Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։ 

Մենք Ադրբեջանին կոչ ենք անում ազատ արձակել գերիներին՝ առանց որևէ նախապայմանի. Լավրով |tert.am|

Մենք Ադրբեջանին կոչ ենք անում ազատ արձակել գերիներին՝ առանց որևէ նախապայմանի. Լավրով |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմն Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել բոլոր ռազմագերիներին՝ առանց պայմանների: Այս մասին նա ասել է հայ գործընկերոջ հետ հանդիպման ավարտին կայացած ասուլիսում՝ պատասխանելով համապատասխան հարցին: «Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նշվել է, որ պետք է ազատ արձակվեն այն ռազմագերիները, որոնք այդ պահին են եղել: Այժմ ադրբեջանցիները պահում են հայ զինծառայողների զգալի խմբի, որոնք այնտեղ են հայտնվել նոյեմբերի վերջին՝ հայտարարության՝ ուժի մեջ մտնելուց հետո: Այնուամենայնիվ, ՌԴ նախագահը բոլոր շփումներում, այդ թվում և Իլհամ Ալիևի հետ, այդ ազդակն ուղարկում է»,- ասել է Լավրովը՝ ընդգծելով Հայաստանի կողմից որպես պատասխան քայլ ականապատման քարտեզների տրամադրումը:  
17:07 - 31 օգոստոսի, 2021
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չկա. Արարատ Միրզոյան |armenpress.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություն չկա. Արարատ Միրզոյան |armenpress.am|

armenpress.am: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը որևէ պահի բանակցություններ սկսեն խաղաղության պայմանագրի շուրջ, ապա այդ բանակցությունների օրակարգում անպայման պետք է լինի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ֆիքսված սկզբունքների հիման վրա: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանից հնչող հայտարարությունները, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրում պետք է լինի Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը: «Ադրբեջանի իշխանությունների փոխարեն ես կկենտրոնանայի 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա: Այս պահին խաղաղության պայմանագրի շուրջ որևէ բանակցություններ չի վարվում»,- ասաց Միրզոյանը:
16:57 - 31 օգոստոսի, 2021
Ռուս համանախագահը Բաքվում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարը |azatutyun.am|

Ռուս համանախագահը Բաքվում քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարը |azatutyun.am|

azatutyun.am: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևը Բաքվում է, որտեղ այսօր հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության, կողմերը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարը: «Արտգործնախարար Բայրամովը Խովաևին տեղեկություններ է ներկայացրել տարածաշրջանային իրավիճակի և այն քայլերի վերաբերյալ, որոնք ձեռնարկում է ադրբեջանական կողմը ետկոնֆլիկտային փուլում: Նա նաև պատմել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունների մասին, որոնք հիմնված պետք է լինեն միջազգային իրավունքի սկզբունքի վրա», - հաղորդում է Ադրբեջանի արտգործնախարարությունը, հավելելով` Բայրամովն ընդգծել է, որ ռևանշիստական քաղաքականությունը հեռանկար չունի: Ըստ հաղորդագրության, կողմերը նաև քննարկել են ղարաբաղյան վերջին պատերազմից հետո ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքը, և վստահության ամրապնդող միջոցառումների իրագործումը: Իգոր Խովաևը նախկին փոխնախագահին` Իգոր Պոպովին փոխարինել է անցած հուլիսին: Այսօր նա նշել է, թե իր այցը Բաքու ճանաչողական բնույթ է կրում: Երևան կատարելիք այցի մասին չի հաղորդվում: Այս օրերին Մոսկվայում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ով վաղը կհանդիպի ռուս գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ:
09:20 - 31 օգոստոսի, 2021
Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել գերիների վերադարձը. Արարատ Միրզոյանը՝  Բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ

Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել գերիների վերադարձը. Արարատ Միրզոյանը՝ Բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Բռնի անհետացումների միջազգային օրվա կապակցությամբ, որում բարձրաձայնել է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների վերականգնման խնդիրը: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ ադրբեջանական իշխանությունները հերքում են տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման փաստը, որի առնչությամբ կան հստակ ապացույցներ, ուստի այդ անձինք ինքնաբերաբար համարվում են բռնի անհետացման զոհ: ՀՀ ԱԳ նախարարի ուղերձը ստորև․ «2010թ․ դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, որով իր խորին մտահոգությունն արտահայտեց աշխարհի տարբեր վայրերում բռնի կամ ոչ կամավոր անհետացումների, այդ թվում՝ բռնի կամ ոչ կամավոր ձերբակալությունների կապակցությամբ և օգոստոսի 30-ը հռչակեց որպես Բռնի անհետացումների զոհերի միջազգային օր։ Բռնի անհետացումների զոհերը փաստացի զրկված են բոլոր իրավունքներից՝ ազատության, անձի անվտանգության, ինքնության, արդար դատավարության: Ցավոք, շատ դեպքերում նրանք զրկվում են նաև կյանքի իրավունքից: Այս խորհրդանշական օրը ցանկանում եմ կրկին բարձրաձայնել և մեր բոլոր գործընկերների ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների վերականգնման խնդրին: Ադրբեջանական իշխանությունները հերքում են տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման փաստը, որի առնչությամբ կան հստակ ապացույցներ, ուստի այդ անձինք ինքնաբերաբար համարվում են բռնի անհետացման զոհ: Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումները՝ Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և պատանդառված քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ: Կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի, Ժնևի կոնվենցիաների և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի պահանջները՝ Ադրբեջանը շարունակում է խոչընդոտել գերիների վերադարձը։ Մինչդեռ, ի շարունակություն Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության կողմից վարվող հայատյացության հետևողական քաղաքականության, Ադրբեջանում գտնվող հայ գերիներն ու պատանդները ենթարկվում են խոշտանգումների, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի: Արդեն արձանագրված են նաև նրանց կյանքի իրավունքից զրկելու դեպքեր: Շարունակվում են հայ ռազմագերիների ապօրինի և շինծու դատավարությունները: Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիների իրական թվերի և պահման վայրերի թաքցնելը պատերազմական և մարդկության հանդեպ հանցագործությունների կատարման անհերքելի վկայություն են: Այս առումով հիշարժան է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության՝ Հայաստան և Արցախ կատարած այցի արդյունքում հրապարակված զեկույցում Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգումների որակումը՝ որպես պատերազմական հանցագործություն: Գնահատելի է բազմաթիվ այլ իրավապաշտպան կազմակերպությունների, ներառյալ՝ Freedom House-ի կողմից խնդրին անդրադարձը, մասնավորապես՝ Ադրբեջանի իշխանություններին ուղղված պահանջը՝ ողջ ծավալով համագործակցել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ՝ հայ գերիների մասին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու, նրանց իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ երախտիքի խոսք ուղղել Եվրոպական խորհրդարանին, ինչպես նաև մի շարք երկրների, այդ թվում՝ Նիդերլանդների, Սլովակիայի, Իտալիայի, Բելգիայի, Լյուքսեմբուրգի խորհրդարաններին, բազմաթիվ պետությունների ղեկավարներին, բարձրաստիճան հոգևորականներին, տասնյակ իրավապաշտպաններին, մարդու իրավունքների ջատագովներին, աշխարհահռչակ մշակութային և արվեստի գործիչներին, խորհրդարանականներին, միջազգային կազմակերպություններին և անհատներին, որոնք, պայքարելով մարդու կյանքի իրավունքի և արժանապատվության հարգման բարձրագույն արժեքների համար, իրենց հայտարարությունների, կոչերի, ընդունված բանաձևերի, ելույթների և հորդորների միջոցով բարձրաձայնում են հայ գերիների խնդիրը և պահանջում վերջիններիս անհապաղ ազատ արձակումն ու հայրենադարձումը: Հետևելով օրվա խորհրդին՝ կոչ ենք անում մեր միջազգային գործընկերներին, ինչպես նաև իրավապաշտպան կառույցներին ակտիվացնել միջազգային ճնշումը Ադրբեջանի իշխանությունների վրա՝ պահանջելով հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերն ու անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար և անմարդկային պայմաններում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց»:
13:21 - 30 օգոստոսի, 2021
Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա |azatutyun.am|

Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի նախագահը հայտարարում է, թե Անկարան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ` բարիդրացիության և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման հիման վրա: Ռեջեփ Էրդողանն այս մասին ասել է այսօր Չեռնոգորիայում, երբ լրագրողը հետաքրքրվել է` ինչպես է Անկարան արձագանքում Հայաստանի վարչապետի վերջին հայտարարությանը, թե Երևանը դրական ազդակներ է ստացել Թուրքիայից և համապատասխանաբար կարձագանքի: Ի պատասխան` Էրդողանը հույս է հայտնել, թե Հայաստանի նոր կառավարության գործունեությունն օգտակար կլինի տարածաշրջանի համար: «Մեր տարածաշրջանում նոր, կառուցողական մոտեցումների կարիք կա: Չնայած կարծիքների և ակնկալիքների տարբերություններ կան, բայց վստահության հիման վրա բարիդրացիական հարաբերություններ զարգացնելու անկեղծ ջանքերի գործադրումը պատասխանատու մոտեցում կլինի` հիմնված միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա», - ասել է Էրդողանը: Նշելով, որ նորագույն պատմությունը չպետք է թշնամանքի աղբյուր լինի, և որ պետք է կառուցողական քայլեր ձեռնարկվեն կայուն խաղաղության և համակեցության համար, Էրդողանն ասել է. «Եթե Երևանը պատրաստ է շարժվել այդ ուղղությամբ, Անկարան կարող է սկսել աշխատանքը Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման ուղղությամբ: Ժամանակն է կայունությունը և խաղաղությունը դարձնել մշտական, և պայմաններ ստեղծել տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության համար»: Էրդողանն ընդգծել է, որ նման դիրքորոշում ունի նաև Ադրբեջանը, ու պնդել, թե Բաքուն առաջարկել է Հայաստանի հետ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության համաձայնագրի համար: «Ինչպես և համաձայնեցվել է 2020 թվականի նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարությամբ, ամբողջ տարածաշրջանը բացելով` նոր հնարավորություններ կառաջանան, որոնք կփոխեն Հարավային Կովկասը: Մենք պատրաստ ենք աշխատել բոլոր այն կողմերի հետ, ովքեր ցանկանում են օգտագործել այս պատմական հնարավորությունը»: Թուրքիայի նախագահը միաժամանակ կրկնել է ղարաբաղյան վերջին պատերազմից հետո շրջանառության մեջ դրված իր առաջարկը` տարածաշրջանում վեցակողմ հարթակ ստեղծելու վերաբերյալ` Հարավային Կովկասի երեք երկրների, ինչպես նաև Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ: Վրաստանը հրապարակավ հրաժարվել է այս նախաձեռնությունից` Ռուսաստանի հետ ունեցած դիմակայության պատճառով: Էրդողանն այսօր պնդել է` կարող են և առանց Վրաստանի մասնակցության համագործակցել. «5 կամ 6 երկրների հարթակի առաջարկը սեղանին է` Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրանը և Հայաստանը: Եթե այս հարթակը ընդունվի որպես այդպիսին, ես կարծում եմ, որ տարածաշրջանում լարվածությունը շատ կնվազի»։ Թուրքիայի նախագահը հատուկ շեշտել է, որ այս հարցը քննարկել է և համաձայնեցրել է ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։ «Իրանում նոր նախագահ է եկել իշխանության, նրա հետ էլ կքննարկենք», - ասել է Էրդողանը։
10:20 - 30 օգոստոսի, 2021
Ադրբեջանի ընդդիմադիր ակտիվիստները հետապնդումների են ենթարկվում նաև երկրի սահմաններից դուրս. BBC |armenpress.am|

Ադրբեջանի ընդդիմադիր ակտիվիստները հետապնդումների են ենթարկվում նաև երկրի սահմաններից դուրս. BBC |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանից 2010-ական թվականներին հեռացան տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ, լրագրողների և իրավապաշտպաններ, քանի որ այդ երկրում նրանց բնակվելը վտանգավոր էր դարձել: Պաշտոնական Բաքուն կատեգորիկ կերպով հերքում է փաստը, որ որևէ կերպ հետաքրքրված է քաղաքական էմիգրանտներով, սակայն միայն 2021 թվականին նրանցից երեքը մահացան դեռևս անհայտ հանգամանքներում: Եվրոպայում բնակվող ընդդիմադիր ադրբեջանցիներին հետևում են, հարևան երկրներ մեկնածներին բռնի ուժով տեղափոխում Ադրբեջան ու բանտարկում: Այս մասին լայնածավալ հոդված է պատրաստել BBC-ի ռուսական ծառայությունը՝ անդրադառնալով պաշտոնական Բաքվի կողմից ընդդիմադիր գործիչների նկատմամբ իրականացվող հետապնդումների ու բռնությունների փաստերին: Ադրբեջանցի ակտիվիստ Հուսեյն Բաքիխանովը մայիսի 7-ին Բաքվում մասնակցել էր բողոքի ակցիայի: Նրան իրավապահները ձերբակալել էին և 15 օրով բանտարկել, իսկ ազատ արձակելուց հետո, նրա իսկ խոսքով, ոստիկանները ծեծի էին ենթարկել՝ հայտարարելով. «Կամ դու երկրից կհեռանաս կամ քեզ կսպանենք կամ էլ կանենք այնպես, որ ինքդ քեզ սպանես»: BBC-ն պատմում է, որ այս սպառնալիքներից հետո Բաքիխանովը լքել էր Ադրբեջանն ու քաղաքական ապաստան խնդրել Վրաստանից: Հուլիսի 12-ին նա ծեծի էր ենթարկվել Թբիլիսիում՝ նրա իսկ խոսքով՝ ադրբեջանցիների կողմից: Այս մասին նա տեսանյութ էր հրապարակել՝ ասելով, որ պատահական չի համարում հարձակումն իր վրա: Տեսանյութի հրապարակման հաջորդ օրը Բաքիխանովը ինքնասպանություն էր գործել՝ թռնելով Թբիլիսիի կենտրոնում գտնվող հյուրանոցի տանիքից: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քննում է գործը «ինքնասպանության հասցնելու» հոդվածով: Վրաստանում բնակվող ադրբեջանցի իրավապաշտպան Ավթանդիլ Մամեդովը հավատացած է, որ կատարվածն ինքնասպանություն չի եղել: Վրաստանի իշխանությունները երկու շաբաթ թաքցրել էին միջադեպը, որի մասին պարզ էր դարձել այն բանից հետո, ինչ այլ քաղաքական էմիգրանտներ սկսել էին պարզել, թե որտեղ է Հուսեյն Բաքիխանովը: Սա 2021 թվականին արտերկրում հաստատված ադրբեջանցի ակտիվիստի հետ կապված արդեն երրորդ նմանօրինակ միջադեպն է: Հունվարի 15-ին Բելգիայի ոստիկանությունը գետում հայտնաբերել էր Վուգար Ռզայի մարմինը: Նա շուրջ մեկ շաբաթ անհետ կորած էր համարվում: Իսկ մայիսի 5-ին Ստամբուլում հայտնաբերվել էր ակտիվիստ Բայրամ Մամեդովի դին, ով խեղդվել էր ծովում: Վերջինս Ադրբեջանում հետապնդումների էր ենթարկվում Հեյդար Ալիևի հուշարձանի վրա Բաքվի ղեկավարությանը քննադատող գրաֆիտի անելու համար: Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից այլախոհների նկատմամբ նման քաղաքականության զոհերից Լեյլա Յունուսը, ով ամուսնու հետ այժմ բնակվում է Նիդերլանդներում, տևական ժամանակ անցկացրել է ադրբեջանական բանտում՝ տնտեսական հանցանքներ գործելու հիմնավորումներով: Նա պատմում է, որ երկրում հետապնդումները հատկապես ուժգնացան 2013 թվականից, երբ Եվրախորհրդարանը դեմ քվեարկեց Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին բանաձևին: Բաքվում համարեցին, որ կարելի է չվախենալ պատժամիջոցներից ու սկսեցին ձերբակալություններ իրականացնել: Շատերը ստիպված մեկնեցին այլ երկրներ, սակայն Յունուսը վստահ է, որ Ալիևն Ադրբեջանն այլախոհներից մաքրելուց հետո սկսել է նրանցից ազատվել արդեն արտերկրում: BBC-ն նշում է, որ Եվրոպայի տարածքում անհայտ անձանց կողմից մի քանի անգամ ադրբեջանցի քաղաքական էմիգրանտները ծեծի են ենթարկվել: Միայն 2021 թվականին երկու բլոգեր՝ Բեռլինում և Նանտում, բռնության զոհ են դարձել: Մի շարք դեպքերում Իլհամ Ալիևի քննադատները ոստիկանության պահանջով ձերբակալվում են և վերադարձվում Ադրբեջան: Նրանցից էր լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, ով Թուրքիայից արտաքսվել էր և երկու տարի անցկացրել Բաքվի բանտում: Շարունակությունը՝ armenpress.am-ում։
20:16 - 28 օգոստոսի, 2021
Իրանը հույս ունի, որ հայ-ադրբեջանական սահմանային խնդիրները կլուծվեն խաղաղ մթնոլորտում |armenpress.am|

Իրանը հույս ունի, որ հայ-ադրբեջանական սահմանային խնդիրները կլուծվեն խաղաղ մթնոլորտում |armenpress.am|

armenpress.am: Պաշտոնական Թեհրանը հուսով է, որ Սյունիքի մարզի սահմանամերձ գոտիներում և հատկապես Կապան-Գորիս ճանապարհային հատվածում առաջացած վերջին տարաձայնությունները կկարգավորեն այնպես, որ չի խափանվի տրանսպորտային ուղիների վերաբացման և ապաշրջափակման նպատակի իրագործումը: Հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) դեսպանությունից:  Իրանի դեսպանատնից ասել են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր սահմանազատման հարցի՝ օրակարգ մտնելուց ի վեր Իրանը լիահույս է եղել, որ կողմերը հրատապ կերպով կհասնեն այնպիսի փոխընդունելի լուծման, որը կապահովի Հայաստանի և իր հարևանների միջև հարաբերությունների բնականոն ընթացքը՝ նվազագույն հետևանքներով: Նաև հիշեցրել են են, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերաբացման և ապաշրջափակման հարցը եղել է Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափով ընդունված եռակողմ հայտարարությունների հիմնական կետերից մեկը: Թեհրանը հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդհանուր սահմանազատման հետ կապված տարաձայնությունները կլուծվեն խաղաղ մթնոլորտում՝ առանց որևէ լարվածության կամ խափանման հաղորդակցության ուղիներում: «Հուսով ենք, որ կողմերը՝ Սյունիքի մարզի սահմանամերձ գոտիներում և հատկապես Կապան-Գորիս ճանապարհային հատվածում առաջացած վերջին տարաձայնությունները կկարգավորեն այնպես, որ չի խափանվի տրանսպորտային ուղիների վերաբացման և ապաշրջափակման նպատակի իրագործումը: Ցավոք, վերջին երկու օրերի ընթացքում ականատես ենք լինում այն բանին, որ Սյունիքի մարզում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետևանքով այս ճանապարհով երթևեկությունը խաթարվել է, ինչը խնդիրներ է առաջացրել ոչ միայն Հայաստանի քաղաքացիական բնակչության բնականոն կյանքի համար, այլև Իրանից Հայաստան բեռնափոխադրում իրականացնող մի շարք իրանական բեռնատարների համար: Այս ճանապարհի 21 կիլոմետրանոց հատվածում առկա իրավիճակի բարդությունից ելնելով՝ պահանջվում է, որ կողմերը բարիդրացիության սկզբունքի շրջանակներում ջանքեր գործադրեն՝ հաղորդակցության և երթևեկության բնականոն ընթացքը ապահովելու ուղղությամբ, մինչև այս առումով ճշգրիտ և կոնկրետ իրավիճակի հասնելը: Հետևաբար, մենք դեռ հույս ունենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդհանուր սահմանազատման հետ կապված տարաձայնությունները կլուծվեն խաղաղ մթնոլորտում՝ առանց որևէ լարվածության կամ խափանման հաղորդակցության ուղիներում», - նշված է Իրանի դեսպանության պատասխան նամակում:  Ինչ վերաբերում է հաղորդակցության բնականոն ընթացքի երաշխավորման կարևորությանը՝ իրանական կողմն ընդգծում է, որ իրենք մշտապես հայտնել են իրենց տեսակետները Հայաստանի իրավասու մարմիններին: «Լիահույս ենք, որ Կապան-Գորիս երթուղու շահագործման շուրջ առկա տարաձայնությունների լուծման ուղղությամբ ընթացող բանակցություններին զուգահեռ՝ սրընթաց կերպով կընթանան նաև այլընտրանքային երթուղիների բարելավման ու զարգացման աշխատանքները, որպեսզի պայմանները ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ Հայաստանի հետ մեր առևտրային հարաբերությունների տեսանկյունից՝ վերադառնան իրենց բնականոն հունին», - հյատնում են Իրանի դեսպանությունից:
17:06 - 27 օգոստոսի, 2021
Տարածվող լուսանկարը ոչ թե Գորիս-Կապան ճանապարհից է, այլ Քարվաճառից

Տարածվող լուսանկարը ոչ թե Գորիս-Կապան ճանապարհից է, այլ Քարվաճառից

Օգոստոսի 25-ի ուշ երեկոյան ոչ պաշտոնական լուրեր տարածվեցին, համաձայն որի՝ ադրբեջանական զինված ուժերը փակել են Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Րոպեներ անց միջադեպի մասին ֆեյսբուքյան իր էջում գրեց պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Միջադեպի մասին պաշտոնյաներից առաջինն արձագանքեց ՄԻՊ Արման Թաթոյանը, ապա առավոտյան պաշտոնական հաղորդագրություն տարածեց ԱԱԾ-ն։ Երեկ համացանցում տարածվեց լուսանկար՝ մեկնաբանությամբ, համաձայն որի՝ «թուրքերը Գորիս-Կապան ճանապարհին կանգնած են»։ Լուսանկարը տարածել է ֆեյսբուքյան օգտատեր Գագիկ Համբարյանը։ Այն տարածել են ավելի քան 270 օգտատեր։ Նշված հրապարակումը տարածել են Blognews.am և Azgonline.am կայքերը։ Տարածված լուսանկարը, սակայն, նոր չէ և Գորիս-Կապան ճանապարհին չէ։ Yandex որոնման համակարգով նկարը որոնելիս հնարավոր եղավ գտնել լուսանկարի տեղանքը և ամսաթիվը։ Առաջին նկարը տարածվող լուսանկարն է՝ մեկնաբանությամբ, թե «թուրքերը կանգնած են Գորիս-Կապան ճանապարհին», երկրորդ նկարը որոնման արդյունքում հայտնաբերվածն է։ Բացի սրանից հնարավոր եղավ հայտնաբերել նաև Ռուսաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում առկա այլ նկարներ։ Համաձայն ՌԴ ՊՆ կայքի՝ Ռուս խաղաղապահները վերահսկել են եռակողմ հայտարարությամբ Քարվաճառի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցման գործընթացը և ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը։ Լուսանկարները հրապարակվել են 2020 թվականի նոյեմբերի 26-ին Քարվաճառի շրջանի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու հաջորդ օրը։ Լուսանկարը՝ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքից Այսպիսով՝ տարածվող լուսանկարը 2020 թվականի նոյեմբերի 25-ի է և ոչ թե Գորիս-Կապան ավտոճանապարհից է, այլ Քարվաճառի շրջանից։ Նարեկ Մարտիրոսյան
13:59 - 27 օգոստոսի, 2021
Կապան-Գորիս ճանապարհի փակ լինելու պատճառով իրանական բեռնատարներն ունեն Երևան հասնելու հետ կապված խնդիր |armenpress.am|

Կապան-Գորիս ճանապարհի փակ լինելու պատճառով իրանական բեռնատարներն ունեն Երևան հասնելու հետ կապված խնդիր |armenpress.am|

armenpress.am: Էկոնոմիկային նախարար Վահան Քերոբյանը խիստ մտահոգիչ է համարում Կապան-Գորիս միջպետական ճանապարհին ստեղված իրավիճակը: Լրագրողների հետ զրույցում Քերոբյանը ասաց, որ պրոֆեսիոնալ պաշտոնյաները ամբողջությամբ ընդգրկված են հարցին լուծում տալու համար: «Անտրամաբանական է, որ մենք բոլորս նետվենք ինչ-որ հարցի լուծման համար, որով զբաղվում են պրոֆեսիոնալ պատասխանատուները: Կարծում եմ, որ հարցը շուտով լուծում կստանա»,-  ասաց Քերոբյանը: Նրա խոսքով` Իրանական  մեքենաները Հայաստան մտնելու հետ կապված խնդիր չունեն, ունեն խնդիր Երևան հասնելու հետ կապված: «Խնդիրը լուծվում է շրջանցող ճանապարհով, որն, իհարկե, հարմարեցված չէ բեռնատար մեքենաների համար, բայց այդ ճանապարհը գործում է, և բեռնատար մեքենաները անցնում են: Կրկնում եմ, շատ մտահոգված ենք և շատ անհանգստացած ենք այդ ճանապարհի փակմամբ և ամեն ինչ անում ենք, որպեսզի այդ ճանապարհը բացվի»,- եզրափակեց Քերոբյանը:
12:41 - 27 օգոստոսի, 2021
Ալիեւն ասել է, որ «Հայաստանը չի կարող անկախ պետություն համարվել»
 |mediamax.am|

Ալիեւն ասել է, որ «Հայաստանը չի կարող անկախ պետություն համարվել» |mediamax.am|

mediamax.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հայտարարել է, որ «Հայաստանը չի կարող լիարժեք անկախ պետություն համարվել, քանի որ այդ երկիրը ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը»: «Այսօր Հայաստանը բացահայտորեն ընդունում է, որ չի կարող ապահովել իր անվտանգությունը, պահպանել իր սահմանները եւ ի վիճակի չէ ապրել իր հաշվին: Նման իրավիճակում անկախության մասին խոսք լինել չի կարող: Հայաստանին անկախ երկիր անվանելը բոլորովին անհիմն է. նրա մոտ բացակայում է անկախ երկրին բնորոշ հատկանիշների ճնշող մեծամասնությունը», - ասել է Ալիեւը: Նա նշել է, որ «2020 թվականի աշնանը Ղարաբաղում պատերազմի ժամանակ Ադրբեջանը ոչնչացրեց Հայաստանի մասին բոլոր առասպելները»: Իլհամ Ալիեւը նշել է, որ Ադրբեջանի կողմից պատերազմի ավարտը ողջամիտ քայլ էր: «Հայաստանը ստորագրեց կապիտուլյացիայի ակտը, եւ պատերազմն ավարտվեց: Մեզ համար ողջամիտ էր պատերազմի ավարտը: Եթե պատերազմը շարունակվեր, մենք ավելի շատ կորուստներ կունենայինք: Մենք կարող էինք դժվարությունների հանդիպել Քելբաջարի եւ Լաչինի շրջանների ազատագրման հարցում: Այս տարածաշրջանների կլիման, լեռները կարող էին խնդիր դառնալ մեզ համար: Ձմեռն էլ մոտենում էր», - ասել է նա:
18:29 - 26 օգոստոսի, 2021
Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է՝ զինծառայող Բաբաևն անցել է Արցախի սահմանը |factor.am|

Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է՝ զինծառայող Բաբաևն անցել է Արցախի սահմանը |factor.am|

factor.am: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հաստատում է, որ զինծառայող Ջաբիլ Բաբաևն անցել է Արցախի սահմանը և գտնվում է հայկական կողմում։ Գերատեսչությունը նշում է, որ զինծառայող Բաբաևն ինքնակամ լքել է Գանձակի՝ Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը։ «Ադրբեջանական բանակի զինծառայող Ջամիլ Բաբաևն ինքնակամ լքել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը։ Զինծառայող Բաբաևի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է քննություն»,- ասվում է հայտարարությունում, որը վկայակոչում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանի ՊՆ-ն, սակայն, չի նշում, թե հոգեկան խնդիրներ ունեցող անձն ինչպես կարող է ծառայել բանակում։ Չի հաղորդվում նաև, թե ինչպես է նա Գանձակի հիվանդանոցից հասել Մարտակերտ։
13:19 - 26 օգոստոսի, 2021
Ադրբեջանական զինծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը․ ՄԻՊ

Ադրբեջանական զինծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը․ ՄԻՊ

Ադրբեջանական զինված ծառայողները քիչ առաջ փակել են նաև ՀՀ Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը (լուսանկարի հատվածն է): Այս փաստը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Սա միջպետական ճանապարհ է, որ ապահովում է ՀՀ քաղաքացիական բնակչության բնականոն տեղաշարժը և ուղիղ կապված է մարդկանց բնականոն կյանքի հետ: Ադրբեջանական զինված ծառայողների այս հանցավոր արարքները խախտում են մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը և ամբողջությամբ խաթարել են մարդկանց բնականոն կյանքը: Ինքնին նրանց ներկայությունն այդ ճանապարհներին մարդկանց կյանքի իրավունքի և միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների խախտում է: Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղին մոտ (Շուռնուխ-Կարմրաքար հատված) միջպետական ճանապարհը ադրբեջանական զինված ծառայողների կողմից երեկ գիշերը 23:00-ի սահմաններում փակելուց հետո այս հատվածով նույնպես մարդկանց տեղաշարժը դադարեցված է:
12:18 - 26 օգոստոսի, 2021
Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է Ալիևի հայտարարությանը |azatutyun.am|

Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է Ալիևի հայտարարությանը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը ողջունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությունը և պատրաստակամ է սատարել դրա՝ հնարավորինս արագ կյանքի կոչմանը` «Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ. Հաագայի կոնվենցիային և դրան կից երկու արձանագրություններին համահունչ, «Ազատության» հարցին ի պատասխան ընդգծում է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի հայտարարությունը: «Ազատությունը» մասնավորապես հետաքրքրվել է՝ ինչպե՞ս կմեկնաբանեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե իբր Հայաստանը դեմ է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության այցին Լեռնային Ղարաբաղ։ ՀՀ ԱԳՆ-ի քարտուղարը նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության անհապաղ իրականացման անհրաժեշտությունն առաջացել է 2020թ. 44-օրյա պատերազմի արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը ոչնչացման վերահաս վտանգից պաշտպանելու համար։ «Թե՛ պատերազմական գործողությունների ընթացքում, թե՛ հրադադարի հաստատումից հետո բազմաթիվ են ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական եկեղեցիների, մշակութային և կրոնական այլ հուշարձանների միտումնավոր ոչնչացման և վանդալիզմի փաստագրված դեպքերը։ Ավելին` Արցախի կրոնական և մշակութային ժառանգության օբյեկտների ֆիզիկական ոչնչացմանը զուգահեռ ականատես ենք լինում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության հրահանգով իրականացվող պատմական փաստերի կեղծման, հայկական հուշարձանների ինքնության և պատկանելիության խեղաթյուրման, ճարտարապետական տեսքի փոփոխման անընդունելի դեպքերի», - հայտնում է ԱԳՆ քարտուղարը։ Հունանյանը նշում է, որ մշակութային հանցագործությունները կոծկելու նպատակով էր Ադրբեջանը տևական ժամանակ խոչընդոտում ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների այցելությունը՝ միաժամանակ կազմակերպությանը մեղադրելով կողմնակալության մեջ։ Ընդգծելով, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից առաքելության իրականացման համար խոչընդոտներ ստեղծելու և հարցը քաղաքականացնելու պրակտիկան հիմա էլ շարունակվում է, ԱԳՆ-ն հիշեցնում է՝ դեռևս 2020թ․ դեկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ մշակութային հարցերով տեղակալը հայտարարել էր, որ Ադրբեջանը համաձայնություն չի տալիս առաքելության գործուղմանը։ «Արցախի վտանգված մշակութային և կրոնական ժառանգությունը միջազգային ուշադրության հրատապ կարիքն ունի՝ այն պատշաճ կերպով պահպանելու և վանդալիզմի դեպքերը կանխելու համար։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության իրականացումն ու պատմամշակութային ժառանգության համապարփակ ուսումնասիրությունը կնպաստի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերին և հնարավոր բացասական զարգացումների կանխարգելմանը», - նշում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության քարտուղարը: ԱԳՆ-ի քարտուղարն ընդգծում է, որ հայկական կողմը շահագրգռված է առաքելության՝ հնարավորինս սեղմ ժամկետներում իրականացմամբ և շարունակում է նպատակամղված ջանքեր գործադրել այս ուղղությամբ: Իլհամ Ալիևը ՅՈւՆԵՍԿՕ-ին քննադատել է Ադրբեջանի հանդեպ անուշադիր ու կողմնակալ վերաբերմունքի համար:
15:58 - 25 օգոստոսի, 2021