Տիգրան Ավինյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1989թ. փետրվարի 28-ին։ 2005 թվականին ավարտել է Երեւանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցը: 2009 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի բակալավրիատը: 2011 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրան (տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման գծով): 2014 թվականին գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանը, ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում:

2009-2013 թվականներին աշխատել է Զարգացման Հայկական Բանկում որպես բիզնես վարկավորման բաժնի ավագ մասնագետ: 2010-2011 թվականներին հիմնադրել եւ ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ եւ լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը: 2014-2016 թվականներին աշխատել է ՇՏԵ ընկերությունում որպես SAP համակարգերի խորհրդատու: 2014-2018 թվականներին ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը։

2017-2018 թվականներին եղել է Երեւան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։ 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ: Ավինյանի ընտանիքին են պատկանում «Սայբեր Վիժըն» ընկերությունը, որը այժմ ղեկավարում է նրա կինը՝ Մարիամ Պահլավունին, «Իրիգեյթ» ընկերությունը, որը ղեկավարում է նրա հայրը՝ Արմեն Ավինյանը։

Եթե ֆունդամենտալ լուծում չգտնենք, ճգնաժամային կառավարման մոդելի պետք է անցնենք. Ավինյանը՝ ֆինանսավորման նվազեցման մասին
 |armenpress.am|

Եթե ֆունդամենտալ լուծում չգտնենք, ճգնաժամային կառավարման մոդելի պետք է անցնենք. Ավինյանը՝ ֆինանսավորման նվազեցման մասին |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքին հաջորդ տարի հատկացվող դոտացիան կնվազեցվի մոտ 5 մլրդ դրամով, նվազեցվում են նաև սուբվենցիաները, որոնք նախկինում տրվում էին Երևանին: Այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ․ պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումներում: «Երևան քաղաքին հատկացվող դոտացիան մոտ 5 մլրդ դրամով նվազեցվում է, 13 մլրդ 430 մլն-ից դառնում է 8 մլրդ 436 մլն դրամ: Էականորեն նվազեցվում են սուբվենցիաները, որոնք նախկինում տրվում էին Երևան քաղաքին»,- ասաց Ավինյանը: Երևան քաղաքն այս տարի իրականացնում է մոտ 10 մլրդ դրամի կապիտալ ներդրումային ծրագրեր: 2024-ի բյուջեի նախագծում դա առաջարկվում է չներառել: Քաղաքապետը նշեց, որ դոտացիայի տրամաբանության հետ կապված որևէ խնդիր չի տեսնում քաղաքը, միանշանակ դոտացիաները պետք է տրամադրվեն Երևանից ավելի հեռու գտնվող համայնքներին: Միևնույն ժամանակ, Ավինյանը նշեց. «Բայց այս տրամաբանությամբ կստացվի, որ Երևան քաղաքը, ունենալով Հայաստանի տնտեսական պոտենցիալի մոտ 50-60 տոկոսը, բնակչության 40 տոկոսից ավելին, ստանում է ընդհանուր դոտացիաների ընդամենը 10 տոկոսը: Նախկինում գրեթե բոլոր տարիներին Երևանին տրամադրվել էին սուբվենցիաներ, որոնք ուղղվել էին մասնավորապես Երևանի էլեկտրատրանսպորտի սուբսիդավորմանը, Երևան քաղաքում ասֆալտի ընթացիկ նորոգման, ճաքալցման աշխատանքներին, հիմա մոտավորապես 3 մլրդ այդտեղ է կրճատվել: Կրճատվել է մոտավորապես 2.4 մլրդ լուսավորության ցանցի շահագործման և պահպանման աշխատանքների համար: Կրճատվել է Կենդանաբանական այգու ֆինանսավորումը… Այս պարագայում, եթե համեմատենք 2023թ բյուջեի հետ, եթե չենք հաշվում սեփական եկամուտների աճը, որի վրա մենք ինտենսիվորեն շարունակու ենք աշխատել, եթե մենք ֆունդամենտալ լուծում չգտնենք այս հատվածում, մենք որոշակի ճգնաժամային կառավարման մոդելի պետք է անցնենք, որովհետև խոսքը փոքր գումարի մասին չէ»: Քաղաքապետարանը, ըստ Ավինյանին, նաև լուծում է առաջարկում: ԱԺ-ն ընդունել է օրենք՝ համաձայն որի Երևանի բյուջեի ձևավորման աղբյուր են հանդիսանում նաև Երևանի տարածքում գանձվող եկամտային հարկից մասհանումները, Երևանի տարածքում գանձվող շահութահարկից մասհանումները և բնապահպանական վճարներից մասհանումները: «Այս տողերով նախկինում ունեցել ենք 0 գործակից»,-նշեց նա: Ըստ քաղաքապետի՝ ոչ միայն Երևանը, այլ նաև շատ համայնքներ տասնամյակներով թերֆինանսավորվել են, ինչն էլ բերել է ենթակառուցվածքների քայքայման: Ավինյանը հիշեցրեց, օրինակ, վերջերս Երևանի մետրոպոլիտենի մեկ օր կանգը: «Եվ մենք այդտեղ աշխատանքներ էինք իրականացնում, փոխում էինք անիվներ և ռելսեր: Եվ դա անում էինք կրկին ճգնաժամային տրամաբանությամբ:  Օր չկա, որ կոյուղագիծ չտրաքի: Եվ պարզ է, որ 1 մլն 200 հազար բնակչություն ունեցող քաղաքն այս տեսակ խնդիրներ պետք է ունենա: Եվ ինչքան շարունակենք թերֆինանսավորել, այնքան այդ խնդիրներն ավելի ու ավելի կխորանան»,- ասաց Ավինյանը: Քաղաքապետը խնդրեց իրենց առաջարկած լուծմամբ առաջ շարժվել:
20:11 - 02 նոյեմբերի, 2023
Դեպի «Զվարթնոց» օդանավակայան այլընտրանքային ճանապարհի նախագիծ կա. Ավինյան
 |armeniasputnik.am|

Դեպի «Զվարթնոց» օդանավակայան այլընտրանքային ճանապարհի նախագիծ կա. Ավինյան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Երևանը դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան այլընտրանքային ճանապարհի նախագիծ ունի։ Այս մասին ԱԺ–ում 2024 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը` անդրադառնալով Երևան-«Զվարթնոց» ճանապարհի շենքերին տեղադրված գովազդային վահանակներին և, թե ինչ տպավորություն է ստեղծվում զբոսաշրջիկի մոտ առաջին անգամ Երևան ժամանելիս։ Առաջարկ եղավ բրենդավորել «Զվարթնոց»-Երևան ճանապարհահատվածը, որպեսզի Հայաստանի մասին առաջին տպավորությունն անվերջ թվացող գովազդային վահանակները չլինեն։ «Այս մասով Երևանի քաղաքապետարանում որոշակի գործընթաց էինք նախաձեռնել, փորձում էինք գովազդային ընկերություններ գտնել, որոնք հետաքրքրված կլինեին այդ ճանապարհի ողջ հատվածի փակմամբ։ Հասկացանք, որ բիզնես տեսանկյունից հետաքրքիր չէ։ Կա այլընտրանքային ճանապարհի նախագիծ, որն ավելի կարճ է և արդյունավետ»,- ընդգծեց Ավինյան։ Նա շեշտեց`եթե Երևանի քաղաքապետարանը ՀՀ ֆինանսների նախարարության աջակցությունն ունենա, ապա այդ ծրագիրը շատ կարճ ժամկետում կիրականացնի։ Քաղաքապետը վստահեցրեց` դրանից հետո օդանավակայանը Երևանին միացնող «A» դասի, պատշաճ ճանապարհ կլինի։
18:57 - 02 նոյեմբերի, 2023
Նոր աղբավայրի կառուցում, մայրաքաղաքի լուսավորության ծրագիր, նոր ավտոբուսներ. Երևանի քաղաքապետարանն ու ՎԶԵԲ-ը կընդլայնեն գործակցության շրջանակները

Նոր աղբավայրի կառուցում, մայրաքաղաքի լուսավորության ծրագիր, նոր ավտոբուսներ. Երևանի քաղաքապետարանն ու ՎԶԵԲ-ը կընդլայնեն գործակցության շրջանակները

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացիի հետ: Բանկի հետ համայնքը տարբեր նախագծեր է իրականացնում: Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագրով նախատեսվում է Նուբարաշենի առկա աղբավայրին հարակից տարածքում կառուցել նոր աղբավայր, ինչպես նաև փակել Նուբարաշենի և Աջափնյակի գործող աղբավայրերը: Քաղաքային լուսավորության ենթակառուցվածքը բարելավելու նպատակով էլ ՎԶԵԲ-ի ու Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) աջակցությամբ իրագործում է Երևանի քաղաքային լուսավորության ծրագիրը։ Գործակցության կարևոր նախագծերից է նաև ավտոբուսների ձեռքբերման ծրագիրը. արդեն իսկ մատակարարվել է 87 «MAN» մակնիշի ավտոբուս: Կողմերը բարձր են գնահատել բանկի և համայնքի միջև գործակցությունը՝ գոհունակությամբ նշելով  հագեցած օրակարգը:  Քաղաքապետ Տիգրան Ավինյանն առանձնակի կարևորել է միջազգային կառույցների մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում և նշել, որ համայնքը պատրաստ է քննարկել նոր նախագծեր: ՎԶԵԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գեորգի Ախալկացին իր հերթին ընդգծել է, որ Երևան համայնքը կարևոր ու վստահելի գործընկեր է բանկի համար, ինչը ևս երաշխավորում է նոր ծրագրերի իրականացումն ու փոխգործակցության ընդլայնումը: 
13:17 - 01 նոյեմբերի, 2023
«Շատ վտանգավոր վիճակում ենք». Ավինյանը մետրոյում առկա խնդրի մասին
 |tert.am|

«Շատ վտանգավոր վիճակում ենք». Ավինյանը մետրոյում առկա խնդրի մասին |tert.am|

tert.am: Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանը հոկտեմբերի 30-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ դեռևս անհրաժեշտ ֆինանսավորումը չեն ստացել, նշեց` արդեն վեց-յոթ ամսից ավել է` այս խնդիրը կա: Նա պարզաբանեց` խոսքը 32 անվազույգերի և 4 կմ ռելսի հետ կապված գումարների մասին է. մոտ 400 մլն անհրաժեշտ է անվազույգերի և 200 մլն` ռելսերի համար: «Արդեն 4-5 անգամ ներկայացրել ենք, որ կառավարությունը հաստատի նախագիծը: Դիտողությունները միայն ֆինանսների նախարարության կողմից են, տեղեկացրել են, որ այն հաշվարկել են 2024 թվի բյուջեում»,- ասել է Սեդրակյանը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, դիմելով փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանին, նշեց. «Ունեցել ենք միջադեպ, բարեբախտաբար` առանց զոհերի, աշխատեք, որ նախագիծը սեղմ ժամկետներում ընդունվի, շատ վտանգավոր վիճակում ենք, բյուրոկրատական անիմաստ ձգձգումները հավելյալ ռիսկեր են առաջացնում: Եթե խոսքը հրատապության մասին է, այս ծրագիրն ամենահրատապներից մեկն է ՀՀ-ում»,- ասել է քաղաքապետը:
12:08 - 30 հոկտեմբերի, 2023
«Ունենք սնանկ ճանաչված փոխքաղաքապետի թեկնածու, որը չգիտենք, գուցե ֆինանսական եւ բյուջետային ոլորտնե՞րն է համակարգելու»․ Հայկ Գրիգորյան |aravot.am|

«Ունենք սնանկ ճանաչված փոխքաղաքապետի թեկնածու, որը չգիտենք, գուցե ֆինանսական եւ բյուջետային ոլորտնե՞րն է համակարգելու»․ Հայկ Գրիգորյան |aravot.am|

aravot.am: Երեւանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետի տեղակալների հարցի քննարկման ժամանակ «Ազգային առաջընթաց» խմբակցությունից Հայկ Գրիգորյանը նկատեց՝ փոխքաղաքապետերի թեկնածությունները ներկայացվում են առանց նշելու, թե որ ոլորտներն են համակարգելու։ «Ավագանին առանց իմանալու, թե ինչ ոլորտ է տվյալ թեկնածուն ստանձնելու՝ պետք է հաստատի նրան, բայց տրամաբանությունն այն է, որ երբ կենսագրությունն ու աշխատանքային փորձ է ներկայացվում, հնարավորություն է տրվում համադրելու նրա կրթությունն ու աշխատանքային փորձը տվյալ ոլորտի հետ։ Ունենք թեկնածու՝ մասնագիտությամբ իրավաբան է, չգիտենք՝ նա շինբարեկարգումն է համակարգելու, թե՞ իրավական հարցերը։ Ունենք արտակարգ իրավիճակների նախարար աշխատած (Արմեն Փամբուխչյանը)  թեկնածու, չգիտենք՝ միգուցե նա իրավական հարցերն է կարգավորելու։ Ունենք սնանկ ճանաչված (լուսանկարում է՝ Սարգիս Մադաթյանը) թեկնածու որը չգիտենք, գուցե ֆինանսական եւ բյուջետային ոլորտներն է համակարգելու»,-հետաքրքրվեց Հայկ Գրիգորյանը։ Ի պատասխան՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ասաց՝ քաղաքապետարանում լիազորությունների հստակ բաժանում կա․ «Եթե չեմ սխալվում՝ փոխքաղաքապետերի հետ նաեւ ձեր խմբակցությունը ունեցել է հանդիպում, հարցեր եք տվել։ Մենք ձգտելու ենք ոլորտային բոլոր վարչություններն եւ ուղղությունները բաշխել փոխքաղաքապետերի միջեւ։ Բոլոր ուղղություններով սպասարկող վարչությունները ՝ իրավաբանական, ֆինանսական, դրանք որպեսզի որեւէ մեկ ուղղություն․․․ օրինակ՝ եթե համակարգում եք շինբարեկարգման ուղղությունը, ենթադրաբար շինբարեկարգման ծրագրերը ավտոմատ ստանալու են առաջնահերթություն։ Մենք ինստիտուցիոնալ հիմք ենք դնում եւ շուտով քաղաքապետի որոշումը կլինի։ Մասնագիտական գիտելիքները , աշխատանքային փորձ, կրթությունը շատ կարեւոր են, բայց առավել քան կարեւոր է այս մարդկանց կառավարչական եւ քաղաքական հմտությունները, քանի որ փոխքաղաքապետի պաշտոնը առաջին հերթին քաղաքական պաշտոն է»։
12:06 - 26 հոկտեմբերի, 2023
Քաղաքը իրապես գովազդային աղբից պետք է ազատվի. Ավինյանը՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր ստանդարտների մասին |1lurer.am|

Քաղաքը իրապես գովազդային աղբից պետք է ազատվի. Ավինյանը՝ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող նոր ստանդարտների մասին |1lurer.am|

1lurer.am: Մայրաքաղաքի տարածքում ինքնակամ տեղադրված գովազդները պետք է համապատասխանեցվեն օրենսդրությամբ սահմանված չափորոշիչներին, չհամապատասխանողները կապամոնտաժվեն: Այդ մասին հարցը ներկայացվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին: Զեկուցվեց նաև, որ հաշվետու ժամանակահատվածում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 142 արտաքին գովազդ: Դրանց 80 տոկոսն ապամոնտաժվել է հենց տնտեսվարողների կողմից, երբ ներկայացվել են տեղի ունեցող գործընթացի նպատակները: «Բոլոր տնտեսվարողներին նաև առաջարկվել է աջակցություն, որպեսզի առկա գովազդն ապամոնտաժելուց հետո մեր նոր ձևաչափի, ընդունված չափորոշիչների շրջանակներում մենք խորհրդատվություն տրամադրենք, թե ինչ տարբերակներով է կարելի նորը տեղադրել: Եվ այս առիթն օգտագործելով՝ ուզում եմ տնտեսվարողներին հորդորել, որ գլխավորապես հենց իրենք իրենց ուժերով դա անեն, և մենք էլ կաջակցենք»,- ասաց քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը՝ ընդգծելով, որ նպատակ չկա ապամոնտաժման ծախսերը որպես փոխհատուցում պահանջել: «Մեր միակ նպատակը քաղաքի արտաքին տեսքը բարելավելն է: Բոլոր տնտեսվարողներին և հատկապես համագործակցային տրամաբանությամբ գործող տնտեսվարողներին վստահաբար կաջակցենք այս պրոցեսում»,- ասաց Գրիգորյանը: Անդրադառնալով թեմային՝ Ավինյանը նշեց, որ այս պրոցեսում շատ կարևոր է, որ այս գործընթացը վերաբերի ոչ միայն նոր գովազդ տեղադրող տնտեսվարողներին, այլև հին տարբերակով գովազդ ունեցող տնտեսվարողներին: «Փաստացի ստացվում է, որ այս փոքր, կարճ ժամկետում որոշակի դիսբալանս կարող է ունենանք, որովհետև նախկինից թույլտվություն ունեցող տնտեսվարողները դեռևս ունեն հին տեսքի գովազդներ, բայց դա պետք է փոխվի մինչև հունվարի 1-ը: Այսինքն՝ այս բոլոր տնտեսվարողները, որոնք նախկինից ունեին այդ գովազդի թույլտվությունները, պետք է գիտակցեն, որ մինչև հունվարի 1-ը իրենք նույնպես պարտավոր են անցնել նոր ստանդարտների: Այստեղ փաստացի ժամկետը 2 ամսվա մասին է, և, հետևապես, խնդրում եմ՝ իրենց նույնպես սկսել տեղեկացնել այս գործընթացի մասին, որպեսզի հետո էլի մենք բռնաճնշումների մեթոդներով չառաջնորդվենք, և կամավոր, ընկերաբար այս պրոցեսը տեղի ունենա, որովհետև քաղաքը իրապես գովազդային աղբից պետք է ազատվի, և այն ռեֆորմը, որը տեղի է ունեցել, պետք է արդեն այս տարվա վերջով մենք, կարելի է ասել, առաջին, մեծ փուլն ամփոփած լինենք: Պարզ է՝ նորերն այլևս թույլ չենք տալիս, բայց հները նույնպես ամբողջությամբ պետք է փոխվեն, և քաղաքի տեսքն էականորեն կփոխվի այս պրոցեսից»,- ասաց Ավինյանը: Սուրեն Գրիգորյանը հավելեց, որ որոշակի հուսադրող միտում են նկատում, որ շատ տնտեսվարողներ, հենց իրենք նկատելով այս գործընթացը, անգամ մինչև ծանուցելը ձեռնամուխ են լինում այդ փոփոխությունների կատարմանը: Ավինյանը, խոսքն ուղղելով տնտեսվարողներին, տեղեկացրեց. «Պետք է բոլորը տեղեկացված լինեն, որ հունվարի 1-ից ամբողջ ուժով մտնում են գովազդային նոր ստանդարտները, հետևապես դրանից հետո մեզանից նեղանալ չլինի»:
12:50 - 23 հոկտեմբերի, 2023
Յուրաքանչյուր աշակերտ դպրոցից պետք է դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով. վարչապետն այցելել է Երևանի նորակառույց դպրոցներ

Յուրաքանչյուր աշակերտ դպրոցից պետք է դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով. վարչապետն այցելել է Երևանի նորակառույց դպրոցներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի թիվ 6 և թիվ 111 հիմնական դպրոցներ, ծանոթացել կատարված վերակառուցման աշխատանքներին: Վարչապետին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլք: Երևանի թիվ 6 հիմնական դպրոցի նոր շենքը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ: Կառուցումը մեկնարկել է 2020 թվականին և ավարտվել 2023 թվականի օգոստոսին: Դպրոցը կառուցվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Իրականացվել են նաև տարածքի բարեկարգման, կանաչապատման և ասֆալտապատման աշխատանքներ: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 166,7 մլն դրամ: Ներկայումս դպրոցում սովորում է 780 աշակերտ: Դպրոցը համալրվել է անհրաժեշտ գույքով և տեխնիկական սարքավորումներով: Վարչապետը շնորհավորել է ներկաներին դպրոցի բացման առիթով և նշել. «Նախ ուզում եմ բոլորիդ շնորհավորել այս վերադարձի առիթով, որովհետև գիտեմ, որ բոլորդ շատ երկար եք սպասել, և ուրախ եմ, որ այս կարևոր իրադարձությունը տեղի է ունենում: Մենք ինչո՞ւ ենք այսքան մեծ կարևորություն տալիս դպրոցին, դպրոցաշինությանը, որովհետև կարծում ենք, որ սա ռազմավարական խնդիր է և ռազմավարական ծրագիր»: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկրի ապագան կախված է գալիք սերնդից, նրա մոտ ձևավորվող գաղափարներից և մտքից: «Ինչո՞ւ ենք մենք այսքան կարևորում դպրոցաշինության ստանդարտը և որակը, որովհետև ուզում ենք, որ բոլորդ դպրոցում զգաք ինչպես տանը: Մենք ուզում ենք, որ դուք դպրոցին վերաբերվեք այնպես, ինչպես տանն եք վերաբերվում, և ընդհակառակը՝ ուզում ենք նաև, որ դպրոցը ձեզ վերաբերվի այնպես, ինչպես սովորաբար ձեզ ընդունում են ձեր ծնողները, ձեր տատիկները, պապիկները, քույրերը և եղբայրները: Եվ շատ կարևոր ենք համարում, որ դպրոցը ձեզ օգնի լուծել երեք շատ կարևոր հարց, որոնք սկզբունքային են մեր կրթական բոլոր բարեփոխումների համար: Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր աշակերտ դպրոցից դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով: Սա շատ կարևոր է»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարն ընդգծել է կրթության համար բարենպաստ, ժամանակակից չափանիշներին և պահանջներին համապատասխանող պայմանների ստեղծման կարևորությունը. «Սակայն շենքը, գույքը, մնացած ամեն ինչն ընդամենն անկենդան առարկաներ են: Հիմա դուք ձեր ամենօրյա վերաբերմունքով պետք է կյանք տաք այդ շենքին»: Անդրադառնալով ֆիզիկական կուլտուրայի համար նախատեսված դահլիճների հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք բոլոր հաստատությունների համար պետք է հստակ չափանիշներով կառուցվեն և գործեն. ֆիզկուլտուրայի դահլիճները, բասկետբոլի, ֆուտբոլի դաշտերը՝ յուրաքանչյուրը պետք է համապատասխան չափանիշներով լինի: Երևանի թիվ 111 հիմնական դպրոցի նոր շենքը կառուցվել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրակմամբ: Կառուցումը մեկնարկել է 2021 թվականին և ավարտվել 2023-ի օգոստոսին: Դպրոցը կառուցվել է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում: Իրականացվել են նաև տարածքի բարեկարգման, կանաչապատման և ասֆալտապատման աշխատանքներ: Աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 1,5 մլրդ դրամ: Կառուցված դպրոցի հզորությունը 432 է, իսկ ներկայիս աշակերտների թիվը՝ 286: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին նորամուտի առիթով և նշել, որ նոր դպրոցներ ունենալու Կառավարության մղումն ինչ-որ տեղ կապ ունի նոր մտածողություն ունենալու անհրաժեշտության հետ: «Ի՞նչ կարող է նշանակել նոր մտածողություն: Նոր մտածողությունը, կարծում եմ, կարող է նշանակել հետևյալը. ինքներս մեզ ավելի լավ ճանաչել, նորովի ճանաչել, ավելի լավ ճանաչել մեր ուժեղ կողմերը որոնք են, ավելի լավ ճանաչել մեր թույլ կողմերը որոնք են, փորձել ուժեղացնել այն բոլոր ուժեղ կողմերը, որ ունենք, փորձել հաղթահարել այն բոլոր թերությունները, որ ունենք: Կարծում եմ, որ բոլոր խնդիրները և դրանց լուծումները մտածողության մեջ են՝ ինքներս մեզ ընկալելու, մեր միջավայրն ընկալելու, աշխարհն ընկալելու, ժամանակներն ընկալելու, հնարավորություններն ընկալելու: Այս առումով, երեխաների, աշակերտների համար նոր մտածողություն ուզում ենք, որ նշանակի մի բան՝ ձեզնից յուրաքանչյուրի հնարավորությունների անսահմանափակությունը»,- նշել է վարչապետը: Վարչապետի դիտարկմամբ՝ Կառավարության խնդիրն է կրթությունը դարձնել հասանելի բոլորի համար: «Կառավարությունն այդ ծախսերն ինչի՞ համար է անում, որովհետև մենք հավատացած ենք՝ ձեր մեջ հիմա նստած են մարդիկ, ովքեր կանխորոշելու են մեր երկրի և աշխարհի ապագան: Ես ուզում եմ, որ դուք շատ լուրջ վերաբերվեք ձեր այդ առաքելությանը և հնարավորությանը: Մենք ուզում ենք, որ դուք ձեր մտքով, մտածողությամբ, մտքի թռիչքով ամեն մեկդ և բոլորդ միասին այս դահլիճը, այս դպրոցը, այս շենքը, երկիրը, ձեր թաղամասերը, ձեր փողոցները, մեր քաղաքները լցնեք նոր բովանդակությամբ, նոր կյանքով, նոր մտածողությամբ, որը կլինի մրցունակ: Սա շատ կարևոր է, որովհետև մտածողությունն էլ կարող է բերել պրոբլեմներ: Մեր շատ պրոբլեմներ գալիս են մեր մտածողությունից, և շատ պրոբլեմներ չենք կարողանում լուծել մեր մտածողությունից: Շատ կարևոր է, որ ինքներդ ձեզ և ձեր կրթությանը շատ լուրջ վերաբերվեք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
17:03 - 20 հոկտեմբերի, 2023
Ինձ համար Երևանն առաջին հերթին մարդիկ են. քաղաքապետը շնորհավորել է Երևանի օրվա առիթով

Ինձ համար Երևանն առաջին հերթին մարդիկ են. քաղաքապետը շնորհավորել է Երևանի օրվա առիթով

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը շնորհավորել է Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։ Տիգրան Ավինյանի «ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղ գտած շնորհավորանքի մեջ, մասնավորապես, գրված է. «Սիրելի երևանցիներ, շնորհավորում եմ բոլորիս Երևանի հիմնադրման 2805-ամյակի առթիվ։ Ինչո՞ւ բոլորիս, որովհետև Երևանը ոչ միայն երևանցիների սիրելի քաղաքն է, այլ բոլոր այն մարդկանց, ովքեր Երևանն իրենց մի մասնիկն են համարում»: Քաղաքապետն ընդգծել է՝ Երևանը պետք է լինի մարդկանց համար քաղաք՝ կանաչ այգիներով, բարեկարգ բակերով, հարմար և հասանելի։ «Ե՛վ որպես երևանցի, և՛ որպես նորընտիր քաղաքապետ՝ ծառայել և ծառայելու եմ Երևանին և երևանցուն՝ քանի որ ինձ համար Երևանը առաջին հերթին մարդիկ են։ Շնորհավո՜ր տոնդ, սիրելի՛ քաղաք»,-եզրափակել է Ավինյանը:
13:54 - 14 հոկտեմբերի, 2023
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ քաղաքապետի երդմնակալության արարողությանը լրագրողների մուտքն արգելելու վերաբերյալ

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ քաղաքապետի երդմնակալության արարողությանը լրագրողների մուտքն արգելելու վերաբերյալ

Լրագրողական մի շարք կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել Երևանի քաղաքապետի երդմնակալության արարողությանը լրագրողների մուտքն արգելելու վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև. Հոկտեմբերի 13-ին՝ Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդմնակալության օրը, արգելվել է լրագրողների մուտքը քաղաքապետարան՝ այդ արարողությանը մասնակցելու համար։ Ըստ պաշտոնական բացատրության՝ պատճառը տարածքի սահմանափակ լինելն է։   Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում, որ լրատվամիջոցները նախապես զգուշացված են եղել այդ մասին, սակայն դա որևէ կերպ չի կարող արդարացնել կիրառված մոտեցումը։ Ինչպեսև երդմնակալությունից հետո Տիգրան Ավինյանի տված ճեպազրույցն ամենևին չի կարող փոխարինել լրագրողների մասնակցությանն այդ արարողությանը, համակողմանի լուսաբանմանն ու էքսկլյուզիվ տեսանկարահանումներին։ Այս քայլով քաղաքապետարանը խախտել է ոչ միայն լրագրողների՝ ազատորեն տեղեկություններ ստանալու և տարածելու, այլև հանրության տեղեկացված լինելու իրավունքը։ Իսկ առաջարկը՝ օգտվել պաշտոնական հեռարձակումից, առնվազն վիրավորական է մասնագիտական գործունեության տեսանկյունից, քանի որ դա խիստ սահմանափակում է տվյալ միջոցառումը մանրամասնությամբ լուսաբանելու հնարավորությունը։ Համեմատելով իրավիճակը չորս տարի առաջ տեղի ունեցած՝ նախորդ քաղաքապետի երդմնակալության հետ, որն անցավ լրատվամիջոցների լիարժեք մասնակցությամբ, արձանագրում ենք լուրջ հետընթաց։ Թեև նախկինում ավագանու նիստերը և ընդհանուր առմամբ քաղաքապետարանի աշխատանքները լուսաբանելիս լրագրողները բախվել են խոչընդոտների, սակայն վերջին տարիներին խնդիրները լուծում էին ստացել։ Իսկ հիմա մենք ականատես ենք դառնում արատավոր մոտեցումների վերադարձի։ Այս ամենը հիմք է տալիս խոր մտահոգություն արտահայտելու ապագայում լրագրողների հետ քաղաքապետարանի աշխատանքի խնդրահարույց հեռանկարի վերաբերյալ։  Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք քաղաքապետ Տիգրան Ավինյանից և քաղաքապետարանի աշխատակազմից․ ներողամտություն հայցել լրագրողներից՝ քամահրական վերաբերմունքի համար, հրապարակավ երաշխավորել, որ ջանքեր կգործադրվեն լրատվամիջոցների և դրանց աշխատակիցների հետ համագործակցությունը պատշաճ կազմակերպելու համար։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ«ՖԵՄԻԴԱ» ՀԿ
18:47 - 13 հոկտեմբերի, 2023
Մաղթում եմ ամուր կամք՝ մայրաքաղաքի զարգացման Ձեր ծրագիրը կյանքի կոչելու գործում. Վահագն Խաչատուրյանը՝ Տիգրան Ավինյանին

Մաղթում եմ ամուր կամք՝ մայրաքաղաքի զարգացման Ձեր ծրագիրը կյանքի կոչելու գործում. Վահագն Խաչատուրյանը՝ Տիգրան Ավինյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Տիգրան Ավինյանին՝ Երևանի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ:Ուղերձում ասվում է.«Շնորհավորում եմ Ձեզ Երևանի քաղաքապետի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթում արդյունավետ ու ստեղծարար աշխատանք:Երևանի ավագանու անցած ընտրությունները ևս մեկ անգամ վկայեցին, որ Հայաստանը հաստատակամորեն ոտք է դրել ժողովրդավարական և մասնավորապես ընտրական ինստիտուտների կայացման ուղու վրա և հավատարիմ է ժողովրդավարության հիմնարար սկզբունքներին:Վստահ եմ, որ քաղաքապետի պաշտոնում Ձեր գործունեությունը հենված է լինելու հենց այս սկզբունքների և արժեքների վրա, ինչպես նաև միտված է լինելու Երևանի շենացմանն ու զարգացմանը, մեր քաղաքացիների համար արժանավայել, բարեկեցիկ ու հարմարավետ միջավայրի ստեղծմանը:Դուք և Ձեր թիմը մայրաքաղաքային կյանքը ղեկավարելու բարձր պատասխանատվությունը ստանձնում եք մեր երկրի համար բարդ ժամանակաշրջանում, երբ բոլորիս առաջնային պարտականությունն է Հայաստանի արտաքին ու ներքին մարտահրավերներին դիմակայելն ու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան հարյուր հազար մեր հայրենակիցների խնդիրների լուծումը:Լիահույս եմ, որ Ձեր գլխավորությամբ Երևանի քաղաքային իշխանությունը կանի հնարավորը մայրաքաղաքում փոխվստահության մթնոլորտի ապահովման հանրային համերաշխության ամրացմանը և Երևանի քաղաքային խնդիրների հանգուցալուծումն ու շարունակական զարգացումը երաշխավորելու համար:Հարգելի պարոն Ավինյան,Կրկին շնորհավորելով մաղթում եմ ամուր կամք՝ մայրաքաղաքի զարգացման Ձեր ծրագիրը կյանքի կոչելու առաքելության մեջ և շարունակական հաջողություններ՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացիների»:
14:41 - 13 հոկտեմբերի, 2023