Զոհրաբ Մնացականյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար։ Ծնվել է 1966թ մարտի 20-ին։ 1990 թ. - Միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտ, Մոսկվա, Ռուսաստան։ 1989 թ. - Ակադեմիական ստաժ եւ աշխատանքային գործուղում, ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանություն, Վաշինգտոն, ԱՄՆ։ 1991 թ. - Մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում, քաղաքագիտության ֆակուլտետ, Մանչեսթերի Վիկտորիա համալսարան, Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա 1989 թ. Անցել է աշխատանքային գործուղում ԱՄՆ-ում ԽՍՀՄ դեսպանությունում։ 1990 թ. ավարտել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետը։

1991 թ. Մանչեսթերի Վիկտորիա համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետում ստացել է մագիստրոսի աստիճան արեւմտաեվրոպական քաղաքականության բնագավառում։ 1991-1993 թթ. - Երրորդ, հետագայում երկրորդ քարտուղար, Եվրոպայի վարչություն, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1993-1997 թթ. - Երկրորդ, հետագայում առաջին քարտուղար, Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանություն, Լոնդոն, Մեծ Բրիտանիա 1995-1997 թթ. - Առաջին քարտուղար (նստավայրը՝ Լոնդոն), Վատիկանում ՀՀ դեսպանություն 1997 թ. - ՀՀ Վարչապետի օգնական, Երեւան, Հայաստան 1997-1998 թթ. - Առաջին եվրոպական վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1998-1999 թթ. - Եվրոպայի վարչության պետ, ՀՀ արտաքին գործերի նախարարություն, Երեւան, Հայաստան 1999-2002 թթ. - Արտաքին հարաբերությունների վարչության պետ, ՀՀ նախագահի աշխատակազմ, Երեւան, Հայաստան 2002 թ. ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Ժնեւի ՄԱԿ գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (Ժնեւ, Շվեյցարիա)։

2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանի ու Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում եւ այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2008 թ. հունիսի 9-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան (նստավայրը՝ Ստրասբուրգ)։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչի պարտականություններից։ 2011 թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ 2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։

2014 թ. ապրիլի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)։ 2018 թվականի մայիսի 12-ին հետ է կանչվել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից: 2018 թվականին, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, ՀՀ նախագահի կողմից նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար: 2020 թվականի նոյեմբերի 16-ին հրաժարականի դիմում է ներկայացրել՝ ազատվելով զբաղեցրած պաշտոնից։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ

Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: Զրույցի գլխավոր թեման Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր: Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության կյանքի կոչմանը՝ միաժամանակ խորը մտահոգություն հայտնելով ադրբեջանական կողմի՝ սեփական պարտավորությունների չկատարման և Արցախի ողջ տարածքում խաղաղ բնակավայրերի թիրախավորման առնչությամբ։ Ադրբեջանի ագրեսիվ այս գործողությունները ուղեկցվում են միջազգային մարդասիրական և սովորույթային իրավունքի բազմաթիվ նորմերի խախտումներով՝ հերթական անգամ ընդգծելով Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության ապահովման առաջնահերթությունը՝ իր պատմական հայրենիքում ազատ և անվտանգ ապրելու իրավունքի լիարժեք իրացման և ճանաչման միջոցով: Նախարարն առանձնահատուկ ընդգծեց Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի սադրիչ ոտնձգությունների անթույլատրելիությունը: Նախարար Մնացականյանը խորը մտահոգություն արտահայտեց միջազգային զինյալ ահաբեկիչներին հակամարտության գոտում տեղակայելու ճանապարհով Ադրբեջանին անվերապահորեն աջակցելու Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականության առնչությամբ, ընդգծելով, որ Ադրբեջանի՝ միջազգային ահաբեկչության կենտրոն վերածվելու անդառնալի միտումը սպառնալիք է ՀԱՊԿ պատասխանատվության տարածաշրջանի համար: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը մշտապես գնահատում է ռազմական իրավիճակը և դրանից բխող քայլերը՝ նկատի ունենալով նաև ՀԱՊԿ կանոնակարգային գործընթացներ նախաձեռնելու հնարավորությունը: Նախարարը Գլխավոր քարտուղարին հայտնեց, որ Հայաստանը շարունակելու է ստեղծված իրավիճակի և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների մասին մշտապես տեղեկացնել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և դրա անդամ երկրներին:
12:03 - 16 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանի գործողություններն հանդիսանում են Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության սպառնալիք․ Զոհրաբ Մնացականյանը՝ Արգենտինայի ԱԳՆ-ին

Ադրբեջանի գործողություններն հանդիսանում են Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության սպառնալիք․ Զոհրաբ Մնացականյանը՝ Արգենտինայի ԱԳՆ-ին

Հոկտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Արգենտինայի արտաքին գործերի, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Ֆելիպե Սոլայի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում նախարարներ Մնացականյանը և Սոլան անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրադրությանը: Նախարար Մնացականյանը համապարփակ ներկայացրեց Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող լայնածավալ ռազմական ագրեսիան, որն ուղեկցվում է քաղաքացիական բնակչության ու կենսական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորմամբ, իրենց վերահսկողության ներքո հայտնված քաղաքացիական բնակչության սպանություններով: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ Ադրբեջանի գործողություններն հանդիսանում են Արցախի ժողովրդի գոյութենական անվտանգության սպառնալիք, որի մասին մշտապես բարձրաձայնել են հայկական կողմերը և որի հասցեագրման ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունն առավել քան արդիական է:Երկուստեք կարևորվեց ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և այդ ուղղությամբ ստանձնած պարտավորությունների անվերապահ կատարումը:
00:07 - 16 հոկտեմբերի, 2020
Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարի հետ

Հոկտեմբերի 15-ին ԱԳ նախարար Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոյի հետ: Զրուցակիցները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրությունը: Նախարար Մնացականյանը ներկայացրեց հոկտեմբերի 10-ին նախարարական մակարդակով ընդունված հայտարարությամբ կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունները և դրանցից հետ կանգնելու Ադրբեջանի քայլերը: Նախարար Մնացականյանի խոսքով՝ Ադրբեջանը, լայնամասշտաբ ագրեսիա իրականացնելով Արցախի ժողովրդի դեմ, դիտավորյալ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը  ու կենսական ենթակառուցվածքները, իրականացնելով իրենց վերահսկողության ներքո հայտնված քաղաքացիական բնակչության սպանություններ, ի ցույց է դնում ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու և Արցախի բնակչությանը ֆիզիկապես բնաջնջելու իր իրական նպատակները: Նախարարը երախտագիտություն հայտնեց Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ կազմակերպության հետևողական դիրքորոշման համար: Երկուստեք խստորեն դատապարտվեց Ադրբեջանի՝ արտատարածաշրջանային ուժերի և օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավմամբ Արցախի ժողովրդի ինքնորոշման և կյանքի իրավունքի ոտնահարմանն ուղղված գործողությունները: 
21:07 - 15 հոկտեմբերի, 2020
Թուրքիան, ըստ ՀՀ արտգործնախարարի, տարածաշրջանում ապակայունացնող, ագրեսիվ դերակատարություն ունի

Թուրքիան, ըստ ՀՀ արտգործնախարարի, տարածաշրջանում ապակայունացնող, ագրեսիվ դերակատարություն ունի

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը ռուսական ՌԲԿ լրատվամիջոցին․ Կրակի դադարեցման ռեժիմի պահպանման մասին. «Իրավիճակը շատ փխրուն է։ [Հոկտեմբերի 10-ի] առավոտից սկսած վերսկսեցին լայնամասշտաբ ռազմական գործողությունները՝ հիմնականում հարավային ուղղությամբ։ Դիվերսիոն խմբի կողմից ներթափանցման փորձ է կատարվել Հադրութ քաղաքի ուղղությամբ․ հարձակմանը ներգրավված է եղել մոտ 200 հոգի։ Ջաբրայիլի ուղղությամբ նրանք մեծաթիվ ուժեր են մարտի նետել՝ փորձելով հասնել գեթ ինչ-որ մի բանի։ Եվ այս ամբողջ ընթացքում չեն դադարել քաղաքների, մասնավորապես՝ Ստեփանակերտի վրա հարվածները։ Ռմբակոծումները շարունակվել են մինչև առավոտ, կիրակի օրը նույնպես այս ամենը շարունակվել է։ Կրակել են նաև այսօր [երկուշաբթի] ամբողջ օրվա ընթացքում»։ «Եթե ամփոփենք, ապա կրակի դադարեցման հետ կապված իրավիճակը միանշանակ չէ, սակայն և ոչ մի դեպքում պետք չէ բաց թողնել այս հնարավորությունը։ Առաջին քայլը կրակի դադարեցումն է մարդասիրական նպատակներով։ Երկար աշխատանքից հետո, Ռուսաստանի գլխավորությամբ ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների ներգրավվածությունից հետո, Ռուսաստանի նախագահի անմիջական ներգրավվածությունից հետո (նրա կողմից հսկայական ջանք է ներդրվել՝ աշխատանքներ իրականացնելու երկու կողմերի՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ) մենք Սերգեյ Լավրովի միջնորդությամբ կարողացանք հասնել դրան։ Եվ դա կորցնելը շատ վտանգավոր է։ Խորհրդակցություններ են անցկացվում և Կարմիր խաչի, և ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահների հետ, և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ։ Անհրաժեշտ է ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը՝ թույլ չտալով ռազմական գործողությունների վերսկսումը։ Եվ այս առումով վերֆիկացիոն մեխանիզմները մնում են չափազանց կարևոր։ Հետագա քայլերի և վերիֆիկացիայի մասին. «Ես հիմա շատ զգույշ կլինեմ, քանի որ կարևոր է հասնել դրան։ Այո, քննարկվում է ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման ուղղությամբ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկ խմբի համախագահության շրջանակներում։ Այս համատեքստում Ռուսաստանը իր կողմից նույնպես շատ արդյունավետ դեր է խաղում։ Թե՛ Հայաստանը և թե՛ Արցախը հանդես են եկել և շարունակում են հանդես գալ վերիֆիկացիոն մեխանիզմների հաստատման օգտին, բայց արդեն երկար տարիներ է՝ մենք բախվում ենք Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի ամրապնդմանն որևիցե մեխանիզմների ներդրման հարցի մերժմանը»։ Ջեբրայիլի շրջանում տիրող իրավիճակի մասին. «Այսօր տեղին չէ խոսել որևէ վերահսկման մասին։ Եղել է Արցախի պաշտպանական բանակի ուժերի դիրքերի ճեղքում, ձեռնարկվում են միջոցառումներ՝ հակառակորդ կողմի որևէ հաջողություն կանխելու նպատակով, պաշտպանական ուժերը ետ են մղում հակառակորդին: Կատարվում է դիրքավորում: Այս երկու շաբաթների ընթացքում հակառակորդը գործի է դրել իր ողջ կարողությունը՝ օդուժ, ծանր հրետանի, տանկեր, հետևակ, ԱԹՍ-ներ, և այդ ամենը՝ Թուրքիայի ուղղակի և անվերապահ աջակցության պայմաններում, որը ռազմական սարքավորումներ և տեխնիկա, F-16-եր է մատակարարում, հատկացնում է հրամանատարական կադրեր, օդային կառավարում: Ավելին, Սիրիայից և Լիբիայից արտահանված ահաբեկիչների առկայությունը լիովին փոխում է համատեքստը [հակամարտության]: Սակայն այս երկու շաբաթվա ընթացքում Արցախը ցույց տվեց, թե ինչ է պաշտպանությունը և ինչ է նշանակում պաշտպանել սեփական կյանքը, տունը, հողը, ընտանիքը և պատմական հայրենիքը: Մոսկվայում հոկտեմբերի 9-ից 10-ի բանակցությունների մասին. «Բանակցությունները վերաբերում էին շատ բարդ և շատ զգայուն հարցերի: Բազմաթիվ կետեր կային բազմաթիվ տարբերակներով՝ թե հարցերի ինչպիսի շրջանակ կարող ենք ուրվագծել, ինչ հերթականությամբ կարող ենք քայլեր ձեռնարկել: Պահանջվեց 11 ժամ, որպեսզի կարողանանք հասնել այս չորս կետերին, որոնք արտահայտված էին համատեղ հայտարարության մեջ: Եվ այս գործում, կարող եմ ասել, Սերգեյ Լավրովը շատ կարևոր դեր խաղաց: Կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի այս փուլում զերծ մնալ մանրամասները մեկնաբանելուց: Հիմա ինձ համար ավելի կարևոր է արդյունքի հասնելը: Կան հարցեր, որոնց շուրջ մենք չունենք որևէ համաձայնություն ադրբեջանական կողմի հետ, բայց ամենակարևորն այն է, որ մենք բոլորս հարցին մոտենանք ամենայն պատասխանատվությամբ, մեր ժողովուրդների առջև պատասխանատվությամբ»: Բանակցային գործընթացում Արցախի չմասնակցության վերաբերյալ. «Անհնար է Արցախին բացառել գործընթացից, քանի որ հարցը վերաբերում է հենց Արցախին, այն վերաբերում է նրա բնակչությանը, որն ունի իր ընտրված իշխանությունը: Կան իրողություններ, անկախ նրանից, թե ինչպես են դրանք ներկայացվում ադրբեջանական քարոզչության կողմից: Եվ սա, ի դեպ, ընդունում են բոլորը՝ և՛ համանախագահները, և՛ կողմերը. Արցախն ունի իր ձայնը: Այն, որ Արցախը բանակացային սեղանի շուրջ չէ, չի նշանակում, որ մենք, մեր հերթին, չենք աշխատում նրանց հետ: Բայց եթե ինչ-որ մեկը ենթադրում է, որ մենք զանգում ենք Արցախ և հրամաններ ենք արձակում, ապա նա բացարձակապես չի պատկերացնում Հայաստանի, Արցախի, մեր կյանքի, մեր փոխհարաբերությունների իրողությունը: Մենք չենք կարող հրամաններ տալ Արցախին, այլ միայն կարող ենք աշխատել նրա հետ: Անհնար է պատկերացնել մի իրավիճակ, երբ մենք Երևանում կարող ենք որոշել մի բան, պայմանավորվել ինչ-որ բանի շուրջ և դնել սեղանին՝ առանց Արցախի համաձայնության: Ադրբեջանի քարոզչության մեջ Արցախի ներգրավվածության հարցի այդքան սրացման պատճառն այն է, որ նրանց համար շատ կարևոր է ցույց տալ, որ սա «հայ-ադրբեջանական հակամարտություն» է, որտեղ Արցախն ընդհանրապես գոյություն չունի: Բայց իրողություններն այլ են»: Թուրքիայի դերի մասին Մենք այսօր ունենք մի իրավիճակ, երբ ենթադրվում է [չնայած նույնիսկ դժվար է պատկերացնել, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ], որ կարգավորման գործընթացում կարող է որևէ դեր խաղալ Թուրքիան։ Այո, Թուրքիան արդեն ակտիվ դեր է խաղում տարածաշրջանում։ Բայց դա դրսևորվում է Հարավային Կովկաս ապակայունացնող ագրեսիվ քաղաքականության արտահանմամբ, Ադրբեջանին ագրեսիվ միակողմանի աջակցությամբ և տարածաշրջան զինյալ ահաբեկիչներ ներմուծմամբ։ Մեզ նմանատիպ ակտիվ դերակատարություն բնավ պետք չէ, մենք բացարձակապես չենք կարող այն ընդունել և կամ առավել ևս ողջունել»։ Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ. «Եթե խոսում եք միջազգային հանրության մասին, ապա Արցախի անկախության ճանաչումն անվտանգության ապահովման կարևոր միջոց է։ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մեր տեսլականը երկարատև, կայուն և ամուր անվտանգության, այնտեղի մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգության ապահովումն է: Այս հարցում Երևանն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը և ակտիվ մասնակցությունը: Այսօր մենք կանգնած ենք շատ բարդ իրավիճակի առաջ, երբ փաստացիորեն Ադրբեջանը գնում է ռազմական լուծման ճանապարհով, երբ իրենք արդեն իսկ կիրառել են ուժի սպառնալիքը և ուղղակիորեն ուժ են կիրառել՝ այդպիսով մեծ հարված հասցնելով խաղաղ կարգավորման գործընթացին: Արցախի անվտանգության համար արվելու է հնարավոր ամեն բան: Միջազգային հանրության կողմից Արցախի անկախության ճանաչումը հանդիսանում է կարևոր քայլ, գործիք և միջոց անվտանգության ապահովման համար»:Հակամարտության կարգավորման հետագա քայլերի շուրջ. «Մենք մշտապես հետևողական ենք եղել, որ լուծումը հնարավոր է միայն խաղաղ կարգավորմամբ: Այն, ինչ այսօր տեղի է ունենում, իհարկե, մեծ հարված է խաղաղ գործընթացին: Սակայն ես կարծում եմ, որ մենք բավականաչափ վստահություն ունենք մեր ուժերում և բավականաչափ աջակցություն միջազգային հանրության կողմից՝ խաղաղ կարգավորում հայցելու և պահանջելու համար»:
11:19 - 14 հոկտեմբերի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Հոկտեմբերի 13-ին Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հեռահար ձևաչափով հանդիպմանը միացել էր նաև ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին:  ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում  օպերատիվ իրադրությունը: Նախարար Մնացականյանը ընդգծեց, ոչ չնայած հոկտեմբերի 10-ին կրակի դադարեցման վերաբերյալ նախարարական մակարդակով համատեղ հայտարարությանը՝ Ադրբեջանը մինչ օրս չի կատարում իր հանձնառությունը և շարունակում է լայնածավալ ռազմական գործողությունները, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքերի դիտավորյալ թիրախավորումը։ Նախարար Մնացականյանն առանձնահատուկ ընդգծեց տեղում վերիֆիկացիոն համակարգերի ներդրման անհրաժեշտությունը՝ որպես կրակի դադարեցման և այդ ռեժիմի ամրապնդման կարևոր միջոց: Զրուցակիցներն ամփոփեցին խաղաղ կարգավորման գործընթացի շրջանակներում մինչ օրս արված աշխանքները:
17:18 - 13 հոկտեմբերի, 2020
Հայաստանը սատարում է այն ամենը, ինչը աջակցում է Արցախում մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությանը․ Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը սատարում է այն ամենը, ինչը աջակցում է Արցախում մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությանը․ Զոհրաբ Մնացականյան

Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «BBC Newshour»-ին․ Զոհրաբ Մնացականյան. Ես գտնվում եմ Մոսկվայում՝ պլանավորված այցի շրջանակներում մեր ռուս գործընկերների հետ մեր երկկողմ օրակարգի շատ հարցեր քննարկելու նպատակով: Սակայն մեր օրակարգում, իհարկե, գերակշռում է մեկ հստակ հարց, մեկ մեծ ճգնաժամ, որին մենք առերեսվում ենք այսօր․ Արցախում իրավիճակի սրումը, մեր ժողովրդի, Արցախի մեր հայրենակիցների հանդեպ այս բացահայտ ագրեսիան: Մենք հասել ենք շատ կարևոր հայտարարության․ հաստատել հրադադարի ռեժիմը, նվազեցնել լարվածությունը: Կատարել այդ առաջին քայլը մարդասիրական նպատակներով և հետագայում ամրապնդել հրադադարի ռեժիմը, որպեսզի վերադառնանք խաղաղ կարգավորման բնականոն գործընթացին: ԲիԲիՍի. Բայց շաբաթ օրը հրադադար էր հայտարարվել, սակայն թվում է, թե այժմ այն շատ փխրուն է: Զոհրաբ Մնացականյան. Այո, այն շարունակում է մնալ շատ փխրուն և մեզ համար շատ մտահոգիչ, քանի որ այն, ինչին մենք ականատես ենք լինում, Արցախի բնակավայրերի, դիրքերի, պաշտպանական դիրքերի ուղղությամբ շարունակական մաշտաբային հարձակումներն են: Եվ մենք դեռ լիահույս ենք, որ կկարողանանք իրավիճակը վերադարձնել իր բնականոն հունին, վերադառնալ մեր համաձայնությանը՝ կրակի դադարեցմանը, որպեսզի կարողանանք վերականգնել մեր բնականոն աշխատանքը: Առաջին հերթին մենք պետք է կատարենք շատ կարևոր հումանիտար գործողություն, ինչպես և պայմանավորվել էինք շաբաթ օրը: ԲիԲիՍի. Թույլ տվեք հարցնել հրադադարի խախտման մասին: Ադրբեջանական կողմի պաշտոնյաները պնդում են, որ յոթ մարդ սպանվել և տասնյակ մարդիկ վիրավորվել են, երբ հայկական կողմը հրթիռակոծել է  Գյանջայի բնակելի թաղամասը: Արդյո՞ք դա ճիշտ է:   Զոհրաբ Մնացականյան.  Արցախի պաշտպանական ուժերն անում են հնարավորինը, որպեսզի պաշտպանեն իրենց, քանի որ շաբաթ առավոտվանից սկսած, և այս կապակցությամբ ես իրապես վրդովված եմ, ադրբեջանցիները շարունակաբար հարձակումներ են իրականացնում բնակավայրերի և պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Ստեփանակերտը և մյուս բնակավայրերը մինչև շաբաթ երեկոյան շատ ուշ գիշեր անընդմեջ հարձակման են ենթարկվել, ինչը շարունակվել է նաև կիրակի առավոտյան: Եվ կրկին մենք ունենք իրավիճակի այս փխրունությունը։ Ստեփանակերտը հայտնվել է շատ ծանր իրավիճակում. այդքան ավերածություններ, այդքան շատ զոհեր, այդքան շատ տեղահանված մարդիկ: Ենթակառուցվածքները, էներգամատակարարումը և ամեն ինչ այնքան վատ վիճակի են հասցվել, որ մարդիկ  հայտնվել են շատ ծանր իրավիճակում: Նույնը կարելի է ասել նաև մյուս քաղաքների և բնակավայրերի մասին։  ԲիԲիՍի. Թույլ տվեք հարցնել Արցախի կարգավիճակի մասին: Անցյալ շաբաթ այս անկլավի ինքնահռչակ կառավարությունը խնդրեց միջազգայնորեն ճանաչեն իրեն: Արդյո՞ք Հայաստանը սատարում է դա:  Զոհրաբ Մնացականյան. Իհարկե, Հայաստանը սատարում է այն ամենը, ինչը աջակցում է Արցախում մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությանը: Մենք շատ զգույշ և շատ համբերատար ենք եղել, որպեսզի չվտանգենք խաղաղ կարգավորումը: Բայց այն, ինչին մենք ականատես ենք լինում վերջին երկու շաբաթների ընթացքում, Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից կարգավորման ռազմական տարբերակի ընտրությունն է, ռազմական ագրեսիայի միջոցով լուծման պարտադրման ընտրությունը։  ԲիԲիՍի. Ինչու՞ կամ չեք միացնում տարածքը, կամ ճանաչում նրա անկախությունը: Սրանք այն տարբերակներն են, որոնք բաց են ձեզ համար:   Զոհրաբ Մնացականյան. Հենց այն նույն հիմքով, որ մենք պետք է պատասխանատու լինենք: Մենք չենք ցանկանում խաղաղ կարգավորմանը հնարավորություն չտալ: ԲիԲիՍի. Բայց եթե Ձեր վարչապետն ասում է, որ Ղարաբաղը Հայաստան է, ապա միանգամայն պարզ է, որ դուք չեք ցանկանում ճանաչել նրա անկախությունը: Զոհրաբ Մնացականյան. Դա համատեքստից դուրս մի ներկայացրեք: Հայաստանի վարչապետը շատ հետևողական է եղել փոխզիջումային լուծման հարցում՝ պնդելով, որ այլ տարբերակ չկա, քան փոխզիջումային լուծման հասնելը, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Միայն փոխզիջումային լուծումն է հնարավոր: Երբ վարչապետի այս հայտարարությունը դիտարկվում  է համատեքստից դուրս, ստացվում է այն, ինչ ստացվում է: Մինչդեռ վարչապետն ասում էր, որ Հայաստանը մեծ ջանքեր է գործադրում սեփական բարեփոխումների ու սեփական զարգացման գործում, և Հայաստանը չի կարող անտարբեր լինել Արցախի իր հայրենակիցների նկատմամբ: Եվ այս համատեքստում Հայաստանը աջակից կլինի Արցախի մեր հայրենակիցներին՝ որպես նրանց անվտանգության միակ երաշխավոր: Հակամարտության համատեքստում նա միանգամայն, ուղղակիորեն և հետևողականորեն խոսում էր փոխզիջման մասին: ԲիԲիՍի. Որքանո՞վ եք վստահ, որ կրակի դադարը, ինչպիսին որ այն կա ներկայումս, ինչ-որ կերպ պահպանվելու է: Զոհրաբ Մնացականյան. Կարծում եմ, որ սա նաև մեր՝ Մոսկվայում ունեցած զրույցի կարևոր մասն է, և մենք շարունակելու ենք խոսել նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ, որոնք մաս են կազմում այս միջնորդական ջանքերի: Ռուսաստանը մեծ աշխատանք է կատարում՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին: Այժմ մենք չպետք է հրաժարվենք կրակի դադարի պահպանման որևէ հնարավորությունից: Մենք պետք է առաջ տանենք վերիֆիկացիոն մեխանիզմների գաղափարը, որը կօգնի մեզ վերադարձնել հրադադարի ռեժիմը, վերականգնել խաղաղությունը, որպեսզի վերադառնանք խաղաղ կարգավորմանը: Մենք չենք կորցնում հույսը, և մենք շարունակելու ենք քրտնաջան աշխատել այս ուղղությամբ: Հարցազրույցը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.bbc.co.uk/sounds/play/p08v2jx6 
15:12 - 13 հոկտեմբերի, 2020
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի փակ քննարկում-հանդիպումը ռուս փորձագետների և քաղաքագետների հետ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի փակ քննարկում-հանդիպումը ռուս փորձագետների և քաղաքագետների հետ

Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունում փակ քննարկում-հանդիպում ունեցավ ռուս փորձագետների և քաղաքագետների հետ:  Հանդիպման ընթացքում շոշափվեցին տարածաշրջանային և միջազգային զարգացումներին առնչվող բազմաբովանդակ հարցեր: Քննարկման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Թուրքիայի գործուն միջամտությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն էր:  Նախարար Մնացականյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից պատերազմի վարման ոչ իրավաչափ մեթոդների վրա, որոնք ուղեկցվում են միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով: Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հարավային Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների գործելաոճին, որով փորձ է արվում տարածաշրջանում փոփոխել հավասարակշռությունը և անվտանգային ընկալումները: Այս համատեքստում նախարար Մնացականյանը քննարկման մասնակիցների ուշադրությունը հրավիրեց օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին, ծայրահեղական խմբավորումներին ռազմական գործողությունների մեջ ներգրավման միջոցով տարածաշրջանային անկայունության հրահրմանն ուղղված Թուրքիայի խաթարիչ քաղաքականության վրա:
10:07 - 13 հոկտեմբերի, 2020
Եթե Ադրբեջանը ընտրել է ուժի կիրառման տարբերակը, տարածաշրջանում չի լինելու ո՛չ խաղաղ կարգավորում, և ոչ էլ խաղաղություն․ Զոհրաբ Մնացականյան

Եթե Ադրբեջանը ընտրել է ուժի կիրառման տարբերակը, տարածաշրջանում չի լինելու ո՛չ խաղաղ կարգավորում, և ոչ էլ խաղաղություն․ Զոհրաբ Մնացականյան

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի բացման խոսքը և պատասխանները լրագրողների հարցերին Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսին․ «Հարգելի Սերգեյ Վիկտորի,  Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,  Սիրելի գործընկերներ,  Առաջին հերթին կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուսական կողմին, Սերգեյ Վիկտորի, Ձեզ, ջերմ ընդունելության և կառուցողական երկխոսության համար։ Մենք բավականին բովանդակալից քննարկում ունեցանք երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակի, տարածաշրջանային, գլոբալ ու համաշխարհային հարցերի շուրջ: Մենք ունենք փոխըմբռնման բարձր մակարդակ մեր ներկայիս օրակարգի բոլոր ուղղություններում, ինչը վկայում է հայ-ռուսական հարաբերություններում գործընկերության և համագործակցության բարձր մակարդակի մասին։  Այս  պաշտոնական այցը Մոսկվա նախապես ծրագրված էր, և ես շատ ուրախ եմ, որ մենք այն իրականացնում ենք այսօր, չնայած այն խնդիրներին, որոնք առկա են մեր տարածաշրջանում։ Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում, և հատկապես հոկտեմբերի 9-ին մարդասիրական նպատակներով կրակի դադարեցման վերաբերյալ համաձայնագրի մշակման գործում։  Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները խարսխված են դաշնակցային համագործակցության վրա, որն իր մեջ ներառում է կյանքի բոլոր ոլորտները, և բոլոր այս ուղղություններով մենք ունենք դինամիկ և բազմաշերտ երկխոսություն։ Իմ գործընկերը ներկայացրեց այն օրակարգը, որը մենք քննարկել ենք այսօր, և այն պայմանավորվածությունները, որոնք մենք մտադիր ենք առաջ տանել։  Մենք նաև առանձնահատուկ կարևորում ենք բարձր մակարդակի  հանդիպումների, այցերի և շփումների դինամիկայի պահպանումը, ինչը համահունչ է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական և դաշնակցային բնույթին։  Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը։ Տնտեսական անկայունության ժամանակաշրջանում և համավարակի պայմաններում էլ մեր երկկողմ առևտրաշրջանառության ցուցանիշները շարունակում են մնալ բարձր՝ նույնիսկ չնայած առևտրատնտեսական ակտիվության ընդհանուր անկմանը: Մեզ ուրախացնում է մեր հարաբերությունների դինամիկայի պահպանումը: Սահմանափակումների պայմաններում, փոխադարձ պայմանավորվածությամբ, շարունակել ենք անխափան կերպով իրականացնել ցամաքային փոխադարձ բեռնափոխադրումներ։ Տնտեսական համագործակցության զարգացման և ամրապնդման գործում զգալի նպաստ ունի մեր Միջկառավարական հանձնաժողովը։ Սերգեյ Վիկտորին արդեն նշեց, որ մենք մտադիր ենք մոտ ժամանակներս աշխատել միջկառավարական հերթական նիստը կազմակերպելու ուղղությամբ, որը մեր տնտեսական համագործակցության կարևորագույն հարթակն է:  Մեր երկրները հաջողությամբ համագործակցում են նաև միջազգային հարթակներում: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է: Օրերս Երևանում տեղի ունեցավ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հանդիպումը: Մենք հանձնառու ենք առավելագույն ջանքեր գործադրելու կազմակերպության ինստիտուցիոնալ զարգացման ակտիվացման շարունակման ուղղությամբ, որն էլ իր հերթին պետք է դրական անդրադառնա մեր քաղաքացիների կենսամակարդակի բարձրացման վրա:  Առանձնահատուկ կարևորություն է ներկայացնում Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա ռազմատեխնիկական համագործակցությունը: Այս ուղղությամբ ռազմավարական գործընկերության զարգացումը մեր երկկողմ օրակարգի գերակայություններից մեկն է: Մենք շարունակում ենք մեր ներդրումն ունենալ ինչպես ՀԱՊԿ կանոնադրական մարմինների, այնպես էլ ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքների զարգացման և արդյունավետության բարձրացման գործում: Մենք չափազանց կարևոր ենք համարում հավաքական անվտանգության սկզբունքների կյանքի կոչումը՝ որպես կայունության ապահովման գործոն: Հարգելի գործընկերներ, որևէ այլ պայմաններում մենք դեռ երկար կարող էինք խոսել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների, դրանց համագործակցության առանձին ուղղությունների մասին, սակայն դուք հասկանում եք, որ այսօր ես հիմնական ուշադրությունը կենտրոնացրել եմ այն իրավիճակի վրա, որն արդեն իսկ անվտանգության իրական սպառնալիք է դարձել մեր ամբողջ տարածաշրջանի համար։ Այն, ինչին այսօր բախվել են Արցախի մեր հայրենակիցները, համարվում է էքզիստենցիալ սպառնալիքի մարմնացում, որը հասունացել է մի քանի տասնամյակների ընթացքում։  Սեպտեմբերի 27-ից մինչ օրս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը լայնամասշտաբ ագրեսիա է իրականացնում Արցախի ժողովրդի դեմ՝ այդ կերպ ի ցույց դնելով ղարաբաղյան հակամարտությունը ուժային, ռազմական ճանապարհով լուծելու և Արցախի բնակչությանը ֆիզիկապես բնաջնջելու իր իրական նպատակները: Ադրբեջանի այսօրինակ ցեղասպան կեցվածքը տարբերակում չի դնում զինվորականների և քաղաքացիական բնակչության միջև: Դեռ ավելին, այն նախ և առաջ ուղղված է քաղաքացիական բնակչության դեմ: Ռազմական ագրեսիայի ողջ ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծել են Արցախի ավելի քան 120 քաղաքացիական բնակավայր, այդ թվում խիտ բնակեցված քաղաքներ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը, Մարտակերտը, Մարտունին և այլն: Ադրբեջանի զինված ուժերը արհամարհում են ռազմական նպատակների և քաղաքացիական բնակչության տարբերակման իրենց պարտավորությունները: Ադրբեջանի հարձակման շրջաններում ռազմական օբյեկտների բացակայությունը հերթական անգամ փաստում է Ադրբեջանի գործողությունների դիտավորությունը, ինչը համազոր է ռազմական հանցագործության: Օդուժի, այդ թվում՝ Թուրքիայի օդուժի աջակցությամբ, ԱԹՍ-ների, ծանր հրետանային միջոցների, հրթիռային և տանկային ստորաբաժանումների կիրառմամբ իրականացվող չտարբերակված հարվածները հանգեցրել են բազմաթիվ զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում: Մեծաթիվ են զոհերն ու վիրավորները նաև Ադրբեջանի կողմից կասետային զինամթերքի կիրառման հետևանքով: Հոկտեմբերի 10-ի դրությամբ Ադրբեջանի զինված ուժերի և վերջիններիս աջակցող ուժերի մղած գործողությունների հետևանքով զոհվել է ավելի քան 23 խաղաղ բնակիչ, ավելի քան հարյուր անձ ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ, նրանցից 81-ը՝ ծանր վիրավորմամբ: Ագրեսիայի հետևանքով կտրուկ աճել է հարկադրաբար տեղահանվածների թիվը: Նրանցից ոմանք տեղափոխվել են Արցախի այլ բնակավայրեր, իսկ ոմանք էլ՝ հաստատվել Հայաստանում: Հսկայական հարված է պատճառվել հանրապետության կենսապահովման ենթակառուցվածքներին և կենսաֆոնդին, ավելի քան վեց հազար քաղաքացիական օբյեկտ, այդ թվում բնակելի տներ, բնակարաններ, խանութներ ոչնչացվել կամ վնասվել են: Վնաս են կրել ենթակառուցվածքների ավելի քան 960 օբյեկտներ, հասարակական և արտադրական նշանակության հաստատություններ՝ էներգախնայողության, կապի, ջրամատակարարման, կամուրջներ, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի կենտրոններ, արտադրամասեր: Ամբողջությամբ ավիրվել են էներգետիկ ենթակառուցվածքների 25 օբյեկտներ, երկրի ողջ տարածքում վնասվել են մեծաքանակ էլեկտրոցանցեր: Ավելի քան 10 էներգաբլոկեր դարձել են անենթակա օգտագործման համար կամ էլ լրջորեն վնասվել են: Առանձնակի վայրագությամբ է աչքի ընկնում կրոնական պաշտամունքի վայրերի և պատմամշակութային օբյեկտների միտումնավոր ոչնչացումը: Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինված ուժերը միտումնավոր կերպով երկու հարձակում են գործել Արցախի մշակութային և կրոնական կարևորագույն խորհրդանիշը հանդիսացող Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի նկատմամբ: Այս ամենի հետևանքով տուժել են խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ ԶԼՄ ներկայացուցիչներ: Այս ժամանակաշրջանում լրատվամիջոցների ներկայացուցիչները նույնպես դիտարկվել են որպես թիրախ. կան լրատվամիջոցների ներկայացուցիչների շրջանում լուրջ վիրավորումների դեպքեր՝ ինչպես հայկական, այնպես էլ օտարերկրյա: Մասնավորապես, ռոսական լրատվամիջոցներից մեկի ներկայացուցիչը լուրջ վիրավորում է ստացել այն տարածքի երկրորդ հրթիռակոծման ժամանակ, որտեղ գտնվում է Սուրբ Ամենափրկիչ տաճարը: Ես մանրամասն ներկայացրի իրավիճակը, քանի որ իմ ներկայացրած իրականությունն ապացույցն է այն էքզիստենցիալ վտանգի, որի մասին մենք խոսել ենք տասնյակ տարիների ընթացքում, և որին Արցախի ժողովուրդը առերեսվում է վերջին 30 տարիների ընթացքում: Այս փուլում այս սպառնալիքը բարդանում է երկու նոր բացասական գործոններով․ մասնավորապես, Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը և Սիրիայից ու Լիբիայից օտարազգի զինյալ ահաբեկիչների արտահանումը Հարավային Կովկաս։ Զինյալ ահաբեկիչները, կրոնական ծայրահեղականները օգտագործվում են Թուրքիայի կողմից ներկայիս թուրքական կառավարության շահերի իրականացման և հարևան տարածաշրջաններ ազդեցության արտահանման նպատակով։  Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալների Ադրբեջան արտահանումն արդեն ապացուցված է ոչ միայն մեր աղբյուների կողմից, այլև արձանագրվել է ու բարձրաձայնվել նաև միջազգային  հանրության կողմից։ Օգնության կանչելով թուրքամետ զինյալ ահաբեկիչներին՝ Ադրբեջանը ինքն իրեն վերածել է Թուրքիայի ազդեցության ընդլայնման համար հարթակի և մեր տարածաշրջանում միջազգային ահաբեկչության  օջախի։  Ահաբեկչական կազմակերպություններին սնելու ու խրախուսելու և նրանց Հարավային Կովկասում միջանցքներով ապահովելու այս քաղաքականությունը հղի է ահաբեկչական բռնությունների նոր ալիքներով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Այսօր մեզ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները։ Ռուսաստանի դերը չափազանց կարևոր է այս հարցում: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել համատեղ հայտարարության այն կարևորությունը, որին մենք կարողացանք հասնել ընդամենը երկու օր առաջ: Կրկին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ակտիվ դերակատարության համար, ինչպես նաև իմ գործընկեր Սերգեյ Լավրովին՝ ակտիվ աշխատանքի և  ներգրավվածության համար․ մեր համատեղ աշխատանքի արդյունքում մենք կարողացանք համաձայնել համատեղ հայտարարության շուրջ՝ ուղղված ռազմական գործողությունների դադարեցմանը, ընդհուպ մինչև հրադադարի հաստատմանը:  Ցավոք, ներկա պահին մենք չենք կարող արձանագրել, որ մենք զգալի ձեռբերում ենք ունեցել հրադադարի առումով: Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման իր պարտավորվածությունները:   Առանձնահատուկ կերպով կցանկանայի շեշտել վերիֆիկացիոն մեխանիզմների կարևորությունը, որոնք հնարավորություն կընձեռեն հասնելու կրակի դադարեցման հաստատմանը և պահպանմանը: Միայն կրակի դադարի ռեժիմի լիարժեք հաստատումից հետո մենք կարող ենք արդյունավետորեն առաջ շարժվել բոլոր հարցերում: Հայաստանը շարունակում է խստորեն հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը՝ բանակցությունների միջոցով, և մենք ամեն կերպ կջանանք դրան նպաստել մեր բոլոր աշխատանքներում: Սերգեյ Լավրովը նշել է, որ այսօր և վաղը ես հանդիպումներ կունենամ իմ գործընկերների և համանախագահների հետ, և մենք կշարունակենք աշխատել այս ուղղությամբ: Թեև ցանկանում եմ ընդգծել, որ այն ազդեցությունն ու հարվածը, որոնք խաղաղ գործընթացին հասցվել են Ադրբեջանի այդ գործողություններով, չեն կարող հաշվի չառնվել, դրանց ծայրաստիճան բացասական ազդեցությունը: Մենք պետք է լուծենք այս հարցը:  Հայաստանն Արցախի ժողովրդի անվտանգության միակ երաշխավորն է, և մենք միասին կշարունակենք ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Արցախի ժողովրդի բոլոր իրավունքները երաշխավորելու, տարածաշրջանն ահաբեկչությունից և դրա հովանավորներից մաքրելու, նաև տարածաշրջանը բացասական ազդեցությունից մաքրելու համար: Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ, Սերգեյ Վիկտորի, ջերմ ընդունելության և այսօրվա շատ կառուցողական և բովանդակալից զրույցների համար: Մենք դեռ կշարունակենք, և ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև փոխազդեցության և համագործակցության, մեր դաշնակցային փոխգործակցության և դրա ամուր հիմքերի ամրապնդման, խորացման գործում Ձեր անձնական ներդրման համար: Մեծապես շնորհակալ եմ։ Հարց. Վերջին երկու օրերի իրադարձությունները հաշվի առնելով, երբ կողմերը շարունակում են մեղադրել միմյանց կրակի դադարի ռեժիմի խախտման մեջ, ինչպիսի՞ն, ըստ Ձեզ, պետք է լինի այն վերիֆիկացիոն մեխանիզմը, որն իրապես թույլ կտա հաստատել կրակի դադարի, ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմ, և ինչպե՞ս կպատասխանեք կրակի դադարի ռեժիմի խախտման մեջ Հայաստանին ուղղված մեղադրանքներին: Պատասխան: Վերիֆիկացիոն մեխանիզմների հետ կապված ես կնախընտրեի մի փոքր զգույշ լինել այն իմաստով, որ այս պահին այդ հարցի շուրջ ընթանում են շատ հստակ, բավականին կոնկրետ խորհրդակցություններ, հենց այն հիմքի վրա, ինչպես նշված է մեր համատեղ հայտարարության մեջ, որ այսօրվա մեր առաջնահերթ խնդիրը կրակի դադարեցման և վերիֆիկացիոն մեխանիզմների ապահովումն է: Այսօր մենք ունենք այս իրավիճակը, երբ մենք դեռ չենք հասել այն մակարդակին, որտեղ  կարող ենք անցնել մեր հայտարարարության առաջին կետի իրականացման աշխատանքին։ Այսօր ընթանում են խորհրդակցություններ և Կարմիր խաչի ներգրավմամբ և երկու կողմերի միջև, կամ  Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ, որպեսզի գտնենք մի մեխանիզմ, երբ մենք կկարողանանք հստակ սկսել աշխատել։ Եվ համանախագահները, բնականաբար, նույնպես ներգրավված են այդ ամենում, բոլոր երեքը, որպեսզի սկսենք աշխատել, որպեսզի հաստատենք ամուր հիմք բավական ամուր հրադադար հաստատելու համար, որպեսզի սկսենք աշխատել հումանիտար հարցերի ուղղությամբ։  Եթե մեզ չհաջողվի երկարաձգել այս հրադադարը, այն կշարունակի բացասական հետևանքներ ունենալ, այդ թվում մնացած հարցերի վրա ևս, ուստի այս հրադադարի պահպանումն ու ամրապնդումը մեզ համար շարունակում է մնալ մարտահրավեր և անմիջականորեն կարևոր, առաջնային խնդիր: Այդ իսկ պատճառով վերիֆիկացիոն մեխանիզմները շարունակում են կարևոր դեր ունենալ: Մենք միշտ խոսել ենք այդ մասին: Առաջին անգամը չէ, որ խոսում ենք այս մասին: Եթե Հայաստանի կամ Ացախի հասցեին հնչում են ինչ-որ մեղադրանքներ, մենք միշտ խոսում ենք այդ մասին: Վաղուց արդեն ժամանակն է ներդնել այդ վերիֆիկացիոն մեխանիզմները: Այդ ուղղությամբ շատ առաջարկներ են եղել: Վաղուց պետք էր անել դա:  Բայցևայնպես, հայկական կողմը չէ, արցախյան կողմը չէ, որ հրաժարվել են վերիֆիկացիոն  մեխանիզմներից։ Դա ադրբեջանական կողմն էր։ Եվ այդ պատճառով հիմա մենք ունենք այն, ինչ ունենք։ Ես չեմ կարող ընդունել որևիցե մեղադրանքներ Հայաստանի կամ Արցախի հասցեին այն համատեքստում, թե ներկայումս ինչ է տեղի ունենում։ Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության երաշխավորը, իմիջիայլոց, չկա այլ համակարգ։ Եվ Արցախի համար այս գոյության համար կռվի հարցը հիմա ավելին քան իրական է՝ հաշվի առնելով այն, ինչ տեղի է ունենում իրենց հողում։  Սպուտնիկ գործակալություն: Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ Թուրքիան պետք է ավելի ակտիվ դերակատարություն ունենա հակամարտության կարգավորման մեջ՝ ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, այնպես էլ՝ այլ ձևաչաձերով: Այս առումով արդյո՞ք դուք կարծում եք, որ Թուրքիայի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում առավել ակտիվ ներգրավվածությունը կարող է խթանել խաղաղ կարգավորումը, և այդպիսով հնարավո՞ր է արդյոք ընդհանրապես խոսել այլ ձևաչափերի մասին, եթե մոսկովյան բանակցություններին հաջորդած համատեղ հայտարարությունում Ադրբեջանը և Հայաստանը վերահաստատել են իրենց հանձնառությունը բանակցությունների ձևաչափի անփոփոխությանը: Զոհրաբ Մնացականյան։ Իմ կողմից կարող եմ ավելացնել, որ, այո՛, աջակցությունը ներկայիս ձևաչափին արտահայտվել է և նաև այս վերջին փաստաթղթում՝ հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ։ Այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը հանդիսանում է ամենաարդյունավետ ձևաչափը, որում աշխատանքներ են իրականացվում խաղաղ կարգավորման ուղղությամբ, մեզ մոտ երբևիցե, առավելևս  հիմա, որևէ կասկած չի հարուցել: Մենք շարունակելու ենք ակտիվ աշխատել այդ ձևաչափի շրջանակներում։ Մենք արդեն անդրադարձել ենք, որ այսօր հանդիպում պետք է ունենանք։ Դուք հասկանում եք, որ այն ինչ կատարվում է աշխարհում, այն ինչ կատարվում է անմիջապես Արցախում, ագրեսիայի վառ դրսևորում է, և այն իրավիճակը, որում գտնվում է Արցախը, բավական լուրջ ազդեցություն ունի մեր աշխատանքի վրա, բայց մեր աշխատանքը շարունակվելու է, որովհետև մեր դիրքորոշումը եղել և մնում է հստակ. խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Եվ, եթե Ադրբեջանը ընտրել է ուժի կիրառման տարբերակը՝ որպես պայմաններ առաջ քաշելու կամ սեփական առավելապաշտական նպատակներին հասնելու մեթոդ, ապա այդ կերպ տարածաշրջանում չի լինելու ո՛չ խաղաղ կարգավորում, և ոչ էլ խաղաղություն: Այդ մեթոդը մերժվել է և մերժվելու է շատ խիստ ձևով։ Մենք պետք է աշխատենք, և տրամադրված ենք այդ ուղղությամբ։ Մենք շարունակելու ենք աշխատել համանախագահների հետ միասին այս ուղղությամբ: Ինչ վերաբերում է Թուրքիայի ակտիվ դերակատարությանը, կներեք, ներկա պահին Թուրքիայի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է մեր տարածաշրջանում օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներկայությամբ և Ադրբեջանին տրամադրվող ակտիվ ռազմական աջակցությամբ: Իհարկե, հասկանում եք, որ նման ակտիվությունը չի կարող ողջունելի լինել: Շնորհակալություն»:
23:21 - 12 հոկտեմբերի, 2020
Կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

Կայացել է Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ՌԴ պաշտոնական այցի մեկնարկը տրվեց հոկտեմբերի 12-ի առավոտյան. ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այցելեց և ծաղկեպսակ զետեղեց Անհայտ զինվորի գերեզմանին։  Այնուհետև ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կայացավ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ողջունելով նախարար Մնացականյանին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասաց. «Այս այցը նախապատրաստվել էր բավական երկար ժամանակ, և այսօր այն տեղի է ունենում միջազգային հանրության մի շարք անդամների կողմից լրջագույն ջանքերի գործադրման պայմաններում՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նվազեցմանը: Մեր առանցքային, ամենակարևոր թեմայից զատ մենք այսօր նախատեսում ենք անդադառնալ նաև երկկողմ և բազմակողմ հարթակներում, այդ թվում ՄԱԿ, ԵԱՀԿ շրջանակներում, մեր փոխգործակցությանն առնչվող հարցերի»: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը, մասնավորապես, նշեց. «Շնորհակալ եմ, որ մենք կարողացանք պահպանել Մոսկվայում այս պաշտոնական այցի իրականացման մտադրությունները, մեր ծրագիրը: Շատ ուրախ եմ լինել այստեղ՝ Մոսկվայում, չնայած որ երկու օր առաջ մենք բավականին երկար բանակցություններ ենք անցկացրել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության նվազեցման և կրակի դադարի հաստատման ուղղությամբ որևէ հաջողության հասնելու նպատակով:  Իհարկե, մենք այսօր հնարավորություն ունենք անդրադառնալու մեր փոխհարաբերություններին` բոլոր ուղղություններով: Մենք մեծ կարևորություն ենք տալիս հանդիպումների դինամիկայի պահպանմանը: Մենք այժմ հանդիպում ենք պաշտոնական այցի շրջանակներում կամ ձևաչափով, միևնույն ժամանակ շնորհակալ եմ, որ մենք ունենք մշտական կապ բոլոր ուղղություներով՝ և՛ ղեկավարների մակարդակով, և՛ մեր նախարարությունների մակարդակով, և՛ մեր համապատասխան գործընկերների՝ այլ ուղղություններով գերատեսչությունների մակարդակով: Եվ իհարկե, մենք ունենք բավական ընդարձակ օրակարգ, մենք ունենք խորը փոխգործակցություն, որի ձևաչափերը բավական ընդգրկուն են: Մենք միասին աշխատում ենք միջազգային հարթակներում, ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, Եվրասիական տնտեսական միությունը, ՀԱՊԿ-ը. այս ամենը ներկայացնում են մեր երկխոսության օրակարգը: Որևէ այլ պայմաններում մենք դեռ երկար կարող էինք խոսել մեր դաշնակցային հարաբերությունների մասին, սակայն հիմնական ուշադրությունը կենտրոնացած է այն իրավիճակի վրա, որն արդեն իսկ իրական սպառնալիք է դարձել մեր ամբողջ տարածաշրջանի համար։ Այն, ինչին այսօր բախվում են Արցախի մեր հայրենակիցները, համարվում է էքզիստենցիալ սպառնալիքի մարմնավորում, որը հասունացել է այս մի քանի տասնամյակների ընթացքում, և որի մասին մենք անընդհատ խոսել ենք: Մենք կարողացանք հասնել որոշակի արդյունքի, Սերգեյ Վիկտորովիչ, Ձեր շնորհիվ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անմիջական ներգրավվածության շնորհիվ: Մեզ հաջողվեց համաձայնեցնել համատեղ հայտարարություն նախարարական մակարդակով կրակի դադարեցման վերաբերյալ: Մենք շատ բարձր ենք գնահատում Ձեր անձնական ներդրումը, ՌԴ ներդրումը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ներդրումը հանուն նրա, որ մենք հասնենք այսպիսի արդյունքի: Այսօր մեզ անհրաժեշտ է դադարեցնել ռազմական գործողությունները: Դրանում Ռուսաստանի դերը մնում է չափազանց կարևոր: Ցավոք, այս պահին մենք չենք կարող փաստել, որ գործնականում ունենք հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանում, և անգամ այստեղ ժամանելուն զուգահեռ շարունակում ենք տեղեկություններ ստանալ, որ Ադրբեջանը չի իրականացնում կրակի դադարեցման իր պարտավորությունները: Եվ այս առնչությամբ ցանկանում եմ ընդգծել վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման կարևորությունը, որոնք հնարավորություն կտան հասնելու այդ ռեժիմի հաստատմանը և պահպանմանը: Սերգեյ Վիկտորովիչ, ես համոզված եմ, որ մենք այսօր կունենանք երկարատև, արդյունավետ և լավ զրույց։ Մենք ունենք բավականին մեծ օրակարգ»: ԼՂ հակամարտության գոտում զարգացումների համատեքստում նախարար Մնացականյանը մանրամասն անդրադարձավ Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ և օտարերկրյա զինյալ վարձկանների ներգրավմամբ Արցախի դեմ իրականացվող ագրեսիային, որի ընթացքում դիտավորյալ թիրախավորվում են Արցախի քաղաքացիական բանկչությունը և ենթակառուցվածքները:  Արտգործնախարարները մտքեր փոխանակեցին հայ֊ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին առնչվող բազմաբովանդակ հարցերի շուրջ: Այս համատեքստում նախարար Մնացականյանն ընդգծեց. «Հայ-ռուսական հարաբերությունները չեն սահմանափակվում բարձրաստիճան այցերով և հանդիպումներով, այլև ընդգրկում են անմիջական ուղիղ շփումներ, որոնք այժմ՝ այս իրավիճակում, չափազանց կարևոր են»: Երկուստեք բարձր գնահատվեց միջազգային և տարածաշրջանային կառույցների շրջանակներում երկու երկրների միջև առկա փոխգործակցության բարձր մակարդակը։ Հանդիպման ավարտին ԱԳ նախարարները հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով։
17:10 - 12 հոկտեմբերի, 2020
Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ. Մնացականյան |armenpress.am|

Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ. Մնացականյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն անհրաժեշտ է համարում կանգնեցնել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները, որոնք իրականացվում են Թուրքիայի ուղիղ միջամտությամբ և Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջան բերված զինյալ ահաբեկիչների միջոցով: Այս մասին Մնացականյանը նշեց Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում՝ ընդգծելով, որ Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ: «Իրավիճակն արդեն դարձել է անվտանգության լուրջ սպառնալիք մեր ամբողջ տարածաշրջանի համար: Այն, ինչի հետ այսօր բախվել են մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղում, գոյութենական վտանգի մարմնացում է: Սեպտեմբերի 27-ից մինչև օրս Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը իրականացնում է լայնածավալ ագրեսիա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ, դրանով ցուցադրելով իր նպատակը` Լեռնային Ղարաբաղի հարցի ռազմական ճանապարհով լուծման և Արցախի ժողովրդի ֆիզիկական ոչնչացման: Այս ագրեսիան առանձնանում է նրանով, որ առկա է Թուրքիայի ուղիղ միջամտությունը, կան նաև Սիրիայից ու Լիբիայից Ադրբեջանում տեղակայված զինյալ ահաբեկիչներ, որոնց Թուրքիան օգտագործում է իր ռազմաքաղաքական ղեկավարության շահերի համար: Ադրբեջանը դարձել է տարածաշրջանում միջազգային ահաբեկչության օջախ: Այսօր մեզ պետք է դադարեցնել ռազմական գործողությունները, այդ հարցում Ռուսաստանի դերը բավական կարևոր է»,- ասաց Մնացականյանը: Նախարարն ընդգծեց, որ Ադրբեջանը չի կատարում հոկտեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների շուրջ 11 ժամ տևած հանդիպման արդյունքում ձեռք բերված կրակի դադարեցման պայմանավորվածությունը: «Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման իր պարտավորությունները: Ադրբեջանն այսպիսի ցեղասպան քայլերով տարբերություն չի դնում զինվորականների և խաղաղ բնակչության միջև: Ասեմ ավելին` այն միտված է ավելի շատ քաղաքացիական բնակչության թիրախավորմանը: Ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանը թիրախավորել է Արցախի ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրեր: Այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը, Շուշի քաղաքը, Հադրութը, Մարտակերտը, Մարտունին և այլն:  Թիրախավորված քաղաքացիական բնակավայրերում ռազմական օբյեկտների բացակայությունը ևս մեկ անգամ խոսում է Ադրբեջանի նպատակադրված քայլերի մասին, ինչը հավասար է ռազմական հանցագործության»,- նշեց Զոհրաբ Մնացականյանը: ՀՀ Արտաքին գործերի նախարարը հավելեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից Արցախին հասցվող օդային, հրետանու, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի հարվածներն իրականացվում են Թուրքիայի ռազմաօդային ուժերի անմիջական աջակցությամբ ու պատսպարմամբ: «Թուրքիայի ավիացիայի աջակցմամբ օդային, հրետանու, հարվածների հետևանքով կան բազմաթիվ քաղաքացիական զոհեր, կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի կիրառման հետևանքով: Հոկտեմբերի 10-ի դրությամբ` Ադրբեջանի ԶՈՒ-ի և նրան աջակցող ուժերի կողմից սպանվել է 23 քաղաքացիական անձ և հարյուրավորները ստացել են վնասվածքներ, նրանցից 81-ը` ծանր: Ագրեսիայի հետևանքով մեծացել է տեղահանվածների թիվը, նրանց մի մասը տեղափոխվել է Արցախի այլ բնակավայրերը, ոմանք` տեղավորվել են Հայաստանում: Քաղաքացիական ենթակառուցվածքները ևս ծանր վնասներ են կրել: Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն երկու հարված է հասցրել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցուն»,- ասաց ՀՀ արտգործնախարարը:   Մնացականյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ՌԴ ջանքերը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, իսկ Հայաստանը եղել և մնում է հարցի խաղաղ կարգավորման կողմնակից:
17:04 - 12 հոկտեմբերի, 2020
Մնացականյանն անհրաժեշտ համարեց կրակի դադարեցումն ու խիստ կարևորեց ՌԴ-ի դերը այս հարցում |armenpress.am|

Մնացականյանն անհրաժեշտ համարեց կրակի դադարեցումն ու խիստ կարևորեց ՌԴ-ի դերը այս հարցում |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման  վերաբերյալ Մոսկվայում համաձայնեցված իր պարտավորությունները: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նա նշեց, որ այն, ինչին բախվել են Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, էքզիստեցիալ վտանգի մարմնավորում է համարվում, որը հասունանում էր տասնյակ տարիների ընթացքում, որի մասին խոսել են անընդհատ: «Մենք կարողացել ենք հասնել որոշակի արդյունքների՝ շնորհիվ ձեր և նախագահ Վլադիմիր Պուտինի ներգրավվածության: Մեզ հաջողվեց նախարարների մակարդակով համաձայնեցնել կրակի դադարեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն: Մենք բարձր ենք գնահատում ձեր անձնական և Ռուսաստանի Դաշնության նախագահի ներդրումը, որ կարողացանք հասնել այսպիսի արդյունքի»,- ասաց Մնացականյանը: Նախարարն անհրաժեշտ համարեց դադարեցնել մարտական գործողությունները և խիստ կարևորեց Ռուսաստանի դերը այս հարցում: «Ցավոք, այս պահին չենք կարող գործնականում արձանագրել, որ ունենք լիարժեք կրակի դադարեցում: Եվ բառացիորեն նախքան այստեղ գալը, շարունակում էր տեղեկություններ ստացվել, որ Ադրբեջանը չի կատարում կրակի դադարեցման իր պարտավորությունները: Եվ այդ առումով ես ուզում եմ ընդգծել վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրման կարևորությունը, որով կարող ենք հասնել այդ ռեժիմի պահպանմանը»,- ասաց Մնացականյանը: ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` սեպտեմբերի 27-ից սկսած շարունակվում է Արցախի ժողովրդի դեմ լայնամասշտաբ ագրեսիան Ադրբեջանի կողմից: «Ընդ որում, բաց ներկայացվում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային ճանապարհով լուծման իրական նպատակները»,- նշեց Մնացականյանը՝ ընդգծելով, որ այլևս գաղտնիք չեն Արցախի ֆիզիկական բնաջնջման նկրտումները: ԱԳ նախարարը Սերգեյ Լավրովին ներկայացրեց քաղաքացիական բնակչության զոհերի և վիրավորների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև շենք-շինությունների և ենթակառուցվածքների վնասի չափերը: Մնացականյանը հայտնեց, որ հակառակորդը խաղաղ բնակչության դեմ օգտագործել է հրետանի, հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր, ավիացիա: «Կան զոհեր և վիրավորներ Ադրբեջանի կողմից կասետային ռումբերի կիրառման հետևանքով»,- հավելեց Մնացականյանը:
14:41 - 12 հոկտեմբերի, 2020
Մոսկվայում ձեռք բերված զինադադարի համաձայնագրերը լիովին չեն հարգվում․ Լավրով

Մոսկվայում ձեռք բերված զինադադարի համաձայնագրերը լիովին չեն հարգվում․ Լավրով

Մոսկվայում ձեռք բերված Լեռնային Ղարաբաղում զինադադարի համաձայնագրերը լիովին չեն հարգվում։ Ինչպես հայտնում է ТАСС-ը, այս մասին այսօր ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՝ իր հայ գործընկեր Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները սկսելիս։ «Անցած ուրբաթ և շաբաթ օրերը, համենայն դեպս, շաբաթ օրվա մի մասը, մենք անցկացրեցինք այստեղ ՝ այս շենքում, մեր ադրբեջանցի գործընկերոջ հետ միասին: Կարևոր պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագահ Պուտինի նախաձեռնությամբ։ Մենք տեսնում ենք, որ այս համաձայնագիրը դեռ ամբողջությամբ չի հարգվում, և ռազմական գործողությունները շարունակվում են», - ասել է Լավրովը։ Նա հույս հայտնեց, որ առաջիկա շփումները կօգնեն կյանքի կոչել Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունները։ Թարգմանությունը՝ Վաղինակ Ասատրյանի։
13:37 - 12 հոկտեմբերի, 2020