ՊԵԿ

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն 2008-2014 թթ. և 2016 թ. մարտի 1-ից գործող հանրապետական գործադիր մարմին է, որն իր իրավասության սահմաններում ապահովում է պետական բյուջեի մուտքերը և հարկային ու մաքսային վարչարարությունը։ Կոմիտեում գործում են հարկային և մաքսային ծառայությունները։

Ներկայումս, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում է Էդվարդ Հովհաննիսյանը։

Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ
 |armeniasputnik.am|

Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ ««Մարգարա» սահմանային անցակետը պատրաստ է շահագործման և հայկական կողմն ակնկալում է թուրքական կողմից ևս դրական ազդակներ ստանալ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ»,-հայտնեցին գերատեսչությունից։ Նոյեմբերի կեսերին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, որ նոր անցակետի շինարարությունը մոտենում է ավարտին: Դրանից առաջ ՊԵԿ-ից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ մաքսային հսկման և վերահսկողության ընթացակարգերի համար անհրաժեշտ շենքերն ու շինությունները կառուցվել են, կատարվում են ներքին հարդարման, ինժեներական հաղորդակցությունների մոնտաժման և բարեկարգման աշխատանքներ։ Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։ Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
10:40 - 02 դեկտեմբերի, 2023
Մինչև դեկտեմբերի 31-ը փոխհատուցում կտրվի վրացական համարանիշներով ավտոմեքենաների օգտագործման համար․ 2024-ից ուժի մեջ կմտնի խիստ պահանջ

Մինչև դեկտեմբերի 31-ը փոխհատուցում կտրվի վրացական համարանիշներով ավտոմեքենաների օգտագործման համար․ 2024-ից ուժի մեջ կմտնի խիստ պահանջ

ՀՀ կառավարության որոշմամբ 2024թ․ հունվարի 1-ից ՀՀ քաղաքացիները երրորդ երկրում գրանցված տրանսպորտային միջոցը ՀՀ ժամանակավորապես ներմուծելու համար պարտավորված կլինեն մաքսատուրքի և հարկերի չափով գումարը վճարել մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին, որը նրանց կվերադարձվի տվյալ ավտոմեքենան վերաարտահանելիս։ «Ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մաքսատուրքերի և հարկերի վճարման պարտավորությունների ապահովման որոշակի միջոց սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունվեց նոյեմբերի 30-ին կայացած նիստի ընթացքում։ Հիմնավորման մեջ նաև նշվում է, որ քանի որ ԵՏՄ անդամ չհանդիսացող պետություններում (հիմնականում Վրաստանում) թեթև մարդատար տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման համար օրենքով սահմանված մաքսային վճարների չափերը ավելի ցածր են, քան ԵՏՄ օրենսդրությամբ նախատեսված վճարների չափերը, ՀՀ-ում այդ տրանսպորտային միջոցները օրենքով սահմանված կարգով ազատ շրջանառության նպատակով ձևակերպելու և գրանցելու փոխարեն այդ տրանսպորտային միջոցները ձևակերպվում և գրանցվում են այդ երկրներում (հիմնականում Վրաստանում) և ներմուծվում ու տնօրինվում են ՀՀ-ում «ձևական» ժամանակավոր ներմուծում ձևակերպելու ճանապարհով: Ուստի այս միջոցի նպատակը նամն կերպով ներմուծումը ոչ շահավետ դարձնելն է։ «Ներկա պահին Հայաստանի Հանրապետության տարածքում վերոհիշյալ կարգավիճակով շահագործվում է շուրջ 9000 միավոր ավտոմեքենա: Արդյունքում վճարումներ չեն կատարվում պետական բյուջե թե՛ մաքսատուրքերի, թե՛ ավելացված արժեքի հարկի, թե՛ բնապահպանական հարկի և թե՛ գույքահարկի գծով: Դրա փոխարեն ՀՀ-ում շահագործվող, սակայն գրանցում չստացած խնդրո առարկա տրանսպորտային միջոցների մասով վերը նշված վճարներով համալրվում են այլ երկրների պետական բյուջեի եկամուտները»,- նշել են ՊԵԿ-ից։ Այս որոշումը ուժի մեջ կմտնի 2024 թվականի հունվարի 1-ից։ Սահմանափակումը չի տարածվի իրենց անձնական ավտոմեքենայով Հայաստանի Հանրապետություն տուրիստական կամ գործնական այցելություններ իրականացնող օտարերկրացիների նկատմամբ: Արդեն զեկուցվող հարցերի փաթեթով ՀՀ կառավարությունը քննարկեց և ընդունեց վերոնշյալ տրանսպորտային միջոցների ազատ շրջանառության համար ներմուծման դեպքում պետական աջակցության ծրագիրը, որը գործելու է մինչև 2023թ․ դեկտեմբերի 31-ը։ Նշվում է, որ ներմուծման ժամանակ ֆիզիկական անձանց կողմից վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի գումարը շատ ավելի մեծ է, քան իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցների պարագայում, ինչը պատճառ է դառնում ֆիզիկական անձանց կողմից ժամանակավոր ներմուծման հնարավորության շահարկմանը։ Արդյունքում տեղի են ունենում պետական եկամուտների հավաքագրման՝ օրենսդրությամբ սահմանված մեխանիզմներից շեղումներ։  Մասնավորապես 2023թ․ տվյալներով Հայաստանի Հանրապետության ժամանակավոր ներմուծված և չվերաարտահանված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար միասնական դրույքաչափերով վճարման ենթակա մաքսատուրքերի և հարկերի հաշվարկային գնահատված մեծությունը կազմում է շուրջ 44․3 մլրդ․ դրամ, եթե այդ տրանսպորտային միջոցները ազատ շրջանառության նպատակով ստանային մաքսային ձևակերպում։  Մասնավորապես մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների քանակը կազմում է շուրջ 1200, իսկ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող ավտոմեքենաների քանակը՝ շուրջ 7800։ Այդ տրանսպորտային միջոցները ամբողջությամբ ՀՀ-ում ֆիզիկական անձանց կողմից մաքսային ձևակերպում կատարելու պարագայում մինչև 5 տարեկան ավտոմեքենաների մասով կարող է գանձվել շուրջ 7․8 մլրդ․ դրամ, իսկ 5 տարեկանից բարձր ավտոմեքենաների գծով՝ շուրջ 36․5 մլրդ․ դրամ։ Այսպիսով՝ ՀՀ կառավարությունը նախատեսում է փոխհատուցում․ ա․ միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 40%-ի չափով՝ մինչև 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպարտային միջոցների մասով, բ․ միասնական դրույքաչափերով վճարված մաքսատուրքերի և հարկերի 70%-ի չափով՝ 5 տարուց ավելի թողարկման տարեթիվ ունեցող թեթև մարդատար տրանսպարտային միջոցների մասով։ Ըստ ՊԵԿ-ի՝ մինչև 5 տարեկան ավտոմեքենաների գծով փոխհատուցվող գումարը կարող է կազմել 3․1 մլրդ․ դրամ, իսկ 5 տարեկանից բարձր ավտոմեքենաների մասով՝ շուրջ 25․6 մլրդ․ դրամ։ Արդյունքում՝ նշված ավտոմեքենաները ՀՀ-ում ֆիզիկական անձանց կողմից ձևակերպում ստանալու և փոխհատուցում կատարելու դեպքում՝ ՀՀ պետական բյուջերի զուտ եկամուտը կարող է կազմել շուրջ 15․6 մլրդ․ դրամ։ Նշվում է, որ նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացում է նախատեսվում՝ շուրջ 15 մլրդ դրամի չափով։ Նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց․ «Մենք կարող էինք գնալ մաքսատուրքերն իջեցնելու ճանապարհով, բայց խնդիրն այն է, որ ԵԱՏՄ կարգավորում է, և ՀՀ-ն չի կարող միակողմանիորեն այդ հարցը լուծել: Մենք կարծում ենք, որ այդ հարցը կարող է քննարկվել ԵԱՏՄ շրջանակներում, և մենք կդիտարկենք այդ տարբերակը»։ Նա հայտնեց, որ այս կարգավորումներին զուգահեռ՝ ՀՀ ոստիկանությունը վարչարարություն կիրականացնի․ «Նրանց, ում մեքենաների շահագործումը չի համապատասխանի այս կանոններին, համապատասխան ընթացակարգերով վարչարարություն կիրականացնենք և համապատասխան լծակներով կդրդենք մեր քաղաքացաիներին, որ ինչպես հարկն է, ՀՀ-ում երթևեկեն ՀՀ պետհամարանիշներով»։
13:17 - 30 նոյեմբերի, 2023
Առաջարկվում է միջինը 3 անգամ բարձրացնել մաքսատանը մեքենայի կայանման դրույքաչափը. ՊԵԿ փոխնախագահը նշեց պատճառը |news.am|

Առաջարկվում է միջինը 3 անգամ բարձրացնել մաքսատանը մեքենայի կայանման դրույքաչափը. ՊԵԿ փոխնախագահը նշեց պատճառը |news.am|

news.am: Մաքսային մարմնի կողմից տրանսպորտային միջոցների ժամանակավոր պահպանության համար (մաքսատանը կայանման համար,– խմբ.) դրույքաչափերը միջինում 3 անգամ կբարձրանան։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը։ «Նախկինում մեքենաների մեծ հոսք կար, օրինակ, Գյումրու մաքսատանը, քանի որ ավելի շատ մեքենա էր ներկրվում, քան մաքսազերծվում, և պահեստը շատ սեփականատերերի համար դարձել է որպես ավտոկայանատեղի։ Հոսքը զգալիորեն նվազել է, սակայն խնդիրը դեռևս առկա է։ Առաջարկում ենք ավտոտրասնպորտային միջոցների համար դրույքաչափերը վերանայել` սահմանելով ավելի բարձր դրույքաչափ, որպեսզի տարածքները որպես ուղղակի կայանման վայր չօգտագործեն։ Սա կնշանակի` եթե մարդատար ավտոմեքենայի համար այսօր գանձվում է 1600 դրամ, ապա հետագայում կգանձվի օրական 5000 դրամ։ Սա չի գործի, եթե ձևակերպում անի ներմուծողը, ընդ որում, առաջին օրվա համար սահմանել ենք, որ պետական տուրք ընդհանրապես չի գանձվի»,– ասաց Մանուկյանը։ Նա նշեց, որ Մաքսակետում կայանելու սակագներն այժմ ավելի ցածր են, քան մոտակա կայանատեղիներում, այդ պատճառով էլ մարդիկ չեն շտապում դուրս բերել մեքենաները: Այժմ հնարավորություն ունեն ավելի շատ մեքենաներ մաքսազերծել, քան բերվում է երկիր:  
14:06 - 29 նոյեմբերի, 2023
Ավտոմեքենաների օտարման գործարքները փաստաթղթավորվելու դեպքում ՊԵԿ-ը զերծ կմնա խիստ վարչարարություն իրականացնելուց

Ավտոմեքենաների օտարման գործարքները փաստաթղթավորվելու դեպքում ՊԵԿ-ը զերծ կմնա խիստ վարչարարություն իրականացնելուց

ՀՀ ՊԵԿ-ից տեղեկացնում են, որ ավտոմեքենաների առևտրով զբաղվող տնտեսվարող սուբյեկտների կողմից արդեն իսկ ներմուծված, սակայն դեռևս ՀՀ տարածքում դրանց օտարումը պետական գրանցման չենթարկած տրանսպորտային միջոցների վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ (այսինքն` մինչև ՀՀ հարկային օրենսգրքում 2023 թվականի դեկտեմբերի 1-ից նախատեսվող փոփոխությունների ուժի մեջ մտնելը) տնտեսվարող սուբյեկտների կողմից ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված հաշվարկային փաստաթղթերով վերոգրյալ ավտոմեքենաների օտարման գործարքները փաստաթղթավորվելու դեպքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն զերծ կմնա խիստ վարչարարություն իրականացնելուց` հաշվի առնելով ավտոմեքենաների պետական գրանցման գործընթացում ներկայումս առկա օբյեկտիվ ծանրաբեռնվածությունը:
18:37 - 28 նոյեմբերի, 2023
2024թ-ից դրամարկղային գործառնություններն անհրաժեշտ է գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում

2024թ-ից դրամարկղային գործառնություններն անհրաժեշտ է գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ. հունվարի 1-ից դրամարկղային գործառնություններն անհրաժեշտ է գրանցել միայն էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում։ ՀՀ հարկային օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն՝ դրամարկղային գործառնություններն իրականացվում են դրամարկղի և (կամ) հաշվետու անձանց միջոցով: Ընդ որում, մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը դրամարկղային գործառնությունները գրանցվում են թղթային կամ էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում: 2023 թվականի հոկտեմբերի 25-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-340-Ն օրենքով փոփոխություն է կատարվել նշված դրույթներում և նախատեսվել է դրամարկղային գործառնությունները գրանցել բացառապես էլեկտրոնային եղանակով վարվող դրամարկղային գրքում։ Հարկային մարմնի էլեկտրոնային դրամարկղային գրքերի համակարգում էլեկտրոնային դրամարկղային գիրք հաշվառելու համար կազմակերպությունը կամ ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատերը լրացնում է էլեկտրոնային դրամարկղային գրքերի գրանցման էլեկտրոնային հայտի տվյալները` 1) կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը, 2) գտնվելու վայրը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ բնակության վայրը: Լրացված և ծրագրի միջոցով ձևավորված գրանցման հայտը ստանում է հերթական համար, վավերացվում է էլեկտրոնային ստորագրությամբ և ուղարկվում է համակարգ: Գրանցման հայտը պատշաճ լրացնելու և ուղարկելու դեպքում հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում (file-online.taxservice.am) հարկ վճարողի էլեկտրոնային դրամարկղային գրքերի դարանում ստեղծվում է գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային գիրքը, և անմիջապես համակարգի կողմից հարկ վճարողին ուղարկվում է ծանուցում՝ գրանցման հայտով ներկայացված էլեկտրոնային դրամարկղային գրքի գրանցման մասին։
11:35 - 28 նոյեմբերի, 2023
Լարսում կանգառած շուտ փչացող ապրանքներով բեռնատարների հարցը համատեղ քննարկվում է. ՊԵԿ

Լարսում կանգառած շուտ փչացող ապրանքներով բեռնատարների հարցը համատեղ քննարկվում է. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակը մշտապես գտնվում է կոմիտեի ղեկավարության անմիջական ուշադրության ներքո: Հարցի առնչությամբ պարբերաբար քննարկումներ են տեղի ունենում՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Կոմիտեն, միաժամանակ, հայտնում է, որ Վերին Լարսի անցակետում մշտադիտարկվում է Ռուսաստանի Դաշնություն գնացող ուղղությունը, որի արդյունքում ակնհայտ է դառնում, որ բազմաթիվ հայկական բեռնատարներ մուտք են գործում Ռուսաստան: «Ինչ վերաբերում է այն բեռնատարներին, որոնք կանգառել են անցակետում և առաջացել է  շուտ փչացող ապրանքների մտահոգիչ հարց, ապա դրանց մասով խնդիրներն օպերատիվորեն վերհանելուն զուգահեռ, միաժամանակ, համապատասխան տեղեկատվությունը փոխանցվում է Էկոնոմիկայի նախարարությանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ համատեղ քննարկելու և հետագա գործողությունները պլանավորելու համար: Միաժամանակ, հիշեցնում ենք, որ Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը գտնվում է Վերին Լարսի անցակետում և պատրաստ է աջակցել բեռնափոխադրողներին, անհրաժեշտության դեպքում կարող են կապ հաստատել ՊԵԿ ներկայացուցչի հետ»,- հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից; 
19:18 - 26 նոյեմբերի, 2023
Թռչնաբուծությամբ զբաղվող ընկերությունը քրեական վարույթի շրջանակում ամբողջությամբ վերականգնել է պետությունից թաքցված՝ 256․500․000 դրամի հարկային պարտավորությունները

Թռչնաբուծությամբ զբաղվող ընկերությունը քրեական վարույթի շրջանակում ամբողջությամբ վերականգնել է պետությունից թաքցված՝ 256․500․000 դրամի հարկային պարտավորությունները

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է ենթադրյալ այլ հանցանքի՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։ «Մասնավորապես, քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ թռչնաբուծությամբ և թռչնամսի արտադրությամբ զբաղվող «Ս․․․» ՍՊ ընկերության պատասխանատու անձինք, պակաս հարկեր վճարելու նպատակով, խախտելով ՀՀ հարկային օրենսգրքի 60-րդ, 61-րդ, 104-րդ և 105-րդ հոդվածների պահանջները, 2021 թվականի հունվար ամսից 2022 թվականի հոկտեմբեր ամիսը ներառյալ, թաքցրել են ընկերության շուրջ 658.000.000 ՀՀ դրամի շրջանառությունը, վաճառքներ իրականացնելիս դուրս չեն գրել հարկային հաշիվներ և հարկային մարմին ներկայացված հաշվարկներում մտցրել են խեղաթյուրված տվյալներ։ Կատարված հարկային պարտավորությունների հաշվարկի համաձայն՝ հիշյալ ժամանակահատվածում պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ 208․386․752 ՀՀ դրամ ավելացված արժեքի հարկ և շահութահարկ։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթով ձեռք բերված անհերքելի փաստերի ներքո ՍՊ ընկերության տնօրենը ընդունել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու հանգամանքը և ամբողջությամբ պետական բյուջե է վերականգնել նախկինում չվճարված հարկի գումարը և հաշվարկված տույժերը, որը ընդհանուր կազմել է շուրջ 256.500.000 ՀՀ դրամ»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:09 - 24 նոյեմբերի, 2023
ՊԵԿ–ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու նախապատրաստության դեպք

ՊԵԿ–ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու նախապատրաստության դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հայտնում են՝ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է կառուցապատման ոլորտում հարկային մարմնի հսկողության ենթակա իրավախախտումներով գործունեություն իրականացնող հարկատուների նկատմամբ անզիջում պայքարը: Բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու նախապատրաստության հերթական դեպքը: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել առ այն, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում կառուցապատման գործունեություն իրականացնող ՓԲ ընկերության տնօրենն ու բաժնետերը, նախնական համաձայնությամբ խախտելով «Հաշվապահական հաշվառման մասին», «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքների, ինչպես նաև ՀՀ դրամով գործարքներ կատարելու օրենսդրական պահանջները, բնակարանների օտարման ժամանակ առուվաճառքների պայմանագրերում պակաս են նշում վաճառվող բնակարանների արժեքներն, իսկ գումարի մնացած մասն արտարժույթով` ԱՄՆ դոլարով, ստանում են կանխիկ եղանակով` այդ կերպ պայմաններ ստեղծելով հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով: Ստացված օպերատիվ տեղեկությունների ստուգման և հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների բացահայտման նպատակով՝ իրականացվող անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում, հաստատվել էր, որ վերոհիշյալ անձինք բնակարանի ենթադրյալ գնորդից կանխիկ եղանակով և արտարժույթով պետք է ստանան բնակարանի գնման համար կանխավճար:  Կառուցվող շենքից 173.9 քմ մակերեսով, 556.480 ԱՄՆ դոլար իրական արժեքով բնակարանը 175.000.000 ՀՀ դրամով վաճառելու վերաբերյալ պայմանագիրը ընկերության տնօրենի կողմից ենթադրյալ գնորդի հետ ստորագրելուց շուրջ 1 ժամ անց, իրացման շրջանառությունից պակաս ցույց տրման ենթակա 103.000 ԱՄՆ դոլարը ենթադրյալ գնորդի կողմից ընկերության բաժնետեր Ժ.Գ.-ին կանխիկ եղանակով վճարելուց հետո, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել  և ՀՕՀ վարչություն է տեղափոխվել ընկերության բաժնետեր Ժ.Գ.-ն, որտեղ կատարվել է նաև անձնական խուզարկություն։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 163.440.597 ՀՀ դրամ հարկեր չվճարելու նպատակով հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում խեղաթյուրված տվյալները մտցնելու նախապատրաստության առերևույթ հանցանքի դեպք, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, ուր ներկայացվել են նաև կազմված փաստաթղթերն ու ձերբակալված Ժ.Գ.-ն։
18:28 - 23 նոյեմբերի, 2023
ՊԵԿ-ը հայտնաբերել է ավելի քան 10 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը գերազանցում է 800 միլիոն ՀՀ դրամը

ՊԵԿ-ը հայտնաբերել է ավելի քան 10 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը գերազանցում է 800 միլիոն ՀՀ դրամը

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Սյունիքի տարածաշրջանային բաժնի Մեղրիի բաժանմունքի և Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները՝ համատեղ իրականացված մաքսային հսկողության ընթացքում, զննման են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացի Ղ.Ա.-ի կողմից շահագործվող ավտոբուսը: Զննության արդյունքում հայտնաբերվել է շագանակագույն կաշվե պայուսակ, որի կողային պատերը լցված են եղել «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածներով: Նշված դեպքով, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները ձեռնարկել են «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Պարզվել է, որ նշված պայուսակը Հայաստանի Հանրապետությունում պետք է ստանա Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության քաղաքացի Լ. Լ.-ն: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառման շրջանակում «մետամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածներով պայուսակի փոխարեն նույնանման փոխարինված զանգվածներով պայուսակը ստանալուց հետո, ձերբակալվել է Լ. Լ.-ի կինը` ՀՀ քաղաքացի Ս. Խ.-ն: Վերջինս, իր բնակարանում ունեցել է նշված կաշվե պայուսակին նմանվող ևս 3 պայուսակ և դրանք հանձնել է ՊԵԿ աշխատակիցներին: Զննության արդյունքում պարզվել է, որ նշված պայուսակների նույնպես լցված են «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգվածներով: Այնուհետև թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով՝ Կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում ձերբակալվել է վարչություն ինքնակամ ներկայացած Չինաստանի քաղաքացին, որտեղից էլ վերջինս տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Հիշյալ դեպքով ձեռնարկված միջոցառումների արդյունքում շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 10 կգ քաշով «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց, որի շուկայական արժեքը գերազանցում է 800 միլիոն ՀՀ դրամը: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասով և 399-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:18 - 23 նոյեմբերի, 2023
Ովքեր պետք է 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացնեն եկամուտների հայտարարագիր

Ովքեր պետք է 2023 թվականի հաշվետու տարվա համար ներկայացնեն եկամուտների հայտարարագիր

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2023 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2024 թվականի մայիսի 1-ը ներառյալ, եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրեր հարկային մարմին պետք է ներկայացնեն Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող Հայաստանի Հանրապետության հետևյալ քաղաքացիները (բացառությամբ դեկտեմբերի 31-ի դրությամբ անչափահաս համարվող անձանց)՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված պետական և համայնքային ծառայողները, հանրային պաշտոններ զբաղեցնող ՀՀ քաղաքացիները։ 2022 թվականի արդյունքներով 1 մլրդ դրամ և ավելի համախառն եկամուտ հայտարարագրած ՀՀ ռեզիդենտ առևտրային կազմակերպությունների՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ մասնակից (բաժնետեր, փայատեր, անդամ) հանդիսացող ՀՀ քաղաքացիները։ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով իրական շահառու համարվող ՀՀ քաղաքացիները։ 2023 թվականի ընթացքում 20 մլն դրամ և ավելի փոխառություն ստացած ՀՀ քաղաքացիները։
11:12 - 22 նոյեմբերի, 2023
Միջազգային առաքանուց հայտնաբերվել է մոտ 1400 գրամ մեթամֆետամին թմրանյութ. ՊԵԿ

Միջազգային առաքանուց հայտնաբերվել է մոտ 1400 գրամ մեթամֆետամին թմրանյութ. ՊԵԿ

ՀՀ ՊԵԿ Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչության և մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները համատեղ  հայտնաբերել են թմրամիջոցի անօրինական տեղափոխման հերթական դեպքը: Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից, ԱՄՆ-ից ՀՀ փոստային առաքանու միջոցով՝ ֆիզիկական անձի անունով, ներմուծվել է բաճկոն։ Բաճկոնը ենթարկվել է ռենտգեն զննման, որի ներսում մաքսային ծառայողի կողմից կասկածելի իր է նկատվել: Տվյալ առաքանին պահվել է, և ծանուցագիր է ուղարկվել ստացող ֆիզիկական անձին, որպեսզի ներկայանա «Ապավեն Կարմիր բլուր» մաքսային հսկողության տարածք՝ իր ներկայությամբ զննություն իրականացնելու նպատակով։ Նշված ապրանքի ստացողը չի ներկայացել, և ապրանքը պահվել է մաքսային մարմիններում։ Ժամանակավոր պահպանման ժամկետը լրանալուց հետո` օրեսդրությամբ սահմանված կարգով, ապրանքը ենթակա է եղել  արգելապահման, ինչի պատճառով  մաքսային ծառայողի կողմից կրկին զննվել է վերը նշված բաճկոնը, որի ընթացքում բացվել են բաճկոնի կարերը: Հայտնաբերվել է 1388 գրամ քաշով թմրանյութին նմանվող սպիտակ զանգված։ Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում առկա տեխնիկական միջոցների զննման արդյունքում պարզվել է, որ այդ սպիտակ զանգվածը հանդիսանում է մեթամֆետամի» տեսակի թմրանյութ։ Մաքսանենգության դեպքի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն` ՀՀ  քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի հատկանիշներով: Նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե:
14:46 - 20 նոյեմբերի, 2023
Բաց սահմաններ ունենալը շատ ավելի լավ է, քան փակ սահմանները. Բադասյանը՝ Մարգարայի անցակետի մասին
 |1lurer.am|

Բաց սահմաններ ունենալը շատ ավելի լավ է, քան փակ սահմանները. Բադասյանը՝ Մարգարայի անցակետի մասին |1lurer.am|

1lurer.am: Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դեպքում բեռնատարների երթևեկության մասով համաձայնություն կամ նախնական համաձայնություն չի էլ եղել: Խոսքը վերաբերում է դիվանագիտական անձնագիր ունեցողներին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը: Հարցին՝ գնահատվե՞լ է, թե ՀՀ պետական բյուջե ինչքան եկամուտ կմտնի Մարգարայի անցակետի բացման դեպքում, Բադասյանը տեղեկացրեց. «Գնահատվում է, այդպիսի աշխատանքներ տարվում են, բայց կոնկրետ գումար հնարավոր չէ նշել առհասարակ անգամ հետազոտություններն ավարտելուց հետո»,- ասաց ՊԵԿ նախագահը և հավելեց. «Իհարկե, այդտեղ կա թե՛ դրական կողմ, թե՛ կարող է լինել որոշակի բացասական կողմ (սահմանի բացումը – խմբ.), բայց, բնականաբար, բաց սահմաններ ունենալը շատ ավելի լավ է, քան փակ սահմաններ ունենալը. դա աքսիոմատիկ ճշմարտություն է»:
13:26 - 17 նոյեմբերի, 2023
ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված մի քանի դեպք

ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության փոխկապակցված մի քանի դեպք

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության «Զվարթնոց» բաժնի և ԱՄՎ բացթողնման բաժնի աշխատակիցները  համատեղ «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային հսկողության են ենթարկել ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանին: Բացի անձնական օգտագործման առարկաներից՝ հայտնաբերվել է 5  ապակե տարա՝ ընդհանուր 1085 գրամ քաշով, որոնք լցված են եղել  «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոցով: Հիշյալ մաքսանենգության դեպքով Մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, փոստային փոխադրումներ իրականացնող ընկերության գրասենյակի շրջակայքից՝ առաքանին ստանալուց հետո, ձերբակալել են ՀՀ քաղաքացու: Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն   տեղափոխվելուցհետո վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության, որից հետո քաղաքացին տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Հարուցված քրեական վարույթի շրջանակում` վերջինս ձերբակալվել է: Կատարված ուսումնասիրությունների արդյունքում  ձեռք են բերվել տեղեկություններ առ այն, որ ձերբակալված անձը փոխկապակցված է մի քանի այլ բաժանորդների հետ, որոնք մշտապես առաքանիներ են ստանում նույն փոխադրողի միջոցով: Տեղեկություններ էին ստացվել, որ ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված  միջազգային սուրհանդակային առաքանու մեջ ևս հնարավոր է՝ առկա լինեն թմրամիջոցներ: Օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից այս տեղեկատվությունը տրամադրվել է  «Զվարթնոց» բաժնի աշխատակիցներին, ովքեր Զվարթնոց օդանավակայանի կարգո բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ենթարկել առաքանին: Բացի մանկական գրատախտակից՝ հայտնաբերվել է  4  փաթեթ` 2 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցի զանգվածների պարունակությամբ: Առաքանին ստանալուց հետո փոխադրող ընկերության գրասենյակից դուրս գալուց՝ ձերբակալվել և  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա. Պ.-ն,  որտեղ վերջինս ենթարկվել է ձերբակալմանն ուղեկցող անձնական խուզարկության: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և  ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների հսկողությամբ՝ ձեռնարկված միջոցառումների շրջանակում ձերբակալված Ա.Պ-ն իրեն պատկանող տելեգրամյան օգտահաշվից կապ է հաստատել տելեգրամյան օգտատիրոջ հետ և վերջինիս հայտնել, որ առաքանին ստացել է։ Նշված առաքանին փոխադրելու և այլ անձի հանձնելու համար տելեգրամյան օգտատերը Ա․Պ-ին փոխանցել է 80․000 ՀՀ դրամ: Պարզվել  է նշված առաքանին ԱՄՆ-ից ուղարկողի  ինքնությունը. այն փոխանցելուց  հետո ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ն։ Պարզվել է, որ վերջինիս անվամբ  կա ևս մեկ ուղարկված առաքանի, ինչի զննման արդյունքում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է շուրջ 2 կգ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցին նմանվող զանգված: Տեղեկություններ են ստացվել նաև, որ  ԱՄՆ-ից Ա. Պ.-ի անվամբ  ներմուծված  2 միջազգային սուրհանդակային առաքանիներում ևս առկա են թմրամիջոցներ: Դրանցում հայտնաբերվել է ՄԴՄԱ տեսակի թմրամիջոցի ածանցյալներ՝  950 և 970 գրամ քաշերով, «մարիխուանա» տեսակի թմրամիջոց՝ ընդհանուր 1.2 կգ քաշով։ Մեկ այլ դրվագով տեղեկություններ են ստացվել, որ ԱՄՆ-ից՝ նույն ուղարկողի կողմից, Հայաստան  է ներմուծվելու միջազգային սուրհանդակային առաքանի։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները՝ մաքսանենգության այս դեպքով, ձեռնարկել են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Արդյունքում, «մարիխուանա», «հաշիշ», և «հաշիշի յուղ» տեսակների թմրամիջոցների զանգվածները ստանալուց հետո` Գյումրի քաղաքում ձերբակալվել և ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել ՀՀ  2 քաղաքացի: Նշյալ 5 դեպքով ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել ավելի քան 5.5 կգ «Մարիխուաննա» տեսակի թմրամիջոց, 1.3 կգ «հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց, 0.5 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց և 1.9 կգ ՄԴՄԱ տեսակի թմրամիջոցի ածանցյալներ: ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են` վերոնշյալ թմրամիջոցի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց շրջանակը պարզելու ուղությամբ:
11:54 - 10 նոյեմբերի, 2023
Հայ-վրացական սահմանային անցակետերում շուրջ 600 բեռնատարի կուտակումների մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում

Հայ-վրացական սահմանային անցակետերում շուրջ 600 բեռնատարի կուտակումների մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը՝ հայ-վրացական սահմանային անցակետերում շուրջ 600 բեռնատար տրանսպորտային միջոցի կուտակումների վերաբերյալ, չի համապատասխանում իրականությանը: Կոմիտեն հայտնում է, որ Բագրատաշենի անցակետը գործում է բնականոն հունով, սակայն որոշ ծանրաբեռնվածությամբ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հայկական կողմը մշտական կապի մեջ է վրաց գործընկերների հետ և նմանատիպ իրավիճակ ստեղծվելու դեպքում օպերատիվորեն արձագանքվում և կարգավորվում է առաջացող խնդիրները: Այս պահի դրությամբ վրացական կողմից անցակետում բեռնատարների կուտակումների վերաբերյալ որևէ ահազանգ հայկական կողմը չի ստացել: Ավելին, Բագրատաշենի մաքսային անցակետում բեռնատար տրանսպորտային միջոցների օրական թողունակությունը գերազանցում է 300-ը, հետևաբար նույն տրանսպորտային միջոցը չի կարող մի քանի օր շարունակ մնալ անցակետում և չհատել սահմանը:
10:05 - 10 նոյեմբերի, 2023