ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բնագավառներում ՀՀ կառավարության քաղաքականությունը:

Նախարարն է Վահրամ Դումանյանը։ 

Անթույլատրելի է ուսուցչին որպես շահախնդիր ու կոռումպացված կերպար ներկայացնելու երևույթը․ ԿԳՄՍՆ

Անթույլատրելի է ուսուցչին որպես շահախնդիր ու կոռումպացված կերպար ներկայացնելու երևույթը․ ԿԳՄՍՆ

Օրերս «Շանթ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվել է «Women’s Club 79» հաղորդաշարի «Վերջին դաս» վերտառությամբ սկետչը, որի բովանդակությունը, մեղմ ասած, վրդովմունք է հարուցել մանկավարժների շրջանում, և ՀՀ ԿԳՄՍՆ-ն բազմաթիվ բողոքներ է ստանում ուսուցիչներից ու կրթության ոլորտի մասնագետներից: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: ԿԳՄՍ նախարարությունը՝ գտնելով, որ այդ սկետչը դուրս է հումորային ձևաչափից, դատապարտում ու անթույլատրելի է համարում ուսուցչին որպես շահախնդիր ու կոռումպացված կերպար ներկայացնելու, հանրության շրջանում նրա ընդհանրական վարկն արատավորելու երևույթները: Հաղորդաշարի հեղինակները հաշվի չեն առել այն փաստը, որ հարյուր հազարավոր երեխաներ այդ հաղորդումը դիտելուց հետո իրենց ուսուցիչներին ենթագիտակցորեն նույնականացնելու են սկետչի «հերոսուհու» լկտի ու ամբարտավան կերպարի, իսկ իրենց՝ «հերոս աշակերտների» կերպարների հետ: Դրա հետևանքների վերլուծությունը թողնում ենք մասնագետներին: Ծնողներին, բարձր դասարանների աշակերտներին ու շահագրգիռ բոլոր քաղաքացիներին ու կազմակերպություններին կոչ անելով պայքարել դպրոցներում նմանօրինակ արատավոր երևույթների դեմ՝ ԿԳՄՍՆ-ն միաժամանակ ինչպես տվյալ հաղորդաշարի խմբագրակազմին, այնպես էլ մյուս հեռուստաընկերությունների պատասխանատուներին հորդորում է հետայսու զերծ մնալ դպրոցը, ուսուցչին և աշակերտին այդօրինակ վարկաբեկիչ ու գռեհիկ կողմերով ներկայացնելու գործելաոճից, ինչը միանշանակ խաթարում է մատաղ սերնդի կրթության ապահովման գործընթացը, խեղաթյուրում է երեխաների հոգեբանությունը՝ բարձրակարգ արժեքների փոխարեն սերմանելով արատավորն ու եղկելին: Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ ԿԳՄՍՆ-ն այս շրջանում բազմաբովանդակ բարեփոխումների փուլում է, որոնք առնչվում են ինչպես կրթության որակի բարելավմանը, այնպես էլ ուսուցչի դերի և հեղինակության բարձրացմանը: Այս ճանապարհին պետությունն ունի թե՛ հասարակության, թե՛ ԶԼՄ-ների աջակցության կարիքը, և անգամ ճիշտ ու նպատակային պատրաստված հումորային հաղորդումները՝ զերծ գռեհկաբանությունից և արատավոր բարքեր սերմանելուց, օգտակար կլինեն այդ գործընթացում:  
14:57 - 10 հունիսի, 2021
Հաստատվել են ուսումնարանների և քոլեջների 2021-2022 ուստարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը

Հաստատվել են ուսումնարանների և քոլեջների 2021-2022 ուստարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը

ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2021-2022 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) ընդունելության տեղերը հաստատելու մասին» որոշումը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: ՀՀ կառավարության կողմից անվճար ուսուցման ընդունելության տեղերի հատկացման նպատակն է խրախուսել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին, ինչպես նաև պատրաստել մասնագետներ` ըստ ՀՀ աշխատաշուկայի պահանջների:     Ընդունելության տեղերը հաստատվել են` ըստ պետական կառավարման լիազորված մարմինների, որոնց ենթակայությամբ գործում են նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունները: Պետական կառավարման լիազորված մարմինը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության որոշումը, անվճար ուսուցման ընդունելության տեղերն ըստ մասնագիտությունների կհատկացնի իր ենթակայությամբ գործող ուսումնական հաստատություններին: Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը կհատկացվեն 56 ուսումնական հաստատության` 42 մասնագիտությամբ, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` 77 ուսումնական հաստատության` 105 մասնագիտությամբ: Ընդհանուր առմամբ նախնական մասնագիտական կրթական ծրագրով կտրամադրվի 4682 անվճար ուսուցմամբ ընդունելության տեղ, որից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 3312, իսկ ՀՀ ոստիկանությանը՝ 1370: Միջին մասնագիտական կրթական ծրագրով կտրամադրվի 5784 անվճար ուսուցմամբ ընդունելության տեղ, որից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ 5614, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեին՝ 15, ՀՀ ոստիկանությանը՝ 65, իսկ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ 90: Որոշման նախագիծը մշակելիս, ըստ աշխատաշուկայի պահանջարկի, հաշվի է առնվել ուսումնական հաստատությունների՝ մասնագետներ պատրաստելու հնարավորությունները (լիցենզիա, նյութատեխնիկական բազա, համապատասխան մասնագետներ), ինչպես նաև ըստ մասնագիտությունների հաստատություններին հատկացվելիք տեղերի նվազագույն քանակի ապահովումը: Հաշվի առնելով վերոգրյալը և այն հանգամանքը, որ ՀՀ մարզերում բնակվում է սոցիալապես ավելի անապահով խավ, անվճար ուսուցման տեղերն առաջնահերթ կհատկացվեն ՀՀ մարզերում գործող նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին: Ներկայում մարզերում գործող ուսումնական հաստատությունների ուսանողների շուրջ 95 տոկոսը սովորում է անվճար ուսուցման համակարգում: ՀՀ օրենսդրությամբ սահմանված արտոնություն ունեցող դիմորդները միջին մասնագիտական կրթական ծրագրով առնվազն ընդունելության անցումային միավոր հավաքելու դեպքում մրցույթից դուրս պահուստային տեղերի հաշվին կընդունվեն անվճար ուսուցման համակարգ, որի նպատակով 2021-2022 ուսումնական տարվա համար նախատեսվել է 160 պահուստային տեղ: Այն կհատկացվի ուսումնական հաստատություններին՝ ըստ մասնագիտությունների և արտոնություն ունեցող դիմորդների: Նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրով նախատեսված պահուստային տեղերից նախատեսվում է տրամադրել փորձարարական կարգով նոր ներդրվող մասնագիտություններին, մասնավորապես «Վերականգնվող էներգիայի էներգետիկ կայանների մոնտաժում, նորոգում և սպասարկում» մասնագիտությանը, իսկ միջին մասնագիտական կրթական ծրագրով` «Ռոբոտաշինություն» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի» որակավորմամբ, «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությանը՝ «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» և «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ» որակավորումներով, «Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման» որակավորմամբ և «Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտությանը՝ «Տեխնիկ` Էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման» որակավորմամբ: Պահուստային տեղերի ավելացման դեպքում որոշակի տեղեր կհատկացվեն նաև պետության համար գերակա հանդիսացող այն մասնագիտություններով, որոնցով կլինեն հատկացված տեղերից ավելի դիմորդներ, որոնք մրցույթով ընդունվել են վճարովի ուսուցման համակարգ: Կառավարության որոշման նախագծի մշակման գործընթացում ներգրավված են եղել ՀՀ շահագրգիռ գերատեսչությունները, գործատուներին ներկայացնող կազմակերպությունները, քաղաքապետարանը, մարզպետարանները և պետական ուսումնական հաստատությունները, որոնց հայտերի հիման վրա մշակվել է նախագիծը:
14:44 - 10 հունիսի, 2021
Մեկնարկել են գերազանցության մեդալի հավակնորդների քննությունները |tert.am|

Մեկնարկել են գերազանցության մեդալի հավակնորդների քննությունները |tert.am|

tert.am: Գերազանցության մեդալի հավակնորդներն այսօր հանձնել են առաջին կենտրոնացված քննությունը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն: Ըստ հանրակրթական դպրոցների ներկայացրած հայտերի՝ այս տարի մեդալի հավակնորդների թիվը 192 է։  Մեդալի կենտրոնացված քննությունների անցկացման նպատակով ձևավորվել է 3 քննական կենտրոն. Երևանում՝  ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում, Սյունիքում՝ Գորիսի թիվ 3 ավագ դպրոցում, Շիրակում՝ Գյումրու թիվ 45 հիմնական դպրոցում։ Մեդալի կենտրոնացված քննությանը հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանն այցելել են ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց, որտեղ այսօր քննություն են հանձնել մեդալի 50 հավակնորդ։ Շիրակի և Սյունիքի քննական կենտրոններում քննություն է հանձնել համապատասխանաբար 34 և 24 հավակնորդ։ Մնացած հավակնորդները հանձնելու են ընդունելության միասնական քննություն, որը հիմք կհամարվի նաև գերազանցության մեդալի տրամադրման համար (18 միավոր և բարձր ստանալու դեպքում)։ Մեդալի հաջորդ՝ «Մաթեմատիկա» առարկայի կենտրոնացված քննությունը տեղի կունենա հունիսի 23-ին։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԵՊՀ առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցում քննությունների ընթացքին հետևելուց բացի, ծանոթացել է դպրոցում ընթացող նորոգման և բարեկարգման աշխատանքներին։ Դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալն ու նախարարության ներկայացուցիչները շրջել են դպրոցում, որտեղ ներկայում ընթանում է ձեղնահարկի և կտուրի վերակառուցում։ Դպրոցի տանիքային հարկը կդառնա լաբորատորիաների սրահ․ այդտեղ նախատեսվում է ռոբոտաշինության և ֆիզիկայի ժամանակակից ուսումնական լաբորատորիաների հիմնում։ Նորոգման և տեխնիկական հագեցվածության ապահովման հարցերում աջակցում են Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի նախկին շրջանավարտները։ Այս տարվա մայիսին դպրոցում բացվել է նաև հրաձգարան, տեղադրվել են հիշատակի եղևնի և հուշաքար՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում ուսումնական հաստատության զոհված շրջանավարտների։  
16:40 - 09 հունիսի, 2021
Վահրամ Դումանյանը Թուրքմենստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

Վահրամ Դումանյանը Թուրքմենստանի դեսպանի հետ քննարկել է համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Ողջունելով դեսպանին՝ Վահրամ Դումանյանը կարևորել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև առկա բարեկամական կապերը՝ համոզմունք հայտնելով, որ երկու երկրների հարաբերություններում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցությունը հատուկ տեղ է գրավում: Նրա խոսքով՝ համատեղ նախագծերի իրականացումը և փորձի փոխանակման հնարավորությունն ուղղակիորեն նպաստում են երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: «Այդ կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել նաև մեր երկրում Թուրքմենստանի դեսպանության կարևոր դերը և շնորհակալություն հայտնել մեր համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու համար»,- շեշտել է նախարարի պաշտոնակատարը: Միջբուհական համագործակցության զարգացման համատեքստում Վահրամ Դումանյանը կարևորել է դրա կայուն զարգացման ապահովման հնարավորությունը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացման միջոցով՝ ընդգծելով, որ ՀՀ բուհերում ներկայում սովորում են Թուրքմենստանի 30 քաղաքացիներ: Նախարարի պաշտոնակատարը նաև գիտության ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամություն է հայտնել՝ Թուրքմենստանի գործընկեր կառույցների հետ համատեղ գիտահետազոտական ծրագրեր կյանքի կոչելու միջոցով: Այդպիսի համագործակցությունը, ըստ Վահրամ Դումանյանի, հեռանկարային է գիտության ոլորտում նոր ծրագրեր և նախաձեռնություններ իրականացնելու համար: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը կարևորել է նաև մշակույթի և ստեղծագործական ոլորտում համագործակցությունը՝ երկու երկրներում անցկացվող միջազգային միջոցառումներին թատերական արվեստի վարպետների, անհատ կատարողների, ստեղծագործական խմբերի և մշակութային կազմակերպությունների մասնակցությամբ: Վահրամ Դումանյանն առաջարկել է քննարկել Հայաստանում և Թուրքմենստանում արհեստների և կերպարվեստի ցուցահանդեսներ կազմակերպելու, ինչպես նաև 2020 թվականին համատեղ մշակված մշակույթի և արվեստի բնագավառում երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության ծրագիրը ստորագրելու հնարավորությունը: Նախարարի պաշտոնակատարը դեսպանի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդրին և առաջարկել է դիտարկել այդ ժառանգության պահպանության նպատակով մոնիթորինգային խմբի ստեղծման հնարավորությունը: Վահրամ Դումանյանը նշել է, որ մոնիթորինգային խմբի գործառույթներից կլինեն նաև զինված հակամարտության ընթացքում թույլ տրված խախտումների արձանագրումը և հումանիտար ճգնաժամի ծավալների գնահատումը՝ հույս հայտնելով, որ խմբի ստեղծման արդյունքում Ադրբեջանը զերծ կմնա տարածաշրջանում գտնվող շուրջ 4000 հայկական վանքերը և մշակութային հուշարձանները ոչնչացնելուց և դրանց ծագումն աղավաղելուց: Երիտասարդության և սպորտի ոլորտներում համագործակցության համատեքստում նախարարի պաշտոնակատարն առաջարկել է դիտարկել երկու երկրների երիտասարդների շրջանում համատեղ ճամբարների, օլիմպիադաների և այլ փոխանակման ծրագրերի իրականացման հնարավորությունը՝ կարևորելով երիտասարդ սերունդների միջև շփումների համար անհրաժեշտ նոր հարթակների և հնարավորությունների ստեղծումը: Վահրամ Դումանյանն առաջարկել է նաև զարգացնել համագործակցությունը սպորտի ոլորտում՝ համատեղ հավաքների և փոխանակման ծրագրերի իրականացման միջոցով: Նախարարի պաշտոնակատարը նաև շնորհակալություն է հայտնել  Թուրքմենստանում մեր հայրենակիցների հանդեպ դրսևորված ջերմ վերաբերմունքի համար: ՀՀ-ում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովն իր հերթին նշել է, որ կարևորում և մեծ ուշադրություն են դարձնում ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությանը և շնորհակալություն հայտնել թուրքմենական կողմի նախաձեռնություններին արագ արձագանքելու և աջակցելու համար: Նա անդրադարձել է երկու երկրների համատեղ միջոցառումներին, մասնավորապես նշվել է, որ 2019 թ. նոյեմբերի 5-7-ը Թուրքմենստանում կայացել են Հայաստանի մշակույթի օրեր, որի շրջանակում տեղի են ունեցել մի շարք ցուցադրություններ, փորձի փոխանակման և վարպետության դասեր: 2020 թ. մայիսի 4-6-ը նախատեսվում էր իրականացնել «Թուրքմենստանի մշակույթի օրերը Հայաստանում» ծրագիրը, սակայն կորոնովիրուսի  համաճարակով պայմանավորված՝ ծրագիրը հետաձգվել է: Դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում այն կյանքի կկոչվի: Մուհամետգելդի Այազովն անդրադարձել է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական և Թուրքմենստանի ազգային կոնսերվատորիաների, Հայաստանի ազգային ագրարային և Թուրքմենստանի Ս. Ա. Նիյազովի անվան գյուղատնտեսական համալսարանների, ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության և Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի սեյսմաբանության և ֆիզիկայի ինստիտուտների, ինչպես նաև երկու երկրների մայր բուհերի միջև համագործակցության ընդլայնման հարցերին: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
15:13 - 09 հունիսի, 2021
Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը կփորձարկվեն Տավուշի մարզում. նոր ուսպլանի նախագիծ

Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը կփորձարկվեն Տավուշի մարզում. նոր ուսպլանի նախագիծ

Առարկայական նոր չափորոշիչներն ու ծրագրերը փորձնական նպատակով կներդրվեն Տավուշի մարզի պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել առարկայական նոր չափորոշիչների փորձարկման ուսումնական պլանի նախագիծը, որը նախատեսված է 2021-2022 ուսումնական տարվա ընթացքում ՀՀ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներում փորձարկող դասարանների համար:  Առաջարկվող նախագծով` ուսումնական հաստատությանը վերապահվում է  սեփական ուսումնական պլանը մշակելու գործառույթ: Փորձարկվող ուսումնական պլանը կունենա երկու բաղադրիչ` պետական և դպրոցական։ Ուսումնական պլանի պետական և դպրոցական բաղադրիչները պարտադիր են և պետական դպրոցներում ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից: Պետական բաղադրիչով` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից կսահմանվեն  պարտադիր առարկայացանկում ընդգրկված առարկաներին հատկացված նվազագույն ժամաքանակները և երաշխավորված առարկայացանկը: Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը կհատկացվի դպրոցի  կողմից սահմանված նախընտրելի առարկաներին, խմբակներին, ուսումնական նախագծերին՝ սովորողների ընտրությամբ: Փորձարկող դասարաններում սովորողների շաբաթական ծանրաբեռնվածությունը կսահմանի  դպրոցը: Դպրոցական (անհատական) բաղադրիչի ժամերը` որպես ուսումնական խմբակներ, կհատկացվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված «Առողջ ապրելակերպ» դասընթացին, ինչպես նաև «Մասնագիտական կողմնորոշման ակումբներ» ծրագրին` 8-11-րդ դասարաններում, ռազմամարզական ճամբարների ծրագրին` 10-11-րդ դասարաններում` ՆԶՊ-ի ուսուցման շրջանակում: Փորձարկող դասարաններում ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաների ծրագրերը երաշխավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի` ԿԳՄՍ նախարարության կողմից։ Ըստ առաջարկվող ուսպլանի` 10-րդ դասարանում դասավանդվում է առնվազն երկու օտար լեզու, որոնցից մեկը ռուսերենն է, մյուսը՝ կա՛մ անգլերենը, կա՛մ ֆրանսերենը,  կա՛մ գերմաներենը, կա՛մ էլ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված առարկայական ծրագիր ունեցող որևէ այլ լեզու: Ավագ դպրոցում ուսուցումն իրականացվում է հիմնական և նպատակային առարկայական ծրագրերով։ Այդ նպատակով դպրոցում ձևավորվում են համապատասխան ուսումնական  խմբեր։ Դպրոցի՝ առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկման մեջ չընդգրկված դասարաններում ուսումնական աշխատանքներն ամբողջությամբ իրականացվում են «Հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների օրինակելի ուսումնական պլանների ընդհանրական պարզաբանումների» պահանջներին համապատասխան: Ուսումնական պլանով տրված են պարզաբանումներ փորձարկման ծրագրում ներառված բոլոր դասարանների համար նախատեսված ուսումնական բնագավառների և դասավանդվող առարկաների  վերաբերյալ: Առաջարկվում է փորձարկվող դասարանների ֆինանսավորումն իրականացնել`  հիմք ընդունելով  նոր չափորոշչի հիման վրա մշակված ուսումնական պլանը: Շահագրգիռ կազմակերպություններն ու մասնագետներն առարկայական նոր չափորոշիչների ու ծրագրերի  փորձնական ուսումնական պլանի վերաբերյալ իրենց կարծիքներն ու առաջարկները կարող են ներկայացնել մինչև 2021 թվականի հունիսի 21-ը: Նշենք, որ 2022-2023 ուսումնական տարում էլ առարկայական չափորոշիչների և ծրագրերի փորձարկումը կիրականացվի Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների համապատասխանաբար 3-րդ, 6-րդ, 8-րդ և 11-րդ դասարաններում:
11:55 - 09 հունիսի, 2021
Մարզերում նախորդ տարի հիմնվել է 21 նախակրթարան. Դումանյանը ներկայացրեց ոլորտի բյուջեի կատարողականը |armenpress.am|

Մարզերում նախորդ տարի հիմնվել է 21 նախակրթարան. Դումանյանը ներկայացրեց ոլորտի բյուջեի կատարողականը |armenpress.am|

armenpress.am: Մարզերում 2020 թվականին հիմնվել են 21 նոր նախակրթարաններ: Այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը: «Ընթանում են նախադպրոցական կրթության մեջ երեխաների ներգրավվածության մեծացմանն ուղղված աշխատանքներ: 21 նոր նախակրթարաններ են հիմնվել մարզերում՝ ապահովելով 5-6 տարեկան 462 երեխաների ընդգրկումը նախադպրոցական կրթական ծառայություններում: Ձեռք են բերվել մոդուլային տիպի 140 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզի բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթեր»,- ասաց Դումանյանը: Հանրակրթության համակարգում, ինչպես 2019-ին, գործել է 1 335 պետական դպրոց, սովորողների փաստացի թիվը կազմել է 388 հազար 422 աշակերտ՝ 2019-ի 361 հազար 925-ի դիմաց: Սոցիալապես անապահով ընտանիքների և սահմանամերձ համայնքների դպրոցների տարրական դասարանների երեխաներին շարունակել են տրամադրվել անվճար դասագրքեր: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում, որի շրջանակում տարրական դասարանի երեխաները դպրոցում ստանում են սնունդ, 2014-2019 թթ. ընդգրկվել է 6 մարզ, 2021-2023 թթ. կընդգրկվեն մնացած մարզերը: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ 2020-ին ավագ դպրոցներում ստեղծվել են լաբորատորիաներ: Երևանում և 8 մարզերում ներդրվել է համընդհանուր ներառական կրթության համակարգը:
15:47 - 08 հունիսի, 2021
ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

Կարևորելով սահմանամերձ համայնքներում դպրոցաշինական ծրագրերի որակյալ իրականացումը,  հանրակրթական, միջին մասնագիտական և բուհական կրթության զարգացման ծրագրերի իրագործումը, ինչպես նաև առկա խնդիրներին արագ արձագանքելու անհրաժեշտությունը` ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզի Գորիս համայնքում: Ինչպես հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Վահրամ Դումանյանի այցը մեկնարկել է Գորիսի թիվ 1 ավագ դպրոցից, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Նախարարը շրջել է դպրոցի տարածքում, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, զրուցել շինարարների, դպրոցի տնօրենի և ուսուցչական կազմի հետ: Նշենք, որ Գորիսի թիվ 1 ավագ դպրոցի հիմնանորոգումն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ֆինանսավորմամբ:  Ըստ աղբյուրի՝ սահմանամերձ համայնքներում միջին մասնագիտական կրթության ապահովման և զարգացման համատեքստում Վահրամ Դումանյանն այցելել է նաև Գորիսի պետական քոլեջ, ծանոթացել ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազային, տնօրենի հետ քննարկել միջին մասնագիտական  կրթության  և ոլորտին առնչվող  մի շարք հարցեր: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակում Վահրամ Դումանյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ Ազգային ժողովի՝ Սյունիքի մարզից ընտրված պատգամավորները, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մասնակցել են Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին դասին» նվիրված միջոցառմանը, ինչպես նաև այցելել են Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց, որտեղ ևս աշակերտները տոնական հանդիսություն են ներկայացրել:
19:46 - 04 հունիսի, 2021
Վահրամ Դումանյանը ներկա է գտնվել Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին դասին» նվիրված միջոցառմանը

Վահրամ Դումանյանը ներկա է գտնվել Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին դասին» նվիրված միջոցառմանը

ՀՀ  ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ՀՀ Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում մասնակցել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին դասին» նվիրված արարողությանը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը: Միջոցառման մեկնարկից առաջ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակը: ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ոչ միայն որպես ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար, այլև որպես կրթության ու գիտության ոլորտում երկար ճանապարհ անցած ներկայացուցիչ, դպրոցն ավարտելու կապակցությամբ շնորհավորելով շրջանավարտներին, նշել է, որ կրթությունը լուսավոր ապագա կառուցելու  լավագույն հիմքն է:    «Շարունակելով ուսումնառությունը հաջորդ աստիճաններում՝ պետք է հիշեք, որ կրթությունն անվտանգության, հզորության, հաջողության, ճիշտ մտածողության լավագույն երաշխիքն է, հետևաբար, ամեն ինչ սկսվում է ճիշտ կրթությունից: Հրաշք տղաներին մաղթում եմ գլուխը բարձր, հպարտ ծառայություն՝ խաղաղ պայմաններում, աղջիկներին՝ երջանկություն, բոլորին՝ առողջություն, անամպ երկինք և բազում ժիտներ»,- Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի շրջանավարտներին իր բարեմաղթանքներն է հղել Վահրամ Դումանյանը՝ նաև շնորհակալություն հայտնելով նրանց ծնողներին ու մանկավարժներին:
17:18 - 04 հունիսի, 2021
Նոր հեռանկարներ սպորտի ոլորտում՝ հայ-սերբական հարաբերություններում

Նոր հեռանկարներ սպորտի ոլորտում՝ հայ-սերբական հարաբերություններում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչին: Աշխատանքային հանդիպման օրակարգում եղել են սպորտի ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: Ողջունելով դիվանագետին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Սերբիան ունեն պատմական և քաղաքակրթական ընդհանրություններ, ինչն ամուր հենք է բարեկամական կապերի զարգացման և ընդլայնման համար: ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ հայկական կողմը հետաքրքրված է Սերբիայի՝ հատկապես խաղային մարզաձևերի զարգացման հարցում ունեցած հաջող փորձով: «Ի թիվս մի շարք այլ ոլորտների՝ հայ-սերբական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն նաև սպորտի բնագավառում: Բարձր ենք գնահատում Սերբիայի՝ խաղային մարզաձևերի՝ հանդբոլի, բասկետբոլի, վոլեյբոլի և այլնի, զարգացման գործում ունեցած մեծ փորձը և պատրաստ ենք ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ փորձի փոխանակմանն ուղղված և այլ համատեղ ծրագրերի իրականացման համար»,- ասել է նա:  ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչը, շնորհակալության հայտնելով հանդիպման և ջերմ ընդունելության համար, նշել է, որ Սերբիայի երիտասարդության և սպորտի նախարարությունը ևս հետաքրքրված է երկկողմ հարաբերությունների խորացմամբ: Դիվանագետի խոսքով՝ հայերն ու սերբերը սպորտային ժողովուրդներ են, և համատեղ ծրագրերը կնպաստեն կապերի առավել զարգացմանը, հետևաբար այս հանդիպումը կարող է դառնալ այդ ուղղությամբ առաջին կարևոր քայլը:  Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Սերբիայի սպորտային ենթակառուցվածքներին և դրանց հնարավորություններին, քննարկվել են նաև տարբեր մարզաձևերի հավաքականների համատեղ հավաքների, մարզիչների, մրցավարների, տեխնիկական անձնակազմերի համար սեմինարների անցկացմանը և երկու երկրներում բարձր արդյունքներ գրանցող մարզիկներին տրվող աջակցության ծրագրերին վերաբերող հարցեր: Կարևորվել է նաև փոխգործակցությունն ու փորձի փոխանակումն ադապտիվ և մասսայական սպորտի, սպորտային կրթության զարգացման գործում: Այս համատեքստում շեշտվել է փոխայցելությունների, տեղում միմյանց փորձին ծանոթանալու և սպորտի բնագավառում հուշագրի ստորագրման անհրաժեշտությունը: ԿԳՄՍ նախարարի տեղակալը և ՀՀ-ում Սերբիայի Հանրապետության ժամանակավոր հավատարմատարը համոզմունք են հայտնել, որ համատեղ ջանքերի և պայմանավորվածությունների հետևողական իրականացման շնորհիվ կհաջողվի հայ-սերբական համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնել:
18:22 - 03 հունիսի, 2021
Տեղի է ունեցել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի առաջին նիստը․ վարել է Դումանյանը

Տեղի է ունեցել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի առաջին նիստը․ վարել է Դումանյանը

Հունիսի 2-ին տեղի է ունեցել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի (ԿԶՆԱԿ) հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը, որը վարել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար, խորհրդի նախագահ Վահրամ Դումանյանը: Տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։ ԿԶՆԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են պատասխանատուներ ԿԳՄՍՆ-ից և պետական այլ կառույցներից, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև միջազգային գործընկերներ` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ և հայաստանյան գրասենյակի տնօրեն Ե. Միլոշևիչը, ՌԴ ճյուղային սննդի ինստիտուտի նախագահ Վ. Չերնիգովը: Նիստին մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ԿԶՆԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արտաշես Թորոսյանը և այլ պատասխանատուներ: Ողջունելով խորհրդի անդամներին` նախարարի պաշտոնակատարը նշել է, որ 2021 թվականի հունվարից գործող կենտրոնին` ԿԶՆԱԿ-ին, առանցքային դերակատարում է վերապահված. «Նախարարությունը կարևորում է նորաստեղծ հիմնարկի համակարգային նշանակությունը հանրակրթության ոլորտում և պատրաստակամ է հնարավորինս աջակցել կառույցի կայացմանն ու առաքելության իրականացմանը»:   Անցնելով խորհրդի նիստի օրակարգին` Վահրամ Դումանյանն առաջարկել է  առաջին հարցի քննարկումն ու ընդունումը հետաձգել, քանի որ Կառավարության որոշումը, ըստ որի պետք է փոփոխություն կատարվի ԿԶՆԱԿ-ի 2021 թվականի ծախսերի նախահաշվում, դեռ չի ընդունվել: Առաջարկը հավանության է արժանացել: Այնուհետև խորհուրդը քննարկել և հավանություն է տվել օրակարգի մյուս 5 հարցերին: Մասնավորապես հաստատվել է «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի հաստիքացուցակի  փոփոխության առաջարկը: Ըստ ԿԶՆԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արտաշես Թորոսյանի ներկայացրած զեկույցի` հաստիքացուցակի փոփոխությունը բյուջեի ծախսերի ավելացում չի ենթադրում, հաստիքների թիվը մնում է նույնը, փոխվում է կառուցվածքը` աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:  Հավանություն է տրվել նաև «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի և «Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոն» հիմնարկի աշխատողների աշխատանքի ընդունման կարգին: Օրակարգի մնացած հարցերը ներկայացրել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի ղեկավար Սաթենիկ Մկրտչյանը: Խորհուրդը հաստատել է «ԿԶՆԱԿ» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի 2021 թվականի առաջին եռամսյակի  հաշվետվությունը, ինչպես նաև նույն հիմնարկի ղեկավար հանձնաժողովի կազմը և համապատասխան  գործառնական ձեռնարկը: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԿԳՄՍ նախարարի՝ հանրակրթության ոլորտը համակարգող տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Հավանություն է տրվել «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի բյուջեի չօգտագործված միջոցների վերաբաշխման որոշմանը, որով միջոցներ կհատկացվեն Գեղարքունիքի մարզի 23 դպրոցներում խոհանոցային ենթակառուցվածքների ստեղծման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար:
19:03 - 02 հունիսի, 2021
Վահրամ Դումանյանն ակնկալում է ԿԽՄԿ-ի աջակցությունը հայ ռազմագերիների վերադարձի հարցում

Վահրամ Դումանյանն ակնկալում է ԿԽՄԿ-ի աջակցությունը հայ ռազմագերիների վերադարձի հարցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը՝ կազմակերպության ղեկավար Թիերի Ռիբոյի գլխավորությամբ: Վերջինիս ուղեկցում էր Հայաստանյան Կարմիր խաչի ընկերության ղեկավար Աննա Եղիազարյանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Ողջունելով պատվիրակությանը՝ Վահրամ Դումանյանը կարևորել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելությունը և վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանում իրականացրած աշխատանքները: Նախարարի պաշտոնակատարը վերահաստատել է իրականացվող համատեղ ծրագրերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը և նոր ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը: Վահրամ Դումանյանն անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին՝ նրանց հայրենիք վերադարձնելու գործում ակնկալելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությունը: «Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների խնդիրը որևէ կերպ չի տեղավորվում ժամանակակից աշխարհի և, առհասարակ, մարդու իրավունքների միջազգային նորմերի շրջանակում:  Ի վերջո, կան կանոններ, որոնք 21-րդ դարում պետք է գործեն ողջ երկրագնդի վրա: Ցավոք, այսօր կյանքը հակառակն է ապացուցում, և այս հարցում մենք ապավինում ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործուն միջամտությանը, որն այս պայքարի առաջամարտիկն է»,- ասել է ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարը: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն իր հերթին ընդգծել է, որ հանդիպումը պատեհ առիթ է՝ ներկայացնելու կառույցի գործունեությունը Հայաստանում և քննարկելու ԿԳՄՍՆ-ի հետ հնարավոր համագործակցությունը: Անդրադառնալով ռազմագերիների խնդրին՝ նա նշել է, որ կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են ազատազրկման մեջ պահվող անձանց, ինչպես նաև աջակցում են նրանց ընտանիքներին՝ տեղեկատվության փոխանակման առումով: Թիերի Ռիբոն վստահեցրել է, որ կոմիտեի աշխատակիցները մշտադիտարկում են ռազմագերիների ազատազրկման պայմանները: Նրա խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ՀՀ Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում իրականացնում է մի շարք ծրագրեր՝ մեղմելու պատերազմական գործողությունների անմիջական ազդեցությունը սահմանամերձ համայնքների բնակիչների վրա: Այդ համատեքստում նա շեշտել է, որ ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի հետ ձեռնարկել է «Օգնի՛ր օգնողներին» պիլոտային ծրագիրը, որի շրջանակում վերապատրաստվում են մարզային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների 12 հոգեբաններ: Վերապատրաստում անցած հոգեբաններն իրենց հերթին կվերապատրաստեն սահմանամերձ դպրոցների (Սյունիքի և Տավուշի մարզեր) ուսուցիչներին, որպեսզի նրանք կարողանան առաջին հերթին հոգեբանական պատշաճ աջակցություն տրամադրել երեխաներին՝ հաղթահարելու պատերազմի հետևանքով առաջացած սթրեսը: Ծրագրի մեկնարկին զուգահեռ՝ ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակը փոխըմբռնման հուշագիր ստորագրելու ցանկություն է հայտնել: Թիերի Ռիբոն հույս է հայտնել, որ ծրագիրը կլինի երկարաժամկետ և շարունակական, որպեսզի վերապատրաստում անցած ուսուցիչներն իրենց ստացած հմտություններն ու կարողությունները փոխանցեն համայնքի այլ անձանց: Նա նաև նշել է իրենց բնակության վայրից տեղահանված երեխաներին հոգեբանական աջակցության տրամադրման կարևորության մասին: Թիերի Ռիբոն քննարկման է ներկայացրել միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացի՝ համալսարանական ծրագրերում ներառելու հնարավորությունը: Հայկական Կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը շեշտել է, որ պետությունը ճանաչել է կառույցի աջակցող դերը, և այդ համատեքստում ԿԳՄՍ նախարարության հետ առկա է համագործակցության լավ փորձ: Նա նշել է, որ սահմանամերձ համայնքների դպրոցականների և ուսուցիչների համար նախարարության հետ իրականացված առաջին օգնության ուսուցման 20 դասընթացը նրանց դարձրել է առավել դիմակայուն՝ հաղթահարելու մի շարք մարտահրավերներ: Աննա Եղիազարյանի խոսքով՝ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, գործընկերների հետ կրթության հասանելիության ապահովման համար շուրջ 400 պլանշետ է տրամադրել դրա կարիքն ունեցող դպրոցականներին. առաջիկայում նախատեսվում է հատկացնել ևս 560 այդպիսի սարքավորում: Վահրամ Դումանյանը, արձագանքելով գործընկերների ներկայացրած առաջարկներին, նշել է, որ նախարարությունը պատրաստակամ է իր բոլոր հնարավորություններով հանդերձ օժանդակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական առաքելության իրականացմանը: Նա թե՛ հոգեբանական աջակցության, թե՛ բուհական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի դասընթացի հնարավոր ներառման հարցերը քննարկելու և կյանքի կոչելու պատրաստակամություն է հայտնել: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև դպրոցների անվտանգության ապահովման խնդրին:
18:52 - 01 հունիսի, 2021
Հանրային քննարկման ենք ներկայացրել օրինակելի ուսումնական պլանի նախագիծը՝ երկու ուսումնական տարվա համար. Ժաննա Անդրեասյան

Հանրային քննարկման ենք ներկայացրել օրինակելի ուսումնական պլանի նախագիծը՝ երկու ուսումնական տարվա համար. Ժաննա Անդրեասյան

Հանրային քննարկման ենք ներկայացրել օրինակելի ուսումնական պլանի նախագիծը երկու՝ 2021-2022 և 2022-2023 ուսումնական տարիների համար։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2023 թվականի սեպտեմբերից հանրակրթության նոր չափորոշիչը փորձարկումից հետո կներդրվի բոլոր դպրոցներում, ինչը ենթադրում է, որ դրանից հետո օրինակելի ուսումնական պլաններ չեն հաստատվի, ուսումնական պլանը կդառնա յուրաքանչյուր դպրոցի կողմից հաստատման ենթակա փաստաթուղթ՝ ընձեռելով ինքնավարություն դպրոցին, նախարարությունը կհաստատի միայն ընդհանուր մեթոդական ցուցումներն ու ուղեցույցը։ Ընդ որում, բոլորովին պարտադիր չէ, որ դպրոցն ուսումնական պլան հաստատի ամեն տարի, քանի որ շատ կարգավորումներ և մոտեցումներ շարունակական են։ Այս տրամաբանությամբ էլ ներկայացված է նախագիծ միաժամանակ 2 ուստարիների համար՝ հաշվի առնելով, որ 2022-2023 ուստարվա համար փոփոխության ենթակա են միայն ժամկետների հետ կապված կարգավորումները: Կարևոր փոփոխություն է նաև ձևաչափի փոփոխությունը. նախկինում տրված էին ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրերի համար առանձին պլաններ, մինչդեռ դրանք իրարից տարբերվում էին մի քանի մասնավոր դեպքերում, որոնք առաջարկվող նախագծում ներառված է նույն հավելվածի մեջ՝ նշելով տարբերակվող կետերը։ Ընդհանուր պարզաբանումներում առաջարկվող նախագծում տրված են ուսումնական պլանի այն պարզաբանումները, որոնք կախված չեն ուսումնական տարվանից և հաջորդ տարիների ընթացքում օգտագործվելու են նույնությամբ։ Ուսումնական պլանի առաջարկվող նախագծում կատարվել են նաև հետևյալ փոփոխությունները՝ նոր չափորոշչի ներդրումը աստիճանական և դյուրին դարձնելու տրամաբանության մեջ. Փոփոխություն է առաջարկվում թեմատիկ գրավոր աշխատանքներ կազմակերպելու ձևի մեջ, որով նախատեսվում է թեմատիկ աշխատանքը գրավոր եղանակով իրականացնելու անհնարինության դեպքում (օրինակ համավարակի պայմաններում) կազմակերպվել բանավոր՝ աշխատանքի ամբողջ ընթացքը որակյալ տեսաձայնագրելու պայմանով։ Այս եղանակով աշխատանքը կազմակերպելու տեխնիկական հնարավորություն ունեն բոլոր դպրոցները։ Գնահատման վերաբերյալ փոփոխությունը վերաբերում է գնահատման հաճախականությունը որոշելուն, որով դպրոցներին տրվում է ինքնուրույնություն՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի տրամաբանությամբ։ Փոփոխությամբ բանավոր հարցումների, գործնական աշխատանքների, թեմատիկ աշխատանքերի նվազագույն թիվը կիսամյակի ընթացքում սահմանում է ուսումնական հաստատությունը՝ մանկավարժական խորհրդի որոշմամբ, առաջնորդվելով Նախարարության կողմից հաստատված առարկայի ծրագրով, գնահատման մեթոդաբանությամբ և մեթոդական ցուցումներով։ Ստեղծվում են նախադրյալներ՝ առանձին գործող ավագ դպրոցների և միջնակարգ դպրոցների սովորողների համար սովորելու հավասար հնարավորությունների համար. հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող միջնակարգ դպրոցի 10-12-րդ դասարաններում, ֆինանսական միջոցների առկայութան դեպքում, հնարավորություն է տրվում առաջնորդվել առանձին գործող ավագ դպրոցների տրամաբանությամբ՝ ապահովելով մասնագիտական կողմնորոշման հնարավորություններ։ Արդյունքում՝ դպրոցում նախամասնագիտական ուսուցումն ավելի արդյունավետ է դարձնում միջնակարգ դպրոցում սովորողների ուսումնառությունը՝ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու և սովորելու համար։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գյուղական դպրոցների մեծ մասը միջնակարգ դպրոցներ են, այս կարգավորումը կմեծացնի այդ բնակավայրերի սովորողների՝ բուհեր ընդունվելու և այնտեղ սովորելու հնարավորությունը։ «Տեխնոլոգիա» առարկայի (5-7-րդ դասարաններ) պարապմունքներին դասարանն այլևս կարող է բաժանվել ոչ թե տղաների և աղջիկների խմբերի, այլ սովորողների ընտրությամբ՝ անկախ սովորողների թվից։ Սա հնարավորություն է տալիս սովորողներին ընտրել այն ուսումնական նյութը, կարողությունները, որը ցանկանում են զարգացնել։ Հնարավորություն է տրվում արվեստի և սպորտի դասաժամերը դասացուցակում բաշխել շաբաթվա նույն օրն այնպես, որ այդ առարկաների ուսումնական պլանով սահմանված շաբաթական կամ ամսական ժամերն իրականացվեն այդ օրվա ընթացքում։ Այս փոփոխությունը հնարավորություն է տալիս բեռնաթափել ուսումնական շաբաթվա օրերից մեկը մի կողմից և վերը նշված առարկաների ուսուցման համար զույգ ժամերի շնորհիվ ավելացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը։ 12-րդ դասարանում սովորողն իր տնօրինմանը հատկացված շաբաթական 3 ժամը կարող է օգտագործել կրթական այլ ծառայություններ ստանալու նպատակով` տվյալ դպրոցում կամ այլ հաստատություններում, ինչը նշանակում է, որ դպրոցները կարող են արդյունավետ համագործակցություն զարգացնել արտադպրոցական տարբեր հաստատությունների, մասնագիտացված կառույցների հետ՝ հիմքեր ստեղծելով կրեդիտային համակարգի ներդրման համար։ Նշեմ, որ առաջիկա օրերին հանրային քննարկման կդրվի նաև նոր չափորոշիչը փորձարկող դասարանների համար ուսումնական պլանի նախագիծը»,- գրել է Անդրեասյանը։
09:40 - 01 հունիսի, 2021
Զորացրվող զինծառայողների՝ բուհերի ընդունելության հայտերի ժամկետը հունիսի 26-ից հուլիսի 1-ն է

Զորացրվող զինծառայողների՝ բուհերի ընդունելության հայտերի ժամկետը հունիսի 26-ից հուլիսի 1-ն է

Բանակից զորացրված և մինչև 2021 թ. հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները բուհերի ընդունելության մրցույթին մասնակցելու համար dimord.am կայքում կարող են դիմում-հայտ լրացնել հունիսի 26-ից հուլիսի 1-ը՝ մինչև ժամը 17:00-ը ներառյալ:  Արտոնություններ Մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած և զորացրված դիմորդները զորացրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, և մինչև 2021 թ. հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները՝ ընդհանուր մրցույթից դուրս (առանձին մրցույթով) անվճար ուսուցմամբ ընդունվում են՝ ըստ մասնագիտությունների` ՀՀ կառավարության կողմից հաստատված տեղերի. անվճար ուսուցման մրցույթից դուրս մնալու դեպքում դիմորդը բուհի նույն մասնագիտության վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս. բանակից զորացրվածների համար տվյալ մասնագիտությունից անվճար տեղեր հատկացված չլինելու դեպքում զորացրված դիմորդն անվճար ուսուցման մրցույթին մասնակցում է ընդհանուր հիմունքներով, իսկ վճարովի ուսուցման համակարգ ընդունվում է մրցույթից դուրս: Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողներն օգտվում են 2012 թ. ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման հավելվածի 91-րդ կետով սահմանված՝ բանակից զորացրվածների արտոնությունից: Ըստ այդմ` մինչև հուլիսի 31-ը զորացրվողները ընդունելության մրցույթին կարող են մասնակցել մինչև զորակոչվելը ստացած միասնական քննությունների վկայագրով, ինչպես նաև իրավունք ունի դիմել ընդունելության քննություններին մասնակցելու համար: Տեղեկանք զորամասից Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք են ներկայացնում այն մասին, որ իրենց զորացրումը տեղի է ունենալու մինչև տվյալ տարվա հուլիսի 31-ը: Զինծառայողը կամ զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագրում նշված լիազորված անձն առցանց եղանակով հայտագրվում է dimord.am կայքում՝ նշելով արտոնության տեսակը, իսկ տեղեկանքը ուղարկում է բուհի ընդունող հանձնաժողովին:  Մինչև հուլիսի 31-ը զորացրվող և քննություն հանձնող զինծառայողը կամ լիազորված անձը լիազորագրում նշում է բուհը, ընդունելության քննությունները և ընտրած մասնագիտությունը: Զորակոչվելուց առաջ քննություն հանձնած և համապատասխան վկայագիր ունեցող զինծառայողը լիազորագրում նշում է մրցույթին մասնակցելու համար վկայագրում առկա քննական առարկաները, գնահատականները և մասնագիտությունը: Լիազորված անձի բնակության վայրին մոտ գտնվող և այդ նպատակով առանձնացված դպրոցներում կապահովվի անհրաժեշտ օժանդակություն` ընդունելության դիմում-հայտերի լրացման հարցում, ինչպես նաև կտրամադրվի ԳԹԿ անձնական համար (անձնական համար տրամադրող դպրոցների ցանկը՝ հետևյալ հղմամբ: Անհրաժեշտ փաստաթղթեր Մինչև հուլիսի 31-ը զորացրվող զինծառայողները dimord.am կայքում գրանցվելու համար ներկայացնում են՝  զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանք այն մասին, որ զինծառայողի զորացրումը տեղի է ունենալու մինչև հուլիսի 31-ը (կից ներկայացվում է զորամասի հրամանատարի կողմից տրվող տեղեկանքի նմուշը), տեղեկանքը ստորագրում և կնիքում է զորամասի հրամանատարը. զորացրվող զինծառայողի կողմից տրված լիազորագիր, որը լիազորված անձը ներկայացնում է իր բնակության վայրին մոտ գտնվող դպրոց՝ անձնական համար ստանալու և այդ անձնական համարով dimord.am կայքում գրանցվելու համար (կից ներկայացվում է լիազորագրի նմուշը). dimord.am կայքում ներբեռնում են` 3*4 չափսի էլեկտրոնային լուսանկար, վճարման կտրոնի փոխարեն` զորամասի հրամանատարի կողմից տրված տեղեկանքը: Ովքեր կարող են դիմել հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը Նշենք, որ համաձայն ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի թիվ 597-Ն որոշման 14 կետի` հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, բացի զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդներից, դիմում-հայտ են ներկայացնում նաև ՀՀ երկքաղաքացիները և օտարերկրացիները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած ՀՀ քաղաքացիները, առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած ՀՀ քաղաքացիները:
16:24 - 26 մայիսի, 2021
«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում կներառվեն Լոռու և Գեղարքունիքի դպրոցները. ԿԳՄՍՆ

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում կներառվեն Լոռու և Գեղարքունիքի դպրոցները. ԿԳՄՍՆ

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի օգնությամբ, Ճյուղային սննդի ինստիտուտի տեխնիկական աջակցությամբ և Ռուսաստանի Դաշնության կառավարության ֆինանսական օժանդակությամբ 2014 թվականից Հայաստանում իրականացվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը: Դրա շրջանակում ՀՀ վեց մարզի (Արարատ, Վայոց ձոր, Սյունիք, Տավուշ, Շիրակ և Արագածոտն) շուրջ 50.000 աշակերտներ ամեն օր ստանում են տաք սնունդ: Այս տարի նախատեսվում է ծրագրի ազգայնացման և պետությանը դրա աստիճանաբար փոխանցման գործընթացում ներգրավել նաև Լոռու և Գեղարքունիքի մարզերի դպրոցները: Այդ նպատակով Վանաձորի քաղաքապետարանում տեղի է ունեցել գործընկերների համակարգող հանդիպում, որին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ մարզպետարանների, «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի «Դպրոցական սնունդ և երեխաների բարեկեցություն» հիմնարկի, միջազգային ու տեղական դոնոր կազմակերպությունների, ինչպես նաև գործարար շրջանակների ներկայացուցիչներ: ՀՀ Կառավարության առաջնահերթությունները և հետագա պլանները ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Նա տեղեկացրել է, որ համավարակով պայմանավորված՝ նախորդ տարի հետաձգվել է ծրագրի ներդրումը Գեղարքունիքի մարզի դպրոցներում: Ըստ փոխնախարարի՝ այդ ժամանակահատվածը, սակայն, հնարավորություն է տվել առավել ամբողջական վերլուծել տվյալ մարզում ծրագրի համար անհրաժեշտ պայմանների ու ենթակառուցվածքների առկայությունը և սեպտեմբերից մարզի դպրոցների երեխաներին ապահովել տաք սննդով: «ԿԳՄՍ նախարարությունը պատրաստակամ է միավորել ջանքերը՝ երկու մարզում ապահովելու ծրագրի՝ հնարավորինս ամբողջական և որակյալ անցումը: Ծրագրի նպատակը միայն երեխաներին տաք սննդով ապահովելը չէ, այն ունի նաև շատ կարևոր այլ բաղադրիչ. թույլ է տալիս դպրոցի շուրջ միավորել համայնքի ջանքերը՝ առողջ սնունդը և ապրելակերպը դպրոցական բաղադրիչում ներառելու և դրա միջոցով հանրային վարքականոն ձևավորելու տեսանկյունից: Մենք խիստ կարևորում ենք այս խնդիրը, քանի որ հանրակրթության բովանդակային փոփոխությունների մեջ կարմիր գծով անցնում է առողջ ապրելակերպի գաղափարը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ հիմնվելով դեռևս 2008 թվականից ներդրված «Առողջ ապրելակերպ» դասընթացի վրա՝ նախարարությունը նպատակ ունի չափորոշչային փոփոխություններից հետո դպրոցներում ունենալ «Առողջ ապրելակերպ» պարտադիր խմբակ: Այս հարցում, ըստ փոխնախարարի, հնարավոր է համագործակցությունը «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հետ: Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ փորձ է արվելու բաղադրիչը դիտարկել իբրև ուսումնական գործընթաց, երբ դասերի ժամանակ խոսելով առողջ սննդի առանձնահատկություններից՝ երեխաները դրանում գործնականում համոզվելու հնարավորություն ստանան: ՊՀԾ Հայաստանի ռազմավարությանն ու առաջիկա առաջնահերթություններին իր ողջույնի խոսքում անդրադարձել է Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի տնօրենի տեղակալ Նանա Սկաուն: Միջոցառման մասնակիցներին ողջունել են նաև ՀՀ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչ Համբարձում Սաֆարյանը: Հանդիպմանը ներկայացվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի արդյունքները, ինչպես նաև առկա դժվարություններն ու դրանց հաղթահարման ուղիները: Նշվել է, որ ազգային ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի, տեղական իշխանությունների, դպրոցների տնօրենների և ծնողների համատեղ ջանքերի շնորհիվ: Համագործակցության արդյունքում վերանորոգվել են դպրոցական ճաշարանները և վերազինվել ժամանակակից սարքավորումներով, վերապատրաստվել են խոհարարները՝ անվտանգ, առողջարար և համեղ սնունդ պատրաստելու նպատակով: Չնայած արձանագրված հաջողություններին՝ դպրոցների մեծ մասի համար դեռևս անհրաժեշտ է իրականացնել խոհանոցների և ճաշարանների հիմնանորոգում, համապատասխան գույքի ձեռքբերում, իսկ որոշ դպրոցներում՝ ինժեներական կոմունիկացիաների ստեղծում: Խնդիրը հնարավոր չէ լուծել միայն մարզի և դպրոցների միջոցներով, հետևաբար հնարավոր նվիրատուների համաժողովը նախաձեռնվել է` դպրոցների ենթակառուցվածքների վերականգնման հարցում ստանալու նրանց աջակցությունը: Նշենք, որ ընդհանուր առմամբ վերջին տասը տարիների ընթացքում ծրագրի շնորհիվ օրական շուրջ 100.000 երեխաներ ապահովվել են սննդով (այդ թվում՝ ՄԱԿ ՊՀԾ կողմից), ներդրումներ են իրականացվել համայնքների տնտեսական միջավայրի և առողջ ապրելակերպի գաղափարների զարգացման գործընթացներում։ Տաք սնունդ պատրաստելու նպատակով ՀՀ Կառավարությունը 1-4-րդ դասարանների յուրաքանչյուր երեխայի հաշվով դպրոցներին հատկացնում է օրական 140 դրամ։
13:27 - 26 մայիսի, 2021
Պետական ավարտական քննություններին պետք է ներկայանալ դիմակով, ժամը 9-ին. ինչ պետք է իմանան քննություն հանձնողները

Պետական ավարտական քննություններին պետք է ներկայանալ դիմակով, ժամը 9-ին. ինչ պետք է իմանան քննություն հանձնողները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2020-2021 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման աշխատակարգը և ժամանակացույցը: Ըստ հրամանի՝ ավարտական և պետական ավարտական քննությունները սկսվում են ժամը 1000-ին: Սովորողները ուսումնական հաստատություն են ներկայանում ժամը 900-ին: Կենտրոնացված ավարտական քննությունը սկսվում է ժամը 1100-ին: Սովորողները քննական կենտրոններ են ներկայանում ժամը 1000-ին: Ավարտական (9-րդ դասարանի) և պետական ավարտական (12-րդ դասարանի) քննությունները կազմակերպվում են իրենց դպրոցներում (քննական կենտրոններում): Սովորողները բաժանվում են խմբերի: Յուրաքանչյուր խմբում կարող է լինել ոչ ավելի, քան 20 սովորող՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները և սոցիալական հեռավորությունը: Յուրաքանչյուր խմբի աշխատանքները համակարգում է 2 կազմակերպիչ: Սովորողը քննություններին ներկայանում է դիմակով, անձը հաստատող փաստաթղթով (ծննդյան վկայական, անձնագիր, նույնականացման քարտ), կենտրոնացված ավարտական քննության մասնակիցները` անձնագրով կամ հաստատության տնօրենի կողմից տրված լուսանկարով տեղեկանքով և ԳԹԿ-ի կողմից տրված անցաթղթով, Մեդալի հավակնորդները` անձնագրով կամ հաստատության տնօրենի կողմից տրված լուսանկարով տեղեկանքով : Քննությունից բացակայած կամ ուշացած Մեդալի հավակնորդ սովորողը զրկվում է Մեդալ ստանալու իրավունքից:  Սովորողներին չի թույլատրվում քննասենյակ բերել բջջային հեռախոսներ կամ կապի այլ միջոցներ, տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց-ձեռնարկներ: Քննության ընթացքում քննասենյակից սովորողը կարող է դուրս գալ միայն քննասենյակի պատասխանատուի թույլտվությամբ և միջանցքի հերթապահի ուղեկցությամբ: Առաջադրանքի բովանդակության վերաբերյալ սովորողի հարցերը չեն քննարկվում, իսկ քննության ընթացքում ի հայտ եկած տպագրական կամ այլ թերություններ ունեցող առաջադրանքները փոխարինվում են նորով: Սովորողի կողմից ընթացակարգի պահանջները խախտելու կամ դրանց չենթարկվելու դեպքում քննասենյակի պատասխանատուին իրավունք է վերապահվում մեկ անգամ նախազգուշացված սովորողին, քննական կենտրոնի ղեկավարի հետ համաձայնեցնելով, հեռացնել քննասենյակից: Հեռացվող սովորողից վերցվում են քննական նյութերը, պատասխանների ձևաթղթի էջի վրա գրվում է` «Հեռացված է քննությունից»: Քննասենյակի և խմբի արձանագրությունների մեջ գրանցվում է այդ փաստը, հեռացվող սովորողի համարը, հեռացման պատճառը: Եթե սովորողն ավարտել է աշխատանքը սահմանված ժամանակից շուտ, ապա նա կարող է այն հանձնել և, ստորագրելով իր անվան դիմաց, դուրս գալ քննասենյակից: Սահմանված ժամկետում գրավոր աշխատանքը չավարտած սովորողներն այն հանձնում են անավարտ վիճակում: Կենտրոնացված ավարտական քննական գնահատականները հրապարակվում են քննության հաջորդ օրը, մինչև ժամը 14:00-ն: Ավարտական և պետական ավարտական քննական աշխատանքների արդյունքները հրապարակվում են տվյալ քննության հաջորդ օրը` ժամը 1400-ին: Քննական կենտրոնի ղեկավարը ցուցակների կրկնօրինակը փակցնում է քննական կենտրոնի մուտքի մոտ:  9-րդ դասարանում «Մաթեմատիկա» և «Բնագիտություն» առարկաների քննությունների  ստուգող հանձնաժողովների  անդամների  50%-ը՝ տվյալ առարկաների  մասնագետներ են:  12-րդ դասարանում ստուգող հանձնաժողովի անդամները չեն կարող լինել տվյալ առարկայի մասնագետներ: Քննական արդյունքները գնահատելիս, քննական հանձնաժողովի անդամների միջև տարաձայնություն առաջանալու դեպքում հարցը լուծվում է հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ: Քվեարկության արդյունքներում ստացված հավասար ձայների դեպքում վճռորոշ է ` 1) 4-րդ դասարանում՝ դասավանդող ուսուցչի առաջարկած գնահատականը. 2) 9-րդ և 12-րդ դասարաններում՝ քննական կամ առարկայական հանձնաժողովի նախագահի առաջարկած գնա­հա­տականը. 3) նշանակված գնահատականի հետ համաձայն չլինելու դեպքում հանձնաժողովի անդամ(ներ)ը արձանագրության մեջ կարող է (են) կատարել հատուկ նշում: Քննության անցկացման կարգի խախտման մասին սովորողը կարող է բողոք ներկայացնել քննական  կենտրոնի ղեկավարին՝ քննության ավարտից անմիջապես հետո: Կենտրոնի ղեկավարը տեղում քննարկում և  պատասխանում է բողոքը ներկայացնողին:   Քննության արդյունքների հետ անհամաձայնության մասին բողոքները ներկայացվում են քննող հանձնաժողովի նախագահին` բանավոր քննության դեպքում` քննության պահին կամ մինչև քննասենյակից դուրս գալը, գրավոր քննության դեպքում` քննության արդյունքները հրապարակելուց հետո` 24 ժամվա ընթացքում` Հաստատության տնօրենին: Ավարտական և պետական ավարտական գրավոր քննության բողոքի արդյունքները, ոչ ուշ քան դիմումը ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում, գրավոր ներկայացվում է դիմողին: Կենտրոնացված ավարտական քննության գնահատականների վերաբերյալ բողոքը Հաստատության տնօրենը բողոքն ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում էլեկտրոնային եղանակով փոխանցում է կենտրոնացված քննության քննական կենտրոնի ղեկավարին: Կենտրոնացված ավարտական քննության գնահատականի վերաբերյալ բողոքարկումը իրականացնում է մարզպետարանի, Երևանի քաղաքապետարանի կողմից ստեղծված առարկայական հանձնաժողովը: Դիմում-բողոքների քննարկումից հետո կարող է որոշում ընդունվել քննության գնահատականի պահպանման կամ բարձրացման, ինչպես նաև իջեցման մասին, որը հրապարակվում է: Կենտրոնացված ավարտական քննության բողոքարկման արդյունքները առարկայական հանձնաժողովը հրապարակում է դիմում-բողոքները քննելու հաջորդ օրը: Բողոքարկման արդյունքների հետ անհամաձայնության դեպքում դիմումի հեղինակը կարող է բողոքարկել վերադասության կարգով՝ Նախարարություն և (կամ) դատարան: Հիշեցնենք, որ 4-րդ դասարաններում գիտելիքների ստուգում կանցկացվի հունիսի 22-ից հուլիսի 3-ը՝  հետևյալ առարկաներից.«Մայրենի» (գրավոր, թեստ) - 22.06.2021 թ.«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 25.06.2021 թ.Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքումՄայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում 9-րդ դասարաններում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝«Հայոց պատմություն» (բանավոր) - 21.06.2021 թ.«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 24.06.2021 թ.«Գրականություն» (բանավոր) - 28.06.2021 թ.«Հայոց լեզու» (կենտրոնացված, գրավոր, թեստ) - 30.06.2021 թ.Բնագիտություն («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի ընտրությամբ՝ գրավոր, թեստ) - 03.07.2021 թ.Օտար լեզու («Ռուսերեն», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», այլ լեզուներ՝ սովորողի ընտրությամբ, բանավոր) - 05.07.2021 թ.«Ֆիզկուլտուրա»` նորմատիվների հանձնում - հունիսի 21-ից մինչև քննաշրջանի ավարտն ընկած ժամանակահատվածում«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար -քննաշրջանի ընթացքում«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում 12-րդ դասարաններում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հետևյալ առարկաներից՝«Հայոց լեզու» (գրավոր) - 09.06.2021 թ.«Հայոց պատմություն» (գրավոր) - 16.06.2021 թ.«Մաթեմատիկա» (գրավոր) - 23.06.2021 թ.«Ռուսաց լեզու» (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում«Մայրենի լեզու և գրականություն» (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում:
19:54 - 25 մայիսի, 2021
Երիտասարդական քաղաքականության ռազմավարության նախագիծը քննարկվել է Զարգացման գործընկերների հետ

Երիտասարդական քաղաքականության ռազմավարության նախագիծը քննարկվել է Զարգացման գործընկերների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն ընդունել է Զարգացման գործընկերներին՝ Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ քննարկելու Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագիծը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: Քննարկմանը մասնակցել և նախագիծը ներկայացրել են նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Երիտասարդական քաղաքականության լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը: Հանդիպումը կազմակերպվել է ԿԳՄՍ նախարարության  և ԵՄ հայաստանյան պատվիրակության կողմից: Նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկայացուցիչներին և շնորհակալություն հայտնել այդ կարևոր փաստաթղթի՝ Երիտասարդական պետական քաղաքականության 2021-2025 թթ. ռազմավարության նախագծի քննարկմանը ներկա գտնվելու համար՝ տեղեկացնելով, որ այն e-draft հարթակում ներկայացված է հանրային քննարկման, և մինչև հունիսի 3-ը յուրաքանչյուր ոք հնարավորություն ունի նախագծի վերաբերյալ հանդես գալ առաջարկություններով, որոնք անհրաժեշտ են նախագիծն ու նախանշված մոտեցումներն ավելի լավը, ավելի իրատեսական ու իրագործելի դարձնելու համար։ «Պատերազմի արհավիրքն իրենց ուսերին ամենաշատը կրեցին և նաև հետևանքները շարունակելու են կրել երիտասարդները։ Եվ մեր պարտավորությունն է երիտասարդների համար ստեղծել ոտքի կանգնելու և զարգանալու, տեղական ու ազգային մակարդակներում զարգացման նոր բարձունքներ նվաճելու, որպես երջանիկ անհատ և որպես հասարակության պատասխանատու անդամ կայանալու հնարավորություններ»,- ասել է նախարարի պաշտոնակատարը: Հայաստանում ԵՄ պատվիրակության գործառնական բաժնի ղեկավար Գոնսալո Սեռանոն ԵՄ դեսպանի անունից ողջունել է ներկաներին և մաղթել արդյունավետ քննարկում: Նշելով, որ նոր քննարկումը համատեղ աշխատանքի շարունակությունն է, նա փաստել է՝ պատրաստ են Հայաստանում շարունակել աջակցությունը րիտասարդական քաղաքականության ռազմավարության դաշտում։ «Այս ոլորտում արդեն իրականացնում ենք մի շարք ծրագրեր և պատրաստ ենք կիսվել մեր լավագույն փորձով։ Մենք ևս կարևորում ենք լայնատարած քննարկումները»- ասել է Գ. Սեռանոն՝ առաջարկելով քննարկել նաև տարբեր ռազմավարությունների՝ կրթական, տարածքային զարգացման, առողջապահական և այլն, միջև կապի ամրապնդումը։ Ռազմավարությունը մշակվել է աննախադեպ մասնակցայնությամբ։ Փաստաթղթի նախագծման աշխատանքային խումբը ձևավորվել է նախարարի հրամանով, աշխատանքները կազմակերպվել են ինչպես առցանց հարթակում, այնպես էլ Երևանում, Աղվերանում և Ծաղկաձորում կազմակերպված նիստերի միջոցով։ Նախագիծը մի շարք քաղաքներում, մեծ ու փոքր համայնքներում քննարկվել է երիտասարդական տարբեր խմբերի հետ։ «Մեր նպատակն էր առավելագույնս լսել տարբեր թիրախային խմբերի երիտասարդների, ծանոթանալ նրանց խնդիրներին և, ըստ այդմ, մշակել նախագիծը՝ համապատասխան լուծման ճանապարհներով»,- աշխատանքների ընթացքն է ներկայացրել նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալն ընդգծել է ոլորտային տարբերակման կարևորությունը՝ «գայթակղությանը չտրվելու» և ամեն ինչ ռազմավարության մեջ չներառելու առումով, օրինակ՝ առողջապահության կամ տնտեսական զարգացման խնդիրները, որոնք համապատասխան նախարարությունների տիրույթում են։ Ըստ ռազմավարության՝ առանձնացվել են 3 խումբ միջոցառումներ՝ երիտասարդական ներուժի բացահայտում, աջակցում, ինքնաիրացման հնարավորությունների ստեղծում թե՛ Երևանում, թե՛ մարզերում, միջոլորտային զարգացման ծրագրեր, Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններ: «Խնդրում ենք ակտիվ լինել և հանդես գալ ձեր դիտողություններով ու առաջարկներով։ Կարևոր է հասկանալ՝ որ ոլորտում եք ձեզ տեսնում, ինչը կարող ենք զարգացնել՝ համադրելով ռեսուրսները»,- ասել է Ա. Մարտիրոսյանը: Ներկայացնելով ռազմավարության նպատակներն ու թիրախները՝ նախարարի տեղակալը կարևորել է նախարարին կից երիտասարդական խորհրդի ստեղծումը երիտասարդական կառույցների՝ նախարարության հետ հորիզոնական հարաբերությունների մեջ լինելը, Հայաստանում իրենց ապագան տեսնող և պատասխանատու իրավագիտակից քաղաքացի ունենալը: Հանդիպման ընթացքում կողմերը հղել են իրենց հուզող հարցերը, առաջարկներն ու դիտողությունները և քննարկմամբ փնտրել լուծման ուղիներ, շեշտվել է միջազգային խորհրդատվության կարևորությունը:  Ա. Մարտիրոսյանի հավաստմամբ՝ փաստաթուղթը մշակվել է ոլորտային խնդիրների և տեղական կարողությունների սահմանում՝ միաժամանակ ընդգծելով միջազգային փորձագետների խորհրդատվության անհրաժեշտությունն ու կարևորությունը հատկապես ապագայում «Երիտասարդության մասին» օրենքի  նախագիծը մշակելիս: «Ռազմավարությունը հրաշալի մեկնարկ է երիտասարդության կյանքը պետական աջակցության և ուշադրության կենտրոնում պահելու և նրանց գործուն մասնակցությունը խրախուսելու համար»,- ասել է փոխնախարարը։ Մեկ այլ գործընկեր կառույցի ներկայացուցիչ առաջարկել է վերջին իրադարձություններից հետո ևս մեկ ուսումնասիրություն կատարել երիտասարդական ոլորտի խնդրահարույց կետերի վերաբերյալ և գործողությունների պլանով փորձել ծածկել նաև այդ բացերը։ Զարգացման գործընկերները որպես առանցքային խնդիրներ քննարկել են նաև վերջին իրադարձություններից հետո ժողովրդագրական ճգնաժամը, աշխատատեղերի և աշխատավարձի խնդիրների լուծմամբ ծնելիության խրախուսումը, գյուղական բնակավայրերում երիտասարդների մրցունակության բարձրացումը, սահմանամերձ համայնքներում անվտանգության հարցերը, կամավորության զարգացումը և այլն: Նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել բաց երկխոսության համար և առաջարկել մինչև հունիսի 3-ը ռազմավարության փաստաթղթի առնչությամբ դիտարկումներն ու առաջարկություններն ուղարկել գրավոր տարբերակով:
15:46 - 25 մայիսի, 2021