Սահման

ՌԴ ՊՆ-ը հաղորդում է Շուշիի շրջանում ՊԲ դիրքերի գնդակոծումների և երկու զինծառայողի վիրավորվելու մասին

ՌԴ ՊՆ-ը հաղորդում է Շուշիի շրջանում ՊԲ դիրքերի գնդակոծումների և երկու զինծառայողի վիրավորվելու մասին

azatutyun.am: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է Շուշիի շրջանում Արցախի Պաշտպանության բանակի մարտական հենակետերի գնդակոծումների, ՊԲ երկու զինծառայողի վիրավորվելու մասին։ «Սեպտեմբերի 17-ին Շուշայի շրջանում արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների պոստերի երեք գնդակոծում։ Հայկական կողմի տեղեկատվությամբ՝ կրակը վարվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի դիրքերից։ Գնդակոծման հետևանքով վիրավորումներ են ստացել Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումների երկու զինծառայողներ», - ասված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ զորախմբի գործունեության մասին շաբաթ երեկոյան Ռուսաստանի ռազմական գերատեսչության հրապարակած տեղեկագրում։ Խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը քննություն է իրականացնում կողմերի մասնակցությամբ։ Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը Արցախի Պաշտպանության բանակը հաղորդել էր արևմտյան հատվածում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի հերթական խախտման մասին, որի հետևանքով ՊԲ զինծառայող է վիրավորվել։ Միջադեպի վերաբերյալ տեղեկատվություն էր տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:
10:33 - 19 սեպտեմբերի, 2021
«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը չի կարող լինել միջազգային իրավահարաբերությունների աղբյուր․ Արամ Վարդևանյան

«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը չի կարող լինել միջազգային իրավահարաբերությունների աղբյուր․ Արամ Վարդևանյան

Դուք աշխարհում չեք տեսնի մի երկիր, որը «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի մակարդակում որոշի ՀՀ պետական սահմանի վերաբերյալ հարցեր, չի կարող այդպես լինել։ Ավելին, «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը չի կարող լինել միջազգային իրավահարաբերությունների աղբյուր։ Այսինքն՝ ոչ մի կերպ չի կարող առնչվել ստեղված իրավիճակին։ Այս մասին այսօր ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում, ի պատասխան լրագրողների հարցին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։  Վարդևանյանի խոսքով՝ եթե 2010 թվականին ընդունված օրենքը այդպիսի «արժեք ունենար», ապա կլինեին հայտարարություններ ԵԱՀԿ ՄԽ-ի, ինչպես նաև հենց նույն Ադրբեջանի ԱԳՆ կողմից։ «Թե՞ ձեզ թվում է, որ իրենք չէին լսել այդ օրենքի մասին, իհարկե լսել էին, բայց այլ հարց է, որ այդ օրենքը այդ տեսանկյունից ուներ զրո արժեք։ Միջազգային իրավունքի ցանկացած տարրական գիտելիք ունեցող մասնագետ կհաստատի այս խոսքերը, հակառակ պարագայում մենք միջազգային բանակցային գործընթացի մեջ լրջագույն խնդիրներ էինք ունենալու, բայց չենք ունեցել։ Ինչո՞ւ, որովհետև չէինք կարող ունենալ նման հասարակ, սովորական մակարդակի օրենքով, որը, ի դեպ, ընդունվել է դեռևս 1995 թվականին, փոփոխությունների մասին է խոսքը»,- հավելեց Վարդևանյանը։  Վարդևանյանը ընդգծեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը նույնպես փաստել է, որ այդ օրենքը զրո նշանակություն ունի։ Պատգամավորի խոսքով՝ դա վկայում է նաև այն իրական կյանքը, որը մենք տեսել ենք, և դա երբեք չի օգտագործվել ընդդեմ ՀՀ շահերի։ «Մի կարևոր հանգամանք էլ կա․ վերջիվերջո կարելի է չէ՞ պարզել, թե ով է 2010 թվականին բերել այդ նախաձեռնությունը և կարելի՞ է պարզել՝ ով է ԱԺ-ում եղել զեկուցողը, և հարց տալ, թե արդյոք այդ անձը շարունակում է պաշտոնավարել։ Ամենակարևորը, ճի՞շտ եմ հասկանում, որ եթե մենք հիմա «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում գրենք այնպես, որ ՀՀ սահմանները հասնում են մինչև Բաքու, դրանով հարցը լուծվո՞ւմ է։ Եթե լուծվում է, մենք րոպե առաջ կբերենք նման նախաձեռություն, չի կարելի այս մակարդակի պրիմիտիվ դարձնել նման կարևոր հարցերի քննարկումը։ Բանավոր պայմանավորվածությունների մասով՝ Սահմանադրությունը հստակ ասում է, որ պետական պաշտոնատար անձիք, այդ թվում «վարչապետը, անվտանգության խորհուրդը, չեն կարող կատարել գործողություն, որի համար լիազորված չեն օրենքով։ Ինձ ասեք, թե որ օրենքում է գրված, որ բանավոր պայմանավարվածությամբ ՀՀ սահմաններից զորքը կարող է հետ գնալ։ Ուղիղ հարց տվեք, որտե՞ղ է դա գրված, եթե գրված չէ, դա առնվազն լիազորությունների չարաշահում է, եթե պետական դավաճանությունը դնենք մի կողմ»,- եզրափակեց Վարդևանյանը։ Հակադարձելով Արամ Վարդևանյանի խոսքին՝ լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ նման մեկնաբանություն կարող են անել փաստաբանները, բայց պետական սահմանի հետ կապված դիտարկումները պետք չէ բերել, վտանգների մեջ դնել։ Նշենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այսօրվա սահմանները որոշվել են «ՀՀ Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որը ընդունվել է 2010-ին։
14:10 - 17 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանական ոստիկանական կետի մոտ տեղի ունեցող գործողությունները պետք է ճշտվեն Իրանի եւ Ադրբեջանի միջեւ․ դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին․ Անդրանիկ Քոչարյան

Ադրբեջանական ոստիկանական կետի մոտ տեղի ունեցող գործողությունները պետք է ճշտվեն Իրանի եւ Ադրբեջանի միջեւ․ դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին․ Անդրանիկ Քոչարյան

Այս պահին կուտակումներ եւ լարվածություն չկա Որոտանի ճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական կետի մոտ։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։  Խոսքը, ըստ Քոչարյանի, վերաբերում է ճանապարհի Էվազլար հատվածին, որտեղ ադրբեջանական ոստիկանական ուժերը վերջին օրերին գործողություններ են իրականացրել։ Դրանք, պատգամավորի խոսքով, չեն տեղավորվում սահմանային խնդրիների տրամաբանության շրջանակներում․ «Ո՞րն է դա․ ոստիկանական ուժերը կանգնեցնում են իրանական մեքենաները եւ գումար են վերցնում։ Հիմա դա մաքսայի՞ն գործողություն է, թե՞ ապօրինի, ոնց որ գայի աշխատողները։ Հիշո՞ւմ եք՝ մի պահ Օսեթիայում համատարած ամեն մեկն իր տան մոտ բլոկպոստ էր դրել դեռ չլուծված խնդիրների շրջանակում, գումար էին գանձում։ Հիմա Իրանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է ճշտեն՝ էս գործողությունները տեղավորվում են որպես մաքսակետի՞, թե՞ ապօրինի են։ Դրանք չեն վերաբերում Զանգեզուրից դեպի Հայաստանի տարածքներ տեղաշարժերին։ Հիմա սահմանապահ զորքերի տեղակայումը, ադրբեջանական ուժերի եւ ռուս սահմանապահների տեղակայումն այդ հատվածում լուծում է, որպեսզի անվտանգության հետ կապված խնդիրներ չառաջանան, չկրակենք իրար վրա, մինչեւ մտնենք այն փուլ, որտեղ պետք է ճշտվեն դեմարկացիային եւ դելիմիտացիային առնչվող խնդիրները»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։ Նա ընդգծեց, որ այլընտրանքային ճանապարհի հարցն է կարգավորվում, խոսքը վերաբերում է Տաթեւ-Կապան ճանապարհին։ Պատգամավորի խոսքով՝ այդ այլընտրանքային ճանապարհի օգտագործման դեպքում Որոտանի ճանապարհին ադրբեջանական գործողությունները կդառնան անիմաստ։ Լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից
13:01 - 17 սեպտեմբերի, 2021
Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ մենք չենք կարող որոշում ընդունել․ Սուրեն Պապիկյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական անցակետերի մասին |tert.am|

Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ մենք չենք կարող որոշում ընդունել․ Սուրեն Պապիկյանը՝ Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական անցակետերի մասին |tert.am|

tert.am: Ադրբեջանի տարածքում գործող ոստիկանական կետեր են, այստեղ չենք կարող որոշում ընդունել, դա Ադրբեջանի անելիքն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Գորիս-Կապան ճանպարհատվածի Որոտանի հատվածում շարունակելու է գործել ադրբեջանական ոստիկանական հենակետը։ «Ես չեմ կարող այսօր որոշել, որ դրանք չլինեն, որովհետև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև այդ հատվածը նախանական ո՛չ դելիմիտացված, ո՛չ դեմարկացված է, բայց խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև գոյություն ունեցող ճանապարհը արդեն իսկ ուրվագծված է»,-ասաց նա։ Սուրեն Պապիկյանը նաև նշեց, որ Գորիս- Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցի ոստիկանների կողմից ձերբակալված իրանցի վարորդները, ամենայն հավանականությամբ, ազատ կարձակվեն 3-օրյա ժամկետում։ Նա նաև ընդգծեց, որ այս ռիսկերը չէին քննարկվել՝ հաշվի առնելով, որ այս ուղղությամբ ռուս սահմանապահներն աշխատում են։  Ավելի մանրամասն՝ tert.am-ում։ 
18:47 - 16 սեպտեմբերի, 2021
Գորիս-Կապան ճանապարհը 2 տեղ դուրս է գալիս Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից, այս հանգամանքի բերումով են տեղադրվել ադրբեջանական հենակետերը․ Փաշինայն

Գորիս-Կապան ճանապարհը 2 տեղ դուրս է գալիս Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից, այս հանգամանքի բերումով են տեղադրվել ադրբեջանական հենակետերը․ Փաշինայն

Ազգային ժողովում մեկնարկել է Ազգային ժողով-կառավարություն հարց ու պատասխանը։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, դիմելով ՀՀ վարչապետին, հետաքրքրվեց Գորիս-Կապան ավտոճանապարհի հատվածում ադրբեջանական ոստիկանական անցակետի տեղադրման մասին՝ հարցնելով, թե, ի վերջո, ինչու է կանգնեցվել այդ անցակետը եւ ինչու են կանգնեցվում իրանական բեռնատարները, տուրք վճարում ադրբեջանցիներին։ Փաշինյանն իր ելույթի սկզբում ասաց, որ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հայ-ադրբեջանական սահմանագծի երկայնքով, ունեն բազմաթիվ շերտեր եւ ենթատեքստեր, եւ շատ կարեւոր է, որ այդ ենթատեքստերը ճիշտ ընկալենք եւ ճիշտ թարգմանենք․  «Այս դահլիճում մի քանի անգամ առիթ է եղել խոսելու, որ 2020-ի դեկտեմբերին մենք իրականացրել ենք ՀՀ ԶՈՒ դիրքերը Հայաստանի Հանրապետության՝ Խորհրդային Միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց։ Այդ գործընթացն իրականացվել է ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար, ես մեր մոտիվացիաները մանրամասն ներկայացրել եմ իմ ունեցած հեռուստաուղերձում»,- ասաց Փաշինյանն ու կրկին հիշեցրեց 2010-ին ՀՀ ԱԺ-ի ընդունած «Վարչատարածքային բաժանման մասին օրենքը», որտեղ, վարչապետի խոսքով, հստակ արձանագրվում է, որ Շուռնուխի եւ Որոտանի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին․  «Տվյալ դեպքում պիտի արձանագրեմ նաեւ, որ այս իրողությունն է Խորհրդային Հայասռանի եւ Խորհրդային Ադրբեջանի գոյություն ունեցած վարչական սահմանը, որը հետագայում վերածվել է պետական սահմանի, այս իրողությունն է ընդունվել որպես հիմք։ ՀՀ ՊՆ-ն այդ թեմայով հաղորդագրութուն է տարածել։ Այդ հատվածներում երկու տեղ Գորիս-Կապան ճանապարհը դուրս է գալիս Խորհրդային Հայաստանի վարչական սահմանից, եւ նաեւ այս հանգամանքի բերումով է, որ ժամանակին ձեզ հայտնի տեղերում հայտնվել են մեզ հայտնի ցուցանակներն ու հենակետերը։ Ժամանակին՝ 2020-ի դեկտեմբերին, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ այդ ճանապարհն անարգել կերպով պետք է օգտագործվի ՀՀ տրանսպորտային միջոցների եւ բեռների տարանցման համար։ Ենթադրում եմ, որ քանի որ այդ պայմանավորվածության մեջ չի ֆիքսվել նաեւ օտարերկրյա բեռների հանգամանքը, տվյալ իրավիճակում Ադրբեջանը կիրառում է այդ միջոցը՝ թերեւս, ի պատասխան մեր այն հայտարարությունների, որ թե՛ նոյեմբերի 9-ի, եւ թե՛ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների մեջ հիշատակված չէ ՀՀ տարածքով միջանցք տրամադրելու վերաբերյալ դրույթ։ Եւ ՀՀ-ն, ընդունելով, որ տարածաշրջանի կոմունիկացիաները պիտի բացվեն, այնուամենայնիվ արձանագրում է, որ օտարկերկրյա բեռները ՀՀ տարածքը հատելիս, այդ թվում՝ Ադրբեջանի արեւելյան շրջաններից դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն գնալիս պիտի հատեն մաքսային, անձնագրային եւ այլ կետեր՝ ինչպես սահմված է ԱՊՀ երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցույթւոնն ապահովող իրավապայմանագրային բազայում»,- ասաց վարչապետը։ Հաջորդ խնդիրը, որի մասին, ըստ վարչապետի, գուցե հարց լինի, այն է, թե ինչու է հաղորդագրությունների մեջ կամ իր ելույթենրում նշվել Էյվազլի եւ Չայզամի տեղանունները․ «Դա արվել է մի պարզ պատճառով, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար պարզ լինի, որ խնդրո առարկա կետերը գտնվում են ոչ թե ՀՀ կամ ՀԽՍՀ տարածքում, այլ այդ տարածքից դուրս, որը ՀՀ-ն դե յուրե ընդունել է իմ հիշտակածակ 2010-ին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքում»,- եզրափակեց գործադիրի ղեկավարը։
16:56 - 15 սեպտեմբերի, 2021
Իրանն ուշադիր հետևում է Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձման դեպքերին․ Հայաստանում Իրանի դեսպանատուն

Իրանն ուշադիր հետևում է Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձման դեպքերին․ Հայաստանում Իրանի դեսպանատուն

Մի քանի օր առաջ համացանցում լուսանկար տարածվեց, որտեղ երևում էր, թե ինչպես է ադրբեջանական ոստիկանական կետ տեղադրվել Գորիս-Կապան ավտոճանապարհի՝ Որոտանի հատվածում։ ՀՀ ԱԱԾ-ն պարզաբանում տարածեց, որ Որոտան բնակավայրի մոտ՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի ոստիկանությունն իրականացնում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ Երեկ համացանցում հայտնվեց մեկ այլ լուսանկար, որի հետ տարածվում էր տեղեկություն, թե Ադրբեջանի ոստիկանական կետում ստուգում են Իրանից եկող բեռնատարները և վարորդներից գումար գանձում։ Իրանցի վարորդները «ՍիվիլՆեթ»-ի հետ զրուցում հայտնել էին, որ ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողներն իրենցից պահանջում են կանխիկ 130 դոլար վճարել՝ Ադրբեջանի տարածքով անցնելու համար։  Ավելի ուշ Ադրբեջանի պետական մաքսային ծառայությունը մեկնաբանեց այս լուրերը․ «Ադրբեջանի Հանրապետության հարկային օրենսգրքի 210-րդ հոդվածի համաձայն՝ օտարերկրյա պետությունների տրանսպորտային միջոցները, երկիր մուտք գործելով և դուրս գալով, ենթակա են հարկման: Ըստ օրենսգրքի՝ տրանսպորտային միջոցները ենթակա են ճանապարհային հարկման, ինչպես նաև պետական տուրքի` Ադրբեջանում միջազգային ճանապարհային փոխադրումները կարգավորող թույլտվություն ստանալու համար»։ Infocom-ը հարցում էր ուղարկել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ խնդրելով պարզաբանել Ադրեջանի ոստիկանական կետում Իրանից եկող բեռնատարները ստուգելու և վարորդներից գումար գանձելու լուրերը։ Դեսպանատանից, ի պատասխան մեր հարցման, հայտնել են, որ Իրանն ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և, մասնավորապես, սեպտեմբերի 12-ից, Իրանից Հայաստան ուղևորվող իրանական մեքենաներից գումարների գանձման դեպքերին։ «Իրանը փորձում է իր կարողություններն օգտագործել բոլոր հարևանների մասնակցությամբ տարածաշրջանային զարգացման, խաղաղության և կայունության համար: Ըստ այդմ՝ օրակարգային է հատկապես բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը և ճանապարհին խոչընդոտների ու խնդիրների վերացումը: Իրանը հետամուտ կլինի հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ առևտրի դյուրացման տարբեր եղանակների»-, ասված է դեսպանատան պատասխանում։ Դեսպանատան փոխանցմամբ՝ Իրանի համար հարևանների հետ հարաբերություններն առաջնային են․ «Նախագահ Էբրահիմ Ռայիսիի կառավարությունում հարևանների հետ հարաբերություններն արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից են: Հետևաբար, Թեհրանն ընդլայնելու է հարաբերությունները բոլոր հարևան երկրների հետ՝ հավասարակշռված, բայց գերակա առաջնահերթությամբ»: Աննա Սահակյան
18:39 - 14 սեպտեմբերի, 2021
Ըստ Սովետական Միության քարտեզի՝ այն հատվածը, որտեղ իրենք տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքում․ Աղաջանյանը՝ ադրբեջանական հսկիչ կետի մասին

Ըստ Սովետական Միության քարտեզի՝ այն հատվածը, որտեղ իրենք տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքում․ Աղաջանյանը՝ ադրբեջանական հսկիչ կետի մասին

Ադրբեջանական ուժերը տեղակայված են այն հատվածներում, որտեղ նախկինում այդ խնդիրը առաջացել էր։ Այսինքն՝ իրենց լոկացիայի առումով ոչինչ չի փոխվել, ուղղակի տեղադրել են այդ հսկիչ կետերը։ Խոսքը վերաբերում է այն ելակետային դիրքերին, որտեղ տեղակայվել են թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերը։ Ըստ Սովետական Միության քարտեզի՝ այդ հատվածը, որտեղ իրենք տեղակայված են եւ ճանապարհի այդ հատվածը գտնվում են Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ, իրենք տեղակայված են այդտեղ։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։  Լրգարողների այն հարցին, թե ինչու է հայկական կողմն այս պահին առաջնորդվում Խորհրդային Միության քարտեզով Աղաջանյանը նշեց, որ այլ քարտեզներ չկան։ Աղաջանյանի կարծիքով պաշտոնյանների եւ գերատեսչությունների կողմից ադրբեջանական տեղանուններ օգտագործելը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի աշխատանքների վրա։  Աղաջանյանը տեղեկացրեց, որ այսօր հանդիպում է ունեցել Եվրամիության՝ հարավային Կովկասում հատուկ ներկայացուցչի հետ եւ հարցերի ամբողջ շրջանակը մանրամասն քննարկվել է։  «Մեր դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ հետեւյալն է․ ադրբեջանական կողմը, չնայած իր հայտարարություններին, թե իբր կողմ է երկարատեւ խաղաղության սկիզբ կամ մաս կազմելու, գործնականում իր քայլերով էլ ավելի է սրում եւ էսկալացնում իրավիճակը։ Սա մի խնդիր է, որը պետք է մշտապես մեր միջազգային գործընկերների ուշադրության կենտրոնում լինի։ Հույս եմ հայտնել, որ իրենք կօգտագործեն իրենց գործիքակազմում եղած բոլոր այն ճնշման գործիքները, որոնցով հնարավոր կլինի Ադրբեջանին բերել կոնստրուկտիվ դաշտ»,- մանրամասնեց պատգամավորը։ Լրագրողի այն հարցին, թե Սյունիքում ադրբեջանական զինծառայողների կողմից փակած Գորիս-Կապան ճանապարհն ի՞նչ բանակցությունների արդյունքում է բացվել եւ արդյոք այս հենակետն է եղել ճանապարհը բացելու համար։ Աղաջանյանը պատասխանեց․ «Ռուս սահմանապահներն ստանձնել են այդ ճանապարհահատվածի վերահսկողական գործառույթ եւ իրենց բանակցությունների արդյունքում է այդ խնդիրը լուծվել է։ Նման պայմանավորվածություն չի եղել, գինը դա չէր։ Ինչ անում է ադրբեջանական կողմը, ընդամենը նպատակ ունի արժեզրկել խաղաղության օրակարգը։ Մենք գնում ենք տարածաշրջանում երկարատեւ խաղաղության գործընթացի սկիզբ դնելու ճանապարհով, պատրաստվում ենք չտրվել սադրանքներին: Մենք նման գործողությունները գնահատում ենք սադրանք Ադրբեջանի կողմից։ Այդ սադրանքները կարող են ուղեկցվել զոհերով, կարող են ուղեկցվել այլ տհաճ ու անցանկալի երեւույթներով, բայց դա է այն ճանապարհը, որով պետք է մեր քաղաքական ուժը տանի այս գործընթացը՝ առաջին հերթին հաշվի առնելով, որ դրա համար ստացել է ժողովրդի մանդատը»,- եզրափակեց Աղաջանյանը։   
17:33 - 14 սեպտեմբերի, 2021
Վահե Հակոբյանը անհասկանալի է համարում ԱԱԾ տարածած հաղորդագրությունը, որում, ըստ նրա, Որոտանը նշվում է ադրբեջանական տեղանունով |armenpress.am|

Վահե Հակոբյանը անհասկանալի է համարում ԱԱԾ տարածած հաղորդագրությունը, որում, ըստ նրա, Որոտանը նշվում է ադրբեջանական տեղանունով |armenpress.am|

armenpress.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը խոսեց Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով, որ ամենաթողության և ամեն ինչը զիջելու պարագայում ադրբեջանական կողմը լկտիանում է։ «Ադրբեջանական կողմը Որոտանի ճանապարհի վրա ոստիկանական հենակետ է դրել։ Համացանցում հայտնվել են տեսանյութեր և, իմ տեղեկություններով, կանգնեցնում են իրանական բեռնատարեր, ինչ-որ պետտուրք, մաքսատուրք են մուրում և դրանից հետո թողնում են, որ նրանք շարունակեն երթևեկությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը։ Պատգամավորը անհասկանալի է համարում Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունը, որում, ըստ նրա, Որոտանը նշվում է ադրբեջանական տեղանունով․ «Սա ի՞նչ է նշանակում, որ մեզ կամաց-կամաց սովորեցնում են, որ ,այո, դա ադրբեջանական տարա՞ծք է»։ Վահե Հակոբյանի կարծիքով ՝ այսօր ավելի կարևոր խնդիր չկա, քան Սյունիքն է։ «Ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կտրել Կապանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումը կլինի բոլոր խնդիրների լուծումը»,- հավելեց Հակոբյանը։
11:28 - 13 սեպտեմբերի, 2021
Պատերազմի հետևանքները․ սահմանամերձ դարձած գյուղերում ապրելը կրկնակի բարդացել է

Պատերազմի հետևանքները․ սահմանամերձ դարձած գյուղերում ապրելը կրկնակի բարդացել է

Գորիս-Կապան ավտոճանապարհի երկու հատվածներ ադրբեջանական զինուժի կողմից փակելու եւ մի քանի օր Հայաստանից Սյունիքը կտրելու հերթական սթափեցնող հարվածը կրկին հանրությանը հիշեցրեց, որ պատերազմի հետեւանքները շարունակվում են, եւ սողացող պատերազմը ոչ միայն խարխլել է անվտանգային ողջ համակարգը, այլ նաեւ բացառել գյուղական համայնքներում զարգացման հնարավորություններն ու կենսական անհրաժեշտության ծրագրերը։ Սահմանամերձ համայնքներում այս տարի խոտի սակավության հարցը սրվել է հատկապես արոտավայրերի տարածքների կրճատման պատճառով։ Սակայն, խնդիրը կրկնապատկվում է նաեւ ոռոգման ցանցերի բացակայության հետեւանքով։ Արոտավայրերի կրճատման և սակավ խոտի պատճառով սպասվում է անասնագլխաքանակի կրճատում, ինչը հանգեցնելու է կաթնամթերքի, մսի ծավալի կրճատման, մթերքների գնաճի եւ դրանից բխող սոցիալական բազմաթիվ խնդիրների։ Պատերազմի հետևանքով սահմանամերձ դարձած համայնքների խնդիրներն առավել մանրամասն ներկայացված են ստորև(սեղմել նկարին)։
18:45 - 08 սեպտեմբերի, 2021
ՌԴ ՊՆ-ն հերքում է Շուշիի ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը |armenpress.am|

ՌԴ ՊՆ-ն հերքում է Շուշիի ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունը |armenpress.am|

armenpress.am:  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը անցած մեկ օրվա ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտում չի հայտնաբերել: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկատվական տեղեկագրում: Այսպիսով` Ռուսաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը` ՊԲ ստորաբաժանումների կողմից Շուշիի ուղղությամբ կրակելու մասին: «Ռուսաստանցի խաղաղապահների կողմից 27 դիտակետում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Խաղաղապահները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններում»,- նշված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ խաղաղապահ ստորաբաժանումները ուղեկցել են Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 6 շարասյուններ. չորս շարասյուն ՝ Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկ շարասյուն ՝ Շուշի – Կարմիր Շուկա-Ջիվանի և մեկ շարասյուն ՝ հակառակ ուղղությամբ:  
20:59 - 03 սեպտեմբերի, 2021
Իշխանությունները Կապանը տարան ավագանու արտահերթ ընտրությունների, ուզում են ինձնից ազատվել․ Կապանի համայնքապետ |hetq.am|

Իշխանությունները Կապանը տարան ավագանու արտահերթ ընտրությունների, ուզում են ինձնից ազատվել․ Կապանի համայնքապետ |hetq.am|

hetq.am: Այս ամսվա սկզբին Կապանի ավագանու 15 անդաներից 8-ը հրաժարական են ներկայացրել: Ընդ որում՝ սկզբից վեցն էին ներկայացրել, օրեր անց՝ եւս երկուսը: Սա նշանակում է, որ առաջիկայում լինելու են ավագանու արտահերթ ընտրություններ, որոնք առաջին անգամ Կապանում անցկացվելու են համամասնական ընտրակարգով, ինչը ներկայում կիրառվում է Երեւանի, Գյումրու ու Վանաձորի համանքային ընտրություններում: Այսինքն՝ կապանցիները ընտրելու են տարբեր ուժերի, որոնք ընտրական շեմը հաղթահարելուց հետո ներկայացված են լինելու ավագանու կազմում, իսկ հետո ավագանու անդամները ընտրելու է համայնքի ղեկավարին: Կապանի գործող համայնքապետ Գեւորգ Փարսյանը «Հետքի» հետ զրույցում ասում է, որ ավագանու անդամների՝ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելն անսպասելի էր: Ըստ նրա՝ մինչ այդ տարաձայնություններ կա խմորումներ չեն եղել ավագանու անդամների հետ, հակառակը՝ բոլորը ջերմ հարաբերություններ ունեին: Համայնքապետը տեղյակ է ավագանու 8 անդամի հրաժարականի պատճառների մասին, սակայն դրանց չի ցանկանում անդրադառնալ՝ նշելով, թե ճիշտ է համարում, որ հենց նրանք հայտնեն իրենց հրաժարականի իրական պատճառների մասին: Հարցին, թե ներկայում ինչ մթնոլորտ է Կապանի համայնքապետարանում, Գեւորգ Փարսյանը պատասխանում է՝ աշխատանքային նորմալ մթնոլորտ: Անդրադառնալով հարցին, թե արդյոք 8 հոգու հրաժարականները դիտարկում է որպես սաբոտաժ իր նկատմամբ, Կապանի համայնքապետը պատասխանում է. «Սա պայմանավորում եմ նրանով, որ իշխանությունները Կապանը տարան ավագանու արտահերթ ընտրությունների եւ նման ձեւով ուզում են ինձնից ազատվել»: Իր անձի նկատմամբ տրամադրվածությունը Փարսյանը կապում է պատերազմական եւ հետպատերազմական իրավիճակի հետ, մասնավորապես՝ նրա հետ, որ պատերազմից հետո ինքը հրապարակայնորեն հակաիշխանական դիրքորոշում է ունեցել: Կապանի ղեկավարի հետ զրուցել ենք նաեւ այս ամիս թշնամու կողմից Գորիս-Կապան ճանապարհը փակելու միջադեպի մասին: -Պարոն Փարսյան, օգոստոսի 25-ին ադրբեջանցիները փակել էին Գորիս-Կապան ճանապարհի երկու հատված: Ինչի՞ արդյունքում բացվեց ճանապարհը, ի՞նչ քննարկվեց, ի՞նչ փոխհամաձայնություն ձեռք բերվեց: -Երկու օր բանակցություններ ընթացան, որոնց մասնակցում էին ռուս սահմանապահների հրամանատարական կազմը եւ մեր ԱԱԾ-ի ներկայացուցիչները։ Վերջնարդյունքում եկան համաձյանության, եւ ճանապարհը բացվեց մի վերապահումով․ տեղադրվեցին բետոնե արգելապատնեշներ ռուս սահմանապահների հսկողության ներքո՝ երթեւեկությունը դանդաղեցնելու համար։ Երկու հատվածում բետոնե արգելապատնեշ է դրվել՝ Որոտանում եւ Նոր Առաջաձորում։ Այդտեղ տեղակայվելու են ռուս սահմանապահները, որոնք ճանապարհի այդ հատվածներում իրենց վերակարգերը, անձնակազմի թիվը մեծացնելու են, որ ամբողջովին ապահովեն անվտանգ երթեւեկությունը։ -Հիմա, Ձեր կարծիքով, անվտա՞նգ է երթեւեկելն այդտեղով: -Ռուս սահմանապահները երեկվա դրությամբ ինձ երաշխավորեցին, որ այդ հատվածներում երթեւեկելն անվտանգ է։ -Իսկ օդանավակայանի մոտ ի՞նչ վիճակ է: -Այդտեղ վիճակն անփոփոխ է: Առավել մանրամասն՝ hetq.am-ում։
10:02 - 31 օգոստոսի, 2021
Աննա Գրիգորյանի համար անհասկանալի է, թե իշխանությունն ինչ հիմքով է հայտարարում, որ Գորիս-Կապան ճանապարհն ադրբեջանական է

Աննա Գրիգորյանի համար անհասկանալի է, թե իշխանությունն ինչ հիմքով է հայտարարում, որ Գորիս-Կապան ճանապարհն ադրբեջանական է

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի համար անհասկանալի է, թե ի՞նչ հիմքով են իշխանությունները մի քանի ամիս առաջ վիճարկելի համարվող Գորիս-Կապան ճանապարհն այսօր հայտարարում ադրբեջանական տարածք։ Պատգամավորի պնդմամբ, կա առանձին հուշագիր, որի հիմքով միջպետական ճանապարհ Գորիս-Կապանը, ինչպես նաև Կապան-Ճակատեն միջհամայնքային ճանապարհներն ամբողջությամբ հանձնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Գրիգորյանն հարց է բարձրացնում՝ ո՞ր քարտեզներն են իշխանությունները հիմք ընդունել՝ հատվածները ադրբեջանական վերահսկողության ներքո հանձբելու համար։ Գրիգորյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև․ «Ազատություն» - Տիկին Գրիգորյան, Դուք նոր եք վերադարձել Սյունիքից, ինչպե՞ս է այնտեղ իրավիճակը։ Գորիս-Կապան միջպետական ճանապարհը օրեր շարունակ փակ մնալուց հետո վերջապես բացվել է, բայց մարդիկ մտահոգված են, որ նման դեպքերը կարող են կրկնվել, և սահմանամերձ բնակավայրերի անվտանգությունը երաշխավորված չէ, ի՞նչ կարող եք ասել։ Աննա Գրիգորյան - Այո՛, ցավալիորեն, երկու օր շարունակ միջպետական ճանապարհը, որ դեպի Իրան էր տանում, փաստացի փակված էր ադրբեջանցիների կողմից, և, ցավալիորեն, իշխանությունները նույնիսկ ասում էին, որ կանխատեսել էին, որ կարող են նմամ զարգացումներ տեղի ունենալ, ինչն, իհարկե, աբսուրդ է, նոնսենս է։ Ես կուզենայի նաև մի փոքր բացել, թե առհասարակ ինչպես է այս իրավիճակն առաջացել և ինչու են ադրբեջանցիները փորձել փակել ճանապարհը․ իհարկե տարբեր պատրվակներ կան, բայց ես շատ ավելի խորքից եմ ուզում գալ․ Դուք գիտեք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետում հստակ ամրագրվում էր, որ հայկական և ադրբեջանական կողմերը կանգնում են այնտեղ, որտեղ տեղակայված են այդ պահին։ Այդ ժամանակ մենք բավականին առաջ էինք գտնվում և Սյունիքի անվտանգությունը հնարավոր էր լիարժեք ապահովել, ինչպես նաև միջպետական ճանապարհը գտնվում էր ամբողջությամբ մեր վերահսկողության ներքո և դա այդպես էր մինչև դեկտեմբերի 17-ը, երբ հրաման եղավ, որ մենք պետք է անհապաղ մեր զորքերը հետ քաշենք, մինչդեռ մենք, հատկապես համայնքապետերի գործուն ջանքերի արդյունքում, նոր բնագծեր էինք ձևավորել, ամրացել էինք և, հետևաբար, կարողանում էինք մեր անվտանգությունն ապահովել, ինչպես նաև սահմանամերձ դարձած բնակավայրերի անվտանգությունը։ Եվ խախտելով փաստացի կերպով նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը՝ մենք հանձնել ենք թշնամիներին այդ միջպետական ճանապարհը, ինչպես նաև Կովսականի և Սանասարի հատվածները։ Վարչապետն ասում էր, որ դա արել է բանավոր փոխըմբռնման հիման ներքո։ Ես ուզում եմ սա հատուկ ընդգծել, որովհետև սահմանների փոփոխությունը և ճանապարհների՝ թշնամու վերահսկողության տալը, չի կարող ուղղակի բանավոր փոխըմբռնման հիմքով տեղի ունենալ, սա ուղղակի աբսուրդ է։ Շարունակությունը՝ azatutyun.am-ում։
09:29 - 30 օգոստոսի, 2021
Առավոտյան ժամը 11-ից ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ

Առավոտյան ժամը 11-ից ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ. ՄԻՊ

Առավոտյան ժամը 11-ից ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ հրդեհներ են գցել Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ՝ իրենց վրանների մոտից: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։    «Օրվա ընթացքում ՀՀ Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղի ուղղությամբ հրդեհները մարվել են, իսկ Կութի հարևանությամբ հրդեհները չեն մարել ու տարածվել են եղանակային պայմաններից ելնելով: Հրապարակվող լուսանկարները ցույց են տալիս այս պահի վիճակը: Հատուկ եմ նշում, որ այս վայրերում համայնքների բնակիչների խոտհարքերն են ու արտովայրերը, իսկ հրդեհներով դրանք պարզապես ոչնչացվում են: Հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել ու տեղակայված են գյուղերի անմիջական հարևանությամբ՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, ապա հրդեհներն իրական վտանգ են ներկայացնում նաև գյուղերի քաղաքացիական բնակչության համար: Բնակիչների ահազանգերի ստուգումները վկայում են, որ ՀՀ քաղաքացիական բնակչության նկատմամբ այս դիվերսիոն հանցավոր արարքերը կատարվում են դիտավորությամբ. նախ, ադրբեջանական զինծառայողները հստակ գիտակցում են, որ տեղակայված են քաղաքացիական բնակիչներին պատկանող արոտավայրերի ու խոտհարքերի, ինչպես նաև վարելահողերի մեջ և որ մարդիկ չեն կարողանում օգտագործել անգամ ադրբեջանական դիրքերի հարևանությամբ գտնվող տարածքները, քանի որ այդ վայրերին մարդկանց անգամ մոտենալու դեպքում նրանք արձակում են կրակոցներ: Դրանից բացի, ադրբեջանական զինծառայողները գիտակցում են, որ ներկայում եղանակային պայմաններն այնպիսին են, որ հրդեհն արագորեն տարածվելու է ու ոչնչացնելու է մարդկանց պատկանող տարածքները, զրկելու են ապրուստի աղբյուրից: Եվ հետո, նրանք գիտակցում են նաև, որ բնակիչները նույնպես տեսնելու են այս հրդեհները և դա ակնհայտորեն անում են քաղաքացիական բնակչությանը վախեցնելու նպատակով: Երեկ էի նշել, որ ադրբեջանական զինված ուժերի հեռանալը ՀՀ գյուղերից և համայնքների միջև ճանապարհներից այլընտրանք չունի՝ երաշխավորելու համար ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, մարդկանց խաղաղ ու անվտանգ կյանքը: Սյունիքում, Գեղարքունիքում ու Արարատում ադրբեջանական վերջին ժամանակաշրջանի արարքների, այդ թվում՝ կրակոցների փաստերը վկայում են, որ դրանք դառնում են ավելի ու ավելի վտանգավոր քաղաքացիական բնակիչների համար, ունեն ուղղակի դիտավորություն, դարձել են թիրախային, իսկ իրավունքների խախտումներն կրում են զանգվածային բնույթ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս հերթական հաղորդումը երկուշաբթի օրը՝ օգոստոսի 30-ին համապատասխան առաջարկներով կամ պահանջներով պաշտոնապես կուղարկվի միջազգային կառույցներին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին ու ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»:  
00:04 - 30 օգոստոսի, 2021