Սամվել Բաբայան

«Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, ԼՂՀ ՊՆ նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ։

Ծնվել է 1965 թվականի մարտի 5-ին: Ծննդավայրը՝ Ստեփանակերտ: 1972-1982 թվականներին ավարտել է Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցը (ք. Ստեփանակերտ)։ 1983-1985 թվականներին ծառայել է Խորհրդային բանակի ստորաբաժանումում, որը տեղակայված էր նախկին Գերմանիայի դեմոկրատական հանրապետությունում։ 1988 թվականին մասնակցում է Արցախի ազատագրական պայքարին։ 1989-1991 թվականներին եղել է Արցախյան ազատամարտի գաղտնի ջոկատների հրամանատարներից մեկը, ղեկավարել է Ստեփանակերտի 2-րդ կամավորական ջոկատը, եղել է կենտրոնական շտաբի անդամ, ԼՂՀ ինքնապաշտպանության ջոկատների հրամանատարի տեղակալ։

1991 թվականի հունիսին «Կոլցո» օպերացիայի ժամանակ, անձնագրի անճշտությունների պատճառաբանությամբ, ԽՍՀՄ Ներքին զորքերի հրամանով ձերբակալվում և 6 ամսից ավելի պահվում Շուշիի, ապա՝ Բաքվի Բաիլյան բանտում։

1992-1993 թվականներին ԼՂՀ ինքնապաշտպանության շրջաններում ղեկավարում էր մարտական գործողությունները։ 1992 թվականի մարտից մինչև օգոստոս եղել է ԼՂՀ նախարարների խորհրդին կից ինքնապաշտպանության կոմիտեի անդամ, ԼՂՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ։ 1992 թվականի օգոստոսից մինչև 1993 թվականի ապրիլը հանդիսանում էր ԼՂՀ ինքնապաշտպանության խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1993 թվականի ապրիլից մինչև նույն թվականի նոյեմբեր. Ինքնաշաշտպանության խորհրդի նախագահի պաշտոնակատար։ 1993 թվականի նոյեմբերից մինչև 1999 թվականի դեկտեմբեր. ԼՂՀ Ինքնապաշտպանության բանակի հրամանատար։

1995-1999 թթ. ԼՂՀ առաջին պաշտպանության նախարար։ Փոխգնդապետ (1992), գնդապետ (1993), գեներալ-մայոր (1994), գեներալ-լեյտենանտ (1996)։ 1992-1995 թվականներին ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր։ 1995-1999 թվականներին եղել է ԼՂՀ կառավարության և նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ։ 2000-2004 թվականներին ԼՂՀ նախագահի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով ազատազրկման է դատապարտվել 14 տարով, 4.5 տարի անց նրան ներում է շնորհվել։

2004-2005 թվականներին ստեղծում է տեղեկատվական-վերլուծական «Խաչմերուկ» հասարակական կազմակերպությունը ։ 2005 թվականին հիմնադրում է «Դաշինք» կուսակցությունը։ 2017 թվականին ԱԱԾ-ն ձերբակալել է Սամվել Բաբայանին՝ «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր մաքսանենգ ճանապարհով Հայաստան բերելու գործի շրջանակներում: 2018 թվականին ազատ է արձակվել բանտից։ 

Սամվել Բաբայանի կուսակցությունը դադարեցրել է «Ազատ հարենիք-ՔՄԴ»-ի հետ համագործակցության հուշագիրը

Սամվել Բաբայանի կուսակցությունը դադարեցրել է «Ազատ հարենիք-ՔՄԴ»-ի հետ համագործակցության հուշագիրը

«Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնելու «Միասնական հայրենիք» կուսակցության և «Ազատ հարենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի միջև կնքված համագործակցության հուշագրի գործողությունը: Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը: Նա նաեւ հրապարակել է «Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհրդի հայտարարությունը, որում ասվում է. «Հիմք ընդունելով Արցախում 2020թ. անցկացված համապետական ընտրությունների արդյունքում երկու քաղաքական միավորների ստացած առավելագույն քվեները և հանուն Արցախի անվտանգության և արցախցու սոցիալական պաշտպանվածության ու բարեկեցության՝ «Միասնական հայրենիք» կուսակցության և «Ազատ հարենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի միջև կնքվել էր համագործակցության հուշագիր: Ս.թ. նոյեմբերի 9-ին «Ազատ հարենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ղեկավար, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, անտեսելով վերոնշյալ համագործակցության հուշագրի սկզբունքները, այն է՝ համաձայնեցված որոշումների քննարկում ու ընդունում, ինչպես նաև կոպտորեն խախտելով դրա ուղղություններից առնվազն երկրորդը, այն է՝ ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ և վերջնական կարգավորում, որը պետք է բխի արցախցու անվտանգության շահերից, կայացրել է միանձնյա որոշում՝ տալով իր՝ որպես ԱՀ նախագահի համաձայնությունը Արցախը հանձնելու ՀՀ իշխանությունների գործողություններին, որոնցով այևս կասկածի տակ է դրվել հայ ժողովրդի գոյությունը: Հիմք ընդունելով վերոնշյալը՝ «Միասնական հայրենիք» կուսակցության քաղաքական խորհուրդը որոշում է կայացրել դադարեցնելու «Միասնական հայրենիք» կուսակցության և «Ազատ հարենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի միջև կնքված համագործակցության հուշագրի գործողությունը»:
19:50 - 16 նոյեմբերի, 2020
Հրաժարվում եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից, դադարեցնում եմ իմ՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները․ Սամվել Բաբայան

Հրաժարվում եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից, դադարեցնում եմ իմ՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները․ Սամվել Բաբայան

Հրաժարվում եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից, դադարեցնում եմ իմ՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Սամվել Բաբայանը, որում, մասնավորապես ասվում է․ «Հարգելի' հայրենակիցներ,Արցախը հայոց պետականության կենտրոնն է, հայկականության խորհրդանիշը և մենք պարտավոր էինք պահել հայի արժանապատվությունը։ Այս գիտակցությամբ մենք ապրել ենք ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բոլոր փուլերում, հանուն հողի և այդ հողում արժանապատիվ ապրելու իրավունքի զոհել հազարավոր կյանքեր, կրել զրկանքներ։Այսօր, երբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում' ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու հանձնել մեզ։Ի պատասխան և ի բողոքումն այս հանցավոր գործողությունների' հայտարարում եմ, որ- հրաժարվում եմ "Արցախի հերոս" բարձրագույն կոչումից,- դադարեցնում եմ իմ' որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները»։
13:04 - 10 նոյեմբերի, 2020
Հավատացնում եմ ձեզ, որ անգամ հիմա, այս պայմաններում մեր արժանապատվությունը փրկելու հույս դեռ կա․ Սամվել Բաբայան

Հավատացնում եմ ձեզ, որ անգամ հիմա, այս պայմաններում մեր արժանապատվությունը փրկելու հույս դեռ կա․ Սամվել Բաբայան

ԱՀ ԱԽ քարտուրղար Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ա'զգ հայոց,Ժամեր առաջ տեղեկացա, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ համատեղ ստորագրել է այլևս բոլորիդ ծանոթ հայտարարություն։Շտապելով ՀՀ Կառավարություն' փորձեցի կանխել ազգային աղետը, խաթարել դավաճանական գործընթացը, սակայն Արցախի Հանրապետության նախագահի համաձայնությամբ հրապարակվեց հայտարարությունը։ Զերծ մնալով հայտարարության տեքստի որակումներից' նշեմ, որ բազմիցս ՀՀ և ԱՀ ղեկավարությանը մատնանշել եմ իրավիճակի ելքը, առաջարկել ռազմավարական լուծումներ և առաջարկություններ, սակայն դրանք մշտապես շրջանցվել են' հիշեցնելով խորհրդականի իմ կարգավիճակը։ Նույն կարգավիճակի գործառութային պարտականությունների սահմանափակումներով էր պայմանավորված նաև իմ լռությունը, մասնավորապես պատերազմի առաջին օրվա իմ ճեպազրույցի արդյունքում ստեղծված իշխանական թպրտոցը։ Սիրելի' հայրենակիցներ,Հավատացնում եմ ձեզ, որ անգամ հիմա, այս պայմաններում մեր արժանապատվությունը փրկելու հույս դեռ կա... »
03:31 - 10 նոյեմբերի, 2020
Արկադի Ղուկասյանի մահափորձի դեպքով նոր քրգործ է հարուցվել |armtimes.com|

Արկադի Ղուկասյանի մահափորձի դեպքով նոր քրգործ է հարուցվել |armtimes.com|

armtimes.com: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը 2000 թվականին ԱՀ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի գործով արդարացման գործընթաց է սկսել: Հարցին ի պատասխան՝ Արցախի դատախազության հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ ս.թ. հուլիսի 27-ին Բաբայանի փաստաբանից ստացված միջնորդության քննարկման արդյունքում օգոստոսի 20-ին գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել: Ըստ դատախազության՝ գործը հարուցվել է ԱՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ զուգորդված բռնության գործադրմամբ) եւ 366-րդ հոդվածի 2-րդ մասով (Հետաքննություն կատարող անձի կողմից ցուցմունք տալուն հարկադրելը, որն ուղեկցվել է ծաղրուծանակով, խոշտանգմամբ) նախատեսված հանցագործությունների հատկանիշներով: Բաբայանի փաստաբան Արամ Ղլեչյանը մեր զրույցում ասաց, որ ի հայտ են եկել այնպիսի փաստական հանգամանքներ, որոնք բացառում են Արկադի Ղուկասյանի մահափորձի գործով մի շարք դատապարտված անձանց գործողություններում հանցակազմի առկայությունը: «Այսինքն, կոպիտ ասած, գործը կարվել է պարոն Բաբայանի վրա»,- հավելեց փաստաբանը՝ ընդգծելով, որ քրեական գործով ձեռք են բերվել ապացույցներ, որ ժամանակին Սամվել Բաբայանի դեմ ցուցմունքները կորզվել են խոշտանգումներով:Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:30 - 11 սեպտեմբերի, 2020
ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը հանդիպում է անցկացնում ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ |armtimes.com|

ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը հանդիպում է անցկացնում ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ |armtimes.com|

armtimes.com: Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանն այս պահին հանդիպում է անցկացնում ԱՀ Ազգային ժողովի պատգամավորների հետ: Հանդիպման սկզբում Բաբայանն ասաց, որ շարունակ տեղեկություններ են շրջանառվում իրենց մոտ հաստիքների մեծ թվի շուրջ, կան խոսակցություններ, թե խորհուրդը Արցախում երկրորդ իշխանություն է: Փարատելով այդ մտահոգությունները՝ Բաբայանն ասաց, որ Անվտանգության խորհուրդը նախագահին կից մարմին է, կատարում է նախագահի կարգադրությունները: «Մենք էսօր էն վիճակում չենք, որ կարողանանք մեզ թույլ տալ նման բան, որ իրար հետ մրցավազքի մեջ մտնենք: Չեմ կարծում, որ տարածաշրջանում էսօր էն վիճակն է, որ կարողանանք ներսում խաղեր տալ»,- վստահեցրեց նա: Անդրադառնալով խորհրդի կողմից կատարվող աշխատանքներին՝ ընդգծեց, որ այս պահին Արցախի նախագահի հանձնարարությամբ մշակում են տարբեր ոլորտների զարգացման վերաբերյալ ռազմավարական ծրագրեր, եւ մինչեւ Նոր տարի այդ ծրագրերը պատրաստ են լինելու: «Կա ծրագիր 5 տարվա, պետք է նախարարությունը այդ ծրագիրը իրականացնի, պետք է նախարարությունը հիմնավորի՝ իր թիմում այդ անձը ինչով է զբաղվում, իր 5 ժամվա զբաղվածությունը ցույց տա, այլապես պետք է ազատի: Եթե նախարարը դա չի կարողանում հիմնավորել, ի՞նչ անենք: Թեյ խմելու տեղ չէ: Դրա համար էդ բոլոր խոսակցությունները, որ դրսում լինում են, թե մենք մտել ենք ոլորտ, ինչ-որ կրճատումներ ենք անում, եւ այլն, իրականությունը դա չէ: Իրականությունը ես ձեզ ասացի. եթե նախարարը չի կարողանում հիմնավորի՝ տվյալ կադրը ինչով է զբաղվում… կամ բաժին է ձեւավորում 3 հոգանոց, 2 թուղթ էս 2 հոգին են ստանում, 2 թուղթ՝ էս երկու հոգին: Եթե դա կարելի է միավորել մեկ բաժնի տակ եւ ավելի օպտիմալ աշխատել»,- նկատեց նա: Անդրադառնալով բանակի մասով իրենց աշխատանքներին՝ անվտանգության խորհրդի քարտուղարը նշեց. «Ես չէի ցանկանա ավելի խոր բացատրել, նույն ձեւի ծրագիր է մշակվում մեր կողմից բոլոր ուղղություններով: Հեշտ չէ, որովհետեւ դուք լավ պատկերացնում եք, որ մի տեղից չէ այդ ամբողջը ղեկավարվում, որ ինձ համար պարզ լինի՝ ինչ ենք անում, բայց, այնուամենայնիվ, մենք փորձում ենք մեր իմացածը ներկայացնենք, հիմնավորենք եւ առաջ տանենք բանակի զարգացումը»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
12:23 - 09 սեպտեմբերի, 2020
Տարածքներ կորցնողը չի կարող խոսել հաղթանակի մասին. Սամվել Բաբայանն արձագանքում է Սարգսյանին |azatutyun.am|

Տարածքներ կորցնողը չի կարող խոսել հաղթանակի մասին. Սամվել Բաբայանն արձագանքում է Սարգսյանին |azatutyun.am|

azatutyun.am: Սերժ Սարգսյանը օրերս կայացած ասուլիսին հայտարարել է, թե թերացումներ եղել են, բայց քառօրյա պատերազմը հաղթանակ է համարել։ «Տարածքներ կորցնողը չի կարող խոսել հաղթանակի մասին»,- Սերժ Սարգսյանին արձագանքում է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, ով Հրայր Թամրազյանի «Կիրակնօրյա վերլուծականի» հյուրն է: Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից. Սամվել Բաբայան. - Ընդհանրապես ես և այն ժամանակ, և հիմա պնդում եմ, որ դա պատերազմ չի եղել, դա եղել է դիվերսիոն գործողություն, սա առաջինը շեշտենք, որ պարզ լինի: Երկրորդը` փաստը նա է, որ ինչքան էլ ուզում ենք ասել, որ հաղթել ենք, թե ինչ ենք արել, մենք տարածք ենք կորցրել, իսկ տարածք կորցնողը չի կարող խոսել հաղթանակի մասին: Այն ամբողջը, որ ներկայացնում են, որ մեր ուժերը կարողացան կանգնեցնել հակառակորդի մեծ պատերազմը, իրականության հետ չի համապատասխանում, դա ուղղակի բառախաղեր են, որ անում են ու փորձում դրանով արդարանալ: Փաստը նա է, որ այո, այդ 21 դիրքը իրոք կորցրել են, դա փաստ է, և տարածքներ ենք կորցրել: Դանով եթե կհամարեք, որ դա հաղթանակ է, թող համարեն, ովքեր այդ ձև են մտածում: «Ազատություն». - Նախկին նախագահն ասում էր, թե կորցրած դիրքը կամ տարածքը ռազմական առումով որևէ կարևորություն չի ունեցել: Դուք ի՞նչ կարծիքի եք: Դո՞ւք էլ եք կարծում, որ այդքան էլ կարևոր չի եղել այդ, ինչպես ինքն է ասում, 800 հեկտարը կամ այդ դիրքը` Լալա Թեփեն: Սամվել Բաբայան. - Նույն Լալա Թեփեն ամբողջ Ջաբրայիլի տարածքը հսկում է, միակ բարձունքն է, որտեղից ամբողջ տարածքը կարում ես պարզ տեսնել և խոցել բոլոր հնարավոր և անհնարինը: Եթե դա համարենք, որ ինքը որևիցե կարևորություն չունի, ապա ի՞նչն ունի կարևորություն. ուրեմն այդ մարդիկ կա՛մ բանակից շատ հեռու են, պատերազմը չեն հասկանում, կա՛մ էլ ուղղակի գիտակցում են, բայց իրենց պետք է այդպես ձևակերպել: Սա՝ առաջինը: Երկրորդը` ինչ վերաբերում է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղի բարձունքին, մենակ էդ բարձունքը, այդ տարածքները ազատագրելուց, կներեք, հինգերորդ բրիգադը, որն այդ ուղղությամբ աշխատել է, մոտ 600-700 զոհ ունի տված: Ի՞նչ է` մենք այդ զոհերը տվել ենք, որ այդ դիրքերը մեզ համար կարևոր չե՞ն, թե՞ ոնց: Ուղղակի այդ մարդիկ պատմությունը թող հետ գնան, վերհիշեն ու հասկանան, որ նման արտահայտություններ պետք չի անել: Բոլոր դիրքերն էլ կարևոր են եղել, այդ բարձունքներից մենք հսկում էինք այդ տարածքները, մինչև Նաֆթալան հսկվում էր այդ տարածքը, և ամբողջը խոցելի էր մեզ համար: Հիմա ճիշտ հակառակը` իրենց այդ բարձունքին նստելով՝ և՛ Թալիշ գյուղը, և՛ Մատաղիսը, և՛ ինչու ոչ Մարտակերտը, այդ տարածքներն ամբողջն իրենք կարան խոցեն: Այնպես որ նման հարցադրումն ուղղակի խոսում է նրա մասին, որ այդ մարդիկ պատերազմը վերագրել են իրենց, որ հաղթանակ են տարել, որ որևիցե կապ չունեն դրա հետ, այդ պատերազմի հետ: Ցավում եմ, բայց ի՞նչ անենք` այդ մարդկանց մտածելակերպն էլ այդքան է, պահի տակ իրենց արդարացնում են: «Ազատություն». - Հիմա մյուս խնդիրը, որը վերաբերում է հետախուզությանը: Նախկին նախագահը ընդունում է, որ ադրբեջանցիները անակնկալ են մատուցել, որ հետախուզությունը չի կարողացել կանխատեսել ժամանակին այդ գործողությունը, բայց ասում է՝ նույնիսկ աշխարհի ամենահզոր հետախուզական ծառայություններն են սխալվում, մենք էլ սխալվել ենք այդտեղ: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է կատարվել, իսկապես, կարո՞ղ էր հետախուզությունը կանխատեսել այդ հարձակումը: Սամվել Բաբայան. - Էստեղ խնդիրը ավելի շատ, նորից եմ ասում՝ եղել է դիվերսիոն գործողություն, դա չի կարա հետախուզությունը ամբողջը կանխարգելել և իմանալ, բայց երբ որ էդ ամենի մասին տեղյակ էին և իսկ ըստ հրամանի պետք է անմիջապես անցնեին համար 1 և ուժեղացնեին էդ դիրքերը, որը չեն արել շատ երկար ժամանակ, և ընդհանրապես էդ հինգ օրվա մեջ, կարելի է ասած, որ ընդհանրապես ուղեղը չի աշխատել, այսինքն՝ կառավարման կենտրոն չի եղել, մարդիկ չեն կարողացել որոշում կայացնեն և գործողությունները վերադարձնեն էդ տարածքները, որը հնարավոր էր և՛ էդ ժամանակ, և՛, ինչու ոչ, և ամեն մի րոպե, երբ որ ցանկանան: Բայց խնդիրը նա է, որ չեն կարողացել: Ինչ վերաբերում է հետախուզությանը, էդ հետախուզությունը ինչքան էլ լավ աշխատի, եթե դիվերսիոն փոքր գործողություն է, դա չես կարա կանխարգելել և նախապես իմանալ: Ուղղակի դիրքերում կանգնած մարդիկ պետք է էնտեղ կարգուկանոնը բարձր լիներ, որ, ինչ նկատի ունեմ՝ եթե էդ դիրքերի մարդկանց, էդ զոհերը, որ ունեցել ենք, նայենք իրենք ինչով են զոհվել՝ փամփուշտով, արկերով, թե բեկորներով, թե ինչ-որ մի այլ բանով, էն ժամանակ մեր համար պարզ կլինի ես ինչ եմ ասում: Ես կխնդրեի, որ նրանք, հանձնաժողովը ընդհանրապես սուդէքսպերտի էդ փաստաթղթերը մի հատ նայի՝ ինչքան դիրքերում դիակներ ենք թողել, հետո փոխանակել, էդ դիակները ինչով են զոհված, ընդհանրապես՝ գնդակով են զոհված, բեկորով են զոհված, թե ոչ: Եթե ոչ՝ ո՛չ առաջինն է, ո՛չ երկրորդն է, ապա պարզ է դառնում, որ անտարբեր լինելով դիրքերում՝ ունեցել ենք էդ կորուստները: Էդտեղ ոչ հետախուզության խնդիր է, ոչ էլ մյուս: Ավելին՝ azatutyun.am-ում
15:41 - 24 օգոստոսի, 2020
Արցախում բյուրոկրատիան ուռճացվում է, պետական ապարատում աշխատատեղերի ստեղծմամբ փորձում են հրապուրել մարդկանց․ Հայկ Խանումյան

Արցախում բյուրոկրատիան ուռճացվում է, պետական ապարատում աշխատատեղերի ստեղծմամբ փորձում են հրապուրել մարդկանց․ Հայկ Խանումյան

Օրերս Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ «Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը երկարաժամկետ կտրվածքով ավերածություններ են գործում»․ «Արցախում առանց այդ էլ ուռճացված բյուրոկրատիայի էլ ավելի մեծացումն այն դարձնում է Արցախի զարգացումը խոչընդոտող հրեշ»,- շեշտել էր Խանումյանը՝ հայտարարելով, որ պետական աշխատատեղերի ավելացման գործընթացները խոչընդոտում են մասնավոր սեկտորում մրցակցությանը։ Թեմայի շուրջ Infocom.am-ի հետ զրույցում Խանումյանն նկատեց՝ Արցախում առանց այդ էլ պետական բյուրոկրատիան բավականին ուռճացված է․ նոր իշխանության ձեւովորումից հետո Սամվել Բաբայանի «Միասնական Հայրենիք» կուսակցության եւ «Ազատ հայրենիք» կուսակցության կոալիցիա կազմելով՝ պետական ապարատում լրացուցիչ տեղեր են ավելացել․  «Մասնավորապես, նշանակվելով Անվտանգության խորհրդի քարտուղար՝ Սամվել Բաբայանը որոշել է Խորհուրդը բավականին մեծացնել, իր խոսքով՝ մոտ 110 հաստիք պետք է ավելանա, մինչ այդ ԱԽ քարտուղարը առանձին աշխատակազմ, գրասենյակ չուներ եւ միայն ԱԽ քարտուղարի պաշտոնն էր, հիմա, փաստացի, խոսքը 110 հաստիքի ավելացման մասին է»,- ասաց Խանումյանը՝ ընդգծելով, որ Արցախում բնակչությունը բավականին քիչ է, եւ կա նաեւ կադրային խնդիր, հետեւաբար, ըստ արցախցի գործչի, ունակ կադրերին դեպի բյուրոկրատիա տեղափոխելն այլ ոլորտներում լուրջ խնդիրների է հանգեցնելու, հատկապես մասնավոր սեկտրում։ Խանումյանի խոսքով՝ նաեւ նոր պետական մարմիններ են ստեղծվել, նախարարություններում ավելանում է պետական պաշտոնյաների թիվը, պետական այլ մարմիններում, այսպես ասած, նախկինում աշխատանքի տեղավորվածները չեն ազատվում աշխատանքից, այլ գալիս են նորերը, ընդլայնվում են շրջանային վարչակազմերը․ «Նվազագույնը 350-400 հոգի ավելանալու են կամ արդեն ավելացել են այս ընթացքում՝ Արայիկ Հարությունյանի նախագահ դառնալուց ի վեր, ինչը հսկայական բեռ է ենթադրում։ «Ազգային վերածնունդ» կուսակությունը, եւ անձամբ ես, անցած 5 տարիների պատգամավորական գործունեության ընթացքում բազմիցս քննարկել ենք բյուրոկրատիայի ուռճացումը, հանրային ծախսերի ավելացումը, հանրային ծառայություններին ուղղվող ծախսերի ավելացումը։ Կոչ ենք անում կրճատել դրանք, այդ գումարները ուղղել տնտեսության իրական հատված, սակայն, ինչպես տեսնում ենք, այս հիվանդությունը շարունակում է մեծանալ, եւ նոր շահառուներ են հայտվել դա սպասարկելու առումով»,- ասաց մեր զրուցակիցը՝ տվյալ դեպքում ակնարկելով Սամվել Բաբայանին եւ նրա «Միասնական հայրենիք» կուսակցությանը, որոնք, Խանումյանի խոսքով, իրենց արագորեն տեղավորվում են պետական ապարատում։ Վերջինիս պնդմամբ՝ այս գործընթացները տեղի են ունենում Արցախի պետական եկամուտների կրճատման ֆոնին, դեֆիցիտի մեծացման, Հայաստանից միջպետական վարկի ավելացման պայմաններում։ «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավարն ընդգծեց, որ իրենք դեմ չեն դեֆիցիտի ավելացմանը, սակայն կարծում են, որ այդ գումարները պետք է ուղղվեն ոչ թե սոցիալական ծրագրերի կամ անօգուտ, անարդյունավետ բյուոկրատիայի ուռճացմանը, այլ ենթակառուցվածքների կառուցմանը։ «Ցավոք սրտի, նախորդ 10-15 տարիների ընթացքում Արցախում պետական բյուջեի հաշվին շատ քիչ ենթակառուցվածքային ծրագրեր են իրականացվել։ Այն, ինչ մենք լսում ենք պաշտոնատար անձանցից՝ ենթակառուցվածքային ծրագրերի մասին, կամ գոյություն ունի կառավարության ծրագրերում կամ նախագահի ծրագրում, այդ ենթակառուցվածքային ծրագրերը, իհարկե, զգալիորեն ավելին են, քան նախկինում եղածները, բայց նաեւ զգալիորեն քիչ են, քան կարող էին լինել։ Առնվազն կրկնակի ճանապարհներ կարող էին կառուցել՝ նույնիսկ ներկայիս բյուջեի եւ հնարավորությունների սահմաններում։ Ավերածություններ ասելով՝ հենց դա նկատի ունեինք, որ մի քանի քաղաքական դեմքեր կարող, ունակ մարդկանց իրենց վարչական ռեսուրսը դարձնելու նպատակով բարձր աշխատավարձերով սիրաշահելով՝ փակում են պետական կաբինետներում՝ նրանց զերծ պահելով ազգային հարստություն ստեղծելուց»,- ասաց Խանումյանը՝ հավելելով, որ Սամվել Բաբայանը եւ Արայիկ Հարությունյանը նպատակ ունեն ընտրազանգվածի եւ կուսակցական կառույցների համար վճարումներ անել պետական բյուջեի հաշվին։ Մեր զրուցակցի կարծիքով՝ սա բավականին տարածված ձեւ է դարձել Արցախում, եւ, ըստ նրա՝ դրա կարիքը հատկապես Սամվել Բաբայանի կուսակցությունն ունի որովհետեւ վերջինս եւ կուսակցությունը ձայներ ստացել են հիմնականում ընդդիմադիր հռետորաբանությամբ, իսկ հետագայում այդ քվեները, Խանումյանի խոսքով, վաճառել են պաշտոնների դիմաց․ «Այժմ ստիպված են իրենց ընտրազանգվածը հավաքել վարչական ռեսուրսի հաշվին։ Բնականաբար, այդ ամենի համար վճարում են հարկ վճարողները, թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, քանի որ գումարների մի զգալի մասը գալիս է Երեւանից՝ միջպետական վարկի ձեւով։ Իսկ մասնավոր հատվածը լուրջ խնդիրներ ունի, քանի որ պետական համակարգում արհեստականորեն բարձր աշխատավարձեր սահմանելով՝ խնդիր է ստեղծվում աշխատուժի շուկայի առումով, նամանավանդ՝ Արցախում կադրային լուրջ խնդիրներ կան, այդ թվում՝ մասնավոր հատվածում, եւ այսպիսի քաղաքականությունը զգալիորեն խոչընդոտում է նաեւ այդտեղ կադրերի ներգրավման գործընթացին»։ Իսկ խնդրի լուծումը, ըստ Խանումյանի, այն է, որ ՀՀ կառավարությունը միջպետական վարկի ավելացումը պայմանավորի բյուրոկրատիայի կրճատմամբ, այսինքն՝ որքան Արցախում կկրճատվի բյուրոկրատիան, այդքան կավելանա միջպետական վարկի գումարը, եւ այդքան էլ շատ գումար Երեւանից կգա Ստեփանակերտ։ Արցախցի գործիչը կողմ է նաեւ ծրագրային բյուջետավորմանը, որ գումար տրամադրվի կոնկրետ ծրագրերի համար․ «Այլ ոչ թե ուղղակի ինչ-որ գումար տրվի Ստեփանակերտում իշխանության եկած մի երկու հոգու, որոնք իրենց մերձավոր շրջապատը, կամ կուսակցական շրջապատը տեղավորեն ինչ-որ տաքուկ սենյակներում՝ թեյ ու սուրճ խմելու եւ ոչինչ չանելու համար, ինչը երկարաժամկետ եւ լուրջ խնդիրներ է առաջացնելու տնտեսության համար»,- հավելեց Խանումյանը։ Ինչ վերաբերում է Արցախի կառավարության՝ տանիքների շինարարության ծրագրին՝ մեր զրուցակցի կարծիքով՝ դա նույնպես արվում է միայն մարդկանց հրապուրելու համար։ Խանումյանի համոզմամբ՝ թույլ քաղաքացիական հասարակության պայմաններում, երբ գրեթե բացակայում է քաղաքացիական բարձր գիտակցությունը, բնակիչների մոտ առաջին պլան են մղվում կարճաժամկետ շահերը։ Խանումյանը տեղեկացրել էր, որ այժմ Արցախի պետական բյուջեի փոփոխություններով՝ առկա 968 մլն դրամին մոտ 500 միլիոն դրամ է ավելացվում՝ տանիքների վերանորոգման ծրագրով բնակիչներին շինանյութ տրամադրելու համար: «Ընտրությունների ժամանակ դա շատ հաճախ որպես ընտրակաշառք էր օգտագործվում։ Հիմա այդ ծրագրի արժեքը ավելացրել են, այսինքն՝ շատ մարդու են տանիքի շինանյութ տրամադրում՝ նույնպես այդ վարչական ռեսուրսի կիրառմամբ։ Պոպուլիստական քայլերով փորձում են շահել ընտրազանգվածի համակրանքը։ Կարծում եմ, որ այս գումարների ավելացումը կարող է կապված լինել նախընտրական շրջանում տված խոստումների, եւ հիմա դրանց կատարման անհրաժեշտության հետ»։ Մեր հարցին՝ ի՞նչ առաջնային եւ հրատապ լուծում պահանջող խնդիրներ կան Արցախում, որոնց կառավարությունը չի անդրադառնում, Խանումյանը շեշտեց հատկապես ճանապարհաշինական աշխատանքների եւ վերաբնակեցման հարցերը․ «Պետք է տարեկան առնվազն 200 կիլոմետր նորմալ ասֆալտապատ ճանապարհ կառուցել եւ սկսել նոր ծրագրեր, հատկապես՝ թերբնակեցված շրջաններում բնակավայրերի կառուցման ծրագրեր իրականացնել։ Վստահեցնում եմ, որ այդ բնակավայրերը շատ արագ բնակչություն կունենան»,- եզրափակեց Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը։ Ասպրամ Փարսադանյան
12:05 - 21 օգոստոսի, 2020
Արցախի Հանրապետության նախագահի մոտ քննարկվել է Ստեփանակերտի նոր գլխավոր հատակագիծ ունենալու հարցը

Արցախի Հանրապետության նախագահի մոտ քննարկվել է Ստեփանակերտի նոր գլխավոր հատակագիծ ունենալու հարցը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 29-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված Ստեփանակերտ քաղաքի նոր գլխավոր հատակագծի մշակմանը: Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։ Երկրի ղեկավարը նշել է, որ տարիներ ի վեր պատասխանատուների անհեռատես աշխատանքի պատճառով մայրաքաղաքը զրկված է եղել ուրույն ոճ ունենալու հնարավորությունից: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է կարճ ժամանակահատվածում միջոցներ ձեռնարկել Ստեփանակերտի նոր գլխավոր հատակագիծը մշակելու ուղղությամբ՝ ընդգծելով, որ, դրա կարևորությունից ելնելով, վերջնական տարբերակը կքննարկվի նաև Անվտանգության խորհրդի նիստում: Հանրապետության նախագահի խոսքով՝ այն հիմք է հանդիսանալու նաև նախկինում կառուցված շենք-շինություններին անդրադառնալու և, անհրաժեշտության դեպքում, դրանք ձևափոխելու կամ քանդելու որոշում կայացնելու համար: Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:
19:57 - 29 հունիսի, 2020
Արցախի ԱԽ քարտուղարի գրասենյակը պարզաբանել է Սամվել Բաբայանի լիազորությունների ընդլայնման հարցը |armenpress.am|

Արցախի ԱԽ քարտուղարի գրասենյակը պարզաբանել է Սամվել Բաբայանի լիազորությունների ընդլայնման հարցը |armenpress.am|

armenpress.am: Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը, լրատվամիջոցների հրապարակումներին ի պատասխան, հանդես է եկել Բաբայանի՝ որպես Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ պարզաբանմամբ: Պարզաբանման մեջ, հղում արվելով հայկական լրատվամիջոցներից մեկի հոդվածին, նշվում է, որ ԱԽ լիազորությունների շրջանակը չի փոխվել, վերանայվել են գործառույթները՝ համապատասխանեցնելով Արցախի անվտանգության սպառնալիքներին: «Սամվել Բաբայանը, հոդվածագրի տվյալներով, ընդլայնում է իր ազդեցության դաշտը, որը դրսևորվում է անվտանգության խորհրդի լիազորությունների և աշխատակազմի ընդլայնմամբ, թիմակիցներին տարբեր պաշտոններում տեղավորմամբ և այլն: Անվտանգության խորհրդի կազմը, ինչ խոսք, ենթակա է քանակական և որակական փոփոխության և, այո´, այդ նպատակով խորհրդի աշխատանքներում ընդգրկվելու են կիրթ, բանիմաց և հմուտ երիտասարդներ: ԱԽ լիազորությունների շրջանակը չի փոխվել, վերանայվել են գործառույթները՝ համապատասխանեցվելով ԱՀ անվտանգության սպառնալիքներին: Մինչ այս ԱԽ-ն գործունեության լայն շրջանակով ունակ չի եղել ապահովելու անվտանգության անհրաժեշտ մակարդակ և արդյունքում ունենք այն, ինչ ունենք: Ուստի ԱԽ որակական և քանակական ընդլայնմամբ Ս. Բաբայանը ամրապնդում է ոչ թե իր, այլ պետության անվտանգության և ազդեցության դաշտը: Այսպիսի գործելակերպը որդեգրվել է ԱՀ նախագահի կողմից, նրա հետ քննարկումների և համաձայնության արդյունքում»,- նշված է պարզաբանման մեջ: Բաբայանի մամուլի ծառայությունը հերքում է նաև թիմակիցներին տարբեր պաշտոններում տեղավորելու մասին լուրերի իսկությունը: «Նախագահի առաջարկով «Միասնական հայրենիք» կուսակցությունից նախարարի և փոխնախարարի պաշտոն զբաղեցնում է երկու անձ, և դա այն դեպքում, երբ Ս. Բաբայանի գլխավորած կուսակցությունը քաղաքական երկրորդ ուժն է և ունի կառավարությունում ավելի լայն կազմով ներկայացված լինելու բոլոր հիմքերը»,- ասված է հաղորդագրությունում: Պարզաբանման մեջ անդրադարձ է կատարվում նաև Սամվել Բաբայանի կողմից մեքենա ձեռք բերելու հարցին: «Ինչ վերաբերում է վերջին դասի մեքենա ձեռք բերելուն և այդ կապակցությամբ պարզաբանումներ ստանալու լրագրողի «ձգտումներին», ապա նշենք, որ Ս. Բաբայանը անձնական միջոցներով է ձեռք բերել BMW X7 մակնիշի մեքենա, ընդ որում՝ նախքան ԱԽ քատուղարի պաշտոնում նշանակվելը և շարունակելու է օգտագործել այն նաև այդ պաշտոնում: Ի միջիայլոց հիշեցնենք, որ Ս. Բաբայանը ծառայողական մեքենայից չի օգտվել նաև 90-ականներին»,- նշված է պարզաբանման մեջ: Մամուլի ծառայությունը նշում է, որ Սամվել Բաբայանի՝ թիկնազորով շրջելու կապակցությամբ շահարկումները նույնպես անհիմն են:
15:25 - 13 հունիսի, 2020
Արայիկ Հարությունյանն ընդունել է Սամվել Բաբայանին

Արայիկ Հարությունյանն ընդունել է Սամվել Բաբայանին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է ԱՀ Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Սամվել Բաբայանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նախագահ Հարությունյանը նշել է, որ ակնկալում է ակտիվ աշխատանք՝ ընդգծելով, որ ԱԽ նորանշանակ քարտուղարը մեկամսյա ժամկետում պետք է ներկայացնի առաջարկություններ ԱՀ անվտանգության խորհրդի նոր կանոնադրության և նոր կառուցվածքի վերաբերյալ: «Անվտանգության խորհուրդը պետք է դառնա պետական կառավարման այն օղակներից մեկը, որտեղ քննարկվելու են մեր բնակչությանը մտահոգող հիմնահարցերը: Համատեղ աշխատանքով պետք է փորձենք կյանքի կոչել այն հուշագիրը, որը ստորագրվել է երկու քաղաքական ուժերի միջև»,- նշել է Ա. Հարությունյանը: Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ Սամվել Բաբայանը նշել է, որ կանի հնարավորը հուշագրի բոլոր կետերի իրականացման ուղղությամբ: Նրա խոսքով՝ հիմնական ուշադրությունը սևեռված է լինելու ինչպես անվտանգության և քաղպաշտպանության, այնպես էլ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման վրա:
17:29 - 01 հունիսի, 2020
Սամվել Բաբայանը՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար
 |civilnet.am|

Սամվել Բաբայանը՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար |civilnet.am|

civilnet.am: Սամվել Բաբայանը՝ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար։ Մենք վերջնական հանգրվանի ենք եկել Սամվել Բաբայանի հետ․ այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում այսօր հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: Նա նշեց, որ վերջնական որոշումը կայացվել է երեկ. «Սամվել Բաբայանը երբեք չի ակնարկել որևէ պաշտոն զբաղեցնելու հարցը, նա միշտ պատրաստ է եղել համագործակցության՝ հանուն մեր երկրի ապագայի: Ես երեկ նրան առաջարկել եմ զբաղեցնել Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»։ Արայիկ Հարությունյանը խոսել է նաև մյուս նշանակումների մասին։  Մասիս Մայիլյանը՝ նախագահական մրցավազքում Հարությունյանի գլխավոր մրցակիցը, նոր կառավարությունում պահպանում է արտաքին գործերի նախարարի պաշտոնը։ Նախկին ոստիկանապետ Կամո Աղաջանյանը նշանակվել է ԱԱԾ պետ։
10:54 - 29 մայիսի, 2020
Մենք ներկայացրել ենք hամերաշխության և միասնականության օրակարգ. ԱՀ նախագահ |armenpress.am|

Մենք ներկայացրել ենք hամերաշխության և միասնականության օրակարգ. ԱՀ նախագահ |armenpress.am|

armenpress.am: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կարևորեց «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը և ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ հետագա համագործակցությունը։ Հարությունյանն իր ելույթի ժամանակ նշեց, որ քաղաքական մեր ամենամեծ ձեռքբերումը «Միասնական հայրենիք» կուսակցության և դրա ղեկավար Սամվել Բաբայանի հետ ձեռք բերված պայամանվորվածությունն է, որը հուշագրի տեսքով արդեն ներկայացրել են հանրության դատին։ «Հետագա համագործակցության առումով բավականին լուրջ հաջողություններ ենք արձանագրել Մասիս Մայիլյանի հետ։ Չնայած նախագահական ընտրություններում միմյանց հետ պայքարին, այնուամենայնիվ, մենք ներկայացրել ենք համերաշխության և միասնականության օրակարգ»,- նշեց Արցախի նախագահը։ Հարությունյանը նաև կոչ արեց մյուս քաղաքական գործիչներին՝ չվիրավորել պետականաշինության գործում դեր ունեցած Արցախի զավակներին։ «Մի փորձեք մեր ազգի ապագայի, մեր երկրի հանդեպ ստանձնած պարտավորության արդյունքում ձեռք բերված համաձայնությունը պիտակավորել։ Մենք այժմ ճակատագրական ժամանակահատված ենք ապրում և մեր առաքելությունը պաշտոնով չենք իրականացնելու»,- նշեց ԱՀ նախագահը և հավելեց, որ այն քաղաքական գործիչները, ովքեր ստացել են հանրության վտահության քվեն՝ իրենց մասնաբաժնով մասնակցելու են Արցախում տեղի ունեցող իրադարձություններին։ Հարությունյանը նշեց, որ իրենք պատրաստ են համագործակցել բոլորի հետ, և իր ձեռքը պարզած է բոլորի համար։
12:18 - 26 մայիսի, 2020
Արցախի նախագահ Հարությունյանն իր գլխավորած քաղաքական դաշինքի անունից հուշագիր է ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի հետ

Արցախի նախագահ Հարությունյանն իր գլխավորած քաղաքական դաշինքի անունից հուշագիր է ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին իր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից համագործակցության հուշագիր է ստորագրել «Միասնական հայրենիք»կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ:Նախագահ Հարությունյանը նշել է, որ քաղաքական ուժերի միջև համագործակցությունը միտված է երկրում համերաշխության մթնոլորտի պահպանմանը և ծրագրային դրույթների շուրջ համատեղ ջանքերի գործադրմանը:Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ ձևավորված օրակարգի շրջանակում «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը պատրաստ է համագործակցելու խորհրդարանական և արտախորհրդարանական այլ ուժերի հետ:Իր խոսքում՝ Սամվել Բաբայանը ևս կարևորել է համատեղ փոխգործակցության գաղափարն՝ ընդգծելով, որ այն հատկապես պահանջված է հայրենիքի առաջ ծառացած ներքին և արտաքին մարտահրավերներին արդյունավետ դիմակայելու համար:
17:33 - 25 մայիսի, 2020
Պայմանավորվել ենք «Միասնական հայրենիք»-ից և «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ից ձևավորել աշխատանքային խումբ․ Ա․ Հարությունյան

Պայմանավորվել ենք «Միասնական հայրենիք»-ից և «Ազատ հայրենիք-ՔՄԴ»-ից ձևավորել աշխատանքային խումբ․ Ա․ Հարությունյան

Արցախի նորընտիր նախագահ, «Ազատ հայրենիք - ՔՄԴ» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես գիտեք, օրեր առաջ «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ հանդիպման ժամանակ քննարկել էինք քաղաքական առաջիկա համագործակցության հնարավորությունները: Պայմանավորվածության համաձայն՝ այսօր հերթական հանդիպումն ենք ունեցել արդեն ընդլայնված կազմով: Կարեւորելով ծրագրային հիմնադրույթների համադրման միջոցով քաղաքական փոխգործակցության օրակարգի մշակումը՝ պայմանավորվել ենք «Միասնական հայրենիք» կուսակցության եւ «Ազատ հայրենիք – ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչներից ձեւավորել աշխատանքային խումբ, որը կմշակի երկուստեք ընդունելի եւ կիրառելի համագործակցության ծրագիր»:    
18:58 - 16 մայիսի, 2020