ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին հաղորդում ենք ուղարկել, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և խախտում միջազգային պահանջները. Արման Թաթոյան

ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին հաղորդում ենք ուղարկել, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և խախտում միջազգային պահանջները. Արման Թաթոյան

Երեկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդին մանրամասն հաղորդում ենք ուղարկել, որ ադրբեջանական իշխանությունները ձգձգում են գերիների վերադարձը և կոպտորեն խախտում միջազգային պահանջները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Հաղորդումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ուղարկվել է առանձին ընթացակարգով: Այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները: Հաղորդման մեջ հատուկ նշում է արված, որ ադրբեջանական իշխանությունները չարաշահում են իրավական ընթացակարգերը և քաղաքականացնում գերիների վերադարձի հարցը: Դրանով մեր հասարակակությանն ու առաջին հերթին` գերիների ընտանիքներին պատճառում են հոգեկան տառապանքներ, խաղում զգացմունքների հետ ու առաջ բերում նպատակային լարվածություն: Հ.Գ. Հաղորդումը նոր է ներկայացված` հաշվի առնելով խորհրդի նստաշրջանի ժամկետները»,- գրել է նա:
10:47 - 16 փետրվարի, 2021
Սուրեն Պապիկյանը կարևորել է տեղահանված քաղաքացիների խնդիրները. հանդիպում Շոմբի Շարփի հետ

Սուրեն Պապիկյանը կարևորել է տեղահանված քաղաքացիների խնդիրները. հանդիպում Շոմբի Շարփի հետ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը։   Նախարարը կարևորել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչության հետ համագործակցության օրակարգի ընդլայնումը հատկապես հետպատերազմյան շրջանում և հույս հայտնել, որ գրասենյակի գործուն աջակցությամբ հնարավոր կլինի մեղմել համավարակի և պատերազմի հետևանքները Հայաստանի մարզերում։   Շոմբի Շարփն իր հերթին վստահեցրել է Հայաստանին տարբեր ուղղություններով աջակցելու պատրաստակամության մասին և ընդգծել, որ նախարարությունը մեծ դերակատարություն է ունեցել COVID-19-ի և պատերազմի հետևանքների մեղմման համատեղ աշխատանքներում:   ՄԱԿ-ի մշտական համակարգողի խոսքով՝ վերոնշյալ խնդիրների լուծմանն աջակցելու հարցերը գտնվում են ՄԱԿ-ի ուշադրության ներքո և այս առումով պատրաստ են համագործակցությունն ուղղել Հայաստանի համար առաջնահերթ ուղղություններով։ Շոմբի Շարփը մանրամասնել է «2021-2025թթ․ համար Հայաստան-ՄԱԿ կայուն զարգացման համագործակցության շրջանակ» փաստաթղթի շրջանակում նախանշված առաջնահերթությունները՝ առանձնացնելով մարդկանց բարօրության ամրապնդման և կարողությունների զարգացման, կանաչ և հարատևելի տնտեսական աճի, պատասխանատու և արդյունավետ պետական կառավարման ուղղությամբ գերակա նպատակները։   Նախարարը բարձր է գնահատել ՄԱԿ–ի աջակցությամբ Տավուշի, Լոռու, Շիրակի մարզերում իրականացված բարեփոխումները և հույս հայտնել, որ համատեղ ծրագրերը առաջիկայում հասանելի կլինեն Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերում։   Նախարարը զրուցակցի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ կառավարության համար առաջնահերթ է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից տեղահանված և սահմանային մարզերում ապաստանած քաղաքացիների համար բնակապահովման, աշխատատեղերի ստեղծման, գյուղատնտեսության զարգացման և կենսապահովմանն ուղղված այլ ծրագրերի իրականացումը՝ ընդգծելով յուրաքանյուր աջակցության հասցեականության ու երկարաժամկետության կարևորությունը։   Այս համատեքստում զրուցակիցները անդրադարձել են ՄԱԿ-ի Գործընկերության նոր հնգամյա շրջանակի ուղղություններին, ինչպես նաև դրա համապատասխանեցման հնարավորություններին երկրի ռազմավարական խնդիրների լուծմանը։
19:04 - 12 փետրվարի, 2021
Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ում ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ հանդիպում տեղի ունեցավ

Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ում ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ հանդիպում տեղի ունեցավ

Փետրվարի 10-ին Ժնևում տեղի ունեցավ Ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի (ՄԻԽ) միջնստաշրջանային հանդիպումը, որը նախաձեռնվել էր Հայաստանի կողմից՝ համանուն բանաձևով:  ԱԳՆ փոխանցմամբ՝ մեկօրյա հանդիպման ընթացքում բացման խոսքով հանդես եկան ՄԱԿ Ժնևի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, ՄԻԽ նախագահ Նաժատ Շամիմ Խանը, ՄԱԿ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տեղակալ Նադա Ալ-Նաշիֆը, Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էլիս Վաիրիմու Նդերիտուն: Միջոցառմանը մասնակցում էին ՄԱԿ անդամ երկրների, միջազգային կառույցների, ակադեմիական շրջանակների և ոչ կառավարական կազմակերպությունների մի շարք ներկայացուցիչներ: Մասնակիցների կողմից բարձր գնահատվեց Հայաստանի առաջնորդությունը ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում:  Իր խոսքում ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը մասնավորապես նշեց, որ անկախության ձեռքբերումից անմիջապես հետո Հայաստանը նախաձեռնեց ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ առաջին բանաձևը և լծվեց Ցեղասպանության Կոնվենցիայի, մարդկության դեմ հանցագործությունների մասին իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև կանխարգելման իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնման գործին։  Նա շեշտեց, որ մեր տարածաշրջանում սանձազերծված վերջին բռնությունները հիշեցրին պատմական ոճրագործությունների սարսափները՝ ևս մեկ անգամ ի ցույց դնելով այն մարտահրավերներն ու ձախողումները, որոնց բախվում են միջազգային մեխանիզմները նման հանցագործությունները կանխարգելելու գործում։ Ինչպես նշվում է ՀՀ կողմից հեղինակած և 2020թ. հունիսին միաձայն ընդունված ՄԻԽ 43/29 բանաձևը, նախկինում տեղի ունեցած ցեղասպանություններն արդարացնելու կամ ժխտելու փորձերը սպառնում են ոճրագործությունների կրկնությամբ:  Հայկական կողմից ընդգծվեց նաև կանխարգելման գործում պետությունների պատասխանատվության խնդիրը, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, ազատ և անկախ լրատվամիջոցների դերակատարությունը: Հայաստանի մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը հասանելի է հետևյալ հղումով։
16:01 - 11 փետրվարի, 2021
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությունը ուղղված ՀՀ բնակավայրերի կենսապայմանների բարելավմանը լինելու է շարունակական

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությունը ուղղված ՀՀ բնակավայրերի կենսապայմանների բարելավմանը լինելու է շարունակական

 Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 10-ին հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում։ Պատվիրակության կազմում էին Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Միխայելա Ստոյկոսկան և սոցիալ-տնտեսական ծրագրերի պատասխանատու Աննա Գյուրջյանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մարիյասինին պաշտոնավարման ընթացքում կատարած զգալի աշխատանքի, սերտ համագործակցության և Հայաստանի նկատմամբ սրտացավ վերաբերմումքի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։ Զրուցակիցները քննարկել են սահմանամերձ համայնքների աջակցության, գյուղական զբոսաշրջության, համայնքային կարողությունների զարգացմանն ուղղված համատեղ ծրագրերի շրջանակներում արձանագրված ձեռքբերումները և ընթացիկ արդյունքները։ Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ ՄԱԶԾ–ն Հայաստանի համար հանդիսանում է անչափ կարևոր գործընկեր, որի աջակցությամբ իրականացվող ծրագրերը ունեն կենսական նշանակություն Հայաստանի համայնքների համար և մշտապես աչքի են ընկնում հաջողված փորձով։ Նախարարն  առանձնահատուկ կարևորել է նաև ՄԱԶԾ ներգրավվածությունը Արցախի Հանրապետության քաղաքացիներին տրամադրված հյուրատների և հյուրանոցների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրում և Մարիյասինի հետ քննարկել պատերազմի արդյունքում տեղահանված քաղաքացիների սոցիալական ինտեգրմանն ուղղված աջակցության հնարավորությունները։ Դմիրտրի Մարիյասինը ևս շնորհակալություն է հայտնել նախարարին համատեղ աշխատանքի ու արդյունավետ համագործակցության համար և վստահեցրել, որ ՄԱԿ–ի զարգացման ծրագրի աջակցությունը՝ ուղղված Հայաստանի բնակավայրերի կենսապայմանների բարելավմանը լինելու է շարունակական և ընդլայնելու է աշխարհագրությունը՝ ընդգրկելով նաև սահմանամերձ դարձած մարզերը։ Մարիյասինը ընդգծել է, որ Հայաստանից հեռանում է ջերմ հիշողություններով և երկրին մաղթել տնտեսական կայունություն և առաջընթաց։
11:17 - 11 փետրվարի, 2021
Հայկական կողմն ակնկալում է ՄԱԿ-ի աջակցությունը Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման գործում

Հայկական կողմն ակնկալում է ՄԱԿ-ի աջակցությունը Արցախի պատմամշակութային ժառանգության պահպանման գործում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:  Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Ժաննա Անդրեասյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ներկայացուցիչներ Դնիս Սումփֆը և Արևիկ Անափիոսյանը: Ողջունելով հյուրերին` նախարարը կարևորել է Միավորված ազգերի կազմակերպության աջակցությամբ և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի համակարգերում իրականացվող ծրագրերը և հույս հայտնել, որ դրանք կշարունակվեն ավելի մեծ ակտիվությամբ: Վահրամ Դումանյանը շեշտել է, որ հատկապես հետպատերազմական ճգնաժամային պայմաններում ՄԱԿ-ի առաքելությունը չափազանց կարևոր  նշանակություն ունի:  «Հայկական կողմն ակնկալում է միջազգային կառույցների և մասնավորապես ՄԱԿ-ի աջակցությունը 2020 թվականին տեղի ունեցած պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո անցած պատմամշակութային ժառանգության պահպանության գործում: Մշակութային պատմական այդ հուշարձանները հայ ժողովրդի ստեղծած համամարդկային քաղաքակրթական արժեքներ են»,- նշել է նախարարը: Նա նաև հույս է հայտնել, որ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կշարունակի իր աջակցությունը՝ ուղղված հետպատերազմական շրջանում հայտնված երեխաների կրթության իրավունքի լիարժեք իրացմանը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, իր հերթին խոսելով համագործակցության կարևորության մասին, փաստել է. «ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը բարձր է գնահատում ԿԳՄՍ նախարարության հետ տարիների համագործակցությունը: Հատկապես գնահատելի են ՔՈՎԻԴ-19-ի ընթացքում դպրոցականներին և ուսանողներին հեռավար ուսուցման գործիքներ տրամադրելու, կրթական նոր հարթակներ ստեղծելու, ինչպես նաև ապահով վերաբացման համար դպրոցներին հիգիենիկ պարագաներով աջակցելու համատեղ ջանքերը: Կրթությունը մարդկային կապիտալի կառուցման և երկրի զարգացումը խթանող շարժիչ ուժերից մեկն է: Մենք ակնկալում ենք շարունակել փոխանակվել լավագույն փորձով և աջակցել Հայաստանում կրթական բարեփոխումներին: Մասնավորապես, առաջիկայում կենտրոնանալու ենք ժամանակավոր ուսումնական տարածքների ստեղծման վրա և աջակցելու ենք Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանում ապաստանած երեխաների որակյալ կրթության ներառական հասանելիությանը»:  ՄԱԿ-ի ծրագրում թիրախային է դիտվում կրթության միջոցով բարեկեցությունը, և այդ համատեքստում կարևորվում է մարդու իրավունքների իրացումը` կրթության, այդ թվում՝ նաև մասնագիտական կրթության հասանելիության բարձրացման խթանմամբ: ՄԱԿ-ի ներկայացուցիչները նշել են, որ ծրագրեր են նախանշվում նաև երիտասարդության և սպորտի ոլորտներում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն էլ, ներկայացնելով կրթության ոլորտում ՄԱԿ-ի հետ համագործակցությունը, կարևորել է ներկայումս Հայաստանում կրթության ոլորտի առաջնահերթություններից մեկի՝ համընդհանուր ներառական կրթության զարգացմանն ուղղված համագործակցությունը՝ հաշվի առնելով, որ ՀՀ օրենսդրությամբ մինչև 2023 թվականը նախադպրոցական կրթության համակարգում անցում է կատարվելու համընդհանուր ներառականությանը: Կողմերն անդրադարձել են նաև Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությանը` կարևորելով Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունավետ իրագործումը մարզային դպրոցներում: Նշվել է, որ համավարակով պայմանավորված առկա ուսուցման բացակայության պայմաններում երեխաներին դպրոցական սննդի շրջանակում տրվել են սննդի տուփեր: Խոսելով համավարակի պայմաններում կրթության շարունակականության ապահովման մարտահրավերի մասին` նշվել է, որ Հայաստանում միջազգային և տեղական կառույցների, այդ թվում` ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների գործուն աջակցությամբ հնարավոր է եղել ապահովել հեռավար դասերին աշակերտների 85 տոկոս մասնակցություն: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը վերահաստատել է հայկական կողմի հանձնառությունը՝ իրագործելու Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) ապահովմանը միտված աշխատանքները` առանձնահատուկ կարևորելով համագործակցությունը ՄԱԿ-ի «Մանկական հիմնադրամի» և Պարենի համաշխարհային կազմակերպության հետ՝ համապատասխանաբար ԿԶՆ 4-ի և ԿԶՆ 2-ի շրջանակներում: Նա նաև տեղեկացրել է Կրթության միջազգային գործընկերությանը Հայաստանի անդամակցության մասին և վստահություն հայտնել, որ որպես դրամաշնորհային գործակալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի դերակատարումը լավագույնս կնպաստի ծրագրի առաջին փուլի արդյունավետ իրականացմանը:  Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համավարակով և հետպատերազմական իրավիճակով պայմանավորված այլ խնդիրներ` համագործակցության ծրագրերի հստակեցման և գործունեության ընդլայնման նպատակով:
15:13 - 09 փետրվարի, 2021
Հս. Կորեան շարունակում է զարգացնել միջուկային և հրթիռային ծրագրերը. ՄԱԿ-ի զեկույց |tert.am|

Հս. Կորեան շարունակում է զարգացնել միջուկային և հրթիռային ծրագրերը. ՄԱԿ-ի զեկույց |tert.am|

tert.am: Հյուսիսային Կորեան պահպանել և զարգացրել է իր միջուկային և բալիստիկ հրթիռների ծրագրերն ամբողջ 2020 թվականի ընթացքում`խախտելով միջազգային պատժամիջոցները և վերոնշյալ գործունեությունը ֆինանսավորելով կիբերհաքերների միջոցով գողացված շուրջ 300 միլիոն դոլարով, հայտնում է Al Jazeera-ն՝ հղում տալով ՄԱԿ-ի համապատասխան զեկույցին:Անկախ պատժամիջոցների դիտորդական զեկույցում ասվում է, որ պաշտոնական Փհենյանը «արտադրում է փխրուն նյութեր, պահպանում է միջուկային հաստատություններն ու նորացնում իր բալիստիկ հրթիռների ենթակառուցվածքը», միևնույն ժամանակ շարունակում է այդ ծրագրերի համար նյութեր և տեխնոլոգիաներ որոնել դրսում:Անցյալ տարվա ընթացքում Հյուսիսային Կորեան ռազմական շքերթների ընթացքում ցուցադրել է կարճ հեռահարության, միջին հեռահարության, սուզանավերի կողմից արձակվող և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների նոր համակարգեր: Այս մասին նշված է ՄԱԿ-ի զեկույցում: Անցյալ ամիս Փհենյանում կայացած ռազմական շքերթի ընթացքում Հյուսիսային Կորեան ցուցադրել է, ինչպես ինքն է անվանում, «աշխարհի ամենահզոր զենքը»:ՄԱԿ-ի անդամ պետություններից մեկը զեկույցում նշել է, որ դատելով հրթիռի չափից, շատ հավանական է, որ միջուկային սարքը կարող է տեղադրվել երկար, միջին և փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների վրա: Չնայած որ 2020 թվականին միջուկային կամ բալիստիկ հրթիռի փորձարկումներ տեղի չեն ունեցել, Փհենյանը հայտարարել է բալիստիկ հրթիռների նոր մարտագլխիկների փորձարկման և արտադրության նախապատրաստման ու մարտավարական միջուկային զենքի մշակման մասին:
12:54 - 09 փետրվարի, 2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցչին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Մարիան Քլարկ–Հաթինգին: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև երկար տարիների համագործակցությունը և հետագա համատեղ անելիքները: Հարկ է նշել, որ անկախության տարիներից ի վեր` հիմնադրամը մշտապես աջակցել է, մասնավորապես իմունականխարգելման, մանկական տրավմատիզմի, մոր և մանկան առողջության պահպանմանը վերաբերող ծրագրերին, իսկ վերջին տարվա ընթացքում օժանդակությունն ուղղված է եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարին: «Հայաստանի համար շատ կարևոր էր անցյալ տարի ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից ցուցաբերված աջակցությունը, հատկապես` հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության և Արցախյան պատերազմի արդյունքում ստեղծված բարդ իրավիճակը: Հուսով եմ, որ ընթացքի մեջ գտնվող առողջապահական ծրագրերը կյանքի կկոչվեն հնարավորինս առաջիկայում և կօգնեն հաղթահարել մեր առջև ծառացած դժվարությունները»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:  Մարիան Քլարկ–Հաթինգը նշել է, որ հոգեկան առողջությունը գերկարևոր ուղղություններից է` հաշվի առնելով նախորդ տարի ստեղծված իրավիճակը` կորոնավիրուսային հիվանդությամբ և պատերազմով պայմանավորված: Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում պատերազմի հետևանքով ժամանակավորապես Հայաստան տեղափոխված երեխաների բժշկական օգնության կազմակերպման, կրթության իրավունքի և հոգեկան առողջության խնդիրների լուծման ուղղությամբ` հավելելով, որ այդ հարցերի լուծումն առաջնային է: Կողմերը խոսել են նաև կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութերի, դրանց ձեռքբերման և հասանելիության վերաբերյալ` նշելով, որ տվյալ հարցում համագործակցություն կարող է ծավալվել ինչպես ՄԱԿ-ի, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ:
09:41 - 06 փետրվարի, 2021
Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Փետրվարի 4-ին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի  մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինին, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Հանդիպման սկզբում ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել պարոն Մարիյասինին՝ համագործակցության եւ տարբեր ոլորտներում իրականացված համատեղ ծրագրերի համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի խորհրդարանի եւ ՄԱԶԾ-ի միջեւ գործակցությանը, որն ուղղված է Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դ. Մարիյասինը շնորհակալություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում ՀՀ ԱԺ-ի հետ ունեցած արդյունավետ համագործակցության համար: Նա խոսել է նաեւ Հայաստանում ՄԱԶԾ-ի կողմից իրականացված տարբեր ծրագերի մասին: Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է անցած տարի աշնանը Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային, դրա ծանր հետեւանքներին՝ առաջնահերթ համարելով հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց շուտափույթ վերադարձի հարցը: Խորհրդարանի խոսնակի կողմից կարեւորվել է նաեւ պատերազմի հետեւանքով առաջացած մարդասիրական այլ խնդիրների շուտափույթ հաղթահարումը եւ դրանում միջազգային գործընկերների ակտիվ ներգրավվածությունը: Հանդիպման ավարտին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Դմիտրի Մարիյասինին նորանոր հաջողություններ է մաղթել իր հետագա գործունեության ընթացքում:
19:25 - 04 փետրվարի, 2021
Վահան Քերոբյանն ու Շոմբի Շարփը վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը

Վահան Քերոբյանն ու Շոմբի Շարփը վերահաստատել են համագործակցության խորացման պատրաստակամությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Վարոս Սիմոնյանը և Ավագ Ավանեսյանը, նաև նախարարության և Մշտական համակարգողի գրասենյակի անձնակազմի ներկայացուցիչները։ Շոմբի Շարփը շնորհավորել է նախարարին ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: ՄԱԿ-ի մշտական համակարգողը նշել է, որ Հայաստանի Կառավարության հետ քննարկվող 2021-2015 թթ․ ՄԱԿ-ի Զարգացման աջակցության շրջանակը լավ հնարավորություն է վերանայելու և նոր թափ հաղորդելու համագործակցությանը․ «ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի անունից ցանկանում եմ նշել, որ մենք մեծապես գնահատում ենք Էկոնոմիկայի նախարարության հետ մեր լայնածավալ համագործակցությունը՝ մարդկանց և համայնքների համար ընդհանուր բարեկեցություն և կայունություն ապահովելու համար: Այժմ մենք ընդլայնում ենք մեր համատեղ ջանքերը` վերջին մարտահրավերներից ավելի լավ վերականգնվելու համար, և շուտով կմեկնարկենք ՄԱԿ-ի Գործընկերության նոր հնգամյա շրջանակը, որի հիմքում Հայաստանի համար կանաչ, կայուն և ներառական տնտեսական աճն է»,- ասել է Շոմբի Շարփը: Նա հավելել է, որ համագործակցությունը կարող է շարունակվել նաև ՓՄՁ զարգացման, ներդրումների խթանման, նորարարության ֆինանսավորման  և վենչուրային ֆոնդերի ստեղծման ուղղություններով։ Ողջունելով Հայաստանում իրականացվող ՄԱԿ-ի հետ համատեղ նախագծերը՝ Վահան Քերոբյանը նշել է, որ հանդիպումը լավ հնարավորություն է հետագա համագործակցության ուղղություններն ուրվագծելու և հստակեցնելու համար։ Նախարարը հետաքրքրվել է Հայաստանում ՄԱԿ-ի տնտեսական կառույցների գրասենյակների հիմնման հնարավորություններով, ներկայացրել նախարարության տեսլականը ՓՄՁ-ների համար ֆինանսական միջոցների հասանելիության, կապիտալ շուկայի զարգացման վերաբերյալ։ Վահան Քերոբյանը տեղեկացրել է նախարարության կողմից իրականացվող գիտելիքահենք տնտեսական քաղաքականության մշակման աշխատանքների  մասին։ Նա հայտնել է նաև գյուղական վայրերում ոչ գյուղատնտեսական աշխատատեղերի ստեղծման նախաձեռնության մասին, ինչը հնարավորություն կընձեռի գյուղական համայնքների բնակիչներին աշխատելու նաև զբոսաշրջության, թեթև արդյունաբերության և այլ ոլորտներում։ Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել ջրային ոլորտի ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի իրականացմանը։ Պարոն Շարփը նշել է գյուղական համայնքներում աշխատուժի վերապատրաստման, այդ թվում՝ կանանց համար ծրագրերի անհրաժեշտության մասին։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխհամաձայնեցված ուղղություններով համագործակցության խորացման պատրաստակամությունն ու հանձնառությունը: 
17:02 - 04 փետրվարի, 2021
ՄԱԿ-ը 2 մլն դոլար է տրամադրել Հայաստանում ապաստանած արցախցիներին աջակցելու համար

ՄԱԿ-ը 2 մլն դոլար է տրամադրել Հայաստանում ապաստանած արցախցիներին աջակցելու համար

ՄԱԿ-ը 2 միլիոն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն է տրամադրել՝ Լեռնային Ղարաբաղում և դրա մերձակայքում վերջերս տեղի ունեցած հակամարտության արդյունքում Հայաստանում ապաստանած մարդկանց կենսական նշանակություն ունեցող մարդասիրական աջակցություն հասցնելու համար: Ինչպես հայտնում են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից, այս միջոցներն անմիջապես կաջակցեն նախորդ շաբաթ հրապարակված Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրին, որում ներկայացված են ՄԱԿ-ի և հումանիտար գործընկերների ռեսուրսների կարիքները՝ տեղահանված և ընդունող համայնքների առաջնային կարիքները բավարարելու համար: «ՄԱԿ-ը աջակցել է իրենց տները հարկադիր լքած մարդկանց հակամարտության հենց սկզբից և կշարունակի աջակցել այնքան ժամանակ, քանի դեռ մարդիկ խոցելի կմնան»,- ասել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:   ՄԱԿ-ի Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամի (CERF) կողմից ֆինանսավորումը կօգնի առաջնահերթ օգնություն տրամադրել փախստականների նման կարգավիճակում գտնվող անձանց և ընդունող համայնքներին: ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Միգրացիայի միջազգային կազմակերպության միջոցով տրամադրվող աջակցությունը կապահովի, որ բոլոր խոցելի խմբերին, հատկապես՝ երեխաներին, հասանելի լինեն այնպիսի ծառայությունները, ինչպիսիք են դպրոցները, սոցիալ-հոգեբանական աջակցությունն ու առողջապահական առաջնային ծառայությունները, ինչպես նաև՝ ձմեռելու համար անհրաժեշտ ապաստարաններն ու ոչ պարենային ապրանքները: Աջակցման տրամադրման ժամանակ առաջնահերթություն կտրվի կանանց, երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց: Ծրագիրը ընդլայնում է հակամարտության հենց սկզբից տրամադրվող աջակցությունը: 2020 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերները տրամադրել են 33,330 ոչ պարենային ապրանք, այդ թվում՝ անկողնային իրեր, սրբիչներ, հիգիենայի պարագաներ և կենցաղային իրեր, 1,000 ծալովի մահճակալ, սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրել կանանց և երեխաներին, ինչպես նաև՝ վճարել են ապաստարանի դեր կատարած 64 օբյեկտի կոմունալ ծախսերը: Աջակցություն է ցուցաբերվել նաև 11,500 երեխայի, ովքեր ներկայում սովորում են Հայաստանի նախակրթարաններում և դպրոցներում: Բացի այդ, մի շարք այլ միջոցառումների հետ մեկտեղ, յուրաքանչյուր ամիս հարյուրավոր տոննա պարենային օգնություն է տրամադրվում շուրջ 18,000 մարդու:    
19:14 - 02 փետրվարի, 2021
ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ղարաբաղում գերեվարված զինվորականներին և այլ անձանց |azatutyun.am|

ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ղարաբաղում գերեվարված զինվորականներին և այլ անձանց |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով փորձագետները Ժնևում հայտարարել են, որ անհրաժեշտ է ազատ արձակել Լեռնային Ղարաբաղում գերեվարված զինվորականներին և քաղաքացիական անձանց: «Բոլոր մարդիկ, ովքեր հակամարտության բերումով զրկվել են ազատությունից, պետք է կարողանան տուն վերադառնալ»,- ասվում է փորձագետների համատեղ հայտարարությունում: Փաստաթղթում նշվում է, որ «զոհվածների ազգականներին պետք է տրվի աճյունները ստանալու հնարավորություն»: ՄԱԿ-ի փորձագետները նախազգուշացնում են, որ անհետ կորածների մասին տեղեկություններ չհայտնելը կամ աճյունների վերադարձը մերժելը կարող է գնահատվել որպես «բռնի անհետացում»: «Մեզ մտահոգում են հաղորդագրություններն այն մասին, որ գերիները և միջազգային իրավունքի պաշտպանության ներքո գտնվող այլ անձինք բռնի եղանակով անհետանում են, ենթարկվում են արտադատարանական մահապատժի, կտտանքների և այլ տեսակի վատ վերաբերմունքի»,- հայտարարում են փորձագետները: Նրանք Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին կոչ են անում «մանրակրկիտ, արագ, անկախ և անկողմնակալ եղանակով ստուգել զինված հակամարտության ընթացքում և դրանից հետո մարդու իրավունքների ոտնահարման մասին վկայող հաղորդագրությունները և պատասխանատվության ենթարկել մեղավորներին»: Այդ հայտարարությունը ստորագրել են ՄԱԿ-ի 7 փորձագետներ, այդ թվում` կտտանքների հարցով հատուկ զեկուցող Նիլս Մելցերը, արտադատարանական մահապատիժների հարցերով հատուկ զեկուցող Ագնես Կալամարը և բռնի անհետացումների հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի անդամները:
17:41 - 01 փետրվարի, 2021
FAO-ն Հայաստանում հրատապ օգնություն է տրամադրում հակամարտությունից տուժած մարդկանց

FAO-ն Հայաստանում հրատապ օգնություն է տրամադրում հակամարտությունից տուժած մարդկանց

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) Հայաստանին հրատապ օգնության ծրագիր է սկսել`օգնելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած խոցելի խմբերին: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Ծրագիրը իրականացվելու է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ՝ նպատակ ունենալով արագ արձագանքել ՀՀ կառավարության կողմից իրականացվող միջամտություններին, դրանցում կարևոր բացերը լրացնելուն: Աջակցությունը տրամադրվելու է գյուղատնտեսական նշանակության ներդրանքների միջոցով, ինչպիսիք են՝ անասնակերը, սարքավորումները և տեղահանված գյուղատնտեսական կենդանիների համար ժամանակավոր կացարաններ կառուցելու նյութերը: «Ծրագիրը կարևոր է, քանզի ընձեռում է արագ արձագանքման հնարավորություն, սակայն առաջիկա գյուղատնտեսական սեզոնի համար ավելի մեծ աջակցություն է անհրաժեշտ», — նշեց ՊԳԿ Հայաստանյան ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն: Նշենք, որ Ղարաբաղյան հակամարտությունից հետո տեղահանված ընտանիքների կողմից Հայաստան են տեղափոխվել, ըստ տարբեր հաշվարկների, մոտ 12 000-ից մինչև 55 000 կով և 60 000-ից մինչև 90 000 մանր եղջերավոր կենդանիներ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:30 - 29 հունվարի, 2021
ՄԱԿ-ը հրապարակել է ԼՂ հակամարտությունից տուժածներին աջակցման ծրագրի առցանց տարբերակը

 |armenpress.am|

ՄԱԿ-ը հրապարակել է ԼՂ հակամարտությունից տուժածներին աջակցման ծրագրի առցանց տարբերակը |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը, Մշտական համակարգող Շոմբի Շարփի և ՄԱԿ-ի փախստականների գրասենյակի ղեկավարությամբ, գործընկեր ՀԿ-ների հետ միասին, հրապարակել է Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագիրը: Ծրագիրը նախապես ներկայացվել է ՀՀ կառավարությանը և դոնոր համայնքին: Ինչպես տեղեկացրին ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչությունից, արձագանքման ծրագիրը, որը լրացնում է ՀՀ կաառավարության աջակցության նախաձեռնությունները, գործելու է մինչև 2021 թ. հունիսը, և ծառայում է որպես համակարգման և պաշտպանության գործիք: Այն նախանշում է մարդասիրական աջակցության առաջնահերթությունները, մինչ օրս իրականացված ծրագրերը, ինչպես նաև՝ նոր միջոցների հավաքագրման կոչ է անում, որոնք անհրաժեշտ են Հայաստանում ապաստանած շուրջ 90,000 մարդկանց և նրանց հյուրընկալած համայնքների կարիքները հոգալու համար: Արձագանքման պլանը ներառում է 36 մարդասիրական գործընկեր և 62,6 մլն ԱՄՆ դոլարի ընդհանուր ֆինանսական պահանջներով 188 նախագիծ` վեց հիմնական ոլորտներում անհրաժեշտ օգնությունն ապահովելու համար (պաշտպանություն, այդ թվում՝ երեխաների պաշտպանություն; կրթություն; ապաստան և ոչ պարենային ապրանքներ; սննդի անվտանգություն և սնուցում; առողջապահություն և վաղ վերականգնում): «Հակամարտության առաջին իսկ օրվանից, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը, իր գործընկերների հետ միասին, ջանասիրաբար աշխատել է՝ հոգալու համար իրենց տները հարկադրված լքած անձանց առաջնային կարիքները, և այս ծրագիրը ներկայացնում է էլ ավելի մեծ աջակցության և համերաշխության կարևոր նոր հնարավորություն՝ բարելավելով մարդասիրական դոնորների ներգրավումը», - նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը՝ Միջգործակալական արձագանքման ծրագրի ներկայացմանը: Կառավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ գործընկեր նախարարությունները, բարձր են գնահատել ճգնաժամի արձագանքման շուրջ ՄԱԿ-ի, միջազգային հանրության և ՀԿ-ների հետ համագործակցությունը և կարևորել Արձագանքման ծրագրի դերը՝ գործընկերության հետագա ընդլայնման հարցում:  «Չնայած որ հակամարտությունն ավարտվել է, Հայաստանում փախստականների կարգավիճակում գտնվող մարդիկ հրատապ մարդասիրական աջակցության կարիք ունեն, ինչն էլ ավելի է սրվել ձմռան հետևանքով: Ծրագիրը Կառավարությանը աջակցելու մեր համատեղ ջանքն է՝ այս մարդկանց թե անմիջապես, թե միջնաժամկետ կտրվածքով աջակցելու նպատակով: Ծրագիրը նաև հաշվի է առնում հյուրընկալած համայնքները, որոնք սրտաբաց ընդունել են ժամանածներին», - ավելացրել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը:  Մարդասիրական աջակցության և զարգացմանն ուղղված ծրագրերի միջև արդյունավետ կապը ապահովելու համար՝ Արձագանքման ծրագիրը մշակվել է COVID-19 սոցիալ-տնտեսական արձագանքման և վերականգնման պլանին և ՄԱԿ-ի Կայուն զարգացման գործընկերության շրջանակին համահունչ, որը կներկայացնի Հայաստանի հետ ՄԱԿ-ի համագործակցության առաջնահերթությունները 2021 - 2025 թվականներին:  Ծրագիրը նպատակ ունի ընդլայնել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի, մարդասիրական և զարգացման գործընկերների կողմից արդեն իսկ տրամադրված աջակցությունը, որը կարևոր ազդեցություն է ունեցել հակամարտության հենց սկզբից տեղահանված մարդկանց մի շարք կարևոր կարիքները հոգալու համար: 2020 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում ՄԱԿ-ի գործակալությունները և գործընկերները տրամադրել են 33,330 ոչ պարենային ապրանք, այդ թվում՝ անկողնային իրեր, սրբիչներ, հիգիենայի պարագաներ և կենցաղային իրեր, 1,000 ծալովի մահճակալ, ինչպես նաև՝ վճարել են ապաստարանի դեր կատարած 64 օբյեկտի կոմունալ ծախսերը: Աջակցություն է ցուցաբերվել 11,500 դպրոցահասակ երեխաների, ովքեր ներկայումս միջնակարգ կրթություն են ստանում Հայաստանում: Բացի այդ, մի շարք այլ միջոցառումների հետ մեկտեղ, յուրաքանչյուր ամիս հարյուրավոր տոննա պարենային օգնություն է տրամադրվում շուրջ 18,000 մարդու:  Հայաստանի Միջգործակալական արձագանքման ծրագրին կարելի է ծանոթանալ այստեղ: Վերսկսված հակամարտության հենց սկզբից ՄԱԿ-ի կողմից տրամադրված աջակցության մասին տեղեկատվություն կարելի է գտնել այստեղ: ՄԱԿ-ի գործակալությունների և գործընկերների մարդասիրական արձագանքի վերաբերյալ մանրամասն և անընդհատ թարմացվող տեղեկատվություն կարելի է ստանալ Հայաստանի արձագանքման հարթակից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 
19:48 - 28 հունվարի, 2021
ՄԱԿ-ը շարունակում է Ադրբեջանի եւ ՀՀ-ի հետ համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելություն ուղարկելու հարցը |armenpress.am|

ՄԱԿ-ը շարունակում է Ադրբեջանի եւ ՀՀ-ի հետ համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելություն ուղարկելու հարցը |armenpress.am|

armenpress.am:  ՄԱԿ-ի կառույցները շարունակում են Ադրբեջանի եւ Հայաստանի հետ համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելություն ուղարկելու հարցը:  Ինչպես տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Մենք օգտակար ենք համարում միջազգային պրոֆիլային կառույցների միացումը։ Ներկայումս Լեռնային Ղարաբաղում եւ հարակից շրջաններում ակտիվորեն աշխատում է ԿԽՄԿ-ն: Ինչ վերաբերում է ՄԱԿ -ի մասնագիտացված գործակալություններին, ապա ՄԱԿ-ի ղեկավարությունը շփման մեջ է ադրբեջանական և հայկական կողմերի հետ և շարունակում է համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելություն ուղարկելու հարցը», - ասել է նա:
18:25 - 28 հունվարի, 2021
ԱՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարներին Արցախի պատմական ժառանգության պաշտպանության կոչ է հղել

ԱՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարներին Արցախի պատմական ժառանգության պաշտպանության կոչ է հղել

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հունվարի 26-ին նամակներ է հղել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին՝  Ադրբեջանի իշխանությունների կողմից այդ երկրի օկուպացիայի տակ գտնվող Արցախի Հանրապետության տարածքներում հայկական մշակութային ժառանգության սիստեմատիկորեն և դիտավորյալ ոչնչացման կապակցությամբ, ինչը միջազգային իրավունքի կոպիտ ոտնահարում է։Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նամակներում մանրամասն փաստեր են ներկայացվում Ադրբեջանի իշխանությունների կողմից նմանատիպ հանցագործությունների հետևողականորեն  իրականացման վերաբերյալ՝ նախկին ԽՍՀՄ ժամանակաշրջանում, ապա նաև հաջորդած տարիներին՝ նպատակ ունենալով մասնակիորեն կամ ի սպառ ոչնչացնել ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքներում հայկական ներկայության ցանկացած վկայություն։  Մասնավորապես՝ որպես հայկական մշակութային ժառանգության կործանման պրակտիկայի թերևս ամենաողբերգական փաստ նշվում է 1997-2006 թթ. Նախիջևանի Հին Ջուղայի հայկական գերեզմանատան մի քանի հազար միջնադարյան խաչքարերի  դիտավորյալ ավերման մասին։ Նամակներում նաև տեղեկացվում է, որ խորհրդային ժամանակաշրջանում և 1992-1994 թթ. Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի իշխանությունների կողմից հիմնահատակ քանդվել և ամբողջությամբ ոչնչացվել են հայկական 167 եկեղեցիներ, 8 վանական համալիրներ և 123 գերեզմանատներ։ Նույն ժամանակահատվածում շուրջ 2500 հայկական խաչքարեր և ավելի քան 10 000 հայկական գերեզմանաքարեր են ավերվել և օգտագործվել որպես շինանյութ։ԱԳ նախարարը հատուկ ընդգծում է, որ Ադրբեջանի նման քաղաքականությունն ավելի ինտենսիվ է դարձել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում և շարունակվում է մինչ օրս, ինչն   ադրբեջանական ռազմական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում մոտ ապագայում հայկական մշակութային ժառանգության ամբողջական ոչնչացման իրական սպառնալիք է։ Մասնավորապես՝ ուշադրություն է հրավիրվում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու  վրա ադրբեջանական զինված ուժերի անօդաչու թռչող սարքից երկու անգամ կանխամտածված հարվածներ հասցնելու փաստի վրա։  Մատնանշվում է նաև ադրբեջանական ԶՈՒ զինծառայողների կողմից հայկական ժառանգության հուշարձանների և արտեֆակտերի դիտավորյալ ոչնչացումը, որի մասին վկայող բազմաթիվ տեսանյութեր և լուսանկարներ են տարածվում համացանցում։ԱԳ նախարարը կոչ է անում միջազգային կազմակերպությունների ղեկավարներին արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ երաշխավորելու հայկական պատմական, հոգևոր և մշակութային ժառանգության հուշարձանների պաշտպանությունը և պահանջել Ադրբեջանի իշխանություններից՝ հարգել և կատարել իրենց ստանձնած պարտավորությունները՝ պահպանելու ներկայումս նրանց վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգությունը և հրաժարվել այն ոչնչացնելու տխրահռչակ քաղաքականությունից։Նամակներին կից ուղարկվել է նաև Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից պատրաստված զեկույցը՝ Արցախի Հանրապետության` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ։
19:04 - 26 հունվարի, 2021