armeniasputnik.am: Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
««Մարգարա» սահմանային անցակետը պատրաստ է շահագործման և հայկական կողմն ակնկալում է թուրքական կողմից ևս դրական ազդակներ ստանալ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ»,-հայտնեցին գերատեսչությունից։
Նոյեմբերի կեսերին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հայտարարել էր, որ նոր անցակետի շինարարությունը մոտենում է ավարտին:
Դրանից առաջ ՊԵԿ-ից Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ մաքսային հսկման և վերահսկողության ընթացակարգերի համար անհրաժեշտ շենքերն ու շինությունները կառուցվել են, կատարվում են ներքին հարդարման, ինժեներական հաղորդակցությունների մոնտաժման և բարեկարգման աշխատանքներ։
Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։
comment.count (0)