ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Ադրբեջանն արհեստական ձգձգում, քաղաքականացնում է գերիների վերադարձի գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով վերջիներիս և նրանց ընտանիքների իրավունքները․ ՄԻՊ

Ադրբեջանն արհեստական ձգձգում, քաղաքականացնում է գերիների վերադարձի գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով վերջիներիս և նրանց ընտանիքների իրավունքները․ ՄԻՊ

Հայկական կողմի` գերիների վերադարձին ու անհայտ կորածներին առնչվող հարցերով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս պահին հատուկ զեկույցով է հանդես գալիս Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի կազմակերպած քննարկմանը, տեղեկացնում է ՄԻՊ ֆեյսբուքյան էջը:Քննարկումը կազմակերպել է ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտի խաղաղության ամրապնդման և իրավունքների ծրագրի տնօրեն Դեյվիդ Լ. Ֆիլիպսը: Քննարկման մասնակիցների թվում է նաև Իրավունքի դպրոցների ամերիկյան ասոցիացիայի մարդու իրավունքների միջազգային բաժնի ընտրված ղեկավար, իրավունքի պրոֆեսոր Թոմաս Մ. Մակդոնելը:«Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գերիների վերադարձի գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով վերջիներիս և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում, կազմակերպում են կեղծ դատավարություններ», - քննարկման ժամանակ ընդգծել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
21:16 - 10 օգոստոսի, 2021
Երկրից դուրս գալու ժամանակ ՍԷԿՏ համակարգի սահմանափակումները մարդկանց լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնում․ ՄԻՊ

Երկրից դուրս գալու ժամանակ ՍԷԿՏ համակարգի սահմանափակումները մարդկանց լուրջ խնդիրների առաջ են կանգնեցնում․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ քրեական գործի հետ կապված շարունակում է խնդրահարույց լինել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման և մարդուն շարունակաբար անորոշ վիճակում պահելու պրակտիկան:  «Խոսքը, մասնավորապես, սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգին վերաբերող խնդիրների մասին է։ Դրանից գլխավորներից է այն, որ մարդը չի իմանում կամ տեղյակ չի պահվում, որ իր նկատմամբ կիրառվում է երկիրը հատելու արգելք ու երբ, նույնիսկ տարիներ անց, փորձում է դուրս գալ երկրից, չի կարողանում։ Մարդու իրավունքների պաշտպանին տարիների ընթացքում հասցեագրված բողոքները վկայում են, որ պրակտիկան այդպես էլ չի բարելավել։ Միայն 2020 թվականին՝ պայմանավորված ռազմական ու արտակարգ դրույթներով, բողոքների թիվը եղել է տարբեր։ Պետական սահմանով անցման սահմանափակումները վերացնելուց հետո զուգահեռ բողոքները շարունակվում են հասցեագրվել։ Մտահոգիչ է հատկապես այն, որ նշված սահմանափակումների առկայության պայմաններում ոչ միայն Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության արդյունքում, այլև հենց քրեական գործ քննող մարմիններն են արձանագրել կասկածյալի կամ մեղադրյալի ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակմանն առնչվող խնդիրներ։ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի համաձայն՝ չհեռանալու մասին ստորագրություն տված կասկածյալը կամ մեղադրյալը չի կարող առանց հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կամ դատարանի թույլտվության մեկնել այլ տեղանք կամ փոխել բնակության վայրը, նա պարտավոր է ներկայանալ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի և դատարանի կանչով և նրանց հայտնել իր բնակության վայրը փոխելու մասին: Մասնավորապես, անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող մարմինների կողմից «Ստորագրություն` չհեռանալու մասին» խափանման միջոցը կիրառելու մասին տվյալները մուտքագրվում են ՍԷԿՏ (Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ): Այդ համակարգի խնդիրը Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարությունների և պետական կառավարման այլ մարմինների կողմից ՀՀ մուտք (ելք) գործող անձանց և տրանսպորտային միջոցների հաշվառման միասնական տեղեկատվական համակարգի ձևավորումն է, տեղեկատվության ստացման, կուտակման և մշակման ապահովումն է, ինչպես նաև համապատասխան շահագրգիռ մարմիններին անհրաժեշտ տվյալների տրամադրումն է։ Ինչպես 2017, 2018, 2019, այնպես էլ 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի քննությանն առնված դեպքերում չնայած անձինք կրած են եղել դատարանի կողմից նշանակված պատիժը, սակայն վերջիններիս՝ հանրապետությունից դուրս գալու իրավունքի սահմանափակումը ՍԷԿՏ համակարգից չէր հանվել՝ դեռևս նախաքննության փուլում կիրառված արգելանքի հիման վրա: Պաշտպանին ներկայացված բողոքների շարունակականության, ինչպես նաև խնդրի համակարգային բնույթի հաշվառմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը համակողմանի ուսումնասիրության առարկա է դարձրել անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի ապահովման սահմանադրաիրավական հիմքերն ու միջազգային իրավական սկզբունքները, արտասահմանյան երկրների օրենսդրական փորձը, ոլորտի ներպետական օրենսդրական կարգավորումների որոշակիությունն ու կանխատեսելիությունը: Արդյունքում, Պաշտպանը խնդիրը ներկայացրել է օրենսդրության և իրավակիրառման սահմանադրականության տեսանկյունից՝ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու գործառույթի իրացմամբ։ ՀՀ սահմանադրական դատարանը 2017 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-1360 որոշմամբ արտահայտել է իրավակիրառ պրակտիկայի իրավաչափությունը կանխորոշող պայմաններ՝ նշելով, որ «նման կանոնակարգման առկայության պայմաններում և նման կառուցակարգի միջոցով անձի տեղաշարժման ազատությունը սահմանափակելու պարագայում այն պետք է իրացվի բացառապես խափանման միջոցի վերացման մասին որոշում ընդունելու վերաբերյալ տեղեկատվությունը ևս նույն համակարգում տեղադրելու՝ իրավասու մարմնի հստակ պարտականության իրացման և անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի խոչընդոտները վերացնելու պայմանով»՝ միաժամանակ արձանագրելով օրենսդրության մեջ այս պահանջի՝ վարույթն իրականացնող մարմնի վրա դրված հստակ պարտականության տեսքով ուղղակի ամրագրման բացակայությունը։ Ավելին, Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված բողոքների բովանդակության ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ կառավարության խնդրո առարկա որոշման մեջ խափանման միջոցի վերացման մասին որոշման վերաբերյալ տեղեկատվությունը ՍԷԿՏ համակարգ ուղարկելու ուղղակի պարտականության բացակայությունը հարցականի տակ է դնում այդ ընթացակարգի որոշակիությունը, քանի որ կոնկրետ իրավասու մարմնի վրա դրված այդպիսի պարտականություն չկա: Քանի դեռ օրենսդրական համապատասխան փոփոխություններ չեն նախաձեռնվել, Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա այն սկզբունքով, որ խափանման միջոցի կիրառմամբ իրավասու մարմնին տեղեկություններ տրամադրելու պարտականությանը զուգահեռ ապահովվի հակառակի՝ խափանման միջոցի վերացման վերաբերյալ տեղեկություններ տրամադրելու պարտականությունը: Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացված նույնաբովանդակ բողոքների շարունակականությունն ինքնին վկայում է ոչ միասնական իրավակիրառ պրակտիկայի մասին: Սա առաջին հերթին արդյունք է այն բանի, որ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումները վերացվելու դեպքում ՍԷԿՏ համակարգում տեղեկատվությունը տեղադրելու կառուցակարգերը դեռևս բացակայում են: Այլ խոսքով՝ դեռևս հստակեցված չէ, թե որ մարմինը պետք է հանձն առնի անձի նկատմամբ կիրառված արգելքի սահմանափակման մասին ՍԷԿՏ համակարգը վարող մարմին տեղեկացնելու պարտականությունը: Մեկ այլ խնդիր է այն, որ ներկայում ՍԷԿՏ համակարգը վարող Ոստիկանությանը համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է փոստային առաքման միջոցով, ինչն ինքնին բարդացնում է ընթացակարգը՝ խլում ավելորդ ռեսուրս և ժամանակ: Գործնականում անգամ դեպքեր են եղել, երբ անձը քրեական հետապնդումը դադարեցնելուց երկու-երեք օր անց փորձել է հատել պետական սահմանը, սակայն չի թույլատրվել, քանի որ վարույթն իրականացնող մարմինը անհրաժեշտ գրությունը Ոստիկանությանն ուղարկել է փոստային ծառայության միջոցով, ուստի այն դեռևս ստացված չի եղել: Նման դեպքերում Ոստիկանության հետ ձևավորված համագործակցության արդյունքում հնարավոր կարճ ժամկետներում խնդիրը լուծվում է գրությունը ֆաքսիմիլային տարբերակով Ոստիկանության իրավասու ստորաբաժանում ուղարկելու միջոցով: Սակայն պրակտիկան շարունակում է ընթանալ այնպես, որ գրություններն ուղարկվում են փոստային ծառայության միջոցով, չնայած նրան, որ իրավունքի սահմանափակման դե յուրե վերացումը անհապաղ ենթակա է դե ֆակտո կյանքի կոչման: Ուստի, պաշտպանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ խնդրի լուծումը պետք է տրվի օրենսդրական բացի հաղթահարման ճանապարհով՝ համապատասխան ընթացակարգերի ամրագրմամբ: Միաժամանակ, անհրաժեշտ է նկատել, որ, եթե անձն ունի որևէ դատավարական կարգավիճակ, օրինակ՝ մեղադրյալի, սակայն նրա նկատմամբ խափանման միջոց կիրառված չէ, ապա որևէ կերպ չի կարող սահմանափակվել հանրապետությունից դուրս գալու նրա իրավունքը»,- գրել է Արման Թաթոյանը։
17:11 - 09 օգոստոսի, 2021
Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհում են մարդկանց պատկանող հողատարածքները․ ՄԻՊ

Ադրբեջանցիները դիտավորյալ հրդեհում են մարդկանց պատկանող հողատարածքները․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հանցավոր արարքներով հրդեհում են Արարատի մարզի Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ մարդկանց սեփականության իրավունքով պատկանող, ինչպես նաև դրանց անմիջական հարևանությամբ հողատարածքները: «Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ահազանգեր է ստացել, որ ադրբեջանական զինված ուժերը փոքր ու խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ են արձակում Երասխի անմիջական հարևանությամբ և հենց գյուղի ուղղությամբ: Գյուղը գտնվում է ադրբեջանական դիրքերից մոտ 1 կմ հեռավորության վրա: Ադրբեջանական զինված ուժերի կրակոցները կոպիտ կերպով խախտում են Երասխ և հարակից գյուղերի բնակիչների իրավունքները: Հրդեհների պատճառով Երասխ և հարակից գյուղերի բնակիչները չեն կարողանում բնականոն գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնել: Դրանից բացի, կրակոցներն ու հրդեհները խաթարել են մարդկանց խաղաղ և բնականոն կյանքը Երասխում հատկապես»,- գրել է Թաթոյանը։
21:32 - 06 օգոստոսի, 2021
ՀՀ ՄԻՊ-ը պաշտպանության նախարարին է ներկայացրել Զինված ուժերի վերաբերյալ Պաշտպանի գրասենյակի աշխատանքի արդյունքները

ՀՀ ՄԻՊ-ը պաշտպանության նախարարին է ներկայացրել Զինված ուժերի վերաբերյալ Պաշտպանի գրասենյակի աշխատանքի արդյունքները

ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն օգոստոսի 6-ին ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։ Արման Թաթոյանն Արշակ Կարապետյանին ներկայացրել է Զինված ուժերին վերաբերող՝ պաշտպանի գրասենյակի կատարած աշխատանքի արդյունքները, ընդգծել համագործակցության դրական ազդեցությունը առկա խնդիրների վերհանման և վերլուծության վրա, ինչպես նաև դրանց լուծումների կարևորությունը։  Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքը, մասնավորապես, ակտիվ գործակցությունը ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ համապատասխան կառույցների հետ։ «Հանդիպման ընթացքում քննարկվել են 44-օրյա պատերազմին և հետպատերազմյան սահմանային լարվածությանը վերաբերող այն հարցերը, որոնք ուղիղ առնչություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նախարար Կարապետյանն ընդգծել է, որ այժմ Զինված ուժերում իրականացվում են կարգապահության ամրապնդմանը, զորքերի մարտունակության բարձրացմանն ուղղված, ինչպես նաև զինծառայողների սոցիալական ապահովության  համալիր միջոցառումներ։ Մարդու իրավունքների պաշտպանը նաև տեղեկացրել է, որ գրասենյակի կողմից իրականացվել է հասարակության շրջանում սպայի դերի բարձրացման հետ կապված ուսումնասիրություն, որի շրջանակում այժմ պատրաստվում է համապատասխան զեկույց։
19:20 - 06 օգոստոսի, 2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կիսում է իրավապաշտպանների և Freedom House կազմակերպության մտահոգությունները Սաշիկ Սուլթանյանի գործով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը կիսում է իրավապաշտպանների և Freedom House կազմակերպության մտահոգությունները Սաշիկ Սուլթանյանի գործով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ իրավապաշտպանների, հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության մտահոգությունները Հայաստանում գործող «Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» ՀԿ նախագահ Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման առնչությամբ պետք է պատշաճ հաշվի առնվեն և դառնան քրեական հետապնդման մարմինների լրացուցիչ քննարկման առարկան: Այս առումով իրավապաշտպանների և ՀԿ-ների հայտարարություններին ուղղված Գլխավոր դատախազության օգոստոսի 5-ի հրապարակային արձագանքը՝ կապված Սաշիկ Սուլթանյանի իրավունքների հետ, պարունակում է քննադատական խոսքին կամ իրավապաշտպան գործունեությանը վերաբերող վտանգավոր շեշտադրումներ և առաջացնում է լրացուցիչ մտահոգություններ: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից լրացուցիչ պարզաբանումների հարցով գրություն կհասցեագրվի Գլխավոր դատախազություն: Մարդու իրավունքների պաշտպանը Ս. Սուլթանյանի նկատմամբ քրեական հետապնդման սկզբնական փուլից սեփական նախաձեռնությամբ սկսել է նրա իրավունքների պաշտպանության գործընթաց: Գրություն է հասցեագրվել ՀՀ դատախազություն: Ս. Սուլթանյանի իրավունքների հարցով մի շարք միջազգային և հայաստանյան կազմակերպություններ դիմել են Մարդու իրավունքների պաշտպանին՝ կապված նրա նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման իրավաչափության հետ: Այդ կազմակերպությունների հետ սկսված է համապատասխան հաղորդակցություն:   Ս. Սուլթանյանին ՀՀ քրեական օրենսգրքի՝ Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար պատասխանատվություն նախատեսող 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի հիմնավորվածությունը պետք է ցույց տրվի կոնկրետ ապացույցներով: Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում ընդգծել, որ ՀՀ-ում եզդիներն ունեն առանձնահատուկ դեր, անփոխարինելի ներգրավվածություն հանրային կյանքին: Նրանց իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում է: Բայց սա չի նշանակում, եթե մարդը, կոնկրետ՝ դեպքում Սաշիկ Սուլթանյանը, հնչեցրել է երկրին ուղղված քննադատական խոսք ու անգամ, եթե դա որոշ մասերով իրականությանը չի համապատասխանում, նա պետք է պատժվի քրեական պատասխանատվությամբ: Նման հարցերը հեշտորեն կարող են լուծվել Կառավարության իրավասու մարմնի կողմից հայաստանյան կամ միջազգային հանրությանն ուղղված համապատասխան արձագանքով, որով ընդամենը կհաստատվեն կամ կհերքվեն քննադատությունները:
10:31 - 06 օգոստոսի, 2021
Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումներին

Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ԱԺ-ում լրագրողների աշխատանքի սահմանափակումներին

ՀՀ Ազգային ժողովում օգոստոսի 2-ից կիրառվող լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին են հասցեագրվել բողոքներ՝ ԱԺ-ում հավատարմագրված մի շարք լրագրողներից, ինչպես նաև՝ լրագրողական կազմակերպություններից: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից՝ ընդգծելով, որ օգոստոսի 2-ից սկսած Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ուսումնասիրություն, որի եզրակացությունն ամբողջապես ներկայացնում ենք ստորև: «Տեղի է ունեցել մի քանի քննարկում ՄԻՊ-ի և Ազգային ժողովի նախագահի, ինչպես նաև երկու հաստատությունների աշխատակազմերի միջև: Հարցերը քննարկվել են ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների հետ, ինչպես նաև իրականացվել է միջազգային փորձի ու չափանիշների ուսումնասիրություն: Պածշտպանը նշել է, որ որպես կարևոր դրական փաստեր՝ ի գիտություն են ընդունվել սահմանափակումների առնչությամբ լրագրողական ՀԿ-ների օգոստոսի 3-ի հայտարարությունը, ինչպես նաև ԱԺ նախագահի և լրագրողների միջև օգոստոսի 4-ի քննարկումը: Պարզվել է, որ լրագրողների նկատմամբ սահմանափակումները կիրառվում են որպես ԱԺ նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնների մաս: Պարզվել է նաև, որ մինչև դրանց ընդունումը լրագրողների կամ լրագրողական կազմակերպությունների հետ քննարկումներ տեղի չեն ունեցել: Ըստ այդմ, ԱԺ նստավայրի տարածքում և շենքում լրագրողների մասնագիտական աշխատանքի օգոստոսի 2-ից կիրառված սահմանափակումների առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները հիմնականում հանգում են հետևյալին. 1. Բողոքների ու ահազանգերի հիմնական էությունն այն է, որ լրագրողներին ու օպերատորներին, օգոստոսի 2-ից սկսած, անվտանգության ծառայության աշխատակիցներն արգելում են մտնել Ազգային ժողովի նոր մասնաշենք, մոտենալ խմբակցությունների ու պատգամավորների աշխատասենյակներին, չի թույլատրվում մուտք համապատասխան միջանցքներ, հարցազրույցներ ու մեկնաբանություններ վերցնել միջանցքներում ու դրանց նախասրահներից: ԱԺ շենքի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցները լրագրողներին արգելում են տեսանկարահանում և լուսանկարահանում անել այն վայրերում, որտեղ իրենք են գտնվում կամ ծառայություն են իրականացնում: Նրանք ԱԺ շենքի կոնկրետ վայրերում լրագրողների տեղաշարժն արգելելու պատճառաբանություններ չեն ներկայացնում: 2. Օգոստոսի 2-ից գործող անվտանգության կանոնների համաձայն՝ ԱԺ-ում պետք է լինեն հատուկ վերահսկելի գոտիներ, որտեղ արգելվում է Ազգային ժողովում հավատարմագրված լրագրողներին զբաղվել մասնագիտական գործունեությամբ: Ընդ որում, հատուկ վերահսկելի գոտին ներառում է ԱԺ նիստերի դահլիճը, ԱԺ նախագահի աշխատասենյակը, ԱԺ նախագահի ընդունարանը, ԱԺ նախագահի որոշմամբ՝ նաև այլ դահլիճներ, որտեղ մուտքը թույլատրվում է համապատասխան սարքերով պարտադիր զննում անցնելուց հետո: Հարցն այն է, որ առկա չէ որևէ ակտ, որը կսահմաներ, թե որոնք են այլ դահլիճները, կամ առկա չէ սպառիչ տեղեկություն, թե կոնկրետ որ վայրերում է արգելվում լրագրողական աշխատանքը: 3. Իրականում, պետության բոլոր մարմինները, այդ թվում՝ ԱԺ-ն, պարտավոր են առաջնորդվել լրագրողի օրինավորության, բարեխղճության ու ազնվության կանխավարկածով: Լրագրողների մասնագիտական ազատ աշխատանքը երկրում ժողովրդավարության հիմքերից մեկի՝ խոսքի ազատության գրավական է: Այն պետության մարմինների և պաշտոնյաների նկատմամբ քաղաքացիների վերահսկողության երաշխիք է: 4. Յուրաքանչյուր մարմին կամ պաշտոնատար անձ պետք է գիտակցի, որ լրագրողի անխոչընդոտ աշխատանքի ապահովումը, լրագրողին հարցազրույց կամ մեկնաբանություն տալն իր պարտավորությունն է, այլ ոչ թե լրագրողին լավություն անել է կամ իր բարի կամքի դրսևորումը: ԱԺ պատգամավորների դեպքում խոսքը նաև քաղաքացիների նկատմամբ պարտավորության մասին է: Պետական մարմնի կամ պաշտոնյայի աշխատանքի մասին տեղեկություն ստանալը մարդու՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունք է: Այդ իրավունքը գլխավորապես ապահովվում է լրագրողի աշխատանքով: 5. Պետության մեջ գործող ցանկացած մարմին կամ պաշտոնյա պետք է գիտակցի, որ պատկերացումը, թե լրագրողը խոչընդոտում է իր աշխատանքը, ընդամենը կարծրատիպ է: Լրագրողի կամ լրատվամիջոցի հետ ճիշտ սկզբունքներով աշխատանքը միայն բարձրացնում է կոնկրետ մարմնի կամ պաշտոնյայի աշխատանքի արդյունավետությունը և նրա աշխատանքի նկատմամբ հանրային դրական ընկալումը: 6. Ազգային ժողովի նստավայրի տարածքում կամ շենքում լրագրողների ազատ աշխատանքը սահմանափակող ցանկացած փոփոխություն մինչև ընդունվելը պետք է պարտադիր քննարկվի ԱԺ-ում աշխատող հավատարմագրված լրագրողների հետ: Այն պետք է հաշվի առնի նաև լրագրողական ոլորտի կազմակերպությունների և մասնագետների դիրքորոշումները: 7. Ազգային ժողովի անվտանգության ապահովումն ունի հիմնարար կարևորություն, բայց լրագրողների աշխատանքի սահմանափակումները չպետք է «թաքցվեն» անվտանգության կանոնների հետևում: Ուստի, անընդունելի են լրագրողների աշխատանքի սահմանափակումների հիմքում, օրինակ, ահաբեկչական ակտերի կամ այլ ծանր հանցանքների կանխման հիմնավորումներ դնելը: Պետք է հաշվի առնել, որ խոսքը ԱԺ-ում հավատարմագրում ունեցող լրագրողների մասին է և հետո՝ նրանք ԱԺ մուտք գործելիս արդեն ենթարկվում են ստուգման ԱԺ անվտանգությունն ապահովող ծառայության կողմից, այդ թվում՝ համապատասխան սարքերով, և նրանց նկատմամբ լրացուցիչ սահմանափակումների կիրառումն այն հիմքով, որ արվում է անվտանգության համար, անընդունելի է: Լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները պետք է բխեն բացառապես ԱԺ-ում աշխատանքների բնականոն կազմակերպման պահանջից, բայց դրանք չպետք է հանգեցնեն լրագրողների աշխատանքի խոչընդոտների: 8. Լրագրողի աշխատանքը, ասենք, ԱԺ շենքի միջանցքներում կամ նախասրահներում ինքնանպատակ չէ: Լրագրողը չպետք է զրկվի «առաջին ձեռքից» կամ «տաք» տեղեկություններ ստանալու, այդ թվում՝ տեղում պատգամավորներին հարցեր ուղղելու, հարցազրույց վարելու կամ մեկնաբանություն ստանալու իրավունքից: Լրագրողը չպետք է զրկվի հենց անձամբ ու տեղում պատգամավորից կամ այդ տեղեկությունները ստանալու հնարավորությունից, այդ թվում՝ աշխատելով, օրինակ, միջանցքներում: Այս կանոններն ուղղակիորեն բխում են միջազգային իրավաբանությունից (օրինակ՝ Մանդլին և այլոք ընդդեմ Հունգարիայի գործով (Mándli and others v. Hungary) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020 թվականի հոկտեմբերի 12-ի վճիռը, գանգատ թիվ 63164/16, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի դիրքորոշումներ և այլն): Ուստի, առաջարկը, թե լրագրողների աշխատանքը պետք է սահմանափակվի բացառապես հատուկ առանձնացված մի քանի վայրում ու դա արվի այնպես, որ հնարավոր չլինի նրանց մուտքը ԱԺ շենք կամ դրա մի մաս, անընդունելի է: Չի կարող ընդունելի լինել նաև այն հիմնավորումը, թե միևնույն է՝ լրագրողն ազատորեն կարող է, օրինակ, պատգամավորի հետ պայմանավորվել և հարցազրույց վարել ԱԺ բակում: Այդ կերպ լրագրողը զրկվում է իր իրավունքներից, իսկ սահմանափակումը վերածվում է խոչընդոտի:  Լրագրողը պետք է հնարավորություն ունենա, կոնկրետ պահին առաջ եկած տեղեկատվական առիթն օգտագործելով, տեղեկություններ հրապարակել, այդ թվում՝ հաշվի առնելով, որ լրագրողը չպետք է կորցնի սենսացիոն կամ էքսկլյուզիվ տեղեկություններ հրապարակելու հնարավորությունը: Դա նաև ուղղակիորեն բխում է սենսացիոն կամ «տաք» տեղեկություններ անհապաղ ստանալու քաղաքացու Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքից:Սա պետք է նկատի ունենան բոլոր պատգամավորները՝ թե՛ կառավարող, թե՛ ընդդիմադիր խմբակցություններում: 9. Բացարձակ անընդունելի են այն իրավիճակները, երբ առանձին պատգամավորներ հրաժարվում են հարցազրույցներ տալ կամ մեկնաբանություններ անել՝ թույլ տալով լրագրողին ուղղված ցուցադրական վիրավորական ձևակերպումներ կամ երբ հստակ գիտեն, թե լրագրողն ինչ լրատվամիջոց է ներկայացնում, բայց ցուցադրաբար առանձին կամ այլ լրագրողների ներկայությամբ հատուկ հարցնում են դա լրագրողից՝ հստակ իմանալով, որ այդ կերպ առավել թիրախավորում են լրագրողին և սոցիալական մեդիայում նպաստում այդ լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ վիրավորանքի ու ատելության խոսքի գեներացմանը: 10. ԱԺ-ում օգոստոսի 2-ից կիրառված սահմանափակումների հետ կապված՝ խիստ խնդրահարույց է այն, որ այդ սահմանափակումները հսկելու համար ներգրավված են զինվորական համազգեստով ծառայողներ, որոնք արգելքներ կիրառելիս լրագրողին որևէ պատճառաբանություն չեն ներկայացնում: Ավելին, բացարձակ անընդունելի է պնդումը, թե լրագրողները պետք է բացառեն նրանց տեսանկարահանելը կամ լուսանկարելը ու առավել ևս այդ հիմքով ներգործության ենթարկելը՝ լրագրողի մուտքը ԱԺ արգելելով: Նման վառ օրինակ է այսօր՝ օգոստոսի 5-ին, «Panorama.am» լրատվամիջոցի լուսանկարչի մուտքը ԱԺ արգելելը: Ըստ լրագրողին ուղղված պաշտոնական հրապարակված գրության՝ նման որոշում կայացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Այս գրությունը հատկապես խնդրահարույց է այն առումով, որ լրագրողի նկատմամբ նման ներգործություն կիրառելու իրավական պատշաճ հիմքերը բացակայում են, գրությունը չի պարունակում կոնկրետ դեպքի կամ փաստերի հիմնավորումներ, իսկ նշված պաշտոնյայի լիազորության իրավական տիտղոսը լուրջ կասկածի տեղիք է տալիս: Ուստի, ԱԺ աշխատակազմը պետք է այլ հիմնավորումներով՝ բարձր ստանդարտով ցույց տա, թե ինչու չի կարելի լուսանկարել կամ տեսանկարել անվտանգությունն ապահովող աշխատակիցներին, և լրագրողը (առավել ևս ֆոտոլրագրողը կամ օպերատորը) ինչպես անի, որ դա տեղի չունենա՝ հաշվի առնելով, որ անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակիցները տեղակայված են ԱԺ շենքի բոլոր միջանցքներում ու մասնագիտական աշխատանքն առանց դրա օբյեկտիվորեն հնարավոր չէ իրականացնել: 11. Որևէ պարագայում չի կարելի ԱԺ-ում լրագրողների աշխատանքը համեմատել Կառավարության կամ գործադիր իշխանության այլ մարմնի շենքում լրագրողի աշխատանքի հետ ու լրագրողի աշխատանքի կանոններ, այդ թվում՝ սահմանափակումներ նախատեսել ըստ այդմ: Ազգային ժողովի դեպքում խոսքը գնում է Խորհրդարանի և քաղաքացիների ուղիղ քվեով ընտրված պատգամավորների մասին: Հենց այստեղ, հենց Խորհրդարանի շենքում են բախվում կարծիքներ, ձևավորվում է հանրային դիսկուրս և բանավեճ: Խորհրդարանն է երկրի ժողովրդավարության համակարգի գլխավոր երաշխավորը: Ավելին, գործադիր իշխանության համակարգի այն պաշտոնյաները, որոնք, օրինակ, օրենսդրական ինչ-որ նախագծի քննարկման համար եկել են ԱԺ, պետք է նկատի ունենան, որ լրագրողների հետ հարաբերվելիս նրանք զրկվում են այն «պաշտպանությունից», որ ունեն իրենց վարչական շենքերում աշխատելիս: 12. Վերը նշվածի հետ միասին, լրագրողներն իրենք պետք է ապահովեն պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան մասնագիտական աշխատանքի ծավալումը, այդ թվում՝ Խորհրդարանում աշխատանքի: Դա լրագրողին դարձնում է անխոցելի և նաև հնարավորություն է տալիս առավել արդյունավետ իրականացնել նրա իրավունքների պաշտպանությունը: 13. Ուստի, անվտանգության կանոնների «հովանու ներքո» լրագրողների աշխատանքների սահմանափակումները և լրագրողների կողմից այդ սահմանափակումները պահպանելու համար անվտանգության ծառայողներ տեղակայումը պետք է վերացնել: Փոխարենը՝ պետք է սահմանել կանոններ, որոնք կամրագրեն ԱԺ նստավայրի տարածքում և շենքում լրագրողների աշխատանքի առանձնահատկությունները, լրագրողների վարքագծի կանոնները, ինչպես նաև լրագրողների նկատմամբ պատգամավորների ու այլ պաշտոնատար անձանց պարտականությունները: Այս ամենը պետք է անել պատշաճ իրավական ակտով՝ լրագրողների, առաջնահերթ՝ ԱԺ-ում հավատարմագրվածների հետ նախապես քննարկելով»,-ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:
17:01 - 05 օգոստոսի, 2021
Հոգեբուժարաններում ոչ հոժարակամ կամ մարդու կամքին հակառակ բուժման ավարտի հետ կապված պրակտիկան բացարձակ անթույլատրելի է․ ՄԻՊ

Հոգեբուժարաններում ոչ հոժարակամ կամ մարդու կամքին հակառակ բուժման ավարտի հետ կապված պրակտիկան բացարձակ անթույլատրելի է․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․  «Բացարձակ անթույլատրելի պրակտիկա է առկա՝ կապված հոգեբուժարաններում ոչ հոժարակամ կամ մարդու կամքին հակառակ բուժման ավարտի հետ. բժշկական անձնակազմը եզրահանգման է գալիս, որ մարդն այլևս ստացիոնար բուժման կարիք չունի, ապաքինվել է և բուժումը պետք է դադարեցվի, բայց դուրս գրել հնարավոր չի լինում, քանի որ դատարաններում անորոշ ժամանակով ձգձգվում են հոգեբուժարանների դիմումների քննարկումները: Մարդիկ ստիպված են անորոշ վիճակում օրերով մնալ ազատությունից զրկված վիճակում՝ հոգեբուժարանում և սպասել, թե երբ դատարանն իրենց բուժման ավարտի կամ այլ կերպ` իրենց դուրսգրման ու ազատ արձակման վերաբերյալ որոշում կկայացնի: Սա խնդիր է նաև հոգեբուժարանի համար: Այն վեր ենք հանել Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի (NPM) կարգավիճակով գործառույթների շրջանակում և առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնանք: Օրենսդրական կարգավորումներն էլ թերի են»:
09:19 - 05 օգոստոսի, 2021
Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Արմեն Սարգսյանն ու Արման Թաթոյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։ «Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը` կապված սահմանային բնակչության իրավունքների խախտումների հետ: Արման Թաթոյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Գեղարքունիքի, Սյունիքի և Արարատի մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների, բողոքների քննության արդյունքները: Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքներով շարունակաբար խախտում են Հայաստանի Հանրապետության սահմանային համայնքների բնակիչների իրավունքները: Փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հրահրում են հրաձգություններ, իսկ ՀՀ զինված ուժերը կատարում են բնակչության պաշտպանության գործառույթ: Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից այդ խախտումների փաստերն արդեն իսկ ներկայացվել են Հայաստանում գործող միջազգային կառույցներին և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին։ Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։
13:52 - 04 օգոստոսի, 2021
ՄԻՊ-ն առաջարկել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարել

ՄԻՊ-ն առաջարկել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարել

Ի տարբերություն զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, ներառյալ զորահավաքային զորակոչի, պայմանագրային զինվորական ծառայության և վարժական հավաքի ներգրավելու դեպքերի՝ ծառայության ընթացքում զինծառայողների համար օրենքով ամրագրված չեն առաջնահերթ բժշկական օգնություն և սպասարկում: Արման Թաթոյանը նշում է, որ խնդիրն ի հայտ է եկել զինվորական հոսպիտալներ կատարված այցերի, բողոքների քննարկումների և օրենսդրության ուսումնասիրության արդյունքում: Այլ կերպ ասած՝ ծառայության մեջ գտնվող զինծառայողների բուժօգնությունն ու բուժսպասարկումը, ներառյալ՝ հետազոտությունները, իրականացվում են ընդհանուր հիմունքներով: Արդյունքում՝ զինծառայողների հետազոտությունները գործնականում ձգձգվում են, ինչի հետևանքով զինվորական հոսպիտալներում նրանք ստիպված երկար են մնում: Մինչդեռ, հաշվի առնելով զինվորական ծառայության առանձնահատկությունները, զինվորական պարտականությունների կատարմանը նրանց արագ ներգրավման անհրաժեշտությունը՝ զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է իրականացնել առաջնահերթ և սեղմ ժամկետներում: Խնդիրը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ որոշ հետազոտություններ (օրինակ՝ ՄՌՏ, ներկերակրափողային էխոկարդիոգրաֆիա, էլեկտրոնեյրոմիոգրաֆիա), որպես կանոն օբյեկտիվ պատճառներով, մեծամասամբ իրականացվում են քաղաքացիական բուժհաստատություններում: Խնդիրը քննարկվել է Պաշտպանության և Առողջապահության նախարարությունների հետ: Նրանք պարզաբանել են, որ միմյանց միջև փոխհամագործակցության շրջանակում արվում է առավելագույնը զինծառայողներին անհրաժեշտ հետազոտությունները և բուժական միջամտություններն առանց հերթագրման կազմակերպելու համար: Նաև նշել են, որ խնդիրը լուծելու համար Կառավարության որոշմամբ 2019 թ. դեկտեմբերին կատարվել է փոփոխություն, որի արդյունքում արդեն բուժսպասարկումն իրականացվում է պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով: Արդյունքում՝ բժշկական կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների համար կիրառվում է փոխհատուցման հետվճարային սկզբունքը, որով հերթագրումները և ծառայությունների մատուցման անհարկի ուշացումները կհասցվեն նվազագույնի: Մարդու իրավունքների պաշտպանի գնահատմամբ՝ ձեռնարկված միջոցներն անհրաժեշտ, բայց դեռևս բավարար չեն խնդիրն արմատապես լուծելու համար: Ուստի, հարցի համակարգային լուծման նպատակով հարկավոր է զինծառայողների առաջնահերթ բժշկական օգնության և սպասարկման իրավունքն ամրագրել օրենքի մակարդակով: Առաջարկվում է. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում ամրագրել, որ զինվորական ծառայության ընթացքում զինծառայողների հետազոտումը, փորձաքննությունը և բուժումը կատարվում են առաջնահերթ ու անվճար` պետության երաշխավորած բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում: Մինչև օրենսդրական տվյալ փոփոխությունը պետք է գործնականում միջոցներ ձեռնարկել զինծառայողներին անհրաժեշտ բուժհետազոտություններ հնարավորին սեղմ ժամկետներում իրականացնելու ուղղությամբ:
10:44 - 04 օգոստոսի, 2021
Ադրբեջանական զինծառայողները գողացել են ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ. ՄԻՊ

Ադրբեջանական զինծառայողները գողացել են ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ. ՄԻՊ

Ադրբեջանական զինծառայողները գողացել են ՀՀ Սյունիքի մարզի Կապանի Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի 3 ընտանիքի պատկանող 8 կով և 1 ցուլ։ Մասնավորապես, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2021 թվականի օգոստոսի 3-ի ահազանգերով պարզել է, որ Սյունիքի մարզի Կապան համայնքի Ճակատեն գյուղի վարչական տարածքում՝ անմիջապես գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող արոտավայրում 2021 թվականի հուլիսի 26-ին արածացնելու են տարել գյուղի երկու ընտանիքին պատկանող 4 կովեր: Այս մասին հայտնում է ՄԻՊ-ը։Կենդանիներն, արածելով, հասել են գյուղի վարչական տարածքում գտնվող «Յուրդեր» անվամբ արոտավայրը և մոտեցել ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքին: Ըստ ահազանգերի՝ դրանից հետո ադրբեջանական զինծառայողները կենդանիներին կապել են իրենց հատվածում, թույլ չեն տվել վերադառնալ և, բնակիչները շուրջ 5 օր իրենց բնակելի տան դիմացի սարից հեռադիտակով տեսել են, որ կենդանիները գտնվում են «Ջամբար» կոչվող տարածքում, իսկ օգոստոսի 1-ի դրությամբ կենդանիներն արդեն անհետացել են:Նշված դեպքից բացի, 2021 թվականի օգոստոսի 2-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ևս մեկ ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ Սյունիքի մարզի Կապան համայնքի Դավիթ Բեկ գյուղի բնակիչը գյուղի 3 ընտանիքի պատկանող 6 խոշոր եղջերավոր կենդանիների (1 ցուլ, 5 կով) 2021 թվականի հուլիսի 14-ին արածացնելու է տարել գյուղին պատկանող՝ շուրջ 1.5 կմ հեռավորության վրա գտնվող արոտավայր:Գյուղի բնակիչը, կարճ ժամանակ հեռացել է արոտավայրից և վերադառնալուն պես հայտնաբերել, որ կենդանիներից 5-ը չկան, իսկ կովերից մեկը ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող կողմից վերադառնում է՝ պարանը գլխին կապած (ինքը կենդանիներին առանց պարան է արածացնելու տարել):Հեռվում նկատել է, թե ինչպես են ադրբեջանական զինծառայողները դեպի իրենց խորքը քշում կենդանիներին:Նշված երկու դեպքերում էլ տեղի ունեցածի մասին բնակիչները տեղեկացրել են գյուղերի վարչական շրջանների ղեկավարներին:Դեպքերի մասին տեղյակ են պահվել նաև ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչները և ՌԴ սահմանապահները: Կենդանիների վերադարձման ուղղությամբ տարվող բանակցությունները օգոստոսի 3-ի դրությամբ արդյունք չեն տվել:Ադրբեջանական զինծառայողները հրաժարվում են վերադարձնել կենդանիներին՝ պատճառաբանելով, թե նրանք իրենց մոտ չեն:Այս տվյալները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաստատել է Ճակատեն և Դավիթ Բեկ գյուղերի նշված բնակիչների, նրանց համագյուղացիների հետ առանձնազրույցներով, ինչպես նաև դա հաստատլ են համայնքային մարմինները:Ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների պատկանող կենդանիների գողությունները, նրանց վնաս պատճառելն ունի պարբերական բնույթ: Նրանց անօրինական արարքները խախտում են ՀՀ բնակիչների սեփականության իրավունքը, այդ արարքներն ուղղված են անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն:Այս ամենն իր հերթին անվտանգությունից բացի, առաջացնում է սոցիալական բնույթի խնդիրներ, այդ թվում` լուրջ վնասներ է հասցնում ՀՀ սահմանային բնակչությանը:Նշված դեպքերը հաստատում են, որ ՀՀ բնակչության պաշտպանության, իրավունքների երաշխավորման համար Սյունիքի և Գեղարքունիքի շուրջ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի:Դա պահանջում է նրանց հեռացում ՀՀ սահմանային գյուղերի հարևանությունից և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներից:
00:11 - 04 օգոստոսի, 2021
Ազատությունից զրկվածներին պահելու խցերում մարդու արժանապատվությունը, իրավունքները խախտող պայմաններ Շիրակի և Արագածոտնի դատարաններում. ՄԻՊ

Ազատությունից զրկվածներին պահելու խցերում մարդու արժանապատվությունը, իրավունքները խախտող պայմաններ Շիրակի և Արագածոտնի դատարաններում. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը Շիրակի և Արագածոտնի դատարանների ազատությունից զրկվածներին պահելու խցերում մարդու րժանապատվությունը, իրավունքները խախտող պայմաններ է արձանագրել: Նշված դատարանների ազատությունից զրկվածներին ժամանակավոր պահելու վայրեր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի (NPM) 2021թ. հուլիսի 23-ի չհայտարարված այցով վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները՝ կապված միայն պահման պայմանների հետ.• Խիստ անբավարար պայմաններ են առկա Շիրակի դատարանի Գյումրու նստավայրում:Խցերը, որոնք նախատեսված են ազատությունից զրկված անձանց պահելու համար, գտնվում են դատարանի շենքի նկուղային հարկում, որտեղ բնական լուսաթափանցելիությունն անբավարար է, իսկ խցերի ներսում արհեստական (էլեկտրական) լուսավորություն առկա չէ, առհասարակ:Խցերում որպես պատուհան են ծառայում բետոնե ծածկույթով փոսանման բացվածքներ, որոնք կահավորված են ճաղավանդակներով և չունեն ապակե ծածկեր: Սա անթույլատրելի է՝ հատկապես հաշվի առնելով ցուրտ եղանակային պայմաններում խցերում պատշաճ ջերմային ռեժիմի ապահովման տեսանկյունից:Այցի ընթացքում Գյումրու նստավայրի խցերում բարձր է եղել նաև խոնավության աստիճանը, հատակին եղել են ջրի կուտակումներ: Առկա է վերանորոգման հրատապ անհրաժեշտություն՝ հաշվի առնելով նաև, որ առկա չէ օդափոխման համակարգ, ժամանակավոր պայման վայրի հատակը բետոնածածկ է, իսկ խցերի պատերի ծափամածիկները թափված են, տեսանելի են ճաքեր:• Բոլոր նստավայրերում խցերի սանհանգույցները խցի բնակելի հատվածից առանձնացված չեն ամբողջական պատով և չունեն դռներ:Ըստ պաշտոնական պարզաբանումների՝ խցերում կարող է պահվել մեկից ավելի անձ, ինչը նշանակում է, որ այս վիճակը հատկապես է անընդունելի նախևառաջ մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության տեսանկյունից:Անընդունելի է նաև, որ բոլոր սանհանգույցներն ասիական տիպի են:Աշտարակի նստավայրում առկա է երկու խուց, որոնց դռերն ամբողջությամբ բաց ճաղերով են, իսկ այդ խցերի ներսում սանհանգույցներն ունեն այնպիսի տեղակայում, որ ակնհայտ դիտարկվում են խցի դրսից՝ միջանցքից: Սա խախտում է մարդու նկատմամբ արժանապատիվ վերաբերմունքի ու նրա մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Դատարանների խցերի սանհանգույցների հետ կապված այս անընդունելի վիճակն ունի համակարգային բնույթ, այն արձանագրվել է այլ դատարանների (օրինակ՝ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի և Աբովյանի նստավայրեր) հետ կապված նույնպես և արտացոլվել Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում: • Աշտարակի նստավայրի խցերից մեկը չունի պատուհան, որի պատճառով խուցը չունի բնական լուսավորություն, ինչպես նաև չի ապահովվում պատշաճ օդափոխություն՝ նստավայրում օդափոխման համակարգի բացակայության պատճառով: • Աշտարակի նստավայրի երկու խցերից մեկում բացակայում է լվացարանը, իսկ Գյումրու և Ապարանի նստավայրերի մեկական խցերում առկա են լվացարաններ, բայց չկան ջրի ծորակներ:Գյումրու նստավայրի խցերից մեկում լվացարանի խողովակի փոխարեն տեղադրված է պլաստմասե շիշ:• Խցերում բացակայում են հիգիենիկ պարագաները, մասնավորապես՝ ուսումնասիրված խցերում առկա չի եղել օճառ, իսկ սանիտարական թուղթ առկա է եղել միայն Ապարանի նստավայրում:• Մարալիկի նստավայրի բոլոր երեք խցերը, ինչպես նաև Գյումրու նստավայրի չորս խցերից երկուսը կահավորված չեն նստարաններով և դրանցում, առհասարակ, որևէ տեսակի կահավորում առկա չէ:• Նստավայրերի որևէ խցում առկա չի եղել ազատությունից զրկվածների համար սննդի ընդունման համար անհրաժեշտ պայմաններ:• Դատարանների խցերը և խցերի սանհանգույցները հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցող անձանց կարիքներին: Սրան գումարվում է նաև այն, որ քանի որ դատարանի շենքերը նույնպես հարմարեցված չեն տեղաշարժման խնդիրներ ունեցողների համար, ապա խցերից դատական նիստերի դահլիճ տեղափոխումը մարդու իրավունքների, արժանապատվության տեսանկյունից անընդունելի է:Մարալիկի և Ապարանի նստավայրերի խցերի պայմաններն առավել բարեկարգ են, իսկ դրանց սանիտարահիգիենիկ վիճակն ու լուսաթափանցելիությունը բավարար են:Նշված խնդիրներն արձանագրվել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի գործառույթներ իրականացնող ստորաբաժանման և փորձագետների 2021թ. հուլիսի 23-ին չհայտարարված այցերի ընթացքում Շիրակի և Արագածոտնի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններ:Այցերի ընթացքում ստուգվել են նշված դատարանների Գյումրու, Մարալիկի, Աշտարակի, Ապարանի նստավայրերի ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահման խցերի պայմանները, ինչպես նաև տեղի են ունեցել առանձնազրույցներ դատարանների աշխատակազմերի և դատական կարգադրիչների հետ:Դատարանների խցերի հետ կապակցված խնդիրներից է նաև դատապարտյալներին դատարան տեղափոխումը, ուղեկցումը և պահպանությունն իրականացնող պատասխանատու պետական մարմնի հարցը, որն ունի համակարգային բնույթ և մշտապես պարբերական քննարկման առարկա է Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում՝ համապատասխան առաջարկներով:Ներկայում նշված այցերի արդյունքները գտնվում են ամփոփման փուլում, որոնք համապատասխան առաջարկներով կներկայացվեն իրավասու պետական մարմիններին:Սույն հաղորդմամբ հրապարակվում են Շիրակի մարզի գյումրու, Արագածոտնի մարզի Աշտարակի և Ապարանի նստավայրերի մի շարք լուսանկարներ:
23:47 - 02 օգոստոսի, 2021
Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ

Վերին Շորժայում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են. ՄԻՊ

ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղում մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են: Մարդկանց  անմիջապես վերևում ադրբեջանական մարտական դիրքն է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում է գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ներկայացրել լուսանկար, որտեղ ցույց է տրվում գյուղի տների և ադրբեջանական դիրքերի միջև առկա հեռավորությունը: «Սա ՀՀ Գեղարքունիքի  մարզի Վերին Շորժա գյուղի սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրն է, իսկ այս նկարում բնակիչներից մեկի տունն է, ապրում են նաև ընտանիքով և անասնագոմը: Մարդկանց  անմիջապես վերևում ադրբեջանական մարտական դիրքն է: Այս նկարից ակնհայտ երևում է, որ մարդիկ ադրբեջանական ուղիղ նշանառության տակ են: Այս իրավիճակները հատկապես նկատի ունեմ, երբ ասում եմ, որ նրանց զինված ուժերի ներկայությունն ինքնին կյանքի իրավունքի խախտում է (իհարկե, մյուս իրավունքների հետ միասին): Երեկ մենք հենց այս կոնկրետ հատվածում էինք, երբ արձակվեցին ադրբեջանական կրակոցները: Ընդ որում, այս մարտական դիրքից են նաև ադրբեջանական կրակոցներ արձակվում և հուլիսի 23-ին հրահրած կրակոցներով էին սպանել բնակիչներից մեկի խոշոր եղջերավոր կենդանուն»,-ասված է ՄԻՊ գրառման մեջ:
11:25 - 31 հուլիսի, 2021
ՄԻՊ–ը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Ադրբեջանի գործողությունների հետևանքով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

ՄԻՊ–ը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Ադրբեջանի գործողությունների հետևանքով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները

Հուլիսի 30-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ-ում գործող միջազգային կառույցներին և դիվանագիտական առաքելություններին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումների փաստերը, ասվում է ՄԻՊ ֆեյսբուքյան էջում զետեղված հաղորդագրությունում: Մասնավորապես, միջոցառմանը մասնակցել են Հայաստանում հավատարմագրված և գործող դիվանագիտական առաքելություններ (ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Լեհաստան, Չեխիա, Սերբիա, Ճապոնիա և այլն) և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, այդ թվում՝ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն: Քննարկումն արժեքավոր էր նրանով, որ մասնակցել են իրավապաշտպաններ, հասարակական կազմակերպություններ, անկախ փորձագետներ, որոնք կարևոր դիտարկումներ են արել՝ կապված սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության, միջազգային մեխանիզմներն (ՄԱԿ Անվտանգության խորհուրդ, Եվրախորհուրդ և այլն) օգտագործելու հարցում: Հանդիպմանը մասնակցել են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ Արման Գասպարյանը, Պաշտպանության և Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչներ: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացման խոսքում ընդգծել է, որ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքներին առնչվող խնդիրների արդյունավետ լուծման համար առանցքային դեր ունեն քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, իրավապաշտպանները: Հանդիպման ընթացքում Պաշտպանը ներկայացրել է փաստեր, որոնք հիմնավորում են՝ ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների միջազգայնորեն երաշխավորված իրավունքները, այդ թվում՝ կյանքի, սեփականության և մյուս կենսական իրավունքները: Արման Թաթոյանը ներկայացրել է նաև պարբերաբար իրականացվող փաստահավաք աշխատանքների արդյունքները: Մասնավորապես, նա նշել է, որ ադրբեջանական կրակոցները կանխվում են շնորհիվ ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ կրակոցների, որոնք նպատակ ունեն պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը: Ուստի, Պաշտպանը կարևորել է ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայությունը, որն ուղղված է սահմանային բնակիչների, առհասարակ, ՀՀ բնակչության պաշտպանությանը: Ադրբեջանական անօրինական արարքների պատճառով անվտանգությունից բացի, մարդկանց համար ստեղծվել են լրջագույն սոցիալական խնդիրներ: Ադրբեջանական զինված ուժերի իրական հանցավոր արարքների պատճառով գյուղերի բնակիչները զրկվել են արոտավայրերից, խոտհարքներից ու վարելահողերից: Օրինակ` Կութ գյուղում ադրբեջանական զինված ուժերը ֆիզիկապես ներկա են առնվազն արոտավայր 500 հա, խոտհարք 500 հա, վարելահող 20 հա տարածքի վրա: Նորաբակ գյուղում նրանք ներկա են առնվազն արոտավայր 1,000 հա, խոտհարք 200 հա, վարելահող 25 հա տարածքի վրա, իսկ Վարդենիս և Վերին Շորժա հատվածում արոտավայր 1,200 հա, խոտհարք 220 հա, վարելահող 250 հա տարածքի վրա: Ջաղացաձոր, Գեղամաբակ, Նորաբակ գյուղերի բնակիչները զրկվել են խմելու և ոռոգման ջրից: Հարցն այն է, որ ադրբեջանական զինված ուժերը ներկա են ջրային ավազանների և գետակներ տարածքներում, որոնցից ձևավորվում է խմելու և ոռոգման ջուրը: Փաստահավաք աշխատանքները հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները տևական ժամանակով խոչընդոտում են սահմանային բնակիչների գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը (օրինակ՝ Կութ, Արավուս, Տեղ, Խնածախ համայնքներում): Միջազգային իրավունքով արգելված արարքներով մեր սահմանային բնակիչներին հասցված այս վնասների, խաղաղ բնակչությանը պաշտպանող զինվորականների սպանությամբ նրանց կյանքի իրավունքը խախտելու, առողջությանը վնաս հասցնելու համար ուղիղ պատասխանատու են ադրբեջանական իշխանությունները: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանության ապահովումն ունի առանցքային նշանակություն, ինչպես նաև այն, որ իրենք առաջնային ուշադրություն են դարձնում մարդու իրավունքների հարցերին սահմանների որոշման գործընթացում, այդ թվում՝ իրենց իրավասության շրջանակում միջազգային ատյաններում բարձրացնելով:
20:27 - 30 հուլիսի, 2021
Ադրբեջանցիները պարբերաբար կրակում են Վերին Շորժա գյուղի և բնակեցված սարատեղիի ուղղությամբ. ՄԻՊ

Ադրբեջանցիները պարբերաբար կրակում են Վերին Շորժա գյուղի և բնակեցված սարատեղիի ուղղությամբ. ՄԻՊ

Վերին Շորժա գյուղում և գյուղի սարատեղիում փաստահավաք աշխատանքները ապացուցում են, որ բնակավայրը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի նշանառության տակ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ հավելելով, որ ադրբեջանցիները պարբերաբար կրակում են գյուղի և քաղաքացիական բնակիչներով բնակեցված սարատեղիի ուղղությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Բացի այն, որ ադրբեջանական զինված ուժերը անօրինական տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքում, գտնվում են ՀՀ բնակիչներին օրինական փաստաթղթերով պատկանող հողատարածքներում` օրինակ, միայն այս հատվածում նվազագույն հաշվարկներով ավելի քան 1,200 հա արոտավայր, 220 հա խոտհարք, 250 հա վարելահող: Այս մասին առկա են օբյեկտիվ ապացույցներ: Շարունակվում են արձանագրվել կենդանիների գողություններ ադրբեջանական զինված ուժերի կողմից, որոնք այդպես էլ չեն վերադարձվել, նրանց կրակոցներից կենդանիների սատկելու դեպքեր: Ավելին, այս տարածքների անմիջապես դիմաց գտնվող հողերը նույնպես չի լինում օգտագործել, քանի որ նշանառության տակ են ու մարդկանց մոտենալու դեպքում ադրբեջանական զինծառայողները կրակում են: Բնակիչները նշել են, որ ադրբեջանական կրակոցները կանխվում են շնորհիվ ՀՀ զինված ուժերի կանխարգելիչ կրակոցների, որոնք նպատակ ունեն պաշտպանել մարդկանց կյանքն ու առողջությունը: Այսինքն`ադրբեջանական զինված ուժերը խաթարում են քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը, մարդկանց խաղաղությունը, սեփականության իրավունքն ու բնականոն կյանքը, թույլ չեն տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել: Ադրբեջանական տեղակայումներն ու նկարագրված արարքները բացահայտ ոտնահարում են միջազգայնորեն երաշխավորված մարդու իրավունքները և միջազգային իրավունքով արգելված են: Այցի արդյունքները կներկայացվեն միջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԽ, ԵՄ և այլն), ինչպես նաև ՀՀ պետական համապատասխան մարմիններին»:
22:29 - 29 հուլիսի, 2021