Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Չարաշահումներ՝ Ույծի համայնքի միջնակարգ դպրոցում. մեղադրանք է առաջադրվել տնօրենին

Չարաշահումներ՝ Ույծի համայնքի միջնակարգ դպրոցում. մեղադրանք է առաջադրվել տնօրենին

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով չարաշահումներ են բացահայտվել «Ույծի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դպրոցի տնօրենը, հիշյալ պաշտոնը զբաղեցնելով 1999 թվականից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, շահադիտական դրդումներով, մեկ միասնական հանցավոր դիտավորությամբ, նպատակ ունենալով յուրացման եղանակով պետությունից գումարներ հափշտակել, համայնքի երկու բնակիչների աշխատանքի է ընդունել, ովքեր, սակայն, չեն կատարել իրենց պարտականությունները, իսկ ստացած աշխատավարձը յուրաքանչյուր ամիս ամբողջությամբ տվել են դպրոցի տնօրենին:Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացում) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:Նախաքննության ընթացքում, դպրոցի տնօրենի կողմից որպես հանցագործությամբ պատճառված վնասի վերականգնում, ՀՀ ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել պետությանը պատճառված ամբողջ վնասը՝ ընդհանուր 1.331.664 ՀՀ դրամ գումարը:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:51 - 24 փետրվարի, 2020
Մեղրին կգազաֆիկացվի, գործընթացը կազմակերպելու համար մրցույթ է հայտարարվել. մարզպետի տեղակալ |armtimes.com|

Մեղրին կգազաֆիկացվի, գործընթացը կազմակերպելու համար մրցույթ է հայտարարվել. մարզպետի տեղակալ |armtimes.com|

armtimes.com։ Սյունիքի մարզի Մեղրի խոշորացված համայնքի գազաֆիկացման աշխատանքներն ամենայն հավանականությամբ կսկսվեն ամռանը: Այս մասին ասաց Սյունիքի մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը: «Կառավարությունը գումարը հատկացրել է, գործընթացը հիմա մրցութային փուլում է: Կլինի մրցույթ, շահող ընկերություն, եւ ամենայն հավանականությամբ 2020 թ.-ին սկսվող ձմռանը մեղրեցիներն իրենց բնակարանները կջեռուցեն բնական գազով»,- ասաց նա: Ավելի վաղ եռակողմ պայմանագիր էր կնքվել համայնքի, «Գազպրոմ Արմենիա» ընկերության ու Ագարակի կոմբինատի միջեւ: Ագարակի կոմբինատի ֆինանսավորմամբ իրականացվել էր նախագիծ-նախահաշիվ, որն էլ, ըստ մարզպետի տեղակալի, ուղարկվել էր կառավարություն ու հաստատվել, ինչի հիման վրա համապատասխան հատկացում է արվել. «Կառավարությունը 289 մլն դրամ գումար հատկացրեց: Ամբողջ փաթեթը հիմա կառավարությունում է, մրցութային պրոցեսը 1-2 ամիս է տեւում: Ես կարծում եմ, որ ամենաուշը ամռանն արդեն իսկ աշխատանքները կսկսվեն, որը, ըստ նախագծի, տեւելու է 3-4 ամիս»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
10:46 - 28 հունվարի, 2020
Ոչինչ չի արվում Գեղանուշի խմելու ջրի որակը սահմանված նորմերին համապատասխանեցնելու ուղղությամբ

Ոչինչ չի արվում Գեղանուշի խմելու ջրի որակը սահմանված նորմերին համապատասխանեցնելու ուղղությամբ

Գեղանուշի խմելու ջուրը չի համապատասխանում սահմանված նորմերին․ ոչ մի գործողություն չի իրականացվում իրավիճակը շտկելու ուղղությամբ:Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղի բնակիչ Գոռ Մկրտչյանն ահազանգել էր, որ իրենց գյուղի խմելու ջուրը վատ որակի է։ Նա պատմեց, որ իրենց խմելու ջուրը գալիս է Խուստուփ լեռան հատվածից, խողովակները վնասված են, դրանք տեղադրվել են մոտ 30 տարի առաջ։ Խողովակների վնասված լինելու պատճառով էլ ջուրն աղտոտվում է, տարատեսակ մանրէներ հայտնվում են խողովակաշարում։ Գեղանուշ գյուղը համայնքների խոշորացումից հետո Կապան խոշորացված համայնքի կազմում է։ Սյունիքի մարզպետարանի կայքում տեղադրված տվյալների համաձայն՝ գյուղում բնակվում է 266 մարդ։ Առողջապահության նախարարությունից փորձեցինք գրավոր հարցմամբ տեղեկություններ ստանալ Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղի խմելու ջրի ահազանգի վերաբերյալ։ ԱՆ «Հիվանդությունների կանխարգելման կենտրոն» ՊՈԱԿ-ը տեղեկացրեց․ «Գեղանուշ գյուղում 2019 թ-ի ընթացքում իրականացվել են խմեու ջրի 10 նմուշի լաբորատոր հետազոտություններ, որոնք, ըստ հետազոտված ցուցանիշների, չեն համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանի պահանջներին»։ Առողջապահության նախարարության պատասխան նամակում նաև նշված է, որ հետազոտության արդյունքները տրամադրվել են Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնին՝ սահմանված կարգով ընթացք տալու նպատակով: ԱՆ գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը, 2019 թ․ նոյեմբերի 11-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է, որ, համաձայն ՀՀ-ում գործող օրենսդրության, ստուգումներ իրականացնելու լիազորություններ վերապահված են համապատասխան ոլորտի տեսչական մարմիններին, որոնք ընդգրկված չեն նախարարությունների կազմում։ Այդուհանդերձ, նախարությունը հայտնել է, որ Գեղանուշ գյուղում 2019 թ․ ընթացքում իրականացվել են խմելու ջրի 10 նմուշի լաբորատոր հետազոտություններ, որոնք, ըստ հետազոտված ցուցանիշների, չեն համապատասխանել առողջապահության նախարարի 2002 թ․ դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանի պահանջներին։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին նույնպես գրավոր հարցում ուղարկեցինք Գեղանուշ գյուղի խմելու ջրի որակի անհամապատասխանության վերաբերյալ, թե մասնավորապես տեսչությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկել։ Պատասխան նամակում տեսչությունը տեղեկացրել է․«Խմելու ջրի որակի հետ կապված բողոքի կապակցությամբ տեղեկացնում եմ, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Գեղանուշ բնակավայրի խմելու ջրի նմուշների մանրէաբանական՝ ընդհանուր կոլիֆորմ մանրէներից ցուցանիշը, ըստ ՀՀ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Սյունիք» մասնաճյուղի կողմից բնակչությանը տրվող խմելու ջրի որակի նկատմամբ մշտադիտարկման շրջանակներում 2019 թ․ իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյուքների, չեն համապատասխանել ՀՀ առողջապահության նախարարի 2002 թ դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «խմելու ջուր։ Ջրամատակարաման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ։ Որակի հսկողություն» N 2-III-Ա2-1 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին։ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Սյունիք» մասնաճյուղի կողմից տեսչական մարմին են ուղարկվել խմելու ջրի որակի հետազոտության արդյունքում հայտնաբերված միայն առաջին շեղումների արձանագրությունները։ Խմելու ջրի որակը սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով 15․11․2019 թ․ ուղարկվել է գրություն Կապան համայնքի ղեկավարին»։ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն այլ տեղեկատվություն չտրամադրեցին խմելու ջրում մանրէների տեսակների ու քանակի վերաբերյալ։ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը բանավոր զրույցում տեղեկացրեց միայն, որ խմելու ջրի որակի շեղումը և մանրէների առկայությունը հնարավոր է առաջացնի աղեստամոքսային խնդիրներ։ Կապանի համայնքի ղեկավար Գեվորգ Փարսյանից էլ հետաքրքրվեցինք, թե երբ են առաջին անգամ ստացել ահազանգ Գեղանուշ բնակավայրի խմելու ջրի որակի վերաբերյալ, որո՞նք են հայտնաբերված շեղումները խմելու ջրում, ի՞նչ քայլեր են նախաձեռնել Գեղանուշի խմելու ջրի որակը բարելավելու ուղղությամբ։ Հարցրել էինք նաև, թե Գեղանուշի խմելու ջրի ակունքը որտե՞ղ է, ինչպե՞ս և ինչի՞ հետևանքով է աղտոտվում ջուրը, ի՞նչ առողջական խնդիրներ է առաջացրել համայնքում խմելու ջրի անհամապատասխանությունը, արդյո՞ք եղել են գանգատներ բնակիչների կողմից։ Գևորգ Փարսյանը պատասխանել է, որ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Սյունիք» մասնաճյուղի կողմից որևէ գրություն չեն ստացել՝ խմելու ջրի որակը սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխանեցնելու վերաբերյալ։ «Եվ առհասարակ Գեղանուշ գյուղի բնակիչներից երբևիցե ջրի որակի վերաբերյալ բողոքներ չեն եղել։ Անգամ գյուղացիների հետ հանդիպման ժամանակ նման բողոք կամ հարց չի բարձրացվել»,- նշել է Կապան խոշորացված համայնքի ղեկավարն իր պատասխանում։ Կապանի համայնքի ղեկավարին ուղարկել ենք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ մեզ տրամադրած փաստաթղթերը, որտեղ գրված է, որ 15․11․2019 թ․ այս գերատեսչությունը տեղեկացրել է Կապանի համայնքի ղեկավարին։ Զանգահարեցինք «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին», որտեղից կրկին հաստատեցին, որ գրությունն ուղարկել են Գևորգ Փարսյանին։ Փաստորեն, նմուշառումը հաստատել է, որ Գեղանուշի խմելու ջուրը չի համապատասխանում սահնված նորմերին, սակայն որևէ գերատեսչության կամ համայնքի ղեկավարության կողմից ոչինչ չի արվում ջրի որակը բարելավելու ուղղությամբ։ Թեհմինե Ենոքյան
16:42 - 24 հունվարի, 2020
Սյունիքի Աճանան գյուղի տների պատերը ճաքում են, իսկ պատասխանատուներն անհայտ են #FreeZone

Սյունիքի Աճանան գյուղի տների պատերը ճաքում են, իսկ պատասխանատուներն անհայտ են #FreeZone

Սյունիքի մարզի Աճանան գյուղի բնակիչների տները գտնվում են վթարային վիճակում։ Պատճառը, տեղացիների համոզմամբ, Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի կողմից Շահումյանի ոսկու հանքավայրում իրականացված պայթեցումներն են: Աճանանցի Թագուհի Հայրապետյանը ցույց է տալիս տան, գոմի պատերի, սյան և բակի հատակի ճաքերը։ 30 տարվա Աճանանի բնակիչ Նաիրա Պողոսյանն էլ ցույց է տալիս իր տունը։ Պատմում է, որ ամեն օր քնում է մի սենյակում, որի առաստաղը վթարային է։ Կապանի խոշորացված համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը բանակցությունների մեջ է նախկին «Կապանի ԼՀԿ»-ի, ներկայիս «Չաարատ Կապան» ՓԲԸ-ի հետ: Ընկերությունը չի ընդունում, որ առաջացած ճաքերը հանքում կատարված պայթեցումների հետևանք են։ Աճանանցիների տների ճաքերի վերաբերյալ 2019 թվականի նոյեմբերի 5-ի մեր հարցմանն ի պատասխան ընկերությունը նոյեմբերի 26-ին հայտնել է հետևյալը․«Տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր աշխատանք, այդ թվում՝ ստորգետնյա հանքում պայթեցման և հանքավայրի հանքաքարի արդյունահանման և այլ աշխատանքները իրականացվում են ըստ շրջակա միջավայրի ազդեցության դրական եզրակացություն ստացած և հաստատված տեխնիկական նախագծի՝ պահպանելով լեռնահատկացման ակտով տրված սահմանները։ Լեռնահատկացման սահմաններից դուրս ընկերությունը հանքաարդյունահանման գործունեություն չի իրականացնում։ Նշված սահմաններում բնակելի շինություններ չկան, իսկ տարվող աշխատանքները, տվյալ դեպքում՝ պայթեցումները, իրականացվում են մակերևույթից բավականին խորը հորիզոններում, հետևաբար սահմանված թույլատրելի մեծություները գերազանցող որևէ ազդեցություն չեն կարող ունենալ որևէ բնակավայրի, այդ թվում՝ Աճանանի բնակելի շինությունների վրա»։ Հարցման երկրորդ կետի վերաբերյալ, այն է՝ ի՞նչ փորձաքննություն են կատարել, որպեսզի հավաստիանան, որ հանքավայրի պայթեցումների պատճառով չէ, որ ճաքերը են գոյացել, ընկերությունը ոչինչ չի պատասխանել։ Արտակարգ իրավիճակների նախարարություն արված հարցման պատասխանից տեղեկացանք, որ նախարարությունն այդ խնդրով զբաղվելու համար ցուցումներ չունի։ Աճանանցիների տների ճաքերի վերաբերյալ փորձաքննություն չի իրականացվել, պատճառահետևանքային կապը բացահայտված չէ, հետևաբար գյուղացիների կրած վնասի փոխհատուցման հարցը մնում է անլուծելի։ Նրանք շարունակում են ապրել վթարային տներում։ Թաթուլ Նավասարդյանը մի քանի անգամ վերանորոգել է տունը, սակայն շատ ֆինանսական միջոցներ չունի, որ յուրաքանչյուր ճաքի դեպքում կրկին վերանորոգում կազմակերպի։ Նա համոզված է, որ պատերը ճաքում են պարբերաբար պայթեցումների հետևանքով։ Աճանանցիները բողոքել էին նաև գյուղում խմելու ջրի որակի վերաբերյալ։ Բնակիչներն անսովոր հոտ են զգացել ջրից։ Սակայն Առողջապահության նախարարության «Հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի պատասխանում գրված է, որ 2019 թվականին իրականացվել է Աճանան գյուղի խմելու ջրի 22 նմուշի լաբորատոր հետազոտություններ, որոնք, ըստ հետազոտված ցուցանիշների, համապատասխանել են Առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 876 հրամանի պահանջներին։ Փաստաթուղթը ստորագրված է գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանի կողմից։ Թեհմինե Ենոքյան
10:35 - 04 դեկտեմբերի, 2019
Հայաստան վերադառնալու եմ բուժմանս ավարտից հետո, իսկ կեղծիքի մասին խոսք լինել չի կարող, հետաքրքիր է, թե ինչի դիմաց են իմ դեմ ցուցմունք տվել. Սուրիկ Խաչատրյան |tert.am|

Հայաստան վերադառնալու եմ բուժմանս ավարտից հետո, իսկ կեղծիքի մասին խոսք լինել չի կարող, հետաքրքիր է, թե ինչի դիմաց են իմ դեմ ցուցմունք տվել. Սուրիկ Խաչատրյան |tert.am|

tert.am: Հատուկ քննչական ծառայությունն այսօր հաղորդագրություն էր տարածել, հայտնելով, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, նրան կալանավորելու որոշում է կայացրել:  -Պարո՛ն Խաչատրյան,ՀՔԾ-ն այսօր հաղորդագրություն է տարածել, հայտնել, որ Դուք որպես մեղադրյալ եք ներգրավվել, ձեզ կալանավորելու որոշում է կայացվել: Ի՞նչ կասեք այս մասին, Դուք տեղյա՞կ էիք: -Այս պահին առողջական վիճակս թույլ չի տալիս Ձեր հարցին տալ ծավալուն մեկնաբանություն և մանրամասն անդրադառնալ ՀՔԾ-ի հայտարարությանը, բայց տեղյակ եղել եմ, բնականաբար: -Հաղորդագրությունում ասվում է, որ դուք Նորավանի համայնքապետ Լավրենտիկ Առաքելյանին տվել եք ապօրինի կարգադրություն՝ Սյունիքի մարզի Նորավան համայնքին պատկանող մետաղական խողովակներն առանց որևէ օրինական հիմքի իր եղբորը հանձնելու վերաբերյալ: Ինչի մասին է խոսքը, ի՞նչ խողովակներ են: Կեղծ աճուրդ կազմակերպելու մեջ ևս մեղադրվում եք: -Որևէ կեղծիքի մասին խոսք լինել չի կարող, նախաքննություն է գնում, և հուսով եմ, որ արդար նախաքննությունն ամեն ինչ կպարզի: Ինձ համար առնվազն զարմանալի է, հետաքրիր է, թե այդ անձինք ինչի դիմաց են իմ դեմ ցուցմունքներ տվել, ի՞նչ գնով են ցուցմունքներ ներկայացրել: -Կալանավորելու որոշում կա, Դուք հետախուզման մեջ եք, ներկայանալո՞ւ եք նախաքննական մարմնին, վերադառնալո՞ւ եք Հայաստան: -Հայաստանն իմ հայրենիքն է այլ բնակության վայր ես չունեմ, առողջական ծանր խնդիրների պատճառով տևական ժամանակ է ես արտերկրում եմ, ամիսներ շարունակ հիվանդանոցում եմ և դեռ պետք է բուժումս շարունակվի, նախաքննական մարմիններին փաստաբանի միջոցով փոխանցել եմ հիվանդանոցի տրամադրած բոլոր պաշտոնական փաստաթղթերը բուժման ընթացքի վերաբերյալ, որոնք 30 էջից ավելի են: Նաև ներկայացվել է բժիշկների կողմից տրամադրված մոտավոր ժամկետ՝ բուժմանս ավարտի մասին, ինչից հետո կվերադառնամ Հայաստան: Երբեք չեմ խուսափել ներկայանալուց և պատշաճ կարգով ծանուցել եմ իմ ներկայանալու ժամկետների մասին տեղեկությունը:
13:54 - 20 նոյեմբերի, 2019
«Սյունիք» ՋՕԸ տնօրինությունն ավելի քան 57,5 մլն դրամ է յուրացրել, ապա հանցանքները կոծկելու համար ոչնչացրել պաշտոնական փաստաթղթերը |tert.am|

«Սյունիք» ՋՕԸ տնօրինությունն ավելի քան 57,5 մլն դրամ է յուրացրել, ապա հանցանքները կոծկելու համար ոչնչացրել պաշտոնական փաստաթղթերը |tert.am|

tert.am: Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով բացահայտվել է հերթական կոռուպցիոն հանցագործությունը։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2017-2019 թվականներին «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը, օգտվելով ջրային կոմիտեի իրավասու պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում ստեղծված հնարավորություններից, իրենց կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելու դիտավորությամբ, առանց չափիչ-հաշվառող սարքեր տեղադրելու՝ մատակարարված ջրի ծավալները խորանարդ մետրով գրանցելու փոխարեն գրանցել են հեկտարներով։ Դրանով բաժանորդներին փաստացի զրկելով մատակարարված ոռոգելի ջրի ծավալները վերահսկելու հնարավորությունից՝ ջրամատակարարման ընթացքում առաջացած՝ ընդհանուր 60 տոկոս կազմող ջրի իրական կորուստների ծավալներից 2017-2019 թվականներին 30 տոկոսի չափով թաքցված կորուստները՝ մոտ 58․365․000 դրամի չափով, հավելագրել են ջրօգտագործողների ջրտուրքի ծավալների հաշվին և այդ տվյալները հետագայում ներառելով էլեկտրոնային մատյաններում փաստացի ուռճացված ծառայությունների դիմաց բաժանորդներից նույն ժամանակահատվածում հավաքագրել են հավելյալ շուրջ 45․217․000 դրամ։ Իսկ պետության կողմից սուբսիդավորման կարգով համապատասխանաբար ստացել են շուրջ 68․975․000 դրամ, ինչի արդյունքում պետության ու ջրօգտագործողների համար առաջացել են ծանր հետևանքներ։ Այնուհետև, ըստ այս պահին քննությանը հայտնի տվյալների, «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը 2017-2019 թվականներին ՀՀ բյուջեից սուբսիդավորված ընկերության հաշվեկշռին մուտքագրված ֆինանսական միջոցները հաշվապահորեն ձևակերպել է որպես գարնան նախապատրաստական աշխատանքների և հիմնական միջոցների վրա կատարվող նորոգման ծախսեր։ Միևնույն ժամանակ ձևական պայմանագրեր են կնքվել տարբեր ֆիզիկական անձանց կողմից տարաբնույթ ծառայություններ մատուցելու վերաբերյալ, սակայն իրականում նշված պայմանագրերով նախատեսված ծառայությունները մատուցվել են ոչ ամբողջ ծավալներով կամ ընդհանրապես չեն մատուցվել։ Իսկ այդ նպատակներով փոխանցված առանձնապես խոշոր չափերով 57․537․000 դրամը յուրացվել է։Ըստ նախնական տվյալների՝ վերոնշյալ հանցանքները կոծկելու շահադիտական դրդումներով ոչնչացվել են պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող՝ գարնան նախապատրաստական աշխատանքների կատարողական ակտերն ու մի շարք այլ փաստաթղթեր։ Բացի այդ, ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների, «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության տնօրինությունը հաստատապես իմանալով ընկերությունում գրանցված գլխավոր հաշվապահի կողմից 2017-2019 թվականներին աշխատանքի չներկայանալու և այլ հաստատությունում աշխատելու հանգամանքի մասին, դա թաքցնելու դիտավորությամբ՝ ընկերության գործավարի հետ կազմել, հաստատել և իրենց ստորագրությամբ վավերացրել են իրավաբանական նշանակություն ունեցող, իրադարձություններ հավաստող, պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրեր։ Դրանց մեջ կեղծ տեղեկություններ են ներառել հիշյալ անձի կողմից կանոնավոր աշխատանքի ներկայանալու և փաստացի աշխատած ժամանակահատվածի վերաբերյալ, ապա բովանդակությամբ կեղծ փաստաթղթերն օգտագործելու նպատակով ներկայացրել են վճարման, ինչի արդյունքում վերջինիս անվամբ անհիմն հաշվարկվել և ելքագրվել է շուրջ 7․278․000 դրամ աշխատավարձի գումար։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Կատարվում է նախաքննություն։
12:13 - 19 նոյեմբերի, 2019
Սյունիքում կոռուպցիոն գործերով 2019-ի առաջին կիսամյակում 83%-ով ավելացել են դատի տրված, 30%-ով՝ դատավճռով մեղավոր ճանաչված անձինք. դատախազություն

Սյունիքում կոռուպցիոն գործերով 2019-ի առաջին կիսամյակում 83%-ով ավելացել են դատի տրված, 30%-ով՝ դատավճռով մեղավոր ճանաչված անձինք. դատախազություն

2019 թվականի 1-ին կիսամյակում Սյունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում գտնվել է նույն ժամանակահատվածում հարուցված կոռուպցիոն բնույթի 18 քրեական գործ: Հատկանշական է, որ դրանցից 11-ը կամ 61 տոկոսը հարուցվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 7-ը կամ 39 տոկոսը՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելու արդյունքում: Այս մասին հաղորդում է դատախազության հանրային կապերի բաժինը: Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 11-ն արձանագրվել են տեղական ինքնակառավարման և պետական կառավարման, 4-ը՝ սոցիալական ապահովության և 1-ական՝ կրթության, անտառների պահպանության և ջրօգտագործման ոլորտներում:Նույն ժամանակահատվածում քրեական հետապնդման մարմինների վարույթում քննվել են կոռուպցիոն բնույթի 38 քրեական գործեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31-ի փոխարեն: Նշված 38 գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 21 անձ, այդ թվում՝ Սյունիքի մարզի մի շարք համայնքների /Վերիշեն, Օխտար, Ներքին Խնձորեսկ, Մեղրի/ ղեկվարներ, «Կապանի կոմունալ ծառայություն» ՀՈԱ կազմակերպության տնօրեն, «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերության ծառայող, Սիսիանի, Մեղրիի և Գորիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության մասնագետներներ, «Հայփոստ» ՓԲ ընկերության աշխատակից և այլն: Ըստ հաղորդագրության՝ առավել շոշափելի արդյունքներ են արձանագրվել քրեական պատասխանատվության ապահովման, մեղադրական դատավճիռների կայացման առումով: Մասնավորապես, եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի 5 գործ՝ 6 անձի վերաբերյալ, ապա 2019թ. նույն ընթացքում՝ 7 քրեական գործ (40 տոկոսով ավելի)՝ 11 անձի (83.3 տոկոսով ավելի) վերաբերյալ։ Ընդ որում՝ եթե 2018թ. նշված ժամանակահատվածում նույն ընթացքում դատարանում քննվել և մեղադրական դատավճռով ավարտվել են նշված բնույթի 3 քրեական գործ՝ 10 անձի վերաբերյալ, ապա այս տարվա առաջին վեց ամիսներին՝ 9 գործ՝ (3 անգամ ավելի) 13 անձի (30 տոկոսով ավելի) վերաբերյալ: 2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով ավարտված նյութերով և քրեական գործերով պետությանը պատճառված վնասը կազմել է 7.8մլն դրամ, որից արդեն իսկ վերականգնվել է 2 մլն 411 հազար դրամը։ Նշենք, որ 2018 թվականի առաջին կիսամյակում հարուցված քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը կազմել է 6.8մլն դրամ, որից այդ ընթացքում վերականգնվել է 1.8մլն դրամը: Նշված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման նպատակով Սյունիքի մարզի դատախազի կողմից Սյունիքի մարզպետին ներկայացվել է 2 միջնորդագիր: Միջնորդագրերից մեկում բարձրացված հարցերը քննարկվել են Սյունիքի մարզպետարանի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների և մարզպետարանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետերի մասնակցությամբ, վերջիններիս ուշադրությունն է հրավիրվել արձանագրված խախտումների և քաղաքացիներրի հետ հարաբերություններում աշխատակիցների անթույլատրելի վարքագծի վրա և խստագույն պահանջ ներկայացվել՝ հետագայում այդպիսի վաքագիծը բացառելու համար, իսկ մյուս միջնորդագրի քննարկումն ընթացքի մեջ է:
08:10 - 17 հուլիսի, 2019
Անտառտնտեսության ղեկավարն անտառային հողեր է վարձել չնչին վարձավճարով. մաս 1, Սյունիք |hetq.am|

Անտառտնտեսության ղեկավարն անտառային հողեր է վարձել չնչին վարձավճարով. մաս 1, Սյունիք |hetq.am|

hetq.am։ Ովքեր եւ ինչպես են վարձակալել Հայաստանի անտառային տարածքները «Հետք»-ը սկսել է ուսումնասիրել Հայաստանի անտառային տարածքների վարձակալությունների պատմությունը: Շարքի առաջին մասում կանդրադառնանք Սյունիքի մարզում վարձակալությամբ տրված անտառային տարածքներին: «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Սիսիանի անտառտնտեսությունում 4 անտառային տարածք է վարձակալության տրամադրվել: Երկուսը՝ «Արշակյաններ Էներջի» ՍՊԸ-ին, մեկը՝ Արկադյա Արշակյանին և երրորդը՝ «Զոր-Զոր» ՍՊԸ-ին: Անտառտնտեսության ղեկավարը՝ անտառային հողերի վարձակալ Սիսիանի անտառտնտեսության նախկին ղեկավար Արկադյա Արշակյանը նույն անտառտնտեսության հողատարածքները վարձակալել է իր պաշտոնավարման ժամանակ: Արկադյա Արշակյանը 2009 թ.-ից Սիսիան քաղաքում՝ անտառտնտեսության շենքի դիմաց, 0.2 հա հողակտոր է վարձակալել 40 տարի ժամկետով և վճարում է տարեկան 110 հազար դրամ: Արկադյա Արշակյանն այդքանով չի բավարարվել, նա նույն տարում անտառային ևս երկու հողակտոր է վարձակալել, մեկը՝ 8.7 հա, մյուսը՝ 5.62 հա, որոնց համար համապատասխանաբար վճարվում է 105 և 68 հազար դրամ: Այս հողակտորները վարձակալվել են «Արշակյաններ Էներջի» ՍՊԸ-ի միջոցով: Ընկերությունը 2006 թ-ին հիմնադրել է Արկադյա Արշակյանի որդին՝ Արման Արշակյանը, որը արդեն 3 տարի է՝ զբաղեցնում է նույն անտառտնտեսության ղեկավարի պաշտոնը: 2010 թ.-ից ՍՊԸ-ի 100 տոկոս բաժնետերը դարձել է Արկադյա Արշակյանը և շարունակում է տնօրինել ընկերության բաժնետոմսերը մինչ օրս: «Նախկինում, եթե չեմ սխալվում, գեսի անվան տակ էր, հիմա չգիտեմ՝ ինչ է անում»,- «Արշակյաններ էներջի» ՍՊԸ-ի գործունեության մասին ասաց Արման Արշակյանը:ՍՊԸ-ի վարձակալած տարածքների մի մասում վերջին տարիներին պտղատու ծառեր են տնկվել, մյուս մասը հանգստյան գոտի է: Սիսիանի անտառտնտեսության ղեկավար Արման Արշակյանը շահերի բախում չի համարում այն, որ ինքն անտառտնտեսությունն է ղեկավարում, իսկ իր հայրը վարձակալել է անտառտնտեսության տարածքները: Վարձակալած տարածքները մյուսներից անհամեմատ էժան գներով վերցնելը տնօրեն Արման Արշակյանը այսպես բացատրեց. «Էդ նախկինում է արվել, նախկինում ուրիշ գին է եղել, հիմա ուրիշ գին է, փոխվել է»: Հանգստի գոտի համարվող հատվածում նաև բետոնից ու քարից կառուցված տաղավար կա: Դրա պատճառաբանությունը ղեկավարությունն ունի՝ ազատամարտիկի անունով է կառուցվել, չեն կարողացել արգելել: «Նախաձեռնություններ կան, բայց հլը կոնկրետ բան չկա»,- վարձակալած տարածքների ապագայի մասին ասաց Արման Արշակյանը: «Արշակյաններ էներջի» ընկերությունը շահագործել է Սյունիքի մարզի Իշխանասարի հրաբխային խարամի հանքավայրը, որի ընդերքօգտագործման իրավունքը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի հրամանով՝ 2019թ. հունվարին դադարեցվել է:Նախարարի պաշտոնակատարի համար հիմք է հանդիսացել 2018թ. նոյեմբերին ընկերության նկատմամբ հարուցված վարչական վարույթը և դրա արդյունքում հայտնաբերված խախտումները: Ընկերությունը շուրջ 1,3 մլն դրամի ընդերքօգտագործման վճարների մասով ապառքներ է կուտակել, ինչպես նաև 365 հազար դրամ՝ շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի մասով, սահմանված ժամկետներում լիազոր մարմնին չի ներկայացրել 2017թ. հաշվետվությունները: Սահմանված ժամկետներում չի վերացրել զգուշացման հիմքերը: 2011-2014թթ. ընկերությունը նաև ջրօգտագործման թույլտվություն է ունեցել Որոտան գետի վրա ձկնաբուծական գործունեություն ծավալելու համար: «Զոր-Զոր» ՍՊԸ-ն, որի հիմնադիր-բաժնետերը Սիսիանում հաշվառված Դավիթ Դավթյանն է, 7 հա է վարձակալել Սիսիանի անտառտնտեսությունից, որի դիմաց վճարել է 84 հազար դրամ: Ընկերությունը պետք է տնկարան հիմներ և ձկնաբուծարան շահագործեր Որոտան գետի վրա, որի շուրջբոլորն անտառային հողեր են: Պայմանագրի ժամկետն ավարտվել է 2018թ. ապրիլին: Սիսիանի անտառտնտեսության ղեկավար Արման Արշակյանի տվյալներով՝ վարձակալները տարածքը չեն օգտագործել:Սակայն, մինչ դա, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը 2015թ. նոյեմբերին դիմել է Սիսիանի դատարան՝ պահանջելով «Զոր-Զոր» ՍՊԸ-ից հօգուտ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի բռնագանձել 616233 ՀՀ դրամ՝ որպես պարտքի գումար: Դատարանը վճարման կարգադրություն է արձակել, որը չի բողոքարկվել և մտել է ուժի մեջ:Անտառային հողերը վարձակալելու համար Կառավարությունը 2010 թ-ին սահմանել է վարձավճարների նվազագույն չափը: Սյունիքի մարզի անտառային հողերը հանգստի նպատակով օգտագործման տրամադրելու դեպքում 1 հեկտարի համար սահմանված է առնվազն 216 հազար դրամ տարեկան վարձավճար: «Հայանտառ» ՊՈԱԿ-ը, օրինակ, «Արշակյաններ Էներջի» ՍՊԸ-ից միայն 8.7 հա հողակտորի համար պետք է գանձեր 1 միլիոն 879 հազար դրամ՝ 105 հազար դրամի փոխարեն: «Հայանտառ»-ը, ունենալով վարձավճարը վերանայելու իրավասություն, Կառավարության համապատասխան որոշման ընդունումից 9 տարի անց չի շտապում վերանայել վարձավճարը:Շարունակույթունը՝ hetq.am
08:16 - 01 հուլիսի, 2019
Հեղափոխությունը մարզեր հասել է. չեմ կարծում, որ ընդամենը մեկ տարում շատ մեծ արդյունքներ պետք է լինեն. Հունան Պողոսյան |aysor.am|

Հեղափոխությունը մարզեր հասել է. չեմ կարծում, որ ընդամենը մեկ տարում շատ մեծ արդյունքներ պետք է լինեն. Հունան Պողոսյան |aysor.am|

aysor.am: Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը պնդում է՝ հեղափոխությունը հասել է նաև մարզեր: «Հեղափոխությունը մարզեր հասել է: Մեկ հոգին չի կարող հեղափոխություն անել, հեղափոխություն պիտի անեն բոլորը: Առաջին հերթին մենք հեղափոխություն պիտի անենք մեր մտածելակերպում», - խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Դիտարկմանը, թե ի՞նչ շոշափելի արդյունքներ են գրանցվել անցնող տարվա ընթացքում, մարզպետն ասաց.«Չեմ կարծում, որ ընդամենը մեկ տարում շատ մեծ արդյունքներ պետք է լինեն, բայց որ դրական արդյունքներ կան, դա ակնհայտ է: Տնտեսության մեջ բավականին նորմալ շարժ կա», - ասաց Պողոսյանը:Նա հավելեց, որ աննախադեպ ցուցանիշ է գրանվել՝ ներկայացվել է 29 սուբվենցիոն ծրագիր:«Ներդրման ծավալները շուրջ 3 մլրդ 400 մլն դրամ են կազմել», - ասաց մարզպետը:
09:48 - 27 հունիսի, 2019
Սյունիքի մարզի բյուջեն 10 տոկոսով ավելացել է. մարզպետ |news.am|

Սյունիքի մարզի բյուջեն 10 տոկոսով ավելացել է. մարզպետ |news.am|

news.am։ Սյունիքի մարզի բյուջեն կազմել է 455 միլիոն դրամ, որը 10.2 տոկոսով ավելին է, քան անցյալ տարի: Հունիսի 10-ին՝ հայ-իտալական գործարար համաժողովին, այս մասին հայտարարեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը:Նրա խոքով՝ մարզում աշխատանքներ են տարվում այնպիսի ոլորտների զարգացման ուղղությամբ, ինչպիսիք են զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, բարձր տեխնոլոգիաները, կազմակերպվում են խոշոր միջոցառումներ, որոնցից մեկը՝ «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային գործարար համաժողովը, անցկացվել է Տաթեւում:Հունան Պողոսյանը հավելեց, որ տնտեսությունում արդյունաբերության մասնաբաժինը կազմում է 66 տոկոս, սպասվող ներդրումների մասնաբաժինը՝ ավելի քան 2 մլրդ դրամ, որոնց մեծ մասն արդեն արվել է:Մարզպետն ընդգծեց Հյուսիս-Հարավ ճանապարհի Տրանշ-4 (Սիսիան-Քաջարան մասում) հատվածի շինարարության կարեւորությունը:«Նոր հատվածում նախատեսված է ճանապարհի 60 կմ շինարարություն, որը նախկինում չի եղել, կկառուցվեն կամուրջներ եւ թունելներ: Այս ամենը մոտ 1 մլրդ դոլար ներդրումներ կպահանջի: Հաշվի առնելով աշխատաքների բարդությունը, նախատեսվում է մասնավոր ներդրողների ներգրավել: Ճանապարհի տվյալ հատվածի առկայությունը կարող է Հայաստանի համար Իրանի եւ Վրաստանի հետ կայուն առեւտրային կապ ապահովել», - հավելեց Պողոսյանը:Մարզպետը նշեց նաեւ Կապանում օդանավակայանի շահագործման կարեւորությունը եւ ըստ պաշտոնյայի, այդ ուղղությամբ աշխատանքներ արդեն կատարվում են:Հունիսի 10-ին Երեւանում անցկացվում է հայ-իտալական գործարար համաժողով:
11:23 - 10 հունիսի, 2019
Բանակը 6 տարում կապահովվի անօդաչու թռչող սարքի 1000 օպերատորով․ Կարեն Վարդանյան |news.am|

Բանակը 6 տարում կապահովվի անօդաչու թռչող սարքի 1000 օպերատորով․ Կարեն Վարդանյան |news.am|

news.am։ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն իրականացնում է Հայաստանում տեխնոլոգիական աշխատուժի ստեղծման 6-ամյա ծրագիր՝ 3.2 միլիարդ դրամի ներդրմամբ։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» բիզնես համաժողովի ժամանակ նշեց Միության նախագահ Կարեն Վարդանյանը:Նրա խոսքով, այս ծրագրի կյանքի կոչված դեմքում հարկերով ստանում ենք 7,5 մլրդ դրամ 6 տարվա մեջ: «Պատրաստվում ենք ստեղծել 150 տեխնոլոգիական ձեռնարկություն Սյունիքում՝ 75 մլրդ դրամ ընդհանուր շրջանառությամբ: Ունենում ենք հայթեքում 1500 աշխատուժ, այլ ոլորտներում՝ 3 հազար աշխատուժ: Բանակին ապահովում ենք 6 տարվա մեջ 1000 անօդաչուի օպերատոր»,-ասաց Կարեն վարդանյանը՝ հավելելով, որ ծրագիրը կյանքի կոչելու նպատակով «Արմաթ» աշխատանոցներ կստեղծվեն բոլոր դպրոցներում:Նա ընդգծեց, որ ընդհանուր ներդրումները կկազմեն մոտ 2,2 մլրդ դրամ, որից կհավաքգրվի 5,5 մլրդ դրամի հարկ:
10:58 - 27 մայիսի, 2019
Կապանի օդանավակայանի համար կներկրենք երկու օդանավ. Երեւանից Տաթեւ կտեւի 50 րոպե. «Armenian helicopters»-ի տնօրեն Արսեն Մանուկյան |news.am|

Կապանի օդանավակայանի համար կներկրենք երկու օդանավ. Երեւանից Տաթեւ կտեւի 50 րոպե. «Armenian helicopters»-ի տնօրեն Արսեն Մանուկյան |news.am|

news.am: Ունենալով տեղեկություն, որ մարզում նախատեսվում են շահագործման հանձնել Կապանի օդանավակայանը, մենք նախապատրաստվում ենք թույլտվություններ ստանալուց 2 ամիս հետո ներկրել 2 օդանավ, արդեն՝ 5-6 տեղանոց, որը կլինի բիզնես դասի։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, , «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի համաժողովին հայտարարեց ‘Armenian helicopters’ ընկերության տնօրեն Արսեն Մանուկյանը։Նրա խոսքով՝ այդպիսի քայլերով Սյունիքի մարզը բոլորի համար դառնում է ավելի հասանելի. «Մենք հնարավորություն ենք ընդձեռում գործարարներին համագործակցել եւ իրականացնել հատուկ բնույթի չվերթներ։ Նմանատիպ հաջողված փորձ ձեռք բերեցինք Առողջապահության նախարարության Էրեբունի բժշկական կենտրոնի հետ համատեղ։ Արդեն 2 ամիս է, մենք չվերթներ ենք իրականցնում շտապօգնության նպատակներով։ Հատուկ բնույթի չվերթների շրջանակներում՝ կարելի է առանձնացնել գործարարների համար այնպիսի չվերթներ, ինչպիսիք են, օրինակ ընդերքի զոնդավորման աշխատանքները, քարտեզագրման նկարահանումների, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող չվերթները եւ այլն»,- ասաց Մանուկյանը եւ պատմեց, որ հիմա իրենք թռիչքներ են իրականացնում դեպի Թբիլիսի, Վան, Ղարս, Էրզրում, ինչպես նաեւ՝ Հայաստանի ողջ տարածքում: «Այս տեսանկյունից մենք լավ առաջարկություն ենք ներկայացնում զբոսաշրջության ոլորտում ընդգրկված կազմակերպություններին՝ առաջարկելով անհատական տուրիստական երթուղիներ մշակել այս չնաշխարհիկ բնություն ունեցող եւ պատմամշակութային վայր ունեցող Սյունիքի մարզում։ Դա կրճատում է ժամանակը ճանապարհի վրա ծախսելով, օրինակ՝ Երեւանից Տաթեւը ժամանելով 50 րոպեի ընթացքում»,- ասաց ընկերության տնօրենը եւ ներկայացրեց, թե ինչ ուղաթիռներ են ներկրել.«Մենք բարդ ու դժվար նախապատրաստական աշխատանքներ անցնելուց հետո նախորդ տարի իրավունք ստացանք շահագործելու ուղաթիռներ Հայաստանում, եւ այժմ շահագործում ենք ամերիկյան արտադրության «Robinson R66» տիպի ուղաթիռը նախատեսված 4 ուղեւորի համար, եւ «Airbus» ընկերության արտադրած «H130» եւ «H125» ուղաթիռները համապատասխանաբար 5 եւ 6 ուղեւորների համար»,- ասաց Մանուկյանը եւ վերջում ներկաներին առաջարկեց՝ գնալ եւ ուսումնասիրել դրսում կայանված ուղաթիռները։
10:55 - 27 մայիսի, 2019
Նախատեսվում է Սյունիքում ստեղծել տեխնոլոգիական 150 ձեռնարկություն՝ ընդհանուր 75 մլրդ դրամ շրջանառությամբ. Կարեն Վարդանյան |lragir.am|

Նախատեսվում է Սյունիքում ստեղծել տեխնոլոգիական 150 ձեռնարկություն՝ ընդհանուր 75 մլրդ դրամ շրջանառությամբ. Կարեն Վարդանյան |lragir.am|

lragir.am։ Կապանում շուրջ 20 դպրոց այսուհետ կունենա Արմաթ լաբորատորիա: Այս մասին հուշագիրն ստորագրվեց այսօր՝ Սյունիքի մարզում անցկացվող «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» համաժողովի ժամանակ: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը ներկայացրեց, թե տեխնոլոգիական ինչ զարգացում է սպասվում Սյունիքում առաջիկա վեց տարիներին: Նրա խոսքով՝ առաջիկա վեց տարիներին Հայաստանում տեխնոլոգիական աշխատուժի ստեղծման ծրագիր է իրագործվելու: Նախատեսվում է Սյունիքում ստեղծել տեխնոլոգիական 150 ձեռնարկություն՝ ընդհանուր 75 մլրդ դրամ շրջանառությամբ: Ընդհանուր նախատեսվում է պատրաստել մոտ 5000 աշխատուժ: «Եվ վեց տարվա ընթացքում բանակին ապահովում ենք անօդաչու թռչող սարքի 1000 օպերատոր: Երբ մենք ունենք 150 ընկերություն, իրենց պետք է տեղավորենք ռեգիոնալ տեխնոպարկերում»,- ասաց Կարեն Վարդանյանը:Նրա խոսքով՝ նախ Սյունիքի բոլոր դպրոցները պետք է ապահովվեն Արմաթ աշխատանոցներով: Արմաթը դա լաբորատորիա է, որտեղ երեխաներն սկսում են ծրագրավորմամբ զբաղվել: «Այսինքն՝ երեխան 18 տարեկանում արդեն կարող է հանգիստ աշխատել: Մենք շուտով Արմաթին կից ստեղծելու ենք անօդաչու թռչող սարքերի և բիոքիմիական լաբորատորիաներ: Մեր վերջին փորձն այն է, որ Վանաձորում ստեղծվեց գերմանական ընկերություն, որտեղ մեր Արմաթի 60 սաներ՝ 14-17 տարեկան, կսկսեն աշխատել: Իհարկե, կարճ աշխատանքային ժամերով, կստանան 100 հազար դրամ աշխատավարձ, որը բանաձևի համար համարվում է բարձր աշխատավարձ:   Ձեռնարկությունը կսկսի աշխատել սեպտեմբերին: Սխեման հետևյալն է՝ բոլոր տեղերում ներդրեցինք Արմաթ, հաջորդը՝ վեցամսյա մասնագիտական վարժանքներ կանցկացվեն կոնկրետ ձեռնարկությունների համար, այդ վարժանքների հիման վրա Երևանից ընկերություններ են գալիս և իրենց մասնաճյուղն են ստեղծում կամ տեղեկան ընկերություններ են ստեղծվում»,- ասաց նա:
09:19 - 27 մայիսի, 2019
Ներդրումային ծրագրի շնորհիվ Կապանի օդանավակայանը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին |armenpress.am|

Ներդրումային ծրագրի շնորհիվ Կապանի օդանավակայանը կհամապատասխանի միջազգային ստանդարտներին |armenpress.am|

armenpress.am։ Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանը ներդրումային ծրագրի շնորհիվ կհամապատասխանեցվի միջազգային ստանդարտներին ու կվերագործարկվի։ Այս մասին մայիսի 27-ին մեկնարկած «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում ասաց Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադևոսյանը։«Կապանի օդանավակայանը խորհրդային տարիներին օրական ունեցել է 10-12, իսկ հատուկ օրերին մինչև 16 չվերթ։ 2017թ. «Սյունիքի զարգացման և ներդրման հիմնադրամ»-ը հիմնեց «Սյունիքի օդանավակայան» ՍՊԸ-ն։2017թ. սեպտեմբեր ամսին Կապանի համայնքապետարանի և ընկերության միջև կնքվեց կոնցեսիոն պայմանագիր, որը նախատեսում էր վերագործարկել օդանավակայանը։ Արդյունքում ունենալու ենք միջազգային ստանդարտներին համապատասխան օդանավակայան, ներդրվելու են թռիչքատեխնիկական նոր համակարգեր»,- ասաց Թադևոսյանը։Ծրագրի շրջանակներում ընդհանուր նախատեսվում է իրականացնել 2.3 մլրդ դրամի ներդրում, որից 800 միլիոնն արդեն արված է։
08:46 - 27 մայիսի, 2019
Սիսիանի տարածքային գործակալության աշխատակիցը ապօրինի վարձատրություն է պահանջել նպաստառուներից

Սիսիանի տարածքային գործակալության աշխատակիցը ապօրինի վարձատրություն է պահանջել նպաստառուներից

ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռքբերված նյութերով պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզպետարանի սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության աշխատակիցը նպաստառու շահառուի համար նպաստ ձևակերպելու դիմաց առաջարկել է իրեն տալ նրան հասանելիք` տարվա 6 ամիսների նպաստի գումարները։ Դրանից հետո հանրային ծառայողը 2009-2010թթ․ ընթացքում, նախնական պայմանավորվածության համաձայն, շահառուից անձամբ ստացել է 2009-2010թթ․ 12 ամիսների նպաստի գումարները։ Բացի այդ, նույն մասնագետը մեկ այլ շահառուի օգտին կատարելով նույնաբովանդակ գործողություններ՝ պահանջել է իրեն տալ հասանելիք նպաստի գումարներից տարվա 6 ամիսների նպաստի գումարները։ Շահառուի հրաժարվելուց հետո առաջարկել է իրեն փոխանցել տարվա յուրաքանչյուր ամսվա նպաստի գումարի կեսը, ինչին շահառուն համաձայնվել է, որից հետո 2015թ․ առաջին 6 ամիսների և 2016թ․ առաջին 5 ամիսների նպաստի գումարի կեսը մասնագետն անձամբ ստացել է շահառուից։ Չնայած քննության ընթացքում տարածքային գործակալության մասնագետը հերքել է շահառուներից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու հանգամանքը, սակայն չի առարկել համաներում հայտարարելու ոչ արդարացնող հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու դեմ։ 2019թ. մարտի 19-ին քրեական գործով վարույթը կարճվել է և համաներման ակտ ընդունվելու հիմքով սոցիալական աջակցության Սիսիանի տարածքային գործակալության մասնագետի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել: 2018 թվականի ընթացքում Սյունիքի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման և հսկողության ներքո քննվել են 7 քրեական գործեր՝ հարուցված Սոցիալական աջակցության Սյունիքի տարբեր՝ Գորիսի, Սիսիանի, Մեղրիի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու փաստերով։ Հանցավոր գործողությունները դրսևորվել են շահառուներին նպաստառուների ցուցակում ընդգրկելու կամ ցուցակներից չհանելու կամ որպես սոցիալապես անապահով ընտանիքի երեխայի միանվագ դրամական օգնություն տրամադրելու հիմքեր ստեղծելու համար ապօրինի վարձատրություն ստանալու, առանց տնայց կատարելու տնայցի մասին կեղծ փաստաթուղթ կազմելու, խարդախությամբ պետության կողմից տրամադրվող օգնությունը հափշտակելու եղանակներով։ 2 քրեական գործ սոցիալական ապահովության Գորիսի տարածքային գործակալության 2 աշխատակիցների նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: 1 քրեական գործով վարույթ՝ սոցիալական ապահովության Սիսիանի տարածքային գործակալության 1 աշխատակցի նկատմամբ, կարճվել է համաներման ակտ կիրառելու հիմքով, ևս 4 քրեական գործով նախաքննությունը դեռ շարունակվում է։ Հաշվի առնելով, որ նմանօրինակ գործելաոճը պարարտ հող է ստեղծում հանցավորության աճի համար և ելնելով հանցանքի կատարմանը նպաստող պայմանները և պատճառները վերացնելու անհրաժեշտությունից՝ Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանը միջնորդագիր է ներկայացրել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին: Միջնորդագրով մարզի դատախազն առաջարկել է քննարկել Սիսիանի տարածքային գործակալության նշված հանրային ծառայողի, ինչպես նաև նմանօրինակ խախտումներ թույլ տված այլ ծառայողների վարքագիծը և նրանց պաշտոնավարման հետագա նպատակահարմարությունը։ Բացի այդ, առաջարկվել է հանձնարարել ձեռնարկելու համապատասխան միջոցներ հետագայում նման արարքների կատարումը բացառելու նպատակով և արդյունքների մասին հայտնել Սյունիքի մարզի դատախազություն: lragir.am    
08:57 - 22 մարտի, 2019
Մեղրիում ոռոգման ջրի խնդրի նախնական լուծում կարող է լինել ինքնահոս ջրագծի անցկացումը․ Արմեն Հայրապետյան

Մեղրիում ոռոգման ջրի խնդրի նախնական լուծում կարող է լինել ինքնահոս ջրագծի անցկացումը․ Արմեն Հայրապետյան

Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթեւ, Տեղ համայնքներում այս տարվա հոկտեմբերի 17-ին տեղի կունենան համայնքների ավագանիների հերթական ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, ավարտվելու է հոկտեմբերի 15-ին։  Մեղրիում առաջադրվել է չորս քաղաքական ուժ․ «Ազատական» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Խաչատուր Անդրեասյանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Արմեն Հայրապետյանի թեկնածությամբ, «Հանրապետություն» կուսակցությունը՝ Բագրատ Զաքարյանի թեկնածությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արարատ Թումանյանի թեկնածությամբ։ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակի առաջին համարը ՎՏԲ-Հայաստանի Մեղրու մասնաճյուղի հաճախորդների սպասարկման մենեջեր Արմեն Հայրապետյանն է։ Վերջինս իր թիմի հետ ակտիվ քարոզարշավ է իրականացնում Մեղրու բնակավայրերում, լսում բնակիչների խնդիրները՝ ե՛ւ ընտրվելու, ե՛ւ նաեւ ավագանիում ներկայացված չլինելու պարագայում դրանց լուծումներ տալու պատրաստակամությամբ։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում վստահեցրեց Հայրապետյանը՝ Մեղրու բնակիչներին կոչ անելով հետեւողական լինել իրենց խոստումների ու աշխատանքի նկատմամբ։ Թե առաջնահերթ լուծում պահանջող ինչ հարցեր կան համայնքում, մեր զրուցակիցն առանձնացրեց ոռոգման ջրի խնդիրը, որի մասին, ի դեպ, նաեւ առաջադրված մյուս քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են խոսել։ Այս հարցը Մեղրու բնակիչների համար շատ մտահոգիչ է, հատկապես, որ այս տարի ջրի սակավություն է եղել։  Մեղրիում առաջադրված թեկնածուներից Բագրատ Զաքարյանն, օրինակ, մեր զրույցում այս խնդրի լուծման մի ճանապարհ նախանշեց Մեղրու ջրօգտագործողների ընկերությունը համայնքային վերահսկողության հանձնելը։ Բայց այս տարբերակն, ըստ «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Արմեն Հայրապետյանի, դեռեւս բավարար չէ հարցն ըստ էության լուծելու համար․ «Այս տարի ջրից սակավ տարի էր, դրան գումարած ՋՕԸ-ի վատ աշխատանքը․․․ Պոմպակայանները մի շարք բնակավայրերում չէին կարողանում ապահովել ոռոգման խնդիրը, անընդհատ փչանում էին եւ այլն։ Հիմա չունենք ջրամբար։ Ջրամբարի կառուցումը խոշոր ծրագիր է․ բոլորն ասում են՝ նախկինում ջրամբարի կառուցման ծրագիր եղել է, բայց տարեցտարի գյուղատնտեսությունն աճում է, սրանից քսան տարի առաջ նախագիծն այսօր կարող է արդիական չլինել։ Ջրամբարի նախագիծը գերակա նպատակ է, նոր հաշվարկներ պիտի արվեն, բայց մինչ այդ կարելի է օգտվել Արաքս գետից՝ ինքնահոս ջրագծով, սա էլ առաջնային նպատակ է, պետք է ինքնահոս ջրագիծ անցկացվի»,- ասաց մեր զրուցակիցը։ Հայրապետյանը չմոռացավ նաեւ գազաֆիկացման խնդրի մասին․ նրա խոսքով՝ թեեւ դրա լուծումը դուրս է համայնքային լիազորությունների շրջանակից, բայց իրենք հետեւողական են լինելու նաեւ այս հարցում․ «Եթե խնդիրը չի լուծվում, ուրեմն ինչ-որ խոչընդոտ կա։ Պետք է նախ հասկանալ՝ ինչն է խնդիրը։ Տարբեր մեկնաբանություններ կան։ Այստեղ գրասենյակ չկա, եւ լինում է՝ մեքենաները հարվածեն ինչ-որ խողովակի, բայց պատկան մարմինները չիմանան, որ խողովակ է վնասվել։ Բայց երբ մարդիկ իմանան, որ գազը տրված է, խողովակ է վնասվել, եւ իմանան, որ կարող են դիմել համապատասխան մարմիններին, արդեն հասցեական տեղյակ կպահեն խնդրի մասին։ Ամեն դեպքում հետեւողական ենք լինելու այս հարցում»,- վստահեցրեց Հայրապետյանը։ «Ապրելու երկիրը» մտադիր է համայնքում կրթական-գիտական, տուրիզմի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն ստեղծել, որտեղ մասնագիտացած անձինք հետագայում կաշխատեն այդ ոլորտներում․ «Այսօր աշխատանքը շատ է, մասնագետները՝ քիչ։ Նպատակ ունենք նաեւ հիմնել խաղահրապարակներ, Մեղրիում նոր սպորտդպրոց կառուցել՝ փակ լողավազանով»։ Ինչ վերաբերում է տուրիզմի ոլորտին, մեր զրուցակիցը նշեց, որ գյուղական համայնքներում բնակիչների հետ հանդիպումներից էլ հասկացել են, որ տեղացիները պատրաստ են ներգրավվել էկոտուրիզմի զարգացմանը՝ զբոսաշրջիկներին որպես կեցավայր տրամադրելով նաեւ իրենց տները․ «Լինում է՝ տուրիստները ցանկանում են մնալ գյուղում, բայց գյուղացու համար, այսպես ասած, գովազդ անելն այդքան էլ հեշտ չէ։ Հարկավոր է համակարգել այդ աշխատանքները, ստեղծել մի հարթակ, որտեղ գյուղացիները կտեղադրեն իրենց տան լուսանկարները՝ նշելով, որ պատրաստ են հյուրընկալել զբոսաշրջիկներին։ Այդպես ավելի հեշտ կլինի ե՛ւ գյուղացու համար, որը զբաղված է գյուղական առօրյա գործերով, ե՛ւ զբոսաշրջիկի, որը կկարողանա ավելի հեշտ ու արագ ամրագրել, գին ճշտել, եւ այլն»,- ասաց Հայրապետյանը՝ հավելելով նաեւ, որ պետք է զարգացնել տուրիստական երթուղիները։ «Ապրելու երկիրը» Մեղրիում ակնկալում է բնակիչների քվեները՝ նշելով, որ իրենք երիտասարդ թիմ են ու պատրաստակամ՝ լծվել համայնքի խնդիրների լուծմանը։ Կուսակցության համայնքապետի թեկնածու Արմեն Հայրապետյանը մեր զրույցում վստահեցրեց, որ համայնքապետարանում ներկայացված չլինելու պարագայում էլ հնարավոր եղանակներով փորձելու են մասնակից լինել Մեղրիի զարգացմանը։ Լուսանկարը՝ Արմեն Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից Հայարփի Բաղդասարյան
00:00 - 01 հունվարի, 2001