Լեւոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը։ Ծնվել է 1945թ․ հունվարի 9-ին։ 1953-1960 թթ. Լևոն Տեր-Պետրոսյանը սովորել է Երևանի No 43 յոթնամյա դպրոցում: 1960-1963 թթ. սովորել է Երևանի No 17 միջնակարգ դպրոցում: 1963-1968 թթ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժնի ուսանող: 

1988 թ. փետրվարի վերջին ընտրվել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ և այդ հանգամանքով մասնակցել է հանրապետական «Ղարաբաղ» կոմիտեի՝ համագումարներին։

1989 թ. օգոստոսին, իր բացակայությամբ, ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1989 թ. դեկտեմբերին ընտրվել է Հայոց համազգային շարժման նախագահ՝ այդ պաշտոնը վարելով մինչև 1990 թ. օգոստոսի կեսը: 1990 թ. հունվարին դարձել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ: 1990 թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր:

1991թ. հոկտեմբերի 16-ին ընտրվել է ՀՀ առաջին Նախագահ: Վերընտվել է` 1996թ. սեպտեմբերի 22-ին:

1998թ. փետրվարին հրաժարական է տվել:

2012 թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններում, գլխավորելով «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ցուցակը, Տեր-Պետրոսյանն ընտրվել է պատգամավոր, բայց հրաժարվել է իր մանդատից: 2013 թ. ապրիլի 13-ին ընտրվել է կուսակցության նախագահ:

ՄԻԵԴ-ն այսօր հրապարակել է Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը

ՄԻԵԴ-ն այսօր հրապարակել է Լեւոն Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը

Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր՝ 25/04/2019թ․-ին ՄԻԵԴ-ը հրապարակել է Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի վճիռը։ Սույն դիմումը ներկայացվել էր 30/08/2008թ․-ին եւ վերաբերում էր Նախագահ Տեր-Պետրոսյանի՝ 2008թ․-ի նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական շրջանում բողոքի խաղաղ հավաքների իրավունքի խախտմանը, ինչպես նաեւ՝ այդ խախտումների դեմ Հայաստանում արդյունավետ պաշտպանության միջոցների բացակայությանը, իր՝ Ազատության հրապարակում ձերբակալության եւ ազատ տեղաշարժի սահմանափակմանը 2008թ․-ի մարտի 1-ից մինչեւ 20-ը ընկած ժամանակահատվածում, ինչպես նաեւ՝ իր իրավունքների խախտումները քաղաքական հայացքների հիմքով խտրականության դեմ։ Խաղաղ հավաքների իրավունքի մասով․ ՄԻԵԴ-ը մերժել էր Կառավարության բոլոր պնդումներն այն մասին, որ 2008թ․-ի մարտի 1-ի վաղ առավոտյան հավաքն Ազատության հրապարակում խաղաղ չի եղել։ Այն արձանագրել է, որ այդ հավաքի խաղաղ բնույթը հերքող որեւէ ապացույց Կառավարության կողմից ներկայացված չի եղել։ Եւ, հետեւելով Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով զարգացրած իր դիրքորոշմանը, եզրահանգել է, որ խաղաղ հավաքի ցրելը չի ունեցել որեւէ հիմնավորում, պատճառաբանվել է կասկածելի հանգամանքների վկայակոչմամբ, առանց նախապես զգուշացման եւ ուժային միջամտությամբ։ Այս ամենը համարվել է որպես մի միջոց, որին պետությունը չէր կարող դիմել ողջամտության սահմաններում։ Արդյունքում՝ խախտվել է դիմողի խաղաղ հավաքների ազատությունը։ Արդյունավետ պաշտպանության իրավունքի մասով․ՄԻԵԴ-ն այս մասով նույնպես ճանաչել է իրավունքի խախտում, արձանագրելով, որ դիմողը չի ունեցել իր խաղաղ հավաքների ազատության խախտման դեմ արդյունավետ պաշտպանություն Հայաստանում։ Խտրական վերաբերմունքի մասով․ Խտրականության արգելքի խախտման մասով դիմողի պահանջները ՄԻԵԴ-ն անհրաժեշտ չի համարել քննել, հաշվի առնելով արդեն իսկ հանգած եզրակացությանը խաղաղ հավաքների եւ ազատ տեղաշարժի իրավունքների մասով։ Անձնական ազատության եւ ազատ տեղաշարժի իրավունքի մասով․ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ չնայած դիմողի տնային կալանքի մասին մտահոգիչ եւ արժանահավատ զեկույցներին, այս հարցը ներպետական բողոքարկման առարկա չէր դարձվել եւ Դատարանն իր տնօրինության տակ չի ունեցել բավարար ապացույցներ հաստատապես համոզված լինելու համար, թե արդյոք պետական պահպանության ծառայությունը վերազանցել է իր պարտականությունները եւ արդյոք դիմողի անձնական ազատության եւ ազատ տեղաշարժի իրավունքները խախտվել են»։  
09:59 - 25 ապրիլի, 2019