Արմավիրի մարզ

Արմավիրի մարզը վարչատարածքային միավոր է Հայաստանում։ Արմավիրի մարզկենտրոնն Արմավիր քաղաքն է։ Տարածքը 1242 կմ² է, բնակչությունը 284 հազար մարդ։ Գտնվում է 800-1000 մ բարձրություններում։

Արմավիրի մարզը բնակչության թվով եւ խտությամբ Հայաստանում գրավում է առաջին տեղը։ Մարզին բնորոշ է այն, որ չնայած ռելիեֆային պայմանների միատարրությանը՝ բնակչության տեղաբաշխումը հավասարաչափ չէ։ Նրա ամենամեծ կուտակումը մարզի արեւելյան հատվածում է։ Դեպի արեւմուտք շարժվելիս այն կտրուկ նվազում է։ Արմավիրի մարզն ունի երեք քաղաք՝ Արմավիրը (29,319 բնակիչ), Վաղարշապատը (46,540 բնակիչ) եւ Մեծամորը (9,191 բնակիչ)։ Գործող մարզպետը Համբարձում Մաթեւոսյանն է։

Մերձավան համայնքին պատճառվել է շուրջ 8 մլն ՀՀ դրամ գումարի վնաս. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին․ ՔԿ

Մերձավան համայնքին պատճառվել է շուրջ 8 մլն ՀՀ դրամ գումարի վնաս. մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավարին․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Մերձավան համայնքի ղեկավարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ 2021թ. հուլիսի 18-ին քաղաքացուց դիմում է ստացվել այն մասին, որ Մերձավան համայնքի ղեկավարը համայնքի բնակիչներ չհանդիսացող մի խումբ անձանց, այդ թվում՝անչափահասների, տրամադրել է Մերձավանի տարածքում անհատույց հողամասեր ստանալու վերաբերյալ կեղծ քաղվածքներ: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ՝ ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 325-րդ հոդվածի 1-ին մասերով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին և ընդունվել վարույթ: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողություններով պարզվել է, որ Մերձավան համայնքի ղեկավարը, 1996 թվականից զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, 2007-2008թթ. ընթացքում կեղծ քաղվածքներ է տրամադրել այն մասին, որ Էջմիածնի շրջանային սովետի գործկոմի 29.09.1990թ. որոշմամբ՝ համայնքի բնակիչներ չհանդիսացող անձինք ստացել են տարբեր չափերի տնամերձ հողամասեր, որոնց հիման վրա վերջիններս ՀՀ կադաստրի կոմիտեում հիշատակված հողամասերի նկատմամբ գրանցել են իրենց իրավունքներն ու ստացել համապատասխան սեփականության վկայականներ՝ այդ կերպ համայնքին պատճառելով, նախնական տվյալներով, 8.613.000 ՀՀ դրամ գումարի վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ իրականում Էջմիածնի շրջանային սովետի գործկոմի նման որոշում գոյություն չունի, ըստ համայնքի սեփականությունից օգտված անձանց վերաբերյալ գոյություն ունեցող արձանագրության՝ վերոհիշյալ քաղաքացիների անվամբ հողհատկացումներ չեն իրականացվել, իսկ 2006-2010թթ. համայնքային գրքերի զննությամբ հաստատվել է, որ հիշյալ քաղաքացիները նույն համայնքում որպես առանձին ծուխ երբևէ հաշվառված չեն եղել և նրանց անուններով տվյալ մատյաններում որևէ տեղեկատվություն առկա չէ: Վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու, վերոհիշյալ քրեական գործին միացնելու և համատեղ նախաքննություն կատարելու վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Մերձավան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:27 - 11 նոյեմբերի, 2021
Էջմիածին քաղաքում արված հսկայական աշխատանքը վկայում է այն մասին, որ մեր թիմն ունակ է առաջնորդել մեր համայնքն առաջիկա հինգ տարիներին․ Դիանա Գասպարյան

Էջմիածին քաղաքում արված հսկայական աշխատանքը վկայում է այն մասին, որ մեր թիմն ունակ է առաջնորդել մեր համայնքն առաջիկա հինգ տարիներին․ Դիանա Գասպարյան

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վաղարշապատ խոշորացված համայնքի սիրելի’ բնակիչներ, Էջմիածինը և Ոսկեհատը բոլորիս տունն են: Մեր միասնական նպատակն է ապահովել մեր խոշորացվող համայնքի բնականոն զարգացումը, այն դարձնել առավել բարեկեցիկ, անվտանգ ու ապահով համայնքի բնակիչների և էլ ավելի գրավիչ՝ զբոսաշրջիկների համար։ Անցած տարիների ընթացքում Էջմիածին քաղաքում արված հսկայական աշխատանքը վկայում է այն մասին, որ մեր թիմն իր ներուժով, նպատակասլացությամբ ու աշխատասիրությամբ ունակ է առաջնորդել մեր համայնքն առաջիկա հինգ տարիներին: Քաղաքային տնտեսության բոլոր ոլորտների բնականոն զարգացումը, գործարարության և ներդրումների հոսքի խթանումը, կանաչ տարածքների պահպանումն ու ավելացումը, շենքերի և բակային տարածքների բարեկարգումը, ժամանակակից չափանիշներին համապատասխան աղբահանության համակարգի ներդնումը, հանգստի գոտիների ստեղծումը, մշակութային ու սպորտային ենթակառուցվածների բարելավումը առաջիկա հինգ տարիներին լինելու են իմ եւ մեր թիմի գործունեության հիմնական ուղղությունները:    Այս նպատակներն իրագործելու համար «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեր թիմն ունի ձեզնից յուրաքանչյուրի աջակցության կարիքը։ Ձեր վստահության քվեի շնորհիվ մենք կկարողանանք ունենալ սոցիալապես ավելի պաշտպանված, տնտեսապես ավելի աշխույժ, ավելի բարեկարգ ու ավելի հյուընկալ համայնք»։
09:18 - 11 նոյեմբերի, 2021
Կոտայքում և Արմավիրում կներդրվի նոր տրանսպորտային համակարգ, կլինեն նոր ավտոբուսներ․ Գնել Սանոսյան |armenpress.am|

Կոտայքում և Արմավիրում կներդրվի նոր տրանսպորտային համակարգ, կլինեն նոր ավտոբուսներ․ Գնել Սանոսյան |armenpress.am|

armenpress.am: Կոտայքի և Արմավիրի մարզերում կներդրվի նոր տրանսպորտային համակարգ, մարզերում արդեն տրանսպորտային ընկերությունների մրցույթն ավարտվել է։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Վերջապես կարողացանք երկու մարզերում տրանսպորտային ցանցի մրցույթներ հայտարարել։ Երկու մարզում է հաջողվել իրականացնել՝ Կոտայքի մարզում մրցույթն ավարտվել է հոկտեմբերին և Արմավիրի մարզում նոյեմբերի 9-ին։ Առաջին մրցույթին մասնակիցներ չկային, ստիպված ենք եղել բաժանել ենք 2 լոտի, արդեն մասնակիցներ կան, գործընթացն էլ առաջ կգնա»,- նշեց Սանոսյանը։ Նախարարը ասաց, որ երկու մարզերն էլ կհամալրվեն նոր ավտոբուսներով ու միկրոավտոբուսներով, կլինեն տարբեր երթուղիներ, որոնք կսպասարկեն բոլոր համայնքները։  «Հանրապետությունում առնվազն 200 բնակավայրերում ընդհանրապես որևէ հասարակական տրանսպորտային միջոց չկա, էլ չեմ խոսում այն մասին, որ ունենք բնակավայրեր, որտեղ տրանսպորտ կա, բայց կանոնավոր չէ կամ եղած գրաֆիկը մեր բնակիչներին չի բավարարում։ Մեր նպատակը այն է, որ կարողանանք Հանրապետության բոլոր բնակավայրերը որակյալ սպասարկել»,- եզրափակեց Սանոսյանը;
18:01 - 10 նոյեմբերի, 2021
Աղավնատուն համայնքում սպորտային համալիր է բացվել

Աղավնատուն համայնքում սպորտային համալիր է բացվել

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի հետ Աղավնատուն համայնքում ներկա է գտնվել դպրոցի տարածքում կառուցված սպորտային համալիրի բացմանը: Արհեստական խոտածածկով ֆուտբոլի դաշտ, թենիսի կորտ, բասկետբոլի, վոլեյբոլի, թեթև ատլետիկայի խաղահրապարակ, ուսուցողական վարժական հարմարությունների սրահ, հանդերձարաններ և 300 նստատեղ ունեցող սպորտային համալիրը կառուցվել է համայնքի բնակիչ, մոսկվայաբնակ Վահան Ավագյանի բարերարությամբ և կրում է Արզուման Շմավոնյանի և Կարեն Ներսիսյանի անունը: Մարզպետը համայնքի ղեկավարի և բարերարի ուղեկցությամբ շրջել է սպորտային համալիրում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին՝ բարձր գնահատելով բարերարի ներդրումն ու այն համարելով առողջ սերունդ ունենալու կարևոր գրավական: Այնուհետև Համբարձում Մաթևոսյանը հանդես է եկել ելույթով՝ նախ իր խոնարհումը հայտնելով Արցախյան 44-օրյա պատերազմում Աղավնատուն համայնքից զոհված հերոս հայորդիների հիշատակին՝ ընդգծելով, որ պատերազմ կոչված արհավիրքից հետո անհրաժեշտ է եռակի, քառակի անգամ պարտավորված լինել ստեղծարար աշխատանքով արժանին մատուցելու հերոս նահատակներին: Թվարկելով միայն վերջին երեք տարում Աղավնատանը կառավարության աջակցությամբ համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, մասնավորապես՝ ճանապարհաշինությանն ուղղված ծրագրերը՝ մարզպետը միաժամանակ կարևորել է բարերարների, մասնավոր հատվածի կողմից իրականացվող նմանատիպ ձեռնարկները, որոնք միտված են համայնքների զարգացմանն ու բնակչության կենսամակարդակի բարելավմանը: Նախատեսված է համալիրում տեղադրել նաև ըմբշամարտի և ծանրամարտի համար անհրաժեշտ մարզական գույք:
10:17 - 02 հոկտեմբերի, 2021
Գնել Սանոսյանը Արմավիրի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել ոռոգման գործընթացի վերաբերյալ

Գնել Սանոսյանը Արմավիրի մարզպետարանում խորհրդակցություն է անցկացրել ոռոգման գործընթացի վերաբերյալ

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 19-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արմավիրի մարզպետարանում՝ մարզում ոռոգման գործընթացին առնչվող խնդիրների վերաբերյալ։     Խորհրդակցությանը մասնակցել են Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը, Արմավիրի մարզի ջրօգտագործողների ընկերությունների ղեկավարները, մարզպետարանի աշխատակիցներ։   Նախարար Գնել Սանոսյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է ոլորտում առկա կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների լուծմանը միտված առաջնահերթությունները և ծրագրերը։ ՏԿԵ նախարարը մասնավորապես ընդգծել է, որ չնայած ոռոգման ջրապահովման դեֆիցիտը մեղմելու նպատակով Սևանա լճից բաց թողնվող ջրի առավելագույն չափաքանակն ավելացվել է 75 մլն խմ-ով, սակայն պետք է խնդիր դնել՝ սահմանված ծավալից պակաս չափի ջրառով ապահովել ոռոգման գործընթացը։   «Մեզնից կախված ամեն ինչ պետք է անենք, որ 75 միլիոն թվին ոչ մի կերպ չհասնենք, ես հավատում եմ, որ դա հնարավոր է, լավ կլինի, որ եղանակային պայմաններն էլ նպաստավոր լինեն։ Կարծում եմ, որ համատեղ աշխատանքի ու ջանքերի շնորհիվ կարող ենք լուծել այդ խնդիրը»,- նշել է Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ ամենշաբաթյա պարբերականությամբ ոլորտի պատասխանատուների հետ կքննարկի ընթացիկ աշխատանքները և առաջիկա անելիքները։   Ջրային կոմիտեի նախագահ Կարեն Սարգսյանը տեղեկացրել է, որ Սևանա լճից այս տարվա համար օրենքով սահմանվածից պակաս չափաքանակի ջրառ իրականացնելու համար կատարվել են անհրաժեշտ հաշվարկներ, և այդ ուղղությամբ կատարվում են համապատասխան աշխատանքներ։   Կարեն Սարգսյանը ՏԿԵ նախարարին ներկայացրել է նաև Ախուրյանի և Ապարանի ջրամբարներից Արմավիրի մարզի ջրօգտագործողների համար նախատեսված ծավալներով ջրառի ապահովման ուղղությամբ կատարվող աշխատանքները։   Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի տեղեկացմամբ՝ մարզում ոռոգման ապահովման առումով ճգնաժամային շրջանը հաղթահարված է, և այժմ ավելի կայուն շրջան է։ Խորհրդակցության ընթացքում Արմավիրի մարզի «Էջմիածին», «Արմավիր» և «Շենիկ» ՋՕԸ-երի տնօրենները ներկայացրել են իրենց սպասարկման տարածքներում ոռոգովի հողատարածքներին և ոռոգման ջրի պահանջարկին առնչվող տվյալներ, ինչպես նաև ջրասակավության պայմաններում ջրօգտագործող ընկերություններին անհրաժեշտ ջրաքանակների ապահովման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։   Մարզի ՋՕԸ-երի ղեկավարների տեղեկացմամբ՝ ջրօգտագործման վճարների հավաքագրումների ցուցանիշը բարելավվել է նախորդ տարվա համեմատ։   Քննարկվել են նաև Արմավիրի մարզում ոռոգվող հողատարածքների ջրապահովման նպատակով անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման, մասնավորապես նոր ջրամբարների կառուցման, ջրատար համակարգի արդիականացման ու ընդլայնման, խորքային հորերի վերագործարկման, ոռոգման համակարգի էներգաապահովման վերաբերյալ հարցեր, անդրադարձ է կատարվել նաև մակերեսային ոռոգումից աստիճանաբար կաթիլային ոռոգման համակարգի անցնելու հարցին:   Ամփոփելով խորհրդակցությունը՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ՋՕԸ-երի ղեկավարներին հորդորել է իրենց ընկերությունների անդամ ջրոօգտագործողների հետ բացատրական աշխատանքներ կատարել՝ տեղեկացնելով աշխարհում և մասնավորապես Հայաստանում կլիմայական պայմանների փոփոխությունների հետևանքով հողամշակության և հատկապես հողի ոռոգման ավանդական եղանակների վերանայման ու արդիականացման անհրաժեշտությունը։   Նախարար Սանոսյանը ոլորտի պատասխանատուներին հանձնարարել է նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել ջրօգտագործման վճարների հավաքագրումների ցուցանիշների ավելացմանը։
14:19 - 20 օգոստոսի, 2021
Արմավիրի մարզում աղիքային վարակի դեպք է գրանցվել․ ԱՆ

Արմավիրի մարզում աղիքային վարակի դեպք է գրանցվել․ ԱՆ

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը 2021 թվականի օգոստոսի 11-ին` 23։30-ի սահմաններում, «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացել աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով (լուծ, փսխում, ջերմություն) Արմավիրի մարզի Խանջյան համայնքից 8 բնակչի դիմելու վերաբերյալ, որոնցից 6-ը հոսպիտալացվել է: Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ բոլոր տուժածներն օգտագործել են օգոստոսի 9-ին շրջիկ ցիստեռնից գնված ջուր։ Բնակչության շրջանում կատարվել են իրազեկման աշխատանքներ (զգուշացվել է այդ ջուրը չօգտագործելու մասին)։ 2021 թվականի օգոստոսի 12-ին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված բակային համայցերի արդյունքում՝ աղիքային հիվանդությանը բնորոշ գանգատներով հայտնաբերվել է ընդհանուր թվով 31 անձ, որոնցից 5-ը ևս հոսպիտալացվել է, իսկ մյուս պացիենտների նկատմամբ սահմանվել է բժշկական հսկողություն: Արդյունքում` օգոստոսի 13-ի դրությամբ, «Արմավիր» բժշկական կենտրոնում շարունակում է բուժումը 8 պացիենտ, որոնց առողջական վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության, դրական դինամիկայով։ Համաճարակաբանական հետազոտությունների ընթացքում կատարվել է պացիենտներից կենսանմուշների և ջրի նմուշառում՝ մանրէաբանական հետազոտության համար:
16:53 - 13 օգոստոսի, 2021
Արմավիրի մարզի Խանջյան համայնքում 9 մարդ թունավորվել է. կատարվել է խմելու ջրի նմուշառումներ, նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ․ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

Արմավիրի մարզի Խանջյան համայնքում 9 մարդ թունավորվել է. կատարվել է խմելու ջրի նմուշառումներ, նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ․ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

2021թ. օգոստոսի 11-ին՝ ժամը 23:30-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ աղիքային ինֆեկցիա անհայտ էթիալոգիա ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Արմավիրի մարզի Խանջյան համայնքի թվով 9 բնակիչներ և հայտարարել, որ թունավորվել են խմելու ջրից: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով վերոհիշյալ անձանց բնակարաններից կատարվել է խմելու ջրի նմուշառումներ, նշանակվել են դատաբժշկական և դատասննդային փորձաքննություններ:   Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները բազմակողմանի և լրիվ հետազոտելու, թունավորման աղբյուրը, պատճառները պարզելու ուղղությամբ։ 
10:02 - 13 օգոստոսի, 2021
Նախնական տվյալներով` ջրից աղիքային ինֆեկցիայով Արմավիրի հիվանդանոց է դիմել 10 քաղաքացի |hetq.am|

Նախնական տվյալներով` ջրից աղիքային ինֆեկցիայով Արմավիրի հիվանդանոց է դիմել 10 քաղաքացի |hetq.am|

hetq.am: Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ 6 քաղաքացի է հոսպիտալացվել: Բոլորը Արմավիրի մարզի Խանջյան գյուղի բնակիչներ են: Հոսպիտալացված հիվանդներից 3-ը երեկ են տեղափոխվել հիվանդանոց, 3-ը՝ այսօր: «Արմավիր» ԲԿ-ի բժիշկ-համաճարակաբան Աշխեն Պողոսյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ Խանջյան գյուղից երեկ և այսօր հիվանդանոց է դիմել ընդհանուր 10 քաղաքացի, որից 4-ը բուժօգնություն ստանալուց հետո տուն է գնացել, իսկ 6-ը շարունակում է բուժումը ինֆեկցիոն բաժանմունքում:  «Հիվանդներն իրենց  անամնեզում նշում են, որ ցիստեռնի ջուր են օգտագործել, այժմ կասկածը դրա վրա է: Լաբորատոր հետազոտություն է իրականացվել, թե ինչ արդյունք կստացվի, պարզ չէ, ընթացքի մեջ է»,-ասաց Աշխեն Պողոսյանը: Խանջյան համայնքի ղեկավար Արտակ Արոյանը նշեց, որ համայնքն ունի 24-ժամյա ջրամատակարարում, սակայն այդ ջուրը խմելու համար պիտանի չէ: Ավելի մանրամասն՝ hetq.am-ում։ 
17:52 - 12 օգոստոսի, 2021
Ոստիկանությունն Արմավիրի մարզում իրականացրել է ուժեղացված ծառայություն

Ոստիկանությունն Արմավիրի մարզում իրականացրել է ուժեղացված ծառայություն

Հասարակական կարգի պահպանության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ հուլիսի 23-ին Արմավիրի մարզի Արմավիր, Էջմիածին ու Մեծամոր քաղաքներում իրականացրել են ուժեղացված ծառայություն, որը ղեկավարել է ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումներ բերման  են ենթարկվել  5 անձ։ Կատարվել են խուզարկություններ ու զննություններ։ Հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, դանակներ, մահակներ ու կռփազենք՝ ընդհանուր 23 միավոր։ Երեք անձի խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 9 գրամից ավելի քաշով։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են։ 
13:06 - 26 հուլիսի, 2021