Արայիկ Վլադիմիրի Հարությունյան

Արայիկ Վլադիմիրի Հարությունյանը (դեկտեմբերի 14, 1973, Ստեփանակերտ) Արցախի Հանրապետության գործող նախագահն է։  Խոշոր գործարար է, պետական-քաղաքական գործիչ Արցախի Հանրապետությունում, Արցախի նախկին պետական նախարարն է, Ազատ Հայրենիք կուսակցության նախագահը, տեխնիկական գիտությունների թեկնածու։

1990թ․ ավարտել է Ստեփանակերտի ֆիզմաթ դպրոցը եւ նույն թվականին ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտը։ 1994թ․ տեղափոխվել եւ 1995թ․ ավարտել է Արցախի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ 1996թ․ ընդունվել եւ 1998թ․ ավարտել է ԱրՊՀ ասպիրանտուրան՝ տնտեսագիտություն մասնագիտությամբ։ 2013-ին պաշտպանել է ատենախոսությունը եւ դարձել տեխնիկական գիտությունների թեկնածու։
 


1995-1997 թվականներին աշխատել է ԼՂՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական։ 1997-1999 թվականներին աշխատել է Հայագրոբանկի Ասկերանի մասնաճյուղում՝ որպես կառավարիչ։
1999-2004 թվականներին զբաղեցրել է Հայագրոբանկի Ստեփանակերտի մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2005- թվականին ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր, մոտ երկու տարի նախագահել խորհրդարանի ֆինանսաբյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, միաժամանակ եղել է Հայրենիք խմբակցության ղեկավարը։
2005- 2007 թթ․ եղել է Ազատ Հայրենիք կուսակցության համանախագահը, ապա նախագահը:
2007- 2009թթ -Պատգամավորական գործունեությունը դադարեցրել եւ կուսակցապետի պաշտոնը թողել է ԼՂՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ։
 
Արայիկ Հարությունյանը ԼՂՀ Նախագահի հրամանագրով վարչապետ է նշանակվել 2007 թվականի սեպտեմբերի 14-ին։ 2009 թ. հոկտեմբերից վերընտրվել է Ազատ Հայրենիք կուսակցության նախագահ։ ԱՀ Նախագահի հրամանագրով 2012 թվականին վերանշանակվել է ԱՀ վարչապետ։ 2017թ-ին որպես վարչապետ եւ իշխող կուսակցության ղեկավար աջակցել է Արցախում իրականացվող սահմանադրական փոփոխություններին, որի արդյունքում գործող նախագահը շարունակել է պաշտոնավարումը երրորդ ժամկետով առանց ընտրությունների անցկացման:

Նախագահի 2017թ․ սեպտեմբերի 25-ի հրամանագրով նշանակվել է Արցախի Հանրապետության պետական նախարար: 2018թ․ հունիսի 6-ին ազատվել է ԱՀ պետական նախարարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա նշանակվել Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդատու:

 2020 թվականից Արցախի Հանրապետության նախագահն է։
Սարսանգի ջրերի տեղափոխման ծրագիրը Արցախի «դարի նախագիծ»-ն է դառնալու. Արայիկ Հարությունյան

Սարսանգի ջրերի տեղափոխման ծրագիրը Արցախի «դարի նախագիծ»-ն է դառնալու. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ քննարկելու համար Հանրապետությունում ոռոգման ջրի հետ կապված խնդիրները: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Հանրապետության նախագահը նշել է, որ ոլորտի զարգացման ուղղությամբ նախատեսված է մեծածավալ կապիտալ ներդրումներ իրականացնել, քանի որ կայուն ոռոգովի տարածքների ավելացմամբ գյուղատնտեսության համախառն բերքի ծավալները կավելանան մի քանի անգամ: Այդ համատեքստում Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Սարսանգի ջրերի տեղափոխման ծրագրին, որն իր ռազմավարական նշանակությամբ Արցախի համար «դարի նախագիծ» է դառնալու: Ոռոգման համալիր ծրագրի կյանքի կոչման գործում նախագահն առաջարկել է նաև կիրառել արտեզյան ջրհորների տարբերակը, սակայն ընդգծել է, որ բոլոր աշխատանքները պետք է սկսել հիմնավոր ուսումնասիրություններ անելուց հետո: Արայիկ Հարությունյանը հանձնարարել է ԱՀ գյուղատնտեսության նախարարությանը վերահսկողություն սահմանել կատարվող աշխատանքների վրա՝ բացառելով հնարավոր չարաշահումները: Խորհրդակցությանը մասնակցել են ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, «Ջրային տնտեսություն» ՓԲԸ տնօրեն Գեորգի Հայրիյանը, պաշտոնատար այլ անձինք:
20:35 - 03 օգոստոսի, 2020
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել երկրի նոր կառավարության առաջին նիստը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել երկրի նոր կառավարության առաջին նիստը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ օգոստոսի 3-ին տեղի է ունեցել կառավարության անդրանիկ նիստ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Նիստի  օրակարգում ընդգրկված «Արցախի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցն էր,  որը ԱՀ կառավարության անդամներին է ներկայացրել ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը: Նա նշել է, որ  նախագիծը  մշակվել է ի կատարումն Արցախի Հանրապետության նախագահի 2020-2025 թթ-երի  ծրագրի մի շարք դրույթների, ըստ որի, ԱՀ 2020 թվականի պետական բյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել 14,810 մլն դրամով, իսկ պետական բյուջեի եկամուտները` 5,100  մլն դրամով՝  պայմանավորված Հայաստանի Հանրապետությունից ստացվող բյուջետային վարկի գումարի չափով: Փոփոխությունների արդյունքում 2020 թվականի Արցախի Հանրապետության պետական բյուջեն, ըստ  ԱՀ  նախագահի  տված հանձնարարականի կկազմի՝ եկամուտների գծով՝ 126 մլրդ 49 մլն 399.2 հազար դրամ, ծախսերի գծով՝ 135 մլրդ  650 մլն 717.7 հազար դրամ: Դեֆիցիտը կկազմի 9 մլրդ 601մլն 318.5 հազար դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցների հաշվին:   Կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին, որն, ընթացակարգի համաձայն, ուղարկվելու է Ազգային ժողովի քննարկմանը: Այնուհետև երկրի ղեկավարը նիստի մասնակիցներին է ներկայացրել նախատեսվող բարեփոխումները՝ ըստ ոլորտների: «Խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը թույլ կտա շրջանցել համաշխարհային տնտեսության անկման հնարավոր բացասական հետևանքները մեր հանրապետության համար», - նշել է Արայիկ Հարությունյանը և ավելացրել, որ ընթացիկ ծրագրերի հաջող իրականացման պարագայում հաջորդ տարի սպասվում է երկնիշ տնտեսական աճ։ Խոսելով նիստում քննարկված ծրագրերի արդյունավետ իրականացման մասին՝ նախագահը ընդգծել է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ սերտ համագործակցության, ինչպես նաև պետական կառավարման համակարգի յուրաքանչյուր օղակում պաշտոնյաների բարեխիղճ վերաբերմունքի, կարգապահության, օրենքի առաջ բոլորի հավասարության, աշխատանքային կոլեկտիվներում ներդաշնակ մթնոլորտի պահպանման սկզբունքներին հետևելու անհրաժեշտությունը: Միաժամանակ, երկրի ղեկավարը զգուշացրել է, որ այն պետական պաշտոնյաները, որոնց աշխատանքն ու վարքագիծը հակասեն այդ սկզբունքներին, կազատվեն զբաղեցրած պաշտոններից։  Երկրի ղեկավարը նաև կարևորել է հանրապետությունում ձևավորված ներքին կայունության մթնոլորտի պահպանումը, որը թույլ կտա իրականացնել Արցախի Հանրապետության առջև ծառացած երկու կարևորագույն խնդիրները՝ անվտանգության ապահովումը և սոցիալ-տնտեսական զարգացումը: Այդ համատեքստում նախագահը ընդդիմադիր ուժերին կոչ է արել՝ զբաղվել միայն կառուցողական քննադատությամբ և  զերծ մնալ ստեղծված կայունությունը խաթարող քայլերից։
18:36 - 03 օգոստոսի, 2020
Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝  նվիրված մայրաքաղաքի՝ վթարային վիճակում գտնվող բնակելի շենքերի խնդիրներին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Երկրի ղեկավարը նշել է, որ, ըստ վթարային աստիճանների, խնդիրը պետք է համալիր լուծում ստանա: Այդ համատեսքտում առաջինը դիտարկվել է Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցում գտնվող թիվ 8 վթարային շենքը, որն, ըստ մասնագիտական գնահատականների, սեյսմիկ անվտանգության առումով գտնվում է ամենախոցելի վիճակում. հարցը շուտափույթ լուծում է պահանջում: Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի, կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանի զեկույցները լսելուց հետո Հանրապետության նախագահը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում լուծել շենքի 36 ընտանիքների ժամանակավոր տեղափոխման հարցը, փոխհատուցել վարձավճարները և, դրան զուգահեռ, սկսել շենքի կապիտալ վերակառուցման և վերանորոգման աշխատանքները: Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ եթե կատարված ամրացման աշխատանքներից հետո, այնուամենայնիվ, լինեն ընտանիքներ, որոնք ցանկություն չեն ունենա իրենց բնակարաններ վերադառնալու, կառավարությունն այլ լուծում կառաջարկի:
15:11 - 03 օգոստոսի, 2020
Արցախում մոլիբդենի խտանյութի արտադրություն կսկսվի. Արայիկ Հարությունյանը Կաշենի հանքավայրում ծանոթացել է «Բեյզ մեթալս»-ի նախաձեռնություններին

Արցախում մոլիբդենի խտանյութի արտադրություն կսկսվի. Արայիկ Հարությունյանը Կաշենի հանքավայրում ծանոթացել է «Բեյզ մեթալս»-ի նախաձեռնություններին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին այցելել է «Բեյզ մեթըլս» ընկերության Կաշենի հանքավայր:Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղոդմամբ՝ ընկերության սեփականատերերը Հանրապետության նախագահին ներկայացրել են գործունեության վերջին հաջողություններն ու նախաձեռնությունները: Նոր գործարանների հիմնադրմամբ՝ ընկերությունը մինչև տարեվերջ կարտադրի մոլիբդենի խտանյութ, պողպատե աղացագնդեր (դրանք գրեթե ամբողջությամբ կիրացվեն հանքանյութը վերամշակելիս), գյուղատնտեսության ոլորտում կարևոր ագրոքիմիկատ համարվող պղնձարջասպ, ինչպես նաև պղնձի փոշու տեսքով մետաղական պղինձ, որը կարտադրվի հիդրոմետալուրգիական եղանակով, և դրա համար հիմնական հումք կհանդիսանա նախկինում պոչամբարներում պահեստավորված կիսաթափոնը: Նախագահ Հարությունյանը գոհունակություն է հայտնել ներկայացված հավակնոտ ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու համար՝ ընգծելով, որ ընկերությունը շարունակում է կարևոր դերակատարություն ունենալ Արցախի արդյունաբերության զարգացման գործում:Հանրապետության նախագահին ուղեկցում էր ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը:
21:39 - 02 օգոստոսի, 2020
Արցախի նախագահը շնորհավորել է  կադաստրի ոլորտի աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ

Արցախի նախագահը շնորհավորել է կադաստրի ոլորտի աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ

Գեոդեզիստի, հողաշինարարի և անշարժ գույքի կադաստրի աշխատակցի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 1-ին ընդունել է Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի աշխատակիցներին՝ կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանի  գլխավորությամբ: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։ Երկրի ղեկավարը շնորհավորել է ներկաներին մասնագիտական օրվա կապակցությամբ և բարեխիղճ աշխատանքի համար արժեքավոր նվերներ հանձնել կառույցի մի խումբ աշխատակիցներին: Հանդիպմանը քննարկվել են նաև համակարգի գործունեությանը, առկա խնդիրներին և անելիքներին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում երկրի ղեկավարը  նշել է, որ անհրաժեշտ է համապատասխան միջոցներ ձեռնարկել բնակչությանը ավելորդ վարչարարությունից զերծ պահելու, մատուցվող ծառայությունների որակը ու մատչելիությունը բարձրացնելու, համակարգում կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ՝ միաժամանակ վստահություն հայտնելով, որ կառույցն ունի անհրաժեշտ ներուժ՝ նախանշված ծրագրերը հաջողությամբ կյանքի կոչելու և կառավարության կողմից դրված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու համար:
15:23 - 01 օգոստոսի, 2020
Մենք պատրաստ ենք վերադարձնել Արցախի Հանրապետության գրավյալ տարածքներն Ադրբեջանից. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Մենք պատրաստ ենք վերադարձնել Արցախի Հանրապետության գրավյալ տարածքներն Ադրբեջանից. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Քիչ առաջ վերադարձա Մարտունու շրջանից, որտեղ աշխատանքային հագեցած օրակարգ ունեի: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ «Շրջանի համայնքի ղեկավարների հանդիպմանը, բացի հիմնական հարցերից, անդրադարձել եմ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մեր Հանրապետության մասին երեկ հնչեցրած հայտարարությանը, որը խտացնում էր թեմայի վերաբերյալ նրա կառավարման ողջ շրջանի հռետորաբանությունը: Դրան կարելի էր և չարձագանքել, բայց մեր հայրենի հողում՝ այդ հողի մշակի ու պաշտպանի հետ զրույցում, մեկ անգամ ևս վերահաստատեցի այն, ինչ մտածում ենք, ինչի համար ապրում ենք, հանուն ինչի պատրաստ և ի վիճակի ենք մշտապես մարտնչելու:», նշել է Արցախի նախագահը։ Առավել մանրամասն՝ տեսանյութում։
10:24 - 01 օգոստոսի, 2020
Բաքուն չի հրաժարվել իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունից. Արցախի նախագահ

Բաքուն չի հրաժարվել իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունից. Արցախի նախագահ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է ՊԲ հրամանատարական հավաքների ամփոփիչ խորհրդակցությանը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում և ներկայացրել բարձրաստիճան սպայական անձնակազմին ուղղված իր ելույթից մի քանի շեշտադրումներ. «Պաշտոնական Բաքուն չի հրաժարվել իր հայատյաց և ռազմատենչ քաղաքականությունից: Հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում հրահրված բախումները, ապա Թուրքիայի ագրեսիվ ու բացահայտ ներգրավումը Հայաստանի և Արցախի Հանրապետությունների դեմ ռազմատենչ գործողություններում մեկ անգամ ևս հաստատում են այն իրողությունը, որ բանակաշինության ոլորտը եղել և մնում է մեր պետության կենսագործունեության ամենագերակա ուղղությունը, և մենք պետք է անենք առավելագույնը բանակի զարգացման ու զորացման համար: Թե՛ արդի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումը, թե՛ ինժեներական նոր կառուցների ստեղծումը պաշտպանության գոտու ամբողջ խորությամբ, թե՛ սպայական անձնակազմի սոցիալական խնդիրների լուծումը մշտապես կրելու են շարունակական բնույթ՝ գտնվելով Հանրապետության իշխանությունների և ողջ ժողովրդի հատուկ ուշադրության կենտրոնում: Հայ զինվորականը պետք է ապահովված լինի բոլոր անհրաժեշտ պայմաններով թե՛ Հայրենիքի պաշտպանության և թե՛ սեփական ընտանիքի կարիքները հոգալու համար: Մեր բանակը եղել է, կա և կլինի հզոր ու մարտունակ՝ միշտ պատրաստ պաշտպանելու հայրենի երկրի սահմանները, հարազատ ժողովրդի անվտանգությունն ու բարօրությունը: Սա ազգային օրակարգի հարց է, և, համատեղելով համայն հայության ջանքերն ու ներուժը, մենք կանենք առավելագույնը այն հաջողությամբ լուծելու համար»:
20:28 - 30 հուլիսի, 2020
Պետք է ամեն պահի պատրաստ լինել մարտական գործողությունը տեղափոխելու Ադրբեջան․ ԱՀ նախագահ

Պետք է ամեն պահի պատրաստ լինել մարտական գործողությունը տեղափոխելու Ադրբեջան․ ԱՀ նախագահ

ՊԲ-ի՝ 2020 թվականի ուսումնական տարվա պատրաստության պլանի համաձայն` զորամասերի հրամանատարների և նրանց տեղակալների պատրաստվածությունը ստուգելու, մասնագիտական գիտելիքների մակարդակը, տեսական և գործնական հմտություններն ու ունակությունները բարձրացնելու նպատակով հուլիսի 27-29-ը ՊԲ-ում անց են կացվել հրամանատարական հավաքներ: Առաջին դասախոսությունը  հավաքի մասնակիցների հետ անց է կացրել ԱՀ ՊՆ, ՊԲ-ի հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը: Բանակի հրամանատարը կարևորել է նման ձևաչափով հավաքներն ու դրանց զուգահեռ իրականացվող տեսական ու գործնական պարապմունքները զորքերի ամենօրյա կենսագործունեության ամրապնդման և զորամասերի մարտունակության շարունակական բարձրացման համատեքստում: Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ն։ Հրամանատարական հավաքների ընթացքում, ըստ համապատասխան խմբերի, իրականացվել են դասախոսություններ ու սեմինար-պարապմունքներ մարտավարամասնագիտական պատրաստության առարկաներից, անդրադարձ է կատարվել բարոյահոգեբանական ապահովման խնդիրներին: Հավաքները օգտակար էին ոչ միայն հրամանատարական պատրաստության կատարելագործման, զորքերի ամենօրյա ղեկավարման հարցերում միատեսակ մոտեցումների ձևավորման, այլև ծառայողական փորձի փոխանակման և միմյանց հետ ավելի սերտ կապեր հաստատելու տեսանկյունից: Հրամանատարական հավաքների արդյունքների ամփոփմանը ներկա է գտնվել նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Հանրապետության ղեկավարը, ողջունելով հրամանատարական հավաքի ամփոփիչ խորհրդակցության մասնակիցներին, նշել է, որ երկրի անվտանգության երաշխավոր պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում առաջադրված բոլոր մարտական խնդիրները` նպաստելով տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության պահպանմանը: Այնուհետև, անդրադառնալով հայ-ադրբեջանական պետական սահմանին Ադրբեջանի սանձազերծած սադրիչ գործողություններին և այդ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից հնչող սպառնալից հայտարարություններին, Արայիկ Հարությունյանը նշել է, որ ամեն պահի ոչ միայն պետք է պատրաստ լինել արժանի հակահարված տալու հակառակորդի սադրիչ գործողություններին, այլև, անհրաժեշտության դեպքում, մարտական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք` վստահեցնելով, որ բանակաշինությունը այսուհետ ևս լինելու է երկրի իշխանությունների գերակա առանցքը և արվելու է առավելագույնը բանակի զարգացման ու հզորացման համար: Հրամանատարական հավաքների արդյունքների ամփոփմանը ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի կողմից ի մի են բերվել արձանագրված արդյունքները, լավագույն ցուցանիշներ գրանցած մի խումբ զինվորականներ արժանացել են խրախուսման, իսկ մասնակից սպայակազմին  հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ տրվել են անհրաժեշտ ցուցումներ ու հանձնարարականներ:
11:35 - 30 հուլիսի, 2020
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարին

 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, քննարկվել է անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Երկրի ղեկավարն ընդգծել է պաշտոնական Ստեփանակերտի և Երևանի համապատասխան կառույցների սերտ ու համակարգված փոխգործակցության կարևորությունը, ինչը նպաստելու է ծագող մարտահրավերների արդյունավետ դիմակայմանը:
15:26 - 29 հուլիսի, 2020
Արցախի նախագահը շինկազմակերպությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է անցկացրել

Արցախի նախագահը շինկազմակերպությունների ներկայացուցիչների հետ խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն hանրապետությունում գործող շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ քննարկելու համար Պաշտպանության բանակի աշխատանքներում մասնավոր հատվածի ընդգրկմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը նշել է, որ Պաշտպանության բանակի կարիքները հոգալու համար անհրաժեշտ է օգտագործել նաև մասնավոր շինարարական կազմակերպությունների ներուժը, և այդ ուղղությամբ բանակի հրամկազմի հետ ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ այն լրացուցիչ կերպով նպաստելու է ինչպես ՊԲ ինժեներական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ մարդկանց զբաղվածության խնդրի լուծմանն ու տնտեսության աշխուժացմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանը, պաշտոնատար այլ անձինք:
19:55 - 27 հուլիսի, 2020
Արցախում պարետի լիազորությունները կիրականացնի տարածքային կառավարման և զարգացման նախարարը

Արցախում պարետի լիազորությունները կիրականացնի տարածքային կառավարման և զարգացման նախարարը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 27-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Արցախի Հանրապետության պարետի փոփոխությանը և հանրապետությունում նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների խստացմանը: Այս մասին հյայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ Երկրի ղեկավարի ստորագրած հրամանագրով` դադարեցվել են Գրիգորի Մարտիրոսյանի՝ որպես Արցախի Հանրապետության պարետի լիազորությունները և հանրապետության պարետ է նշանակվել ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը: Նախագահի խոսքով՝ պարետի փոփոխության որոշումը պայմանավորված է հատկապես այն հանգամանքով, որ առաջիկայում Ազգային ժողովի «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունն առաջադրելու է Գրիգորի Մարտիրոսյանի թեկնածությունը Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահի պաշտոնում: Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել Գ. Մարտիրոսյանին համավարակի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացրած գերազանց աշխատանքի համար: Միաժամանակ երկրի ղեկավարը նշել է, որ Ժ. Միրզոյանի նշանակումը պարետի պաշտոնում պատահական չէ. նա ղեկավարում է մի կառույց, որը մշակում և համակարգում է տարածքային կառավարման քաղաքականությունը և հսկում է տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը: Հանրապետության նախագահը համոզմունք է հայտնել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ համագործակցության արդյունքում կհաջողվի հաղթահարել համավարակի հետ կապված մարտահրավերները: Պատկան մարմինների ղեկավարների համապատասխան զեկույցները լսելուց հետո Հանրապետության նախագահը հանձնարարել է խստացնել նոր կորոնավիրուսի դեմ պայքարի գործող կանոնները, մասնավորապես՝ խիստ վերահսկողություն սահմանել հանրային տրանսպորտի, առևտրի, սննդի և կենցաղային սպասարկման օբյեկտներում հակահամաճարակային նորմերի պահպանման նկատմամբ, իսկ խախտումներ արձանագրելու դեպքում՝ տուգանել և սահմանափակել դրանց գործունեությունը: Առաջիկայում պարետի որոշումներով մի շարք նոր սահմանափակումներ կլինեն նաև սգո արարողությունների և հարսանյաց հանդիսությունների կազմակերպման համար: «Հանրապետությունում այս պահի դրությամբ փաստացի բուժում ստացող կորոնավիրուսով հիվանդ 61 անձից 42-ը մայրաքաղաքից են, որը բավականին մտահոգիչ ցուցանիշ է: Պետք է նշեմ, որ պետական ու մասնավոր հատվածների այն բոլոր ներկայացուցիչները, ովքեր չեն հետևի պարետի ցուցումներին ու չեն պահպանի անվտանգության կանոնները, կենթարկվեն խիստ պատասխանատվության»,- շեշտել է նախագահը: Երկրի ղեկավարի հանձնարարականով հանրապետության բուժհաստատությունները կանցնեն իրենց բնականոն աշխատանքային ռեժիմին, կվերսկսվեն պլանային բուժումները, և այդ համատեքստում կսահմանափակվի բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն մեկնող քաղաքացիների ելքը:
16:30 - 27 հուլիսի, 2020
Արցախի նախագահը, պաշտպանության նախարարն ու ոստիկանության պետը այցելել են ՊԲ N զորամաս

Արցախի նախագահը, պաշտպանության նախարարն ու ոստիկանության պետը այցելել են ՊԲ N զորամաս

ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և ԱՀ ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանի ուղեկցությամբ այցելել եմ ՊԲ N զորամաս և ծանոթացել ոստիկանության ծառայողների (ծրագրում ընդգրկված են գրեթե բոլոր ստորաբաժանումները) ուսումնական պարապմունքներին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում  հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ ինչպես ԱԱԾ հատուկ վարչության տղաները, այնպես էլ ոստիկանության ծառայողները, հանձնարարականի համաձայն, ձեռք են բերում սպառազինության որոշ տեսակների կիրառման հմտություններ: «Նախնական արդյունքները գոհացուցիչ էին:Այսօր լավ առիթ էր նաև ծանոթանալու հայկական ռազմարդյունաբերության ոլորտի մասնագետների կողմից կատարելագործված զինատեսակներին, որոնք գործնականում արդեն հաջողությամբ կիրառվում են մեր զինված ուժերում: «Ուժեղ սահման, ամուր թիկունք, պաշտպանված Հայրենիք» սկզբունքը մշտապես լինելու է մեր ռազմաքաղաքական ջանքերի առանցքում: Հ.Գ. Սամբոյի աշխարհի չեմպիոն Մավրիկ Նասիբյանը, ով ոստիկանությունում գումարտակի հրամանատարի պաշտոնն է զբաղեցնում, իր ունակությունները ցուցադրեց նաև «Ֆագոտ» հակատանկային համալիրի վարժասարքի վրա՝ ուսումնական պարապմունքից ստանալով չեմպիոնին վայել գերազանց գնահատական»,-նշել է նախագահը:
16:30 - 26 հուլիսի, 2020
Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությանը

Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 24-ին ընդունել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գլխավորած պատվիրակությանը Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն՝ Արցախի նախագահն իր խոսքում նշել է, որ փոխգործակցության հիմքում ունենալով ԱՀ և ՀՀ տնտեսությունների զարգացման հնարավորություններն ու հեռանկարները՝ առաջիկա տարիների տեսլականում շատ կարևոր է ուշադրությունը սևեռել պարենային ապահովության և անվտանգության խնդիրներին: Երկրի ղեկավարը շեշտադրել է, որ համաշխարհային տնտեսության վերջին զարգացումները, նոր տիպի կորոնավիրուսի հարուցած հետևանքները և տարածաշրջանային մարտահրավերներն այդ իմաստով այլընտրանք չեն թողնում՝ հատկապես, որ թե՛ Արցախում և թե՛ Հայաստանում առկա է գյուղատնտեսական չիրացված մեծ ներուժ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Խաչատրյանը նշել է, որ լիովին գիտակցում է ձևակերպված խնդիրների կարևորությունը և ժամանակի սղությունը: Նա ընդգծել է, որ Արցախի գործընկերների հետ քննարկում են այն հիմնական ուղիները, որոնք հնարավորություն են տալու արդյունավետ կերպով ապահովել նախանշած արդյունքները: Նախարարի խոսքով՝ այդ համատեքստում դիտարկվում են առկա ռեսուրսները և համեմատական առավելություններ ընձեռնող գործոնները, որպեսզի հնարավոր լինի ապահովել առավելագույն արդյունավետություն: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև երկու կառավարությունների կողմից տնտեսվարող սուբյեկտների աջակցման նպատակով կիրառվող գործիքակազմերի ներդաշնակեցմանը և տնտեսական առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը և ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը:
12:29 - 25 հուլիսի, 2020
Պետությունն աջակցության նոր մեխանիզմներ կառաջարկի տնտեսվարողներին. Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Պետությունն աջակցության նոր մեխանիզմներ կառաջարկի տնտեսվարողներին. Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 24-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ տնտեսվարողներին ցուցաբերվող պետական աջակցության ծրագրերի վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ԱՀ գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը, Նախագահի գլխավոր խորհրդական Արթուր Աղաբեկյանը, Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրեն Էռնեստ Գրիգորյանը, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործադիր տնօրեն Հրանտ Սաֆարյանը։ Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ այսօր Հանրապետության տնտեսության առջև ծառացած են մի շարք մարտահրավերներ, որոնցից ամենահրատապը ՔՈՎԻԴ-19-ի հետևանքով առաջացած արտահանման և ներքին սպառման հետ կապված խնդիրներն են։ Այս համատեքստում Հանրապետության նախագահն ընդգծել է, որ Արցախի ներդրումային և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամների կողմից իրականացվող պետական աջակցության ծրագրերը պետք է առաջին հերթին նպաստեն երկրի տնտեսության ակտիվացմանը: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է մշակել նոր գործիքակազմեր, որոնց հիմքում կդրվեն արդյունավետության, թափանցիկության, հասցեականության և ներառականության սկզբունքները։ Նախագահը հանձնարարել է պատասխանատու կառույցների ղեկավարներին ուսումնասիրել և հնարավորինս կարճ ժամանակահատվածում ներկայացնել աջակցության ավելի երկարաժամկետ ու արդյունավետ ծրագրեր առավել խոցելի տնտեսվարող սուբյեկտների ու բնագավառների համար: Երկրի ղեկավարը նշել է, որ տնտեսության կայուն զարգացման շրջանակներում առաջիկայում համապատասխան աշխատանքներ կտարվեն նաև այն տնտեսվարող սուբյեկտների հետ, որոնք չեն օգտվում պետական աջակցության ծրագրերից։
13:42 - 24 հուլիսի, 2020