Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իր գործունեությունը սկսեց 2019թ. նոյեմբերի 26-ին: Օրենքով նախատեսված էր, որ հանձնաժողովը պետք է գործի 2018-ին: Հանձնաժողովը փոխարինում է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին։ Կառույցի 5 անդամների եւ նախագահի թեկնածություններն առաջադրել էին կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը եւ ԱԺ երեք խմբակցությունները։

Երկար քննարկումներից հետո 2019-ի նոյեմբերի 19-ին խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի առաջին կազմը։ Նախագահ ընտրվեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջադրված Հայկուհի Հարությունյանը։ Վերջինս մասնագիտությամբ իրավագետ է, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի նախագահը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ բարեվարքության ստուգման առաջին արդյունքների մասին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը՝ բարեվարքության ստուգման առաջին արդյունքների մասին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտնում է բարեվարքության ստուգման առաջին արդյունքների և հաջողությունների մասին։   2020 թվականի հունիսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայաստանում առաջին անգամ իրականացրել է պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության ստուգում:   Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների բաց մրցույթի 23 թեկնածու և ՀՀ գլխավոր դատախազի՝ այդ ոլորտը համակարգող տեղակալի 3 թեկնածու լրացրել են Հանձնաժողովի կողմից մշակված բարեվարքության հարցաթերթիկը, այնուհետև Հանձնաժողովն իրականացրել է հարցաթերթիկում ներկայացրած տվյալների արժանահավատության ստուգում: Բացի այդ, բարեվարքության ուսումնասիրության շրջանակներում Հանձնաժողովը տեղեկություններ է հավաքել թեկնածուների վերաբերյալ և գնահատել այն համակցության մեջ հետևյալ ուղղություններով`   1) անձի կողմից նախկինում քրեական, վարչական կամ կարգապահական պատասխանատվության ենթարկված լինելու հանգամանքի, այդ թվում՝ կոռուպցիոն գործարքներում ներգրավվածության, նրա կողմից վարքագծի կանոնների պահպանման, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, այլ սահմանափակումների խախտում կատարած լինելու հանգամանքների վերաբերյալ, 2) անձի վերաբերյալ զանգվածային լրատվական միջոցներում, ինչպես նաև սոցիալական ցանցերում հրապարակված տեղեկություններ, 3) անձի գույքային դրության` փաստացի ստացած եկամուտների, ինչպես նաև նախկինում ներկայացված հայտարարագրերի վերաբերյալ, 4) անձի աշխատանքային գործունեության վերաբերյալ, 5) անձի քրեական ենթամշակույթին հարելու վերաբերյալ: Բարեվարքության ուսումնասիրության համար Հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի փորձագետների, ԱՄՆ ՄԶԳ ծրագրի աջակցությամբ ներգրավված փորձագետների աջակցությամբ, ինչպես նաև ԵՄ TAIEX ծրագրի փորձագետների խորհրդատվությամբ մշակել է մեթոդաբանություն և ուսումնասիրության գործիքներ, այդ թվում նաև թեկնածուների կողմից տվյալների ներկայացման էլեկտրոնային գործիք: Բարեվարքության ուսումնասիրության նպատակն է բացահայտել թեկնածուի նախկին մասնագիտական գործունեության ընթացքում դրսևորված այն վարքագիծը, որը կարող է կրկնվել և տվյալ պաշտոնում պաշտոնավարելիս նպաստել անձի կողմից անօրինական գործողությունների իրականացմանը, պաշտոնական լիազորությունների չարաշահմանը, կամ կոռուպցիոն գործարքներում ներգարավվածությանը։   Թեև նման ստուգում Հայաստանում իրականացվում է առաջին անգամ, այն հավակնում է նպաստել տարածաշրջանում բարեվարքության ստուգման և ընդհանուր առմամբ պետական կառավարման ոլորտում բարեվարքության լավագույն համակարգի ինստիտուցիոնոլ ներդրմանը։ Այս առումով Հանձնաժողովն ակտիվորեն համագործակցում է միջազգային գործընկերների՝ Եվրամիության, Եվրոպայի խորհրդի, ինչպես նաև՝ ԱՄՆ-ի փորձագետների խմբերի հետ։ Բարեվարքության ստուգման առաջին արդյունքները վկայում են, որ հավակնոտ ծրագիրը հաջողությամբ է մեկնարկել։   Հանձնաժողովը ներկայացրել է 26 թեկնածուի բարեվարքության վերաբերյալ եզրակացություն, որից 2-ը եղել է բացասական, 11-ը՝ դրական վերապահումով, իսկ 13-ը՝ դրական։   Բարեվարքության ստուգման արդյունքում Հանձնաժողովը ներկայացնում է խորհրդատվական բնույթի եզրակացություն, որի մեջ ներառված են թեկնածուի կրթության, նախկին աշխատանքի ընթացքում դրսևորած վարքագիծը, որոշումների կայացման անկախության, անաչառության փորձը, մասնագիտական պատրաստվածությունը, անօրինական ենթադրյալ դրսևորած վարքագիծը, ինչպես նաև կապը քրեական ենթամշակույթի հետ։Առանձին մաս է կազմում նաև թեկնածուի, նրա ընտանիքի անդամների գույքային դրության ստուգումը, որը հնարավորություն է տալիս գնահատել, թե արդյոք թեկնածուի գույքի, եկամուտների վերաբերյալ գործարքները՝ դրանց ձեռքբերումն ու օտարումն եղել են օրինական և որևէ այլ ազդեցությամբ թեկնածուի կամ նրա ընտանիքի անդամների օգտին գույքային դրության բարելավում չի արձանագրվել: Բարեվարքության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս նաև կանխել հնարավոր շահերի բախումը՝ ուսումնասիրելով թեկնածուի ընտանիքի անդամների մերձավոր ազգակցությամբ կապված անձանց Հանրային Ծառայության մասին ՀՀ օրենքով զբաղեցրած պաշտոնների և այդ պաշտոնների ազդեցությամբ թեկնածուի օգտին այս կամ այլ առավելությունը ձեռք բերելու հնարավորությունը: Հավաքագրված տվյալները համադրվում են և ըստ բարեվարքության բաղադրիչ հանդիսացող տարրերի, դրանց հիման վրա այն ամփոփվում է նախապես մշակված բալային համակարգով, որի հիման վրա էլ այնուհետև կազմվում է թեկնածուի բարեվարքությունը բնութագրող որակական եզրակացություն։
09:54 - 23 հուլիսի, 2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել

2020 թվականի հուլիսի 6-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջի առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել: Վարույթ հարուցելու համար առիթ է հանդիսացել 2020 թվականի հունիսի 23-ի «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության ընդհանուր ժողովի արձանագրությունը, որը ստորագրել է Գագիկ Կոլյայի Ծառուկյանի կողմից, որով որոշվել է դադարեցնել ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի լիազորությունները և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արայիկ Կեսոյանին (որպես պատճառ՝ նշված է Սեդրակ Առուստամյանի կողմից իր պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինությունը): Այս մասին հայտնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։2020թ. մայիսի 27-ին Գագիկ Ծառուկյանը ներկայացրել է գույքի, եկամուտների և շահերի 2019թ. տարեկան հայտարարգիր, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Գ. Ծառուկյանը, ի թիվս այլ ընկերություններում իր ունեցած գույքային իրավունքների, Սեդրակ Առուստամյանի հավատարմագրային կառավարման է հանձնել «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության բաժնեմասը՝ 20.05.2017-20.05.2022թթ. ժամանակահատվածով:Այդուհանդերձ, «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության մասնակիցների արտահերթ ընդհանուր ժողովի 23.04.2020թ. թիվ 20/01-Ա արձանագրային որոշման ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ ՀՀ ազգային ժաղովի պատգամավոր Գ. Ծառուկյանը անձամբ առերևույթ մասնակցել է ընկերության կառավարմանը, առաջարկել է ընկերության տնօրենի թեկնածու, մասնակցել է տնօրենի ազատման և նոր տնօրեն նշանակելու որոշումների կայացման գործընթացին, ինչպես նաև տնօրենին հանձնարարականներ տալուն:Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի՝ 31-րդ հոդվածի 1-ին մասի` հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից: Նույն հոդվածի 17-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձի և հանրային ծառայողի կողմից սույն հոդվածով նախատեսված անհամատեղելիության պահանջները խախտելը նրա լիազորությունների դադարեցման կամ նրան զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմք է:Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքները և ղեկավարվելով Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 2-րդ մասը, ինչպես նաև 31-րդ հոդվածի 1-ին մասը, Հանձնաժողովը որոշել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Գագիկ Ծառուկյանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով հարուցել վարույթ:Վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Կ. Կարապետյանի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (Հանձնաժողով) հասցեագրված դիմումը:
16:29 - 22 հուլիսի, 2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախարար Բաթոյանին տուգանել է 200000 դրամով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախարար Բաթոյանին տուգանել է 200000 դրամով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (Հանձնաժողով) որոշել է Զարուհի Բաթոյանի նկատմամբ կիրառել վարչական տույժ՝ նշանակելով տուգանք 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով՝ հայտարարատուի կողմից հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար: Այս մասին հայտնում են հանձնաժողովից։ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, ով 2018 թվականին նույն նախարարությունում նախարարի առաջին տեղակալ էր 2019թ. հունիսի 21-ին ներկայացրած գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց 2018 թվականի տարեկան հայտարարագրում «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում չի հայտարարագրել իր եկամուտները: Ի պատասխան Հանձնաժողովի՝ բացատրություններ ներկայացնելու խնդրանքին՝ Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ իր կողմից հայտարարագիրը՝ դրա լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների խախտմամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացնելը՝ պայմանավորված է եղել այն հանգամանքով, որ ի տարբերություն մյուս դաշտերի՝ եկամուտների վերաբերյալ դաշտը նշված չի եղել որպես պարտադիր լրացման ենթակա և համակարգը թույլ է տվել չլրացնել դրանք։ Այդ հիմքով Զարուհի Բաթոյանը խնդրել է իր եկամուտները չհայտարարագրելը դիտարկել որպես զուտ տեխնիկական բացթողում և թույլատրել 2018 թվականի տարեկան հայտարարագրում կատարել ուղղում՝ «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում նշել 7 515 233 ՀՀ դրամ։ Այնուամենայնիվ, Հանձնաժողովը վերահաստատել է, որ հայտարարագրման ենթակա տվյալները հայտարարագրելիս բոլոր դաշտերը, առանց որևէ բացառության, պարտադիր են ենթակա են լրացման: Տուգանքը վճարելուց հետո Զարուհի Բաթոյանին տրամադրվելու է 7 աշխատանքային օր՝ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձնաց 2018 թվականի տարեկան հայտարարագրի «Հայտարարատու պաշտոնատար անձի եկամուտները հարկային տարում» բաժնում համապատասխան ուղղում կատարելու համար:
16:19 - 22 հուլիսի, 2020
Կոռուպցիայի կանխարգելման կառույցին անհրաժեշտ է ավելի մեծ թափանցիկություն |ampop.am|

Կոռուպցիայի կանխարգելման կառույցին անհրաժեշտ է ավելի մեծ թափանցիկություն |ampop.am|

ampop.am: Հայաստանի Կոռուպցիայի կանխարգելման նորաստեղծ հանձնաժողովի գործունեությունը մեկնարկային փուլում է։ Այս ինքնավար մարմինն ընդհանուր առմամբ ուսումնասիրելու է պաշտոնյաների ունեցվածքի վերաբերյալ հայտարարագրերը, ընթացք է տալու շահերի բախման դեպքերին, վարույթներ է հարուցելու, հանցակազմ գտնելու դեպքում գործերն ուղարկելու է Դատախազություն։ Բացի վերը նշվածներից, մարմինը նաև իրականացնելու է հակակոռուպցիոն կրթական ծրագրեր և մի քանի այլ գործառույթներ: Այս նորաստեղծ մարմնի հինգ անդամներն ընտրվել են խորհրդարանի կողմից՝ նոյեմբերի 19-ին՝ փակ, գաղտնի քվեարկությամբ։ Հիմնվելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքում կատարված փոփոխության վրա՝ թեկնածուներն առաջադրվել են ՀՀ կառավարության, Բարձրագույն դատական խորհրդի, իշխող խմբակցության և երկու ընդդիմադիր խմբակցությունների կողմից: Նոյեմբերի 26-ին հանձնաժողովի առաջին նիստն էր, որի ընթացքում կայացել էր հանձնաժողովի նախագահի ընտրությունը։ Երկու թեկնածուներից մեկն Էդգար Շաթիրյանն էր՝ առաջադրված խորհրդարանական մեծամասնություն կազմող «Իմ քայլը» դաշինքից, իսկ երկրորդը՝ փաստաբան Հայկուհի Հարությունյանը՝ առաջադրված ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից։ Վերջինս էլ ընտրվեց նախագահ։ Շաթիրյանը, հանձաժողովի նախագահի ընտրությունից շատ չանցած, հրաժարվեց անդամությունից, ինչը նշանակում է, որ «Իմ քայլը» դաշինքը նոր թեկնածու պետք է առաջադրի սույն պաշտոնի համար։ Հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանը 2003թ․-ից ի վեր իրավապաշտպան գործունեություն է ծավալել՝ երկար տարիներ աշխատելով նախ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, այնուհետև հանդիսացել «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության նախագահ։ Իրավապաշտպանական ակտիվ գործունեությանը զուգահեռ նա հասցրել է սովորել և 2012թ․-ին ստանալ մագիստրոսի աստիճան՝ ԱՄՆ-ի Միննեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցում՝ մասնագիտանալով առաջնորդության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտներում: Հանձնաժողովի մյուս անդամներն են Լիլիթ Ալեքսանյանը՝ առաջադրված Կառավարության կողմից, Արամայիս Փաշինյանը՝ առաջադրված Բարձրագույն դատական խորհրդի կողմից և Նարեկ Համբարձումյանը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից։ Հանձնաժողովի անդամների պաշտոնները համարվում են քաղաքացիական պաշտոններ։ Ըստ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» և «2019 թվականի պետական բյուջեի մասին» օրենքների՝ հանձնաժողովի անդամները ստանալու են շուրջ 794000 դրամ՝ ներառյալ հարկերը, իսկ հանձնաժողովի նախագահը՝ գրեթե 926 000 դրամ՝ ներառյալ հարկերը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները։ Հանձնաժողովի գործունեության կարևորությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանն «Ամփոփ մեդիային» տված բացառիկ հարցազրույցում նշում է, որ գործունեության մեկնարկը տալու համար օրենքը տալիս է բավարար լծակներ՝ սակայն գործնականում մեկ-երկու գործ ունենալուց հետո նախատեսում են օրենդիրին և գործադիրին դիմել՝ դուրս բերված թերությունները շտկելու առաջարկով։ «Մենք հիմա դժվար փուլ ենք թևակոխում՝ տեղեկատվության վերլուծության և դրա նկատմամբ կիրառվող արդյունքների մասով։ Եթե հայտնաբերենք, որ ինչ-որ մեկը ստացել է թանկարժեք նվեր՝ անհամատեղելի իր գործունեության հետ, կամ կան կասկածներ, որ դրա դիմաց անձն այլ տեսակի ծառայություն է մատուցել, ստեղծել առավելություն, արտոնյալ պայմաններ ինչ-որ խմբի կամ անձնանց համար, մենք ամբողջությամբ նոր սխեմայով աշխատանք ենք տանելու»,- ասում է Հարությունյանը։ Ըստ նրա՝ սա հենց այն ձևաչափն է, որը նախկինում գործող նույնանման մարմինները չէին իրականացնում։ Հարությունյանն ասում է, որ այժմ հանձնաժողովը շատ կարևոր ֆիլտրացիայի դեր է տանելու վերը նշված դեպքերի հայտնաբերման ժամանակ։ Բացի այդ, ունի նաև ուղիղ պարտականություն այդ գործերն ուղարկելու Դատախազություն և հետևելու, որ Դատախազությունը դրանց պատշաճ գնահատական տա։ Միևնույն ժամանակ Հայկուհի Հարությունյանը շեշտում է, որ իր կողմից ղեկավարած կառույցը պատժիչ գործառույթ չունի, և քրեական գործի վարույթի շրջանակներում պատասխանատվության ենթարկելու գործիքի չի տիրապետում․ այն իրականացնում է տվյալների և փաստերի հավաքման գործառույթը։ Ըստ էության, Հարությունյանի ղեկավարած հանձնաժողովը փոխարինելու է 2012թ․-ից գործող Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին՝ լայնացնելով գործունեության շրջանակը։ Կոռուպցիայի հանձնաժողովի ամբողջական կազմն այս պահին բաղկացած է 10 աշխատակցից, որոնցից երեքն ադմինիստրատիվ աշխատողներ են։ «Անձնակազմը համալրվել է հիմնականում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի աշխատակիցներով։ Ցավոք, սա մասնագիտական կարողությունների և քանակի առումով դեռ բավարար չէ»,- նշում է Հարությունյանը։ Նախատեսված է, որ հանձնաժողովի աշխատակազմը բաղկացած լինի 35 հաստիքից, որն էլ կհամալրվի արդեն հաջորդ տարի։ Նոր մարմինն արդեն հասցրել է ստանալ դիմումներ, նամակներ՝ շահերի բախման և այլ երևույթների առկայության մասին։ Այս պահին աշխատում են նաև նոր հայտարարագրման ձևաչափի վրա, որը հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի։ Հանձնաժողովի նախագահը նշում է, որ հանձնաժողովը որևէ տարբերակում չի դնելու դատավորների, դատախազների կամ որևէ պաշտոնոտար անձի միջև․ հայտարարագրելը ստուգվելու են նույն կերպ։ Դատավորների դեպքում, Հարությունյանը նշում է, որ կա համապատասխան մարմին՝ Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ): Հանձնաժողովի կողմից հատնաբերված խախտումների պարագայում դրանք փոխանցվելու են ԲԴԽ և դրանք հիմք են հանդիսանալու, որպեսզի տվյալ մարմինը վարույթ հարուցի։ Հանձնաժողովի անկախությունը Հանձնաժողովի ստեղծումից ի վեր ամենաքննարկվող հարցերից մեկը կապված է անկախության հետ։ Արդյո՞ք գործադիրի, օրենսդիրի կամ դատական իշխանության կողմից առաջադրումը չի՞ կարող խոչընդոտել հանձնաժողովի անդամների անկախ և անկաշկանդ գործունեությանը։ Հայկուհի Հարությունյանը կարծում է, որ այս հարցը ուռճացված է․ «Ես գիտեմ, որ ինձ առաջադրել է քաղաքական կոնկրետ ուժ, բայց պայմանով և դա իրավական պարտադիր ամրագրում ունի, որ այդ ուժը իմ հետագա գործունեության վրա ազդելու որևէ լծակ չունի։ Ես ինչո՞վ պետք է կաշկանդված լինեմ, եթե որպես անձ ինձ համար հստակ որդեգրել եմ մոտեցում, որ աշխատում եմ և իմ թիրախը ոչ թե ինձ առաջադրած խմբի շահերի պաշտպանությունն է, այլ կոռուպցիայի կանխարգելումը։ Այդ դեպքում ինչո՞վ ես պիտի կոմպրոմիսի գնամ այդ ուժի հետ»։ Դիտարկմանը, թե անձնական կապերը գուցե ինչ-որ դեր խաղան, հանձնաժողովի նախագահը նշում է, որ դա արդեն անձնային տոկունության հատկանիշ է։ «Անկախ նրանից, թե որ ուժը կառաջադրի, եթե ես չունեմ տոկոնություն և հակված եմ ինչ-որ մի ազդեցության տակ որոշում կայացնելու՝ ես նույն ձևով կարող եմ ազդեցություն կրել հանրային կարծիքից, ինչը երբեմն ավելի գերակշիռ է դառնում»,- ասում է Հարությունյանը։ Հանձնաժողովի անկախությանն ուղղակի կնպաստի թափանցիկության և հաշվետվողականության բարձրացումը՝ համոզված է Հարությունյանը։ «Եկեք դա բերենք օրակարգ։ Մեզ իսկապես պետք է ավելի մեծ հաշվետվողականություն, գործունեության ավելի մեծ թափանցիկություն։ Հաշվետվողականության մասին դրույթները 2017թ-ին ստեղծված օրենքում լրիվ այլ նպատակ էին հետապնդում»,- ասում է հանձնաժողովի նախագահն ու ավելացնում, որ իր գլխավորած կառույցը հետաքրքրված է մեծացնել հաշվետվողականությունը։ «Եթե ես բարձրացնում եմ մեծ հաշվետվողականության և թափանցիկության հարցը, ապա ես ապահովագրում եմ ինձ բոլոր հնարավոր ազդեցության լծակներից։ Որքան մենք հաշվետու եղանք, այդքանով էլ անկախ կլինենք։ Իսկ մենք այս պահին գործող օրենքով ունենք չափազանց փոքր հաշվետվուղականության պահանջ»։ Քաղաքական կամք՝ պայքարելու կոռուպցիայի դեմ «Թրանսփերընսի ինթերնեյշնըլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանն ասում է, որ օրենսդիրի և գործադիրի կողմից անդամների առաջադրման միջոցով հանձնաժողովի ձևավորման մեջ ռիսկեր կան, սակայն նույնանման ռիսկեր կան նաև մրցութային տարբերակով ընտրության պարագայում։ Շարունակությունը՝ ampop.am-ում
17:02 - 16 հուլիսի, 2020
Առաջարկվում է պաշտոնատար անձի հայտարարագրում փոփոխություն կատարել |hetq.am|

Առաջարկվում է պաշտոնատար անձի հայտարարագրում փոփոխություն կատարել |hetq.am|

hetq.am: Արդարադատության նախարարությունը նախատեսում է պաշտոնատար անձի հայտարարագրում փոփոխություն կատարել։ Մասնավորապես, առաջարկվում է պաշտոնատար անձի, նրա ընտանիքի անդամին եկամուտ վճարող կազմակերպության անվանումը կամ ֆիզիկական անձի տվյալները հրապարակելիս որպես բացառություն նախատեսել բանկային ավանդի դիմաց ստացված տոկոսը և հատուցումը վճարող կազմակերպության անվանման կամ ֆիզիկական անձի անուն, ազգանունի, հայրանվան համար: Նման որոշման նախագիծ է Արդարադատության նախարարությունը ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։ Նախարարությունը ընդգծել է, որ այս փոփոխությունը պայմանավորված է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից համապատասխան իրավանորմերի պրակտիկ կիրառման ընթացքում առաջացած խնդիրներից: Արդարադատության նախարարությունը որոշման նախագծում նշել է, որ հայտարարագրում հրապարակման (տրամադրման) համար նախատեսված տվյալների ցանկում հրապարակման է ենթակա նաև եկամտի ստացման աղբյուրը՝ եկամուտ վճարողի անունը, ազգանունը կամ հայրանունը։ Վերջինից բխում է, որ բանկային ավանդի դիմաց ստացված տոկոս և այլ հատուցում վճարող կազմակերպության անվանումը ևս հրապարակման ենթակա տվյալ է: «Միևնույն ժամանակ, հանձնված, վերադարձված փոխառության, այդ թվում՝ բանկային ավանդի գործարքի մյուս կողմի՝ պարտապանի տվյալները՝ անվանումը կամ ազգանունը, անունը, հայրանունը, որոշմամբ պաշտպանված են և ենթակա չեն հրապարակման: Ուստի, միասնական մոտեցման ապահովման տեսանկյունից կարծում ենք՝ անհրաժեշտ է փոփոխել վերոնշյալ կարգավորումը: Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ գործող կարգավորումների համաձայն՝ հայտարարատու պաշտոնատար անձի ընտանքի անդամների դեպքում բանկային ավանդի դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը ևս հրապարակման ենթակա տվյալ է: Ուստի, այս պարագայում ևս կարևորվում է վերոգրյալ տվյալների պաշտպանությունը»,-հայտնել է արդարադատության նախարարությունը։
19:19 - 11 հուլիսի, 2020
Տեխնիկական խնդիրներով պայմանավորված, եթե որոշ պաշտոնյաներ չեն ներկայացրել իրենց հայտարարագիրը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատրաստակամ է տրամադրելու պարզաբանումներ

Տեխնիկական խնդիրներով պայմանավորված, եթե որոշ պաշտոնյաներ չեն ներկայացրել իրենց հայտարարագիրը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պատրաստակամ է տրամադրելու պարզաբանումներ

2020թ. հունիսի 10-ից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հրապարակվել են պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը, որոնք հասանելի են հետևյալ հղմամբ։ Այս մասին հայտնում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից:Հանձնաժողովը դիմում է բոլոր այն անձանց, կազմակերպություններին և լրագրողներին, ովքեր իրականացնելու են հայտարարագրերի վերլուծություն կամ այլ կերպ ուսումնասիրության համար օգտագործելու են հայտարարագրերում առկա տվյալները:Բոլոր այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերը հրապարակված չեն կամ հանձնված են հունիսի 1-ից հետո, խնդրում ենք մինչ այդ տեղեկությունների, տվյալի հիման վրա եզրահանգում կատարելը կամ լրագրողական նյութ պատրաստելը կապ հաստատել Հանձնաժողովի հետ և ստանալ պարզաբանումներ։Նոր տեսակի կորոնավիրուսի՝ տարածման պատճառով եղել են պաշտոնատար անձինք, նրանց ընտանիքի անդամներ, ովքեր մեկուսացման պատճառով հայտարարագրերը լրացնելու հնարավորություն չեն ունեցել։ Բացի այդ, տեխնիկական խնդիրների պատճառով որոշ պաշտոնատար անձինք, նրանց ընտանիքի անդամներ չեն ծանուցվել կամ ծանուցվել են ուշացած։ Այս բոլոր դեպքերում Հանձնաժողովն անհատապես կապ է հաստատել հայտարարատուների հետ և տրամադրել է լրացուցիչ 7 օրյա ժամկետ հայտարարագրերի լրացման համար, ինչպես նաև սահմանել է, որ բոլոր այս դեպքերում հայտարարագրերը չեն համարվում օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված։
16:51 - 11 հունիսի, 2020
Զարուհի Բաթոյանի հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել |data.hetq.am|

Զարուհի Բաթոյանի հայտարարագրերի ուսումնասիրության արդյունքում վարույթ է հարուցվել |data.hetq.am|

data.hetq.am: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի վերջին հայտարարագրերում նրա եկամուտները ներկայացված չեն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, հիմք ընդունելով մեր գրավոր հարցումը, խոստացել է ուսումնասիրել նրա հայտարարագրերը։  Զարուհի Բաթոյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում աշխատանքի է անցել 2018 թվականին։ Պաշտոնը ստանձնելուց հետո նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չորս հայտարարագիր է ներկայացրել։ Դրանցից միայն առաջինում՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում, կարելի է տվյալներ գտնել Բաթոյանի եկամուտների վերաբերյալ։ Ըստ այդ հայտարարագրի՝ Բաթոյանի եկամուտն այդ ժամանակ եղել է 887 000 դրամ աշխատավարձը։ Զարուհի Բաթոյանի ներկայացրած առաջին հայտարարագրում երևում է 945 հազար դրամ ֆինանսական միջոց։ Դրանից երեք ամիս անց ներկայացրած տարեկան հայտարարագրում նախարարի միջոցները ավելացել են 3 միլիոն 460 հազար դրամով՝ դառնալով 4 միլիոն 404 հազար դրամ։ Թե ինչ աղբյուրներից են ավելացել Զարուհի Բաթոյանի ֆինանսական միջոցներն, անհայտ է, քանի որ նա չի հայտարարագրել եկամուտները։ Data.hetq.am-ը գրությամբ դիմել է նախարար Բաթոյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու չի հայտարարագրել եկամուտները։ Նախարարը եկամուտները չհայտարարագրելու հանգամանքը պայմանավորել է տեխնիկական պատճառով։ «Ի տարբերություն մյուս դաշտերի՝ եկամուտների վերաբերյալ դաշտը նշված չի եղել որպես պարտադիր և համակարգը թույլ է տվել չլրացնել դրանք, ուստի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի եկամուտները չեն հայտարարագրվել սխալմամբ և տեխնիկական խոտանի պատճառով»,- հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Մենք նախարարից խնդրել էինք նաև ներկայացնել 2018 թվականից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած չորս հայտարարագրերի եկամուտները՝ նշելով դրանց ստացման աղբյուրները։ Վերջինս, սակայն, այդ հարցին չի պատասխանել։  Data.hetq.am-ը գրությամբ դիմել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ հետաքրքրվելով, թե արդյոք պաշտոնատար անձի եկամուտների հայտարարագրումը պարտադիր է։ Հանձնաժողովից պարզաբանել են, որ «Հանրային ծառայության մասին օրենքով»՝ հայտարարագրում լրացվում են անձի եկամուտները՝ նշելով դրանց տեսակներն ու ստացման աղբյուրները։  Շարունակությունը՝ data.hetq.am կայքում։
22:44 - 28 ապրիլի, 2020
Հայտարարագրի էլեկտրոնային շտեմարանում տվյալների լրացնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը

Հայտարարագրի էլեկտրոնային շտեմարանում տվյալների լրացնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը

Հայտարարտու պաշտոնատար անձանց կողմից ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալներն էլեկտրոնային շտեմարանում լրացնելու ժամկետը երկարաձգվել է մինչև 2020 թվականի ապրիլի 30-ը։ Այս մասին հայտնում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։   Տվյալներն անհրաժեշտ է լրացնել հայտարարագրերի էլեկտրոնային շտեմարանի «Անձնական տվյալներ» մասում, մասնավորապես՝ անուն ազգանուն, հաշվառման հասցե, հեռախոսի համար և էլեկտրոնային փոստի հասցե։ Եթե համակարգում արդեն կան համատեղ բնակվող անձանց տվյալները, ապա անհրաժեշտ է նորից հաստատել այդ տվյալները, որպեսզի Հանձնաժողովը հնարավորություն ունենա ծանուցել համատեղ բնակվող չափահաս անձանց։ Համատեղ բնակվող են համարվում այն անձինք, ովքեր պաշտոնատար անձի հետ համատեղ 2019 թվականին բնակվել է 183 և ավել օր: Բոլոր այն հայտարարատու անձինք, ովքեր հայտարարգրերի էլեկտրոնային շտեմարանի «Անձնական տվյալներ» մասում՝ Քայլ 2, ունեն տեխնիկական խնդիրներ իրենց կամ համատեղ բնակվող անձանց տվյալների խմբագրման, նոր տվյալներ լրացնելու առնչությամբ, խնդրում ենք նամակ ուղարկել Հանձնաժողովին` [email protected]էլ-հասցեով՝ նշելով խնդիրը և հեռախոսի համար, որով հնարավոր կլինի կապ հաստատել Ձեզ հետ։ Բոլոր այն դեպքերում, երբ պաշտոնատար անձինք ծանուցումներ չեն ստացել, անհրաժեշտ է նամակ ուղարկել Հանձնաժողով՝ [email protected]էլ-հասցեով և տրամադրել էլեկտրոնային փոստի վավեր հասցե։ Եթե նույն գերատեսչությունում ծանուցման նամակ չեն ստացել մեկից ավել պաշտոնատար անձինք, ապա խնդրում ենք կազմել պաշտոնատար անձանց վերաբերյալ ցանկ և ուղարկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։
01:18 - 18 ապրիլի, 2020
Գործարկվել է 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգը

Գործարկվել է 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է2020 թվականի ապրիլի 13-ից գործարկվել է 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգը, և մեկնարկել է հայտարարագրեր ներկայացնելու գործընթացը։ Հայտարարագրերի լրացման էլեկտրոնային համակարգի հասանելիության, ինչպես նաև լրացման կանոնների վերաբերյալ անհատական էլեկտրոնային փոստի միջոցով Հանձնաժողովը ծանուցել է բոլոր հայտարարատու անձանց՝ ըստ գերատեսչությունների կողմից ներկայացված ցանկերի։ Պաշտոնատար անձինք կարող են ծանուցումների վերաբերյալ հավաստիանալ՝ ստուգելով իրենց էլեկտրոնային փոստը։ Այն բոլոր դեպքերում, երբ հայտարարտու պաշտոնատար անձինք ծանուցումներ չեն ստացել, անհրաժեշտ է գրավոր դիմել Հանձնաժողով [email protected] էլ-հասցեով և տրամադրել էլեկտրոնային փոստի վավեր հասցե։ Ուշադրություն՝ անհրաժեշտ է մինչև 2020 թվականի ապրիլի 20-ը հայտարարգրերի էլեկտրոնային շտեմարանի «Անձնական տվյալներ» մասում մուտքագրել և հաստատել ընտանիքի անդամների տվյալները, այդ թվում էլեկտրոնային փոստի հասցեն։ Այս գործողությունը պարտադիր է բոլոր պաշտոնատար անձանց համար, նույնիսկ այն պարագայում, երբ նախկին հայտարարագրերում ընտանիքի անդամների տվյալներն արդեն ներկայացվել են։ Ընտանիքի անդամների տվյալների հաստատումից անմիջապես հետո ընտանիքի անդամները ևս կստանան հայտարարագրման պարտավորության վերաբերյալ ծանուցում։ Հիշեցնենք, որ հայտարարագրերի լրացման վերջնաժամկետը թե՛ պաշտոնատար անձանց, թե՛ ընտանիքի անդամների համար 2020 թվականի մայիսի 31-ն է։Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 093 70 57 17, 077 04 52 05 հեռախոսահամարներով, կամ Ձեր հարցերն ուղղել գրավոր՝ [email protected] էլ. հասցեին։
11:46 - 14 ապրիլի, 2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երեւանի քաղաքապետին եւ գլխավոր դատախազին առնչվող որոշում է կայացրել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Երեւանի քաղաքապետին եւ գլխավոր դատախազին առնչվող որոշում է կայացրել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկացնում է 2020 թվականի մարտի 3-ից  մարտի 11-ն ընկած ժամանակահատվածում կայացրած որոշումների վերաբերյալ։  Հանձնաժողովը գումարել է թվով 3 նիստ և կայացրել է 3 որոշում։ Նշված ժամանակահատվածում Հանձնաժողովը կայացրել է երկու եզրակացություն և կազմել է մեկ արձանագրություն արձանագրված մեկ խախտման համար, որի հիման վրա վարույթ հարուցելու իրավական հիմքերը բացակայել են։  2020 թվականի մարտի 06-ին Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման հիմքով հարուցված վարույթի արդյունքում Հանձանաժողովը կայացրել է հետևյալ եզրակացությունը։  «Թեև Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը ստանձնելուց հետո պահպանել է «ԿԱՐԳԻՆ ՍՏՈւԴԻԱ» ՍՊԸ-ում, «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ-ում և «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ «ԿԱՐԳԻՆ» ՍՊԸ-ում իր բաժնեմասը, սակայն նշված ընկերությունները փաստացի գործունեություն չեն ծավալել, և եկամուտ, շահույթ չեն ապահովել։ Օրենքի պահանջի ձևական մեկնաբանությամբ «ԿԱՐԳԻՆ ՍՏՈւԴԻԱ» ՍՊԸ-ում, «ԿԱՐԳԻՆ ԹԻՎԻ» ՍՊԸ-ում և «ՀԱՅԿՈ ԸՆԴ ՄԿՈ» «ԿԱՐԳԻՆ» ՍՊԸ-ում բաժնեմասը հավատարմագրային կառավարման չհանձնելը հանդիսանում է  անհամատեղելիության պահանջի խախտում։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ նշված ընկերությունները փաստացի գործունեություն չեն ծավալել, Հանձնաժողովը եզրակացրել է, որ օրենքի բովանդակային իմաստով անհամատեղելիության պահանջների խախտում առկա չէ»:  Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերեւույթ խախտման վերաբերյալ հրապարակված փաստերի հիմքով 2019 թվականի դեկտեմբերի 09-ին Հանձնաժողովը վարույթ հարուցելու մասին որոշում էր կայացրել։  Հանձնաժողովը «Ագլա լոյերս» փաստաբանական ընկերության դիմումի հիման վրա, իսկ այնուհետև իր կողմից հայտնաբերված փաստերի շուրջ երկու ամիսների ընթացքում իրականացրել ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի և նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց կողմից 2013 թվականից մինչև 2019 թվականը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված հայտարարագրերերի ուսումնասիրությունը։ Հանձնաժողովը մի շարք գրություններ է ուղարկել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, ինչպես նաև Երևանի քաղաքապետարան։ Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «2014թ. բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնուն, նրա հետ համատեղ ապրող ծնողին, չափահաս և չամուսնացած զավակին սեփականության իրավունքով պարկանող գույքի և եկամուտների հայտարարագրերում» տվյալ տարում ձեռք բերված հողամասի վերաբերյալ տվյալները  լրացված չեն։ Հողամասի վերաբերյալ տվյալները հետագայում ներառնվել են 2017 թվականի հայտարարագրում, երբ կառուցվել է տուն և տան նկատմամաբ գրանցվել են սեփականության իրավունքները։ Հանձնաժողովն արձանագրել է նաև, որ 2014թ. դրությամբ ՀՀ օրենսդրությամբ հայտարարագրում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ լրացնելը չի հանդիսացել վարչական իրավախախտում, բացի այդ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսրքի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթ կարող է հարուցվել և տույժ նշանակվել, եթե խախտումն իրականցնելուց հետո մեկ տարին չի լրացել։ Այնուամենայնիվ, Հանձնաժողովն արձանագրել է խախտումը, որպեսզի հայտարարու այլ պաշտոնատար անձանց համար հայտարարգրում նման տվյալների լրացման անհրաժեշտությունը հասանելի լինի և նման խախտումներ չլինեն։   ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի կողմից Էթիկայի կանոնների խախտման առիթով վարույթի արդյունքում Հանձնաժողովը  կայացրել է հետևյալ եզրակացությունը։  Հանձնաժողովն արձանագրել է, որ ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Կարեն Կարապետյանի կողմից ՀՀ Փաստաբանների պալատի անդամ փաստաբան Վահագն Մնացականյանին հասցեագրված պատասխան գրությունը, դրանում օգտագործած արտահայտությունները չեն արտահայտում հանրային ծառայողի կողմից մարդու իրավունքներն հարգելու սահմանադրական պարտականության, բարեկրթության և հարգալիրության սկզբունքի էությունը, այնումենայնիվ, հանրային ծառայողի վարքագծի կանոնների բացակայության պարագայում Հանձնաժողովն իրավաչափ հիմք չունի այն որակել որպես վարքագծի կանոնի խախտում և այդ հիմքով առաջարկել Կարեն Կարապետյանի նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառել։    Հանձնաժողովի գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի կայքից` www.cpcarmenia.am, ֆեյսբուքյան էջից՝ CPC Armenia/Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։  Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 588795 կամ Ձեր հարցերն ուղղել գրավոր՝ [email protected] էլ․ հասցեին։
17:29 - 19 մարտի, 2020
2019 թվականի գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվում է․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

2019 թվականի գույքի ու եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվում է․ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։ 2020 թվականի հունվարի 1-ից մինչ 2020 թվականի ապրիլի 30-ը պաշտոնը ստանձնած կամ պաշտոնը դադարեցրած հայտարարատու անձանց համար պաշտոնի ստանձնման կամ պաշտոնի դադարեցման հայտարարագիր ներկայացնելու ժամկետները երկարաձգվում են մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։ Հայտարարագրերի էլեկտրոնային հասանելիության, ինչպես նաև լրացման կարգի մասին Հանձնաժողովն անհատապես կծանուցի և կտեղեկացնի բոլոր հայտարարատու անձանց։ Այս առնչությամբ Հանձնաժողովը հավաստիացնում է, որ համակարգի շահագործման ուշացմամբ պայմանավորված՝ հայտարարագրերի լրացման հետ կապված խնդիրները, մասնավորապես՝ Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով սահմանված ժամկետում (2020 թվականի մարտի 31-ի դրությամբ) հայտարարագիր չներկայացնելը հայտարարտու պաշտոնատար անձանց համար որևէ հետևանք չի առաջացնի։ Հանձնաժողովը վստահեցնում է, որ յուրաքանչյուր փոփոխության կամ լրացուցիչ տեղեկատվության առկայության պարագայում հայտարարատու պաշտոնատար անձինք կծանուցվեն անհատապես, ինչպես նաև ընդհանուր հաղորդագրության միջոցով, ուստի հորդորում ենք հետևել Հանձնաժողովի պաշտոնական կայքի (www.cpcarmenia.am) և ֆեյսբուքյան էջի միջոցով տարածվող տեղեկատվությանը (CPC Armenia/Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով)։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 588795, կամ հարցերն ուղղել գրավոր՝ [email protected] էլ. հասցեին։
23:28 - 18 մարտի, 2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկարաձգում հայտարարագիր ներկայացնելու ժամկետը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկարաձգում հայտարարագիր ներկայացնելու ժամկետը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը  երկարաձգում է 2019 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագիր ներկայացնելու ժամկետը մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։ «2020 թվականի հունվարի 1-ից մինչ 2020 թվականի ապրիլի 30-ը պաշտոնը ստանձնած կամ պաշտոնը դադարեցրած հայտարարատու անձանց համար պաշտոնի ստանձնման կամ պաշտոնի դադարեցման հայտարարագիր ներկայացնելու ժամկետները երկարաձգվում են մինչև 2020 թվականի մայիսի 31-ը։ Հայտարարագրերի էլեկտրոնային հասանելիության, ինչպես նաև լրացման կարգի մասին Հանձնաժողովն անհատապես կծանուցի և կտեղեկացնի բոլոր հայտարարատու անձանց։ Այս առնչությամբ Հանձնաժողովը հավաստիացնում է, որ համակարգի շահագործման ուշացմամբ պայմանավորված՝ հայտարարագրերի լրացման հետ կապված խնդիրները, մասնավորապես՝ Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով սահմանված ժամկետում (2020 թվականի մարտի 31-ի դրությամբ) հայտարարագիր չներկայացնելը հայտարարտու պաշտոնատար անձանց համար որևէ հետևանք չի առաջացնի։ Հանձնաժողովը վստահեցնում է, որ յուրաքանչյուր փոփոխության կամ լրացուցիչ տեղեկատվության առկայության պարագայում հայտարարատու պաշտոնատար անձինք կծանուցվեն անհատապես, ինչպես նաև ընդհանուր հաղորդագրության միջոցով, ուստի հորդորում ենք հետևել Հանձնաժողովի պաշտոնական կայքի (www.cpcarmenia.am) և ֆեյսբուքյան էջի միջոցով տարածվող տեղեկատվությանը (CPC Armenia/Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով)։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 588795, կամ Ձեր հարցերն ուղղել գրավոր՝ [email protected] էլ. հասցեին»,- ասված է հաղորդագրության մեջ։
17:21 - 18 մարտի, 2020
Հրապարակվել են պաշտոնատար անձանց հայտարարագիր չներկայացնելու համար հարուցված վարույթների տվյալները

Հրապարակվել են պաշտոնատար անձանց հայտարարագիր չներկայացնելու համար հարուցված վարույթների տվյալները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ֆեյսբուքյան էջում հրապարակել է 2019 թվականի հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարագիր չներկայացնելու համար հարուցված վարչական վարույթներով 53 հայտարարատուի տվյալները:  «2020 թվականի փետրվարի 27-ի դրությամբ հարուցված վարույթներից 2-ը կարճվել է դեպքի բացակայության հիմքով: Հայտարարատու պաշտոնատար անձանց առաջարկվել է մինչև 2020 թվականի մարտի 6-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել 2019թ. գործող պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը: Ինչ վերաբերում է նախկին հայտարարատու պաշտոնատար անձանց, ապա նրանց առաջարկվել է մինչև 2020 թվականի մարտի 10-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել 2019թ. գործող պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը: Կից ներկայացվում է ցուցակները»,- հայտնել է հանձնաժողովը:  
11:32 - 29 փետրվարի, 2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 55 վարույթ է հարուցել

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 55 վարույթ է հարուցել

2019 թ հուլիսից-դեկտեմբեր ամիսների ընթացքում պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարգիր չներկայացնելու համար Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թվով 55 վարույթ է հարուցել: Քանակական առումով ամենաշատ վարույթներ հարուցվել են Ոստիկանության և Քննչական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ` համապատասխանաբար թվով 18 և 15 վարույթ: Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցվել է 5 վարույթ, պետական վարչական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ` 4 վարույթ, Քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձանց նկատմամբ` 3, Քաղաքացիական ծառայություն իրականացնողների տկատմամբ` 3, Պետական, քաղաքական պաշտոն զբաղեցնողների նկատմամբ 2 և մեկական վարույթներ Հարկադիր կատարման ծառայողի, համայնքային ծառայողի, դատավորի, դեսպանի և զինծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ: Հանձնաժողովը վարույթների մասին ծանուցել է բոլոր այն անձանց, ովքեր հայտարարագիր չեն ներկայացրել` առաջարկելով համապատասխան ժամկետներում ներկայացնել հայտարարագրերը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով
18:31 - 21 փետրվարի, 2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի անդամներն ընդունել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի տեղակալին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի անդամներն ընդունել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի տեղակալին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի անդամներն ընդունել են Հայաստանում ԱՄՆ դեսպանի տեղակալ, դեսպանի պաշտոնակատար Քրիստոֆեր Սմիթին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության Կայուն զարգացման գրասենյակի փոխտնօրեն Ադամ Ստեֆանին: Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը ներկայացրել է Հանձնաժողովի առաքելությունը, առաջանահերթությունները և առաջիկայում իրականացվելիք հանձնառությունները: ԱՄՆ դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆեր Սմիթը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար` նշելով, որ կոռուպցիայի կանխարգելումն ամբողջ աշխարհում կարևոր մարտահրավերների շարքում է: Նա պատրաստակամություն է հայտնել իր մանդատի շրջանակներում աջակցել Հանձնաժողովին փորձի փոխանակման և խորհրդատվական բնույթի հարցերում:
13:12 - 20 փետրվարի, 2020