ՄԱԿ

Միավորված Ազգերի Կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Ստեղծվել է 1945 թվականի հոկտեմբերի 24-ին։ Ներառում է 193 երկիր։

ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի համակարգային գործակալությունները ընդգրկում են Համաշխարհային բանկի խումբը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պարենի համաշխարհային ծրագիրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը:

ՄԱԿ-ի ամենահայտնի պաշտոնյան գլխավոր քարտուղարն է. 2017 թվականի հունվարի 1-ից յադ պաշտոնը զբաղեցնում է պորտուգալացի քաղաքական գործիչ և դիվանագետ Անտոնիո Գուտիերեշը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ
 |armenpress.am|

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հեռախոսազրույց է ունեցել նաև Իլհամ Ալիևի հետ |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել կրակը արցախա-ադրբեջանական շփման գծում: Այս մասին ասված է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում: Գլխավոր քարտուղարն իր մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շփման գծի երկայնքով շարունակվող բախումների կապակցությամբ: Նա երկու առաջնորդներին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմի հաստատման եւ բանակցությունների վերսկսման ուղղությամբ ՝ տարածաշրջանում անկայունությունը կանխելու նպատակով: Գլխավոր քարտուղարն իր լիակատար աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերին՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է, որպեսզի կողմերն աշխատեն նրանց հետ՝ առանց հապաղելու կամ նախապայմանների բանակցություններին վերադառնալու համար:
00:52 - 29 սեպտեմբերի, 2020
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին քիչ առաջ ուղարկեցի հատուկ հաղորդում Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ. ՄԻՊ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին քիչ առաջ ուղարկեցի հատուկ հաղորդում Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ. ՄԻՊ

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին քիչ առաջ ուղարկեցի հատուկ հաղորդում Լեռնային Ղարաբաղում (Արցախում) մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, որ առաջացել է երեկվանից ադրբեջանական ռազմաօդային և հրետանային, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության նկատմամբ թիրախային ագրեսիվ հարձակումների հետևանքով:  Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ-ը։ Սա հատուկ ընթացակարգ է ու այսպիսի հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակ ունեցող Մարդու իրավունքների ազգային հաստատությունները: Հաղորդումն ուղարկվել է նաև միջազգային այլ կառույցների: Դրանում ներկայացված են Արցախի քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական թիրախային հարձակումները՝ համապատասխան փաստերով ու լուսանկարներով: Հաղորդման մեջ եզրահանգումներ են արված այն մասին, որ իրական վտանգի տակ են երեխաների, կանանց, տարեցների ու, առհասարակ, ողջ խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, նրանց սեփականությունը, դպրոցներն ու այլ քաղաքացիական օբյեկտները:
18:37 - 28 սեպտեմբերի, 2020
ՄԱԿ Գլխավոր քարտուղարը կողմերին հորդորում է անհապաղ  դադարեցնել մարտական գործողությունները

ՄԱԿ Գլխավոր քարտուղարը կողմերին հորդորում է անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը խորապես անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծի երկայնքով ռազմական գործողությունների վերսկսմամբ: Նա դատապարտում է ուժի գործադրումը և ցավում է զոհերի և խաղաղ բնակչության շրջանում կորուստների համար: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։ Գլխավոր քարտուղարը կողմերին հորդորում է անհապաղ  դադարեցնել մարտական գործողությունները, թուլացնել լարվածությունը և անմիջապես վերադառնալ բովանդակային բանակցությունների։  Նա կզրուցի և՛ Ադրբեջանի նախագահի, և՛ Հայաստանի վարչապետի հետ: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների կարևոր դերին և կոչ է անում կողմերին սերտորեն աշխատել նրանց հետ՝ առանց նախապայմանների երկխոսության վերսկսման նպատակով: Ստեֆան Դյուժարիկ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի խոսնակ
00:40 - 28 սեպտեմբերի, 2020
Էստոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնում է խորհրդակցություն ԼՂ իրավիճակի վերաբերյալ

 |armenpress.am|

Էստոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախաձեռնում է խորհրդակցություն ԼՂ իրավիճակի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am:  Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուն խոսել է  Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության մասին՝ հայտնելով, որ երկիրը նախատեսում է  տարածաշրջանում տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում խորհրդակցություններ նախաձեռնել: Այս մասին Ռեինսալուն գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Լեռնային Ղարաբաղում իրավիճակը ծայրաստիճան մտահոգիչ է: Կողմերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և ձեռնարկել բոլոր միջոցները` իրավիճակի հետագա սրումից խուսափելու համար: Տարաձայնությունները լուծելու համար բռնության օգտագործումը դատապարտելի է: Կարևոր է, որ կողմերն անմիջապես դադարեցնեն ռազմական գործողությունները և սկսեն տարաձայնությունների խաղաղ կարգավորման գործընթաց: Էստոնիան, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ, նախաձեռնում է խորհրդակցություններ`ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները քննարկելու համար», - գրել է Ռեինսալուն:
21:28 - 27 սեպտեմբերի, 2020
Հունաստանը կարող է Թուրքիայի ապօրինի գործողությունների հարցով դիմել Հաագայի միջազգային դատարան |armtimes.com|

Հունաստանը կարող է Թուրքիայի ապօրինի գործողությունների հարցով դիմել Հաագայի միջազգային դատարան |armtimes.com|

armtimes.com: Հունաստանը կարող է դիմել Հաագայի միջազգային դատարան Թուրքիայի հետ ջրային տարածքների և բացառիկ տնտեսական գոտու բաժանման հարցում տարաձայնությունների պատճառով:  Հիշեցնենք, որ դեռեւս հունիսին Հունաստանը Իտալիայի եւ Եգիպտոսի հետ ծովային գոտիների սահմանազատման վերաբերյալ համաձայանգիր էր կնքել: Ի պատասխան՝ Անկարան հայտարարել էր, որ չի ճանաչում հույն-եգիպտական համաձայնագիրը եւ իր Oruc Reis անվանումով նավը՝ մի խումբ ռազմանավերի ուղեկցությամբ, իբր սեյսմիկ անվտանգության հետախուզման նպատակով ուղարկել էր Կաստելորիզո կղզու հունական հատված: Իր հերթին, Հունաստանը նախնական պատրաստվածության է բերել իր զինված ուժերը եւ հայտարարել, որ պաշտպանելու է իր ինքնիշխան իրավունքները: Սեպտեմբերի 13-ին Oruc Reis- ը վերադարձավ թուրքական Անթալիա նավահանգիստ՝ «պլանային տեխնիկական զննման նպատակով», սակայն Թուրքիան պնդում է, որ Միջերկրական ծովում իր ձեռնարկած սեյսմիկ հետազոտությունները կշարունակվեն: Իրականում, սակայն, թուրքական պնդումները, թե հետազոտություններ են կատարվում, ըստ հունական կողմի, խաբեություն է: Իրականում Արեւելյան Միջերկրականում Թուրքիայի կողմից իրականացվող նավթագազային ապօրինի հորատումներ են տեղի ունենում: Այսօր Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճում հայտարարել է, որ կարող է դիմել ՄԱԿ-ի միջազգային դատարան այն դեպքում, եթե Թուրքիայի հետ առկա կոնֆլիկտը հնարավոր չլինի լուծել բանակցությունների միջոցով: «Թուրքիայի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը և սպառնում են տարածաշրջանի անվտանգությանը եւ կայունությանը», - ասել է նա եւ հավելել. «Եկեք խոսենք: Եկեք ընդհանուր առմամբ ընդունելի լուծումներ փնտրենք: Եկեք հնարավորություն տանք աշխատել դիվանագիտությանը, բայց եթե, ի վերջո, մենք չկարողանանք համաձայնության գալ, ապա մենք ստիպված կլինենք հույս կապել Հաագայի միջազգային դատարանի որոշման հետ»: Միաժամանակ, վարչապետն ընդգծել է, որ հակամարտության անընդհատ սրացումը չի կարող շարունակվել: «Ես հրաժարվում եմ հավատալ, որ հարեւանների միջեւ գործընկերությունն անհնար է», - հավելել է նա ՝ վկայակոչելով Իսրայելի եւ ԱՄԷ-ի հարաբերությունների կարգավորման համաձայնագիրը՝ որպես օրինակ: Այսպիսով, ամիսներ շարունակ թուրք-հունական հարաբերությունների ճգնաժամը չի կարգավորվում։ Հունաստանի մի շարք քաղաքական գործիչներ շարունակում են կոշտ հայտարարություններ անել՝ ի պատասխան Միջերկրական ծովում Թուրքիայի սադրանքների։ Ավելի վաղ Հունաստանը խնդրել էր հրավիրել ԵՄ Արտաքին գործերի խորհրդի արտակարգ նիստ, իսկ Բրյուսելը պատժամիջոցներ էր կիրառել թուրքական էներգետիկ ընկերությունների 2 ղեկավարների նկատմամբ: Անկարան հայտարարել էր, թե սկսելու է արտոնագրեր տրամադրել Հունաստանի տնտեսական գոտու մաս կազմող Միջերկրական ծովի տարածքների հետազոտման եւ զարգացման համար: Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել է, որ նավը կշարունակի գործել Միջերկրական ծովում եւ Անկարան կսկսի լիցենզիաներ տրամադրել ջրային տարածքում, որը համարում է իր տնտեսական գոտին: «Մենք փոխզիջման չենք գնալու», -Reuters–ի փոխանցմամբ, ասել էր Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Որպես հաստատում, Անկարան հրապարակել է տեսանյութեր, որոնք ցույց են տալիս գործողությանը մասնակցող հետազոտական նավը, մարտական ինքնաթիռները և Թուրքիայի նավերը: Միևնույն ժամանակ, Եվրամիությունն ինքը արգելել է մուտք գործել ծովի հիշյալ տարածք եւ սառեցրել է թուրքական էներգետիկ ընկերությունների 2 ղեկավարների ակտիվները: Եվրահանձնաժողովի խոսնակ Պիտեր Ստանոնը վերջին զարգացումները ծայրաստիճան մտահոգիչ է համարել: Հունաստանի ազգայնական կուսակցության նախագահ Կիրիակոս Վելոպուլոսը, ըստ թուրքական լրատվամիջոցների, թուրքական աշխատանքների կապակցությամբ սկանդալային հայտարարություն է արել։  Տեղական հեռուստաընկերություններից մեկի եթերում, խոսելով թուրք-հունական հարաբերությունների վերջին զարգացումներից՝ նա նշել է, որ անիմաստ է ակնկալել, թե Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի դեմ եւ ժամանակն է, որ հունաստանն ինքնուրույն գործի: Լրագրողի այն հարցին, թե ինչ կլինի, եթե  Հունաստանը խորտակի հունական ջրեր ներխուժած թուրքական  նավը,  կուսակցության նախագահն ասել է, որ հունական նավատորմը բավականաչափ ներուժ ուներ դա անելու համար։  «Պիտի ոչնչացնեինք թուրքերի նավատորմը։ Եթե մենք առաջինը հարվածեինք, նրանք այլեւս չէին կարողանա դուրս գալ Դարդանելից։ Գողերը մեր տուն են ներխուժել, իսկ մենք ոչինչ չենք անում, միայն նայում ենք։ Մենք կարող էինք 5-6 թուրքական նավ ոչնչացնել, եւ թուրքերը այլեւս Էգեյան ծովում չէին հայտնվի»։  Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հայտարարել է, թե Հունաստանը դեռ  հույս ունի, որ Թուրքիան կհրաժարվի Արեւելյան Միջերկրական ծովում անօրինական գործողություններից եւ սադրանքներից ու առաջնահերթությունը կտա երկխոսությանը: Դենդիասի հայտարարությունը տարածել է Հունաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: «Մենք մտքերի մանրակրկիտ փոխանակություն ունեցանք Արեւելյան Միջերկրականի շուրջ իրադրության եւ Թուրքիայի գործողությունների վերջին զարգացումների վերաբերյալ: Հունաստանը շարունակելու է հավատարիմ մնալ արդար երկխոսությանը ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, առանց շանտաժի եւ սպառնալիքների», -հայտարարել է Դենդիասը: Նրա խոսքով, նա ԱՄԷ արտգործնախարարության ղեկավարի հետ հանդիպմանը «հույս է հայտնել, որ Թուրքիան հետեւողականորեն եւ շարունակաբար հավատարիմ կմնա այս տրամաբանությանը ՝ հրաժարվելով անօրինական գործողություններից ու սադրանքներից»: Շարունակությունը՝ armtimes.com-ում
23:47 - 25 սեպտեմբերի, 2020
COVID-19-ի դեմ պատվաստանյութերը պետք է մատչելի լինեն բոլոր ժողովուրդներին. ՀՀ վարչապետ

COVID-19-ի դեմ պատվաստանյութերը պետք է մատչելի լինեն բոլոր ժողովուրդներին. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ, անդրադարձել է Կորոնավիրուսի դեմ պայքարին: «Գլխավոր ասամբլեայի մեծարգո նախագահ, Ձերդ Գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Այս տարի մենք նշում ենք Միավորված ազգերի կազմակերպության հիմնադրման 75-ամյակը. կազմակերպություն, որը ծնվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի մոխիրներից: Մենք հիշում ենք մեր պապերի կատարած զոհաբերությունը, հանուն խաղաղության և մարդկության ապագայի նրանց կրած զրկանքներն ու չարչարանքները: Այսօր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առաջին անգամ է անցկացվում վիրտուալ ձևաչափով: Որքան էլ անհարմար և անցանկալի լինի, այս ձևաչափով հանդիպումն ապացուցում է մարդկության վճռականությունը` շարունակելու միջազգային համագործակցությունը, ինչպես նաև ցույց է տալիս մեր հանձնառությունն ու հավատարմությունը ՄԱԿ-ի սկզբունքներին և բազմակողմ համագործակցությանը: Համավարակն իրապես աննախադեպ ազդեցություն է թողել մարդկային կյանքի բոլոր ոլորտներում: Գլոբալ մարտահրավերները լուծելու համար անհրաժեշտ է, որ բոլոր պետությունները վերադառնան արդյունավետ բազմակողմանիության և միջազգային համագործակցության դաշտ` ՄԱԿ-ի հովանու ներքո: Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի, մասնավորապես` Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի առաջնային դերը Covid-19-ի դեմ համամոլորակային պայքարում: Մենք շնորհակալ ենք մեր գործընկեր բոլոր երկրներին, ովքեր աջակցեցին Հայաստանին: Մենք էլ օգնության մեր բաժինը տրամադրեցինք մեր մյուս գործընկերներին: Այս հավաքական ջանքերը հանդիսանում են միջազգային համերաշխության կարևորագույն դրսևորում: Առաջնորդվելով մեր հավաքական հանձնառության ոգով, այն է՝ ոչ մեկին չթողնել հետևում, մենք կիսում ենք այն համոզմունքը, որ վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ առողջապահական տեխնոլոգիաների և արտադրանքի արդարացի հասանելիությունը պետք է լինի համաշխարհային գերակայություն, և յուրաքանչյուր ոք, ներառյալ հակամարտության վայրերում ապրողները, պետք է հնարավորություն ունենա Covid-19-ին հակազդելու միջոցներից օգտվել անարգել և առանց սահմանափակումների:Ճիշտ այդպես էլ COVID-19-ի դեմ պատվաստանյութերը համաշխարհային նշանակության հանրային բարիք են և պետք է մատչելի լինեն բոլոր ժողովուրդներին՝ առանց խտրականության: Թույլ տվեք վերստին հավաստել Հայաստանի միանշանակ աջակցությունը Գլխավոր քարտուղարի՝ համաշխարհային զինադադար հաստատելու կոչին և COVID-19-ի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2532 բանաձևին, որը պահանջում է մարտական գործողությունների ընդհանուր և անհապաղ դադարեցում բոլոր իրավիճակներում»,- նշել է նա:
21:12 - 25 սեպտեմբերի, 2020
Իլհամ Ալիևի իշխանությունը մշտապես հիմնված է եղել սեփական հասարակությունում հայ ժողովրդի՝ որպես «հարմար թշնամի» կերպարի արմատավորման վրա. ՀՀ ԱԳՆ խոսնակ

Իլհամ Ալիևի իշխանությունը մշտապես հիմնված է եղել սեփական հասարակությունում հայ ժողովրդի՝ որպես «հարմար թշնամի» կերպարի արմատավորման վրա. ՀՀ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Ադրբեջանի նախագահի՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին ունեցած ելույթի վերաբերյալ․ «Տարածաշրջանի ժողովուրդները ժառանգել են բարդ հակամարտություն, որի վերջնական հանգուցալուծումը ենթադրում է այնպիսի տարբերակի համաձայնեցում, որն ընդունելի կլինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Միայն այդ ժողովուրդների մանդատը վայելող իշխանություններն են ունակ արտահայտելու փոխզիջման հասնելու և խաղաղություն հաստատելու քաղաքական կամքը: Հայաստանում և Արցախում ձևավորվել են իշխանություններ, որոնք ստացել են ժողովրդական քվե և պատրաստ են երկխոսության մեջ մտնել Ադրբեջանի ժողովրդի մանդատը վայելող իշխանությունների հետ: Իշխանությունը հորից ժառանգած և մեկ ընտանիքի շրջանակներում այն կիսող Իլհամ Ալիևն այդպիսի առաջնորդ չէ: Նրա իշխանությունը մշտապես հիմնված է եղել հակամարտության շահարկման, սեփական հասարակությունում Հայաստանի և հայ ժողովրդի՝ որպես «հարմար թշնամի» կերպարի արմատավորման, այլ ոչ թե սեփական հասարակության կարիքների լուծման վրա: Իլհամ Ալիևի օրոք է Ադրբեջանը բաց թողել «նավթային բում»-ի միջոցով ժամանակակից երկիր և հասարակություն կառուցելու պատմական շանսը: Այսօր Ադրբեջանի իշխանությունն աշխարհում հանդես է գալիս որպես ավտորիտար և ռեպրեսիվ ռեժիմ, որն օգտագործում է բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ կորոնավիրուսային համավարակը, սեփական ժողովրդին հարստահարելու և լռեցնելու համար: Տարածաշրջանում գործ ունենք իշխանական մի համակարգի հետ, որտեղ արժեքները փոխարինված են անձի, դինաստիայի և սեփական հարստության պաշտամունքով, իսկ շահերը ենթադրում են ժառանգականության վրա հիմնված իշխանության պահպանումն ամեն գնով: Ցավալի է, որ այդ «ամեն գինը» վճարել և վճարում է ձայնից զրկված Ադրբեջանի ժողովուրդը»:
16:48 - 25 սեպտեմբերի, 2020
Առողջապահության նախարարությունը` ՄԱԿ-ի ՈՎՀ կանխարգելման և վերահսկման միջգերատեսչական աշխատանքային խմբի 2020թ. մրցանակակիր

Առողջապահության նախարարությունը` ՄԱԿ-ի ՈՎՀ կանխարգելման և վերահսկման միջգերատեսչական աշխատանքային խմբի 2020թ. մրցանակակիր

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի միջգերատեսչական աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում հայտարարվել է, որ առողջապահության նախարարությունը ՄԱԿ-ի ոչ վարակիչ հիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելման և վերահսկման միջգերատեսչական աշխատանքային խմբի 2020 թվականի մրցանակակիր է: Մրցանակի տրամադրման հարցում հաշվի են առնվել Հայաստանի նվաճումները ՈՎՀ  դեմ պայքարում, այդ թվում ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործմամբ պայմանավորված բացասական ազդեցության, ծխախոտի ծխի վնասակար հետևանքների նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված քաղաքականության իրականացումը: Առողջապահության նախարարությունը մեծ ջանքեր է ներդրել ՈՎՀ-ի աճող բեռի դեմ պայքարում` ցուցաբերելով համակարգված մոտեցում: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից մշակվել են մի շարք ռազմավարական միջոցառումներ և օրենսդրական փոփոխություններ ՈՎՀ-ի դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու նպատակով: Ներդրվել են սքրինինգային, սրտի անհետաձգելի վիրահատության (stent for life), գլխուղեղի սուր և ենթասուր իշեմիկ կաթվածների ծրագրերը և ընդունվել է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքը: Հարկ է նշել, որ վերջին տարիներին մեր երկրում իրականացվել են «Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը և հսկողությանն ուղղված ներդրումները հիմնավորող փաստարկներ» և «ՈՎՀ ռիսկի գործոնների տարածվածությունը Հայաստանի Հանրապետությունում» (STEPS) հետազոտությունները, որոնք հիմք են ծառայել այս քաղաքականության իրականացման հարցում:
12:17 - 25 սեպտեմբերի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 32 միլիոնը, մահացել է շուրջ 982 հազար մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցել է 32 միլիոնը, մահացել է շուրջ 982 հազար մարդ |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կորոնավիրուսն անվանել է «թիվ մեկ սպառնալիքն» աշխարհում: Ըստ նրա, համաճարակը փորձություն դարձավ միջազգային համագործակցության համար, որը մարդկությունը ձախողեց: Ողջ աշխարհում նոր դեպքերի թիվը շարունակում է աճել և անցել է 32 միլիոնից, համաճարակի զոհերի թիվը մոտենում է 982 հազարին: Եվրոպան նոր սահմանափակումների շեմին է: Մոսկվայի իշխանությունները խնդրում են ընկերություններին վերադառնալ հեռավար աշխատանքի և պատրաստվում են տարեցների համար ինքնամեկուսացման ռեժիմ սահմանել: Քաղաքացիներին խնդրում են կամավոր կրճատել շփումներն ու նախազգուշական միջոցներ ձեռնարկել: Դիմակ կրելու ռեժիմը խախտելու համար Մոսկվայում տասնյակ խանութներ են փակվել: Եվրամիության Առողջապահության հանձնաժողովի ղեկավար Ստելլա Կիրիակիդիսը ասում է, որ Եվրոպան վերջին հնարավորությունն ունի չվերադառնալու գարնանային սահմանափակումներին, բայց դրա համար անհրաժեշտ է շտապ լուրջ սահմանափակումներ կիրառել: Նոր դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել Ֆրանսիայում և Մեծ Բրիտանիայում: Կանադայի վարչապետը հայտարարել է համաճարակի երկրորդ ալիքի մասին, որը կարող է շատ ավելի մեծ լինել, քան գարնանը: Վարակվածների և մահացածների ամենամեծ թիվն ԱՄՆ-ում է, դեպքերի ռեկորդային աճ գրանցվել է միանգամից երեք նահանգում: «Մետրոպոլիտեն» օպերան համաճարակի պատճառով չեղյալ է հայտարարել սեզոնը: Հետաձգված կամ չեղարկված միջոցառումների երկար ցուցակը շարունակում է համալրվել:
10:17 - 25 սեպտեմբերի, 2020
Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո. ԱԳ նախարարի ելույթը

Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո. ԱԳ նախարարի ելույթը

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթ է ունեցել Պաշտպանելու պատասխանատվության վերաբերյալ 12-րդ նախարարական հանդիպմանը, որն ամբողջությամբ ներկայացնում են ստորեւ. «Հարգարժան գործընկերներ, Տիկնայք և պարոնայք, Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել հանդիպման համակազմակերպիչներ Դանիային, Կոստա Ռիկային և Կատարին՝ տասներկու նախարարներին թեկուզ հեռավար միավորելու նախաձեռնության համար: Իմ առանձնահատուկ գնահատականն ու երախտագիտությունն եմ հայտնում իմ լավ բարեկամ դոկտոր Սայմոն Ադամսին՝ համաշխարհային մակարդակով կանխարգելման օրակարգն առաջ մղելու գործում իր հետևողական աշխատանքի համար: Շատ շնորհակալ եմ:    Տասնհինգ տարի առաջ մենք՝ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներս, հաստատեցինք պաշտպանելու պատասխանատվությունը՝ որպես հաստատուն քաղաքական հանձնառություն` ժողովուրդներին պաշտպանելու զանգվածային  ոճրագործություններից, այդ թվում՝ ցեղասպանության հանցագործությունից:  Պաշտպանելու պատասխանատվությունը և՛ քաղաքական, և՛ բարոյական հանձնառություն է: Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայից բխող իրավական պարտավորությունների հետ մեկտեղ այն նաև կանխարգելման կարևոր գործիք է: Որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանն իր առաջնահերթությունների շարքում ընդգրկել է ցեղասպանության կանխարգելմանն ուղղված համաշխարհային ջանքերին և ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման և պաշտպանության պատասխանատվության գրասենյակի ամրապնդմանը նպաստելը: Գրասենյակի կայուն և արդյունավետ գործունեությունն այսօր շարունակում է մնալ գերակա առաջնահերթություն: 2015թ.-ին Հայաստանն ուղղորդեց համաշխարհային ջանքերը՝ դեկտեմբերի 9-ը սահմանելու որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այս հանցագործության կանխարգելման միջազգային օր: Այս կերպ մենք միասնաբար ձևավորել ենք լրացուցիչ հարթակ՝ զարգացնելու և նպաստելու կանխարգելման օրակարգին ուղղված մեր հավաքական ջանքերին: Մենք հետևողականորեն ընդգծել ենք ինչպես ազգային, տարածաշրջանային, այնպես էլ միջազգային մակարդակներում կարողությունների ուժեղացման անհրաժեշտությունը՝ վերհանելու և հասցեագրելու վաղ կանխարգելման ազդակները, որոնք կարող են հանգեցնել զանգվածային ոճրագործությունների: Ընդգծել ենք նաև վաղ փուլերում ցեղասպանությունն ու այլ զանգվածային ոճրագործությունները կանխելու անհրաժեշտությունը: Բոլոր ցեղասպանությունները կարող էին կանխարգելվել՝ լինի դա Հայոց ցեղասպանությունը, Հրեաների հոլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը կամ այլ ոճրագործություններ: Ատելության, անհանդուրժողականության, ծայրահեղականության, պատերազմի քարոզչության, ռասայական, ազգային, էթնիկ, կրոնական և այլ փոքրամասնությունների դեմ խտրականության տարածումը, ինչպես նաև քաղաքացիական բնակչության վրա թիրախավորված հարձակումները շարունակում են ձևավորել աշխարհի տարբեր անկյուններում ներկայիս իրականությունը։ Միջազգային հանրությունը, ՄԱԿ-ը և իր անդամ երկրները դեռևս լավ պատրաստված չեն այս ահազանգին ժամանակին և վճռական կերպով հակազդելու համար։ Լուրջ մտահոգության տեղիք է տալիս այն, որ միջազգային հանրությունն անուշադրության է մատնում հնչեցվող սպառնալիքները, այդ թվում անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունների ժխտումը և արդարացումը՝ միահյուսված որոշ քաղաքական գործիչների կողմից զոհերի սերունդներին անցյալի «դասերը» հիշեցնելու մասին ագրեսիվ և վիրավորական բառապաշարով. սա չափազանց անհանգստացնող է։ Ապագա հանցագործները քաղաքակիրթ աշխարհի նորմերի նկատմամբ նման բարբարոս խախտումների մասին լռությունը մեկնաբանում են որպես սպանության թողտվություն: Ոչ մի պարագայում ինքնիշխանությունը չի կարող արդարացում դառնալ մարդու իրավունքների ծանր և կոպիտ խախտումներ իրականացնելու համար նրանց հանդեպ, ովքեր խաղաղ իրացնում են իրենց մարդու իրավունքները, ներառյալ ինքնորոշման իրավունքը: Որևէ ազգի իրավունք վերապահված չէ սպանություն իրագործել ինքնիշխանության շղարշի ներքո: Այս առումով պաշտպանելու պատասխանատվությունը շատ կարևոր է, քանի որ այն հիշեցնում է, որ ինքնիշխանությունը ոչ թե անպատժելիության արտոնությունն է, այլ` պատասխանատվություն: Ինքնիշխանությունը պետք է լինի հենց պաշտպանելու պատասխանատվության արդյունավետ կիրարկման առաջնային և ամենագործնական մակարդակը: Պաշտպանության ազգային կարողությունները հզորացնելու ուղղությամբ միջազգային համագործակցությունը շարունակում է առավել քան երբևէ կարևոր լինել: Մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը ժողովրդավարական հասարակության անքակտելի մասն է: Կարևոր է իրականացնել մարդու իրավունքների վերաբերյալ ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները և սերտորեն համագործակցել ՄԱԿ-ի մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների հետ: Այս համատեքստում նույնքան կարևոր է ընդգծել քաղաքացիական հասարակության դերը պաշտպանության, վաղ նախազգուշացման, վերապատրաստման և կրթության գործում: Այս առնչությամբ ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել Համաշխարհային կենտրոնի ունեցած կարևոր դերակատարությունը։ Նման առաջնահերթություններն ամրագրվել են Ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևում, որը ներկայացվել է Հայաստանի կողմից և 2020թ. հունիսին միաձայն ընդունվել Մարդու իրավունքների խորհրդի կողմից: 2015թ. ի վեր Հայաստանը պարբերաբար հյուրընկալել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումներ` համախմբելով ցեղասպանության կանխարգելման ոլորտում հայտնի գիտնականների և գործիչների ամբողջ աշխարհից: Սա է մեր անսասան հանձնառությունն ու ներդրումը ցեղասպանության հանցագործության և այլ զանգվածային ոճրագործությունների դեմ համաշխարհային համայնք կառուցելու գործում: Առաջիկա 4-րդ գլոբալ ֆորումը կրելու է «Կանայք և աղջիկները. մարտահրավեր զոհի կարծրատիպին» խորագիրը և հասցեագրելու է կանանց և աղջիկների նկատմամբ ցեղասպան բռնության հիմնական պատճառները և հետևանքները: Համաժողովին անդրադարձ է կատարվելու սեռական և գենդերային բռնությունները կանխարգելելու և իրավախախտներին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությանը: Զանգվածային ոճրագործությունների կանխարգելումը պատասխանատվություն է, որը կիսում ենք բոլորս, և մենք շարունակելու ենք մեր ջանքերը` ակտիվորեն նպաստելու գլոբալ կանխարգելման օրակարգի առաջմղմանը: Շնորհակալություն»:
22:34 - 24 սեպտեմբերի, 2020
Եվրոպայի խորհուրդը ողջունում Է մահապատիժը վերացնելու՝ Ղազախստանի որոշումը |armenpress.am|

Եվրոպայի խորհուրդը ողջունում Է մահապատիժը վերացնելու՝ Ղազախստանի որոշումը |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) հավանություն Է տալիս Ղազախստանի որոշմանը միանալու այն երկրներին, որոնցում վերացված Է մահապատիժը: Սեպտեմբերի 24-ին այդ մասին հայտարարել Է միջազգային կազմակերպության ղեկավարի ներկայացուցիչ Դանիել Հոլտգենը: «Մենք ողջունում ենք մահապատիժը վերցացնելու՝ Ղազախստանի որոշումը: Դա ընդլայնում Է առանց մահապտժի երկրների ընտանիքը, որոնք հավատում են, որ մահն արդարադատություն չԷ»,- Twitter-ում գրել Է Հոլտգենը: Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ-ում Ղազախստանի մշտական ներկայացուցիչ Կայրաթ Ումարովը համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանում ստորագրել Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային պակտի Երկրորդ ֆակուլտատիվ արձանագրությունը, որը նպատակաուղղված Է մահապատժի վերացմանը: Մահապատժի կիրառման մորատորիումը Ղազախստանում գործում Է 2003 թվականից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:03 - 24 սեպտեմբերի, 2020
Ալիևի կեղծ հայտարարությունները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում |fip.am|

Ալիևի կեղծ հայտարարությունները՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում |fip.am|

fip.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հիմնադրման 75-ամյակի առթիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ ունեցած հեռավար ելույթում մի շարք մանիպուլյատիվ և սխալ հայտարարություններ է արել Հայաստանի և Արցախյան հակամարտության վերաբերյալ։ Սակայն մինչ Ալիևի հայտարարություններին անդրադառնալը, հարկ է նշել, որ դրանցից որոշներն ադրբեջանական իշխանությունների կողմից շահարկվում են պարբերաբար և կրում են այն հիմնական թեզերը, որոնց լույսի տակ է փորձում պաշտոնական Բաքուն միջազգային հանրությանը ներկայացնել Արցախյան հակամարտությունը։ Այդպիսի թեզերից են 1993 թվականին՝ Ղարաբաղում ակտիվ ռազմական գործողությունների ժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած չորս բանաձևերը, որոնց բովանդակությունը պարբերաբար ենթարկվում է մանիպուլյացիաների։ Այս անգամ էլ Գլխավոր ասամբլեայում իր հեռավար ելույթի ժամանակ Իլհամ Ալիևը նշել է, թե Անվտանգության խորհրդի չորս բանաձևերով Հայաստանի Հանրապետությունից պահանջվում էր «ամբողջությամբ, անհապաղ և անպայման դուրս բերել Հայաստանի զինված ուժերն Ադրբեջանի օկուպացված հողերից»։ ՄԱԿ բանաձևերը Այդ չորս բանաձևերում, սակայն, խոսք չկա Հայաստանի զինված ուժերի մասին։ Ինչպես արդեն նշեցինք, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերն ընդունվել են Ղարաբաղում ակտիվ ռազմական գործողությունների փուլում՝ 1993 թվականին, և, ընդհանուր առմամբ, ուղղված են եղել հակամարտության գոտում մարտական գործողությունների դադարեցմանն ու հրադադարի հաստատմանը։ 822 բանաձևում ասվում է, որ Անվտանգության խորհուրդը մտահոգված է Ադրբեջանի Քելբաջարի շրջանի «տեղի հայկական ուժերի կողմից ներխուժմամբ»։ Բանաձևում որևէ խոսք չկա ՀՀ զինված ուժերի մասին։ Փոխարենը, «պատասխանատվությունը» դրվում է «տեղի հայկական ուժերի» վրա։ Պատկերն ավելի հստակ է դառնում մյուս բանաձևերում։ Այսպես, օրինակ, արդեն 853 բանաձևում ՄԱԿ Անվտանգության խորհուրդը «կոչ է անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը շարունակել կիրառել իր ազդեցությունը՝ Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայերի կողմից 822 բանաձևի և սույն բանաձևի պահանջները կատարելու, և նրանց կողմից ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ընդունելու ուղղությամբ»։ Այսինքն, այստեղ ևս Անվտանգության խորհուրդը չի խոսում ՀՀ զինված ուժերի մասին, այլ միայն արցախցիների վրա Հայաստանի կառավարության ունեցած ազդեցության մասին։ Նույն պատկերն է նաև մյուս երկու բանաձևերի դեպքում։ 874 բանաձևում խոսվում է «վերջերս օկուպացված տարածքներից զինված ուժերի դուրսբերման ու տրանսպորտի և հաղորդակցության խոչընդոտների վերացման ուղղությամբ» մասին՝ կրկին չհասցեավորելով ՀՀ-ն։ 884 բանաձևում կոչ է արվում Հայաստանի կառավարությանը «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի հայերի կողմից 822, 853 և 874 (վերոնշյալ) բանաձևերի պահանջները կատարելու նպատակով գործածել իր ազդեցությունը և ապահովել, որ իրենց զինված արշավը շարունակելու համար ներգրավված ուժերին չտրամադրվեն միջոցներ»։ Գերեվարված սպան Իր հեռավար խոսքում Իլհամ Ալիևն անդրադարձել է նաև այս տարվա հուլիսին Տավուշի սահմանում տեղի ունեցած մարտական գործողություններին և օգոստոսի 22-ին գերեվարված հայ սպա Գուրգեն Ալավերդյանին։ Ըստ Ալիևի, Ալավերդյանը, իբր, եղել է դիվերսիոն խմբի հրամանատար։ «Դիվերսիոն խումբը փորձել է անցնել շփման գիծը։ 2020 թվականի օգոստոսի 23-ին այդ խմբի ղեկավարը ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից։ Նա խոստովանել է, որ խմբավորումը ծրագրում էր ահաբեկչական գործողություններ իրականացնել ադրբեջանցի զինվորականների և քաղաքացիական անձանց դեմ»։ Այս հայտարարության առնչությամբ նախ պետք է նշել, որ հայկական կողմը հերքել է Գուրգեն Ալավերդյանի՝ դիվերսանտ լինելու մասին ադրբեջանական կողմի հաղորդագրությունները։ Ըստ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հայտարարության, Գուրգեն Ալավերդյանն ադրբեջանական կողմում է հայտնվել եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվելու և մոլորվելու հետևանքով։ Արդեն մի քանի օր անց ադրբեջանցիները հրապարակել էին մի տեսանյութ, որում Գուրգեն Ալավերդյանը, իբր, խոստովանում է, որ Ադրբեջան է ներթափանցել դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով։ Տեսանյութում, սակայն, միանշանակ երևում է, որ հայ սպան իր խոսքերը կարդում է տեքստից՝ աչքերը տողերի վրա անցկացնելով և առանց համապատասխան առոգանության։ Բայց նույնիսկ այդ դեպքում Ադրբեջանի նախագահի հայտարարությունը չի համապատասխանում Ալավերդյանի ընթերցած տեքստին, քանի որ վերջինս ոչ մի բառ չի ասում ահաբեկչական գործողությունների մասին։ Հայկական աշխարհազորը Իր խոսքում Ադրբեջանի նախագահը ցույց է տալիս հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ որոշակի իրազեկվածություն, օրինակ՝ որ Հայաստանում քննարկվում է աշխարհազոր ստեղծելու հարցը։ «Հայաստանի վարչապետը հայտնել է զինված աշխարհազոր ստեղծելու մասին, որը կազմված է լինելու տասնյակ հազարավոր քաղաքացիական անձանցից, որոնց ստիպելու են մասնակցել Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններին»,- ասել է Իլհամ Ալիևը։ Նախ, թերևս, պետք է սկսել նրանից, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի հայտնել աշխարհազոր ստեղծելու մասին։ Աշխարհազոր ստեղծելու հարցը հանրային քննարկման ներկայացնելու մասին առաջինը հայտնել է Պաշտպանության նախարարությունը։ Ներկայում հարցը գտնվում է հանրային քննարկումների փուլում։ Ինչ վերաբերում է նրան, թե «քաղաքացիական անձանց ստիպելու են մասնակցել Ադրբեջանի դեմ ռազմական գործողություններին», ապա դա ամբողջությամբ կեղծ է, և աշխարհազորին անդամակցումը լինելու է բացառապես կամավորության սկզբունքով, ինչի մասին հայտնել է նաև պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։ Ըստ Պաշտպանության նախարարության ներկայացրած նախագծի, աշխարհազորը Հայաստանի վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է: Այսինքն, այստեղ որևէ խոսք չկա պարտադիր կամ ստիպողական մասնակցության մասին։ Փաշինյանի յոթ պայմանները Անդրադառնալով Արցախյան հակամարտության բանակցային գործընթացին՝ Ալիևը ելույթի ժամանակ նշել է, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անհիմն պայմաններ է ներկայացնում բանակցային գործընթացում։ «Ադրբեջանին նրա առաջ քաշած պայմանները մեր կողմից մերժվել են»,- ասել է Ալիևը։ Թե ի՞նչ պայմաններ է նկատի ունեցել Ալիևը՝ կարելի է միայն կռահել։ Միգուցե խոսքը հուլիսյան մարտերից հետո Նիկոլ Փաշինյանի ներկայացրած՝ Հայաստանի դիրքորոշման մասին է, որը նա ձևակերպել էր յոթ կետերով։ Այդ կետերը դժվար է համարել պայման բանակցային գործընթացը սկսելու, վերսկսելու կամ շարունակելու համար։ Դրանցից որոշները, օրինակ, առաջին կետը՝ «Հայաստանի և Արցախի ընդհանուր անվտանգության համակարգը պետք է առավել ամրապնդել․․․», ընդհանրապես վերաբերելի են միայն Հայաստանին կամ Արցախին և հասցեավորված չեն Ադրբեջանին կամ միջնորդներին։ Այսպիսով Իլհամ Ալիևն իր ելույթում արել է այլ մանիպուլյատիվ և իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ ևս՝ կապված, օրինակ, Հայաստանում իբր ֆաշիստական գործիչ Գարեգին Նժդեհի մեծարման, Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունում իբր հակաադրբեջանական հայտարարությունների և Հայաստանում Ադրբեջանի նկատմամբ ատելություն սերմանելու մասին։ Ընդհանուր առմամբ՝ Ալիևի հայտարարությունները ձևակերպումներից մեկն է ադրբեջանական պաշտոնական դիրքորոշման, որը մեծամասամբ հիմնված է ապատեղեկատվության և մանիպուլյացիայի վրա և ուղղված է միջազգային հանրությանը՝ Բաքվին շահեկան կերպով ներկայացնելու և աղավաղելու Արցախյան հակամարտության էությունը։  Վահե Ղուկասյան
17:22 - 23 սեպտեմբերի, 2020
Ամերիկան չի հաղթահարի Իրանի ժողովրդի դիմացկունությունը․ Ռոհանի |azatutyun.am|

Ամերիկան չի հաղթահարի Իրանի ժողովրդի դիմացկունությունը․ Ռոհանի |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին առցանց հասցեագրված ուղերձում հայտարարել է, թե Միացյալ Նահանգները ոչ բանակցություններ և ոչ էլ պատերազմ կարող է պարտադրել: «Իրանը երբեք չի դառնա առևտրի առարկա Ամերիկայի նախընտրական և ներքաղաքական հարցերում», - հայտարարել է Ռոհանին: Սեպտեմբերի 21-ին Վաշինգտոնը հայտարարել է Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին: Այդ նոր ցանկում Պաշտպանության նախարարությունն է և միջուկային ու ռազմական ծրագրերի հետ կապված այլ կառույցներ: Ռոհանին ասել է, թե ամերիկյան ընտրություններից հետո ձևավորվելիք ցանկացած վարչակազմ «պետք գիտակցի, որ երբեք չի հաղթահարի Իրանի ժողովրդի դիմացկունությունը»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Իրանի հետ միջազգային տերությունների 2015 թվականի միջուկային պայմանագիրը: Վաշինգտոնը վերջերս միակողմանի վերականգնել է նախքան 2015 թվականի պայմանագիրը ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները, սակայն փաստաթուղթը կնքած մյուս երկրները հայտարարել են, որ ամերիկացիների այդ որոշումն իրավական ուժ չունի:
15:22 - 23 սեպտեմբերի, 2020
Հայաստանը Հարավային Կովկասում տևական խաղաղության ու կայունության ամենամեծ խոչընդոտն է․ Էրդողանը՝ ՄԱԿ-ին |civilnet.am|

Հայաստանը Հարավային Կովկասում տևական խաղաղության ու կայունության ամենամեծ խոչընդոտն է․ Էրդողանը՝ ՄԱԿ-ին |civilnet.am|

civilnet.am: Հայաստտանը Հարավային Կովկասում տևական խաղաղության ու կայունության ամենամեծ խոչընդոտն է․ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի իր ելույթում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։     «Հայաստանը, որը հուլիսին հարձակվել է ադրբեջանական տարածքների վրա, մեկ անգամ ևս ապացուցել է, որ Հարավային Կովկասում տևական խաղաղության ու կայունության ամենամեծ խոչընդոտն է։ Մենք հանդես ենք գալիս տարածաշրջանում հակամարտությունները, հատկապես ղարաբաղյան հակամարտությունը որքան հնարավոր շուտ կարգավորելու օգտին՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների և ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի բանաձևերի հիման վրա»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։ Խոսելով Արևելյան Միջերկրածովում լարվածության մասին՝ նա ասել է՝ կան երկրներ, որոնք գործում են «հաղթողն ամեն ինչ տանում է» սկզբունքով։  «Մենք որևէ մեկի իրավունքի վրա աչք չունենք՝ ոչ Արևելյան Միջերկրածովում, ոչ այլուր։ Այդուհանդերձ, չենք կարող աչք փակել մեր երկրի և թուրք կիպրացիների իրավունքների ոտնահարման վրա»,- հայտարարել է Էրդողանը։ Նա շեշտել է, որ Թուրքիան չի կարող թույլ տալ, որ իրեն անտեսեն, երբ բանը հասնում է տարածաշրջանում «բնական պաշարներին»։
15:02 - 23 սեպտեմբերի, 2020
Համատեղ ծրագրեր՝ հանուն ավելի առողջ շրջակա միջավայր ունենալու․ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Համատեղ ծրագրեր՝ հանուն ավելի առողջ շրջակա միջավայր ունենալու․ Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ տիկին Մարիեն Քլարկ-Հաթինգի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։ Ողջունելով հյուրին նախարար Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա ընդգծել կլիմայական փոփոխությունների և բնապահպանական աղետների կանխման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունն ու դրանց համատեքստում՝ երեխաների վրա բացասական ազդեցությունների չեզոքացումը։ Նախարար Պետրոսյանն ընդգծել է, որ երեխաների, դեռահասների և երիտասարդների վրա կլիմայի փոփոխությունների բացասական ազդեցությունների մեղմման գործում առանցքային նշանակություն ունի էկոկրթական բաղադրիչը, որը թույլ կտա անգամ նախակրթական տարիքից ձևավորել բնության նկատմամբ պատասխանատու ու հոգատար վարք դրսևորող քաղաքացու։ Հայաստանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիեն Քլարկ-Հաթինգը շնորհակալություն է հայտնել նախարար Պետրոսյանին ջերմ ընդունելության ու համագործակցության պատրաստակամության համար, ապա հակիրճ ներկայացրել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի օրակարգը։ Տիկին Քլարկ—Հաթինգը, մասնավորապես անդրադարձել է երիտասարդները հանուն բարենպաստ կլիմայի եռամյա ծրագրին, ապա առաջարկել դիտարկել կլիմայի փոփոխության հարմարվողականության ծրագրում երեխաներին առնչվող նախագծերի իրականացման հնարավորությունները: Նախարար Պետրոսյանը շեշտել է, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցառումները, որոնք կնպաստեն Հայաստանում շրջակա միջավայրի բարելավմանն ու առողջացմանը՝ ակտիվորեն ներգրավելով հասարակության բոլոր շերտերին, մասնավորապես՝ երիտասարդներին։Այդ ուղղությամբ իրականացվում են ինչպես օրենսդրական բարեփոխումներ, այնպես էլ գործնական քայլեր կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում՝ էկոկրթական բաղադրիչը ինստիտուցիոնալ հենքի վրա դնելու համար։ Այդ համատեքստում նախարար Պետրոսյանն առանձնացրեց ՏԻՄ օրենքում ՇՄՆ կողմից առաջարկված օրենսդրական նախաձեռնությունը, որն արդեն իսկ հավանության է արժանացել և գտնվում է գործարկման փուլում։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան (ԿՓՇԿ) վավերացրել է դեռևս 1993թ., իսկ 2018թ. մեկնարկել է Ազգային հարմարվողականության ծրագիրը (ՀԱԾ), որի նպատակն է աջակցել Հայաստանին՝ կլիմայի փոփոխության (ԿՓ) ՀԱԾ մշակման ուղղությամբ։ Հանդիպման ավարտին շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը պատրաստակամություն է հայտնել խորացնել համագործակցությունը ինչպես գործող, այնպես էլ նախատեսվող ծրագրերի շրջանակներում՝ ի նպաստ շրջակա միջավայրի առողջացման և երեխաների վրա բնական աղետների և կլիմայի փոփոխությունների ազդեցությունների մեղմման և չեզոքացման։ Տիկին Մարիեն Քլարկ-Հաթինգը շնորհակալություն հայտնեց նախարար Պետրոսյանին ընդունելության համար և հույս հայտնեց, որ համատեղ ուժերի ներդրման շնորհիվ նախանշված թիրախները հնարավոր կլինի հաղթահարել ամենասեղմ ժամկետներում։
13:01 - 23 սեպտեմբերի, 2020