Գիտությունների ազգային ակադեմիա

Բարձրագույն պետական ինքնակառավարվող ոչ առեւտրային հաստատություն է, որի նախագահությունը գտնվում է Երեւանում։ Ակադեմիան նաեւ մասնաճյուղեր ունի Գյումրիում, Սեւանում, Գորիսում, Վանաձորում եւ Կապանում։

Այն կազմակերպում եւ իրականացնում է հիմնարար  եւ կիրառական  գիտական հետազոտություններ,  եւ համակարգում է հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները։ ԳԱԱ-ն նաեւ ծառայում է որպես ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդական։

ՀՀ ԳԱԱ-ն 1943 թվականին հիմնադրված Հայաստանի գիտությունների ակադեմիայի իրավահաջորդն է դարձել 1993 թվականից։

2005 թ. ակադեմիան վերանվանվել է «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա» պետական ոչ առեւտրային կազմակերպություն։

Գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացումը քաղաքական իշխանության նպատակն է. գիտնականներն ու պատգամավորները քննարկել են ոլորտի զարգացման հեռանկարները

Գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացումը քաղաքական իշխանության նպատակն է. գիտնականներն ու պատգամավորները քննարկել են ոլորտի զարգացման հեռանկարները

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը փետրվարի 21-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանի գլխավորությամբ: ԳԱԱ-ից հայտնում են, որ հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ՀՀ ԳԱԱ բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարները, ինստիտուտների տնօրենները, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Վիգեն Խաչատրյանը, Խաչատուր Սուքիասյանը, Ալխաս Ղազարյանը, Ալեքսեյ Սանդիկովը: Քննարկվել են Հայաստանում գիտության և գիտատեխնոլոգիական ոլորտի հեռանկարային զարգացման հարցերը: «Այսօր Գիտությունների ազգային ակադեմիան բարեփոխումների շեմին է: Բարեփոխումներն իրականացվում են Գիտության կոմիտեի հետ համաձայնեցված և գիտության ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրի հետ համահունչ: Բարեփոխումներ ասելով՝ նկատի ունենք գիտաարտադրական, գիտատեխնոլոգիական և  գիտահետազոտական ոլորտների կառավարման  ճիշտ շեշտադրում, գերազանցության կենտրոնների ստեղծում, դրանց հենքի վրա հետազոտական ցանցերի ստեղծում, կրթական, արդյունաբերական բաղադրիչների ներառում և այդ ամենի հիման վրա կրթություն-գիտություն-արդյունաբերություն կապի ապահովում, ինչը լուրջ գործոն է գիտության, տեխնոլոգիաների, տնտեսության զարգացման, գիտահեն տնտեսության ստեղծման գործում», - ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանն իր խոսքում նշել է.  «Մենք գտնվում ենք մի շենքում, որտեղ աշխատել են Մերգելյանի, Ալիխանյանների, Համբարձումյանի նման համաշխարհային մասշտաբի գիտնականներ և համոզված եմ, որ այսօր էլ մեր գիտնականների մեջ կան նմանօրինակ պրոֆեսորներ, ովքեր իրենց ավանդն են ներդնում գիտության զարգացման գործում»։  Հակոբ Արշակյանը շեշտել է՝ գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացումը քաղաքական իշխանության նպատակն է:   «Բացի ռազմավարական երկարաժամկետ ծրագրերից, ինչպիսին են «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»-ը, կառավարության գործունեության միջոցառումների ծրագիրը, բյուջետային պլանավորման համակարգը, ռազմավարական տեսանկյունից կարիք կա պետական երկարաժամկետ պլանավորման, ինչը պետք է իրականացվի Գիտությունների ազգային ակադեմիայի, կառավարության համապատասխան գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների ներգրավվածությամբ: Հայաստանում գիտակրթական ոլորտում ներդրումներն ամենաարդյունավետն են, և այս տեսանկյունից երկու կարծիք լինել չի կարող»: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը նշել է, որ պետք է լինի սերտ համագործակցություն Ազգային ժողովի, Գիտությունների ազգային ակադեմիայի, Գիտության կոմիտեի և նախարարությունների միջև: «Պետության կողմից ընդունված կարգախոսը, ըստ իս, պետք է լինի մեկ նախադասությամբ՝ գիտատեխնոլոգիական արդիականացումը պետք է հանդիսանա ազգային զարգացման դոկտրին: Այդ դոկտրինը պետք է մշակել և ընդունել ամենալուրջ մակարդակով», - ասաց Արթուր Իշխանյանը: ՀՀ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի խոսքով՝ գիտության ոլորտում մի շարք փոփոխություններ են իրականացվել: «Ամենակարևորը՝ գործընկերային հարաբերությունների ստեղծումն է համակարգի բոլոր կազակերպությունների և դերակատարների միջև: Կառավարությունն ընդունել և հանձն է առել գիտության ոլորտի հետ Հայաստանի ապագան կապելու առաքելությունը, ընդունել է գիտատեխնոլոգիական զարգացման ճանապարհը: Այդ ուղղությամբ առաջին քայլն արվել է՝ գիտության ոլորտի ֆինանսավորման ավելացում մոտ 85 տոկոսով:  Քայլեր են արվում Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի բարեփոխումների, օպտիմալացման ուղղությամբ: Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի հետ ունենք աննախադեպ համագործակցություն, բոլոր հարցերը քննարկվում են բաց ու հանգիստ մթնոլորտում: Աշխատանքը տալիս է իր արդյունքները»,-ընդգծել է նա: Հանդիպման ժամանակ, մասնավորապես, քննարկվել են խնդիրներ՝ կապված «Գնումների մասին» ՀՀ օրենքի դրույթների հետ: Ըստ Արթուր Իշխանյանի՝ անհրաժեշտ է օրենքում կատարել համապատասխան խմբագրում, որը հնարավորություն կտա գիտական կազմակերպություններին ժամանակին կատարել գնումները: Եզրափակելով հանդիպումը՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ նմանօրինակ հանդիպումները պետք է լինեն շարունակական. «Ազգային ժողով, կառավարություն, գիտական ինստիտուտներ համագործակցությունը զարգանալու մեծ հեռանկար ունի: Այս հանդիպումը համարենք առաջին քայլն ու շարժվենք առաջ»:
14:48 - 22 փետրվարի, 2022
Իշխանության համար առաջնային է գիտության ոլորտը. Հակոբ Արշակյանն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

Իշխանության համար առաջնային է գիտության ոլորտը. Հակոբ Արշակյանն այցելել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի լիազորությունները կատարող Հակոբ Արշակյանը փետրվարի 21-ին այցելել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա: Քննարկման առանցքում գիտատեխնոլոգիական զարգացման հեռանկարին և ԳԱԱ աշխատանքներին վերաբերող հարցերն էին:   Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանը, Վիգեն Խաչատրյանը, Ալխաս Ղազարյանը, Ալեքսեյ Սանդիկովը, Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը, բնագիտական ուղղություններով գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններ: ԱԺ փոխնախագահն իր խոսքում կարևորել է հանդիպումը: «Մենք գտնվում ենք մի շենքում, որտեղ աշխատել են Մերգելյանի, Ալիխանյանների, Համբարձումյանի նման համաշխարհային մասշտաբի գիտնականներ, և համոզված եմ, որ այսօր էլ մեր գիտնականների մեջ կան նմանօրինակ պրոֆեսորներ, որոնք իրենց ավանդն են ներդնում գիտության զարգացման գործում»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը: Խորհրդարանի փոխխոսնակը տեղեկացրել է, որ Ազգային ժողովում գիտության զարգացմանը վերաբերող քննարկումներ են եղել: «Ռազմավարական տեսանկյունից կարիք կա պետական երկարաժամկետ պլանավորման, որը պետք է իրականացվի պետական ինստիտուտների, Գիտությունների ազգային ակադեմիայի, Կառավարության համապատասխան գերատեսչությունների և մասնավոր ընկերությունների ներգրավվածությամբ»,- նշել է նա: Հակոբ Արշակյանը շեշտել է, որ իշխանության համար առաջնային դերակատարում ունի գիտության ոլորտը և հենց դրա վկայությունն է բյուջեով սահմանված ֆինանսավորման կտրուկ ավելացումը: Հայաստանում գիտակրթական ոլորտի ներդրումներն ամենաարդյունավետն են և հենց դրա վրա էլ կարող է հիմնվել Հայաստանի զարգացումը: ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը նշել է, որ ակադեմիան կանգնած է լուրջ բարեփոխումների շեմին: Նրա խոսքով՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքն ուժ մեջ մտնելուց հետո բարեփոխումները կթևակոխեն նոր փուլ: Անդրադառնալով գիտության ֆինանսավորմանը՝ նա հույս է հայտնել, որ ֆինանսավորման ավելացումը կլինի շարունակական: Քննարկման մասնակիցները, անդրադառնալով իրենց բնագավառներում առկա խնդիրներին, նշել են, որ «Գնումներին մասին» օրենքում կան  խնդրահարույց դրույթներ և դրանում փոփոխություններ  կատարելու անհրաժեշտություն կա: ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի խոսքով՝ անհրաժեշտ է ամրապնդել գիտության և մասնավոր ընկերությունների միջև կապը: Ըստ նրա՝ գիտության զարգացմամբ է պայմանավորված տնտեսության հենքը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը բարձրաձայնված խնդիրներն ուսումնասիրելու և մոտ ապագայում գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու պատրաստակամություն է հայտնել: Քննարկման ավարտին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ նմանօրինակ հանդիպումները կլինեն շարունակական:  
21:15 - 21 փետրվարի, 2022
Փոքր ներդրումները, որ պետությունը վերջապես սկսել է անել գիտության մեջ, ուզում է մի հարվածով վերացնել․ ՆՕ քիմիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող

Փոքր ներդրումները, որ պետությունը վերջապես սկսել է անել գիտության մեջ, ուզում է մի հարվածով վերացնել․ ՆՕ քիմիայի ինստիտուտի ավագ գիտաշխատող

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն, որը Երևանի Ազատության 26/1 հասցեի ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում նախատեսում է բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել, կիրակի վաղ առավոտյան փորձել է կտրել կենտրոնի ճաղավանդակները՝ ներս անցնելու եւ որոշ աշխատանքներ իրականացնելու համար։ Սա առաջացրել է Ինստիտուտի աշխատակիցների վրդովմունքը․ նրանց պնդմամբ՝ այդ տարածքում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը խոչընդոտելու է Ինստիտուտի բնականոն աշխատանքին․ Կենտրոնի աշխատակիցներն անթույլատրելի են համարում քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող կենտրոնի օտարված տարածքում ջրավազանի փոխարեն բարձրահարկ բնակելի համալիրի կառուցումը՝ շեշտելով, որ Գիտատեխնոլոգիական կենտրոնը և բնակելի շենքը պարզապես անհամատեղելի են։ Այսօր թեմայի վերաբերյալ ասուլիսի ժամանակ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը, խոսելով Կենտրոնի եւ կառուցվելիք համալիրի անհամատեղելիության մասին, նշեց ջրավազանը, որի տեղում պետք է կառույց լինի, Ինստիտուտի մասնաշենքերից լավագույն դեպքում 30 մետր է հեռու։ Նրա խոսքով՝ եթե կառուցվելիք շենքում բնակիչներ լինեն, քիմիական հոտերը զգալու են, բողոքելու են, թեպետ դրանք մեծ մասամբ վտանգավոր չեն․ «Այդ ժամանակ Ինստիտո՞ւտն է փակվելու, թե՞ բնակելի շենքն է քանդվելու»,- հարց հնչեցրեց բանախոսը։ Արդեն երկու օր է՝ Ընկերությունը տարածքում նախագծման որոշակի աշխատանքներ է կատարում, երկրաբանական հետախուզություն անում, եւ, Հակոբյանի պնդմամբ, արդեն իսկ խաթարվում է Ինստիտուտի աշխատանքը․ «Վաղը-մյուս օրը, երբ էքսկավատորներ էլ աշխատեն, էդ ձայնը, վիբրացիան ինչ վնասներ կհասցնեն՝ ոչ մեկը չի գնահատում։ Դա հաստատ վնասելու է Ինստիտուտին»։ Ինստիտուտի աշխատակիցները նշում են՝ Կենտրոնում առկա սարքերից երկուսը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 1,000,000 ԱՄՆ դոլար, շատ զգայուն են եւ ցանկացած ցնցումից կարող են վնասվել եւ այլեւս չաշխատել։ Սարքերից ամենանորը՝ 600,000 եվրո արժողությամբ գերժամանակակից միջուկա-մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) սարքը, տարածաշրջանում նմանատիպ միակ հատուկ սարքն է, առանց որի Հայաստանի բոլոր քիմիկոսներն ուղղակի չեն կարող աշխատել։ Ֆիզիկոսները եւ կենսաբանները եւս օգտվում են այդ սարքից, քանի որ շատ փորձարարական աշխատանքներ անմիջապես դրա հետ են կապված։ Ինստիտուտի ավագ գիտաշխատող Աստղիկ Շահխաթունին նկատեց՝ ամենօրյա աշխատանքն էլ վտանգված է փոշուց, հիմա այնպես են սարքերը տեղադրել, որ ցանկացած շարժից՝ անգամ մեքենաների, հեռու լինի․ «Գնահատում չի արվել՝ ինչ ազդեցություն կլինի։ Հազիվ ենք կարողացել այդ սարքերը գնել, եւս մեկը պատրաստվում ենք գնել, որը եզակի սարք է։ Այդ փոքր ներդրումները, որ պետությունը վերջապես սկսել է անել, ուզում է մի հարվածով այդ ամենը վերացնել։ Գիտությունը հայտարարվել է որպես գերակա ուղղություն, մի ձեռքով ուզում է աջակցություն տրամադրել, մյուսով՝ չգիտես՝ ինչ է ուզում անել»,- ասաց ավագ գիտաշխատողը։ Ինստիտուտի ավագ գիտաշխատող Արփինե Հարությունյանն էլ ասաց, որ հարցի վերաբերյալ Ընկերության ներկայացուցիչների հետ մեկ անգամ են հանդիպել՝ հանպատրաստից․ «Այդ ժամանակ նորմալ քննարկում չի եղել, որովհետեւ առաջին վերաբերմունքը եղել է, թե՝ տարածքի շենքերն ինչներիդ են պետք, մենք երիտասարդներին բնակարան կտանք, եւ այլն, իսկ դա ավելի շուտ կաշառք է դիտարկվում, քան համագործակցության եզր»։ Ավագ գիտաշխատողը նաեւ նշեց, որ հանդիպումներ, որպես այդպիսին, չեն ունեցել իրավասու պետական մարմինների հետ, եթե իրենք չեն խնդրել այդ հանդիպումը․ «Չի ստացվում, որ ներդրում է արվում, որովհետեւ հասցվելիք վնասն ավելի մեծ է»,- շեշտեց նա։ Խնդրո առարկա տարածքը 2007 թվականին վաճառվել է 1մլն դրամով, մեկ տարի հետո՝ 300 մլն դրամով, հետո վերավաճառվել է նույն հասցեում գրանցված մարդկանց, վերջում՝ 2019-ին օրենքի տեսանկյունից բարեխիղճ գնորդ է եղել «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն, եւ հարցը, Ռոբերտ Հակոբյանի խոսքով, փակվել է։ 2016թ. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախաձեռնությամբ գործարքը դարձվել ուսումնասիրության առարկա, որի ընթացքում պարզվել է, որ այդ անշարժ գույքի սկզբնական օտարման գործընթացում սահմանված կարգով գույքի գնահատում չի կատարվել, եւ հողը երրորդ անձի հանձնելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետի համաձայնության մասին որեւէ որոշում չի կայացվել: Այդ ուսումնասիրության արդյունքում է պարզվել, որ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում գտնվող անշարժ գույքը օրենքի խախտմամբ է 2006թ. օտարվել կադաստրային արժեքից շուրջ 40 անգամ, իսկ շուկայական արժեքից շուրջ 220 անգամ պակաս արժեքով: Քանի որ ուսումնասիրությունների արդյունքում առերեւույթ հանցագործության մասին տվյալներ էին ստացվել, Դատախազությունը դրանք 2016թ. ուղարկել է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Նախաքննության արդյունքում հաստատված է համարվել, որ գործարքը կատարվել է կեղծ մասնագիտական եզրակացության, Երեւանի քաղաքապետարանի, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված պաշտոնական անփութության արդյունքում: Այսինքն՝ իրականացված նախաքննությամբ հանցագործության կատարման փաստը հաստատվել է: Բայց քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու որոշումներ են կայացվել այդ գործով, քանի որ վերոնշյալ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով սահմանված ժամկետներն անցած են եղել:  Գիտական հանրության համար խնդրի լուծման միակ հասկանալի եւ ընդունելի տարբերակն այն է, որ կառուցապատողն ընտրի այլ տարածք՝ հեռու մնալով գիտական տարածքներից։  Գիտաշխատողները կառավարության հստակ դիրքորոշմանն են սպանում։
14:52 - 15 փետրվարի, 2022
Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը վնասելու է Կենտրոնի ապագա գոյությունը․ գիտնականները մտահոգ են

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը վնասելու է Կենտրոնի ապագա գոյությունը․ գիտնականները մտահոգ են

«Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն, որը Երեւանի Ազատության 26/1 հասցեի ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի մոտ գտնվող ջրավազանի զբաղեցրած հողատարածքում նախատեսում է բազմաֆունկցիոնալ համալիր կառուցել, երեկ վաղ առավոտյան փորձել է կտրել կենտրոնի ճաղավանդակները՝ ներս անցնելու եւ որոշ աշխատանքներ իրականացնելու համար։ Սա առաջացրել է Ինստիտուտի աշխատակիցների բողոքը․ նրանց պնդմամբ՝ այդ տարածքում բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցումը խոչընդոտելու է Ինստիտուտի բնականոն աշխատանքին․ Կենտրոնի աշխատակիցներն անթույլատրելի են համարում քիմիական գիտատեխնոլոգիական գործունեությամբ զբաղվող կենտրոնի օտարված տարածքում ջրավազանի փոխարեն բարձրահարկ բնակելի համալիրի կառուցումը՝ շեշտելով, որ Գիտատեխնոլոգիական կենտրոնը եւ բնակելի շենքը պարզապես անհամատեղելի են։ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերությունն Ինստիտուտի մոտ գտնվող գույքը ձեռք է բերել 2019 թվականի մայիսին, նույն թվականի սեպտեմբերի 29-ին ՓԲԸ-ն կառուցապատման համար դիմում է ներկայացրել քաղաքապետարան՝ հողատարածքում շինարարական թույլտվություն ստանալու համար։ Նախատեսում են խառը կառուցապատում իրականացնել՝ 50%-ը բիզնես կենտրոն, մյուս մասը՝ հյուրանոցային բնակելի համալիր։  Շինթույլտվություն Ընկերությունը դեռեւս չի ստացել, ինչպես Երեւանի քաղաքապետարանից հայտնել են Infocom-ին, բայց ստացել է նախագծման թույլտվություն․ ըստ ամենայնի հենց այդ հիմքով էլ երեկ նախաձեռնել են իրենց աշխատանքները։  «Ժամը 7-ին եկել են, պարիսպը, որը մեր գույքն է, փորձել են կտրել, մեր աշխատակիցները չեն թողել, հետո կարմիր բերետավորներ են եկել, իրենց օգնությամբ Ընկերությունը դոմիկ է տեղադրել, տեխնիկա են բերել տարածք»,- Infocom-ի հետ զրույցում մանրամասնում է Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Ռոբերտ Հակոբյանը, որի խոսքով՝ իրենք Ընկերության կամ դրա սեփականտիրոջ հետ խնդիր եւ խոսելիք գործնականում չունեն, իրենց համակար այժմ շատ կարեւոր է կառավարության դիրքորոշումը․ «Այդ կառույցը վնասելու է մեր Ինստիտուտի ապագա գոյությունը։ Հիմա կառավարությունը պետք է հստակ դիրքորոշում ունենա՝ էդ կառո՞ւյցն է պետք, թե՞ Ինստիտուտը։ Թղթերով ամեն ինչ նորմալ է, բայց սա ապօրինությունների հետեւանք է։ Պետք է հաշվի առնել՝ սա ինչ հետեւանքներ է բերելու, վաղը-մյուս օրը շենքը կառուցվեց, բնակելի շենք է լինելու, բնակիչները բողոքեցին՝ հոտեր-բաներ․․․ Մեծ մասն անվտանգ է լինելու, բայց հոտեր լինելու են, կարո՞ղ ես բնակիչներին բացատրել, որ դա անվտանգ է, չես կարող։ Բողոքներ կլինեն, ինստիտուտը կփակեն»,- մտահոգություն ունի մեր զրուցակիցը։  Հակոբյանի համոզմամբ՝ ուժեղ գիտությունն առանց նման կենտրոնի անհնար է, քանի որ այն ոչ միայն գիտելիքի ու գիտության տեսանկյունից սեփական արտադրանքն ունի, այլ նաեւ դեղեր է արտադրում, որոնք ոչ միայն Հայաստանում են սպառվում, այլեւ արտերկրում․ «Մենք նաեւ հանդիսանում ենք որակյալ եւ մրցունակ կադրերի դարբնոց, մեզ մոտով անցած շատ մարդիկ հանրապետության տարբեր բուհերում ու գիտահետազոտական կենտրոններում են աշխատում՝ չհաշված մասնավոր ոլորտը։ Մեզ ոչ միայն պետությունն է գրանտային միջոցներ տրամադրում, այլ նաեւ համագործակցում ենք այլ երկրների հետ՝ Սաուդյան Արաբիա, Շվեյացարիա․ նրանց մեր կիրառական արդյունքը շատ է հետաքրքրում, ու մենք այդ ամենը տալիս ենք»,- նշում է Ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահը։ Ինստիտուտի աշխատակիցները նամակներ են գրել պատկան մարմիններին ոչ միայն այսօր, այլ նաեւ դեռ անցյալ ամռանը՝ բարձրաձայնելով իրենց մտահոգությունների մասին ու ակնկալելով խնդրին արդարացի լուծում, սակայն էական պատասխաններ չեն ստացել։ Հիմնավորելով, թե ինչու են Գիտատեխնոլոգիական կենտրոնն ու բնակելի համալիրն ուղղակի անհամատեղելի՝ Կենտրոնի աշխատակիցները նշել են, որ 30 մետր շառավղով գործող քիմիական լաբորատորիաների անմիջապես հարեւանությամբ շենք կառուցելն օրենքով արգելվում է։ Բացի դրանից՝ Կենտրոնում առկա սարքերից երկուսը, որոնց ընդհանուր արժեքը կազմում է մոտավորապես 1,000,000 ԱՄՆ դոլար, շատ զգայուն են եւ ցանկացած ցնցումից կարող են վնասվել եւ այլեւս չաշխատել։ Սարքերից ամենանորը՝ 600,000 եվրո արժողությամբ գերժամանակակից միջուկա-մագնիսական ռեզոնանսի (ՄՄՌ) սարքը, տարածաշրջանում նմանատիպ միակ հատուկ սարքն է, առանց որի Հայաստանի բոլոր քիմիկոսներն ուղղակի չեն կարող աշխատել։ Ֆիզիկոսները եւ կենսաբանները եւս օգտվում են այդ սարքից, քանի որ շատ փորձարարական աշխատանքներ անմիջապես դրա հետ են կապված: Ռոբերտ Հակոբյանը մեր զրույցում նկատեց՝ Ինստիտուտի աշխատանքները հիմա էլ խաթարվել են, եւ դա այն պարագայում, երբ Ընկերությունն ընդամենը հորատ անցում է անում․ «Պատկերացնո՞ւմ եք՝ փորեն, ինչ կլինի։ Էդ աղմուկն արդեն իսկ խանգարում է։ Գիտությունը մենակ ֆինանսը չի, մարդը չի, նաեւ տարածքն է, որովհետեւ մարդը տեղ պիտի ունենա աշխատելու, էդ ամենը մոռանում են՝ առանց հետոյի մասին մտածելու»։ Պատկան մարմիններին ուղղած իրենց գրություններում Կենտրոնի աշխատակիցները նշել են, որ դեռ 2007թ.-ին Ինստիտուտն ապօրինի կերպով զրկվել է ջրավազանն օգտագործելու հնարավորությունից, սեփականատերը բետոնապատել է ջրավազանի ջրի մուտքն ու ելքը՝ զգալիորեն նվազեցնելով Ինստիտուտի անվտանգության մակարդակը․ «Ջրավազանը ոչ միայն անվտանգային ջրի պաշար է, այլեւ հանդիսանում է միկրոկլիմայի եւ միկրոէկոլոգիական համակարգի ամենակարեւոր մասը։ Ջրավազանի անվերադարձ կորուստը վերջնականապես կվտանգի ինստիտուտի բազմապրոֆիլ գործունեություն ծավալելու հեռանկարները»,- գրել են աշխատակիցները։ Խնդրո առարկա այդ հողամասի օտարման օրինականությունը Հայաստանի իրավապահներն ուսումնասիրության առարկա դարձրել են. 2016թ. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության նախաձեռնությամբ գործարքը դարձվել ուսումնասիրության առարկա, որի ընթացքում պարզվել է, որ այդ անշարժ գույքի օտարման գործընթացում սահմանված կարգով գույքի գնահատում չի կատարվել, եւ հողը երրորդ անձի հանձնելու վերաբերյալ Երեւանի քաղաքապետի համաձայնության մասին որեւէ որոշում չի կայացվել: Այդ ուսումնասիրության արդյունքում է պարզվել, որ համայնքի սեփականությունը հանդիսացող՝ քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողերի ցանկում գտնվող անշարժ գույքը օրենքի խախտմամբ է 2006թ. օտարվել կադաստրային արժեքից շուրջ 40 անգամ, իսկ շուկայական արժեքից շուրջ 220 անգամ պակաս արժեքով: Քանի որ ուսումնասիրությունների արդյունքում առերեւույթ հանցագործության մասին տվյալներ էին ստացվել, Դատախազությունը դրանք 2016թ. ուղարկել է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ իրականացվել նախաքննություն: Նախաքննության արդյունքում հաստատված է համարվել, որ գործարքը կատարվել է կեղծ մասնագիտական եզրակացության, Երեւանի քաղաքապետարանի, Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերված պաշտոնական անփութության արդյունքում: Այսինքն՝ իրականացված նախաքննությամբ հանցագործության կատարման փաստը հաստատվել է: Բայց քրեական հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործի վարույթը կարճելու որոշումներ են կայացվել այդ գործով, քանի որ վերոնշյալ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու օրենքով սահմանված ժամկետներն անցած են եղել:  Երեւան քաղաքի դատախազությունը 2019 թվականին Երեւանի քաղաքապետին գրությամբ առաջարկել է ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված համապատասխան միջոցներ՝ համայնքին պատճառված վնասը վերականգնելու, կնքված գործարքը, դրա կադաստրային գրանցումն ու սեփականության իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու, դրանց անվավերության հետեւանքները կիրառելու եւ գույքը Երեւան համայնքին վերադարձնելու ուղղությամբ, ինչն այս պահի դրությամբ փաստացի տեղի չի ունեցել։ Ինստիտուտի աշխատակիցներն ակնկալում են հանդիպումներ իրավասու մարմինների հետ։ Նրանք հնարավոր բոլոր օրինական միջոցներով պայքարելու են՝ հարցին լուծում տալու համար․ «Էն մարդը, որն այս տարածում շինթույլտվություն կտրամադրի, կարելի է ասել՝ անհայրենիք մարդ կլինի, որովհետեւ սա նաեւ Հայաստանի անվտանգության հարցն է»,- եզրափակեց Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Ռոբերտ Հակոբյանը։ Հայարփի Բաղդասարյան
18:48 - 14 փետրվարի, 2022
Դավիթ Բաբայանը կարևորել է ՀՀ ԳԱԱ դերը հայ ժողովրդի մտավոր ներուժի համախմբման գործում

Դավիթ Բաբայանը կարևորել է ՀՀ ԳԱԱ դերը հայ ժողովրդի մտավոր ներուժի համախմբման գործում

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը փետրվարի 12-ին Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱՀ ԱԳՆ-ից։  Նախարարը երախտագիտություն է հայտնել ԳԱԱ նախագահին՝ Արցախի գիտական ոլորտին ցուցաբերվող նշանակալի աջակցության և այդ ոլորտում փոխգործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերի համար։ Դավիթ Բաբայանը նաև կարևորել է ակադեմիայի դերակատարությունը հայ ժողովրդի մտավոր ներուժի համախմբման գործում՝ ընդգծելով, որ այդ անսպառ ռեսուրսի ճիշտ և նպատակային կառավարումը պետության և հասարակության զարգացման կարևորագույն նախադրյալներից է։ Քննարկվել է Արցախի զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին, ներհայկական կապերի խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Արցախի Մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք։
18:07 - 12 փետրվարի, 2022
ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնում ընտրվել է Ավետիս Ծատուրյանը

ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնում ընտրվել է Ավետիս Ծատուրյանը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նիստում այսօր ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի տնօրենի պաշտոնում միաձայն ընտրվել է Ավետիս Ծատուրյանը, որը մինչ այժմ կենտրոնի տնօրենի պաշտոնակատարն էր: Ավետիս Ծատուրյանը ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի գիտական խորհրդի և Կենսատեխնոլոգիական հայկական ասոցիացիայի անդամ է, դասավանդում է Երևանի պետական համալսարանի ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնում, քիմիական գիտությունների թեկնածու է, 25 գիտական հոդվածի հեղինակ: Զբաղվում է ժամանակակից վերլուծական հետազոտություններով, իրականացրել է տարբեր բնույթի կենսաբանորեն ակտիվ միացությունների կառուցվածքային հետազոտություններ, որակական քանակական անալիզներ՝ ժամանակակից անալիտիկ սարքավորումներով: Ավետիս Ծատուրյանը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ-ի գիտակազմակերպական գործունեության ծրագիրը, որի իրականացման շրջանակներում նախատեսվում են հիմնարար հետազոտություններ մանրէաբանության, մոլեկուլային կենսաբանության, գենոմիկայի/մետագենոմիկայի, կենսաճարտարագիտության, կենսասինթեզի և կենսակատալիզի բնագավառներում, կիրառական հետազոտություններ և տեխնոլոգիաների մշակում արդյունաբերական կենսատեխնոլոգիայի, կանաչ քիմիայի, կենսաերկրատեխնոլոգիայի, կենսավերականգնման, դեղապատրաստուկների արտադրության, ագրոկենսատեխնոլոգիայի և ֆունկցիոնալ սննդի բնագավառներում:  
19:20 - 31 հունվարի, 2022
ՀՀ առաջին գեոպարկի բացման ժամանակաշրջանը հնարավոր կլինի նախանշել ԳԱԱ-ի երկրաբանական աշխատանքներն ուսումնասիրելուց հետո․ ՇՄՆ

ՀՀ առաջին գեոպարկի բացման ժամանակաշրջանը հնարավոր կլինի նախանշել ԳԱԱ-ի երկրաբանական աշխատանքներն ուսումնասիրելուց հետո․ ՇՄՆ

Անցած տարվա փետրվարի 17-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարել էր, որ Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) հետ համատեղ նախաձեռնել են Հայաստանի առաջին գեոպարկի հիմնումը։ Infocom-ը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հետաքրքրվել է, թե ինչ փուլում է նշյալ գեոպարկի հիմնումը։  Ըստ նախարարության տրամադրած պատասխանի՝ 2020-21 թվականների ընթացքում Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) կողմից պետական ֆինանսավորմամբ կատարվել են ապագա գեոպարկի սահմանների ճշգրտման և գեոսայթերի առանձնացման աշխատանքներ․ «Շրջակա միջավայրի նախարարությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային գեոպարկերի ցանկին միանալու համար ՀՀ տարածքում գեոպարկերի ստեղծման պոտենցիալները և հնարավորությունները քննարկելու համար նախաձեռնել է միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծման գործընթաց, որտեղ ընդգրկված կլինեն բոլոր շահագրգիռ գերատեսչությունների համապատասխան մասնագետներ։ Խորհրդատվության և փորձի փոխանակման նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլոբալ գեոպարկերից պայմանավորվածություններ են ձեռք բերվել փորձագետներ ներգրավելու համար։ Միջգերատեսչական աշխատանքային խմբի ստեղծման գործընթացը գտնվում է մասնակից կառույցներից համապատասխան թեկնածուների ներկայացման փուլում»։ Անդրադառնալով գեոպարկի ստեղծման ժամկետների վերաբերյալ հարցին՝ նախարարությունը պատասխանել է, որ գեոպարկի բացման ժամանակաշրջանը հնարավոր կլինի նախանշել ԳԱԱ-ի երկրաբանական աշխատանքներն ուսումնասիրելուց հետո։ Գեոպարկի ստեղծման ընթացքի և մանրամասների վերաբերյալ Infocom-ը ավելի վաղ զրուցել էր  ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի ղեկավար, երկրաբանական գիտությունների դոկտոր Արա Ավագյանի հետ, որը կարող եք ընթերցել այստեղ։    Գլխավոր լուսանկարում՝  ստեղծվելիք գեոպարկը ներառող Նորատուս հրաբուխը Սևանա լճի ափին   Նանե Ավետիսյան
10:12 - 21 հունվարի, 2022
ՀՀ ԳԱԱ-ն կաջակցի Արցախում գիտության զարգացմանը

ՀՀ ԳԱԱ-ն կաջակցի Արցախում գիտության զարգացմանը

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում հունվարի 10-ին տեղի է ունեցել հանդիպում Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի հետ: Ինչպես հայտնում են ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից, հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Հրանտ Մաթևոսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, ՀՀ ԳԱԱ ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Ռադիկ Կոստանյանը, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լենսեր Աղալովյանը, ՀՀ ԳԱԱ հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների տնօրենները և առաջատար մասնագետները: Ներկա են եղել նաև Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը և Արցախի նախագահի խորհրդական Ազատուհի Սիմոնյանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ ԳԱԱ-ի և Արցախի գիտական ու կրթական կազմակերպությունների միջև համագործակցության ընդլայնման և զարգացման հեռանկարները: «Հատկապես Արցախյան վերջին պատերազմից հետո այս համագործակցությունն անհրաժեշտություն է: Այսօր պետք է աջակցել Արցախում գիտության զարգացմանը՝ ներգրավելով Արցախի գիտական կենտրոնը մեր ծրագրերում: Պատերազմից հետո ես երկու անգամ այցելել եմ Արցախ, հանդիպել տարբեր պաշտոնյաների հետ: Մեր առաջարկած համագործակցության ծրագիրը մեծ խանդավառությամբ ընդունվեց, բոլորն էլ հասկանում են դրա կարևորությունը»,- նշել է Աշոտ Սաղյանը: Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ այսօր կա Արցախի հայկականության պահպանման սուր խնդիր, որը պետք է լուծվի գիտական մակարդակով: «Ես ինձ շատ լավ եմ զգացել, երբ պարոն Սաղյանը եկել է Արցախ և խոսել է Արցախի գիտական կենտրոնի հենքի վրա Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փոքրիկ մոդել սարքելու մասին: Այսօր առավել քան երբևէ կարևոր է մեր ազգային ինտելեկտի ներդրման, ինքնակազմակերպման, կենտրոնացման հարցը: Համաշխարհային քաղաքակրթական արժեքներն Արցախում օկուպացված են, և սրա մասին պետք է խոսել թիրախային լսարաններում, ճիշտ աշխատանք տանել, որպեսզի կարողանանք Արցախը հայկական պահել: Արցախը պետք է դառնա գիտակրթական գրավիչ կլաստեր, պետք է գիտությունը մտցնենք նաև հանրակրթության ոլորտ»,-ասել է նախարարը: Լուսինե Ղարախանյանը Արցախի ԿԳՄՍ նախարարության «Լույսի առաքյալ» մեդալ է շնորհել Աշոտ Սաղյանին: Հանդիպման ժամանակ ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական կազմակերպությունների տնօրենները հանդես են եկել համագործակցության հստակ առաջարկություններով: Մասնավորապես, առաջարկվել է իրականացնել հետազոտություններ ջրի որակի, գյուղատնտեսական մթերքների, տարածքների աղտոտվածության վերաբերյալ, ներդնել և ընդլայնել Արցախում կենսատեխնոլոգիաներ՝ կենսապրոդուկտների ստացման նպատակով: Առաջարկվել է կազմակերպել պրակտիկա ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտներում Արցախի երիտասարդ գիտնականների համար, Արցախում կազմակերպել դասախոսություններ Հայաստանի առաջատար մասնագետների կողմից, ինչպես նաև Արցախում կազմակերպել արտագնա նստաշրջաններ և գիտաժողովներ:
14:53 - 11 հունվարի, 2022
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով չեն լուծվում առկա հրատապ խնդիրները․ Հռիփսիմե Մկրտչյան

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով չեն լուծվում առկա հրատապ խնդիրները․ Հռիփսիմե Մկրտչյան

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը չի լուծում առկա հրատապ խնդիրները։ «Մեդիա կենտրոնում» օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց Ա․Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի աշխատակից Հռիփսիմե Մկրտչյանը։ «Այս օրենքը սեղանին  ունենալով չենք լուծում առկա հրատապ խնդիրները, այն է՝ գիտնականի խեղաթյուրված պատկերը, որ ունենք ՀՀ-ում։ Չկա կապ գիտնականի և պետության միջև, չկան պետության կողմից իջեցվող խնդիրներ դեպի ակադեմիա, դեպի գիտություն, դեպի գիտնականը։ Մենք ՀՀ-ում ունենք խնդիրներ, որոնք կարող են լուծվել՝ դիմելով գիտնականին, բայց փաստացի չկա այդ կապող օղակը»։ Հռիփսիմե Մկրտչյանի կարծիքով՝ օրենքի նախագծի մեջ չկան դրույթներ, որոնք կավելացնեն  գիտության նկատմամբ հետաքրքրությունը․ «Մենք ունենք միջավայրի առողջացման խնդիր ու այս պահին փոխանակ մեր ուժերը կիզակետենք միջավայրը լավացնելու ու գիտությունը ի նպաստ պետության ծառայեցնելու, մենք մեր ուժերը կենտրոնացնում ենք ոչ պիտանի ու ոչ կարևոր խնդիրների վրա։ Ուզում էի նաև նշել, որ այս պահին մենք ունենք արդեն նոր նախագահություն ակադեմիայում (ԳԱԱ-խմբ․), և փոխարեն համագործակցություն լինի նոր նախագահության հետ, փաստացի շրջանառվում է օրենք, որը այս պահին ունի համալրման կարիք և չի կազմակերպում կլոր-սեղաններ, որի շուրջ կարելի կլինի քննարկումներ իրականացնել և համալրել այն բացը, որ հիմա առկա է օրենքում»։ Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի» ֆեյսբուքյան էջից 
13:25 - 10 նոյեմբերի, 2021
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով ենթադրվող փոփոխությունները ակնհայտ վտանգներ են պարունակում․ Արթուր Իշխանյան

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով ենթադրվող փոփոխությունները ակնհայտ վտանգներ են պարունակում․ Արթուր Իշխանյան

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով ենթադրվում են մի շարք փոփոխություններ, որոնք պարունակում են ակնհայտ վտանգներ։ «Մեդիա կենտրոնում» օրինագծի վերաբերյալ քննարկման ընթացքում նման կարծիք հայտնեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը։  Այդ վտանգներից մեկը, Իշխանյանի խոսքով, գիտահետազոտական ինստիտուտների կառավարումը հոգաբարձուների խորհրդին հանձնելն է․ «Խորհրդում ենթադրվում է ունենալ 8 անդամ, և եթե մենք վերցնենք, որ այս պահի դրությամբ ունենք, դիցուք, 50 կազմակերպություն, որոնց մեծ մասը՝ ակադեմիայի (ԳԱԱ,- խմբ․) կազմում, ապա մեր երկրի պարագայում գիտության տարբեր ոլորտներում 400 նման մասնագետի գտնելը  շատ խնդրահարույց հարց է: Խնդրահարույց է, որովհետև դժվար է պատկերացնել համապատասխան որոկավորում ունեցող նման մարդկանց առկայությունը՝ հիմնականում համակարգից դուրս»։ Նրա դիտարկմամբ՝  օրենքի նախագծի տրամաբանությունը առավել դեմոկրատական  վիճակի հասնելն է, բայց ակնհայտ է, որ չկայացած համակարգերում դեմոկրատիան հնարավոր է՝ բերի խեղաթյուրումների։ «Մասնավորապես, եթե ինստիտուտներն անջատվեն և գործեն ինքնուրույն, ապա կողքից նրանց կառավարելու հնարավորությունը շատ խիստ իջեցվում է, մինչդեռ գաղտնիք չէ, որ այս պահի դրությամբ ունենք մի շարք ինստիտուտներ, որոնք գործում են վատ։ Ես կարող եմ թվարկել, բայց կարծում եմ՝ դրա կարիքը չկա։ Կան ինստիտուտներ, որոնք ակնհայտորեն չեն համապատասխանում միջազգային բարձր ստանդարտներին, ինչին մենք ձգտում ենք, առավել ևս, որ մենք գտնվում ենք հիբրիդային պատերազմների փուլում, և հետևաբար այդ ինստիտուտների դերը ընդհանրապես բարձրանում է, բայց վատ գործող ինստիտուտներին տալով այդպիսի ինքնավարություն՝ կորցնում ենք նրանց նկատմամբ վերահսկողության փոփոխության հնարավորությունը»։ Ավելի վաղ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարություն էր տարածել «Գիտուժ» նախաձեռնությունը՝ նշելով, որ նախագծում առաջ քաշված մի շարք դրույթներ ոչ միայն չեն ապահովելու գիտական էկոհամակարգի զարգացումը, այլև նախատեսված փոփոխություններն ու լրացումները կարող են լրջագույն վնաս հասցնել եղած համակարգի առողջացման և գիտական արդյունքի աճին միտված գործընթացին։ Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի» ֆեյսբուքյան էջից 
12:42 - 10 նոյեմբերի, 2021
Կստորագրվի ռուս-հայկական գիտական համագործակցության ճանապարհային քարտեզ. Հայաստան կայցելի Ալեքսանդր Սերգեևը

Կստորագրվի ռուս-հայկական գիտական համագործակցության ճանապարհային քարտեզ. Հայաստան կայցելի Ալեքսանդր Սերգեևը

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատվիրակությունը՝ նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևի գլխավորությամբ, կայցելի ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայությունը: Հանդիպման ժամանակ ՌԳԱ նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևը և ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը կստորագրեն Ռուս-հայկական գիտական համագործակցության ճանապարհային քարտեզ: Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի պատվիրակության այցի ծրագրով նախատեսված է հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, այցելություն «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
16:21 - 03 նոյեմբերի, 2021
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին շնորհվել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի «ԳԱՄԱ ակադեմիկոս» հատուկ նշան

ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանին շնորհվել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի «ԳԱՄԱ ակադեմիկոս» հատուկ նշան

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի գլխավոր խորհրդական, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը պարգևատրվել է Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի «ԳԱՄԱ ակադեմիկոս» հատուկ նշանով: Այս մասին հայտնում են ՀՀ ԳԱԱ-ից, մանրամասնելով, որ պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 28-29-ին՝ Մինսկում կայացած Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիայի (ԳԱՄԱ) 34-րդ նիստի շրջանակներում: Ռադիկ Մարտիրոսյանը ԳԱՄԱ-ի հիմնադիրներից է: 2018-2019 թթ-ին նա եղել է ԳԱՄԱ-ի փոխնախագահ: Նրա խոսքով՝ ԳԱՄԱ-ի 34-րդ նիստն անցկացվել է բարձր մակարդակով՝ առաջատար գիտնականների մասնակցությամբ, ինչպիսիք են «Կուրչատովի անվան ինստիտուտ» ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Միխայիլ Կովալչուկը, Դուբնայի Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տնօրեն Գրիգորի Տրուբնիկովը, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի նախագահ Վալենտին Պարմոնը, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի ռեկտոր Վիկտոր Սադովնիչին և այլ նշանավոր գիտնականներ: «1993 թ-ից, երբ հիմնադրվեց Գիտությունների ակադեմիաների միջազգային ասոցիացիան, ես մշտապես աջակցել եմ ասոցիացիայի հիմնական նպատակներին՝ խթանել տարբեր երկրների գիտնականների համագործակցությունը, աջակցել երիտասարդ գիտնականներին, քննարկել գիտական կենտրոնների ծրագրերը: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է ունենալ հիմնարար հետազոտությունների հիմնադրամ, որը կաջակցի գիտական համատեղ ծրագրերի իրականացմանը: Շատ կարևոր է նաև առաջ մղել մեխանիզմներ, որոնք կաջակցեն երիտասարդ գիտնականների համագործակցությանը և կնպաստեն նրանց առաջընթացին», - նշել է ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
18:12 - 07 հոկտեմբերի, 2021
Մենք պետք է չկորցնենք տարիների ընթացքում վաստակած կապն աշխարհի հետ. նախագահը մասնակցել է աստղադիտարանի 75-ամյակի նիստին

Մենք պետք է չկորցնենք տարիների ընթացքում վաստակած կապն աշխարհի հետ. նախագահը մասնակցել է աստղադիտարանի 75-ամյակի նիստին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ  նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը: Շնորհավորելով աստղադիտարանի աշխատակազմին և գիտական հանրույթի ներկայացուցիչներին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Բյուրականի աստղադիտարանը զուտ աստղադիտարան չէ, այն եղել է մեր գիտության հիմնական լոկոմոտիվներից մեկը. «Բյուրականի աստղադիտարանը համաշխարհային կենտրոն էր, համաշխարհային արժեք: Ինձ բախտ է վիճակվել ոչ միայն մաս կազմել այդ դպրոցին, այլև միջազգային գիտական հանրության շրջանակում հանդիպել այն բարձր գնահատականին, որ տրվում էր Բյուրականի աստղադիտարանին»,-ասել է նախագահը: Արմեն Սարգսյանը նշել է, այսօրվա աստղագիտությունը նույնը չէ, ինչ տարիներ առաջ: «75 փառապանծ տարիներից հետո այսօր պետք է լրջորեն մտածենք, թե հաջորդ տարիներն ինչպիսին են լինելու: Մեր գիտությունը լոկոմոտիվների կարիք ունի, որոնք պետք է առանցքային, ժամանակակից գիտության ուղղություններից լինեն: Դրանք կարող են լինել և՛ արհեստական բանականությունը, և՛ ժամանակակից մաթեմատիկան, և՛ կենսատեխնոլոգիաները: Դրանք կարող են լինել գիտության այն ուղղությունները, որոնք կապված են բնապահպանության, կլիմայի փոփոխության հետ, որովհետև աշխարհն այսօր հսկայական ներդրումներ է անում այդ ուղղություններում»,-ասել է նախագահը: Նախագահը կարևոր է համարել գիտության ու իրական արդյունաբերության միջև կապը. «Պետք է կարողանաք Հայաստան բերել ժամանակակից նվաճումները գիտության և տեխնոլոգիաների ոլորտում: Գիտությունների ակադեմիան և Բյուրականի աստղադիտարանը ստեղծվեցին այն պահից, երբ երկու մեծ ակադեմիկոսներ՝ Օրբելին և Վիկտոր Համբարձումյանը, անցնելով հսկայական դպրոց աշխարհի լավագույն կենտրոններից մեկում, վերադարձան Հայաստան: Եկեք չմոռանանք, որ մեր գիտական կենտրոններից շատերի ղեկավարներն իրենց կրթությունը և գիտական աստիճանները ստացել են դրսում: Մենք պետք է չկորցնենք տարիների ընթացքում վաստակած կապն աշխարհի հետ: Այսօրվա կապն աշխարհի հետ տարբեր է: Սա աշխարհ է, որտեղ գիտությանը, մեծ արդյունաբերությանը, մեծ տնտեսությանը զուգահեռ զարգանում են նորը, արագը՝ շատ հաճախ գիտական ստարտափների ձևով: Հայաստանը, գիտությունը, Գիտությունների ակադեմիան և Բյուրականի աստղադիտարանը պետք է մնան երիտասարդ, լինեն ժամանակակից, որովհետև դա է միակ զարգացման ճանապարհը»,-ընդգծել է նա: Խոսելով ընդհանրապես հայկական գիտության զարգացման մասին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ հայկական գիտությունն ընդգրկում է նաև հայկական համաշխարհային գիտությունը: Նա մասնավորապես հիշեցրել է, որ COVID 19 համավարակի պատվաստանյութերից մեկը ստեղծվել է մեր հայրենակից Նուբար Աֆեյանի Moderna ընկերության կողմից: «Մենք ունենք հսկայական առավելություն, որը չենք օգտագործում: Մեծ հույս ունեմ, որ բոլորիս ջանքերով այս 75 տարվա փառահեղ պատմությունն ապագայում կենդանի և երիտասարդ կյանք է ունենալու: Ուզում եմ մաղթել, որ մեր գիտությունը նորից լինի համաշխարհային բարձրության վրա: 1970-ականներից մինչև այսօր մենք կարողանում ենք ապրել նաև մեր մեծանուն գիտնականների՝ Վիկտոր Համբարձումյանի, Օրբելու հեղինակություն ու վարկի շնորհիվ: ժամանակն է, որ վերադարձնենք մեր «պարտքը»,-ասել է նախագահ Սարգսյանը:
16:33 - 22 սեպտեմբերի, 2021
ՀՀ ԳԱԱ-ի աջակցությամբ նոր գիտական ուղղություններ կզարգանան Արցախում

ՀՀ ԳԱԱ-ի աջակցությամբ նոր գիտական ուղղություններ կզարգանան Արցախում

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ ակադեմիկոս Աշոտ Սաղյանը ս.թ. օգոստոսի 16-17-ին Արցախում հանդիպումներ է ունեցել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի, ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանի և Արցախի գիտական կենտրոնի  տնօրեն Անյուտա Սարգսյանի հետ: ԳԱԱ-ից հայտնում են, որ քննարկվել են Արցախի գիտական կենտրոնի զարգացման և ուժեղացման հարցերը, ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Արցախի գիտական կենտրոնը ստեղծվել է ՀՀ ԳԱԱ ակտիվ մասնակցությամբ: Կենսատեխնոլոգիայի գիտահետազոտական ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ   էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի  աջակցությամբ ստեղծվել են առաջին գիտական լաբորատորիաներն Արցախում: «Կենսաբանական և քիմիական ուղղություններով լաբորատորիաների հիմնական աշխատանքներն ուղղված են կենսատեխնոլոգիական հետազոտություններին: Լաբորատորիաները գործում են նաև ՀՀ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող թեմատիկ ծրագրերի շնորհիվ: Համագործակցության շրջանակներում արդեն ութ գիտությունների թեկնածու է պատրաստվել, ովքեր այսօր կենտրոնում աշխատում են»,- ասել է Աշոտ Սաղյանը: Նա ընդգծել է, որ Արցախի գիտական կենտրոնում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքներն աստիճանաբար ուղղվում են դեպի ապրանքայնացում, ինչը շատ կարևոր է Արցախի տնտեսության զարգացման և նոր տեխնոլոգիաների ներդրման համար: «Մինչև այս տարվա վերջ կենտրոնը կտա իր առաջին արտադրանքը՝ «Նարնե պլյուս» կաթնաթթվային մթերքը՝ արտադրված հենց Արցախի բնական աղբյուրներից անջատված կաթնաթթվային շտամների հիմքի վրա: ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի կողմից տրամադրվող տեխնոլոգիական սարքավորումների կիրառմամբ կկազմակերպվի փոքրածավալ արտադրություն, որը լիարժեք կբավարարի ամբողջ Արցախի պահանջարկը»,- հավելել է նա: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ ԳԱԱ-ի ինստիտուտների աջակցությամբ  Արցախի գիտական կենտրոնում նոր գիտական ուղղություններով լաբորատորիաների ստեղծման հնարավորությունները: Նախատեսվում է   ստեղծել  երկրաբանության, ռադիոֆիզիկայի, ֆիզիոլոգիայի, աստղաբանության ուղղություններով նոր գիտական  խմբեր կամ լաբորատորիաներ: «Այն գիտական ուղղությունները, որոնք ընտրվում են Արցախի գիտական կենտրոնի համար, բխում են Արցախի տնտեսության զարգացման հեռանկարներից՝ գյուղատնտեսության, ռազմական պաշտպանության համակարգի ամրապնդման և այլ հարցերի հետ կապված»,- ասել է ՀՀ ԳԱԱ նախագահը: ՀՀ ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանի և Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել փոխադարձ այցեր կազմակերպել ՀՀ ԳԱԱ ինստիտուտներ և Արցախի գիտական կենտրոն հետագա ծրագրերի մշակման և համագործակցության ընդլայնման համար:
16:39 - 24 օգոստոսի, 2021
Հայաստանում կստեղծվի առաջին գեոպարկը

Հայաստանում կստեղծվի առաջին գեոպարկը

Այս տարվա փետրվարի 18-ին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր ՀՀ-ում գեոպարկ ստեղծելու մասին, որի նախաձեռնողը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան է։ Ի՞նչ հնարավորություններ կտա Հայաստանին գեոպարկի ստեղծումը և ի՞նչ փուլում է գտնվում այս նախագիծը։ ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Գեոդինամիկայի և երկրաբանական վտանգների լաբորատորիայի ղեկավար, երկրաբանական գիտությունների դոկտոր Արա Ավագյանն ասում է, որ գեոպարկի միջոցով հանրությունը հնարավորություն է ունենում ծանոթանալ կարևոր երկրաբանական օբյեկտների հետ։ «Գեոպարկը որոշակի տարածք է՝ ամբողջապես թափանցելի սահմաններով, որտեղ ընտրվում են երկրաբանական օբյեկտներ, որոնք ունեն գիտական, գեղագիտական արժեք և հազվագյուտ են․ այդ օբյեկտները խմբավորվում են երկրատեղանքներում»։ Արա Ավագյանի խոսքով՝ անկենդան բնությունը շատ հետաքրքիր տեղեկություններ է փոխանցում երկրագնդի, այդ թվում՝ Հայաստանի տարածքում երկրաբանության զարգացման վերաբերյալ․ «Եթե, օրինակ, գրավոր պատմությունը մի քանի հազար տարվա է, երկրաբանական պատմությունը արդեն հարյուրավոր միլիոն, եթե չասենք միլիարդավոր տարիների է։ Մեզ շրջապատող անկենդան բնությունը՝ քարերը, լեռները, գետերը, բնաշխարհի հորինվածքը շատ հետաքրքիր տեղեկություններ են պարունակում, և մենք, վերլուծելով ներկան, կարողանում ենք տեսնել անցյալի գործընթացները»։  Երկրաբանական գիտությունների դոկտորն ասում է, որ Հայաստանում գեոպարկի հիմնումը ունի մի քանի բաղադրիչ․ «Նախ՝ կա գիտական հատված։ Ընտրված օբյեկտներում կշարունակենք գիտական հետազոտությունները, ընդ որում՝ գեոպարկը մասնակիորեն կարող է «ֆինանսավորել» այդ ուսումնասիրությունները։ Կա ճանաչողական, ուսուցողական հատված։ Կարող ենք երիտասարդներին, դպրոցականներին տանել ու ցույց տալ իրենց հարևանությամբ գտնվող երկրաբանական օբյեկտները՝ ներկայացնելով դրանց պատմությունը և նշանակությունը։ Մյուս հանգամանքը բնապահպանական է․ մեր բնակչության, հատկապես երիտասարդների մոտ զարգացնել բնապահպանության կարևորության գիտակցումը, որովհետև սա ահագնացող խնդիր է, և բնությունը, անշուշտ, անպատիժ չի թողնելու մեր վարքագիծը։ Մյուս կարևոր հանգամանքը տնտեսական բաղադրիչն է։ Ենթադրենք՝ տուրիստը գնում է այդ երկրաբանական օբյեկտները դիտելու, նա օգտվելու է շրջակայքում գտնվող ճանապարհներից, հյուրանոցային, ռեստորանային համակարգից, կարող է գնել գյուղացիների արտադրանքը, սննդամթերքը և արհեստագործական իրերը։ Տուրիստը ոչ միայն կգա Հայաստանի ճարտարապետական հուշարձանները դիտելու, այլև բնաշխարհի հետաքրքիր օբյեկտները դիտելու»,- ասում է նա՝ հավելելով, որ զարգացած երկրները կա՛մ ունեն գեոպարկ, կա՛մ մտածում են գեոպարկեր ստեղծելու ուղղությամբ։ Արա Ավագյանն ասում է՝ որոշ հանգամանքներից ելնելով՝ առաջարկել են, որ գեոպարկը ընդգրկի 4 մարզերի՝ Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Կոտայքի և Արարատի որոշ հատվածները․ «Աշխատանքի ընթացքում տեսանք, որ, եթե, օրինակ, Արարատի մարզի հարակից տարածքից ներգրավում ենք փոքր հատված, առնվազն երկու երկրատեղանք ենք կարողանում ընդգրկել գեոպարկի մեջ, որոնք կունենան միջազգային նշանակություն։ Նույնը վերաբերում է Կոտայքի մարզին։ Սա շատ կարևոր է։ Մի հանգամանք էլ նշեմ։ Գեոպարկերը նաև ունենում են մասնագիտացումներ, դա ավելի քիչ տարածված է, բայց շատ ավելի քիչ տարածված են գեոպարկերը, որոնք վերաբերում են երկրաբանական վտանգներին։ Պետք է հստակ պատկերացնել, որ ՀՀ տարածքը գտնվում է երկրադինամիկորեն շատ ակտիվ տարածաշրջանում, և երկրաբանական միջավայրում գործում են ուժեր, որոնք կարող են հանգեցնել վտանգ պարունակող երկրաբանական երևույթների, օրինակ՝ հրաբխականության, երկրաշարժերի, սողանքների, փլուզումների և այլնի։ Այս տեսանկյունից, ցավոք սրտի, Հայաստանը «հարուստ է», և այս պատճառով մեզ մոտ գաղափար ծնվեց, և մենք սկսեցինք աշխատել, որ մեր գեոպարկը մասնագիտացված լինի երկարաբանական վտանգներով»։ Արա Ավագյանը հավելում է, որ այս սկզբունքով էլ ընտրվել են տարածքները․ «Մենք նախ ծանոթացել ենք տվյալ մարզերի բնական անկենդան հուշարձանների գոյություն ունեցող ցանկերի հետ, և ընտրել ենք այն մարզերի տարածքները, որտեղ վտանգավոր երկրաբանական պրոցեսների արդյունքում առկա են հազվագյուտ երկրաբանական օբյեկտներ։ Կարևոր էր նաև ընտրել այնպիսի մարզեր, որտեղ տնտեսության խթանման ավելի մեծ անհրաժեշտություն կա։ Այդ առումով, օրինակ, Գեղարքունիքի հարավային շրջանները և Վայոց Ձորի հյուսիսային հատվածները դրա կարիքն ունեն»։ Նա պատմում է, որ սկզբնական շրջանում 40-ից ավելի երկրատեղանքներ էին ընտրել, բայց աշխատանքների արդյունքում ընտրել են 29․ «Հիմա արդեն աշխատում ենք այդ երկրատեղանքների տեղեկատվական բազայի ստեղծման վրա։ Միջազգային փորձից ելնելով՝ մշակել ենք անձնագրավորման մեր մոդելը և դրա համաձայն կատարում ենք տեղեկության հավաքագրում՝ յուրաքանչյուր երկրատեղանքի համար։ Հուսով եմ, որ նոր կառավարությունը կհարգի գոյություն ունեցող պայմանավորվածությունները, և ծրագրի ավարտին կկարողանանք կառավարության օգնությամբ իրավական բոլոր հարցերը կարգավորելուց հետո, հայտարարել Ազգային առաջին գեոպարկի բացման մասին, դրանից հետո կգնա մյուս էտապը՝ փորձելով Ազգային գեոպարկը դարձնել UNESCO-ի գեոպարկ»,- ասում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ գեոպարկը կենդանի օրգանիզմ է, հետևաբար դրա համար նախատեսված տարածքը, երկրատեղանքները կարող են փոփոխության ենթարկվել, կարող են հետագայում ստեղծվել այլ գեոպարկեր»։  Արա Ավագյանն ասում է նաև, որ ստեղծվելիք գեոպարկը կարող է ունենալ տարածաշրջանային և միջազգային նշանակություն․ «Տառացիորեն 2 օր առաջ ես ճանապարհեցի ֆրանսիացի համբավավոր գիտնական Մարկ Սոսսոնին, որը կառուցվածքային երկարաբանության մասնագետ է։ Ինքը, երբ սկսում է խոսել ինչ-որ կարևոր զեկույց աշխարհում տեսած կարևոր օբյեկտների մասին, բերում է Ջրովանքի (Վայոց Ձորի մարզ) օրինակը, որը երկրաբանական անկյունային աններդաշնակության բացառիկ օրինակ է։ Այն վկայում է երկրակեղևի բուռն զարգացման մի ժամանակաշրջանի մասին։ Դա բացառիկ օբյեկտ է, և, իր կարծիքով՝ եթե աշխարհում լավագույնը չէ, ապա լավագույն տասնյակի մեջ է։ Բացի դրանից՝ ունենք մի շարք այլ հետաքրքիր օբյեկտներ, որոնք նույնպես ունենալու են միջազգային արժեք, որոնց հետ հանրությունը հնարավորություն կունենա ծանոթանալ»։ Երկրաբանական գիտությունների դոկտորը պատմում է, որ Հայաստանում գեոպարկի  գաղափարը նոր չէ, գործնական քայլեր սկսեցին անել 2014-2015 թթ․-ից, բայց քաղաքական փոփոխությունները և այլ հանգամանքները հետագայում խանգարել են դրա ստեղծմանը։ «Այն ժամանակ տարածաշրջանում չկար գեոպարկ, նույնիսկ Ռուսաստանում չկար։ Մենք, ցավոք սրտի, հետ ընկանք։ Հիմա մեր շատ հարևաններ հիմնել են գեոպարկեր»։ Նրա խոսքով՝ գեոպարկը ստեղծվում է ՀՀ Գիտության կոմիտեի հատկացրած նպատակային ֆինանսավորմամբ։  Ավագյանը տեղեկացնում է, որ ստեղծվելիք գեոպարկը ընդգրկելու է մոտ 4573կմ2 տարածք, որը համապատասխանում է ՀՀ տարածքի 15.3% -ին: Մեր զրուցակցի խոսքով՝ այլևս դանդաղելու իրավունք չունեն։ «Ցանկացած հասարակության զարգացվածության կարևորագույն չափանիշ է բնության նկատմամբ վերաբերմունքի մակարդակը: Գեոպարկի առկայությունը ՀՀ-ում այդ առումով կարևոր ցուցանիշ է և ունի բնապահպանական դաստիարակության մակարդակի բարձրացման միտում»։ Նա լիահույս է, որ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի գիտնականների խմբի աշխատանքը ըստ արժանվույն կգնահատվի և ՀՀ կառավարության օժանդակությամբ Ազգային գեոպարկը կստեղծվի այս տարվա ավարտին:   Գեոպարկը ներառող Նորատուս հրաբուխը Սևանա լճի ափին, որի խառնարանի ամբողջ պարագծով ամրոցի պարիսպներ են Գլխավոր լուսանկարում՝ Նորատուսի հաստվածքը, ուր առկա են հրաբխային ժայթքման մասին վկայող երիտասարդ շերտեր       Նանե Ավետիսյան
22:12 - 23 հուլիսի, 2021