Վիտալի Բալասանյան

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի գործող քարտուղար, ռազմական, քաղաքական գործիչ։

Ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Ասկերանում։ 1977-1979 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1990 թվականին ավարտել է Երևանի կոոպերատիվ առևտրի տեխնիկումը, 2011 թվականին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ Աշխատանքային գործունեությունը սկսել է 1976 թվականին՝ որպես Ասկերանի շրջանի հասարակական սննդի հիմնարկ-ձեռնարկության տաղավարի վարիչ, ապա՝ արտադրության պետ-փոխտնօրեն։

1990 թվականին ընտրվել է Ասկերանի շրջանի Ինքնապաշտպանական ուժերի հրամանատար։ 1991 թվականին ընտրվել է ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1992 թվականի օգոստոսին նշանակվել է ԼՂՀ ՊԲ Ասկերանի պաշտպանական շրջանի հրամանատար, 1996-1998 թվականներին՝ հանդիսացել զորամիավորման հրամանատար, 1998-1999 թթ.՝ ԼՂՀ ՊԲ հրամանատարի տեղակալ, 1999 թ. սեպտեմբերից՝ ԼՂՀ պաշտպանության նախարարի տեղակալ։ 2000 թվականի մարտին Վիտալի Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։

2005 թվականի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Պատգամավորական գործունեությունն իրականացրել է «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցության կազմում։ 2007-2010 թվականներին եղել է ԼՂՀ նախագահի խորհրդական։ 2010 թվականի մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ համամասնական ցուցակով ընտրվել է ԼՂՀ 5-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։ 2012 թ. ԼՂՀ նախագահական ընտրություններին մասնակցելու համար հեռացվել է «Դաշնակցություն» խմբակցությունից և դարձել անկախ պատգամավոր։ Անկուսակցական է։

2020թ․ դեկտեմբերի 2-ին նշանակվել է ԱՀ Անվտանգության խորհդրի քարտուղարի պաշտոնում։

Ցավում եմ, որ Արցախի 2 նախագահի երաշխավորությունը հակահեղափոխական քայլ է որակվել․ Բալասանյան |panarmenian.net|

Ցավում եմ, որ Արցախի 2 նախագահի երաշխավորությունը հակահեղափոխական քայլ է որակվել․ Բալասանյան |panarmenian.net|

panarmenian.net։ Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն ասել է՝ ցավում է, որ ԱՀ նախագահ Բակո Սահակյանի և երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար տված անձնական երաշխավորությունը որպես հակահեղափոխական քայլ է ընդունվել:«Ցավում եմ, որ ոմանց կողմից դա ընդունվեց որպես հակահեղափոխական քայլ և հույս ունեմ, որ այն կգտնի համարժեք պատասխան: Տարբեր հարցերի շուրջ մեր մոտեցումները կարող են շատ տարբեր լինել, բայց մենք կողմնակից ենք Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև համերաշխ և կառուցողական հարաբերություններին: Կցանկանայի հիշեցնել անցած տարվա հունիսին նախագահ Բակո Սահակյանի նամակը՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին, որով անվերապահ աջակցություն էր հայտնում նրան Արցախի իշխանությունների կողմից: Երբևիցե Արցախի որևէ նախագահ, Հայաստանի Հանրապետության թե երկրորդ և թե երրորդ նախագահներին այդպիսի գրավոր աջակցություն չի ներկայացրել», - ասել է Բալասանյանը:Նա նշել է, որ Փաշինյանի կատարած սիրո, համերաշխության և համախմբվածության հեղափոխության ֆոնին ստեղծված իրավիճակին Արցախը ցուցաբերել է համապատասխան վերաբերմունք և կառուցել հարաբերություններն այդ շրջանակում:«Հիմա կարո՞ղ եմ հարց տալ պարոն վարչապետին. ի՞նչ կամ ո՞ւմ նկատի ուներ՝ ասելով, որ Արցախում հակահեղափոխական տրամադրություններ կան»,- ասել է Բալասանյանը:
08:00 - 17 մայիսի, 2019
Նման կարգի պաշտոնյան պետք է պահպաներ անհրաժեշտ զսպվածություն. Վլադիմիր Կարապետյան |lragir.am|

Նման կարգի պաշտոնյան պետք է պահպաներ անհրաժեշտ զսպվածություն. Վլադիմիր Կարապետյան |lragir.am|

lragir.am: Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանն արձագանքել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունները պետք է հարգեին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դիմումը: «Տարօրինակ է Արցախի բարձրաստիճան պաշտոնյայից լսել նման մեկնաբանություններ: Նման կարգի պաշտոնյան իր խոսքում պետք պահպաներ անհրաժեշտ զսպվածություն, կարծում եմ: Նաև, եթե չեմ սխալվում վերջին մի քանի տարիներին, երբ Ռոբերտ Քոչարյանը կատարյալ ազատության մեջ էր, հաղթանակի շքերթներում չի նկատվել։ Միգուցե, դա պայմանավորված է նրանով, որ լինելով իր իսկ պնդմամբ Հայաստանի բնակչության կես տոկոս էլ չկազմող հարուստների շարքում, իսկ որոշ լրատվամիջոցների պնդմամբ՝ դոլարային միլիարդատեր, որևէ ներդրում չի արել իր հայրենի Արցախում: Փոխանակ այս քանի տարվա մեջ հորդորեր ներդրումներ անելու, անտեղի հայտարարություններ է անում»:
08:01 - 10 մայիսի, 2019
Վիտալի Բալասանյանը Բակո Սահակյանին խնդրում է ներում շնորհել իր դեմ մահափորձի համար դատապարտվածներին

Վիտալի Բալասանյանը Բակո Սահակյանին խնդրում է ներում շնորհել իր դեմ մահափորձի համար դատապարտվածներին

ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը բաց նամակ է հղել ԱՀ նախագահ Բակո Սահակյանին, որում խնդրում է ներում շնորհել իրեն մահափորձի ենթարկելու մեջ մեղավոր ճանաչված և ազատազրկված դատապարտյալներին։ «Արցախի Հանրապետության Նախագահ պարոն Բակո Սահակյանին Մեծարգո պարոն Նախագահ 2013 թվականի դեկտեմբերի 29-ին իմ դեմ կազմակերպված մահափորձի գործով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքի 33-րդ, 103-րդ և 245-րդ հոդվածների հիմքով մեղադրանք է առաջադրվել և ԼՂՀ առաջին ատյանի իրավասության դատարանի վճռով ազատազրկման են ենթարկվել Արա Ռաֆայելի Ավետյանը (11 տարի) և Սերգեյ Բորիսի Հարությունյանը (9 տարի): Ես՝ որպես տուժող կողմ, ներման խնդրանքով եմ դիմում Ձեզ՝ հաշվի առնելով դատապարտյալների ընտանիքների սոցիալական վիճակը, անչափահաս երեխաների առկայությունը և Արցախի Հանրապետությունում տիրող ընդհանուր ռազմաքաղաքական իրավիճակը: Մենք մեզ դասում ենք քաղաքակիրթ պետությունների շարքում, որտեղ ներման ինստիտուտը մեծ տարածում ունի և վկայում է պետության ղեկավարի մեծահոգության և մարդասիրության մասին, ուստի խնդրում եմ Ձեզ կիրառել Ձեր սահմանադրական բացառիկ իրավունքը և ներում շնորհել Արա Ռաֆայելի Ավետյանին և Սերգեյ Բորիսի Հարությունյանին: Ոխը, չարությունը բոլորիս հաճախ հոգսերի և ալեկոծումների, երկյուղի և տարակուսանքների են մատնում, և բոլոր անկարգություններն աշխարհում տիրում են ոխակալությունից և չներելուց, իսկ մեկին ներելիս մենք ունենում ենք թեթևություն, ինքնավստահության զգացողություն, և յուրաքանչյուրի մոտ տեղի է ունենում ինքնագնահատականի կտրուկ բարձրացում: Կոչս է համայն հայ ժողովրդին՝ ուժեղ, կայուն, ամուր պետության հիմքում դրված է մեկս մյուսի նկատմամբ ունեցած հանդուրժողականությունը և ներողամտությունը: Հարգանքով՝ ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյան»,– գրված է բաց նամակում։
06:03 - 19 մարտի, 2019