ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Covid 19 համավարակի դեմ միջոցառումներում հանցավոր չարաշահումների փաստերով 20 քրեական գործ է հարուցվել, 15 անձի մեղադրանք է առաջադրվել․ Դատախազություն

Covid 19 համավարակի դեմ միջոցառումներում հանցավոր չարաշահումների փաստերով 20 քրեական գործ է հարուցվել, 15 անձի մեղադրանք է առաջադրվել․ Դատախազություն

Հանրապետությունում կորոնավիրուսային համաճարակի  կանխարգելման տեսանկյունից խիստ արդիական և անհանգստացնող են դարձել պետության կողմից այդ նպատակով համապատասխան կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման ջանքերի խաթարմանն ուղղված հանցավոր դրսևորումները: 2021թ.-ի ապրիլից ՀՀ Ոստիկանության և հատկապես ՀՀ ԱԱԾ-ի կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել են Covid 19 համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների գործընթացում մի շարք բուժհաստատությունների տասնյակ աշխատակիցների կողմից գրեթե նույն սխեմայով կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնական կեղծիքների և կաշառքի բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես, բուժհաստատությունների, պետական այլ մարմինների կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ ունեցող մի շարք պաշտոնատար անձինք, լիազորված լինելով կազմակերպել «Covid-19» համավարակի դեմ պատվաստման գործընթացը, բուժանձնակազմի այլ ներկայացուցիչների հետ գործակցությամբ, այլ անձանց կողմից համոզելու, նյութապես շահագրգռելու պայմաններում, հարյուրավոր քաղաքացիների չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, սակայն կազմել են նրանց կողմից կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին կամ երկու չափաբաժիններով պատվաստված լինելը հավաստող, բովանդակությամբ կեղծ սերտիֆիկատներ և դրանք մուտքագրել էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ: Առանձին դեպքերում էլ պարզված կոռուպցիոն չարաշահումները պայմանավորված են եղել քաղաքացիների, այդ թվում ՀՀ ժամանող ուղևորների համար կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք ապահովելու հետ: Մասնավորապես, առանձին բժիշկ համաճարակաբաններ, բուժհաստատությունների՝ կոնկրետ գործառույթներով օժտված անձինք պատրաստել և առանձին քաղաքացիների, ՀՀ ժամանած ուղևորների իրացրել են կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ, որոնք վերջիններս ներկայացրել են ըստ պահանջի: Այդպիսով նրանք իրավունք են ստացել առանց նմուշառման, հետազոտման դեպքում դրական  պատասխան ստանալու պարագայում պարտադիր ինքնամեկուսացման ենթարկվելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հոսպիտալացվելու՝ անարգել տեղաշարժվել, մուտք գործել ՀՀ տարածք: Այս ապօրինի գործողությունների հետևանքով նշված քաղաքացիներին հնարավորություն է տրվել շրջանցել ՀՀ-ում, օտարերկրյա պետություններում հակահամաճարակային սահմանափակումները՝ վտանգելով համավարակի պայմաններում, ՀՀ-ում հիվանդության տարածման և առաջացած համաճարակի  հետագա կանխման, բնակչության առողջության պահպանման նպատակով պետության կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների արդյունավետությունը: Ընդ որում, ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ բժշկական սպասարկում իրականացնող և համապատասխան լիազորություններով օժտված պաշտոնատար անձինք պատվաստված լինելու կեղծ սերտիֆիկատ, կամ առանց նմուշառման կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ ստացած քաղաքացիներից անձամբ կամ միջնորդների միջոցով վերը նկարագրված ակնհայտ ապօրինի գործողությունների համար ստացել են տարբեր չափերի՝ 5000-ից մինչև 40.000 ՀՀ դրամ կաշառք: Վերոնշյալ հանցագործությունների առթիվ ՀՀ ԱԱԾ-ում և Ոստիկանությունում հարուցվել է 20 քրեական գործ, որոնք վերաբերում են Երևան քաղաքի և Շիրակի, Արարատի, Գեղարքունիքի մարզերի բազմաթիվ բուժհաստատությունների, հիմնականում՝ պոլիկլինիկաների: Քրեական գործերով այս պահին նախնական տվյալներով պատվաստման բովանդակությամբ կեղծ սերտիֆիկատներ են ստացել և դրանց հիման վրա «ԱՐՄԵԴ» համակարգում ապօրինաբար գրանցվել, կամ կորոնավիրուսի թեստի կեղծ բացասական պատասխաններ է ստացել (ավելի քիչ թվով) ընդհանուր շուրջ 310 քաղաքացի: Քրեական գործերի նախաքննությամբ կատարվել են տասնյակ խուզարկություններ, հայտնաբերվել և առգրավվել են քաղաքացիների կողմից որպես կաշառք տրված գումարներ, ձեռք են բերվել պատվաստված չլինելու պայմաններում կեղծ սերտիֆիկատներ ստացած անձանց տվյալներ պարունակող ցուցակներ: Կոռուպցիոն հանցավոր այս կառուցակարգերում ներգրավված բազմաթիվ բուժաշխատողներ տվել են խոստովանական ցուցմունքներ: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ քրեական գործերով արդեն իսկ մեղադրանքներ են առաջադրվել ընդհանուր 15 անձի, որոնցից 9-ը կալանավորվել է: Քրեական գործերը գտնվում են նախաքննության փուլում: Դատախազության հետևողական հսկողության ներքո ձեռնարկվում են քննչական, դատավարական, օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ նմանատիպ այլ դրսևորումներ բացահայտելու, պարզված դեպքերով առերևույթ հանցավոր գործակցության մեջ ներգրավված անձանց ամբողջական շրջանակները ի հայտ բերելու, յուրաքանչյուրի գործողությանը իրավական գնահատականներ տալու ուղղությամբ: ՀՀ դատախազությունը զգուշացնում է, որ նման չարաշահումները լրջորեն սպառնում են հանրապետության առողջապահական անվտանգությանը, խոչընդոտում պետության կողմից իրականացվող հակահամաճարակային և բնակչության առողջության պահպանման միջոցառումների արդյունավետությանը: Ելնելով վերոնշյալից՝ ինչպես քաղաքացիներին, այնպես էլ  Covid 19 համավարակի տարածման կանխարգելման միջոցառումներում ներգրավված բուժաշխատողներին, հանրային ծառայողներին հորդորում ենք զերծ մնալ նման անպատասխանատու, ինչպես իրենց, այնպես էլ հանրության առողջությունը վտանգող և քրեորեն հետապնդելի քայլերից: ՀՀ դատախազության մոտեցումը նման դեպքերում լինելու է անվերապահորեն խիստ, կիրառվելու են իրավաչափ և օրինական բոլոր անհրաժեշտ ներգործության միջոցները՝ նման հանցագործություններ կատարած բոլոր անձանց քրեական համաչափ պատասխանատվության ենթարկելու համար:   
11:26 - 10 նոյեմբերի, 2021
Պատերազմի առնչությամբ քրգործով մեղադրյալ գումարտակի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Պատերազմի առնչությամբ քրգործով մեղադրյալ գումարտակի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

Պատերազմի առնչությամբ քրեական գործով մեղադրյալ գումարտակի հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել դատախազությունը, որը ներկայացնում ենք ստորեւ․ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը նոյեմբերի 8-ի որոշմամբ բավարարել է Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված հրաձգային գումարտակի հրամանատարի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։ Նշված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ վերջինս, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը՝ 2020թ․ նոյեմբերի 9-ին արցախյան պատերազմում հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության ընդունումից հետո հրաման է ստացել մարտական հերթապահություն կատարելով ապահովել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր տեղամասի արևելյան սահմանի թվով 12 մարտական դիրքերի անվտանգությունը։ 2020թ․դեկտեմբերի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում նշված դիրքերն անցել են թշնամու վերահսկողության տակ, թիվ N մարտական դիրքում տեղակայված անձնակազմի 11 զինծառայողները հայտնվել են շրջափակման մեջ, որոնցից ինը զոհվել է, երկուսը՝ գերեվարվել: Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների բավարար համակցության հիման վրա 2021թ․ապրիլի 30-ին հրաձգային գումարտակի հրամանատարին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որի 2021 թվականի մայիսի 1-ի որոշմամբ միջնորդությունը մերժվել էր: Քրեական գործով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից վերոնշյալ որոշումը բողոքարկվել էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որի 2021 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ բողոքը բավարարվել է և գործն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության: Արդյունքում Առաջին ատյանի դատարանի 2021թ․ նոյեմբերի 8-ի որոշմամբ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
21:39 - 08 նոյեմբերի, 2021
Վերականգնվել է Կոտայքի մարզի 3 համայնքի՝ հողամասերը հանցավոր սխեմայով վարձակալության հանձնելու պատճառով խախտված իրավունքները, համայնքների նախկին 2 ղեկավար դատի է տրվել. Դատախազություն

Վերականգնվել է Կոտայքի մարզի 3 համայնքի՝ հողամասերը հանցավոր սխեմայով վարձակալության հանձնելու պատճառով խախտված իրավունքները, համայնքների նախկին 2 ղեկավար դատի է տրվել. Դատախազություն

ՀՀ մարզերի դատախազությունների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով կատարված ուսումնասիրությունների հիման վրա գրեթե բոլոր մարզերի բազնաթիվ ՏԻՄ-երի  պաշտոնատար անձանց կողմից համայքային հողատարածքները վարձակալության հանձնելու գործընթացներում կոռուպցիոն առերևույթ չարաշահումների դեպքերով նախապատրաստված նյութերով հարուցվել են քրեական գործեր: Այս մասին հայտնում է Դատախազությունը:  Մասնավորապես, Կոտայքի մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո նմանատիպ փաստերի կապակցությամբ հարուցվել է ընդհանուր առմամբ 4 քրեական գործ, որոնք վերաբերում են մարզի Գառնի համայնքին, Չարենցավան  խոշորացված համայնքի Կարենիս բնակավայրին, Մեղրաձոր խոշորացված համայնքին և  նշված համայնքի  Արտավազ բնակավայրին: Այս քրեական գործերով կատարված քննությամբ պարզվել է, որ սկսած 2004թ.-ից՝ համայնքների ղեկավարները, երբեմն նախապես տեղեկանալով այդ համայնքների տարածքում հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների կողմից բջջային կապի ալեհավաք կայաններ տեղադրելու և շահագործելու մտադրության մասին, պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը շուկայականից էականորեն ցածր՝ սիմվոլիկ վճարներով վարձակալության են հանձնել տարբեր ֆիզիկական անձանց, այդ թվում նաև իրենց հարազատներին, մերձավորներին: Դրանից հետո որոշ ժամանակ անց վերջիններիս կողմից այդ հողամասերը կամ դրանց առանձին մասերը բազմապատիկ անգամ բարձր վարձավճարներով ենթավարձակալության են հանձնվել նշված ընկերություններին, որոնք այն օգտագործել են որպես կապի օբյեկտի հող:  Հետագայում միջոցներ չեն ձեռնարկվել ապօրինի հողօգտագործումները կասեցնելու, վերացնելու ուղղությամբ: Արդյունքում հողամասերի վարձակալները երկար տարիներ պայմանագրերի հիման վրա համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից իրենց համար վարձավճարների տեսքով ապահովել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից: Նշված հանցավոր արարքները կատարելու համար քրեական գործերով որպես մեղադրյալ է ներգրավվել 5 անձ, որոնցից 3-ը՝ նշված համայնքների նախկին ղեկավարներ:  Հարուցված վերոնշյալ 4 քրեական գործերից 2-ը՝ 4 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Դրանցից մեկով դատական քննությունը շարունակվում է, մյուսով կայացվել է արդարացման դատական ակտ, որը մարզի դատախազության կոմղից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան: Իսկ 2 քրեական գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է: Քննությունների արդյունքում պարզված համայնքներին պատճառված ընդհանուր նախնական վնասը կազմել է շուրջ 36.2մլն ՀՀ դրամ: Տարված աշխատանքների արդյունքում դրանից վերականգնվել է շուրջ 5.6մլն ՀՀ դրամը, միջոցներ են ձեռնարկվում վնասների մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ: Համայնքներից 3-ի պարագայում լուծվել է հանցավոր գործարքների միջոցով կնքված վարձակալության և վարձակալների կողմից հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությունների հետ կնքված ենթավարձակալության 3 պայմանագիր, որից հետո 2 դեպքում համայնքների և նույն ընկերությունների միջև կնքվել են նոր պայմանագրեր: Իսկ մեկ դեպքում պայմանագրի կնքման գործընթացը գտնվում է ընթացքի մեջ՝ պայմանավորված հողամասի նպատակային նշանակության փոփոխմագործընթացով:  
15:34 - 08 նոյեմբերի, 2021
Անտառների պահպանության համար պատասխանատու 6 պաշտոնատար անձի վերաբերյալ 6 քրեական գործ է ուղարկվել դատարան. Դատախազություն

Անտառների պահպանության համար պատասխանատու 6 պաշտոնատար անձի վերաբերյալ 6 քրեական գործ է ուղարկվել դատարան. Դատախազություն

Շարունակվում է Լոռու մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների մարզային կառույցների հետևողական գործունեությունը ապօրինի անտառահատումների դեմ պայքարում, անտառպահպանության և անտառախախտումների արձանագրման համար պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական պարտականությունների չկատարման հետ կապված հանցավոր դրսևորումներին իրավական գնահատականներ տալու, հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու ոլորտում: Այս մասին հայտնում է Դատախազությունը: Մասնավորապես, Լոռու մարզի դատախազության դատախազների հսկողության ներքո քննվող քրեական գործերով կատարված նախաքննության ընթացքում բավարար ապացույցների գնահատմամբ 2021թ. հոկտեմբերի 25-ից 30-նն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ Լոռու մարզի անտառտնտեսությունների մասնաճյուղերի տարբեր անտառպետություններ 3 անտառապետի և 3 անտառապահի վերաբերյալ 6 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով առաջադրված մեղադրանքներով, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու։ Նշված պաշտոնատար անձինք մեղադրվել են նրանում, որ ի պաշտոնե պարտավոր լինելով իրականացնել կանխարգելիչ միջոցառում­ներ և հսկողություն ապօրինի անտա­ռահատումների ու անտառային օ­րենս­դրության այլ խախ­տում­ների նկատմամբ, անհրաժեշտության դեպքում կազմել խախտման արձանագրություններ, ստուգել բնափայտի մթեր­ման, այլ տե­սակի անտառ­օգտա­գործ­ման իրավունք ընձեռող փաստաթղթերն ու հսկողություն սահ­մանել անտառ­օգտա­գոր­ծողների կողմից դրանց կատարման նկատմամբ, անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք են դրսևորել իրենց ծառայութ­յան նկատմամբ, չեն կատարել իրենց վրա դրված պարտակա­նութ­­յունները, իրենց վստահված պահաբաժիններում պարբերաբար շրջայցեր չեն իրականացրել, չեն կազմել շրջայցերի վերաբերյալ արձանագրություններ, չեն հայտնաբերել և չեն արձանագրել ապօրինի հատված ծառերը: Արդյունքում հայտնաբերվել է նրանց հսկողության գոտիներում ապօրինի հատված 346 տարբեր տեսակի և տրամագծերով ծառ, որի հետևանքով բնությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 37մլն ՀՀ դրամի չափով վնաս։ Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված անձանց պատկանող գույքերի վրա դրվել են կալանք։ 2021թ. ընթացքում պաշտոնատար անձանց, մասնավորապես «Հայանտառ» ՊՈԱԿ անտառտնտեսությունների մասնաճյուղերի տարբեր անտառպետությունների անտառապահի և անտառապետի կողմից իրենց պարտականություններն անփույթ կատարելու պատճառով ապօրինի ծառահատումների վերաբերյալ ևս երկու քրեական գործ՝ 2 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան: Լոռու մարզի դատախազության հսկողության տիրույթում ներկա պահին անտառտնտեսության պաշտոնատար անձանց վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, որոշ դեպքերում՝ նաև համացությամբ 314-րդ հոդվածի հատկանիշներով քննվում են 27 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է անցնում 29 պաշտոնատար անձ՝ անտառապետեր, անտառապահներ, ինժեներներ։ Նշված բոլոր քրեական գործերով Լոռու մարզի դատախազի կողմից վարույթն իրականացնող քննիչներին տրվել են առարկայական հանձնարարականներ՝ քրեական գործով բազմակողմանիությունը, լրիվությունը ապահովելու, սեղմ ժամկետում դրանք դատարան ուղարկելու հարցը լուծելու համար։ Բացի այդ, 2021 թվականի ընթացքում «Հայանտառ» ՊՈԱ կազմակերպության տնօրենին հասցեագրվել են ապօրինի անտառահատումների առնչվող պաշտոնեական հանցագործություններին նպաստող պայամնների և պատճառների վերացմանն ուղղված 47 միջնորդագիր: Արդյունքում 12 պաշտոնատար անձինք ենթարկվել են տույժի՝ նկատողության և խսիտ նկատողության տեսքով, իսկ 7 անձ ազատվել է աշխատանքից։ ՀՀ Լոռու մարզի դատախազի կողմից նաև գրություն է հասցեագրվել «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին՝ միջոցներ ձեռնարկելու, որպեսզի պարտադիր կերպով կատարվեն ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2013թ. մայիսի 6-ի թիվ 80-Ն հրամանով սահմանված պետական և համայնքային անտառներում բնափայթի մթերման կարգը հաստատելու մասին իրավադրույթի պահանջները՝ կապված վառեւափայտը գնորդին փոխանցելուց առաջ սահմանված ձևով հաշվառելու և դրոշմելու հետ։ Դրանց բացակայությունը դժվարություն է առաջացրել կոնկրետացնելու հայտնաբերված փայտանյութի ձեռքբերման հստակ ժամանակահատվածը, մանավանդ այն դեպքերում, երբ անձինք ներկայացնում են հետին ժամանակահատվածում կազմված փաստաթղթեր: Ստացված պատասխան գրությամբ հավաստիացվել է, որ մարզի դատախազի կողմից բարձրացված խնդիրը քննարկվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, որի արդյունքում բոլոր մասնաճյուղերի տնօրեններին հանձնարարվել է սահմանել խիստ հսկողություն վերոնշյալ կարգի պահանջների կատարման նկատմամբ։
14:38 - 05 նոյեմբերի, 2021
Առերևույթ չարաշահումներ՝ Պտղնիի համայնքային հողամասի օտարման գործընթացում. հարուցվել է քրեական գործ

Առերևույթ չարաշահումներ՝ Պտղնիի համայնքային հողամասի օտարման գործընթացում. հարուցվել է քրեական գործ

ՀՀ Կոտայքի մարզպետից ՀՀ Կոտայքի մարզի դատախազին հասցեագրվել էր գրություն մարզի Պտղնի համայնքում օրենսդրության կոպիտ խախտումներով համանքապատկան հողատարածքի օտարման վերաբերյալ, տեղեկացնում է Դատախազությունը: Գրությունը և կից փաստաթղթերը մարզի դատախազությունից ուղարկվել են Ոստիկանության Կոտայքի բաժին՝ դրանում նշվող հանգամանքների կապակցությամբ նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ:   Նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 1,443 հա մակերեսով հողամասը համանքի ղեկավարի կողմից ներկայացվել Է աճուրդ-վաճառքի: Մարզպետարանում կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել Է, որ հողամասի նկատմամբ սահմանված Է չմասնավորեցման իրավական ռեժիմ, քանի որ հանդիսացել է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողատարածք: Մարզպետարանի կողմից 15.09.2021թ.-ին ուղարկվել է համապատասխան գրություն նշված պատճառով աճուրդը չեղարկելու, հողամասի օտարման սահմանափակումների հետ կապված իրավական ռեժիմը սահմանված կարգով հանելուց հետո նոր աճուրդ-վաճառքի ներկայացնելու վերաբերյալ: Այդ պայմաններում, սակայն, Պտղնու համայքապետարանի կողմից աճուրդի գործըթնացը շարունակվել է, և 2021թ.-ի հոկտեմբերի 5-ին կայացած աճուրդ-վաճառքով այն օտարվել է 42.000.000  ՀՀ  դրամով: Մինչդեռ նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև այն մասին, որ 2012թ. փետրվարի 13-ին, Պտղնի համայնքի ավագանու որոշմամբ ջրային հանդիսացող այդ հողամասի նպատկային նշանակությունը, օրենքով սահմանված ընթացակարգի շրջանցմամբ, փոփոխվել է՝ դարձվելով հասարարական կառուցապատման հող:   Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության  Կոտայքի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով  հարուցվել է քրեական գործ, որով նախաքննությունն իրականացնում է ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժինը։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:08 - 04 նոյեմբերի, 2021
Մի խումբ անձանց կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրելու գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Մի խումբ անձանց կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրելու գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Լոռու մարզի դատախազությունում հաստատվել է Մարց գյուղի մոտ օգոստոսի 14-ին փայտանյութով բարձված մեքենայի ողբերգական ավտովթարից հետո մի խումբ անձանց կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրելու մասով քրեական գործի մեղադրական եզրակացությունը: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազությունից, նշելով, որ քրեական գործը, ըստ մեղադրանքի 4 անձի, ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության: Պատշաճ դատախազական հսկողության ներքո Լոռու մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների գնահատմամբ Վ. Վ.-ին, Մ. Ս.-ին, Վ. Ք-ին և Ա.Բ.-ին մեղադրանքներ են առաջադրվել իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, վերջին երկուսին՝ նաև դիտավորությամբ գույք վնասելու և խոշոր չափերով վնաս պատճառելու համար: Քրեական գործի մյուս մասով, որով նույնաբնույթ արարքներ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավված ևս 3 անձ, նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքին առնչություն, մասնակցություն ունեցած այլ անձանց ևս պարզելու և բոլորի արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
14:44 - 04 նոյեմբերի, 2021
Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել |hetq.am|

Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել |hetq.am|

hetq.am: Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին տեղեկությունը «Հետք»-ի հետ զրույցում հաստատեց Գլխավոր դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը: Ղարաքեշիշյանը մասնակցել է իր կալանավորման միջնորդության քննությանը, այսինքն՝ այս փուլում վարույթն իրականացնող մարմնից չի թաքնվել, սակայն երբ դատարանը որոշել է կալանավորումը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը բավարարել, նրան արգելանքի վերցնել չի ստացվել, քանի որ գտնվելու վայրը հայտնի չէ: Հիշեցնենք, որ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 1-ին բավարարել է Սարգիս Ղարաքեշիշյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:
20:31 - 03 նոյեմբերի, 2021
ՊԵԿ-ում հայտնաբերված պաշտոնեական հանցագործությունների կանխարգելման խնդրով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՊԵԿ նախագահին

ՊԵԿ-ում հայտնաբերված պաշտոնեական հանցագործությունների կանխարգելման խնդրով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՊԵԿ նախագահին

ՀՀ ԱԱԾ-ի կողմից 2020թ. օգոստոսից մինչև 2021թ. հոկտեմբերի 25-ի դրությամբ իրականացված հետևողական աշխատանքի արդյունքում 7 քրեական գործ է հարուցվել ՀՀ ՊԵԿ հարկային և մաքսային ծառայողների կողմից պաշտոնեական տարաբնույթ հանցագործություններ կատարելու դեպքերի առթիվ, որոնցով նախաքննությունը, դատախազական պատշաճ հսկողության ներքո, կատարվել է ՀՀ ՀՔԾ-ում: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, նշելով, որ վերոնշյալ քրեական գործերից 3-ով մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ ՊԵԿ արևելյան մաքսատուն վարչության «Բագրատաշեն» մաքսային կետի 4 ծառայողներին,  հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային  կետի մաքսային 3 ծառայողներին:  Քրեական գործերով հիմնավորվել է,որ նշված մաքսակետերի տեսուչները, միմյանց, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտների հետ գալով հանցավոր համաձայնության, պաշտոնեական դիրքի չարաշահման արդյունքում կամ տարբեր չափերի կաշառք ստանալու դիմաց թույլ են տվել, որպեսզի տնտեսվարողներն առանց պատշաճ մաքսային հսկողության ՀՀ ներմուծեն տարբեր տեսակի ապրանքներ, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է ընդհուպ առանձնապես խոշոր չափերի վնասներ: Հարուցված մյուս 4 քրեական գործերով բազմաթիվ դրվագներով որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության Լոռու մարզի տարածքը սպասարկող բաժնի 4,  թիվ 1 բաժնի 4, ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության ընթացիկ հսկողության տարածքային /Արարատի/ թիվ 9 բաժնի 2, թիվ 2 /Էրեբունու/ բաժնի հարկային 2 տեսուչների, օպերլիազորների: ՀՀ ՀՔԾ-ում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ հարկային ծառայողները, նախնական համաձայնության գալով իրենց սպասարկման ոլորտում գտնվող համայնքներում ու բնակտարածքներում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների հետ, վերջիններիս կողմից հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված տարատեսակ խախտումները չարձանագրելու և վարչական պատասխանատվության չենթարկելու, ստուգումներ չիրականացնելու, ստուգումների ընթացքում ի հայտ եկած խախտումներն ամբողջությամբ կամ մասամբ չարձանագրելու համար նրանցից պահանջել են տարբեր չափերի առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր շուրջ 6.000.000 ՀՀ դրամ կաշառք, որի մեծ մասը փաստացի ստացել են, առանձին դեպքերում բաժանել միմյանց միջև, իսկ մնացած փոքր մասը ստանալ չեն հասցրել՝ բռնվելու պատճառով: Պաշտոնեական դիրքի չարաշահում կատարելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելու, առանձին դեպքերում՝ նաև պաշտոնեական անփութության կամ պաշտոնեական կեղծիք կատարելու համար 7 քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ աշխատակից՝ հարկային կամ մաքսային  ծառայող հանդիսացող ընդհանուր 19 անձի, որոնցից 14-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Բավարար համարելով ձեռք բերված ապացույցները՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից նշված քրեական գործերից 6-ը՝ ընդհանուր 25 անձի, այդ թվում նաև ՊԵԿ աշխատակիցների հետ հանցավոր համաձայնությունների և գործարքների մեջ մտած տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննելու:    Վերոնշյալ բացահայտումները վկայում են, որ մի կողմից առավել արդյունավետ է դարձել մաքսային և հարկային ծառայողների կողմից պաշտոնեական հանցագործությունների, կոռուպցիոն դրսևորումների դեմ իրավապահ մարմինների պայքարը, սակայն մյուս կողմից՝ այս ոլորտում ներքին վերահսկողական մեխանիզմների գործադրման թերացումները: Նշվում է, որ նախաքննությամբ ստացված տվյալները փաստում են, որ մաքսային կետ-բաժիններում աշխատակիցների կողմից ՀՀ տարածք ներմուծված բեռների մաքսային ձևակերպումների, մաքսազերծումների ընթացքի, ինչպես նաև տնտեսվարողների կողմից հարկային օրենսդրության ոլորտում թույլ տրված տարատեսակ խախտումները հարկային տեսուչների կողմից պատշաճ արձանագրելու, հարկերի հավաքագրման գործընթացների նկատմամբ արդյունավետ հսկողություն չի իրականացվել: Ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները և ստուգումները մի շարք դեպքերում կրել են ձևական բնույթ, վերադաս իրավասու պաշտոնատար անձանց կողմից միջոցներ չեն ձեռնարկվել աշխատակիցների վրա դրված պարտականությունների պատշաճ կատարումն ապահովելու ուղղությամբ: Ելնելով վերոնշյալից՝ քրեական գործերով պարզված՝ հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու, տնտեսվարողների հետ անմիջական աշխատանքային հարաբերությունների մեջ մտնող հարկային և մաքսային ծառայողների գործունեության նկատմամբ վերահսկողության գործուն մեխանիզմներ ներդնելու, հնարավոր չարաշահումները և ոչ իրավաչափ վարքագիծը ժամանակին հայտնաբերելու և կանխելու հարցում համապատասխան ստորաբաժանումների և պաշտոնատար անձանց պատասխանատվության մակարդակը բարձրացնելու խնդրով ՀՀ գլխավոր դատախազը գրություններ է հասցեագրել ՀՀ ՊԵԿ նախագահին:
15:50 - 03 նոյեմբերի, 2021
Չենք պնդում, որ դա է լավագույն լուծումը. նախարարը՝ դատախազի, տեղակալների աշխատավարձի հնարավոր բարձրացման մասին |armenpress.am|

Չենք պնդում, որ դա է լավագույն լուծումը. նախարարը՝ դատախազի, տեղակալների աշխատավարձի հնարավոր բարձրացման մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պարզաբանեց, թե ինչու են ցանկանում մեծ չափով բարձրացնել ՀՀ գլխավոր դատախազի և նրա տեղակալների աշխատավարձերը:  Նախարարն այս մասին խոսեց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը: «Այնպես չէ, որ Արդարադատության նախարարությունը շատ անհանգստացած է կոնկրետ որևէ մեկ կամ մի քանի պաշտոնյաների աշխատավարձները բարձրացնելու հանգամանքով: Տրամաբանությունը եղել է հետևյալը. մենք իրականացնում ենք հակակոռուպցիոն ընդհանուր համակարգի բարեփոխման և ռազմավարության իրագործումը: Այսինքն՝ նախարարությունը, բացի իր գործառույթներից նաև անհանգստացած է և կազմակերպում է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը, հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը: Եվ ինչ է տեղի ունեցել. Հակակոռուպցիոն դատարանում և Հակակոռուպցիոն կոմիտեում աշխատավարձերն ավել բարձր են, քան այն ստորաբաժանումում՝ Դատախազությունում, որը դատարանի և կոմիտեի միջև միջին օղակն է: Հետևաբար, անտրամաբանական էր դառնում, որ կոմիտեի քննիչներն ավելի բարձր աշխատավարձ էին ստանալու, քան դատախազները, որոնք զբաղվելու էին հակակոռուպցիոն տրամաբանությամբ: Եվ մենք առաջարկեցինք, որ բարձր լինի դատախազներինը: Բայց, եթե Գլխավոր դատախազության համապատասխան վարչության պետի աշխատավարձը դարձնում էինք համաչափ քննիչի և դատավորի հետ, ստացվում էր, որ գլխավոր դատախազության վարչության պետն ավելի բարձր աշխատավարձ պետք է ստանա, քան Գլխավոր դատախազի տեղակալն ու գլխավոր դատախազը»,- ասաց նա: Նախարարի խոսքով՝ այդ լուծումն այլ կերպ չէին տեսնում, քան ընդհանուր համակարգում բոլորինը բարձրացնելը: Նախարարը հավելեց, որ դա նաև միջազգային փորձագետների տրամաբանությունն է, բոլորի պահանջն է, որ հակակոռուպցիոն բլոկի աշխատողների աշխատավարձը պետք է ավելի բարձր լինի: «Որևէ պաշտոնյայի աշխատավարձը բարձրացնելը տվյալ դեպքում չի քննարկվում: Սա ընդամենը նպատակ է՝ հասկանալու, թե ինչպես անել, որ հակակոռուպցիոն համակարգը, որն ունի մի քանի անգամ ավելի բարդություններ, ռիսկեր, այնպես անենք, որ եթե այն բարձր է լինելու, այդ բարձր լինելը փոքր-ինչ տրամաբանական լինի: Եվ գուցե մեր լուծումը լավագույնը չէ, որ փորձում ենք վարչության պետի և դատախազների համար բարձրացնել իրենց ղեկավարի աշխատավարձը, որ դա տրամաբանություն լինի, դրա համար դա դրել ենք քննարկման: Նույնիսկ պաշտոնապես դեռ չենք էլ պնդում, որ դա է լավագույն լուծումը»,- ասաց նա: Նախարարը նշեց, որ ուզում են լսել նաև միջազգային փորձագետների առաջարկները, թե ինչպես անել, որ ղեկավարն ավելի ցածր ստանա, քան ենթական:
13:46 - 03 նոյեմբերի, 2021
Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձի 90-120%-ի չափով հավելում տալ «առանձնակի ռիսկային պաշտոններ» զբաղեցնող անձանց

Արդարադատության նախարարությունն առաջարկում է աշխատավարձի 90-120%-ի չափով հավելում տալ «առանձնակի ռիսկային պաշտոններ» զբաղեցնող անձանց

ՀՀ արդարադատության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկվում է հավելումներ սահմանել ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի և ստեղծվելիք ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների համար: «Առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված տրվող հավելումների վճարման չափերը, կարգը, ինչպես նաև առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների շրջանակը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման այս նախագծի համար, ինչպես նշում է Նախարարությունը, հիմք են հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազությանը, ԱԱԾ-ին, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ քննչական կոմիտեին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ուղարկված հարցման միջոցով տրամադրված պատասխանները, որոնք պարունակում են տվյալ պաշտոնների մասին տեղեկատվություն և դրանց՝ առանձնակի ռիսկայնության և մասնագիտացման վերաբերյալ հիմնավորումները: Հիշյալ պաշտոնների համար հավելում նախատեսելու առաջարկի հիմքում ընկած է այն հանգամանքը, որ կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հսկողություն և վերահսկողություն իրականացնելը կրում է առանձնակի ռիսկային բնույթ: Նախագծով առաջարկվում է ՀՀ գլխավոր դատախազի հավելումը սահմանել 95%, նրա տեղակալինը՝ 100%, գլխավոր դատախազի՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքները համակարգող տեղակալի հավելումը՝ 120%, գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի հավելումը՝ 90%, ՀՀ գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազինը՝ 100%: Նախագծի ընդունումը, ԱՆ-ի համոզմամբ, ի թիվս այլնի, պայմանավորված է ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022թթ․ միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1332-Ն որոշման N 1 հավելվածի 4.1.1.-ին կետի կարգավորումներով, որոնց համաձայն՝ վարչական կոռուպցիայի հաղթահարման կարևորագույն տարրերից է նաև անհրաժեշտ սոցիալական երաշխիքների սահմանումը: Այս համատեքստում նախարարությունը կարևորվում է պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության համակարգի բարեփոխումը: Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ՝ կարգավորմամբ առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոնների առանձնահատկություններով պայմանավորված հավելումների նախատեսումը բխում է վերոնշյալ որոշմամբ նախատեսված միջոցառումներից: Ի դեպ՝ ինչպես նկատելի է, առաջարկվող կարգավորմամբ ՀՀ գլխավոր դատախազի այն տեղակալները, որոնց համակարգման ոլորտում չի լինելու ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության աշխատանքների համակարգումը, որոշման ընդունման դեպքում եւս ստանալու են հավելում։ Նախարարությունը նախագծի հիմնավորման մեջ նշել է, որ այս պարագայում հավելման սահմանումը նպատակ ունի ապահովել, որպեսզի տեղի չունենա մեծ շեղում ընդհանուր կանոններից, քանի որ դրա չսահմանման դեպքում, ըստ նախարարության, ստացվում է մի իրավիճակ, երբ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի վարձատրության չափը կկգերազանցի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վարձատրության չափը, ինչը կխաթարի դատախազության աստիճանակարգված ենթակայության տրամաբանությունը։ Գլխավոր դատախազի, Գլխավոր դատախազի տեղակալների և գլխավոր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների (թվով 21) համար նախնական հաշվարկով տարեկան կտրվածքով անհրաժեշտ է լինելու շուրջ 144․000․000 ՀՀ դրամ։
12:59 - 02 նոյեմբերի, 2021
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ԵՄ կողմից իրականացվող ծրագրի ներկայացուցիչներին

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն ընդունել է ԵՄ կողմից իրականացվող ծրագրի ներկայացուցիչներին

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանն ընդունել է «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» ծրագրի աջակցող խմբի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, նշելով, որ Գ․ Բաղդասարյանն ընդգծել է ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող՝ ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխմանն ուղղված ծրագրերի կարևորությունը և փաստել, որ դրանց արդյունավետությունը գործնականում ակնհայտ վկայություններ ունի։ Ծրագրի ներկայացուցիչները ներկայացրել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում նախատեսվող աջակցության ծրագրի ուղղությունները և պատրաստակամություն հայտնել օժանդակել կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերով դատավարական ղեկավարման, հսկողության և վերահսկողության ոլորտի բարեփոխումներին։ Քննարկման արդյունքում կողմերը պայմանավորվել են կարճ ժամկետում հստակեցնել կոնկրետ ծրագրային մոտեցումները՝ դրանց իրագործումն ապահովելու նպատակով։
12:16 - 02 նոյեմբերի, 2021
Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ քրգործերով հետապնդվում է շուրջ 4 տասնյակ անձ. գլխավոր դատախազ |armenpress.am|

Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ քրգործերով հետապնդվում է շուրջ 4 տասնյակ անձ. գլխավոր դատախազ |armenpress.am|

armenpress.am: 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին ադրբեջանաթուրքական և վարձկան ահաբեկիչների կողմից սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից տրվել են իրավական գնահատականներ յուրաքանչյուր առանձին դեպքին, ինչպես նաև ամբողջական ընդհանրության մեջ: Այս մասին Առաջին ալիքին տված հարցազրույցում նշել է ՀՀ գլխավոր  դատախազ Արթուր Դավթյանն՝ անդրադառնալով Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առնչությամբ քրեական գործերի ընթացքին: «Այսօր արդեն մեր քրեական գործով ձեռք բերված ապացույցներով մենք մի քանի ուղղություններով համապատասխան քրեական հետապնդումներ ունենք: Դրանք վերաբերում են ինչպես ագրեսիվ պատերազմ սանձազերծելուն, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով, արգելված զինատեսակներով, արգելված պատերազմական միջոցներով պատերազմ վարելու կանոնները խախտելուն, դրանք վերաբերում են նաև հայկական պատմամշակութային արժեքները ոչնչացնելուն, վնասելուն, այդպիսիք վերաբերում են նաև գերեվարված հայ զինվորականների նկատմամբ խոշտանգումներին, անմարդկային վերաբերմունքի դրսևորումներին, միջազգային ահաբեկչությանը և վարձկան ահաբեկիչների ներգրավմանը այդ պատերազմական գործողություններին: Այդ գործերով քննության արդյունքներում այս պահի դրությամբ մենք ունենք շուրջ 4 տասնյակ քրեական հետապնդման ենթարկվող անձինք, որոնց նկատմամբ նաև հայտարարվել է հետախուզում: Ունեցել ենք նաև ռազմական գործողությունների ընթացքում ձերբակալված 2 վարձկան ահաբեկիչներ, որոնց նկատմամբ դատական ակտ ունենք արդեն, դատավճիռ է կայացվել, վերջիններս դատապարտվել են ցմահ ազատազրկման»,-նշել է Արթուր Դավթյանը: Գլխավոր դատախազի խոսքով, կարող ենք միանշանակ պնդել՝ ամբողջ աշխարհում աներկբա ընդունված է, որ ռազմական գործողությունների ընթացքում թուրք-ադրբեջանական ուժերն իրենց կազմում ներգրավել և օգտագործել են վարձկան ահաբեկիչների: Նրա խոսքով, դա հայկական կողմին հնարավորություն տվեց, հատկապես ռազմական գործողությունների ավարտից հետո, առավել ակտիվացնել միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, հատկապես տարածաշրջանում այդ մարդկային չարիքի՝ ահաբեկչության դեմ համատեղ ուժերով պայքար իրականացնելու ուղղությամբ: «Դրա մասին մեր հատկապես ստրատեգիական գործընկերներից հստակ դիրքորոշում են հայտնել ՌԴ պատկան մարմինները, ընդամենը օրեր առաջ Հայաստանում էր գտնվում իմ հրավերով ԻԻՀ գլխավոր դատախազը: Շատ պարզ լեզվով դրա՝ այդ փաստի, և այդ փաստի դեմ համատեղ ուժերով պայքար իրականացնելու մասին հստակ արտահայտվեց նաև Իրանի իմ գործընկերը»,-նշել է գլխավոր դատախազը: Անդրադառնալով վերջերս Ռուսաստանի իր պաշտոնակցի և Ադրբեջանի գլխավոր դատախազի հետ եռակողմ հանդիպմանը՝  Արթուր Դավթյանը նշել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ըստ էության, տարածաշրջանում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծման ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր մեխանիզմները և այդ մեխանիզմների մեջ իրենց ուրույն տեղն ունեն իրավական մեխանիզմները: Նա նկատել է, որ ՌԴ-ն ակտիվ ներգրավվածություն ունի այս գործընթացում և հատկապես հետպատերազմական հումանիտար հարցերի լուծման ոլորտում: Առավել մանրամասն՝ armenpress.am
23:10 - 01 նոյեմբերի, 2021
Ստեփանավանի նախկին համայնքապետը կկալանավորվի․ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը

Ստեփանավանի նախկին համայնքապետը կկալանավորվի․ դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Ս.Ղ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը, որի քննությանը մասնակցել է նաև գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը․ «Հիշեցնենք, որ համայնքի նախկին ղեկավարին հոկտեմբերի 29-ին մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, նա ձերբակալվել էր:  Քննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ղ.-ն 2004-ից 2012թթ. ընկած ժամանակահատվածում, առերևույթ չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, համայնքի վարչական տարածքում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող՝ զբոսայգի հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքից,  պետական սեփականության անտառից, ինչպես նաև քաղաքապետարանի հողատարածքներից տարանջատման միջոցով առանձնացրել է հողամասեր և ապօրինի կերպով օտարել տարբեր անձանց, այդ թվում՝ մորաքրոջ տղային և իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին, վերջինիս կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը: Այնուհետ,  գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով վերոնշյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ձևականորեն գրանցված անշարժ գույքերից՝ հողամասերից ընդհանուր՝ 1,433 հա տարածքները 2014 և 2017 թվականներին օտարման միջոցով նա փոխանցել է իր հետ համատեղ բնակվող իր որդիներին»:
14:24 - 01 նոյեմբերի, 2021
Ստեփանավանի նախկին քաղաքապետը ձերբակալվել է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով

Ստեփանավանի նախկին քաղաքապետը ձերբակալվել է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի քննիչը որոշում է կայացրել Ստեփանավանի նախկին քաղաքապետ Ս.Ղ.-ին (Սարգիս Ղարաքեշիշյան-խմբ.) ձերբակալելու մասին. նա մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ «2021թ. սեպտեմբերի 13-ին ՀՀ քրեակայն օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ ՔԿ-ի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի նախկին քաղաքապետ Ս.Ղ.-ն 2004-ից 2012թթ. ընկած ժամանակահատվածում, առերևույթ չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, համայնքի վարչական տարածքում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված դրույթների ուժով քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող՝ զբոսայգի հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքից,  պետական սեփականության անտառից, ինչպես նաև քաղաքապետարանի հողատարածքներից տարանջատման միջոցով առանձնացրել է հողամասեր և ապօրինի կերպով օտարել տարբեր անձանց, այդ թվում՝ մորաքրոջ տղային և իր մասնակցությամբ հիմնադրված «Վերածնունդ» բարեգործական հիմնադրամին, վերջինիս կողմից ստեղծված ՍՊ ընկերությանը: Քրեական գործի հետագա նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ս.Ղ-ն գույքերի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով վերոնշյալ ֆիզիկական և իրավաբանական անձանց անվամբ ձևականորեն գրանցված անշարժ գույքերից՝ հողամասերից ընդհանուր՝ 1,433 հա հողամասերը 2014 և 2017 թվականներին օտարման միջոցով փոխանցել է իր հետ համատեղ բնակվող որդիներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նկատի ունենալով, որ վերոնշյալ տվյալները պարունակում են հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու (փողերի լվացման) առերևույթ հանցագործության հատկանիշներ` ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ, որը միացվել է նախորդիվ նշված քրեական գործին: «Ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա վերոնշյալ հանցավոր արարքները կատարելու համար հոկտեմբերի 29-ին Ստեփանավանի նախկին քաղաքապետ Ս. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեա­կան օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Նույն օրը Լոռու մարզի դատախազի հանձնարարությամբ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 130-րդ հոդվածով սահմանված կարգով՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությամբ պայմանավորված, վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել Ս.Ղ.-ին ձերբակալելու մասին, և վերջինս ձերբակալվել  է»,- հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից ։ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:19 - 29 հոկտեմբերի, 2021
Գորիսում գործող մշակույթի կենտրոնի տնօրենն աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչությանը. Դատախազություն

Գորիսում գործող մշակույթի կենտրոնի տնօրենն աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչությանը. Դատախազություն

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի գրադարանավարի հաղորդման հիման վրա 2021թ. հունիսի 17-ին հարուցված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ նույն կենտրոնի տնօրեն Հ. Խ-ն աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս համայնքում կազմակերպած նախընտրական քարոզչությանը: «Օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ինչպես նաև նշված կենտրոնի աշխատակիցների՝ իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, այնուհետև ևս՝ 2021թ. հունիսի 15-ին, աշխատանքից ազատելու սպառնալիքով, գրադարանավար Ա. Ա.-ին խոչընդոտել է մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին»,- գրված է ՀՀ դատախազության տարածած հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հ. Խ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, որը հետագայում փոխարինվել է գրավով: Սյունիքի մարզի դատախազությունից քրեական գործը 2021թ. հուլիսի 2-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու: Դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտման արդյունքում, հաշվի առնելով ամբաստանյալին մեղսագրված արարքի հանրային վտանգավորության աստիճանը, մեղադրող դատախազի  կողմից միջնորդվել է Հ. Խ.-ի նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 5 տարի ժամկետով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով։ 2021թ. հոկտեմբերի 27-ին հրապարակած դատավճռով դատարանը նրա նկատմամբ պատիժ է նշանակել ազատազրկում՝ 4 (չորս) տարի ժամկետով՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով՝ 2 տարի ժամկետով։ Միաժամանակ, սակայն, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ դատարանը որոշել է ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան 3 տարի ժամկետով: Դատախազությունից հայտնում են, որ դատական ակտն ստանալու և դատարանի պատճառաբանությունների ու հիմնավորումների վերլուծության արդյունքում կլուծվի պատժի մեղմության առումով անհամաչափության տեսանկյունից այն բողոքարկելու հնարավորության հարցը:
15:52 - 29 հոկտեմբերի, 2021
2021թ. առաջին 9 ամսվա տվյալով՝ ՀՀ և Իրանի միջև պետական սահմանով թմրամիջոցների մաքսանենգության համար հարուցվել է 12 քրգործ, որպես մեղադրյալ է ներգրավվել 24 անձ. Դատախազություն

2021թ. առաջին 9 ամսվա տվյալով՝ ՀՀ և Իրանի միջև պետական սահմանով թմրամիջոցների մաքսանենգության համար հարուցվել է 12 քրգործ, որպես մեղադրյալ է ներգրավվել 24 անձ. Դատախազություն

2020թ. ՀՀ և ԻԻՀ միջև պետական սահմանով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության բացահայտված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ և ՀՀ ՊԵԿ քննչական մարմինների կողմից քննվել է 13 քրեական գործ, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 14 անձ: Այս մասին հայտնում է Դատախազությունը: 2021թ. առաջին 9 ամիսների տվյալներով քննվող նման գործերի քանակը կազմել է 12, որոնցով որպես մեղադրյալ է ներգրավվել 24 անձ, այդ թվում ինչպես ՀՀ, այնպես էլ ԻԻՀ քաղաքացի: Ընդ որում՝ եթե 2017-ից 2020թթ. ընկած ժամանակահատվածում միայն ՀՀ մաքսային ծառայության կողմից հայտնաբերվել է Իրանից-Հայաստան ապօրինի ներմուծված 157 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ և հոգեմետ նյութեր, ապա միայն 2021թ. մաքսակետում հայտնաբերվել է 451 կգ թմրամիջոց: Ընդհանուր առմամբ 2021թ. ընթացքում արձանագրվել է Իրանից մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի մեծ խմբաքանակ Հայաստան ներմուծելու, ինչպես նաև Հայաստանի տարածքը որպես տարանցիկ օգտագործելու երկու դեպք, որոնցից մեկով Հայաստանի տարածք է տեղափոխվել և բացահայտվել 351 կիլոգրամ, իսկ մյուսի դեպքում՝ 366 կիլոգրամ Հերոին տեսակի թմրամիջոց։ Նախընթաց տարիներին ակտիվ պայքար է մղվել նաև Արցախի տարածքը որպես Իրանից Հայաստան թմրամիջոցների ապօրինի ներմուծման և փոխադրման ճանապարհ օգտագործելու դեմ: Սկսած 2016 թվականից՝ բայցահայտվել է նման 7 դեպք, որոնցից 3-ը հայտնաբերվել և դրանցով հարուցված քրեական գործերով քննություններն իրականացվել են Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, իսկ 4-ը՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից: Իրանից Արցախ մաքսանենգ ճանապարհով տեղափոխված և բացահայտված ապօրինի թմրամիջոցների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 28 կգ:   Նշված 7 քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 16 անձ: Մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական գործերով 10 անձ դատապարտվել է ազատազրկման:  Հաշվի առնելով, որ թմրամիջոցների մաքսանենգությունը, ապօրինի շրջանառությունը համարվում են բարձր լատենտայնություն ունեցող հանցագործություններ՝ վերոնշյալ ցուցանիշներն ակնհայտորեն փաստում են, որ ԻԻՀ-ից ՀՀ ինչպես միջպետական սահմանով, այնպես էլ մինչև 2020թ. արցախյան պատերազմը Արցախի տարածքով մաքսանենգ եղանակով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման և շրջանառության դեմ պայքարը, նաև Իրանի իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ, տարեցտարի դարձել է առավել հետևողական և արդյունավետ: Այդ մասին են վկայում նաև թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում մասնագիտացած միջազգային կառույցների արձագանքները: Մասնվարորապես, 2021թ. մարտին ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակից  (ՄԱԹՀՊԳ) ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել  գրություն, որով, գոհունակություն հայտնելով Եվրոպա տեղափոխելու համար Իրանից Հայաստան ներմուծված թմրանյութի մեծաքանակ խմբաքանակը ՀՀ իրավապահ մարմինների կողմից բացահայտելու և առգրավվելու կապակցությամբ, ՄԱԹՀՊԳ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցել այդ գործընթացին ինչպես տեղեկատվության փոխանակման, թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության դեմ պայքարում ներգրավված ծառայողների մասնագիտական կարողությունների կատարելագործման, այնպես էլ Իրանի, նպատակակետ երկրների հետ գործակցությամբ ապացույցների ձեռքբերման եղանակներով: Թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի վերջին շրջանի ակտիացումը մեծապես պայմանավորված է նաև ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջև համագործակցության սերտացմամբ: Այդ պայքարի համատեքստում երկկողմ համագործակցության ընդլայնման խնդիրը առանձնահատուկ քննարկման առարկա է դարձել ինչպես 2019թ և 2021թ. փոխադարձ այցելությունների, այնպես էլ միջազգային ընդգրկման մի քանի համաժողովների ընթացքում ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազների միջև կայացած հանդիպումների և բանակցությունների օրակարգում: Մասնավորապես, ԻԻՀ գլխավոր դատախազի՝ հոկտեմբերի 12-ից 15-ը ՀՀ կատարած այցի ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև սահմանային մաքսակետերում թմրամիջոցների հայտնաբերման նոր, ժամանակակից տեխնիկական միջոցներ ներդնելու հնարավորության և հեռանկարների, ինչպես նաև նման հանցագործություն կատարելու մեջ մերկացված անձանց քրեական պատասխանատվության ենթարկման, պատժի կրման հետ կապված հարցերը: Բացի այդ, թմրամիջոցների մաքսանենգության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ համատեղ պայքարի, նման դեպքերով հարուցված քրեական գործերի քննության առանձնահատկությունների, դրանց շրջանակներում փոխադարձ օժանդակության խնդիրն ընկած է ՀՀ և ԻԻՀ գլխավոր դատախազությունների միջև ստորագրված համագործակցության ծրագրից բխող միջոցառումների հիմքում: Վերոնշյալ փաստերը վկայում են, որ թմրամիջոցների ապօրինի տարանցման և այդ նպատակով նաև Արցախի տարածքն օգտագործելու համար ՀՀ-ին և ԻԻՀ-ին ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանք-հայտարարությունները (առանց գեթ մեկ ապացույց ներկայացնելու), որոնք հնչել են հոկտեմբերի 15-ին ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստի ընթացքում, իրականության հետ որևէ աղերս չունեն, մտացածին են, զուրկ որևէ փաստական հիմքից, հետապնդում են ՀՀ-ին և ԻԻՀ-ին վարկաբեկելու անթաքույց, սակայն ի սկզբանե ձախողման դատապարտված նպատակներ, նաև ուղղված են հենց Ադրբեջանի՝ իբրև թմրամիջոցների տարանցիկ երկիր լինելու իրողությունը թաքցնելուն:       Ադրբեջանի նախագահը նման հայտարարություններ անում է մի պարագայում, երբ ըստ ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի կողմից հրապարակված զեկույցի՝ եթե Հայաստանն ընդգրկված է եղել 2015–2019թթ. կոնկրետ Հերոին տեսակի թմրամիջոցի ծագման և տարանցման ոչ հիմնական երկրների ցանկում, ապա Ադրբեջանը՝ հիմնական երկրների ցանկում:
14:03 - 29 հոկտեմբերի, 2021