ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Կութում Ադրբեջանի նշանառու կրակոցների պահին տան բակում են գտնվել տարեցներ ու երեխաներ․ ՄԻՊ

Կութում Ադրբեջանի նշանառու կրակոցների պահին տան բակում են գտնվել տարեցներ ու երեխաներ․ ՄԻՊ

Ադրբեջանական երեկվա կրակոցները Կութ գյուղի տներից մեկի պատը վնասել են բակում կանգնած երեխայի անմիջապես հարևանությամբ: Այդ նշանառու կրակոցների պահին տան բակում են գտնվել տարեցներ ու երեխաներ: Տան մեջ այդ պահին եղել են նաև մանկահասակ երեխաներ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ «Մասնավորապես, օգոստոսի 27-ին (երեկ)` ժամը 22-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերն նշանառու ինտենսիվ կրակահերթ են սկսել ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի քաղաքացիական տների վրա՝ ուղիղ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը: Կրակոցների արդյունքում վնասվել է 10-ից ավելի տուն՝ տանիքներ ու պատեր, որոնց վրա ոչ միայն կրակոցների հետքերն են, այլ նաև պատերի մեջ կան պարկուճներ: Կրակոցները եղել են տարբեր տրամաչափի զինատեսակներով ու դադարել են ժամը 23-ի սահմաններում: Հրապարակվում է մի քանի լուսանկար, որոնցից մեկն էլ ցույց է տալիս, թե կոնկրետ որ ուղղությունից են արձակվել կրակոցները: Այս կրակոցները բացահայտ խախտում են մարդկանց կյանքի ու սեփականության իրավունքը, խաթարում են քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ երեխաների, կանանց, տարեցների անվտանգությունը, նրանց խաղաղ ու բնականոն կյանքը: Երեկվա դեպքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ադրբեջանական զինված ուժերի հեռանալը ՀՀ գյուղերից և համայնքների միջև ճանապարհներից այլ ընտրանք չունի: Միայն սա կարող է երաշխավորել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ապահովել մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը: Սյունիքում, Գեղարքունիքում ու Արարատում ադրբեջանական վերջին ժամանակաշրջանի արարքների, այդ թվում՝ կրակոցների փաստերը վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, ունեն ուղղակի դիտավորություն, դարձել են թիրախային, իսկ իրավունքների խախտումներն կրում են զանգվածային բնույթ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հերթական հաղորդումը երկուշաբթի օրը՝ օգոստոսի 30-ին համապատասխան առաջարկներով կամ պահանջներով պաշտոնապես կուղարկվի միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին ու ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»,- նշված է ՄԻՊ հաղորդագրության մեջ։
21:08 - 28 օգոստոսի, 2021
Ադրբեջանցիների կողմից ճանապարհը փակելու հետևանքով լրջորեն սահմանափակվել է սննդամթերքի ու բժշկական ծառայությունների հասանելիությունը. ՄԻՊ

Ադրբեջանցիների կողմից ճանապարհը փակելու հետևանքով լրջորեն սահմանափակվել է սննդամթերքի ու բժշկական ծառայությունների հասանելիությունը. ՄԻՊ

Սննդամթերքի ու բժշկական ծառայությունների հասանելիությունը լրջորեն սահմանափակվել է գյուղերի բնակչության համար ադրբեջանական զինծառայողների կողմից Սյունիքում ճանապարհը փակելու պատճառով: Այս մասին ասված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հաղորդագրությունում: «Մասնավորապես, էականորեն սահմանափակվել  է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ, Որոտան Բարձրավան գյուղերի, Կապան համայնքի Նոր Առաջաձոր գյուղի թաղամասի կապը ՀՀ մյուս բնակավայրերի հետ՝ ադրբեջանական զինված ծառայողների կողմից Գորիսից Կապան միջպետական ճանապարհը երկու հատվածներով անօրինական փակելու պատճառով: Ադրբեջանական զինված ծառայողների բացահայտ հանցավոր արարքների պատճառով լրջորեն սահմանափակվել է գյուղերի քաղաքացիական բնակչության (այդ թվում՝ երեխաներ, կանայք, տարեցներ) ազատ տեղաշարժը:   Գյուղերում առաջացել են սննդամթերքի ու առաջին անհրաժեշտության ապրանքների, բժշկական ծառայությունների հասանելիության լրջագույն սահմանափակումներ՝ մարդկանց կանգնեցնելով հումանիտար ճգնաժամի իրական վտանգի առաջ:   Գյուղերում քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու և աջակցելու հարցերում անփոխարինելի աշխատանք են տանում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողները:   Այս բոլոր փաստերը հաստատվել են գյուղերից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի երևանյան կենտրոնական և Սյունիքի մարզային ստորաբաժանում ներկայացվող ահազանգերով ու կատարված ուսումնասիրություններով:   Ուստի, ադրբեջանական զինված ծառայողները պարտավոր են անհապաղ բացել ճանապարհն ամբողջությամբ, դադարեցնել հանցավոր արարքներով մարդկանց, քաղաքացիական բնակչության իրավունքների զանգվածային խախտումները»,- նշում է ՄԻՊ-ը:
19:37 - 26 օգոստոսի, 2021
Ադրբեջանական զինծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը․ ՄԻՊ

Ադրբեջանական զինծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը․ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը (լուսանկարի հատվածն է): Այս փաստը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը և ուղիղ կապված է մարդկանց բնականոն կյանքի հետ: Ադրբեջանական զինված ծառայողների այս հանցավոր արարքները խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը: Ինքնին նրանց ներկայությունն այդ ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի և միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների խախտում է: Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղին մոտ (Շուռնուխ-Կարմրաքար հատված) միջպետական ճանապարհը ադրբեջանական զինված ծառայողների կողմից երեկ գիշերը 23:00-ի սահմաններում փակելուց հետո այս հատվածով նույնպես մարդկանց տեղաշարժը դադարեցված է:
12:18 - 26 օգոստոսի, 2021
Ադրբեջանցի զինծառայողներին մեր գյուղերի մոտից և ճանապարհներից հեռացնելու գործողությունների հիմքում պետք է դնել մարդու, սահմանային կոնկրետ բնակչի իրավունքների պաշտպանությունը․ ՄԻՊ

Ադրբեջանցի զինծառայողներին մեր գյուղերի մոտից և ճանապարհներից հեռացնելու գործողությունների հիմքում պետք է դնել մարդու, սահմանային կոնկրետ բնակչի իրավունքների պաշտպանությունը․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պետք է դադարեցնել պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը: Դա կոպիտ սխալ է: Պետությունն այդ կերպ ինքն իրեն դնում է սահմանափակումների մեջ, ստիպված է լինում դիմել միայն միջազգային ռազմաքաղաքական ատյաններ, դառնում է աշխարհաքաղաքական գործընթացների զոհը և չի կարողանում պատշաճ պաշտպանել իր բնակչությանը, նրա իրավունքներն ու ազատությունները: Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները միայն օգտվում են դրանից: Ադրբեջանական զինված ծառայողներին մեր գյուղերի մոտից և ճանապարհներից հեռացնելու գործողությունների հիմքում պետք է դնել մարդու, սահմանային կոնկրետ բնակչի իրավունքների պաշտպանությունը ու այդ հիմքով պետք է օգտագործել միջազգային մեխանիզմները (հատուկ սահմանների հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան և այլն): Մարդու իրավունքների խախտումների փաստերը լիարժեք թույլ են տալիս հիմնավորել, որ ինքնին նրանց ներկայությունը կյանքի, ազատ տեղաշարժման և միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների կոպիտ խախտում է: Դա Կառավարությանը, մեր պետությանը հնարավորություն կտա լայնորեն օգտվել մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներից, դիվերսիֆիկացնել այդ մեխանիզմները և նաև այդ կերպ ուժեղացնել քաղաքական ու ռազմական բաղադրիչները: Դա հնարավորություն կտա նաև պաշտպանել մեր զինծառայողների կյանքի իրավունքը: Անվտանգություն չի նշանակում միայն քաղաքական ու ռազմական, այն առաջին հերթին մարդու, սահմանային բնակչության անվտանգ կյանքի և իրավունքների համար է»:
10:03 - 26 օգոստոսի, 2021
Ադրբեջանական զինծառայողները 3 ժամից ավելի փակել են Գորիս-Կապան ճանապարհը․ բանակցությունները առավոտ են շարունակվելու․ ՄԻՊ

Ադրբեջանական զինծառայողները 3 ժամից ավելի փակել են Գորիս-Կապան ճանապարհը․ բանակցությունները առավոտ են շարունակվելու․ ՄԻՊ

Ադրբեջանական 50 կամ ավելի զինված ծառայողներ 3 ժամից ավելի փակել են Սյունիքի մարզի Գորիսից Կապան տանող միջպետական ճանապարհը՝ Դավիթ Բեկ գյուղին մոտ: Հրաժարվում են բացել: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այս արարքները հանցավոր են, սահմանափակել են մարդկանց, ողջ քաղաքացիական բնակչության, այդ թվում՝  երեխաներ, կանայք, տարեցներ, ազատ տեղաշարժը: Այս ամենը հավաստող ահազանգեր ենք ստանում քաղաքացիական բնակիչներից, ստուգել ենք ամբողջը: Այդքան զգուշացնում եմ այս վտանգի մասին ու ասում եմ, թե պետությունը ինչ պետք է անի ու հրատապ անի. ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Սյունքի համայնքների միջև ճանապարհներին հանցավոր է և վերջ: Դա ինքին խախտում է մարդկանց կյանքի, ազատ տեղաշարժման և միջազգայնորեն երաշխավորված այլ կենսական իրավունքներ: Փաստերից ինձ համար ակնհայտ է, որ սա նախապես պլանավորված բացահայտ հանցագործություն է ՀՀ քաղաքացիական բնակչության դեմ: Տեղյակ եմ, որ ՌԴ սահմանապահ ծառայողները տեղում վարել են ճանապարհը բացելու բանակցություններ և նրանց ջանքերով քաղաքացիական մեքենաները դուրս են բերվել: Ըստ ստուգված տվյալների՝ բանակցությունները առավոտ են շարունակվելու. հրաժարվել են բացել:Վաղ առավոտյան այս միջադեպով հատուկ հաղորդումներ կուղարկվեն համապատասխան միջազգային մարմիններին»,- նշված է ՄԻՊ հայտարարության մեջ։ Ավելի վաղ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Սյունիքի մարզի Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհի Չայզամի կոչվող հատվածում զինված ադրբեջանցիները փակել են ճանապարհը: Այս պահին փակ է նաև Կարմրաքարի հատվածը: Շրջափակման մեջ են հայտնվել մեքենաներ, որոնք այս պահին ռուս սահմանապահների ուղեկցությամբ դուրս են բերվում»։
01:25 - 26 օգոստոսի, 2021
Պետք է անհապաղ դադարեցնել ԱԺ-ում լրագրողների աշխատանքի խոչընդոտները․ ՄԻՊ

Պետք է անհապաղ դադարեցնել ԱԺ-ում լրագրողների աշխատանքի խոչընդոտները․ ՄԻՊ

Բացարձակ անթույլատրելի էին օգոստոսի 25-ին Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցների կողմից ԱԺ նիստերի դահլիճի օթյակից լուսանկարահանում և տեսանկարահանում իրականացնող ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական աշխատանքները դադարեցնելը և օթյակից դուրս գալուն պարտադրելը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: «Այս դատապարտելի երևույթներն արդեն ստանում են շարունակական բնույթ, և անվտանգությունն ապահովող ծառայողների գործողությունները չունեն հիմնավորում։ Եվ պետք է հիշել, որ Ազգային ժողովի օթյակներն ի սկզբանե կառուցվել են հենց լրագրողների համար»,- նշել է ՄԻՊ-ը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօրվա միջադեպերը քննարկել է նաև Ազգային ժողովում մասնագիտական աշխատանք իրականացնող կոնկրետ լրագրողների հետ: Նրանք տեղեկացրել են, որ իրենց համար նախատեսված վայրից՝ օթյակից, իրենց դուրս են հանում այն ժամանակ, երբ նկատում են, որ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը լարվում է կամ ինչ-որ իրարանցում է զարգանում: Օրինակ՝ «Civilnet․am»-ի լրագրող Գևորգ Թոսունյանը նշել է, որ Ազգային ժողովի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցներն իրենց սկսել են 2 օթյակներից հեռացնել այն ժամանակ, երբ արդեն նկատել են, որ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը սրվում է։ Անվտանգության աշխատակիցները կոպիտ հրելով դուրս են հանել լրագրողներին, իսկ երբ նկատել են, որ ինքը տեսանկարահանում է ընթացքը, ագրեսիվ վարքագծով սկսել են իրեն քաշքշել՝ պահանջելով չտեսանկարահանել և դուրս գալ օթյակից։ Մեկ այլ դեպքում «Factor.am»-ի լրագրող Մերի Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ իրենց անվտանգության աշխատակիցները դուրս են հանել հրելով ու քաշքշելով՝ չներկայացնելով հիմնավորումներ։ Նույնը նշել է նաև «Hraparak.am»-ի լրագրող Վահե Մակարյանը։ «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված տեսանյութերը: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ լրագրողների հանդեպ զինվորականները դրսևորում են կոպիտ վերաբերմունք: Նրանք արգելելում են լրագրողներին մնալ լրագրողների համար նախատեսված սենյակում և որոշ լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնության գործադրմամբ դուրս հանում այդ սենյակից: Օրինակ՝ տեսանյութերից մեկում զինվորական համազգեստով ծառայողը երկու կին լրագրողների ձեռքերից բռնելով դուրս է հանում նրանց լրագրողների սենյակից: Տեսանյութի մեկ այլ դրվագում հստակ երևում է, թե ինչպես են զինվորականներն անցնում լրագրողների համար նախատեսված մեկ այլ սենյակ և անմիջապես սկսում արգելել նկարահանումները՝ առանց որևէ կերպ կոնկրետ պահանջ ներկայացնելու կամ պարզաբանելու իրենց գործողության նպատակը, և առանց հնարավորություն տալու լրագրողներին հասկանալ պահանջը և ինքնուրույն դուրս գալ սենյակից: Պարզ չէ, թե ինչպես պետք է լրագրողներն իրենց աշխատանքն իրականացնեն առանց անվտանգության աշխատակիցների նկարահանելու, երբ նրանք ամենուր են: Ուստի, օգոստոսի 2-ից ԱԺ շենքում լրագրողների աշխատանքների համար կիրառվող սահմանափակումներն արդեն ակնհայտ են ցույց տալիս, որ դրանք ԱԺ շենքի անվտանգության հետ առնչություն չունեն, այլ պարզապես անհիմն սահմանափակում են լրագրողների աշխատանքը, առաջացնում են լրագրողական աշխատանքի խոչընդոտներ ու բացասական են ազդում լրագրության հեղինակության վրա հասարակությունում: Լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքը պետք է առավել երաշխավորված լինի հենց խորհրդարանում, որը երկրում ժողովրդավարության գլխավոր երաշխավորն է»,- ընդգծել է օմբուդսմենը: Թաթոյանը հայտարարել է, որ լրագրողների ազատ աշխատանքը խոսքի ազատության և հետևաբար՝ պետության մարմինների և պաշտոնյաների նկատմամբ քաղաքացիների վերահսկողության երաշխիք է: «Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ լրագրողը չպետք է զրկվի «առաջին ձեռքից» կամ «տաք» տեղեկություններ ստանալու, այդ թվում՝ տեղում պատգամավորներին հարցեր ուղղելու, հարցազրույց վարելու կամ մեկնաբանություն ստանալու իրավունքից: Խոսքը հավասարապես վերաբերում է նաև ԱԺ-ում օգոստոսի 24-ի և 25-ի միջադեպերի լուսաբանման հնարավորությանը: Լրագրողը պետք է հնարավորություն ունենա, կոնկրետ պահին առաջ եկած տեղեկատվական առիթն օգտագործելով, տեղեկություններ հրապարակել, այդ թվում՝ հաշվի առնելով, որ լրագրողը չպետք է կորցնի սենսացիոն կամ էքսկլյուզիվ տեղեկություններ հրապարակելու հնարավորությունը: Սա պետք է նկատի ունենան բոլոր պատգամավորները՝ թե՛ կառավարող, թե՛ ընդդիմադիր խմբակցություններում: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումը հստակ է. պետք է անհապաղ դադարեցնել Ազգային ժողովում ու մասնավորապես՝ օթյակում լրագրողների աշխատանքի խոչընդոտները»,- եզրափակել է Թաթոյանը։ 
23:09 - 25 օգոստոսի, 2021
Խիստ դատապարտելի է ԱԺ կին պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ մեծաքանակ զինվորականների ներգրավմամբ գործադրված բռնությունը․ ՄԻՊ

Խիստ դատապարտելի է ԱԺ կին պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ մեծաքանակ զինվորականների ներգրավմամբ գործադրված բռնությունը․ ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել այսօր ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Հայտարարությունը՝ ստորև․   «Խիստ մտահոգիչ է միջադեպը, որ այսօր տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում՝ Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ: Խորհրդարանը պետք է երաշխավորի հասարակությունում համերաշխության վերականգնումը և ծառայի մարդու առօրյա հոգսերին ու իրավունքներին: Խիստ դատապարտելի է ԱԺ ընդդիմադիր խմբակցության կին պատգամավոր Աննա Մկրտչյանի նկատմամբ մեծաքանակ զինվորականների ներգրավմամբ գործադրված բռնությունը: Գոյություն ունեն միջազգային պահանջներ, որոնք երաշխավորում են քաղաքական խոսքի ազատությունը և ամրագրում են, թե որոնք են այդ ազատության սահմանները: Ուստի, դրանց հիման վրա պետք է ընդունել կոնկրետացված կանոններ, որպեսզի խորհրդարանի քննարկումները ձևավորեն ճիշտ հանրային դիսկուրս և չհանգեցնեն մարդու իրավունքների համակարգը խաթարող նման արատավոր երևույթների: Եվ առհասարակ, խիստ մտահոգիչ է, որ առաջնային մանդատով ձևավորված մարմնի՝ Ազգային ժողովի անվտանգության ապահովմանը վերջին ժամանակներս լայնորեն ներգրավվում են զինվորական համազգեստով ծառայողներ, ու դրանով ստեղծում են խորհրդարանի ռազմականացված մարմին լինելու հանրային տպավորություն: Մինչդեռ, ԱԺ-ն՝ որպես բարձրագույն ներկայացուցչական մարմին, երկրում ժողովրդավարության գլխավոր երաշխավորն է»,-ասվում է հաղորդագրության մեջ։ 
20:30 - 24 օգոստոսի, 2021
Մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու հարցում մարդիկ բախվում են խնդիրների. ՄԻՊ-ն առաջարկներով է հանդես եկել

Մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու հարցում մարդիկ բախվում են խնդիրների. ՄԻՊ-ն առաջարկներով է հանդես եկել

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որի մեջ ընդգծված է, որ ՄԻՊ-ին բողոքներ են ուղարկվում այն մասին,թե մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու հարցում մարդիկ բախվում են խնդիրների: «Գործող օրենսդրությամբ՝ մարտական գործողության մասնակցի կարգավիճակ հնարավոր է տրամադրել բացառապես 1989-1994 թվականների ընթացքում մարտական գործողությունների մասնակցած այն անձանց, որոնք ընդհանուր տևողությամբ 3 ամսից ավելի են մասնակցել մարտական գործողությունների։ Ստացվում է, որ, օրինակ, 2016 թ. ապրիլի, 2020թ. հուլիսի, նույն թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիներին գործող իրավակարգավորումներով մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ չի կարող տրամադրվել: Քանի որ 3 ամսից ոչ պակաս մասնակցության կանոնն ընդհանուր է, ստացվում է, որ 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել նաև մարտական գործողությունների մասնակցի վկայականի փոխարեն տեղեկանք տրամադրելու վերաբերյալ»,- նշված է հաղորդագրության մեջ: Քաղաքացիները ՄԻՊ-ին տեղեկացրել են, որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականի ժամկետը լրանալուց հետո նոր վկայական ստանալու խնդրանքով դիմել են ՀՀ պաշտպանության նախարարություն, բայց նրանց նոր վկայականի փոխարեն տրամադրվել է մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող տեղեկանք: Բողոքների քննարկմամբ պարզվել է, որ Պաշտպանության նախարարությունը մերժել է մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող տեղեկանքի փոխարեն քաղաքացիներին տրամադրել վկայական՝ պատճառաբանելով, որ նոր նմուշի վկայական տրամադրվում է մարտական գործողություններին ոչ պակաս, քան 3 ամիս ընդհանուր տևողությամբ մասնակցած անձանց: ՄԻՊ-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ նախկինում հնարավորություն էր տրվում մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրամադրել նաև 2 ամիս մարտերին մասնակցած անձանց: Նշվածի հիման վրա էլ քաղաքացիներին տրվել են մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող վկայականներ, որոնք Կառավարության համապատասխան որոշմամբ 2017 թվականի դեկտեմբերի 31-ին ուժը կորցրել են: Քննարկվող գործերով Պաշտպանն արձանագրել է, որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայական չտրամադրելը կարող է խնդրահարույց լինել մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած անձանց նկատմամբ խտրականության արգելքի սկզբունքի տեսանկյունից: Բացի դրանից, վկայական չտրամադրելը կարող է հանգեցնել նաև մարտական գործողությունների մասնակիցների համար գործող օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից ու երաշխիքներից օգտվելու իրավունքն իրացնելու խոչընդոտների: Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ խնդրի խորքային լուծման, սոցիալական արդարության ապահովման, մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիների իրավունքների ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է գտնել արագ ու կոնկրետ լուծումներ, քանի որ անձին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրամադրելն ինքնանպատակ չէ. այն ունի որոշակի սոցիալական ուղղվածություն և, ըստ էության, նշված կարգավիճակն անձի համար հիմք է որոշակի արտոնություններից և սոցիալական ապահովության միջոցներից օգտվելու համար։ Նրանք պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ, ունեն բնակարանային ապահովության, քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից՝ անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու, դրամական աջակցության, զինվորական կենսաթոշակի իրավունք: Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը գրություն կհասցեագրի Պաշտպանության նախարարություն՝ առաջարկելով 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ինչպես նաև 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի հուլիսին մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիներին համապատասխան կարգավիճակ տրամադրելու համար մշակել կոնկրետ մեխանիզմներ ու չափորոշիչներ: Թեմայի վերաբերյալ քաղաքացիների բարձրացրած խնդիրները, իրականացված վերլուծություններն ու առաջարկները կուղարկի նաև Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով։
14:54 - 24 օգոստոսի, 2021
Պետք է լուծվեն 2016 թ. և 2020 թ. մարտական գործողությունների մասնակիցների կարգավիճակի հարցերը. ՄԻՊ-ն առաջարկներ է ուղարկել ՊՆ և ԱԺ

Պետք է լուծվեն 2016 թ. և 2020 թ. մարտական գործողությունների մասնակիցների կարգավիճակի հարցերը. ՄԻՊ-ն առաջարկներ է ուղարկել ՊՆ և ԱԺ

Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու հարցում մարդիկ բախվում են խնդիրների: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Մասնավորապես, գործող օրենսդրությամբ՝ մարտական գործողության մասնակցի կարգավիճակ հնարավոր է տրամադրել բացառապես 1989-1994 թվականների ընթացքում մարտական գործողությունների մասնակցած այն անձանց, որոնք ընդհանուր տևողությամբ 3 ամսից ավելի են մասնակցել մարտական գործողությունների։ Ստացվում է, որ, օրինակ, 2016 թ. ապրիլի, 2020թ. հուլիսի, նույն թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիներին գործող իրավակարգավորումներով մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ չի կարող տրամադրվել: Քանի որ 3 ամսից ոչ պակաս մասնակցության կանոնն ընդհանուր է, ստացվում է, որ 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել նաև մարտական գործողությունների մասնակցի վկայականի փոխարեն տեղեկանք տրամադրելու վերաբերյալ: Քաղաքացիները տեղեկացրել են, որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայականի ժամկետը լրանալուց հետո նոր վկայական ստանալու խնդրանքով դիմել են ՀՀ պաշտպանության նախարարություն, բայց նրանց նոր վկայականի փոխարեն տրամադրվել է մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող տեղեկանք: Բողոքների քննարկմամբ պարզվել է, որ Պաշտպանության նախարարությունը մերժել է մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող տեղեկանքի փոխարեն քաղաքացիներին տրամադրել վկայական՝ պատճառաբանելով, որ նոր նմուշի վկայական տրամադրվում է մարտական գործողություններին ոչ պակաս, քան 3 ամիս ընդհանուր տևողությամբ մասնակցած անձանց: Ուշադրության է արժանի այն, որ նախկինում հնարավորություն էր տրվում մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրամադրել նաև 2 ամիս մարտերին մասնակցած անձանց: Նշվածի հիման վրա էլ քաղաքացիներին տրվել են մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հավաստող վկայականներ, որոնք Կառավարության համապատասխան որոշմամբ 2017 թվականի դեկտեմբերի 31-ին ուժը կորցրել են: Քննարկվող գործերով Պաշտպանն արձանագրել է, որ մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակը հաստատող վկայական չտրամադրելը կարող է խնդրահարույց է լինել մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած անձանց նկատմամբ խտրականության արգելքի սկզբունքի տեսանկյունից: Բացի դրանից, վկայական չտրամադրելը կարող է հանգեցնել նաև մարտական գործողությունների մասնակիցների համար գործող օրենսդրությամբ նախատեսված արտոնություններից ու երաշխիքներից օգտվելու իրավունքն իրացնելու խոչընդոտների: Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ խնդրի խորքային լուծման, սոցիալական արդարության ապահովման, մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիների իրավունքների ապահովման տեսանկյունից անհրաժեշտ է գտնել արագ ու կոնկրետ լուծումներ, քանի որ անձին մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տրամադրելն ինքնանպատակ չէ. այն ունի որոշակի սոցիալական ուղղվածություն և, ըստ էության, նշված կարգավիճակն անձի համար հիմք է որոշակի արտոնություններից և սոցիալական ապահովության միջոցներից օգտվելու համար։ Նրանք պետական բյուջեի միջոցների հաշվին ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ, ունեն բնակարանային ապահովության, քաղաքային ուղևորատար տրանսպորտի բոլոր տեսակներից՝ անկախ սեփականության ձևից (բացի տաքսիից), անվճար երթևեկելու, դրամական աջակցության, զինվորական կենսաթոշակի իրավունք: Վերոգրյալի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը գրություն կհասցեագրի Պաշտպանության նախարարություն՝ առաջարկելով 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին, ինչպես նաև 2016 թվականի ապրիլին և 2020 թվականի հուլիսին մարտական գործողություններին մասնակցած քաղաքացիներին համապատասխան կարգավիճակ տրամադրելու համար մշակել կոնկրետ մեխանիզմներ ու չափորոշիչներ: Մարդու իրավունքների պաշտպանը բարձրացնելու է նաև Պաշտպանության նախարարությանը նախկինում մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստացած և վկայականն ուժը կորցրած անձանց առանց կարգավիճակի վերանայման հնարավորության տրամադրել նոր վկայական: Թեմայի վերաբերյալ քաղաքացիների բարձրացրած խնդիրները, իրականացված վերլուծություններն ու առաջարկները կուղարկի նաև Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով։ Մանրամասները տեղ են գտել Մարդու իրավունքների պաշտպանի 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ:
12:16 - 24 օգոստոսի, 2021
«Ֆիզգորոդոկ»-ի իրադարձությունների հարցով ՄԻՊ-ը դիմել է Կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին և իրավապահ մարմիններին

«Ֆիզգորոդոկ»-ի իրադարձությունների հարցով ՄԻՊ-ը դիմել է Կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին և իրավապահ մարմիններին

«Ֆիզգորոդոկ»-ում տեղի ունեցող իրադարձությունների հարցով տարածքի բնակիչներից ստացած ահազանգերն ու ակցիաների ժամանակ իրականացրած արագ արձագանքման այցերը Մարդու իրավունքների պաշտպանն ամփոփել է և գրություններ է հասցեագրել Երևանի քաղաքապետարան ու ԿԳՄՍ նախարարություն: «Նախարարությանն ուղղված գրությամբ բարձրացվել է այգու վիճելի տարածքը պատմամշակութային արժեքների ցանկից հանելու պատճառներին վերաբերող հարցեր», - մանրամասնում է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրությունը: Առանձին գրություններ են ուղարկվել նաև Ոստիկանություն և Դատախազություն: Երևանի քաղաքապետարանին ուղղված գրությամբ բարձրացվեն են տարածքի սեփականաշնորհմանն ու շինթույլտվությանն առնչվող հարցեր, իսկ իրավապահ մարմիններին՝ ակցիայի ժամանակ ոստիկանների գործողությունների իրավաչափության հարցը, ինչպես նաև՝ ակցիաների ժամանակ ու Ոստիկանության բաժիններում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները:
09:53 - 24 օգոստոսի, 2021
Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզեց մեր ուղղությամբ․ ՄԻՊ-ը սեփական օրինակով է համոզվել Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական ներկայությունը իրական վտանգ է մարդու համար

Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզեց մեր ուղղությամբ․ ՄԻՊ-ը սեփական օրինակով է համոզվել Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական ներկայությունը իրական վտանգ է մարդու համար

Ադրբեջանական զինծառայողն ինքնաձիգը պարզեց մեր ուղղությամբ․ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը սեփական օրինակով է համոզվել Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական ներկայությունը իրական վտանգ է մարդու համար: Այս մասին գրում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Անցյալ շաբաթ ինքներս համոզվեցինք, որ ադրբեջանական զինծառայողների ներկայությունը ՀՀ Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին մարդկանց առաջնահերթ կյանքի ու ազատ տեղաշարժման իրավունքների խախտում է: Մասնավորապես, Սյունիքի մարզի Կապան, Տեղ համայնքներ, գյուղեր այցերից վերադարձի M2 միջպետական ճանապարհին փորձնական 1-2 րոպեով կանգնեցինք այն հատվածներում, որտեղ ադրբեջանական զինված ուժերն են տեղակայված: Փորձում էինք հասկանալ, թե ինչ տեղի կունենա, եթե ինչ-որ օբյեկտիվ պատճառով, ասենք, մեքենայի անսարքության կամ ուղևորի ինքնազգացողությունը վատանալու պատճառով քաղաքացիական մեքենա կանգնի այդ հատվածում: Մենք ինքներս, իհարկե, քաղաքացիական մեքենաներով էինք: Այս լուսանկարում Գորիսի Շուռնուխ և Կապանի Դավիթ Բեկ գյուղերի միջև ճանապարհի հատվածն, որը ցույց է տալիս ադրբեջանական տեղակայումներից մեկը: Մեր կանգնելուն պես ադրբեջանական զինված ծառայողը նկատեց մեզ, անմիջապես մտավ շինություն (տնակ) և ինքնաձիգը ձեռքին դուրս եկավ ու այն պարզեց մեր ուղղությամբ: Մեկ այլ տեղում 1-2 րոպե կանգնելուց հետո ադրբեջանական զինծառայողները զինված սկսեցին անհանգիստ շարժումներ անել՝ հեռադիտակով հետևելով մեզ, ապա սկսեցին սուլոցներ արձակել ու ինչ-որ գոռգոռցներ։ Մենք սեփական փորձով համոզվեցինք, որ ադրբեջանական զինված ծառայողների ինքնին ներկայությունը Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ՀՀ քաղաքացիական բնակչության կյանքի, ազատ տեղաշարժման ու այլ կենսական իրավունքների խախտում է: Այս հիմնավորումները համապատասխան ապացույցներով կդրվեն անվտանգության գոտու հայեցակարգի հիմքում կներառվեն ու նույնպես կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին»:
12:02 - 23 օգոստոսի, 2021
Անթույլատրելի է բերման ենթարկելն այնպիսի եղանակով, որ ոտնահարում է մարդու արժանախատվությունը․ՄԻՊ-ը «Ֆիզգարադոկ»-ի միջադեպի մասին

Անթույլատրելի է բերման ենթարկելն այնպիսի եղանակով, որ ոտնահարում է մարդու արժանախատվությունը․ՄԻՊ-ը «Ֆիզգարադոկ»-ի միջադեպի մասին

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հաղորդագրություն է տարածել «Ֆիզգարադոկ»-ի ակցիայի հետ կապված ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կատարած աշխատանքների վերաբերյալ։ Հաղորդագրությունում ասվում է․ «Օգոստոսի 21-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել են ահազանգեր, որ Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի («Ֆիզգարադոկ») այգու տարածքն անօրինական սեփականաշնորհվել է ինչ-որ անձի կողմից և ներկայում նախատեսվում է իրավունքների կոպիտ խախտմամբ կառուցել բազմաբնակարան շենք:   Ըստ ահազանգերի՝ տեղում շինարարության դեմ բողոքի ակցիա են իրականացնում քաղաքացիներ: Սակայն Ոստիկանության ծառայողները քաղաքացիների նկատմամբ գործադրում են բռնություն, առանց հիմքերի բերման են ենթարկում Ոստիկանություն:   Ըստ ահազանգերի ու հրապարակումների՝ ոստիկանների գործողությունների պատճառով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն է տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից 1-ը 16 տարեկան երեխա է, ում որովայնին, ըստ ահազանգերի, հարվածել է Ոստիկանության ծառայող: Ահազանգերի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ՝ օրվա ընթացքում գործել է աշխատանքային 4 խումբ. 1 խումբ այցելել է Ոստիկանության Մաշտոցի բաժին, 1 խումբ՝ ակցիայի իրականացման վայր, 1 խումբ՝ հիվանդանոց և ևս 1 խումբ իրականացրել է սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների մշտադիտարկում: «Ֆիզգարադոկ» այցելած Պաշտպանի ներկայացուցիչները հանդիպել են հարակից բնակիչների և նրանց փաստաբանի հետ:   1. Շինարարության հետ կապված՝ փաստաբանը տեղեկացրել է, որ այգու տարածքը գտնվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների տակ: Ըստ փաստաբանի՝ այն ոչ իրավաչափ սեփականաշնորհվել է և դեռևս 2005 թվականին Կադաստրի կոմիտեի կողմից ոչ իրավաչափ գրանցվել այլ անձի սեփականության իրավունքը: Նա տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը 2008 թվականին նշված տարածքում նախատեսել է կառուցել բազմաբնակարան շենք և Երևանի քաղաքապետարանը տվել է թույլտվություն, սակայն շինարարությունն չի իրականացվել, և թույլտվության ժամկետն անցել է: Այնուհետև, նշված անձը տարածքը օտարել է մեկ այլ անձի, որը դիմելով Երևանի քաղաքապետարան՝ 2021 թվականի հուլիսի 29-ին ստացել է շինարարության թույլտվություն և նախաձեռնել է բազմաբնակարան շենքի կառուցում:   Փաստաբանը նշել է նաև, որ այգու ընդհանուր տարածքը մինչ այդ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ճանաչել է պատմամշակութային արժեք, սակայն բոլորովին վերջերս այգու նշված վիճելի հատվածը հանվել է պատմամշակութային արժեքների ցանկից:   Փաստաբանի տեղեկացմամբ՝ վիճելի տարածքի տակով անցնում է մայրուղային ջրատար խողովակ, իսկ տարածքին անմիջապես մոտ՝ նաև գազատար հաստ խողովակ: Ըստ փաստաբանի՝ վիճելի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 1976 քմ, սակայն մինչև շինարարության թույլտվությունը տարածքը նաև չի ենթարկվել շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, որը կոնկրետ դեպքում պարտադիր է:   Փաստաբանը նշել է, որ դիմել է դատարան: Նա նաև գրավոր բողոք կհասցեագրի Մարդու իրավունքների պաշտպանին:   2. Ոստիկանության ծառայողների գործողությունների հետ կապված՝ բնակիչները տեղեկացրել են, որ ոստիկաններն իրենց նկատմամբ գործադրում են բռնություն, կոպիտ ու ակնհայտ անհամաչափ են արձագանքում իրենց քաղաքացիական ակցիային և մասնակիցներին առանց հիմքերի են բերման ենթարկում, չեն ներկայացնում պատճառներ: Ոստիկանության բաժին այցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն ունեցել են առանձազրույցներ բերման ենթարկվածների, այդ թվում՝ 1 փաստաբանի հետ, ուսումնասիրվել են նրանց բերման ենթարկելու հիմքերը, ինչպես նաև համացանցի հրապարակումները: Բերման ենթարկվածներից 2-ի, այդ թվում՝ փաստաբանի համար բաժին է կանչվել շտապ բժշկական օգնություն: Առանձնազրույցների ընթացաքում բոլոր բերման ենթարկվածները նշված տեղեկություններից բացի, հայտնել են, որ բերման ենթարկելու կցկտուր պատճառներ նշվել են միայն բաժնում։   Ա) Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը, մասնավորապես, նշել է, որ իրեն բերման է ենթարկել Ոստիկանության 4-ից ավելի ծառայող: Ընթացքում կոտրվել է իր բջջային հեռախոսը, ստացել է մարմնական վնասվածքներ (որովայնը և ոտքը) իսկ հագուստը պատռվել է և իրեն բերման են ենթարկել տաբատը վրայից ամբողջությամբ ընկած վիճակում՝ արժանապատվությունը նվաստացնող եղանակով ու չեն թույլատրել հագնել այն։ Բերման ենթարկվելու ընթացքում Ոստիկանության ծառայողներին խնդրել է թույլ տալ, որպեսզի ինքնակամ գնա դեպի ոստիկանական մեքենան, սակայն թույլ չեն տվել, դեպի մեքենան են տեղափոխել բռնություն գործադրելով։   Բ) Բերման է ենթարկվել նաև մեկ կին, ով նույնպես նշել է, որ ոստիկաններին խնդրել է թույլ տալ, որպեսզի ինքնակամ գնա դեպի ոստիկանական մեքենան, սակայն ոստիակններն իրեն դեպի մեքենան են տարել բռնության գործադրմամբ։ Արդյունքում՝ ձեռքերին կապտուկներ են առաջացել։   Գ) Բերման ենթարկվածներից մեկ այլ քաղաքացի նշել է, որ երբ ոստիկաններին խնդրել է առանց տաբատ մարդկանց չտանել բաժին, 2 ծառայող, իր ձեռքերը ոլորելով, նստեցրել են ոստիկանական մեքենան։ Ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում իրեն սենյակից սենյակ են տեղափոխել ձեռքերը ոլորած և գլուխը ներքև իջեցրած վիճակում։   Դ) Բերման ենթարկված մեկ այլ քաղաքացի տեղեկացրել է, որ տեսանկարահանելիս է եղել քաղաքացիներին բերման ենթարկելու ընթացքը, որի ժամանակ Ոստիկանության մոտ 4 ծառայող հետևից մոտեցել է իրեն ու բերման ենթարկել։ Ըստ Վ. Հարությունյանի՝ երբ հարցրել է, թե ինչ պատճառաբանությամբ են իրեն բերման ենթարկում, Ոստիկանության ծառայողները չեն պարզաբանել։ Նշել է, որ բերման ենթարկվելու ընթացքում տաբատը պատռվել է։ Նա նշել է նաև, որ ոստիկանական մեքենայի մեջ ինքնազգացողությունը վատացել է: Այդ մասին հայտնել է Ոստիկանության ծառայողներին: Ոստիկանության բաժնում ինքնազգացողությունն ավելի է վատացել (սիրտը), ոստիկանները սկզբում առաջարկել են ջուր խմել։ Այնուհետև, հրավիրվել է շտապ բժշկական օգնության բրիգադ, ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն և դեղորայք, ինչից հետո ինքնազգացողությունը լավացել է։   Ե) Բերման ենթարկված այլ քաղաքացի տեղեկացրել է, որ երբ նկատել է, որ Ոստիկանության ծառայողները մի երիտասարդի պառկեցրել են գետնին, մոտեցել է և հարցրել, թե ինչ նպատակով են երիտասարդի նկատմամբ ուժ գործադրում, ինչից հետո ոստիկաններից մեկը հրահանգել է իրեն տանել բաժին։ Հարցրել է, թե ինչի համար են իրեն զրկում ազատությունից, սակայն ոչինչ չի պարզաբանվել։ Փոխարենը՝ Ոստիկանության 4 ծառայող ոչ համաչափ ֆիզիկական ուժի գործադրմամբ իրեն տեղափոխել են ոստիկանական մեքենան։   Ըստ առանձնազրույցի՝ Ոստիկանության բաժնում խնդրել է, որպեսզի ապահովվի իր զանգի իրավունքը, սակայն ոստիկանները թույլ չեն տվել և պահանջել են անջատել բջջային հեռախոսը։ Պաշտպանի ներկայացուցիչների միջամտությունից հետո խնդիրը կարգավորվել է և քաղաքացին կարողացել է օգտվել զանգի իրավունքից։   Զ) Մեկ այլ բերման ենթարկված առանձնազրույցի ընթացքում հայտնել է, որ Ոստիկանության ծառայողները ոչ համաչափ ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկել, ինչի արդյունքում վնասվածք է ստացել աջ աչքի շրջանում, իսկ հագուստը պատռվել է։   Այցի ընթացքում պարզվել է նաև, որ քաղաքացու նկատմամբ քրեական դատավարության կարգով նախապատրաստվում են նյութեր՝ Ոստիկանության մեքենային հարվածելու համար:   Պաշտպանի ներկայացուցիչները նաև այց են իրականացրել «Արմենիա» բժշկական կենտրոն, առանձնազրույց ունեցել Ոստիկանության Մաշտոցի բաժնից տեղափոխված փաստաբանի և 16-ամյա երեխայի հետ։ Անչափահասը տեղեկացրել է, որ քաշքշուկի ընթացքում ընկել է, այնուհետև ոստիկանները հրել են մի կնոջ, ով ընկել է իր վրա։ Արդյունքում, աջ ոտքի շրջանում ցավեր են սկսվել։ Հավելել է, որ ավելի ուշ նկատել է, որ ոստիկանները ցանկանում են բերման ենթարկել ակցիայի մասնակիցներից մեկին, մոտեցել է, որպեսզի վերջինի մորը դուրս բերի քաշքշոցի միջից: Այդ ընթացքում Ոստիկանության ծառայողներից մեկը հարվածել է իր որովայնին, որի հետևանքով սուր ցավեր ունի։ Բերման ենթարկված փաստաբանը, նախ, նշել է, որ երբ նկատել է, որ Ոստիկանության ծառայողներից մեկի վրա դանակ է ամրացված, հարցրել է, թե ինչի համար է դանակ կրում, մյուս ոստիկանները նրան հեռացրել են իր տեսադաշտից։ Այնուհետև, կանգնել է տեխնիկայի դիմաց, որպեսզի անձամբ կանխի անսարք տեխնիկայի կողմից տարածքի աղտոտումը, որից հետո Ոստիկանության 4-5 ծառայող ֆիզիկական ուժի գործադրմամբ ուղեկցել են դեպի ոստիկանական մեքենան։ Ըստ փաստաբանի՝ ոստիկանական մեքենան նստեցնելիս ուշագնաց է եղել և երբ ուշքի է եկել, արդեն գտնվելիս է եղել մեքենայում։ Նրա պնդմամբ՝ ինքնազգացողությունն այնքան է վատացել, որ ոստիկաններն առաջացել են դուրս գալ ոստիկանական մեքենայից, սակայն չի կարողացել։   Փաստաբանը նշել է, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Ոստիկանության դեմ։   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները, բաժին ու հիվանդանոց այցը, հրապարակային նյութերի ուսումնասիրությունը վկայում են, որ Ոստիկանության գործողությունները խախտում են բերվածների իրավունքները, այդ գործողությունները պետք է լինեն համաչափ:   Ֆիզիկական ուժ կարող է գործադրվել բացառապես օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում՝ կոնկրետ իրավիճակին խիստ համապատասխան: Նույնը վերաբերում է նաև այնպիսի հատուկ միջոցի կիրառության, ինչպիսին ձեռնաշղթան է: Այն կարող է կիրառվի բացառապես անհրաժեշտ դեպքերում՝ ելնելով, օրինակ, մարդու վտանգավորությունից ու փախուստի հավանականությունից, այլ ոչ թե որպես հատուկ կիրառվող զրկանք կամ լրացուցիչ «պատիժ»: Անթույլատրելի է բերման ենթարկելն այնպիսի եղանակով, որ ոտնահարում է մարդու արժանախատվությունը:   Պետք է նկատի ունենալ, որ վարչական իրավախախտման համար մարդուն բերման ենթարկելը ազատությունից զրկել է, ինչը նշանակում է, որ պետք է այդ պահին մարդուն պարտադիր բացատրվեն ազատությունից զրկելու հիմքերը, ներկայացվեն պատճառները, ինչպես նաև պարզաբանվեն իրավունքները: Անհրաժեշտ է ապահովել նաև ազատությունից զրկելիս մարդու նվազագույն իրավունքների իրացումը: Երեխաների նկատմամբ անհրաժեշտ է առանձնահատուկ վերաբերմունք՝ թույլ չտալու համար նրանց շահերի ոտնահարում:   Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կամփոփվեն նշված բոլոր հանգամանքները, այլ մանրամասներ և համապատասխան գրություններ կհասցեագրվեն պետական մարմիններին՝ ըստ իրավասության»:
09:43 - 22 օգոստոսի, 2021
Ադրբեջանի նախագահի ելույթներով գեներացվում է ատելություն ՀՀ և Արցախի բնակչության նկատմամբ, տրվում են սպառնալիքներ․ ՄԻՊ

Ադրբեջանի նախագահի ելույթներով գեներացվում է ատելություն ՀՀ և Արցախի բնակչության նկատմամբ, տրվում են սպառնալիքներ․ ՄԻՊ

Մենք առանձնացրել ենք Ադրբեջանի նախագահի «CNN Türk»-ին օգոստոսի 14-ի հարցազրույցի և օգոստոսի 16-ին Քարվաճառ ու Բերձոր նրա այցերի ելույթի այն հատվածները, որոնք հայատյացություն ու թշնամանք են պարունակում և հայերեն ու անգլերեն լեզուներով ուղարկել ենք ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, գործադիր իշխանության և իրավապահ մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպություններին: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։ «Հարցն այն է, որ այդ ելույթներով գեներացվում է ատելություն ողջ հայ ժողովրդի, Հայաստանի և Արցախի բնակչության նկատմամբ, դրանցով տրվում են սպառնալիքներ, արվում են վիրավորական ու թշնամանք բորբոքող արտահայտություններ: Այդ ելույթները խաթարում են խաղաղությունը: Իսկ հայկական կողմի զինվորականների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, այդ թվում՝ գլխատումների, խոշտանգումների ու սպանությունների փաստերը վկայում են ադրբեջանական զինված ուժերը դրանք իրականացրել են՝ ոգեշնչված լինելով հենց իրենց գերագույն գլխավոր հրամանատարից: Ադրբեջանական նման քաղաքականության ուղիղ հետևանքներն են ներկայում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների զանգվածային խախտումները (կրակոցներ գյուղերի ուղղությամբ, սպառնալիքներ քաղաքացիական բնակիչներին, գողություններ և այլն): ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մշտապես է իրականացնում ադրբեջանական իշխանության մարմինների ուղերձերի ու ելույթների ուսումնասիրություն՝ պետական բարձր հովանավորչությամբ թշնամանքի ու հայատյաց քաղաքականության ապացույցները փաստագրելու նպատակով: Ընդ որում, նյութերն առաջնահերթ ուսումնասիրվում են ադրբեջաներենով: Այս ամենը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է մարդու իրավունքների խախտումները կանխարգելելու, առկա ոտնահարումները վերացնելու նպատակով»:
10:15 - 21 օգոստոսի, 2021
Շատ բնակիչներ Ադրբեջանի ԶՈՒ անօրինական արարքների պատճառով զրկվել են տներից, արոտավայրերից ու հողատարածքներից ու նրանց իրավունքները շարունակում են մնալ խախտված․ ՄԻՊ-ն ամփոփել է այցը Սյունիք

Շատ բնակիչներ Ադրբեջանի ԶՈՒ անօրինական արարքների պատճառով զրկվել են տներից, արոտավայրերից ու հողատարածքներից ու նրանց իրավունքները շարունակում են մնալ խախտված․ ՄԻՊ-ն ամփոփել է այցը Սյունիք

ՄԻՊ ֆեյսբուքյան էջում ներկայացված է Արման Թաթոյանի Սյունիք այցի մասին պատմող տեսանյութ՝ կից գրառմամբ․ «Պատերազմից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների համար անհրաժեշտ են եկամուտի նոր աղբյուրներ, նոր լուծումներ: Շատ բնակիչներ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների պատճառով զրկվել են տներից, արոտավայրերից ու հողատարածքներից ու նրանց իրավունքները շարունակում են մնալ խախտված: Տեսանյութում ներկայացված են մարդկանց խնդիրները, կարիքները, որոնք գնահատելու համար Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ղեկավարը համատեղ այց էին իրականացրել Սյունիքի մարզ: Այցերի ընթացքում մարդկանց բարձրացրած սոցիալական տարաբնույթ հարցերն արձանագրվել են, և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասությունների սահմաններում միջոցներ կձեռնարկվեն լուծմանը նպաստելու ուղղությամբ»:
11:12 - 20 օգոստոսի, 2021