Արցախում ռուսական խաղաղապահ զորախումբ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների՝ նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարությամբ նշվեց, որ  Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի խաղաղապահ զորախումբ։

Նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության համաձայն՝ խաղաղապահ զորակազմը ԼՂ-ում տեղակայվել է 5 տարի ժամկետով։ Ժամկետն ինքնաբերաբար կերկարաձգվի հերթական 5-ամյա ժամկետով, եթե կողմերից որևէ մեկը տվյալ ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ներկայումս խաղաղապահ առաքելության հրամանատարը գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովն է։

Ադրբեջանը դեռևս չի ստոագրել խաղաղապահների մանդատը։

2020-ի պատերազմը հիմնականում Հայաստանի ղեկավարության անմտածված ու սադրիչ քայլերի արդյունք էր․ ռուսական ՏԱՍՍ-ի աղբյուր

2020-ի պատերազմը հիմնականում Հայաստանի ղեկավարության անմտածված ու սադրիչ քայլերի արդյունք էր․ ռուսական ՏԱՍՍ-ի աղբյուր

ՏԱՍՍ-ի աղբյուրը նշել է, որ ՀՀ ԱԳՆ-ի կողմից հնչեցված այն թեզը, թե «ղարաբաղյան հակամարտությունը երբեք տարածքային վեճ չի եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև», կեղծ է։ «Առճակատման արմատը նախկին ադրբեջանական ԽՍՀ ԼՂԻՄ-ի կարգավիճակի հարցն է, մինչդեռ Երևանը երկար ժամանակ իր վերահսկողության տակ էր պահում ադրբեջանական տարածքի մի մասը»,- ասել է աղբյուրը։ Աղբյուրը նշել է, թե 2020 թ․ պատերազմը Հայաստանի ղեկավարության անմտածված ու սադրիչ քայլերի արդյունքում է եղել․ «2020 թվականի աշնանը տեղի ունեցած զինված դիմակայությունը հիմնականում Հայաստանի ղեկավարության անմտածված ու սադրիչ քայլերի արդյունք էր, այդ թվում՝ «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարության և Շուշայում Լեռնային Ղարաբաղի «նախագահի» երդմնակալության արարողությանը մասնակցության պատճառով։ Դա մեծապես արժեզրկեց կողմերի համաձայնությունները, որոնք ձեռք էին բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով: Եթե չլիներ Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի միջամտությունը, ռազմական գործողությունների արդյունքներն էլ ավելի ողբալի կլինեին։ Չնայած նրան, որ պատերազմի սկզբից երեք շաբաթ անց ՌԴ նախագահը հորդորեց Հայաստանի վարչապետին համաձայնել հրադադարի, որը թույլ կտար խուսափել հետագա զոհերից և կապահովեր խաղաղություն և հանգստություն Լեռնային Ղարաբաղի տարածքում»։ ՌԴ դիրքորոշում Դիվանագիտական աղբյուրը անհիմն է համարել նաև ՀՀ ԱԳՆ-ի այն հայտարարությունը, ըստ որի՝ «ռուսական կողմը բացարձակ անտարբերություն է դրսևորել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի կապակցությամբ»։  Աղբյուրը հիշեցրել է, որ երկու երկրների արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների միջև տեղի են ունեցել համապատասխան խորհրդակցություններ, ինչպես նաև ՀԱՊԿ բարձրաստիճան ներկայացուցիչների այցելություններ տարածաշրջան։ «Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հիմնական ուղին ամենաբարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է, որն անընդունելիորեն հետաձգվել է ոչ Ռուսաստանի մեղքով»,- ընդգծել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։ Միևնույն ժամանակ, դիվանագիտական ​​աղբյուրը նշել է, որ «Երևանը լիարժեքորեն չի օգտագործում ՀԱՊԿ-ի ներուժը, ինչը, մասնավորապես, դրսևորվել է կազմակերպության առաքելության տեղակայմանը համաձայնություն չտալով և ընտրություն ԵՄ անարդյունավետ առաքելության օգտին կատարելով»: Աղբյուրի խոսքով՝ այս ֆոնին ՀԱՊԿ-ում որոշակի ճգնաժամի մասին փաստարկները քաղաքականություն են թվում։ Գործակալության զրուցակիցը անդառնալիության կետ է անվանել ԵՄ հովանու ներքո 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023 թ․ մայիսի 14-ին Բրյուսելում կայացած հանդիպումներում Հայաստանի հայտարարությունները, որոնցով Հայաստանի ղեկավարությունը 180 աստիճանով շրջադարձ է կատարել՝ «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունից հասնելով Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում ճանաչելուն։ Դա արմատապես փոխեց 2020 թ․ նոյեմբերի 9-ի համաձայնագրի պայմանները և առավելագույնս դժվարացրեց ռուսական խաղաղապահ զորակազմի աշխատանքը Լեռնային Ղարաբաղում։ Այնուամենայնիվ, ռուս խաղաղապահները ամեն ջանք գործադրում են տեղում իրավիճակի սրումը կանխելու համար»,- ընդգծել է աղբյուրը։ Աղբյուրի խոսքով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի հասցեին նման անհիմն հարձակումները վնասից բացի այլ բան չեն բերում, այդ թվում՝ հենց Հայաստանին։ Աղբյուրը նշել է, թե Հակարիի կամրջի վրա ադրբեջանական դրոշ տեղադրելու ադրբեջանցիների փորձին խաղաղապահների ենթադրյալ օգնության մասին ակնարկները ավելի ուշ հերքվել են հրապարակված տեսաապացուցյներով։  «Հայաստանի ինքնաբացարկը չի օգնում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված բարդ հումանիտար իրավիճակի կարգավորմանը։ Մեգաֆոնային դիվանագիտությունը ունակ չէ փոխարինել Բաքու-Ստեփանակերտ-Երեւան եռանկյունու մեջ պրակտիկ աշխատանքին»,- եզրափակել է գործակալության զրուցակիցը: Լուսանկարը՝ 2019 թ․ օգոստոսի 6/ Ստեփանակերտ
18:07 - 04 սեպտեմբերի, 2023
Արտակ Բեգլարյանն ազատվել է Արցախի պետնախարարի խորհրդականի պաշտոնից

Արտակ Բեգլարյանն ազատվել է Արցախի պետնախարարի խորհրդականի պաշտոնից

Իմ դիմումի համաձայն՝ այսօր ես ազատվել եմ պետնախարարի խորհրդականի պաշտոնից: Ֆեյսբուքյան էջում գրել է ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղյակ եք Արցախի Հանրապետության պետական նախարարի փոփոխության ու նախագահի առաջիկա հրաժարականի մասին: Տեղեկացնեմ, որ իմ դիմումի համաձայն՝ այսօր ես ազատվել եմ պետնախարարի խորհրդականի պաշտոնից: Ես ինքս իմ դիրքորոշումներն ու առաջարկներն եմ ունեցել թե՛ այսօրվա և թե՛ նախընթաց ներքին ու արտաքին զարգացումների վերաբերյալ, որոնք ներկայացրել եմ Նախագահին ու պետնախարարին՝ ընդգծելով պետական համակարգի կայունության ու արդյունավետության անընդհատ անհրաժեշտությունը: 11-ամյա հանրային ծառայության ողջ ընթացքում իմ արժեքների, սկզբունքների, գիտելիքների ու կարողությունների առավելագույն չափով նվիրվել եմ Արցախի Հանրապետությանը և Հայ ժողովրդին ծառայելու իմ առաքելությանը: Իսկ պետնախարարի խորհրդականի կարգավիճակում վերջին ամիսներին փաստացի համակարգել եմ տեղեկատվական աշխատանքները, ինչպես նաև հնարավորինս աջակցել եմ արտաքին քաղաքական և միջազգային իրավական ջանքերի կյանքի կոչմանը: Կարծում եմ՝ ինձ ճանաչողները լավ գիտեն, որ պետական համակարգում լինեմ, թե ոչ, միևնույն է՝ ես շարունակելու եմ իմ ծառայությունը Հայրենիքիս ու Ժողովրդիս՝ դրա անառարկելի առանցքը համարելով կայուն ու զարգացող պետությունը: Հատկապես շրջափակման ու ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության հարուցած այս ծանրագույն պայմաններում առավել քան երբևէ բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն Արցախի Հանրապետության պետական համակարգի անսասան ու արդյունավետ գործառնությունն ապահովելուն: Ուստի, իմ պաշտոնաթողությունը համարելով քաղաքական անհրաժեշտություն՝ միաժամանակ ես երբևէ անձերով ու կարգավիճակով չեմ պայմանավորել իմ ազգային ու հանրային ծառայությունը: Հետևաբար, մշտապես պատրաստակամ եմ իմ սկզբունքների ու արժեքների շրջանակներում առավելագույնս աջակցելու ԱՀ իշխանություններին՝ թե՛ արտաքին և թե՛ ներքին բազմաբնույթ մարտահրավերների հաղթահարման գործում: Անկախ իմ ոչ առաջնային կարգավիճակից՝ ներողություն եմ հայցում մեր բոլոր հայրենակիցներից, ում ակնկալիքները չեմ կարողացել բավարարել կամ թույլ եմ տվել տարբեր բացթողումներ: Շնորհակալություն նախագահ Հարությունյանին և պետնախարար Ներսիսյանին՝ պետությանը ծառայելու ինձ ընձեռնված հնարավորության համար, իսկ բոլոր գործընկերներիս՝ արդյունավետ համագործակցության համար: Պատմական համբերություն և վճռականություն մեր ժողովրդին՝ պետականությունն ու Հայրենիքը պահպանելու և հաջորդ սերունդներին ժառանգելու ծանրագույն առաքելության մեջ»:
15:36 - 31 օգոստոսի, 2023
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին խորհուրդ ենք տալիս  զերծ մնալ իրավիճակի հանգամանքների աճպարարությունից և դրանով իսկ իրավիճակի էլ ավելի բարդացումից. ԱԳՆ խոսնակ

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ իրավիճակի հանգամանքների աճպարարությունից և դրանով իսկ իրավիճակի էլ ավելի բարդացումից. ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության վերաբերյալ հանդես է եկել մեկնաբանությամբ, որում ասված է.  «ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հերթական նույնաբովանդակ մեկնաբանությունն այն մասին, թե Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը հետևանք է 2022թ. հոկտեմբերին Պրահայում Ալմա-Աթայի հռչակագրի վկայակոչմամբ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելուն, որից հետո ռուսական խաղաղապահների խնդիրը դարձել է ղարաբաղյան հայերի իրավունքների և անվտանգության հարցում հնարավոր ներգործությունը, տարակուսանք և հիասթափություն է առաջացնում։ Ստիպված ենք հրապարակավ հիշեցնել հետևյալ՝ արդեն իսկ հանրահայտ ժամանակագրությունը և էական հանգամանքները. ԼՂ հիմնախնդիրը երբևէ չի եղել տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև. այն իր էությամբ մշտապես եղել և շարունակում է լինել ԼՂ ժողովրդի իրավունքների և անվտանգության հիմնահարց: 2022թ. օգոստոսին հայկական կողմն իր հավանությունն է տվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ռուսական նախագծին, համաձայն որի ԼՂ կարգավիճակի քննարկումը պետք է հետաձգվեր անորոշ ժամանակով։ Ադրբեջանն այդ նախագիծը մերժել է՝ զուգահեռաբար հայտարարելով (ինչպես օգոստոսի 31-ին Բրյուսելում), որ չի պատրաստվում ԼՂ հետ կապված ոչինչ քննարկել Հայաստանի հետ, և օրեր անց՝ սեպտեմբերի 13-ին, ռազմական ագրեսիայի է դիմել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Ռուսական կողմը ոչ միայն ադրբեջանական մերժումից հետո հետամուտ չի եղել իր առաջարկին, այլև բացարձակ անտարբերություն է դրսևորել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի կապակցությամբ՝ այդպես էլ անպատասխան թողնելով երկկողմ իրավապայմանագրային հիմքով ՀՀ-ին օժանդակություն ցուցաբերելու հայկական կողմի պաշտոնական նամակը։ Ավելին, Հայաստանի վրա հարձակման՝ իր կողմից արձանագրման բացակայությունը և դրանից բխող անգործությունը ՌԴ-ն պայմանավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատված չլինելու կեղծ պատրվակով՝ դրանով իսկ կամա թե ակամա աջակցելով այն ակնհայտորեն կեղծ և խիստ վտանգավոր թեզին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, հետևաբար սահմանների վրա հարձակումը և Հայաստանի տարածք ներխուժումն էլ դժվար է հավաստել: Մոտավորապես նույն մտայնությամբ պատշաճ արձագանքի չի արժանացել Հայաստանի նույնանման դիմումը նաև ՀԱՊԿ շրջանակներում: Այս պայմաններում 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են իրենց հավատարմությունը Ալմա-Աթայի հռչակագրին, որը դեռևս 1991թ. ստորագրել են նախկին Խորհրդային հանրապետությունները, այդ թվում՝ Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը՝ ճանաչելով միմյանց տարածքային ամբողջականությունը խորհրդային պետությունների նախկին ադմինիստրատիվ սահմաններով: Այսպիսով՝ Պրահայում որևէ նոր բան չի որոշվել՝ 2022թ. հոկտեմբերի դրությամբ Ալմա-Աթայի հռչակագիրն ուժի մեջ է եղել շուրջ 31 տարի շարունակ: Պրահայի պայմանավորվածությունները ոչինչ չեն փոխել նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տեքստում: Միակ նորույթն այն էր, որ Պրահայի հանդիման արդյունքների հիման վրա ԵՄ-ն որոշում ընդունեց մշտադիտարկման առաքելություն տեղակայել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի հայկական կողմում՝ նպաստելու սահմանի կայունությանը: ՌԴ-ն բազմիցս, այդ թվում նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, իսկ ամենաթարմը և թերևս ամենահատկանշականը՝ Ադրբեջանի հետ ռազմավարական հարաբերութունների հաստատման փաստաթղթով նշել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Լաչինի միջանցքն արգելափակվել է 2022թ. դեկտեմբերի 12-ին ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության գոտում Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված կեղծ բողոքի գործողությունների հետևանքով: Արդեն 2023թ. ապրիլին ադրբեջանական կողմը ռուս խաղաղապահների ներկայությամբ ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում: Թեև այս գործողությունները եռակողմ հայտարարության ակնհայտ և կոպիտ խախտում էին, դրանց ՌԴ կողմից որևէ հակազդեցություն չի գրանցվել: Փոխարենը ռուս խաղաղապահները 2023թ. հունիսի 15-ին գործուն աջակցություն էին ցուցաբերում իրենց առաքելության շրջանակներից և պատասխանատվության աշխարհագրական գոտուց դուրս՝ ՀՀ ինքնիշխան տարածքում, Ադրբեջանի դրոշի տեղադրման փորձին, որին անմիջապես հետևել է Լաչինի միջանցքի ամբողջական արգելափակումը՝ ԼՂ-ում իրավիճակը մոտեցնելով իրական հումանիտար աղետի: Նման ամենաթողության պայմաններում ՌԴ խաղաղապահների ներկայությամբ ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում դիմում է այնպիսի քայլերի, ինչպիսին է Լեռնային Ղարաբաղի բնակիչների առևանգումը՝ հուլիսի 29-ին Վագիֆ Խաչատրյանի, իսկ օգոստոսի 28-ին՝ երեք ուսանողների օրինակով: Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի նմանօրինակ գործելակերպը, ցավոք, նորություն չէ. 2020թ. դեկտեմբերի 11-ին Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտումը, Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերի ապօրինի գրավումը, 60 հայ զինծառայողների գերեվարումը և տեղափոխումը Բաքու, տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների ներկայությամբ եւ թողտվությամբ: Այն ժամանակ 2022թ. հոկտեմբերի 6-ի պայմանավորվածությունները ձեռքբերված չէին: Նույնը վերաբերվում է 2022թ. մարտի 24-ի Փառուխի եւ 2022թ. օգոստոսի 1-ի Սարիբաբի դեպքերին, երբ Ադրբեջանը կրկին խախտեց շփման գիծը Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանական զինուժի կողմից գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձանց վրա կրակահերթերի արձակումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, ինչպիսի դեպքերից մեկը ավարտվել է մարտակերտցի տրակտորիստի սպանությամբ, գիշերային լուսարձակներով ու բարձրախոսներով ԼՂ բնակչության ահաբեկումը կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, ադրբեջանական զինված ուժերի կողմից հրադարարի ռեժիմի հազարավոր խախտումները կրկին ՌԴ խաղաղապահների ներկայությամբ, այս տրամաբանության շարունակությունն են: ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին խորհուրդ ենք տալիս Լաչինի միջանցքի արգելափակման կանխման կամ արգելափակումից հետո դրա բացման ուղղությամբ ռուսական խաղաղապահների գործողությունների բացակայության պայմաններում զերծ մնալ իրավիճակի հանգամանքների աճպարարությունից և դրանով իսկ իրավիճակի էլ ավելի բարդացումից: Նաև կրկին հարկ ենք համարում հավաստել, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է տարածքային ամբողջականության և սահմանների փոխադարձ ճանաչման հիման վրա տարածաշրջանում կայունության հաստատման իր հանձնառությանը: Միևնույն ժամանակ երկարատև խաղաղության համար բացարձակապես անհրաժեշտ ենք համարում Լաչինի միջանցքի վերագործարկումը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետի կանխումը և միջազգային հովանու ներքո Բաքու-Ստեփանակերտ երկխոսությամբ բոլոր առկա խնդիրների հասցեագրումը»։
12:20 - 31 օգոստոսի, 2023
Երեք անգամ փորձեց փախչել, ատրճանակի կոթով խփեցին գլխին. ինչ է եղել Հակարիի անցակետում
 |civilnet.am|

Երեք անգամ փորձեց փախչել, ատրճանակի կոթով խփեցին գլխին. ինչ է եղել Հակարիի անցակետում |civilnet.am|

civilnet.am: Օգոստոսի 28-ին Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջին տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետում երեք երիտասարդների առևանգմանն ականատես են եղել տասնյակ ուսանողներ։ Նրանցից մեկը ՍիվիլՆեթին պատմել է դեպքի մանրամասները։ Երիտասարդի անվտանգությունից ելնելով՝ նրա անձնական տվյալները չենք բացահայտում։ Մեր զրուցակիցը փոխանցեց, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ իրենց տեղափոխել են Հակարիի կամրջի մոտ։ Անցակետ չհասած՝ մարդկանց բաժանել են խմբերի։ Սկզբում 15 հոգանոց խմբով գնացել են ընտանիքներ, հիմնականում՝ ՌԴ քաղաքացիներ։ Այդ ընթացքում նրանց հետ եղել նաև ադրբեջանցի լրագրողներ, որոնք պարբերաբար տեսագրում էին։ Երիտասարդների առաջին խմբում եղել է նաև Ալեն Սարգսյանը, որին ադրբեջանցիներն առաջինն են ձերբակալել։ Երրորդ խմբի հետ անցակետին է մոտեցել մեր զրուցակիցը։ «Երբ իջանք այնտեղ, Ալենն արդեն կանգնած էր։ Մեր ու նրանց խմբից մարդիկ էին գնում, իսկ այդ տղան դեռ կանգնած էր։ Հասկացանք, որ ինչ-որ մի բան այն չէ։ Նա այդ տեսախցիկի առջև կանգնած էր, անձնագիրն էլ ադրբեջանցի ստուգողի մոտ էր»։ Մեր զրուցակիցն ասում է, որ քսան րոպե կանգնելուց հետո՝ Ալենին ասել են, որ չխանգարելու համար գնա շարքի վերջ, ինչին նա համաձայնել է։ Այդ ընթացքում նրա անձնագիրը փոխանցել են բարձրաստիճան մի ադրբեջանցի սահմանապահի, որն էլ սկսել է զանգեր կատարել ու հարցեր տալ Ալենին։ «Մոտ տասը րոպե անց երիտասարդին ասացին՝ արի, իջնենք ու խոսենք։ Նա առարկեց, որից հետո նրան ցանկանում էին ուժով տանել: Այդ տղան հետո հասկացավ՝ ինչ է կատարվում։ Որոշեց փախչել դեպի ռուսները։ Վազեց, ադրբեջանցիներն էլ նրա հետևից։ Ընկավ, հետո նորից կարողացավ փախչել։ Բռնեցին, որից հետո կրկին փախավ, ու ատրճանակի կոթով հարվածեցին գլխին, ուշագնաց եղավ։ Դրանից հետո այդ տարածքի ադրբեջանցիները մեզ ու այդ երիտասարդին շրջափակեցին»,- պատմում է ուսանողը։ Ադրբեջանցիները սկսում են խմբի անդամներին հանգստացնել՝ բացատրելով, որ երիտասարդը հետախուզման մեջ էր։ Ավելին, մեր զրուցակցի խոսքով, նրանք հնարավորինս բարեհամբույր էին իրենց հանդեպ այդ պահին։ Այն երիտասարդներին, որոնք Ստեփանակերտի գրանցում ունեն, անձնագրերը ստուգող ադրբեջանցիները նախ հարցրել են, թե որտեղ են գրանցված։ Լսելով Ստեփանակերտ՝ «շտկում էին»՝ Խանքենդի։ Բացի Ալենից՝ ադրբեջանցիները ժամանակավոր արգելանքի տակ են պահել ևս հինգ երիտասարդի՝ հարցաքննության։ Նրանցից երեքը վերադարձել է։ Մեր զրուցակիցը պատմում է, որ երբ դուրս եկան անցակետից Հայաստանի տարածքում, մի քանի ժամ սպասում էին մյուսներին։ Վերադարձած երիտասարդները պատմել են, որ նրանցից մեկի պարագայում ծննդյան վկայականի հետ է խնդիր եղել, մյուսի դեպքում էլ անձնագրի լուսանկարն է տարբեր եղել և այլն։ Երիտասարդներից մի քանիսին բանավոր հորդորել են այլևս չվերադառնալ Արցախ, հակառակ դեպքում սպառնացել կալանավորել։ Բացի Ալեն Սարգսյանից, ադրբեջանական կողմը արգելանքի տակ է վերցրել նաև Լևոն Գրիգորյանին ու Վահե Հովսեփյանին։ Նրանք երեքն էլ Մարտունու «Ավո» ֆուտբոլային ակումբի խաղացողներ են եղել։ Ադրբեջանական կողմի տվյալներով՝ ֆուտբոլային ակումբի անդամները 2021-ին անարգել են ադրբեջանական դրոշը՝ տեսանյութը հրապարակելով համացանցում։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել՝ նույնականացնելով երիտասարդներին։ Ձերբակալված երիտասարդների նկատմամբ, սակայն, քրեական հետապնդումը դադարեցվել է, նշանակվել է տասը օրով վարչական կալանք։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
17:12 - 29 օգոստոսի, 2023
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողի գործունեությանը միջամտելու վերաբերյալ

Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ լրագրողի գործունեությանը միջամտելու վերաբերյալ

Լրագրողական կազմակերպությունները հայտարարություն են տարածել ռուս խաղաղապահի՝  Գորիսում «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցի գործունեությանը միջամտելու վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև․ Օգոստոսի 26-ին ռուսական խաղաղարար ուժերի զինծառայողն առանց որևէ բացատրության արգելել է Գորիսում «Ազատություն» ռադիոկայանի աշխատակցին նկարահանել խաղաղապահների ուղեկցությամբ Լաչինի միջանցքով անցած և Հայաստանի տարածք հասած մի քանի տասնյակ արցախցիներին։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, խորը մտահոգությամբ արձանագրում ենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուս խաղաղապահները միջամտում են հայաստանյան լրատվամիջոցների գործունեությունը։ Նման միջադեպերը ավելի հաճախակի դարձան սկսած անցած տարվա դեկտեմբերի 12-ից, երբ ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպան-ակտիվիստները» փակեցին Լեռնային Ղարաբաղը Հայաստանի ու արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Մասնավորապես՝ 2022 թվականի դեկտեմբերի 27-ի մեր հայտարարության մեջ նշել ենք, որ այդ տարածքում անհիմն արգելքների են բախվել նույն «Ազատություն» ռադիոկայանի, «Factor․am» և «Civilnet» լրատվական կայքերի, լրագրողների «Ասպարեզ» ակումբի, այլ ԶԼՄ-ների և մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչները։ Սա տեղի է ունենում մի իրավիճակում, երբ Լաչինի անցակետում ադրբեջանական լրատվամիջոցներն անարգել նկարահանումներ են իրականացնում, խոշոր պլանով ցուցադրում Արցախից Հայաստան մեկնող անձանց, այդ թվում բուժառուներին, առանց վերջիններիս համաձայնության և, հետևաբար, անձնական կյանքի հարգման իրավունքի խախտմամբ, և ռուս խաղաղապահները որևէ կերպ չեն միջամտում։ Սա ակնհայտ խտրական մոտեցում է, որն անընդունելի է և դատապարտելի։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք վերահաստատում ենք նախորդիվ ՀՀ կառավարությանը հասցեագրված մեր պահանջը՝ անհապաղ բանակցություններ նախաձեռնել խաղաղապահ առաքելության հրամանատարության, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև ՌԴ պատասխանատու պետական կառույցների ղեկավարների հետ՝ հստակ կանոնակարգելու և դյուրացնելու համար հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքը Լաչինի միջանցքում և հարակից այլ գոտիներում։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ «ՖԵՄԻԴԱ» ՀԿ
17:48 - 28 օգոստոսի, 2023