Բելառուս

Քննարկվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքը

Քննարկվել է Տնտեսական համագործակցության հարցերով հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքի ընթացքը

Տնտնտեսական համագործակցության հարցերով հայ–բելառուսական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահներ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան հեռավար կապի միջոցով կազմակերպված աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկել են հանձնաժողովի` ընթացիկ տարվա մարտի 12–ին Երևանում կայացած  14–րդ նիստի որոշումների իրականացման ընթացքը։ Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի, Էկոնոմիկայի  նախարարության  պաշտոնյաներ։ Բելառուսական կողմը ներկայացրել են Բելառուսի անտառային տնտեսության նախարարության, ԱԳՆ,  Հայաստանում Բելառուսի դեսպանության, Բելառուսի առևտրաարդյունաբերական պալատի  ու Ներդրումների և սեփականաշնորհման ազգային գործակալության պաշտոնատար անձինք։ Տիգրան Խաչատրյանը ողջունել է աշխատանքային հանդիպման մասնակիցներին և շնորհակալություն հայտնել Վիտալի Դրոժժային հանդիպման առաջարկն ընդունելու համար։ «Վստահ եմ, որ մենք, որպես հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ, կկարողանանք համատեղ ջանքերով համակարգել աշխատանքները 14–րդ նիստի արձանագրության որոշումները հաջողությամբ իրականացնելու համար: Հուսով եմ, որ համավարակը հաղթահարելուց հետո կրկին անմիջական կհանդիպենք և կքննարկեք մեր երկրների առևտրատնտեսական համագործակցության առաջնահերթ խնդիրները», – ասել է Տիգրան Խաչատրյանը: Էկոնոմիկայի նախարարը բելարուսական կողմին տեղեկացրել է, որ Հայաստանի կառավարությունն ընդունել է կորոնավիրուսի համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված երկու տասնյակից ավելի հակաճգնաժամային ծրագիր, որոնցից հինգը` տուժած ձեռնարկություններին և ընկերություններին, այդ թվում` փոքր ու միջին բիզնեսին աջակցություն ցուցաբերելու համար։ Նա նշել է, որ մինչ օրս օգնություն է ստացել շուրջ 55 հազար տնտեսվարող սուբյեկտ ու ավելի քան մեկ միլիոն մարդ: Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ համավարակը սկզբունքորեն չի անդրադառնա ձեռք բերված պայմանավորվածությունների վրա, և Հայաստանի ու Բելառուսի պետական ​​կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչների պրոֆեսիոնալիզմի, նաև համակարգված աշխատանքի շնորհիվ կհաջողվի նվազեցնել կորոնավիրուսի բացասական ազդեցությունը առևտրատնտեսական կապերի, երկու երկրների գործարար շրջանակների փոխգործակցության վրա։ Նա նաև նշել, որ անհրաժեշտ է մշակել մարտահրավերներին դիմակայելու նոր արդյունավետ համակարգեր, փոխգործակցության նոր ձևեր։ Որպես հայ–բելառուսական համագործակցության հեռանկարային հարթակներ Տիգրան Խաչատրյանը նշել է արդյունաբերության, գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և ներդրումների, փոքր և միջին ձեռնարկությունների, տրանսպորտի, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման և շրջակա միջավայրի, նաև մշակույթի բնագավառում համատեղ նախագծերի  իրականացումը:  Նա հույս է հայտնել, որ մշաման փուլում գտնվող 9 երկկողմ փաստաթղթերի ստորագրումից հետո, մոտ ապագայում հնարավոր կլինի նկատելի դրական տեղաշարժ արձանագրել փոխգործակցության մի շարք ուղղություններով։ Օգտվելով առիթից, Տիգրան Խաչատրյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել բելառուս գործընկերոջը Հայաստանին անհատույց 50․000 հատ սոճու տնկի նվիրելու կապակցությամբ։ Վիտալի Դրոժժան, ողջունելով հանդիպման մասնակիցներին, իր խոսքում գոհունակությամբ նշել է, որ Մինսկի և Երևանի միջև չկան քաղաքական և տնտեսական խնդիրներ, իսկ առևտրատնտեսական բնույթի հարցերը արդյունավետ լուծումներ են ստանում միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում։ Նա շեշտել է, որ վերջին տարիներին հայ–բելառուսական առևտրատնտեսական հարաբերությունները կայուն և բազմակողմանիորեն զարգանում են, ընդլայնվում են նաև մշակությաին կապերը։ Նա ընդգծել է ընթացիկ տարվա մարտին Երևանում կայացած հայ–բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14–րդ նիստի արդյունավետ աշխատանքը և նշել, որ անցած կարճ ժամանակահատվածում, երկու երկրների պետական կառույցների և գործարար համայնքի համագործակցությամբ, որոշակի աշխատանքներ իրականացվել են, սակայն կորոնավիրուսը դանդաղեցրել է ընթացքը, նաև ազդել առևտրաշրջանառության վրա, և անհրաժեշտ է նախանշել մինչև տարեվերջ առևտրաշրջանառության ավելացման ծրագրեր։ Վիտալի Դրոժժան տեղեկացրել է, որ ընթացիկ տարվա հունվար–մարտին Բելառուսի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 25,4 մլն ԱՄՆ դոլլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով ընդամենը 5 տոկոսով, արտահանումը կազմել է 17,5 մլն ԱՄՆ դոլլար, նվազելով մինչև 17 տոկոս, ներմուծումը` 7,8 մլն ԱՄՆ դոլլար, աճելով ավելի քան 40 տոկոսով։ Հունվար–ապրիլին ծառայությունների փոխադարձ առևտրի ծավալը կազմել է 4 մլն ԱՄՆ դոլլար, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 45 տոկոսով։ Համագործակցության կարևոր նպատակներից Վիտալի Դրոժժան առանձնացրել է բելառուս և հայ արտահանողների դիրքերի ամրապնդումը երկու երկրների շուկաներում, ապրանքարտադրության ցանցի ընդլայնումը, համագործակցությունը գյուղատնտեսության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում։ Սոճու տնկիների վերաբերյալ Վիտալի Դրոժժան նշել է, որ Սևանա լճի մոտակայքում հայ-բելառուսական անտառը կդառնա երկու երկրների բարեկամության յուրահատուկ խորհրդանիշ։ Հանդիպման մասնակիցները հանգամանալիորեն քննարկել են հայ-բելառուսական միջկառավարական հանձնաժողովի 14–րդ նիստի որշումների բոլոր կետերի կատարման ընթացքը։ Նշվել է, որ հանձնաժողովի արձանագրության 44 կետերից 31 կետով փոխգործակցության 12 բնագավառներում միջոցառումներն իրականացման փուլում են: Հանդիպման ավարտին նախանշել են հետագա անելիքները և համագործակցության հեռանկարները։
11:22 - 12 հուլիսի, 2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Բելառուսի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Բելառուսի դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել նրան իր պաշտոնավարման տարիներին հայ-բելառուսական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար: Ընդգծելով, որ հայ-բելառուսական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն զարգացման մեծ ներուժ՝ փոխվարչապետը կարևորել է ոչ միայն երկկողմ հարաբերությունների խորացումն, այլև համագործակցության ընդլայնումը բազմակողմ՝ ԵԱՏՄ հարթակում: Դեսպան Իգոր Նազարուկը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին գնահատանքի բարի խոսքերի համար՝ նշելով, որ հեռանում է Հայաստանից՝ պահելով այն իր սրտում: Հանդիպման ընթացքում երկուստեք բարձր է գնահատվել, չնայած առկա խոչընդոտներին, առևտրաշրջանառության աճի արձանագրումը: Դեսպանը երկկողմ հարաբերությունների զարգացման համար կարևոր է համարել, մասնավորապես համավարակի ընթացքում, Երևանի և Մինսկի միջև կանոնավոր ավիաթռիչքների իրականացումը: Զրուցակիցները քննարկել են կորոնավիրուսային համավարակի հետևանքով երկու երկրներում ստեղծված իրավիճակն ու դրա դեմ պայքարելու միջոցառումների արդյունավետությունը:
19:18 - 09 հուլիսի, 2020
Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ

Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Բելառուսի դեսպանի հետ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկի հետ` ՀՀ-ում վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ ՀՀ պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպան Նազարուկին` պաշտոնավարման ընթացքում հայ-բելառուսական միջպետական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ իրականացրած ակտիվ և արդյունավետ աշխատանքի համար, հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-բելառուսական համագործակցության հարցեր և փոխհարաբերությունների հետագա զարգացման ուղիները, ընդգծվել է համագործակցության բավականին բաձր դինամիկան: Քննարկվել են նաև բազմակողմ ձևաչափերի շրջանակներում իրականացվող միջոցառումների ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:
15:08 - 08 հուլիսի, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հուլիսի 2-ի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ Նախագահ Սարգսյանը Բելառուսի գործընկերոջը ջերմորեն շնորհավորել է հուլիսի 3-ին նշվող երկրի ազգային տոնի՝ Բելառուսի Հանրապետության Անկախության օրվա առթիվ: Հայաստանի նախագահը բարձր է գնահատել երկու երկրների միջև զարգացող փոխգործողությունն ու արդյունավետ համագործակցությունը քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում։ Նախագահ Արմեն Սարգսյանը կարևորել է Բելառուսի փորձը բարձր տեխնոլոգիաների և տնտեսության մի շարք այլ ոլորտներում։ Նախագահները մտքեր են փոխանակել համագործակցության հեռանկարների, համատեղ ծրագրերի իրականացման հարցերի շուրջ։ Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Մինսկում հայկական եկեղեցու կառուցման համար հողատարածք տրամադրելու հարցում աջակցության համար։ 
10:15 - 03 հուլիսի, 2020
Ռուսաստանը եւ Բելառուսը ըմբռնման են հասել գազի գնի ձեւավորման հարցում |armenpress.am|

Ռուսաստանը եւ Բելառուսը ըմբռնման են հասել գազի գնի ձեւավորման հարցում |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը եւ Բելառուսը փոխըմբռնում են հանդես բերում գազի միասնական շուկայի ձեւավորման եւ այդ ռեսուրսի գնի շուրջ վեճերի հաղթահարման հարցում: Այդ մասին հուլիսի 1-ին առցանց ռեժիմով կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Մոսկվայում Բելառուսի դեսպան Վլադիմիր Սեմաշկոն: «Ես պետք Է ձեզ տեղեկացնեմ, որ երեկ նշանավոր միջոցառում Է տեղի ունեցել, երբ հանդիպել են Ռուսաստանի եւ Բելառուսի Էներգետիկայի նախարարներ (Ալեքսանդր) Նովակը եւ (Վիկտոր) Կարանկեւիչը, ներկա են գտնվել նաեւ դեսպանության մարդիկ, ինչպես նաեւ («Գազպրոմ»-ի ղեկավար) Ալեքսեյ Միլլերը: Եվ ինձ թվաց, որ ըմբռնումը հասունացել Է: «…» Երեկ զեկույցներից ես հասկացա, որ հասունացել Է ըմբռնումը, ինչը հարկավոր Է առաջ տանել եւ շարժվել դեպի գազի միասնական շուկա»,-նշել Է դիվանագետը: Բելառուսն ամեն տարի ՌԴ-ից ներմուծում Է շուրջ 20 մլրդ խորանարդ մետր գազ: Դրա հետ մեկտեղ Մինսկը քանիցս առաջարկել Է գազի գինը նվազեցնել մինչեւ Սմոլենսկի մարզի մակարդակ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
15:44 - 01 հուլիսի, 2020
Հունիսի 20-ից 22-ը կիրականացվեն մի շարք չվերթներ․ Քաղավիացիայի կոմիտե

Հունիսի 20-ից 22-ը կիրականացվեն մի շարք չվերթներ․ Քաղավիացիայի կոմիտե

ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է, որ որ ս. թ. հունիսի 20-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40):Ս.թ. հունիսի 20-ին կիրականացվի Կիև-Երևան-Կիև չվերթը SKYUP ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 18:50, Երևանից մեկնում ժամը 19:45):Ս.թ. հունիսի 20-ին, 21-ին, 22-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):Ս. թ. հունիսի 22-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40): Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան։
11:51 - 18 հունիսի, 2020
Հունիսի 16-ին և 18-ին կիրականացվեն չվերթներ․ ՀՀ Քաղավիացիայի կոմիտե

Հունիսի 16-ին և 18-ին կիրականացվեն չվերթներ․ ՀՀ Քաղավիացիայի կոմիտե

ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Տեղեկացնում ենք, որ ս. թ. հունիսի 16-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 19:30):Ս. թ. հունիսի 18-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35):Ս. թ. հունիսի 18-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 21:40): Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»։
09:18 - 16 հունիսի, 2020
Որ ուղղություններով է նվազում ներմուծումը |hetq.am|

Որ ուղղություններով է նվազում ներմուծումը |hetq.am|

hetq.am: Հայաստանի տնտեսության համար այդ բարդ օրերին նվազում է ոչ միայն արտահանումը, այլև՝ ներմուծումը։ Չնայած ընդհանուր ցուցանիշի նվազմանը՝ մի քանի երկրներից ներմուծումը շարունակում է աճել, օրինակ՝ Ռուսաստանից։ Ավելացել է սննդի ու հանքահումքային արտադրանքի ներմուծումը, իսկ մնացած խոշոր ապրանքատեսակները կրճատվել են։ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած ամենաթարմ տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին չորս ամիսներին (2020թ. հունվար-ապրիլին) Հայաստան է ներմուծվել ընդհանուր առմամբ 1 մլրդ 323 մլն դոլարի ապրանք։ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ներմուծումը կրճատվել է 11.5%-ով։ Այս նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է 692 մլն դոլար՝ նվազելով 8.1%-ով։ Ինչպես Հայաստանի արտահանման, այնպես էլ ներմուծման կազմում ամենամեծ տեսակարար կշիռը Ռուսաստանինն է։ Եվ ի տարբերություն մյուս խոշոր ուղղությունների, Ռուսաստանից ներմուծումը շարունակել է աճել։ Այս տարվա հունվար-ապրիլին Հայաստան ներմուծված ապրանքների 34.9%-ը ռուսական ծագման են։ Ռուսաստանից Հայաստան ներմուծումը կազմել է 462 մլն դոլար՝ նախորդ տարվա հունվար-ապրիլի համեմատ աճելով 8.1%-ով։  Հայաստանի ներմուծման աշխարհագրական կառուցվածքում մյուս ամենամեծ կշիռ ունեցող երկիրը Չինաստանն է։ Հունվար-ապրիլին Չինաստանի կշիռը Հայաստանի ներմուծման կազմում 14.2% է։ Բացարձակ թվով այն կազմել է մոտ 188 մլն դոլար՝ 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազելով 16.4%-ով։ Մյուս երկրներն անհամեմատ ավելի փոքր կշիռ ունեն Հայաստանի ներմուծման կազմում։ Չինաստանին հաջորդում են Իրանը (5.5%  տեսակարար կշռով) և Թուրքիան (4.7%-ով)։  Առաջին տասնյակում են նաև Գերմանիան, Իտալիան, Ուկրաինան, Ֆրանսիան, Վրաստանն ու Բելառուսը։ Թվարկվածներից աճել է միայն Ուկրաինայից, Ֆրանսիայից և Բելառուսից կատարվող ներմուծումը։ Իսկ մնացած երկրների գծով անկում է գրանցվել։  Ներմուծման ծավալներն ու դրանց համեմատությունը 2019 թվականի հունվար-ապրիլի հետ, մանրամասն կարող եք տեսնել գրաֆիկում։      Հայաստանի ներմուծման կառուցվածքն, ի տարբերություն արտահանման, դիվերսիֆիկացված է։ Եթե արտահանվող ապրանքների մոտ 80%-ը զբաղեցնում են միայն չորս ապրանքախմբեր, ապա ներմուծման կազմում նման բարձր կենտրոնացվածություն չկա։ Ինչպես գրել ենք մեր նախորդ նյութում, Հայաստանից արտահանվող ապրանքների առաջատարներն են հանքահումքը, պատրաստի սննդի արտադրանքը, ոչ թանկարժեք մետաղներն ու դրանցից պատրաստված իրերը, ինչպես նաև՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն ու մետաղները, դրանցից պատրաստված իրերը։ Իսկ ներմուծման ապրանքային կառուցվածքում առավել մեծ կշիռ ունեն հանքահումքը, մեքենաներն ու սարքավորումները, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերական արտադրանքը (այստեղ ներառված է նաև դեղորայքը), պատրաստի սննդի արտադարանքը, մանածագործական իրերը և այլն։ 2020 թվականի հունվար-ապրիլին Հայաստան է ներմուծվել 261 միլիոն դոլարի հանքահումքային արտադրանք, որը 2019 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ 3.2%-ով ավելացել է։ Ավելացել է նաև պատրաստի սննդի արտադրանքի ներմուծումը։ Աճը կազմել է 20.7%՝ հասնելով 119 մլն դոլարի։ Նույն ընթացքում ներմուծվել են 217 մլն դոլարի մեքենաներ, սարքավորումներ ու մեխանիզմներ, որոնց ընդհանուր արժեքը նվազել է 10.9%-ով։ Շարունակությունը՝ hetq.am-ում
15:35 - 10 հունիսի, 2020
Վլադիմիր Պուտինն անդրադարձել է գազի գնագոյացման բանաձևին |armenpress.am|

Վլադիմիր Պուտինն անդրադարձել է գազի գնագոյացման բանաձևին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն ու Բելառուսը չեն ընդունում ԵԱՏՄ անդամ երկրներին առաջարկված գազի գնի ձևավորման ընդհանուր բանաձևը: Այս մասին Եվրասիական Բարձրագույն խորհրդի տեսակոնֆերանսի ժամանակ նշել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Համապատասան բանաձևն առաջարկվել էր մինչև 2025 թվականի համար նախատեսված ԵԱՏՄ-ի զարգացման ռազմավարության նախագծում: «Նախագիծը գրեթե համաձայնեցված է, բացառությամբ մեկ կետի, որը վերաբերում է գազի փոխադրման սակագներին»,-ասել է Վլադիմիր Պուտինն իր ելությում: Նա նշել է, որ առկա բանաձևին աջակցում են Ռուսաստանը, Ղազախստանը և Ղրղզստանը:  «Բանն այն է, որ գազի գնագոյացման մոտեցումը կարելի էր հստակեցնել ավելի ուշ ԵՎՐԱԶԵՍ-ի գազի շուկայում գնի ձևավորման ժամանակ: Այդ բանաձևը դեռ չեն ընդունում Հայաստանի ու Բելառուսի մեր գործընկերները: Նրանք իրենց տեսակետն ունեն այս հարցի շուրջ»,-նշել է Պուտինը:  ՌԴ նախագահն ավելացրել է, որ եթե այդ կետի շուրջ համաձայնությունը լինի, ապա ռազմավարության ընդունման հետ կապված խնդիր չի լինի:  Նա նշել է, որ Բելառուսի և Հայաստանի գործընկերներն առաջարկում են գազի միասնական գին սահմանել, սակայն նման բան հնարավոր է միասնական բյուջեով միասնական շուկա, միասնական հարկային համակարգ ունենալու պարագայում:  «Ինտեգրացիայի այդպիսի խորը մակարդակի մենք դեռ չենք հասել, բոլորս էլ դա գիտենք: Կարծում եմ, որ գազի գինը առայժմ պետք է ձևավորվի շուկայական պայմաններում,-նշել է ՌԴ նախագահը: Վլադիմիր Պուտինը նշել է, որ եթե Բելառուսի և Հայաստանի գործընկերների դիրքորոշումը նույնը մնա, ապա տրամաբանական կլինի նախագծից գազի գնի հետ կապված կետը հանելը, որպեսզի նախագիծն ընդունվի այսօր: 
15:05 - 19 մայիսի, 2020
Բելառուսում մեկ օրում կորոնավիրուսի 951 դեպք է արձանագրվել

 |armenpress.am|

Բելառուսում մեկ օրում կորոնավիրուսի 951 դեպք է արձանագրվել |armenpress.am|

armenpress.am: Բելառուսում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 951-ով: Վարակակիրների ընդհանուր թիվը 28 681 է: Մահացել է ևս 4 հիվանդ: Ընդհանուր առմամբ մահացել է 160 մարդ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Բելառուսի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Ըստ նրանց տվյալների՝ COVID-19-ով վարակվածների թիվը մայիսի 15-ին հասել էր 27 730-ի, մահացել էր 156 մարդ: «Գրանցված 28 681 մարդու մոտ COVID-19-ի թեստը դրական է եղել: Կատարվել է 335 057 թեստավորում»,-ասվում է հաղորդագրությունում: Բելառուսի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ երկրում կորոնավիրուսի տարածման ամբողջ ընթացքում մահացել է 160 մարդ, որոնք ունեցել են քրոնիկական հիվանդություններ: Ըստ հաղորդագրության՝ մայիսի 16-ին Բելառուսում առողջացել և դուրս է գրվել 9 498 հիվանդ, որոնց մոտ ավելի վաղ կորոնավիրուս էր ախտորոշվել:
18:16 - 16 մայիսի, 2020