Ռոմանոս Պետրոսյան

Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետն է։

Ծնվել է 1979թ. օգոստոսի 26-ին։

2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը։

2003-2006թթ. - Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում (ՄՊՍԿ) աշխատել է որպես ուսումնական նախագծի ղեկավար, 2006-2007թթ.- աշխատել է «Հայր եւ Որդի Երիցյաններ» ընկերությունում։ 2007-2008թթ. – աշխատել է Մոսկվայի «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում, 2009-2014թթ. - «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ ընկերության գլխամասային վաճառքի բաժնում, 2015-2016թթ. եղել է «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգի Կոմերցիոն բաժնի ղեկավար, 2017-2018թթ․ տնօրինել է «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ -ն։ 1997թ.-ից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերության անդամ: 2009-2013թթ. եղել է նույն կազմակերպության Խմբապետական խորհրդի ղեկավար:  

2018թ. հունիսի 1-ից մինչեւ 2020 թվականի հուլիսի 30-ը եղել է ՀՀ Կոտայքի մարզպետ։ 

2020-2021թթ. աշխատել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար։
2021թ. դեկտեմբերի 9-ին նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար

Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Շրջակա միջավայրի նախարարը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել է ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երի համատեղ զեկույցին

Շրջակա միջավայրի նախարարը միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրել է ՀՀ և ԱՀ ՄԻՊ-երի համատեղ զեկույցին

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքում հայտնել է, որ այսօր նոր գրությամբ դիմել է դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի և Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի համատեղ հրապարակային զեկույցին՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական օբյեկտների և խաղաղ բնակչության նկատմամբ մասսայական ոչնչացման քիմիական տարրեր պարունակող (հավանաբար՝ սպիտակ ֆոսֆոր), հրկիզվող զինամթերք կիրառելու վերաբերյալ, նշելով, որ դրանք միջազգային հումանիտար իրավունքի, սովորույթային իրավունքի և շրջակա միջավայրի իրավունքի կոպիտ խախտումներ են։Հայտարարությունում ընդգծվել է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող և Թուրքիայի կողմից լիովին սատարում վայելող նման ռազմական հանցագործությունները հանգեցրել են Արցախի ժողովրդի կյանքի և առողջության համար երկարաժամկետ վտանգավոր հետևանքների։ Նշվել է, որ այդ զեկույցը ապացույցների վրա հիմնված փաստաթուղթ է, որը ներառում է իրավական վերլուծություններ և համապարփակ ու մանրակրկիտ կերպով ներկայացնում Արցախի քաղաքացիական բնակչության գոյատևման համար անհրաժեշտ օբյեկտների ոչնչացումը, ինչպես նաև լայնամասշտաբ և ծանր հետևանքները Արցախի անտառային տարածքների և շրջակա միջավայրի վրա։      
21:34 - 07 նոյեմբերի, 2020
ՇՄ նախարարը դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին

ՇՄ նախարարը դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը համապատասխան գրությամբ դիմել է բնապահպանական կոնվենցիաների գործադիր քարտուղարներին, միջազգային կազմակերպություններին ու գործընկերներին՝ նրանց ուշադրությունը հրավիրելու շարունակվող լայնածավալ ռազմական ագրեսիային, որը սանձազերծվել է Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների աջակցությամբ:«Հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի զինված ուժերը գործել են հերթական ռազմական հանցագործությունը Արցախի բնակչության նկատմամբ՝ կիրառելով հրկիզվող զինատեսակ՝ պարունակելով ամենայն հավանականությամբ սպիտակ ֆոսֆոր (տեսանյութեր՝ 1. https://bit.ly/3mNoZVU, 2. https://bit.ly/384jPkk):Լայնամասշտաբ օդային կրակահերթը հրկիզվող ռազմական ուժի կիրառմամբ տեղի է ունեցել բնակավայրերի մերձակայքում գտնվող անտառային տարածքների վրա: Այն կարող է նաև անդառնալի վնաս պատճառել շրջակա միջավայրին՝ լայնածավալ անտառային հրդեհներից մինչև օդի, հողի, ջրի և կենսաբանական բազմազանության կայուն աղտոտման: Կարևոր է նշել, որ այս տարածքները բնակավայր են հազվագյուտ և անհետացող տեսակների համար, որոնք ներառված են Արցախի բույսերի և կենդանիների Կարմիր ցուցակում, ինչպես նաև Բնության պահպանության միջազգային միության (ԲՊՄՄ, IUCN) Կարմիր ցուցակում ընդգրկված տեսակների համար, ինչպիսիք են պարսկական (կովկասյան) ընձառյուծները, սև և սպիտակագլուխ անգղերը, գորշ արջերը և ուրիշներ:Այդ կանխատեսված հարձակումները ուղղված են ոչ միայն Արցախի անտառային տարածքներում ապաստան փնտրող քաղաքացիական բնակչությանը և զինված ուժերին վնաս հասցնելուն, այլև թիրախավորել են այդ տարածքի էկոհամակարգը՝ զանգվածային անտառային հրդեհներ հրահրելու և կործանարար ավերումներ շրջակա միջավայրի աղտոտում առաջացնելու նպատակով:Միջազգային հանրությունը պարտավոր է դատապարտել ռազմական հանցագործությա ն մեղավորներին, ենթարկել նրանց պատասխանատվության և կանխել հնարավոր հետագա նմանօրինակ լայնամասշտաբ հարձակումները: Այդ պարտավորությունն այսօր առավել արդիական է, քանի օրեցօր ադրբեջանական ռեժիմն ընդարձակում է հարձակումների ծավալները և ի լրումն Արցախի դեմ կիրառվող զինտեխնիկայի ավելացնում է նոր, ավելի վտանգավոր զինատեսակներ՝ դրանով իսկ մեծացնելով հումանիտար և բնապահպանական աղետի անդառնալիությունը, վտանգավորության աստիճանը և ծավալները: Նախարար Պետրոսյանը կոչ է արել վճռական գործողությունների՝ Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու և Բաքվին ստիպելու դադարեցնել ագրեսիան և ռազմական հանցագործությունները:Կոչ է արվել նաև կազմակերպություններին ստանձնել պատասխանատվություն պահպանելու արժեքավոր էկոհամակարգերը՝ կանխելու հնարավոր էկոցիդը (պատերազմների ժամանակ հաճախ հակառակորդը էկոհամակարգն է թիրախ դարձնում և ոչնչացնում կանխամտածված կերպով) Արցախի Հանրապետության տարածքում»,- ասված է ՇՄՆ տարածած հաղորդագրության մեջ:
19:30 - 02 նոյեմբերի, 2020
Ռոմանոս Պետրոսյանը խորհրդակցություն է անցկացրել Վանաձորի անտառտնտեսության անձնակազմի հետ

Ռոմանոս Պետրոսյանը խորհրդակցություն է անցկացրել Վանաձորի անտառտնտեսության անձնակազմի հետ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է: Ինչպես հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսության» անձնակազմի հետ, քննարկել առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման համատեքստում համատեղ անելիքները: Անհրաժեշտ է կարճ ժամկետներում գույքագրել բոլոր խնդիրները, հավասարակշռված և արդյունավետ կառավարման մեխանիզմներ ներդնել, աշխատանքներն ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական դաշտում դնել իսնտիտուցիոնալ հենքի վրա։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՇՄ նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության պետ Վահրամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ֊ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը և Վանաձորի անտառտնտեսության ղեկավար կազմը։ Նախարարն անդրադարձել է արձանագրվող անտառխախտման, փայտագողության դեպքերին, որոնք անհանգստացնող են իրենց ծավալներով։ Խնդրի լուծման համար անհրաժեշտ է ներդնել ոչ միայն գործուն միջոցներ ու գործիքակազմ, այլև կամք՝ անտառին սպառնացող վտանգները չեզոքացնելու համար։ «Հուժկու պայքարն անտառխախտումների դեմ և կարճ ժամկետներում շեշտակի արդյունքների գրանցումն առաջնահերթություն է։ Մենք անհանդուրժող ենք լինելու անտառի հաշվին սեփական կարիքները բավարարողների հանդեպ»,- եզրափակել է նախարար Պետրոսյանը։
17:11 - 25 սեպտեմբերի, 2020
Շրջակա միջավայրի նախարար Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին

Շրջակա միջավայրի նախարար Պետրոսյանը աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալներին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը սեպտեմբերի 23-ին գերատեսչության աշխատակազմին է ներկայացրել նախարարի նորանշանակ տեղակալներ Տիգրան Սիմոնյանին և Աննա Մազմանյանին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: «Ներկայացնելով Տիգրան Սիմոնյանին նախարարը Պետրոսյանն առանձնահատուկ շեշտեց վերջինիս գիտական ոլորտում ունեցած հարուստ փորձը, որը նախարարի տեղակալը մեծ նվիրումով պատրաստ է ներդնել շրջակա միջավայրի գիտական բաղադրիչի զարգացման ուղղությամբ, մասնավորապես՝ օրենսդրական դաշտի բարեփոխումների և իրավական ընթացակարգերի բարելավման ուղղությամբ։ Անդրադառնալով Աննա Մազմանյանին նախարար Պետրոսյանն ընդգծեց նորանշանակ տեղակալի մասնագիտական հմտությունները, որոնք թույլ կտան արդյունավետության նոր սանդղակ նախարարության գործունեության մի շարք ոլորտներում։ Նախարարը հույս հայտնեց, որ նոր նշանակված նախարարի տեղակալներն իրենց գիտելիքով ու ներուժով կնպաստեն Շրջակա միջավայրի նախարարության ինստիտուցիոնալ կայուն զարգացմանը՝ իրենց վստահված ոլորտների արդյունավետ կառավարմամբ, մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշների, հմտությունների և կարողությունների առավելագույն ներդրմամբ։ Նախարար Պետրոսյանը վստահեցրեց, որ գերատեսչությունում ընթացող կադրային բարեփոխումներն ուղղված են Շրջակա միջավայրի նախարարության առողջացմանն ու նպատակ են հետապնդում ձևավորել թափանցիկ աշխատաոճ, մասնագիտական կայուն համակարգ և կարգապահություն։ Հավելենք նաև, որ նախարարի տեղակալ Աննա Մազմանյանին վստահված է համակարգել գերատեսչության ԲՀՊՏ-ների 6 ՊՈԱԿ-ներ՝ կանոնակարգելով դրանց տնտեսական բաղադրիչները, գերատեսչության՝ վերոհիշյալ ոլորտի քաղաքականության մշակման վարչությունը և մի շարք խոշոր ծրագրեր։ Նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը համակարգելու է ՇՄՆ 4 վարչություններն ու 3 ՊՈԱԿ-ները, այդ թվում՝ Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ը և ՇՄՆ իրավական բլոկը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
20:23 - 23 սեպտեմբերի, 2020
Համատեղ ծրագրեր՝ հանուն ավելի առողջ շրջակա միջավայր ունենալու․ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Համատեղ ծրագրեր՝ հանուն ավելի առողջ շրջակա միջավայր ունենալու․ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ-Հաթինգի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։ Ողջունելով հյուրին նախարար Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծել կլիմայական փոփոխությունների և բնապահպանական աղետների կանխման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունն ու դրանց համատեքստում՝ երեխաների վրա բացասական ազդեցությունների չեզոքացումը։ Նախարար Պետրոսյանն ընդգծել է, որ երեխաների, դեռահասների և երիտասարդների վրա կլիմայի փոփոխությունների բացասական ազդեցությունների մեղմման գործում առանցքային նշանակություն ունի էկոկրթական բաղադրիչը, որը թույլ կտա անգամ նախակրթական տարիքից ձևավորել բնության նկատմամբ պատասխանատու ու հոգատար վարք դրսևորող քաղաքացու։ Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիեն Քլարկ-Հաթինգը շնորհակալություն է հայտնել նախարար Պետրոսյանին ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար, ապա հակիրճ ներկայացրել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի օրակարգը։ Տիկին Քլարկ—Հաթինգը, մասնավորապես անդրադարձել է երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի եռամյա ծրագրին, ապա առաջարկել դիտարկել կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրում երեխաներին առնչվող նախագծերի իրականացման հնարավորությունները: Նախարար Պետրոսյանը շեշտել է, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցառումները, որոնք կնպաստեն Հայաստանում շրջակա միջավայրի բարելավմանն ու առողջացմանը՝ ակտիվորեն ներգրավելով հասարակության բոլոր շերտերին, մասնավորապես՝ երիտասարդներին։Այդ ուղղությամբ իրականացվում են ինչպես օրենսդրական բարեփոխումներ, այնպես էլ գործնական քայլեր կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում՝ էկոկրթական բաղադրիչը ինստիտուցիոնալ հենքի վրա դնելու համար։ Այդ համատեքստում նախարար Պետրոսյանն առանձնացրեց ՏԻՄ օրենքում ՇՄՆ կողմից առաջարկված օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն իսկ հավանության է արժանացել և գտնվում է գործարկման փուլում։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան (ԿՓՇԿ) վավերացրել է դեռևս 1993թ., իսկ 2018թ. մեկնարկել է Ազգային հարմարվողականության ծրագիրը (ՀԱԾ), որի նպատակն է աջակցել Հայաստանին՝ կլիմայի փոփոխության (ԿՓ) ՀԱԾ մշակման ուղղությամբ։ Հանդիպման ավարտին շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը ինչպես գործող, այնպես էլ նախատեսվող ծրագրերի շրջանակներում՝ ի նպաստ շրջակա միջավայրի առողջացման և երեխաների վրա բնական աղետների և կլիմայի փոփոխությունների ազդեցությունների մեղմման և չեզոքացման։ Տիկին Մարիեն Քլարկ-Հաթինգը շնորհակալություն հայտնեց նախարար Պետրոսյանին ընդունելության համար և հույս հայտնեց, որ համատեղ ուժերի ներդրման շնորհիվ նախանշված թիրախները հնարավոր կլինի հաղթահարել ամենասեղմ ժամկետներում։
13:01 - 23 սեպտեմբերի, 2020
Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցչի տեղակալ Միխաելա Ստոյկոսկան։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ողջունել է Դմիտրի Մարիասինին՝ առանձնահատուկ շեշտելով, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի և Շրջակա միջավայրի նախարարության 20-ամյա համագործակցությունը չափվում է բազմաթիվ հաջողված ծրագրերով, և ըստ էության, ամենօրյա և արդյունավետ աշխատանքի արգասիքներով։ Դմիտրի Մարիասինն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարար Պետրոսյանին ջերմ ընդունելության ու կառուցողական աշխատաոճի համար և շնորհավորել՝ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։ Հանդիպման օրակարգը ներառում էր շրջակա միջավայրին վերաբերող բազմաշերտ մի շարք ոլորտներ։ Կողմերն անդրադարձել են Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի, Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսական օժանդակությամբ Շրջակա միջավայրի նախարարության համակարգման ներքո իրականացվող կլիմայի փոփոխության, անտառների կառավարման, կենսաբազմազանության և ԲՀՊՏ-ների պահպանության, ինչպես նաև թափոնների կառավարման ոլորտներին առնչվող ծրագրերին։ Ներկայումս նախարարության համակարգմամբ ՄԱԶԾ կողմից իրականացվում է տասը ծրագիր, որոնք առնչվում են ինչպես հողերի և անտառների կայուն կառավարմանը, Հայաստանում կլիմայի փոփոխության ազդեցության մեղմմանը, անտառային և դաշտային հրդեհների կառավարման կարողությունների զարգացմանը, այնպես էլ, շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցմանն ու մասշտաբավորմանը։ Իրականացվող բոլոր ծրագրերի բյուջեն ընդհանուր կազմում է ավելի քան 35 միլիոն դոլար։ Կարևորելով Սևանի պահպանության և առողջացմանն ուղղված աշխատանքները, նախարար Պետրոսյանը Դմիտրի Մարիասինին է ներկայացրել «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումների ու կադրային նոր քաղաքականության իրականացման ընթացքը, որ վերջնարդյունքում պետք է հանգեցնի Սևանի էկոլոգիական վիճակի բարելավմանն ու լճի կենսապաշարների կայուն կառավարմանը։ Կողմերը քննարկել են Սևանա լճի էկոհամակարգի բարելավմանն ուղղված համատեղ ծրագրերի ընթացիկ արդյունքներն ու համագործակցության հնարավոր եզրերը։ Չշրջանցելով նաև անտառվերականգնմանն ուղղված աշխատանքները, նախարար Պետրոսյանն ու Դմիտրի Մարիասինն անդրադարձել են նաև անտառային կառավարման ոլորտում համատեղ ծրագրերին։ Նախարար Պետրոսյանը տեղեկացրել է, որ այս պահին Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ևս ընթանում են խորքային փոփոխություններ։ Կադրային վերափոխումների արդյունքում մոտ ապագայում անհամեմատ կբարձրանա կառույցի աշխատանքային արդյունավետությունը։ Կողմերը քննարկել են նաև մի շարք միջազգային` Գլոբալ էկոլոգիական և Կանաչ կլիմայի հիմնադրամների հետ համատեղ իրականացվող ծրագրերը, որոնք առնչվում են ինչպես Հայաստանում էներգաարդյունավետ տեխնոլոգիաների ներդրման, այնպես էլ էներգախնայող վարքի մշակույթի ձևավորմանը, ինչն էապես կարող է ազդել էներգակիրների կայուն կառավարման և վերարտադրվող էներգիայի մեխանիզմների կայացման և կատարելագործման վրա։ Հանդիպման ավարտին նախարար Պետրոսյանն իր պատրաստակամությունն է հայտնել էլ ավելի խորացնել համագործակցությունը ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի հայաստանյան գրասենյակի հետ` ինչպես կառույցների, այնպես էլ անձնական շփման մակարդակներում՝ հանուն ավելի առողջ շրջակա միջավայրի։ Դմիտրի Մարիասինը շնորհակալություն է հայտնել նախարար Պետրոսյանին՝ հույս հայտնելով, որ հանդիպումները կկրեն շարունակական բնույթ, իսկ նոր ծրագրերը կմեկնարկեն ամենամոտ ապագայում։
16:37 - 22 սեպտեմբերի, 2020
Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատարին

Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատարին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ողջունել է տիկին Ահլամ ԱլՍալամիին, ապա կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամին շնորհակալություն է հայտնել նախարար Պետրոսյանին ջերմ ընդունելության համար, ապա կողմերը զրուցել են համատեղ ծրագրերի իրականացման և նոր ծրագրերի նախադրյալների առկայության մասին։ Հիշեցնենք, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության և Միացյալ Արաբական Էմիրությունների կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարարության միջև 2019թ. հունվարի 15-ին ստորագրվել է հուշագիր՝ շրջակա միջավայրի պահպանության բնագավառում համագործակցության մասին:Նախարարն անդրադարձավ վերոնշյալ հուշագրով սահմանված համագործակցության ոլորտներին, ինչպես նաև ընդգծեց անհրաժեշտությունը՝ ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակները։ Կողմերն առանձնահատուկ ուշադրության արժանացրին պահպանվող տարածքների կառավարման և ընդլայնման, ինչպես նաև վտանգված տեսակների պահպանության և վերաբնակեցման ոլորտում համատեղ գործողություններին: Վերոնշյալ ոլորտում համագործակցությունը կարևորվում է՝ հաշվի առնելով ԱՄԷ առաջադեմ և հաջողված փորձը, ինչպես նաև հանգամանքը, որ Հայաստանը հանդիսանում է կենսաբազմազանության աշխարհի 25 «թեժ կետերից» մեկը՝ շնորհիվ մեր երկրի հարուստ բուսական և կենդանական աշխարհների։Այս համատեքստում նախարար Պետրոսյանը պատրաստակամություն հայտնեց համագործակցել Գեղանի արոսի «Asian Houbara» վերաբնակեցման և Հայաստանի հարավ-արևմուտքում վերջինիս բազմացման հեռանկարներին ուղղված ծրագրի իրականացման շրջանակներում։ Ակնկալվում է ԱՄԷ կողմից աջակցություն ստանալ ինչպես փորձագիտական մակարդակում, այնպես էլ Գեղանի արոսի «Asian Houbara» անհրաժեշտ առանձնյակների ձեռքբերման և Հայաստան տեղափոխման հարցում։ Անդրադառնալով «Արաբական այծքաղ (օրիքս) դիվանագիտություն» նախաձեռնությանը՝ կողմերը քննարկեցին շրջակա միջավայրի կայուն կառավարմանն ու կենսաբազմազանության պահպանության արդյունավետության բարձրացմանն ուղղված գործողությունները։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ու ԱՄԷ դեսպանության ժամանակավոր հավատարմատար տիկին Ահլամ ԱլՍալամի չշրջանցեցին նաև անտառային քաղաքականության մշակման և իրագործման ոլորտում համագործակցության հեռանկարների ընդլայնման հնարավորությունները։ ԱՄԷ գործընկերները հայկական կողմին առաջարկ էին ուղղել Հայաստանում իրականացնել «Ղաֆ» ծառի տնկման լայնածավալ ծրագիր։ Հիշեցնենք, որ այդ ծառատեսակն աշխարհում հռչակվել է որպես հանդուրժողականության խորհրդանիշ։ Նախարար Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնել մասնագիտական շրջանակների հետ քննարկումներից հետո իրականություն դարձնել ծառատեսակի միջոցով մեր երկրում անտառածածկ նոր հատվածների հիմնելու նախաձեռնությանն ու նշել, որ նման համագործակցությունը յուրօրինակ խթան կհանդիսանան երկկողմ ոլորտային համագործակցության զարգացման համար։ ➡️Թափոնների կառավարման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման համատեքստում նախարար Պետրոսյանը, մասնավորապես անդրադարձավ թափոնների վերամշակմանն ուղղված հզորությունների և կարողությունների ստեղծման ու կայացման գործում ԱՄԷ հարուստ փորձի և ներդրումային հնարավորությունների խնդրին։Նա ներկայացրեց «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որով նախատեսվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի վարչական տարածքում Եվրոպական Միության չափանիշներին համապատասխան սանիտարական աղբավայր կառուցել (ներառյալ ենթակառուցվածքները, շինություններն ու կառույցները) և ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ։ Կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին քննարկելու նաև վերոնշյալ ծրագրի շրջանակնրում համագործացկության հնարավորությունը։Նախարար Պետրոսյանը նշեց, որ հայկական կողմը պատրաստակամ է ԱՄԷ կողմին տրամադրել թափոնների կառավարման բնագավառում ինչպես այժմ իրականացվող ծրագրերի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունները, այնպես էլ սպասվող նախագծերին առնչվող տվյալներ: Հանդիպումն անցավ ջերմ և գործընկերային մթնոլորտում։
14:38 - 18 սեպտեմբերի, 2020
Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և Լիազոր դեսպան Լին Թրեյսիին

Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և Լիազոր դեսպան Լին Թրեյսիին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և Լիազոր դեսպան Լին Թրեյսիին։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքացիական հարցերով պատասխանատու Մետյու Պետիտը։ Նախ անդրադարձանք ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համագործակցության արդյունավետությանը։ Շրջակա միջավայրի նախարարության հետ ԱՄՆ ՄԶԳ-ի համագործակցությունը սկսվել է դեռևս 2000 թվականին: ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելությունն իր շարունակական աջակցությունն է ցուցաբերում ՀՀ կառավարությանը ջրային ոլորտի ծառայությունները բարելավելու գործընթացում՝ նպաստելով Հայաստանի ջրային ոլորտի հարմարվողականությանը կլիմայի փոփոխության ազդեցություններին և բարձրացնելով ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետությունը։ Բնապահպանական գերատեսչության և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության համագործակցության արդյունքում 2000թ.-ից սկսած ջրերի կառավարման բնագավառում իրականացվել են մի շարք ծրագրեր՝ ջրային ոլորտի կառավարման ինստիտուցիոնալ և օրենսդրական հզորացման ծրագրերի իրականացման շրջանակներում։ Դեսպան Թրեյսիի հետ քննարկեցինք նաև 2015թ. մեկնարկած «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» ծրագիրը, որի նպատակն է գիտական, տեխնոլոգիական, նորարարական նախաձեռնությունների և շահագրգիռ կողմերի հետ համագործակցության միջոցով աջակցել Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների կայուն կառավարմանը և ջրօգտագործողների կողմից առաջադեմ փորձի կիրառմանը։ Ծրագրի բյուջեն կազմում է մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլար։ Կողմերն անդրադարձանք նաև «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (ՍԻԹԵՍ) թույլտվությունների առցանց տրամադրման համակարգի ներդրմանը, որը կապահովի գլոբալ առևտրի գործընթացի դյուրինացում և անօրինական առևտրի կանխում՝ հատկապես Կոնվենցիայի կողմ հանդիսացող զարգացող երկրների համար, թույլ կտա կրճատել թույլտվությունների տրամադրման ժամանակահատվածը և կկրճատի ծախսվող ռեսուրսների քանակը, կբարելավի ծառայությունների մատուցման որակ և կկատարելագործի լիազոր մարմինների հսկողական գործառույթները, փոխգործակցությունը և տեղեկատվության փոխանակումը։ Իմ գոհունակությունն հայտնեցի համատեղ իրականացվող ծրագրերի որակի վերաբերյալ և առանձնահատուկ շեշտեցի, որ միջազգային համագործակցությունը Շրջակա միջավայրի նախարարության գործունեության առաջնային ուղղություններից է, և նախարարությունը պատրաստ է հետայսու ևս սերտ և գործընկերային մթնոլորտում ձեռնամուխ լինել երկկողմ նախագծերի իրականացմանն ու նոր ծրագրերի մեկնարկին»։
17:12 - 16 սեպտեմբերի, 2020
«Տաթև» ազգային պարկը կարող է հիմնվել տեսանելի ապագայում. Ռոմանոս Պետրոսյան

«Տաթև» ազգային պարկը կարող է հիմնվել տեսանելի ապագայում. Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ընդունեցի Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (World Wide Fund for Nature Armenian branch) տնօրեն Կարեն Մանվելյանին։ Շրջակա միջավայրի նախարարություն - WWF-Հայաստան համագործակցությունը մեկ տասնյակ տարվա պատմություն ունի, որի շրջանակներում գերատեսչությունը հիմնադրամի հետ համատեղ իրականացրել է բազմաթիվ կարևորագույն բնապահպանական ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների զարգացմանը և հզորացմանը։ Կառույցի հիմնական նպատակն է աջակցել Հայաստանին պահպանել վտանգված տեսակները, վերականգնել էկոհամակարգերը, իրականացնել կլիմայի փոփոխության ազդեցությունը մեղմացնող գործողություններ, ներդնել տնտեսական մեխանիզմներ՝ տեղական համայնքներում այլընտրանքային կենսամիջոցների ստեղծման նպատակով, այդպիսով խթանել բնական պաշարների կայուն օգտագործմանն ու պաշտպանել կենսաբազմազանությունը։ Պարոն Մանվելյանի հետ քննարկեցինք օրակարգի առանցքային թեմաներ, որոնք մեծամասամբ վերաբերվում էին Շրջակա միջավայրի նախարարության և հիմնադրամի համագործակցության զարգացմանը, ընթացիկ ծրագրերին ու առկա խնդիրների լուծմանը։ Հստակեցրեցինք մեր հետագա քայլերի ճանապարհային քարտեզը։ Առանձնահատուկ հիշատակման արժանացավ «Տաթև ազգային պարկ»-ի ստեղծման գաղափարը, որն իրագործման դեպքում կներառի շուրջ 10․000 հեկտար տարածք՝ այդ կերպ Սյունիքի մարզում ձևավորելով տեղի հարուստ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված կարևոր օղակ ։ «Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցություն» տարածաշրջանային ծրագրի համատեքստում անդրադարձանք ինչպես ֆինանսական, այնպես էլ միջպետական համագործակցության բաղադրիչներին՝ չշրջանցելով էկոլոգիական կայուն հողօգտագործման գործելակերպի մշակույթի ներդրման անհրաժեշտությունը։ Ծրագրի նպատակն է դարձնել այս միջանցքները տարածաշրջանային էկոլոգիական ցանցի անբաժանելի մասերը։ «Հայաստանում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցում» ծրագրի համատեքստում քննարկման առարկա դարձավ Հայաստանում ազնվացեղ եղջերուի պոպուլյացիայի վերականգնն ուղղված աշխատանքների մեկնարկն ու գրանցված արդյունքները։ Հիշեցնեմ, որ Հայաստանում արդեն իսկ գործում է «Դիլիջան» ազգային պարկում կառուցված Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնը, որը կենտրոնում ծնված եղջերուներին ադապտացման շրջանից հետո ազատ է արձակում բնություն։ Շնորհակալություն հայտնեցի իրականացված աշխատանքների համար և իմ լիարժեք աջակցությունը հայտնեցի՝ մեր գերատեսչության լիազորությունների սահմանում աջակցել ընթացիկ ծրագրերին։ Մեր գործընկերներին վստահեցրեցի, որ մենք բաց ենք ցանկացած առաջարկի և քննարկման համար։Յուրաքանչյուր գործունեություն, որը դրական ազդեցություն կունենա Հայաստանի յուրահատուկ բնության, յուրօրինակ կենսաբազմազանության պահպանման և պաշտպանության վրա՝ ողջունելի են, իսկ շրջակա միջավայրի նախարարությունը պատրաստակամ՝ աջակցել ու մասնակցել նմանօրինակ բոլոր ծրագրերի կյանքի կոչմանը»։
15:25 - 16 սեպտեմբերի, 2020
Եղեգիս գետի 17 ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները կվերանայվեն

Եղեգիս գետի 17 ՓՀԷԿ-երի ջրօգտագործման թույլտվությունները կվերանայվեն

Հաշվի առնելով Եղեգիս գետի կիրճում առկա բնապահպանական աղետալի իրավիճակն ու գետում առաջացած անթույլատրելի սակավաջրությունը հանձնարարել եմ սեղմ ժամկետներում ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը կզբաղվի Եղեգիս գետի վրա տեղակայված փոքր ՀԷԿ-երում առկա խնդիրներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։«Առաջնահերթ ուսումնասիրության պետք է ենթարկվեն Եղեգիս գետի վրա տեղակայված 17 հիդրոէլեկտրակայաններին տրամադրված ջրօգտագործման թույլտվությունները, վերհանվեն դրանցում առկա անհամապատասխանություններն ու անճշտությունները, վերանայվեն ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված չափաքանակներն ու հստակեցվի ՓՀԷԿ-երի կողմից փաստացի իրականացվող ջրառի ծավալը։Հավաքագրված տեղեկատվության հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի հետ համատեղ կմեկնարկի ստուգումների շարք՝ արձանագրելու գետի դերեվացիոն խողովակներով ծանրաբեռնված բոլոր հատվածները։ Համապատասխան օրենսդրական գործիքակազմով կսահմանվեն խիստ հսկողական ու վերահսկողական մեխանիզմներ՝ կարճաժամկետ հեռանկարում գետի խախտված էկոհամակարգը վերականգնելու և տնտեսվարողների գործունեությունը բացառապես օրինական դաշտ բերելու համար։Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ՓՀԷԿ-երի կողմից իրականացվող էկոթողքի սահմանաչափերին։ Հստակ հանձնարարություն եմ տվել՝ ապահովել բնապահպանական թողքի երաշխավորված ծավալի սահմանաչափը, կարճ ժամկետներում ներկայացնել վերոհիշյալ ոլորտը կանոնակարգող օրենսդրական նախագիծ՝ էկոթողքի խիստ վերահսկողություն սահմանելու համար։Աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրության պարտադիր բաղադրիչ է դառնալու նաև ՓՀԷԿ-երի կողմից կառուցված ձկնուղիների արդյունավետության, չափորոշիչներին համապատասխանելիության խնդիրը։Միջգերատեսչական աշխատանքային խմբում ներգրավվելու են ինչպես Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների, այնպես էլ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։Առանձնակի ուշադրություն է դարձվելու ոլորտը համակարգող օրենսդրական դաշտում առկա բացթողումների շտկման գործընթացին, կանոնակարգման համար անհրաժեշտ գործող օրենսդրական կարգավորումների լրամշակմանն ու նոր օրինագծերի մշակմանը։Փոքր ՀԷԿ-երը Հայաստանի Հանրապետության էներգետիկ անկախության և անվտանգության կարևոր օղակ են, սակայն դրանց գործունեությունը չպետք է վնասի շրջակա միջավայրին՝ խաթարելով էկոհամակարգերն ու սպառնալով կենսաբազմազանության անվտանգությանը», - գրել է նա։
16:10 - 15 սեպտեմբերի, 2020
Ռոմանոս Պետրոսյանն այսօր առաջին աշխատանքային առցանց հանդիպում-քննարկումն է ունեցել Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչների հետ

Ռոմանոս Պետրոսյանն այսօր առաջին աշխատանքային առցանց հանդիպում-քննարկումն է ունեցել Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչների հետ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր առաջին աշխատանքային առցանց հանդիպում-քննարկումն ունեցավ Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչների հետ։Հանդիպմանը մասնակցում էին նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, Շրջակա միջավայրի նախարարության Միջազգային համագործակցության վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանը, Վերականգնման վարկերի բանկի ներկայացուցիչներ՝ ի դեմս Արևելյան Եվրոպայում, Կովկասում և Կենտրոնական Ասիայում բնական ռեսուրսների և էներգետիկայի բաժնի ղեկավար Թոմաս Այզենբախը, ծրագրերի ղեկավար Ֆրանկ Մյորշլը և բանկի տարածաշրջանային ղեկավար Կլաուս Վեյգելը և հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանը։Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ ձևաչափում համատեղ ծրագրերի ընթացքին և դրանց ընդլայնմանը վերաբերող հարցերին։Քննարկվեցին 8.25 մլն եվրո ֆինանսական աջակցության «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի շրջանակում սոցիալ-տնտեսական և բնապահպանական ուղղվածության 14 դրամաշնորհային ծրագրերը՝ 350.000 եվրո ընդհանուր բյուջեով ծրագրերի վերաբերյալ մեր ընդհանուր տեսլականը։Անդրադարձ կատարվեց 23.2 մլն եվրո արժողությամբ «Հայաստանում կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացման ծրագրին», որն ուղղված է կենսաբազմազանությամբ հարուստ տարածքների կայուն կառավարմանն ու այդ տարածքներում մարդածին ներգործության նվազեցմանը, տեղական և ազգային մակարդակով շահագրգիռ կողմերի ներուժի հզորացմանը, ինչպես նաև տվյալ տարածքների կայուն ֆինանսական օժանդակության հնարավորությունների ստեղծմանը։Կովկասի բնության հիմնադրամի կողմից 2020 թվականին Հայաստանին տրամադրվող դրամաշնորհի շրջանակում իրականացվում է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող աշխատակիցների աշխատավարձերի հավելավճարների և այլ ընթացիկ ծախսերի ֆինանսավորում։ Քննարկվեցին տարածաշրջանային համագործակցության բաղադրիչները։Օրակարգային վերջին հարցը շրջակա միջավայրի բարեփոխումների վրա հիմնված վարկային համաձայնագիրն էր, որի շրջանակում Շրջակա միջավայրի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների շարք, որոնք կապված են կայուն անտառկառավարման, կենսաբազմազանության և բնության հատուկ պահպանվող տարածքների, շրջակա միջավայրի ստանդարտների և կանոնակարգերի հետ։։Միջազգային համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը շրջակա միջավայրի նախարարության առաջնային ուղղություններից է։
16:08 - 09 սեպտեմբերի, 2020
Նախատեսվում է մաքրել շուրջ 270 հեկտար ափամերձ անտառաշերտ. գործի է դրվել հատուկ տեխնիկա

Նախատեսվում է մաքրել շուրջ 270 հեկտար ափամերձ անտառաշերտ. գործի է դրվել հատուկ տեխնիկա

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արել․ «Սևանա լճի ափամերձ և ջրածածկման ենթակա անտառաշերտի մաքրման աշխատանքները շարունակվում են: Համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների»՝ 2020 թվականի տարեկան ծրագրի՝ Սևանա լճի ափամերձ հատվածների ջրածածկման ենթակա տարածքներում շարունակվում են անտառաշերտի մաքրման աշխատանքները։ Ափամերձ անտառաշերտը հատուկ տեխնիկայի և ձեռքի աշխատանքի օգնությամբ մաքրվում է ծառերից, թփերից ու բուսական այլ համակցություններից: Մաքրման ենթակա տարածք է մինչեւ 1901,5 մ նիշն ընկած առափնյա գոտին, որի մի մասն արդեն անցել է ջրի տակ, մի մասն էլ՝ ճահճի վերածվել։ Ծառերի և թփուտների մնացորդների դուրս բերումը առափնյա ջրածածկ գոտիներից ուղղված է Սևանի ջրերում կապտականաչ ջրիմուռների առաջացման պատճառների վերացմանը։ Հիշեցնեմ, որ նախորդ տարվա ընթացքում ափամերձ հատվածներից մաքրվել է շուրջ 140 հեկտար անտառածածկ տարածք։ Այս տարի նախատեսվել է մաքրել շուրջ 270 հեկտար ափամերձ անտառաշերտ։ Այս պահին ամբողջությամբ մաքրված է շուրջ 50 հեկտար։ Այս ամենի գերնպատակը մեկն է՝ վերականգնել Սևանա լճի էկոհամակարգը և երաշխավորել լճի անխոչընդոտ առողջացումը։  Տեսանյութն արված է «Սևան» Ազգային պարկի Վարդենիսի տեղամասում, Ծովակ համայնքի վարչական սահմանում»։
12:35 - 09 սեպտեմբերի, 2020
Առաջարկվում է ԱԱՀ-ից ազատել մինչև 5տ զանգված ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումը

Առաջարկվում է ԱԱՀ-ից ազատել մինչև 5տ զանգված ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումը

Շրջակա միջավայրի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նոր նախագիծ, որով առաջարկում է ավելացված արժեքի հարկից ազատել մինչև 5տ զանգված ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է նախարար Ռոմանոս Պետրոսյանը: «Հաշվի առնելով բեռնատար ավտոմեքենաների՝ վնասակար արտանետումների արդյունքում օդի աղտոտման նվազեցման հարցի կարևորությունը, ինչպես նաև էլեկտրամոբիլների ներմուծմամբ զբաղվող ընկերությունների կողմից բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծման մեծ հետաքրքրությունը, ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ավելացված արժեքի հարկից ազատել նաև մինչև 5տ զանգված ունեցող բեռնատար էլեկտրամոբիլների ներմուծումը»,- գրել է Պետրոսյանը: Նախարարը հիշեցրել է, որ 2019 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի ավելացված արժեքի հարկից ազատվում են էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների (մարդատար տրանսպորտային միջոցների, մոտոցիկլների և մոպեդների) ներմուծումը և օտարումը: «Օրենքի ընդունմամբ նպաստավոր պայմաններ են ստեղծվել երկրում էլեկտրական շարժիչով բեռնատար տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու կիրառումը խթանելու, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար (բեռնատար տրանսպորտային միջոցները մեծամասամբ աշխատում են դիզելային վառելիքով, ինչի օգտագործումը հանդիսանում է շարժական աղբյուրներից օդի աղտոտման հիմնական պատճառներից մեկը)»,- նշել է նախարարը: Նշված փոփոխությունից հետո՝ 2018 թվականի համեմատ, 2020 թվականի միայն առաջին կեսում, բացառապես էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրումը Հայաստան ավելացել է շուրջ 155 անգամ. 2018 թ. - 12 տ/մ, 2019 (երկրորդ կես) – 668 տ/մ,2020 (առաջին կես) – 1863 տ/մ: «Հարկ է նշել նաև, որ էլեկտրական շարժիչով բեռնատար տրանսպորտային միջոցների քանակի ավելացումն ուղղակիորեն կխթանի հանրապետությունում գիշերային ժամերին էլեկտրաէներգիայի սպառումը, քանի որ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների լիցքավորումը մեծամասամբ իրականացվում է գիշերային ժամերին։ Միաժամանակ, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների քանակի զգալի աճը կնպաստի նաև դրանց շահագործման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների (լիցքավորման կայաններ, վերանորոգման կետեր և այլն) զարգացմանը»,- գրել է Պետրոսյանը:
17:29 - 07 սեպտեմբերի, 2020
Սեւանա լճի 1905 մետրից ցածր շինությունների սեփականատերերին ծանուցում է ուղարկվել, որպեսզի իրենք քանդեն այն |armtimes.com|

Սեւանա լճի 1905 մետրից ցածր շինությունների սեփականատերերին ծանուցում է ուղարկվել, որպեսզի իրենք քանդեն այն |armtimes.com|

armtimes.com: Սեւանա լճի բնության հատուկ պահպանվող՝ ափամերձ տարածքներում սահմանված նիշից (1905 մետր) ցածր գտնվող բոլոր շենք-շինությունների սեփականատերերին «Սեւան ազգային պարկ»-ի կողմից ծանուցում է ուղարկվել, որ պարտավոր են նիշից ցածր գտնվող իրենց սեփականության կամ տիրապետության տակ գտնվող շենք-շինությունը քանդել։ Այս մասին հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։ Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Սասուն Միրոյանը լուսանկար էր տեղադրել իր էջում՝ գրելով, որ ապամոնտաժվում է ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի առանձնատան այն հատվածները, որոնք նիշից ներքեւ են գտնվում։ Դրանից հետո Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրել էր, թե շինությունը քանդվում է Գասպարյանի ցուցումով՝ լողափի տարածքը բարեկարգելու համար։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը շաբաթներ առաջ հայտնել էր, որ Գասպարյանի առանձնատան առափնյա մասն է 1905 մետր նիշից ցածր, ու այդ մի հատվածը անպայմանորեն ենթակա է քանդման: Ավելին՝ armtimes.com-ում
17:19 - 07 սեպտեմբերի, 2020
Անտառպահպանմանն ուղղված ծրագրերը ՀՀ բնապահպանական քաղաքականության կարևոր խնդիրներից են․ՇՄ նախարար

Անտառպահպանմանն ուղղված ծրագրերը ՀՀ բնապահպանական քաղաքականության կարևոր խնդիրներից են․ՇՄ նախարար

Հայաստանի Հանրապետությունում անտառվերականգնման և անտառպահպանման պետական ռազմավարությունը և գործողությունների ծրագրի մշակումը համարվում է երկրի բնապահպանական քաղաքականության կարևորագույն խդիրներից։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը և հավելել, որ Հայաստանում անտառները զբաղեցնում են տարածքի մոտ 11 տոկոսը։ «Հայաստանում անտառի խնդիրները բազմաբնույթ են, և դրանց լուծումները կապված են ոչ միայն անտառի կառավարման հետ, այլև հաճախ, դուրս են անտառային ոլորտից և առնչվում են էներգիայի, տնային տնտեսությունների տնտեսավարման, կրթության ու իրազեկության և այլ ոլորտներին։ Անտառպահպանման ու վերականգնման պետական ռազմավարությունը և գործողությունների ծրագրի մշակումը երկրի բնապահպանական քաղաքականության կարևորագույն խդիրներից են»,- նշել է Պետրոսյանը։ Նա ընդգծել է, որ անտառների դերն անգնահատելի է ոչ միայն բնության, այլև մարդու կյանքի և բարեկեցության համար։ Նախարարի խոսքով՝ այդ ոլորտում արվող քայլերը պետք է ուղղված լինեն անտառվերականգնման, առկա վիճակի բարելավման, բնապահպանական ու բնօգտագործման աշխատանքների ներդաշնակ զուգորդմանը, միջոլորտային համագործակցության և տարբեր մակարդակներում համակարգված գործողությունների մշակմանն ու միջազգային չափորոշիչներին համապատասխան միասնական ու կոորդինացված քաղաքականություն վարելուն։
14:09 - 07 սեպտեմբերի, 2020
Ձկնագողերը փորձել են ցանցով գողանալ Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ 280․000 հատ իշխանի Գեղարքունի տեսակի մանրաձկան զգալի խմբաքանակ

Ձկնագողերը փորձել են ցանցով գողանալ Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ 280․000 հատ իշխանի Գեղարքունի տեսակի մանրաձկան զգալի խմբաքանակ

ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր առավոտյան պարզ դարձավ, որ որոշ ձկնագողեր փորձել են ցանցի տեղադրման միջոցով գողանալ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ի կողմից օրերս Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողնված շուրջ 280․000 հատ իշխանի Գեղարքունի տեսակի մանրաձկան զգալի խմբաքանակ՝ Կարճաղբյուր գետում տեղադրված հատուկ ցանցերի միջոցով։«Սևան» ազգային պարկում նոր կազմավորված պահնորդական հատուկ ջոկատը հերթական շրջայցի ժամանակ՝ Կարճաղբյուրի ստորին հատվածներում, գտել է գետի ողջ լայնությամբ ձգված մանր ցանցավանդակ, որի միջոցով ձկնագողերը փորձել են հավաքել պետության կողմից ֆինանսավորվող ծրագրի միջոցով բուծված և Սևանա լճում ոչնչացման եզրին գտնվող իշխանի Գեղարքունի տեսակի, միջինում 7 գրամ քաշով մանրաձուկն ու օգտագործել սեփական շահերի համար։«Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը սնվում է պետական բյուջեից։ Հիմնադրամի նպատակն է լճում վերականգնել գերորսի հետևանքով ոչնչացման եզրին հասած եզակի ձկնատեսակի կենսապաշարները, այն դեպքում, երբ որոշ շրջանակներ՝ օգտվելով համացանցում առկա տեղեկատվությունից, թիրախավորել են բացթողնման վայրն ու սեփական շահը պետական, հանրային, բնապահպանական շահից բարձր դասելով՝ փորձել են, փաստորեն, գողանալ ոչ թե պարզապես մանրաձուկը, այլ պետության ջանքը, լճի առողջացումը, Սևանի էկոհամակարգի վերականգնումը։«Սևան» ԱՊ-ի պահնորդական հատուկ ջոկատի հետևողական և հստակ մշակված գործողությունների արդյունքում ցանցավանդակը գտնվել և հեռացվել է։ Մանրաձուկը, որը կուտակվել էր ցանցավանդակում՝ կրկին բաց է թողնվել։«Սևան» ԱՊ-ի պահնորդներն իրականացնում և իրականացնելու են շուրջօրյա հերթապահություն, աչալրջորեն հսկում են իրենց վստահված տարածքները՝ նմանօրինակ զազրելի միջադեպերը կանխելու նպատակով։Դեպքի առթիվ «Սևան» ազգային պարկի կողմից հաղորդում է ներկայացվել ՀՀ Ոստիկանություն»։
11:19 - 04 սեպտեմբերի, 2020