Զարեհ Սինանյան

Զարեհ Սինանյանը ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն է։ Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 1973թ., 4 դեկտեմբերի, Երեւան Կրթություն Սովորել է Երեւանի թիվ 172 միջնակարգ դպրոցում եւ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում 1988թ. ընտանիքով տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, հաստատվել Բըրբանք քաղաքում: Կրթությունը շարունակել է Բըրբանքի John Muir Middle դպրոցում եւ ավարտել Բըրբանքի ավագ դպրոցը:

1992-1997թթ. սովորել է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) քաղաքագիտության եւ պատմության բաժիններում, ստացել քաղաքագետի, պատմաբանի որակավորում: 1997-2000թթ. սովորել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, ստացել իրավաբանի որակավորում: Աշխատանքային գործունեություն Աշխատել է իրավաբանական կազմակերպություններում: 2013թ. մասնակցել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքի քաղաքային խորհրդի անդամի ընտրություններին եւ ընտրվել Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ: 2014-2015թթ. նշանակվել է Գլենդելի քաղաքապետ: 2015-2018թթ.՝ Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ: 2018-2019թթ.՝ կրկին Գլենդելի քաղաքապետ: 2019թ. հունիսի 14-ին նշանակվել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար: Անկուսակցական է։

Զգուշություն դրսևորելով՝ Ստամբուլի 200 հայ ՀՀ է եկել․ Սինանյանի խոսքով՝ սփյուռքի համախմբումն աննախադեպ է |armtimes.com|

Զգուշություն դրսևորելով՝ Ստամբուլի 200 հայ ՀՀ է եկել․ Սինանյանի խոսքով՝ սփյուռքի համախմբումն աննախադեպ է |armtimes.com|

armtimes.com: «Ի պաշտպանություն Արցախի՝ սփյուռքի մեր հայրենակիցների կողմից կազմակերպվող մոբիլիզացիոն աշխատանքները  աննախադեպ են. նրանք օգնում են հայրենիքին ե՛ւ ֆինանսապես, ե՛ւ մարդասիրական օգնությամբ, եւ կամավորներով, ե՛ւ իրենց երկրներում տարբեր քաղաքական ակտեր իրագործելով»։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ նման համախմբում, սփյուռքահայերի խոսքով, երբեւէ չի եղել։ Քաղաքական այդ ակտերը, որ դրսեւորվում են հիմնականում խաղաղ ակցիաների տեսքով, միշտ չէ, որ խաղաղ ավարտ են ունենում։ Ֆրանսիայի Վալանս, Նիցցա, Վիեն քաղաքներում, նաեւ ԱՄՆ-ում նախորդող օրերին դրանց հաջորդեցին սադրիչ գործողություններ, թուրքերի կողմից հայերի դեմ ուղղված հարձակումներ։ Նման հարձակումների, ինչպես նաեւ՝ հայերի անվտանգության հարցերի շուրջ Զարեհ Սինանյանի հետ մեր զրույցը՝ ստորեւ: - Պարոն Սինանյան, սփյուռքահայերի խաղաղ ակցիաները  մի շարք երկրներում հանդիպում են թուրք-ադրբեջանական սադրիչ գործողությունների։ 2 օր առաջ հարձակումներ եղան Ֆրանսիայի մի քանի քաղաքներում, ԱՄՆ-ում, մարդիկ տուժեցին։ Ի՞նչ է պետք անել հայերի անվտանգությունը ապահովելու, նման սցենարներից խուսափելու համար։ - Մենք պետք է աչալուրջ լինենք եւ միշտ հիշենք, որ գործ ունենք թուրքերի հետ, որոնց լեզուն բռնությունն է՝ անկախ նրանից, թե որտեղ են նրանք գտնվում։ Մոտ 10 օր առաջ մենք կոչ էինք արել համայնքներին զգույշ լինել, խուսափել որեւէ առճակատումից, որովհետեւ թուրքերը եւ ադրբեջանցիները հաստատ փորձելու են սադրել մեր հայրենակիցներին եւ բախումները ռազմաճակատից տեղափոխել երրորդ երկրների տարածք, ինչպես արել են նախկինում։ Կհիշեք՝ 2020 թվականի Տավուշյան մարտերից հետո ինչպիսի կոնֆլիկտներ տեղի ունեցան Լոս Անջելեսից մինչեւ Մոսկվա, հետեւաբար, սպասելի էր այս ամենը։ Պատկերացրեք՝ երբ մենք սկսենք արդեն ռազմական հաղթանակներ տոնել, թուրքերն ինչպես են իրենց ողջ ատելությունը թափելու սփյուռքի մեր հայրենակիցների վրա։ Նախքան նման դեպքեր առաջանալը պետք է կապվել տեղի իրավապահների հետ եւ օգտագործել այդ ռեսուրսը անվտանգություն ապահովելու համար։ Դժվար է պատկերացնել՝ սրանից բացի ուրիշ ինչ քայլերի պետք է դիմել։ Բնական է՝ մենք կոչ չենք անելու ինքնապաշտպանական խմբեր կազմել, ամենակարեւորը զգուշությունն է, պետք է փորձեն որոշ ժամանակ մենակ չլինել, խմբերով շրջել եւ խուսափել ադրբեջանցիների եւ թուրքերի հետ կոնտակտի մեջ մտնելուց։ - Նախորդ օրը երեկոյան Նիդեռլանդներում ՀՀ դեսպանությունը հայտնեց, որ տեղեկություններ են ստացել այնտեղ գտնվող հայերի նկատմամբ հնարավոր ոտնձգությունների վերաբերյալ։ Ձեզ հայտնի՞ է՝ ինչ տեղեկությունների մասին է խոսքը, այնտեղ ի՞նչ է տեղի ունեցել։ - Կոնկրետ Նիդեռլանդների դեպք հայտնի չէ, բայց նման զգուշացումներ տարբեր համայնքներում մեր դեսպանատները անում են՝ հիմնվելով օպերատիվ տեղեկության վրա։ Եթե սոցիալական մեդիայում կամ այլ տեղերում տեսնում են, որ նման տեղեկություն է տարածվում կամ թերեւս, օրինապահ մարմիններն են հայտնում իրենց, իրենք էլ տեղեկացնում են մեր հայրենակիցներին։ - Իսկ Դուք հետեւո՞ւմ եք, թե նման սադրանքներին տեղի իրավապահների ինչ գործողություններ են հաջորդում, արդյո՞ք նրանք պատժվում են։ -Այո, հետեւում եմ, գիտեմ, որ Ֆրանսիայում մեր հայրենակցի գլխին մուրճով հարվածած անձին տասը տարվա ազատազրկում է սպառնում, քրեական գործ է  հարուցվել։ Սրանից երկու օր առաջ Ֆրեզնո քաղաքում էր մի անձ հարձակվել հայ ցուցարարների վրա, երեք հոգու դանակով վնաս էր հասցրել։ Այս դեպքով եւս քրեական գործ է հարուցվել, նա ձերբակալվել է։ Ես շատ կուզեի իմանալ՝ ինչ են արել Ֆրանսիայի իրավապահները երթի այն մասնակիցների դեմ, որոնք արշավ էին կազմակերպել եւ «ո՞ւր եք, հայեր, դուրս եկեք» վանկարկումներով, հայհոյանքներ տալով՝ հայերին էին փնտրում, որ հաշվեհարդար տեսնեին նրանց հետ։ Դրա մասին դեռ տեղեկություն չունենք։ - Հստակ գիտե՞ք, թե մուրճերով հայերի վրա հարձակված թուրքերից քանիսն են ձերբակալվել։ - Ոչ, առայժմ գիտեմ, որ քրեական գործ է հարուցվել։ Տեսանյութում երեւում է, որ փախուստի դիմողներից երկուսը գետնին ընկած են ուշաթափ վիճակում, հայ երիտասարդները նրանց պատժել էին, ուզում եմ ասել՝ ոմանց չի հաջողվել փախչել, նրանց էլ էին հիվանդանոց տարել։ - Իսկ Ֆրեզնոյում հայերի վրա հարձակված քաղաքացին ի՞նչ ազգություն ուներ։ - Նա ամերիկացի էր, ազգանունը՝ Ֆոնսեկա, դա պորտուգալական ազգանուն է, այդ կողմերում Պորտուգալիայի ծագումով շատ ամերիկացիներ են ապրում, հետեւաբար զարմանալու բան չկա։ -Կարելի՞ է ենթադրել, որ այլազգի քաղաքացիների միջոցով են թուրքերը փորձում իրենց սպառնալիքները ի կատար ածել։ - Չեմ կարծում, որ Ֆրեզնոյի դեպքը նման բան է մեզ հուշում, որովհետեւ այդ մարդը պարզապես վրդովել էր, որ հայերը ճանապարհը փակել էին, եւ ինքը չէր կարողանում ուզած տեղը հասնել։ - Առհասարակ, էթնիկ հողի վրա ատելության կոչ, սպառնալիքներ հնչեցնելու համար պատասխանատվություն սահմանված է աշխարհում, ճի՞շտ է։ - Այո, արեւմտյան աշխարհում, իհարկե, սահմանված է։ Հատկապես Ռուսաստանում շատ խիստ է, ինչը եւս բնական է. Ռուսաստանը, լինելով բազմաէթնիկ երկիր, շահագրգռված չէ իր տարածքում էթնիկ բախումներ թույլ տալու, հետեւաբար կարծում եմ, որ բոլոր տեղերում էլ մեր հայրենակիցները պաշտպանված են։ Առավել մտահոգիչ տեղեկություններ ենք ստանում Ստամբուլից, նաեւ՝ Միջին Արեւելքի որոշ երկրներից, Իրանից, ասում են՝ մեր հայրենակիցները շատ տեղերում ահաբեկված են, փորձում են տներից շատ դուրս չգալ: Դա, իհարկե, շատ անհանգստացնող է։ Ունենք մոտ 200 հայրենակից, որոնք լքել են Ստամբուլը եւ հիմա ՀՀ-ի ճանապարհին են. եթե չեմ սխալվում, երեկ Վրաստանում էին, ամենայն հավանականությամբ, արդեն հասած կլինեն Հայաստան։ - Զգուշավորություն դրսեւորելո՞վ են եկել թե՞ միջադեպ է եղել։ - Իմ կարծիքով՝ զգուշավորություն են դրսեւորել, բնական է, որ նման մթնոլորտում շատ ճնշող է մնալ եւ պատրանք ունենալ, թե ապահով կլինեն։ Պատերազմից առաջ մենք հետեւում էինք՝ ինչ թվով լիբանանահայեր են վերադառնում հայրենիք, սակայն պատերազմը մեր պրոֆիլը, մեղմ ասած, փոխեց, հիմա դժվար է հստակ ասել, թե քանիսն են այս ընթացքում վերադարձել։ Շարունակությունը՝ armtimes.com կայքում։
12:05 - 31 հոկտեմբերի, 2020
Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունների դատապարտում, Արցախի ճանաչում․ Սփյուռքի պահանջները համահունչ են ներկա կարիքներին

Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունների դատապարտում, Արցախի ճանաչում․ Սփյուռքի պահանջները համահունչ են ներկա կարիքներին

Շուրջ մեկ ամիս է՝ արցախա-ադրեջանական սահմանին լայնածավալ պատերազմական գործողություններ են։ Այս ընթացքում հաղթանակի տարբեր ձեւակերպումներ են հնչել, եւ պարզ է, որ այն միայն ռազմաճակատում չի լինում, այլ նաեւ միջազգային հարթակներում։ ՀՀ ԱԳ նախարարությունից զատ՝ այս գործը հանձն են առել նաեւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները։ Վերջին օրերին ակտիվ ցույցեր են ընթանում Ֆրանսիայի, Ամերիկայի, Ավստրիայի, Գերմանիայի եւ մի շարք այլ երկրների մեծ ու փոքր քաղաքներում։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի համոզմամբ՝ արտերկրի հայերը երթերի եւ տարաբնույթ բողոքի ակցիաների շնորհիվ կարողանում են քաղաքական ճնշում գործադրել։ Infocom-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ այդ ակցիաներում ձեւավորված պահանջները համահունչ են ներկա կարիքներին․ «Միայն Թուրքիայի եւ Ադրբեջանի գործողությունների դատապարտումը բավարար չէ, մենք չենք կարծում, թե դրանով կարող ենք կանխել հետագա ագրեսիան, հետեւաբար անհրաժեշտ է նաեւ Արցախի անկախության ճանաչման պահանջը․ առանց մեկի՝ մյուսը բավարար չէ, մեկը մյուսին լրացնում է»,- նկատեց Սինանյանը։ Այս 2 հիմնական պահանջներից զատ՝ մեր զրուցակիցը նաեւ շեշտեց ռազմական տեխնիկայի համար ինչ-ինչ տեխնոլոգիաների վաճառման կամ փոխանակման արգելքի պահանջը, որը վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել․ «Օրինակ, Կանադայում կամ ԱՄՆ-ում այսօր այլ գործոն կա՝ ամերիկյան կամ կանադական ռազմական կոմպոնենտների օգտագործումը՝ թուրքական ԱԹՍ-ների մեջ։ Այդ երկրներում ավելացել է նաեւ ժողովրդի այն պահանջը, որ Թուրքիայի դեմ առաջին հերթին տեխնոլոգիաների փոխանցման սանկիացներ եւ սահմանափակումներ կիրառվեն։ Սա մասնակիորեն բավարարվել է Կանադայում, կարծում եմ՝ հաջորդը ԱՄՆ-ն է»,- ասաց Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ համագործակցում են նաեւ Ասիայի, մասնավորապես Ռուսաստանի հայ համայնքերի հետ։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի դիտարկմամբ՝ թեեւ ՌԴ-ում հայերի տարբեր շերտեր կան, բայց, ընդհանուր առմամբ, այնտեղ էլ ուզում են, որ կանխվի թուրք-ադրբեջանական ագրեսիան եւ խաղաղություն պարտադրենք։  «Իրենք էլ իրենց ձեւով, որը տարբերվում է արեւմտյան համայնքերի մեր մեթոդոլոգիայից, պաքարում են հանուն հաղթանակի»,- ասաց Սինանյանը՝ մեր հայրենակիցներին կոչ անելով գոտեպնդվել եւ լծվել այս դժվար եւ հավանաբար երկարատեւ պայքարին։ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանն էլ է այն կարծիքին, որ Ռուսաստանի համայնքերի ազդեցությունը եւ աջակցությունը բավական մեծ է։  «Ամեն պետություն ունի իր առանձնահատկությունները, եւ հայ համայնքները տարբեր պետություններում օգտագործում են այդ պետության քաղաքական-հասարարական գործիքակազմը։ Ռուսաստանում մեթոդները տարբեր են, չեմ ուզի բարձրաձայնել, ազդեցության այլ գործիքներ են օգտագործվում, պարտադիր չէ ցույց անել»,- Infocom-ի հետ զրույցում նկատեց Սիմոնյանը։  Ինչ վերաբերում է արեւմուքում տեղի ունեցող ցույցերին՝ պատգամավորը նշեց, որ նման գործողությունները նպաստում են, որ պետությունները ավելի լավ տեղյակ լինեն իրավիճակից եւ իրենց արձագանքը հնարավորինս շուտ տան։ Ցուցարարների ձեւակերպած պահանջների առնչությամբ էլ ԱԺ պատգամավորը հավելեց, որ դրանք միասնական են, ուղղակի տարբեր դրսեւորումներ ունեն՝ դադարեցնել Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիան եւ հնարավոր լծակներով զսպել այդ երկրներին։ Սեդա Առաքելյան
18:24 - 27 հոկտեմբերի, 2020
Սինանյանը կարևորում է միջազգային հանրության մոտ ԼՂ խնդրի մասին ճիշտ հասարակական կարծիքի ձևավորումը |armenpress.am|

Սինանյանը կարևորում է միջազգային հանրության մոտ ԼՂ խնդրի մասին ճիշտ հասարակական կարծիքի ձևավորումը |armenpress.am|

armenpress.am:  Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը կարևոր է համարում, որ միջազգային հանրության շրջանում Լեռնային Ղարաբաղի խնդրի ու հակամարտության վերաբերյալ ճիշտ հասարակական կարծիք ձևավորվի: Այս մասին Սինանյանն ասաց հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: «Ամբողջ սփյուռքում շատ կարևոր է նաև հասարակական կարծիքի ձևավորման մեջ մեր հայրենակիցների դերը, որովհետև այսօր Թուրքիան և Ադրբեջանն ապականել են ամբողջ մեդիան, ապականել են ամբողջ հասարակական կարծիքը կեղծ տեղեկություններով Արցախում տեղի ունեցողի մասին: Սրա հիմնական հակակշիռը մեր սփյուռքի կողմից տարվող աշխատանքներն են, որոնք շատ ինտենսիվ են, բավական արդյունավետ և, որի անհրաժեշտությունը մենք շատ ենք զգում»,- ասաց Սինանյանը: Գլխավոր հանձնակատարը նշեց, որ Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունները վարձել են նաև լոբբիստական խմբեր, որոնք աշխատանքներ են իրականացնում տարբեր երկրներում իրենց համար նպաստավոր կարծիքի ձևավորման համար, որին պետք է հետևի հայկական սփյուռքի պատասխանը: «Սփյուռքում աշխատում են բոլորը, այս աշխատանքն էլ պետք է շարունակական լինի, որպեսզի կարողանանք հասնել մեզ ցանկալի արդյունքին: Տարբեր երկրներում տեղի են ունենում ցույցեր, կան նաև նախաձեռնություններ տարբեր մակարդակներով, որպեսզի մենք հասնենք երկու կարևոր նպատակի` Արցախի անկախության ճանաչում ու թուրք-ադրբեջանական, ահաբեկչական գործողությունների դատապարտումը տարբեր պետությունների կողմից»,- նշեց Զարեհ Սինանյանը:
23:57 - 14 հոկտեմբերի, 2020
Սփյուռքից մեծ թվով հայեր Հայաստան ժամանելու ցանկություն են հայտնել |armenpress.am|

Սփյուռքից մեծ թվով հայեր Հայաստան ժամանելու ցանկություն են հայտնել |armenpress.am|

armenpress.am: Աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերն Հայաստան ժամանելու և հայրենիքին իրենց ֆիզիկական աջակցությունը ցուցաբերելու ցանկություն են հայտնել: Այս մասին հոկտեմբերի 14-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ նրանց խնդրելով Հայաստան ժամանելուց հետո համագործակցել գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ: «Կան մեծ թվով մեր հայրենակիցներ, որոնք ցանկանում են ներկա լինել հայրենիքում ու իրենց անմիջական ֆիզիկական աջակցությունը ցուցաբերել այս պայքարում:  Ունենք բազմաթիվ բժշկական խմբեր, որոնք եկել են հիմնականում Ռուսաստանից, Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, այդ հոսքն էլ շարունակվում է: Մենք քաջալերում ենք նման հոսքը և լուրջ աջակցության կարիք ունենք, մեր բժիշկները քաջաբար պայքարում են յուրաքանչյուրի կյանքի համար, սակայն նրանց հնարավորություններն էլ սահմանափակ են, հետևաբար, որքան օգնություն ստանանք, այնքան լավ: Այլ հմտությունների ու այլ հնարավորությունների տիրապետող մյուս անձանց, որոնք գալիս են Հայաստան կամ մտադիր են գալ Հայաստան, կրկին խնդրում եմ համագործակցել գրասենյակի հետ, որպեսզի ձեր կարողություններն օպտիմալ ձևով օգտագործվեն այս իրավիճակում»,- ասաց Սինանյանը:
23:32 - 14 հոկտեմբերի, 2020
Սա Ցեղասպանությունից ի վեր մեր գոյության ամենամեծ սպառնալիքն է․ եկել է աննախադեպ քայլերի և ժամանակը․ Զարեհ Սինանյանի ուղերձը՝ Սփյուռքին

Սա Ցեղասպանությունից ի վեր մեր գոյության ամենամեծ սպառնալիքն է․ եկել է աննախադեպ քայլերի և ժամանակը․ Զարեհ Սինանյանի ուղերձը՝ Սփյուռքին

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ուղերձ է հղել Սփյուռքին՝ նշելով, որ յուրաքանչյուր հայ առաքելություն ունի այս վճռորոշ ճակատամարտում։ Ինչպես տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, Զարեհ Սինանյանն իր ուղերձում նշել է. «Սիրելի եղբայրներ և քույրեր, Մեր Հայրենիքը հարձակման է ենթարկվում։ Հայ ազգի ապագան վտանգված է: Ադրբեջանն ու Թուրքիան լայնամաշտաբ հարձակում են սանձազերծել Հայաստանի և Արցախի Հանրապետության դեմ` հայ ժողովրդի բնաջնջման իրենց դարավոր ցեղասպան նպատակն իրագործելու հույսով: Սա Ցեղասպանությունից ի վեր մեր գոյության ամենամեծ սպառնալիքն է, և եկել է աննախադեպ քայլերի և քաջության ժամանակը: Սիդնեյից մինչև Լոս Անջելես, Փարիզից մինչև Բուենոս Այրես, Մոսկվայից մինչև Բեյրութ յուրաքանչյուր հայ առաքելություն ունի այս վճռորոշ ճակատամարտում հանուն գոյատևման և ընդդեմ ճնշման ու չարի: Ժամն է եկել արտացոլելու ռազմաճակատում մեր եղբայրների և քույրերի սխրանքը, արժանի լինելու նրանց զոհողությանը, կիսելու մեր հայրենի տունը միասին պաշտպանելու պատիվը։ Մեր զինվորների և կամավորների կողքին կանգնելով Ձեր աջակցությունը կարող եք հայտնել՝ նվիրաբերելով «Հայաստան Համահայկական» հիմնադրամին: Ադրբեջանական հրետանու և թուրքական անօդաչու թռչող սարքերի կողմից անընդհատ ռմբակոծության տակ գտնվող խրամատները պաշտպանող տղամարդիկ և կանայք ձեր օգնության կարիքն ունեն, որպեսզի կարողանան շարունակել պաշտպանել մեր Հայրենիքը: Այսօր է օրը, վաղն արդեն շատ ուշ կլինի: Դուք Սփյուռքում Հայաստանի միակ դաշնակիցն եք: Այս վճռական պահին Հայրենիքը ձեր կարիքն ունի: Միասին մենք կհաղթենք»։
22:18 - 04 հոկտեմբերի, 2020
Այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք. Զարեհ Սինանյանը համախմբման կոչով դիմել է հայ ժողովրդին

Այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք. Զարեհ Սինանյանը համախմբման կոչով դիմել է հայ ժողովրդին

Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, Թշնամին դարձյալ պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին` հարձակում գործելով մեր հայրենի Արցախի ուղղությամբ: Թշնամու նպատակը կար և մնում է մեզ զրկել մեզ բնօրրանից, մեզանից խլել պատմական հայրենիքի վերջին մասը, մեզ ոչնչացնել կամ դարձնել անհայրենիք ժողովուրդ: Թշնամին իր հայտնի հովանավոր և ցողասպան մեծ եղբոր հետ միասին կրկին թերագնահատել են մեր ուժը, մեր տոկունությունը և մեր սերն առ հայրենիք: Նրանք բախվելու են ողջ հայության, ողջ հայկական աշխարհի համառ դիմադրությանը և արդար ցասմանը: Այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք, ամեն մեկս մեծ դեր ունենք, և եկել է այն պահը, երբ յուրաքանչյուրս իր ձևով, իր հնարավորությունների չափով պետք է պաշտպանի մեր ազգն ու հողը: Մեր զինված ուժերը հզոր են և ծանր մարտերում պաշտպանում են մեր հայրենի սահմանները, մեր ժողովրդին: Մենք էլ, համախմբվելով հայրենիքի պաշտպանության գործի շուրջ, պետք է մոտեցնենք հաղթանակի անխուսափելի պահը: Սիրելի՛ներ, կանգնենք մեր հայրենիքի, մեր բանակի, հայ զինվոր կողքին և հաղթենք միասին: Մեր դատն արդար է, միասին մենք հզոր ենք, Աստված մե՛ր կողմից է, և ոչինչ, ոչ ոք՝ ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ սիրիացի վարձկանները չեն կարողանա Ադրբեջանին և Ալիևին փրկել մեր կոշտ և անկասելի պատժից: Փառք մեր բանակին, փառք մեր պետությանը, փառք Հայաստանին և փառք հայ ժողովրդին:
09:30 - 28 սեպտեմբերի, 2020
Զարեհ Սինանյանը հանդիպել է ԱՄՆ-ի և Կանադայի հայ լրագրողների հետ

Զարեհ Սինանյանը հանդիպել է ԱՄՆ-ի և Կանադայի հայ լրագրողների հետ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում գործող հայկական լրատվամիջոցների երկու տասնյակ ներկայացուցիչների և լրագրողների հետ։ Ինչպես տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից,  ողջունելով մասնակիցներին՝ Գլխավոր հանձնակատարը կարևորել է սփյուռքում հայկական լրատվամիջոցների աշխատանքը, դրա դերակատարությունը Հայաստան-սփյուռք համագործակցության ամրապնդման և սփյուռքի մեր հայրենակիցների տեղեկացվածության գործում։ «Մոտ 2 ժամ տևողությամբ հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը լրագրողական հանրույթին ներկայացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերը հատկապես առանձնացնելով «իԳործ»-ը, լիբանանահայերի ինտեգրման փաթեթը, հայրենադարձների ինտեգրման կենտրոնի ստեղծումը և այլն։  Մասնակիցների հարցերի շրջանակը լայն էր՝ լիբանանահայության խնդիրներից մինչև ներդրումներ, հայրենադարձություն և ներհայաստանյան զարգացումներ։ Հանդիպման ավարտին մասնակիցները և Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նման ձևաչափով քննարկումներիը պարբերաբար անցկացնելու հույս հայտնեցին՝ նպատակ ունենալով ամրապնդել նաև Հայաստանի և սփյուռքի միջև լրատվական հաղորդակցությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։  
20:55 - 18 սեպտեմբերի, 2020
Ռուսաստանում վարձակալած տարածք ունեմ, որի վարձը չեմ կարողանում տալ, այստեղ էլ վարկեր ունեմ, վեց ամիս չեմ կարողանում վճարել, տունս էլ ձեռքիցս կվերցնեն, մեքենաներն էլ, ո՞նց ապրեմ. ակցիայի մասնակից |tert.am|

Ռուսաստանում վարձակալած տարածք ունեմ, որի վարձը չեմ կարողանում տալ, այստեղ էլ վարկեր ունեմ, վեց ամիս չեմ կարողանում վճարել, տունս էլ ձեռքիցս կվերցնեն, մեքենաներն էլ, ո՞նց ապրեմ. ակցիայի մասնակից |tert.am|

tert.am: Չեք կարողանում վերադառնալ օբյեկտիվ պատճառներով, որը պայմանավորված է  համավարակով, այդ ուղղությամբ էլ բանակցություններ են վարվում, խնդրում եմ դիմեք ԱԳՆ-ին և պարետատանը, իրենցից պատասխաններ կստանաք, մենք սահման բացելու գործառույթ չունենք, կամ որոշելու՝ Ռուսաստանը ում է ներս թողնում, ում չի թողնում: Այս մասին կառավարության առջև հավաքված ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներին ասաց սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Հարցին՝ սա քայլ է, որ քաղաքացներին չթողնե՞ք արտագաղթեն երկրից, Սինանյանը պատասխանեց. «Ի՞նչ քայլ, ով ասաց, որ մենք չենք թույլատրում: Պարետատանն ու ԱԳՆ-ին հարցրեք՝ ինչ է արվում այդ ուղղությամբ, ես համոզված եմ, որ քայլեր արվում են»: Բողոքող քաղաքացիներից մեկն էլ ասաց, որ Ռուսաստանում վարձակալած տարածք ունի, բիզնեսով է զբաղվում, փակել, եկել է, որ անձնագիր փոխի, հետ գնա, սակայն եկել, մնացել է: «Մայիսից բացվել է Մոսկվայում ամեն բան, աշխատում են մարդիկ, ես ոչ մի բան չեմ կարողանում վճարել այնտեղ, ինձ ասում են` արի կա'մ իրերդ հավաքի գնա, կա'մ վարձը տուր, ինչպե՞ս գնամ: Այստեղ վարկեր ունեմ, մինչև մարտ ամիսը ամբողջը վճարել եմ, մի օր ուշացում չեմ ունեցել, իսկ հիմա ոչ մի բան չեմ կարողանում վճարել, ո՞նց անեմ, ես ինչպե՞ս ապրեմ: 6 ամիս է` վարկ չեմ մուծում, ի՞նչ անեմ, տունս էլ ձեռքիցս կառնեն, մեքենաներն էլ, ի՞նչ անեմ»,- ասաց նա:
13:41 - 03 սեպտեմբերի, 2020
Լիբանանահայերին օգնություն ցույց տալու փաթեթը կառավարությունում է․ շուրջ 850 հոգի ժամանել է Հայաստան՝ երկարատեւ բնակության |hetq.am|

Լիբանանահայերին օգնություն ցույց տալու փաթեթը կառավարությունում է․ շուրջ 850 հոգի ժամանել է Հայաստան՝ երկարատեւ բնակության |hetq.am|

hetq.am: Սեպտեմբերի 1-ին, կառավարության շրջանառությանն է հանձնվել օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունի հետեւանքով տուժած լիբանանահայերին աջակցություն ցույց տալու փաթեթի նախագիծը։ Այս մասին մեզ հետ հեռախոսազրույցում հայտնեց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։  Կառավարությունը սեղմ ժամկետներում պետք է քննարկի նախագիծը՝ հաշվի առնելով հարցի հրատապ լինելը։ Փաթեթը ներառում է առողջապահական, կրթական եւ սոցիալական բաղադրիչներ։ Այն ընդգրկում է նաեւ կացարանի հարցում որոշակի պետական աջակցության տրամադրումը։ Ըստ Զարեհ Սինանյանի՝ փաթեթն ուղղված է Հայաստան ժամանող 5 հազար լիբանանահայերի կողմից այստեղ երկարատեւ բնակություն հաստատելուն։ Կառավարության ներկայացուցիչն ասում է, որ Լիբանանում մնացած հայերին ցուցաբերվող աջակցությունը եւս շարունակական է լինելու։ Այն լինելու է տարբեր ձեւաչափերով, ինչպես, օրինակ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կազմակերպած համերգ-դրամահավաքը, որից ստացած հասույթն ուղղվելու է լիբանանահայերի կարիքներին։ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի փոխանցմամբ՝ հուլիսի 14-ից մինչ օրս Հայաստան է ժամանել ավելի քան 1100 լիբանանահայ, որոնցից 250-ը կարճատեւ ժամանակով է եկել։ Դա նշանակում է, որ երկարատեւ բնակության նպատակով ժամանած լիբանանահայերի թիվը մոտ 850 է։ Նրանց թվում են նաեւ պայթյունի հետեւանքով տուն կորցրած մեր հայրենակիցները։ Լիբանանից վերադարձած երկու ընտանիք ցանկություն է հայտնել բնակվել Արցախում։ Զարեհ Սինանյանն ասում է, որ առաջիկա օրերին պատրաստվում է Արցախ մեկնել՝ տեղի գործընկերների հետ քննարկելու լիբանանահայերի աջակցությանն ուղղված ծրագիրը։ Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությանը նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը հայտնել էր, որ Լիբանանից Արցախ են ժամանել առաջին երկու հայրենադարձ ընտանիքները, որոնց կացության համար ստեղծված են բոլոր պայմանները:
09:32 - 03 սեպտեմբերի, 2020
Կայքի միջոցով օգտակար տեղեկատվություն կհասցնենք հայրենադարձվել ցանկացողներին. Զարեհ Սինանյանը ներկայացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքը
 |tert.am|

Կայքի միջոցով օգտակար տեղեկատվություն կհասցնենք հայրենադարձվել ցանկացողներին. Զարեհ Սինանյանը ներկայացրեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կայքը |tert.am|

tert.am: Կայքի միջոցով արել և անելու ենք ամեն բան, որ օգտակար, մատչելի և հասանելի տեղեկատվություն հասցնենք ոչ միայն գրասենյակի գործունեության, այլև տեղեկատվություն սփյուռքահայության, ինչպես նաև հայրենադարձվել ցանկացողների համար: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնելով Սփյուռքի գոծերի գլխավոր հանձնակատարի նորաստեղծ կայքը՝ diaspօra.gov.am-ը, հայտարարեց Զարեհ Սինանյանը: «Փորձել ենք ներգրավել նաև որոշ նորարարական մոտեցումներ, օրինակ՝ մեր կայքը մեր պետական կառավարման համակարգում միակն է, որն ընձեռնում է նամակագրության հնարավորություն: Կարող են հարցերը գրել, և մենք հնարավորինս կարճ ժամկետում օնլայն ռեժիմով կպատասխանենք»,-ասաց նա: Կայքում առկա է նաև քարտեզ, որում ներկայացված են սփյուռքի բոլոր խոշոր համայնքները՝ ինֆորմացիա մոտ 80 համայնքի մասին:
21:01 - 02 սեպտեմբերի, 2020
24 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ սկսում են աշխատանքը ՀՀ կառավարությունում

24 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ սկսում են աշխատանքը ՀՀ կառավարությունում

24 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ սկսում են աշխատանքը ՀՀ կառավարությունում։ Այս մասին հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ «Նրանք այսօրվանից մեկնարկում են: Առաջին փուլով 24 սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներ սկսում են աշխատանքը ՀՀ կառավարությունում: Կանադայից, Դանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից մինչև Իսրայել, Նիդերլանդներ ու Չինաստան. նրանց անգամ համաճարակը չի խանգարել հասնել Հայաստան: Ծրագրի մասնակիցներին ողջունեց ու բարի գալուստ մաղթեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Հանձնակատարը հույս հայտնեց, որ նրանք հայրենիքում կունենան անփոխարինելի աշխատանքային փորձառություն: Այնուհետ մասնակիցներին «Դեպի Հայք» հիմնադրամի տնօրեն Սևան Գապագեանը և «RepatArmenia» հիմնադրամի համահիմնադիր Վարդան Մարաշլյանը ներկայացրին հայաստանյան պետական մարմիններում աշխատելաոճի առանձնահատկությունները և միջավայրին արագ ինտեգրման համար գործնական խորհուրդներ տվեցին: COVID-19-ով և օդային սահմանափակ հաղորդակցությամբ պայմանավորված՝ ծրագրի մյուս մասնակիցները Հայաստան կժամանեն մի փոքր ավելի ուշ», – նշված է հաղորդագրությունում:
21:28 - 01 սեպտեմբերի, 2020
800-ից ավելի լիբանանահայ հուլիսի 1-ից մինչ օրս ժամանել է Հայաստան |armenpress.am|

800-ից ավելի լիբանանահայ հուլիսի 1-ից մինչ օրս ժամանել է Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Հուլիսի 1-ից մինչ այսօր և Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունից հետո 800-ից ավելի լիբանանահայ է ժամանել Հայաստան: Այս մասին օգոստոսի 28-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Մինչ այս պահը 800-ից ավելի լիբանանահայ է ժամանել Հայաստան, նրանց մի մասը ժամանել էր Բեյրութի պայթյունից առաջ, բայց հուլիսի 1-ից հետո, երբ առաջին ինքնաթիռը ժամանեց Երևան, մյուս մասն էլ՝ պայթյունից հետո: Այս հոսքը շարունակական է, շաբաթը երկու անգամ Բեյրութից Հայաստան եկող թռիչք ունենք, գրեթե բոլոր թռիչքները լի են գալիս»,- ասաց Սինանյանը: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը նշեց, որ ժամանողներն ունեն տարբեր խնդիրներ, սակայն իրենց գրասենյակն ամեն կերպ ընդառաջում է Լիբանանից Հայաստան ժամանածներին:
10:23 - 29 օգոստոսի, 2020
Կարճաժամկետ կտրվածքով կարողանում ենք հոգալ հայրենադարձ լիբանանահայերի կարիքները, մինչև այդ հարցով փաթեթը դրվի շրջանառության մեջ, և ունենանք այլ լուծումներ․ Զարեհ Սինանյան |tert.am|

Կարճաժամկետ կտրվածքով կարողանում ենք հոգալ հայրենադարձ լիբանանահայերի կարիքները, մինչև այդ հարցով փաթեթը դրվի շրջանառության մեջ, և ունենանք այլ լուծումներ․ Զարեհ Սինանյան |tert.am|

tert.am: Փոքր ծավալներով, կարճաժամկետ կարողանում ենք հոգալ բոլոր հայրենադարձ լիբանանահայերի կարիքները, համենայնդեպս կացարանների կարիքը, մինչև այդ հարցով կազմված փաթեթն ուժի մեջ մտնի, և ունենանք այլ լուծումներ: Փաթեթի կազմման աշխատանքներն ընթանում են, և այն սեպտեմբերի 1-ին շրջանառության մեջ կդրվի: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: «Եկողների մի մասը հիմնականում պետական ծառայությունների անհրաժեշտություն չունի, իսկ այն մասի համար, որն ունի, մենք ամեն կերպ գտնում ենք լուծումներ: Այս պահին մեր հասարակությունում շատ մեծ բարի կամք կա Լիբանանում ոչ միայն պայթյունից, այլև տնտեսական ճգնաժամից տուժած մեր հայրենակիցների նկատմամբ: Մարդիկ կան, իրենց հանգստյան տներն են առաջարկում»,-ասաց Սինանյանը: Ինչ վերաբերում է հայրենադարձությանն ու այն դիտարկումներին, թե սփյուռքի հայ համայնքների պահպանումը ևս շատ կարևոր է, Սինանյանն ասաց, թե իրենք չեն բերում մարդկանց, իրենք են գալիս, ինչում շատ մեծ տարբերություն կա. «Եթե բերեինք, դա պետական մակարդակի հայրենադարձություն կլիներ: Այս պահին որոշ լիբանանահայեր նախընտրում են գալ ու բնակություն հաստատել իրենց պատմական հայրենիքում»,-նշեց նա: Դիտարկմանը, թե սիրիահայերն էլ, գալով ՀՀ, խնդիրներ ունեցան ու նախընտրեցին լքել երկիրը, Սինանյանն ասաց, թե սիրիահայության փորձը բավական խնդրահարույց էր, ինչի հիմնական պատճառը, նրա կարծիքով, պետության անպատրաստությունն էր, իսկ շատ դեպքերում երկիրը կարող է դիտարկվել որպես տարանցիկ. «Դա անխուսափելիորեն տեղի կունենա ոչ միայն լիբանանահայերի, այլև ընդհանրապես հայրենադարձության տարբեր դրսևորումների ընթացքում: ՀՀ-ն կարող է ոչ բոլորի համար նախընտրելի երկիրը լինել, մենք պետք է պատրաստ լինենք դրան ու չօգտագործենք որպես պատրվակ՝ մեր հայրենակիցների վատ ընդունելու կամ անպատրաստ լինելու համար»,-ասաց նա: Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են հեռացվել գրասենյակի շուրջ 10 աշխատակիցներ, և ինչպիսի՞ն են հարաբերությունները աշխատակիցների հետ, Սինանյանն արձագանքեց. «Մեզ մոտ կոնֆլիկտներ չեն լինում: Սա Բոլշևիկյան Ռուսաստանը չէ, ոչ էլ ինչ-որ վայրի հասարակարգ է, որտեղ աշխատողների հետ կռիվներ կամ վեճեր պետք է լինեն: Նման ձևով հարցեր չեն լուծվում: Արել ենք ամեն բան, որ մեր աշխատանքը հզորացնենք»,-ասաց նա:
18:17 - 28 օգոստոսի, 2020