ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Սեյրան Օհանյանը սահմանազատման և սահմանագծման համար անհրաժեշտ պայմաններ չի տեսնում |armenpress.am|

Սեյրան Օհանյանը սահմանազատման և սահմանագծման համար անհրաժեշտ պայմաններ չի տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում և սահմանագծում իրականացնելու համար անհրաժեշտ իրական պայմաններ չի տեսնում, կարևորում է այդ հարցի հետ նույն փաթեթում կապել Արցախի ինքնորոշման հարցը:  Այս մասին ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այն բանից հետո, երբ ԱԺ արտահերթ նիստը սկսելու համար քվորում չէր ապահովվել: ԱԺ արտահերթ նիստով ընդդիմությունը նախաձեռնել էր «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» նախագծի քննարկում: Սակայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նիստին չէին ներկայացել, ներկա էր ՔՊ անդամ, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: «Մենք ստիպված էինք արտահերթ նիստ անցկացնել, բայց այսօրվա իշխանությունները բոյկոտում են: Այս հարցի շուրջ  ընդդիմության կողմից նախաձեռնված լսումները, արտահերթ նիստը և ԱԺ հայտարարության անհրաժեշտությունը առաջին հերթին բխում են ՀՀ-ի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից: Մենք բավականին բարդ ռազմաքաղաքական իրադրության մեջ ենք, Թուրքիայի աջակցությամբ վարձկան ահաբեկիչների ընդգրկմամբ և Ադրբեջանի կողմից սանձազերծած հանցավոր պատերազմի արդյունքում զավթվել են Արցախի Հանրապետության տարածքները»,- ասաց Օհանյանն ու հիշեցրեց նաև ադրբեջանական ուժերի՝ ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու մասին: Նա մեղադրեց գործող իշխանությանը զորքերը որոշ տեղերից բանավոր ցուցումով հետ քաշելու մեջ: Ըստ նրա՝ այս պայմաններում խնդիր է լինելու իրական սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնելու հարցում: Սահմանազատման, սահմանագծման խնդիրներն իրականացնելու շրջանակում Օհանյանը լուրջ ուսումնասիրությունների կարիք է տեսնում: «Մենք սահմանազատման և սահմանագծման իրական պայմաններ չունենք: Եվ եթե սահմանազատումն ու սահմանագծումը չկապենք Արցախի ինքնորոշման հետ մեկ փաթեթում, ապա լուրջ վտանգ է սպասում նաև Արցախի Հանրապետության ճակատագրին, Արցախի ժողովրդի՝ իր իսկ պատմական տարածքում ապրելու իրավունքին: Սահմանազատում և սահմանագծում նշանակում է խաղաղության պայմանագիր, փոխադարձ տարածքային ամբողջականության ճանաչում»,- կարծիք հայտնեց Օհանյանը: Նա իշխանությանը մեղադրեց ընթացակարգերի խախտմամբ պայմանավորվածությունների գնալու մեջ: Եվ ընդդիմադիր երկու խմբակցությունները, այս ամենը հաշվի առնելով, նախաձեռնել են ԱԺ-ում տարբեր գործիքակազմերի օգտագործման ամբողջ գործընթաց՝ իրականացնելու խորհրդարանական վերահսկողություն գործադիրի նկատմամբ: Օհանյանը հիշեցրեց՝ ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման ժամկետը 5 տարի է: «Նշված է, որ կողմերից մեկի 6 ամիս շուտ դիմելու պարագայում խաղաղապահ ուժերի գործողությունները կարող են դադարեցվել: Մենք փոփոխություն ենք մտցրել այդտեղ, հակառակ տեսակետն ընդգծել հայտարարությամբ: Եթե կողմերից մեկը հայտարարում է, որ խաղաղապահ ուժերի գործողություններն Արցախի տարածքում պետք է երկարաձգվեն, ապա դրանք ավտոմատ կերպով երկարաձգվում են ևս առնվազն 5 տարով»,- ասաց նա: Օհանյանը վստահեցրեց, որ «Հայաստան» դաշինքը դեմ չէ ոչ խաղաղությանը, ոչ սահմանազատմանն ու սահմանագծմանը, ոչ էլ հարևանների հետ համապատասխան հարաբերություններ ձևավորելուն: «Բայց յուրաքանչյուր գործընթաց իր ընթացակարգերն ունի և այս գործընթացի իրականացման իր պայմանները: Ես չեմ տեսնում, որ այսօր ՀՀ նկատմամբ Թուրքիայի և Ադրբեջանի վարած քաղաքականությունը՝ արտահայտված հռետորաբանությամբ, իրենց երկրի ներսում հայատյացությամբ, ճնշումներով, ՀՀ տարածք մտնելով, տարբեր ահաբեկչություններով, նպաստում է այդպիսի քայլերի գնալուն»:
13:30 - 15 դեկտեմբերի, 2021
Ռազմական, մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները թաքցվում են կոռուպցիոն գործողությունների հովանու ներքո. Արթուր Դավթյան

Ռազմական, մարդկության դեմ իրականացվող հանցագործությունները թաքցվում են կոռուպցիոն գործողությունների հովանու ներքո. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Շարմ Էլ Շեյխ քաղաքում ընթացող Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակում դեկտեմբերի 14-ին հանդես է եկել ելույթով: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, Արթուր Դավթյանը նշել է, որ Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը կրում է ստրատեգիական բնույթ, որի հիմնական խնդիրներից է հակակոռուպցիոն նոր կառուցակարգերով ինստիտուցիոնալ մոդելի ներդրում: Որպես դրա բաղադրիչներ՝ Արթուր Դավթյանն առանձնացրել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային փաստաթղթերի պահանջներին համապատասխան ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման քաղաքացիադատավարական ինստիտուտի ներդրումը, նախնական քննության և դատաքննության փուլերում կոռուպցիոն քրեական գործերով քննությունների, դրանց օրինականության նկատմամբ դատախազական հսկողության, ինչպես նաև այդ բնույթի գործեր քննող դատավորների մասնագիտացումը:   Կոռուպցիայի կանխարգելման համատեքստում ընդգծվել է պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների, ծախսերի, շահերի հայտարարագրման, դատական համակարգում և դատախազությունում պաշտոնատար անձանց բարեվարքության ստուգման ինստիտուցիոնալ գործիքների ներդրումը: Նշվում է, որ այս ամենով հանդերձ, Արթուր Դավթյանն առանձնահատուկ շեշտադրում է կատարել ազգային մակարդակով ժողովրդավարությունների ամրապնդման, պետությունների զարգացման, տարածաշրջանային անվտանգության վրա լրջագույն բացասական ազդեցություն ունեցող այնպիսի երևույթի դեմ պայքարի անհրաժեշտության վրա, ինչպիսին է կոռուպցիայի արտահանումը միջազգային հարաբերությունների հարթակներ: «Կոռուպցիայի արտահանման, օտարերկրյա, միջպետական կազմակերպությունների պատասխանատու պաշտոնատար անձանց կաշառելու աճող միտումները ստեղծում են լրացուցիչ մարտահրավերներ մարդու իրավունքների պաշտպանության իրագործման, ժողովրդավարական կառավարման և հասարակությունների կայուն զարգացման համար՝ ծայրահեղ բացասաբար ազդելով տարածաշրջանային խաղաղության և կայունության վրա: Բազմաթիվ հանցագործություններ, այդ թվում նաև ռազմական, մարդկության դեմ գործվող  հանցագործություններ, թաքցվում են նմանատիպ կաշառքի և կոռուպցիոն գործողությունների հովանու ներքո՝ ստեղծելով անպատժելիության մթնոլորտ: Դա առանձնապես զգալի դարձավ նախորդ տարի Լեռնային-Ղարաբաղի ժողովրդի դեմ գործված  ռազմական ագրեսիայի ընթացքում, որն ուղեկցվում էր Արցախի խաղաղ բնակչության դեմ ռազմական հանցագործություններով և բոլորին քաջ հայտնի մերձավորարևելյան տարածաշրջանի ահաբեկչական կազմակերպությունների մի քանի հազար այլազգի ահաբեկիչ-գրոհայինների ներգրավմամբ: Այդ պատճառով, նմանատիպ հանցագործությունները ժամանակին կանխելու և դրանց հակազդելու համար չափազանց կարևոր է վերոնշյալ միտումներին արձագանքելը»,-իր ելույթում նշել է Արթուր Դավթյանը: ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային համագործակցության խորացման հարցում ՀՀ դատախազության լիարժեք  պատրաստակամությունը:
13:12 - 15 դեկտեմբերի, 2021
Սեյրան Օհանյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն |armlur.am|

Սեյրան Օհանյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն |armlur.am|

armlur.am: Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ներկայացել է Գլխավոր դատախազություն: Նա հաստատել է տեղեկությունը, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել՝ նշելով, որ քննություն է ընթանում: Ինչպես հայտնի է օրերս հրապարակվեց, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատարանը կալանք է դրել մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների եւ նրանց մերձավորների գույքի վրա՝ բավարարելով դատախազության միջնորդությունը։ Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց։ Մասնավորապես գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ՊՆ նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի, նրան առնչվող անձի՝ Ժակ Ֆովոյի , Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ, դստեր, որդու ձեռք բերած գույքի օրինականությունը եւ միջնորդել՝ կալանք դնել նրանց գույքերի վրա, որը բավարարվել է։
12:53 - 15 դեկտեմբերի, 2021
Շարմ Էլ Շեյխում կայացել է Հայաստանի և Լիտվայի գլխավոր դատախազների հանդիպումը

Շարմ Էլ Շեյխում կայացել է Հայաստանի և Լիտվայի գլխավոր դատախազների հանդիպումը

Շարմ Էլ Շեյխում ընթացող Կոռուպցիայի դեմ պայքարի՝ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազ Նիդա Գրունսկինեի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը: Այս մասին հայտնում է Դատախազությունը: Երկու երկրների գլխավոր դատախազները քննարկել են իրենց ղեկավարած կառույցների միջև կապերի ընդլայնման հնարավոր ուղիները, քրեական գործերով իրավական փոխօգնության մեխանիզմների գործարկման արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր: Շեշտելով կոռուպցիայի դեմ պայքարի՝ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի կարևորությունը համամարդկային այս չարիքի կանխարգելման, դրա դեմ պայքարի ունիվերսալ միջոցների մշակման, լավագույն փորձի յուրացման և տեղեկատվության փոխանակման տեսանկյունից՝ Արթուր Դավթյանը և Նիդա Գրունսկինեն քննարկել են հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի կառուցակարգերի բարեփոխումները և դրա շրջանակներում երկու երկրների դատախազությունների միջև առավել թիրախային համագործակցության ծավալման հարցերը: Արթուր Դավթյանը շեշտել է, որ բարեփոխումների ոլորտում Լիտվայի Հանրապետության փորձը հետաքրքրում է Հայաստանի Հանրապետությանը՝ հաշվի առնելով հետխորհդրային ընդհանուր ժառանգության պայմաններում հակակոուպցիոն պայքարի եվրոպական չափորոշիչների տեղայնացման ուղղությամբ արձանագրած հաջողությունները: ՀՀ գլխավոր դատախազն իր գործընկերոջն ընդհանուր գծերով ներկայացրել է այս ուղղությամբ Հայաստանում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումները, պաշտոնատար անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, նախնական քննության և դատաքննության փուլերում կոռուպցիոն քրեական գործերով քննությունների մասնագիտացման և այլ կառուցակարգերի ներդրման գործընթացները: Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազը շեշտել է իրենց շահագրգռությունը ՀՀ գլխավոր դատախազության հետ կապերին նոր որակ հաղորդելու, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների շրջանակը հստակեցնելով այդ ուղղություններով գործակցությունն ամրապնդելու առումով: Այս հարցերն առավել հանգամանալից քննարկելու, հարաբերությունները զարգացնելու նոր մեկնարկ ապահովելու համատեքստում տիկին Գրունսկինեն  Արթուր Դավթյանին հրավիրել է այց կատարել Լիտվա:                    
16:44 - 14 դեկտեմբերի, 2021
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովին

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցում է Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում՝ մասնակցելու Շարմ Էլ Շեյխում դեկտեմբերի 13-ին մեկնարկող Կոռուպցիայի դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների համաժողովի 9-րդ նստաշրջանի 5-օրյա աշխատանքներին: Համաժողովի ընթացքում քննարկվելու են անդամ երկրների կողմից Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի կատարման ուղղությամբ ձեռնարկված միջոցները, դրա ընթացքում ի հայտ եկած հիմնական խնդիրները: Մասնավորապես՝ թիրախային հարցերից են Համաժողովի կողմից ընդունված համապատասխան հռչակագրերի համաձայն անդամ երկրների կողմից կոռուպցիայի կանխարգելման պրոֆիլակտիկ աշխատանքների իրականացումը, կոռուպցիայի միջոցով ստացված ապօրինի եկամուտների, ակտիվների վերադարձման մեխանիզմների կատարելագործումը և այս ոլորտում միջազգային առաջադեմ փորձը, կոռուպցիայի կանխարգելման, հակակոռուպցիոն պայքարի հետ կապված ընդհանուր մարտահրավերները և դրանց հաղթահարման միջոցները, նշված բոլոր ոլորտներում միջազգային համագործակցությունը և դրա շրջանակներում անդամ երկրների միջև իրավական փոխօգնության կառուցակարգերի զարգացումը, ինչպես նաև այլ խնդիրներ: ՀՀ գլխավոր դատախազը հանդես կգա ելույթով` ներկայացնելով Հայաստանում հակակոռուպցիոն համալիր՝ ինչպես օրենսդրական, այնպես էլ ինստիտուցիոնալ բարեփոխումների նպատակներն ու ընթացքը, անդրազգային կոռուպցիայի, փողերի լվացման և ապօրինի շրջանառության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման ՀՀ դատախազության տեսլականը: Աշխատանքային այցի և համաժողովին մասնակցության շրջանակներում նախատեսված են ՀՀ գլխավոր դատախազի՝ երկկողմ ձևաչափով մի շարք հանդիպումներ:       
15:07 - 13 դեկտեմբերի, 2021
Պատգամավորական անձեռնմխելիության վերաբերյալ ՍԴ որոշումը իրավական անկանխատեսելիության, սահմանդրի կամքի խեղաթյուրման լուրջ վտանգներ է ներկայացնում. Դատախազություն

Պատգամավորական անձեռնմխելիության վերաբերյալ ՍԴ որոշումը իրավական անկանխատեսելիության, սահմանդրի կամքի խեղաթյուրման լուրջ վտանգներ է ներկայացնում. Դատախազություն

Դատախազության պարզաբանում է տարածել ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1619 որոշմամբ քննության առնված՝ պատգամավորական անձեռնմխելիության որոշման վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև. «Նկատի ունենալով ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-1619 որոշմամբ քննության առնված՝ պատգամավորական անձեռնմխելիության հարցի շուրջ չդադարող քննարկումները, որոշակի մասնագիտական շրջանակների ակնհայտ սուբյեկտիվ շահարկումները՝ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Սահմանադրական դատարանի որոշման հիմնավորումներին։  Մասնավորապես, այդ հարցի վերաբերյալ ՀՀ դատախազության դիրքորոշումները, հիմնվելով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի տառացի մեկնաբանության և պատգամավորական անձեռնմխելիության հայեցակարգի հիմքում ընկած գործառութային անհրաժեշտության գաղափարի վրա, եղել է այն, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի անձեռնմխելիությունը վերաբերում է արդեն իսկ այդպիսի կարգավիճակ ունեցողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն։ Այն ոչ մի դեպքում չի ենթադրում, որ ՀՀ Ազգային ժողովից համաձայնություն պետք է հայցվի և Ազգային ժողովը համաձայնություն պետք է տա նաև նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալն անձի նկատմամբ սկսված քրեական հետապնդմանը կամ արդեն իսկ տեղի ունեցած ազատությունից զրկմանը, դրանք շարունակելուն։  Սահմանադրական դատարանի որոշումից ակնհայտ է, որ վերջինս քրեական հետապնդում հարուցելուց անձեռնմխելիության կապակցությամբ փաստացի համաձայնել է վերը նշված հստակ, սահմանադրի պարզ կամքն արտահայտող մոտեցմանը և գտել, որ նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալը անձի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո շարունակելու համար ՀՀ ազգային ժողովի համաձայնություն չի պահանջվում։ Միևնույն ժամանակ, սահմանադրական դատարանը դատարանը բացարձակ անկանխատեսելիորեն հակառակ մոտեցում է ցուցաբերել նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալը տեղի ունեցած ազատությունից զրկումը անձի կողմից պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո շարունակելու կապակցությամբ և փաստել, որ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո նախքան այդ տեղի ունեցած ազատությունից զրկումը շարունակվել չի կարող՝ դրա հիմքում անհասկանալիորեն դնելով այն պատճառաբանությունը, որ պատգամավորի կարգավիճակ ստանալուց հետո կոնկրետ անձի նկատմամբ նախկինում տեղի ունեցած ազատությունից զրկումը շարունակելը կարող է խոչընդոտել ազգային ժողովի գործունեությանը։ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը նախ խնդրահարույց է այն առումով, որ պատգամավորական անձեռնմխելիության չարաշահման, այն որպես նախկինում կատարած հանցանքի համար ենթադրվող պետական հարկադրանքի միջոցից խուսափելու միջոց դիտարկելու հիմքեր է տալիս։ Այս առումով հատկանշական է հենց սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրված այն հանգամանքը, որ պատգամավորական անձեռնմխելիության հաղթահարման գործընթացը քաղաքական բաղադրիչ ունի, և դրա արդյունքը կախված է Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի կամքից։ Նման մոտեցմամբ ստացվում է, օրինակ, որ անձը, ում նկատմամբ սպանության կամ բռնաբարության համար որպես պատիժ նշանակվել է ազատազրկում ավելի քան տաս տարի ժամկետով, կարող է ընդգրկվել թեկնածությունների ցուցակում, ձեռք բերել պատգամավորի կարգավիճակ և ուղղակի ազատվել քրեական պատասխանատվությունից: Այս առումով խեղաթյուրվում է նաև անձեռնմխելիության հիմքում ընկած գործառութային անհրաժեշտության գաղափարը։ Բանն այն է, որ ՀՀ ազգային ժողովի պատգամավորին անձեռնմխելիություն շնորհված է, իբրև պատգամավորի, նրա գործունեության ազատությունն ապահովելու, դրանով պայմանավորված՝ քրեական հետապնդումը և ազատությունից զրկելը բացառելու նպատակով։ Ավելի պարզ՝ պատգամավորն անձեռնմխելի է, որպեսզի իր գործունեության ընթացքում կաշկանդված չլինի դրանով անմիջականորեն կամ անուղղակիորեն պայմանավորված հետապնդման ենթարկվելու մտավախությամբ։ Հետևաբար, այնքանով, որքանով նախքան պատգամավորի մանդատն ստանալն անձի նկատմամբ հարուցված և սկսված քրեական հետապնդումը, տեղի ունեցած ազատությունից զրկումը չեն էլ կարող պայմանավորված լինել նրա պատգամավորական գործունեությամբ, չեն կարող կապված լինել դրա ազատությունը սահմանափակելու հետ, հետևաբար դրա նկատմամբ պատգամավորական անձեռնմխելիությունը տարածվել չի կարող։  Բացի այդ, սահմանադրական դատարանի որոշումը իրավական անկանխատեսելիության, սահմանդրի կամքի խեղաթյուրման լուրջ վտանգներ է ներկայացնում մեկ այլ առումով ևս։ Խնդիրն այն է, որ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրան ազատությունից զրկելու կապակցությամբ պատգամավորական անձեռնմխելիության՝ ամբողջությամբ նույնական իրավակարգավորումները սահմանադրական դատարանի որոշմամբ անհասկանալի կերպով ենթարկվել են սկզբունքորեն տարբերակված մեկնաբանության այն դեպքում, երբ մեջբերված սահմանադրական դրույթից ակնհայտ է, որ սահմանդրի կամքը այդ երկու դեպքերը միատեսակ իրավակարգավորման ենթարկելն է։ Ավելի պարզ՝ ՀՀ սահմանադրության 96-րդ հոդվածի դրույթից ակնհայտ է, որ սահմանդրի միասնական կամքն այն է, որ պատգամավորական անձեռնմխելիությունը տարածվում է քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու նկատմամբ, իսկ նախքան պատգամավորի մանդատն ստանալը հարուցված քրեական հետապնդումը և տեղի ունեցած ազատությունից զրկումը շարունակելու նկատմամբ չի տարածվում։ Այնինչ, սահմանադրական դատարանը, փաստացի տարբերակված մեկնաբանության ենթարկելով սահմանադրի միասնական մոտեցումը, գտել է, որ նախքան պատգամավորի կարգավիճակ ստանալը հարուցված քրեական հետապնդումը շարունակելու համար ՀՀ ազգային ժողովի համաձայնությունը չի պահանջվում, իսկ ազատությունից զրկումը շարունակելու համար՝ պահանջվում է։ Այսպիսի մեկնաբանությունը մտահոգություններ է առաջացնում, որ սահմանադրական հստակ ու միանշանակ կարգավորման ենթարկված ցանկացած հարցի՝ նաև հետագայում անկանխատեսելի, սահմանդրի միանշանակ կամքին հակառակ մեկնաբանությունները բացառված չեն։ Անհրաժեշտ ենք համարում նշել նաև, որ ՀՀ սահմանադրական դատարանը, որոշմամբ արձանագրել է, որ անձեռնմխելիությունից հրաժարվելը կամ այն սահմանափակելը կայացած և իրական ժողովրդավարական պետություններում դրսևորվող միտում է։ Եվ չնայած այդ կերպ անձեռնմխելիությունն ուժեղացնելը դիտարկում է որպես ժողովրդավարական չհամարվող պետություններին բնորոշ երևույթ՝ ՀՀ Սահմանադրական դատարանն իր վտանգավոր իրավամեկնաբանությամբ փաստացի ինքն է ուժեղացնում այդ ինտիստուտը»:
11:27 - 13 դեկտեմբերի, 2021
Երկու անձի մեղադրանք է առաջադրվել պետհամարանիշներ հափշտակելու և վերադարձի գումար պահանջելու համար

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել պետհամարանիշներ հափշտակելու և վերադարձի գումար պահանջելու համար

Իրենց ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակման և դրանք վերադարձնելու դիմաց իրենցից գումար պահանջելու դեպքերի առթիվ քաղաքացիներից ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում և ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարբեր բաժիններում ստացված հաղորդումների հիման վրա հարուցվել են քրեական գործեր և նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին և միացվել մեկ վարույթում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Նշված քրեական գործի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Մ. Բ.-ն, նախնական համաձայնության գալով իր ծանոթ Ա Ա.-ի հետ, խմբի կազմում 2021թ. հունիս ամսին, տարբեր օրերի և ժամերի Մ. Բ.-ի կողմից շահագործվող «Նիսսան Սքայլայն» մակնիշի ավտոմեքենայով շրջելով Երևան քաղաքի և Աբովյան քաղաքի տարբեր հատվածներում, կայանված ավտոմեքենաներից գաղտնի հափշտակել են 150.00-ից 1.500.000 ՀՀ դրամ արժողության թվով 8 զույգ համարանիշերը: Օգտվելով ՀՀ կառավարության 09.09.2010թ. թիվ 1251-Ն որոշմամբ սահմանված՝ զույգ պետհամարանիշերի կորստյան դեպքում նույն տվյալներով համարանիշ չտամադրելու հանգամանքից՝ նրանք մեքենաների դիմապակու վրա թողել են գրառում՝ համարներն իրենց մոտ լինելու և վերադարձնելու նպատակով «Տելեգրամ» սոցիալական ցանցի կոնկրետ հասցեով կապ հաստատելու վերաբերյալ: Միաժամանակ, համարանիշերը վերադարձնելու համար նրանք պահանջել են համապատասխանաբար՝  30.000-ից մինչև 150.000ՀՀ դրամ գումարներ փոխանցել իրենց կողմից ուղարկված կրիպտոհաշվին՝ սպառնալով չհամաձայնվելու և գումար չփոխանցելու դեպքում ոչնչացնել դրանք: Պահանջված գումարները ստանալուց հետո հաշվառման համարանիշները վերադարձվել են սեփականատերերին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Պատշաճ դատախազական հսկողության ներքո իրականացվող նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակացությամբ Ա. Ա.-ին և Մ. Բ.-ին առաջադրվել է մեղադրանք: Նշվում է, որ միջնոդություն է ներկայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ Ա. Ա.-ին կալանավորելու վերաբերյալ, որը բավարարվել է: Մ. Բ.-ն ձերբակալվել է և նրան նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Նախաքննությունը շարունակվում է: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:52 - 10 դեկտեմբերի, 2021
Ծանր վիրավորանքի նոր քրեականացված արարքների դեպքերով հարուցվել է 166 քրգործ, մեղադրանք է առաջադրվել 14 անձի. Դատախազություն

Ծանր վիրավորանքի նոր քրեականացված արարքների դեպքերով հարուցվել է 166 քրգործ, մեղադրանք է առաջադրվել 14 անձի. Դատախազություն

2021թ. օգոստոսի 30-ին ուժի մեջ է մտել ծանր վիրավորանքի քրեականացման վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումը: Համաձայն վերջինիս՝ քրեական պատասխանատվություն է նախատեսվում հայհոյելու կամ արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով անձին վիրավորելու, այդպիսիք պարունակող նյութերը, նաև անձի՝ հանրային գործունեությամբ պայմանավորված, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կամ հրապարակային այլ եղանակով տարածելու, նշված արարքները պարբերաբար կատարելու համար: Ընդ որում՝ տվյալ հոդվածի իմաստով «հանրային գործունեություն» է համարվում անձի կողմից լրագրողական, հրապարակախոսական գործունեության, ծառայողական պարտականությունների կատարման, հանրային ծառայության կամ հանրային պաշտոն զբաղեցնելու, հասարակական կամ քաղաքական գործունեության հետ կապված վարքագիծը: Այս մասին հաղորդում է Դատախազությունը: ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ամփոփվել է օրենքի վերոնշյալ լրացումը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո, մինչև 2021թ. դեկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, արձանագրված նշված հանցավոր արարքով քրեական շարժընթացը: Համաձայն վերջինիս՝ վերոնշյալ ժամանակահատավածում արձանագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով նախատեսված առերևույթ հանցավոր արարք կատարելու 247 դեպք: Դրանցից 56-ի պարագայում առերևույթ ծանր վիրավորանքը հասցվել է պետական իշխանության ներկայացուցչին, 5-ի դեպքում՝ քաղաքական գործունեւությամբ զբաղվող անձանց, իսկ 186-ի դեպքում՝ այլ անձանց:  Արձանագրված դեպքերից 71-ով կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում, այդ թվում՝ 5-ը՝ հանցադեպի բացակայության, 41-ը՝ հանցակազմի բացակայության, իսկ 25-ը ՝ բողոքի բացակայության հիմքերով: ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի հատկանիշներով հարուցվել է ընդհանուր 166 քրեական գործ, որոնցից 154-ով նախաքննությունը շարունակվում է, իսկ 5 քրեական գործ մեղադրական եզրակացությամբ արդեն իսկ ուղարկվել է դատարան, որոնք գտնվում են դատական քննության փուլում: Ընդհանուր առմամբ քննվող քրեական գործերով ՀՀ քրեական օրենսգրքի 137.1 հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել 14 անձի: Հաշվի առնելով այս արարքի նոր քրեականացման պատճառով նոր քրեական պրակտիկայի ձևավորման հանգամանքը, ինչպես նաև այն իրողությունը, որ  վերջին շրջանում լայն տարածում գտած՝ հրապարակայնորեն ծանր վիրավորանք հասցնելու բացասական, հանցածին երևույթների կանխարգումը, այդ կերպ հանրային հարաբերություններում առկա լարվածությունը վերացնելու անհրաժեշտությունը ՀՀ դատախազության համար հանդիսանում է առանցքային խնդիր, հանրությանը պարբերաբար կտեղեկացվի դրա դեմ տարվող քրեիրավական պայքարի ընթացիկ արդյունքերի մասին:
15:20 - 10 դեկտեմբերի, 2021
Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ ադրբեջանական գերությունից վերադարձած հայ զինծառայողների ցուցմունքները հրապարակելուց

Դատախազությունը կոչ է անում զերծ մնալ ադրբեջանական գերությունից վերադարձած հայ զինծառայողների ցուցմունքները հրապարակելուց

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Գրառման մեջ, մասնավորապես, նշված է. «Վերջին շրջանում նկատելի է դարձել հատկապես 2020թ. արցախյան պատերազմի տարբեր դրվագներին առնչվող քրեական կոնկրետ գործերով իրականացվող նախաքննության փուլում այդ գործերով տարբեր կարգավիճակներով անցնող անձանց շահերը ներկայացնող փաստաբանների կողմից տարբեր ձևաչափերով, իրենց հետաքրքրություններից ելնելով՝ աղճատված բովանդակությամբ նախաքննական նյութեր, այդ թվում նաև դատավարության մասնակիցների նախաքննական ցուցմունքներից պատառիկներ հրապարակելու, հանրայնացնելու դեպքերը: Հերթական նման դրսևորումը վերաբերում է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կոնկրետ գործով որպես տուժող անցնող՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից գերեվարված, ապա վերադարձված մի խումբ հայ զինծառայողների նախաքննական ցուցմունքներից որոշակի հատվածների հրապարակմանը: Նման գործելակերպը, որպես հանրային ուղղորդված կարծիք ձևավորելուն ուղղված մանիպուլյացիոն հնարք, անընդունելի է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական առումով: Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ նախնական քննության տվյալները ենթակա են հրապարակման միայն գործի վարույթն իրականացնող մարմնի թույլտվությամբ: Այսինքն, նախնական քննության տվյալների հրապարակումից ձեռնպահ մնալը հստակ օրենսդրական պահանջ է՝ հավասարապես վերաբերելի բոլոր սուբյեկտներին: Քրեական գործերով անցնող բոլոր անձանց, այդ թվում նաև դատավարության մասնակիցների շահերի պաշտպանության գործառույթ իրականացնող փաստաբան գործընկերներին հորդորում ենք ձեռնպահ մնալ նախքան անձանց գործողություններին վերջնական իրավական գնահատականներ տալը, այլոց իրավունքների ոտնահարմանը, նրանց վերաբերյալ կանխակալ կարծիք ձևավորելը որպես պաշտպանական մարտավարության գործիք դարձնելուն ուղղված նմանատիպ գործելակերպից: Հատկապես հաշվի առնելով պատերազմին վերաբերող գործերի նկատմամբ հանրային զգայուն վերաբերմունքը՝ հորդորում ենք խստագույնս կատարել նախնական քննության տվյալներն առանց թույլտվության չհրապարակելու օրենսդրական պահանջը: Միաժամանակ, վարույթն իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել նման դեպքերը բացառելուն ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցները»:
14:40 - 08 դեկտեմբերի, 2021
ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ

 |armenpress.am|

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ |armenpress.am|

armenpress.am: Դատախազությունը ուսումնասիրում է Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումները։  Այս մասին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Նա նշեց, որ հրապարակումները ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու նպատակով։ Լրագրողների հետ ճեպազրույցում, ներկայացնելով միջադեպի մանրամասները, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը նշեց, որ միջադեպը տեղի է ունեցել Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։ Պատգամավորը պնդում է, որ ՔՊ ներկայացուցիչները սուրճ խմելու պատրվակով ընդդիմադիր պատգամավորների օգնականներին հրավիրել են ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ, որից հետո նրանց կազմակերպված ծեծի ենթարկել։ «Սուրճի հրավիրելուց հետո սենյակ են ներխուժում մոտ 20 հոգի, նրանց մեջ՝ մի խումբ պատգամավորներ և սկսում են հարվածել տղաներին»,- ասաց Վարդևանյանը։ Ըստ պատգամավորի՝ ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ են ստացել ընդդիմադիր պատգամավորների օգնականներից երեքը։ Ավելի վաղ, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ժամանել էր փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակ՝ պարզելու միջադեպի մանրամասները։  
18:15 - 07 դեկտեմբերի, 2021
1 քրգործ և 11 նախապատրաստվող նյութեր՝ Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Վայոց Ձորերի մարզերի համայնքային ընտրություններում առերևույթ ընտրական հանցագործության դեպքերով. Դատախազություն

1 քրգործ և 11 նախապատրաստվող նյութեր՝ Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի և Վայոց Ձորերի մարզերի համայնքային ընտրություններում առերևույթ ընտրական հանցագործության դեպքերով. Դատախազություն

2021թ. դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին խոշորացված համայնքներում, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Փարաքար խոշորացված համայնքներում, Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքում, ինչպես նաև Վայոց Ձորի Մարզի Եղեգնաձոր, Վայք և Ջերմուկ խոշորացված համայնքներում: Այս մասին հայտնում է Դատախազությունը: Նշված համայնքներում կայացած ընտրությունների առնչությամբ ընդհանուր ստացվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին ընդհանուր 20 հաղորդում և ահազանգ, որոնցից 2-ը՝ վերաբերում է քարոզարշավի ընթացքին, 18-ը՝ բուն քվեարկության գործընթացին: Նշված 20 հաղորդում-ահազանգերից 10-ը՝ ստացվել են ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահներից, 1-ը՝ սոցիալական ցանցերում օգտատիրոջ կողմից կատարված գրառում է, 6-ը՝ ԶԼՄ հրապարակումներ, որոնք վերհանվել են մշտադիտարկման արդյունքում, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ են:   Ըստ բնույթի` ստացված հաղորդումները կամ ահազանգերը նշված 4 մարզերի համապատասխան համայնքների պարագայում եղել է հետևյալը.  1-ը՝ վերաբերել է ենթադրաբար ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը, 1-ը՝ նախընտրական պաստառի առերևույթ վնասմանը, 1-ը՝ բաց քվեարկության միջոցով առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 3-ը՝ ընտրական հանձնաժողովի անդամների, ընտրություններին մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանն առերևույթ խոչընդոտելուն, 1-ը՝ ընտրատեղամասին հարող տարածքում բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքներ հնչեցնելուն, 8-ը՝ տարբեր համայնքների տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն, 3-ը՝ ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ վարչական ռեսուրսի կիրառմանը, 1-ը՝ այլ բնույթի:   Հաղորդումներից 9-ը բնույթով եղել են խիստ վերացական և ընդհանրական, ինչով պայմանավորված՝ դրանցում նշված տվյալների իսկությունը պարզելու նպատակով ՀՀ Ոստիկանության մարզային բաժիններին հանձնարարվել է կատարել ստուգողական գործողություններ: Արդյունքում դրանցից 2-ը թողնվել են անհետևանք, քանի որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ներկայացված տվյալները չեն հաստատվել: Մնացածների պարագայում ստուգողական գործողություններն ընթացքի մեջ են: Իսկ առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործության դեպքերի վերաբերյալ 11 հաղորդում ուղարկվել են Ոստիկանության կամ քննչական մարմիններ՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, քրեական վարույթի շրջանակներում ներկայացված տվյալները պարզելու, իրավական գնահատականի արժանացնելու հանձնարարությամբ: Դրանցից 6-ով նյութերի նախապատրաստումը շարունակվում է: Իսկ մեկ դեպքով՝ կապված Եղեգնաձոր խոշորացված համայնքում նախընտրական շրջանում առերևույթ ընտրություններին մասնակցող կոնկրետ ուժի օգտին քվեարկելու համար ընտրակաշառք տրամադրելու վեաբերյալ Ոստիկանության ստացած օպերատիվ տվյալների հետ, ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում դեռևս քվեարկությունից առաջ՝ դեկտեմբերի 2-ին ՀՀ քրեական օրենսգրքի 154.2—դ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և իրականացվում է նախաքննություն:
17:41 - 06 դեկտեմբերի, 2021
Արևերույթ 12 հանցավոր ընտրախախտում՝ Շիրակի մարզի ՏԻՄ ընտրություններում. 4-ով նախապատրաստվում են նյութեր․ Դատախազություն

Արևերույթ 12 հանցավոր ընտրախախտում՝ Շիրակի մարզի ՏԻՄ ընտրություններում. 4-ով նախապատրաստվում են նյութեր․ Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ըստ մարզերի հրապարակել 2021թ. դեկտեմբերի 5-ին հանրապետության մի շարք մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առերևույթ ընտրական հանցագործության դեպքերի, դրանց տեսակների, իրավապահ մարմինների կողմից դրանց առթիվ ձեռնարկված միջոցների վերաբերյալ հանրության իրազեկման գործըթնացը: Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Մասնավորապես, դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ համայնքներում ևս կայացել են ՏԻՄ ընտրություններ: Վերջիններիս նախընտրական քարոզարշավի շրջանի վերաբերյալ ստացվել է ընտրական բնույթի 4, իսկ բուն քվեարկության օրվա և գործընթացի հետ կապված՝ 8 առերևույթ հանցավոր խախտումների վերաբերյալ հաղորդում, ահազանգ: Նշված ընդհանուր 12 հաղորդում-ահազանգերից 4-ը ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 3-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, 5-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ և ներկայացված զեկուցագրեր:   Ստացված հաղորդումներից և ահազանգերից՝  · 1-ը՝ վերաբերում է ենթադրաբար ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը, · 3-ը՝ Ախուրյան, Արթիկ խոշորացված համայքններում առերևույթ ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրողների ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելուն, · 1-ը՝ Ախուրյան խոշորացված համայնքում քաղաքացու կողմից ընտրական իրավունքի իրականացմանն առերևույթ խոչընդոտելուն, · 1-ը՝ Արթիկ խոշորացված համայնքում քարոզչական պաստառների տեղադրմանը խանգարելու միջոցով քարոզչության անցացմանը խոչընդոտելուն, · 2-ը՝ Ախուրյան խոշորացված համայնքի ընտրություններում ենթադրաբար քվեաթերթիկը կամ ծրարը ընտատեղմասերից դուրս տանելու հանգամանքներով պայմանավորված առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն, · 2-ը՝ Արթիկ խոշորացված համայնքի տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն, · 1-ը՝ Ամասիա համայնքում ընտրատեղամասերից մեկում լույսերի անջատմամբ պայմանավորված՝ ենթադրաբար քվեարկության արդյունքները կեղծելու փորձին, · 1-ը՝ այլ բնույթի:   Վերացական և ընդհանրական բնույթի ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ 8 հաղորդումների առնչությամբ ՀՀ Ոստիկանության մարզային բաժիններին դատախազության կողմից հանձնարարվել է սկսել անհրաժեշտ ստուգողական գործողություններ: Արդյունքում դրանցից 3-ը թողնվել են անհետևանք, քանի որ ներկայացված տվյալները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով չեն հաստատվել, կամ նշվածները չեն համապատասխանել իրականությանը, իսկ 5 ահազանգերի կապակցությամբ ստուգողական գործողությունները շարունակվում են: Իսկ 4 հաղորդում ուղարկվել է նախաքննության մարմին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով, որոնցով գործընթացը շարունակվում է՝ հանգամանքների պարզման, քրեական գործ հարուցելու հիմքերի ստուգման նպատակով:
13:59 - 06 դեկտեմբերի, 2021
Դատախազությունը դիմել է դատարան՝ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի գույքի բռնագանձման հայցով |1lurer.am|

Դատախազությունը դիմել է դատարան՝ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի գույքի բռնագանձման հայցով |1lurer.am|

1lurer.am: Գլխավոր դատախազությունը դեկտեմբերի 2-ին դիմել է դատարան՝ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի անդամների ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ Այդ մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական հարթակից։ Այս գործով անցնում են Վլադիմիր Գասպարյանը, նրա կինը՝ Սուսաննա Գասպարյանը, մայրը՝ Անժելա Գասպարյանը, որդին ու դուստրը՝ Անգելինա և Վլադիմիր Գասպարյանները, զոքանչը՝ Հեղուշ Գալստյանը։ Հայցադիմումը նախ ներկայացվել է նոյեմբերի 19-ին, ապա թերությունների պատճառով վերադարձվել, իսկ դեկտեմբերի 2-ին նորից ներկայացվել դատարան։ Հայցվորը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության դատախազ Տիգրան Դավթյանն է։ Հունիսին դատախազությունը Գասպարյանի ու նրա ընտանիքի գույքերի հետ կապված ուսումնասիրություն էր իրականացրել, ապա վերջիններիս հրավիրել՝ բացատրություններ ներկայացնելու։ Հուլիսի 1-ին հայտնի դարձավ, որ Գասպարյանին պատկանող գույքի վրա կալանք է դրվել։ «Ազդարար» հրապարակային ծանուցումների հարթակից տեղեկանում ենք, որ մասնավորապես նախկին ոստիկանապետի զոքանչի՝ Հեղուշ Գալստյանի հետ կապված կատարողական վարույթ էր հարուցվել, ու արգելվել նրան որևէ ձևով տնօրինել Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքի 1-ին փողոցի 97-րդ հասցեի գույքը, Ճամբարակ-Վարդենիս խճուղու 1-ին հասցեի հողամասը, Ծովագյուղի Երկաթգծի 5 հասցեի գույքը, Երևանի Թումանյան 35ա հասցեի ավտոտնակը, Փափազյան 118/1 շենքի 26-27-28 բնակարանները, Range rover sport SC3.0 մակնիշի ավտոմեքենան։ Վլադիմիր Գասպարյանին արգելվել էր տնօրինել Գեղարքունիքի մարզի Աղբերք համայնքի 0.2 հեկտար մակերեսով հողամասը, Երևանի Թումանյան 39 շենքի 9-րդ բնակարանը, Mercedes-Benz S450 4Matic և «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենաները։ Նախկին ոստիկանապետի դստերը արգելվել էր տնօրինել Ծաղկաձորում Օլիմպիական 12/4 հասցեում գտնվող հողամասը, իսկ որդուն՝ կրտսեր Վլադիմիր Գասպարյանին, ԴԱՀԿ-ն արգելել էր տնօրինել Երևանի Վրթանես Փափազյան 2/5 հասցեի գույքը։ Հեղուշ Գալստյանը նաև 60 տոկոս բաժնեմաս ունի «Գալիլիա» ՍՊԸ-ում։ Այս ընկերությունը զբաղվում է պահածոյացված ծովամթերքի, այլ պահածոների, նաև՝ հյութերի արտադրությամբ։ «Գալիլիա»-ն հիմնվել է 2014-ին, մինչև 2018-ը ընկերության միանձնյա բաժնետերը Գալստյանն էր, որը հետագայում «Գալիլիա»-ի 40 տոկոս բաժնեմասը փոխանցել է Անահիտ Մնացականյանին։ 2019-ին «Փաստերի ստուգման հարթակ»-ը գրել էր, որ Սևանա լճից սիգի որսի արգելված լինելու պայմաններում պահածոյացված սիգ էր արտահանվում Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իտալիա ու Ռուսաստան։ Իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի տվյալներից պարզ է դառնում, որ այս տարվա օգոստոսին 7.4 միլիոն դրամի չափով արգելանք է դրվել «Գալիլիա»-ի գույքի վրա։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Լուրեր»-ի հետ զրույցում ասաց՝ դատարանն արդեն վարույթ է ընդունել գործը։ Դատախազությունը, միևնույն ժամանակ, դեռ չի մանրամասնում, թե այդ գործով Գասպարյանին ու նրա ընտանիքին պատկանող որ գույքերն են բռնագանձման ենթակա: «Դատախազությունը դեռևս տեղեկատվություն չի տրամադրում այդ անձանց գույքի վերաբերյալ, առաջիկայում հնարավոր է հրապարակենք»,- ասաց Աբրահամյանը։ Մինչ Գասպարյանների գույքի բռնագանձումը Գլխավոր դատախազությունը դատարան էր դիմել մեկ այլ հայցով՝ ԱԱԾ նախկին պաշտոնյա, գնդապետ Սերոբ Հարությունյանից ու նրա ընտանիքից մոտ 485 միլիոն դրամի գույք բռնագանձելու համար՝ ներառյալ բնակարան Հյուսիսային պողոտայում, ավտոկայանատեղիներ ու ավտոմեքենաներ։
13:36 - 06 դեկտեմբերի, 2021
Ընտրական հանցագործության 17 հաղորդում Գեղարքունիքի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

Ընտրական հանցագործության 17 հաղորդում Գեղարքունիքի մարզում կայացած ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ

ՀՀ գլխավոր դատախազության կողմից դիտարկման է ենթարկվել նաև 2021 թ. դեկտեմբերի 5-ին Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս և Սևան համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական շրջանում և քվեարկության ընթացքում առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցավոր խախտումների վերաբերյալ տվյալների ստացման և ընթացքավորման գործըթնացը: Ըստ այդմ՝ մարզի նշված չորս խոշորացված համայնքներում կայացած ընտրությունների ողջ ընթացքում, մինչև քվեարկության ժամկետի ավարտը ստացվել է նմանատիպ հանցագործության առերևույթ դեպքերի մասին ընդհանուր 17 հաղորդում, ահազանգ, որոնցից 3-ը՝ կապված նախընտրական քարոզարշավի հետ, իսկ 14-ը՝ քվեարկության: Դրանցից 2-ը ԶԼՄ հրապարակումներ են, 12-ը՝ ֆիզիկական անձանց կողմից տրված հաղորդումներ, 2-ը՝ սոցիալական ցանցերում օգտատերերի կողմից կատարված գրառումներ, իսկ 3-ը՝ ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներ: Ստացված հաղորդումներից և ահազանգերից, մասնավորապես՝  2-ը վերաբերում է մինչև քվեարկության օրը ընկած ժամանակահատվածում Վարդենիս և Գավառ համանքներում առերևույթ ընտրակաշառք տալուն, ստանալուն կամ ընտրակաշառքի միջնորդությանը. 1-ը՝ Վարդենիս խոշորացված համայնքում ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն. 7-ը՝ Սևան, Գավառ, Մարտունի խոշորացված համայնքների տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն.   4-ը՝ Վարդենիս և Գավառ խոշորացված համայնքների ընտրություններում անձի կողմից իր կատարած քվեարկությունը լուսանկարելու միջոցով առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելուն. 1-ը՝ Մարտունի խոշորացված համայնքում նախընտրական պաստառի առերոևույթ վնասմանը: 2-ը՝ այլ բնույթի: Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ընդհանուր 17 հաղորդում-ահազանգից 2-ի առնչությամբ, հաշվի առնելով դրանց վերացական և ընդհանրական լինելու հանգամանքը, ՀՀ ոստիկանության մարզային բաժինների կողմից նախաձեռնվել են անհրաժեշտ ստուգողական գործողություններ, որոնք շարունակվում են: Իսկ մնացած 15 դեպքի վերաբերյալ հաղորդումները մարզի դատախազության հանձնարարությամբ ուղարկվել են հետաքննության կամ նախաքննության մարմիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու նպատակով: Արդյունքում դրանցից 2-ով, որոնք վերաբերել են նախընտրական շրջանում ստացված առերևույթ ընտրական հանցագործության դեպքերին, որոշում է կայացվել հանցադեպի կամ հանցակազմի բացակայության  հիմքերով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: Մնացածով նյութերի նախապատրաստման գործընթացը շարունակվում է:
12:36 - 06 դեկտեմբերի, 2021
Կոտայքի մարզի ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրական 12 հանցագործության դեպքից 9-ով նյութեր են նախապատրաստվում

Կոտայքի մարզի ՏԻՄ ընտրություններում առերևույթ ընտրական 12 հանցագործության դեպքից 9-ով նյութեր են նախապատրաստվում

2021թ. դեկտեմբերի 5-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան, Նաիրի, Աբովյան, Նոր Հաճն, Գառնի խոշորացված համայնքներում, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:Նշված համայնքների ընտրությունների առնչությամբ, քվեարկությունն ավարտվելու պահի՝ ժամը 20.00-ի տվյալներով, իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների մասին 12 հաղորդում-ահազանգ: Բոլոր դեպքերը վերաբերել են քվեարկության գործընթացին, դրանցից 3-ը ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում վեր հանված ԶԼՄ հրապարակումներ են, 8-ը՝ հաղորդումներ, որոնք տրվել են ֆիզիկական անձանց կողմից, այդ թվում բացարձակ մեծամասնությունը՝ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներ, իսկ 1-ը՝ սոցիալական ցանցում կատարված և մշտադիտարկմամբ վեր հանված գրառում օգտատիրոջ կողմից:Ստացված 12 հաղորդում-ահազանգերից, ԶԼՄ հրապարակումներից՝   ·  1-ը վերաբերում է Աբովյան խոշորացված համայնքում առերևույթ ընտրակաշառք տալուն, ստանալուն,·  3-ը՝ Աբովյան և Հրազդան խոշորացված համայնքներում ընտրողների ուղղորդման միջոցով առերևույթ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն,·  1-ը Աբովյան խոշորացված համայնքում վարչական ռեսուրսների օգտագործմանը,·  6-ը՝ Աբովյան, Հրազդան խոշորացված համայնքում, տարբեր ընտրատեղամասերում առերևույթ կրկնաքվեարկության փորձեր կատարելուն,·  1-ը՝ Աբովյան խոշորացված համայնքում տեղամասային կենտրոնին հարակից հատվածում բռնություն գործադրել գործադրելու սպառնալիքներ հնչեցնելուն:Ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ վերացական և ընդհանրական բնույթի 3 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ Ոստիկանության մարզային բաժինների կողմից նախաձեռնվել են ստուգողական գործողություններ:Իսկ հաղորդումներից 9-ի դեպքում մարզի դատախազության հանձնարարությամբ Ոստիկանության բաժիններում և ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական բաժնում քրեադատավարական կարգով սկսվել է նյութերի նախապատրաստման գործընթաց՝ բոլոր հանգամանքները պարզելու և իրավական գնահատականներ տալու նպատակով:Ինչպես նյութերի նախապատրաստումը, այնպես էլ ստուգողական գործողությունները բոլոր դեպքերով ընթացքի մեջ են:   
22:43 - 05 դեկտեմբերի, 2021