ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգատով դիմի ՄԻԵԴ․ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ ադրբեջանցի զիծառայողների ներկայությունը խախտում է ՀՀ բնակիչների իրավունքները. ՄԻՊ

Կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգատով դիմի ՄԻԵԴ․ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ ադրբեջանցի զիծառայողների ներկայությունը խախտում է ՀՀ բնակիչների իրավունքները. ՄԻՊ

Ադրբեջանի զինված ուժերին  ՀՀ գյուղերի հարևանությունից և համայնքների միջև ճանապարհներից անհապաղ  հեռացնելու և անվտանգության գոտի ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը պետք է հրատապ միջպետական գանգատով դիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Մասնավորապես, ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի գյուղերի հարևանությամբ և Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին, նրանց արարքները խախտում են ՀՀ բնակիչների Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված առնվազն հետևյալ իրավունքները. 1)  կյանքի իրավունքը, Կոնվենցիայի 2-րդ հոդված, 2) ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք, 5-րդ հոդված, 3)  մասնավոր և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք, 8-րդ հոդված, 4) սեփականության իրավունք, 1-ին արձանագրության 1-ին հոդված, 5) տեղաշարժի ազատություն, 4-րդ արձանագրգության 2-րդ հոդված և այլն:  Նույնը վերաբերում է նաև ադրբեջանական դրոշներին ու ցուցանակներին, նրանց զինված ուժերի ցանկացած տեխնիկայի: Մենք ՀՀ կառավարությանը կդրամադրենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքներով հավաքագրված ապացույցները, որոնք հաստատում են նշված խախտումները և հիմնավորում անվտանգության գոտու հրատապ անհրաժեշտությունը:
11:48 - 14 հունիսի, 2021
Ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտող  քաղաքացիներին վիրավորելն ու ծաղրելը պետք է դադարեցնել․ ՄԻՊ

Ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտող քաղաքացիներին վիրավորելն ու ծաղրելը պետք է դադարեցնել․ ՄԻՊ

Նախընտրական քարոզարշավի արատավոր ու խիստ մտահոգիչ երևույթներից է այն, որ տարբեր քաղաքական ուժերի կողմնակիցներ պատրաստում ու տարածում են իրենց հակառակորդ ուժերի աջակից կամ նրանց օգտին կարծիք արտահայտող քաղաքացիների լուսանկարներ և տեսանյութեր՝ վիրավորանքներով, հայհոյանքներով ու նվաստացնող արտահայտություններով։ Այս մասին հայտատարություն է տարածել ՄԻՊ Արման Թաթոյանը։  «Խոսքը մեր հայրենակից իրական մարդկանց մասին է: Ընդ որում, ընտրությունների վերաբերյալ կարծիք արտահայտելու համար մարդկանց լուսանկարների ու տեսանյութերի վրա արվում են վիրավորական ու հայհոյանքի գրառումներ՝ նաև օգտագործելով նրանց ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկությունները: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները վկայում են, որ սոցիալական մեդիայի տիրույթում նշված լուսանկարներն ու տեսանյութերը ստանում են արագ տարածում, արժանանում են ծաղրանքի, ուղեկցվում են ավելի խորքային վիրավորանքներով, հայհոյանքներով ու ատելության խոսքով՝ նվաստացնելով մարդկանց արժանապատվությունը: Հետո էլ այդ գրառումներ անողներին քննադատում են մյուս ուժերի կողմնակիցները նույն արտահայտություններով («ժեխ», «զոմբի», «ծախված», «ոհմակ», «բորենի» և այլն):  Վիճակն ավելի են բորբոքում կեղծ էջերի ու օգտահաշիվների գրառումները, որոնք առավել ագրեսիվ են ու անգամ առանձնանում են անօրինական արարքների, այդ թվում՝ բռնության կոչերով:  Այս բացարձակ արատավոր երևույթը նախևառաջ կոպտորեն խախտում է այն մարդկանց իրավունքները, որոնց լուսանկարներն ու տեսանյութերը ծաղրող, վիրավորանքի ու հայհոյանքի նկարներով համացանցում տարածվում են:   Պետք է նկատի ունենալ կարծիքի ազատ արտահայտման, մասնավոր և ընտանեկան կյանքի, արժանապատվության և արժանապատիվ վերաբերմունքի իրավունքները  յուրաքանչյուր մարդու համար երաշխավորված են ՀՀ Սահմանադրությամբ և պետք է հարգվեն:  Դրանից բացի, այս արատավոր երևույթը խիստ մտահոգիչ է, քանի որ վկայում է հասարակության բևեռացման, ինչպես նաև անհանդուրժողականության անթույլատրելի բարձր մակարդակի մասին:  Ուստի, կոչ եմ անում դադարեցնել այս արատավոր երևույթը, իսկ նախընտրական քարոզարշավի բոլոր մասնակից քաղաքական ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն, այդ թվում՝ իրենց կողմնակիցներին կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից և հայհոյանքից, ինչպես նաև ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքից։  Այս ընտրությունների գլխավոր խնդիրներից է վերականգնել երկրում համերաշխություննն ու ապահովել իրավունքի գերակայության հաստատումը, այլ ոչ թե առավել խորացնել բևեռացումն ու անհանդուրժողականությունը»,-ասված է հայտարարության մեջ։
11:01 - 12 հունիսի, 2021
Նախընտրական քարոզարշավը նրա համար չէ, որ մարդկանց համար ապահովվեն փոխադարձ մեղադրանքների, հայհոյանքի հանրային տեսարաններ, դա ավելի է խորացնում խմբերի բաժանելու արատավոր երևույթը. Թաթոյան

Նախընտրական քարոզարշավը նրա համար չէ, որ մարդկանց համար ապահովվեն փոխադարձ մեղադրանքների, հայհոյանքի հանրային տեսարաններ, դա ավելի է խորացնում խմբերի բաժանելու արատավոր երևույթը. Թաթոյան

Նախընտրական քարոզարշավում բովանդակային հարցերի փոխարեն գերակայում են  տարբեր քաղաքայան ուժերի և առանձին գործիչների, այդ թվում՝ պաշտոնյաների փոխադարձ մեղադրանքները, իրար ուղղված հայհոյանքն ու վիրավորանքը՝ զուգակցված բռնության հետ ասոցացվող հռետորաբանությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Ընդ որում, այնպես է ստացվել, որ անգամ հանրությունն է արդեն սովորել և երբ մի կողմը վիրավորում, հայհոյում կամ մեղադրում է մյուսին, ապա հանրությունն էլ սկսում է անհամբեր սպասել, թե ինչ կամ ինչպես է այդ մյուս կողմը պատասխանելու: Տպավորությունն էլ այն է, թե ավելի ուժեղ է նա, ով ավելի շատ է մեղադրում, ավելի բարձր ու նոր բառերով է հայհոյում կամ վիրավորում: Հետո էլ այդ նույն բառերով իրար են հայհոյում ու վիրավորում քաղաքական ուժերի կամ հանրային գործիչների կողմնակիցները: Բայց նախընտրական քարոզարշավը նրա համար չէ, որ մարդկանց համար ապահովվեն փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքի ու հայհոյանքի հանրային տեսարաններ: Այս ամենի արդյունքում էլ ստացվել է այնպես, որ հանրային քննարկման (public discourse) տիրույթը գրեթե ամբողջությամբ լցված է միայն իշխանավեճի թեմաներով: Նախընտրական շրջանում պետք է քննարկման առարկա դառնան իրական կյանքում մարդկանց հուզող հարցերը, որոնք տարիներ շարունակ բարձրաձայնվում են Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան ու արտահերթ զեկույցներով։ Անվտանգության հիմնարար հարցերից բացի, օրինակ՝ • Ինչպե՞ս է բացառվելու  կյանքի դժվարին վիճակում հայտնված ընտանիքների խորացող մեկուսացումը հասարակությունից, ինչպես է ապահովվելու նրանց ինտեգրումը հանրային կյանքին։ • Ինչպե՞ս է ապահովվելու, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողը երեխային դպրոց ու մանկապարտեզ տանելու փոխարեն ստիպված չլինի խնամել նրան տանը և ինքն էլ նրան խնամելու համար ազատվի աշխատանքից ու այդպես ընտանիքն ապրի հասարակությունից մեկուսացված վիճակում: • Ինչպե՞ս է բացառվելու, որպեսզի անվճար բժշկական օգնության կամ սոցիալական ապահովության համակարգի անվերջ բյուրոկրատական ու դատական քաշքշուկների մեջ հայտնված մարդը, ով, ասենք, փորձում է ստանալ իր կենսաթոշակը կամ ենթարկվել բժշկական հետազոտությունների, չզգա իրեն թենիսի մրցաշարի «գնդակի» դերում, երբ բոլորն անվերջ մի վայրից մյուսն են ուղարկում՝ առանց հարցին լուծում տալու: • Ինչպե՞ս է ապահովվելու, որպեսզի մարդիկ չմոռացվեն հոգեբուժարաններում իրավական ու վարչական քրոնիկ թերությունների պատճառով, այլ ստնան լիարժեք կյանքի վերադարձին ծառայող նպատակով իրական բուժում: • Ինչպե՞ս է ապահովվելու, որպեսզի ոչ թե թղթին տված գեղեցիկ  ձևակերպումների ինքնախաբեությամբ, այլ իրական կյանքում քրեակատարողական (բանտային) համակարգն ի վերջո դադարի պատժողական լինելուց և ծառայի մարդուն ազատ արձակման նախապատրաստելու ու իրական կյանք նրա լիարժեք ինտեգրումն ապահովելու նպատակին։ • Ինչպե՞ս են լուծվելու տարբեր վարչական մարմիններում ու դատարաններում գործերի քննության ձգձգումներն ու քաշքշուկները, որոնց արդյունքում մարդկանց պատճառվում են անվերականգնելի վնասներ և այլն։ Ակնհայտ է, որ նման իրական խնդիրներ բարձրաձայնելու և լուծման տարբերակներ առաջարկելու փոխարեն փոխադարձ վիրավորանքն ու հայհոյանքները, ատելության ու բռնության հետ ասոցացվող ցանկացած հռետորաբանություն ավելի են խորացնում բեևեռացումն ու խմբերի բաժանելու արատավոր երևույթը»,- գրել է նա:
11:46 - 11 հունիսի, 2021
ՀՀ գյուղերի հարևանությամբ ադրբեջանական ԶՈւ-ի կրակոցները հանցավոր բնույթի են, իրական վտանգ են ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության համար. ՄԻՊ

ՀՀ գյուղերի հարևանությամբ ադրբեջանական ԶՈւ-ի կրակոցները հանցավոր բնույթի են, իրական վտանգ են ՀՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության համար. ՄԻՊ

2021 թվականի հունիսի 10-ին (այսօր)` ժամը 16:30-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը սկսել են կրակել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի հարևանությամբ: Կրակոցները դադարել են միայն ժամը 19:30-ի սահմաններում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնում է, որ ահազանգեր է ստացել նշված գյուղերից, և դրանք ստուգմամբ հաստատվել են: Անգամ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ գյուղերի բնակիչների ահազանգերի ընթացքում լսվել են կրակոցներ: Կրակոցները գյուղերում եղել են պարզ լսելի: Առավել ուժգին լսելի են եղել Կութ և Վերին Շորժա գյուղերի արոտավայրերում (սարատեղիներ): ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական կրակոցները հանցավոր բնույթի են, իրական վտանգ են ՀՀ քաղաքացիական բնակիչների կյանքի, ֆիզիկական անվտանգության, խաղաղ կյանքի և այլ կենսական իրավունքների համար: Ակնհայտ է, որ ադրբեջանական կրակոցները, ՀՀ սահմանային բնակիչների կենդանիների գողությունները  սոցիալական, այդ թվում` կենսական վնասներ են հասցնում ՀՀ սահմանային բնակչությանը: Պետք է հաշվի առնել նաև ՀՀ քաղաքացիական բնակիչներին` հովիվներին զենքի ցուցադրումով տրվող սպառնալիքները, հովիվներին քաշքշելը, խփելը, հայհոյանքը և այլն: Սյս բոլոր դեպքերը հաստատվել են Մարդու իրավունքների պաշտպանի հավաքած ապացույցներով: Ադրբեջանական այսօրվա կրակոցների փաստը հաստատել է նաև ՀՀ ՊՆ-ն: Դրանք դադարել են միայն ՀՀ զինված ուժերի կրակից հետո: Այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, որ ադրբեջանական զինված ծառայողները 2021թ. մայիսի 12-ից սկսած կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք` Գեղարքունիքի և Սյունիքի կողմից: Նշված արարքները պետք է դիտարկել միասնական հանցավոր դիտավորության մեջ: ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն: Այսօրվա միջադեպը ևս ակնհայտ ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերը խաթարում են մարդկանց ֆիզիկական ու հոգեկան անվտանգությունը և խաղաղությունը վերականգնելու հեռանկարները: Ծանուցում` սարատեղի անվանում են այն վայրերը, որտեղ սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին բնակվում են քաղաքացիական բնակիչներ (նաև ընտանիքներով) և արոտավայրում արածեցնում իրենց մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներին:
20:41 - 10 հունիսի, 2021
Ադրբեջանում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով շարունակվում են հայկական կողմի գերիների նկատմամբ դատավարությունները․ ՄԻՊ

Ադրբեջանում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով շարունակվում են հայկական կողմի գերիների նկատմամբ դատավարությունները․ ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով Բաքվում այսօր հայ գերիների մասնակցությամբ դատական նիստին։ Գրառումը ամբողջությամբ՝ ստորև․ «Այսօր՝ հունիսի 9-ին Բաքվում տեղի են ունեցել հայկական կողմի գերիներ Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի, իսկ հունիսի 8-ին` Վիգեն Էուլջեքյանի իրավունքները կոպիտ խախտող, միջազգային իրավունքը ոտնահարող քրեական գործերով հերթական դատական նիստերը: Ադրբեջանական հրապարակումները վկայում են, որ հայկական կողմի գերիների նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել, իբր, կկտտանքների, օրենքով չնախատեսված զինված կազմավորումներ կամ խմբեր ստեղծելու և այլ արարքների համար։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ նշված բոլոր անձինք գերեվարվել են արցախյան հակամարտության շրջանակներում և հակամարտությունը հիմա էլ չի ավարտվել: Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերի են: Հետևաբար, նրանցից որևէ մեկի նկատմամբ ցանկացած տեսակի հետապնդում կամ դատավարություն միջազգային իրավունքի կոպիտ խախտում է, նրանց կալանքի տակ պահելը` արգելված պատիժ: Այս կանոններն ուղղակիորեն բխում են միջազգային մարդասիրական իրավունքի պահանջներից: Ավելին, ադրբեջանական իշխանությունները հայկական կողմի գերիների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցում հենց նրանց, այսպես կոչված, «խոստովանական ցուցմունքների» հիմքով, և դրանք օգտագործում` որպես ապացույց: Միջազգային իրավունքի այս կոպիտ խախտումներն ամրագրված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցում: Ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն իր հերթին ևս հաստատում է քրեական ընթացակարգերի ոչ իրավաչափ լինելը և ավելորդ դարձնում մարդու որևէ իրավունքի երաշխավորման մասին խոսելը: Այս պայմաններում ակնհայտ վտանգված է գերիների կյանքի իրավունքը, խախտված են կենսական իրավունքները: Ադրբեջանական իշխանությունները չեն հրապարակում գերիների իրական թիվը: Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները, գերիների և անհայտ կորածների ծնողներից ստացվող բողոքները ակնհայտ վկայում են, որ նված դատավարությունները լրացուցիչ հոգեկան տառապանքներ են պատճառում նրանց ընտանիքներին և լարվածություն առաջացնում հայկական հասարակությունում: Ուստի, այդ դատավարություններն ամբողջությամբ հակասում են միջազգային իրավունքի հիմքերին և կոպտորեն խախտում են գերիների, նրանց ու անհայտ կորածների ընտանիքների իրավունքները, բացահայտ քաղաքականացնում են մարդասիրական հարցերը: Մարդու իրավունքների պաշտպանի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրում է նշված փաստերին և ադրբեջանական իշխանությունների` մարդու իրավունքների շարունակվող կոպիտ խախտումներին, միջազգային մարդասիրական պահանջները շարունակաբար խարխլող քաղաքականությանը: Ադրբեջանում անօրինական պահվող հայկական կողմի բոլոր գերիները պետք է անհապաղ ազատ արձակվեն ու վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ նախապայմանի»:
09:33 - 10 հունիսի, 2021
Արման Թաթոյանն անթույլատրելի է համարում քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելը

Արման Թաթոյանն անթույլատրելի է համարում քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Ադրբեջանում ապօրինի պահվող գերիների վերադարձի հարցերը շահարկելն անթույլատրելի է` այն էլ խոսելով այլ մարդկանցով գերիների փոխանակումների ու փոխանակվելու պատրաստակամության մասին: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն այս մասին հայտարարություն է տարածել.    «Ակնհայտ է, որ նման բան տեղի ունենալ չի կարող, իսկ շահարկումները միայն ավելացնում են լարվածությունը երկրում և ավելի են բարդացնում գերիների վերադարձը. այդ կերպ ադրբեջանական իշխանությունների համար պարզապես բարձրացվում է գերիների վերադարձի «գինը»: Եվ, իհարկե, դա բացահայտ անհարգալից վերաբերմունքի է գերիների ու նրանց ընտանիքների անդամների, նրանց զգացմունքների նկատմամբ: Ուստի, մարդու իրավունքների պաշտպանը բոլորից պահանջում է ամբողջությամբ դադարեցնել գերիներին վերադարձի հարցերի շահարկումը:   Պետք է ոչ թե շահարկումներով բարդացնել գործընթացը, այլ իրական ջանքեր ներդնել Ադրբեջանում անօրինական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի համար»:
11:40 - 09 հունիսի, 2021
Խիստ մտահոգիչ է մթնոլորտը, որում ընթանում է նախընտրական քարոզարշավը. ՄԻՊ

Խիստ մտահոգիչ է մթնոլորտը, որում ընթանում է նախընտրական քարոզարշավը. ՄԻՊ

Խիստ մտահոգիչ է մթնոլորտը, որում ընթանում է նախընտրական քարոզարշավը: Դա խորացնում է հասարակությունում բևեռացվածությունը, խարխլում է երկրում համերաշխությունը վերականգնելու հեռանկարը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ԱՐման Թաթոյանը՝ նշելով, որ այսպես շարունակել չի կարելի: «Բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք: Ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի Վարչապետի թեկնածուները պարտավոր են հաշվի առնել, որ իրենց կողմից օգտագործվող ամեն բառ տարածվում է կողմնակիցների վրա, հետո նրանք այդ նույն բառերով վիրավորում ու հայհոյում են իրար: ՀՀ վարչապետի թեկնածու համարվող գործիչները հատկապես պետք է զգույշ լինեն իրենց կողմից օգտագործվող բառերի նկատմամբ, հաշվի առնեն դրանց բոլոր փոխաբերական իմաստները: ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից այսօր քաղաքացիական և քաղաքական վենդետաների, քաղաքացիական վրեժի, կադրային ջարդուփշուրի մասին խոստումները, հայհոյանքի բառերի օգտագործումը խիստ մտահոգիչ են, այսպիսի բառապաշար հանրային, այն էլ ընտրական գործընթացի տիրույթ բերելն անթույլատրելի է: Ինչպես էլ ուզում է մեկնաբանվի՝ նշված վենդետաներն ու քաղաքացիական վրեժն ակնհայտ ասոցացվում են բռնության ու հաշվեհարդարի, իսկ կադրային ջարդուփշուրն էլ աշխատանքային իրավունքների զանգվածային խախտումների հետ: Այսպիսի հռետորաբանության իրական վտանգն այն է, որ այն ավելի է մեծացնում առանց այդ էլ առկա լարվածությունը, պարունակում է իրական կյանք տեղափոխվելու վտանգավոր ռիսկեր: Ճիշտ է, ՀՀ վարչապետի պաշտոնատակատարը հատուկ շեշտադրել է, որ խոսքը չի վերաբերում ֆիզիկական հաշվեհարդարի, բայց ակնհայտ է, որ դա չի չեզոքացրել նշվածի վտանգավոր ազդեցությունը: Կրկնում ենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի անդրադարձը հատուկ արվում է այն նկատառումից ելնելով, որ նա քաղաքականից բացի, շարունակում է պահպանել ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի կարգավիճակը՝ անկախ արձակուրդում լինելուց կամ չլինելուց. այդ պատճառով է նաև գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի ուղիղ իրավասության տիրույթում: Հենց այս կարգավիճակի ուժով էլ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի խոսքերը կարող են ոչ ճիշտ ընկալվել հանրության կողմից, ինչպես նաև սխալ ուղերձներ ընկալվել պետական մարմինների ու առաջին հերթին իրավապահ մարմինների կողմից: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որտեղ տարածվել են «քաղաքացիական վրեժ», «վենդետա» և նման այլ վերնագրերով նյութերը, արձանագրվել է մեծածավալ վիրավորանքի ու ատելության խոսք, հայհոյանք ու փոխադարձ մեղադրանքներ: Այս վերնագրերը ևս մեկ անգամ վկայում են, որ ֆիզիկական հաշվեհարդարի չվերաբերվելու վերապահումը ազդեցություն չի ունեցել: Սոցիալական ցանցերի մշտադիտարկումը վկայում է, որ նաև բռնության համատեքստում է քննարկվում «Հայաստան» դաշինքի Վարչապետի թեկնածուի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչապետի թեկնածուի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի միջև դուելի թեման: Վերը շարադրվածից բացի, այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպման ընթացքում քաղաքացիներից մեկը նշել է, որ իրեն աշխատանքից ազատել են «Հայաստան» դաշինիքի Վարչապետի թեկնածուին, քաղաքացու ձևակերպմամբ, ձայն չտալու համար: Այս հայտարարությունը վերաբերում է աշխատանքային և մի շարք այլ իրավունքների խախտմանը, և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից առանձին գրություն կհասցեագրվի ՀՀ դատախազություն»,-գրել է Թաթոյանը:
11:05 - 09 հունիսի, 2021
Ընտրական գործընթացներում լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքը պետք է լինի երաշխավորված. ՄԻՊ

Ընտրական գործընթացներում լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքը պետք է լինի երաշխավորված. ՄԻՊ

Պետությունը պարտավոր է երաշխավորել լրագրողների մասնագիտական անխոչընդոտ աշխատանքն ընտրական ողջ գործընթացում կամ իրադարձությունները լուսաբանելու հարցում։ Այդ նպատակով առավելագույնը պետք է անեն նաև ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ-ը: Պետությունը բարձր պատասխանատվություն է կրում հատկապես հավաքների ընթացքում մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների պաշտպանվածությունն ապահովելու հարցում: Լրագրողական գործունեությունը խոչընդոտելու ցանկացած դրսևորում անթույլատրելի է և պետք է արագ ու պատշաճ իրավական գնահատական ստանա: Պետք է արագ ու արդյունավետ արձագանքեն պետական, այդ թվում` իրավապահ մարմինները: Քաղաքացիները, ողջ հասարակությունը հենց լրագրողի աշխատանքի շնորհիվ են տեղեկանում ընտրական գործընթացի մասնակիցների ծրագրերի, նպատակների մասին, այն մասին, թե ինչ են նրանք պատրաստվում անել մարդկանց իրավունքների, նրանց վիճակի բարելավման համար: Արդյունքում էլ կարողանում են իրազեկված ու վստահ որոշում կայացնել ընտրության հարցում: Մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ որևէ ոտնձգություն կամ այլ խոչընդոտ վտանգում է ոչ միայն լրագրողի իրավունքները, այլև բացասական է ազդում հասարակության տեղեկացված լինելու, կարծիքի արտահայտման և այլ իրավունքների վրա: Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ կարծիքի արտահայտման և խոսքի ազատության ամուր պաշտպանվածությունը ժողովրդավարական հասարակությունում ունի հիմնարար նշանակություն: Դա հատկապես կարևոր է ընտրական գործընթացներում: Լրագրողներն ու լրատվության ոլորտի ներկայացուցիչներն անփոխարինելի դեր ունեն ժողովրդավարական հասարակությունում հանրային բանավեճերի և որոշումների կայացման գործընթացներում` իբրև հանրային վերահսկող դիտորդներ (watchdogs) հանդես գալու և տեղեկատվության ու գաղափարների փոխանակման, դրանց քննարկման ընդհանուր հարթակներ ստեղծելու միջոցով: Ցավոք, դեռևս առկա են լրագրողների աշխատանքի սխալ ընկալումներ ոչ միայն հասարակությունում, այլ նաև պետական համակարգում: Ցանկացած պաշտոնատար անձ կամ հանրային գործիչ պետք է հստակ գիտակցի, որ պատկերացումն այն մասին, թե լրագրողը խոչընդոտում է իր աշխատանքը, ընդամենը կարծրատիպ է ու ոչ ճիշտ պատկերացման արդյունք: Յուրաքանչյուր հանրային գործիչ պետք է նկատի ունենա, որ լրագրողի կամ լրատվամիջոցի նկատմամբ ընտրողական մոտեցում կամ հրապարակային թիրախավորումը բացասական ազդեցություն է ունենում հասարակությունում, այդ թվում` սոցիալական ցանցերում և հանգեցնում է լրագրողի համար բացասական իմաստով նոր թիրախավորման և խոչընդոտների աշխատանքում։ Չափազանց կարևոր է, որպեսզի քաղաքական ուժերն իրենց կողմնակիցների շրջանում լրագրողի դերի և աշխատանքի կարևորության վերաբերյալ ուղերձներ հղեն: Դա հնարավորություն կտա խուսափել հնարավոր լարվածությունից։ Մյուս կողմից, լրագրողի մասին ճիշտ պատկերացումներ ձևավորելու տեսանկյունից անհրաժեշտ է, որպեսզի լրագրողները մասնագիտական գործունեություն ծավալեն պատասխանատու լրագրության սկզբունքներին համապատասխան՝ սկսած լրագրողական նյութի համար վերնագիր ընտրելուց մինչև այդ նյութի բազմակողմանիության ապահովումը: Այդպիսի մոտեցումները լրագրողին դարձնում է անխոցելի և հնարավորություն է տալիս առավել արդյունավետ իրականացնել իր մասնագիտական աշխատանքի պաշտպանությունը: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը լրագրողներին խնդրում է իրենց աշխատանքի մասնագիտական ցանկացած խոչընդոտի դեպքով դիմել Պաշտպանի աշխատակազմ, այդ թվում` թեժ գծի 116 համարին: Յուրաքանչյուր դեպքով կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ` Պաշտպանի իրավասության սահմաններում: Լրագրողներին առնչվող հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության, ինչպես նաև Պաշտպանի աշխատակազմում գործող աշխատանքայի խմբի առանձին մշտադիտարկման ներքո։
16:22 - 08 հունիսի, 2021
Կառավարությունը ձախողում է իր պոզիտիվ պարտավորությունները, անթույլատրելի սխալներ է գործում իր քաղաքացիների իրավունքները և առաջնահերթ` սահմանային բնակչության բնականոն կյանքը երաշխավորելու հարցում. ՄԻՊ

Կառավարությունը ձախողում է իր պոզիտիվ պարտավորությունները, անթույլատրելի սխալներ է գործում իր քաղաքացիների իրավունքները և առաջնահերթ` սահմանային բնակչության բնականոն կյանքը երաշխավորելու հարցում. ՄԻՊ

ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառներից է այն, որ Կառավարությունը սահմանային բնակիչների իրավունքներն ու առհասարակ` մարդու իրավունքները չի դնում քննարկումների ու որոշումների հիմքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Դրա համար էլ Կառավարությունը ձախողում է իր պոզիտիվ պարտավորությունները, անթույլատրելի սխալներ է գործում իր քաղաքացիների իրավունքները և առաջնահերթ` սահմանային բնակչության բնականոն կյանքը երաշխավորելու հարցում: Չի կարելի պետական սահմաններին վերաբերող բոլոր հարցերը քննարկել միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից, այն էլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականության պայմաններում: Հիմքում պետք է դնել մարդու և առաջնահերթ` սահմանային բնակիչների իրավունքները, սահմանային բնակչության բնականոն կյանքի պայմանները (կյանքի, սեփականության, արժանապտիվ ու անվտանգ ապրելու, երջանկության ձգտելու (pursuit of happiness) և այլ իրավունքներ): Այս դիրքերից առավել ուժեղ ենք նաև միջազգային հարթակներում: Այսպես շարունակվելու դեպքում թերություններն ու ձախողումները միայն ավելանալու են: Չպետք է մոռանալ, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի միջազգային պարտադիր սկզբունքներից են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և իրավունքի գերակայությունը»,- գրել է նա:
11:42 - 08 հունիսի, 2021
Ադրբեջանական զինծառայողները զբաղված են ՀՀ բնակիչների եղջերավոր կենդանիների գողություններով․ ՄԻՊ

Ադրբեջանական զինծառայողները զբաղված են ՀՀ բնակիչների եղջերավոր կենդանիների գողություններով․ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է․ «Գեղարքունիքի և Սյունիքի մարզերի սահմանային գյուղերի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական զինծառայողները զբաղված են ՀՀ բնակիչների եղջերավոր կենդանիների գողություններով։ Օրինակ` նրանք 2021թ. հունիսի 5-ին գողացել և մինչ օրս չեն վերադարձրել Կութ գյուղի հովվի 80-ից ավելի եղջերավոր կենդանիները։ Պաշտպանի աշխատակազմի ճշտած տվյալներով` այդ կենդանիները պատկանում են Կութ գյուղի 5 ընտանիքի: Խոսքը, մասնավորապես, հունիսի 5-ի միջադեպի է, երբ ադրբեջանական զինված ուժերը 30 րոպե տևողությամբ կրակահերթ էին արձակել Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի հովվի ուղղությամբ, որը տևել էր մոտ։ Հովիվը կարողացել էր ձիով փախուստի դիմել, սակայն կրակահերթից ձիու ոտքը վնասվել էր: Ավելին, այդ ընթացքում ադրբեջանական զինվորականները հովվի եղջերավոր կենդանիներից 4-ին կրակահերթով սպանել էին։ Պետք է ավելացնել ադրբեջանական զինծառայողների կողմից 2021թ. հունիսի 6-ին Գեղարքունիքի Վարդենիս համայնքի Վերին Շորժա գյուղի արոտավայրում շուրջ 20 ձի գողանալու փորձը, Սյունիքի Տեղ համայնքի Արավուս գյուղում մայիսի 23-ին, Խնածախ գյուղում մայիսի 29-ին եղջերավոր կենդանիների գողության կամ կենդանիներ մասամբ այդպես էլ չվերադարձնելու դեպքերը և այլն: Ակնհայտ է, որ ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների պատկանող կենդանիների գողությունները սոցիալական, այդ թվում` կենսական վնասներ են հասցնում ՀՀ սահմանային բնակչությանը: Այս գյուղերում մարդկանց զբաղմունքը և ապրուստը հոգալու, ընտանիքի եկամուտը վաստակելու հիմնական կամ միակ միջոցը անասնապահությունն է: Պետք է հաշվի առնել նաև նրանց կողմից ՀՀ քաղաքացիական բնակիչներին` հովիվներին զենքի ցուցադրումով տրվող սպառնալիքները, հովիվներին քաշքշելը, խփելը, հայհոյանքը և այլն: Սյս բոլոր դեպքերը հաստատվել են Մարդու իրավունքների պաշտպանի հավաքած ապացույցներով: Եվ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, որ նրանք մայիսի 12-ից սկսած կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք: Նշված արարքները պետք է դիտարկել միասնական դիտավորության մեջ` հաշվի առնելով այն, որ նրանք նույն արարքները կատարում են թե´ Սյունիքի, թե´ Գեղարքունիքի մարզերի գյուղերի բնակիչների` հովիվների նկատմամբ: ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն: Այսօրվա միջադեպը ևս ակնհայտ ցույց է տալիս, թե ով է իրականում խաթարում մարդկանց անվտանգությունը տարածաշրջանում և խաղաղությունը վերականգնելու հեռանկարները»:
23:07 - 07 հունիսի, 2021
Առկա վիճակը ոտնահարում է սահմանային բնակիչների կենսական իրավունքները․ ՄԻՊ հանձնարարությամբ` աշխատանքային խումբ է մեկնել Սյունիք

Առկա վիճակը ոտնահարում է սահմանային բնակիչների կենսական իրավունքները․ ՄԻՊ հանձնարարությամբ` աշխատանքային խումբ է մեկնել Սյունիք

Անվտանգության գոտու հայեցակարգի համար լրացուցիչ փաստահավաք աշխատանքների նպատակով Մարդու իրավունքների պաշտպանը խումբ է գործուղել Սյունիք Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ` աշխատանքային խումբ է մեկնել ՀՀ Սյունիքի մարզ Ադրբեջանի հետ սահմանային բոլոր հատվածներով անվտանգության գոտու հայեցակարգի համար լրացուցիչ փաստահավաք աշխատանքների նպատակով։ Պաշտպանի դիրքորոշմամբ՝ անվտանգության գոտին անհրաժեշտ է ՀՀ սահմանային բնակիչների, մեր երկրի քաղաքացիների իրավունքների երաշխավորման համար: Սյունիքի և Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ չպետք է լինեն: Առկա վիճակը ոտնահարում է ՀՀ սահմանային բնակիչների կենսական իրավունքները (կյանքի, սեփականության, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, արժանապատից ապրելու և այլ իրավունքներ: Դրանից բացի,  նրանք այդ վայրերում են հայտնվել նոր պատերազմի սպառնալիքների և ցեղասպան քաղաքականության արդյունքում:
17:44 - 07 հունիսի, 2021
Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը. Մարդու իրավունքների պաշտպան

Նախընտրական քարոզարշավի ողջ ընթացքում բոլոր քաղաքական ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը. Մարդու իրավունքների պաշտպան

Խորհրդարանական արտահերթ ընտրությունների գործընթացում հիմնարար նշանակության հարց է այն, որ ընտրական գործընթացին մասնակից քաղաքական բոլոր ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը, ատելության ու բռնության հետ առնչվող ցանկացած խոսք: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ աշխատակազմը: Դա երաշխիք կլինի ընտրական իրավունքի ազատ ու անխոչընդոտ իրացման համար: Որքան դա ապահովված է, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։  Նախընտրական քարոզարշավի ընթացքում պետք է ապահովել փոխադարձ հարգանք իրար նկատմամբ և բացառել որևէ լարվածություն: Ընտրությունները պետք է ծառայեն հասարակությունում համերաշխության վերականգնմանը: Կոչ ենք անում քաղաքական բոլոր ուժերին և հանրային գործիչներին ձեռնպահ մնալ հասարակությունը բևեռացնող ու լարվածությունն ավելացնող արարքներից, վիրավորանք կամ ատելություն տարածող բառապաշարից: Հանրային գործիչները հատկապես պարտավոր են իրենց արարքներով ու խոսքով օրինակ ծառայել այս հարցում: Պետք է նկատի ունենալ, որ ցանկացած լարվածություն տարածվում է նաև կողմնակիցների միջև և մեծացնում է լարվածությունը, անգամ ագրեսիվացնում է մթնոլորտը: Պաշտոն զբաղեցնող և պետական կարգավիճակ ունեցող բոլոր անձինք` անկախ պաշտոնեական դիրքի աստիճանից, պարտավոր են հաշվի առնել, որ իրենք նախընտրական քարոզարշավի ընթացքում չեն դադարում պաշտոնյա լինելուց և պետական կարգավիճակ ունենալուց: Սա նշանակում է, որ նրանք սահմանափակված են իրենց իրավասության սահմաններով և պետք է թույլ չտան խախտում` անցնելով այդ իրավասության սահմանները: Պետության բոլոր մարմինները, այդ մարմինների պաշտոնատար անձինք պետք է նկատի ունենան, որ նրանց ուղիղ պարտավորությունն է իրենց խոսքով ու վարքով բացառել լարվածության տանող ցանկացած երևույթ՝ վիրավորանքն ու ատելությունը, հայհոյանքը, բռնության ուղղակի կամ անուղղակի արդարացումը կամ խրախուսումը: Համերաշխության մթնոլորտի, մարդու իրավունքների ու յուրաքանչյուրի կարծիքի նկատմամբ հարգանքի ապահովման գլխավոր պարտավորությունը պետությանն է: Այս նպատակների համար ընտրական գործընթացը պետք է անվերապահ հիմնված լինի իրավունքի գերակայության վրա: Ցանկացած նախաձեռնության հիմքում պետք է լինի մարդու իրավունքը: Դիտարկումը ցույց է տալիս, որ սոցիալական ցանցերում ակտիվ են նաև տարբեր կողմերի սատարող կեղծ էջեր ու օգտահաշիվներ: Դրանցով արվում են հայհոյանքներ պարունակող, ագրեսիվ, անգամ բռնությունը խրախուսող կամ արդարացվող գրառումներ: Այս արատավոր երևույթներն ավելացնում են առանց այդ էլ առկա լարվածությունը: Մարդու իրավունքների պաշտպանն առանցքային է համարում իրավապահ մարմինների արագ արձագանքն իրենց իրավասության տիրույթում հայտնված հարցերին: Այս հարցով Պաշտպանի աշխատակազմը նրանց հետ կապահովի անհրաժեշտ համագործակցություն և փոխադարձ կապ: Ի գիտություն բոլորի, ևս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ Պաշտպանի իրավասության մեջ չի մտնում այն վեճերի լուծումը կամ բողոքների քննումը, որոնք կոնկրետ գործերով են և ուղղված են մասնավոր անձանց դեմ կամ մասնավոր անձանցից կոնկրետ պաշտոնատար անձանց պաշտպանելուն: Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո են լինելու լրագրողների և դիտորդների իրավունքների հարցերը, իսկ աշխատակազմում գործում է աշխատանքային խումբ, որը նախընտրական և հետընտրական փուլերում, ինչպես նաև քվեարկության օրը կգործի արտակարգ ռեժիմով և կիրականացնի անկախ մշտադիտարկում: Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքներ կամ ահազանգեր Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել թեժ գծի հեռախոսահամարներով՝ 116 կամ (096) 116 100: Հայաստանի Հանրապետությունում արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող գործընթացները գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության կենտրոնում:
11:10 - 07 հունիսի, 2021
Ադրբեջանական զինված ուժերի ծառայողներն այսօր ցերեկը փորձել են գողանալ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի արոտավայրի հովվի շուրջ 20 ձի. ՄԻՊ

Ադրբեջանական զինված ուժերի ծառայողներն այսօր ցերեկը փորձել են գողանալ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի արոտավայրի հովվի շուրջ 20 ձի. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի այսօրվա փաստահավաք աշխատանքները պարզել են, որ 2021թ. հունիսի 6-ին`ժամը 13:30-ի սահմաններում, ադրբեջանական զինվորական ծառայողները փորձել են գողանալ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Վերին Շորժայի արոտավայրի հովվի (սարատեղիի բնակիչ) շուրջ 20 ձիերը: Մասնավորապես, հովվի 20 ձիերը, արածելով, մի փոքր մոտեցել են ադրբեջանական այն դիրքերին, որոնք ապօրինի տեղակայված են ՀՀ ինքնիշխան տարածքում: Ադրբեջանական զինված ծառայողներն, օգտվելով առիթից, ձիերին ընդառաջ իջել են արոտավայրի ուղղությամբ և փորձել են գողանալ բոլոր ձիերը: ՀՀ զինված ուժերի ծառայողների արձակած կրակի շնորհիվ է կանխվել արբեջանական զինծառայողների գողության փորձը: Դեպքը տեղի է ունեցել Վարդենիս համայնքի Վերին Շորժայի արոտավայրում: Այստեղ սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին բնակվում են քաղաքացիական բնակիչներ և արոտավայրում արածեցնում իրենց մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներին (այս վայրերն ընդունված է անվանել սարատեղիներ): Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները շարունակաբար հաստատում են, որ ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ սահմանային բնակիչների նկատմամբ դրսևորում են բացահայտ հանցավոր արարքներ: Նրանք, փաստորեն, ուղիղ դիտավորությամբ կրակ են բացում ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ` կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու նպատակով: Գեղարքունիքում ՀՀ քաղաքացիական բնակիչների նկատմամբ այս հանցավոր արարքները սկսվել են, երբ նրանք մայիսի 12-ից սկսած կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք: Ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր արարքները պետք է դիտարկել միասնական դիտավորության մեջ` հաշվի առնելով այն, որ նրանք նույն արարքները կատարում են նաև ՀՀ Սյունիքի մարզի սահմանային գյուղերի, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի այլ գյուղերի բնակիչների` հովիվների նկատմամբ: Շարունակական փաստահավաք աշխատանքներն ակնհայտ են վկայում, որ ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները կոպիտ խախտող այս արարքները կապված են ադրբեջանական իշխանությունների հովանավորչությամբ հայատյաց ու թշնամանքի քաղաքականության հետ: ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն: Այսօրվա միջադեպը ևս ակնհայտ ցույց է տալիս, թե ով է իրականում խաթարում մարդկանց անվտանգությունը տարածաշրջանում և խաղաղությունը վերականգնելու հեռանկարները:
21:22 - 06 հունիսի, 2021
Կրակահերթը Կութի բնակիչ հովվի ուղղությամբ տևել է մոտ 30 րոպե․ ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնում

Կրակահերթը Կութի բնակիչ հովվի ուղղությամբ տևել է մոտ 30 րոպե․ ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնում

Ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացում ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ` կյանքի իրավունքից, անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով հունիսի 5-ին Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովիվի ուղղությամբ ադրբեջանցի զինվորների կողմից կրակ բացելու և տասնյակ խոշոր եղջերավոր անասունների գողության միջադեպին: «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը 2021թ. հունիսի 5-ին ահազանգ է ստացել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը կրակահերթ են արձակել ՀՀ Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հովիվի ուղղությամբ, երբ նա գյուղի արոտավայրում արածեցրել է մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներ: Պաշտպանի աշխատակազմի հրատապ փաստահավաք աշխատանքներով պարզվել է, որ ադրբեջանական զինվորականները կրակահերթ են սկսեկ ցերեկը ժամը 12:30-ից 13-ի սահմաններում այն պահից, երբ կենդանիները մոտեցել են արոտավայրում առկա գետակին և ջուր խմել: Դա նրանց ջուր խմելու մշտական վայրն է: Ընդ որում, հովիվը, ինչպես նաև կենդանիները գտնվել են ՀՀ ինքնիշխան տարածքում, իսկ ադրբեջանական զինված ուժերն այն հատվածում, որ ապօրինի ներխուժել են ՀՀ տարածք: Կրակահերթը Կութի բնակիչ հովիվի ուղղությամբ տևել է մոտ 30 րոպե: Հովիվը կարողացել է ձիով փախուստի դիմել, սակայն այդ ընթացքում կրակահերթից ձիու ոտքը վնասվել է: Արդյունքում, ինչպես պարզել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, ադրբեջանական զինվորականները գողացել են 80-ից ավելի եղջերավոր կենդանի, իսկ 4-ին կրակահերթով սպանել են: Կութ գյուղի հովիվի ուղղությամբ հունիսի 5-ին ադրբեջանական զինված ուժերի կրակելու փաստը հաստատել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը: Կրակահերթը դադարել է ՀՀ զինված ուժերի պատասխան կրակից հետո: Այս մասին նշել է նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ադրբեջանական զինված ծառայողների այս գործողությունները բացահայտ հանցավոր են: Նրանք, փաստորեն, կրակ են բացում ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ` կյանքի իրավունքից, անասնապահությամբ զբաղվելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ: Եվ այս ամենը տեղի է ունենում այն պայմաններում, որ նրանք մայիսի 12-ից սկսած կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինաբար ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք: Ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր արարքները պետք է դիտարկել միասնական դիտավորության մեջ` հաշվի առնելով այն, որ նրանք նույն արարքները կատարում են նաև ՀՀ Սյունիքի մարզի սահմանային գյուղերի, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի այլ գյուղերի բնակիչների` հովիվների նկատմամբ: Շարունակական փաստահավաք աշխատանքներն ակնհայտ են վկայում, որ ադրբեջանական զինված ուժերի` ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները կոպիտ խախտող այս արարքները կապված են ադրբեջանական իշխանությունների հովանավորչությամբ հայատյաց ու թշնամանքի քաղաքականության հետ: Այսօրվա միջադեպն ակնհայտ ցույց է տալիս, թե ով է իրականում խաթարում մարդկանց անվտանգությունը տարածաշրջանում և խաղաղությունը վերականգնելու հեռանկարները»,- գրել է Թաթոյանը:
10:18 - 06 հունիսի, 2021
ՄԻՊ–ը Tert.am և Yerevan.today լրատվամիջոցների լրագրողներ Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի բողոքի հիման վրա գրություն կուղարկի Ոստիկանություն

ՄԻՊ–ը Tert.am և Yerevan.today լրատվամիջոցների լրագրողներ Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի բողոքի հիման վրա գրություն կուղարկի Ոստիկանություն

Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Tert.am և Yerevan.today լրատվամիջոցների լրագրողներ Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի հետ երեկ Արարատի մարզում տեղի ունեցած միջադեպին։ Հայտարարությունում ասվում է․ «Tert.am և Yerevan.today լրատվամիջոցների լրագրողներ Անի Գևորգյանը և Սյուզի Բադոյանը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրել այն մասին, որ Արարատի մարզում տարբեր անձինք առաջացրել են մասնագիտական աշխատանքի խոչընդոտներ, սակայն տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները չեն ապահովել իրենց անվտանգությունը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բոլոր հարցերը քննարկել է լրագրողների հետ, ուսումնասիրվել են հրապարակված բոլոր տեսանյութերը, իրականացվել է սոցիալական մեդիայի մոնիթորինգ: Մասնավորապես, լրագրողները Պաշտպանին ուղղված բողոքներով նշել են, որ Ոստիկանության ծառայողներն առանց որևէ հիմքի իրենց չեն թույլատրել մոտենալ ու և լուսաբանումներ անել Արարատի մարզում` Հովտաշատ ու Մասիս գյուղերի, Արտաշատ քաղաքի այն կոնկրետ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հանդիպումներ Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի և համայնքների բնակիչների միջև։ Ըստ լրագրողների` ոստիկանները որևէ պատճառաբանություն չեն ներկայացրել լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների և խոչընդոտները չվերացնելու հետ կապված։ Լրագրողները նշել են նաև, որ Արտաշատ քաղաքում լուսաբանման ժամանակ քաղաքացիներից մեկը խլել է լրագրող Անի Գևորգյանի հեռախոսը, ապտակել նրան, իսկ հեռախոսը ոստիկանների միջամտությամբ լրագրողին է վերադարձվել միայն բարձրացված աղմուկից հետո։ Ըստ բողոքների` Արտաշատ քաղաքում քաղաքացիները խլել են նաև Սյուզի Բադոյանի լրագրողական բեյջը, ապա ոստիկանները վերադարձրել են և այլն։ Անի Գևորգյանը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է նաև, որ ինչպես միջադեպի վերաբերյալ, այնպես էլ տարբեր այլ քաղաքացիների կողմից իր աշխատանքի խոչընդոտներ ստեղծելու մասին նա բազմիցս դիմել է տեղում ծառայություն իրականացնող ոստիկաններին, սակայն ոստիկանները որևէ կանխիչ գործողություն չեն ձեռնարկել: Փոխարենը ոստիկանները հորդորել են հաղորդում ներկայացնել Ոստիկանություն։ Հրապարակված տեսանյութի ուսումնասիրությունը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից հաստատում է, որ երբ լրագրողը օգնության խնդրանքով դիմում է ոստիկաններին, հենց ոստիկանը նրան հորդորում է բանավոր հաղորդում ներկայացնել Ոստիկանություն: Ավելին, իր անվտանգություն ապահովելու լրագրողի հարցին ոստիկանը պատասխանում է, թե ինքն իրականացնում է հասարակական կարգի պահպանություն, ինչից տպավորություն է ստեղծվում, թե հասարակական կարգի պահպանությունն ինչ-որ այլ բան է: Մարդու իրավունքների պաշտպանն այս հարցի առնչությամբ արձանագրում է, որ նման մոտեցումները սկուզբունքային առումով են անթույլատրելի: Նախ, հավաքի կամ որևէ այլ հանրային վայրում ծառայություն իրականացնող ոստիկանների խնդիրն է ապահովել յուրաքանչյուր անձի, առավել ևս լրագրողի մասնագիտական անխոչընդոտ աշխատանքն ու անվտանգությունը: Դրանից բացի, տեղում մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի անվտանգ աշխատանքի ապահովումը հենց հասարակական կարգի պահպանության անբաժան մասն է: Լրագրողներ Անի Գևորգյանի և Սյուզի Բադոյանի պնդմամբ՝ Մասիս գյուղում ագրեսիվ պահվածքով մի շարք կանայք և տղամարդիկ փորձել են իրենց աշխատանքը խոչընդոտել, թքել են իրենց մեքենայի վրա, Արտաշատ քաղաքում հետապնդել են իրենց և ագրեսիվ վարքագիծ դրսևորել, այդ թվում հայհոյել: Լրագրողերի բողոքի համաձայն` քանի որ տեղում ոստիկաններն իրենց ամեն կերպ փորձել են հեռացել հանդիպումների վայրերից, նշված ագրեսիվ պահվածքի տեր անձինք սկսել են իրենց առավել ագրեսիվ պահել լրագրողների նկատմամբ: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ ցանկացած հավաքի կամ որևէ այլ հանրային վայրում ծառայություն իրականացնող ոստիկանները պարտավոր են երաշխավորել լրագրողների անխոչընդոտ ու անվտանգ աշխատանքը: Ոստիկանները պետք է նկատի ունենան, որ եթե տեղի է ունենում հավաք կամ այլ հանրային միջոցառում և իրենք այդ վայրում նշանակված են ծառայության ու լրագրողների համար սահմանվել են աշխատանքի կամ լուսաբանումների սահմանափակումներ, ապա ոստիկանները պարտավոր են նախապես կամ տեղում լրագրողներին ներկայացնել պատշաճ և սպառիչ պարզաբանումներ։ Այս լարված օրերին հատկապես ոստիկանները պարտավոր են նաև տեղում հավաքների մասնակիցներին անընդհատ հորդորել կամ իրազեկել, որ պետք է բացառել որևէ վիրավորական կամ հայհոյանքի խոսք, ցանկացած տեսակի ագրեսիվ պահվածք: Պետք է կանխել նման անգամ փոքր դրսևորում: Չի կարելի թույլ տալ լարվածության տանող որևէ զարգացում։ Մարդու իրավունքների պաշտպանը, հաշվի առնելով լրագրողների բողոքները, գրություն կուղարկի Ոստիկանություն՝ քննարկման առարկա դարձնելով ոստիկանների գործողությունները»։
22:05 - 05 հունիսի, 2021