ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Կոռուպցիոն սխեմատիկ հանցավոր խախտումներ գերեզմանոցային ծառայությունների սպասարկման ոլորտում. Երևանի քաղաքապետին միջնորդագիր է ներկայացվել

Կոռուպցիոն սխեմատիկ հանցավոր խախտումներ գերեզմանոցային ծառայությունների սպասարկման ոլորտում. Երևանի քաղաքապետին միջնորդագիր է ներկայացվել

Երևան քաղաքի դատախազությունում ուսումանսիրության են ենթարկվել Երևան քաղաքի տարբեր գերեզմանատներում հուղարկավորությունների ծառայությունների, հուղարկավորությունների նպատակով կատարվող հողահատկացումների ոլորտում «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ում կատարված առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով մի շարք քրեական գործերի նյութեր: Դրա արդյունքում պարզվել են, որ Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խւմբի կողմից 2020թ. կատարված ստուգումներից հետո, անգամ հարուցված քրեական գործերի պայմաններում, տարբեր գերեզմանատներում շարունակվում են արձանագրվել աղաղակող խախտումներ: Մասնավորապես, պարզվել է, որ մի շարք գերեզմանատան վարիչներ, չնայած ստուգմամբ արձանագրված խախտումներին, տեղափոխվել են այլ գերեզմաններ՝ որպես վարիչ, կամ չեն ազատվել աշխատանքից և հետագայում շարունակել են հանցավոր գործունեությունը: Օրինակ, քրեական գործի շրջանակում պարզվել է, որ «Սիլիկյան» բաց գերեզմանատան կողմից տրամադրված գերեզմանատեղերը եղել են օրենքով սահմանված չափերից ավել: Գերեզմանատան վարիչը նախաքննության ընթացքում վերականգնել է պետությանը պատճառված՝ 1.530.000 ՀՀ դրամ վնասը, սակայն քրեական գործի նախաքննությանը զուգահեռ շարունակել է դրսևորել հանցավոր վարքագիծ և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:  Նույնիսկ այն գերեզմանատներում, որտեղ նախկին վարիչներն ազատվել են աշխատանքից, հետագայում նույնաբնույթ խախտումները շարունակվել են, ավելին, գերեզմանատներում գործել է հանցանքների կատարման նույն մեխանիզմը: Մասնավորապես՝ գերեզմանի վարիչները, չունենալով փակ գերեզմանատներում նոր գերեզմանատեղեր հատկացնելու իրավունք, օրենսդրական արգելքի պայմաններում լրացրել են ակնհայտ կեղծ գերեզմանաքարտեր՝ ներառելով նախկինում՝ նոր հատկացվող վայրում իբրև թե մահացողի հարազատի հուղարկավորված լինելու փաստը և այդ հիմքով նոր գերեզմանատեղի հատկացրել գերեզմանի սահմաններից դուրս գտնվող համայնքնային կամ այլ անձանց սեփականություն հանդիսացող հողատարածքներում: Դա հիմանկանում պատճառաբանվել է նրանով, որ գերեզմանատների և հարակից ամայի տարածքների միջև արգելապատնեշներ չկան, դրանք առանձնացված չեն, սահմանազատում ևս չկա, և այդ պատճառով առաջանում են թյուրիմացություններ: Բացի այդ, պարզվել է, որ և՛ բաց, և՛ փակ գերեզմանատեղիներում առկա են բազմաթիվ գերեզմաններ, որոնք զբաղեցնում են օրենքով սահմանված առավելագույն չափերից ավել տարածքներ, ինչի պատճառով գերեզմանտեղիներում տարաքծների սղություն է առաջանում, և ազատ տեղեր չլինելու պատճառով դրանք դառնում են փակ գերեզմանատեղեր: Հուղարկավորություն իրականացրած անձիք ավել տարածքների զավթումը պատճառաբանում են բետոնապատման աշխատանքներով կամ իրենց կողմից ուղղակի, առանց որևէ մեկի հետ համաձայնեցնելու ավել տարածք զբաղեցնելու որոշմամբ: Այսինքն բաց և փակ գերեզմանատների վարիչները պատշաճ հսկողություն չեն իրականացրել իրենց ղեկավարած գերեզմանատներում՝ նոր գերեզմանատեղերի՝ օրենքով նախատեսված չափերով տրամադրման և այդ գերեզմանատեղերի չափերի պահպանման նկատմամբ: Իսկ կաշառք ստանալու վերաբերյալ քննվող քրեական գործերի շրջանակներում պարզվել է, որ գերեզմանատան վարիչները կամ հսկիչները գերեզմանատեղի շինարարություն իրականացնելու պատրվակով իրականում քաղաքացիներից գումար են պահանջել գերեզմանատեղի տրամադրման համար և նշված աշխատանքների համար  տարբեր անձանցից տարբեր չափի գումարներ պահանջել:  «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի կանոնադրության ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ կազմակերպությունը կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության որոշակի տեսակներ, որոնց մեջ ներառված են գերեզմանահորի փորումը, գերեզմանի բարեկագումը, այսինքն սալիկապատում կամ բետոնապատումը և այլն: ՀՈԱԿ-ում առկա է հստակ սահմանված գնացուցակ վերոհիշյալ ծառայությունների համար, որի վճարումները ևս քաղաքացիների կողմից պետք է իրականացվեն ՀՈԱԿ-ի հաշվապահության միջոցով: Այսինքն, գերեզմանի վարիչները և հսկիչները նման ծառայություններ մատուցելու իրավասություն չունեն, այն ՀՈԱԿ-ի կողմից բացված ձեռնարկատիրական կազմակերպության բացառիկ լիազորությունն է: Մինչդեռ գերեզմանատների  վարիչները և հսկիչները, շրջանցելով օրինական ճանապարհը, տեղերում առաջարկում են իրենց կողմից վերհիշյալ ծառայությունների մատուցումը, դրա մեջ նաև առանձին դեպքերում ներառելով գերեզմանատեղի հատկացման համար վճար: Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ միայն օրենսդրական կարգավորումն ի զորու չէ ապահովել օրենքով սահմանված գերեզմանատեղերի առավելագույն չափերի պահպանումը և անհրաժեշտ է մեխանիզմներ մշակել, քաղաքացիների կողմից նման հողազավթումները հայտնաբերելու և վերացնելու համար: Ելներով ուսումանսիրությամբ պարզված վերոնշյալ իրողություններից՝ Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը շարունակվող հանցավոր խախտումները, կոռուպցիոն տարածված սխեմաները վերացնելուն, հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները չեզոքացնելուն ուղղված կոնկրետ առաջարկություններով միջնոդրագրով դիմել է Երևանի քաղաքապետին: Հաշվի առնելով խնդրի սոցիալական մեծ նշանակությունը, ինչպես նաև ավանդաբար շարունակվող արատավոր և հանցավոր դրսևորումներն արմատախիլ անելու մեխանիզմների շուրջ հանրային քննարկումների ապահովման անհրաժեշտությունը՝ առաջիկայում կներկայացվեն նաև Երևանի դատախազության կողմից միջնորդագրով Երևանի քաղաքապետարանին ներկայացված կոնկրետ առաջարկությունները:  
15:25 - 19 հունվարի, 2022
Հակակոռուպցիոն կոմիտեն անօրինական և անհիմն է գնահատում Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազության դիրքորոշումը

 |armenpress.am|

Հակակոռուպցիոն կոմիտեն անօրինական և անհիմն է գնահատում Վլադիմիր Գասպարյանի գործով դատախազության դիրքորոշումը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է նախկին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը չհաստատելու և այն լրացուցիչ նախաքննության վերադարձնելու դատախազի որոշումը: Այս մասին ասացին Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Դատախազի որոշումը գնահատում ենք որպես անօրինական և չհիմնավորված: Այն անխոս բողոքարկվելու է վերադաս դատախազին, թեպետ առավել քան համոզված ենք, որ դա որևէ արդյունք չի տալու, քանի որ վստահ ենք` նման կարևոր գործերով առանցքային որոշումները կայացվում են դատախազական ամենաբարձր մակարդակում, և այս գործը դատարան չուղարկելու որոշումը դատախազության միասնական դիրքորոշումն է»,- նշեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։ Ավելի վաղ, Դատախազությունը հայտնել էր, որ կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության։ Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի վեց հոդվածով։ Հակակոռուպցիոն կոմիտեն նախկին ոստիկանապետին մեղադրում է հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 2 միլիարդ դրամ օրինականացնելու համար։
20:36 - 18 հունվարի, 2022
Քաղաքապետարանում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված 31 քրգործերից 17-ի համար առիթ են հանդիսացել քաղաքապետարանից ստացված հաղորդումները

Քաղաքապետարանում կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցված 31 քրգործերից 17-ի համար առիթ են հանդիսացել քաղաքապետարանից ստացված հաղորդումները

2018թ. հոկտեմբերից սկսած՝ առ այսօր ՀՀ քննչական տարբեր մարմիններում Երեւանի քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցների կողմից առերեւույթ կոռուպցիոն բնույթի ենթադրյալ հանցագործություններ կատարելու դեպքերով հարուցվել է ընդհանուր 31 քրեական գործ: Այս մասին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ հարուցված, քննված կամ քննվող քրեական գործերից 17-ի համար օրինական առիթ են հանդիսացել Երեւանի քաղաքապետարանից, մյուսների համար՝ այլ սուբյեկտիներից ստացված հաղորդումները կամ ահազանգերը։  Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթացի ֆոնին նախորդ տարվա դեկտեմբերի 15-ի ուշ երեկոյան տարբեր կայքեր մի նյութ տարածեցին, որտեղ թվարկված էին հնարավոր պատճառներ, թե ինչու է ավագանին Մարությանի հրաժարականը պահանջում։ Մասնավորապես, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ փոխկապակցված Armenianews.net կայքն իր տեղեկություններով ութ պատճառ էր թվարկել (armdaily.am, araratnews.am կայքերն էլ արտատպել են տեքստը), որոնց իսկությանն ու հավաստիությանն արդեն անդրադարձել ենք։ Այդ պնդումների շարքում կայքը նաեւ գրել էր, թե վաղուց արդեն մամուլում կան տեղեկություններ քաղաքապետարանում չարաշահումների մասին, անգամ կան հարուցված բազմաթիվ քրեական գործեր։ Infocom-ը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ հասկանալու, թե Հայկ Մարությանի պաշտոնավարման ընթացքում ինչ չարաշահումներ են եղել, դրանց վերաբերյալ հարուցված ինչ քրեական գործեր կան եւ ովքեր են ներգրավված դրանցում։ Դատախազությունից ստացած պատասխանի համաձայն՝ 31 քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ (խարդախություն), 179-րդ (յուրացնելն ու վատնելը), 214-րդ (առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը), 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 38-308-րդ (հանցակիցների տեսակները), 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 311-րդ (կաշառք ստանալը), 34-311-րդ (հանցափորձը), 314-րդ (պաշտոնեական կեղծիքը), 315-րդ (պաշտոնեական անփութությունը), 315.2-րդ (պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաեւ շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը), 325-րդ (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), 353-րդ (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) հոդվածների տարբեր մասերի հատկանիշներով կամ դրանց տարբեր համակցություններով: Առանձին քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր 10 անձ, որոնցից 8-ին մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)  եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը), 1-ին՝ ՀՀ քրեական օրենսգոքի 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խոշոր չափերով խարդախություն՝ հանցակցությամբ), 1ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար (խոշոր չափերով խարդախություն): Բոլոր 10 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործերից չորսով կայացվել են հանցակազմի բացակայության հիմքով վարույթը կարճելու, 1-ով՝ վարույթը կասեցնելու մասին որոշումներ, 2 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Մյուս քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Վերոնշյալ քրեական գործերով, ինչպես հայտնել են Դատախազությունից, Հայկ Մարությանը դատավարական կարգավիճակ չունի, որոշ գործերով նա հարցաքննվել է վկայի կարգավիճակով:  Ավագանու նիստի ժամանակ, երբ քննարկվում էր քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը, Մարությանն իր ելույթում անդրադարձավ այդ գործընթացի հիմքերին՝ խոսելով նաեւ քաղաքապետարանում կոռուպցիայի դեմ պայքարի տեմպերի մասին։ Նա ասել էր, որ իր պաշտոնավարման երեք տարիների ընթացքում քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը հարյուրավոր ստուգումներ է իրականացրել համակարգի ներսում, որոնց արդյունքում 64 գործ ուղարկվել է իրավապահներին․ «Բացի դրանից՝ իրականացվել է 59 աուդիտորական ստուգում, որոնց արդյունքում տասը գործ ուղարկվել է իրավապահներին, բացի դրանից՝ վարչական շրջանների ղեկավարները տասնյակ դեպքեր են բացահայտել եւ ուղարկել իրավապահներին»,- մանրամասնել էր Մարությանը։ Այսպիսով, ստացվում է, որ քաղաքապետարանում չարաշահումների վերաբերյալ իսկապես բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, ավելի կոնկրետ՝ 31 քրեական գործ, որից 17-ի՝ մեծամասնության համար առիթ են հանդիսացել հենց Երեւանի քաղաքապետարանից ուղարկված հաղորդումները։  Հայարփի Բաղդասարյան
16:21 - 18 հունվարի, 2022
Դատախազությունը չի հաստատել Վլադիմիր Գասպարյանի գործով մեղադրականը |azatutyun.am|

Դատախազությունը չի հաստատել Վլադիմիր Գասպարյանի գործով մեղադրականը |azatutyun.am|

azatutyun.am: Կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել լրացուցիչ նախաքննության։ Այս մասին  հայտնեցին դատախազությունից՝ այլ մանրամասներ չփոխանցելով։ 18 տարի իրավապահ համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած Գասպարյանը, ըստ մեղադրանքի, օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացած ավելի քան 2 միլիարդ դրամը կամ 4 միլիոն դոլարը։ Կոռուպցիոն 6 տարբեր հոդվածներով մեղադրվող 63-ամյա գեներալ-լեյտենանտն, ըստ իրավապահների, 2000-2018-ի ընթացքում, զբաղեցնելով պետական ծառայության տարբեր պաշտոններ, բացի պաշտոնական լիազորությունները չարաշահելուց, կատարել է նաև պաշտոնական կեղծիք, առանձնապես խոշոր չափերով վատնում, կոռուպցիոն բնույթի այլ արարքներ։ Այս գործողությունների արդյունքում նախկին ոստիկանապետը հանցավոր ճանապարհով ձեռք է բերել իր և ընտանիքի անդամների օրինական եկամուտները գերազանցող գույք, այդ թվում` թանկարժեք տներ և տրանսպորտային միջոցներ, և դրանց ծագումը թաքցնելու համար գրանցել է այլ անձանց անուններով, պնդում է Հակակոռուպցիոն կոմիտեն, որը գործի նախաքննության ավարտի մասին հաղորդեց 5 օր առաջ։
12:42 - 18 հունվարի, 2022
ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ

ԱԺ արտահերթ ընտրությունների հետ կապված 29 գործով դատի է տրվել 53 անձ, 6 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ

ՀՀ գլխավոր դատախազությունն ամփոփել է 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում և հետընտրական շրջանում արձանագրված առերևույթ ընտրական, ինչպես նաև՝ ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցագործությունների դեպքերի քննության, հանցագործություն կատարած անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված աշխատանքների արդյունքները՝ 2022թ. հունվարի 1-ի դրությամբ: Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել է 87 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ ընդհանուր անցել է 91 անձ: Ընդ որում՝ վերջիններից 67-ին կամ ընդհանուրի շուրջ 73.5 տոկոսին մեղադրանքն առաջադրվել է ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար: 2022թ. հունվարի 1-ի դրությամբ քրեական գործերից 14-ի վարույթը կասեցվել է, 24 քրեական գործով կայացվել են քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդում չիրականացնելու, որոշ դեպքերում՝ նաև քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ: Նախաքննության փուլում շարունակում է մնալ 20 քրեական գործ, որոնցով մեղադրյալի կարգավիճակով անցնում է 34 անձ: Այդ թվում՝  - 24-ը՝ ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու, ընտրակաշառքի միջնորդության, ընտրակաշառք տալու փորձի, օժանդակության կամ կազմակերպման համար,  - 6-ը՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու համար,  - 1-ը՝  մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու կամ քվեարկելու փորձ կատարելու համար,  - 1-ը` մի խումբ անձանց կողմից  պաշտոնական դիրքի օգտագործմամբ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար,  - 1-ին՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն որևէ եղանակով խոչընդոտելը՝ 1-տեղամասային կենտրոնում կամ դրան հարող տարածքում բռնություն գործադրելու, կամ տեղամասային կոնտրոնում կամ դրան հարակից տարածքում բնություն գործադրելու համար և զենքով տեղամասային կենտրոն մուտք գործելու համար: Բոլոր գործերով մեղադրյալներից 8-ը եղել են արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցության կամ կուսակցության դաշինքի թեկնածուներ, մասնավորապես՝ 2-ը՝ «Հայաստան» դաշինքի, 4-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 1-ը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորության թեկնածուների ցուցակներում ընդգրկված անձինք: Մեղադրյալներից 24-ի, այդ թվում պատգամավորության բոլոր թեկնածուների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քննության ընթացքում դատախազի կամ դատարանի որոշումներով կալանավորումը անազատության հետ չկապված այլ խափանման միջոցներով փոփոխվել կամ վերացվել է 12 անձի նկատմամբ: 2022թ. հունվարի 1-ի դրությամբ կալանքի տակ շարունակել է մնալ ընտրական բնույթի հանցագործություն կատարելու համար որպես մեղադրյալ ներգրավված 6 անձ: Ընտրություններից հետո ընկած ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել  ընտրական և ընտրությունների հետ կապված հանցագործությունների առթիվ քննված 29 քրեական գործ: Դրանցով դատի է տրվել ընդհանուր 53 անձ, այդ թվում՝  - 42-ը՝ մեկ կամ մի քանի անձանց ընտրակաշառք տալու, ընտրակաշառք ստանալու, առանձին դեպքերում՝ նաև ընտրակաշառքի միջնորդություն կատարելու, կամ մեկից ավելի անձանց ընտրակաշառք տալուն օժանդակելու, նախապատրաստելու համար,  - 4-ը՝ քարոզչական նշանակության պաստառներ վնասելու և նյութական վնաս պատճառելու հանցավոր արարքներ կատարելու համար,  - 2-ը՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ մեկ կամ մեկից ավելի անձանց կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի  նախընտրական քարոզչությանը մասնակցելուն հարկադրելու համար,  - 1-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու համար,  - 1-ը՝ երկու և ավելի անձանց ընտրություններին մասնակցելուն, կուսակցությունների կամ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելու համար,  - 1-ը՝ մի խումբ անձանց կողմից  պաշտոնական դիրքի օգտագործմամբ ընտրական իրավունքի  իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստության համար,  - 1-ը՝ տեղամասային կենտրոնում կամ դրան հարող տարածքում բռնություն գործադրելու համար,  - 1-ին՝ ընտրական գործընթացների հետ կապված ծեծի համար: Այսինքն դատի տրված անձանց շուրջ 80%-ը եղել են ընտրակաշառքի հետ կապված հանցագործություններ կատարելու համար մեղադրվողները: Դատի տրված անձանցից 11-ը հանդիսացել են արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի, 23-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքի, 2-ը՝ ԲՀԿ-ի, 1-ը՝ «Վերելք» կուսակցության պատգամավորական ցուցակներում ընդգրկված կամ այդ ուժերին սատարած անձինք: Դատարան ուղարկված գործերից 5-ով կայացվել է մեղադրական դատավճիռ: Դրանցից 3-ով 4 անձի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկումը, որոնցից 3-ի պարագայում դատարանը նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Իսկ 2 գործով 2 անձ դատապարտվել է տուգանքի: Դատարան ուղարկված՝ 42 անձի վերաբերյալ 22 գործով դատական քննությունը շարունակվում է: 
15:27 - 17 հունվարի, 2022
Նախկին նախարարի և նրա հետ փոխկապակցված 2 անձի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումն ընդունվել է վարույթ․ Դատախազություն

Նախկին նախարարի և նրա հետ փոխկապակցված 2 անձի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հայցադիմումն ընդունվել է վարույթ․ Դատախազություն

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ երրորդ հայցադիմումը, որն ընդունվել է վարույթ:Համաձայն վերջինի՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին ՀՀ նախկին բնապահպանության նախարար Ա. Հարությունյանից, նրա հետ փոխկապակցված 2 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել մասնավորապես՝  ·  Երևան քաղաքում գտնվող 2 բնակարանները, բնակելի տունը, հյուրանաոցառեստորանային համալիրը,  ավտոտնակը, Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերում գտնվող 2 հողամասերը (ամբողջությամբ, որոշ դեպքերում՝ մասնակի), իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքը, որը ընդհանուր կազմում է ավելի քան 2 մլրդ 500 միլիոն դրամ,·  3 բաժնետիրական ընկերությունների բաժնետոմսերը, որոնցից միայն մեկ ընկերության անշարժ գույքի շուկայական արժեքը կազմում է ավելի քան 8․166․400․000 ՀՀ դրամ,·  բանկում ներդրված 1․661․628 ԱՄՆ դոլար ավանդը,·  4․391․805․299 ՀՀ դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, ինչպես նաև 272․975․855 մլն ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը:Առաջիկայում վարչության կողմից այլ գործերով, որոնցով արդեն իսկ կիրառվել են հայցի նախնական ապահովման միջոցներ, ևս կներկայացվեն ապօրինի գույքի բռնագանձման հայցադիմումներ։
17:21 - 14 հունվարի, 2022
Հայ-ռուսական համալսարանն արձագանքել է Արմեն Դարբինյանի վերաբերյալ դատախազության հայտարարությանը

Հայ-ռուսական համալսարանն արձագանքել է Արմեն Դարբինյանի վերաբերյալ դատախազության հայտարարությանը

Հայ-ռուսական համալսարանի իրավաբանական վարչության պետ Սասուն Բաղդասարյանն արձագանքել է բուհի ռեկտոր Արմեն Դարբինյանի վերաբերյալ դատախազության հայտարարությանը։ Արդեն այսօր Հայ-ռուսական համալսարանի իրավաբանական վարչության պետը պատասխանել է դատախազության հայտարաությանը․ «Ի պատասխան ՀՀ Դատախազության 13.01.2022թ. հայտարարությանը` Անդրադառնալով Ձեր կողմից կատարված Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի գրառման հրապարակային արձագանքին` անհրաժեշտ եմ համարում նշել հետևյալը. - Քրեական գործ հարուցելու փաստը՝ Ձեր կողմից հիշատակված «նյութերի» հիման վրա զուրկ է որևէ տրամաբանությունից, քանզի այդ պաշտոնական նյութերում չկա որևէ անդրադարձ՝ Ձեր հիշատակած «առերևույթ» խախտումների կամ հանցանքի մասին: - Ձեր հաղորդագրությունում նշված ՌԴ Դատախազության կողմից ստացված “նյութերը՛՛ վերաբերում են Հայ-Ռուսական համալսարանում մեկ տարի առաջ կատարված երկու ստուգումներին. ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության կողմից, որի ընթացքում չի արձանագրվել որևէ էական խախտում և արձանագրված աննշան թերությունները Համալսարանի կողմից վերացվել են: Վերջինիս մասին վկայում է ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության համապատասխան վարչության պետ Օ. Մ. Յակիմչուկի 28.09.2021թ. N 07-1710 գրությունը առ այն, որ Համալսարանի կողմից թույլ տրված ոչ էական, աննշան խախտումները ամբողջությամբ վերացված են: Ավելին, որ ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայությունը լիազորված չէ ստուգելու համալսարանների բյուջետային հարաբերությունները, գնումների գործընթացը, հաշվապահական հաշվառման և այլ ածանցյալ ոլորտները: Տվյալ պարագայում մեր համար զարմանալի է թե բարեհաջող ավարտված ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության կողմից դրական եզրակացություն ստացած և ենթադրյալ խախտումներին վերաբերելիություն չունեցող ստուգման նյութերը ինչպես կարող էին հանդիսանալ քրեական գործի հարուցման առիթ: - Ոչ պակաս զարմանալի է այն հանգամանքը, որ ՌԴ Դատախազությունը նման փաստաթուղթ է ուղարկել ՀՀ Դատախազություն, ինչը առանձին քննության կարիք ունի և հաստատում է ռեկտորի գնահատականը՝ «գործի» պատվիրված և հորինված լինելու վերաբերյալ: - Շատ ավելի հետաքրքիր և երկարատև պատմություն ունի Ձեր կողմից նշված երկրորդ ստուգումը, մասնավորապես ՌԴ գիտության և կրթության նախարարության վերահսկողության և ստուգման դեպարտամենտի կողմից իրականացված պլանային, համալիր, խառը ստուգումը: Տվյալ ստուգումը իրականացվել է նույնպես 2021 թվականին, որի վերջնական ակտը կազմվել  և ուղարկվել է Համալսարանին 12.03.2021թ.: Պետք է նշեմ, որ տվյալ ակտում ևս արձանագրված չէ որևէ լուրջ, էական խախտում, առավել ևս դրանցում չեն կարող լինել քրեորեն հետապնդելի խախտումներ: Ավելին, 29.03.2021 թվականին Համալսարանին է ուղարկվել եզրակացություն, որում ռուսական կողմը կետ առ կետ անդրադարձել է ակտում արձանագրված բոլոր կետերին` գրեթե բոլոր կետերում նշելով խախտումների բացակայության վերաբերյալ: Արդյունքում Համալսարանի և ՌԴ գիտության և կրթության նախարարության վերահսկողության և ստուգման դեպարտամենտի միջև հաստատվել է միջոցառումների պլան, և, պարբերաբար, Համալսարանը նախարարության հետ համաձայնեցված շտկում է նշված պլանում առկա ոչ էական խախտումները: Տվյալ գործընթացը կրում է շարունակական բնույթ, և իրադարձությունների նման զարգացումը անտրամաբանական և անհասկանալի է: - Հաշվի առնելով վերոշարադրյալը` մեզ համար տարակուսելի են Ձեր գրության մեջ տեղ գտած խախտումների որակումները: Պետք է նշեմ, որ նման, քրեական գործի հարուցման հիմքում հայտնված, իրականության հետ աղերս չունեցող որակումներ և խախտումներ փորձում էին ստուգման ընթացքում հրամցնել և զետեղել վերջնական ակտում հանձնաժողովի որոշ անդամներ, որոնցից մեկը, ի դեպ, կաշառակերության մեղադրանքով կալանավորված է Ռուսաստանի Դաշնությունում: Ամփոփելով` ևս մեկ անգամ ուզում եմ հրավիրել Ձեր ուշադրությունը այն հանգամանքին, որ գրեթե մեկ տարի առաջ հաջողությամբ ավարտված ստուգումների նյութերի հիման վրա մեկ տարի անց քրեական գործի հարուցումը անիրավաչափ է, և մեր կողմից միանշանակորեն կբողոքարկվի դատական կարգով: Հարգանքով` Հայ-Ռուսական համալսարանի Իրավաբանական վարչության պետ,Իրավաբանական գիտությունների թեկնածու Սասուն Բաղդասարյան»։
15:42 - 14 հունվարի, 2022
Ես հրաժարական կտամ միայն այս շինծու գործը կարճելուց և ներողություններ ստանալուց հետո. Արմեն Դարբինյան

Ես հրաժարական կտամ միայն այս շինծու գործը կարճելուց և ներողություններ ստանալուց հետո. Արմեն Դարբինյան

Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը գրառում է կատարել իր նկատմամբ հարուցված կամ հարուցվելիք քրեական գործի մասին՝ այն որակելով «պատվիրված», անհիմն, շինծու եւ հնարածին։ Ստորեւ՝ Արմեն Դարբինյանի գրառումը։ «Ռուսաստանյան որոշ շրջանակներ, ինչպես երևում է, չեն կարող ներել ինձ ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ իմ դրսևորած ազգային արժանապատիվ կեցվածքը։ Հիշեցնեմ. պատերազմի և ազգային աղետալի կորուստների ամենաթեժ հատվածում ես հրապարակայնորեն հակադրվեցի Դմիտրի Մեդվեդևին և Դմիտրի Պեսկովին` ակնարկելով, որ Հայաստանը և հայ ժողովուրդը ակնկալում է Ռուսաստանից դաշնակցային գործելակերպ, այլ ոչ միայն միջնորդի գործառույթ։ Հնարավոր է, որ այդ հրապարակումները չափից շատ էմոցիոնալ էին և չէին հաշվի առել աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները։ Բայց դրանք անկեղծ էին և հիմնված հայ֊ռուսական եղբայրական հարաբերությունների նկատմամբ անկոտրում հավատի և դրանց անառարկելիության վրա։ Ինձ չի ներվել նաև Մարգարիտա Սիմոնյանին ուղղված իմ բաց նամակը, որտեղ ես նրանից հարգանք պահանջեցի հայ ժողովրդի քաղաքական ընտրության նկատմամբ։ Եվ ահա այս շրջանակները, որոնք ակնհայտ գործում են թե' Ռուսաստանի և թե' հայ֊ռուսական համագործակցության շահերի դեմ, արդեն մոտ երկու տարի է ինչ ջանք չեն խնայում վարկաբեկելու համար և' իմ, և Հայ֊Ռուսական համալսարանի բարի համբավը և հեղինակությունը։ Պիտի հավելեմ, որ թե' նախկին և թե' ներկա Հայաստանյան իշխանությունների շարքերում կան ուժեր և գործիչներ, որոնք հաճույքով զուգերգում էին նույն ուղղությամբ։ Մասնավորապես, դրանց ջանքերով, դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության օրոք հանրային շրջանառության թեմա դարձավ բացարձակ անհեթեթ, իրականության հետ որևէ աղերս չունեցող բարբաջանքը` մեր համալսարանի իբրև թե «արևմտամետության» մասին։ Համալսարանին, որը սերվել և սերվում է հայ և ռուս լավագույն կրթական ավանդույթներով, հսկայական դրական ներազդեցություն է գործել մեր կրթական համակարգում, հանդիսանալով ակադեմիական ազատության բացառիկ օրինակ և բարձրացնելով մասնավորապես ռուսական կրթության հեղինակությունը մեր երկրում, սկսեցին մեղադրել «ոչ բավարար ռուսականության» մեջ։ Ցավով պիտի նշեմ, որ նշված շրջանակներին հաջողվեց թյուրիմացության մեջ գցել ՌԴ արտգործնախարար Լավրովին (վերջինիս` ՀՀ խորհրդարանական պատվիրակության հետ հանդիպման մանրամասների վերաբերյալ նյութերը լայնորեն տարածվեցին մեր լրատվական դաշտում)։ Համալսարանի և իմ նկատմամբ մեկ տարի առաջ իրականացված ԱԱԾ ձախողված գրոհը նույն այս շարքից էր։ Եվ ահա` նոր գրոհ. ինձ հասած տեղեկություններով ՌԴ գլխավոր դատախազության դիմումի համաձայն Հայաստանյան գործընկերները կամ արդեն հարուցել են, կամ շուտով կհարուցեն բացարձակ անհիմն քրեական գործ` իբրև թե համալսարանի կողմից տենդերային ինչ֊ինչ պայմանների կամ կարգավորումների խախտման մասին։ Ըստ որում իրավիճակին առավել սարսափ հաղորդելու նպատակով որոշում է կայացվել քննությունը հանձնել հակակոռուպցիոն մարմնին։ Էս «խելոքները» չեն հասկանում, որ կրակի հետ են խաղում. Աշխարհի բոլոր դատախազություններն էլ որ միավորվեն, չեն կարողանալու կոռուպցիա կարել ոչ իմ, ոչ էլ համալսարանի վրա, և դրա մասին գիտեն բոլորը, նաև` կվկայեն համալսարանի արդեն բազմահազար շրջանավարտներն ու յուրաքանչյուր համալսարանական։ «Գործը» ամբողջությամբ պատվիրված և հնարածին է։ Սրանց նպատակը մեկն է. ամեն գնով հասնել իմ հրաժարականին կամ պաշտոնանկությանը։ Իմ նպատակն էլ է մեկը. բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել համալսարանի և անձամբ իմ բարի անունը և հեղինակությունը։ Ես իհարկե հրաժարական կտամ, քանզի համալսարանի հիմնադիրների որոշ այժմյան ներկայացուցիչների նման անհեռատես և վնասակար պահվածքի պարագայում անհնար է ապահովել համալսարանի հետագա հաղթական ընթացքը, իսկ մենք լավագունն ենք` թե' երկրում, թե' տարածաշրջանում (ադրբեջանցիների հետ, օրինակ, մեր մրցակցությունը ավարտել ենք տոտալ հաղթանակով` Բաքվի պետական համալսարանը միջազգային վարկանիշավորմամբ մեզնից ետ թողնելով երկու հարյուր կետով)։ Սրանք դեռ պիտի շաաատ խնդրեն ու ապաշխարհեն, որ ես մնամ։ Սակայն ես հրաժարական կտամ միայն այս շինծու գործը կարճելուց և ներողություններ ստանալուց հետո։ Իսկ հրաժարականից անդին կբազմապատկեմ  ջանքերս` մեր պետության սուվերենությունը պաշտպանելու և հայ ժողովրդի զգետնված արժանապատվությունը վերականգնելու ուղղությամբ»։ Դատախազությունը պատասխանել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի գրառմանն իր նկատմամբ հարուցված գործի մասին։ Այն ներկայացնում ենք ստորեւ։ «Նկատի ունենալով, որ ՌԴ դատախազության դիմումի համաձայն ՀՀ դատախազության կողմից համալսարանի գործունեության հետ կապված քրեական գործի հարուցման վերաբերյալ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի կողմից այսօր արված ֆեյսբուքյան գրառումը որոշակի տարընթերցումների տեղիք կարող է տալ, հարկ եմ համարում սույնով արձագանքել դրան: Նախ՝ ինչ վերաբերում է քրեական գործի հարուցման անհիմն լինելու հանգամանքին, ապա պետք է նշեմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազության միջոցով ստացել է ՌԴ կրթության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության՝ 2021թ. կատարված ստուգման և Հայ-ռուսատան համալսարանի գորունեության առանձին ոլորտների պլանային, համալիր, խառը ստուգման վերաբերյալ նյութեր, որոնցում առկա են տվյալներ նշված համալսարանում 2020-2021թթ. ընթացքում թույլ տրված ենթադրյալ բյուջետային և գնումների մասին օրենսդրության խախտումների, բյուջետային միջոցների առերևույթ ոչ արդյունավետ օգտագործման, աշխատավարձերի չհիմնավորված վճարման (վատնման կամ յուրացման), հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների ենթադրյալ խեղաթյուրման հանգամանքներին: Նկատի ունենալով, որ նյութերը պարունակել են ենթադրյալ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք հնարավոր է պարզել միայն քրեական գործի շրջանակներում իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ,  2022թ. հունվարի 7-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, ընդունվել վարույթ և սկսվել է նախաքննություն: Այս իմաստով առկա է եղել քրեական գործ հարուցելու ինչպես օրինական առիթը, այնպես էլ հիմքերը, հետևաբար հարուցման անհիմն լինելու վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Իրականացվելու է, բնականաբար, լիարժեք օբյեկտիվ քննություն, որոնց արդյունքներից, ձեռք բերվելիք ինչպես արդարացնող, այնպես էլ հանցավոր արարքները հաստատող ապացույցների գնահատման արդյունքում միայն կարող է կայացվել կամ քրեական հետապնդում հարուցելու, կամ էլ արդարացնող հիմքով քրեական գործի վարույթը կարճելու որոշում: Այսինքն Դատախազությունը, վստահ եմ՝ նաև վարույթն իրականացնող մարմինը, առաջնորդվելու են բացառապես ձեռք բերվելիք ապացույցներով, այլ ոչ թե մեղադրելու կանխավարկածով կամ ինչպես գրառման մեջ է ձևակերպվել՝ «կոռուպցիա կարելու» կանխատրամադրվածությամբ: Առավելևս, երբ խոսքը վերաբերում է հանրապետությունում բավականին բարձր հեղինակություն ունեցող և բարձրագույն կրթական համակարգում իր ծանրակշիռ տեղն ունեցող ԲՈՒՀ-ին և նրա հեղինակությանը: Հենց նշածս իրողությունները, համալսարանի հեղինակությանը չհարվածելու հանգամանքն է պատճառը, որ դատախազությունը քրեական գործի հարուցման վերաբերյալ հատուկ հաղորդագրությամբ հանդես չի եկել: Եվ ինչպես նախորդ բոլոր դեպքերում, մեր կողմից դրա մասին հրապարակավ տեղեկատվություն ներկայացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է բացառապես արդեն իսկ հանրայնացված և որոշակի լույսի ներքո մատուցվող տեղեկություններին ու մեկնաբանություններին արձագանքելու անհրաժեշտությամբ: Հայ-ռուսական համալսարանը միակ ուսումնական հաստատությունը չէ, որի գործունեության հետ կապված խնդիրների բերումով քրեական գործեր են հարուցվում և քննվում: Դրանց արդյունքում եղել են ինչպես արդարացնող հիմքերով քրեական գործերի վարույթները կարճելու որոշումներ, այնպես էլ՝ քրեական հետապնդումներ: Այսինքն որևէ հիմք չկա և չի կարող լինել իրականացվող քննության օբյեկտիվությանը չվստահելու համար: Ավելին. հենց քրեական գործի շրջանակներում է, որ Հայ-ռուսական համալսարանի հարգարժան ռեկտորը կարող է վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցությամբ համապատասխան փաստարկներ ներկայացնելով հիմնավորել, որ ՀՀ իրավասու մարմիններին ուղարկված նյութերում արձանագրված խախտումներն անհիմն են: Իսկ քրեական գործով վարույթը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն է իրականացնում ոչ թե  «իրավիճակին առավել սարսափ հաղորդելու նպատակով», ինչպես ձևակերպել է պարոն Դարբինյանը, այլ այն պատճառով, որ կոռուպցիոն հոդվածներով քրեական գործերը քննող իրավասու նախաքննական մարմինը մեր օրենսդրությամբ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն է:   Հետևաբար հորդորում եմ ձեռնպահ մնալ քրեական գործի շուրջ ավելորդ կրքեր բորբոքելուն ուղղված  գործողություններից»:
17:44 - 13 հունվարի, 2022
Գլխավոր դատախազությունը բացառում է Հայաստանում քաղաքական ազդեցությամբ կալանավորման առկայությունը. Ամիրյան |armenpress.am|

Գլխավոր դատախազությունը բացառում է Հայաստանում քաղաքական ազդեցությամբ կալանավորման առկայությունը. Ամիրյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ գլխավոր դատախազությունը բացառում է   քաղաքական ազդեցությամբ կալանավորման առկայությունը, թե որևէ վերադաս դատախազի կողմից կարող է ոչ իրավաչափ ցուցում, հրահանգ տրված լինել:  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկմանը: Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի կարծիքով՝ կալանքը ընկալվում է որպես պատժամիջոց, ոչ թե խափանման միջոց: «Այսինքն` կալանքին տրվում են պատժի տարրեր: Դա և իրավական, և բոլոր իմաստներով, միջազգային կոնվենցիաներով չի կարող ընդունելի լինել: Ես հրավիրել եմ այս քննարկումը, որպեսզի մասնագիտական դաշտում հասկանանք, թե որտեղ է խնդիրը, ինչ կարող ենք անել»,- ասաց պատգամավորը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն էլ նշեց, որ 2021-ի հոկտեմբեր-նոյեմբերին փորձել է տեղեկություն ստանալ՝ խափանման միջոց կալանավորման մասով, և պատկերը ծայր աստիճան  անհանգստացրել է իրեն: «Խոսքը դատարանների ներկայացված կալանավորման միջնորդությունների 80 տոկոսից ավելին բավարարելու պատկերի մասին է: Սա չի կարող նորմալ լինել՝ այն տրամաբանությամբ, որ հազարավոր դեպքերում միայն կալանավորո՞ւմն է, որ բավարարում է 135-րդ հոդվածի հիմքերի պահանջներին»,- ասաց պատգամավորը: Միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանն էլ պնդեց, թե կալանավորումների թիվը նվազում է: «Դա վիճակագրությունն է ցույց տալիս: 14,5 տոկոս գլխավոր դատախազի հայտարարած թիվն է՝ հարուցված քրեական գորերի համեմատ: Գնալով նվազում է, իմ սեփական պրակտիկայից էլ կարող եմ ասել: Սակայն պետք է հասկանալ՝ ի՞նչն է պատճառը, որ որոշ գործերով, երբ ակնհայտորեն տեսնում ենք, որ կալանքը սպառել է իր նպատակները, անձը պահվում է կալանքի տակ»,- ասաց նա՝ այսպիսով, առաջարկելով կենտրոնանալ ոչ թե թվի, այլ բովանդակության վրա: ՀՀ գլխավոր դատախազության կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետի տեղակալ Կարեն Ամիրյանը ևս առաջարկեց կենտրոնանալ բովանդակության վրա՝ սակայն նաև տեղեկացնելով, որ հատկապես 10-15 տարվա կտրվածքով բազմապատիկ անգամ տեղաշարժ կա, վերջին 1-2 տարվա կտրվածքով էլ նվազման միտումը հստակ է: Ամիրյանը տեղեկացրեց, որ դատախազությունը դեռ 2018-ի հունիսին մշակել և Արդարադատության նախարարություն է ուղարկել օրենսդրական փաթեթ: «Դատախազությունն առաջարկեց, որ ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքերում, այսինքն՝ մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում նախատեսող բոլոր դեպքերում, օրենսդրական փոփոխություն պետք է նախատեսվի և հստակ գրվի, որ կանխատեսողական մոտեցումից հրաժարվելու ժամանակն է: Մենք պետք է գնանք այն ճանապարհով, որ այս դեպքերում կոնկրետ վարույթ, միջնորդություն ներկայացնող մարմինը փաստական տվյալներ ներկայացնի դատարան, որի արդյունքում պետք է որոշվի, թե այդ մարդը ենթակա՞ է կալանավորման, թե ոչ»,-ասաց Ամիրյանը: Նախարարություն ուղարկված օրենսդրական նախաձեռնությամբ այլ փոփոխություններ ևս դատախազությունն առաջարկել է, սակայն, ըստ Ամիրյանի, այդ օրենսդրական փոփոխությանը դեռ վերջնական ընթացք չի տրվել: Ըստ նրա՝ եթե այդ նախագիծը ընդունվեր, նման քննարկում կրկին կլիներ, բայց գուցե շեշտադրումները լինեին ավելի մեղմ, քան հիմա են: Թագուհի Թովմասյանը հարցրեց, թե արդյոք դատախազությունը բացառո՞ւմ է կալանքների դեպքում քաղաքական ազդեցությունը, արդյոք չկա՞ն քաղաքական ազդեցության արդյունքում կալանավորված քաղաքացիներ: «Դատախազությունը բացառում է քաղաքական ազդեցությամբ կալանավորման առկայությունը, որ որևէ դատախազի պայմանականորեն իր վերադաս դատախազի, այդ թվում գլխավոր դատախազի կողմից կարող է ոչ օրինաչափ, ոչ իրավաչափ ցուցում, հրահանգ տրվի, որ կոնկրետ դեպքում անհրաժեշտ է ցուցում տալ քննիչին: Այս պայմաններում այդ իրավիճակում բացառում եմ: Հետևաբար, վստահաբար կարող եմ ասել, որ դա կոնկրետ հսկողություն իրականացնող դատախազի կամ իր վերադաս դատախազի տեսակետն է, ներքին համոզումն է: Այլ է հարցը՝ այդ ներքին համոզը կլինի իրավաչա՞փ, թե՞ ոչ, որը արդեն կգնահատի դատարանը»,- ասաց Ամիրյանը:
13:54 - 13 հունվարի, 2022
Դատախազությունը Հայկ Մարությանի հայտարարությունների մասով հանցագործության որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չի հայտնաբերել

 |armenpress.am|

Դատախազությունը Հայկ Մարությանի հայտարարությունների մասով հանցագործության որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չի հայտնաբերել |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված հայտարարությունների մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել: Այս մասին ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Գոռ Աբրահամյանը նշեց, որ դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանու հայտնի նիստում ավագանու առանձին անդամների կողմից արվել էին հայտարարություններ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու նպատակով անցկացվելիք քվեարկության համատեքստում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարության կողմից իրենց իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելով առանձին խմբակցության անդամների նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ: «Առերևույթ պաշտոնեական հանցագործությունների հատկանիշներ ունեցող տվյալների պարունակմամբ հայտարարություններ էին արվել նաև Հայկ Մարությանի կողմից՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում աշխատանքի ընթացքում անձանց պաշտոնից ազատելու, կամ իրենց մերձավորների համար արտոնություններ ստանալու վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնատար անձանցից հեռախոսազանգեր ստանալու վերաբերյալ: Դրանց կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազություն էր ստացվել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդումը: ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչություն էր ուղարկել ինչպես մամուլի համապատասխան հրապարակումները, այնպես էլ ՀԿ-ի կողմից ներկայացված հաղորդումը՝ դրանցում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ»,- ասաց Աբրահամյանը: Աբրահամյանը նշեց, որ ելնելով իրականացված ստուգողական գործողությունների արդյունքներից՝  «Իմ քայլը» խմբակցության ղեկավարության կողմից խմբակցության առանձին անդամների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր: «Պարզվել է (այդ թվում նաև ավագանու՝ մանդատից հրաժարված անդամի  բացատրություններով), որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը և խմբակցության քարտուղարը խմբակցության անդամների հետ տեղի ունեցած հանդիպումների և հետագա քննարկումների ընթացքում հայտնել են խմբակցության քաղաքական դիրքորոշումը Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու, այդ հարցում միասնականություն դրսևորելու վերաբերյալ, հանցավոր բնույթ ունեցող ներգործություն չի դրսևորվել, հետևաբար վերջիններիս արարքներում բացակայում են ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածով (Իրական կամ ենթադրյալ ազդեցություն օգտագործելը), այնպես էլ 308-րդ հոդվածով (պաշտոնեական դիրքի չարաշահում) և 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների հանցակազմը։ Այս մասով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու որոշում»,- հայտնեց Աբրահամյանը: Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի հայտարարությունների մասով իրականացված ստուգողական գործողությունների արդյունքներին, Աբրահամյանը ասաց, որ դրանք թողնվել են անհետևանք: «Խնդիրն այն է, որ նրա կողմից նշված հանգամանքների ուսումնասիրության շրջանակում Հայկ Մարությանը հրավիրվել է ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանություն, սակայն ներկայանալով՝ նա հրաժարվել է հաղորդում և որևէ բացատրություն տալուց: Նշել է, որ իր հայտնած՝ որևէ անձի կողմից իրեն զանգահարելու, տարբեր հարցերով դիմելու և միջնորդելու ընդհանրական դեպքերի վերաբերյալ կոնկրետ անձանց և հանգամանքներ չի կարող նշել, դրանց վերաբերյալ խոսել է՝ պարզապես մատնացույց անելու համար  իր գաղափարական և սկզբունքային մոտեցումները, ուստի այդ դեպքերին առնչվող որևէ տեղեկություն և պարզաբանում չի կարող տրամադրել և չի ցանկանում հանցագործության վերաբերյալ հաղորդում տալ։ Այսինքն այս մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել»,- եզրափակեց Աբրահամյանը:
19:04 - 12 հունվարի, 2022
Ապօրինի հատված 344 ծառ, պատճառված 30մլն դրամի վնաս. քրեական գործն ուղարկվել է դատարան

Ապօրինի հատված 344 ծառ, պատճառված 30մլն դրամի վնաս. քրեական գործն ուղարկվել է դատարան

ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից իրականացված պատշաճ դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման տիրույթում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Թումանյանի անտառտնտեսության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական անփութության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով իրականացված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը: Ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Թումանյանի անտառտնտեսության անտառապահը, անտառապետը և անտառպապպանության ինժեները ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառում­ներ և հսկողություն ապօրինի անտա­ռահատումների ու ՀՀ անտառային օ­րենս­դրության այլ խախ­տում­ների նկատմամբ, իսկ անհրաժեշտության դեպքում կազմել անտառխախտման արձանագրություններ և սահմանված ժամկետում ներկայացնել ան­տա­ռապետին, ստուգել բնափայտի մթեր­ման և այլ տե­սակի անտառ­օգտա­գործ­ման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահ­մանել անտառ­օգտա­գոր­ծողների կողմից դրանց կատարման նկատմամբ, իրենց վրա դրված պարտակա­նութ­­յունները պատշաճ չեն կատարել: Մասնավորապես՝ նրանց կողմից նշված անտառպետությունում պարբերաբար շրջայցեր չեն իրականացվել, ինչի արդյունքում հետագայում կատարված ստուգմամբ Թումանյանի անտառտնտեսության մասնաճյուղի Դսեղի անտառպետության թվով երեք պահաբաժիններում հայտնաբերվել են 344 տարբեր տեսակի և տրամագծերով ծառերի ապօրինի հատման փաստեր: Դրա  հետևանքով  բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 30.000.000 ՀՀ դրամի չափով վնաս։ Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկղություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և քրեական գործն ուղարկել է Լոռու մարզի ընդհանուր իրավասությանա ռաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու: Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց պատկանող գույքերի վրա դրվել է կալանք: Դատախազը քրեադատավարական օրենքի տիրությում քաղաքացիական հայց է ներկայացրել դատարան՝ պետությանը պատճառված վնասը բռնագանձելու համար։
20:01 - 11 հունվարի, 2022
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության համագործակցությամբ Միացյալ Նահանգներին է հանձնվել փախուստի մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության համագործակցությամբ Միացյալ Նահանգներին է հանձնվել փախուստի մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի

ԱՄՆ և ՀՀ իրավապահների, դատախազների շարունակական համագործակցության և ամուր գործընկերության արդյունքում 2022թ․ հունվարի 10-ին  Հայաստանի կողմից Միացյալ Նահանգներին է փոխանցվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ մի քաղաքացի։  Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Նշվում է, որ Ինտերպոլի կողմից «կարմիր» միջազգային հետախուզում հայտարարելուց հետո հիշյալ ԱՄՆ քաղաքացին 2021թ․ օգոստոսին ձերբակալվել էր Երևանում՝ ՀՀ ոստիկանության կողմից։ Սա  հնարավոր էր դարձել Պետքարտուղարության դիվանագիտական անվտանգության ծառայության քննչական գործողությունների շնորհիվ։ Հիշյալ անձը հետախուզվում էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից երեխայի նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով։ Հետախուզման մեջ գտնվողի հանձնումը հնարավոր եղավ ՀՀ Գլխավոր դատախազության եռանդուն ջանքերի և ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Միջազգային գործերի գրասենյակի, ԱՄՆ դատական կատարածուների ծառայության Միջազգային հետաքննությունների բաժանմունքի, ՀԴԲ իրավական կցորդի (նստավայրը՝ Թբիլիսի) և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության համագործակցության շնորհիվ։ «Միջազգային համագործակցությունը անդրազգային հանցավորության դեմ պայքարում առանցքային նշանակություն ունի և մենք բարձր ենք գնահատում ՀՀ Գլխավոր դատախազության և ՀՀ իրավապահների հետ մեր համագործակցությունը, որը թույլ տվեց ձերբակալել և ԱՄՆ-ին փոխանցել հիշյալ անձին։ Սա արդեն 5-րդ անգամն է, երբ աշխատելով մեր հայ գործընկերների հետ հետախուզման մեջ գտնվող անձինք վերադարձվում են Միացյալ Նահանգներ՝ պատասխանատվության ենթարկվելու իրենց գործած հանցանքների համար», - ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ․ Թրեյսին։ Հետախուզվողն ԱՄՆ-ում կկանգնի դատարանի առաջ։ Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՄՆ դատարանի կողմից։
18:20 - 11 հունվարի, 2022
Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի ու ևս 5 անձի գործն ուղարկվել է դատարան

Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի ու ևս 5 անձի գործն ուղարկվել է դատարան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանի, ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի ու ևս 4 անձի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը: Նշվում է, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։ Պարզվել է նաև, որ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ընդ որում՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։ Նշված քրեական գործն ըստ մեղադրանքի` Դավիթ Էդգարի Տոնոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Մաթևոսի Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Ռոբերտի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Վալոդյայի Մուրադյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Արտաշի Բաբայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Եգորի Համբարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Վարազդատի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, 2022 թվականի հունվարի 7-ին, ըստ էության քննելու համար, հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
19:48 - 10 հունվարի, 2022
9 մեղադրյալ՝ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար. Դատախազությունն ամփոփում է

9 մեղադրյալ՝ հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար. Դատախազությունն ամփոփում է

ՀՀ գլխավոր դատախազությունում ամփոփվել են գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 3142-րդ հոդված) և հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու (ՀՀ քրեական օրենսգրքի 3143-րդ հոդված) հանցագործությունների դեմ քրեաիրավական պայքարի 2021թ. արդյունքները: Այս մասին հաղորդում է Դատախազությունը: Մասնավորապես, 2021թ. ընթացքում միայն հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու հատկանիշներով հարուցվել է 14 քրեական գործ, այսինքն՝ գրեթե նույնքան, որքան ՀՀ քրեական օրնսգրքի 314.2-րդ և 314.3-րդ հոդվածներով հարուցվել է նախորդ 3 տարիներին՝ 2018-ից 2020թթ. ընթացքում միասին վերցրած (15 քրեական գործ): Ներկայում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննություն է իրականացվում վերոհիշյալ հոդվածների հատկանիշներով հարուցված 11, իսկ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում՝ 1 քրեական գործով (այլ հոդվածների համակցությամբ): 2021 թվականի ընթացքում վարույթում քննվող 6 քրեական գործով քրեական հետապնդում է հարուցվել հայտարարագրման պարտականություն ունեցող 9 անձի նկատմամբ, այդ թվում՝ ինչպես պաշտոնատար, այնպես էլ նրանց փոխկապակցված անձինք: Մասնավորապես, 1 անձի մեղադրանք է առաջադրվել հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու համար, իսկ 8 անձի նկատմամբ՝ առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրման համար: Ընդ որում, 6 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, 3-ի նկատմամբ՝ կալանքը, որոնցից 2 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վերոհիշյալ քրեական գործերից մեկը, որով  առանձնապես խոշոր չափերով գույքը կամ եկամուտները չհայտարարագրելու համար մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ Ազգային ժողովի վեցերորդ գումարման պատգամավորին և վերջինիս որդnւն, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: 2021թ. նոյեմբերի 10-ին դատարանը որոշում է կայացրել իրադրության փոփոխման հիմքով ամբաստանյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին: Վերոհիշյալ դատական ակտի դեմ ՀՀ գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացվել, որը դեռևս չի քննվել: Մյուս քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում: Բացի նշված գործերով հսկողություն և դատավարական ղեկավարում իրականացնելը, ՀՀ դատախազությունը նաև միջոցներ է ձեռնարկել իբրև հակակոռուպցիոն առանցքային գործիք՝ նշված երևույթի դեմ իրավական պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, պրակտիկայում դրսևորվող խնդիրները հընթացս վերացնելու ուղղությամբ: Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 314.2-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրերը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված վարչական տույժի կիրառումից հետո՝ 30 օրվա ընթացքում, դիտավորությամբ չներկայացնելու համար: Այսինքն անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար առնվազն անհրաժեշտ է, որպիսի վերջինս հիշյալ արարքի համար նախկինում ենթարկված լինի վարչական պատասխանատվության: Մինչդեռ գլխավոր դատախազությունում առանձին գործերի ուսումանսիրությամբ պարզվել է, որ որոշ դեպքերում չնայած անձինք, իրազեկված լինելու պայմաններում հայտարարագիր չեն ներկայացրել, ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ կապակցությամբ վարչական վարույթ չի իրականացրել, ինչի արդյունքում անցել են վարչական տույժ նշանակելու ժամկետները: Նկատի ունենալով վերոգրյալը՝ նշված հանգամանքին առավել մեծ ուշադրություն դարձնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն է հասցեագրվել ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին: Բացի այդ, ելնելով նրանից, որ ապօրինի հարստանալու հանգամանքն ապացուցելու համար վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է հիմնավորել, որ անձի ունեցած փաստացի և օրինական եկամուտների, գույքի միջև առկա է էական անհամապատասխանություն, ինչը կարող է արվել հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու,  հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու միջոցով,  2021թ. ՀՀ գլխավոր դատախազը դատախազության համապատասխան բոլոր ստորաբաժանումներին տվել է ապօրինի հարստացման դեմ քրեաիրավական պայքարն ուժեղացնելուն ուղղված կոնկրետ հանձնարարություններ: Մասնավորապես՝ հանձնարարվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց առնչվող հանցագործության յուրաքանչյուր դեպքով ապահովել, որպեսզի պատշաճ քննության առարկա դարձվի նրանց կողմից ներկայացված հայտարարագրերը, միջոցներ ձեռնարկվեն նշված սուբյեկտների փաստացի ունեցած գույքի, եկամտի իրական չափը պարզելու ուղղությամբ:  Իսկ հայտարարագրերում թերի կամ կեղծ տվյալների ներկայացման մեջ դիտավորության առկայության հանգամանքը պարզելու նպատակով հանձնարարվել է ապահովել, որպեսզի պարտադիր քննության առարկա դարձվեն չհայտարարագրված անշարժ գույքերի կադաստրային գործերը, որի արդյունքում հնարավոր կլինի պարզել գույքի համար հարկերի վճարման հաճախականությունը, վճարումներ կատարած անձանց, ինչպես նաև միջոցներ ձեռնարկել թանկարժեք կամ հայտարարագրման ենթակա այլ շարժական գույքի ձեռքբերման և օտարման փաստաթղթերը հայտնաբերելու և քննության առարկա դարձնելու ուղղությամբ:
11:19 - 10 հունվարի, 2022