Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում և իրականացնում է կապի, տեղեկատվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության, փոստի, լիցենզավորման և թույլտվությունների տրամադրման, ռազմարդյունաբերության ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է Վահագն Խաչատուրյանն է, տեղակալները՝ Դավիթ Սահակյանը և Ռոբերտ Խաչատրյանը։
 

ԲՏԱ նախարարը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են ոլորտային գործակցության հնարավորությունները

ԲՏԱ նախարարը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են ոլորտային գործակցության հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային: Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է դեսպանին, ընդգծել, որ Հայաստանի և Բրազիլիայի դիվանագիտական հարաբերություններն արդեն 30-ամյա պատմություն ունեն, ինչը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության ընդլայնման և խորացման հիմք է հանդիսանում: Նախարարը նշել է, որ բարձր տեխնոլոգիական ոլորտում հայ-բրազիլական հարաբերությունների զարգացումը մեծ ներուժ ունի, որի իրացման ուղղությամբ անհրաժեշտ է համատեղ ջանքեր գործադրել: Նախարար Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության հիմնական ուղղությունները, որոնք միտված են նպաստելու տեխնոլոգիաների վրա հիմնված արդյունաբերության զարգացմանը։ Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է նաև «Ինժեներական քաղաք» ծրագրին, «Թումո», «ՔՈԱՖ» և մարզերում գործող այլ տեխնոլոգիական կենտրոնների գործունեությանը, մի շարք ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորություններին։ Դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակներում նպաստելու տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը: Անդրադառնալով ոլորտային փոխշահավետ ծրագրերի իրականացմանը՝ դեսպանն առաջարկել է դիտարկել Բրազիլիայի Գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և կապի նախարարության, Տեխնոլոգիաների և Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտների հետ գործակցության հնարավորությունները։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տիեզերական տեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի, ստարտափ էկոհամակարգի զարգացման, ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերի իրականացման ուղղություններով փոխգործակցության խթանման հեռանկարները։ Անդրադարձ է կատարվել նաև «Համակարգչային արտակարգ իրավիճակների արագ արձագանքման թիմի» (CERT) ստեղծման բրազիլական փորձի փոխանակման հնարավորությանը։ Ռոբերտ Խաչատրյանը և Ֆաբիո Վազ Պիտալուգան պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ՝ հետագայում առավել ծավալուն քննարկումներ կազմակերպելու, փոխգործակցությունը նոր բովանդակությամբ և տեսլականով զարգացնելու նպատակով:
09:18 - 03 նոյեմբերի, 2022
Մեկնարկել է «Ներուժ 3.0» ծրագիրը. Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է մասնակիցներին

Մեկնարկել է «Ներուժ 3.0» ծրագիրը. Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է մասնակիցներին

Դիլիջանում հոկտեմբերի 21-ին տեղի է ունեցել «Ներուժ 3.0» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի 5-օրյա միջոցառման պաշտոնական բացումը, որին մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը և այլ պաշտոնատար անձինք: Այս մասին հաղորդում է Բարձր տեխնոլոգիական արդունաբերության նախարարությունը։   Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է ծրագրի մասնակիցներին և հյուրերին, անդրադարձել ծրագրի նպատակին ու կարևորությանը, այն ակնկալիքներին, որ ունի նախարարությունը ծրագրի յուրաքանչյուր մասնակցից։   «Ծրագրի հիմքում շատ կարևոր բաղադրիչ է` մասնագիտական հայրենադարձությունը: Այս համատեքստում դուք կարող եք Հայաստան բերել աշխարհի փորձը: Ապրելով, սովորելով և աշխատելով աշխարհի տարբեր վայրերում, դուք դարձել եք տվյալ երկրի մշակույթի, կենսակերպի, մտածողության կրողը։ Իսկ այստեղ, այս ծրագրի շրջանակներում՝ այժմ հանդես եք գալիս նաև այդ երկրների տեխնոլոգիական ոլորտի դեսպաններ:    Սիրելի՛ մասնակիցներ, ձեզանից  յուրաքանչյուրը՝ դիմելով այս ծրագրին, կարևոր առաքելություն է ստանձնել. վերադառնալով հայրենիք, ձեր նորարարական գաղափարներն ու նախագծերը հայրենիքում կյանքի կոչելով՝ ներդրում ունենալ մեր երկրի առաջընթացին ու զարգացմանը: Մեր սպասելիքներն այս ծրագրից շատ են. ձեզանից ակնկալում ենք նոր, հետաքրքիր գաղափարներ և մոտեցումներ, մշակումներ ու լուծումներ:    Եվ հավատացած ենք, որ «Ներուժ 3.0»-ի ավարտին հայկական տեխնոլոգիական ոլորտում ստեղծվելու են նոր արժեքներ, որոնք կարող են լուրջ նախադրյալ լինել Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը՝ հավելելով, որ նախարարությունը պատրաստ է իր բոլոր ռեսուրսներով աջակցել ծրագրի մասնակիցներին, որպեսզի նրանք շատ արագ հաստատվեն Հայաստանում և իրենց ստարտափը վերածեն կայուն զարգացող բիզնեսի:     Մխիթար Հայրապետյանը նշել է, որ «Իմ քայլը» հիմնադրամը չափազանց կարևորում է սփյուռքի համահայկական մարդկային կապիտալի կենտրոնացումը Հայաստանում, և, առհասարակ, համահայկական ծրագրերի շուրջ: «Հայ ժողովրդի մեծագույն ազգային հարստությունը մարդկային կապիտալն է, որի միջուկը հենց ինքը մարդն է: Ի տարբերություն բնական ռեսուրսների՝ մարդկային կապիտալը և հատկապես սփյուռքի ներուժը ճիշտ, նպատակային օգտագործելու դեպքում այն կարող է շարունակաբար վերարտադրվել:   Դեռևս 2018-ին, երբ առաջին անգամ անցկացվում էր այս ծրագիրը, մենք նպատակ ունեինք խթանել մասնագիտական հայրենադարձությունը, նպաստել Հայաստանի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը։ Այսօր էլ նոր մասնագետների ներգրավման կարիք ունենք: Կարող ուժերը, նոր գաղափարները, թարմ մոտեցումները կբերեն աշխատանքի նկատմամբ մեր վերաբերմունքի փոփոխությանը և նոր մշակույթի ձևավորմանը: Սիրելի՛ ներուժցիներ, մենք պետք է ուժ գտնենք մեր մեջ ու նայենք իրականության աչքերի մեջ, իսկ այդ իրականությունը լի է փորձություններով և մարտահրավերներով։ Եվ փոխանակ առաջ շարժվենք՝ հայտնվել ենք մեղավորների հավերժ փնտրտուքի մեջ։   Եվ ուրեմն, առաջարկում եմ դուրս գալ մեղավորներ փնտրելու այս շրջափուլից, և մեր եռանդը, ջանքն ու կարողություններն ուղղենք մարտահրավերներին դիմակայելուն և զարգացման նոր հորիզոններ բացահայտելուն»,- նշել է Մխիթար Հայրապետյանը։   ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հաջողություն մաղթելով ծրագրի մասնակիցներին՝ համառոտ ներկայացրել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգը, այն զարգացնելու ուղղությամբ ՀՀ կառավարության ռազմավարությունն ու տեսլականը:    «Ներուժը» պետական ծրագիր է, որի նպատակն է խթանել մասնագիտական հայրենադարձությունը՝ նպաստելով Հայաստանի տնտեսական առաջընթացին ու ստարտափ էկոհամակարգի զարգացմանը: Արդեն 3-րդ անգամ անցկացվող ծրագիրն այս տարի իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից՝ «Իմ քայլը» հիմնադրամի հետ համատեղ։   Ծրագրի շրջանակում այս տարի Հայաստանում հյուրընկալվել  են 22 ստարտափներ Կանադայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ֆրանսիայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, Տոգոյից, Կիպրոսից, Գերմանիայից, Ավստրիայից։    Լավագույն նախագծերն այս անգամ ևս կարժանանան դրամաշնորհի, ինչը հնարավորություն կտա մասնակիցներին զարգացնել իրենց գաղափարներն՝ այն վերածելով կայուն զարգացող բիզնեսի:    Ծրագրի մրցանակային ֆոնդը կազմում է 45 մլն դրամ:   Առաջին մրցանակի արժանացած ստարտափ նախագծին  կշնորհվի 20 մլն դրամ,  երկրորդ մրցանակակրին՝ 15 մլն դրամ, երրորդ մրցանակին արժանացած ստարտափին՝ 10 մլն դրամ։   Նշենք, որ դրամաշնորհ ստանալու կարևոր նախապայմաններից է Հայաստանում ստարտափ գրանցելը, գործունեություն ծավալելը և առնվազն մեկ տարի ՀՀ-ում բնակվելը:
15:17 - 22 հոկտեմբերի, 2022
Երևանում տեղի է ունեցել Միկրոէլեկտրոնիկայի 17-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Երևանում տեղի է ունեցել Միկրոէլեկտրոնիկայի 17-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Երևանում՝ Մատենադարանի դահլիճում, կայացել է Միկրոէլեկտրոնիկայի 17-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը, որին մասնակցել են ՀՀ ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչներ, օլիմպիադայի մասնակիցներ, հյուրեր։ Բացման խոսքով հանդես է եկել «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ, դոկտոր Երվանդ Զորյանը։ Նա անդրադարձել է միջոցառման կարևորությանը, նշել, որ օլիմպիադային մասնակցել են աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններ: «Մինչ այս շատ ուսանողներ ու երիտասարդ մասնագետներ են մասնակցել այս միջոցառմանը, որտեղից վերադարձել են ոչ միայն տեխնիկական փորձով, այլև շատ կարևոր կապեր են ստեղծել, ձեռք են բերել ընկերներ տարբեր երկներից»,- ասել է Երվանդ Զորյանը: Մրցույթի մասնակիցներին և հյուրերին ողջունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ Նախարարը նշել է, որ մասնագիտական օլիմպիադաները շնորհալի երիտասարդների կարողություններն ու հետաքրքրություները բացահայտելու կարևոր միջոց են հատկապես ճշգրիտ գիտությունների ոլորտում, ինչի զարգացումն ու առաջընթացը մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի։ «Միկրոէլեկտրոնիկայի միջազգային օլիմպիադան մեր երկրում է համախմբել այս բնագավառում  իրենց ապագան տեսնող երիտասարդներին ամբողջ աշխարհից:  Ուրախալի փաստ է, որ օլիմպիադայի մասնակիցների և երկրների քանակի աշխարհագրության աճ ունենք, և վստահ եմ, որ  հենց այս երիտասարդները, ովքեր մասնակցում  են այս միջոցառմանը, լինելու են  ոլորտի լավագույն և փայլուն ներկայացուցիչներն ու նորարարները»,- ասել է Ռոբերտ Խաչատրյանը: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն իր խոսքում կարևորել է  դպրոցական օլիմպիադաներից բացի ուսանողական և համալսարանական օլիմպիադաների անցկացումը։ Նա ընդգծել  է այն փաստը, որ Հայաստանն է այս օլիմպիադայի նախաձեռնողն ու կազմակերպիչը և առաջարկի դեպքում՝ այլ ուղղություններով ևս միջազգային օլիմպիադաներ կկազմակերպվեն։ «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանն էլ իր խոսքում նշել է, որ այն երկրները, որտեղ միկրոէլեկտրոնային ինդուստրիան կայացած չէ, այդ երկրները չունեն տեխնոլոգիական անկախություն։ Հայաստանն այդ անկախության ճանապարհին է, և այս ոլորտի զարգացումը շատ լուրջ դիվիդենտներ կբերի նաև մեր երկրին։ Այնուհետև օլիմպիադայի կազմկոմիտեն հայտարել է 17-րդ  միջազգային օլիմպիադայի հաղթողների անունները։ Առաջին մրցանակին է արժանացել Արգենտինայի, երկրորդ մրցանակին՝ Սերբիայի, երրորդ մրցանակը կիսել են Բրազիլիայի և Հայաստանի մասնակիցները։ Միջոցառումն ամփոփել  և հաղթողներին ու մասնակիցներին իր խոսքն է ուղղել ՀՀ ազգային ժողովի նախագահ Հակոբ Արշակյանը.  «Ուզում եմ շնորհավորել Սերբիայի, Արգենտինայի, Բրազիլիայի, մեր հաղթողներին և բոլոր մասնակիցներին։ Ուզում եմ քաջալերել, որպեսզի, հաջորդ տարի նույնպես մասնակցեն, իրենց մասնակցությամբ ուժեղացնեն, ծավալով մեծացնեն այս օլիմպիադան, և իրենց ընկերներին ու գործընկերներին նույնպես մասնակից դարձնեն»։ Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադան հիմնադրվել է 2006 թվականին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ։  Այս տարի օլիմպիադային մասնակցել են 12 երկրների 307 ներկայացուցիչներ Հայաստանից, Արգենտինայից, ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Բելառուսից, Բոսնիա և Հերցեգովինայից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Պերուից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից և Ուկրաինայից: Օլիմպիադան անցկացվել է երկու փուլով։ Առաջին փուլը տեղի է ունեցել միաժամանակ 12 մասնակից երկրներում։ Երկրորդ՝ եզրափակիչ փուլն, անցկացվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերության  ուսումնական դեպարտամենտում։ Եզրափակիչ փուլ անցած 12 երկրներից 24 մասնակիցներ պայքարել են գլխավոր մրցանակների համար։
15:30 - 11 հոկտեմբերի, 2022
Քննարկվել են հայ-գերմանական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Քննարկվել են հայ-գերմանական տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում հոկտեմբերի 7-ին կայացել է ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը։   Մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարների տեղակալները, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Վերականգնման վարկերի բանկի (KfW) ներկայացուցիչներ։   Քննարկվել են երկկողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները տևական և կայուն տնտեսական զարգացման, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի և էներգետիկայի, մասնագիտական կրթության, բարձր տեխնոլոգիաների, ՓՄՁ-ներին աջակցության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում:  
17:45 - 07 հոկտեմբերի, 2022
Տիեզերք արձակված հայկական արբանյակն աշխատում է, լուսանկարները կան․ ԲՏԱ փոխնախարարն ու SATLANTIS-ի համահիմնադիրը մանրամասներ ներկայացրեցին

 |armenpress.am|

Տիեզերք արձակված հայկական արբանյակն աշխատում է, լուսանկարները կան․ ԲՏԱ փոխնախարարն ու SATLANTIS-ի համահիմնադիրը մանրամասներ ներկայացրեցին |armenpress.am|

armenpress.am: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և SATLANTIS-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն, գիտնական Խուան Թոմաս Հերնանը մանրամասներ ներկայացրեցին Հայաստանի՝ տիեզերք արձակված առաջին արբանյակի՝ «ArmSat-1»-ի մասին։ Ասուլիսի ընթացքում լրատվականը հետաքրքվեց, թե Հայաստանի առաջին արբանյակի արձակումը ի՞նչ արդյունք է տվել, լուսանկարները կա՞ն, թե՞ ոչ, եթե այո, ապա ե՞րբ են դրանք հրապարակվելու ։ «Արբանյակն աշխատում է, լուսանկարները կան, բայց չենք կարծում, որ ներկայումս կարիք կա այդ մասին բարձրաձայնել։ Կան պատճառներ։ Գիտենք, որ արբանյակը կա, գիտենք, որ աշխատում է, գիտենք, որ գործողություններ կատարում է։ Ովքեր կաշխատեն նախագծի հետ, նրանք կիմանան»,- պատասխանեց ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։ Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք Հայաստանը աշխատում է «կուբսատներ» արձակելու ուղղությամբ։ Մանթաշյանը պատասխանեց, որ ԲՏԱ նախարարության ռազմավարությունը դեռ վերջանական հաստատված չէ, սակայն կարող է ասել, որ  հենց STARMUS-ի շրջանակներում ճշգրտվում են նախարարության առաջնահերթությունները։  «Նման նախագծերը պահանջում են պայմաններ, մենք այդ պայմանները պարտավոր ենք ստեղծել «կուբսատների» համար և ապահովել»,- ասաց Մանթաշյանը։ Տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող իսպանական SATLANTIS-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն, գիտնական Խուան Թոմաս Հերնանն իր հերթին նշեց, որ այն ամենը, ինչ նախատեսվում է իրականացնել, երկրաժամկետ գործողություններով ծրագիր է։ «Արդեն առաջին քայլն արվել է, և արբանյակը արձակվել է տիեզերք։ Ամեն շաբաթվա կտրվածքով անում ենք նախատեսված գործողությունները, որովհետև տիեզերական գործունեությունը ենթադրում է հստակ ժամանակացույցով կատարվող քայլարշավ։ Առաջին քայլից հետո ունենք երկարաժամկետ պլանները, հաջորդ քայլը կլինի, մասնավորապես, հայկական արտադրության արբանյակների գործարանի ստեղծումը։ Ակնհայտ է, որ այս երկարաժամկետ և մեծածավալ ծրագրերը պետք է համադրելի լինեն մուտքային տվյալների և ռեսուրսների ներգրավման հետ»,- ասաց Հերնանը։ SATLANTIS-ի համահիմնադրի խոսքով՝  ծրագրի շրջանակներում հայ ուսանողներին ուղարկելու են Իսպանիա վերապատրաստման, նաև համատեղ հետազոտական նախագծեր են իրականացնելու հենց Հայաստանից արբանյակների հաշվարկային կառավարման ուղղությամբ։ «Այսինքն՝ տեսնում ենք, որ տարբեր նախաձեռնություններ կան և բոլորի սկզբնաղբյուրը հենց Հայաստանից է, բայց սա երկարաժամկետ ծրագիր է, և պետք համբերությամբ լցվել, արդյունաբերությունը նորից արթնացնել, որովհետև Հայաստանում թեև եղել են օպտիկայի և էլեկտրոնիկայի տիեզերական նշանակության նախագծեր և կարողություններ, այնուամենայնիվ, ոլորտը որոշ ժամանակ քնած էր. պետք է այն նորից արթնացնել»,- ասաց Հերնանը։ SATLANTIS-ի համահիմնադիրը նշեց, որ հենց իրենց որոշումն է գալ Հայաստան և այստեղ աշխատել, որովհետև տեսնում են ներուժը։ «Այստեղ ինքնուրույնությունից ինքնավարության անցման քայլ է արվում ։ Այսինքն՝ դիսպետչերների կառավարման վահանակները, տվյալների կառավարման, ստացման և մշակման հնարավորությունները, գործարկումը, այդ բոլոր կարողությունները տեղ կունենան Հայաստանում։ Եվ սա համապատասխանում է Կառավարության քաղաքականությանը։ Մեծ օրը, կարևոր օրը սարերի հետևում չէ»,- եզրափակեց Հերնանը։ Հայաստանի առաջին արբանյակը «ArmSat-1»-ը տիեզերք է արձակել 2022 թվականի մայիսի 25-ին։ Նշվում է, որ «ArmSat-1»-ի հաղորդած տեղեկությունները հասանելի են լինելու միայն Հայաստանի Հանրապետությանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արբանյակի ուղարկած տվյալները Հայաստանում կօգտագործվեն սահմանները հսկելու, արտակարգ իրավիճակները կանխարգելելու և կառավարելու, շրջակա միջավայրը պահպանելու, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում: Արբանյակի արձակումը կատարվել է հայկական պետական «Գեոկոսմոս» և իսպանական «SANTLATIS» ընկերությունների համատեղ աշխատանքի շնորհիվ։ ԱՄՆ Կանավերալ հրվանդանից արբանյակի հաջող արձակումից հետո SATLANTIS-ը հայտարարել է հայկական պետական «Գեոկոսմոս» ընկերության հետ համաձայնագիր կնքելու մասին, որով ընկերությանը տրամադրվում է Երկրի դիտարկման լիարժեք համակարգ:
13:35 - 08 սեպտեմբերի, 2022
ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը «Սատլանտիս»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ձևաչափերը

ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը «Սատլանտիս»-ի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ձևաչափերը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հանդիպել է «Սատլանտիս» ընկերության ներկայացուցիչների հետ, ովքեր Հայաստան են ժամանել մասնակցելու STARMUS VI գիտության և արվեստի փառատոնին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության զարգացման երկարաժամկետ հեռանկարները, ՀՀ-ում տիեզերական բնագավառի կարողությունների զարգացման համատեքստում համագործակցության տարբեր ձևաչափերը և նոր հնարավորությունները: Անդրադարձ է եղել նաև ՀՀ առաջին արբանյակի թեստավորման գործընթացին, ներկայացվել են մանրամասներ: Հանդիպմանը ներկա է եղել «Սատլանտիս Միկրոսաթս» ընկերության խորհրդի նախագահ Ժան Ժակ Դողդենը, ով երկար տարիներ աշխատել է որպես Եվրոպական տիեզերական գործակալության տնօրեն: Նա կիսվել է իր հարուստ փորձով, մասնավորապես տիեզերական բնագավառի զարգացման հիմնական ուղղություններին առչվող հարցերի վերաբերյալ:
10:23 - 08 սեպտեմբերի, 2022
ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու «ԱՐՄԻԱ-2022» և «Թվային հեղափոխություն» համաժողովներին

ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու «ԱՐՄԻԱ-2022» և «Թվային հեղափոխություն» համաժողովներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ «ԱՐՄԻԱ-2022» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և «Թվային հեղափոխություն» համառուսական համաժողովին մասնակցելու համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 14-20-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1. «ԱՐՄԻԱ-2022» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին եւ «Թվային հեղափոխություն» համառուսական համաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի օգոստոսի 14-20-ը Ռուսաստանի Դաշնություն (Կուբինկաեւ Կալուգա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի: 2. Ռոբերտ Խաչատրյանի եւ Գեւորգ Մանթաշյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Արտյոմ Մեհրաբյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով ռազմարդյունաբերության կոմիտեի պահպանման ծախսերի համար նախատեսված՝ արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի հաշվին: 4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-նշված է որոշման մեջ։
14:29 - 11 օգոստոսի, 2022
Կարո՞ղ է արդյոք Հայաստանի արբանյակը օգնել հայտնաբերելու և խոցելու հակառակորդի ԱԹՍ-ները

Կարո՞ղ է արդյոք Հայաստանի արբանյակը օգնել հայտնաբերելու և խոցելու հակառակորդի ԱԹՍ-ները

Օգոստոսի 1-ին Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հայտնեց, որ Արցախի հյուսիսային և հյուսիսարևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր։ Արդեն օգոստոսի 3-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կիրառել է նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով հայկական կողմում զինծառայողներ են վիրավորվել և զովել։ Վերջին տվյալներով՝ օպերատիվ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է, լարվածությունը պահպանվում է։ Հայկական կողմն ունի 2 զոհ, 19 վիրավոր։ Երկու օր առաջ Արցախում կատարվողի համատեքստում Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձավ մայիսին տիեզերք ուղարկված «ArmSat-1» արբանյակին․ «Արբանյակ ունեցող Հայաստանը, ըստ ռազմական տրամաբանության, հիմա պետք է ստանար Ադրբեջանի դիրքերի և օդ բարձրացված բայրաքթարների կոորդինատները, որոնցով էլ ՀՕՊ-ով կկարողանար առանց խնդրի ոչնչացնել թշնամու այդ կրակակետերը։ Ի՞նչ է անում հայկական արբանյակը տիեզերքում։ Ինչո՞վ է զբաղված, եթե զբաղված է, իհարկե»։ Այս գրառումը տարածեցին մի շարք լրատվամիջոցներ (oragir.news, mamul.am, yerkir.am, armday.am, արխիվացված հղումները՝ 1, 2, 3, 4)։ Նույն պնդումը Հոխիկյանն արեց երեկ՝ «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ՝ պնդելով, որ այդկերպ հնարավոր կլիներ ոչնչացնել հակառակորդի ԱԹՍ-ները։ Նաիրի Հոխիկյանի այս պնդումը, սակայն, վիճահարույց է․ որոշակի պայմաններում «ArmSat-1» արբանյակից ստացված պատկերների և այլ տվյալների համադրությամբ տեսականորեն հնարավոր է նկատել օդ բարձրացած «Բայրաքթարները», սակայն այդ տվյալները «Բայրաքթարները» խոցելու հարցում, մեծ հաշվով, անօգուտ են։ Infocom-ը արբանյակի հնարավորությունների, ինչպես նաև դրա միջոցով ռազմական օբյեկտներ հայտնաբերելու հավանականության մասին զրուցել է «ԱՅԱՍ» տիեզերագիտական ընկերության հիմնադիր և նախագահ Ավետիք Գրիգորյանի հետ։ Վերջինս բացատրում է, որ ոչ բոլոր մեծության օբյեկտներն են հստակ երևում արբանյակից ստացված պատկերներում։ Գոյություն ունի արբանյակի լուծունակություն․ պարզ ասած՝ դա այն ամենափոքր դետալն է, որը արբանյակը կարող է ֆիքսել Երկիր մոլորակի վրա որպես արբանյակից ստացված պատկերի վրա երևացող մեկ կետ։ «ArmSat-1» արբանյակի դեպքում այդ կետը համապատասխանում է նկարված տեղանքում 2 մետրի։ Այսինքն, Երկրի վրայի երկու մետրանոց դետալը արբանյակից ստացված պատկերում երևում է որպես մի կետ, որում ավելի փոքր մանրամասներ տեսնել հնարավոր չէ։ «Այսինքն, եթե տեղանքում կա 2 մետրանոց ավտոմեքենա, ապա դա նկարի վրա երևալու է որպես մի կետ»,- նշում է Ավետիք Գրիգորյանը: Սակայն տեսականորեն արբանյակից ստացված պատկերով հնարավոր է ենթադրել՝ արդյո՞ք պատկերում երևացող կետն ԱԹՍ է, թե՞ այլ օբյեկտ։ Բանն այն է, որ խոսքը միայն ստացված պատկերում օբյեկտների երևալ/չերևալու մասին չէ․ այդ ամենի հետ համադրվում են այլ տեղեկություններ ևս։ «Եթե նույն «Բայրաքթարը» 2 մետրից մեծ է, և արբանյակից ստացված պատկերում այն երևա որպես 6-8 կետերի համախումբ, ու տեսնեն, որ այն դիրքը փոխում է ժամանակի ընթացքում, արագությունը պատկերացնեն, կասեն՝ այս լեռնային տեղանքներով այդ արագությամբ ոչինչ շարժվել չէր կարող, ուրեմն դա օդում թռչող օբյեկտ է, և այդ արագությունը, օրինակ, բնորոշ է «Բայրաքթարին»»,- ասում է Ավետիք Գրիգորյանը։ Նրա խոսքով, տարբեր տեղեկություններ համադրելով, կարելի է գլխի ընկնել արբանյակից ստացված պատկերներում ռազմական այլ օբյեկտների առկայության մասին ևս․ «Կարող ես տեսնել կետերի մի ամբողջ շարք, որը գնում է ամայի տեղանքներով, բայց հողային ճանապարհով։ Կարելի է մտածել, որ ավտոշարասյուն է ու ամենայն հավանականությամբ, եթե մեր սահմանների մոտ է, ռազմական ավտոշարասյուն է»։                        ։ «ArmSat-1»-ը պտտվում է Երկիր մոլորակի շուրջը ցածր (ոչ գեոստացիոնար) ուղեծրով։ Սա նշանակում է, որ այն չի կարող ողջ օրը լինել միևնույն տեղանքի վերևում և պատկերներ ուղարկել մոլորակի այդ հատվածից, օրինակ՝ հայ-ադրբեջանական սահմանից։ Ավետիք Գրիգորյանը նշում է՝ մեր տարածաշրջանի վրայով նման արբանյակը, որպես կանոն, կանցնի օրվա մեջ շուրջ 5 անգամ։ Հաշվի առնելով, որ գետնի նկատմամբ փոքր անկյան տակ նկարահանելիս պարզ պատկերներ չեն ստացվի, ապա մեր տեղանքը նկարահանելու համար պիտանի անցումները կլինեն ավելի քիչ։ Սակայն նույն տեղանքից մի քանի րոպեի ընթացքում պատկերներ ստանալ հնարավոր է։ Ի տարբերություն այլ արբանյակների՝ մեր արբանյակը լրացուցիչ հնարավորություն ունի․ այն նկարում է ոչ միայն ուղիղ իր ներքևում եղածը, այլ նաև կարող է թեքվել ու կողքերից պատկերներ ստանալ: «Օրինակ, եթե մեզ հետաքրքրում է սահմանի կոնկրետ կտորը, իսկ արբանյակն անցնում է ոչ ուղիղ դրա վրայով, ապա կարող ենք հրահանգ տալ, ասել՝ մենք ուզում ենք այս կտորը նայել։ Արբանյակը կուղղվի այդ կողմն ու կնկարի։ Հիմա, եթե անցնելու ընթացքում, որը մեր դեպքում տևում է ամենաշատը 9 րոպե, սկզբից նկարի տարածքը, հետո՝ 5-7 րոպե անց, նորից նկարի նույն տարածքը, և երևա, որ ամեն ինչը այդ պատկերում նույնն է, բայց մի ինչ-որ կոնկրետ կետ կամ կետերի համախումբ տեղաշարժվել է այդ րոպեների ընթացքում, ապա դրանից կարելի է եզրակացնել, որ դա շարժվող օբյեկտ էր։ Բայց դա, ի վերջո, մնում է ենթադրություն․ այդ պատկերն այնքան մանրամասն չէ, որ կարողանաս սև-սպիտակ պատկերում երկու մետրը երկու մետրի վրա չափերով տախտակը տարբերել նույն չափերի տեխնիկայից։ Բազմասպեկտրալ պատկերների համադրումը գուցե թույլ տա հասկանալ, թե ինչ նյութից է լույսն անդրադարձել, բայց այդ դեպքում էլ լուծունակությունն ավելի քիչ կլինի՝ մոտ 3 մ»,- նշում է Ավետիք Գրիգորյանը։ Վերջինիս խոսքով՝ կարևոր է նաև, թե պատկերն ինչ պայմաններում և ինչ տեղանքում է ստացվել․ «Կախված է տեղանքից․ ինչի՞ վրայով է թռչում օբյեկտը։ Կախված է լուսավորությունից։ Կարող են այնպիսի պայմաններ լինել, որ օբյեկտը լավ երևա տեղանքի ֆոնի վրա, կարող են այնպիսի պայմաններ լինել, որ չերևա։ Միանշանակ չէ, որ ցանկացած բան, երբ էլ անցնի, արբանյակը կտեսնի, կտարբերի»։ Այս ամենից կարելի է եզրակացնել , որ տեսականորեն տարբեր տվյալների համադրությամբ հնարավոր է արբանյակից ստացված պատկերներից իմանալ, որ Հայաստանի կամ Արցախի այս կամ այն հատվածում «Բայրաթքար» է թռել։ Այլ հարց է, թե դա որքանով կնպաստի այդ «Բայրաթքարը» խոցելուն։  «Դա ընդամենը հայտնաբերման լրացուցիչ շանս է։ Ռազմական տեխնիկա գոյություն ունի, ՀՕՊ գոյություն ունի, որը ռադարային սկզբունքներով կարողանում է բացահայտել երկնքում օբյեկտները։ Եթե շատ փոքր ԱԹՍ է, դրա համար հզոր ռադար է պետք, բայց «Բայրաքթարը» ՀՕՊ-ը պիտի որ գրանցի։ ․․․․ ՀՕՊ-ը հատուկ կառուցված է այնպես, որ երբ ռադարով հայտնաբերում է օբյեկտ, անմիջապես դառնում է կառավարող օրգան հակաօդային միջոցների համար, որ հրթիռ ուղարկելիս ցույց տա՝ թիրախը որտեղ է, և հրթիռը գնա այդ ուղղությամբ։ Եթե ՀՕՊ-ը չկա կամ կա, բայց օբյեկտը չի հայտնաբերել, ապա միայն արբանյակից ստացված նկարին նայելով՝ Երկրի վրայից ո՞ր կողմ արձակեն հրթիռը, որ գնա, խոցի։ Արբանյակից ստացված պատկերը թույլ չի տալիս հստակ ստանալ օբյեկտի կոորդինատները տարածության մեջ։ Այն չի կարող ապահովել հրթիռի ճշգրիտ ուղղորդում և օբյեկտի խոցում։ Նկարով կարող ես միայն իմանալ, որ գուցե  նման բան է անցնում այդ պահին։ Դա ընդամենը կարող է լինել հայտնաբերման հնարավոր միջոցներից մեկը»,- նշում է Ավետիք Գրիգորյանը։ Բացի այդ՝ պետք է հաշվի առնել, որ արբնյակը ոչ միշտ է պատկերներն ուղարկում անմիջապես նկարելուց հետո։ Կլինեն պատկերներ, որոնք կուղարկվեն մեզ հաջորդ անցման ժամանակ, լավագույն դեպքում՝ նկարելուց 90 րոպե անց։ Ավետիք Գրիգորյանի խոսքով՝ արբանյակից ստացված պատկերները կարող են, օրինակ, օգնել զինտեխնիկայի շարժը կամ սահմանին ինչ-որ շինություններ կառուցելու գործընթացը նկատելու հարցում․ «Շարժերը կարելի է նայել․ բեռնատար մեքենաներ են, զինտեխնիկա է տեղաշարժվում, մեկուկես ժամ անց կարելի է տեսնել, որ տեղաշարժվել են։ Սահմանամերձ շինություններ են անում, դիրքեր են ամրապնդում․․․ Դրանք ավելի խոշոր բաներ են, շատ մանրամասներով չի երևա, բայց կհասկացվի, թե դա ինչ բնույթի կառույց է, թշնամու միտումը կիմանանք»։ Ամփոփելով նշենք, որ Նաիրի Հոխիկյանի պնդումը, թե Հայաստանի արբանյակը  պետք է ստանար օդ բարձրացված «Բայրաքթարների» կոորդինատները և փոխանցեր ՀՕՊ-ին, վիճահարույց են։ Ինչպես տեսանք, «Բայրաքթարը» արբանյակի համար փոքր օբյեկտ է, և եթե անգամ արբանյակի պատկերներից մեկում այն նկատվեր, և տարբեր տեղեկությունների համադրմամբ հնարավոր լիներ հասկանալ, որ դա «Բայրաքթար» է, այդ տեղեկությունը դժվար թե օգներ խոցելու նպատակով արձակված հակաօդային միջոցի ուղղորդմանը։ Հիշեցնենք՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 12-ին հայտնել էր, որ արբանյակի կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի մասով աշխատանքներ են տարվում։ Արբանյակից պատկերներ ստանալու մասին տեղեկություններ դեռևս ոչ մի գերատեսչություն չի հրապարակել։ Աննա Սահակյան
15:30 - 05 օգոստոսի, 2022
Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի «73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողով»-ին

Հայաստանը միասնական տաղավարով կմասնակցի «73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողով»-ին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է սեպտեմբերի 18-22-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայանալիք «73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողովի» (73rd International Astronautical Congress) մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին: Այս մասին տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից։ Համաժողովի շրջանակներում  կանցկացվի նաև «Տիեզերքը բոլորի համար» (Space for All) խորագրով ցուցահանդեսը:  Բացի տիեզերական ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպություններից, ցուցահանդեսին կարող են մասնակցել նաև բարձր տեխնոլոգիական ոլորտների այն կազմակերպությունները, որոնք կարող են ընդլայնել իրենց գործունեությունը նաև տիեզերական բնագավառում: Հաշվի առնելով միջոցառման մասշտաբայնությունն ու ձևաչափը՝ նախարարությունը նախատեսում է միջոցառման ընթացքում կազմակերպվող ցուցահանդեսին ներկայանալ միասնական տաղավարով՝ ներկայացնելով հայկական լուծումները տիեզերական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Ցուցահանդեսին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել դիմում-հայտը՝ անցնելով հետևյալ հղումով: Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 5-ն է: Ցուցահանդեսի մասին առավել մանրամասն կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում: Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հոգում է միայն տաղավարի վարձակալության, կառուցապատման և ցուցահանդեսի մուտքի ապահովման ծախսերը:
10:59 - 26 հուլիսի, 2022
Կառավարությունն աշխատում է Հայաստանում արբանյակների արտադրություն հիմնելու ուղղությամբ
 |azatutyun.am|

Կառավարությունն աշխատում է Հայաստանում արբանյակների արտադրություն հիմնելու ուղղությամբ |azatutyun.am|

azatutyun.am: Իր առաջին արբանյակը տիեզերք արձակելուց երկու ամիս անց Հայաստանի կառավարությունը հայտարարում է, թե աշխատում է երկրում արբանյակների արտադրություն հիմնելու ուղղությամբ: Այսօր այդ մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։ «Հիմնական նպատակը՝ Հայաստանում ունենալ արբանյակների արտադրություն, մենք դնում ենք տենց ամբիցիոզ պլաններ և պետք է ձգտենք դրան։ Թե այս փուլում ինչքան կկարողանանք, որ մասը կկարողանանք էստեղ անել՝ հիմա կատարվում են գնահատման աշխատանքներ, տարբեր ընկերությունների հետ բանակցում ենք, տեսնում ենք՝ ինչ կարողություններ կան Հայաստանում, որպեսզի ճիշտ կարողանանք օգտագործել», - նշեց նախարարը՝ շարունակելով. - «Որովհետև իրականում Սովետական Միության ժամանակաշրջանում նման կարողություններ Հայաստանում եղել են, և այդ կարողությունները, կարելի է ասել, մասամբ պահպանվել են՝ մենք ունենք թե՛ կադրերի առումով, լավ գաղափարներ ունենք էստեղ, մասնագետներ ունենք, ում գիտելիքները կարելի է շատ լավ օգտագործել»։ Հարցին՝ խոսքը կապի՞ արբանյակների մասին է, Խաչատրյանը բացասական պատասխանեց. - «Ոչ, միանգամից ասեմ, որ կապի արբանյակների մասին այս պահին չենք խոսում, մեր արբանյակը կապի արբանյակ չի՝ դա Երկրի հեռահար զոնդավորման արբանյակ է, և հետագա շարունակությունը նույնպես էլի մտածում ենք, այս պահին մտածում ենք հեռահար զոնդավորման արբանյակների ուղղությամբ»։ Նախարարի փոխանցմամբ՝ Հայաստանում արբանյակների արտադրության գործում այս պահին որպես հիմնական գործընկեր բանակցում են իսպանական Satlantis-ի հետ։ Հենց այս ընկերության հետ համագործակցելով Հայաստանի կառավարությունը այս մայիսին տիեզերք արձակեց ArmSat-1 արբանյակը։
15:15 - 25 հուլիսի, 2022
«Mitsubishi Heavy Industries Russia» ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում

«Mitsubishi Heavy Industries Russia» ընկերությունը ցանկանում է գործունեություն ծավալել Հայաստանում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության (ԲՏԱ) նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 19-ին ընդունել է «Էմ Էյջ Այ Ռուս» (Mitsubishi Heavy Industries Russia) ընկերության պատվիրակությանը՝ գլխավոր տնօրեն Յասուշի Կակիտսուկայի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից։ Ռոբերտ Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտի ներկա վիճակը, զարգացումներն ու մարտահրավերները, մատնանշել հնարավոր համագործակցության ուղիները: Յասուշի Կակիտսուկան իր հերթին մանրամասնել է ընկերության գործունեության ուղղություններն ու ոլորտները, նախանշել փոխգործակցության հնարավոր սցենարները: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Կողմերն ընդգծել են, որ համագործակցությունը կարող է լուրջ կամուրջ հանդիսանալ նոր բիզնես կապերի ձևավորման և գործունեության ծավալման համար: Կարծիքներ են փոխանակվել նաև տեխնոլոգիական ընկերությունների հետ հանդիպումներ կազմակերպելու, ծրագրերի շուրջ քննարկումներ անցկացնելու հնարավորությունների վերաբերյալ։ «Էմ Էյջ Այ Ռուս» (Mitsubishi Heavy Industries Russia) ընկերությունը մտադիր է ՀՀ կառավարության հետ գործակցության ուղիներ նախանշել, որոնց հստակեցումից հետո անմիջապես գործունեություն ծավալել Հայաստանում։
11:00 - 20 հուլիսի, 2022
Հայաստանն ու ԱՄՆ-ն հետաքրքրված են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հեռանկարով

Հայաստանն ու ԱՄՆ-ն հետաքրքրված են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունն ընդլայնելու հեռանկարով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հուլիսի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից: Կողմերն անդրադարձել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև առկա համագործակցությանը։ Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել է տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործընթացներում ԱՄՆ կողմից ցուցաբերված օժանդակությունը, որի շնորհիվ՝ հատկապես ինժեներական ուղղություններով, բազմաթիվ ձեռնարկություններ են հիմնվել Հայաստանում։  Լին Թրեյսին բարձր է գնահատել այն հանգամանքը, որ բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջընթացը Հայաստանն առավելապես կապում է գիտելիքի և կրթության հետ՝ առաջ մղելով գիտելիքահեն տնտեսության զարգացման մոդելը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են արհեստական բանականության, տեխնոլոգական կրթության, տիեզերական տեխնոլոգիաների, միկրոէլեկտրոնիկայի, թվայնացման, մի շարք այլ ուղղություններով համագործակցության ընդլայնման հնարավորությունները։  Անդրադարձ է կատարվել նաև բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման ոլորտում ԱՄՆ ՄԶԳ և ԱՄՆ-ում հայկական սփյուռքի ունեցած դերակատարությանը, Ինժեներական քաղաք ծրագրին, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:
15:53 - 14 հուլիսի, 2022
ԱԺ-ի վավերացմանը ներկայացվեց տիեզերական ոլորտում ԱՊՀ պետությունների համատեղ գործունեության իրականացման համաձայնագիրը


 |armenpress.am|

ԱԺ-ի վավերացմանը ներկայացվեց տիեզերական ոլորտում ԱՊՀ պետությունների համատեղ գործունեության իրականացման համաձայնագիրը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովին ներկայացվեց  «Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համատեղ գործունեության իրականացման մասին» համաձայնագիրը: Համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը: Համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. նոյեմբերի 2-ին՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության և Ուզբեկստանի Հանրապետության կառավարությունների կողմից: «Համաձայնագրի նպատակն է խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման և օգտագործման ոլորտում բազմակողմ համագործակցության իրավական ու կազմակերպական հիմքերը սահմանելը, ինչպես նաև համատեղ տիեզերական գործունեության որոշակի ուղղությունների մասով համաձայնագրեր ու այլ պայմանավորվածություններ մշակելու եւ դրանք կողմերի ու համատեղ գործունեության մասնակիցների միջեւ կնքելու համար իրավական հիմքի ստեղծմանն աջակցելը»,-ասաց Պողոսյանը: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել  2019թ. սեպտեմբերի 20-ին: Այն ուժի մեջ է մտել Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի համար: Ըստ էության՝ միայն Հայաստանն է, որ չի վավերացրել: Համաձայնագիրը սահմանում է համագործակցության հետևյալ շրջանակները՝ հիմնարար եւ կիրառական տիեզերական հետազոտություններ՝ ներառյալ տիեզերական միջավայրի հեռավոր զոնդավորում, աստղագիտական հետազոտություն,Երկրի հեռակա զոնդավորում, համակարգող-ժամանակային եւ տեղորոշիչ ապահովում, տիեզերական աղբի օգտահանման խնդրի լուծում, աստերոիդ-գիսաաստղային վտանգի կանխարգելում և այլն: «Համաձայնագրի շրջանակներում հնարավորություն կընձեռվի համագործակցել արբանյակային նավիգացիոն համակարգերի, դրանց հետ կապված տեխնոլոգիաների եւ ծառայությունների ոլորտներում: Այն հնարավորություն կտա նաև տիեզերական գործունեության արդյունքներն օգտագործել սոցիալ-տնտեսական զարգացման տարբեր ոլորտներում, պաշտպանել տիեզերական միջավայրը, կանխարգելել այն և հսկել տիեզերական աղբի կուտակումը, իրականացնել բնական պաշարների հետազոտություններ, ինչպես նաև՝ արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների մոնիթորինգ»,-ասաց փոխնախարարը: Ըստ նրա՝ համաձայնագրի վավերացման նպատակահարմարությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի համապատասխան որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության 34-րդ կետի կատարման անհրաժեշտությունից, որը մեծապես կնպաստի միջազգային համագործակցության ընդլայնմանը տիեզերական ոլորտում: Փոխնախարարը սա շատ կարևորեց՝ հաշվի առնելով վերջերս տիեզերք  արձակված արբանյակի կառավարման և դրա հետագա շահագործման, տվյալների փոխանակման հարցը: Սերգեյ Բագրատյանը նկատեց, որ համաձայնագիրը ներկայացվել է կից վերապահումով և հետաքրքրվեց՝ ո՞րն է վարապահումը, ինչին ի պատասխան Պողոսյանն ասաց, որ վերապահումը վերաբերել է հարևան պետության հնարավոր մասնակցությանը համաձայնագրին, այն այս պահին համաձայնագրի անդամ չի հանդիսանում, իսկ հետագայում այդ վերապահումները հաշվի կառնվեն նման ցանկություն հայտնելու դեպքում:
14:08 - 06 հուլիսի, 2022
ԲՏԱ նախարարն այցելել է աշխարհի ամենամեծ ստարտափ կլաստեր ընկերություն, ներկայացրել ՀՀ-ում ստարտափ էկոհամակարգի զարգացումը

ԲՏԱ նախարարն այցելել է աշխարհի ամենամեծ ստարտափ կլաստեր ընկերություն, ներկայացրել ՀՀ-ում ստարտափ էկոհամակարգի զարգացումը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հունիսի 12-ից 15-ը պաշտոնական այցով եղել է Ֆրանսիայի Հանրապետությունում: Այս մասին տեղեկացնում է նախարարության կայքը։ Պաշտոնական այցի շրջանակներում հունիսի 14-ին նախարարը հանդիպել է Ֆրանսիայի «Université Paris-Saclay» համալսարանի գիտական և ճարտարագիտական հետազոտությունների գծով փոխնախագահ Միշել Գիդալի հետ: Կազմակերպվել է շրջայց  «Soleil» գիտահետազոտական լաբորատորիայի տարածքով, որի ընթացքում լաբորատորիայի գլխավոր տնօրեն Ժան Դելանը ներկայացրել է լաբորատորիայի գործունեությունը: Հանդիպման ընթացքում Ռոբերտ Խաչատրյանը ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած պետական քաղաքականությունը, ոլորտի զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը։ Նախարար Ռոբերտ Խաչատրյանն այցելել է նաև աշխարհի ամենամեծ ստարտափ կլաստեր «Station F» ընկերություն, որտեղ  հանդիպել է Ռազմավարական ծրագրերի և հաղորդակցության բաժնի ղեկավար Գրեգորի Մարտինեսի հետ: Քննարկվել են նորարարության, տնտեսական հզորացման, նորաստեղծ էկոհամակարգերի աճին և արդյունավետության խթանմանն ուղղված մի շարք հարցեր: Միաժամանակ ընդգծվել է երկու պետությունների ձեռնարկությունների միջև գործընկերային կապերի հաստատման,  համագործակցության, ինչպես նաև փոխճանաչելիության մակարդակի բարձրացման նպատակով փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: Ռոբերտ Խաչատրյանն իր հերթին ներկայացրել է Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացման կարևորությունը, վենչուրային կապիտալի ֆոնդի ձևավորման և գործունեության իրականացման  նպատակով կատարվող աշխատանքները, ստարտափ նախաձեռնությունների խթանման ու էկոհամակարգի զարգացմանն ուղղված դրամաշնորհային ծրագրերն ու օրենսդրական բարեփոխումները, որոնք միտված են դյուրացնելու Հայաստանում ոլորտային արտադրանքի ձևավորումը: Ֆրանսիական կողմը հետաքրքրություն է  հայտնել հայկական ստարտափների, աքսելերատոր ծրագրերի և հետազոտությունների վերաբերյալ, առաջարկել հայկական ստարտափներին ներառել իրենց կողմից ստեղծված ֆոնդերի և ֆինանսավորվող նախագծերի մեջ, ակտիվացնել ոլորտային համագործակցությունը: Տեղի է ունեցել նաև շրջայց՝  կենտրոնի տարածքով, որի ընթացքում նախարարին է  ներկայացվել մանրամասներ ընկերության գործունեության վերաբերյալ: Այցի շրջանակներում Ռոբերտ Խաչատրյանը հանդիպում է ունեցել հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, որին մասնակցել է Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
22:10 - 22 հունիսի, 2022
Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր ճանաչվելու հնարավորություն ունի. ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովին

 |armenpress.am|

Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր ճանաչվելու հնարավորություն ունի. ԲՏԱ փոխնախարարը մասնակցել է Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը Orion Summit 2022 տեխնոլոգիական գագաթնաժողովին մասնակցեց Հայկական ստարտափ էկոհամակարգի հասունացում և արագացում․ նորարարություն, ֆինանսներ և ներդրումային հեռանկարներ թեմայով պանելային քննարկմանը։  Սահակյանը կարևորեց նման գագաթնաժողովը, որը, նրա համոզմամբ, ոլորտի հետ շփվելու, առկա խնդիրները հասկանալու և միասին դրանց լուծումները գտնելու հարթակ է։ «Գագաթնաժողովը հնարավորություն է տալիս տեղեկացնել այն  ծրագրերի մասին, որոնք նախարարությունը պլանավորում է իրականացնել և իրականացնում է ոլորտի զարգացման համար»,- ասաց փոխնախարարը։ Վերջինիս բնորոշմամբ՝ Հայաստանն անցում է կատարում տեղեկատվական տեխնոլոգիաների երկիր ճանաչողությունից դեպի բարձր տեխնոլոգիական երկիր ճանաչողությանը։ «Պանելային քննարկմանը խոսվել է այն նախաձեռնությունների մասին, որոնք  մենք իրականացրել ենք, այդ թվում՝ դասընթացները, որոնք հինգն են․ կիբերանվտանգություն, ինժեներություն, բլոկչեյն, արհեստական բանականություն, տեխնոլոգիական ձեռներեցություն։ Մենք այսօրվա Հայաստանը դիրքավորում ենք ոչ թե այսօրվա կարիքներից ելնելով, այլ՝ ապագա կարիքներից»,- նշեց Սահակյանը։ Նրա համոզմամբ՝ Հայաստանը ՏՏ ոլորտում հաջողելու համար մեծ ներուժ ունի։ Գագաթնաժողովը նախաձեռնություններից մեկն է, որը հաստատուն քայլերով գնում է այդ նպատակի իրականացմանը։   Orion Summit 2022-ն անցկացվում է Երևանում հունիսի 22-ին: Մասնակցում են տեխնոլոգիաների, ֆինանսների, բիզնեսի և այլ ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող հիմնադիրներ, ներդրողներ, խորհրդատուներ և մասնագետներ:  Մասնակիցների թվում են ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը, ՀՀ Կենտրոնական բանկի նախագահը։ Գագաթնաժողովի առանցքային ուղղվածություններից մեկն  էկոհամակարգային լուծումների ներկայացումն է ու դրանց ներդրման խրախուսումը հայկական ընկերություններում: «Օրիոնը» (Orion Worldwide Innovations) ստարտափների աճի և փոխկապակցված էկոհամակարգի զարգացման հանգույց է, որն առաջարկում է ծառայությունների ամբողջական փաթեթ: «Օրիոնը» ներդրումների ենթակա ընկերությունների համար ստեղծում է ԱՄՆ մուտք գործելու հնարավորություններ, բարելավում այդ ընկերությունների՝ հաճախորդներ ձեռք բերելու ռազմավարությունները, օգնում մնալ մրցունակ և պաշտպանում իրենց նորարարությունները։  «Օրիոնը» հիմնադրվել է 2017 թ., ԱՄՆ-ում։ Ընկերությունը գրասենյակներ ունի Նյու Յորքում և Երևանում, համագործակցում է աշխարհի տարբեր երկրներում գործող ընկերությունների և ներդրողների ցանցերի հետ:  
14:51 - 22 հունիսի, 2022
Աշխատաշուկայի և կրթության միջև կապի ամրապնդումը շարունակական հրամայական է. ԿԳՄՍ փոխնախարար

 |armenpress.am|

Աշխատաշուկայի և կրթության միջև կապի ամրապնդումը շարունակական հրամայական է. ԿԳՄՍ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am: Մրցունակ աշխատուժը երկրի և համայնքի տնտեսության զարգացման ամենակարևոր նախադրյալներից է, այդ իսկ պատճառով ՀՀ կառավարությունը որպես առաջնահերթություն է սահմանել մարդկային կապիտալի զարգացումը, աշխատատեղերի ստեղծումը, թիրախավորված և սոցիալական զարգացվածությունը: Երևանում մեկնարկած Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովում այս մասին խոսեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը: Նրա խոսքով՝ նախարարությունը որդեգրել է մարդկային կապիտալի ձևավորման շարունակական զարգացման քաղաքականություն՝ միտված աշխատանքի և բարձր արտադրողականության զբաղվածության խթանմանը:  «Նախարարության նոր ռազմավարության նախագծի շրջանակում առավել կարևորվում են մասնագիտության գիտակցված ընտրությունը, զբաղվածության խթանումը, ինչպես նաև կարիերայի զարգացման և վերապատրաստման արդյունավետ համակարգերի ներդրումը»,-ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ զբաղվածության ռազմավարությունը կընդունվի այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին և բաղկացած կլինի մի քանի բաղադրիչներից: Ռուբեն Սարգսյանն ընդգծեց, որ կարևորելով մարդկային կապիտալի զարգացումը՝ պետական կառավարման մի շարք կառույցներում համատեղ աշխատանքներ են իրականացվում՝ մասնավորապես աշխատուժի ձևավորման նպատակով: ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝  աշխարհի որևէ երկրում աշխատաշուկայի և կրթության միջև կապի ամրապնդումը շարունակական հրամայական է: «Մեր խնդիրն է փորձել հասնել նրան, որ կրթության մեջ կատարվող ներդրումներն անմիջականորեն իրենց ազդեցությունն ունենան նաև երկրի տնտեսական  կյանքում: Կա միջգերատեսչական կայուն երկխոսություն՝ կրթություն-աշխատաշուկա կապը ուժեղացնելու առումով»,- ասաց նա՝ հավելելով, որ 2021 թվականին Հայաստանի կառավարությունը հաստատեց հանրակրթության պետական չափորոշիչը, որը բովանդակային նոր մոտեցումներ է առաջարկում. այդ թվում ՀՀ բոլոր դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ինստիտուտի ներդրում, որը սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հնարավորություն կընձեռնի: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մանթաշյանը հավելեց, որ իրենց նախարարությունը բաց է  բոլոր այն մարդկանց առաջ, ովքեր կցանկանան մասնակից լինել մեր երկրի տեխնոլոգիական փոփոխությանը: «Շատ կարևոր են ոչ միայն ունակությունները, այլև գիտելիքները: Մեծ փոփոխություններ անելու համար միայնակ դժվար է»,- նշեց նա Աշխատուժի զարգացման առաջին ազգային համաժողովն իրականացվում է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ:
13:53 - 22 հունիսի, 2022