Արցախ

Արցախի Հանրապետություն կամ Լեռնային Ղարաբաղ․ 1991թ․ սեպտեմբերի 2-ին անկախացած հանրապետություն։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո Արցախում տեղակայվել են ՌԴ խաղաղապահ ուժերը։ Ներկայումս  Արցախի  վերահսկողության տակ է նախկին Խորհրդային Միության կազմի մեջ մտնող Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը՝ բացառությամբ Հադրութի շրջանի և Շուշիի շրջանի Շուշի և Քարին տակ բնակավայրերի։

Մայրաքաղաքը Ստեփանակերտն է։ Գործող նախագահը Արայիկ Հարությունյանն է։

Արցախի Հանրապետության անկախությունը դեռեւս չի ճանաչել ՄԱԿ անդամ որեւէ պետություն։

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Մոսկվայում հանդիպել է ռուս գործընկերներին

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Մոսկվայում հանդիպել է ռուս գործընկերներին

Աշխատանքային այցով Մոսկվա մեկնած Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը  ռուս գործընկերների հետ հանդիպումների ընթացքում քննարկել է  Արցախում կենսագործունեության լիարժեք վերականգմանը, ենթակառուցվածքների կատարելագործմանն ու անխափան աշխատանքին վերաբերղ հարցեր: Այս մասին տեղեկացնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: «Նախարար Հայկ Խանումյանը  հունվարի 21-24-ին  աշխատանքային այցով եղել է Մոսկվայում: «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի ուղեկցությամբ նա հանդիպումներ և քննարկումներ  է ունեցել ռուս գործընկերների, ինչպես նաև   հասարակական մի շարք նախաձեռնությունների ղեկավարների հետ, որոնք Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել: Հանդիպումների ընթացքում Արցախի պաշտոնական ներկայացուցիչը նշել է ռուսաստանյան  խաղաղապահ զորակազմի և հումանիտար կենտրոնի  գործունեության արդյունավետությունը Արցախում անվտանգության,  խաղաղ կենսագործունեության վերականգնման ու ապահովման գործում»,- հայտնել են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
12:28 - 03 փետրվարի, 2021
Հարավային Ավստրալիան պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը |armenpress.am|

Հարավային Ավստրալիան պաշտոնապես ճանաչել է Արցախի անկախությունը |armenpress.am|

armenpress.am: Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի խորհրդարանի ստորին պալատը պաշտոնապես ճանաչել է Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքը՝ դատապարտելով Ադրբեջանին և Թուրքիային բնիկ հայկական տարածքներ ներխուժելու համար: Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը հայտնում է, որ համապատասխան բանաձևն ընդունվել է խորհրդարանի ստորին պալատում տեղի ունեցած քվեարկության արդյունքում: Այս բանաձևը հաջորդել է ավելի վաղ՝ 2020 թվականի հոկտեմբերին Նոր Հարավային Ուելսի օրենսդիր մարմնի կողմից ընդունված մեկ այլ բանաձևին, որով նահանգը ճանաչում էր Արցախի անկախությունը և «կոչ անում Դաշնային կառավարությանը ևս ճանաչել Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության միակ մշտական լուծում՝ հետագայում խուսափելու նման ռազմական ագրեսիայից»: Օրենսդիր Թոմ Կուցանտոնիսի առաջ քաշած պատմական բանաձևում նաև ասվում է, որ «Թուրքիայի նախագահ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի գործողությունները, որոնք իրականացվում են պանթուրքիստական ազգայնականության քաղաքականության համատեքստում, նախկինում հանգեցրել են ցեղասպանության, իսկ այժմ սպառնում են Արցախի հայկական բնակչության նկատմամբ էթնիկ զտում իրականացնել»: Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը շնորհակալություն է հայտնել բանաձևի հեղինակներին, ինչպես նաև բոլոր այն խորհրդարանականներին, ովքեր քվեարկել են դրա օգտին:
12:23 - 03 փետրվարի, 2021
Ադրբեջանական կողմը չեղարկել է Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղությամբ նախատեսված որոնումները |armenpress.am|

Ադրբեջանական կողմը չեղարկել է Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղությամբ նախատեսված որոնումները |armenpress.am|

armenpress.am: Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութ քաղաքի հատվածում հայտնաբերվել է 1 զոհվածի աճյուն: Այս մասին տեղեկացրեց  Արցախի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: «Նախնական հնարավոր չի եղել պարզել զոհվածը քաղաքացիական անձ է, թե զինծառայող:   Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու ինքնությունը: Ընդհանուր առմամբ առայսօր հայտնաբերվել է 1355 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ:  Փետրվարի 3-ին որոնողական աշխատանքներ էին նախատեսված Վարանդայի (Ֆիզուլի )  և Ջրականի  (Ջաբրայիլ ) ուղղությամբ, սակայն ադրբեջանական կողմը, առանց պատճառաբանության, չի թույլատրել»,-նշեց Թադևոսյանը՝ հավելելով, որ զուգահեռ շարունակվում են նաև հնարավոր ողջ մնացած զինծառայողների ու քաղաքացիների որոնման աշխատանքները: «Յուրաքանչյուր երեկո Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչները ծնողներին են ներկայացնում իրականացված աշխատանքների արդյունքները, քննարկում ու ծրագրավորում՝ հաջորդ օրվա անելիքը»,-մանրամասնեց պատասխանատուն:
11:27 - 03 փետրվարի, 2021
ՄԻԵԴ-ը քննարկում է Ադրբեջանի խախտումները ԵԽ նախարարների կոմիտե տեղափոխելու հարցը |armenpress.am|

ՄԻԵԴ-ը քննարկում է Ադրբեջանի խախտումները ԵԽ նախարարների կոմիտե տեղափոխելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կառավարությունը կոպտորեն խախտում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից գերիների հարցով միջանկյալ միջոցների պայմանների կատարումը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունն անընդհատ բարձրաձայնում է այդ խախտումների մասին՝ Ադրբեջանի նկատմամբ ճշնումներն ավելացնելու նպատակով: Այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ «Այս փուլում դատարանն արդեն քննարկում է հարցը Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե տեղափոխելու հնարավորությունը. այն տանում է դեպի քաղաքական մարմին՝ նաև հիմք ընդունելով հանգամանքը, որ Ադրբեջանը շատ վատ է համագործակցում կամ առհասարակ չի համագործակցում դատարանի հետ և չի տրամադրում տեղեկատվություն: Եթե Ադրբեջանը գերիների վերաբերյալ ինչ-որ բան ուղարկում է, ապա ուղարկում է բավականին կցկտուր, ոչ ամբողջական, առանց մանրամասնությունների: Այդ պատճառով մենք էլ ենք անընդհատ պնդում, որպեսզի դատարանը հարցը տեղափոխի նախարարների կոմիտեի օրակարգ, որովհետև, կարծում ենք` ժամանակն է, որ գերիների հարցը այդ հարթակում քննարկվի»,- ընդգծեց Կիրակոսյանը՝ հավելելով, որ այդ հարթակում Ադրբեջանի նկատմամբ ճշնումներն էլ ավելին կլինեն: Հարցին, թե ինչու է Ադրբեջանը փորձում գերիներին ներկայացնել որպես ահաբեկիչ, նրանք փորձում են ձգձգել գործընթացը, թե այլ մտադրություններ կան, Կիրակոսյանը պատասխանեց, որ դա Ադրբեջանի մարտավարությունն է` գերիներին ներկայացնելով որպես ահաբեկիչ փորձում են «արդարացնել» իրավական գործընթացի ձգձգումը: Ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի` նման քայլերով Ադրբեջանը փորձում է նաև միջազգային հանրությանը ներկայանալ «զոհի» կարգավիճակով, ինչն աբսուրդ է համարում: «Դա աբսուրդին հասնող փորձ է, իրավական առումով որևէ քննադատության չդիմացող: Նման բան բացարձակապես չկա և ակնհայտ է, որ իրենք փորձում են նմանատիպ վարքագծով կասկածներն իրենցից վանել, որովհետև իրենք են ամբողջ պատերազմի ընթացքում օգտագործել վարձկաններ, ծայրահեղ ահաբեկչական խմբավորումներ և այլն, հիմա իրենք խոսում են ահաբեկիչների մասին: Կարծում եմ` տակտիկա է ուշադրությունը շեղելու համար, որը չի ստացվի»,- եզրափակեց Կիրակոսյանը:
09:28 - 03 փետրվարի, 2021
Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես են եկել ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ

Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես են եկել ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ

Եվրախորհրդարանի պատգամավորները հանդես են եկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին հայտարարությամբ, ինչպես նաև, կոչ արել Ադրբեջանին ազատ արձակել իր մոտ պահվող բոլոր հայ զինվորականներին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Արման Եղոյանը:«Այսօր` փետրվարի 2-ին, Եվրախորհրդարանի` Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար, պատգամավոր Մարինա Կալյուրանդը, Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով հիմնական զեկուցող, պատգամավոր Ժելյանա Զովկոն հանդես են եկել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկսելու անհրաժեշտության մասին համատեղ հայտարարությամբ։ Պատգամավորները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորման և տարածաշրջանի ապագա իրավական կարգավիճակի շուրջ բանակցություններն անհրաժեշտ են առավել քան երբևէ, մասնավորապես նշելով, որ հարցը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա։  Եվրախորհրդարանի ներկայացուցիչներն ափսոսանք են հայտնել, որ ռազմագերիների փոխանակումը դեռ ամբողջապես չի իրականացվել, ողջունել են անցած շաբաթ մի քանի հայ զինծառայողների ազատ արձակումը և դիմել են Ադրբեջանին՝ կոչ անելով ազատ արձակել մյուսներին ևս»,- գրել է Եղոյանը:     
21:24 - 02 փետրվարի, 2021
Արցախ է վերադարձել 52 058 մարդ
 |1lurer.am|

Արցախ է վերադարձել 52 058 մարդ |1lurer.am|

1lurer.am: Արցախում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության կենտրոնի ղեկավարի տեղակալ, գնդապետ Դմիտրի Պերեպյոլկինը ճեպազրույցի ընթացքում ամփոփել է Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակը: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ Պաշտպանության նախարարության կայքից: Ըստ զինվորականի՝ անցած ժամանակահատվածում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չեն արձանագրվել: Ռուս խաղաղապահներն ապահովում են տեղահանվածների անվտանգ վերադարձն Արցախ: Փետրվարի 2-ի դրությամբ, Արցախ է վերադարձել 52 058 մարդ: Հունվարի 31-ին Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը Ստեփանակերտից 16 հայ ուխտագնացների ուղեկցել է դեպի Դադիվանք և հակառակը: Ռուսաստանի ինժեներ-սակրավորների խմբերը շարունակում են չպայթած զինամթերքի որոնումներն ու ոչնչացումը: Մինչև հիմա ստուգվել է 973 շինություն, ավելի քան 247 կմ ճանապարհ, մաքրվել է մոտ 893 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 23950 պայթյունավտանգ առարկա: Մարդասիրական արձագանքման կենտրոնի խմբերը, համագործակցելով ԿԽՄԿ-ի, հայկական և ադրբեջանական կողմերի ներկայացուցիչների հետ, շարունակում են զոհված զինծառայողների աճյունների որոնումները Հադրութի, Ջրականի և Վարանդայի շրջաններում:
20:13 - 02 փետրվարի, 2021
ՄԱԿ-ը 2 մլն դոլար է տրամադրել Հայաստանում ապաստանած արցախցիներին աջակցելու համար

ՄԱԿ-ը 2 մլն դոլար է տրամադրել Հայաստանում ապաստանած արցախցիներին աջակցելու համար

ՄԱԿ-ը 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն է տրամադրել՝ Լեռնային Ղարաբաղում և դրա մերձակայքում վերջերս տեղի ունեցած հակամարտության արդյունքում Հայաստանում ապաստանած մարդկանց կենսական նշանակություն ունեցող մարդասիրական աջակցություն հասցնելու համար: Ինչպես հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, այս միջոցներն անմիջապես կաջակցեն նախորդ շաբաթ հրապարակված Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրին, որում ներկայացված են ՄԱԿ-ի և հումանիտար գործընկերների ռեսուրսների կարիքները՝ տեղահանված և ընդունող համայնքների առաջնային կարիքները բավարարելու համար: «ՄԱԿ-ը աջակցել է իրենց տները հարկադիր լքած մարդկանց հակամարտության հենց սկզբից և կշարունակի աջակցել այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ խոցելի կմնան»,- ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:   ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի (CERF) կողմից ֆինանսավորումը կօգնի առաջնահերթ օգնություն տրամադրել փախստականների նման կարգավիճակում գտնվող անձանց և ընդունող համայնքներին: ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության միջոցով տրամադրվող աջակցությունը կապահովի, որ բոլոր խոցելի խմբերին, հատկապես՝ երեխաներին, հասանելի լինեն այնպիսի ծառայությունները, ինչպիսիք են դպրոցները, սոցիալ-հոգեբանական աջակցությունն ու առողջապահական առաջնային ծառայությունները, ինչպես նաև՝ ձմեռելու համար անհրաժեշտ ապաստարաններն ու ոչ պարենային ապրանքները: Աջակցման տրամադրման ժամանակ առաջնահերթություն կտրվի կանանց, երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց: Ծրագիրը ընդլայնում է հակամարտության հենց սկզբից տրամադրվող աջակցությունը: 2020 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերները տրամադրել են 33,330 ոչ պարենային ապրանք, այդ թվում՝ անկողնային իրեր, սրբիչներ, հիգիենայի պարագաներ և կենցաղային իրեր, 1,000 ծալովի մահճակալ, սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրել կանանց և երեխաներին, ինչպես նաև՝ վճարել են ապաստարանի դեր կատարած 64 օբյեկտի կոմունալ ծախսերը: Աջակցություն է ցուցաբերվել նաև 11,500 երեխայի, ովքեր ներկայում սովորում են Հայաստանի նախակրթարաններում և դպրոցներում: Բացի այդ, մի շարք այլ միջոցառումների հետ մեկտեղ, յուրաքանչյուր ամիս հարյուրավոր տոննա պարենային օգնություն է տրամադրվում շուրջ 18,000 մարդու:    
19:14 - 02 փետրվարի, 2021
Արցախում մասնակի կամ լրիվ կփոխհատուցվեն քաղաքացիների վարկերը և փոխառությունները

Արցախում մասնակի կամ լրիվ կփոխհատուցվեն քաղաքացիների վարկերը և փոխառությունները

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 2-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հետպատերազմյան ժամանակաշրջանում նախատեսվող պետական աջակցության այն ծրագրերին, որոնք ուղղված կլինեն քաղաքացիների վարկերի և փոխառությունների դիմաց առաջացած պարտավորությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցմանը։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը նախագահին է ներկայացրել Կառավարության կողմից մշակված պետական աջակցության ծրագրի նախագիծը, համաձայն որի, նախագծի հաստատման դեպքում, առաջիկայում պետական աջակցությունից կարողանալու են օգտվել ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնք ունեն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ստացած հիպոթեքային, բիզնես և սպառողական վարկեր ու փոխառություններ։ Մասնավորապես, հիփոթեքային վարկերի համար 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 1-ը ժամանակացույցով նախատեսված բոլոր վճարումները Արցախում փաստացի ապրող քաղաքացիներին փոխհատուցվելու են պետության կողմից՝ մինչև 30 մլն դրամ չափով։ Բայց 5 տարվա ընթացքում բնակտարածքը վաճառելու դեպքում՝ աջակցության գումարը վերադարձվելու է պետությանը։ Բիզնես վարկերի, փոխառությունների կամ լիզինգի համար՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկված տոկոսագումարները հատուցվելու են, իսկ մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը ժամանակացույցով նախատեսված մայր գումարների վճարումները բաշխվելու են վարկի հետագա ժամկետի վրա։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը վարկի վերջնաժամկետը լրանալու դեպքում մայր գումարի մարումը նախատեսվում է հաջորդ 6 ամիսների ընթացքում՝ հավասարաչափ։ Նշված վարկերի փոխհատուցման ծրագրից կարողանալու են օգտվել այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք գործում են և նրանց գործունեությունը շարունակական է։ Նախատեսվում է նաև բոլոր բիզնես վարկերի սուբսիդավորում՝ ըստ ոլորտների առավել օպտիմալ տոկոսադրույքների սահմանմամբ։ Ֆիզիկական անձանց՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ստացած սպառողական վարկերի (օվերդրաֆտ) և փոխառությունների մասով նախատեսվում է 3 տարի ժամկետով փոխհատուցել պարտավորությունները՝ առավելագույնը 3 մլն դրամ չափով։ Ըստ նախագծի՝ աջակցությունից կարողանալու են օգտվել միայն ԱՀ-ում փաստացի բնակվող շահառուները։ Պետական աջակցության ծրագրով լրացուցիչ արտոնություններ են նախատեսվում շահառուների մի շարք կատեգորիաների համար։ Մասնավորապես՝ ԱՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ շփման գծում մարտական հերթապահություն, հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով՝ ա) զոհված (մահացած), 1-ին կարգի հաշմանդամ դարձած ֆիզիկական անձանց կամ նրանց ընտանիքների անդամների համար կներվեն (կփոխհատուցվեն) հիփոթեքային, սպառողական, ինչպես նաև բիզնես վարկերի դիմաց ձևավորված պարտավորությունները, վերջինների դեպքում՝ առավելագույնը 30 մլն դրամի չափով. բ) անհայտ բացակայող համարվող քաղաքացիների կամ նրանց ընտանիքների անդամների համար հիփոթեքային, սպառողական վարկերը, ինչպես նաև բիզնես վարկերի դիմաց առաջացած պարտավորությունները կփոխհատուցվեն անհայտ բացակայող լինելու ողջ ժամանակահատվածում, վերջինների դեպքում՝ առավելագույնը 30 մլն դրամի չափով. գ) 2-րդ կարգի հաշմանդամ դարձած ֆիզիկական անձինք կամ նրանց ընտանիքների անդամները կստանան 27.09.2020 թվականի դրությամբ հիփոթեքային կամ բիզնես վարկերի մայր գումարների մնացորդների հանրագումարի 50 տոկոսի չափով փոխհատուցում (ոչ ավելի, քան 6.8 մլն դրամ հիփոթեքային և ոչ ավելի, քան 10 մլն դրամ բիզնես վարկերի համար), տուժանքների ներում կամ հատուցում, իսկ բացառապես սպառողական վարկեր ունեցողները՝ փոխհատուցում՝ 10 մլն դրամի սահմաններում. դ) 3-րդ կարգի հաշմանդամ դարձած ֆիզիկական անձինք կամ նրանց ընտանիքների անդամները կստանան 27.09.2020 թվականի դրությամբ հիփոթեքային կամ բիզնես վարկերի մայր գումարների մնացորդների հանրագումարի 30 տոկոսի չափով փոխհատուցում (ոչ ավելի, քան 4 մլն դրամ հիփոթեքային և ոչ ավելի, քան 6 մլն դրամ բիզնես վարկերի համար), տուժանքների ներում կամ հատուցում, իսկ բացառապես սպառողական վարկեր ունեցողները՝ փոխհատուցում՝ 8 մլն դրամի սահմաններում. ե) պատերազմական գործողությունների մասնակիցները կամ նրանց ընտանիքների անդամները կստանան 27.09.2020 թվականի դրությամբ հիփոթեքային կամ բիզնես վարկերի մայր գումարների մնացորդների հանրագումարի 15 տոկոսի չափով փոխհատուցում (ոչ ավելի, քան 2 մլն դրամ հիփոթեքային և ոչ ավելի, քան 3 մլն դրամ բիզնես վարկերի համար), տուժանքների ներում կամ հատուցում, իսկ բացառապես սպառողական վարկեր ունեցողները՝ փոխհատուցում՝ 5 մլն դրամի սահմաններում։ Պատերազմական գործողությունների հետևանքով ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում վարկային միջոցներով ձեռք բերված կամ վերանորոգված գույքի սեփականատերերի համար ներվելու կամ փոխհատուցվելու են բոլոր տեսակի վարկերը և փոխառությունները՝ բիզնես վարկերի դեպքում՝ հետագայում գույքի նկատմամբ պետական սեփականության իրավունքի գրանցման պայմանով։ Տնտեսվարող սուբյեկտների համար, որոնց գույքը մասամբ մնացել է այդ համայնքներում կամ ոչնչացվել է, նախատեսվում է պարտավորությունների ներում կամ կորստին համամասնորեն փոխհատուցում։ Նախագահ Հարությունյանը հանձնարարել է համապատասխան մարմինների պատասխանատուներին նշված սկզբունքների հիման վրա վերջնականացնել ծրագրի նախագիծը, որը կարող է քննարկումների արդյունքում որոշ փոփոխությունների ենթարկվել, և ներկայացնել հաստատման: Նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է հնարավորինս կարճ ժամկետներում գործարկել պետական աջակցության ծրագրերը՝ միաժամանակ հստակեցնելով դրանց վերահսկողության մեխանիզմները, որոնք կբացառեն շահառուների և պետական ծառայողների խտրական կամ անբարեխիղճ վարքագծի դրսևորումները։
16:17 - 02 փետրվարի, 2021
Արցախի ՊԲ-ում կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում․ Արցախի ԱԽ գրասենյակի տեղեկատվության վարչության պետ

Արցախի ՊԲ-ում կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում․ Արցախի ԱԽ գրասենյակի տեղեկատվության վարչության պետ

Արցախի Պաշտպանության բանակում եւ դրան հավասարեցված ուժային այլ կառույցներում կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակի տեղեկատվության վարչության պետ Տիգրան Աթանեսյանը։ Մեր ճշտող հարցին՝ կառուցվածքային փոփոխությունը ենթադրում է կազմալուծո՞ւմ՝ ինչպիսի տեղեկություն տարածվել է մամուլում, Աթանեսյանը պատասխանեց, որ կազմալուծման որեւէ գործողություն չի նախատեսվում: ԱԽ տեղեկատվության վարչության պետից հետաքրքրվեցինք՝ կառուցվածքի փոփոխությունը ենթադրում է նաեւ կարգավիճակի՞ փոփոխություն, այսինքն՝ այլեւս չի՞ լինելու ՊԲ, Աթանեսյանն արձագանքեց, որ այս պահին մանրամասաներ չի կարող հայտնել կառույցի վերանվանման վերաբերյալ, քանզի դեռեւս հստակեցում չկա։ Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչ իրավական ակտի հիման վրա են նախատեսվում այդպիսի փոփոխություններ, մեր զրուցակիցը նշեց, որ Անվտանգության խորհրդում այժմ իրականացվում են գործնական ու կազմակերպական աշխատանքներ, եւ ոչ թե փաստաթղթային․ այլ մանրամասներ նա չհայտնեց։  Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տարածվում է տեղեկություն, ըստ որի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը, եւ Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի։ Պնդման վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից․ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Հարցման պատասխանն ստանալուն պես կհրապարակենք ՊՆ-ի մեկնաբանությունը։ Հայարփի Բաղդասարյան
14:23 - 02 փետրվարի, 2021
Դիտորդների խումբն արձանագրում է՝ սիրիացի վարձկանների պահման պայմանները համապատասխանում են միջազգային չափանիշներին

Դիտորդների խումբն արձանագրում է՝ սիրիացի վարձկանների պահման պայմանները համապատասխանում են միջազգային չափանիշներին

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական կողմը ձերբակալել է Սիրիայի երկու քաղաքացիների, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Նրանք մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով՝ վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։ ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ) ՔԿ հիմնարկներ կատարած այցելության ժամանակ դիտարկել է վերջիններիս պահման պայմանները: Նշված անձինք, անվտանգության նկատառումներից ելնելով, պահվում են հիմնարկի 2 տարբեր խցերում: Խումբն արձանագրում է, որ նրանց խցերը համահունչ են 1 անձի համար նախատեսված չափանիշներին: Մասնավորապես, խցերում կան սանհանգույցեր, մշտական ջրամատակարարում, բավարար ջերմաստիճան, խուցն օդափոխելու հնարավորություն: Հիմնարկի վարչակազմը Խմբին փոխանցել է, որ նրանք օգտվում են 3-անգամյա սննդից: 2 անգամ բժշկական հետազոտություն են անցել, ինչի արդյունքում առողջական խնդիրներ չեն արձանագրվել: Այսպիսով, Խումբն արձանագրում է, որ ՔԿ հիմնարկում վարձկանները պահվում են միջազգային չափանիշներին համահունչ:
13:11 - 02 փետրվարի, 2021
Արցախում մոտ 730 նորակառույց բնակարան ու առանձնատուն կավելանա մեկնարկած նախագծերի շնորհիվ |armenpress.am|

Արցախում մոտ 730 նորակառույց բնակարան ու առանձնատուն կավելանա մեկնարկած նախագծերի շնորհիվ |armenpress.am|

armenpress.am: Ստե­փա­նա­կեր­տում և Արցախի  վե­րահս­կո­ղու­թյան տակ գտնվող մի շարք բնակավայրերում նոր բնա­կե­լի ֆոնդ ստեղծելու և տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու համար Արցախի քաղաքաշինության նախարարությունը նոր նա­խագ­ծեր է պատվիրել: Այս մասին տեղեկացրին Քաղաքաշինության նախարարությունից: «Նախարարությունն արդեն էս­քի­զա­յին նա­խա­գիծ ունի Մար­տու­նու շր­ջա­նի Վա­րան­դա գյու­ղում 100 առանձնատնով բնակելի թաղամասի կառուցման համար: Ասկերանի Աստ­ղա­շեն հա­մայն­քում 150 տան կա­ռուց­ման նա­խա­գծի իրագործման համար արդեն իսկ մեկնարկել են տե­ղագ­րա­կան հա­նույ­թի իրա­կա­նաց­ման աշ­խա­տանք­նե­ր: Շրջկենտրոն Ասկերանում նախատեսվում են բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներ՝ 246 բնա­կա­րանով, իսկ Մար­տու­նիում՝ 130: Տեղահանված արցախցիներին բնակարանով ապահովելու նպատակով՝ Շահումյանի շրջանի Ակ­նա­բերդ գյու­ղում կկառուցվի մոտ 100 առանձնատուն»,-հայտնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:
12:55 - 02 փետրվարի, 2021
Արցախի ՊԲ-ն ներկայացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած հերոսական դրվագներ

Արցախի ՊԲ-ն ներկայացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած հերոսական դրվագներ

Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը ներկայացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած հերոսական դրվագները։ Թշնամու դիվերսիոն-հետախուզական խմբի ներթափանցման փորձը հաջողությամբ կասեցնելու և կորուստներ պատճառելու ընթացքում աչքի են ընկել սերժանտ Վաչիկ Ղևոնդի Ասրյանն ու շարքային Վահան Գեղամի Վարդանյանը: Փոխգնդապետ Սեդրակ Էդուարդի Գրիգորյանը աչքի է ընկել մի շարք մարտական դրվագներում, դրսևորել անձնական արիություն: Շարքային Արման Արմենի Բարսեղյանը խոցել է թշնամու մեկ տանկ, դրսևորել անձնական խիզախություն: Հակառակորդին մեծաթիվ մարդկային ուժի ու զինտեխնիկայի կորուստներ է պատճառել ավագ լեյտենանտ Գևորգ Օլեգի Հայրապետյանը: Ստորաբաժանումները հմտորեն ղեկավարել, հակառակորդի բազմաթիվ նշանակետեր է հայտնաբերել և ճշգրիտ խոցման խնդիրներ է առաջադրել փոխգնդապետ Գևորգ Ալբերտի Գասպարյանը: Ռադիոկապը մարտական բարդ իրավիճակում հմտորեն կազմակերպել և առաջադրանքները բարձր մակարդակով է կատարել կապիտան Արման Վարդգեսի Դանիելյանը: Մարտական առաջադրանքները գերազանց մակարդակով կատարել, արդյունավետ հետախուզություն վարել և հակառակորդին զգալի կորուստներ են պատճառել շարքայիններ Մարտիկ Գառնիկի Ավագյանը, Կարեն Արմենի Միրզախանյանը, կրտսեր սերժանտներ Վահան Գրիգորիի Սիմոնյանը, Դավիթ Սասունի Ղուլյանը, Պետրոս Արամի Չիլինգարյանը, Ժիրայր Արշավիրի Առաքելյանը, Էրիկ Արմենի Ադամյանը, Ցոլակ Շիրազի Թառոյանը, սերժանտներ Վահե Արմենի Սահակյանը, Ալեքսան Ռազմիկի Սիմոնյանը, Արամ Արմենի Կարապետյանը:
11:59 - 02 փետրվարի, 2021
ԵԺԿ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին |armenpress.am|

ԵԺԿ-ն կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Քաղաքական վեհաժողովի անդամները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով գերեվարված զինվորականներին ու քաղաքացիական անձանց: Այս մասին հայտնում է ԵԺԿ պաշտոնական կայքը: «ԵԺԿ Քաղաքական վեհաժողովի անդամները կոչ են անում Ադրբեջանին արագացնել ռազմագերիների, գերիների և աճյունների փոխանակումը, նաև պահանջում են անհապաղ ազատ արձակել նրանց: Քաղաքական համաժողովի անդամները հորդորում են նաև Եվրոպական հանձնաժողովին Ադրբեջանի հետ ներկա ու հետագա հարաբերություններում առաջ մղել այս մարդասիրական խնդիրը, ինչպես նաև կոչ են անում Եվրախորհրդարանին հրատապ կերպով քննարկել Լեռնային Ղարաբաղի պատերազմի ռազմագերիների ու պատանդների փոխանակման գործընթացը», - ասվում է ԵԺԿ Քաղաքական վեհաժողովի հայտարարության մեջ:
11:56 - 02 փետրվարի, 2021