ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Անպատժելիությունը ծնում է ավելի դաժան հանցագործություններ. Արման Թաթոյանի հայտարարությունը՝ Ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ

Անպատժելիությունը ծնում է ավելի դաժան հանցագործություններ. Արման Թաթոյանի հայտարարությունը՝ Ապրիլյան պատերազմի տարելիցի կապակցությամբ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել Ապրիլյան  պատերազմի 5-րդ տարելիցի կապակցությամբ:  «5 տարի առաջ հենց այս օրը՝ ապրիլի 2-ին, ադրբեջանական հարձակումները սկսվեցին վայրագություններով. 2016թ. ապրիլի 2-ի վաղ առավոտյան թիրախային հարձակումների պատճառով սպանվեց Արցախի Մարտունու շրջանի Ներքին Ճարտար բնակավայրի միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտ Վաղարշակ Գրիգորյանը: 11, 12 և 13-ամյա ևս 4 երեխա ստացան վիրավորումներ: Նույն օրը ադրբեջանական զինվորները Թալիշ գյուղում ատելության շարժառիթով իրենց իսկ տան մեջ խոշտանգել, ականջները կտրել ու հետո սպանել էին տարեց ամուսիններ Վալերիկ Խալափյանին և Ռամզելա Վարդանյանին: Դաժանաբար սպանվել էր նաև Վալերիկ Խալափյանի 92-ամյա մայրը՝ Մարուսյա Խալափյանը, իսկ նրանց տունն ամբողջությամբ ավերվել էր: Ադրբեջանի զինված ուժերի ծառայողները գլխատել էին Քյարամ Սլոյանին, վերցրել նրա գլուխը, նկարվել և ցուցադրել սոցիալական ցանցերում՝ հպարտանալով իրենց կատարածի համար: Ադրբեջանում բարձրագույն մակարդակով Հայաստանն ու հայ ժողովուրդը, ՀՀ քաղաքացին համարվում են թշնամի, պետական հովանավորչությամբ ատելության ու թշնամանքի զգացումով մեծացել է մի ողջ սերունդ: Սրանով հպարտանում է Ադրբեջանի նախագահը: Նկարագրված դեպքերը ադրբեջանական բազմաթիվ խոշտանգումների ու դաժանությունների թվում ընդամենը մի քանիսն են: Իրական վիճակն այն է, որ տարվում է ցեղասպան քաղաքականություն: Դա հիմնավորվում է օբյեկտիվ կոնկրետ ապացույցներով: Անպատժելիությունը ծնում է նոր՝ ավելի դաժան հանցագործություններ, որոնց ականատեսը եղանք 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում»:
17:43 - 02 ապրիլի, 2021
Որպես ինքնիշխան պետություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել և միջազգային որևէ փաստաթուղթ դրա վերաբերյալ չի ստորագրվել. ՀՀ ՄԻՊ

Որպես ինքնիշխան պետություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել և միջազգային որևէ փաստաթուղթ դրա վերաբերյալ չի ստորագրվել. ՀՀ ՄԻՊ

Որպես ինքնիշխան պետություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել և առավել ևս միջազգային որևէ փաստաթուղթ դրա վերաբերյալ չի ստորագրվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «ՀՀ քաղաքացիների, ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների ու բնականոն կյանքի երաշխավորման հիմնական գործոններից են՝ 1) Սյունիքի կամ Գեղարքունիքի գյուղերի հարևանությամբ, Սյունիքում ճանապարհներին ադրբեջանական տեղակայումները Խորհրդային Հայաստանի կամ Ադրբեջանի սահմաններով` 1970-ական, 1980-ական, 1940-ական թվականների (լինի, օրինակ, 1975-1976 թթ., 1985թ., 1942թ.) կամ այլ քարտեզներով և GPS-ի տվյալներով հիմնավորել չի կարելի: Որպես ինքնիշխան պետություններ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև դեմարկացիա կամ դելիմիտացիա երբեք տեղի չի ունեցել և առավել ևս միջազգային որևէ փաստաթուղթ դրա վերաբերյալ չի ստորագրվել: 2) Խորհրդային միությունում տեղի ունեցածը եղել է ոչ թե երկու ինքնիշխան պետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանների որոշում, այլ մեկ ինքնիշխան պետության՝ ԽՍՀՄ-ի ներսում երկու սուբյեկտների միջև սահմանների վարչական բնույթի բաժանում: Խորհրդային քարտեզները միայն այդ մասին են: Ի դեպ, ինչու՞ 1920-ական թթ. քարտեզները սահմանների այս օրերի գործընթացի հետ կապված չեն վկայակոչվում: 3) ՀՀ պետական սահմանների որոշմանը գործընթացը վարչատարածքային բաժանման հետ կապել չի կարելի: Այդ երևույթները միանգամայն տարբեր են: 4) ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացում Հայաստանի առաջին հանրապետության սահմաններն ու քարտեզներն անտեսվել չեն կարող: Սա պահանջում ՀՀ քաղաքացիների, ՀՀ բնակչության իրավունքների իրական երաշխավորման հրամայականը: 5)Ադրբեջանական այսօրվա տեղակայումներն ընթացել են միջազգային, այդ թվում՝ մարդու իրավունքների պահանջների կոպիտ ու զանգվածային խախտումներով, պատերազմի և ուժի իրական սպառնալիքի ներքո և ադրբեջանական բացահայտ ցեղասպան քաղաքականության պայմաններում: 6) Պետական սահմանների որոշման գործընթացը չի կարող խաթարել սահմանային բնակիչների բնականոն կյանքը կամ առաջացնել պետության քաղաքացու իրավունքների և օրինական շահերի, այդ թվում՝ կյանքի ու ֆիզիկական անվտանգության, երեխաների անվտանգ ապրելու, սեփական հողը մշակելու, ջրային պաշարներից, արոտավայրերից ու խոտհարքներից լիարժեք օգտվելու և այլ իրավունքներ»,- գրել է Պաշտպանը:
11:23 - 30 մարտի, 2021
Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի գլխավոր քարտուղարը ՄԻՊ-ի ֆինանսավորման հարցով բաց նամակ է հղել ՀՀ ԱԺ նախագահին

Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի գլխավոր քարտուղարը ՄԻՊ-ի ֆինանսավորման հարցով բաց նամակ է հղել ՀՀ ԱԺ նախագահին

Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի (Association for Prevention of Torture – APT, ք. Ժնև) գլխավոր քարտուղար Բարբարա Բերնաթը բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի անկախության վերաբերյալ՝ նշելով, որ սահմանադրական օրենքում Պաշտպանի գործունեության ֆինանսական անկախության երաշխիքը պետք է պահպանել: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, բաց նամակում նշված է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասը լայնորեն ճանաչվել է միջազգային լավագույն փորձ, և իրենք այն առաջարկում են այլ երկրների՝ կանխարգելման ազգային մեխանիզմներ հիմնադրելիս: «Բարբարա Բերնաթը նշել է, որ հենց այս և անկախության մյուս երաշխիքներն են, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին դարձրել են այսքան ուժեղ և վստահելի գործընկեր խոշտանգումների և վատ վերաբերմունքի դեմ պայքարում: Նամակում ընդգծված է ասոցիացիայի հետ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի տարիների համագործակցությունը՝ նաև շնորհիվ անկախության»,- ասվում է հաղորդագրության մեջ: ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից նաև հայտնում են՝  Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ չնայած շատ պետություններ բախվում են բյուջետային սահմանափակումների, մասնավորապես, նոր կորոնավիրուսային համավարակի (COVID-19) դժվարին ժամանակահատվածում, միաժամանակ, այս ընթացքում է, որ հասարակության առավել խոցելի խմբերը գտնվում են մեծագույն ռիսկի ներքո: «Ուստի, էական է, որ նման ժամանակներում նրանց պաշտպանության մանդատ ունեցող հաստատություններին ոչ միայն ցուցաբերվի աջակցություն, այլ նաև դրանք առավել հզորացվեն»,- ասվում է նամակում: Ըստ աղբյուրի՝ Հայաստանի Ազգային ժողովի նախագահին ուղղված բաց նամակում ընդգծվում է, որ այս հարցը դիտարկվում է առավել լայն կոնտեքստով՝ նշելով, որ մեքենաների հարցում սահմանափակումը արդեն իսկ բացասական է եղել: Հատուկ անդրադարձ է եղել նաև այն հարցին, որ փոփոխություններն արվել են առանց Մարդու իրավունքների պաշտպանի հետ պատշաճ խորհրդակցության կամ քննարկման: «Հաշվի առնելով միջազգային, այդ թվում՝ Փարիզյան սկզբունքները, ՄԱԿ-ի կոնվենցիոն չափանիշները և Հայաստանի միջազգային պարտավորությունները՝ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի գլխավոր քարտուղարը նամակում նշել է, որ պետք է պահպանել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որպես Մարդու իրավունքների ազգային հաստատությունների և Կանխարգելման ազգային մեխանիզմների թվում լավագույն փորձ: Միաժամանակ, առաջարկել է ապահովել, որպեսզի Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսավորման հետ կապված օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ցանկացած հետագա քննարկում իրականացվի Մարդու իրավունքների պաշտպանի հետ ամբողջական խորհրդակցությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի նստավայրը Շվեյցարիայի Ժնև քաղաքն է: Այն միջազգային ոչ կառավարական կազմակերպություն է, որի հիմքում «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությամբ ստեղծված՝ խոշտանգումների կանխարգելման միջազգային համակարգն է: Այս կազմակերպության գործունեությունը ընդգրկում է աշխարհի 90-ից ավելի երկիր: Այն ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ Կոմիտեի (UN CAT) և Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի (UN SPT) գլխավոր գործընկերներից է և մեծ դերակատարություն ունի հավատարմագրման (ակրեդիտացիայի) փուլում Մարդու իրավունքների հաստատության գործունեության գնահատելու հարցում:
21:56 - 29 մարտի, 2021
Հայ ժողովրդի նկատմամբ պետական աջակցությամբ ատելությունն ու թշնամանքն Ադրբեջանում կամ Թուրքիայում ոչ միայն չի նվազել, այլ ստանում է նոր դրսևորումներ. ՀՀ ՄԻՊ

Հայ ժողովրդի նկատմամբ պետական աջակցությամբ ատելությունն ու թշնամանքն Ադրբեջանում կամ Թուրքիայում ոչ միայն չի նվազել, այլ ստանում է նոր դրսևորումներ. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի նախագահը, իշխանությունները Հայաստանի, ՀՀ քաղաքացու ու հայ ժողովրդի նկատմամբ տարիներ ի վեր վարել և շարունակում են վարել ատելության ու թշնամանքի քարոզի, էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն: Նույնն արել են կամ բացահայտ խրախուսում են Թուրքիայի իշխանությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Ընդամենը 3 օրինակ՝ Ադրբեջանի նախագահը «Նոր Ադրբեջան» կուսակցության 2021թ. մարտի 5-ի 7-րդ համագումարի ուղերձում հպարտացավ. «Երիտասարդ սերունդը մեծացել է թշնամու հանդեպ ատելության զգացումով»: Թշնամի ասելով՝ նկատի ունի Հայաստանն ու ողջ հայ ժողովրդին, որին ատում է մի ողջ սերունդ: Թուրքիայի նախագահը 2020թ. դեկտեմբերի 10-ին Բաքվի ռազմական միջոցառման ժամանակ Արցախում պատերազմը համեմատեց Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղսապանության և 1918 թվականի սեպտեմբերին Բաքվում հայերի զանգվածային ջարդերի հետ: Այդ օրը, ըստ նրա, Ահմեդ Ջևադ բեյի, Նուրի փաշայի, Էնվեր փաշայի, Կովկասի իսլամական բանակի անդամների հոգիների փառավորման օրն էր: ՄԻԵԴ-ի վճիռներով արձանագրված է, որ Ադրբեջանում հայասպանությունն ունի էթնիկ շարժառիթներ ու խրախուսվում է իշխանության մարմինների կողմից: Ուստի, ինչ գործընթաց կամ ծրագիր էլ լինի կամ ինչ բառեր էլ օգտագործվեն՝ այս հիմնարար իրողություններն անտեսել չի կարելի: Սա նշանակում է, որ ՀՀ քաղաքացու կյանքի, ֆիզիկական անվտանգության կամ որևէ այլ իրավունքի, Հայաստանի բնակչության բնականոն կյանքի ու խաղաղության հաշվին, միակողմանի որևէ գործընթաց զարգանալ չի կարող, իսկ Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ պետական աջակցությամբ ատելությունն ու թշնամանքն Ադրբեջանում կամ Թուրքիայում ոչ միայն չի նվազել, այլ պատասխանատվություն չկրելու պատճառով ստանում է նոր դրսևորումներ: Մարդու իրավունքների պաշտպանի այս հայտարարությունն ուղիղ պայմանավորված է 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների զինված հարձակումների ընթացքում ու դրանց դադարից հետո արձանագրված ու շարունակվող մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, ինչպես նաև հաշվի է առնում այն, որ հարցը դարձել է լայն հանրային քննարկման առարկա: Հ.Գ. Այս լուսանկարը պատերազմի ընթացքում հատուկ պատրաստել ու սոցիալական ցանցերում ակտիվ տարածում էին ադրբեջանցի ու թուրք օգտատերերը` լայնորեն խրախուսելով ադրբեջանական վայրագությունները»,- գրել է Թաթոյանը:
13:07 - 29 մարտի, 2021
Ադրբեջանական զինվորականները խոշտանգում ու նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչին միայն այն բանի համար, որ նա հայ է․Թաթոյան

Ադրբեջանական զինվորականները խոշտանգում ու նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչին միայն այն բանի համար, որ նա հայ է․Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դեռ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի օրերին, ադրբեջանցի զինվորականների կողմից Արցախի խաղաղ բնակչի նկատմամբ իրականացրած խոշտանգումներին և այդ մասին  տեսանյութ է  հրապարակել․   «Այս տեսանյութում ադրբեջանական զինվորականները խոշտանգում ու նվաստացնում են Արցախի խաղաղ բնակչի, հասարակ գյուղացու միայն այն բանի համար, որ նա հայ է:   Ադրբեջանական զինվորականները ոգեշնչված են ատելությամբ ու այն նույն բառապաշարով, ինչ քարոզում են ադրբեջանական և թուրքական իշխանություններն ու հանրային գործիչները:   Այս տեսանյութն օբյեկտիվ բնույթի այն բազմաթիվ ապացույցներից է, որ վկայում է արմատացած թե´ էթնիկ, թե´ կրոնական խորքային ատելության ու ատելության շարժառիթներով պատերազմական հանցագործությունների, դաժանությունների մասին:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը այս տեսանյութը, որը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին է , դեռ այդ ժամանակ էր հետազոտել, ուղարկել միջազգային մարմիններին ու հրապարակել»,-գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:  
12:01 - 28 մարտի, 2021
ՄԻՊ ներկայացուցիչը ներգրավվել է կողմ պետական գնումներին մասնակցած գործարարի բողոքի քննությանը. բողոքը բավարարվել է

ՄԻՊ ներկայացուցիչը ներգրավվել է կողմ պետական գնումներին մասնակցած գործարարի բողոքի քննությանը. բողոքը բավարարվել է

Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը ներգրավվել է պետական գնումների հետ կապված բողոքի քննության նիստին։ Այս մասին հաղորդում է ՀՀ ՄԻՊ գրասենյակը: Նիստին քննարկվել է այն հարցը, որ պատվիրատու կազմակերպության գրության հիման վրա Ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է գործարարին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու ընթացակարգ։ Ըստ պատվիրատուի՝ մասնակիցը մրցույթին ներկայացրել է հրավերով նախատեսված տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող բնութագրերով ապրանք։ Գնահատող հանձնաժողովը մասնակցից պահանջել է շտկել անհամապատասխանությունը, ինչը չի իրականացվել։ Գործարարի պնդմամբ՝ ընկերությունը գնումների գործընթացին մասնակցել է համարժեք ապրանքով, հետևաբար չափորոշիչների ոչ ամբողջական համընկնում հնարավոր էր։ Նիստի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը ներկայացրել է հօգուտ տնտեսվարողի դիրքորոշումը մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքերի բացակայության վերաբերյալ։ Արդյունքում տնտեսվարողը չի ներառվել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
15:02 - 26 մարտի, 2021
Պատերազմից հետո եկեղեցու ավերումն ապացուցում է Արցախում Բաքվի ցեղասպան քաղաքականությունը. ՀՀ ՄԻՊ

Պատերազմից հետո եկեղեցու ավերումն ապացուցում է Արցախում Բաքվի ցեղասպան քաղաքականությունը. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանցիների կողմից պատերազմից հետո Մեխակավան բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու ավերումը ևս մեկ ապացույց է առ այն, որ Արցախում հայերի նկատմամբ տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն։ Այս մասին հայտարարությամբ նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Ինչպես հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ՀՀ ՄԻՊ-ը նախ հիշեցրել է, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելուց հետո ամբողջությամբ ավերվել է Մեխակավան բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, որի օծման և բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, ապա ընդգծել, որ եկեղեցու ավերելու փաստը հաստատվում է BBC World News լրատվամիջոցի հրապարակումով (Nagorno-Karabakh: The mystery of the missing church): «Դեռ պատերազմի ժամանակ էին ադրբեջանական զինվորականները հրապարակել տեսանյութ, թե ինչպես են նրանք ցինիզմով անարգանքի, վանդալիզմի ենթարկում հայկական եկեղեցին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թարգմանել ու վերլուծել է տեսանյութը, որը բացահայտ վկայում է կրոնական ատելության և հայկական եկեղեցին քանդելու մտադրության մասին»,- ասվում է հայտարարության մեջ։ Արման Թաթոյանն ակնհայտ է համարել այն փաստը, որ եկեղեցին ավերվել է ոչ թե ռազմական գործողությունների, այլ դրանց դադարից հետո: «Տեղի ունեցածը Ադրբեջանում հայատյացության և կրոնական հիմքով ատելության քաղաքականության հերթական արդյունքն է, միջազգայնորեն երաշխավորված կրոնական ազատության կոպիտ ոտնահարում: Սա ևս մեկ ապացույց է առ այն, որ Արցախում հայերի նկատմամբ տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն»,- շեշտել է ՀՀ մարդու իրավուքնների պաշտպանը:
18:39 - 25 մարտի, 2021
Պետք է թույլ չտալ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ. ՄԻՊ

Պետք է թույլ չտալ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ. ՄԻՊ

1920-ական թվականներին սահմանային հարցրերում իրենց ոչ ձեռնտու իրավիճակներում ադրբեջանական իշխանությունները տեղերում անընդհատ հրահրել են լարվածություն, առաջացրել Խորհրդային Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ ու այդ կերպ առաջացրել խոչընդոտներ սահմանային հանձնաժողովների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով խորհրդային տարիներից մի դրվագ. «Օրինակ՝ Անդրդաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի 1929թ. փետրվարի 18-ի որոշմամբ հունիսի 27-ին դարձյալ նախաձեռվել էին Ադրբեջանի ՍԽՀ նախկին Ջաբրայիլի և Հայաստանի ՍԽՀ Զանգեզուրի և Մեղրու գավառների վարչատնտեսական սահմաններ անցկացնող հանձնաժողովի աշխատանքները: Սկսվելուց անմիջապես հետո այդ աշխատանքներն անընդհատ խոչընդոտում էին Ղուբաթլուի անտառտնտեսության, Զանգելանի շրջգործկոմի ներկայացուցիչները՝ չնայած սահմանված անգամ քրեական պատասխանատվությանը: Նրանց հրահրմամբ սահմանային նշաններ տեղադրող հողաչափի նկատմամբ տեղի ունեցավ հարձակում, կազմակերպվեց դիմադրություն, որի հետևանքով այդ աշխատանքները օգոստոսի 12-ին արգելակվեցին: Ընդ որում, Ղուբաթլուի անտառտնտեսության ներկայացուցիչ Ազիզ Կուլիևը տեղի մահմեդական բնակչությանը հորդորում էր դիմում-բողոքներ ուղարկել Թիֆլիս, իսկ Զանգելանի շրջգործկոմի ներկայացուցիչ Բասիմ Խալիլովը սպառնալիքներ էր տեղում սահմանագծման աշխատանքներին օժանդակող ոչ քրիստոնյա գյուղացիներին՝ նրանց մեղադրելով «հայերից կաշառք վերցնելու» մեջ: Ադրբեջանական մարմիններն այն ժամանակ էին դեռ անընդհատ ատելություն, թշնամանք հրահրում քաղաքացիական բնակիչների միջև՝ լայնորեն օգտագործելով էթնիկ սկզբունքը: Պետք է դասեր քաղել ներկայի համար և թույլ չտալ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ»,-գրել է ՄԻՊ-ը:
09:52 - 25 մարտի, 2021
«Գիտուժ» նախաձեռնությունը ՄԻՊ-ին է ներկայացրել իր մտահոգությունները

«Գիտուժ» նախաձեռնությունը ՄԻՊ-ին է ներկայացրել իր մտահոգությունները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին։Robomart ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը, Earlyone և Limetech ընկերությունների հիմնադիր Գևորգ Սաֆարյանը և The Crowdfunding Formula ընկերության համահիմնադիր Գևորգ Պողոսյանը ներկայացրել են իրենց մտահոգություններն այն նախագծի վերաբերյալ, որը նախատեսում է վերացնել գիտության պետական բյուջեից ֆինանսական հատկացումների նվազագույն շեմին վերաբերող երաշխիքը: Դա իր հերթին կարող է հանգեցնել գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար պետբյուջեից հատկացվող միջոցների կրճատման։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Կառավարության մարտի 11-ի նիստում որպես չզեկուզվող հարց ընդունված և ԱԺ ուղարկված նախագծերի փաթեթին: Նրանց կարծիքով՝ գիտական գործունեության բնույթը անպիսին է, որ պահանջում է պետական երկարաժամկետ հանձնառություն: Ուստի, իրական արդյունք ապահովելու համար ոչ թե պետք է օրենքով առկա երաշխիքները վերացնել, այլ հատկացվող միջոցների աճն օրենքում ամրագրել։ Արման Թաթոյանը հանդիպմանը նշել է, որ կարևոր սահմանադրական իրավունքներ են ստեղծագործական ազատությունն ու կրթության իրավունքը: Պաշտպանը նշել է, որ նախագծային լուծումները, այդ թվում՝ գիտության վերաբերելիության մասով, պետք է դառնան տարբեր ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ մանրամասն քննարկման առարկա, և պետք է բացառվի մեխանիկական որևէ մոտեցում՝ առանց հաշվի առնելու բովանդակային հարցերը: Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասության շրջանակում աջակցել բարձրացրած խնդիրների լուծմանը։
22:00 - 24 մարտի, 2021
Վենետիկի հանձնաժողովն ուսումնասիրության է վերցրել Պաշտպանի գործունեության ֆինանսավորման երաշխիքը վերացնող օրինագիծը

Վենետիկի հանձնաժողովն ուսումնասիրության է վերցրել Պաշտպանի գործունեության ֆինանսավորման երաշխիքը վերացնող օրինագիծը

Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) 2021 թվականի մարտի 19-20-ի նստաշրջանում որոշում է կայացրել ուսումնասիրության ներքո առնել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ֆինանսավորման երաշխիքներին վերաբերող օրենսդրական նախագիծը։ Այս հարցը քննարկման է արժանացել Վենետիկի հանձնաժողովի նիստում և այդ հարցին հետևելու որոշումը հանձնաժողովը հրապարակել է: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Հիշեցնենք, որ Կառավարությունը հաստատել և Ազգային ժողով է ուղարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն առաջարկող նախագիծ, որով նախատեսվում է վերացնել 8-րդ հոդվածի 5-րդ մասը: Համաձայն օրենսդրական այդ պահանջի՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ նշված նորմի վերացումը կհանգեցնի Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ անկախության վերացման։ Ավելին, առաջարկվող փոփոխությունը պարունակում է իրական ռիսկ առ այն, որ դա կհանգեցնի միջազգային «A» կարգավիճակից զրկելուն: Սա իր հերթին մեխանիկորեն կզրկի Պաշտպանին, օրինակ, ՄԱԿ-ի կառույցներում ելույթներ ունենալու, միջազգային կառույցների ղեկավար պաշտոններում ընտրելու և ընտրվելու հնարավորությունից։Ավելի վաղ  Մարդու իրավունքների հաստատությունների եվրոպական ցանցի՝ ENNHRI-ի նախագահը բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը Եվրոպայում լավագույն փորձ է և կոչ է արել այն պահպանել։
11:32 - 24 մարտի, 2021
Ադրբեջանական զինուժը կատարել է ոչ միայն պատերազմական, այլև մարդկության դեմ ուղղված հանցագործություններ. ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը

Ադրբեջանական զինուժը կատարել է ոչ միայն պատերազմական, այլև մարդկության դեմ ուղղված հանցագործություններ. ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը

COVID-19-ի պայմաններում ադրբեջանական զինված հարձակումների պատճառով այս մահաբեր վիրուսն ունեցավ սրընթաց աճ ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը:    «Եթե պատերազմին նախորդած 7 ամսվա տվյալներով արձանագրվել է 951 մարդու մահ, ապա պատերազմի ընթացքում այդ թիվը հասել է 658-ի, իսկ պատերազմից հետո միայն կես ամսվա ընթացքում մահացել է 584 մարդ։   Դրանով ադրբեջանական զինված ուժերը կատարել են ոչ միայն պատերազմական, այլ նաև մարդկության դեմ ուղղված հանցագործություններ:   Տեղի են ունեցել կյանքի, առողջության պահպանման, արժանապատվության և մյուս իրավունքի կոպիտ խախտումներ:   Ուղիղ 1 տարի առաջ՝ 2020 թ. մարտի 23-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը աշխարհին կոչ արեց COVID-19 համավարակով պայմանավորված հաստատել հրադադար` «մեր կյանքերի իրական պայքարի» վրա կենտրոնանալու համար։   Ադրբեջանական զինված հարձակումները սկսվեցին պատերազմի, ուժի բացառման միջազգային կոչերի, այդ թվում՝ COVID-19-ի ընթացքում պատերազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուղիղ պահանջի կոպիտ խախտմամբ:   Ակնհայտ էր, որ COVID-19 համաշխարհային պանդեմիայի ժամանակ հարձակումն էականորեն նպաստելու էր մարդասիրական աղետի:   Որևէ երկրի առողջապահական համակարգ ի զորու չէ լայնածավալ պատերազմի պայմաններում դիմադրել այս մահաբեր վիրուսին:   ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների փաստահավաք աշխատանքները վկայում են հենց այս վիրուսի գլոբալ սահմանափակումներն օգտագործելով են Ադրբեջանի զինված ուժերը Արցախի և Հայաստանի բնակչությանը պատճառել զանգվածային մահեր և այլ տառապանքներ:   Մանրամասներն արտացոլված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում»,- գրել է Թաթոյանը:  
20:53 - 23 մարտի, 2021
ՄԻՊ-ի ֆինանսավորման երաշխիքը Եվրոպայում լավագույն փորձ է և պետք է պահպանվի․ ENNHRI-ի նախագահը դիմել է ԱԺ նախագահին

ՄԻՊ-ի ֆինանսավորման երաշխիքը Եվրոպայում լավագույն փորձ է և պետք է պահպանվի․ ENNHRI-ի նախագահը դիմել է ԱԺ նախագահին

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) նախագահ Քերոլայն Ֆենելին բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի ֆինանսավորման երաշխիքը Եվրոպայում լավագույն փորձ է և պետք է պահպանվի։ Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։ Նամակում նշված է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ունի միջազգային «A» կարգավիճակ, որը վերջին անգամ ստացել է 2019 թվականի մարտ ամսին, քանի որ ամբողջությամբ համապատասխանում է ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին: Նամակում ընդգծված է, որ Հավատարմագրման (ակրեդիտացիայի) ենթահանձնաժողովը կարող է նախաձեռնել հատուկ ստուգում, որի արդյունքում կարող է պարզվել, որ Մարդու իրավունքների ազգային հաստատության պայմաններն այնպես են փոփոխվել, որ բացասական ազդեցություն ունեն ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին համապատասխանության վրա: Սա նշանակում է, որ առաջարկվող փոփոխության հետևանքով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կարող է զրկվել «A» կարգավիճակից, որը մեխանիկորեն կզրկի Պաշտպանին ելույթներ ունենալ ՄԱԿ-ի կառույցներում՝ բարձրացնելով երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցեր, ինչպես նաև ընտրել և ընտրվել միջազգային կառույցների ղեկավար պաշտոններում (այս պահին բոլոր այդ հնարավորություններից հաստատությունն օգտվում է։ Տե՛ս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի վերջին երկու (1) (2) ուղերձները)։ Բաց նամակում Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցն այս երաշխիքի հարցը դիտարկել է այն համատեքստում, որ ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունից ՀՀ կառավարության որոշմամբ վերցվել են ավտոմեքենաներ, ինչը բացասական է ազդում Մարդու իրավունքների պաշտպանի ռեսուրսների և հեղինակության վրա։ Ըստ ENNRI-ի նախագահի բաց նամակի՝ առկա գործընթացը և առաջարկվող փոփոխությունը մտահոգություններ են առաջացրել նաև այն տեսանկյունից, որ անհրաժեշտ էին Մարդու իրավունքների ազգային հաստատությունների և հասարակության հետ նախնական ու բովանդակալից խորհրդակցություններ։ Ավելին, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի նախագահը հատուկ ընդգծել է, որ թեև պատշաճ ֆինանսավորումը մասամբ որոշվում է պետության ընդհանուր ֆինանսական վիճակի հաշվառմամբ, այնուամենայնիվ նույնիսկ ֆինանսական խիստ անբավարար պայմաններում, պետությունները պարտավոր են պաշտպանել հասարակության առավել խոցելի այն անդամներին, որոնք հաճախ են դառնում մարդու իրավունքների խախտումների զոհ: Իշխանության համապատասխան մարմինները պարտավոր են խորհրդակցել մարդու իրավունքների ազգային հաստատության հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ է նշանակում պատշաճ ֆինանսավորում, և որոշումները պետք է հիմնված լինեն օբյեկտիվ չափանիշների վրա։ Վերը նշվածի համատեքստում Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի նախագահը ՀՀ Ազգային ժողովի նախագահին կոչ է արել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի փոփոխությունը դիտարկել վերաբերելի միջազգային չափանիշների ամբողջական դիտարկման համատեքստում՝ երաշխավորելու համար այն, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարողանա շարունակել իր արդյունավետ և անկախ աշխատանքը:
12:25 - 23 մարտի, 2021
ՔՊ–ից և «Իմ քայլ»-ից պահանջում ենք հրապարակայնորեն խստագույնս դատապարտել հայհոյախոսությունը ՄԻՊ-ի հասցեին․ Լրագրողական կազմակերպություններ

ՔՊ–ից և «Իմ քայլ»-ից պահանջում ենք հրապարակայնորեն խստագույնս դատապարտել հայհոյախոսությունը ՄԻՊ-ի հասցեին․ Լրագրողական կազմակերպություններ

Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից  և ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից պահանջում են հրապարակայնորեն խստագույնս դատապարտել հայհոյախոսությունը ՄԻՊ-ի հասցեին, ներողություն խնդրել Արման Թաթոյանից, պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Հայտարարությունում ասվում է․ Մարտի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայհոյանք է ուղղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հասցեին։ Դրա պատճառը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի՝ լրագրող Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու առնչությամբ ՄԻՊ-ի դատապարտող հայտարարությունն էր։ Քաղաքական գործչի հայհոյանքին հավանություն են տվել իշխանության որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։ Նմանատիպ այլ գրառումներ են տարածվել, որոնց հեղինակները, պաշտպանության տակ առնելով Հակոբ Արշակյանին, միաժամանակ վիրավորական, անհարգալից վերաբերմունք են դրսևորել ՄԻՊ-ի նկատմամբ՝ փաստորեն, իր պաշտոնեական պարտականությունները հետևողականորեն իրականացնելու համար։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք հայտնում այդ խիստ անպարկեշտ արարքների կապակցությամբ և դատապարտում ենք տեղի ունեցածը։ Այս փաստը հետևանք է վերջին ժամանակներս երկրում ստեղծված ատելության, անհանդուրժողականության մթնոլորտի, երբ այս կամ այն հանրային դեմքի հասցեին հնչեցված նույնիսկ պատշաճ քննադատությունն ընկալվում է որպես «թշնամական գործողություն» և ագրեսիվ արձագանքի առիթ է դառնում։ Չափազանց կարևոր է, որ հատկապես քաղաքական գործիչների և նրանց համակիրների անթույլատրելի պահվածքն արժանանա հանրային պարսավանքի, ավելին՝ մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Հիշեցնում ենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 332.2 հոդվածի համաձայն՝ «Մարդու իրավունքների պաշտպանին, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով»: Թերևս իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների այսպիսի վերաբերմունքով է պայմանավորված վերջին շրջանում ՄԻՊ-ի լայնածավալ աշխատանքի թերագնահատումը, դրան քաղաքական ենթատեքստ հաղորդելը։ Էլ ավելի մտահոգիչ է Կառավարության կողմից ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորմանը վերաբերող առաջարկությունը, որը կարող է բացասաբար ազդել այդ կառույցի անկախության երաշխիքների վրա։ Կարծում ենք, որ հետպատերազմյան շրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանվածության առումով Հայաստանում բազմաթիվ նոր սպառնալիքներ են ի հայտ եկել, ՄԻՊ ինստիտուտի դերը շեշտակի բարձրացել է, իսկ աշխատանքի ծավալը՝ մեծացել, այդպիսի վերաբերմունքն անընդունելի է։ Ի դեպ, այս խնդրին անդրադարձել է նաև հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը՝ նշելով, որ նման մոտեցումները կարող են խորացնել Հայաստանում առկա ճգնաժամը, և իշխանությունները պետք է ապահովեն մարդու իրավունքների ինստիտուտների անխոչընդոտ գործունեությունը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․ -  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից՝ հրապարակայնորեն խստագույնս դատապարտել հայհոյախոսությունը ՄԻՊ-ի հասցեին, ներողություն խնդրել Արման Թաթոյանից, պատասխանատվության ենթարկել մեղավորներին և երաշխիքներ տալ ապագայում նման վարքագծի բացառման համար։ -   ԱԺ ղեկավարությունից՝ խնդիրը քննարկելու նպատակով ձևավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և պաշտոնապես հրապարակել ընդունված եզրակացությունը։ -   Իշխող քաղաքական ուժից՝ վերանայել ՄԻՊ-ի աշխատանքի ոչ օբյեկտիվ գնահատականները և բացառել գրասենյակի ֆինանսավորման եղանակների այնպիսի փոփոխություն, որը կնվազեցնի դրա անկախությունը և արդյունավետությունը։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ«ՖԵՄԻԴԱ» ՀԿ 
17:39 - 22 մարտի, 2021
Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում բարձրացրել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից էթնիկ զտումների հարցը

Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում բարձրացրել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից էթնիկ զտումների հարցը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի մարտի 19-ի նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով տեսաուղերձն այն մասին, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն: Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:  Տեսաուղերձում նշվել է, որ Ադրբեջանում առկա է իշխանությունների աջակցությամբ հայատյացության քաղաքականություն, որը խրախուսվում է մշակութային, սպորտի ու այլ հանրային գործիչների կողմից: Այս ամենը հիմնավորվում է օբյեկտիվ ապացույցներով: Տեսաուղարձում շեշտվում է, որ սեպտեմբերի 27-ից սկսած թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական ԶԼՄ-ների ու սոցիալական ցանցերի մոնիտորինգն արձանագրել է զանգվածային ատելություն և սպանությունների, բռնության, խոշտանգումների կոչեր, որոնք թիրախավորում են նաև հայ երեխաների: Հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության շարժառիթներով հանցագործությունները խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից ու դա հաստատված է ՄԻԵԴ-ի վճիռներով:   Նշվում է, որ նման տեսաուղերձով հանդես գալու հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակով օժտված մարդու իրավունքների ազգային հաստատությունները:
17:02 - 22 մարտի, 2021
Պնդումները, թե ադրբեջանական ներկայիս տեղակայումների հիմքում խորհրդային պետական սահմանի բաժանումն է, չունեն հիմնավորում. ՄԻՊ

Պնդումները, թե ադրբեջանական ներկայիս տեղակայումների հիմքում խորհրդային պետական սահմանի բաժանումն է, չունեն հիմնավորում. ՄԻՊ

ՀՀ Սյունիքի մարզի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի՝ ՀՀ քաղաքացիների ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Դա հիմնականում նշանակում է՝ 1) Սյունիքի մարզի համայնքների հարևանությամբ կամ այդ համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի ծառայողներ չպետք է լինեն 2) Սյունիքի մարզի համայնքերի միջև ճանապարհներին ադրբեջանական ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն 3) նրանք 10 կմ-ով պետք է հեռացվեն այն վայրերից, որտեղ այսօր գտնվում են 4) ՀՀ զինված ուժերի կամ ՀՀ սահմանապահ զորքերի ծառայողները, որոնք ՀՀ բնակիչների կյանքի, սեփականության ու կենսական մյուս իրավունքների երաշխավորն են, պետք է տեղակայվեն ադրբեջանական ծառայողների տեղակայումների անմիջապես դիմաց 5) անվտանգության գոտին պետք է լինի լիարժեք հասանելի լինի ՀՀ բնակիչների համար՝ սահմանային բնակավայրերում նրանց խաթարված բնականոն կյանքը վերականգնելու նպատակով:Սա ներառում է նաև անվտանգության գոտու տարածքում ջրային ու այլ բնական ռեսուրսներից, անտառներից, հողատարածքներից, այդ թվում՝ արոտավայրերից, խոտհարքներից օգտվելու անարգել հնարավորություն. 6) ենթադրությունները կամ պնդումները, թե ադրբեջանական ներկայիս տեղակայումների հիմքում խորհրդային պետական սահմանի բաժանումն է, չունեն հիմնավորում: Նախ, պատերազմի սպառնալիքի ներքո Սյունիքում հայտնված ադրբեջանական այսօրվա տեղակայումների պատճառով կոպտորեն խախտված են ՀՀ բնակիչների սեփականության, տնտեսական գործունեության և այլ իրավունքներ, ինչպես նաև լրջորեն վտանգված են կյանքի, հոգեկան ու ֆիզիկական անձեռնմխելիության, արժանապատվության և կենսական այլ իրավունքներ: Խոսքը միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների մասին է: Բացի այդ էլ պարզապես հարց՝ ո՞վ ասեց, որ Սյունիքում ադրբեջանական ներկայիս տեղակայումներն իրենց պետական սահմանների վրա են: Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի չի ունեցել ո՛չ դեմարկացիա, ո՛չ դելիմիտացիա, իսկ եղածն էլ ամբողջությամբ ընթացել է միջազգային, այդ թվում` մարդու իրավունքների պահանջների կոպիտ խախտումներով: Անվտանգության գոտու այս հայեցակարգի հիմքում մարդու իրավունքներն են: Հիմնավորումները մանրամասն ներկայացրել եմ 2021թ. 5-ի իմ ասուլիսին, իսկ առաջիկայում ավարտին կհասցվի հայեցակարգի վերջնական ամփոփված տարբերակը` զեկույցի տեսքով, և զեկույցը կուղարկվի միջազգային մարմիններին: Զեկույցը վերաբերվելու է Սյունիքի մարզին, իսկ որոշ առանձնահատկություններով` նաև Գեղարքունիքի մարզին: Հայեցակարգի մանրամասները 2021թ. մարտի 17-ին ներկայացրել եմ ՀՀ նախագահին և կարևոր եմ համարում Նախագահի արձանագրումը. «Ադրբեջանի ու Հայաստանի միջև պաշտոնապես սահմանագծում ու սահմանազատում կատարված չեն, ինչը նշանակում է, որ պետական սահմանների որոշման գործընթացն իրավական տեսանկյունից այս պահին առնվազն անորոշ է: Սրան գումարվում են նաև Սյունիքում ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումները կամ դրանց էական վտանգը»: Նման կարևոր պաշտոնական դիրքորոշում Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, որը մենք հրապարակել էինք 2020թ. դեկտեմբերի 30-ին»,- գրել է Թաթոյանը:
10:37 - 21 մարտի, 2021
ՄԻՊ-ին հրապարակային վիրավորանք հասցնելու համար պաշտոնատար անձանց գրառումները կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն

ՄԻՊ-ին հրապարակային վիրավորանք հասցնելու համար պաշտոնատար անձանց գրառումները կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն

Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորությունների իրականացման կապակցությամբ  հրապարակային վիրավորանք հասցնելու և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար պաշտոնատար անձանց գրառումները կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «1.  Նման բովանդակությամբ գրառումները սկիզբ են առել երեկվանից՝ 2021թ. մարտի 18-ից, երբ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ՝ դատապարտելով մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից։ Ընդ որում, Պաշտպանի երեկվա հայտարարությամբ ոչ թե նշվել են հնարովի, այլ միջազգային փաստաթղթերում ամրագրված ու տարիների միջազգային պրակտիկայով արմատավորված կանոններ, որոնք երաշխավորելու պարտավորություն ստանձնել է նաև Հայաստանի Հանրապետությունը: Այդ հայտարարությունից անմիջապես հետո թե՛ Պաշտպանի հաստատության սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում, թե՛ լրատվամիջոցների հրապարակումների ներքո սկիզբ է առել ու այսօր ողջ օրվա ընթացքում շարունակվել գլխավորապես կեղծ էջերից ակնհայտ կազմակերպվածությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին աջակցող լայն ծավալի արշավ՝ Պաշտպանի հասցեին ուղղված վիրավորանքներով ու ատելության խոսքով, ինչպես նաև բռնությունը, այդ թվում՝ լրագրողների  նկատմամբ, անթաքույց խրախուսող մեկնաբանություններով: Այն, որ կեղծ օգտահաշիվներից նշված մեկնաբանություններն ուղղորդված են, ակնհայտ է դառնում նրանից, որ դրանք գրեթե բոլորը նույնաբովանդակ են, բացահայտ շահարկող բնույթի՝ նպատակ ունենալով աղավաղել Պաշտպանի հայտարարության բովանդակությունը՝ միաժամանակ նույնությամբ կրկնելով անհայտ ծագման կայքերի հրապարակած տվյալներ։ Սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների մշտադիտարկմամբ արձանագրվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացման կապակցությամբ Պաշտպանին ուղղված վիրավորանք, ատելություն և բացահայտ անհարգալից վերաբերմունք պարունակող, ցինիզմով արված հրապարակումներ, որոնք կատարել են  հանրային տարբեր պաշտոն զբաղեցնող անձինք: Հարցն առավել խնդրահարույց է դառնում այն ֆոնին, որ պաշտոնյաների կողմից նշված բնույթի գրառումներ արձանագրվել են նաև նախորդ մի քանի ամիսներին (օրինակ՝ Շուկայի վերահսկողության տեսչական  մարմնի պաշտոնատար անձ), և խնդիրը ստանում է տևական բնույթ: Մարդու իրավունքների պաշտպանն այս արատավոր երևույթները գնահատելու հարցում կարևոր գործոն է համարում այն, որ նույն սկզբունքով նույնաբնույթ գրառումներ արել են նաև Հայաստանում գործադիր իշխանության բարձրագույն մարմին և ԱԺ-ում կառավարող խմբակցություն ձևավորած կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ վերահսկող հանձնաժողովի անդամ: Ուսումնասիրությունը վեր է հանել նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանի հասցեին ուղղված վիրավորական գրառումներին հավանումով աջակցություն են հայտնել հանրային պաշտոն զբաղեցնող անձինք (օրինակ՝ Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավարը, Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարը, ով ներկայում նշված կուսակցության անդամ է), ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ ՀՀ Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Նշված անձինք պետք է բարձր պարտավորվածություն զգան սեփական վարքագծի նկատմամբ, ցուցաբերեն զսպվածություն և սեփական օրինակով նպաստեն համերաշխությանը ու ցույց տան բարձր հարգանք մարդու իրավունքների նկատմամբ: Նրանց այդ գրառումներն ու հավանումները խորքային սխալ քարոզով արդարացնում են հասարակությունում պաշտոնյայի, այն էլ հանրային ճանաչում ունեցող բարձրաստիճան պաշտոնյայի կողմից բռնության գործադրումը քաղաքացու նկատմամբ, հաշվի չեն առնում լրագրողական աշխատանքի առանձնահատկությունները և պաշտոնյայի հանրային պատասխանատվության սահմանները: Հատկապես մտահոգիչ է, երբ բռնություն խրախուսող գրառմանը հրապարակային հավանումով աջակցում է բարձրաստիճան պաշտոնատար անձ: Ուստի, այդ անձանց նման արարքները բացարձակ դատապարտելի, իրենց կարգավիճակը խախտող երևույթներ են: Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ բացահայտ ցինիզմով արված գրառումներից մեկը, որի հեղինակն է վերը նշված կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամը, ստացել է լայն տարածում գրեթե բոլոր լրատվամիջոցներով ու արժանացել հանրային քննարկման հենց այն ընկալմամբ, որ իրենից ներկայացնում է բացահայտ անհարգալից վերաբերմունք ու վիրավորանք՝ ուղղված Պաշտպանին: Դա մեծապես նպաստել է Պաշտպանի հաստատության գործառույթների վերաբերյալ սխալ պատկերացումներ տարածելուն: Ցավոք, նշված բոլոր գրառումները վկայում են նաև այն մասին, որ դրանց հեղինակների մոտ առկա է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական  գործառույթների տարրական չիմացություն: Ուստի, առաջիկայում կիրակացվի թիրախային իրազեկման արշավ Պաշտպանի սահմանադրական գործառույթների վերաբերյալ: Հատուկ նորից հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության 193-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են աջակցել Մարդու իրավունքների պաշտպանին: Այս պարտականությունն ամրագրված է նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածում: Հետևաբար, Մարդու իրավունքների պաշտանի` որպես անկախ, բացառապես ապաքաղաքական սկզբունքների վրա հիմնված աշխատանքի խոչընդոտների բացառումը, անկախ աշխատանքի համար օբյեկտիվ պայմանների ապահովումը և Պաշտպանին աջակցելը Սահմանադրությամբ ու սահմանադրական օրենքով բոլոր պաշտոնյաների համար ամրագրված ուղիղ պարտականությունն է և վերջ: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը հանրային պաշտոն զբաղեցնող բոլոր անձանցից պահանջում է գիտակցել իրենց սահմանադրական պարտականությունները մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու և անհեռատես վերաբերմունքը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ: Եվ վերջում. հաշվի առնելով, որ նշված անձանց արարքները պարունակում են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության երաշխավորմանն ուղղված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, ինչպես նաև ընդհանուր ազդեցությամբ խրախուսում են բռնությունն ու ատելությունը՝ այդ բոլոր գրառումներն ու մեկնաբանությունները ներկայում ամփոփվում են՝ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկելու նպատակով»: Նշենք, որ լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա: Վերջինիս վրա հարձակման մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու։ Նախարարն իր հերթին անդրադարձել էր իրավիճակին՝ նշելով, որ պատրաստ է կրել պատասխանատվություն։
11:17 - 20 մարտի, 2021