ՆԱՏՕ

Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը Հյուսիսատլանտյան պայմանագիրը ստորագրած անդամ-երկրների ստեղծած ռազմաքաղաքական կազմակերպությունն է, որը նպատակ է հետապնդում հավաքական անվտանգության և պաշտպանություն պարտականությունների իրականացումը։ Հիմնադրվել է 1949 թ․ ապրիլի 4-ին։ Հաճախ անվանում են ՆԱՏՕ՝ անգլերեն բառերի հապավումից։ 

ՆԱՏՕ-ին անդամակցում են 29 երկիր, որոնցից 27-ը եվրոպական են, երկուսը՝ հյուսիս-ամերիկյան: Հյուսիսատլանտյան դաշինքի որոշում կայացնող գլխավոր մարմինը Հյուսիսատլանտյան դաշինքի խորհուրդն է, իսկ միջազգային բարձրագույն պաշտոնյան՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ 

ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ |armenpress.am|

ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդին առաջարկել է կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ |armenpress.am|

armenpress.am: Եվրախորհրդարանի՝ Հունաստանը ներկայացնող պատգամավոր Էմանուիլ Ֆրանկոսը նամակով դիմել է Եվրոպական խորհրդին՝ առաջարկելով կիրառել զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ: Ինչպես վկայում է Ֆրանկոսի «Թվիթեր»-ի միկրոբլոգը, ԵԽ պատգամավորը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին հասցեագրված նամակում նշել է, որ Թուրքիան ավտորիտար, ֆաշիստական ռեժիմի պետություն է, որտեղ իշխանությունը կենտրոնացված է բացառապես նախագահ Էրդողանի ձեռքում: Թվարկելով Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունն աշխարհի տարբեր կետերում, այդ թվում՝ Կիպրոսում, Հունաստանում, Լիբիայում, Սիրիայում, ինչպես նաև հայերի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Ադրբեջանին աջակցությունը և ջիհադիստ զինյալների տեղափոխումը հակամարտության գոտի՝ նշել է, որ այս գործողություներից որևէ մեկը համաձայնեցված չի եղել ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ: «Փաստը, որ Թուրքիան բավական երկար ժամանակ այլևս ժողովրդավար պետություն չէ, մեծապես հայտնի է և դրա ագրեսիան բազմիցս դատապարտվել է Եվրախորհրդարանի և Եվրոպական խորհրդի կողմից»,-նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ Թուրքիայի գործողությունները ոտնահարում են ՄԱԿ-ի նկատմամբ դրա հիմնարար պարտավորությունները, հակասում են ՆԱՏՕ-ի գաղափարախոսությանը: Դաշինքի ոգուն ու սկզբունքներին դեմ է նաև Թուրքիայի վերջին ակտիվությունը՝ կապված S-400 հրթիռային համակարգերի գնման հետ:   «Անհրաժեշտ է ընդգծել, որ ՆԱՏՕ դաշինքի անդամ Կանադան կիրառել է ռազմական սարքավորումների մատակարարման էմբարգո Թուրքիայի նկատմամբ, բացի դրանից ԱՄՆ-ը ևս հետաձգել է ռազմական համակարգերի մատակարարումը Թուրքիա: Հաշվի առնելով, որ անդամ երկրները կարող են կանխել ռազմական տեխնոլոգիաների և սարքավորումների մատակարարումը, եթե դրանք պետք է օգտագործվեն ներքին ճնշումների և միջազգային ագրեսիայի նպատակով կամ նպաստեն տարածաշրջանային անկայունությանը՝ ե՞րբ պետք է խորհուրդը կիրառի զենքի էմբարգո Թուրքիայի նկատմամբ»,-նշել է ԵԽ պատգամավորն իր նամակում, իսկ սոցիալական ցանցում  նամակը տարածելիս կիրառել է «բոյկոտել Թուրքիային», «սանկցիա կիրառել Թուրքիայի նկատմամբ» հեշթեգեր:
18:03 - 18 հոկտեմբերի, 2020
ՆԱՏՕ-ն Թուրքիային նախազգուշացրել է ռուսական S-400 համակարգերի օգտագործման հետևանքների մասին |armenpress.am|

ՆԱՏՕ-ն Թուրքիային նախազգուշացրել է ռուսական S-400 համակարգերի օգտագործման հետևանքների մասին |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ի ղեկավարությունը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգի փորձարկման կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է «Deutsche Welle»-ին, հոկտեմբերի 17-ին այս մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: «Այդ համակարգը կարող է վտանգ հանդիսանալ ՆԱՏՕ-ի դաշնակիցների օդանավերի համար և բացասական ազդեցություն ունենալ դաշինքի գործընկերների միջեւ հարաբերությունների վրա»,- ասել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: Նրա խոսքով ՝ կարևոր է, որ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ, մյուս դաշնակիցների հետ միասին շարունակի այլընտրանքային ուղիների որոնումը: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նշել է, որ այդ որոշումը Թուրքիայի իրավունքն է, սակայն S-400 համակարգը չի կարող ինտեգրվել ՆԱՏՕ-ի հակաօդային եւ հակահրթիռային համակարգերին: «Թուրքիայի կողմից անցկացված S-400 թեստային փորձարկումները, եթե այդ փորձարկումները հաստատվում են, ափսոսանք է առաջացնում», – հայտարարել է ՆԱՏՕ – ի ներկայացուցիչը: Հոկտեմբերի 16-ին հայտնի էր դարձել, որ թուրք զինվորականներն առաջին անգամ S-400 են փորձարկել երկրի հյուսիսում գտնվող Սինոպ քաղաքի շրջանում:
20:30 - 17 հոկտեմբերի, 2020
Ստեփանակերտն այսօր նման է Գերմանիայի քաղաքներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը գերմանական «Բիլդ» պարբերականին

Ստեփանակերտն այսօր նման է Գերմանիայի քաղաքներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը գերմանական «Բիլդ» պարբերականին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույց է տվել գերմանական «Բիլդ» պարբերականին: Հարց - Պարոն նախագահ, մենք քիչ առաջ ենք վերադարձել Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտից, որն արդեն երկու շաբաթ ռմբակոծության է ենթարկվում Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Միևնույն ժամանակ, հայկական կողմը ևս թիրախավորում է քաղաքացիական օբյեկտները, ինչպես օրինակ վերջերս Գյանջայում: Մարդիկ են զոհվում: - Նախ և առաջ, Հայաստանի արտաքին գործերի նախարարն արդեն այս հարցի վերաբերյալ հայտարարություն է արել, և ես հավաստիացումներ ունեմ պաշտպանության և արտգործնախարարներից, որ Հայաստանը նման բան չի արել: Լրագրող -Բայց տեղում եղել են անկախ լրագրողներ, որոնք նկարահանել են ավերածությունները: - Ես ասում եմ, որ Հայաստանը այդ հարվածի հետ որևէ կապ չունի: Ես խոսում եմ Հայաստանի Հանրապետության մասին, քանի որ Հայաստանի Հանրապետության նախագահն եմ: Դուք գալիս եք Ստեփանակերտից, որը Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետության մայրաքաղաքն է: Դուք ականատեսն եք եղել, թե ինչքան այն ծանր հրետակոծվել: Քանի՞ օր եք եղել Ստեփանակերտում: Լրագրող- Գրեթե մեկ շաբաթ: - Շա՞տ հրետակոծություններ եք տեսել, թե՞ միայն մեկը: Հարց- Մենք ամեն գիշեր ապաստարանում էինք: - Դա, ըստ էության, պատասխանում է Ձեր հարցին: Այս պատերազմը սկսել է ադրբեջանական կողմը: Առաջին օրվանից սկսած, բանակցային սեղանի շուրջ հավաքվելու փոխարեն, Ադրբեջանը որոշեց, որ իրավունք ունի պատերազմ սկսել՝ ոչ միայն աջ ու ձախ ռմբակոծելով սպանել երիտասարդ զինվորների առաջնագծում, այլև ռմբակոծելով նաև քաղաքացիական բնակչությանը գյուղերում և Լեռնային Ղարաբաղի շատ քաղաքներում: Եթե նման պատերազմ ես սկսում և ազատորեն հրետակոծում ես քաղաքացիական բնակչությանը, օգտագործում զենքի բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ և օդուժը, Սիրիայից եկած ահաբեկիչներին, թուրքական ռազմական տեխնիկան, դրոնները և այլն, ինչպե՞ս կարող ես ակնկալել, որ հակառակ կողմը քաղաքավարի կերպով ոչինչ չի անելու: Լրագրող- Սակայն, կա տարբերություն ռազմական և քաղաքացիական թիրախների միջև: - Դուք եղել եք Ստեփանակերտում: Այն ռազմակա՞ն, թե՞ քաղաքացիական թիրախ է: Լրագրող- Այո, Ստեփանակերտը հրետակոծվում էր: - Այդ պարագայում ինչո՞ւ միջազգային հանրությունը չի դատապարտում այն, ինչ անում են ադրբեջանական և թուրքական կողմերն ավելի քան երկու շաբաթ՝ հրետակոծելով և սպանելով քաղաքացիական անձանց: Հարց - Կանցլեր Մերկելն ասել էր, որ երկու կողմերն էլ պետք է վերջ տան բռնությանը: Հիասթափվա՞ծ եք գերմանական արձագանքից: - Տվյալ դեպքում միջազգային հանրության, այդ թվում և՝ Գերմանիայի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի կողմից ավելի խիստ արձագանք պետք է լիներ Թուրքիայի նկատմամբ: Ես խորապես համոզված եմ, որ թուրքական ներկայությունն ու գործողությունները Լեռնային Ղարաբաղի պատերազմում կտրուկ փոխել են ողջ պատկերը: Եթե միայն Ադրբեջանը լիներ, ինչպես նախկինում էր, մենք կտեսնեինք մի քանի օրվա կռիվ, այնուհետև այն կդադարեր: Միջազգային հանրությունը հրադադարի կոչ կաներ երկու կողմերին, որը նշանակություն կունենար երկու կողմերի համար: Իսկ միջազգային հանրություն ասելով ես նկատի ունեմ ոչ միայն կանցլեր Մերկելին, նախագահ Մակրոնին կամ Եվրամիությանը, ՆԱՏՕ-ին... Սակայն այդ հակամարտությունում այսօր կա երրորդ ուժ՝ Թուրքիան, որը հակամարտության մաս չէ: Իհարկե, նրանք արդարացումներ են բերում, նախ ասելով, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են: Կներեք, սակայն թուրքերն էթնիկ եղբայրներ ունեն Կենտրոնական Ասիայում, Մոնղոլիայում, Չինաստանի հյուսիսում: Նրանք, ինչ է, ներգրավվելո՞ւ են այդ երկրներում խնդիրների առաջացման պարագայում: Երկրորդը, նրանք օգտագործում են PKK զինյալների՝ արդեն հնացած խաղաքարտը, ինչը բացարձակ անհեթեթություն է: Երրորդը, ասում են, թե իբր Ադրբեջանում են՝ պաշտպանելու էներգետիկ ռեսուրսները և խողովակաշարը, ինչը ևս անհեթեթություն է: Եթե հայերն ուզեին հարվածել այդ խողովակաշարին, կանեին դա 20 տարի առաջ և թույլ չէին տա Ադրբեջանին միլիարդներ աշխատել: Հարց- Ըստ Ձեզ, ո՞րն է պատճառը, որ կանցլեր Մերկելը երկու կողմերին է կոչ անում: - Իմ գործը չէ մեկնաբանել, թե ինչ է անում կանցլեր Մերկելը, քանի որ նա չի մեկնաբանում իմ ասածները: Հարց - Իսկ ի՞նչ կուզեիք, որ Գերմանիան աներ: - Դա այլ հարց է: Ես կուզեի, որ Գերմանիան գիտակցի, որ իրադրությունը, որն այժմ կա Կովկասում, շատ վտանգավոր է: Այն վտանգավոր է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի/Արցախի բնակչության համար... Երբ առաջին պատերազմի ժամանակ նրանք (արցախցիները) կռվում էին, բոլորն ասում էին, թե ինչպես կարող է այդ փոքր երկիրը հաղթել Ադրբեջանին, որին աջակցում է Թուրքիան: Սակայն նրանք հաղթեցին: Հարց- Ի՞նչ կարող է անել Գերմանիան: - Կարծում եմ՝ խնդիրն այժմ աշխարհաքաղաքական տեսանկյունից շատ ավելի է բարդացել, քանի որ հիմա Թուրքիան Ադրբեջանում է իր զինուժով, դրոններով, օդանավերով և այլն: Որոշ վերլուծաբաններ կարծում են, թե Թուրքիան այնտեղ է մնալու նպատակով: Ընդ որում, ոչ թե պաշտպանելու, այլ իրականում այդ խողովակաշարը վերահսկելու համար: Եթե իսկապես դա է խնդիրը, և մենք խնդրին մոտենանք աշխարհաքաղաքական տեսանկյունից, կտեսնենք շատ անկայուն Կովկաս, որը ձեռնտու չէ ոչ մեկին՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Թուրքիան կվերահսկի էներգետիկ ռեսուրսներն ոչ միայն Ադրբեջանում, այլև՝ Կասպից ծովում և Կենտրոնական Ասիայում: Ինչ-որ առումով Եվրոպան և եվրոպացիները կդառնան Թուրքիայի գերին, քանի որ այդ երկիրը կվերահսկի նավթն ու գազը, որը գալիս է Կասպյան ծովից դեպի Եվրամիություն: Հարց- Ի՞նչ կարող է դա նշանակել Գերմանիայի համար: - Գերմանիան և Եվրամիության մի մասն իրենց նավթն ու գազը ստանում են այստեղից: Եթե գործ ունես մի երկրի հետ, որն արդեն անկայունության կենտրոններ է ստեղծել իր շուրջը... Տեսեք, թե ինչ է տեղի ունենում Լիբիայում, ի՞նչ գործ ունի Թուրքիան այդտեղ: Ավելի վաղ նրանք Եգիպտոսում էին: Երբ թուրքերը խոսում են Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, այդ դեպքում ինչո՞ւ են հատում Իրաքի կամ Սիրիայի սահմանները: Նրանք հակամարտություններ ունեն Կիպրոսի և Հունաստանի հետ... Հարց- Եկեք ավելի հստակեցնենք, ակնկալո՞ւմ եք ԵՄ-ից կամ ՆԱՏՕ-ից պատժամիջոցների կիրառում Թուրքիայի նկատմամբ: - Ես չեմ ակնկալում Գերմանիայից, ԵՄ-ից կամ ՆԱՏՕ-ից նման քայլի գնալ, բայց ակնկալում եմ, որ նրանք օգտագործեն հնարավոր բոլոր միջոցները՝ ճնշում գործադրելու Թուրքիայի վրա: Հարց- Դուք կնախընտրե՞ք պատժամիջոցները... - Եկեք եթեներով չխոսենք...եթե այս, եթե այն...Ես նախընտրում եմ ցանկացած բան, որ ԵՄ-ն, ՆԱՏՕ-ն, Գերմանիան կամ մյուս երկրները հարմար կգտնեն՝ Թուրքիայի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի այդ երկիրը դադարեցնի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հետ այս հակամարտությանը: Հարց- Ինչպե՞ս եք Դուք գնահատում այսպես կոչված հրադադարը, որն ուժի մեջ է մտնել շաբաթ օրվանից: - Նախ և առաջ, հրադադարը մասամբ է պահպանվում, ոչ ամբողջական: Ինչպես Դուք ասացիք, հրադադարից անմիջապես հետո հրետակոծություն սկսվեց ադրբեջանական կողմից: Հարց- Մտավախություններ չունե՞ք, որ այս ամենը կարող է ավելի մեծ պատերազմի վերածվել: -Ես չափազանց անհանգիստ եմ, որ այս հակամարտությունը կարող է անվերահսկելի դառնալ: Մտահոգ եմ առաջին հերթին երրորդ կողմի ներգրավվածության պատճառով: Եթե այս պատերազմում լինեին միայն Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը, ավելի մեծ հույսեր կլինեին, որ իրավիճակը հնարավոր կլիներ զսպել: Սակայն Թուրքիայի ներգրավվածությունը, տարածաշրջանի նկատմամբ նրա ցանկությունները շատ մտահոգիչ են: Կա մեկ այլ գործոն, երբ Թուրքիան բերում է իսլամիստ զինյալներ: Այս ամենն իրավիճակը անկայուն է դարձնում: Այս պատճառով է, որ ես դիմում եմ մեր բոլոր բարեկամներին և նշում, որ միայն կողմերին հորդորելով հրադադար հաստատելը բավարար չէ: Մենք չենք կարող աչք փակել Թուրքիայի ներգրավվածության վրա: Դուք այնտեղ եղել եք և հավանաբար սեփական աչքերով եք տեսել, թե ինչպես են թուրքական արտադրության դրոնները թռչում Ստեփանակերտի և այլ վայրերի վրայով: Հարց- Ինչպե՞ս է հնարավոր կանգնեցնել Էրդողանին: -Կա միայն մեկ ճանապարհ՝ ճնշում գործադրել նրա վրա: Այս խնդրում երրորդ, չորրորդ կողմի ներգրավումը կարող է լարվածության մակարդակն ավելի բարձրացնել: Հայաստանն այս հարցում շատ զգուշավոր և շրջահայց է: Լայնածավալ պատերազմի այս օրերին էլ Հայաստանը չի հայտարարել Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին; Իսկ գիտե՞ք ինչու: Այս բոլոր տարիներին, խաղաղ բանակցությունների ընթացքը չխանգարելու համար, Հայաստանը որոշել է չճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ այդ կերպ հնարավորություն ընձեռելով, որ խաղաղ բանակցությունները ավարտվեն այնպես, որ բոլորի համար ընդունելի լինեն: -Ներկա պահին այնտեղ պատերազմ է: Երբ խոսում եք միջազգային իրավունքի մասին, ապա հայկական կողմը հարցնում է, թե՝ ի՞նչ կասեք այն մարդկանց իրավունքների մասին, ովքեր ապրում են իրենց սեփական հողի վրա: Հայերը Ղարաբաղը չեն բռնազավթել: Նրանք այնտեղ ապրել են հազարավոր տարիներ: Դուք եղել եք Ղարաբաղում և տեսել եք, որ այնտեղ կան եկեղեցիներ, որոնք 4-րդ, 5-րդ դարից են: Այդ ժամանակ որտե՞ղ էր Ադրբեջանը, որտե՞ղ էին թուրքերը: Սա արցախցիների հայրենի հողն է: Նրանք կռվում են իրենց տները, պատմությունը, արժանապատվությունը, կրոնը պաշտպանելու համար: Ասել, որ ադրբեջանցիներն այնտեղ են, որպեսզի ազատագրեն Ղարաբաղը հայերից, նշանակում է ասել էթնիկ զտումներ իրականացնել: Դա տարածքային ամբողջականություն չի կոչվում: Մի մոռացեք, որ միակ ժամանակահատվածը, երբ Ադրբեջանը որևէ իրավասություն է ունեցել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, Խորհրդային Միության ժամանակ էր: Եթե մենք դիտարկում ենք Խորհրդային Միության օրենքները... Ընդամենը 65 տարի է Լեռնային Ղարաբաղը տրվել Ադրբեջանին, Ստալինի կողմից: Եթե այն, ինչ Ստալինը առաջացրել կամ ստեղծել է, միջազգային օրենքներին համահունչ է, ապա ասեք ինձ այդ մասին: Երբ խոսում ենք միջազգային օրենքի, ամբողջականության և նույնիսկ մարդու իրավունքների մասին, պետք է հաշվի առնել, որ դրանցում հիմնական արժեքը մարդկանց կամ անհատի իրավունքներն են: Գնացեք Ղարաբաղ և հարցրեք տատիկին կամ երիտասարդ տղային, թե վստահու՞մ են արդյոք նրանք ադրբեջանցիներին: 65 տարի առաջ Լեռնային Ղարաբաղը եղել է Ադրբեջանի ինքնավար շրջան: Նույնիսկ խորհրդային օրենքներով ադրբեջանցիները փորձել են անել ամեն ինչ, որպեսզի էթնիկ զտումներ իրականացնեն, հայերին դուրս քշեն իրենց հողերից: Նրանք վստահու՞մ են ադրբեջանցիներին: Ո՛չ: Կա՞ արդյոք լուծում նրանց անվտանգության ապահովման համար: Կարո՞ղ են նրանք ընդունել ավելի քիչ, քան իրենց անկախությունն է: Պատասխանն է՝ ոչ: Շատ պարզ պատճառով: Նրանք ինքնավարության ամենաբարձր մակարդակ են ունեցել Խորհրդային Միության Խորհրդային Ադրբեջանում: Այդ ինքնավարության երաշխավորը Խորհրդային Միության կառավարությունն էր, սակայն նույնիսկ այդ բարձր անվտանգության երաշխավորի առկայության դեպքում Ադրբեջանը փակել է հայկական դպրոցները, ստիպել է հայերին հեռանալ, և Լեռնային Ղարաբաղի շատ հայեր լքել են երկիրը: Հարց- Ներկայումս զենք, ներառյալ դրոններ, Ադրբեջան մատակարարվում են նաև Իսրայելից: Հույսեր ունե՞ք, որ այս գործընթացները կդադարեցվեն: -Հույսը լավ բան է, և պետք է միշտ ունենալ: Իսրայելի նախագահի հետ խոսել եմ մի քանի օր առաջ: Իսրայելը խորհրդարանական պետություն է, և նախագահը պատասխանատու չէ այդ զենքերի մատակարարումների համար: Պատասխանատուն կառավարությունն է: Ես հստակ նշել եմ, որ երեք կետի մասին եմ ցանկանում խոսել: Առաջինը՝ Իսրայելի և Ադրբեջանի միջև պայմանագիրն ասում է, որ Իսրայելը պատրաստվում է մատակարարել պաշտպանական զինտեխնիկա: Իսկ մենք տեսնում ենք, որ Լեռնային Ղարաբաղում դրանք օգտագործվում են գրոհելու համար: Այդպիսով՝ դրանք պաշտպանական համակարգեր չեն: Երկրորդ՝ այդ համակարգերը օգտագործվում են քաղաքացիական բնակչության դեմ: Դա միջազգային օրենքի մեկ այլ խախտում է: Երրորդ՝ յուրաքանչյուր նման պայմանագրում միշտ ներառվում է կետ, որի համաձայն, եթե կա անկառավարելի իրավիճակ, պայմանագիրը պետք է սառեցվի, մինչև խնդիրը լուծվի: Պատերազմ է ընթանում, և այդ պայմաններում զենքի մատակարարումներ իրականացնելը կողմերից մեկին ցանկացած միջազգային օրենքի դեմ է: Ես իմ գործընկերոջ հետ զրույցում այդ մասին պարզ նշել եմ: Նրան ասել եմ, որ իմ հետևյալ երեք հարցերին պատասխանելու անհրաժեշտություն կա. ինչպե՞ս է ստացվում, որ պաշտպանական զենքերն օգտագործվում են գրոհելու համար: Ինչու՞ են այդ զենքերն օգտագործվում քաղաքացիական բնակչության դեմ: Ինչու՞ Իսրայելի կառավարությունը պատերազմի ժամանակ չի դադարեցնում կողմերից մեկին զենք վաճառելը: Նրանք պետք է դադարեցնեն դա անել և շարունակեն իրենց պայմանագիրն իրականացնել պատերազմի ավարտից հետո: Ցավոք սրտի, դեռևս պատասխան չեմ ստացել: Ամբողջ աշխարհում մենք շատ հրեա բարեկամներ ունենք, և նրանցից շատերը դժգոհ են Իսրայելի կառավարության այս գործելաոճից: Իսրայելի կառավարությունը ներկայացնում է մի ազգի, որն անցել է Հոլոքոստի միջով: Իսկ հայերն անցել են ցեղասպանության միջով: Կարծում եմ՝ այդ քայլը բարոյապես ևս անընդունելի է: Նորից. Սա կառավարությունն է, ոչ թե ժողովուրդը: Հարց- Ղարաբաղից փախստականների հոսք կա դեպի Հայաստան: -Չէի ցանկանա խոսել թվերի մասին: Երբ Դուք նշում եք բնակչության կեսի մասին, սա հիմնականում երեխաների, կանանց և ծերերի մասին է: Նրանք Հայաստանում են, և նրանց մասին հոգ են տանում: Նրանք ժամանակավոր են այստեղ և պատրաստվում են վերադառնալ իրենց հայրենիք: Հարց- Միջազգային հանրությունից որևէ աջակցության կարիք ունե՞ք: -Իհարկե ունենք: Առաջին հերթին աջակցության կարիք ունենք, որ դադարեցվի այս արյունալի պատերազմը: Ինչպե՞ս կարող ես թողնել երեխաներին, կանանց, ծերերին Ստեփանակերտում, երբ տեսնում ես, որ թշնամին ռմբակոծում է: Եթե թշնամին ինչ-որ առումով մարդկային լիներ և կռվեր առաջնագծում, այդ դեպքում բոլորը կմնային Ստեփանակերտում: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է լքեին քաղաքը: Նրանք դուրս են եկել իրենց տներից, որովհետև հրետակոծվում է քաղաքացիական բնակչությունը: Խոսքը մեկ կամ երկու ռումբերի մասին չէ: Թշնամին հրետակոծում է ամեն օր: Նայեք Ստեփանակերտին այսօր: Այն նման է Գերմանիայի քաղաքներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Ինչպե՞ս է հնարավոր 21-րդ դարում, 2020 թվականին թույլ տալ Թուրքիային, որ Ադրբեջանի հետ միասին այս ոճրագործությունն իրականացնի: Այս բոլոր մարդիկ ետ են վերադառնալու, որովհետև դա իրենց հայրենիքն է: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեպքում հաղթանակն իրենց տունը, հայրենիքը պաշտպանելու մասին է: Նրանք այնտեղ են հաղթելու համար:
15:15 - 14 հոկտեմբերի, 2020
Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ ժողովուրդը պայքարում է տարածաշրջանի անվտանգության համար․ Արմեն Սարգսյանը հանդիպել է եվրոպացի լրագրողների հետ

Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ ժողովուրդը պայքարում է տարածաշրջանի անվտանգության համար․ Արմեն Սարգսյանը հանդիպել է եվրոպացի լրագրողների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է եվրոպացի մի խումբ լրագրողների հետ, որոնք վերջին օրերին գտնվում էին Արցախում: Նախագահը պատասխանել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված ռազմական ագրեսիայի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ նրանց հարցերին: Ի պատասխան այն հարցի, թե, տեսնելով այս ամենը, որպես երկրի նախագահ ի՞նչ զգացողություններ ունի, Արմեն Սարգսյանը նշել է, որ ցավը սարսափելի է: «Սա մեզ համար կրկնակի, եռակի ցավալի է, որովհետև մենք կորցնում ենք երիտասարդ, պայծառ, հայրենասեր երիտասարդների, ովքեր կռվում են հանուն հայրենիքի և ովքեր զոհաբերում են իրենց կյանքը հայրենիքին: Չկան բառեր՝ արտահայտելու այն ցավը, որը զգում ես,-ասել է նա: -Այս պատերազմը նաև անմարդկային է, քանի որ առաջին իսկ օրվանից Ադրբեջանն սկսեց հրթիռակոծել խաղաղ բնակչությանը, բնակավայրերը»: Նախագահը լրագրողներին մանրամասն ներկայացրել է, թե ինչ է նշանակում պատերազմը յուրաքանչյուր կողմի համար: Եթե Ադրբեջանը որպես պատերազմի նպատակ հայտարարում է տարածքների ազատագրումը, այն տարածքների, որտեղ հայերը բնակվում են հազարամյակներ, և որոնք նրանց պատմական հայրենիքն են, ապա, նախագահի խոսքով, դրա համար միջազգային այլ ձևակերպում կա՝ էթնիկ զտում: Նախագահի խոսքով՝ Թուրքիայի նպատակն է Ադրբեջանին ցույց տա, թե իրենք էթնիկ եղբայրներն են, թեև նրանք նման եղբայրներ ունեն շատ այլ երկրներում, իսկ հիմնական նպատակը Կովկասում ավելի գերակա դիրք ունենալն է: Ըստ նախագահի՝ Թուրքիան Ադրբեջանին ցույց է տալիս, որ նա ունի իր կարիքը, և ինքը գալիս է օգնելու Ադրբեջանին: Բայց ոչ միայն օգնելու, այլև, շատ հավանական է, նաև այնտեղ մնալու, միջազգային խողովակաշարերը կառավարելու համար: «Ինչի՞ համար է պայքարում Արցախի ժողովուրդը: Նրանք պայքարում են իրենց կյանքի, իրենց պատվի, իրենց ժառանգության, իրենց հավատքի, իրենց ընտանիքների, իրենց պատմության և իրենց տան համար, -ընդգծել է նախագահը: -Միաժամանակ՝ Լեռնային Ղարաբաղի փոքրաթիվ ժողովուրդը պայքարում է տարածաշրջանի անվտանգության համար, ու նաև՝ Եվրոպայի անվտանգության համար, նկատի ունեմ, օրինակ, էներգետիկ անվտանգությունը: Նրանք պայքարում են Միջին Արևելքի անվտանգության համար, նկատենք, որ Թուրքիան ներգրավված է հակամարտություններում Սիրիայում, Լիբիայում, Իրաքում՝ առանց այդ երկրների տարածքային ամբողջականության մասին մտածելու» Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Թուրքիայի ներկայությունն ավելի է բարդացնում իրավիճակը: «Երբ խոսում ենք խաղաղության հասնելու ճանապարհի մասին, դա, վստահաբար, կրակի դադարեցումն է, հրադադարի հաստատումը, վստահության մթնոլորտի ձևավորման ուղղությամբ աշխատանքը և բանակցությունները վերսկսելը, բայց՝ հայկական և ադրբեջանական կողմերի միջև, ոչ թե Թուրքիայի, որովհետև Թուրքիան չի կարող կողմ կամ միջնորդ լինել,-ասել է նախագահը: -ՆԱՏՕ-ի անդամ երկիրը չի կարող կապ ունենալ ՆԱՏՕ-ի հետ կապ չունեցող հակամարտության հետ՝ օգտագործելով ՆԱՏՕ-ի կողմից վերապատրաստված զինվորականներին, ժամանակակից տեխնիկան ու տեխնոլոգիաները: Սա մեծ խնդիր է Եվրամիության, ՆԱՏՕ-ի համար: Արդյո՞ք ՆԱՏՕ-ն թույլ է տվել իր անդամին անել այն, ինչ նա անում է հիմա, եթե այո՝ թող ասեն մեզ, եթե ոչ՝ ապա ինչո՞ւ են թույլ տալիս, որ այս ամենը տեղի ունենա»: Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ բանակցային գործընթացին վերադառնալու, խաղաղության հաստատման ուղղությամբ գնալու միակ ճանապարհը այս հակամարտությունից Թուրքիայի դուրս գալն է, հակառակ դեպքում իրավիճակը մեծ վտանգ է ներկայացնելու ողջ տարածաշրջանի համար: Պատասխանելով Հայաստանի կողմից Արցախի հնարավոր ճանաչման մասին հարցին՝ նախագահը խոսել է հայկական և ադրբեջանական կողմերի մոտեցումների մի քանի տարբերությունների մասին: «Տարիների ընթացքում Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը պարզ պատճառով՝ որպեսզի հնարավորություն տա, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծվի բանակցությունների միջոցով: Մենք ցանկացել ենք, որ բանակցությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչվի, և հետո միայն Հայաստանը ճանաչի։ Միևնույն ժամանակ, եթե այս պատերազմը շարունակվի, և բանակցությունների վերադառնալու հնարավորություն չլինի, իհարկե, Հայաստանը, ամենայն հավանականությամբ, այլ ընտրություն չի ունենա, քան ճանաչելը։ Սակայն, այս պահին հրադադարի հաստատման ու բանակցություններին վերադառնալու հույս կա: Այդ պատճառով է, որ Հայաստանը նույնիսկ այսօր դա չի անում։ Մեր մոտեցումն այն է, որ այս խնդիրը ռազմական լուծում չունի,-նշել է նախագահն՝ անդրադառնալով մյուս տարբերությանը:  -Եղե՞լ եք Շուշիում, տեսե՞լ եք եկեղեցին, տեսե՞լ եք մզկիթը: Մզկիթը հայկական կողմի միջոցներով և ջանքերով վերականգնվեց: Վերականգնվեց նաև եկեղեցին: Իսկ ի՞նչ եղավ այս օրերին: Ադրբեջանը հրթիռակոծեց եկեղեցին: Սա ևս ակնհայտ ցույց է տալիս մեր մոտեցումների տարբերությունը: Մյուս տարբերությունը ռազմական միավորումների տեղակայմանն է վերաբերում: Արցախում դրանք բնակավայրերում չեն: Այստեղ փորձում են ռազմական ներկայությունն ու գործողությունները հնարավորինս հեռու տանել քաղաքացիական բնակչությունից: Ադրբեջանում հակառակն է՝ ռազմական օբյեկտները հենց բնակավայրերում են՝ թիրախ դարձնելով բնակչությունը»: Պատասխանելով Ֆրանսիայի ջանքերի մասին լրագրողի հարցին՝ նախագահ Սարգսյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և կառավարության ակտիվությունն ու ջանքերը. «Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում ներկայացնում է Եվրոպան, բայց մենք ավելի շատ լսում ենք միայն Ֆրանսիայի, քան Եվրոպայի ձայնը: Լսելի չէ ՆԱՏՕ-ի ձայնը, բավականաչափ լսելի չէ Եվրամիության ձայնը: Մենք բարձր ենք գնահատում նաև Ռուսաստանի ջանքերն ու միջնորդական հնարավորությունները»: Նախագահը շնորհակալություն է հայտնել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ու ԱԳ նախարար Լավրովին՝ հույս հայտնելով, որ ավելի մեծ ջանքեր կներդրվեն հրադադարի հասնելու ու այն պահպանելու ուղղությամբ: Շնորհակալություն հայտնելով նաև լրագրողներին՝ մարդկային խիզախության և մասնագիտական աշխատանքի համար՝ նախագահ Սարգսյանը ճշմարտությունը հանրությանը հասցնելու տեսանկյունից ընդգծել է լրատվամիջոցների ներկայացուցիչների՝ տարածաշրջան այցելելու, Արցախում գտնվելու և իրավիճակն օբյեկտիվորեն ներկայացնելու կարևորությունը:
19:23 - 13 հոկտեմբերի, 2020
Նամակներով դիմել եմ ՆԱՏՕ անդամ և ասոցացված պետությունների պատվիրակությունների ղեկավարներին․ Անդրանիկ Քոչարյան

Նամակներով դիմել եմ ՆԱՏՕ անդամ և ասոցացված պետությունների պատվիրակությունների ղեկավարներին․ Անդրանիկ Քոչարյան

ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անրդնաիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Այսօր նամակներով դիմեցի ՆԱՏՕ ԽՎ նախագահ Աթթիլա Մեսթերհազիին, ՆԱՏՕ անդամ և ասոցացված պետությունների պատվիրակությունների ղեկավարներին: Տեղեկացրեցի, որ Ադրբեջանը, խախտելով հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12:00-ից հայտարարված հումանիտար հրադադարի պահանջները, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքները:Ավելին, Թուրքիայի անմիջական աջակցությամբ, փաստորեն շարունակվում է Հայոց ցեղասպանության քաղաքականությունը: Սա Արցախի Հանրապետությունում տիրող ծանր իրավիճակի հետ կապված իմ կողմից Ձեզ ուղղված երրորդ նամակն է:Ինչպես գիտեք հոկտեմբերի 9-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հանդիպումից հետո, հոկտեմբերի 10-ից՝ ժամը 12-ից սկսած, Արցախի Հանրապետությունում հայտարարվեց հումանիտար հրադադար:Մինչ Հայաստանը կատարում էր հրադադարից ենթադրվող պայմանները, Ադրբեջանը, խախտելով իր պարտավորությունները, վերսկսեց քաղաքացիական բնակավայրերի անխնա գնդակոծությունները և ծանր հրետանու ու մարտական տանկերի օգտագործմամբ՝ գրոհներ սկսեց առաջնագծի տարբեր ուղղություններով: Միևնույն ժամանակ, խախտելով մեր օդային տարածքը, Ադրբեջանի մարտական անօդաչու թռչող սարքերը հարձակումներ գործեցին Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի հարավային շրջանում գտնվող բնակավայրերի վրա, ինչի արդյունքում զոհվեց մեկ և վիրավորվեցին երեք քաղաքացիական անձինք:Ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել նաև այն փաստի վրա, որ Թուրքիայի միջամտությամբ Մերձավոր Արևելքից հրավիրված վարձկանները և ահաբեկիչները ներկայումս կռվում են Արցախում՝ թիրախավորելով խաղաղ բնակչությանը։ Սա ոչ այլ ինչ է, քան Օսմանյան Թուրքիայի կողմից 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանության շարունակման քաղաքականություն. ներկայումս, փաստորեն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան աջակցում է հայ ժողովրդի ցեղասպանության իրագործմանը։Խաղաղ ազգաբնակչությունը թիրախավորվում է նաև Իսրայելի և Բելառուսի կողմից մատակարարված զենքերով, որոնք մարդասիրական օգնության քողի տակ ինչպես օդային, այնպես էլ ցամաքային ուղիներով տեղափոխում են Ադրբեջան։ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան F-16 կործանիչներ է տեղակայում Ադրբեջանում, դրանք կառավարում են այն անօդաչու թռչող սարքերը, որոնք օգտագործվում են Արցախի տարածքում գտնվող խաղաղ բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին թիրախավորելու նպատակով:Շնորհակալ կլինեմ, եթե ներկայացնեք Ձեր հստակ գնահատականը Թուրքիայի և Ադրբեջանի սանձազերծած գործողությունների և ներկայիս իրավիճակի վերաբերյալ: Լիահույս եմ, որ ապրելու հիմնարար իրավունքը, որը պաշտպանում են արևմտյան ժողովրդավարությունները, արժեք է և ոչ պարզապես խոսքեր:
17:05 - 12 հոկտեմբերի, 2020
ՆԱՏՕ-ն մտահոգված է Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայությունից. Ստոլտենբերգ |armenpress.am|

ՆԱՏՕ-ն մտահոգված է Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայությունից. Ստոլտենբերգ |armenpress.am|

armenpress.am: ՆԱՏՕ-ն մտահոգված Է Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայությունից եւ դաշինքի անդամ երկրներին կոչ Է անում համտեղ հակազդելու դրան: Հոկտեմբերի 6-ին այդ մասին դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել Է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ կառավարության ղեկավարի նստավայում կայացած հանդիպումից հետո: Հանդիպմանը, մասնավորապես, քննարկվել Է Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածությունը Հունաստանի Կաստելորիզո կղզու մերձակայքում սեյսմիկ հետախուզության համար ռազմանավերի խմբի ուղեկցությամբ Oruc Reis հետազոտական նավի առաքման պատճառով եւ ՆԱՏՕ-ում ստեղծվող մեխանիզմն Արեւելյան Միջերկրականում մայցամաքային ափամերձ ծանծաղուտի պատկանելության շուրջը հակամարտության լուծման համար: «Մենք նաեւ քննարկեցինք մտահոգությունները Միջերկրական ծովում Ռուսաստանի մեծացող ներկայության պատճառով: Դա հետեւանքներ ունի մեր սեփական անվտանգության համար եւ, հետեւաբար, մենք պետք Է համատեղ հակազդենք դրան»,- ասել Է Ստորտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:40 - 06 հոկտեմբերի, 2020
Մակրոնը ՆԱՏՕ-ին հորդորել է առերեսվել Թուրքիայի վարքագծին |1lurer.am|

Մակրոնը ՆԱՏՕ-ին հորդորել է առերեսվել Թուրքիայի վարքագծին |1lurer.am|

1lurer.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստներ թուրքական Գազիանթեփեով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի` Ադրբեջանի զինուժի կողմից ներգրավվելով ռազմական գործողություններում։ Նա ընդգծել է, որ Ֆրանսիան սերտ կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների ղեկավարների հետ ու համատեղ խաղաղ նախաձեռնություններ է պատրաստում: Մակրոնը Թուրքիայի պահվածքի վերաբերյալ հրավիրել է նաև ՆԱՏՕ-ի ուշադրությունը: Նա Թուրքիայից պահանջել է բացատրել ջիհադական գրոհայինների ժամանումը Ադրբեջան և ՆԱՏՕ-ին հորդորել է առերեսվել իր դաշնակցի գործողություններին: «Կարմիր գիծը հատվել է, ինչն անընդունելի է: Ես ՆԱՏՕ-ի բոլոր գործընկերներին հորդորում եմ առերեսվել ՆԱՏՕ-ի անդամի վարքագծին»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
11:30 - 02 հոկտեմբերի, 2020
ԼՂ հակամարտությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի բախման․ ամերիկացի կոնգրեսականը նախազգուշացնում է |factor.am|

ԼՂ հակամարտությունը կարող է հանգեցնել Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի բախման․ ամերիկացի կոնգրեսականը նախազգուշացնում է |factor.am|

factor.am: ԱՄՆ կոնգրեսական Թուլսի Գաբարդը դատապարտել է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կառավարության կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունները։ Այս մասին ասված է կոնգրեսականի պաշտոնական կայքէջում։ «Հարձակվելով Լեռնային Ղարաբաղի վրա՝ Ադրբեջանը խախտում է 1994 թվականի կնքված Բիշքեկի զինադադարի պայմանագիրը։ ԱՄՆ-ը պետք է Ադրբեջանին կոչ անի դադարեցնել հարձակումը, իսկ Թուրքիային՝ դադարեցնել հակամարտությանն ուղղակի մասնակցությունը, իր զինված ուժերի կիրառումը, ինչպես նաեւ անուղղակի մասնակցությունը՝ «Ալ Քաիդա»-ին հարող անձանց ուղարկելով Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչությանը կոտորելու»,- հայտարարել է կոնգրեսականը։ Նա նշել է, որ այցելել է Լեռնային Ղարաբաղ և հենց առաջին դեմքից լսել  հրադադարի հաստատման ու միջազգային կողմերի մասնակցությամբ հարատև խաղաղության պայմանագիր ձեռք բերելու կապակցությամբ Արցախի պատրաստակամությունը։ Ադրբեջանի ու Թուրքիայի գրոհներն արժանացել են բազմաթիվ խաղաղ բնակիչների համար կյանք և սպառնում են հանգեցնել ՆԱՏՕ-ի և Հայաստանի հետ ռազմական պայմանագիր ունեցող Ռուսաստանի միջև անմիջական բախման»,- հայտարարել է կոնգրեսականը։
19:00 - 01 հոկտեմբերի, 2020
Ստոլտենբերգը Վրաստանին կոչ է արել արագացնելու ՆԱՏՕ-ին անդամակցման նախապատրաստումը |armenpress.am|

Ստոլտենբերգը Վրաստանին կոչ է արել արագացնելու ՆԱՏՕ-ին անդամակցման նախապատրաստումը |armenpress.am|

armenpress.am:  ՆԱՏՕ-ն Վրաստանին կոչ Է արել օգտագործելու բոլոր հնարավորությունները դաշինքի անդամակցման նախապատրաստման համար: Այդ մասին եպտեմբերի 29-ին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, որը նվիրված Էր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի հետ հանդիպման արդյունքների ամփոփմանը: Նա ընդգծել Է Վրաստանի դերը Սեւծովյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դիրքերի ուժեղացման գործում, տարածաշրջան, որը դաշինքը համարում Է ռազմավարական տեսակետից կարեւոր իր անվտանգության համար: «Ես Վրաստանին կոչ եմ անում օգտագործելու բոլոր հնարավորությունները ՆԱՏՕ-ին եւ դաշինքի անդամակցման նախապատրաստմանը մոտենալու համար»,- ասել Է նա եւ նշել, որ երկիրը «հասել Է մեծ հաջողությունների բանակի բարենորոգման» եւ «ժողովրդավարական բարենորոգումների» իրականացման, «ժողովրդավարական ինստիտուտների եւ բանակի ու դատական բարեփոխումների նկատամբ քաղաքացիական վերահսկողության ամրապնդման գործում, ինչպես նաեւ շնորհակալություն Է հայտնել Թբիլիսիին Աֆանստանում ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցելու նպատակով զինվորականներ ուղարկելու համար: «Այսօր նորն այն Է, որ Վրաստանը եւ ՆԱՏՕ-ն միասին աշխատում են ավելի սերտորեն, քան երբեւԷ անցյալում: Մենք կենտրոնացած ենք Սեւծովյան տարածաշրջանում, զարգացնում ենք մեր ծովային հնարավորությունները, Վրաստանի առափնյա պաշտպանությունը, կատարում ենք ՆԱՏՕ-ի նավերի այցեր Վրաստանի նավահանգիստներ: Մեր բանակցություններում մենք ընդգծում ենք Սեւծովյան տարածաշրջանի նշանակությունն ինչպես Վրաստանի, այնպես Էլ ՆԱՏՕ-ի պետությունների համար: Այժմ մենք ուսումնասիրում ենք, թե ինչ նոր տարրեր կարող ենք ավելացանել մեր ռազմական համագործակցությանը»,- պարզաբանել Է Ստորտենբերգը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:24 - 29 սեպտեմբերի, 2020
Մենք չենք կարող թույլ տալ Օսմանյան կայսրության ուրվականի վերադարձ. նախագահ Արմեն Սարգսյանն

Մենք չենք կարող թույլ տալ Օսմանյան կայսրության ուրվականի վերադարձ. նախագահ Արմեն Սարգսյանն

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացման խոսքով հանդես է եկել առցանց անցկացվող կիբերանվտանգության միջազգային խոշոր «CYBERSEC2020» համաժողովին, որը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի հետ գործընկերությամբ: ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից  տեղեկացնում են, որ համաժողովի մասնակիցների թվում են նաև Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը, Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Մարգրետ Վեստագերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչեա Ջոանան, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Դիտա Չարանզովան, տարբեր երկրների պաշտպանական գերատեսչությունների, գլոբալ ընկերությունների ղեկավարներ: «CYBERSEC»-ը համարվում է կիբերանվտանգության խնդիրներին նվիրված եվրոպական ամենախոշոր համաժողովներից մեկը, որի նպատակն է քննարկել նոր տեխնոլոգիաների հետևանքով առաջացած մարտահրավերներն ու վտանգներն, ինչպես նաև թվային լուծումներն ու տեխնոլոգիաներն ի շահ հանրությունների օգտագործելու հնարավորությունները: Հանդես գալով բացման խոսքով՝ նախագահ Արմեն Սարգսյանն անդրադարձել է ներկայիս գերփոխկապակցված աշխարհում կիբերանվտանգության ոլորտի խնդիրներին ու սպառնալիքներին, դրանց հաղթահարման հնարավորություններին: Հայաստանի նախագահը հատկապես ընդգծել է երկխոսության կարևորությունը ժամանակակից աշխարհում: «Երկխոսությունը կարևոր է: Երկխոսությունն է լուծումը, ոչ թե տեխնոլոգիաները: Յուրաքանչյուր տեխնոլոգիայի դեմ կհայտնվի մի նոր տեխնոլոգիա, և եթե փորձես ինքդ քեզ պաշտպանել միայն տեխնոլոգիաներ օգտագործելով, ապա շատ հավանական է՝ ձախողվես»,-ասել է նախագահ Սարգսյանը: Ընդգծելով, որ մարդկային երկխոսությունն ամենակարևորն է, Հայաստանի նախագահն անդրադարձել է Ադրբեջանի հրահրած ռազմական վերջին գործողություններին. «Հայաստանի նման երկիրն ամեն օր դիմակայում է կիբերսպառնալիքներին, որոնք գալիս են ոչ միայն մեր հարևան Ադրբեջանից, այլև Թուրքիայից, որը ՆԱՏՕ-ի անդամ է: Ցավոք սրտի, այս վիրտուալ սպառնալիքն ավելի և ավելի նյութական է դառնում: Թերևս լսել եք, որ Ադրբեջանը կիրակի օրը հակամարտություն է սկսել Լեռնային Ղարաբաղի սահմաններին: Պետք է հայտարարեմ, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան լիակատար կերպով աջակցում է Ադրբեջանին իր էլեկտրոնային դրոնների՝ կիբերհարձակումների, ինչպես նաև անձնակազմի՝ խորհրդատուների, վարձկանների և անգամ F-16 կործանիչների միջոցով: Սա ողջ աշխարհում բնակվող ցանկացած հայի համար ինչ-որ առումով ուրվականի վերադարձ է: Եվ եթե այդ ուրվականը ի սկզբանե վիրտուալ էր, ապա այն այժմ դարձել է նյութական: Ինչու եմ ասում ուրվական. դա Օսմանյան կայսրության ուրվականն է, որը 105 տարի առաջ ծրագրեց և իրականացրեց Հայոց ցեղասպանությունը: Ոչ մի դեպքում մենք չենք կարող թույլ տալ, որ այդ ցեղասպանությունը կրկնվի: Որտե՞ղ է լուծումը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում լուծումը նույնպես երկխոսությունն է, երկխոսությունը կողմերի միջև: Գոյություն ունի հարթակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն ունի երեք համանախագահ երկրներ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Մենք պետք է վերադառնանք երկխոսության: Թե՛ նյութական, թե՛ կիբերհակամարտությունների պարագայում կա լուծման միայն մեկ ճանապարհ՝ երկխոսություն»: Արձագանքելով նախագահ Սարգսյանի խոսքին՝ գագաթնաժողովի մոդերատորը մասնավորապես ասել է. «Մենք համաձայն ենք Ձեզ հետ, պարոն նախագահ, որ երկխոսությունը կարևոր է: Խոսելով երկխոսության և այս դժվարին ժամանակների մասին՝ ևս մեկ անգամ ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Ձեր մտքերը ներկայացնելու համար: Ահա թե ինչպես է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը մեկնաբանել իրավիճակը. «ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին տեղեկությունների առնչությամբ: Կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները, որոնք արդեն հանգեցրել են զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում: Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները՝ հասնելու խաղաղ կարգավորման: ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին»:
16:30 - 28 սեպտեմբերի, 2020
Նավալնիի թունավորումը հզոր արձագանք պետք է ստանա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
 |tert.am|

Նավալնիի թունավորումը հզոր արձագանք պետք է ստանա. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար |tert.am|

tert.am: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի` «Նովիչոկ» տեսակի նյութով թունավորումը պետք է արժանանա միջազգային ուժեղ արձագանքի: Այս մասին գրում է korrespondent.net կայքը:Դաշինքի ղեկավարը Ռուսաստանի Դաշնությանը կոչ է արել լիարժեք և թափանցիկ հետաքննել միջադեպը՝ այն անվանելով հարձակում ժողովրդավարական իրավունքների դեմ:«Մենք կոշտ դատապարտել ենք Ալեքսեյ Նավալնիի դեմ «Նովիչոկ»-ով կատարված հարձակումը: Ես Ռուսաստանին կոչ եմ անում այս սարսափելի հարձակման վերաբերյալ լիարժեք և թափանցիկ հետաքննություն անցկացնել: Սա պարզապես հարձակում չէ մեկ անձի, սա հարձակում է ժողովրդավարական հիմնարար իրավունքների նկատմամբ: Բացի այդ, քիմիական զենքի օգտագործումը միջազգային օրենսդրության, մասնավորապես` զենքի վերահսկողության համաձայնագրի լրջագույն խախտում է»,-նշել է Ստոլտենբերգը:
13:42 - 22 սեպտեմբերի, 2020