ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Բուհերի ընդունելության երկրորդ փուլի փաստաթղթերի ընդունելությունը կավարտվի հուլիսի 1-ին

Բուհերի ընդունելության երկրորդ փուլի փաստաթղթերի ընդունելությունը կավարտվի հուլիսի 1-ին

ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2021 թվականի ընդունելության միասնական, կենտրոնացված և ներբուհական քննությունների հայտագրման երկրորդ փուլի փաստաթղթերի ընդունելությունը սկսվել է հունիսի 26-ից և կավարտվի  հուլիսի 1-ին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Երկրորդ փուլով ընդունելությանը կարող են մասնակցել ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրածները, ինչպես նաև տվյալ տարվա ամառային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները: Հիշեցնենք` հայտագրումը կատարվում է մեկ բուհի մեկ մասնագիտություն սկզբունքով` dimord.am կայքում առցանց հայտ լրացնելու տարբերակով: Գնահատման և թեստավորման կենտրոնից տեղեկացնում են, որ այս փուլի ընդունելությանը կարող են մասնակցել նաև այն դիմորդները, ովքեր միասնական քննությունների 1-ին փուլում բացակայել են քննություններից կամ հիվանդության պատճառով ընդհատել են այն: Նշված դիմորդները, եթե ցանկանում են 2-րդ փուլում հանձնել նույն առարկաների քննությունները, ապա պետք է մինչև հուլիսի 1-ը՝ ժամը 17։00-ն, դիմեն «Գնահատման և թեստավորման կենտրոն»` [email protected] էլ. փոստին գրելով դիմում։ Դիմումում պետք է նշել՝   դիմորդի անունը, հայրանունը, ազգանունը, ԳԹԿ անձնական համարը, այն քննական կենտրոնը, որտեղ 1-ին փուլում պետք է հանձներ քննությունները կամ ընդհատած քննության կենտրոնը, չմասնակցած միասնական քննության առարկան և կցել քննության մասնակցության համար վճարման (յուրաքանչյուր միասնական քննության համար 1500 դրամ) անդորրագրի լուսանկարը։ Երկրորդ փուլով ընդունելության միասնական, կենտրոնացված քննությունների ավարտից հետո տեղի կունենա հիմնական փուլի մրցույթի ամփոփումը` բացառապես մեկ մասնագիտության (անվճար և վճարովի) համար: Հիմնական փուլի մրցույթի արդյունքների հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավորներ ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 19-26-ը կարող են մասնակցել լրացուցիչ փուլի հայտագրմանը: Լրացուցիչ փուլում դիմորդները հնարավորություն ունեն հայտագրել վճարովի և անվճար համակարգերով մինչև 6 մասնագիտություն` ըստ իրենց հանձնած միասնական քննությունների դրական միավորների:  
14:45 - 28 հունիսի, 2021
14 կազմակերպություն կստանա գիտական սարքեր և նյութեր. հայտնի են մրցույթի արդյունքները․ ԿԳՄՍՆ

14 կազմակերպություն կստանա գիտական սարքեր և նյութեր. հայտնի են մրցույթի արդյունքները․ ԿԳՄՍՆ

14 կազմակերպություն ներկայացնող 24 խումբ կֆինանսավորվի գիտական սարքերի և (կամ) նյութերի ձեռքբերման նպատակով: Մրցույթի շահառուների ցանկը հաստատվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունիսի 25-ի N 1016-Ա/2 հրամանով: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ Մրցույթի շահառուները գիտահետազոտական աշխատանք կատարող, երեք երիտասարդ գիտնականներից կազմված խմբեր են, որոնց 12 ամիս տևողությամբ դրամաշնորհներ կտրամադրվեն գիտական սարքերի և (կամ) նյութերի ձեռքբերման համար: Գիտական սարքը և (կամ) նյութը պատկանելու է այն գիտական կազմակերպությանը կամ բուհին, որտեղ աշխատում է մրցույթին հայտ ներկայացրած գիտնականը: Ֆինանսական աջակցության առավելագույն չափը երեք միլիոն ՀՀ դրամ է: Մարտի 30-ին հայտարարված մրցույթը կազմակերպվել է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման ««Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին» պետական աջակցություն» ծախսային ուղղության շրջանակում:
13:46 - 28 հունիսի, 2021
Շիրակի և Վայոց ձորի մարզերի նախակրթարաններ մշտադիտարկման այցեր են կատարվել․ ԿԳՄՍՆ

Շիրակի և Վայոց ձորի մարզերի նախակրթարաններ մշտադիտարկման այցեր են կատարվել․ ԿԳՄՍՆ

ՀՀ Շիրակի մարզի 3 ուսումնական հաստատությունների հենքի վրա 2015 և 2019 թթ. ընթացքում «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։   ԿԳՄՍՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի «Դպրոցին երեխաների պատրաստվածության մակարդակի բարձրացում և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովում» ենթաբաղադրիչի շրջանակում գրասենյակի ներկայացուցիչները մշտադիտարկման նպատակով այցելել են ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 45, Մարալիկի թիվ 1 և Ցողամարգի միջնակարգ դպրոցներ, որոնցում իրականացվել են նախադպրոցական միկրոծրագրեր: ԾԻԳ-ի ներկայացուցիչները ծանոթացել են կատարված աշխատանքներին, երեխաների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին, զրուցել դաստիարակների ու երեխաների հետ: Նախակրթարանները գործում են 5-օրյա աշխատանքային գրաֆիկով: Դաստիարակները փաստել են, որ դպրոցներն ապահովում են բոլոր անհրաժեշտ պայմաններն ու միջոցները ուսումնական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար, իսկ երեխաներն ակտիվորեն մասնակցում են դասապրոցեսին:  ԿԾԿ ԾԻԳ-ի ներկայացուցիչները մշտադիտարկման այցեր են կատարել նաև ՀՀ Վայոց ձորի մարզի երեք ուսումնական հաստատություններ, որոնց հենքի վրա 2018 և 2019 թթ. ընթացքում դրամաշնորհային միջոցներով հիմնվել են նոր նախակրթարաններ: Գրասենյակի աշխատակիցներն այցելել են Վայոց ձորի մարզի Գլաձորի, Գետափի և Աղնջաձորի միջնակարգ դպրոցներ, որտեղ իրականացվել են նախադպրոցական միկրոծրագրեր: Նշենք, որ բոլոր նախակրթարանները դրամաշնորհային ծրագրերի շրջանակում կահավորվել են ժամանակակից գույքով ու սարքավորումներով, ինչպես նաև ապահովվել են ուսումնական և ուսուցողական նյութերով ու խաղալիքներով: Նախակրթարաններում դաստիարակի աշխատանքներն իրականացնում են ծրագրի շրջանակում վերապատրաստված դաստիարակները: Հաստատություններում պահպանվում են ՀՀ առողջապահության նախարարության հաստատած սանիտարահիգիենիկ պահանջները: Հավելենք, որ նախակրթարաններն ունեն հարմարեցված պայմաններ, և դրանցում կրթություն են ստանում նաև սահմանափակ հնարավորություններով երեխաներ:
11:57 - 28 հունիսի, 2021
ԿԳՄՍ նախարարությունն ու «Կոնվերս» բանկը ստորագրել են համագործակցության հուշագիր

ԿԳՄՍ նախարարությունն ու «Կոնվերս» բանկը ստորագրել են համագործակցության հուշագիր

Աջակցություն հեռավոր սահմանամերձ համայնքներում ապրող երեխաների կրթության հնարավորությունների ընդլայնմանն ու մշակութային հաստատությունների պաշտպանության և բնապահպանության մեջ համայնքային երիտասարդության ներգրավմանը. 4-5 համայնքների պետական հանրակրթական դպրոցներ կստանան համակարգչային սարքավորումներ, ըստ անհրաժեշտության՝ կապահովվի նաև համացանցի հասանելիություն: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ու «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հուշագիր են ստորագրել կրթության և մշակութային հուշարձանների պահպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ու «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արթուր Նահապետյանը հուշագրի ստորագրման ժամանակ շեշտել են նաև շրջակա միջավայրի պահպանության և բնապահպանական կրթության զարգացման կարևորությունը, հուշարձանների պահպանության գործում համայնքային երիտասարդական խմբերի ներգրավվածությունը: Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել «Կոնվերս» բանկին` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և նորարար նախաձեռնությունների համար. «Ցանկացած հարցի խորքային լուծումը սկսվում է կրթությունից: Բարեփոխման փուլում գտնվող հանրակրթության պետական և առարկայական չափորոշիչներում շեշտված են բնապահպանական և շրջակա միջավայրի ճանաչողության խնդիրները: Բնապահպանական, շրջակա միջավայրի, ինչպես նաև մշակութային արժեքների պահպանությանն ուղղված տարբեր ծրագրերի իրականացումն ամբողջապես համահունչ է պետական քաղաքականության առաջնահերթություններին»: Արթուր Մարտիրոսյանի խոսքով` նոր կրթական չափորոշիչներում մեծ տեղ է տրվում նաև սովորողի հմտություններին` զուգահեռաբար կարևորելով  արժեքների ձևավորումը` գիտելիքի ձեռքբերմանը համընթաց: «Մշակութային արժեքների պահպանման կամ ցանկացած այլ ծրագրի հաջողության հիմքում կարևոր է ինչպես պետություն–մասնավոր գործընկերությունը, այնպես և առաջնահերթաբար համայնքային ներգրավվածությունը: Երբ սովորողը, երիտասարդն իր ձեռքով ծառ է տնկում իր համայնքի որևէ հուշարձանի հարևանությամբ,  նրա մոտ սեփականության զգացում է ձևավորվում, և հետագայում, վստահաբար, նա սրտացավորեն հոգ է տանելու դրա պահպանության համար»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը` ավելացնելով, որ հայրենաճանաչությունը քաղաքացու ձևավորման գլխավոր և կայուն հենքն է: «Բնապահպանական և կրթության, այդ թվում՝ էկոկրթության զարգացմանն ուղղված աջակցությունը մշտապես եղել է «Կոնվերս» բանկի ուշադրության կենտրոնում: Այդ ոլորտում հաջողված նախագծերի իրականացման փորձ ունենք թե՛ առանձին, թե՛ տարբեր հասարակական, պետական կառույցների հետ գործակցության շրջանակում, քանի որ մասնավոր-հանրային-պետական եռաչափ կամ երկչափ համագործակցությունը տալիս է աշխատանքի ավելի լայն ու ընդգրկուն հնարավորություններ, հաջողված ծրագրերի իրականացման նոր հորիզոններ է բացում: Վստահ ենք, որ ԿԳՄՍ նախարարության հետ մեր համագործակցությունը կլինի արդյունավետ ու շարունակական: Ու դրա շնորհիվ մենք համատեղ ուժերով կստեղծենք երկարաժամկետ, արժեքավոր արդյունք»,- նշել է «Կոնվերս» բանկի բիզնեսի զարգացման գծով տնօրեն Արթուր Նահապետյանը: Հուշագրով նախատեսվում է մարզային բնակավայրերի երիտասարդների էկոլոգիական կրթությանը, մշակութային հուշարձանների պահպանությանն ու հայրենաճանաչության խթանմանն ուղղված մի շարք համատեղ միջոցառումների իրականացում: Կկազմակերպվեն ոչ ֆորմալ կրթության և մասնագիտական կողմնորոշմանը միտված մի շարք միջոցառումներ, կլինեն հանդիպումներ մշակույթի, սպորտի, գիտության ոլորտներում մեծ ավանդ ունեցող անձանց հետ: Յուրաքանչյուր տարի 4-5 մարզում՝ հուշարձաններին, եկեղեցիներին հարող կամ հանրային այլ վայրերում կկատարվեն մաքրման և դրանց շուրջ կանաչ գոտիների ստեղծման աշխատանքներ, որոնցում կներգրավվեն նաև բուհերի մասնագիտացված ֆակուլտետների ուսանողները: Կկազմակերպվեն փոխադարձ ճանաչողական միջմարզային այցեր, ինչպես նաև մասնակի կփոխհատուցվի 3 ակտիվ մասնակիցների բուհական և միջին մասնագիտական կրթության առաջին տարվա ուսման վարձը: Նշված միջոցառումներում կներգրավվեն բանկի կողմից մրցութային հիմունքներով ընտրված և նախարարության կողմից հաստատված սահմանամերձ համայնքների պետական հանրակրթական դպրոցները ( 9-12-րդ դասարանների աշակերտները): Հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացման ամբողջական ֆինանսավորումն իրականացնելու է բանկը: Միաժամանակ կողմերը ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններով ևս համագործակցելու պատրաստակամություն են հայտնում:
16:00 - 25 հունիսի, 2021
Ուսուցիչն ազատ է վերապատրաստող կազմակերպություն ընտրելու հարցում. ԿԳՄՍՆ

Ուսուցիչն ազատ է վերապատրաստող կազմակերպություն ընտրելու հարցում. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկրորդ շրջաբերական գրությունն է ուղարկել Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Շրջաբերականով նշված կառույցներին առաջարկվել է իրենց ենթակա ուսումնական հաստատություններին տեղեկացնել առ այն, որ ատեստավորման ենթակա ուսուցիչներն ազատ են երաշխավորված կազմակերպությունների ցանկից վերապատրաստող կազմակերպություն ընտրելու հարցում: Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին: ԿԳՄՍՆ-ն ևս մեկ անգամ զգուշացրել է, որ դպրոցի կողմից ցանկացած ուղղորդում անթույլատրելի է, և պետք է բացառել որևէ ճնշում այս գործընթացում: Ճնշման դեպքում առաջարկվել է դիմել նախարարություն, որը հետևողական է լինելու ուսուցիչների՝ կազմակերպության ընտրության իրավունքի իրացման հարցում։ «Հարգելի՛ կազմակերպություններ, վաստակե՛ք ուսուցիչների ընտրությունը լավ կազմակերպված և բարձրորակ վերապատրաստմամբ, որը ձեր շարունակական գործունեության լավագույն հիմքն է։ Մյուս բոլոր հիմքերը բերելու են հակառակ ազդեցության»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Շրջաբերականին կցվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատված ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկը, դիմումի ձևը, համապատասխան պայմանագրի կնքման նախապատրաստական աշխատանքների կազմակերպման ուղեցույցը և պայմանագրի օրինակելի ձևը՝ դրանց մասին սահմանված ժամկետում վերապատրաստման և ատեստավորման ենթակա ուսուցիչներին տեղեկացնելու նպատակով: Գրության մեջ նշվել է, որ տնօրենը վերապատրաստումը սկսվելուց առնվազն 10 օր առաջ պարտավոր է ուսուցչին գրավոր տեղեկացնել վերապատրաստող կազմակերպության, վերապատրաստման ժամկետի, վերապատրաստման ձևի և վայրի (հեռավարի դեպքում՝ հարթակի) մասին, ինչպես նաև ուսուցիչներին հատկացնել ոչ պակաս, քան 2 շաբաթ ժամանակ՝ դիմումները ներկայացնելու  և դրանց հիման վրա կազմակերպության հետ համապատասխան պայմանագիր կնքելու նպատակով: Երաշխավորված կազմակերպությունների ցանկին կարելի է ծանոթանալ այստեղ:
13:12 - 25 հունիսի, 2021
Մենք վարելու ենք մասնագիտությունների խոշորացման քաղաքականություն. Անդրեասյան

Մենք վարելու ենք մասնագիտությունների խոշորացման քաղաքականություն. Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը մասնակցել է աշխատաշուկայի կարիքների հետազոտությանը նվիրված առցանց քննարկմանը: Միջոցառումը կազմակերպել է Հայաստանի գործատուների հանրապետական միությունը: «Աշխատուժի գնահատումը Հայաստանի Հանրապետությունում» հետազոտությունն իրականացվել է Աշխատանքի միջազգային կազմակերպության` ԱՄԿ-ի (ILO) պատվերով` Հայաստանի գործատուների հանրապետական միության հետ համատեղ: Աշխատուժի բազմակողմանի գնահատումը կատարվել է Երևանում և ՀՀ մարզերում գործունեություն ծավալող շուրջ 1000 գործատուների շրջանում։ Հետազոտության մեջ անդրադարձ է արված մասնագիտական կրթության և աշխատաշուկայի պահանջարկի համապատասխանության խնդրին: Քննարկմանը մասնակցել են Հայաստանի գործատուների հանրապետական միության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ԱՄԿ-ի, «Բիզնեսի աջակցման կենտրոնի» և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: ԿԳՄՍ նախարարի տեղակալը, կարևորելով կատարված հետազոտությունը, նշել է, որ աշխատաշուկայի կարիքների ուսումնասիրությունը մասնագիտական կրթության ասպարեզում տեղերի պլանավորման և բաշխման առաջնային հիմքն է. «Այս ուսումնական տարվա համար ընդունելության տեղերի բաշխման որոշումներն արդեն կայացված են, սակայն քննարկվող հետազոտության արդյունքներն իրենց ազդեցությունն ու հետևանքը կարող են ունենալ հաջորդ ուսումնական տարիների քաղաքականությունը պլանավորելիս: Տնտեսության կարիքների արձագանքմանը միտված, ավելի նպատակային և արդյունավետ կրթական քաղաքականություն վարելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է համագործակցել ինչպես գործատուների, այնպես էլ միջազգային կառույցների հետ»: Ժաննա Անդրեասյանի խոսքով` Մասնագիտական կրթության և զարգացման ազգային խորհուրդը, որի կազմում ընդգրկված են նաև գործատուների ներկայացուցիչներ, կարող է դառնալ աշխատանքային այն հարթակը, որտեղ կհամատեղվեն գործատուների պահանջներն ու կրթական բարեփոխումները, կքննարկվեն հետագա քաղաքականության ծրագրային պլանավորման ձևաչափերը: «Կարծում եմ, որ ուսումնական հաստատությունների տնօրենները ևս պետք է լիարժեք իրազեկված լինեն աշխատաշուկայի պահանջների և կարիքների մասին, որպեսզի կարողանան ավելի արդյունավետ կազմել իրենց ուսումնական հաստատություններում ներդրված մասնագիտություններն ու դրանցով իրականացվող ուսուցումը: Շատ կարևոր է, որ հաստատության տեղերի հայտերը կազմելիս նույնպես ուսումնական հաստատությունները հիմնվեն աշխատաշուկայի պահանջների վրա: Երբ նույն հաստատությունը, կախված ուսանողների թվից, փորձում է կազմակերպել բազմաթիվ ուղղություններով մասնագիտական կրթություն, արդյունավետության հետ կապված խնդիր է առաջանում` հաշվի առնելով նաև տարածաշրջանային բաշխումը և տնտեսության կարիքները: Մենք փորձելու ենք վարել մասնագիտությունների խոշորացման քաղաքականություն: Կարևորելով նույն տարածաշրջանում մասնագիտական կրթության ապահովման բազմազանության պահանջը` միաժամանակ պետք է խուսափենք մասնագիտությունների մասնատվածությունից»,- փաստել է նա` ավելացնելով, որ եթե ՄԿՈՒ հաստատությունը, օրինակ, ունի 200-300 ուսանող և կազմակերպում է շուրջ 20 մասնագիտությամբ կրթություն, ապա որակի հարցը խնդրահարույց է: Քննարկման ընթացքում Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն ընդգծել է՝ կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ մասնագիտական կրթության զարգացման հիմնական խնդիրներից մեկը գործատուների հետ համագործակցությունն է: Հարցմանը մասնակցած ավելի քան 1000 գործատուների 98 տոկոսը նշել է, որ տեղյակ չեն, թե մասնագիտական կրթության ոլորտում ինչպիսի բարեփոխումներ են կատարվում: Միաժամանակ գործատուները, ըստ հարցման արդյունքների, նախապատվությունը տալիս են զարգացող մասնագիտություններին: Գործատուներից 402-ը նշել են, որ ունեն ազատ աշխատատեղեր և համավարակով պայմանավորված՝ չեն պատրաստվում աշխատողների կրճատման գնալ, ավելին` ծրագրում են առաջիկա երկու տարիներին 2000-ից ավելի նոր աշխատատեղեր հիմնել: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել մասնագիտական կրթության կազմակերպման գործընթացում գործատուների ներգրավմանը: Թեպետ ֆորմալ առումով քոլեջների և ուսումնարանների կառավարման խորհուրդներում ընդգրկված են գործատուների ներկայացուցիչներ, սակայն դա բավարար արդյունք չի ապահովում: Հիմնական խնդիրներից է նաև ուսումնական պրակտիկաների կազմակերպումը, որի համար ուսումնական հաստատությունները չունեն համապատասխան բյուջեներ, իսկ գործատուները, հատկապես փոքր ու միջին ընկերությունները, որպես կանոն, ուսումնական պրակտիկաների կազմակերպման համար համապատասխան պայմաններ տրամադրելու ցանկություն չեն հայտնում, քանի որ դա պահանջում է հավելյալ ռեսուրս: Վերջնական ամփոփումից հետո աշխատաշուկայի կարիքների հետազոտությունն առաջիկայում կներկայացվի ուսումնական հաստատություններին:
15:52 - 23 հունիսի, 2021
Պետությունն ու հասարակությունը ԿԳՄՍՆ-ից ակնկալում են ավելի շատ արդյունքներ. Դումանյան

Պետությունն ու հասարակությունը ԿԳՄՍՆ-ից ակնկալում են ավելի շատ արդյունքներ. Դումանյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Խորհրդակցությունը, որին ներկա են եղել ԿԳՄՍ ոլորտները համակարգող փոխնախարարները և գերատեսչության առանձնացված ու կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, վարել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է ԿԳՄՍ ոլորտային աշխատանքների արդյունավետության բարձրացումը` շեշտելով, որ այս փուլում պետությունն ու հասարակությունը նախարարությունից ակնկալում են ավելի շատ արդյունքներ, զարգացման հեռանկարային ծրագրեր:  «Նախարարությունը ձեռնարկել է ոլորտային զարգացման լուրջ ծրագրեր, մի շարք կարևոր քայլեր արդեն արվել են, դրանք պետք է շարունակվեն ավելի հաստատուն տեմպերով»,-  ընդգծել է Վահրամ Դումանյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտային բարեփոխումներին և աշխատանքային կարգապահությանն առնչվող հարցեր:  
11:54 - 23 հունիսի, 2021
Վահրամ Դումանյանը մեկնաբանեց կրթօջախների՝ քաղաքական գործընթացներում ներգրավված լինելու մասին լուրերը

Վահրամ Դումանյանը մեկնաբանեց կրթօջախների՝ քաղաքական գործընթացներում ներգրավված լինելու մասին լուրերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը վստահեցնում է, որ բոլոր կրթական հաստատություններին բազմաթիվ անգամ կոչեր, հորդորներ են եղել, որպեսզի չներգրավվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախընտրական քարոզարշավին և այլ քաղաքական գործընթացներին: Այս մասին Դումանյանն ասաց լրագրողների հետ զրույցում: «Մենք տարբեր ձևաչափերով հորդորել ու կոչ ենք արել, որպեսզի մեր այդ ոլորտից որևէ ռեսուրս չoգտագործվի քաղաքական նպատակներով, և հենց այդպես էլ եղել է: Ես անգամ չգիտեմ, թե ինչպես կարելի է այդ նպատակով օգտագործել ռեսուրսները, չեմ էլ ցանկանում իմանալ: Մենք կատարում ենք մեր աշխատանքը և կրթական բոլոր հաստատությունները պարտավոր են կատարել իրենց վերապահված աշխատանքը: Մնացած հարցերը՝ քաղաքական, ընտրական, կուսակցական, աշխատանքից դուրս ազատ են կատարելու, կարող են և՛ ընտրել, և՛ ընտրվել»,- նշեց Դումանյանը: Նա հավելեց, որ մանկավարժն իրեն չպետք է թույլ տա օգտագործել իր դիրքը քաղաքական նպատակներով: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը շեշտեց, որ վերջին տարիներին կրթօջախները զերծ են եղել և այժմ էլ զերծ են այդ գործընթացներից: «Եթե լինի իրավական հիմք, որ մեկը խախտել է օրենքով սահմանված պահանջը, անմիջապես կենթարկվի օրենքով սահմանված պատասխանատվության»,- նշեց Դումանյանը:
14:37 - 18 հունիսի, 2021
Քննարկվել են հայ-իտալական համագործակցության զարգացման նոր հեռանկարները

Քննարկվել են հայ-իտալական համագործակցության զարգացման նոր հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքը։ «Վահրամ Դումանյանը շնորհավորել է Ալֆոնսո Դի Ռիզոյին դեսպանի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ հայ-իտալական բարեկամական կապերի զարգացման: «Վստահ եմ, որ Ձեր գործունեությունը կնպաստի Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը, ինչպես նաև երկկողմ համագործակցության օրակարգի ընդլայնմանը։ Այդ համատեքստում կարևորում եմ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության բնագավառներում համատեղ իրականացվող ծրագրերը և փորձի փոխանակումը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը: Վահրամ Դումանյանի խոսքով՝ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ արտերկրում գործող 12 ուսումնահետազոտական կառույցներում իրականացվում է հայերենի և հայագիտական առարկաների դասավանդման ծրագիր: Իտալիայում ծրագիրն իրականացվում է Հռոմի Լա՛Սապիենցա և Վենետիկի Կա՛Ֆոսկարի համալսարաններում: Նախարարի պաշտոնակատարն առաջարկել է ընդլայնել ծրագրի իրականացումը՝ ներգրավելով ՀՀ պետական բուհերը, որի արդյունքում հնարավոր կլինի իրականացնել համատեղ կրթական և հետազոտական ծրագրեր, ուսանողների, դասախոսների և երիտասարդ հետազոտողների փոխանակումներ: Վահրամ Դումանյանն առաջարկել է նաև ընդլայնել Erasmus+ համատեղ ծրագրերը, որոնք կնպաստեն երկու պետությունների բուհերի միջազգայնացման գործընթացին և կայուն զարգացմանը: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև 2019 թվականից Երևանի դպրոցներում իտալերենի խորացված ուսուցման փորձնական ծրագրի իրականացումը. 2020-2021 ուսումնական տարում ծրագիրն իրականացվել է 7 հանրակրթական հաստատություններում: Հայ-իտալական համագործակցության շրջանակում Վահրամ Դումանյանը կարևորել է Իտալիայից ժամանած պրոֆեսորների գործունեությունը՝ ուղղված իտալերենի զարգացմանը Հայաստանում. «Առաջարկում եմ զարգացնել ծրագիրը Հայաստանի և Իտալիայի դպրոցների միջև կապերի ստեղծմամբ, դպրոցներում իրականացնել հայկական և իտալական կրթամշակութային համատեղ ծրագրեր, ինչպես նաև դիտարկել աշակերտների մասնակցությամբ երկու երկրներում ամառային դպրոցներ կազմակերպելու հնարավորությունը»: Վահրամ Դումանյանի խոսքով՝ «Գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին» հուշագրի շրջանակում ԿԳՄՍՆ Գիտության կոմիտեն համագործակցում է Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի հետ: 2019 թվականին անցկացվել է հայ-իտալական համատեղ ծրագրերի առաջին մրցույթը՝ մի շարք ուղղություններով: Մրցույթի արդյունքում ֆինանսավորման են երաշխավորվել 4 համատեղ ծրագրեր՝ 2 տարի ժամկետով: Նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև կրթագիտական համատեղ ծրագրերի իրականացումը՝ գիտնականների միջև ուղիղ համագործակցային կապերի ստեղծման և ընդլայնման միջոցով: Նա առաջարկել է համագործակցությունը զարգացնել հետևյալ ուղղություններով՝ ինֆորմատիկա, աստղաֆիզիկա, տարրական մասնիկների ֆիզիկա, միջուկային ֆիզիկա, օպտիկա, կենսաքիմիա և քիմիա: Վահրամ Դումանյանը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին: Անդրադառնալով մշակույթի և ստեղծագործական ոլորտում համագործակցությանը՝ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը տարիներ շարունակ մասնակցում է Վենետիկի ժամանակակից արվեստի միջազգային բիենալեին: 2020 թվականին ևս նախատեսվում էր Հայաստանի մասնակցությունը Վենետիկի ճարտարապետական բիենալեին՝ «HYBRID IDENTITIES» նախագծով, սակայն համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ ցուցահանդեսը հետաձգվել է: Հայկական տաղավարի բացումն ու նախագծի ներկայացումը նախատեսվում է 2021 թվականի օգոստոսին: Վահրամ Դումանյանն առանձնահատուկ կարևորել է «ՌՕՔԵՄՓ Հայաստան. մշակութային ժառանգության պահպանության, կառավարման և արժևորման տարածաշրջանային կենտրոնի ստեղծում» ծրագրի իրականացումը և հույս հայտնել, որ այն կլինի շարունակական, կունենա զարգացման կայուն հիմքեր և մեծապես կնպաստի մշակույթի ոլորտում հայ-իտալական արդյունավետ համագործակցության խորացմանը: Նախարարի պաշտոնակատարը դեսպանին առաջարկել է նաև դիտարկել արվեստի ստեղծագործությունների վերականգնման հայ-իտալական դպրոցի հիմնադրման կամ ՀՀ ուսումնական հաստատություններում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը: Անդրադառնալով սպորտի ոլորտում համագործակցությանը՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի հավաքականներն ակտիվ մասնակցություն են ունեցել մի շարք մարզական միջոցառումների՝ առաջարկելով իրականացնել մարզիչների և մարզիկների փոխանակման ծրագրեր: Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն իր հերթին նշել է, որ երկու երկրների միջև համագործակցությունն իրավամբ սկսվում է մշակութային հարաբերություններից: «Այդ առումով պատահական չէ, որ գործադիր մարմնի անդամներից իմ առաջին հանդիպումը հենց ԿԳՄՍ նախարարի հետ է: Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերություններն ավելին են, քան զուտ երկու պետությունների համագործակցությունը»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ այդ համագործակցությունը հատկապես ակտիվ է մշակութային ոլորտում: Ալֆոնսո Դի Ռիզոն կարևորել է Իտալիայի բուհերում հայերենի և հայագիտական առարկաների դասավանդումը՝ առաջարկելով ընդլայնել բուհերի ցանկը՝ օրինակ՝ այն ներդնելով Նեապոլի ուսհաստատություններից մեկում: Դեսպանը շեշտել է նաև ՀՀ դպրոցներում իտալերենի խորացված ուսուցման հարցը՝ ընդգծելով, որ ներկայում իտալերենի նկատմամբ հետաքրքրության աճ կա ամբողջ աշխարհում: Նա պատրաստակամություն է հայտնել զարգացնել ծրագիրը հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև առաջարկել է դիտարկել երաժշտական դպրոցներում իտալերենի դասավանդման հնարավորությունը, ինչը, ըստ Ալֆոնսո Դի Ռիզոյի, լավ հիմք կհանդիսանա՝ հետագայում այն Կոնսերվատորիայում զարգացնելու համար: Դեսպանն ընդգծել է նաև միջբուհական համագործակցության կարևորությունը, հատկապես՝ ՏՏ ոլորտում իտալական փորձը փոխանցելու տեսանկյունից: Նա պատրաստակամություն է հայտնել սերտ համագործակցություն ծավալել նաև մշակութային ժառանգության պահպանության և արվեստի ստեղծագործությունների վերականգնման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»։
19:26 - 17 հունիսի, 2021
Պետությունն ուսուցիչների ատեստավորմանը կնպատակաուղղի 182 մլն դրամ

Պետությունն ուսուցիչների ատեստավորմանը կնպատակաուղղի 182 մլն դրամ

Պետությունը 182 մլն դրամ կհատկացնի հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման նպատակով: «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը կառավարության հունիսի 17-ի նիստում ներկայացրեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։ «Կառավարության որոշման նախագիծը բխում է 2021 թվականի ընթացքում ուսուցիչների ատեստավորում անցկացնելու անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է 182 մլն դրամ ուղղել «Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստում» նոր միջոցառմանը»,-ասաց Դումանյանը: Կրթության ազգային ինստիտուտի լուծարման հետևանքով նախորդ երկու տարում հանրակրթական ուսումնական հաստատություններում չի իրականացվել ուսուցիչների ատեստավորում: Արդյունքում ուսուցիչները տարակարգ ստանալու հնարավորություն չեն ունեցել:  Իսկ Հանրակրթության մասին օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր տարի ուսուցիչների առնվազն 1/5-րդը ենթակա է ատեստավորման: «Ակնկալվում է, որ առաջիկա երկու տարում կատեստավորվեն ոչ միայն այդ տարիներին ատեստավորման ենթակա թվով շուրջ 7400 ուսուցիչները, այլ նաև նախընթաց երկու տարում գործընթացին չմասնակցած ուսուցիչները: Դա զգալիորեն մեծացնում է ատեստավորվողների թիվը ՝ յուրաքանչյուր տարի կրկնապատկելով»,- ասաց Դումանյանը: Ուսուցիչների վերապատրաստման համար անհրաժեշտ գումարը վերաբաշխվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 2021-ի բյուջեով հատկացված միջոցներից: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հիշեցրեց, որ հանրակրթության ոլորտում դեռևս 2019-ից սկսած բարեփոխումների շրջանակում առաջինը վերանայել են ուսուցիչների աշխատավարձերը, դրույքաչափերը: «Հանրակրթության ոլորտում ենթակառուցվածքների էական հիմնանորոգման աշխատանքներ են տեղի ունենում հենց հիմա: Այս տարվա 129 կապիտալ հիմնանորոգման, վերանորոգման և կառուցապատման նախագծերից 105-ը կրթական հաստատություններ են»,-ասաց Ավինյանը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն էլ ասաց, որ փաստացի այսօր 43 օբյեկտի վրա շինարարությունն արդեն սկսված է, որոնցից 3-ը կրթական են:Որոշման նախագիծն արժանացավ Կառավարության հավանությանը:  
12:52 - 17 հունիսի, 2021
ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է առաջին դասարանցիների համար պահանջվող փաստաթղթերի ցանկը

ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է առաջին դասարանցիների համար պահանջվող փաստաթղթերի ցանկը

Առցանց հայտագրումից հետո առաջին դասարան հաճախող երեխաների՝ դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը ծնողները պետք է ուսումնական հաստատություն ներկայացնեն` համաձայն 1640-Ն հրամանով սահմանված կարգի։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:  Սովորողին դպրոց ընդունելու համար ծնողը ներկայացնում է` Դիմում` ուղղված տնօրենին: Երեխայի հանրային ծառայության համարանիշի կամ դրանից օրենքով սահմանված կարգով հրաժարված լինելու մասին տեղեկանքի պատճենը։ Տնօրենի «Իսկականի հետ ճիշտ է» մակագրությամբ պատճենը պահպանվում է սովորողի անձնական գործում: 2 լուսանկար՝ 3x4 չափսի: «ԿԳՄՍ նախարարությունը ստացել է ահազանգեր, որ որոշ դպրոցներ պահանջում են բժշկական տեղեկանք, երեխայի առցանց հայտագրման ծածկագիրը (կոդը) և այլն։ Ուշադրությո՛ւն․ դպրոցը, բացի վերոնշյալ փաստաթղթերից, իրավունք չունի պահանջելու որևէ այլ փաստաթուղթ։ Ծնողները փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր»,- ասված է հաղորդագրության մեջ:
14:56 - 15 հունիսի, 2021
Ուսհաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն. ԿԳՄՍՆ

Ուսհաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը բոլոր քաղաքական ուժերին, ուսումնական հաստատությունների ղեկավարներին և աշխատակիցներին կոչ է անում հետևողականորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները և զերծ մնալ կրթական հաստատություններում քաղաքական քարոզչություն իրականացնելուց, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը:Միաժամանակ նախարարությունը հիշեցնում է, որ «Հանրակրթության մասին»  ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` «Ուսումնական հաստատություններում արգելվում է իրականացնել քաղաքական գործունեություն կամ քարոզչություն»: Նախարարության կողմից համապատասխան շրջաբերական գրություններ են ուղարկվել հանրակրթական, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ` ըստ համապատասխան օրենսդրության այդ հաստատություններում ցանկացած քաղաքական գործունեություն կամ քարոզչություն, ինչպես նաև քաղաքական բնույթ ունեցող գործընթացներին սովորողների մասնակցությունը բացառելու պահանջով: ՀՀ քաղաքացիները, այդ թվում՝ նաև կրթական հաստատությունների ղեկավարներն ու աշխատակիցներն ունեն քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունք, որը կարող են իրացնել ոչ աշխատանքային ժամերին` աշխատանքային լիազորություններից դուրս: 
18:01 - 14 հունիսի, 2021
Հայտնի են 3 առարկաների միասնական քննությունների արդյունքները

Հայտնի են 3 առարկաների միասնական քննությունների արդյունքները

Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է հանրապետության 15 քննական կենտրոններում հունիսի 8-ին անցկացված «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաների միասնական քննությանը մասնակցած դիմորդների թիվը: Ըստ այդմ՝ վերոնշյալ առարկաների քննություններին մասնակցել է 1 513 դիմորդ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: «Աշխարհագրություն» առարկայից քննությանը մասնակցել են բոլոր հայտարարագրվածները՝ 187 հոգի: Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 19 է, իսկ 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 43: Այդ առարկայից միջին միավորը եղել է 13.99: «Համաշխարհային պատմություն» առարկայի քննությանը հայտարարագրված 31 դիմորդներից մասնակցել է 29-ը: Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 7-ն է, 18-20 միավոր հավաքածների թիվը՝ նույնպես 7: Միջին միավորն այս առարկայից եղել է 13.06: «Կենսաբանություն» առարկայի միասնական քննությանը հայտարարագրված 1297 դիմորդներից մասնակցել է 1361-ը: Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը 274 է, իսկ 18-20 միավոր հավաքածների թիվը՝ 305: Միջին միավորն այս առարկայից եղել է 12.75:
17:41 - 11 հունիսի, 2021
Վահրամ Դումանյանը Բելառուսի դեսպանի ուշադրությունը հրավիրել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին

Վահրամ Դումանյանը Բելառուսի դեսպանի ուշադրությունը հրավիրել է ԼՂ-ում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով դեսպանի այցը նախարարություն և կարևորելով երկու երկրների միջև բարեկամական համագործակցությունը՝ Վահրամ Դումանյանը համոզմունք է հայտնել, որ հանդիպման արդյունքում կնախանշվեն մի շարք գործնական քայլեր: Նախարարի պաշտոնակատարը շեշտադրել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համատեղ նախագծերի իրականացումը և փորձի փոխանակման հնարավորությունը: Անդրադառնալով միջբուհական և գիտական համագործակցությանը՝ Վահրամ Դումանյանը կարևորել է կրթական և գիտահետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացումը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում սերտ համագործակցությունը: Նախարարի պաշտոնակատարը նաև մշակույթի ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ 2018 թվականին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Բելառուսի Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2019-2022 թվականների մշակութային համագործակցության մասին» ծրագիրը, համաձայն որի՝ 2019 թվականի մայիսի 16-19-ը կազմակերպվել է «Բելառուսի մշակույթի օրեր Հայաստանում» ծրագիրը: Ըստ Վահրամ Դումանյանի՝ 2020 թվականին Բելառուսում նախատեսվում էր կազմակերպել Հայաստանի մշակույթի օրերը, ինչը, ցավոք, չի կայացել՝ հաշվի առնելով COVID-19 համավարակը և պատերազմով պայմանավորված իրավիճակը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծրագիրը գործում է մինչև 2022 թվականի ավարտը, նախարարի պաշտոնակատարն առաջարկել է Բելառուսում Հայաստանի մշակույթի օրերի կազմակերպման հնարավորությունը դիտարկել 2022 թվականին: Վահրամ Դումանյանն անդրադարձել է նաև առաջիկա 4 տարիների համար երկու երկրների միջև համագործակցության նոր ծրագիր ստորագրելու հնարավորությանը: Նա դեսպանի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին և առաջարկել դիտարկել մոնիթորինգային խմբի ստեղծման հնարավորությունը, որի արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա տարածաշրջանում գտնվող շուրջ 4000 հայկական վանքերը և մշակութային հուշարձանները ոչնչացնելուց կամ աղավաղելուց: Երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության համատեքստում նախարարի պաշտոնակատարն առաջարկել է դիտարկել երկու երկրների երիտասարդների շրջանում համատեղ ամառային ճամբարների, օլիմպիադաների, հավաքների և այլ փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունը: ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկը շնորհակալություն է հայտնել իրենց նախաձեռնություններին և առաջարկներին արագ արձագանքելու համար: Նա Վահրամ Դումանյանին հրավիրել է Բելառուս՝ տեղում ծանոթանալու այդ երկրի գիտակրթական և մշակութային հաստատությունների գործունեությանը, հատկապես՝ ՏՏ ոլորտում բելառուսական փորձին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր և գործնական քայլերի անցնելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերել:
17:18 - 10 հունիսի, 2021
Հունիսի 11-ից 2-րդ փուլով կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրումը

Հունիսի 11-ից 2-րդ փուլով կմեկնարկի առաջին դասարանցիների հայտագրումը

Հունիսի 11-ից՝ ժամը 9։00-ից, hayt.emis.am կայքում կմեկնարկի ՀՀ պետական հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների ընդունելության հայտագրման գործընթացի երկրորդ փուլը, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։ Հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հերթագրվել են 1-ին դասարան գնացող այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր ունի: Մինչ հայտագրման բուն գործընթացը ծնողները հնարավորություն են ունեցել իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը ստուգել համապատասխան համակարգով՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Ակնկալվում է, որ առցանց հայտագրման միջոցով այս տարի մոտ 25 000 երեխա կհաճախի առաջին դասարան: Հիշեցնենք, որ անցյալ տարվանից ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, որոնք տվյալ բնակավայրում միակը չեն, առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով:
16:57 - 10 հունիսի, 2021