Այսպիսով, քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի ձեւակերպումը, թե Մարդու իրավունքների պաշտպանը մեղադրել է այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին, առնվազն խնդրահարույց է, քանի որ Պաշտպանը միայն արձանագրել է իրեն հայտնի դարձած տեղեկությունները եւ իրավապահների ուշադրությունն է հրավիրել ենթադրյալ ապօրինության վրա, այլ ոչ թե հանցագործության մեջ մեղադրել որեւէ անձի։ Բացի դրանից՝ Դատախազությունից հայտնել են, որ դեռ հունիսին՝ մինչեւ քաղաքագետի գրառումն են ուսումնասիրել ՄԻՊ-ի եւ լրատվամիջոցների հայտնած տեղեկությունները, սակայն նյութերի նախապատրաստման ընթացքում հանցագործության դեպք չի հայտնաբերվել, այդ պատճառով գործ չի հարուցվել։ Այսինքն՝ քրեական գործի հարուցման համար փաստական բավարար տվյալները բացակայել են, ուստի Գաբրիելյանին մեղադրանք չէր կարող առաջադրվել։ Իսկ ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի 20-րդ համար Արմեն Չարչյանի մեղադրանքին՝ նշենք, որ այս տարվա հունիսի 18-ին Հատուկ քննչական ծառայությունը ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով քրեական գործ էր հարուցել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին առնչվող ձայնագրության փաստով։ Իսկ ձայնագրությունում լսվում էր Չարչյանի ձայնը, երբ նա բժշկական կենտրոնի աշխատակիցներին հայտնում էր, թե ինքը որ քաղաքական ուժի ցուցակում է եւ պարտադրում անպայման մասնակցել ընտրություններին։ Լսվում է նաեւ, թե նա ինչպես է աշխատակիցներին զգուշացնում, որ ընտրություններից հետո կկարողանա իմանալ՝ ով է մասնակցել քվեարկությանը, ով՝ ոչ։ Հունիսի 21-ին Չարչյանը քրեական գործում որպես մեղադրյալ է ներգրավվել, նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում։  Հայարփի Բաղդասարյան
19:32 - 14 սեպտեմբերի, 2021
Որոշակի դեպքերում ծառայության ընթացքում հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողները չեն օգտվում անվճար բուժօգնության և սպասարկման իրավունքից․ ՄԻՊ

Որոշակի դեպքերում ծառայության ընթացքում հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողները չեն օգտվում անվճար բուժօգնության և սպասարկման իրավունքից․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ օրենսդրության պատճառով որոշակի դեպքերում ծառայության ընթացքում հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողները չեն օգտվում անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքից: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ «Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները փաստում են հետևյալը. 1) պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած այն քաղաքացիները, ովքեր զինվորական ծառայության ընթացքում ձեռք են բերել հիվանդություն, որը հիմք չի հանդիսացել նրանց ոչ պիտանի ճանաչելու համար, սակայն զորացրվել են ժամկետը լրանալու կապակցությամբ, չեն օգտվում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունքից. 2) պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած այն քաղաքացիները, ում զինվորական ծառայության ընթացքում ցուցվել է բժշկական օգնություն, սակայն զինվորական ծառայության ընթացքում չի իրականացվել, չեն օգտվում անվճար բժշկական օգնություն ստանալու իրավունքից. 3) զինվորական ծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք, ում նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում հաշմանդամության խումբ չի սահմանվել, օգտվում են հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքից՝ միայն բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի կողմից կազմված վերականգնողական անհատական ծրագրի շրջանակներում. 4) այն պայմանագրային զինծառայողները, ովքեր զինվորական ծառայությունից արձակվել են պահեստազոր ոչ թե երկարամյա ծառայության կամ ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով, այլ կադրերի տրամադրության տակ գտնվելու ժամկետը լրանալու կապակցությամբ, չեն օգտվում անվճար բժշկական օգնությունից նույնիսկ այն դեպքում, երբ հիվանդությունը ձեռք են բերել ծառայության ընթացքում: Խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ինչպես տարեկան հաղորդումներում, այնպես էլ ՊՆ և Զինված ուժերի գլխավոր շտաբի իրավասու ստորաբաժանումների հետ քննարկումների ընթացքում: Հարկ է նկատել, որ մի շարք բողոքների քննարկմամբ և իրավասու մարմինների հետ համագործակցությամբ նախկին զինծառայողներին գործնականում տրամադրվում է անվճար բժշկական օգնություն ու սպասարկում: Մինչդեռ, խնդիրն ավելի խորքային ու համակարգային է. գործող օրենսդրության պատճառով մարդիկ անընդհատ խոչընդոտների առաջ են կանգնում: Մարդու իրավունքների պաշտպանը չի սահմանափակվում միայն խնդիրների մատնանշմամբ, այլ ներկայացնում է նաև դրանց լուծման կոնկրետ եղանակներ: Այսպես, Պաշտպանի դիրքորոշմամբ՝ հարցի ամբողջական լուծման, քաղաքացիների իրավունքների ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է օրենսդրական հստակ կարգավորումներ: Մասնավորապես, անհրաժեշտ է՝ -սահմանել, որ ժամկետը լրանալու կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակվելիս պարտադիր ժամկետային զինծառայողների մոտ բուժման կարիք պահանջող հիվանդության հայտնաբերման դեպքում նրանց տրամադրվելու է անվճար բժշկական օգնություն և սպասարկում,  -այն դեպքում, երբ զինվորական ծառայության ժամկետում չեն լուծվում պլանային բուժման կամ վիրահատության կարիք ունեցող զինծառայողների առողջական խնդիրները, ցուցված բուժումը կամ վիրահատությունն անվճար հիմունքներով պետք է իրականացվի զինվորական ծառայությունից արձակվելուց հետո, -օրենսդրական փոփոխությամբ ամրագրել, որ զինվորական ծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության պատճառով զորացրված անձինք օգտվում են հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքից՝ անկախ հաշմանդամության ձեռք բերելու հանգամանքից, -նաև ամրագրել, որ նախկին պայմանագրային զինծառայողներն օգտվում են զինվորական ծառայության ընթացքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության կապակցությամբ անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունքից՝ անկախ զինվորական ծառայությունից արձակվելու հիմքից: Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնապես առաջարկներ կուղարկի Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, այդ թվում՝ ոլորտային հանձնաժողովներ և խմբակցություններ, ինչպես նաև Պաշտպանության և Արդարադատության նախարարություններ: Մանրամասները տեղ են գտել նաև Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։
11:42 - 14 սեպտեմբերի, 2021
Անթույլատրելի է կալանք դնելը մարդու ունեցվածքի վրա՝ առանց հաշվի առնելու հատուցման ենթակա վնասի իրական չափը․ ՄԻՊ

Անթույլատրելի է կալանք դնելը մարդու ունեցվածքի վրա՝ առանց հաշվի առնելու հատուցման ենթակա վնասի իրական չափը․ ՄԻՊ

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են բողոքներ, որ կալանք է դրվում մեղադրյալի արժեքով մի քանի անգամ ավելի դրամական միջոցների և այլ գույքի (խոսքն այդ թվում ողջ գույքի մասին է) վրա, քան քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնասի, գույքի հնարավոր բռնագանձման կամ դատական ծախսերի չափն է: Նման պրակտիկան, իհարկե, անընդունելի է՝ հատկապես, որ Պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրմամբ հաճախ պարզվում է, որ քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառված քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնասի չափն անհամեմատ ավելի փոքր է: Սա ոչ իրավաչափորեն անբարենպաստ հետևանքներ է առաջացնում մեղադրյալի համար, քան իրականում անհրաժեշտ է քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը կամ դատական ծախսերն ապահովելու համար: ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների վերլուծությունից ակնհայտ է, որ կանխարգելիչ բնույթ կրող քրեադատավարական հարկադրանքի այս միջոցը կոչված է սեփականության (կամ այլ գույքային) իրավունքների սահմանափակման միջոցով ապահովելու՝ 1. քաղաքացիական հայցը, 2. գույքի հնարավոր բռնագրավումը, 3. դատական ծախսերը։ ՀՀ վճռաբեկ դատարանը խնդրի առնչությամբ արձանագրել է, որ սեփականություն հանդիսացող գույքն իր հայեցողությամբ տնօրինելու, տիրապետելու և օգտագործելու՝ անձի սահմանադրական իրավունքը սահմանափակող քրեադատավարական հարկադրանքի այս միջոցի իրավաչափ կիրառման համար վարույթն իրականացնող մարմինն ընդհանուր շահի և անհատի` իր գույքից անարգել օգտվելու իրավունքի պաշտպանության պահանջների միջև պարտավոր է ապահովել արդարացի հավասարակշռություն։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանն իր այս դիրքորոշումը հիմնավորել է հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին։ Պաշտպանն ընդգծում է, որ անհրաժեշտ է միասնական պրակտիկայի ապահովման նպատակով խստորեն հետևել ՀՀ վճռաբեկ դատարանի՝ վերը նշված որոշմամբ ամրագրված դիրքորոշումներին և բոլոր հնարավոր միջոցների կիրառմամբ բացառել մեղադրյալին պատկանող ամբողջ գույքի վրա անհամաչափ կալանք դնելու՝ պրակտիկայում դեռևս շարունակվող դեպքերը: Այսպիսով, վերը նշվածի հաշվառմամբ, կարելի է պնդել, որ անհրաժեշտ է բացառել քրեական գործով վարույթի շրջանակներում այնպիսի գույքի վրա կալանքի կիրառությունը, որն օրենքով ենթակա չէ բռնագանձման կամ կալանքը պետք է դնել այն չափով, որ չափով ենթակա է բռնագանձման:
11:20 - 10 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանցիների գործողությունները գնալով ինտենսիվ են դառնում, պատճառը հստակ է` անպատժելիությունը. Արման Թաթոյան

Ադրբեջանցիների գործողությունները գնալով ինտենսիվ են դառնում, պատճառը հստակ է` անպատժելիությունը. Արման Թաթոյան

Պատերազմից հետո խնդիրները թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում նույնաբնույթ են։ Ադրբեջանական զինված ուժերի կողմից սահմանին իրականացվող գործողությունների քաղաքականությունը նույնն է, ամբողջությամբ հիմնված է միասնական թշնամական քաղաքականության վրա։ Այս մասին ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Թիրախային կրակոցներ և հարձակումներ են տեղի ունենում սահմանային բնակավայրերի ուղղությամբ, օրինակ` հովիվների վրա։ Մարդիկ մշակում են իրենց հողը, ադրբեջանական զինված ուժերը անօրինական իջնում են իրենց դիրքերից, մտնում մեր տարածք, ասում են` սա մեր հողն է։ Խախտվել է քաղաքացիների տեղաշարժման, ջրի և սանիտացիայի իրավունքները։ Հայաստանում ունենք գյուղեր, որտեղ ջուր չկա, այն պատճառով, որ ադրբեջանական զինված ուժերը ջրավազանների մոտ են»։ Թաթոյանն ընդգծեց, որ Ադրբեջանը ամենամեծ լարվածությունը ստեղծում է գերիների հարցի շուրջ` չհրապարակելով գերիների թիվը կամ հոգեկան տառապանքներ պատճառելով անհետ կորած զինծառայողների ծնողներին։ Անդրադառնալով սոցիալ- տնտեսական խնդիրներին` Թաթոյանը նշեց. «Մարդիկ կան, որ Հայաստանի բանկային կազմակերպություններից վարկեր են վերցրել Արցախում ներդրումներ անելու նպատակով, մեկ այլ դեպքում վարկով անասուններ են գնել, սակայն ադրբեջանցիները գողացել են այդ անասունները։ Սյունիքում ունենք դեպք, երբ գողացել են 120 մանր եղջերավոր կենդանիների, Կութ գյուղում մեկ օրում հինգ ընտանիքի պատկանող 80 խոշոր եղջերավոր կենդանի են գողացել, նման իրավիճակներում մարդը շարունակում է վարկը վճարել մի բանի համար, որը չկա և գողացվել է ադրբեջանցիների կողմից»։ Թաթոյանը նշեց, որ իրենց կատարած ուսումնասիրությունների արդյունքները և խնդիրների լուծման առաջարկությունները գրավոր կերպով ներկայացնելու են կառավարությանը։ «Ադրբեջանցիների գործողությունները գնալով ավելի ինտենսիվ են դառնում։ Անգամ, եթե նրանք մեկ շաբաթ ոչինչ չձեռնարկեն, այդ հարցերը չեն լուծվելու, եթե մեկ ամիս չկրակեն, միևնույն է նրանց ներկայությունը կյանքի իրավունքի կոպիտ ոտնահարում է»։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին` որն է պատճառը, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները ինտենսիվ բնույթ են կրում, Թաթոյանը նշեց. «Պատճառը հստակ է` անպատժելիությունը։ Նրանք հստակ տեսնում են, որ ինչ էլ անում են, չեն պատժվում։ Իրենց իշխանությունները միայն խրախուսում են` սկսած պատերազմի օրերից։ Ակնհայտ է մեկ բան` նրանք չեն հանգստանալու, եթե մենք ինքներս պաշտպանության ամուր երաշխիքներ չներդնենք»։
14:50 - 09 սեպտեմբերի, 2021
Հաշմանդամության կարգավիճակի սահմանման ու բողոքարկման գործընթացը մարդկանց լրացուցիչ խնդիրների առաջ է կանգնեցնում․ տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր խորհրդի նիստ

Հաշմանդամության կարգավիճակի սահմանման ու բողոքարկման գործընթացը մարդկանց լրացուցիչ խնդիրների առաջ է կանգնեցնում․ տեղի է ունեցել ՄԻՊ-ին առընթեր խորհրդի նիստ

ՄԻՊ գրասենյակից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 7-ին հրավիրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստ։ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ կազմակերպված քննարկման հիմնական թեման վերաբերել է հաշմանդամության կարգավիճակի սահմանման չափորոշիչների և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքների բողոքարկման հետ կապված հիմնախնդիրներին։ Արման Թաթոյանը բացման խոսքում նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումներն ու բողոքների ուսումնասիրությունը վկայում են, որ հաշմանդամության կարգավիճակի սահմանման  հիմնախնդիրները համակարգային բնույթի են: Դրանց պատճառով են խախտվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները: «Հաշմանդամության կարգավիճակ սահմանելու նպատակով նշանակված բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում չի իրականացվում անձի օբյեկտիվ զննություն, հաշվի չեն առնվում անձի կենսագործունեության իրական հնարավորությունները, չի իրականացվում իրական կարիքների գնահատում, փոխարենը հանձնաժողովի կողմից ուշադրություն է դարձվում միայն ներկայացված բժշկական փաստաթղթերում կատարված տերմինաբանական նշումներով արտացոլվող ախտորոշումներին՝ առանց դրանք համադրելու անձի կարիքների և հնարավորությունների հետ: Այս դեպքում խնդիրն այն է, որ բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչներն ու բժշկասոցիալական փորձաքննության միջոցով հաշմանդամության կարգավիճակի, խմբերի սահմանման չափորոշիչները հստակ չեն և հաճախ տարաբնույթ մոտեցումների կիրառման պատճառ են դառնում»,- նշել է Արման Թաթոյանը: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ մարդիկ իրենց մտահոգությունն են հայտնում, որ հաշմանդամության կարգավիճակի սահմանումից հետո իրենք իրենց կյանքի որակը, կենսակերպը շարունակում է մնալ նույնը, իսկ որոշ դեպքերը էլ հայտնվում են էլ ավելի ծանր վիճակում: Խնդիրն էլ ավելի է խորանում կարիքահեն համայնքային ծառայությունների սղության, իսկ որոշ դեպքերում (օրինակ, հազվադեպ հանդիպող ախտորոշումների համար) առհասարակ բացակայության պատճառով։ Արդյունքում, անձը զրկվում է ոչ միայն ստեղծված իրավիճակում կենսակերպն ինքնուրույն ապահովելու հնարավորությունից, այլև առաջացած խնդիրների լուծման հարցում բախվել է աջակցող հնարավորությունների և ծառայությունների բացակայությանը։ Հաշմանդամության կարգավիճակի սահմանման կամ հաշմանդամության խմբի փոփոխման հետ կապված խնդիրներն էլ ավելի են խորանում հանձնաժողովների որոշումների վերաբերյալ վարչական ակտերի բողոքարկման գործող ընթացակարգերի արդյունավետ չլինելու պատճառով։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումները փաստում են, որ վարչական ակտի բողոքարկման պարագայում հաճախ կատարվում է վարչական ակտի մակերեսային ուսումնասիրություն և որոշումը հիմնականում մնում է անփոփոխ, չի կատարվում ամբողջական՝ անձի գանգատների, տեղեկությունների վերլուծություն և փաստաթղթային զննություն։ Այդ դեպքում էլ մարդիկ նշում են, որ ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով, չնայած իրենց առողջական վիճակի փաստացի վատթարացմանը, նոր բժշկական փաստաթղթեր ստանալու նպատակով հետազոտություններ չեն կարողանում անցնել, ինչի պատճառով էլ չեն կարող բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովներին վերափորձաքննություն անցնելու նպատակով: Հաշմանդամության սահմանման ֆունկցիոնալության գնահատման մոդելին անցնելու նպատակով 2021 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին»  ՀՀ օրենքը, սակայն օրենքի կիրառումն ապահովող գործիքակազմ, ընթացակարգեր դեռևս ներդրված չեն: Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի նիստին բարձրացվել են տարաբնույթ հարցեր կապված հաշմանդամության կարգավիճակի սահմանման չափորոշիչների և բժշկասոցիալական փորձաքննության արդյունքների բողոքարկման անարդյունավետության հետ։ Բարձրացված հարցերը կամփոփվեն, ըստ իրավասության գրություններ կուղարկվեն իրավասու մարմիններին։
11:32 - 09 սեպտեմբերի, 2021
Կան իդենտիֆիկացված անձինք, որոնց առնչությունը խոշտանգումներին ակնհայտ է, ուստի նրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության․ Սիրանուշ Սահակյան

Կան իդենտիֆիկացված անձինք, որոնց առնչությունը խոշտանգումներին ակնհայտ է, ուստի նրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության․ Սիրանուշ Սահակյան

Հայ գերիներին խոշտանգելու եւ անմարդկային վերաբերմունքի ենթարկելու՝ Ադրբեջանի պատասխանատվության վերաբերյալ հրավիրված ասուլիսի ժամանակ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը շեշտեց, որ լուրջ ապացուցողական բազա ունեն, որ Ադրբեջանի ՊՆ ռազմական ոստիկանությունը, ԱԱԾ քննչական մեկուսարանը, Արդարադատության նախարարության մեկուսարանների աշխատակիցներն ու ղեկավարությունը ներգրավված են եղել հայ գերիների խոշտանգումների մեջ։ Նա նշեց, որ կան պատասխանատվության մեխանիզմներ, որոնց միջոցով անմիջական կատարողները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության, բայց կան նաեւ քաղաքական պատասխանատվության միջոցներ, եթե դրսեւորվի հետեւողականություն։ Սահակյանի խոսքով՝ երկու կարեւոր ակտ կա, որից մեկը գործում է ԵՄ շրջանակներում, որը վերաբերում է մարդու իրավունքների խախտումների համար պատժամիջոցների կիրառման ռեժիմին։ Այստեղ թվարկված են այն արարքները, որոնց պարագայում ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ կիրառել։ Սահակյանը նախաձեռնողականության պարագայում տեսնում է հնարավորություն, որ ԵՄ-ն քայլեր կձեռնարկի այս ուղղությամբ։ Նա նշեց, որ կան իդենտիֆիկացված անձինք, որոնց առնչությունը խոշտանգումներին ակնհայտ է, ուստի նրանք պետք է ենթարկվեն պատասխանատվության։ Իրավապաշտպանները հավաքագրել են փաստերը ու դրանք ներկայացնելու են միջազգային կառույցների ուշադրությանը։ Սահակյանը նշեց, որ հիմնվում են ոչ միայն ռազմագերիների հայտարարությունների վրա, այլեւ դրանք ստուգում են գոյություն ունեցող այլ փաստերի ու տվյալների հետ՝ պատմածները համադրելով, օրինակ, զննության տվյալների հետ, եւ այլն։ ՀՀ ՄԻՊ-ն ընդգծեց, որ զեկույցներն ուղարկելու են միջազգային կառույցներին, այդ թվում՝ միջազգային դատական ատյաններ, բայց պետք է նաեւ այլ մեխանիզմներ գործադրվեն՝ պատասխանատվության կանչելու համար, քանի որ քանի դեռ այդ պատասխանատվությունը եղել, դրանց կրկնության հնարավորությունը մեծ է։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ եթե մենք ունենանք դաշնակից գործընկերներ, ապա հնարավոր կլինի իրավիճակը հղել միջազգային քրեական դատարան, որպեսզի ուսումնասիրվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում երկու կողմի թույլ տված խախտումները, բայց այդ պարագայում չպետք է վետո դրվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում, իսկ դա նշանակում է, որ մենք առնվազն պետք է կարողանանք ապահովել Միացյալ Թագավորության ձայնը․ «Իսկ թե Միացյալ թագավորությունն ինչպիսի շահերով է կապված Ադրբեջանի հետ, հասկանալի է, ուստի հնարավոր է՝ դիվանագիտական, քաղաքական աշխատանքի պարագայուն հաջողություններ չարձանագրվեն, բայց իրավական հնարավորություն ունենք»,- մանրամասնեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նա նշեց, որ թե՛ խոշտանգումները, թե՛ բռնի անհետացումները, թե՛ միտումնավոր սպանություններն այնպիսի հանցագործություններ են, որոնք պահանջում են անկախ դրանց կատարման տարածքից՝ հետաքննություն։
12:41 - 08 սեպտեմբերի, 2021