ՄԻՊ

ՀՀ Սահմանադրության համաձայն Մարդու իրավունքների պաշտպանն անկախ պաշտոնատար անձ է, որը հետեւում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանված դեպքերում` նաեւ կազմակերպությունների կողմից մարդու իրավունքների եւ ազատությունների պահպանմանը, նպաստում է խախտված իրավունքների եւ ազատությունների վերականգնմանը, իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործմանը:

Մարդու իրավունքների պաշտպանը տարեկան հաղորդում է ներկայացնում Ազգային ժողով իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին: Հաղորդումը կարող է պարունակել օրենսդրական կամ այլ բնույթի միջոցառումների վերաբերյալ առաջարկներ: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են օրենքով սահմանված կարգով Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել անհրաժեշտ փաստաթղթեր, տեղեկություններ եւ պարզաբանումներ, ինչպես նաեւ աջակցել նրա աշխատանքներին: Մարդու իրավունքների պաշտպանի այլ լիազորությունները սահմանվում են Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով: 

2022 թվականի հունվարի 24-ից ՄԻՊ պաշտոնը զբաղեցնում է Քրիստինե Գրիգորյանը։

Պատերազմից հետո եկեղեցու ավերումն ապացուցում է Արցախում Բաքվի ցեղասպան քաղաքականությունը. ՀՀ ՄԻՊ

Պատերազմից հետո եկեղեցու ավերումն ապացուցում է Արցախում Բաքվի ցեղասպան քաղաքականությունը. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանցիների կողմից պատերազմից հետո Մեխակավան բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցու ավերումը ևս մեկ ապացույց է առ այն, որ Արցախում հայերի նկատմամբ տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն։ Այս մասին հայտարարությամբ նշել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Ինչպես հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ՀՀ ՄԻՊ-ը նախ հիշեցրել է, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության ներքո անցնելուց հետո ամբողջությամբ ավերվել է Մեխակավան բնակավայրի Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին, որի օծման և բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2017 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ, ապա ընդգծել, որ եկեղեցու ավերելու փաստը հաստատվում է BBC World News լրատվամիջոցի հրապարակումով (Nagorno-Karabakh: The mystery of the missing church): «Դեռ պատերազմի ժամանակ էին ադրբեջանական զինվորականները հրապարակել տեսանյութ, թե ինչպես են նրանք ցինիզմով անարգանքի, վանդալիզմի ենթարկում հայկական եկեղեցին։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը թարգմանել ու վերլուծել է տեսանյութը, որը բացահայտ վկայում է կրոնական ատելության և հայկական եկեղեցին քանդելու մտադրության մասին»,- ասվում է հայտարարության մեջ։ Արման Թաթոյանն ակնհայտ է համարել այն փաստը, որ եկեղեցին ավերվել է ոչ թե ռազմական գործողությունների, այլ դրանց դադարից հետո: «Տեղի ունեցածը Ադրբեջանում հայատյացության և կրոնական հիմքով ատելության քաղաքականության հերթական արդյունքն է, միջազգայնորեն երաշխավորված կրոնական ազատության կոպիտ ոտնահարում: Սա ևս մեկ ապացույց է առ այն, որ Արցախում հայերի նկատմամբ տեղի է ունեցել էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն»,- շեշտել է ՀՀ մարդու իրավուքնների պաշտպանը:
18:39 - 25 մարտի, 2021
Պետք է թույլ չտալ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ. ՄԻՊ

Պետք է թույլ չտալ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ. ՄԻՊ

1920-ական թվականներին սահմանային հարցրերում իրենց ոչ ձեռնտու իրավիճակներում ադրբեջանական իշխանությունները տեղերում անընդհատ հրահրել են լարվածություն, առաջացրել Խորհրդային Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ ու այդ կերպ առաջացրել խոչընդոտներ սահմանային հանձնաժողովների համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով խորհրդային տարիներից մի դրվագ. «Օրինակ՝ Անդրդաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի 1929թ. փետրվարի 18-ի որոշմամբ հունիսի 27-ին դարձյալ նախաձեռվել էին Ադրբեջանի ՍԽՀ նախկին Ջաբրայիլի և Հայաստանի ՍԽՀ Զանգեզուրի և Մեղրու գավառների վարչատնտեսական սահմաններ անցկացնող հանձնաժողովի աշխատանքները: Սկսվելուց անմիջապես հետո այդ աշխատանքներն անընդհատ խոչընդոտում էին Ղուբաթլուի անտառտնտեսության, Զանգելանի շրջգործկոմի ներկայացուցիչները՝ չնայած սահմանված անգամ քրեական պատասխանատվությանը: Նրանց հրահրմամբ սահմանային նշաններ տեղադրող հողաչափի նկատմամբ տեղի ունեցավ հարձակում, կազմակերպվեց դիմադրություն, որի հետևանքով այդ աշխատանքները օգոստոսի 12-ին արգելակվեցին: Ընդ որում, Ղուբաթլուի անտառտնտեսության ներկայացուցիչ Ազիզ Կուլիևը տեղի մահմեդական բնակչությանը հորդորում էր դիմում-բողոքներ ուղարկել Թիֆլիս, իսկ Զանգելանի շրջգործկոմի ներկայացուցիչ Բասիմ Խալիլովը սպառնալիքներ էր տեղում սահմանագծման աշխատանքներին օժանդակող ոչ քրիստոնյա գյուղացիներին՝ նրանց մեղադրելով «հայերից կաշառք վերցնելու» մեջ: Ադրբեջանական մարմիններն այն ժամանակ էին դեռ անընդհատ ատելություն, թշնամանք հրահրում քաղաքացիական բնակիչների միջև՝ լայնորեն օգտագործելով էթնիկ սկզբունքը: Պետք է դասեր քաղել ներկայի համար և թույլ չտալ ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ»,-գրել է ՄԻՊ-ը:
09:52 - 25 մարտի, 2021
«Գիտուժ» նախաձեռնությունը ՄԻՊ-ին է ներկայացրել իր մտահոգությունները

«Գիտուժ» նախաձեռնությունը ՄԻՊ-ին է ներկայացրել իր մտահոգությունները

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է «Գիտուժ» նախաձեռնության ներկայացուցիչներին։Robomart ընկերության համահիմնադիր Տիգրան Շահվերդյանը, Earlyone և Limetech ընկերությունների հիմնադիր Գևորգ Սաֆարյանը և The Crowdfunding Formula ընկերության համահիմնադիր Գևորգ Պողոսյանը ներկայացրել են իրենց մտահոգություններն այն նախագծի վերաբերյալ, որը նախատեսում է վերացնել գիտության պետական բյուջեից ֆինանսական հատկացումների նվազագույն շեմին վերաբերող երաշխիքը: Դա իր հերթին կարող է հանգեցնել գիտական և գիտատեխնիկական գործունեության ֆինանսավորման համար պետբյուջեից հատկացվող միջոցների կրճատման։ Խոսքը, մասնավորապես, վերաբերում է Կառավարության մարտի 11-ի նիստում որպես չզեկուզվող հարց ընդունված և ԱԺ ուղարկված նախագծերի փաթեթին: Նրանց կարծիքով՝ գիտական գործունեության բնույթը անպիսին է, որ պահանջում է պետական երկարաժամկետ հանձնառություն: Ուստի, իրական արդյունք ապահովելու համար ոչ թե պետք է օրենքով առկա երաշխիքները վերացնել, այլ հատկացվող միջոցների աճն օրենքում ամրագրել։ Արման Թաթոյանը հանդիպմանը նշել է, որ կարևոր սահմանադրական իրավունքներ են ստեղծագործական ազատությունն ու կրթության իրավունքը: Պաշտպանը նշել է, որ նախագծային լուծումները, այդ թվում՝ գիտության վերաբերելիության մասով, պետք է դառնան տարբեր ոլորտների ներկայացուցիչների մասնակցությամբ մանրամասն քննարկման առարկա, և պետք է բացառվի մեխանիկական որևէ մոտեցում՝ առանց հաշվի առնելու բովանդակային հարցերը: Մարդու իրավունքների պաշտպանը պատրաստակամություն է հայտնել իր իրավասության շրջանակում աջակցել բարձրացրած խնդիրների լուծմանը։
22:00 - 24 մարտի, 2021
Վենետիկի հանձնաժողովն ուսումնասիրության է վերցրել Պաշտպանի գործունեության ֆինանսավորման երաշխիքը վերացնող օրինագիծը

Վենետիկի հանձնաժողովն ուսումնասիրության է վերցրել Պաշտպանի գործունեության ֆինանսավորման երաշխիքը վերացնող օրինագիծը

Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովը (Վենետիկի հանձնաժողով) 2021 թվականի մարտի 19-20-ի նստաշրջանում որոշում է կայացրել ուսումնասիրության ներքո առնել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ֆինանսավորման երաշխիքներին վերաբերող օրենսդրական նախագիծը։ Այս հարցը քննարկման է արժանացել Վենետիկի հանձնաժողովի նիստում և այդ հարցին հետևելու որոշումը հանձնաժողովը հրապարակել է: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։ Հիշեցնենք, որ Կառավարությունը հաստատել և Ազգային ժողով է ուղարկել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություն առաջարկող նախագիծ, որով նախատեսվում է վերացնել 8-րդ հոդվածի 5-րդ մասը: Համաձայն օրենսդրական այդ պահանջի՝ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի, ինչպես նաև Պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ նշված նորմի վերացումը կհանգեցնի Պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ անկախության վերացման։ Ավելին, առաջարկվող փոփոխությունը պարունակում է իրական ռիսկ առ այն, որ դա կհանգեցնի միջազգային «A» կարգավիճակից զրկելուն: Սա իր հերթին մեխանիկորեն կզրկի Պաշտպանին, օրինակ, ՄԱԿ-ի կառույցներում ելույթներ ունենալու, միջազգային կառույցների ղեկավար պաշտոններում ընտրելու և ընտրվելու հնարավորությունից։Ավելի վաղ  Մարդու իրավունքների հաստատությունների եվրոպական ցանցի՝ ENNHRI-ի նախագահը բաց նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը Եվրոպայում լավագույն փորձ է և կոչ է արել այն պահպանել։
11:32 - 24 մարտի, 2021
Ադրբեջանական զինուժը կատարել է ոչ միայն պատերազմական, այլև մարդկության դեմ ուղղված հանցագործություններ. ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը

Ադրբեջանական զինուժը կատարել է ոչ միայն պատերազմական, այլև մարդկության դեմ ուղղված հանցագործություններ. ՄԻՊ-ի արտահերթ զեկույցը

COVID-19-ի պայմաններում ադրբեջանական զինված հարձակումների պատճառով այս մահաբեր վիրուսն ունեցավ սրընթաց աճ ոչ միայն Արցախում, այլ նաև Հայաստանում: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը:    «Եթե պատերազմին նախորդած 7 ամսվա տվյալներով արձանագրվել է 951 մարդու մահ, ապա պատերազմի ընթացքում այդ թիվը հասել է 658-ի, իսկ պատերազմից հետո միայն կես ամսվա ընթացքում մահացել է 584 մարդ։   Դրանով ադրբեջանական զինված ուժերը կատարել են ոչ միայն պատերազմական, այլ նաև մարդկության դեմ ուղղված հանցագործություններ:   Տեղի են ունեցել կյանքի, առողջության պահպանման, արժանապատվության և մյուս իրավունքի կոպիտ խախտումներ:   Ուղիղ 1 տարի առաջ՝ 2020 թ. մարտի 23-ին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը աշխարհին կոչ արեց COVID-19 համավարակով պայմանավորված հաստատել հրադադար` «մեր կյանքերի իրական պայքարի» վրա կենտրոնանալու համար։   Ադրբեջանական զինված հարձակումները սկսվեցին պատերազմի, ուժի բացառման միջազգային կոչերի, այդ թվում՝ COVID-19-ի ընթացքում պատերազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ուղիղ պահանջի կոպիտ խախտմամբ:   Ակնհայտ էր, որ COVID-19 համաշխարհային պանդեմիայի ժամանակ հարձակումն էականորեն նպաստելու էր մարդասիրական աղետի:   Որևէ երկրի առողջապահական համակարգ ի զորու չէ լայնածավալ պատերազմի պայմաններում դիմադրել այս մահաբեր վիրուսին:   ՀՀ և Արցախի մարդու իրավունքների պաշտպանների փաստահավաք աշխատանքները վկայում են հենց այս վիրուսի գլոբալ սահմանափակումներն օգտագործելով են Ադրբեջանի զինված ուժերը Արցախի և Հայաստանի բնակչությանը պատճառել զանգվածային մահեր և այլ տառապանքներ:   Մանրամասներն արտացոլված են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում»,- գրել է Թաթոյանը:  
20:53 - 23 մարտի, 2021
ՄԻՊ-ի ֆինանսավորման երաշխիքը Եվրոպայում լավագույն փորձ է և պետք է պահպանվի․ ENNHRI-ի նախագահը դիմել է ԱԺ նախագահին

ՄԻՊ-ի ֆինանսավորման երաշխիքը Եվրոպայում լավագույն փորձ է և պետք է պահպանվի․ ENNHRI-ի նախագահը դիմել է ԱԺ նախագահին

Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի (ENNHRI) նախագահ Քերոլայն Ֆենելին բաց նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին՝ նշելով, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի ֆինանսավորման երաշխիքը Եվրոպայում լավագույն փորձ է և պետք է պահպանվի։ Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։ Նամակում նշված է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ունի միջազգային «A» կարգավիճակ, որը վերջին անգամ ստացել է 2019 թվականի մարտ ամսին, քանի որ ամբողջությամբ համապատասխանում է ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին: Նամակում ընդգծված է, որ Հավատարմագրման (ակրեդիտացիայի) ենթահանձնաժողովը կարող է նախաձեռնել հատուկ ստուգում, որի արդյունքում կարող է պարզվել, որ Մարդու իրավունքների ազգային հաստատության պայմաններն այնպես են փոփոխվել, որ բացասական ազդեցություն ունեն ՄԱԿ-ի Փարիզյան սկզբունքներին համապատասխանության վրա: Սա նշանակում է, որ առաջարկվող փոփոխության հետևանքով Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կարող է զրկվել «A» կարգավիճակից, որը մեխանիկորեն կզրկի Պաշտպանին ելույթներ ունենալ ՄԱԿ-ի կառույցներում՝ բարձրացնելով երկրի համար կարևորագույն նշանակություն ունեցող հարցեր, ինչպես նաև ընտրել և ընտրվել միջազգային կառույցների ղեկավար պաշտոններում (այս պահին բոլոր այդ հնարավորություններից հաստատությունն օգտվում է։ Տե՛ս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի վերջին երկու (1) (2) ուղերձները)։ Բաց նամակում Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցն այս երաշխիքի հարցը դիտարկել է այն համատեքստում, որ ավելի վաղ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունից ՀՀ կառավարության որոշմամբ վերցվել են ավտոմեքենաներ, ինչը բացասական է ազդում Մարդու իրավունքների պաշտպանի ռեսուրսների և հեղինակության վրա։ Ըստ ENNRI-ի նախագահի բաց նամակի՝ առկա գործընթացը և առաջարկվող փոփոխությունը մտահոգություններ են առաջացրել նաև այն տեսանկյունից, որ անհրաժեշտ էին Մարդու իրավունքների ազգային հաստատությունների և հասարակության հետ նախնական ու բովանդակալից խորհրդակցություններ։ Ավելին, Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի նախագահը հատուկ ընդգծել է, որ թեև պատշաճ ֆինանսավորումը մասամբ որոշվում է պետության ընդհանուր ֆինանսական վիճակի հաշվառմամբ, այնուամենայնիվ նույնիսկ ֆինանսական խիստ անբավարար պայմաններում, պետությունները պարտավոր են պաշտպանել հասարակության առավել խոցելի այն անդամներին, որոնք հաճախ են դառնում մարդու իրավունքների խախտումների զոհ: Իշխանության համապատասխան մարմինները պարտավոր են խորհրդակցել մարդու իրավունքների ազգային հաստատության հետ՝ հասկանալու համար՝ ի՞նչ է նշանակում պատշաճ ֆինանսավորում, և որոշումները պետք է հիմնված լինեն օբյեկտիվ չափանիշների վրա։ Վերը նշվածի համատեքստում Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի նախագահը ՀՀ Ազգային ժողովի նախագահին կոչ է արել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի փոփոխությունը դիտարկել վերաբերելի միջազգային չափանիշների ամբողջական դիտարկման համատեքստում՝ երաշխավորելու համար այն, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարողանա շարունակել իր արդյունավետ և անկախ աշխատանքը:
12:25 - 23 մարտի, 2021
ՔՊ–ից և «Իմ քայլ»-ից պահանջում ենք հրապարակայնորեն խստագույնս դատապարտել հայհոյախոսությունը ՄԻՊ-ի հասցեին․ Լրագրողական կազմակերպություններ

ՔՊ–ից և «Իմ քայլ»-ից պահանջում ենք հրապարակայնորեն խստագույնս դատապարտել հայհոյախոսությունը ՄԻՊ-ի հասցեին․ Լրագրողական կազմակերպություններ

Լրագրողական մի շարք կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից  և ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից պահանջում են հրապարակայնորեն խստագույնս դատապարտել հայհոյախոսությունը ՄԻՊ-ի հասցեին, ներողություն խնդրել Արման Թաթոյանից, պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Հայտարարությունում ասվում է․ Մարտի 19-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հայհոյանք է ուղղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հասցեին։ Դրա պատճառը Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի՝ լրագրող Փայլակ Ֆահրադյանի նկատմամբ բռնություն գործադրելու առնչությամբ ՄԻՊ-ի դատապարտող հայտարարությունն էր։ Քաղաքական գործչի հայհոյանքին հավանություն են տվել իշխանության որոշ ներկայացուցիչներ, այդ թվում՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը։ Նմանատիպ այլ գրառումներ են տարածվել, որոնց հեղինակները, պաշտպանության տակ առնելով Հակոբ Արշակյանին, միաժամանակ վիրավորական, անհարգալից վերաբերմունք են դրսևորել ՄԻՊ-ի նկատմամբ՝ փաստորեն, իր պաշտոնեական պարտականությունները հետևողականորեն իրականացնելու համար։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք հայտնում այդ խիստ անպարկեշտ արարքների կապակցությամբ և դատապարտում ենք տեղի ունեցածը։ Այս փաստը հետևանք է վերջին ժամանակներս երկրում ստեղծված ատելության, անհանդուրժողականության մթնոլորտի, երբ այս կամ այն հանրային դեմքի հասցեին հնչեցված նույնիսկ պատշաճ քննադատությունն ընկալվում է որպես «թշնամական գործողություն» և ագրեսիվ արձագանքի առիթ է դառնում։ Չափազանց կարևոր է, որ հատկապես քաղաքական գործիչների և նրանց համակիրների անթույլատրելի պահվածքն արժանանա հանրային պարսավանքի, ավելին՝ մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ Հիշեցնում ենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 332.2 հոդվածի համաձայն՝ «Մարդու իրավունքների պաշտպանին, կապված նրա լիազորությունների իրականացման հետ, սպառնալը կամ նրան վիրավորանք հասցնելը կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով»: Թերևս իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչների այսպիսի վերաբերմունքով է պայմանավորված վերջին շրջանում ՄԻՊ-ի լայնածավալ աշխատանքի թերագնահատումը, դրան քաղաքական ենթատեքստ հաղորդելը։ Էլ ավելի մտահոգիչ է Կառավարության կողմից ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորմանը վերաբերող առաջարկությունը, որը կարող է բացասաբար ազդել այդ կառույցի անկախության երաշխիքների վրա։ Կարծում ենք, որ հետպատերազմյան շրջանում, երբ մարդու իրավունքների պաշտպանվածության առումով Հայաստանում բազմաթիվ նոր սպառնալիքներ են ի հայտ եկել, ՄԻՊ ինստիտուտի դերը շեշտակի բարձրացել է, իսկ աշխատանքի ծավալը՝ մեծացել, այդպիսի վերաբերմունքն անընդունելի է։ Ի դեպ, այս խնդրին անդրադարձել է նաև հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը՝ նշելով, որ նման մոտեցումները կարող են խորացնել Հայաստանում առկա ճգնաժամը, և իշխանությունները պետք է ապահովեն մարդու իրավունքների ինստիտուտների անխոչընդոտ գործունեությունը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք․ -  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից և ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից՝ հրապարակայնորեն խստագույնս դատապարտել հայհոյախոսությունը ՄԻՊ-ի հասցեին, ներողություն խնդրել Արման Թաթոյանից, պատասխանատվության ենթարկել մեղավորներին և երաշխիքներ տալ ապագայում նման վարքագծի բացառման համար։ -   ԱԺ ղեկավարությունից՝ խնդիրը քննարկելու նպատակով ձևավորել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և պաշտոնապես հրապարակել ընդունված եզրակացությունը։ -   Իշխող քաղաքական ուժից՝ վերանայել ՄԻՊ-ի աշխատանքի ոչ օբյեկտիվ գնահատականները և բացառել գրասենյակի ֆինանսավորման եղանակների այնպիսի փոփոխություն, որը կնվազեցնի դրա անկախությունը և արդյունավետությունը։ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ«ՖԵՄԻԴԱ» ՀԿ 
17:39 - 22 մարտի, 2021
Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում բարձրացրել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից էթնիկ զտումների հարցը

Թաթոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում բարձրացրել է ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից էթնիկ զտումների հարցը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանի մարտի 19-ի նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հատուկ ձևաչափով տեսաուղերձն այն մասին, որ 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերն իրականացրել են էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականություն: Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից:  Տեսաուղերձում նշվել է, որ Ադրբեջանում առկա է իշխանությունների աջակցությամբ հայատյացության քաղաքականություն, որը խրախուսվում է մշակութային, սպորտի ու այլ հանրային գործիչների կողմից: Այս ամենը հիմնավորվում է օբյեկտիվ ապացույցներով: Տեսաուղարձում շեշտվում է, որ սեպտեմբերի 27-ից սկսած թե՛ ադրբեջանական, թե՛ թուրքական ԶԼՄ-ների ու սոցիալական ցանցերի մոնիտորինգն արձանագրել է զանգվածային ատելություն և սպանությունների, բռնության, խոշտանգումների կոչեր, որոնք թիրախավորում են նաև հայ երեխաների: Հայերի նկատմամբ էթնիկ պատկանելիության շարժառիթներով հանցագործությունները խրախուսվում են ադրբեջանական իշխանությունների կողմից ու դա հաստատված է ՄԻԵԴ-ի վճիռներով:   Նշվում է, որ նման տեսաուղերձով հանդես գալու հնարավորություն ունեն բացառապես «A» միջազգային կարգավիճակով օժտված մարդու իրավունքների ազգային հաստատությունները:
17:02 - 22 մարտի, 2021
Պնդումները, թե ադրբեջանական ներկայիս տեղակայումների հիմքում խորհրդային պետական սահմանի բաժանումն է, չունեն հիմնավորում. ՄԻՊ

Պնդումները, թե ադրբեջանական ներկայիս տեղակայումների հիմքում խորհրդային պետական սահմանի բաժանումն է, չունեն հիմնավորում. ՄԻՊ

ՀՀ Սյունիքի մարզի շուրջ պետք է ստեղծվի անվտանգության գոտի՝ ՀՀ քաղաքացիների ու առաջին հերթին՝ սահմանային բնակիչների իրավունքները երաշխավորելու նպատակով, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը: «Դա հիմնականում նշանակում է՝ 1) Սյունիքի մարզի համայնքների հարևանությամբ կամ այդ համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ուժերի կամ սահմանապահ զորքերի ծառայողներ չպետք է լինեն 2) Սյունիքի մարզի համայնքերի միջև ճանապարհներին ադրբեջանական ցուցանակներ ու դրոշներ չպետք է լինեն 3) նրանք 10 կմ-ով պետք է հեռացվեն այն վայրերից, որտեղ այսօր գտնվում են 4) ՀՀ զինված ուժերի կամ ՀՀ սահմանապահ զորքերի ծառայողները, որոնք ՀՀ բնակիչների կյանքի, սեփականության ու կենսական մյուս իրավունքների երաշխավորն են, պետք է տեղակայվեն ադրբեջանական ծառայողների տեղակայումների անմիջապես դիմաց 5) անվտանգության գոտին պետք է լինի լիարժեք հասանելի լինի ՀՀ բնակիչների համար՝ սահմանային բնակավայրերում նրանց խաթարված բնականոն կյանքը վերականգնելու նպատակով:Սա ներառում է նաև անվտանգության գոտու տարածքում ջրային ու այլ բնական ռեսուրսներից, անտառներից, հողատարածքներից, այդ թվում՝ արոտավայրերից, խոտհարքներից օգտվելու անարգել հնարավորություն. 6) ենթադրությունները կամ պնդումները, թե ադրբեջանական ներկայիս տեղակայումների հիմքում խորհրդային պետական սահմանի բաժանումն է, չունեն հիմնավորում: Նախ, պատերազմի սպառնալիքի ներքո Սյունիքում հայտնված ադրբեջանական այսօրվա տեղակայումների պատճառով կոպտորեն խախտված են ՀՀ բնակիչների սեփականության, տնտեսական գործունեության և այլ իրավունքներ, ինչպես նաև լրջորեն վտանգված են կյանքի, հոգեկան ու ֆիզիկական անձեռնմխելիության, արժանապատվության և կենսական այլ իրավունքներ: Խոսքը միջազգայնորեն ճանաչված և ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքների մասին է: Բացի այդ էլ պարզապես հարց՝ ո՞վ ասեց, որ Սյունիքում ադրբեջանական ներկայիս տեղակայումներն իրենց պետական սահմանների վրա են: Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի չի ունեցել ո՛չ դեմարկացիա, ո՛չ դելիմիտացիա, իսկ եղածն էլ ամբողջությամբ ընթացել է միջազգային, այդ թվում` մարդու իրավունքների պահանջների կոպիտ խախտումներով: Անվտանգության գոտու այս հայեցակարգի հիմքում մարդու իրավունքներն են: Հիմնավորումները մանրամասն ներկայացրել եմ 2021թ. 5-ի իմ ասուլիսին, իսկ առաջիկայում ավարտին կհասցվի հայեցակարգի վերջնական ամփոփված տարբերակը` զեկույցի տեսքով, և զեկույցը կուղարկվի միջազգային մարմիններին: Զեկույցը վերաբերվելու է Սյունիքի մարզին, իսկ որոշ առանձնահատկություններով` նաև Գեղարքունիքի մարզին: Հայեցակարգի մանրամասները 2021թ. մարտի 17-ին ներկայացրել եմ ՀՀ նախագահին և կարևոր եմ համարում Նախագահի արձանագրումը. «Ադրբեջանի ու Հայաստանի միջև պաշտոնապես սահմանագծում ու սահմանազատում կատարված չեն, ինչը նշանակում է, որ պետական սահմանների որոշման գործընթացն իրավական տեսանկյունից այս պահին առնվազն անորոշ է: Սրան գումարվում են նաև Սյունիքում ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումները կամ դրանց էական վտանգը»: Նման կարևոր պաշտոնական դիրքորոշում Մարդու իրավունքների պաշտպանին հայտնել էր նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, որը մենք հրապարակել էինք 2020թ. դեկտեմբերի 30-ին»,- գրել է Թաթոյանը:
10:37 - 21 մարտի, 2021
ՄԻՊ-ին հրապարակային վիրավորանք հասցնելու համար պաշտոնատար անձանց գրառումները կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն

ՄԻՊ-ին հրապարակային վիրավորանք հասցնելու համար պաշտոնատար անձանց գրառումները կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն

Մարդու իրավունքների պաշտպանին իր լիազորությունների իրականացման կապակցությամբ  հրապարակային վիրավորանք հասցնելու և բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար պաշտոնատար անձանց գրառումները կուղարկվեն ՀՀ գլխավոր դատախազություն։ Այս մասին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «1.  Նման բովանդակությամբ գրառումները սկիզբ են առել երեկվանից՝ 2021թ. մարտի 18-ից, երբ Մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ՝ դատապարտելով մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից։ Ընդ որում, Պաշտպանի երեկվա հայտարարությամբ ոչ թե նշվել են հնարովի, այլ միջազգային փաստաթղթերում ամրագրված ու տարիների միջազգային պրակտիկայով արմատավորված կանոններ, որոնք երաշխավորելու պարտավորություն ստանձնել է նաև Հայաստանի Հանրապետությունը: Այդ հայտարարությունից անմիջապես հետո թե՛ Պաշտպանի հաստատության սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում, թե՛ լրատվամիջոցների հրապարակումների ներքո սկիզբ է առել ու այսօր ողջ օրվա ընթացքում շարունակվել գլխավորապես կեղծ էջերից ակնհայտ կազմակերպվածությամբ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին աջակցող լայն ծավալի արշավ՝ Պաշտպանի հասցեին ուղղված վիրավորանքներով ու ատելության խոսքով, ինչպես նաև բռնությունը, այդ թվում՝ լրագրողների  նկատմամբ, անթաքույց խրախուսող մեկնաբանություններով: Այն, որ կեղծ օգտահաշիվներից նշված մեկնաբանություններն ուղղորդված են, ակնհայտ է դառնում նրանից, որ դրանք գրեթե բոլորը նույնաբովանդակ են, բացահայտ շահարկող բնույթի՝ նպատակ ունենալով աղավաղել Պաշտպանի հայտարարության բովանդակությունը՝ միաժամանակ նույնությամբ կրկնելով անհայտ ծագման կայքերի հրապարակած տվյալներ։ Սոցիալական ցանցերի ու լրատվամիջոցների մշտադիտարկմամբ արձանագրվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների իրականացման կապակցությամբ Պաշտպանին ուղղված վիրավորանք, ատելություն և բացահայտ անհարգալից վերաբերմունք պարունակող, ցինիզմով արված հրապարակումներ, որոնք կատարել են  հանրային տարբեր պաշտոն զբաղեցնող անձինք: Հարցն առավել խնդրահարույց է դառնում այն ֆոնին, որ պաշտոնյաների կողմից նշված բնույթի գրառումներ արձանագրվել են նաև նախորդ մի քանի ամիսներին (օրինակ՝ Շուկայի վերահսկողության տեսչական  մարմնի պաշտոնատար անձ), և խնդիրը ստանում է տևական բնույթ: Մարդու իրավունքների պաշտպանն այս արատավոր երևույթները գնահատելու հարցում կարևոր գործոն է համարում այն, որ նույն սկզբունքով նույնաբնույթ գրառումներ արել են նաև Հայաստանում գործադիր իշխանության բարձրագույն մարմին և ԱԺ-ում կառավարող խմբակցություն ձևավորած կուսակցության ներկայացուցիչները, այդ թվում՝ վերահսկող հանձնաժողովի անդամ: Ուսումնասիրությունը վեր է հանել նաև, որ Մարդու իրավունքների պաշտպանի հասցեին ուղղված վիրավորական գրառումներին հավանումով աջակցություն են հայտնել հանրային պաշտոն զբաղեցնող անձինք (օրինակ՝ Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը, Կոտայքի մարզի Սոլակ համայնքի ղեկավարը, Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարը, ով ներկայում նշված կուսակցության անդամ է), ինչպես նաև բարձրաստիճան պաշտոնատար անձ՝ ՀՀ Ազգային ժողովի կառավարող խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Նշված անձինք պետք է բարձր պարտավորվածություն զգան սեփական վարքագծի նկատմամբ, ցուցաբերեն զսպվածություն և սեփական օրինակով նպաստեն համերաշխությանը ու ցույց տան բարձր հարգանք մարդու իրավունքների նկատմամբ: Նրանց այդ գրառումներն ու հավանումները խորքային սխալ քարոզով արդարացնում են հասարակությունում պաշտոնյայի, այն էլ հանրային ճանաչում ունեցող բարձրաստիճան պաշտոնյայի կողմից բռնության գործադրումը քաղաքացու նկատմամբ, հաշվի չեն առնում լրագրողական աշխատանքի առանձնահատկությունները և պաշտոնյայի հանրային պատասխանատվության սահմանները: Հատկապես մտահոգիչ է, երբ բռնություն խրախուսող գրառմանը հրապարակային հավանումով աջակցում է բարձրաստիճան պաշտոնատար անձ: Ուստի, այդ անձանց նման արարքները բացարձակ դատապարտելի, իրենց կարգավիճակը խախտող երևույթներ են: Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ բացահայտ ցինիզմով արված գրառումներից մեկը, որի հեղինակն է վերը նշված կուսակցության վերահսկող հանձնաժողովի անդամը, ստացել է լայն տարածում գրեթե բոլոր լրատվամիջոցներով ու արժանացել հանրային քննարկման հենց այն ընկալմամբ, որ իրենից ներկայացնում է բացահայտ անհարգալից վերաբերմունք ու վիրավորանք՝ ուղղված Պաշտպանին: Դա մեծապես նպաստել է Պաշտպանի հաստատության գործառույթների վերաբերյալ սխալ պատկերացումներ տարածելուն: Ցավոք, նշված բոլոր գրառումները վկայում են նաև այն մասին, որ դրանց հեղինակների մոտ առկա է Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական  գործառույթների տարրական չիմացություն: Ուստի, առաջիկայում կիրակացվի թիրախային իրազեկման արշավ Պաշտպանի սահմանադրական գործառույթների վերաբերյալ: Հատուկ նորից հիշեցնում ենք, որ ՀՀ Սահմանադրության 193-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են աջակցել Մարդու իրավունքների պաշտպանին: Այս պարտականությունն ամրագրված է նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածում: Հետևաբար, Մարդու իրավունքների պաշտանի` որպես անկախ, բացառապես ապաքաղաքական սկզբունքների վրա հիմնված աշխատանքի խոչընդոտների բացառումը, անկախ աշխատանքի համար օբյեկտիվ պայմանների ապահովումը և Պաշտպանին աջակցելը Սահմանադրությամբ ու սահմանադրական օրենքով բոլոր պաշտոնյաների համար ամրագրված ուղիղ պարտականությունն է և վերջ: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանը հանրային պաշտոն զբաղեցնող բոլոր անձանցից պահանջում է գիտակցել իրենց սահմանադրական պարտականությունները մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների նկատմամբ և սեփական կարգավիճակի լրջությունը, բացառել անպատասխանատու և անհեռատես վերաբերմունքը Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության նկատմամբ: Եվ վերջում. հաշվի առնելով, որ նշված անձանց արարքները պարունակում են Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության երաշխավորմանն ուղղված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, ինչպես նաև ընդհանուր ազդեցությամբ խրախուսում են բռնությունն ու ատելությունը՝ այդ բոլոր գրառումներն ու մեկնաբանությունները ներկայում ամփոփվում են՝ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկելու նպատակով»: Նշենք, որ լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա: Վերջինիս վրա հարձակման մասին հաղորդումը ՀՀ գլխավոր դատախազությունն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու։ Նախարարն իր հերթին անդրադարձել էր իրավիճակին՝ նշելով, որ պատրաստ է կրել պատասխանատվություն։
11:17 - 20 մարտի, 2021
Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտումներ․ ՄԻՊ-ը հրապարակել է փաստեր, որոնց մասին արձանագրումներն ուղարկելու է միջազգային մարմիններին

Ադրբեջանն իրականացրել է էթնիկ զտումներ․ ՄԻՊ-ը հրապարակել է փաստեր, որոնց մասին արձանագրումներն ուղարկելու է միջազգային մարմիններին

Արցախում 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական իշխանություններն իրականացրել են էթնիկ զտումներ ու ցեղասպանության քաղաքականություն և այս ամենը շարունակվում է նաև ներկայում: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՄԻՊ գրասենյակը՝ անդրադառնալով Հադրութի շրջանում օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարություններին: «Հրապարակում ենք միայն փաստեր ու այդ փաստերից բխող հարցեր. սա ի՞նչ է, եթե ոչ ատելություն բարձրագույն իշխանության մակարդակով էթնիկ և կրոնական հիմքով, սա ի՞նչ է, եթե ոչ Արցախում էթնիկ զտումների ու ցեղասպանության քաղաքականության մասին ապացույց, սա ի՞նչ է, եթե ոչ ֆաշիստական վերաբերմունք: Ադրբեջանի նախագահի խոսքերը բառացի թարգմանությամբ Արցախի Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի XII-րդ դարի «Սուրբ Աստվածածին» հայկական եկեղեցի այցի ընթացքում. «Սա ալբանական եկեղեցի է: Հայերը փորձել են այս եկեղեցին ևս հայկականացնել, այստեղ հայերենով գրություններ են գրել, բայց դա նրանց չի հաջողվել: Սա մեր հնագույն տաճարն է, մեր ուդի եղբայրների տաճարն է և նրանք այստեղ ևս գալու են: Ինչպես որ մեր մզկիթներն են պղծել, այնպես էլ հնագույն ալբանական տաճար են պղծել հայերը: Բայց մենք վերականգնելու ենք, այս բոլոր գրությունները կեղծ են: Դրանք հետո ավելացված գրություններ են: Նրանք իրենց համար կեղծ պատմություն են ստեղծել: Մինչդեռ, դա նրանց չի հաջողվել (…) թուրքական մզկիթ է: Ամբողջը կեղծել են, դարձրել են աղբանոց: Տե՛ս, այս վայրն ինչ օրն են գցել, հետո էլ ասում են հայկական է»: Ծակուռիի XII-րդ դարի «Սուրբ Աստվածածին» եկեղեցին գյուղի նախկին վանքային համալիր «Ծաղկավանքն» է, որից պահպանվել է «Սուրբ Աստվածածին» եկեղեցին։ Ըստ խաչքարերի՝ այն 1198 թվականից է և տարբերվում է իր կլոր դռնով։ Եկեղեցին Արցախի միջնադարյան ճարտարապետական ու մշակույթի գլուխգործոցն է: Մի քանի օր առաջ նաև հաստատվեց, որ ավերվել է ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող Շուշի քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, որ հայտնի է «Կանաչ ժամ» ժողովրդական անվանումով։ Ընդ որում, եկեղեցին ավերվել է ոչ թե պատերազմի, ոչ թե զինված հարձակումների ժամանակ, այլ դրանց ավարտից հետո։ Այս փաստերը 2021թ. մարտի 18-ի  կարևոր հայտարարությամբ հաստատել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս փաստերի մասին արձանագրումները ևս կուղարկի միջազգային համապատասխան մարմիններին: Բայց հատուկ արձանագրում ենք, որ տարիներ ի վեր Ադրբեջանում հայաատյացությունն ու թշնամանքը պետական բարձրագույն մակարդակով սերմանվել է հենց այս կերպ ու դա ոչ միայն էթնիկ, այլ նաև կրոնական հիմքերով է: Սույն հայտարարությամբ հրապարակված փաստերն ակնհայտ վկայում են, որ Արցախում 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ադրբեջանական իշխանություններն իրականացրել են էթնիկ զտումներ ու ցեղասպանության քաղաքականություն և այս ամենը շարունակվում է նաև ներկայում: Ադրբեջանի նախագահի այս նույն ելույթներից ու բառերից ոգեշնչված էին ադրբեջանական զինվորները խոշտանգում, գլխատում, զվարճանքի համար կտրում մարմինների մասեր ու կատարում այլ վայրագություններ հայկական կողմից զինծառայողների ու քաղաքացիական անձանց նկատմամբ 2016թ. ապրիլյան ու 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում»,- ասված է ՄԻՊ հայտարարության մեջ:
11:09 - 19 մարտի, 2021
Մարդու իրավունքների պաշտպանը՝ ԲՏԱ նախարարի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Մարդու իրավունքների պաշտպանը՝ ԲՏԱ նախարարի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասին

Որևէ պատճառ չի կարող արդարացնել մասնագիտական աշխատանք կատարող լրագրողի նկատմամբ բռնությունը, առավել ևս՝ պաշտոնյայի կողմից: Ասել է Մարդու իրավունքների պաշտպանը նախարարի և լրագրողի այսօրվա միջադեպի մասին: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ իրենց կողմից ուսումնասիրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ու լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև այսօր սրճարանում տեղի ունեցած միջադեպի հրապարակված հանգամանքները:  Աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ տեղի է ունեցել առանձնազրույց լրագրող Փայլակ Ֆահրադյանի հետ, որը պնդել է, որ նախարարն  իր հետ խոսել է հայհոյանքներով, տվել սպառնալիքներ, իր նկատմամբ գործադրել է բռնություն և կոտրել համակարգիչն ու վնասել հեռախոսը: Նա Պաշտպանի աշխատակազմին տեղեկացրել է, որ իր նկատմամբ բռնության գործադրումից առաջ ինքը մոտեցել է նախարարին և հարցեր տվել այն մասին, թե ինչ է նախարարն անում աշխատանքային ժամին սրճարանում:  Պաշտպանի աշխատակազմն առանձնազրույց է ունեցել նաև լրագրող Տաթև Այվազյանի հետ, որը նշել է, որ նույն սրճարանում է գտնվել Փայլակ Ֆահրադյանի հետ միասին և լսել է նախարարի սպառնալիքներն իր գործընկերոջ հասցեին, ինչպես նաև բռնության միջադեպից հետո նախարարը հայհոյել է նաև իրեն:  Ըստ Փ.Ֆահրադյանի  և Տ.Այվազյանի՝ նախարարն իմացել է, որ իրենք լրագրողներ են:  Պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է նաև միջադեպի վերաբերյալ տարածված տեսանյութերն ու լրագրողի վարքագծի վերաբերյալ ավելի ուշ արված հրապարակումները: Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ լրագրողների մասնագիտական գործունեությունը պաշտպանված է օրենքով: Ցանկացած պարագայում նախարարն իրավունք չուներ բռնություն գործադրել քաղաքացու նկատմամբ:   Նախարարի վարքագիծն առավել ևս դատապարտելի է այն պայմաններում, երբ ինքը տեղյակ էր, որ իրեն հարցեր է տալիս լրագրող և որ ինքը բռնություն է գործադրում լրագրողի նկատմամբ: Որպես կարևոր հանգամանք՝ Մարդու իրավունքների պաշտպանը հարկ է համարում առանձնացնել, որ լրագրողը մոտեցել է հանրային ճանաչում ունեցող բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախարարի, դա տեղի է ունեցել հանրային, այլ ոչ թե մասնավոր վայրում և այդ նույն վայրում էլ տեղի է ունեցել բռնության միջադեպը: Պաշտոնյաները, առավել ևս բարձրաստիճան պաշտոնատար անձինք, պարտավոր են ցուցաբերել հանդուրժողականություն բոլոր այն դեպքերում, երբ լրագրողները տալիս են իրենց դուր չեկող հարցեր կամ իրենց նկատմամբ ցուցաբերում են քննադատական վերաբերմունք: Ավելին, նրանք պետք է իրենց հանրային վարքագծով օրինակ լինեն, հատկապես եթե դա վերաբերում է բռնության բացառմանը: Հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձ ունի լիազորությունների սպառիչ շրջանակ և սահմանափակված է իր իրավական կարգավիճակի սահմաններով: Որևէ պատճառ չի կարող արդարացնել պաշտոնատար անձի կողմից մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողի նկատմամբ բռնությունը: Ցանկացած հարց, ինչ էլ որ լինի, պետք է լուծվի բացառապես պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակում՝ համապատասխան իրավասությունն ունեցող մարմինների կողմից: Միջադեպի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից համապատասխան գրություն կուղարկի Գլխավոր դատախազություն:  Այս պահի դրությամբ՝ Պաշտպանի աշխատակազմն արձանագրել է, որ ՀՀ դատախազությունը միջադեպի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն:
10:17 - 19 մարտի, 2021
ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը քննարկել են Սյունիքում անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը

ՀՀ նախագահն ու ՄԻՊ-ը քննարկել են Սյունիքում անվտանգության գոտի ստեղծելու հայեցակարգը

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:  Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են գերիների վերադարձի և անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։ Հանդիպմանը Մարդու իրավունքների պաշտպանը նախագահին է ներկայացրել Սյունիքում բնակիչների իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը։ Արման Թաթոյանը շեշտել է, որ սահմաններին առնչվող գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից պատերազմի բացահայտ սպառնալիքի, ադրբեջանական բարձրագույն իշխանությունների հայատյացության պետական քաղաքականության պայմաններում: Դրանից բացի, ադրբեջանական զինված ուժերի ծառայողները կրակոցներ են արձակում ՀՀ Սյունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ, ինչը լրջորեն վտանգում է բնակիչների կյանքի իրավունքն ու նրանց ֆիզիկական անվտանգությունը: Բնակիչների իրավունքների տեսանկյունից սադրանքներ ու անհանգստություն են առաջացրել ադրբեջանական զինվորականների, ցուցանակների ու դրոշների առկայությունը Սյունիքի համայնքների միջև ճանապարհներին: Առկա են նաև սեփականության իրավունքի կոպիտ խախտումներ: Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև պաշտոնապես սահմանագծում ու սահմանազատում կատարված չեն, ինչը նշանակում է, որ պետական սահմանների որոշման գործընթացն իրավական տեսանկյունից այս պահին առնվազն անորոշ է: Սրան գումարվում են նաև Սյունիքում ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտումները կամ դրանց էական վտանգը:
17:43 - 17 մարտի, 2021
Պատերազմի ընթացքում ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է մոտ 10.000–ով․ ՄԻՊ

Պատերազմի ընթացքում ՀՀ–ում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է մոտ 10.000–ով․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը զեկույց է հրապարակել, որում անդրադառնում է ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած պատերազմի հետևանքով Հայաստանում նոր կորոնավիրուսի (COVID-19) ստեղծված իրադրությանը։«1. 2020թ. մարտի 1-ից սեպտեմբերի 26-ը ընկած ժամանակահատվածում, այսինքն` 7 ամսվա ընթացքում գրանցվել է COVID-19-ով վարակման 49400 դեպք,2. պատերազմի ժամանակ՝ միայն 2020թ. սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը, այսինքն` ընդամենը մեկուկես ամսվա ընթացքում այս թիվը հասել է 59287, 3. պատերազմից անմիջապես հետո՝ 2020թ. նոյեմբերի 10-ից 30-ը, այսինքն` միայն կես ամսվա ընթացքում`վարակման դեպքերի թիվը հասել է 27280-ի: Մանրամասները Մարդու իրավունքների պաշտպանի այս արտահերթ զեկույցում են, որը կոնկրետ օրինակներով ցույց է տալիս ադրբեջանական զինված ուժերի կատարած մարդկության դեմ ուղղված հանցագործությունները. Զեկույցի բոլոր վերլուծությունները հիմնված են ՀՀ Առողջապահության նախարարության հավաստի պաշտոնական տվյալների վրա»,- ասվում է ՄԻՊ Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:    
17:30 - 17 մարտի, 2021
Թաթոյանը դիմել է ՍԴ՝ հաշմանդամություն ունեցող օդաչուների իրավունքների վերականգնման հարցով

Թաթոյանը դիմել է ՍԴ՝ հաշմանդամություն ունեցող օդաչուների իրավունքների վերականգնման հարցով

Հ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր դիմել է Սահմանադրական դատարան՝ հաշմանդամություն ունեցող օդաչուների խախտված իրավունքների վերականգնման հարցով: Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «Մասնավորապես, դիմումով վիճարկվում են Քաղաքացիական օրենսգրքի, Աշխատանքային օրենսգրքի, Կառավարության երկու որոշումների այն դրույթները, որոնք չեն սահմանում գործուն մեխանիզմներ ու դա հանգեցրել է նրան, որ հաշմանդամություն ունեցող օդաչուների իրավունքները Կառավարության ու դատական շուրջ 15 տարիների քաշքշուկների պատճառով խախտվել են ու շարունակվում են մնալ խախտված: Այս գործը դասական օրինակ է, թե ինչպես կառավարության տարբեր մարմինների կողմից հարցն իրար վրա գցելու, դատական քաշքշուկների ներքո պատսպարվելու ու հարցի լուծման օրենսդրական հիմքեր այդպես էլ չապահովելու արդյունքում մարդիկ տարիներ շարունակ զրկված են աշխատավայրում դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալու իրավունքից: Հաշմանդամություն ստացած օդաչուները տարիների ընթացքում ամեն կառավարության հետ նորովի են ստիպված լինում բարձրացնել իրենց իրավունքների պաշտպանության հարցերը, սակայն վերջում միևնույնն է՝ ամեն անգամ ստանում են միայն խուսափողական, խնդրի լուծում չապահովող, չհիմնավորված վախերով պատճառաբանվող ու մարդկանց միայն հույսեր ներշնչող նույնաբովանդակ պատասխաններ: Այս գործն օրինակ է, թե ինչպես է գործադիր իշխանության համակարգի բյուրոկրատիան խաթարում իրավունքի գերակայության գաղափարը և ինչպես է կոպտորեն ոտնահարվում մարդու՝ բարձրագույն արժեք լինելու սահմանադրական սկզբունքը: Այս գործը ցույց է տալիս, որ գործնականում չի ապահովվում պետության պատասխանատվությունը մարդու ու նրա կոնկրետ խնդիրների նկատմամբ, հարգանքը նրա կոնկրետ իրավունքների հանդեպ, որքան էլ ռազմավարական տարբեր փաստաթղթերում Կառավարությունները տարիներ շարունակ ամրագրել են մարդու իրավունքների պաշտպանության գաղափարներ: Բյուրոկրատական նման քաշքշուկները մարդկանց աչքերում արժեզրկում, զրոյացնում են այդ բոլոր գաղափարները, դրանք դարձնում են հռչակագրային անիրական «մտքեր»: Օդաչուների գործը Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ առաջին անգամ մուտքագրվել է 2006 թվականին, այսինքն՝ 15 տարի առաջ: Այս տարիների ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանները տասնյակներով գրություններ են հասցեագրել պետական համապատասխան մարմիններին՝ անհրաժեշտ օրենսդրական ուսումնասիրություններով և հարցի լուծման առաջարկներով, կազմակերպել կամ նախաձեռնել են քննարկումներ: Տեղի են ունեցել մի քանի տասնյակ հանդիպումներ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Արդարադատության նախարարության, «ՀՀ քաղավիացիայի հաշմանդամ օդաչուների» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների և հարցի կարգավորման գործում ներգրավված այլ կողմերի միջև: Խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնվել է նաև Մարդու իրավունքների պաշտպանների զեկույցներում և հաղորդումներում: 2004 թվականին Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել որոշման մի դրույթ, որով կազմակերպության լուծարման կամ վերակառուցման հետևանքով գործունեության դադարեցման դեպքում վնասը փոխհատուցում է նրա իրավահաջորդը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` պետական բյուջեն: Բանն այն է, որ ներպետական օրենսդրությամբ բացակայում են իրավական կառուցակարգեր՝ ուղղված կազմակերպության լուծարման կամ բացակայության դեպքում աշխատավայրում դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալուն: Արդյունքում, օդաչուները զրկվել են դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցման ամենամսյա վճարներից: 2006 թվականից մինչ 2020 թվականը կազմակերպության լուծարման վերաբերյալ դատական գործընթացների ավարտին սպասել են նաև օդաչունները, որոնց նպատակն է եղել վերջնական դատական ակտ ունենալուց հետո օրենսդրական նախաձեռնության ճանապարհով ստանալ վնասի հատուցման համար նախատեսված գումարները: Ավելի քան 7 տարի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շրջանառության է դրել այդպես էլ իրականություն չդարձած օրենքի նախագիծ, որի նպատակն է կազմակերպության լուծարման դեպքում լուծել դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով տուժած անձանց վնասի հատուցման հարցը: Մինչդեռ, տարիներ շարունակ նախագծի ընդունման չհիմնավորված ձգձգումներն ապացուցում են, որ կառավարությունները չեն գործադրել և շարունակում են չգործադրել հետևողական ջանքեր մարդկանց իրավունքների խախտումները վերացնելու ուղղությամբ: 2017 և 2020 թվականներին Կառավարության հետ քննարկումները և ձեռք բերված աշխատանքային պայմանավորվածությունները արձանագրել են խնդրի լուծմանն ուղղված որոշակի դրական տեղաշարժեր: Այդպիսի տեղաշարժերից էր խնդրի լուծմանն ուղղված օրենադրական նախաձեռնությունը: Մինչդեռ, 2020 թվականին Արդարադատության նախարարությունը նախագծի ընդունման վերաբերյալ ներկայացրել է բացասական եզրակացության արդյունքում գործընթացը կանգ առավ: Դրանից հետո, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ու հաշմանդամություն ունեցող օդաչուների մասնակցությամբ քննարկումները ակնհայտ դարձրեցին, որ խնդրի լուծման կոնկրետ քայլեր մինչ օրս չեն ներկայացվել: Արդյունքում, ստեղծվել է իրավիճակ, որով անտեսվում են նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները: Փաստորեն, ստացվել է այնպես, որ թեև պատկան մարմիններից որևէ մեկը չի ժխտում, որ առկա է խնդիր, բայց այդ խնդիրը շարունակում է մնալ չլուծված, իսկ մարդու իրավունքը՝ չվերականգնված: Հաշվի չի առնվում նաև հաշմանդամություն ստացած օդաչուների տարիքային ու առողջական վիճակը, կյանքի տևողությունը, որը միայն պետք է նպաստեր այդ հարցի հրատապ ու նրանց համար հարցի հնարավորինս նպաստավոր լուծմանը, այլ ոչ թե քաշքշուկներով մատնվեր տարիների անթույլատրելի մոռացության: ՀՀ կառավարությունն [իր մարմիններով] պարտավոր է առավելագույն սեղմ ժամկետներում այս հարցին տալ այնպիսի լուծում, որը կապահովի հաշմանդամություն ստացած օդաչուների իրավունքների լիարժեք իրացումը: Այսպիսով, Սահմանադրական դատարան ներկայացված Մարդու իրավունքների պաշտպանի դիմումով վիճարկվում են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1086-րդ հոդվածի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 236-րդ հոդվածի, ինչպես նաև կյանքի կամ առողջությանը պատճառված վնասի հատուցմանն առնչվող ՀՀ կառավարության երկու որոշումների՝ ՀՀ Սահմանադրության 29-րդ, 60-րդ, 75-րդ, 78-րդ և 81-րդ հոդվածներին համապատասխանությունն այնքանով, որքանով դրանցով ամրագրված չեն գործուն իրավական կառուցակարգեր՝ ուղղված կազմակերպության լուծարման կամ բացակայության դեպքում աշխատավայրում դժբախտ դեպքերի, մասնագիտական հիվանդությունների հետևանքով կյանքին և առողջությանը պատճառված վնասի հատուցում ստանալուն: Մենք շարունակելու ենք Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում գործադրել առկա բոլոր հնարավորությունները՝ օդաչուների խախտված իրավունքների վերականգնման նպատակով»,- գրել է նա:
21:14 - 16 մարտի, 2021
Գերիների ազատ արձակումն ու վերադարձը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է. ՄԻՊ

Գերիների ազատ արձակումն ու վերադարձը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը նվիրված ասուլիսի ընթացքում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարություններին հայ գերիների վերաբերյալ: Ստորև՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունը. «2021թ. մարտի 15-ին ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը նվիրված ասուլիսին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է. «Ադրբեջանն, իր ստանձնած պարտավորություններին համապատասխան, բոլոր գերիներին վերադարձրել է Հայաստանին»: Հայտարարությամբ նաև նշվել է, որ «նոյեմբերի 26-ին Հայաստանի Շիրակի մարզից (…) զինված անձինք ռազմագերիներ չեն»: Ադրբեջանի իշխանությունների այս հայտարարությունները պարբերական բնույթ ունեն: Հաշվի առնելով, որ հարցը վերաբերում է Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայողների ու քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանությանը և այն, որ չպետք է թույլ տալ փաստերի աղավաղված ներկայացում միջազգային կառույցներին՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում մանրամասն անդրադառնալ նշված հայտարարություններին:  Թե՛ նոյեմբերի 9-ի հայտարարությունից առաջ, թե՛ դրանից հետո ու ներկայում էլ առկա է ընթացող (շարունակվող) զինված հակամարտություն (ongoing armed conflict): Այս եզրահանգումն ուղղակիորեն բխում է միջազգային մարդասիրական իրավունքից և նշանակում է, որ Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողներն ու քաղաքացիական անձինք կարգավիճակով գերիներ են, պաշտպանված են միջազգային իրավունքով և պետք է անհապաղ ազատ արձակվեն ու անվտանգ վերադարձվեն: Գերիների ազատ արձակումն ու վերադարձը պարտադիր կատարման ենթակա միջազգային պահանջ է, այլ ոչ թե ադրբեջանական իշխանությունների «բարի կամքը» կամ նրանց «լավությունը»: Այս պահանջը միջազգային իրավունքում գործում է՝ անկախ կոնկրետ հակամարտությունների վերաբերող փաստաթղթերում ամրագրված լինելուց ու պետք է կատարվի առանց նախապայմանների:   Ադրբեջանի իշխանությունների վարքագիծն ու հայտարարությունները վկայում են առնվազն հետևյալի մասին. 1) նրանք արհեստական են ձգձգում հայկական կողմի գերիների ազատ արձակումն ու վերադարձը, 2) չարաշահում են իրավական ընթացակարգերը և նենգափոխում միջազգային իրավունքի պահանջները՝ գերիների նկատմամբ հարուցելով քրեական հետապնդումներ ու ազատությունից զրկելն օգտագործում՝ որպես պատիժ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում կոնկրետ օրինակներով ապացուցված է, որ այս պրակտիկան կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները, 3) օգտագործում են  հարցը քաղաքական նպատակների համար: Խոսքն, օրինակ, վերաբերում է անկախ լրատվամիջոցների հրապարակումներին այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները գերիների վերադարձի հարցն օգտագործում են Արցախում տարածքների փոխանակման, սակարկությունների ու քաղաքական այլ նպատակների համար, 4) շահարկում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ գերիների վերադարձին առնչվող 8-րդ կետը և այն կապում հայտարարության այլ կետերի հետ՝ ակնհայտորեն օգտվելով առիթից, որ դրանում նշված չէ այդ պարտավորության կատարման ժամկետ: 5) դիտավորությամբ շարունակաբար հոգեկան տառապանք են պատճառում գերիների ու անհայտ կորածների ընտանիքներին, ինչպես նաև խաղում են հայաստանյան ու արցախյան հասարակության զգացմունքների հետ, 6) իրենց պահվածքով հանրային լարվածություն են ստեղծում Հայաստանում ու Արցախում, 7) մարդու իրավունքների պահանջների կոպիտ խախտմամբ չեն հրապարակում Ադրբեջանում առանց որևէ օրինական հիմքի պահվող հայկական կողմի գերիների իրական թիվը: Հետևաբար, ադրբեջանական զինված ուժերի գերեվարած հայ զինծառայողներից ու քաղաքացիական անձանցից որևէ մեկին «ահաբեկիչ» կոչելը միջազգային մարդասիրական իրավունքի ու, առհասարակ, մարդու իրավունքների միջազգային իրավունքի կոպիտ խախտումներ է: Այս պնդումը հատկապես բխում է 1949 թվականի Ժնևի երրորդ կոնվենցիայի պահանջներից:  Ադրբեջանի նախագահի ու արտաքին գործերի նախարարի հայտարարությունները գերիների վերաբերյալ ուղղակիորեն հակասում են նաև 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի մտադրություններին ու այդ հայտարարության կիրառության պրակտիկային: Մասնավորապես, այդ հայտարարության 8-րդ կետի պահանջի հիման վրա Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ Ադրբեջանին է փոխանցել Արցախում հանցանքներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանություն կատարած և դատապարտված երկու անձի: Ադրբեջանը նույն սկզբունքով Հայաստանին է փոխանցել այդ երկրում ֆորմալ դատապարտված հայերի: Ավելին, տեղի է ունեցել նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո գերեվարված անձանց վերադարձ նույնպես:  Հետևաբար, նշված հայտարարությունը պետք է կիրառվի ինչպես նոյեմբերի 9-ից առաջ, այնպես էլ դրանից հետո բոլոր իրավիճակների նկատմամբ. այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմական գործողությունների հետևանքներով պայմանավորված՝ առկա է մարդու իրավունքների պաշտպանության ու մարդասիրական գործընթացի օբյեկտիվ անհրաժեշտություն: Սկզբունքային առումով է անթույլատրելի է գերիների հարցը սոսկ եռակողմ հայտարարության ամսաթվով պայմանավորելը:  Եվս մեկ անգամ հստակ շեշտում ենք, որ, անկախ գերեվարվելու ամսաթվից, Ադրբեջանում պահվող հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք գերիներ են իրենց կարգավիճակով:  Նման մեխանիկական մոտեցումն անթույլատրելի է:   Վերը շարադրվածից բացի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հավաքագրած հավաստի ապացույցները հաստատում են, որ գերեվարված անձանց թիվն ավելի շատ է, քան ադրբեջանական իշխանությունները հաստատել են: Դա վերաբերում է նաև մինչև թվով 44 գերիների մեկ խմբով վերադարձին և ներառում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից առաջ՝ պատերազմական գործողությունների փուլում գերեվարված անձանց: Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է բազմաթիվ դեպքեր, երբ չնայած տեսանյութերով ու այլ ապացույցներով հաստատվող դեպքերին՝ ադրբեջանական իշխանության մարմինները մերժում են անձանց գտնվելու փաստն իրենց մոտ կամ ձգձգում են հաստատման գործընթացը: Գերիների ազատ արձակման հարցի բացարձակ հրատապությունը պետք է դիտարկել նաև Ադրբեջանում պետական աջակցությամբ հայատյացության քաղաքականության համատեքստում, ինչը բազմիցս հաստատվել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի՝ օբյեկտիվ ապացույցների հիման վրա հրապարակած զեկույցներով:  Այս փաստը հաստատված է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մի շարք վճիռներով:   Ուստի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հրավիրում է միջազգային հանրության ու հատկապես մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կառույցների ուշադրությունն Ադրբեջանի իշխանությունների, տվյալ դեպքում՝ Արտաքին գործերի նախարարի հայտարարության վրա: Անհրաժեշտ է ապահովել մարդասիրական և մարդու իրավունքների միջազգային պահանջների բացարձակ գործողությունն ու հայկական կողմի գերիների անհապաղ ազատ արձակումն ու վերադարձը առանց որևէ նախապայմանի»:
10:19 - 16 մարտի, 2021