Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Մենք ցանկանում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ. Միրզոյան
 |1lurer.am|

Մենք ցանկանում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունների սերտացման վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն շարունակում է խորացնել հարաբերությունները տարբեր ոլորտներում ինչպես ԵՄ-ի, այնպես էլ եվրոպական երկրների հետ՝ վկայակոչելով առկա ինտենսիվ քաղաքական երկխոսությունը։  Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Հայաստանը համագործակցում է ԵՄ հետ՝ տնտեսական կայունությունը և տնտեսական ռեսուրսների դիվերսիֆիկացումն ապահովելու նպատակով: «Մենք ցանկանում ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ»,- նշել է Միրզոյանը՝ մեջբերելով ՀՀ վարչապետ Փաշինյանի հետևյալ հայտարարությունը. «Հայաստանը պատրաստ է հարաբերությունները խորացնել ԵՄ հետ այնքան, որքան Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի»։
21:13 - 07 մարտի, 2024
Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին

Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանները լրագրողների հարցերին Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարությամբ է հանդես եկել և պատասխանել է լրագրողների հարցերին՝ Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին. «Մեծարգո՛ նախարար, Իմ լավ բարեկամ Կոնստանտինոս, Պատվիրակության հարգելի՛ անդամներ, ներկաներ, Ուրախ եմ այսօր ողջունել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում: Մեր երկրների միջև հարաբերությունները հիմնված են եղբայրության, ջերմ հարաբերությունների, փոխըմբռնման, համերաշխության և երկար պատմության վրա, նաև բարձր մակարդակի շփումները մեր տարբեր գործակալությունների, նախարարությունների միջև պարբերական շփումներն, անշուշտ, ավելի են ամրապնդում այդ կապերը, և պետք է ասել, որ մենք Կիպրոսի հետ ունենք բավականին հարուստ երկկողմ օրակարգ, մենք նաև համերաշխ և գործընկերային հարաբերություններ ենք վայելում միջազգային տարբեր ձևաչափերում և միջազգային հարթակներում: Հարգելի՛ ներկաներ, Այսօր իմ գործընկերոջը երախտիք եմ հայտնել հայկական կողմի այն աջակցության համար, որը մենք ստացել ենք Կիպրոսից և շարունակաբար ստանում ենք գործադիր իշխանության, օրենսդիր իշխանության մակարդակով բոլոր զգայուն հարցերում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված, ինչպես նաև երախտիք եմ հայտնել Լեռնային Ղարաբաղից փախստականներին ցուցաբերված օգնության համար. ինչպես գիտեք, նրանից 30-ը հնարավարություն ունեցան նաև ապաքինվել Կիպրոսում, և ընդհանրապես այն աջակցության համար, որը մենք մշտապես ստանում ենք միջազգային հարթակներում Կիպրոսի կողմից: Ուրախությամբ կարող եմ ասել, որ մենք որոշում ունենք դիվանագիտական ներկայացուցչություն բացել Կիպրոսում հնարավոր ամենամոտ ապագայում. մեր կողմից ջանքեր չենք խնայի, որ դա արվի հենց այս տարի, վստահ եմ, որ ամենալուրջ դիվանագիտական ներկայությունը, պաշտոնական ներկայությունը՝ ներկայությունը մայրաքաղաքներում, միմիայն կկարողանա խրախուսել և նպաստել հարաբերությունների էլ ավելի ամրապնդմանը: Ավելորդ չեմ համարում նշել, որ մենք հիանալի համագործակցություն ունենք ոչ միայն արտաքին գործերի նախարարությունների միջև և ընդհանուր առմամբ գործադիր իշխանությունների միջև, այլև խորհրդարանների մակարդակով: Անշուշտ, աջակցությունը, որի մասին ես խոսեցի, զգալի է նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների հարթության վրա, ուզում եմ տեղեկացնել, որ Հայաստանի Հանրապետությունը խորացնում է իր հարաբերությունները Եվրոպական միության հետ, մենք ունենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագիրը, բայց ինչպես գիտեք, ԵՄ հետ համատեղ մենք հիմա փորձում ենք տեսնել ինչ նոր գործիքներ և մեխանիզմներ կարող են ավելացվել մեր՝ Հայաստան-ԵՄ օրակարգում. մի քանի գործիքների մասին հրապարակավ առիթներ ունեցել ենք խոսելու, այդ թվում՝ օրինակ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին: Հարգելի՛ ներկաներ, Բնականաբար ես գործընկերջոս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները: Ուզում եմ միանգամից ասել՝ Հայաստանի դիրքորոշումը նույնն է, և Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին: Եվ, ինչպես գիտեք, այստեղ կան մի շարք առանցքային հարցեր, բայց թերևս ամենաառանցքայինն ու կարևորը տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն է և հետագա սահամանզատման գործընթացը՝ հիմնված 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի և դրանով սահմանվող սկզբունքների վրա, ըստ այդմ՝ 1991 թվականի սահմանագծի. մի սկզբունք, որի շուրջ և՛ Հայաստանը և՛ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով մի քանի անգամ պայմանավորվածություն կրկին ձեռք են բերել, իրենց հավատարմությունն այս հռչակագրին վերահաստատել են, օրինակ՝ Պրահայում, Սոչիում, Բրյուսելում և այլուր: Մենք կարծում ենք, որ խաղաղության հաստատումը այս սկզբունքով մեր տարածաշրջանում ոչ միայն քաղաքական առումով նպաստավոր կլինի երկրների համար, այլև տնտեսական մեծ շահավետություն կներկայացնի իրենից: Հենց այս ըմբռնումով է, որ մենք հանդես եկանք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ, համաձայն որի տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքները կարող են ապաշրջափակվել՝ իհարկե գիտակցելով, որ Հայաստանի ենթակառուցվածքները պետք է մնան Հայաստանի Հանրապետության և, բնականաբար Ադրբեջանինը՝ Ադրբեջանի ինքնիշխանության ներքո, գործեն երկու երկրների իրավազորության ներքո, և, իհարկե, բոլոր պայմանավորվածությունները պետք է լինեն փոխադարձության և հավասարության սկզբունքի հիման վրա: Ինչպես գիտեք, մենք այս թեմաներով շարունակում ենք աշխատել Ադրբեջանի հետ, և առաջընթացի դեպքում, իհարկե, բոլորդ էլ տեղյակ կլինեք: Սիրելի՛ գործընկեր, Շնորհակալություն եմ հայտնում ևս մեկ անգամ այցի համար: Գիտեմ Ձեր բազմազբաղ գրաֆիկը, գիտեմ նաև Ձեր տարածաշրջանում առկա լրջագույն մարտահրավերները, գիտեմ նոր մարտահրավերները, նախաձեռնությունները, որտեղ Կիպրոսը փորձում է օգտակար լինել տարածաշրջանում հանգուցալուծումների ուղղությամբ: Եվ այդ շրջանում ժամանակ եք գտել նաև կրկին Ձեր գործընկերներին և Ձեր ընկերներին այստեղ այցելել, ինչի համար շնորհակալ եմ: Բարի գալուստ»: *** Հարց («Արմենպրես» լրատվական գործակալություն, Աննա Գրիգորյան). Հարցս ուղղում եմ Կիպրոսի արտաքին գործերի նախարարին: Պարո՛ն նախարար, Դուք խոսեցիք տարածքային ամբողջականությունը հարգելու մասին: Ինչպես գիտեք, Ադրբեջանը տևական ժամանակ է, ինչ խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տարածաշրջանն ապակայունացնելու փորձեր ենք տեսնում: Ի՞նչ եք կարծում, միջազգային հանրությունը, այդ թվում՝ Եվրոպական միությունը, անդամ երկրները, Կիպրոսը, ի՞նչ անելիք ունեն կանխելու հնարավոր սրացումը: Շնորհակալ եմ։ Պատասխան (Արարատ Միրզոյան). Թեև հարցը ինձ չէր ուղղված, այնուամենայնիվ, շարունակելով գործընկերոջս` ուզում եմ մի փոքրիկ հավելում անել կամ պատասխանել հայկական կողմից ևս: Իհարկե, մենք հետագա կայունության ապահովման կամ երաշխավորման մեխանիզմների շուրջ աշխատում ենք, բայց ուզում եմ ասել, որ այս պահին արդեն և վաղուց արդեն Հայաստանում է Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը, որը մշտադիտարկում է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանը: Պետք է ասեմ, որ տեղակայման պահից ի վեր այս առաքելությունը զգալի և էական դեր է խաղացել ողջ սահմանագծի երկայնքով կայունության պահպանման ուղղությամբ, և նաև առիթ ունեցել ենք արդեն ողջունելու Եվրոպական միության որոշումը ընդլայնելու առաքելության մանդատը, թվակազմը: Հարց («Ազատություն» ռադիոկայան, Աստղիկ Բեդևյան). Շնորհակալություն, պարո՛ն Միրզոյան, հարցս շատ հետաքրքրող է և մի քանի ենթահարցեր ունի: Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ Հայաստանը տեղեկացրել է Մոսկվային, որ «Զվարթնոց» օդանավակայանում միայն հայ սահմանապահները պետք է ծառայություն իրականացնեն, խոսքը միայն ֆիզիկակա՞ն ներկայության մասին է, թե՞ օրինակ մեկնող-ժամանողների բազային ևս ռուսական կողմը չպիտի ունենա հասանելիություն: Եվ խոսքը «Զվարթնոցու՞մ» ծառայության մասին, թե՞ մյուս կետերում ևս Հայաստանը հրաժարվում է ռուս սահմանապահների ծառայությունից, այդ թվում՝ օրինակ հայ-թուրքական սահմանին։ Ե՞րբ և ինչպե՞ս է տեղեկացվել ռուսական կողմին, ի՞նչ արձագանք կա և ե՞րբ ռուսները կփոխարինվեն։ Շնորհակալ եմ: Պատասխան (Արարատ Միրզոյան). Շատ լավ, պետք է գնահատել հարցի վերաբերելիությունը Հայաստան-Կիպրոս հարաբերություններին, բայց քանի որ մենք շատ հաճախ առիթներ չենք ունենում շփվելու, բնականաբար, ես կպատասխանեմ Ձեր հարցին։ Այո, ռուսական կողմը տեղեկացվել է հայկական կողմի այս նախաձեռնության մասին, ես ուզում եմ ընդգծել, որ ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում, այդ թվում՝ օրինակ «Զվարթնոց» օդանավակայանում, մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը, և նախատեսված է այս գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը դրա կարիքը կունենա: Եվ երբ Հայաստանը կունենա իր ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթը, բնականաբար, ամբողջությամբ կիրականացնի Հայաստանն՝ իր պատկան մարմինների միջոցով։ Եվ ահա, հիմա մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնել սահմանապահ ծառայությունը, և այս մասին ծանուցել ենք ռուսական կողմին: Ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար, և հարցը այդքանով կլուծվի: Դուք հարցրեցիք մասնակցության չափի մասին, ես որքան գիտեմ ամեն-ինչ տեղում է արված և իհարկե հարցը հասկանալիորեն տեխնիկական կողմեր ունի, բայց, այո՛, խոսքը ամբողջ փաթեթի, եթե կարող ենք այդպես անվանել, լիազորությունների ամբողջական կատարման մասին է։ Հայկական կողմը ծանուցել է ռուսական կողմին, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրականացվող սահմանապահ ծառայության մեջ, ըստ էության, այլևս ռուսական կողմի աջակցության, մասնակցության կարիքը չենք զգում՝ իհարկե, շնորհակալություն հայտնելով: Արձագանք («Ազատություն» ռադիոկայան). Իսկ ե՞րբ եք դիմել: Պատասխան (Արարատ Միրզոյան). Տեսե՛ք, ծանուցումն արվել է համապատասխան ծառայությունների միջոցով, ինքս գուցե հիմա ճիշտ չներկայացնեմ տեխնիկական մանրամասները, բայց կարծում եմ, որ մեծ ժամկետների մասին չի խոսքը: Հայտարարությունը եղել է միայն «Զվարթնոց» օդանավակայանի մասին, հետևաբար, խոսում ենք «Զվարթնոցի» մասին:  
19:34 - 07 մարտի, 2024
Պարտավոր ենք դեմ կանգնել ագրեսիային և աջակցել Հայաստանին թե ՛ քաղաքական, թե՛ նյութական տեսանկյունից. Կիպրոսի ԱԳ նախարար |armenpress.am|

Պարտավոր ենք դեմ կանգնել ագրեսիային և աջակցել Հայաստանին թե ՛ քաղաքական, թե՛ նյութական տեսանկյունից. Կիպրոսի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am: Ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն, ուստի Կիպրոսը պատրաստ է աջակցել Հայաստանին թե ՛ քաղաքական, թե ՛նյութական տեսանկյունից: Այս մասին շեշտեց Կիպրոսի Հանրապետության ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսը Երևանում Հայաստանի իր գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում: Անդրադառնալով Կովկասյան տարածաշրջանի զարգացումներին՝ նախարարը հիշեցրեց, որ Կիպրոսն առաջին իսկ պահից իր միանշանակ աջակցությունն է հայտնել Հայաստանի ժողովրդին և մարդասիրական օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղից բնակչության բռնի տեղահանության պատճառով առաջացած կարիքները հոգալու համար: «Ագրեսիան, ռեվիզիոնիզմը, տեղահանումը, այս բոլորը անհանդուրժելի գործիքներ են միջազգային համայնքների տեսանկյունից: Հարկադրանքը և ուժի կիրառումը չեն կարող երկխոսության և վեճերի խաղաղ կարգավորման այլընտրանք լինել: Ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն, ՄԱԿ-ի կանոնադրությանը նվիրվածությունը մեզ համար կարևոր սկզբունք է: Մենք՝ որպես միջազգային համայնք, պարտավոր ենք դեմ կանգնել ագրեսիային, ռեվիզիոնիզմին և աջակցել Հայաստանին՝ թե քաղաքական, թե նյութական տեսանկյունից»,-ասաց նախարարը: Կիպրոսը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացման բոլոր ջանքերը: Նա վստահեցրեց, որ Կիպրոսը սատարում է հայ բարեկամներին այս հարցում: Անդրադառնալով «Արմենպրես»-ի հարցին, թե Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման, Ադրբեջանի կողմից տարածաշրջանն ապակայունացնելու փորձերի պայմաններում միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵՄ-ն, Կիպրոսը, ի՞նչ անելիք ունեն՝ կանխելու նոր սրացումը՝ Կիպրոսի ԱԳ նախարարը շեշտեց, որ բոլորը հանձնառություն են կրում և պետք է կրեն՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին համապատասխան: Այլընտրանք չկա:  «Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը պետք է հայտարարվի բոլորի կողմից, պետք է համառ և հետևողական լինենք այս ուղերձն առաջ տանելու հարցում»,-ասաց Կոմբոսը: Կիպրոսի ԱԳ նախարարը կարևորեց շարունակական ջանքերը հաշվետվողականության ուղղությամբ: Նա կարևորեց միջազգային հանրության ուշադրությունը վեճերի խաղաղ հանգուցալուծման վրա պահելը: Կիպրոսը հետևում է այդ սկզբունքային դիրքորոշմանը: Նախարարն ընդգծեց, որ Կիպրոսը ևս ագրեսիայի, անօրինական ներխուժման զոհ է, հուլիսին կլրանա Թուրքիայի կողմից ապօրինի ներխուժման 50 տարին: «Այլ լուծում չենք կարող տեսնել, քան բարձրաձայն կերպով մեր հավատարմությունը հայտնել այն սկզբունքներին, որոնք պետք է իշխեն միջազգային հանրությունում»,-նշեց նա:
17:53 - 07 մարտի, 2024
2 կարևոր հարցի շուրջ Երևանի և Բաքվի մոտեցումները տարբեր են. Միրզոյան
 |tert.am|

2 կարևոր հարցի շուրջ Երևանի և Բաքվի մոտեցումները տարբեր են. Միրզոյան |tert.am|

tert.am: Հայաստանը վերահաստատում է իր հավատարմությունը խաղաղության օրակարգին։ Այս մասին ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը թուրքական «Անադոլու» գործակալութանը տված հարցազրույցում: Նշելով, որ կողմերի միջև եղել են որոշակի խնդիրներ, և որ դրանցից մի քանիսի շուրջ հայկական կողմը պայմանավորվածություն է ձեռք բերել Ադրբեջանի հետ: Միրզոյանը հայտարարել է, որ երկու կարևոր հարցի շուրջ կողմերի մոտեցումները տարբեր են: Միրզոյանի խոսքով՝ այդ խնդիրներից առաջինը վերաբերում է երկու երկրի սահմանների որոշման սկզբունքներին, իսկ մյուսը՝ տարածաշրջանային կապերին ու տրանսպորտային գծերին։ Միրզոյանը կրկնել է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, և նշել, որ  սահմանազատման գործընթացը, որը ներառում է սահմանների սահմանում և գծում, պետք է տեղի ունենա Ալմա Աթիի հռչակագրի շրջանակում։ Նշելով, որ ոչ ոք նոր սահմաններ գծելու իրավասություն չունի՝ Միրզոյանն ասել է, որ Երևանը ցանկանում է, որ այս հռչակագիրը ներառվի խաղաղության համաձայնագրի նախագծում։ Միրզոյանը հայտարարել է, որ այս հարցում Ադրբեջանից դրական պատասխան ստանալ հնարավոր չի եղել: «Մեզ համար առաջին հերթին կարևոր է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների բացումը և դա տնտեսական օգուտներ կբերի մեզ»,- նշել է ԱԳ նախարարը։ Ըստ Միրզոյանի՝  Հայաստանը նախատեսում է, որ իր կողմից օրակարգ բերված «խաղաղության խաչմերուկ» նախագիծը կլինի տնտեսապես կարևոր և տարածաշրջանում մշտական խաղաղության երաշխավորը։ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունները պետք է լինեն այն երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո, որտեղ գտնվում են։ Նա հավելել է, որ կարևոր են նաև հավասարության և փոխադարձության սկզբունքները։Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ հավասարության նույն սկզբունքը կգործի Ադրբեջանով անցնող տրանսպորտային ուղիների պարագայում։ «Մեր ժողովուրդն արժանի է խաղաղության, և մեզանից ոչ ոք դատապարտված չէ մշտական թշնամանքի: Մենք իսկապես խաղաղության հնարավորություն ունենք հիմա», - ասել է նա:
17:42 - 07 մարտի, 2024
Այլևս ռուսական կողմի աջակցության, մասնակցության կարիքը չենք զգում․ Արարատ Միրզոյանը «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին

Այլևս ռուսական կողմի աջակցության, մասնակցության կարիքը չենք զգում․ Արարատ Միրզոյանը «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու մասին

Արարատ Միրզոյանն անդրադարձավ «Զվարթնոցից» ռուս սահմանապահներին դուրս բերելու հարցին՝ նշելով՝ ի սկզբանե ռուսական սահմանապահների մասնակցությունը մի շարք կետերում մտածված է եղել իբրև աջակցություն նորանկախ հայկական պետությանը, և նախատեսված է գործառույթը իրականացնել այնքան ժամանակ, քանի Հայաստանը դրա կարիքը կունենա, և երբ ՀՀ-ն կունենա դրա ինստիտուցիոնալ հնարավորությունները, այդ գործառույթը ամբողջությամբ կիրականացնի։  «Այժմ, կարծում ենք՝ ՀՀ-ն ինստիտուցիոնալ առումով ի զորու է «Զվարթնոց» օդանավակայանում միայնակ իրականացնելու սահմանապահ ծառայությունը, և ծանուցել ենք ռուսական կողմին այս մասին, ենթադրում եմ, որ սա բավարար կլինի ռուսական կողմի համար, և հարցն այդքանով կլուծվի» ,- Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ ԱԳ նախարարի խոսքով՝ հայկական կողմը ծանուցել է, որ ըստ էության, այլևս ռուսական կողմի աջակցության, մասնակցության կարիքը չենք զգում՝ իհարկե, շնորհակալություն հայտնելով։ 
15:31 - 07 մարտի, 2024
Հայաստանը Կիպրոսի հետ ունի բավականին հարուստ երկկողմ օրակարգ. Միրզոյան
 |armenpress.am|

Հայաստանը Կիպրոսի հետ ունի բավականին հարուստ երկկողմ օրակարգ. Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Կիպրոսի հարաբերությունները հիմնված են եղբայրության, ջերմ հարաբերությունների և փոխըմբռնման երկարամյա պատմության վրա։ Կիպրոսի ԱԳ նախարար Կոնստանտինոս Կոմբոսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նա Երևանում ողջունեց իր գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը: «Մեր երկու երկրների միջև հարաբերությունները հիմնված են եղբայրության, ջերմ հարաբերությունների, փոխըմբռնման, համերաշխության երկարամյա պատմության վրա։ Նաև բարձր և բարձրագույն մակարդակի շփումները, մեր երկրների տարբեր նախարարությունների միջև պարբերական շփումներն, անշուշտ, ավելի են ամրապնդում այդ կապերը։ Հայաստանը Կիպրոսի հետ ունի բավականին հարուստ երկկողմ օրակարգ։ Մենք նաև համերաշխ և գործընկերային հարաբերություններ ենք վայելում միջազգային տարբեր ձևաչափերում և միջազգային հարթակներում»,- ընդգծեց Միրզոյանը։ Համատեղ ասուլիսի ընթացքում Միրզոյանը նշեց, որ Կիպրոսի ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել գործադիր և օրենսդիր իշխանության մակարդակով բոլոր զգայուն հարցերում, մասնավորապես, Հայաստանի տարածքային ամբողջականության հետ կապված հարցերում աջակցության համար: «Երախտիքի խոսք եմ հայտնել նաև Լեռնային Ղարաբաղից փախստականներին ցուցաբերված օգնության համար։ 30 հոգի հնարավորություն ունեցան նաև ապաքինվել Կիպրոսում»- եզրափակեց Միրզոյանը։
15:28 - 07 մարտի, 2024
Միրզոյանը Եգիպտոսի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները

Միրզոյանը Եգիպտոսի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի Արաբական Հանրապետության ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ վարչապետի՝ Եգիպտոս պաշտոնական այցի շրջանակներում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանն անդրադարձել է Հարավային Կովկասում երկարատև խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ ՀՀ շարունակական ջանքերին՝ իր եգիպտացի գործընկերոջը ներկայացնելով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ առանցքային հարցերի շուրջ ՀՀ մոտեցումներն արդարացի են և լեգիտիմ՝ հիմնված հանրահայտ սկզբունքների՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության հարգման անհրաժեշտության վրա: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ՀՀ հստակ արտահայտված շահագրգռվածությունը և փոխադարձության ու հավասարության սկզբունքներով գործընթացն առաջ տանելու քաղաքական կամքը։
18:13 - 05 մարտի, 2024
ՀՀ դիվանագիտական ծառայությունն այսօր էլ համառ մարտեր է մղում ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար. ԱԳ նախարար

ՀՀ դիվանագիտական ծառայությունն այսօր էլ համառ մարտեր է մղում ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության համար. ԱԳ նախարար

Մարտի 4-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել Դիվանագետի օրվան նվիրված միջոցառում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ օրը խորհրդանշական է ՀՀ դիվանագիտական ծառայության համար, քանզի հենց այս օրը Հայաստանի նորանկախ Հանրապետության դրոշը բարձրացվեց ՄԱԿ-ի կենտրոնակայանում՝ խորհրդանշելով ազատ, անկախ պետականություն կերտելու մեր ժողովրդի ձգտումը: Նախարար Միրզոյանը հավելել է, որ այսօր էլ համաշխարհային զարգացումների, անկայունության պայմաններում, տարածաշրջանում ստեղծված իրավիճակում ՀՀ դիվանագիտական ծառայությունը համառ մարտեր է մղում ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ու ժողովրդավար երկիր լինելու իր ընտրության համար, և այս մարտահրավերի հաղթահարումը շարունակում է պահանջել լրջագույն ջանքեր: Նախարարը ևս մեկ անգամ շնորհավորել է ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտակլան ծառայության մարմիններ գործուղված դիվանագետներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ ՀՀ-ին ծառայելու նվիրական առաքելության մեջ: Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել դիվանագիտական ծառության շարքերը համալրած դիվանագետների երդման հանդիսավոր արարողություն, ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը նրանց շնորհել է դիվանագետի վկայականներ:
21:52 - 04 մարտի, 2024
ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԱԳ նախարարը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը

Մարտի 2-ին Անթալիայում կայացել է ՀՀ ԱԳ նախարարի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հանդիպումը:   Արարատ Միրզոյանը և Հելգա Շմիդը քննարկել են ՀՀ և ԵԱՀԿ միջև փոխգործակցության հարցեր, այդ թվում՝ առանձին ծրագրերի իրականացման մասով։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային հարցերի։   Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումները և առանցքային հարցերի, մասնավորապես 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա հետագա սահմանազատման գործընթացի ապահովման և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները։   Արարատ Միրզոյանն ընդգծել է այդ հարցերում Ադրբեջանի կողմից հստակ հանձնառության ցուցաբերման և հռչակված սկզբունքներին հավատարմության կարևորությունը։   Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
11:44 - 03 մարտի, 2024