Վլադիմիր Պուտին

Ռուսաստանի Դաշնության գործող նախագահ։ Ծնվել է 1952թ. հոկտեմբերի 7-ին։ 1975-1991թթ․ ծառայել է ՊԱԿ-ում (КГБ), զբաղեցրել հետախուզական պաշտոններ։ 1991թ. ըստ պաշտոնական տեղեկատվության սեփական զեկուցագրով զորացրվել է ՊԱԿ-ից։ 1990-1995թթ. զբաղեցրել է Լենինգրադի քաղաքային իշխանության տարբեր պաշտոններ։ 1996-1998թթ․ արագ վերելք է գրանցել Կրեմլի տարբեր պաշտոններում՝ ի վերջո ստանձնելով Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 1998-ին նշանակվում է ԱԴԾ (ФСБ) տնօրեն։

1999-ի օգոստոսին ընդունելով նախագահ Ելցինի առաջարկը ստանձնել է ՌԴ վարչապետի պաշտոնը։ 1999-ի դեկտեմբերի 31-ին հրաժարական տվեց Ելցինը եւ Պուտինը դարձավ նախագահի պաշտոնակատար։ 2000թ․ մարտին ընտրվեց նախագահ եւ պաշտոնավարեց առավելագույն երկու ժամկետով։ 2008-ին՝ վարչապետ Մեդվեդեւի նախագահ ընտրվելուց հետո Պուտինը ստանձնեց Վարչապետի պաշտոնը։ Այս դրվագը հանրային լայն շրջանակներում ընկալվեց որպես «փոխատեղում»։ 2012-ից ի վեր Պուտինը նորից նախագահի պաշտոնում է։ 

Պուտինը հանձնարարել է հաջորդ շաբաթվանից սկսել բոլոր ռուսաստանցիների զանգվածային պատվաստումները |tert.am|

Պուտինը հանձնարարել է հաջորդ շաբաթվանից սկսել բոլոր ռուսաստանցիների զանգվածային պատվաստումները |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է հաջորդ շաբաթվանից սկսել բոլոր ռուսաստանցիների զանգվածային պատվաստումները: Այս մասին նա ասել է կառավարության հետ առցանց հանդիպման ժամանակ, որը հեռարձակել է «Ռոսիա 24» հեռուստաալիքը, հայտնում է RBC-ն:Նախագահի խոսքով ՝ վարչապետ Միխայիլ Միշուստինը նախկինում զեկուցել է, որ «ոչ միայն կատարվել են խոստացված բոլոր ստանդարտներն ու ծավալները, այլ նաև գերազանցվել է պատվաստանյութերի ծրագրված արտադրությունը»:«Մենք պետք է անցնենք լայնածավալ պատվաստումների», - հորդորել է նախագահը:Այս առնչությամբ Պուտինը կառավարության անդամներին հանձնարարել է պատրաստել համապատասխան ենթակառուցվածքներ և աշխատանքային գրաֆիկ:«Փառք Աստծո, մեր պատվաստանյութը տեղափոխելու համար որևէ արտակարգ պահանջ չկա, ինչպիսիք են մինուս -50, մինուս -70 աստիճան ջերմային պայմանները: Մեզ մոտ ամեն ինչ շատ ավելի հեշտ ու արդյունավետ է աշխատում», - նշել է նա:
17:55 - 13 հունվարի, 2021
Պուտինն Էրդողանին է ներկայացրել ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքները |armenpress.am|

Պուտինն Էրդողանին է ներկայացրել ՌԴ-ի, ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է  ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի  ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը: «Ընդգծվել է, որ անցած բանակցությունների գլխավոր արդյունքներից մեկը դարձել է Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից հարաբերությունների կարգավորման տրամադրվածության հաստատումը, խաղաղ կյանքի հաստատման գործնական փոխգործակցության,  տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցում գործնական փոխգործակցության պատրաստակամությունը: Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի ընդհանուր կայունացումը ՝ հաջողվել է համաձայնեցնել այդ ուղղությամբ մի շարք կարևոր քայլեր»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն աջակցություն է հայտնել Ռուսաստանին ջանքերին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, հանդես է եկել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգումը շարունակելու օգտին, այդ թվում ՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման եւ փոխշահավետ նախագծերի առաջխաղացման օգտին: Առանձին անդրադարձ է կատարվել հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական կենտրոնի ձեւավորման որոշ բնագավառներին:
17:24 - 13 հունվարի, 2021
Մոսկվան շարունակում է մնալ Երևանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը․ Փաշինյան
 |1lurer.am|

Մոսկվան շարունակում է մնալ Երևանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը․ Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: Անվտանգության ոլորտում Մոսկվան շարունակում է մնալ Երևանի գլխավոր ռազմավարական դաշնակիցը, հայկական կողմը հուսով է, որ Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հուսով եմ, որ այս բոլոր իրադարձությունների ֆոնին Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կամրապնդվեն: Ռուսաստանը եղել և շարունակում է մնալ անվտանգության ոլորտում մեր ռազմավարական գլխավոր դաշնակիցը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում՝ Վլադիմիր Պուտինի հետ երկկողմ հանդիպման ժամանակ: Նա նշել է, որ ՌԴ նախագահի ներդրումը Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում «շատ շոշափելի էր, հատկապես հիմա»: Գնահատելով տարածաշրջանի զարգացման հեռանկարները Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո՝ Փաշինյանն ընդգծել է, որ տնտեսական հարցերի լուծումը կարող է բարդանալ «չլուծված հումանիտար խնդիրների»՝ ռազմագերիների և զոհվածների մարմինների փոխանակման հարցի ֆոնին:
21:27 - 11 հունվարի, 2021
Հուսով եմ, որ կհաջողվի համաձայնության գալ բոլոր խնդիրների, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի շուրջ․ Պուտին |news.am|

Հուսով եմ, որ կհաջողվի համաձայնության գալ բոլոր խնդիրների, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի շուրջ․ Պուտին |news.am|

news.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկկողմ հանդիպմանը հայտարարել է, որ ակնկալում է Ղարաբաղին վերաբերող բոլոր խնդիրների շուրջ համաձայնության ձեռք բերում: «Իմ կարծիքով, իրոք, չնայած այն խնդիրներին, որոնց մասին դուք ասացիք, եւ որոնք դեռեւս մնում են չլուծված, հուսով եմ, որ, այնուամենայնիվ, կհաջողվի համաձայնության գալ բոլոր խնդիրների, այդ թվում՝ հումանիտար բնույթի հարցերի շուրջ»,- ասել է Պուտինը: «Ընդհանրապես, իմ կարծիքով, հանդիպումն օգտակար է այն առումով, որպեսզի հնարավոր լինի որոշել տարածաշրջանի ապագան եւ տարածաշրջանում հարաբերությունների կառուցումը: Նախեւառաջ, իհարկե, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Ուզում եմ ասել, որ մեր հարաբերությունները եղել են, կան եւ կլինեն դաշնակցային: Բոլոր առումներով մենք մտերիմ գործընկերներ ենք: Այսօր մենք շատ խոսեցինք տնտեսության մասին»:
21:16 - 11 հունվարի, 2021
Հրապարակվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը

Հրապարակվել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը

Մոսկվայում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունվել է համատեղ հայտարարություն: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, 11 հունվարի 2021 թ․ Մենք՝ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի․Հ․Ալիևը, Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն․Վ․ Փաշինյանը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ․Վ․Պուտինը հայտարարում ենք հետևյալի մասին․ 1. 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի հայտարարության՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին 9-րդ կետի իրականացման նպատակով աջակցում ենք Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբ ստեղծելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի առաջարկը: 2. Աշխատանքային խումբն առաջին հանդիպումը կանցկացնի մինչև 2021 թ.-ի հունվարի 30-ը, որի արդյունքների հիման վրա կկազմի Հայտարարության 9-րդ կետի կիրառումից բխող աշխատանքների հիմնական ուղղությունների ցանկը՝ որպես գերակայություններ ընդունելով երկաթուղային և ճանապարհային հաղորդակցությունները, ինչպես նաև կսահմանի Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ու Ռուսաստանի Դաշնության (այսուհետ՝ Կողմեր) միջև համաձայնեցված այլ ուղղություններ: 3. Գործունեության հիմնական ուղղություններն իրականացնելու նպատակով Աշխատանքային խմբի համանախագահները կհաստատեն այդ ոլորտներում փորձագիտական ենթախմբերի կազմը, որում կներառվեն Կողմերի իրավասու մարմինների ներկայացուցիչներ և կազմակերպությունների պաշտոնատար անձինք։ Փորձագիտական ենթախմբերը, աշխատանքային խմբի նիստից հետո մեկամսյա ժամկետում կներկայացնեն նախագծերի ցանկ, որում կներկայացնեն անհրաժեշտ ռեսուրսներն ու միջոցառումները` դրանց իրականացման և Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատելու համար: 4. Աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը Կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, նույն կերպ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող փոխադրումների համար, որոնք պահանջում են հատել Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքները»: [ՀՀ Կառավարություն]
20:01 - 11 հունվարի, 2021
Տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը բխում է Երևանի և Բաքվի շահերից․ Ալիև |civilnet.am|

Տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը բխում է Երևանի և Բաքվի շահերից․ Ալիև |civilnet.am|

civilnet.am: Տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակումը բխում է Երևանի և Բաքվի շահերից, հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ «Այն հայտարարությունը, որն այսօր ստորագրվել է, խոսում է մեր մտադրությունների մասին, քանի որ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ հայտարարության կետերից մեկը տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն էր։ Սա այն ասպարեզն է, որը կարող է մեծ դինամիզմ հաղորդել տարածաշրջանի զարգացմանը, ինչպես նաև ամրապնդել անվտանգությունը, որովհետև տրանսպորտային կոմունիկացիաների բացումը բխում է Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի՝ մեր հարևանների շահերից։ Վստահ եմ, որ հարևան երկրները ևս ակտիվորեն կներգրավվեն տրանսպորտային միջանցքների ստեղծման և մեր տարածաշրջանում տրանսպորտային զարկերակների ճյուղավորված ցանցի ստեղծման մեջ»,- ասել է Ալիևը։ Լեռնային Ղարաբաղի հարցով Մոսկվայում Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների հանդիպումը խոսում է այն մասին, որ կողմերը տրամադրված են արդյունքի, հայտարարել է Ալիևը:  
19:42 - 11 հունվարի, 2021
Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ բանակցությունները բացառիկ կարևոր էին․ Պուտին |1lurer.am|

Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ բանակցությունները բացառիկ կարևոր էին․ Պուտին |1lurer.am|

1lurer.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ բանակցությունները բացառիկ կարևոր էին:  «Հանգեցինք այն եզրակացության, որ Ղարաբաղի հարցով հհամաձայնության պայմանավորվածությունները պահպանվում են, լուրջ միջադեպեր չկան: Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը կատարում էի իր պարտավորությունները: Ստորագրեցինք հայտարարություն, որն առնչվում է տարածաշրջանի զարգացմանը: Խոսքը տնտեսական կապերի կառուցմանը, ենթակառուցվածքային նախագծերի զարգացմանն ուղղված կոնկրետ քայլերի մասին է»,- ասել է Պուտինը: Նրա խոսքով՝ այսօր ստորագրված հայտարարության իրագործման համար կստեղծվի փոխվարչապետներից բաղկացած եռակողմ հանձնաժողով, որը կստեղծի փորձագիտական ենթախմբեր և կներկայացնի տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածների և տնտեսական զարգացման նախագծեր: «Համոզված եմ, որ այդ պայմանավորվածությունների իրագործումն օգտակար կլինի հայ, ադրբեջանցի ժողովուրդների և տարածաշրջանի համար»,- հավելել է Պուտինը:  
19:37 - 11 հունվարի, 2021
Մեզ համար կարևորագույն խնդիր է շարունակում մնալ ռազմագերիների փոխանակումը. Փաշինյան
 |1lurer.am|

Մեզ համար կարևորագույն խնդիր է շարունակում մնալ ռազմագերիների փոխանակումը. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: «Հայտարարությունը, որ մենք այսօր ստորագրել ենք, շատ կարևոր է, և չեմ թաքցնի՝ այդ պայմանավորվածությունների իրագործումը կարող է ուղղակի փոխել մեր տարածաշրջանի տնտեսական իրավիճակը»: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո: «Տնտեսական նորամուծությունները կարող են բերել տարածաշրջանային անվտանգության ավելի հուսալի երաշխիքների: Մենք իհարկե պատրաստ ենք այդ ուղղությամբ կառուցողական աշխատանքների, բայց մեկ հանդիպմամբ անհնար է լուծել բոլոր հարցերը: Ես հույս ունեմ՝ կարող ենք առաջ գնալ, և ընդգծեմ՝ մեզ համար կարևորագույնը շարունակում են մնալ հումանիտար հարցերը՝ ռազմագերիների փոխանակումը, որ ամրագրված է եռակողմ հայտարարության մեջ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
19:32 - 11 հունվարի, 2021
Դեռ կան շատ հարցեր, որոնք պետք է լուծվեն, և այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է. վարչապետ
 |1lurer.am|

Դեռ կան շատ հարցեր, որոնք պետք է լուծվեն, և այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է. վարչապետ |1lurer.am|

1lurer.am: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս ամբողջությամբ կարգավորված չէ. հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ եռակողմ հանդիպումից հետո: «Դեռ կան շատ հարցեր, որոնք պետք է լուծվեն, և այդ հարցերից մեկը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն է: Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ասել է ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Ադրբեջանում դեռևս պահվող ռազմագերիների խնդրին: «Ցավոք, այսօր չկարողացանք վերջնական պայմանավորվածության հասնել ռազմագերիների փոխանակման հարցում: Սա ամենազգայուն, ամենացավոտ հարցն է: Մենք պայմանավորվել ենք, որ կշարունակենք այդ ուղղությամբ աշխատանքը»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ չի իրականացվում: «Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի կարճ ժամկետում հանգել կոնկրետ որոշումների»,- ասել է նա:
19:12 - 11 հունվարի, 2021
Մեծ ջանքեր ենք գործադրում ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձի համար. Պուտին |1lurer.am|

Մեծ ջանքեր ենք գործադրում ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձի համար. Պուտին |1lurer.am|

1lurer.am:  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն անդրադարձել է նաև տեղահանվածների և փախստականների վերադարձի, ինչպես նաև մարդասիրական օգնության տրամադրման, Արցախի տարածքի ականազերծման հարցերին:    «Մենք մեծ ջանքեր ենք գործադրում ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձի համար: Նոյեմբերի 14-ից Ղարաբաղ է վերադարձել 48 հազարից ավելի մարդ: Ռուսաստանի միջնորդությամբ տեղի է ունեցել նաև գերիների և աճյունների փոխանակում»,- ասել է Կրեմլի ղեկավարը:    Նա Արցախում գործող հումանիտար արձագանքման միջազգային կենտրոնի գործունեությունը համարել է արդյունավետ և նշել, որ կենտրոնի գործողությունների շրջանակում երկրների փորձագետները լուծում են բնակավայրերում կյանքը բնականոն հուն վերադարձնելու, ավերված ենթակառուցվածքների վերականգնման, պատմամշակութային և հոգևոր կոթողների պահպանության հարցերը: ՌԴ ղեկավարը նաև ասել է, որ կենտրոնի մասնագետները վերականգնում են էլեկտրականությունը և գազամատակարարումը:    «Ռուսաստանից հակամարտության գոտի է տեղափոխվել 800 տոննայից ավելի շինանյութ, ընդհանուր՝ ավելի քան 1,5 միլիոն տոննա մարդասիրական օգնություն: Բնակչությունը ստանում է բուժօգնություն: Պայթուցիկ նյութերից մաքրվել է 479 հեկտարից ավելի տարածք, ստուգվել է 182 կմ ճանապարհ, 710 շենք-շինություն: Հայտնաբերվել և ոչնչացվել է ավելի քան 22 հազար պայթյունավտանգ առարկա»,- եզրափակել է Վլադիմիր Պուտինը:
16:53 - 11 հունվարի, 2021
Սահմանների բացման և ապաշրջափակման հարցերը կկարգավորեն Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերը |armenpress.am|

Սահմանների բացման և ապաշրջափակման հարցերը կկարգավորեն Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարածաշրջանում փակ սահմանների բացման և տնտեսական, առևտրային ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների բացումը: Նախատեսվում է, որ այս հարցերով կզբաղվի եռակողմ աշխատանքային խումբը` ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի փոխվարչապետերի նախագահությամբ»,- ասաց Պուտինը: Կրեմլում ընթանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտնել էր, որ եռակողմ հանդիպման նախապես պլանավորված օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, միջազգային բեռնափոխադրումների իրականացմանը՝ այդ թվում Հայաստանից դեպի Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, ինչպես նաև Հայաստանի կենտրոնական հատվածներից Նախիջևանի երկաթուղով դեպի Սյունիքի մարզ: 
15:44 - 11 հունվարի, 2021